Ադրբեջանական զինուժը երեկ գիշերը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախին ասաց, որ վնասը, բարեբախտաբար, նյութական է: «Տանիքներ են կոտրվել, մեկի տուն ա մտել գնդակը, պատուհանով մտել, ընկել է սառնարանի մեջ: Հունիսի 21-ից հակառակորդը ԴՇԿ-ն դրել, գյուղի կենտրոնական ճանապարհը պահում է կրակահերթերի տակ: Հենց մեքենա է շարժվում, խփում ա»: Սամվել Սաղոյանը նաև նշեց, որ կրակոցները դադարել են գիշերը 2-ին:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում
Երևան քաղաքի Իսակովի պողոտա և Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթևեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։
Նշված փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։
Լեռնագնացները Մոնբլանում գտել են 32 տարի առաջ անհետացած լեռնագնացի մարմինը
Ֆրանսիական Ալպերի Մոնբլան գագաթի սառցադաշտերի սառույցում գտնվել է 32 տարի առաջ անհետ կորած երիտասարդ լեռնագնացի մարմինը:
Լեռնային տուրիզմի զբոսավար Պատրիս Հայվերտի մարմինը լեռնագնացները հայտնաբերել են Մոնբլան լեռնաշղթայի մաս կազմող Ագիլ Վերտե լեռան արևմտյան հատվածում:
23-ամյա զբոսավարին վերջին անգամ տեսել են 1982թ-ի մարտի 1-ին:
Այդ օրը կեսօրին վատ եղանակ էր սկսվել: Երկու օր անց նույն լեռան վրայից էվակուացրել են մեկ այլ լեռնագնացի, սակայն Հայվերտին այդպես էլ չեն գտնել:
Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ սառույցներում պահպանված մարմինը կորած զբոսավարն է, քանի որ նրա գրպանում գտել են ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
Զբոսավարի մարմնի հայտնաբերումը շոկային է եղել նրա 82-ամյա հայրիկի համար:
Մոնբլանի վտանգավոր տեղանքը և խստաշունչ կլիման յուրաքանչյուր տարի լեռնագնացների մահվան պատճառ է դառնում:
Անհետ կորածների մարմինները հաճախ հայտնաբերում են հաջորդ տարի սառույցի հալվելուց հետո:
Շտապ. հակառակորդն արդեն մի քանի ժամ է՝ գնդակոծում է Չինարին
Իրավիճակը դարձյալ լարված է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Հակառակորդն արդեն մի քանի ժամ է` առանց դադարի գնդակոծում է Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ մոտ չորս ժամ է՝ ադրբեջանական դիրքապահները ԴՇԿ տեսակի զինատեսակից գնդակոծում են Չինարին: <<Չինարին քանդում են: Գյուղս քանդում են…ԴՇԿ-ն դրած գյուղի ուղղությամբ կրակում են, տների, փողոցների ուղղությամբ: Քիչ առաջ դուրս ենք եկել գյուղապետարանի մոտ, տեսնենք` ինչ ա եղել, վնասների մասին առայժմ չեմ կարող ասել>>,-ասաց Սամվել Սաղոյանը՝ նշելով, որ երկու օր էր` հակառակորդը լուռ էր, սակայն այս պահին գյուղում արտակարգ իրավիճակ է, Չինարին ամբողջությամբ գնդակոծվում է:
Չինարիի գյուղապետը նաև հայտնեց, որ կապ է հաստատել Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Այգեպարի ղեկավարների հետ, այդ համայնքներում հարաբերական խաղաղ է, և իր տեղեկությամբ՝ կրակոցները միայն Չինարիի ուղղությամբ են:
Լրացվում է:
1:16
Հանրային խորհուրդը քննարկել է հանրությանը հուզող մի շարք հարցեր
Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:
ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետևյալ հարցերը.
1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
2. Արտագաղթի իրական չափերը, հետևանքները և դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:
3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
4. Երևանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:
5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի և նոր ատոմակայանի կառուցում) և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի և օգտագործման շահավետության հարցը:
7. Սննդամթերքի թանկացման պատճառները և ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:
8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:
Այլ հարցեր:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:
Արտագաղթի իրական չափերի, հետևանքների և դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաև արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու և ՀՀ նախագահին ներկայացնելու համար:
Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը և Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար:
Էրդողանին ուղեկցող կառավարական թափորն ավտովթարի է ենթարկվել
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ` Թուրքիայի նախագահի թեկնածու, ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի թափորի մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Դենիզլի քաղաքի կենտրոն տանող ճանապարհին:
Հայտնի է, որ ընթացքի ժամանակ քաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկում կառավարական մեքենաներից մեկը բախվել է քաղաքացիների մեքենաներին, որի հետևանքով շղթայական վթար է տեղի ունեցել՝ վեց ավտոմեքենաների մասնակցությամբ:
Նաև հայտնի է, որ մի քանի մարդ վնասվածք է ստացել, որոնցից մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Էրդողանի պահակախումբը վթարից հետո նրան նստեցրել է մեկ այլ մեքենա և շարունակել ճանապարհը:
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հուլիսի 10-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:


Խոշոր զորավարժություններ` Ադրբեջանի մերձճակատային շրջանում
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զորամիավորումները հուլիսի 7-ից մերձճակատային շրջանում լայնածավալ զորավարժություններ են անցկացնում` որպես շարունակություն հունիսի վերջին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ իրականացված օպերատիվ- մարտավարական զորավարժությունների:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը` հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, զորավարժությունների նոր փուլում իրականացվում է զորամիավորումների ռազմական պատրաստականության ստուգում:
Զորավարժությունները ընթանում են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ: Ներառված են անձնական կազմի մինչև 10 հազար մարդ, 80 տանկ, մինչև 300 զրահապատ մարտական տանկեր, ավելի քան 100 հրետանային համակարգեր, 20 մարտական ինքնաթիռներ, մինչև 20 մարտական և ռազմական-տրանսպորտային ուղղաթիռներ:
Ուկրաինայի ամենահարուստ մարդը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը
Այսօր Ուկրաինայի ամենահարուստ օլիգարխը խնդրել է կառավարությանը չռմբակոծել Դոնեցկը, որտեղ հարյուրավոր անջատողական ապստամբներ են վերախմբավորվել:
Ապստամբները, Սլավյանսկից հեռանալով, Դոնեցկ են ժամանել ոչ աշխատանքային օրերին: Բացօթյա թանգարանից նույնիսկ գողացել են սովետական ժամանակաշրջանի տանկ և հրետանային հրանոթ:
Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ահմետովը, հայտնել է, որ Դոնեցկին մոտեցող կառավարական ուժերը զսպվածություն ցուցաբերեն:
Ածխի և երկաթի հանքերի մագնատ Ահմետովի կարողությունը Ֆորբսը գնահատել է ավելի քան 11 միլիարդ դոլար: Մագնատի գրասենյակները տեղակայված են Դոնեցկում, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ է բնակվում:
Նա հայտնել է, որ Դոնեցկը և Դոնբասը չպետք է ռմբակոծվեն, և իրենք պետք է խուսափեն խաղաղ բնակչության մահացություններից:
Ռուսական դրոշներով բազմաթիվ ռազմական մեքենաներ են ժամանել Դոնեցկ:
Դոնեցկի կենտրոնական հրապարակում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ապստամբների առաջնորդը հայտնել է, որ իրենց մարդիկ կպայքարեն քաղաքի համար, որը ավելի հեշտ է պաշտպանել, քան փոքրիկ Սլավյանսկը:
Քաղաքի գրասենյակները փակվել են, իսկ հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը, որտեղ ապստամբները ամրացնում են իրենց դիրքերը:
«Ճրագախոտը»սպառնում է լոլիկի և սմբուկի բերքին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում տարածում է գտել «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը:
Հուլիսի 3-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լևոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի և Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին և տվել մասնագիտական որոշ ցուցումներ:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները խիստ սահմանափակ են և յուրաքանչյուրի կիրառման դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում:
Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաև մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով:
Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով և նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Գեռլա (պատմական Արմենոպոլիս) քաղաքի օրվա տոնակատարությունները Ռումինիայում
Հունիսի 30-ից հուլիսի 6-ը պատմական Արմենոպոլիս քաղաքում` Գեռլայում, անցկացվեցին Քաղաքի օրերը, որը համընկնում է Հայոց Սրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Հայկական ավանդական հոգևոր տոնը քաղաքի օր հայտարարելու նախաձեռնությամբ Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն հանդես էր եկել դեռևս 2012թ. Իջևանի հետ եղբայրացման համաձայնագիր կնքելուց հետո:
Արդեն երկրորդ տարին է քաղաքի օրը վերածվել է միջազգային փառատոնի, որին մասնակցում են Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունգարիայի և Լեհաստանի քույր քաղաքների պատվիրակությունները: Տոնակատարությունների բազմազան ծրագրի հիմնական միջոցառումները տեղի ունեցան հուլիսի 4-ին և 5-ին, և կենտրոնացած էին հայկական իրադարձությունների շուրջ:
Հուլիսի 4-ին, քաղաքային մարզադաշտում տոնակատարությունների բացման արարողությանը մասնակցում էին Կլուժի նահանգային և Գեռլայի քաղաքային իշխանությունները, Ռումինիայի Հայոց միության ղեկավարները, Ռումինիայում Հայաստանի և Շվեյցարիայի դեսպանները, Գեռլայի հետ եղբայրացած եվրոպական քաղաքների պատվիրակները։
Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, հանդես գալով բացման հանդիսավոր արարողությանը, գեռլացիներին փոխանցեց այդ առիթով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը և շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին և տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման և տեղի հայ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցեց Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների խորհրդակցությանը, որտեղ քննարկվեցին ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:
Այնուհետև արտասահմանյան հյուրերը նահանգային և տեղական իշխանությունների, ինչպես նաև Ռումինիայի Հայոց միության ղեկավարության կողքին ներկա եղան հայ կաթողիկե Սուրբ Երրորդության տաճարում Սրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին, որն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվեց ռումինական հեռուստաալիքներով։
«Գեռլան դարձել է եվրոպական ժամադրավայր, և դա բնական է, քանի որ այն արդեն ազգերի, մշակույթների և ավանդույթների խաչմերուկ է դարեր ի վեր,- պատարագից անմիջապես հետո 300-ամյա Հայոց տաճարի ժամացույցի նոր», եզակի մեխանիզմի գործարկմանը նվիրված հանդիսավոր արարողությանը հայտարարեց դեսպան Գասպարյանը: «Այն թանկ է հատկապես մեզ` հայերիս համար, քանի որ կազմում է մեր ժողովրդի պատմության մի մասը: Ռումինիայի հայերը մարդկային այն օղակը, այն հանգույցն են, որոնք մեզ կապում են իրար, կռում այն համերաշխությունը և բարեկամությունը, որով մենք ուզում ենք կառուցել ավելի լավ աշխարհ և ավելի լավ ապագա»:
Արարողությունից հետո ռումինական «TVR3» հեռուստաալիքը շարունակեց ուղիղ եթերը Հայոց Տաճարի բակից` դեսպան Գասպարյանի, ռումինահայ ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ Սիրուն Թերզյանի և Գեռլայի Հայոց թանգարանի տնօրեն Միրչա Թիվադարի մասնակցությամբ, որի ընթացքում բանախոսները մեկ ժամ զրուցեցին ռումինահայ ժառանգության, հայության խնդիրների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շուրջ։
Հայկական գեղարվեստական ծրագիրն ամփոփեց Հարրի Դավիդյանը, որը հուլիսի 5-ի երեկոյան Հայոց տաճարում հանդես եկավ հայ հին հոգևոր և աշխարհիկ երաժշտության գոհարների ջազային վարպետ մեկնաբանություններով:
Հայկական մշակութային ծրագրի շրջանակներում քաղաքի նորաբաց կինոդահլիճում տեղի ունեցավ նաև Գեռլա-Արմենոպոլիսի մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսը (ռեժ. Ֆլորին Գևորգյան), 19-րդ դարի նշանավոր հայազգի հունգարագիր պատմաբան Կրիստոֆ Սոնգոտի հերթական հատորի ռումիներեն թարգմանության շնորհանդեսը, Հայոց Միության սրահներում բացվեցին Տրանսիլվանիայի հայկական ժառանգության մասին պատմող տպագիր նյութերի, լուսանկարների և առարկաների ցուցադրություններ:
Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը Վրաստանում
Վրաստանի ն Բաթումի քաղաքում անցկացված պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 100 մարզիկ:
Հայաստանի պատիվն էին պաշտպանում Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը:
Մեր խոցասուսերակիրներից 1-ին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը ճանաչվեց 3-րդը:
Ճկասուսերակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը 3-րդն էր:
Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:
Երկրաշարժ ՀՀ տարածքում
Հուլիսի 6-ին, ժամը 11.38-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.13-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքից 7 կմ հարավ տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում 3-4 բալ ուժգնությամբ:
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների միջև ամուսնությունների թիվը աճել է
Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների միջև գրանցված ամուսնությունների թիվը անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 20 տոկոսով: Բաքվում Թուրքիայի դեսպանատանը այս տարվա հունվար-մայիս ամսիների ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների միջև 175 ամուսնություն է գրանցվել: Այս թիվը վերաբերում է միայն Ադրբեջանում գրանցված ամուսնություններին: Երկու երկրների քաղաքացիներիի միջև ամուսնություններ գրանցվել են նաև Թուրքիայում և երրորդ երկրում: Գրեթե բոլոր ամուսնական զույգերում հարսնացուն Ադրբեջանից է:
Հակառակորդն ամեն օր կրակում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհի շինարարների և շինտեխնիկայի ուղղությամբ (լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային նոր ճանապարհը կգործարկվի այս տարվա օգոստոսի վերջին:
Ճանապարհի հողային աշխատանքներն ավարտվել են, այժմ ճանապարհաշինարարները կառուցում են գաբիոնե շարվածքը՝ հենապատը, որն ապահովելու է ճանապարհի անվտանգությունը՝ փակելով 600 մետր հեռավորության վրա գտնվող բարձունքից հետևող հակառակորդի տեսադաշտը:
Պարսպապատ հատվածն ունենալու է 250 մետր երկարություն, մինչև հինգ մետր բարձրություն: Ճանապարհաշինարարներն ասել են, որ ճանապարհի կառուցումը փոքր-ինչ երկարել է նախ եղանակային անբարենպաստ, անձրևային պայմանների պատճառով, ապա նաև հակառակորդի պարբերական կրակոցների:
<<Ամենաբարձր տեղը հինգ մետր է լինելու, ռելիեֆով գալիս է՝ չորս մետր է դառնում, մի տեղ երեք, մի տեղ՝ երկու: 1400 մետր արել ենք, պայթեցում ենք արել: 3,2 կմ է ճանապարհի երկարությունը: Ամեն օր էլ կրակոց է լինում, շատ են կրակոցները: Տրակտորիստին հրել եմ, ընկել ծառերի արանքը, դրա համար ձեռքերս վնասվածներ կան, մոշի թփերն են վնասել: Վերջին օրերին կրակոցներն այս ճանապարհի ուղղությամբ շատացել են: Հենց կռունկավարը սկսում է աշխատել, կրակում են: Ճանապարհի շինարարության աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի վերջին, բայց եթե կրակոցները շատ խանգարեն, չեմ կարող ասել>>,-ասաց <<Իջևանի ճանշին>> ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը:
Հիմա ճանապարհի հողային աշխատանքների ավարտման փուլն է, շուտով կսկսվեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Շինարարների խոսքով՝ հենապատը կառուցվում է ամենավտանգավոր երկու հատվածներում, որտեղ թշնամու համար պարզ տեսանելի է ճանապարհահատվածը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին:
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ հանրապետության տարածքում՝Օդի ջերմաստիճանը 4-ին էապես չի փոխվի, 5-6-ին կնվազի 2-3 աստիճանով:
· Օդի նվազագույն ջերմաստիճան 12.30C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 25.10C
Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցը՝«Ես հպարտ եմ, որ…» մրցույթի հաղթող (լուսանկարներ)
ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը «Կրթություն առանց սահամնների» հասարակական կազմակերպության հետ իրականացրել է «Ազգային հպարտություն» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մարզերի դպրոցներում իրականացվել է «Ես հպարտ եմ, որ…» խորագրով պաստառների մրցույթ, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանցիներ։ Մրցույթի նպատակն է եղել խթանել ազգային արժեքների, հայկական մշակույթի ճանաչողությունը, դրա անխաթար պահպանումը նոր սերնդի շրջանում։
Իսկ այսօր տեղի ունեցավ մասնակիցների ցուցահանդես-մրցանակաբաշխությունը. աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով, խրախուսական մրցանակներով։
Աշակերտները պատրաստել էին ազգային արժեքները, պետական խորհրդանիշները արտացոլող պաստառներ՝ իրենց մեկնաբանությամբ ու մեծ սիրով։ Տարբեր մարզերի ու Երևանի դպրոցների աշակերտները պատրաստակամությամբ ու ոգևորությամբ յուրաքանչյուր այցելուին պատմում էին իրենք պաստառի պատմությունն ու առանձնահատկությունները։
Մայիսի 19-ին դպրոցներում կազմակերպվել է ԵՊՀ-ի, Կրթության ազգային կենտրոնի մասնագետների կողմից մշակված ազգային դաս։ Դասին մասնակցել է նաև տվյալ մարզի, շրջանի, տարածքի այն անձանցից, ովքեր երեխաների համար ազգային ոգու դրսևորման օրինակ են եղել։
Ցանցային մրցույթի առանձնահատկությունն այն է, որ աշակերտներն իրենք են քվեարկության 10 օրվա արդյունքում ընտրել հաղթող պաստառները։ Կազմակերպիչները տեղեկացրին, որ հանրապետության բոլոր մարզերից ընտրվել են առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրներ. վերջիններս ստացել են խրախուսական մրցանակներ։
Երևան քաղաքի առաջին մրցանակակիրներն էին Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի և Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները։
«Անկախ»-ի հետ զրույցում Ռ. Իշխանյանի անվան դպրոցի աշակերտներից Պետրոսյան Մերին նշեց, որ մեր ազգային հպարտություն-հերոս հայ նախնիները շատ են. այս է պատճառը, որ աշակերտները յուրքանչյուր ոլորտից մեկ հերոսի են ընտրել պատրաստելու իրենց պաստառները։ «Կոմիտասը մեր ժողովրդական երգի պարծանքն է, Վիլյամ Սարոյանը՝ աշխարհին հայտնի հայազգի մեծ գրող, Վազգեն Առաջին կաթողիկեսը՝ հայերիս համար քրիստոնեության խորհրդանիշն է, Նժդեհը՝ մեր պայքարի ոգին, Սասունցի Դավիթը հայ ազգի հավաքական ուժն է, Սողոմոն Թեհլերյանը՝ վրեժի ոգին՝ որպես Հայ Դատի արդարացի լուծման մարտիկ, Մինաս Ավետիսյանը հին և նոր կերպարվեստի վառ ներկայացուցիչ, Շառլ Ազնավուրը՝ աշխարհահռչակ հայ երգիչ-երգահան ու մեծ բարերար, ով կանգնած է հայ ժողովրդի կողքին, Իսկ Զվարթնոցի տաճարը՝ որպես հայ ճարտարապետության գլուխգործոց»,- իրենց պաստառը մեկնաբանելով՝ նշեց Պետրոսյան Մերին։
Պաստառում արտացոլված կերպարները սրանով չէին սահմանափակվում, աշակերտները ևս նշում էին՝ մեկ պաստառը քիչ է մեր ազգային ոգին ցույց տալու համար, բայց սա էլ յուրօրինակ հավաքական էր՝ հարուստ և փառահեղ։
Իսկ Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց պաստառը վերնագրել էին «Ես իմ անուշ Հայաստանի…» և նշեցին, որ իրենց պաստառը նկարներով արտահայտում է Չարենցի փառապանծ «Ես իմ անում Հայաստանիի» յուրաքանչյուր միտք. «ամեն տողը պատկերել ենք մի նկարով»,-նշեցին հայկական տարազ հագած իրենց պաստառը ներկայացնող աշակերտուհիները։
Կազմակերպիչները խոստացան, որ այս և նմանատիպ նախաձեռնությունները տևական են լինելու, քանի որ ապացուցում են իրենց դերն ու կարևորությունը հայ ոգու, հայկական մշակույթի ու արժեքների դաստիարակության գործում։
Արմինե Ավետիսյան
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել սեպտեմբերին. «Թարաֆ»
Թուրքական «Թարաֆ» թերթից Հուսեյն Օզայի հաղորդմամբ` նախագահի պաշտոնին Թայիփ Էրդողանի թեկնածության առաջադրումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկրորդ քայլն է նախապատրաստվում: Ապրիլի 23–ին Էրդողանի հնչեցրած «ցավակցական» ուղերձից հետո թուրքական կառավարությունը մտադրվել է վճռական քայլերի գնալ: Ղարաբաղյան հարցի պատճառով 1993 թվականին փակված հայ-թուրքական սահմանը 21 տարի անց կարող է բացվել: «Թարաֆ»-ը գրում է, որ սեպտեմբեր ամսին սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներն ամբողջացնելու կարգադրություն է արվել: Եթե այս քայլը իրականացվի, ապա Թուրքիան կբացի Ալիջանի անցակետը, որը սահմանակից է Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրին: Հայտնի է, որ արդեն ասֆալտապատվել է սահմանային անցակետից այն կողմ 7 կիլոմետրանոց տարածք, տեղադրվել են համապատասխան ավտոմատացված համակարգեր:
Գնալով այս քայլին` Թուրքիան նպատակ է դրել կարգավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: 2009 թվականին ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը Անկարա կատարած այցի ժամանակ դրել էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Սակայն Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի քայլ չկատարեց, ինչը հանգեցրեց նախագահ Բարաք Օբամայի սառը վերաբերմունքին: Վերջիս չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին և նախընտրում է խոսել Գյուլի հետ: Անկարայում անհանգստություն կա, որ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում Օբաման նրան չի շնորհավորի: Այս հանգամանքներից ելնելով` Ալիջանի սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը:
Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:
Մեկ այլ որոշմամբ Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Գարնանային հեղեղումների, բնական և տեխնածին այլ աղետների հետևանքով պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածների հրատապ և առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում հնարավոր չէ ժամանակին ապահովել աշխատանքի ամբողջ ծավալը:
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ ձեռք կբերեն տարբերակված գներով
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Հայաստանցի արտագնա աշխատողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ երկրորդ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: Նշված դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների շահերից:
Հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ծրագիրը կդառնա ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքի հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ, որը հաշվառման դաշտային աշխատանքի ավարտից հետո փոխհատուցվելու է Եվրամիության տրամադրելիք 2 մլն եվրո դրամաշնորհով:
Հավելավճար է տրվելու ծանր աշխատանք կատարող պետական պաշտոնյաներին
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ 24 տոկոսի չափով (սույն դրույթները չեն տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա): Որոշման գործողությունը տարածվում է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մի շարք որոշումներով գործադիրը սահմանել է պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարի դեպքերը, չափերը և վճարման կարգը, հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և այլն:
Կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ուսումնական հաստատությունում զինվորական ղեկավարների ընտրության դեպքում միասնական համակարգի ներդրումը, որը կներառի միասնական որակական պահանջներ, ընտրության մեթոդներ, չափանիշներ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:
Փոփոխելով և լրացնելով մեկ այլ որոշում, կառավարությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացրել է շուրջ 98 մլն դրամ, որով հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն սննդով:
Նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող շինություններից մեկը օտարել մրցույթով. նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Կառավարությունը որոշել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորում գտնվող շենք-շինությունները երեք տարով ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ: Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրական նոր գործառույթի՝ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
Այլ հարցեր
Գործադիրը «Ամ-Էսկա» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր:
Կառավարության որոշմամբ Երևանի բնակիչ, Պրահայի տեխնիկական համալսարանի ասպիրանտ Դավիթ Հարությունյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում Կամո Ադամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի ավարտին վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»:
Պարտադիր ու պարտադրված. կառավարության մոտեցումը կուտակային կեսնաթոշակային համակարգին
Հունիսի 21-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը: «Կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» չկային. նիստին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում:
Կառավարությունը, խախտելով բոլոր հնարավոր ընթացակարգերը, որոնք պետք է ապահովեին խորհրդարանին ինչ-որ բան ներկայացնելու համար, ներկայացրեց ու քվեարկության դրեց այս նոր օրինագիծը, ինչպես նշում էին ԱԺ ոչ իշխանական պատգամավորները: Օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն ԱԺ հանձնաժողովներում, հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Նախագծին պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որ այն համապատասխանեցված է ՍԴ պահանջներին: ԱԺ ընդդիմադիրները համոզված են` այս պահանջներից ոչ մեկը չի կատարվել ու ոչինչ էլ չի համապատասխանեցվել:
Դրանից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:
Նոր օրինագծով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգվում է մինչև 2017 թ., այսինքն` ով ուզում է չմասնակցել պարտադիր կուտակայինին, պետք է նորից դիմում գրի այդ կապակցությամբ: Իսկ մինչ 2017 թ. պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի պետական հատվածի աշխատողների վրա:
«Կառավարությունը փորձում է այս կերպ բաժանել շահառուների խմբին, և 2017 թվականից հետո աշխատաշուկա մտնողներին ու մասնավոր հատվածի աշխատակիցներին մտցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»,- այս առումով նշում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ու անընդունելի համարում այդ մոտեցումը:
Կառավարության նոր ներկայացրած ու ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից հաստատված նոր օրենքում, համոզված են դրան դեմ արտահայտվողները, ոչինչ չի փոխվել, բացի մի ձևակերպումից` պարտադիր բաղադրիչը դարձել է նպատակային վճար` սոցվճար, որն, ի դեպ, հարկերին հավասարեցված վճար է ու պետք է համատարած լինի բոլորի համար:
«Պարզապես չի կարող մեկի համար լինել ու մյուսի համար չլինել. տարիքի խտրականություն կա, սոցիալական վիճակի խտրականություն կա, աշխատանքի խտրականություն կա, դրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշում էր «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` նոր օրինագիծն ԱԺ ներկայացվելու օրը:
Այս պնդմանը, իհարկե, այլ պատասխան ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ համոզված նշում է, թե միայն ձևակերպումները չէ, որ փոխվել են, այլ նոր օրենքում կան բազմաթիվ էական փոփոխություններ, և «Դեմ եմ»-ի ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների ու բերած փաստարկների կապակցությամբ էլ ընդգծում. «Ես ինչքան հասկանում եմ, ինչ էլ ներկայացվի` իրենք դեմ են լինելու,- իսկ լրագրողի դիտարկմանը, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհությունները` հավելեց,- մենք էլ ենք փաստարկում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 20-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նոր փաթեթը, ի պատասխան այն պնդման, թե միայն պարտադիր կուտակային բաղադրիչի անունը չի փոխվել «նպատակային սոցիալական վճար» բառով, հայտարարեց. «Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում»:
Ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի էլ` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:
«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում»,- նշում էր Ռուստամյանը:
Մի ուշագրավ դիտարկում. ինչ վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա թե՛ օրենքների առաջին փաթեթի դեպքում, որի դրույթները ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին, թե՛ այս դեպքում կառավարությունը փաթեթները ԱԺ-ում քննարկելու համար արտահերթ նստաշրջաններ հրավիրեց, ինչը, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, հնարավորինս հեշտ ու արագ այս համակարգը կյանքի կոչելն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ում վրա է պարտադիր տարածվելու համակարգը, ապա կառավարությունը նշում է, թե մինչև 2017 թ. պարտադիր բաղադրիչը կկիրառվի մոտ 50-60 հազար պետական աշխատողների վրա, որոնց համար այդ միջոցները փոխանցելու է պետությունը: Այս պնդմանն էլ ընդդիմադիրները հակադրում են իրենց պնդումը` եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի գործի, կրիտիկական զանգված չի հավաքվի, և կառավարությանը պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական հարցեր լուծի բարեփոխման անվան տակ:
Հիշենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նշել էր` այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշեց, թե նոր օրինագծով վարչապետի այդ հայտարարության իմաստը բացվեց. համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված», այլ պարտադիր և պարտադրված:
Այս ամենին հավելենք, որ չնայած թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էին, որ վտանգների դեպքում համապատասխան քայլերի կդիմեն, ընդհուպ մինչև բողոքի ակտիվ ակցիաների վերսկսում` ակտիվ պայքար, փողոցներում դեռ այդ բողոքի ակցիաները չեն երևում:













