Ադրբեջանում զինվորը սպանել է ավագ լեյտենանտին

Ադրբեջանում զինվորը սպանել է ավագ լեյտենանտինԱդրբեջանում Հանրապետական զինվորական դատախազությունը տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում  սպանություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում այսօր Ռաֆայել Շահվերդիևը իրեն ամրակցված զենքից կրակել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Էլշան Մամեդովի վրա: Վերջինս տեղում մահացել է:

Հարուցվել է քրեական գործ, սկսվել է ինտենսիվ հետաքննություն:

 

Քննարկվել են արտահանման վարկավորման ապահովագրության ոլորտի զարգացման հեռանկարները

10345_am_2Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան «ԷԿՍԱՐ» ապահովագրական գործակալության գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովին: Վերջինս ներկայացրել է իր գլխավորած գործակալության գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է արտահանմանն ուղղված վարկավորման ապահովագրությամբ և ներդրումներով:
«Հայաստանն արդեն սկսել է արտահանմանն ուղղված գործարքների ապահովագրությամբ զբաղվող ընկերության ստեղծման աշխատանքները: Ստացել ենք նաև Եվրոպական միության և չեխական կողմի տեխնիկական աջակցությունը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել է ընկերության ստեղծման մոդելն ու ճանապարհային քարտեզը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ համագործակցության հաստատումը, փորձի փոխանակումը և այդ համատեքստում քննարկել փոխգործակցության հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում Հայաստանի օրենսդրական դաշտին և զարգացման հնարավորություններին:

Մեծ բրտանիայում քամին 1200 տարեկան կաղնուն տապալել է

կաղնիՉորեքշաբթի Մեծ Բրիտանիայի Ռեքսեմ կոմսությունում քամին տապալել է  Բրիտանիայի ամենամեծ ու ամենածեր համարվող կաղնին, որը 1200 տարեկան էր: Ծառի ծրջագիծը 12,9 մ էր:

Տեղաբնակների խոսքով, իրենք շատ հուզված են կատարվածով, քանի որ այն համարում էին իրենց  արշեքներից մեկը:Ինձ թվում է, որ այս կաղնին տեղի ժառանգության տարր էր, ինչպես Սբ Դավիթի տաճարը”, ասել է տեղի խորհրդի նախագահ Սքեյթսը:

Հայտնի է, որ այս տեղանքում, քամուց տուժել են նաև այլ ծառեր:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

chexiai patvirakutyan aic cicernakaberd5-4Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին ցեղասպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Յան Բաուերն ու պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները։

«Պատվո» հյուրերի հուշամատյանում Յան Բաուերը կատարեց գրառում. «Շնորհակալություն, որ կարողացա լինել այս թանգարանում։ Տխուր ու ողբերգական է։ Կարող ենք դասեր քաղել։ Ես շատ տխուր եմ, որ Դուք ունեցել եք այսպիսի ողբերգական անցյալ»։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։

Նշելով, որ առաջին անգամ է լինում Հայաստանում, նա ասաց. «Ինչին, որ ականատես ենք այստեղ՝ բավականին հուզիչ է»։

Ինչ պետք է անել ցեղասպանությունները կանխելու համար հարցին ի պատասխան՝ Յան Բաուերը նշեց. «Չեխիայի Հանրապետությունը Եվրամիության անդամ երկիր է, եւ մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք պետք է դասեր քաղենք, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն»։

 

 

Խորհրդատվություններ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ

232.Consultations between MFAs of Armenia and Belarus 18.04.2013Ապրիլի 18-ին Երեւանում կայացան Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով:

Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի եւ Ալեքսանդր Միխնեւիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առեւտրատնտեսական կապերի եւ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն օրը Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ալեքսանդր Միխնեւիչը  խորհրդատվությունների ժամանակ քննարկեցին միջազգային կառույցների շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Ուղեցույց» տղամարդկանց` ինչպես գտնել կնոջ սրտի բանալին

111Ինչպե՞ս  գրավել կնոջ սիրտը: Այս հարցը երբեմն իրեն տալիս է ցանկացած տղամարդ, անգամ նա, ով բավարար տիրապետում է այդ արվեստին: Կան բաներ, որոնք բավականին պարզ են և բացատրության կարիք չունեն, բայց տղամարդիկ պետք է հիշեն՝ գոնե երբեմն:

Կանայք տղամարդու մեջ գնահատում են.

  • Խելքը
  • Հաջողությունը
  • Ինքնավստահությունը
  • Ուժը
  • Ինքնահարգանքը
  • Անկախությունը
  • Կրքոտությունը
  • Քաջությունը
  • Տղամարդկությունը
  • Վճռականությունը
  • Սրամտությունը
  • Նպատակասլացությունը
  • Բարությունը
  • Հուսալիությունը
  • Ուշադրությունը
  • Զգայունությունը
  • Հումորի զգացողությունը

Ի՞նչ չեն սիրում կանայք:

  • Տղամարդկանց՝ սեփական արժանիքների նկատմամբ թերահավատությունը:
  • Հումորի զգացողության բացակայությունը:
  • Անվստահությունը:
  • Չափազանց ինքնավստահությունը:
  • Բացասական վերաբերմունքը կնոջ բոլոր արարքների հանդեպ:
  • Ժլատությունը:
  • Փոխըմբռնման բացակայությունը:
  • Ինքն իրեն խղճալը:
  • Կնոջը վերափոխելու փորձերը:
  • Կոպիտ հումորը:

 Ինչպե՞ս պարզել.Կինը հետաքրքրասիրություն ցուցաբերո՞ւմ է ձեր հանդեպ, թե՞ ոչ:

Հաճախ կանայք կամա և ակամա ազդանշաններ են հաղորդում տղամարդու հանդեպ իրենց ունեցած հետաքրքրության և սիրախաղ սկսելու ցանկության մասին: Առհասարակ, տղամարդկանց հրապուրելու առումով կանայք շատ հնարամիտ են: Նրանք երբեմն անում են, անգամ, անհավանական բաներ: Սակայն կան ազդանշաններ, որոնք կանայք կիրառում են անհիշելի ժամանակներից: Դրանց ցուցակը բավականին մեծ է, սակայն ներկայացնում ենք առավել տարածված ազդանշանները.

  • Գայթակղող հայացք: Նա մի հայացք է նետում Ձեզ վրա և արագ հեռացնում, այնուհետև դա կրկնում է՝ հայացքն ավելի երկար պահելով: Ժամանակ առ ժամանակ կրկնվող հայացքը կարող է ուղեկցվել նկատելի ժպիտով:
  • Ձեզ հետ զրույցի ժամանակ կինը մազերի հետ է խաղում:
  • Նա հաճախ է ժպտում և շատ հարցեր տալիս:
  • Հնարավոր է զրույցի ժամանակ դիպչի Ձեզ:
  • Ակամա կրկնօրինակում է Ձեր շարժումները:
  • Թերևակի սեթևեթում է:
  • Նստում է Ձեր դիմաց և ոտքը գցում ոտքին այնպես, որ տեսանելի լինեն ազդրերը:

Ամեն դեպքում հիշեք` սիրախաղը դեռևս խոստում չէ, այլ պարզապես խաղ, որը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց կարող է նաև շարունակություն ունենալ:

Մի´ համառեք և ժամանակ մի ծախսեք, եթե կինը Ձեզ բոլորովին այլ ազդանշաններ է հաղորդում:

  • Մի կողմ է քաշվում, երբ մոտենում եք իրեն:
  • Խուսափում է Ձեզանից:
  • Չի կիսում արտաքին շփումը Ձեզ հետ:
  • Ձեզ հետ խոսելիս թևերը «խաչում է» կրծքին:
  • Խոսելիս քիթը տրորում է:
  • Խոսելիս շուրջն է նայում կամ այլ տղամարդկանց:
  • Չի փորձում զրույցը շարունակել և ալարկոտությամբ է արձագանքում Ձեր մեկնաբանություններին:
  • Հատուկ հակված չէն պատասխանել Ձեր հարցերին և լրացուցիչ հարցեր էլ չի տալիս:

Իհարկե պետք չէ այդ ազդանշաններին շատ բառացիորեն վերաբերել: Հաճախ այդ շարժումները կարող են պայմանավորված լինել նաև կնոջ սովորություններով կամ այդ պահին ունեցած տրամադրությամբ:

Ինչի՞ն են կանայք առավել բարեհամբույր արձագանքում:

Առաջին հերթին չպետք է մոռանալ հաճոյախոսությունների մասին. գրեթե չկա մի կին, որին դա դուր չգա: Մյուս կողմից, չափից դուրս շատ հաճոյախոսություններն ու անզուսպ շողոքորթությունը կարող են կնոջն իրականության զգացողությունից կտրել:

Հիշեք` կանանց համար կարևոր չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչ զգացողությամբ ու էմոցիաներով եք դա ասում և թե արդյոք դրանք ասում եք, որ տպավորություն թողնեք նրա վրա:

Ի վերջո կանանց համար կարևոր է այն տրամադրությունն ու մթնոլորտը, որ Դուք ստեղծում եք, ինչպես նաև ուշադրությունն ու հարմարավետության զգացողությունը, որ նա զգում է Ձեր կողքին:

Սիրելի´ տղամարդիկ, արեք ինչ որ յուրօրինակ, ոչ ստանդարտ բան, ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարևոր են կանանց համար, թույլ տվեք կնոջը զգալ, որ նա ամենակարևոր էակն է Ձեզ համար: Եվ ամենակարևորը` Ձեր խոսքերն ապացուցեք գործով:

Դոլարը`415.5 դրամ

դոլարԱպրիլի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.5 դրամ:

 

Գործազուրկ սիցիլիացին սպանել է քահանային, քանի որ հոգնել էր նրա քարոզներից

m1Քահանային սպանելու մեջ մեղադրված սիցիլիացի տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ ինքը այլևս չէր կարողանում տանել նրա քարոզները:

Արևմտյան Սիցիլիայի փոքր գյուղերից մեկի քահանա Մայքլ դի Ստեֆանոն իր քարոզները կառուցում էր այցելուների խոստովանությունների հիման վրա՝ մեկնաբանելով նրանց սխալ քայլերը:

Ծեր քահանան շատ քիչ ջանք էր թափում այդ մեկնաբանությունների մեջ տվյալ օրինախախտների ինքնությունը թաքցնելու հարցում:

Քահանային մահացած էին գտել եկեղեցու իր կեցավայրի անկողնում:

33-ամյա Անտոնիո Ինկանդելան հայտնել էր, որ ինքը պարզապես ցանկանում էր դաս տալ քահանային՝ իր քարոզում համայնքում կատարված վատ արարքները մեջբերելու համար:

Իտալական ANSA լրատվական գործակալության տվյալներով՝ մեկ երեխայի հայրը պնդում է, որ ինքը չի ցանկացել սպանել քահանային:

Տղամարդու տեղեկություններով՝ ինքը ցանկանում էր հարվածել նրա ոտքերին, սակայն մթության մեջ չի կողմնորոշվել և շատ ուշ է հասկացել իր սխալը:

Այնուհետև նա գողացել էր քահանայի բանկային քարտերը, որպեսզի գողության տպավորություն ստեղծվեր:

Ոստիկանության տվյալներով՝ գործազուրկ Ինկանդելան բռնվել էր քահանայի քարտերը բանկոմատում օգտագործելու պահին:

Սպանության գործով նրան պաշտոնական մեղադրանք է ներկայացվել:

Գալուստ Սահակյանը մտքում հայհոյել է

Գալուստ-սահակյանԱյսօր Աժ ճեպազրույցի  ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն դիտարկմանը,  թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը որպես իշխանավոր կնքեց իր մահկանացուն, մտածեց և իրեն բնորոշ տոնով ասաց. «Ասում են` »

«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան մոգոնելը քաղաքական ճակատագրի վախճան է: Եթե լուրջ արտահայտվեր, կպատասխանեի, կին է, չեմ կարող հայհոյել, մտքումս պատասխանեցի»:

Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին՝ Գ.Սահակյանը նշեց, որ քաղաքական դաշտում այդպես էլ չձևավորվեց կազմակերպված ընդդիմություն, և դա ցավ է: Նրա հավաստմամբ՝ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, առաջիկայում կներառվեն կառավարության ծրագրում: «Հեշտ չի լինելու, բայց մենք պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնելու՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ կարգավիճակ կունենա»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ ժողովուրդը պահանջում է սոցիալական վիճակի բարելավում, մարդու իրավունքների պաշտպանություն, արտագաղթի կանխում և այլն:

Գ.Սահակյանի խոսքով՝ իշխանությունը դարձյալ պիտի կատարի թե´ ընդդիմության, թե´ իշխանության դերակատարություն, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը:

 

Մտածելու առիթ կա

13364 նետաձգությունԱպրիլի 21- 27-ը Մոսկվայում կայանալիք ԱՊՀ  երկրների դպրոցական սպորտի առաջին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանի շախմատի և բադմինտոնի ֆեդերացիաներին տրամադրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է  1,5 մլն դրամ։

Կառավարությունը նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 28 մլն դրամ, որը տրամադրվելու է Հայաստանի նետաձգության ֆեդերացիային` 2013-ի մայիսի 27-ից հունիսի 1-ը Էջմիածին քաղաքում Եվրոպայի Գրան պրիի 2-րդ փուլի մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով։

Ցավոք, մեր նետաձիգներից սպասելիքներ գրեթե չկան: Ինքնին հարց է առաջանում` իմաստ ունի փող ծախսել, այն էլ մայրաքաղաքի մարզասերների աչքից հեռու այդպիսի մրցումներ անցկացնելու համար: Արդյոք, դա ինքանանպատակ չէ: Մտածելու առիթ կա:

Սրճարան` կատուների սիրահարների համար

կատուՌուսաստանում օրիգինալ սրճարան է բացվել: Այստեղ գալիս են կենդանիների հետ խաղալու համար: Նման սրճարաններ արդեն գործում են Սարատովում, Կազանում և Սանկտ Պետերբուրգում: Vesti.ru-ն տեղեկացնում է, որ գաղափարը փոխ են առել ճապոնացիներից:

Մնացել է մեկ տուր

25441 chessԵվգենյա Դոլուխանովան Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի  Լուկաս Չայգնոյին:

Մեր երկրի ներկայացուցիչը վաստակած 5,5 միավորով  22-րդ տեղում է: Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:

«Լավ, մենք մեռանք-գնացինք, բայց երկիրը պետք է փոխհատուցման օրենք ունենա՞, թե՞ չէ». հաշմանդամ օդաչու

ՕդաչուԴավիթ Դավթյանը օդաչուական գործունեությունը սկսել է 1966 թ.` «Կուկուռուզնիկ» ինքնաթիռից: Հիշում է` այդ ժամանակ Հայաստանում դեռ նորմալ ճանապարհներ չկային, ավտոմեքենաներն էլ քիչ էին, և այդ ինքնաթիռներով հանրապետության տարբեր վայրեր չվերթներ էին իրականացնում:

Հետո անցավ «ՅԱԿ-40»-ին, իսկ 1978-ից մինչև 2000 թ. «Տու 154»-ի օդաչու էր:

Մեր զրուցակցի գործունեությունն այդ թվականով չէր ավարտվի, եթե աշխատանքի ընթացքում առաջացած հիվանդությունը չլիներ: Դեռևս 1986 թ., երբ 42 տարեկան էր, Խարկով քաղաքում պարտադիր բուժզննման ժամանակ պարզ դարձավ, որ հիվանդությունն արդեն սկզբնավորման փուլում է: 2000 թ. հերթական բուժզննումից հետո նրան  արգելեցին ինքնաթիռ վարել: Նա այլևս անաշխատունակ էր:

Լսողական նյարդի բորբոքում` օդաչուներին բնորոշ հիվանդություն: «Արտասահմանում անգամ ինժեներատեխնիկական կազմն անպայման հատուկ գլխարկներ էր կրում ինքնաթիռը ճանապարհելու ժամանակ, բացի այդ, նրանց ինքնաթիռներն այդքան աղմուկ չէին հանում, ինչքան սովետականները: Իսկ մենք պաշտպանական ոչինչ չունեինք: Սովետն ի՞նչ էր՝ ավելի շատ ձայն, քան արտադրություն»,- ասում է երկրորդ կարգի հաշմանդամ դարձած օդաչուն:

Սակայն, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որտեղ աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամ դարձած օդաչուները ստիպված են տարիներ շարունակ պայքարել իրենց առողջության վնասի դիմաց օրենքով սահմանված փոխհատուցումը ստանալու համար: Սա էլ մեր ավիացիայի անմխիթար վիճակի հերթական դրսևորումն է:

Սակայն մինչև 2006 թ. սեպտեմբերիի 1-ը ամեն ամիս օդաչուներն իրենց հասանելիքը ստանում էին «Հայկական ավիաուղիներից»: Երբ 2004 թ. սկսվեց «Հայկական ավիաուղիների» սնանկության գործընթացը, խնդիրն ի հայտ եկավ: Ընկերությունը մինչև 2006 թ. իր գույքը վաճառելու հաշվին վճարում էր նաև օդաչուների գումարները: Սակայն գույքն անվերջ չէր, ի վերջո դա էլ սպառվեց, և արդեն 7-րդ տարին է, ինչ նրանք որևէ գումար չեն ստացել:

Ի դեպ, մինչև 2004 թ. գոյություն ուներ կառավարության 579 որոշում` ընդունված 1992 թ., որի 16-րդ կետը սահմանում էր. կազմակերպության լուծարման հետևանքով նրա գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցվում է նրա իրավահաջորդի կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության մարմնի կողմից՝ պետական բյուջեի հաշվին: «2004 թ., երբ հաշվարկեցին բոլոր պարտքերը, որոշման այդ կետը հանեցին, ու մենք սկսեցինք ընկնել դռնեդուռ»,- ասում է Դավիթ Դավթյանը:

Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Հանրային խորհրդին գրված պատասխան նամակում այլ բացատրություն է տալիս: Կառավարության որոշման այդ կետը հակասում էր 1999 թ. ընդունված քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կապիտալացվում է` դրանք տուժողին վճարելու համար: Սակայն այլ իրավական ակտերի մեջ մտնում էր նաև 1992 թ. որոշման այդ կետը, որը հանվել էր` այդպիսով ի չիք դարձնելով պետության պատասխանատվության հարցը:

Օդաչուներն արդեն տարիներ շարունակ դիմում են տարբեր պետական ու հասարակական մարմինների` իրենց իրավունքներն ու հասանելիքը վերականգնելու համար: Մարդու իրավունքների երեք պաշտպանների տարեկան զեկույցներում էլ գրված է նրանց խախտված իրավունքների մասին:  «Ուր դիմում ենք, ասում են` այո, ձեր իրավունքները խախտված են, բայց ոչ ոք հարցը մինչև վերջ չի բարձրացնում ու տանում»:

Հիշում է` երբ Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար, հանդիպեց նրան, ներկայացրեց խնդիրը, իսկ  նա ասաց. «Եթե ձեր հարցը բարձրացնեն, ես լրիվ ձեր կողմից կլինեմ»: «Ներողություն, բայց ո՞վ պիտի մեր հարցը բարձրացնի»,- զարմանում է օդաչուն:

Խախտված իրավունքները վերականգնելու համար օդաչուները դիմել են նաև Հանրային խորհրդին: Նամակ է հղվել հանրապետության նախագահին, որում նշվել է, որ ՀՀ օրենքներն ու այլ իրավական ակտերը չեն պարունակում բավարար  երաշխիքներ, երբ աշխատողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման համար պատասխանատու գործատու կազմակերպությունները ճանաչվում են սնանկ:

Նամակին պատասխանել է արդարադատության նախարարը` մեկ անգամ ևս հիշեցնելով օրենքը, ըստ որի` նման դեպքում պատասխանատվություն է կրում միմիայն տվյալ կազմակերպությունը` իր գույքով, և ոչ թե պետությունը:

«Փաստորեն, եթե հիմնարկը սնանկ է և գույք չունի, ապա առողջությանը և կյանքին պատճառած վնասը ոչ ոք չի փոխհատուցում»,- նկատում է օդաչուն:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ոլորտի համալիր կարգավորումն ապահովելու նպատակով մշակվում է նախագիծ: «Արդեն յոթ տարի է՝ ասում են` օրենք ենք մշակում, և էդ օրենքի սահմաններում ձեր հարցը կլուծենք: Վերջին պատասխանը ստացել եմ երեկ, սոցապ նախարարությունից. օրենքն արդեն մշակված է, տրված է կառավարությանը, բայց ասել են՝ նորից պիտի քննարկեք,- ասում է օդաչուն,- արդեն մոտ 60-70 հոգի ենք մնացել: Դե երևի սպասում են` մեռնենք-գնանք, որ հարցը փակվի: Լավ, մենք մեռանք-գնացինք, բայց երկիրը պետք է փոխհատուցման օրենք ունենա՞, թե՞ չէ»:

Սակայն օդաչուներն ավելի վճռական են, քան պետական կառույցները. նրանք ժամանակին դիմել են տեղական դատարաններին, սակայն ապարդյուն: Հիմա պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան: «Ու կհասնենք,- ասում է Դավիթ Դավթյանը,- եթե կենդանի մնանք, անպայման ստանալու ենք մեզ հասանելիքը»:

Օդաչուն չի կարողանում անտարբեր մնալ և չխոսել նաև Հայաստանի քաղավիացիայի ներկա իրավիճակի մասին: Նրա խոսքով` այսօրվա իրողությունը «Հայկական ավիաուղիների» սնանկացման շարունակությունն է: Լավ է հիշում 2003 թ. մարտի 27-ի կառավարության 331-Ա որոշումը, երբ, նրա գնահատմամբ, սնանկացման կեղծ գործընթաց սկսվեց: «Նիստը վարում էր ոչ թե լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, այլ Ռոբերտ Քոչարյանը: Նրա միանձնյա  որոշմամբ բոլոր չվերթները հանձնվեցին «Արմավիա» ընկերությանն ընդամենը 5 միլիոն դոլարով և մինչև 2013 թվականի հունվար ամիսն ամեն տարի մեկ միլիոն դոլար պետությանը տրամադրելու պարտավորությամբ»:

Նա այս որոշումը համարում է անօրինական, քանի որ ո՛չ աճուրդ էր տեղի ունեցել, ո՛չ էլ վաճառքի արժեքն էր համապատասխանում իրականությանը. «300-400 միլիոնանոց շուկան տալիս ես 5 միլիոնո՞վ: Դա նվեր էր: Իսկ ինչո՞ւ սնանկության գործընթացը սկսվեց միայն մեկ տարի հետո, երբ օգտագործեցին «Հայկական ավիաուղիների» շենք-շինությունները, էկիպաժները, օդանավերը և հետո էլ ոչ մի պարտավորություն չդրեցին «Արմավիայի» վրա»:

«Այդ ամենի նպատակն ի՞նչ էր»,- հարցնում եմ: «Նիստը վարողին հարցրեք»,-խորհրդավոր տոնով պատասխանում է օդաչուն:

Զրույցի վերջում հետաքրքրվում եմ. «Լավ, բա հիմա ինչպե՞ս եք ապրում»: «Շատ լավ,- հպարտ պատասխանում է նա,- եթե օդաչում եմ, կարող ա՞ պատահի` վատ երեխաներ եմ մեծացրել»: «Որդի ունե՞ք»,- հարցնում եմ: «Ունեի…»,- ասում է ու  լռում: Հետո պարզում եմ, որ որդին 28-ամյա Արման Դավթյանն էր` 2006 թ. Երևան-Սոչի չվերթի ժամանակ վթարի ենթարկված A-320 օդանավի երկրորդ օդաչուն…

Իսկ դուստրն ապրում է Միացյալ Նահանգներում, աշխատում է ՄԱԿ-ի գրասենյակում: Հորն էլ հորդորում է թքել ամեն ինչի վրա ու գալ իր մոտ, բայց օդաչուի համար այս ամենը ոչ թե ֆինանսական, այլ պատվի ու արժանապատվության խնդիր է:

 

 

«Պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»

բանակՊաշտպանական գերատեսչությունը լրջորեն սկսել է զբաղվել մեր հասարակության շրջանում գաղափարական զարգացման հարցով՝ բանակում շեշտադրումը կատարելով հենց այս ոլորտի վրա: Մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտենց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նա նաև հավելեց, որ նախարարությունն իր առջև խնդիր է դրել մի քանի տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում ներմուծել ազգային գաղափարախոսությունը` որպես զինծառայողների մարտական ոգու բարձրացման կարևորագույն ուղի. «Այս խնդրի շուրջ բանակային համակարգի ղեկավարությունը ամենայն լրջությամբ է կենտրոնացել, ձեռք են առնվում բոլոր միջոցները, մշակվում են ազգային գաղափարական մոդելի ներդրման մեթոդները, այդ թվում` իրականացվում է նոր առարկային ժամաքանակ հատկացնելու պրոցեսը: Այսպիսով կարելի է ասել, որ պաշտպանական գերատեսչությունն աննախադեպ ծրագիր է իրականացնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Փորձագետների համոզմամբ՝ ազգային գաղափարախոսությամբ տոգորված երիտասարդությունն իր առջև դրված խնդիրներն առավել ճշգրիտ և պատասխանատվությամբ կկատարի: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ ի թիվս այլ միջոցառումների, վերոնշյալ նախաձեռնությունը զինվորականների շրջանում կնվազեցվեն նաև արատավոր երևույթները. «Իհարկե, այն կյանքի կոչելիս մենք կբախվենք բազմաթիվ խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ զորակոչի ընթացքում բանակ են զորակոչվում տարբեր գիտելիքների տեր անձիք, տվյալ պարագայում նախարարութունը ստիպված է իրականացնել մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքը այն կլինի, որ բանակից հասարակություն կանցնեն ոչ միայն զինվորական գործին տիրապետող, այլև գաղափարափես կայուն և խելացի երիտասարդներ»,- նշեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Աշխատանքների առաջին փուլը ամփոփվեց մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած կոլեգիայի նիստի ընթացքում, որը նվիրված էր ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական ապահովման համակարգի խնդիրներին և դրանց լուծման ուղիներին՝ ազգային գաղափարախոսության ներդրմամբ, ինչպես նաև ազգային բանակի լավագույն ավանդույթների կիրառման և իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով արատավոր երևույթների դեմ պայքարի ընթացքին: Ներկայումս սկսվել են տեսական մասի մշակման աշխատանքները:

«Մեր երկրի պաշտպանության նախարարությունը զորամասերում նոր առարկայի ներմուծմամբ և անցկացմամբ նպաստելում է ազգապահպանության և ազգասիրության խնդիրների իրականացմանը»,- մեզ հետ զրույցում ընգդծեց Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ Արտուշ Բալյանը. «Այս նախագիծը չափազանց մեծ ազդեցություն կթողնի մեր երկրի երիտասարդ խավի զարգացվածության վրա: Այն միաժամանակ կլուծի մի շարք խնդիրներ ծառայության ընթացքում ու դրանից հետո»,- համոզմունք հայտնեց ազատամարտիկը:

Նշենք, որ այս ամենը կյանքի է կոչվում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ և վերահսկողությամբ: Խնդրի իրականացմանը լծվել են պատասխանատու վարչությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների պետերն ու աշխատակիցները:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ նախարարության ղեկավարը վերջին երեք տարիներին մշտապես կրկնում է, որ արգելել է օգտագործել «Բանակը հասարակության հայելին է» և «Աշխարհի այլ բանակներում էլ են լինում նման դեպքեր» արտահայտությունները. «Այսինքն՝ բանակն ունի բոլոր լծակները հասարակությունից զինված ուժեր ներթափանցող խնդիրների լուծման համար: ԱԺ-ում վերջին քննարկումներից հետո շատերը մեկնաբանեցին, որ Սեյրան Օհանյանը նոր է դա օգտագործում, սակայն նախարարը դրա մասին վաղուց է խոսում: Վերջին իրադարձությունները, ինչպես նաև բանակ-հասարակության կապի թափանցիկությանը միտված հստակ քայլերը վկայությունն են այն բանի, որ զինված ուժերն այդ լծակներն արդեն կիրառում են: Նախարարը հստակ խնդիր է դրել արմատախիլ անել արատավոր երևույթները, և անգամ՝ հասարակության համար հանդիսանալ լոկոմոտիվ, օրինակելի կառույց որտեղ ձգտեն: Գաղափարախոսական դաստիարակությունը լավագույն ձևն է կայացնել հզոր զինվորականի և լավ քաղաքացու հասարակության համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Հեղինակ՝ Գևորգ Թոսունյան

Վիկ Դարչինյանը կմրցի Խավիեր Գալոյի հետ

Vic-Darchinyan1Հանրածանոթ թեթևքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին  չեմպիոն Վիկ Դարչինյանը մայիսի 11-ին հերթական մրցամարտը կանցկացնի:

Մարզիկի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան հայտնել է, որ այդ օրը Դարչինյանը 10 ռաունդանոց մրցամարտ կանցկացնի ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի մարզապալատի ռինգում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի  մեքսիկացի Խավիեր Գալյոյը: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 23 հանդիպումներից  18-ում հաղթել է`  10-ը նոկաուտով:

Պատիժներ կարգազանցներին

ffa5Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Ռոբերտ Դալլաքյանի նախագահությամբ`

Որոշվեց՝

Արտոնագրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`

1.1 «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

1.2. «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

13/04/13թ. «Շիրակ»-«Արարատ» խաղին պատգարակը տեղափոխող աշխատակիցների չլինելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

15/04/13թ. «Բանանց-2»-«Շիրակ-2» խաղը «Շիրակ-2» թիմի կողմից չտեսագրելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 23-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

15/04/13թ. «Իմպուլս-2»-«Փյունիկ-2» խաղին «Փյունիկ-2» թիմի կազմից բարձրագույն խմբում հայտավորված ֆուտբոլիստ (Վահագն Մանոյանի) խաղացնելու, Մրցումների կանոնակարգի հոդված 10-րդ կետ 13-րդ խախտելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «Փյունիկ-2» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Փյունիկ»  ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

11/04/13թ. «ԽՄՕՄՄ-97»-«Փյունիկ-Մրգաշատ-97» խաղին «ԽՄՕՄՄ-97» թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Մարտիրոսյանի հեռացման (մրցավարին վիրավորելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել մինչև մանկապատանեկան ֆուտբոլի և ֆուտզալի մրցաշրջանների ավարտը, ԽՄՕՄ մարզադպրոցին տուգանել 40000 դրամ:

11/04/13թ. «Լ.Արցախ-97»-«Իմպուլս-1-97» խաղին «Իմպուլս-1-97» թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Իմպուլս-1-97» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 100000 դրամ:

12/04/13թ. «Բանանց-95»-«Գանձասար-95» խաղին «Գանձասար-95» թիմի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Գանձասար-95» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

13Գ004 խաղին «Շիրակ-2-2000» թիմի կազմում չգրանցված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000  դրամ:

12/04/13թ. «Թալգրիգ-ֆզ»-«Շահումյան-ֆզ» խաղի նախախաղային խորհրդակցությանը «Շահումյան-ֆզ» թիմի ներկայացուցչի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Շահումյան ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը տուգանել 15000 դրամ:

14/04/13թ. «Ավան ԵԿՄ-97»-«Թալգրիգ-1-97-ֆզ» խաղը չկայանալու (ոստիկանության աշխատակիցների և բժշկի բացակայության պատճառով) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «Ավան ԵԿՄ-97» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, ՀՀ երկրապահ կամավոր միություն Երևան Ավանի տարածքային բաժանմունքին տուգանել 10000 դրամ: