Արտոնություններ կրթական ոլորտում. Տարիներ առաջ ընդունած որոշումները հաջողությամբ են գործում

նկարՄեր կրթական ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին զուգահեռ մեծանում է նաև բարձրագույն կրթություն ստանալու գրավչությունը: Որոշ առավելությունների շնորհիվ ուսանողներն այժմ լայն հնարավորություններ ունեն ուսում ստանալու և այն շարունակելու իրենց իսկ նախընտրած ուսումնական հստատություններում: Կրթական չափանիշների խստացման, որոշ մասնավոր բուհերի լուծարման արդյունքում, սակայն, ուսանողներին ընձեռված արտոնությունները շարունակեցին գործել: Խոսքը կրթության ոլորտում գործող երկու օրենքների մասին է, որոնցից մեկը վերաբերում է մասնավորից պետական բուհ փոխադրվելու և միջին մասնագիտականից բարձրագույն կրթություն ստանալու մասին կառավարության որոշումներին:

Տարիներ առաջ ներդրվեց և սկսեց գործել բուհից բուհ փոխադրվելու մասին որոշումը, որը մեզանում նորամուծություն էր: Սկզբում թե՛ կրթական հաստատությունների ղեկավարների, և թե՛ ուսանողների շրջանում թերահավատություն կար հավանական չարաշահումների պատճառով, քանի որ ընդունված որոշման տրամաբանությունն այնքան էլ մասնավոր բուհերի ղեկավարների սրտով չէր: Մասնավոր բուհում սովորող ուսանողները ուսումնառության ընթացքում կարող են իրենց կամքով տեղափոխվել որևէ պետական բուհ նույն մասնագիտությամբ ուսումը շարունակելու նպատակով: Ուսման առաջին երկու տարիների ընթացքում դրական գնահատականներ ստանալու պարագայում ուսանողները կարող են դիմում ներկայացնել իրենց բուհի ռեկտորին պետական ուսումնական այլ հաստատությունում ուսումը շարունակելու վերաբերյալ: Այնուհետև տվյալ ուսանողի փոխադրման մասին դիմումը պետք է ընդունի նաև փոխադրվելիք բուհի ղեկավարը` համապատասխան գերատեսչության ղեկավարների անմիջական թույլտվությամբ: Ի դեպ, փոխադրվելիս առարկայական տարբերությունները չպետք է գերազանցեն ութը, այսինքն` ուսանողը պետք է ուսումը նույն մասնագիտությամբ շարունակելու թույլտվություն ունենա:

Այս որոշման վերաբերյալ թերահավատությունը բխում էր նրանից, որ մասնավոր բուհերն ուսանողների թվաքանակի կորուստ էին ունենում, իսկ պետական բուհերի ռեկտորները քամահրանքով էին վերաբերվում մասնավորից ուսանող ընդունելու հանգամանքին: Պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմից շատերը լուրջ չէին վերաբերվում տվյալ որոշմանը, չնայած յուրաքանչյուր փոխադրման թույլտվությունը պետք է անձամբ նախարարը տար:

Ինչևէ, փոխադրման այս կարգը և կառավարության որոշումը կայացան, և այս մեխանիզմով յուրաքանչյուր տարի տասնյակից ավելի ուսանողների է հնարավորություն տրվում սովորելու պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հաջորդ որոշումը, որը նույնպես հաջողությամբ կիրարկվում է, վերաբերում է միջին մասնագիտական կրթությանը, որը ինչ-որ չափով մեծացնում է քոլեջների գրավչությունը: Միջին մասնագիտական կրթության համակարգում սովորելը հնարավորություն է ընձեռում ուսանողներին առաջադիմության դեպքում ուսումը շարունակելու արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

2002-ից գործում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին համապատասխան բուհում ուսումը շարունակելու մասին կառավարության կողմից հաստատված կարգը: Գերազանց սովորող շրջանավարտները առարկայական տարբերությունները բարեհաջող հանձնելուց հետո (որոնք 8-ից ավելի չպետք է լինեն), կկարողանան նախընտրած բուհում ուսումը շարունակել երկրորդ կամ երրոդ կուրսից:

«Կարծում եմ` սա լավ հնարավորություն է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց ուսումը` միանգամից մի կրթական ծրագրից անցում կատարելով մյուսին: Տեղափոխումներ յուրաքանչյուր տարի լինում են, և ուսումնական հաստատությունների կողմից էլ պահանջարկ կա, ինչը միջինի և բարձրագույնի համատեղ պայմանագրի հիման վրա է կայանում, այսինքն` մինչ ավարտական քննությունների սկիզբը ուսումնական հաստատությունները միմյանց հետ կնքում են պայմանագիր, որի հիման վրա կազմակերպվում է ավարտական քննությունը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Սակայն տեղափոխվելու հայտ ներկայացրած շրջանավարտների թիվը չպետք է գերազանցի բուհերի դիմորդների 10 տոկոսը (տվյալ մասնագիտության գծով): Եթե այդ թիվը գերազանցում է, ապա գործընթացը կազմակերպվում է մրցութային կարգով` հաշվի առնելով ուսանողի գնահատականները, գերազանցության դիպլոմը և այլ չափանիշներ: Ի դեպ, ներկայումս փոխադրվում են ԵՊՀ, ժողտնտեսության ինստիտուտ, ճարտարագիտական համալսարան, ֆիզկուլտուրիայի ինստիտուտ, այս տարի ավելացել է նաև Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Հնարավոր է, որ հետագայում պետական բուհերի այդ ցանկն էլ ավելի ընդլայնվի:

 Լ.Ն.

Երիտասարդ գիտնականները գիտության ոլորտում առաջընթաց չեն տեսնում

Մերի-Մանուկյան«Անկախը» պարբերաբար անդրադառնում է գիտության խնդիրներին` ներկայացնելով նաև Հայաստանի երիտասարդ գիտնականների խնդիրները, նրանց դիրքորոշումները: Այս անգամ «Անկախը» հետադարձ հայացք կգցի` պարզելու, թե մեր կողմից լուսաբանված  երիտասարդ գիտնականների աչքերով վերջին մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց կյանքում  և գիտության ոլորտում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որ 10 տարի արդեն գիտությամբ է զբաղվում, չի բացառում, որ այս տարի հնարավոր է` թողնի աշխատանքը անձնական խնդիրների պատճառով:

Անդրադառնալով նախորդ մեկ տարվան` Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում  գիտության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:«Գիտնականները սկսել են ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար: ՊԳՖԱ ջանքերով և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ տեղի ունեցան մրցանակաբաշխություններ, որոնք, իհարկե, խթանում է երիտասարդներին: Բացի այդ, նախագահի կողմից երիտասարդներին հատկացվեց 100 մլն դրամ, ինչը հնարավորություն տվեց մի քանի երիտասարդների մեկնելու գիտական գործուղումների, կազմակերպվեցին գիտական դպրոցներ և գիտաժողովներ, ինչը կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի առումով: Անհրաժեշտ է նշել նաև ԳՊԿ կողմից տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարելավելու աշխատանքային պայմանները և համագործակցության նոր եզրեր փնտրելու»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ արվածը  քիչ է պնդելու համար, որ գիտության ոլորտում կարևոր քայլեր են կատարվել:

Մանուկյանի համար վերջին մեկ տարում դրական է եղել այն մրցանակը, որ ստացել է «Տաշիր» հիմնադրամի կողմից «Առավելագույն հղման ինդեքս ունեցող գիտական հոդվածների» մրցույթում: Իսկ բացասական զարգացումները, ըստ Մանուկյանի, շատ են:

«Ոջիլի պատմության նման» կրկին ու կրկին հանգում ես մի բանի. գիտաշխատողին շաբաթական 5 օր և օրական 8 ժամ աշխատելու դիմաց այնքան չնչին գումար են վճարում, որ ծիծաղելի է: Հիմա էլ նոր հարկային քաղաքականության հետևանքով գիտնականներին հատկացվող հավելավճարներից ավելի շատ պահումներ են կատարվում, և գիտնականն  էլի տուժում է,- ասում է Մանուկյանը:- Մյուս կողմից էլ շատ վիրավորական է, որ ինչ-որ հիմնարկության հավաքարար կամ վարորդ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գիտնականը: Ակադեմիայի աշխատողը  մեկ տարի աշխատելուց հետո իրեն չի կարող թույլ տալ գոնե  մեկ շաբաթով հանգստանալ հանրապետությունում: Լավ է, որ հիմա մեզ հատկացվեցին սոցիալական ապահովագրության փաթեթները, գոնե քիչ թե շատ հնարավոր կլինի որոշ առողջական խնդիրներ լուծել»:

Երիտասարդ գիտնականը նշում է նաև, որ նորմալ աշխատելու համար չկան համապատասխան նյութեր ու սարքեր. «Ինքս ԳՊԿ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար եմ և վերջին 2 տարում  դրամաշնորհի գումարներով կարողացել եմ ձեռք բերել անհրաժեշտ նյութեր փորձեր կատարելու համար: Իսկ հիմա դրամաշնորհն ավարտվում է, և ես նորից կանգնելու եմ «կոտրած տաշտակի» առաջ. ի՞նչ և ինչպե՞ս անել»:

Անդրադառնալով գիտության ոլորտի հրատապ խնդիրներին, որոնք շարունակում են չլուծված մնալ, Մանուկյանն առանձնացնում է երեքը: Առաջին` գիտնականի աշխատավարձի անհապաղ բարձրացում, այլապես մի քանի տարուց ակադեմիան արդեն աշխատող չի ունենա: Երկրորդ` գիտնականներին հարկավոր է ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով` մրցունակ գիտական արտադրանք ստանալու համար: Երրորդ` պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, այլապես մի քանի տարի հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ նորմալ արդյունավետ աշխատող միջին սերնդի ներկայացուցիչները շատ քիչ են, իսկ  շատ երիտասարդներ ուղղակի ստիպված են լքել գիտությունը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուզաննա Սոխոյանն «Անկախի» հետ հարցազրույցից որոշ ժամանակ անց ԱՄՆ է տեղափոխվել, աշխատում է ԱՄՆ-ում` հետդոկտորական ծրագրի շրջանակներում հետազոտություններ է կատարում:

Սոխոյանն ասում է, որ ԱՄՆ-ում է աշխատում, քանի որ այնտեղ ինքնադրսևորվելու և ստեղծագործական աշխատանք կատարելու շատ ավելի  մեծ  հնարավորություններ ունի, քան Հայաստանում: «Թեև հայ գիտնականներն իրենց մտքի թռիչքով չեն զիջում որևէ այլ երկրի գիտնականներին, սակայն աշխատանքային պայմանների տարբերությունն անհավասար մրցակցություն է ստեղծում հայաստանցի և զարգացած երկրներում ապրող գիտնականների միջև,- ասում է նա:- Քանի որ Հայաստանցի գիտնականների վաստակած գումարը չի բավարարում առօրյա հոգսերը հոգալու համար, գիտնականը ստիպված է հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել: Այդ պատճառով հայաստանցի շատ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը հոբբի է դարձել, ոչ թե հիմնական զբաղմունք: Դա չի կարող չանդրադառնալ գիտական միջավայրի վրա»:

Չնայած Սոխոյանը Հայաստանում չէ, շարունակում է հետևել այստեղ գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նրա կարծիքով`  ներկա իշխանությունների օրոք դրական տեղաշարժի սպասելը սին գործ է: «Մինչև երկրում համակարգային փոփոխություններ չլինեն, գիտության ոլորտը, աստիճանաբար ծախսելով նախկինում կուտակված կապիտալը, գահավիժելու է անդունդ»:

Խոսելով գիտնականի նկատմամբ վերաբերմունքի մասին  Հայաստանում և ԱՄՆ-ում` Սոխոյանն ասում է. « Իմ կարծիքով` գիտնականի նկատմամբ վերաբերմունքի հիմնական չափանիշը գիտնականի աշխատավարձն է: Իսկ ԱՄՆ-ում պրոֆեսորի աշխատավարձը շուրջ 60 անգամ ավելի է, քան հայաստանցի պրոֆեսորի աշխատավարձը: Եվ միջինում, կարելի է ասել, մարդու աշխատավարձը համեմատական է մարդու կատարած աշխատանքի բարդությանը: Գիտնականները շատ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, արագ սննդի կետերի աշխատակիցները: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում: Եվ դա ունի իր պատճառները: ԱՄՆ-ում նորարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»:

Սոխոյանն ասում է, որ Հայաստանսում շարունակում է խզված  մնալ նաև գիտություն- տնտեսություն կապը. « Ո՛չ մասնավոր ներդրողը, ո՛չ պետական այրերը իմաստ չեն տեսնում գիտական նախագծեր ֆինանսավորելու մեջ: Գիտության ոլորտում ներդրումները ենթադրում են երկարաժամկետ հետևողական և շատ լուրջ աշխատանք: Վստահ կարելի է ասել, որ գիտահենք տնտեսության ճյուղերը շատ ավելի դժվար է զարգացնել, քան հանքարդյունաբերությունը»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանի կյանքում վերջին մեկ տարում փոփոխություններ շատ են եղել, սակայն դրանք ՀՀ կառավարության գործունեության արդյունք չեն. «Վերջին մեկ տարվա ընթացքում ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով եղել եմ ԱՄՆ Բերկլիի համալսարանում, ստացել եմ ANSEF-ի դրամաշնորհ, Եվրոպական FP7 գրանտերի գնահատման մասնակցության հրավերքներ եմ ստացել: Սակայն դրանք կապված չեն եղել ՀՀ կառավարության բարեփոխումների հետ»:

Գոգյանի կարծիքով` կարևոր է, որ կառավարությունը փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ:

«Առայժմ կարող եմ, Հայաստանում գտնվելով, շատից-քչից
զբաղվել ֆիզիկայով: Հուսով եմ` իրավիճակը կլավանա, ու ստիպված չեմ լինի
որոշ ժամանակ անց լքել հայրենիքս»,- ասում է Գոգյանը` խոսելով ապագայի հեռանկարների մասին:

Ստացվում է, որ ինչքան էլ խոսվում է գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսության մասին, միևնույն է, խոսքը գործի չի վերածվում, կամ էլ այդ ամենն այնքան դանդաղ է կատարվում, որ գիտական հանրությունը դեռևս իր վրա չի զգում այդ փոփոխությունները: