Ստամբուլում արդեն տեղի են ունեցել առաջին միջոցառումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին

sultaanhmetԻնչպես մեզ տեղեկացրել են Ստամբուլից՝ այսօր առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառում: Բազմաթիվ մարդիկ հավաքվել են այն նույն շենքի դիմաց, որտեղից 98 տարի առաջ այսօր աքսորել են հայ մտավորականներին: Միջոցառման կազմակերպիչներն են եղել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ: Ճակատագրական շենքի մոտ հավաքվածների ձեռքին եղել են ցեղասպանության զոհը դարձած հայ լուսավորյալների նկարները, ինչպես նաև մի շարք պաստառներ, որոնցից մեկի վրա մասնավորապես գրված է եղել. «Հայ մտավորականներին մահվան ճանապարհով տանելուց առաջ այստեղ էին պահվում»:

Հիշեցնենք, որ Ստամբուլում այսօր մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ նվիրված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Գլխավոր միջոցառումը մեկնարկելու է կենտրոնական Թաքսիմ հրապարակից խորհրդանշական 19:15-ին: Մեր ընթերցողների համար կլուսաբանենք նաև սպասվող միջոցառման ընթացքը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

248.Armenian Genocide Commemoration event in Kazakhstan 24.04.2013Ապրիլի 22-24-ին Ղազախստանի բոլոր 14 հայկական համայնքներում անցկացվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ:

Ալմաթիում գտնվող հայկական «Լույս» կենտրոնի տարածքում գտնվող խաչքարի մոտ զետեղվեցին  ծաղկեպսակներ, իսկ Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվեց հոգեհանգստյան պատարագ:

Կարագանդա քաղաքի մոտ գտնվող Սպասկի հուշահամալիրում գտնվող հայկական խաչքարի կոթողի մոտ մերձակա քաղաքներից եւ գյուղերից եկած ղազախստանահայերը զետեղեցին պսակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ լռության րոպեով հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Հիշատակի միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ Աստանայում, Ակտոբեում, Կոստանայում, Օզկեմենում եւ Ղազախստանի այլ քաղաքներում:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել նաեւ Բիշկեքում՝ Ղրղզստանի հայ համայնքի մասնակցությամբ:

 

Հրատապ խորհրդակցություն գյուղնախարարությունում` սպասվող ցրտահարության վերաբերյալ

221231841363677268ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:

Նախնական տեղեկատվության համաձայն` Արտաշատի, Մասիսի և էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի և վաղահաս կատոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաև խաղողի այգիները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջից, որոշվել է առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:

Գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին:

Բաքվում ցույց է տեղի ունեցել`ի պաշտպանություն “Թոլըշի Սադո”-ի խմբագրի

Բաքվում ցույց է տեղի ունեցել`ի պաշտպանություն “Թոլըշի Սադո”-ի խմբագÖԱյսօր՝ ապրիլի 24-ին, թալիշերեն լույս տեսնող “Թոլըշի Սադո” (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի առջև, հաղորդում է ադրբեջանական  “Contact.az” կայքը:

Ցույցն անցկացվել է Մամեդովի գործով դատական հերթական նիստի առնչությամբ:

Ակցիայի մասնակիցները բողոքել են դատական փակ նիստերի և Մամեդովի իրավունքների խախտման դեմ: Նրանց ձեռքին եղել են “Ազատություն Հիլալ Մեդովին” գրությամբ պաստառներ:

Հանձնաժողովի անդամներից Մեհթիբեկ Սաֆարովը նշել է, որ դատական հետաքննությունն անցկացվում է դատավարական նորմաների խախտմամբ և պաշտպանող կողմի միջնորդությունների մերժմամբ:

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսի 21-ին և մեղադրվում է թմրանույթերի անօրինական պահման, պետական դավաճանության և միջէթնիկական թշնամանքի հրահրման համար: Սակայն ադրբեջանական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նշում են, որ Մամեդովի հետապնդումները  քաղաքական բնույթ ունեն:

Ապրիլի 24-ը Գյումրիում

26 003Հայոց Ցեղասպանությունից անցել է 98 տարի, գրեթե մեկ դար, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել դրա համար:

Ամեն տարի այս օրը՝ ապրիլի 24-ին Շիրակի և Լոռու մարզի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն են բերում անմեղ զոհերի հիշատակին՝ Շիրակի ՙՋարդի ձոր՚ կոչվող վայրում:
Հենց այստեղ է հավաքվում բազմությունը, ծաղիկներ դնում հուշակոթողին:

Այսօր էլ տեղի ունեցավ սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստի կարգ: Հարակից տարածքում կատարվեց նաև ծառատունկ:

“98 տարի է անցել այն օրվանից, երբ եղավ այլանդակ հրաման, որը կազմակերպեց մեր ժողովրդի պատմության մեջ ամենաեղեռական ողբերգությունը, միլիոն ու կես նահատակներ եղան: Այսօր մեր ժողովրդին պետք են ուժ, կորով, հավատ: Եվ անընդհատ մենք պետք է ոգեկոչենք, հիշենք այս օրը, որպեսզի աշխարհը ճանաչի, հասկանա: Վերջին հաշվով, աշխարհը պետք է իր գնահատականը տա: Մեզ պետք է, որ սրա համար Թուրքիան պատասխան տա: Ես հավատում եմ, որ 21-րդն այն դարն է, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին”, – իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

“Երկու տարի հետո հարյուրամյա տարելիցը կլինի: Թուրքիան պետք է հասկանա, որ եթե ուզում է Եվրամիության անդամ դառնալ՝ պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Շատ եմ կարևորում, որ մենք կարողանանք պայքարել բոլոր միջազգային կառույցներում և շատ պետություններ մեզ արդեն աջակից են”, – զոհերին նվիրված հուշակոթողի մոտ այսպես արտահայտվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Կապ չունի, ընկեր». ոստիկանը` Գագիկ Ծառուկյանին

GK1OKnF6NZtopb9OPzS81hEIcxԱյսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև  ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել  անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով հուշահամալիրից, փորձել է  միանգամից գնալ դեպի իր մեքենան: Սակայն, ինչպես հաղորդում էYerevanNews.am-ը,  ոստիկանները նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել` ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը, դիմելով ոստիկանին, ասել է . «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», ինչին ի պատասխան` նրան ոստիկաններն ասել են. «Կապ չունի, ընկեր»:

Գագիկ Ծառուկյանին ուղեկցող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պարզաբանելով տեղի ունեցածը,  լրագրողներին հայտնել է, որ ըստ էության միջադեպ` որեպս այդպիսին, չի եղել. “Կարող էր լինել, եթե չլիներ պարոն Ծառուկյանի զուսպ և հարգալից պահվածքը: Բայց դրա համար կարծում եմ՝ լրատվամիջոցները պետք է դիմեն ոստիկանությանը, թե ինչպես է պատահում, որ հուշահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող փոխգնդապետը նման վերաբերմունք է ցուցաբերում երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի, Անվտանգության խորհրդի անդամի նկատմամբ»,-ասել է նա:

Թուրքական «Taraf»-ում ևս հայերից ներողություն խնդրող կա

Margulies Այսօր թուրքական մի շարք լրատվամիջոցների նման Հայոց ցեղասպանության տարելիցին է անդրադարձել նաև «Taraf»-ը: Ռոնի Մարգուլիեսի հեղինակած հոդվածում մասնավորապես ասվում է. «Այսօր ապրիլի 24-ն է: Մի ժամանակ այս հողերում մոտ երկու միլիոն հայ էր ապրում, իսկ այսօր մենք ընդամենը 50 հազար հայ քաղաքացի ունենք: Նրանց մեծ մասին մենք կորցրեցինք 98 տարի առաջ այսօր սկսված ցեղասպանության ժամանակ: Չսպանվածների թոռների մոտ կեսը Ստամբուլի մի փոքր թաղամասում են ապրում: Միայն ցեղասպանության համար չէ որ ներողություն պիտի խնդրենք, այքան բան կա որ…»:

Թուրքիայում Աթաթուրքի նկարով պաստառը գլխիվայր են կախել

ataturk «Doğan» լրատվական գործակալությունից Մեսուտ Ըշըքը հաղորդում է, որ երեկ Թուրքիայում նշվող համազգային տոնի կապակցությամբ Քոջաելիի շրջանի Գեզբե քաղաքում Առևտրական պալատի շենքի վրա Աթաթուրքի հսկայական նկարով պաստառը գլխիվայր են կախել, ինչը առաջացրել է քաղաքացիների զայրույթը: Ճիշտ է այս սխալը արագորեն շտկվել է, սակայն հնարավոր չի եղել խուսափել դրա լուսաբանումից:

Գեզբեի Առևտրական պալատի նախագահ Նաիլ Չիլերը նշել է, որ իրենք շատ վշտացած են տեղի ունեցածի պատճառով. «Մենք շատ վշտացած ենք, քանի որ չուզենալով մեծ սխալ է տեղի ունեցել: Երբ նկատվեց այս սխալմունքը, այն անմիջապես ուղղվեց, սակայն շատերը հասցրեցին լուսանկարել այն»,-նշել է Չիլերը:

Քավոր Հարութի կյանքին վտանգ չի սպառնում

կրակոց1Երեկ Գյումրիում տեղի ունեցած  սպանության ու կրակոցների արդյունքում դեռ հիվանդանոցում է Հարություն Խաչատրյանը՝ Քավոր Հարութը:
“Հիմա հետվիրահատական շրջան է: Վիրահատությունը հարթ է ընթացել, կյանքին վտանգ չի սպառնում: Առայժմ հիվանդը պետք է գտնվի ռեանիմացիայի բաժանմունքում, հավանական է, արդեն 2 օրից կտեղափոխվի հիվանդասենյակ”, -«Անկախ»-ին  հայտնեց “Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեմն Իսահակյանը:

Այս պահին դեռ իրավապահ մարմինների կողմից հիվանդանոցը հսկվում է: Գյումրիում աշխատում են ոստիկանանակն հատուկ ձևավորված խմբեր:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 12:30-13:00-ն ընկած հատվածում կրակոցներ էին հնչել Գյումրու Շիրակացի փողոցում, որի հետևանքով Արտյոմ Կարապետյանը՝ Շեկո մականվամբ, հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե հետո մահացել էր: Իսկ “Քավոր Հարութը” ծանր վիճակում հիվանդանոցում է: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն:

FEMEN ակտիվիստուհիներ ջրել են Բելգիայի կաթոլիկ առաջնորդին

o_767403FEMENակտիվիստուհիները ջրել են Բելգիայի եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անդրե-Ժոզեֆ Լեոնարդին ելույթի ժամանակ, որը դատապարտում էր Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների օրինականացումը: Իրենք աղջիկները և նրանց կողմնակիցները Բելգիայի գլխավոր ուսումնական հաստատություններից մեկում կրոնական առաջնորդի ելույթը   անվանել են “ատելության և կրոնական ֆանատիզմի հերթական քարոզ” , հաղորդում է  “Интерфакс“-ը:

Ակցիայի ընթացքում կատարված լուսանկարներում երևում է, որ աղջիկները պուլվերիզատրով ջուր են ցանում  արքեպիսկոպոսի վրա: “FEMEN-ը հետևողական հակառակվում է  կրոնական ուժի քարոզի, հոմոֆոբիայի և եկեղեցու փոևձերի դեմ վերադարձնելու ավերիչ ազդեցությունը կանանց և ամբողջ հասարակութան վրա”,-մեկնաբանում են շարժման մասնակիցները իրենց արարքը:

Նախօրեին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ օրինականացրել էին հոմոսեքսուալիստների ամուսնանալն ու երեխա որդեգրելը:

Շիրակի պաշտոնական վերնախավը երեկվա կրակոցների մասին

26 015Այսօր, ապրիլի 24-ին, մեկ տեղում էին Շիրակի մարզային ու քաղաքային պաշտոնատար անձիք, որոնք խոսեցին նաև երեկ կեսօրին Գյումրիում հնչած կրակոցների ու սպանության մասին: Մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հենց «Ջարդի ձորում», անմեղ զոհերի հիշատակը խնկարկելիս՝ իր խոսքում խստորեն նկատեց. “Հայ երկրում հայի արյուն չպետք է թափվի: Հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Եթե դա չենք կատարում՝ ուրանում ենք մեր նահատակաց հիշատակը: 98 տարի հետո՝ սա է իրենց պատգամը՝ հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Սիրեցեք միմյանց: Աստված ողորմի մեր նահատակներին”:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նպատակահարմար չգտավ ապրիլի 24-յան խորհուրդը փչացնել երեկվա իրադարձություններով. “Այլանդակությունը չխառնեք այսօրվա արարողության հետ”, – պատասխանեց մարզպետը:

Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց հետևյալը. “Մենք պետք է զերծ մնանք նման բաներից, մարդկային կյանք խլվեց երեկ, ես դատապարտում եմ նման երևույթները: Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվում էր, ինչ-որ մենք ուզում էինք՝ նորից խանգարվեց: Որպես քաղաքապետ՝ ես փորձում եմ ամեն ինչ փոխել, լինենք համախմբված, որպեսզի կարողանանք մեր քաղաքը վերականգնել, վերակառուցել, մարդկանց տրամադրությունը փոխել, աշխատատեղեր ստեղծել: Ուղղակի ցավում եմ, երիտասարդ մարդու կյանք է խլվել: Չէի ուզենա, որ նորից ասվեր՝ Գյումրին կրիմինալ քաղաք է, պիտակներ կպցվեր”:

Կողբ գյուղում «ԵրԱԶ»-ն ընկել է ձորը

ավտովթարԱպրիլի 23-ին, ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղի գերեզմանոցից իջնելիս «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից, ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մենք քննադատում ենք հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածը. Քրդստանի համայնքների միություն

hayՔրդստանի համայնքների միության (KCK) “Կրոնի և փոքրամասնությունների” կոմիտեն Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ` ապրիլի 23-ին, պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Թուրքիայի Հանրապետությունը հայերի կոտորածի հետ մեկտեղ պետք է առերսվի նաև ալևիների, քրդերի ու եզդիների կոտորածին և այդ ժողովուրդներից ներողություն խնդրի: 1915թ. հայերի տեղահանությունը մարդկության պատմության ամենաողբերգական էջերից է: Այդ տեղահանության ժամանակ Օսմանյան կայսրությունը միլիոնավոր հայերի հազարամյակներ բնակեցրած հողից տեղահան արեց և հարյուր հազարավոր մարդկանց կոտորածի ենթարկեց: Մենք քննադատում ենք հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածը”: Նշվում է նաև, որ 1915թ. ոչ միայն հայ ժողովուրդը կոտորվեց, այլև սպանվեցին խաղաղությունը, եղբայրությունը և հանդուրժողականությունը:

Հայտարարությունում ասվում է, որ PKK-ի (KCK-ն PKK-ի`Քրդստանի աշխատավորական կուսակցության քաղաքական թևն է) պայքարը ոչ միայն քրդերի, այլև հայերի, ալևիների, եզդիների, արաբների, թուրքերի և լազերի պայքարն է:

Ավստրալիայի բնիկ ժողովրդի թվաքանակը եղել է 1000-3000

բնիկԱվստրալիայում 50.000 տարի առաջ առաջինը բնակություն են հաստատել 1000- 3000 մարդիկ, սակայն սառցե դարաշրջանում նրանց թիվը կրճատվել է, ապա վերականգնվել՝ հասնելով 1,2 միլիոնի:

Ավստրալիայի վաղ շրջանի բնակչության թվաքանակն անտրոպոլոգիական վիճահարույց հարցերից մեկն է, քանի որ այն վերաբերում է եվրոպացիների գաղութացման ազդեցությանը բնիկների վրա:

Համաձայն ընդունված տեսության՝ նրանք Ավստրալիա են եկել անցնելով Պապուա Նոր Գվինեայի կամուրջը՝ այն ցամաքային ելուստի վրայով, որն այսօր պատված է ջրով:

Բնիկների թիվը աճել է, սակայն 60 տոկոսով նվազել 21000-18000 տարի առաջ՝ սառցե դարաշրջանի ծանրագույն շրջանում, երբ Ավստրալիան դարձավ ավելի ցուրտ և չոր:

Ճապոնիան և Ֆրանսիան Թուրքիայում ատոմակայան կկառուցեն

ատոմակայանՃապոնական Միցուբիշի և Ֆրանսիայի Արեվա ընկերությունները  Թուրքիայում կկառուցեն 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայան:

Ճապոնիայի վարչապետը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ժամանակ հավանաբար կստորագրի պայմանագիր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ճապոնիան իր միջուկային բիզնեսը փորձում է հաստատել այլ երկրներում  երկու տարի առաջ Ֆուկուսիմայում տեղի ունեցած աղետից  հետո:

Ատոմակայանի կառուցման աշխատանքները կսկսվեն 2017թ: Առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023թ., հաղորդում է ճապոնական Նիկայ բիզնես օրաթերթը:

Արտաշատում մեքենաներ են բախվել

բախումԱպրիլի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում,  Արտաշատի Իսակովի փողոցում   «Մազդա-2» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի, ապա այդ  ավտոմեքենաներին  է բախվել «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կորյունի փողոցում 18-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել

Վրաերթ (1)Ապրիլի 23-ին, ժամը 09.15-ին,  «Մազդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վրաերթ Արցախի փողոցում. վարորդը դիմել է փախուստի

վրաերթԱպրիլի 23-ին, ժամը 14.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
Տուժողը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը Թուրքիային կոչ է արել առերեսվելու սեփական պատմության հետ

haber Այսօր Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կենտրոնական գրասենյակը գրավոր հրապարակում է իրականացրել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Կուսակցությունը 1915 թվականի դեպքերը որակելով որպես 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը, իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «1915 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդի աքսորով սկսվեց մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը: Թուրքիային կոչ է արվում առերեսվելու իր պատմության հետ, մաքրելու հաշիվները իր անցյալի հետ և ներողություն խնդրելու հայ ժողովրդից: Մենք հարգանքով հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ նոր վշտեր չապրելու հույսով»:

Պետք է ներողություն խնդրել հայերից. Հաքան Ալբայրաք՝ թուրքական «Star» թերթի լրագրող

hakan albayrak Թուրքական «Star» թերթի լրագրողներից Հաքան Ալբայրաքը այսօր ընթերցողներին զարմացրել է իր հրապարակմամբ: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ իրենք այնպիսի մի պատմություն ունեն, որի համար պետք է ներողություն խնդրել: «Այսօր ապրիլի 24-ն է, մեր հայ հայրենակիցների համար սգո օր: Նրանք այսօր ցավով են հիշում 1915 թվականին ապրածները: Մենք պետք է կիսենք նրանց ցավը, առանց հարցնելու, թե արդյո՞ք նրանք կիսում են մերը: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր մարդկայնության առաջ: Սա հարիր չէ Մարգարեի համայնքին: Սա մեր պատմության ամոթալի էջերից է: Երանի կարողանայինք պատռել ու դեն նետել այն: Չենք կարող դա անել, սակայն կարող ենք ներողություն խնդրել»,-գրել է Հաքան Ալբայրաքը՝ արժանանալով ընթերցողների սուր քննադատություններին: