Հյուրեմ սուլթանը հայ աղջկա դե՞ր է խաղալու
Թուրքական «Աքշամ» պարբերականը լուր է տարածել այն մասին, թե «Հրաշալի դար» սերիալի դերակատար, հանրահայտ դերասանուհի Մերյեմ Ուզերլին մեկ այլ նշանավոր թուրք դերասան Քըվանչ Թաթլըթուղի հետ շուտով նկարահանվելու է նոր սերիալում: Հետաքրքրական է, որ «Ay yapım» սերիալարտադրող ընկերության նոր նախագիծը պատմելու է հայ աղջկա և ադրբեջանցի տղայի սիրո մասին: Նախատեսվում է սերիալի նկարահանումները սկսել փետրվար ամսին: Եթե ամեն ինչ պլանավորվածի պես անցնի, ապա այս ուշագրավ սերիալը հեռուստադիտողի դատին կհանձնվի արդեն 2014 վականի սեպտեմբերին:
Նշենք, որ յուրատեսակ սցենարով սերիալի մասին լուրեր են հայտնվել նաև ադրբեջանական մամուլում՝ դառնալով քննարկման առարկա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ Լեհաստանի Նախագահ պարոն Բրոնիսլավ Կոմորովսկու հրավերով գտնվել բարեկամ Լեհաստանում և խորապես զգացված եմ լեհական ջերմ հյուրընկալությունից։
Այսօր մենք Նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։
Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի Նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին։
Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են:
Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի:
Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:
Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, և պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:
Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար:
***
Պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի Նախագահի հետ ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել նաև լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիևիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին ևս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:
Հանրապետության Նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսևիչի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման և խաչքարի օծման արարողությանը ևս:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:
Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք:
ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված
Ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ հիմնականում չկան:
Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
–Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:
– Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն շտեմարանները ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:
Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա քննությունների հետ, որոշ առարկաների մասով մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն» և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի յուրաքանչյուր առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:
Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:
-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:
-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:
–Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:
– Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:
-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:
-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:
–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:
-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ, այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված բովանդակության չափով և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում ընդամենը վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում վերլուծելու, հասկանալու համար:
Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:
-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք սա նշանակում է, որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:
-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն, միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:
Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:
-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:
-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:
-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով նորամուծություններ կա՞ն:
-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել: Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել, թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:
–Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:
-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ:
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 26-29-ը հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.50C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.50C (1930 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.40C
Հարուցվել է քրեական գործ` համալսարանի ավագ հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:
Մտավոր սեփականություն.Կգործի՞ նոր օրենքը
Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների ոտնահարումը մեզանում վաղուց արդեն նորություն չէ: Այս ճանապարհով եկամուտ կորզելն ու ֆինանսական հոսքերը մեծացնելը գաղթակղիչ է, քանի որ դաշտի նկատմամբ վերահսկողության բացակայությունը նոր պիրատական հարձակումների պարարտ հող է ստեղծում: Այսինքն՝ խոսքը վերաբերում է հեղինակների ստեղծագործությունների կեղծարարությանը, պիրատական արտադրանքի և կեղծ ձայնասկավառակների թողարկմանը, որոնց վաճառքը համապատասխան առևտրային կետերում վերահսկողությունից դուրս է: Գրեթե բոլորս երբևէ օգտված կլինենք այդ պիրատական արտադրանքից՝ հրապուրվելով մատչելի գնով:
Ցավոք, այսօր իրավատերերը չեն ձեռնարկում համապատասխան միջոցներ սեփական իրավունքներն օրենքով և սահմանված կարգով վերականգնելու և պաշտպանելու համար: Մեզանում արդեն վաղուց զանգվածաբար խախտվում են հեղինակային իրավունքները, որոնք նաև արտահայտվում են համացանցում: Օգտատերերից շատերին հաջողվում է առանց պատասխանատվության ենթարկվելու այս կամ այն անձի հեղինակած գրառումը արտատպել` նրա թույլտվությունը չհայցելով կամ նրան չտեղեկացնելով: Այս անպատժելիության մթնոլորտն ու համապատասխան վերահսկողության պակասը մեծացնում է օրինազանցության հակումն ու դրանց հաճախակիացումը: Այս երևույթի մասին հեղինակները բազմիցս են բարձրաձայնել՝ հայտնելով իրենց մտահոգությունն առ այն, որ իրենց ստեղծագործությունների դիմաց ըստ արժանվույն չեն վարձատրվում, քանի որ կեղծարարությամբ զբաղվող ընկերությունները կարողանում են օր առաջ՝ մինչ բնօրինակի շուկայում վաճառքը, վերարտադրել և մատչելի գներով իրացնել դրանք վաճառակետերում: Ի դեպ, այս օրինախախտումը վաղուց արդեն անպատժելի է, քանի որ հեղինակներից շատերը զլանում են իրենց իրավունքներn իրավական կարգով լուծելու համար հստակ գործողությունների դիմել:
Հիմնական անբարեխիղճ ընկերությունը, որը երկար տարիներ եղել է պիրատական արտադրանքի առաջատար, «Ռեքո Ռեքորդս» ընկերությունն է: Եվ նմանատիպ շատ այլ ընկերություններ այսօր շարունակում են այս դաշտում աշխատել, որոնցից մեկն էլ «Ադամս» ՍՊԸ-ն է:
Օրենքով բոլոր գործընթացները պետք է կարգավորվեն հետևյալ կերպ: Ըստ սահմանված մեխանիզմի` այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը ցանկություն ունի արտադրել կամ վերարտադրել ձայներիզներ, պետք է դիմի Մտավոր սեփականության գործակալություն` ներկայացնելով պայմանագիր իր իրավունքի հավաստման վերաբերյալ: Այնուհետև ստանա հավաստագիր կամ տեղեկանք՝ ներկայացնելով պետեկամուտների կոմիտե՝ դրոշմապիտակ գնելու նպատակով: Մինչ ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածը մոտ 25 կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գործակալություն է ներկայացվել 580 դիմում, որոնցից 23-ի ներկայացրած բոլոր 36 դիմումները բավարարվել են: «Ռեքո Ռեքորդս» ՍՊԸ-ի 404 դիմումներից բավարարվել են 22-ը, իսկ «Ադամս» ՍՊԸ-ի 140 դիմումներից՝ 3-ը:
Հիմնականում մերժվել են այն դիմումները, որոնք արժանահավատ տեղեկանք չեն տրամադրել արտադրությամբ կամ վերարտադրությամբ զբաղվելու իրենց իրավասությունների վերաբերյալ: Օրինակ՝ «Ադամս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ մի շարք պայմանագրերի գործողության ժամկետներն արդեն ավարտված են եղել, իսկ մի շարք պայմանագրերում էլ իրավաբանական անձինք հանդես են եկել որպես հեղինակ, կատարող, ինչը հակասում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մյուս ընկերության կողմից ներկայացված դիմումները մերժվել են, քանի որ վերաբերել են հնչյունագրերի, տեսահոլովակների վերարտադրությանը, սակայն ներկայացվել են կատարողների կամ հեղինակների հետ կնքված պայմանագրեր:
Իրականում ի՞նչ է կատարվում դաշտում:
Մոտ երկու ամիս առաջ կառավարությունը որոշում է ընդունել աստիճանաբար առանց դրոշմապիտակների կրիչները դուրս բերել շուկայից: Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը նշեց, դրոշմապիտակներ ստանալու համար պետք է պատշաճ պայմանագիր կնքել: «Նրանք իրավունք ունեն վերարտադրել, ներմուծել, արտադրել այն կրիչը, որը պահանջում է պարտադիր իրավատիրոջ հետ պայմանագիր: Դժբախտաբար, մենք ստանում ենք պայմանագրեր, որտեղ իրավատիրոջ փոխարեն կարող է հանդես գալ կատարողը: Վերջինս բացառիկ իրավունք ունի միայն իր կատարման նկատմամբ: Տեքստի կամ երաժշտության նկատմամբ կատարողը իրավունք կարող է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ այն պայմանագրով հեղինակների կողմից փոխանցված է կատարողին, որն էլ պետք է հանդես գա որպես իրավատեր տվյալ ստեղծագործության նկատմամբ»,- մանրամասնեց Ա. Խաչիկյանը:
Ի՞նչ է ենթադրում նոր օրենքը: Հայաստանում պիրատության դեմ պայքարն այսուհետ կիրականացվի նոր մոտեցմամբ: Գործողության մեջ է դրվել համապատասխան օրենքի վերափոխված տարբերակը, որը ենթադրաբար նոր սահմանափակումներ կմտցնի պիրատական արտադրանքի և կեղծ ձայնասկավառակների իրացման շուկայում: Հիշեցնենք, որ «Հսկիչ նշանների միջոցով օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010-ին, որը, սակայն, թերի է և չի կիրառվել: Ուստի 2012-ի ապրիլին ԱԺ-ի կողմից ընդունվեց օրենքի նոր տարբերակը: Փոփոխություններն ու լրացումները վերաբերում են մասնավորապես օրենքը ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում առանց դրոշմապիտակների արտադրանքը սպառելուն: Վերջերս կառավարությունը դարձյալ անդրադարձավ այս խնդրին` տեղեկացնելով, որ անօրինական արտադրանքի սպառման համար վեցամսյա ժամանակահատված է տալիս ընկերություններին:
ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը տեղեկացրել է, որ արդեն օրենքը կիրառման մեջ է դրվել և բեկումնային է լինելու պիրատական արտադրանքի դեմ պայքարում:
«Այսուհետ կարգելվի տեսաձայներիզների և նմանատիպ այլ կրիչների իրացումը վաճառակետերում` առանց համապատասխան դրոշմապիտակների առկայության: Այսինքն` այս տարվա ապրիլի 18-ից Հայաստանի շուկայում այլևս չպետք է լինեն չդրոշմավորված համապատասխան կրիչներ»,- վստահեցնում է գործակալության պետը: Այս ժամանակահատվածում օրենքը հնարավորություն է տվել պիրատական գործունեություն ծավալող ընկերություններին անցում կատարելու դեպի օրինական դաշտ: «Խոսքը չի վերաբերում անօրինական արտադրանքի սպառմանը, այլ ժամանակը տրվել է նրանց միայն օրինական արտադրանքի սպառման համար, որոնց մոտ պարզապես բացակայել է դրոշմապիտակների առկայությունը»:
Ինչպես ընդգծեց գործակալության պետը, հնչյունագրի կամ տեսալսողական ստեղծագործության նկատմամբ իրավունքները պատկանում են ստեղծագործության սկզբնական արտադրողին՝ պրոդյուսերին, և պետք է ներկայացված լինի նրանց հետ կնքված պայմանագրի պատճենը: Իսկ այն պարագայում, երբ կատարողը պրոդյուսեր չունի, ապա նա ինքը կարող է հանդես գալ որպես իր պրոդյուսեր: Այդ ամենն ամրագրված է օրենքով:
Այսինքն` ըստ կառավարության մոտեցման` մի քանի ամսից շուկայում իսպառ կվերանա անօրինական ձայնասկավառակների և ձայներիզների վաճառքը: Սակայն հարց է, թե այս շահավետ բիզնեսի կազմակերպիչները որքանով կհարմարվեն օրենքի այս սահմանափակումներին և լրջորեն կընդունեն նոր որոշումը:
Լ.Ն
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-29-ին կբարձրանա՝ 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 25-ին հնարավոր է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.00C (1942 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.50C (1898 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.20C
Երկրաշարժ ՀՀ տարածքում
Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Առաջարկվում է «Արարատ 73» թիմին նվիրված հուշարձանախումբ կերտել
Այսօր Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում տեղի ունեցավ նիստ, որի օրակարգում «Արարատ 73» ֆուտբոլային թիմի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և Հրազդան կենտրոնական մարզադաշտի շրջակա տարաքծում տեղադրելու հարցն էր: Նախաձեռնությունը ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանինն է: Նրա խոսքով` նման նախաձեռնություններ իրականացել են ԱՊՀ բազմաթիվ երկրներում:
Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի անդամ, Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Արարատ 73» -ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանը, Սուրեն մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Հարություն Քեհյանն ու Հովհաննես Աբրահամյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ենթահանձնաժողովի անդամներ, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ:
Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատ 73»-ի փառահեղ հաթանակի հեղինակներին անմահացնելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլև նոր սերնդի մարզիկներին ոգևորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը:
Քննարկման ընթացքում առաջարկվեց կիսանդրիների գաղափարը փոխարինել ֆուտբոլային հուշարձանախմբի գաղափարով` մարզիկներին ու մարզիչներին կերտելով ֆուտբոլային դաշտում` խաղի պահին:
Գաղափարն ընդունվեց բոլորի կողմից` հատկանշական համարվելով, որ «Արարատ 73»-ի հաղթանակն առաջին հերթին թիմային հաղթանակ է:
Ներկաները հիշեցին թիմի հաղթանակը` նշելով, որ այն վերածվել էր համազգային տոնի և կարևորեցին ֆուտբոլային ոգևորության արթնացումը հանրության շրջանում:
Կառլեն Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց ֆուտբոլի վետերանների ներկայիս սոցիալական վիճակի վերաբերյալ` կարևորելով նրանց նկատմամբ պետական աջակցությունը: Նա առաջարկեց, որպեսզի Հանրային խորհուրդն այդ հարցը նույնպես բարձրացնի:
Սուրեն Բաղդասարյանն իր հերթին կարևորեց ֆուտբոլիստների վաստակն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը և հայտնեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հուշարձանախմբի ստեղծման գաղափարն իրականություն դառնա: Նա հայտնեց, որ այժմ գիրք է գրում «Արարատ 73»-ի մասին: Նրա կողմից բարձրացվեց նաև «Արարատ 73»-ի թանգարան հիմնելու հարցը:
Վազգեն Սաֆարյանն, ամփոփելով նիստը, հույս հայտնեց, որ հուշարձանախմբի ստեղծման գաղափարը դրական արձագանք կստանա հանրության շրջանում, ինչը կնպաստի դրա իրականացմանը: Նա հայտնեց, որ բարձրացված հարցի վերաբերյալ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից նամակ կհղվի ՀՀ վարչապետին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Նախաձեռնության հետագա գործունեությունը համակարգելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
Վազգեն Սաֆարյանը նաև առաջարկեց Հանրային խորհրդում կազմակերպել քննարկում ֆուտբոլի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ` հրավիրելով ոլորտի պատասխանատուներին և շահագրգիռ անձանց:
Միլանի դատարանը Ռուբիի գործով Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման
Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման այսպես կոչված Ռուբիի գործով: Բացի դրանից աղմկոտ քաղաքական գործչին արգելվել է զբաղվել ցանկացած հասարակական գործով, հաղորդում է “Ռոսիա 24”-ը:
Իտալիայի նախկին վարչապետին ավելի վաղ մեղադրել էին երկու կետով: Նախ, հետաքննության համաձայն, նա օգտվել է անչափահասների` “սիրո քրմուհիների” ծառայությունից, այդ թվում աշխարհահռչակ մարոկական պարուհի Ռուբիի: Երկրորդ, իր հնարավորություններն օգտագործել է ծածկելու անօրինական փաստը:
Բաց նամակ ԼՂՀ նախագահ` տիար Բակո Սահակի Սահակյանին
“archive2.ankakh.com”-ը այսօր նամակ է ստացել ԼՂՀ մի քաղաքացուց և այն առանց կրճատումների ներկայացնում ենք մեր ընթերցողներին.
Մեծարգո պարոն նախագահ, Արցախում տիրող բավականին մտահոգիչ ու հուսահատեցնող մի շարք խնդիրների բացթողի վիճակը, որոնք օրեցօր ավելի խոր արմատներ են ձգում, պարտավորեցնում են Ձեզ հայտնի դարձնել տիրող խնդիրների կործանարար հետևանքների մասին:
«Ազատ կյանք հայրենի հողում». այս գաղափարով ոտքի ելավ հայությունը հայրենիքը թշնամուց ազատագրելու և հայրենի հողում ազատորեն տուն կառուցելով բնակվելու համար: Սակայն, հաղթանակից արդեն 21 տարի է անցել, բայց Շուշեցու համար անլուծելի խնդիր է մնացել իր իսկ ազատագրած հողում տուն կառուցելը:
Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ այն մասին, որ մինչ խնդրով անհանգստացած մարդիկ հողատարածք են որոնում, Շուշիում բազմաթիվ ամայի հողատարածքներ կան, որոնք պատկանում են որոշ պաշտոնյա այրերի և անհատ օլիգարխների: Որոնց անուն ազգանուներն ու նրանց սեփականություն հանդիսացող հողատարածքի մակերեսի չափերը օրենքով սահմանված կարգով սույն թվականի մայիսի 20-ի N1/104 դիմումով խնդրել եմ հրապարակել, սակայն Շուշիի քաղաքապետարանի կողմից գրավոր կերպով ստացել եմ մերժողական ու խիստ անհիմն պատասխան, որը հակասում է ՏԱ մասին ԼՂՀ օրենքին: Եթե հրապարակվի հողատարածքների մասին պետական վիճակագրական տվյալները, հայը կսթափվի ու կհասկանա, թե ում համար է պատերազմել և ազատագրել Արցախի հողը : Մի՞թե ժողովրդավարական երկրում հենց այսպես էլ պետք է լիներ, և կամ միթե Եվրոպական կառույցները անտարբեր կմնան նման բռնատիրական երևույթների նկատմամբ: Չեմ կարծում թե Արցախը ունի Եվրոպական ուշադրության նման դրսևորման կարիք:
Ստեղծված` ծայրահեղ աստիճանի հիասթափեցնող ու ժողովրդի մոտ պետության և տիրող կարգերի հանդեպ խիստ բացասական կարծիք ձևավորող իրավիճակը լիովին թույլ է տալիս մտածել, որ Արցախցին չգրված օրենքով իրավունք չունի հող ունենալ իր ազատագրած հողում: «Շուշիի ազատագրման առաջին օրերից ի վեր, շուրջ երկու տասնամյակ է ինչ ապրում եմ Շուշիում: Համբերութեամբ եմ տարել հետպատերազմյան բոլոր փորձությունները, հուսալով, որ ինձ էլ մի օր հնարավորություն կընձեռնվի հայրենի հողում տուն կառուցել և ընտանիք կազմել:Սակայն բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ դա մեծամասամբ պաշտոնյաների և օլիգարխների մենաշնորհն է: Որի պարզ արտահայտումներից մեկն է Շուշիի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողատարածքների հատկացումների դադարեցման և որպես դրա շարունակություն` Շուշիում մնացյալ ազատ ու դժվարամատչելի հողակտորների և ավերակ շինությունների աճուրդային վաճառքի մասին կայացրած որոշումները` առաջնորդվելով «ունես փող կունենաս հող» սկզբունքով : Անշուշտ սա նշանակում է, որ հող ունենալ, տուն կառուցել և ապրել Արցախում իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ունեն մեծ գումարներ հողերի աճուրդային վաճառքում շահելու համար:
“Ասացեք խնդրեմ, ինչի՞ն անվանեմ Հայրենիք. պաշտոնյաների և օլիգարխների հողատարածքների՞ն, երբ Արցախի իշխանությունների կամայականությունների պատճառով սեփական աշխատանքով տուն կառուցելու ու ընտանիք կազմելու համար հայրենի լայնարձակ հողերից մաս անգամ չունեմ: Ինձ մնում է Սփյուռքի ուշադրությունը հրավիրել և աջակցություն խնդրել այս և նմանատիպ խնդիրներին լուծում տալու համար, ինչու չէ նաև դիմել եվրոպական կառույցներին: Այլապես մտադիր չեմ արդարության իզուր սպասումով ենթարկվել իշխանությունների «”թքած ունեմ՛՛ գործելակերպին և ինքս էլ ստիպված կլինեմ միանալ արտագաղթողների բազմամարդ խմբերին”. ասում է Շուշիի բնակիչ Սիփան Պետրոսյանը, ով, չունենալով ոչ մի սեփականություն, սույն թվականի մայիսի 14-ի N-1/95 դիմումով Շուշի քաղաքում ավերակ շինության ու նրան կից հողակտորի`իրեն հատկացնելու խնդրանքով դիմելով Շուշիի քաղաքապետարան, ստացել էր մերժողական պատասխան` պատճառաբանված այն հանգամանքով, որ 2012 թվականին քաղաքացու երկու եղբայրներին հողակտորներ են տրամադրվել կադաստրային գնով:Սակայն հատկացված հողատարածքները փաստացի սեփականաշնորհման իրավունքով պատկանում են նրա եղբայրներին և դիմումատուն ոչ մի իրավասություն չունի նշված հողատարածքներւմ բնակարանաշինություն իրականացնելու համար: Փաստորեն, Շուշիի քաղաքապետարանի կողմից ի պատասխան Սիփան Պետրոսյանի վերոնշյալ դիմումին տրված մերժողական պատասխանը խիստ անհիմն է և ոչ օրինաչափ:
Այսօրինակ իրադրությունների ընթացքի դեպքում` որպես բնականոն հետևանք Եվրոպական կառույցներում Արցախից դուրս եկած գործերի մի ստվար հատված կվերաբերի նմանատիպ գործերին, որտեղ ակնհայտ կնշվի ԼՂՀ հիմնական օրենքով նախատեսված` մարդու իրավունքների բոլոր խախտումները: Ավելին, Եվրոպական կառույցներում նմանօրինակ գործերն ուղղակի ավարտվելու են ի նպաստ դիմումատուների: Արդյունքում, պետական բարձրագույն իշխանությունները կանգ են առնելու սույն խնդրի գլոբալ լուծման պարտավորության առաջ:
Որոշ կառավարիչներ, չունենալով պետական լիազոր մարմինների կողմից տարվող հսկողությունը, իրենց թույլ են տվել չարաշահելով պաշտոնական դիրքը Շուշիի հողատարածքների հատկացումների, ինչպես նաև աճուրդային առք ու վաճառքների համար կնքել մի շարք անհիմն պայմանագրեր տարբեր անձանց հետ: Որպեսզի վերջնականապես հողատարածքների հատկացումների այս խնդիրները արտագաղթի պատճառ չլինեն, իսկ ԼՂՀ հասարակ քաղաքացին, պաշտոնյան և գործարարը համահավասար իրենց զգան պաշտպանված, անհրաժեշտ ենք համարում խնդրել Ձեզ, որպեսզի այս ու նման խնդիրները ժամանակին արդունավետ լուծում ստանան:
Ամենապատիվ նախագահ, այս ու նման ազգակործան խնդիրներին լուծում տալու համար Ձեր արդար որոշումն ենք ակնկալում` հանուն մեր Նահատակների ու հերոս ազատամարտիկների և հաղթանակած ազգի իրավունքների պաշտպանության, ով իրավունք ունի հաղթանակած երկրում ապրել հաղթանակած մարդու պես:
Կանխահայտ շնորհակալությամբ`
ԼՂՀ քաղաքացի` Ռուզաննա Ծատրյան
24.06.2013թ.
Անվանի ռուս մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը` Հանրային խորհրդում
Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի փոքր դահլիճում Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր հանդիպում ռուս անվանի մանկաբույժ, Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ-մանկաբույժներ:
Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր գնահատեց նրա մասնագիտական գործունեությունը` նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման և բարելավման գործում: Նա կարևորեց նաև Ռոշալի գործունեությունը հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում` 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ:
Անվանի բժշկի հանդիպումը Հանրային խորհրդի հետ ողջունեց Հայրապետ Գալստյանը` հույս հայտնելով, որ այն կխթանի Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի և Ռուսաստանի առողջապահության ազգային պալատի միջև համագործակցային հարաբերությունների ծավալմանը:
Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով Լեոնիդ Ռոշալի գործունեությունը, նշեց, որ հայ մանկաբույժները մշտապես հետևում են դրան: Բաբլոյանը ներկայացրեց Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները` նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն իր հարգանքը հայտնեց հայ ժողովրդի հանդեպ` նշելով, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարևանների հետ` այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ և զարգանալ:
Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին` Ռոշելն ընդգծեց, որ ցանկացած պետություն պետք է հատուկ ուշադրություն դարձնի մանկաբուժությանը` ամուր հիմքերի վրա դնելով այդ ոլորտի մասնագետների պատրաստման գործընթացը: Ի դեպ, նա սխալ համարեց Երևանի պետական բժշկական համալսարանում մանկաբուժության ֆակուլտետի փակումը:
Ռոշելը խոսեց նաև Ռուսաստանում առողջապահության ոլորտի խնդիրների, պետական քաղաքականության և ոլորտի զարգացման ծրագրերից ու հեռանկարներից: Նա պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:
Ամփոփելով հանդիպումը` Հանրային խորհրդի նախագահը հայկական խաչքարի պատկերով նկար հանձնեց անվանի բժշկին, որն էլ սիրով ընդունեց հուշանվերը և նշեց, որ շատ բարձր է գնահատում հայկական մշակույթը:
«Գեզի» այգու շարժումը մշակութային նոր գիծ է բերել (լուսանկարներ)
Ստամբուլում սկսված «Գեզի» այգու համար պայքարը հենց առաջին օրերից ստեղծեց իր մշակութային առանձնահատկությունները: Երիտասարդները սկսեցին երգեր գրել պայքարի, դիմադրության ոգին բարձրացնելու համար, իսկ մյուս կողմից էլ քաղաքի պատերին հարյուրավոր ծաղրանկարներ հայտնվեցին, որոնք արտահայտում էին ցուցարարների պահանջներն ու գաղափարները:
«Գեզիի» բերած մշակույթային շարքից են նաև նկարազարդողների աշխատանքները: Ահա «Ռադիկալը» ևս հրապարակել է «Գեզիի» դեպքերը յուրովի ներկայացնող մի քանի նկարներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել:
Տրանսսեքսուալ առաջին դասարանցին վերականգնեց կանանց զուգարանից օգտվելու իր իրավունքը
Երկար վեճերից ու դատավարություններից հետո ամերիկյան Կոլորադո նահանգի դատարանը 6-ամյա առաջին դասարանացի Կոյ Մետիսին թույլ տվեց օգտվել կանանց զուգարանից: Հարցն այն է, որ Կոյ Մետիսը տղա է ծնվել, բայց փոքրուց իքն իրեն աղջիկ է զգացել: Ծնողները երեխայի ցանկությունը կատարել են` կատարելով սեռափոխություն, հաղորդում է CNN:
Կոլորադոյի մարդու իրավունքների դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Կոյի, որի ծնողները արդեն մի քանի ամիս փորձում են բողոքարկել Ֆաունթեյն-ֆորտ Կարսոն շրջանի դպրոցի ղեկավարության որոշումը, որով արգելվում է իրենց տրանսսեքսուալ աղջկան օգտվել կանացի զուգարանից: Իշխանությունների որոշման համաձայն , նմանօրինակ արգելքը “ստեղծում է մի միջավայր, որը օբյեկտիվորեն թշնամական է և ծնում է վախ ու ագրեսիվություն”:
Աղջկա մայրը `Կետրին Մետիսը, հայտարարել է, որ գոհ է աղջկա` դպրոց վերադառնալու համար: Մինչ վիճաբանությունները կավարտվեին, աղջիկը սովորում էր տան պայմաններում:
“Դպրոցները չպետք է իրենց աշակերտների նկատմամբ անարդար լինեն: Մենք միայն ցանկանում էինք, որ ուսումնական հաստատության աշխատողները Կոյին վերաբերեին ինչպես մյուս երեխաներին: Մենք երջանիկ ենք, որ հիմա այդպես է”,-հայտարարել է աղջկա մայրը: Տրանսսեքսուալների դիսկրիմինացիան Կոլորադոյում պաշտոնապես արգելված է:
Չնայած սեռափոխությունը արևմտյան հասարակության համար վաղուց տաբու չէ (տրանսեքուալ է Շերի երեխան`Չեզը և Against Me! խմբի վոկալիստ Թոմ Գեյբլը), երեխաների մեջ դա հազվադեպ է հանդիպում: Միջազգային ուսումնասիրությունների համաձայն ” ոչ իր մարմնի մեջ” ծնվում է ամեն 30 հազարերորդ երեխան:
Քիմիայի ուսուցիչը հրկիզել է իրեն դասի ժամանակ, տեսանյութ
Դանիայի դպրոցներից մեկում դասի ժամանակ տհաճ դեպք է տեղի ունեցել: Քիմիայի ուսուցիչը փորձ կատարելու ժամանակ կորցրել է վերահսկողությունը: Անոթում վառվող կրակը անցել է տղամարդու հագուստին: Դպրոցականները սարսափից գոռգոռում էին , բայց ոչնչով չէին կարողանում օգնել ուսուցչին:
Ուսուցիչը ներկայացնում էր աշակերտներին, թե ինչ կկատարվի, եթե խառնեն երկու վառվող նյութ: Ուսուցիչը անոթի մեջ կրակ է վառել`հիացնելով աշակերտներին: Նրանք էլ հեռախոսով սկսել են նկարահանել ուսուցչին` ոգևորելով նրան հիացական բացականչություններով: Հանկարծ տղամարդը որոշում է արագ ձեռքով հանգցնել կրակը` չգնահատելով կրակի իրական բարձրությունը:
Մի քանի վայրկյանից ուսուցչի հագուստը բռնկվում է և աշակերտների ծիծաղը փոխարինվում է գոռոցներով: Նրանք ոչինչ չէին կարողանում անել: Բարեբախտաբար ուսուցիչը բավականաչափ հմուտ էր և կարողացավ հանգցնել կրակը: Նա անմիջապես հանեց վառվող շապիկը և թատերական ձևով բարձրացրեց ձեռքերը:Դեպքից ոչ ոք չի տուժել
Միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրումը մեկնարկել է
Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը: Դիմորդները, որոնք միասնական քննությունների առաջին փուլին չեն հայտագրվել` բանակից զորացրվածները, քոլեջների և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, կարող են հունիսի 24-հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում հայտագրվել ԳԹԿ-ում, իսկ հունիսի 25-հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գործերը բուհ ներկայացնել:
Միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում:
Իսկ ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 25-հուլիսի 8-ը:
Ընդունելության արդյունքները կամփոփվեն և ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:
«Ֆիզիկայի» միջինը 11,64 է, դիմորդների 22 տոկոսն էլ անբավարար է ստացել
Հրապարակվել են «ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները. Այսօր մինչ ժամը 18:00-ն դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:
«Ֆիզիկայի» քննությանը մասնակցել է հայտագրված 2482 դիմորդներից 2377-ը:
Միջին գնահատականը 11,64 է:
Այս տարի «ֆիզիկայից» անբավարար է ստացել դիմորդների 22 տոկոսը` 516 դիմորդ:
Նվազագույն դրական միավորներ` 7,5-13 են ստացել 921 դիմորդներ` 39 տոկոսը, 13-18 է ստացել դիմորդների 27 տոկոսը` 652 դիմորդ:
18-20 միավոր ստացել է դիմորդների 12 տոկոսը` 288 դիմորդ: Իսկ առավելագույն միավոր` «քսան» ստացել են 35 դիմորդներ`1,47 տոկոսը:
2012-ին «ֆիզիկայի» միջինը 12,1 էր` 0,46-ով բարձր այս տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև «ֆիզիկայից» կտրվողների թիվը` նախորդ տարի 19,2 տոկոսն էր անբավարար ստացել` 2,8 տոկոսով պակաս:
Նախորդ տարի 17-ով ավելի էին նաև «20»-ները` 52 դիմորդ 2012-ին առավելագույն գնահատական էր ստացել:
Հսկայական սարդը էկրանին հիստերիայի հասցրեց եղանակի տեսության հաղորդավարին
Կանադական Global BC ալիքով եղանակի տեսության մեկնաբանումը սարդի պատճառով խափանվեց: Այն սարսափելի վախեցրեց հաղորդավարին, գրում է Metro-ն: Սարդը մտել էր փողոցային տեսախցիկի մեջ և երևում էր էկրանին, որի առջև Քրիստի Գորդոնը պատմում էր հնարավոր տեղումների մասին: Տեսնելով սարդի պատկերը` նա ճչում է և փախչում կադրից: Կինը փորձում է հավաքել իրեն, բայց նկատելով սարդին երկրորդ անգամ, գործընկերների քրքիջի ուղեկցությամբ թողնում է իր աշխատանքի տեղը:
Երբ նորությունների եթերի ղեկավարը հարցրել է Քրիստիին, թե հասկանում էր նա արդյոք, որ իրականում սարդը սենյակում չէր, նա պատասխանել է. «Հիանալի հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դա սարսափելի էր»:
Բանն այն է, որ Քրիստին տառապում է միջատներից վախի հիվանդությամբ`արախնո-ինսեկֆոբիայով: Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ Գորդոնը եթերում հուզվում է միջատների պատճառով: Վերջերս նա ընդհատել է հաղորդումը, երբ ճանճը մտել է նրա աչքի մեջ:
Թյուրքալեզու երկրները միավորվում են հայկական սփյուռքի դեմ
Ադրբեջանական սփյուռքի հարցերով զբաղվող պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը, Ղազախստանը և Ղըրղըզստանը միավորվելու և կանգնելու են Թուրքիայի կողքին պայքարելու համար հայկական սփյուռքի դեմ: «Մեկ ազգը չի կարող երկու խնդիր ունենալ, մեր խնդիրները նույնն են: Հայկական պնդումների հետ կապված խնդիրները, որոնց առջև կանգնել է Թուրքիան, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղյան հարցում ևս թուրքական սփյուռքը աջակցում է Ադրբեջանին և համաշխարհային հանրությանը այս հարցում առողջ տեղեկատվություն է տալիս»,-նշել է Իբարհիմովը:
«Internet haber» կայքը գրում է, որ Թյուքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ հանդիսացող Ղազաղստանն ու Ղըրղըզստանը ևս աջակցում են թուրքական թեզերին և այսուհետ ավելի սերտ են համագործակցելու: Իբրահիմովը նշել է, որ այս չորս երկրները արտասահմանում միասին են գործելու: «Սա կրկնապատկելու է մեր ուժը և մենք գործելու ենք թյուրքական աշխարհի դեմ ուղղված ցանկացած անօրենության դեմ»,-ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան:







