Նորից գայլերի հարձակում

Գայլերի հարձակումՄայիսի 20-ին, ժամը 09.22-ին Լոռու մարզի Արմակից գյուղից տեղեկություն է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ Մ.Ալավերդյանին պատկանող անասնագոմի մոտակայքում գտել են 25 հոշոտված ոչխար:

«Մենք մի նավի վրա ենք». վարչապետը` Վահան Հովհաննիսյանին

timthumbԱյսօր խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նրան հարց ուղղեց անմիջապես Նիկոլ Փաշինյանի հարցից հետո, որի ժաամանակ վարչապետն ասել էր, թե նրա բնույթն է ոչ մի լավ բան չտեսնելը. «Պարոն վարչապետ, հավանաբար իմ բնույթն էլ գիտեք, որ եթե ինչ որ լավ բան եմ տեսնում, չեմ խուսափում մատնանշել, բայց եթե մատնանշելու բան չկա, սա այլ բան է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:

Անցնելով բուն թեմային` վարչապետի ելույթին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ելույթում բավականին մեղմ էր ինքնաքննադատությունը, մինչդեռ կառավարության նիստերի ժամանակ վարչապետի կողմից բազմիցս է բարձրաձայնվում  սխալների, բացթողումների և թերությունների մասին. «Այդ բացթողումների և սխալների համար ո՞վ է պատասխանատվություն կրել, որպեսզի Ազգային ժողովը հավատա, որ սխալ քաղաքական կուրսի հմար ինչ որ մեկը պատասխան է տալու: Մենք երբեք չենք տեսել այդ պատասխանատվություն կրելու պրոցեսն ու սուբյեկտը»,-ասաց ՀՅԴ պատգամավորը:

Վարչապետը հիշեցրեց, օրինակ, վերջին 5 տարիների ամենախոշոր բացահայտումը սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ. «Դուք տեղյակ եք, որ այդ ծառայության ղեկավարը՝ մեր կուսակցության անդամը (խոսքը Վազգեն Խաչիկյանի մասին է-խմբ.), այսօր ձերբակալված է»,-ասաց նա:

Այնուհետև Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ երկրում բարեփոխումներն ուղղակիորեն կատարվում են իշխանափոխության միջոցով: «Եթե իշխանությունը պատրաստ չէ ռեֆորմ իրականացնել իշխանափոխության միջոցով, ապա ռեֆորմներ ուղղակի չեն ստացվի»:

«Դուք առաջ եք քաշում քաղաքական հետաքրքիր թեզ,-պատասխանեց վարչապետը,- աշխարհում այդպիսի բան չկա. ցանկացած քաղաքական ուժ ուզում է իրականացնել ռեֆորմներ, որպեսզի ժողովրդի քվեն նորից ստանա»:

Տիգրան Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց իրենց քննադատելու ժամանակ ուժ գտնել նաև սեփական բացթողումների մասին բարձրաձայնելու: «Դուք մարդկանց հիասթափցնում եք և այլընտրանքի հնարավորություն չեք տալիս: Ընենց որ, պարո՛ն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք, և ճիշտ ուղին համագործակցության ուղին է»,-ասաց վարչապետը:

Վահան Հովհաննիսյանն էլ արձագանքեց. «Եթե դուք քաղաքական մենաշնորհ եք ստեղծել, ապա մենք ինչպե՞ս պետք է մրցենք: Մրցակցային դաշտ ստեղծեք, որ մրցենք»:

Թունավորման դեպքեր Հայաստանում

թունավորման դեպքՄայիսի 20-ին, ժամը 14.17-ին տեղեկությւն է ստացվել, որ թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Զովասար գյուղի բնակչուհի Քնքուշ Ղազարյանը (ծնվ.1993թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մայիսի 20-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.15-ի սահմաններում թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 36 տան բնակիչ Լաուրա Սահադյանը (ծնվ. 1938 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փլուզում Երևանի Հրազդանի կիրճում

փլուզումՄայիսի 20-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Արաբկիր զբոսայգու հարակից տարածքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

3 տարեկան երեխայի ձեռքը մնացել էր էլեկտրական մսաղացի մեջ

փրկարարներՄայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բանակարանի բնակիչ Օգոմցյան Հենրիկի (ծնվ.2010 թ.) ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, և մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Ժամը 12.58-ին բժիշկները մսաղացից հանել են երեխայի ձեռքը:

Ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կբարձրանա՝ 8-10 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.90C  (1980թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.30C       (1932թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.10C

Նվազագույն աշխատավարձը հուլիսի մեկից կդառնա 45 հազար դրամ

աշխատավարձՆվազագույն աշխատավարձը ՀՀ-ում հուլիսի մեկից կլինի 45 հազար դրամ:  Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկայում մեր երկրում նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է, նախատեսվում է, որ հուլիսի մեկից այն կբարձրանա 30 տոկոսով:

«Մենք հաշվարկներ ենք իրականացնում և կներկայացնենք մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն քաղաքական մոտեցումները աշխատավարձի բնագավառում: Առաջինն այն է, որ մենք մտադիր ենք ձեր դատին ներկայացնել աշխատավարձերի միասնական սանդղակ»,- ասել է Սարգսյանը:

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ապահովվում են նոր գույքով

001 (1)Նախօրեին մայրաքաղաքում գրանցված առատ տեղումների հետևանքներն ամբողջությամբ վերացված են: Այս մասին Երևանի քաղաքապետին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր այն կառույցների և քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնք տեղումների հետևանքների վերացման նպատակով համակարգված և օպերատիվ կազմակերպել են փողոցների ու մայթերի ջրահեռացման և երթևեկության վերականգնման աշխատանքները:

 

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Վարորդների` ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ միասին մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ:

Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:

 

Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում շարունակվում են ընթացիկ վերանորոգման և գույքի նորացման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրի շրջանակում նախադպրոցական ուսումնական հաստատությունները համալրվում են կոշտ և փափուկ, նաև՝ խոհանոցային գույքով:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական լինել ծրագրերի իրականացման մասով և շարունակել վերահսկողությունը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտող սաներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները քաղաքապետի առաջարկով դպրոց կճանապարհվեն պայուսակներով և գրենական անհրաժեշտ պիտույքներով:

 

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման նոր ցանցերի կառուցման 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են  նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:

Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաև հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում:

 

Արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարվել է Լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կազմակերպել շրջայցեր և արձանագրել այն գովազդները, որոնք հակասում են  Գովազդի և լեզվի մասին օրենքների պահանջներին և ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք շտկելու ուղղությամբ:

 

Հանձնարարվել է նաև գույքագրել նախորդ տարիներին կառուցված խաղահրապարակները, այգիներն ու պուրակները, ֆուտբոլի դաշտերն ու մարզահրապարակները և դրանց պահպանման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

 

Մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների վերաբերյալ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել միջոցառումների ծրագիր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Կենդանաբանական այգում, Հաղթանակ զբոսայգում, Ազատության հրապարակում, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան տարածքներում միջոցառումներ կազմակերպելու և տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մհեր Հովհաննիսյանը հետապնդում է առաջատարին

25441 chessՄիջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացվող  շախմատի միջազգային մրցաշարում կայացած երեք տուրից հետո ունի 2,5 միավոր:

Նա կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովից (Ռուսաստան):

Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ:

Իրանի իշխանությունները կախաղան են բարձրացրել ԱՄՆ և Իսրայելի համար աշխատող երկու լրտեսների

i1Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի Մոսսադի և ԱՄՆ-ի ԿՀՎ-ի համար լրտեսության մեջ մեղադրված երկու տղամարդու:

Մուհամեդ Հեյդարին մեղադրվել է Մոսսադի գործակալներին գումարի դիմաց անվտանգության հետ կապված տեղեկություններ հայտնելու,  իսկ Կուրոշ Ահմադին՝ ԿՀՎ-ի համար ինֆորմացիա հավաքելու համար:

Մահվան դատավճիռը կայացվել է Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից և հաստատվել գերագույն դատարանի կողմից:

Զեկույցում նշված չէ, թե երկու տղամարդիկ երբ են ձերբակալվել կամ երբ է նրանց դատավարությունը տեղի ունեցել:

Ավելի շուտ Իրանը տեղեկացրել էր, որ հաջողությամբ բացահայտել է երկրի ներսում գործող լրտեսական ցանցեր:

Թեհրանը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է իր կենսական նշանակության ծրագրերի՝ հատկապես միջուկային ծրագրի վերաբերյալ լրտեսելու հարցում:

Իրանը արևմուտքի լրտեսական գործակալություններին՝ հատկապես Մոսսադին, մեղադրում է իր միջուկային ծրագրում ներգրավված գիտնականների սպանության մեջ: Միացյալ նահանգները ժխտել է սպանությունների հետ իր կապը: Իսրայելը ոչ մի մեկնաբանություն չի արել:

Անցած ամիս Ամնեսթի ինթերնեյշնլը զեկույց հրապարակեց, ըստ որի  2012թ-ին Իրանում իրականացվել էին պաշտոնապես հաստատված 314 մահապատիժներ, ինչի արդյունքում Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղցենում այս հարցում:

Լրտեսության համար Իրանում ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետը ազատ է արձակվել

Լրտեսության համար Իրանում ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետը ազԻրանում ձերբակալված ադրբեջանցի գրականագետ Խալիդա Խալիդը և նրա վարորդը մայիսի 19-ին ազատ են արձակվել, հաղորդոմ են ադրբեջանական լրատվամիջոցները: Առաջիկա օրերին նրանք հետ կուղարկվեն Ադրբեջան:

Իրանական կողմը չի նշում, թե ինչի հիման վրա են ազատ արձակվել ձերբակալվածները, սակայն դա ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջանորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումից հետո:

Հիշեցնեք,որ Ադրբեջանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Խալիդա  Խալիդը և իր վարորդը ձերբակալվել են ապրիլի 30-ին Թավրիզում:

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները  փորձել են “ոչ օրինական կոնտակտներ” հաստատել, սակայն հստակ փաստեր չեն նշվել:

Ադրբեջանի արտգործնախարարությունը երկու բողոքի նոտա էր  հղել՝ պահանջելով ազատ արձակել իր քաղաքացիներին:

Իրանական մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Խալիդը զբաղվել  է լրտեսությամբ:

Կառավարության և Նիկոլ Փաշինյանի բնույթները

փԱյսօր խորհրդարանի ամբիոնից վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատական հայտարարություններ հնչեցրեց` մասնավորապես անդրադառնալով հակակարկտային ծառայության անարդյունավետությանն ու գյուղացիների կրած վնասին. «Ինչպե՞ս է պատահել, որ Արմավիրի մարզի 105 հակակարկտային կայանները, կներեք այս արտահայտությանս համար` «փուստ են տվել»,-զարմացավ պատգամավորը:

Նա պատմեց, որ հանդիպել է գյուղացիների հետ, և վերջիններս անգամ հակակարկտային կայանների վերաբերյալ զավեշտալի պատմություններ են հորինել. «Կարո՞ղ է այդ հակակարկտային կայանները մայիսի 5-ի գիշերվա հանրապետական հրավառությանն են մասնակցել` Երևանի քաղաքապետի ընտրությունների առիթով»,-ասել է գյուղացիներից մեկը:

777

Տիգրան Սարգսյանը պատասխանեց, թե չպետք է տարածել այնպիսի տրամադրություններ, որ եթե հակակարկտային կայաններ են տեղադրված, ուրեմն 100 տոկոսով երաշխավորվում է կարկուտից առաջացած  վտանգը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, պետությունը պարտավոր է աջակցել էական վնասներ կրած համայնքների գյուղացիներին` մասնավորապես անապահով խավի:

Փաշինյանը, սակայն, մնաց իր «ոճում». «Ես պնդում եմ, որ ձեր կառավարությունը չի օգնելու գյուղացիներին, որովհետև դա ձեր կառավարության բնույթն է»,-հայտարարեց նա:

«Պարո՛ն Փաշինյան, իսկ Ձեր բնույթն է չտեսնել ոչ մի կատարված աշխատանք»,-հակադարձեց վարչապետը` հիշեցնելով, որ տարեկան 3.5 միլիարդ դրամի օգնություն է տրվում գյուղացիներին:

Ձերբակալվել է Արկադի Արշավիրի Վարդանյանը

Արկադի Արշավիրի ՎարդանյանըԱզգային  Անվտանգության ծառայության կողմից իրականացված  միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին  Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն  Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը  պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին  թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից  օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի  շրջանակներում ստացված  տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության  նախապատրաստություն/:
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք  առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց  ընտրելու հարցերը:
Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը  կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և  համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

 

 

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

«Մենք ձեռքներս ծալած չենք նստել». Տիգրան Սարգսյան

varchapetԱյսօր խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանին մի շարք հարցեր ուղղվեցին, երբ վերջինս ելույթ ունեցավ կառավարության ծրագրի ներկայացումից առաջ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն, օրինակ, հայտարարեց, որ ծրագրում որևէ կոնկրետ ուղղություն չկա: Վարչապետը հակադարձեց. «Վերջին 20 տարիների ընթացքում երբևէ ՀՀ կառավարությունն այսքան կոնկրետ և առարկայական ծրագիր չի ներկայացրել, ինչպիսին այս ծրագիրն է»:

Քոքոբելյանի բարձրացրած մյուս հարցին, թե ինչու Հայաստանը չի օգտվում գազի ներկման այլընտրանքային ճանապարհներից` մասնավորապես հարևան Իրանից, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարել Հայաստան: Այս խնդրի լուծումն իր մեջ պարունակում է բազմաթիվ գործոններ: Այսօր կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի այն գազը, որ մատակարարվում է Հայաստան, լինի հնարավորինս մատչելի: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք դրա համար անում ենք ամեն ինչ` սկսած մեր հարաբերություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավարտված մեր ռազմավարական գործընկերոջ հետ»:

Նա նաև ասաց, որ այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են վարվում Ռուսաստանի հետ` գտնելու այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան Հայաստանին նվազեցնել կամ սուբսիդավորել գազի գինը: «Մենք մտադիր ենք սահմանի վրա ֆիքսված գինը երեսուն տոկոսով նվազեցնել, և նվազեցման այդ մեխանիզմները մենք կներկայացնենք Ձեր դատին, երբ Ռուսաստանի հետ ստորագրվի այդ խնդրի լուծման վերաբերյալ պայմանագիր: Մենք ձեռքներս ծալած չենք նստել», -ասաց Տիգրան Սարգսյանը:

«Կենգուրու 2013»-ն ունի չորս հաղթող

կենգուրու 2013«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումից հետո պարզ դարձավ, որ «Կենգուրու 2013»-ում հաղթող է ճանաչվել չորս աշակերտ. Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջն. Դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Աննա Գասպարյանը, Երևանի Հ. Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոց- 4-րդ դասարանի աշակերտ Հայկ Խաչիկյանը, Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանի հենակետային դպրոց-վարժարանի 4-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Դանիելյանը և Երևանի ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 8-րդ դասարանի աշակեչտ Վահագն Շախկյանը:

Ըստ մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից սահմանված կարգի, կազմակերպիչները անձամբ են հանդիպում բոլոր հաղթողների հետ՝ համոզվելու, որ հաղթանակն արդար է և արժանի: Եվ շատ ուրախալի է, որ վերոնշյալ բոլոր չորս հաղթողներն էլ խելացի, պայծառ և ըստ արժանվույն հաղթողի կոչմանն արժանացած երեխաներ են:

Հիշեցնենք, որ «Կենգուրուն» արդեն հինգերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, երրորդ տարին՝  նաև Արցախում: «Կենգուրու 2013»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 39 214 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից: Ի լրումն չորս հաղթողների՝ մրցույթում լավագույն արդյունք է ցուցաբերել և պատվոգրի ու մրցանակի արժանացել 559 աշակերտ՝ մոտ 110 աշակերտով ավելի, քան անցյալ տարի: «Այբ» հիմնադրամի կողմից լրացուցիչ հատուկ խրախուսական մրցանակներ են շնորհվում ևս 778 աշակերտի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ընդհանուր թվով 1341 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների:

Մայիսի 21-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի 29 քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:

Կանցկացվի կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց

բնությունԵՊՀ Կենդանաբանության, Բուսաբանության և սնկաբանության ամբիոնները, «Բիոդիվա» ՀԿ-ն, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպում են կենդանիների, բույսերի և սնկերի դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդների ուսուցման դպրոց կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության  տարբեր ոլորտներով հետաքրքրված մինչև 35 տարեկան ուսանողների և երիտասարդ գիտնականների համար: Դպրոցը տեղի կունենա ս/թ հունիսի 12-13-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում: Դպրոցը կանցկացնեն 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ: Մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 5-ը: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի hայաստանյան գրասենյակի, Երևանի պետական համալսարանի և Ռաֆորդ փոքր դրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:

Լրացուցիչ տեղեկությունների համար Ձեր հարցերն կարող եք ուղղել դպրոցի համակարգող Աստղիկ Ղազարյանին  [email protected] էլեկտրոնային հասցեով :

 Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա  ՀԿ

Մոմավառություն Գյումրիում

TsiaԵրեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցավ մոմավառություն` նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին աշխարհը հիշատակում է նրանց:

30 տարի շարունակ աշխարհում տարբեր ակցիաներ են կազմակերպվում ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Այս տարի ակցիային միացել էր նաև Հայաստանը: Մասնավորաբար, Երևանում, Գյումրիում և Վանաձորում նույն ժամին անցկացվեց մոմավառության ակցիա:

Գյումրեցի մի խումբ երիտասարդներ ու պատանիներ՝ քայլերթով Ռիժկովի ճեմափողոցից շարժվեցին դեպի “Ամենափրկիչ եկեղեցու” բակ: Այստեղ կատարվեց հիշատակի մոմավառություն, որը հարգանքի, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ուներ:

Ակցիան Գյումրիում նախաձեռնել էր “Նոր Սերունդ” բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Միջոցառման ընթացքում հնչեցին հանդուրժողականության կոչեր, խոսվեց հիվանդության մասին:

“Կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ գիտենա հիվանդության բացասական երևույթների մասին: Միևնույն ժամանակ՝ լինի հանդուրժող տվյալ հիվանդների հանդեպ: Եվ որ հիվանդություն ունեցող մարդուն պետք չէ վերաբերվել խտրականորեն”, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչ Արմեն Մելիքջանյանը:

Ըստ վիճակագրական տվյալների, աշխարհում ապրում է շուրջ 34 մլն ՄԻԱՎ վարակակիր: Ամեն տարի մահանում է 1.8 մլն ՁԻԱՀ-ով տառապող մարդ:

Երևանի ավագանու ընտրություններ. Թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

7814_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է.Եփրեմյանը, ով հանդիսանում է թիվ 08 ընտրատեղամասի ընտրող, Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս և փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

«Մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով». Տիգրան Սարգսյան

777Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը խորհրդարանում` կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ:

«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և <<Օրինաց երկիր>> կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Մեր երկրում ավարտվեց բավականին երկար ընտրական շրջանը: Այս ընթացքում մեզ հաջողվեց ոչ միայն հնարավորին չափ հեռու պահել տնտեսական գործըն­թաց­ները ընթացող քաղաքական բանավեճի  հավանական բացասական ազդեցությունից, այլև առաջընթաց գրանցել թե՛ տնտեսական զարգացման, թե՛  քաղաքական բանա­վեճի կատարելագործման ուղղություններով: Եվ երիցս ճիշտ է հանրա­պե­տու­թյան նախագահը՝ շեշտելով, որ «այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամե­նաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխա­տանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդ­յունքում ավելի ապահով Հայաստան կերտելու»:

Հարգելի գործընկերներ, Վերջին տարիների ընթացքում փոխվել է աշխարհը և մենք։ Մենք  ապրում ենք բարդ և արագ փոփոխությունների ժամանակաշրջանում: Իրականությունը լի է անակնկալներով և հաճախ, մեր կամքին հակառակ, փոփոխություններ է մտցնում և սրբագրում  մեր ծրագրերն ու նախաձեռնությունները: Ժամանակակից  աշխարհի ամենաորոշակի բնութագրիչը անորոշությունն է, իսկ ամենակայուն գնահատականը՝ անկայունությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք շեղվելու ենք մեր նպատակներից և հետամուտ չենք լինելու մեր կողմից նախատեսված ծրագրերի իրականացմանը։ Ուղղակի մենք պարտավոր ենք առկա իրողություններին համահունչ արդիականացնել մեր գործիքակազմը, նոր լիցք հաղորդել ազգային կարողություններին՝ նախանշված նպատակներին հասնելու համար։

Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում և ոչ հեռու անցյալում մեր գործընկերները, մեզ վերագրում են բազմաթիվ մեղքեր՝ պիտակավորելով մեր ծրագրերը:  Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքներին, սակայն ակնհայտ է, որ մենք չենք զբաղվել ամբոխահաճո նախաձեռնություններով: Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի: Սակայն համաձայնվեք, որ մենք եղել ենք բաց, ինքներս ենք բացահայտել խնդիրները, չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների և թերությունների մասին և այսօր հստակ և առավել լավ ենք պատկերացնում այն իրականությունը, որում ապրում ենք: Իրականություն, որի բացասական դրսևորումների հետ սակայն չենք հաշտվում և չենք հաշտվելու: Մենք քաջատեղյակ ենք այն հիմնախնդիրներին, որոնք այսօր դեռևս առկա են և մտահոգում են յուրաքանչյուրիս. գործազրկություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, անհավասար մրցակցային պայմաններ:Ձեզանից շատերն այժմ կհարցնեն, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել և ինչ է ձեռնարկելու թվարկված և բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար:

ԱՌԱՋԻՆ: Անցնող տարիներին մենք ջանքեր գործադրեցինք հաղթահարելու տնտեսական համակարգի խոցելիությունը` այն է ցածր դիվերսիֆիակացիայի մակարդակը: Եվ այսօր ունենք ավելի բարենապաստ հիմքեր շարունակական տնտեսական աճ ապահովելու համար:  Առաջին անգամ պետությունը հանդես եկավ արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությամբ՝ բացահայտելով և օգտագործելով առկա ներուժը, տրամադրելով մասնավոր հատվածին պետական գործիքներից օգտվելու հավասար հնարավորություն, ինչը պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ արդեն տալիս է շոշափելի արդյունքներ:

ԵՐԿՐՈՐԴ: Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և հետևողականորեն օժանդակում ենք նրան՝ տրամադրելով մատչելի սերմնացու, վառելիք, պարարտանյութեր, ինչը ոլորտում ապահովում է  աճ և նոր աշխատատեղեր: Օժանդակում ենք գյուղատնտեսական կոոպերացիաների ձևավորմանը, խթանում նոր շուկաների ենթակառուցվածքների ստեղծումը՝ արտահանման ծավալները մեծացնելու համար: Շուտով կսկսենք գյուղատնտեսության համատարած հաշվառումը, որը հնարավորություն կտա բացահայտել ոլորտում առկա ներուժը և խնդիրները, որի հիման վրա կմշակենք հասցեական աջակցության ծրագրեր:

ԵՐՐՈՐԴ: Սոցիալական ոլորտում բացահայտեցինք կոռուպցիոն երևույթներ, որոնք հսկայական վնաս էին պատճառում պետությանը: Խնայած միջոցներով ավելացրեցինք կենսաթոշակները և սոցիալական նպաստները: Ստեղծեցինք հիմքեր սոցիալական ինտեգրված ծառայության համակարգի ներդրման համար, որի օգնությամբ սոցիալական խոցելի խմբերին տրվող օժանդակությունը լինելու է առարկայական և առանձնահատուկ վերաբերմունքով: Մարզկենտրոններում ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքով աշխատող սոցիալական ծառայությունների գրասենյակներ, որոնք առավել արդյունավետ օժանդակություն կցուցաբերեն խոցելի խմբերին: Միևնույն ժամանակ ներդնում ենք սոցիալական ծառայողի ինստիտուտը: Սկսել և շարունակելու ենք աղքատություն ծնող պատճառների վերացումը՝ կրթության և աշխատանքի մատչելիության ապահովմամբ:

ՉՈՐՐՈՐԴ: Բարեփոխումներ իրականացրեցինք կառավարման ոլորտում: Ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ապահովում է պետության կողմից մատուցվող ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պետական մարմինների թափանցիկությունը, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և մեծացնում ներքին վերահսկողության արդյունավետությունը: Մի քանի անգամ կրճատեցինք ստուգումների քանակը, ներդրեցինք էլեկտրոնային հաշվետվությունների մեխանիզմ: Սոցիալական փաթեթ ծրագրից, այսօր հնարավարություն ունեն օգտվելու 150. 000 պետական ծառայողներ և նրանց ընտանիքի անդամները:

ՀԻՆԳԵՐՈՐԴ: Ենթակառուցվածքներում իրականացրել ենք համակարգաստեղծ մասշտաբային ծրագրեր, հինգ տարվա ընթացքում կառուցել և վերանորոգել ենք աննախադեպ ծավալների ճանապարհներ: Հեռավոր համայնքներում հասանելի ենք դարձրել հեռախոսակապը, համացանցը, խմելու ջուրը: Շիրակի և Լոռու մարզերում իրականացրել ենք մեծածավալ բնակարանաշինական ծրագրեր: Շարունակում ենք դպրոցաշինական, ամբուլատոր կլինիկաների կառուցման և հիվանդանոցների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:

ՎԵՑԵՐՈՐԴ: Քաղաքացիական հասարակության ձևավորման գործում հանրապետությունում արձանագրվել է լրջագույն առաջընթաց: Խոսքի և մամուլի ազատության,  մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների  ցուցանիշներով  առաջատար դիրքեր ենք զբաղեցնում տարածաշրջանում: Հասարակական կազմակերպությունների  հետ համագործակցության արդյունքում բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են դրական լուծումներ:  Մեր քաղաքական դիրքորոշումն  է՝  հասարակական կազմակերպությունները պետք է լայնորեն ներգրավված  լինեն երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

ՅՈԹԵՐՈՐԴ: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձրել ենք առավել մատչելի: Մեր քաղաքացիները առաջին հերթին  մատնանշում են հետևյալ ոլորտների դրական զարգացումները: Ինտերնետ ծառայությունների գների կտրուկ նվազում, որակի բարձրացում: Պարզեցված, արագ և քիչ ծախսատար ծառայություններ պետական կադաստրում: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության գործուն համակարգ: ԱՊՊԱ-ն որը ներդրման պահին  միանշանակորեն չէր ընդունվում, այսօր արժանացել է մեր ժողովրդի վստահությանը: Բիզնես իրականացնելու հեշտացված և րոպեների ընթացքում գրանցման հնարավորություն: Էլեկտրոնային ստորագրությունների և հաշվետվությունների ներդրման միջոցով  հարկային վարչարարության բեռի էական թեթևացում: Այս և մի շարք այլ միջոցառումների արդյունքում դուինգ բիզնեսի համաշխարհային աղյուսակում Հայաստանի Հանրապետությունը դիրքերը բարելավվեցին 18 կետով և մենք զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Մենք նաև քաջ գիտակցում ենք, որ բազմաթիվ բարեփոխումներ, որ սկսել ենք, դեռևս չեն տվել շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար։ Ձեր դատին ներկայացված ծրագիրը մշակելիս մենք այցելել ենք բազմաթիվ համայնքներ, հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց հուզող հարցերը: Մասնավորապես, ինչ էր ակնկալում պետությունից Վանաձորի  մանկավարժական համալսարանի ուսանող Արմեն Հարությունյանը: Առաջին հերթին, ստացած մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան, ավտոմեքենա: Մի խոսքով պայմաններ ընտանիք ստեղծելու և հայրենիքում արժանապատիվ ապրելու համար:           Ինչ է նախատեսում անել պետությունը Արմենի և նրան նման հազարավոր երիտասարդների համար:   կրթության բարեփոխումների շրջանակում ապահովվելու է ձեռնարկությունների և կրթական հաստատությունների ուղղակի կապը, որը հնարավորություն կընձեռի պատրաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ, իրականացվում է և շարունակելու է իրականացվել «Մատչելի բնակարան երիտասարդներին»  ծրագիրը, անցյալ տարի էլ մեկնարկեց «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը   Ինչ էր ակնկալում պետությունից Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառու Ալվարդ Շահինյանը: Բարձր թոշակ, որակյալ բուժօգնություն, տարիների ընթացքում կուտակած և Խնայբանկում ներդրած ավանդի վերադարձ:    Ինչ է նախատեսվում անել թոշակառուների համար՝ կենսաթոշակների ավելացում, յուրաքանչյուր համայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում, ինչպես նաև անվճար ծառայությունների տեսականու ավելացում, ԽՍՀՄ խնայբանկերում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների փոխհատուցման տրամադրման ծրագրերի շարունակականություն:

Հարգելի գործընկերներ

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, որպեսզի պետությունից յուրաքանչյուր քաղաքացու ակնկալիքները դարձնենք իրականություն: Առաջիկայում ապահովելու ենք՝ բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը նպաստող արդյունաբերական քաղաքականության լիարժեք իրականացման միջոցով, կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկում՝ միտված արժանապատիվ ծերության ապահովմանը, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի և հասանելիության ապահովում, որպես առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված հիմնական միջոց, հասանելիություն և որակի բարձրացում՝ առողջապահության ոլորտում, պարապուրդի մատնված ձեռնարկությունների վերագործարկում՝ անհրաժեշ­տության դեպքում ոչ արդյունավետ սեփականատիրոջը փոխարինելով բանիմաց, զարգացմանը միտված ծրագրեր ունեցող գործարարով, յուրաքանչյուր ձեռնարկությանը, կարիքներին համապատասխան առարկայական, նպատակային աջակցություն, փոքր և միջին ձեռնարկությունների համար բարենպաստ բիզնես միջավայրի ապահովում, սկսնակ բիզնեսմեններին անհատական աջակցություն, ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ։ Մենք պետք է կազմակերպվենք, դառնանք մարտունակ պետություն և կազմակերպված հասարակություն: Իսկ կազմակերպված լինելուն մենք այլընտրանք չունենք: Դա հասկանալու համար բավական է  նայել աշխարհի քարտեզը և տեսնել մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը: Դա հասկանալու համար բավական է հետևել միջազգային լրահոսին և վերլուծել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևանությամբ: Դա հասկանալու համար բավական է ծանոթանալ համաշխարհային տնտեսական ցուցանիշներին և այն ոչ հուսադրող կանխատեսումներին, որոնք վերաբերվում են մեր առևտրային գործընկերներին:

Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու համար օրակարգային  խնդիր է անցում կատարել գոյատևման կենսաձևից  և մտածողությունից  դեպի զարգացման հայեցակարգի իրագործումը: Անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ: Սա է այն բանաձևը, որի գործարկման արդյունքում մենք կկարողանանք կերտել մրցունակ, ապահով և մարտունակ պետություն: Պատահական չէ, որ նախորդ տարվա Ազգային ժողովի ընտրություններին մենք մասնակցեցինք «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Իսկ այս տարվա նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմի առաջնորդը մասնակցեց «Դեպի Ապահով Հայաստան» կարգախոսով: Միմյանց փոխլրացնող այս գաղափարները ապագայի մեր տեսլականն է: Տեսլական, որն արժանացավ մեր քաղաքացիների մեծամասնության հավանությանն ու լիազորեց մեզ ապագա տարիներին իրականացնել փոփոխություններ և կերտել Ապահով Հայաստան:

Հարգելի պատգամավորներ, Սիրելի քաղաքացիներ,

Կարևորագույն փոփոխությունը, որ մենք պետք է իրականացնենք՝ դա մտածելակերպի փոփոխությունն է, վարքագծային կանոնների  փոփոխությունը, որը կստեղծի օրինապաշտ միջավայր: Միջավայր, որում արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունեն և դատապարտելի են բոլորի կողմից: Այո՛, սա  հեղափոխություն է, հեղափոխություն, որ մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, ոչ թե փողոցներում, այլ մեր մտածելակերպում: Մենք կհաջողենք, եթե մեր նպատակադրած արժեքների և առկա արժեքների միջև գոյություն ունեցող ճեղքվածքը հաղթահարենք: Մենք կհաջողենք, եթե համագործակցենք: Այս ծրագիրը ենթադրում է մեծ ծավալի աշխատանք: Երբեմն ոչ ամբոխահաճո, երբեմն ցավագին որոշումներով, հաճախ՝ միանգամից ոչ տեսանելի արդյունքներով: Սա փոփոխությունների ծրագիր է, որն իրականացնողները պատրաստ են կրել դրա իրականացման պատասխանատվությունն ու առանձին փուլերի՝ ենթադրյալ բացասական արձագանքի ու քննադատության բեռը: Մենք ակնկալում ենք խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունը:   Ինչպես Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է իր նախընտրական ծրագրում,  -«…մենք միշտ հանդես ենք եկել «հանուն» գաղափարներով, չենք գործել ընդդեմ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժի, պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, առաջարկել ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի համերաշխության և մեր ժողովրդի բարեկեցության ապահովում»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոստանում է նվիրական, քրտնաջան աշխատանք, որի արդյունքները տեսանելի և շոշափելի կլինեն յուրաքանչյուրի համար:

Շնորհակալություն»:

Էվերեստ բարձրանալու համար զբոսաշրջիկների հերթ է գոյացել. աշխարհի ամենաբարձր գագաթ բարձրանալն արժե 50,000 դոլար

e1Չնայած Էվերեստը աշխարհի ամենաբարձր գագաթն է, սակայն այն հասանելի նպատակ է դարձել բոլոր «սիրողական լեռնագնացների» համար, ովքեր ցանկանում են գրավել այն:

Քննադատները պնդում են, որ միաժամանակ բազմաթիվ  մարդիկ են փորձում բարձրանալ Էվերեստ՝ իրենց հետևից թողնելով մեծ աղբակույտեր, ինչպես նաև  պատահարներից  խուսափելն անհնարին դարձնելով:

Հաճախորդները վճարում են շուրջ 50,000 դոլար թույլտվություն և 8,848 մետր բարձրություն ունեցող լեռը բարձրանալու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար:

Էվերեստը 1953թ-ին առաջին անգամ նվաճել են նոր զելանդացիներ Էդմունդ Հիլարին և Տենցինգ Նորգեյը:

Այս պատմական նվաճումից հետո ավելի քան 10,000 մարդիկ են փորձել բարձրանալ Էվերեստ, սակայն նրանցից միայն 2,500-ին  է հաջողվել:

Անցած տարի մայիսին չորս մարդ է զոհվել մարդկանց մեծ խմբի մեջ, ովքեր փորձում էին բարձրանալ լեռը:

Մի քանի տասնամյակ առաջ Էվերեստ բարձրանալու փորձ էին կատարում միայն բարձր մակարդակի պատրաստվածություն ունեցող, ուժեղ և փորձառու լեռնագնացներ:

Այժմ Էվերեստում լեռ բարձրացողների բիզնեսը ծաղկում է՝ նպաստելով Նեպալի տնտեսության զարգացմանը՝ հատկապես լեռ բարձրանալու սեզոնին՝ մարտից մինչև հունիսի առաջին շաբաթը:

Յուրաքանչյուր ոք, ով ունի գումար, կարող է միանալ լեռը բարձրացող բազմաթիվ տուրիստական խմբերից մեկին:

Նեպալի լեռնային տուրիզմի աշխատակիցները հայտնում են, որ այս շաբաթ և կիրակի օրերին շուրջ 200 մարդիկ կփորձեն բարձրանալ լեռ: