Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »

կգնԿրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ,  որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝  գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև  գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության  մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է  նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով  համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԿԳ նախարար   Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
“Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման  համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի  այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով   անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը”,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:

Անկախ

ԵԳԱԾ ղեկավար մարմինը պարզաբանում է, թե ինչու է 400 հազար դրամ հատկացրել լրագրողների աշխատանքը խոչըդոտած երիտասարդին

սևակ խաչատրյանԵրիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է, թե ինչու է  ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն, ով Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքին, արժանացել 400 հազար դրամի՝ գործուղման համար: Գումարը նրան հատկացվել է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով:

Հայտարարությունում ասվում է.

-Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) կողմից իրականացվող գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի դիմորդների հայտերի գնահատումն իրականացվում է ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից մշակված և հաստատված կարգի ու չափորոշիչների հիման վրա:
Վերոհիշյալ չափորոշիչներն ապահովում են անկողմնակալ մրցույթի իրականացումը և դիմումների անաչառ գնահատումը: Այդ փաստը ապացուցվել է 1,5-ամյա գործունեության ընթացքում: Մրցութային հայտերի գնահատումն անձնավորված չէ, և մրցութային միավորները տրվում են բացառապես տվյալ գիտական միջոցառման մասնակցության հայտի վերաբերյալ:
Հունվար ամսվա մրցույթի արդյունքների շահարկումները համարում ենք անընդունելի: Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումները տարակուսելի են և կոչված են արատավորելու ԵԳԱԾ բարի համբավը:
Տեղեկացնում ենք նաև, որ սույն թվականի փետրվարի 21-ից սկսած՝ գիտական գործուղումների ֆինանսական աջակցության մրցույթի կարգում իրականացվելու են հետևյալ փոփոխությունները. հետայսու մրցույթին կարող են դիմել այն երիտասարդ գիտնականները, ովքեր ՀՀ ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ արտասահմանյան գիտական պարբերականներում առնվազն մեկ գիտական հոդված ունեն։ Բացի այդ, խստացվել են նաև տեխնիկական չափորշիչները։

Անկախ

 

Հայ գիտնականներն ավելի բարձր արդյունք են ապահովում, քան Վրաստանի և Ադրբեջանի գիտնականները միասին. ԳՊԿ նախագահ

Սամվել ՀարությունյանԳՊԿ տվյալներով Հայաստանում գիտության ոլորտում աշխատում է 7500 մարդ, որոնց 30 տոկոսը (2250 մարդ) գիտաշխատողներ են: Նրանցից 1200-ը  հոդվածներ են տպագրում միջազգային ռեյտինգային ամսագրերում և աշխատանքի բարձր ցուցանիշ են ապահովում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով` Թոմսոն Ռոյթերսի հրապարակած տվյալների համաձայն` հայաստանյան գիտնականները 2013-ին միջազգային հեղինակավոր ամսագրերում 750 հոդված են տպագրել, ինչը ավելին է, քան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները միասին վերցրած:

« Չէի ասի, որ կարելի է շատ հպարտանալ այս ցուցանիշով, քանի որ ավելիին ենք ի վիճակի: Հույս ունեմ, որ այս արդյունքները  գնալով կլավանան: Իհարկե, եթե բյուջեն ավելի մեծ լիներ, ավելի լավ արդյունք կունենայինք»,- ասում է Հարությունյանը:

ԳՊԿ նախագահն ասում է, որ 2014-ին գիտության բյուջեն 1,3 մլրդ դրամով ավելացել է նախորդ տարվա համեմատ` կազմելով 12,6 մլրդ դրամ:

Գիտությունը երևի միակ ոլորտն  է, որի ֆինանսավորման չափաբաժինը որոշվում է օրենքով, այսինքն համամասնորեն բյուջեի ավելացմանն ավելանում է  նաև գիտության բյուջեն. «Համարում եմ, որ սա բավականին փոքր բյուջե է, եթե ավելի շատ լիներ, ավելի շատ աշխատանք կարվեր և ավելի լուրջ արդյունքներ կարող էինք ունենալ: Բայց մեր պետության հնարավորությունն առայժմ սա է: Համոզված եմ, որ նոր հնարավորություններ առաջանալու պայմաններում գիտությունն անմասն չի մնա»:

Խոսելով գիտական թեմաների ֆինանսավորման գործընթացից, ասում է, որ այժմ միջազգային մակարդակով է փորձաքննություն իրականացվում, ինչի հետևանքով տուժել են տեղայնացված մակարդակով հետազոտություններ կատարողները, և նման պայմաններում կարող են դժգոհություններ լինել:

« Գիտնականը պետք է ունենա միջազգային հրապարակումներ, պետք է ճանաչված լինի նաև դրսում, գիտական աշխատանքը արժեք ունի, եթե այն  կարդում են ոչ միայն կողքի լաբորատորիայում, այլ նաև այլ հանրապետություններում: Բնականաբար, մարդիկ, ովքեր տեղայնացված համակարգով էին աշխատում, տուժեցին,- ասում է Հարությունյանը:- Հիմա գիտնականը պետք է հասկանա, որ մրցույթում հաղթելու համար պետք է հրապարակվի լավ ամսագրերում, նորմալ թիմ ընտրի, ոչ թե իր ընտանիքի անդամներին ընդգրկի: Այսինքն բազմաթիվ պայմանների պիտի համապատասխանի մրցույթում հաղեթելու և ֆինանսավորում ստանալու համար»:

Խոսելով երիտասարդ գիտնականներին խրախուսելու մասին` ասում է, որ տարեկան մոտ կես մլրդ դրամ է հատկացվում երիտասարդ գիտնականներին. 150 մլն բյուջեով է նախատեսված, նաև գրանտային ծրագրերում պարտադիր պայման է, որ գոնե մեկ երիտասարդ գիտնական ընդգրկված լինի. « Առայժմ այսքանն ենք կարողանում անել»:

Հարությունյանն ասում է, որ նախորդ տարի առաջին անգամ գիտական սարքավորումներ ձեռք բերելու մրցույթ է անցկացվել, որի համար հատկացվել է 305 մլն դրամ: Նման մրցույթ կանցկացվի նաև այս տարի: 2013-ին 5 հետազոտական լաբորատորիա է ձեռք բերվել:

Հումանիտար ոլորտում լաբորատորիաներից մեկը մատենադարանի համար է` թվայնացման աշխատանքներ իրականացնելու համար, մյուսը` հնագիտական ուսումնասիրությունների համար է նախատեսված: «Պետք է աշխատենք առաջիկա տարիներին ևս մի քանի նոր սարք ձեռք բերել, որպեսզի մեր գտածոները փորձաքննություն անցնեն ոչ թե տարբեր  երկրներում, այլ Հայաստանում: Հաճախ  գտածոն ուղարկում են այլ երկիր փորձաքննության, և  տարօրինակ պատասխաններ են գալիս, քանի որ պատմությունը նաև քաղաքականություն է: Դրա համար որոշեցինք մեր սեփականն ունենալ: Մոտ ապագայում այդ լաբորատոր սարքերը  ձեռք կբերենք, և հնագիտական  փորձաքննությունները Հայաստանում կիրականացնենք»,- ասում է Հարությունյանը:

Մյուս երեք լաբորատորիաները բնագիտական ոլորտի համար են` տեղակայվել են  Ռադիոֆիզիկայի  ինստիտուտում, Ճարտարապետության և շինարարության   պետական համալսարանում և Ֆիզիկայի ինստիտուտում:

«Ժամանակակից գիտության մեջ լուրջ գիտական արդյունքներ ակնկալելու համար պետք է ժամանակակից  սարքավորումներ ունենանք»,- ասում է Հարությունյանը` հավելելով, որ հնարավորության դեպքում սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվող գումարները կավելացնեն:

Ասուլիսի ընթացքում ներկայացված  գիտության ոլորտում 2013-ի ամփոփմանն ու 2014-ի անելիքների մանրամասներին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Հայ գիտնականների ստեղծած սարքերով կյանքը կարող էր ավելի հեշտ լինել, բայց…

Picture4 059Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասին, համացանցը փորփրելով, շատ տեղեկություններ չեք գտնի: Խորհրդային տարիներին ինստիտուտը կիսափակ կառույց է եղել, և այժմ էլ գաղտնապահության միտումը շարունակվում է: Բայց այստեղ վստահ են, որ ինստիտուտում իսկապես հետաքրքրվողները կգտնեն անհրաժեշտ տեղեկությունները:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտով (ՖԿՊԻ) «Անկախի» հետաքրքրության առիթն ինստիտուտի տնօրենի 50-ամյակն էր: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը 1983-ից աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 2006-ից այդ հաստատության տնօրենն է: Ասում է, որ ժամանակին, ըստ ընտանեկան ավանդույթի, կա՛մ պետք է գիտնական դառնար, կա՛մ դիվանագետ: Ինքն ընտրեց առաջինը և չի զղջում իր ընտրության ու անցած ճանապարհի համար:
ՖԿՊԻ-ն հիմնվել է 1980-ին, Խորհրդային Միության տարածքում ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած և կիրառական հետազոտություններով զբաղվող չորս ինստիտուտներից մեկն էր: Սակայն, ինչպես Մկրտչյանն է նշում, ԽՄ փլուզումից հետո անունը մնաց, բայց գործունեությունը փոխվեց: Համապատասխան պատվերների բացակայության պատճառով այժմ զբաղվում են հիմնարար հետազոտություններով:
«Մեր տենդենցը չենք կորցրել, հիմա էլ կարողանում ենք սարքեր ստեղծել, որոնք կիրառում ենք գիտական փորձերի ժամանակ, ստեղծում ենք սարքեր, որոնց ներկայությունը շուկայում, մեր կարծիքով, ցանկալի կլինի, բայց, ցավոք սրտի, շուկա գոյություն չունի, սարքերի պահանջարկ չկա: Իսկ միջազգային շուկա դուրս գալու համար փող է պետք, ինչը չունենք»,- ասում է Մկրտչյանը:
Մի քանի տարի առաջ ՖԿՊԻ-ում անգամ գիտական արդյունքի շուկայականացման բաժին են ստեղծել, սակայն հետագայում այն փակվել է, քանի որ չի արդարացրել սպասելիքները. «Հայաստանյան շուկան փոքր է և դեռ ձևավորման փուլում է, պահանջարկն էլ քիչ է: Շուկան իր համար է ապրում, գիտությունն էլ` իր համար, տարանջատված են»:
Մկրտչյանը նշում է, որ պահանջարկի դեպքում իրենք կիրառական նշանակության գաղափարների պակաս չեն ունենա, միայն հնարավոր է, որ նոր սարքավորումների կարիք լինի. խորհրդային տարիներից հետո նոր սարքավորումներ ինստիտուտը ձեռք չի բերել: Իսկ առայժմ ինստիտուտում մեծ մասամբ հիմնարար գիտությամբ են զբաղվում, քանի որ ստացված կիրառական արդյունքը գոնե մեկ նմուշով կյանքի կոչելու համար 3-4 անգամ ավելի շատ գումար է հարկավոր, քան հիմնարար հետազոտության համար:
Չնայած այս իրողությանը` ՖԿՊԻ-ի գիտաշխատողները հնարավորության սահմաններում փորձում են գոնե մեկ օրինակով ստեղծել իրենց բացահայտումների կիրառական արդյունքները:
ՖԿՊԻ-ում առանձին բաժին է հատկացված իրենց ստեղծած սարքավորումներին: «Այն, ինչ մեր հնարավորություններով ստեղծել ենք, զուտ էնտուզիազմի հաշվին ենք ստեղծել»,- ասում է Մկրտչյանը` մինչ «Անկախի» թղթակցի համար ՖԿՊԻ-ի «թանգարանում» էքսկուրսիա կազմակերպելը:
Picture4 058Առաջինը շարժական ֆիլտրող սարք է, որը ջուրը մաքրում է վնասակար մանրէներից: Մկրտչյանը հիշում է, որ ջրի միկրոկենսաբանական աղտոտվածությունը խնդիր էր Արցախյան ազատամարտի տարիներին: Ոչ հեռավոր անցյալը նկատի ունենալով էլ ստեղծել են այդ սարքը:
Սրահում տեղադրված մեկ այլ սարք էլ նախատեսված է օդը տհաճ հոտերից մաքրելու համար: Ըստ Մկրտչյանի` այն հատկապես կիրառելի կլինի հիվանդանոցներում, որտեղ դեղորայքի հոտը օդը ծանրացնում է ու տհաճություն պատճառում:
Երրորդը էլեկտրական ցերեկային լույսի լամպ է, որը ստեղծել են դեռ 1997-ին: Բայց դրա ստեղծումից 16 տարի անց այն դեռևս չգերազանցված է իր պարամետրերով: Մկրտչյանն ասում է, որ աշխարհի առաջատար ընկերությունները տարեկան միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց լաբորատորիաներում ավելի որակյալ լամպեր ստանալու համար: Սակայն ՖԿՊԻ-ի` միջազգային ընկերություններին իրենց բացահայտումը ներկայացնելու փորձն ապարդյուն է անցել:
Մկրտչյանն ասում է, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետաքրքրված էր այդ գյուտով: «Փորձեր արվեցին, որ այստեղ արտադրություն կազմակերպվի նախկին լամպերի գործարանի հիմքի վրա, բայց նրա մահից հետո գործն այդպես կիսատ էլ մնաց»,- ասում է նա:
Հաջորդը լազերային գեներատոր է, որի համար հայ գիտնականները ստացել են ՌԴ Պրոխորովի անվան մրցանակը:
Ցուցադրվում է նաև մի սարք, որը խորհրդային տարիներին պահանջարկ է ունեցել, իսկ ԽՄ փլուզումից հետո ռազմական նշանակության սարքը վերածվել է ցուցանմուշի. այն փակ տարածությունում արձանագրում է մարդու ներկայությունը:
Սարքավորումները բազմաթիվ են` ոչ մետաղական տաքացուցիչ, որը կարող է էլեկտրական վարսահարդարիչների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել, ծառայության ժամկետն էլ երկարացնել, տեղական կավից ստացված կղմինդր (անգամ թղթի բարակության կղմինդրը կոտրելը բարդ է, չնայած համառ ջանքերին` «Անկախի» թղթակցին չհաջողվեց կոտրել): Այն կարող է օգտագործվել թե՛ որպես կղմինդր տանիքների համար և թե՛ որպես հումք կաթիլային ոռոգման համակարգի խողովակներ ստեղծելու համար:
Մկրտչյանն ասում է, որ վերջին կարևոր բացահայտումներից մեկն էլ ատամի մածուկն է, որը մի քանի անգամ ավելի արդյունավետ է կարիեսի դեմ պայքարում, քան ներկայումս գոյություն ունեցողները: Այն ստեղծվել է ՖԿՊԻ-ի նյութագիտության լաբորատորիայում:
Մկրտչյանն ասում է, որ մեկը մյուսից արժեքավոր գաղափարներ ունեն, միայն թե դրանք կյանքի կոչելը խնդիր է: Անգամ այն ծրագրերը, որոնք կառավարության մակարդակով հավանության են արժանանում, ֆինանսավորման խնդիր են ունենում. բանկերը ինովացիան ռիսկային են համարում և հրաժարվում են գումար տալ` պատճառաբանելով ցածր եկամտաբերությունը:
Չնայած այս ամենին, Մկրտչյանն ասում է, որ գիտաշխատողների մեջ հիասթափություն չկա, նվիրված աշխատում են: 255 աշխատող ունեցող ՖԿՊԻ-ի կադրերի մոտ 40 տոկոսը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Մկրտչյանի խոսքով` ուղեղների արտահոսքն էլ մեծ չէ. վերջին 10 տարվա ընթացքում 6 երիտասարդ է արտերկիր մեկնել, բայց նրանք էլ շարունակում են կապ պահպանել ՖԿՊԻ-ի հետ: Ըստ Մկրտչյանի` կարողանում է երիտասարդներին գրավել նաև ազատ աշխատանքային գրաֆիկի շնորհիվ: Այդպիսով, երիտասարդները կարողանում են և՛ ապրուստի գումար վաստակել այլ աշխատանքով, և՛ զբաղվել գիտությամբ: «Մեկ էլ ժամը 6-ին մի 30 հոգի հավաքվում է ու սկսում գործ անել, մինչև 10-ն էլ մնում են, երբ դա տեսնում ես` շատ հաճելի է»,- ասում է նա:
ՖԿՊԻ-ն մասնաճյուղեր ունի Կապանում և Մեղրիում, ռուսական կողմի հետ փոխադարձ պայմանագրով լաբորատորիա է գործում և Ռուսաստանում, ընթացքի մեջ է հայ-ռուսական համատեղ ասպիրանտական ծրագրի մեկնարկը: Այժմ նախատեսվում է ինստիտուտի մասնաճյուղ ունենալ և Իտալիայում:
Մկրտչյանն ասում է, որ լավատեսորեն է տրամադրված. գիտության վիճակը, ի վերջո, կբարելավվի, աշխատանքն էլ նպատակին կծառայի: Իսկ «գնացողներին» այստեղ չեն մեղադրում. «Առաջ գնացողներին մեղադրում էի, բայց հիմա էլ չէ, եթե այստեղ երիտասարդի սոցիալական վիճակը բավարար լիներ` չէր հեռանա»:

 

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Արմեն Աշոտյան. Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չկա

Արմեն Աշոտյան (2)«Գիտության առևտրայնացման համար պատասխանատու առանձին մարմնի կարիք չենք տեսնում, խնդիրն ավելի լուրջ է և բազմաշերտ.  և պետության կողմից լուծվելիք խնդիրներ կան, և գիտության որակի հետ կապված խնդիրներ կան, և մասնավոր հատվածում նորարարության պահանջարկի խնդիր կա»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն` ի պատասխան Անկախի հարցին, թե ինչու մինչև հիմա Հայաստանում չկա գիտական արդյունքի առևտրայնացման համար պատասխանատու օղակ և ինչ քայլեր են ձեռնարկվում դրա ստեղծման ուղղությամբ:

Աշոտյանն ասում է, որ սովորաբար գիտնականները պնդում են, որ ստեղծել  են որակյալ գիտական պրոդուկտ, որը չի հետաքրքրում մասնավորին կամ էլ չկա գիտական պրոդուկտը առևտրայնացնելու, ներդրում կատարելու մշակույթը, մասնավորն  էլ ասում է, որ իրեն չի բավարարում գիտնականների տված պրոդուկտի որակը կամ ինքն այդքան գումար չունի, որ այդ ներդրումը կատարի:

«Վերցրեք թոփ հազար հարկատուների ցանկը և տեսեք, թե որ ձեռնարկությունում նորարարության ինչ կոմպոնենտ կարող է ավելանալ, դա այդքան շատ չէ, բացառությամբ ՏՀՏ ոլորտի»,- ասում է Աշոտյանը:

Հարցին, թե ինչ իմաստ ունի ԳՊԿ և մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնավոր ծրագրերի ֆինանսավորումը, եթե չեն ներդրվելու տնտեսության մեջ, Աշոտյանը պատասխանեց, թե միանշանակ չի կարելի ասել, որ չեն ներդրվում: Որպես օրինակ` մատնանշում է Սելիմյան հացը. Այն որպես գիտական պրոյեկտ ֆինանսավորվել է ԳՊԿ կողմից:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապօղ օղակ

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

NASA-ն անօդաչու հրթիռ է ուղարկել լուսին

moon-orbiterՈւրբաթ օրը` օգոստոսի 6-ին, NASA-ն անօդաչու հրթիռ է արձակել տիեզերք՝ լուսնի մթնոլորտը և շրջակա միջավայրը ուսումնասիրելու համար:
Իշխանությունները ավելի վաղ տեղեկացրել են, որ Վիրջինիայից արձակված 86 մ երկարություն ունեցող հրթիռը տեսանելի կլինի ԱՄՆ արևելյան ափերից:
Այն արձակվել է տեղական ժամանակով 11:27-ին Ուոլոպս կղզում գտնվող թռիչքային հարթակից:
NASA-ի տեղեկություններով՝ հրթիռը կպտտվի լուսնի շուրջ լուսնային մթնոլորտի, նրա մակերեսի պայմանների և լուսնայի հողի վրա շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հավաքելու նպատակով:
Այս ինֆորմացիան գիտնականներին կօգնի նաև հասկանալ մյուս տիեզերական մարմինները:
Սպասվում է, որ LADEE անունով հրթիռը լուսին կհասնի հոկտեմբերի 6-ին:
Տիեզերական գործակալությունից հայտնում են, որ Երկրից լուսնի հեռավորությունը նրա դիրքով պայմանավորված տատանվում է 360 010.253 կմ-ից մինչև 405 071.885 կմ:

Մի խումբ գիտնականներ Հանրային խորհրդի նախագահի հետ քննարկել են գիտության ոլորտի խնդիրները

Գիտնականների հանդիպումը ՀԽ նախագահի հետԱյսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունեց մի խումբ գիտնականների, որոնց հետ քննարկվեցին գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Հիշելով խորհրդային տարիներին գիտության զարգացման աննախադեպ աճը, երբ Հայաստանը բարձրակարգ գիտնականների թվով առաջնային տեղեր էր զբաղեցնում աշխարհում՝ գիտնականներն անդրադարձան ներկայիս իրողությունը և փաստեցին, որ Հայաստանում գիտությունը ծերանում է, քանի որ տարեց գիտնականներին փոխարինողներ չկան, իսկ եղածներն էլ նախընտրում են մեկնել արտերկիր:
Գիտնականները հանդիպմանը եկել էին կոնկրետ հարցադրումներով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհապաղ իրականացման կարիք ունեն:
Բարձրացվեց օրենսդրությամբ ամրագրված, բայց չգործող դրույթների հարցը՝ մասնավորապես գիտական կոչում ունեցող անձանց հավելավճարների վճարումների հետ կապված (կենսաթոշակներից բացի), ինչը սահմանվել է դեռևս 2000 թ. ընդունված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով: Ընդգծվեց նաև հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում (որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական  գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ) գիտնականների ընդգրկման հարցը, ինչը նախատեսում է լրացուցիչ ամենամյա արձակուրդ վերջիններիս: Այդ ցանկում գիտնականներին ընդգրկելը, ըստ նրանց, առավել կարևոր է բարոյահոգեբանական տեսանկյունից:
Գիտնականներն առաջարկում են նաև սահմանել հոնորարներ՝ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում տպագրված հոդվածների համար, ասպիրանտներին տրամադրել միանվագ գումար՝ մասնագիտական գրականության ձեռքբերման, գիտական ամսագրերին բաժանորդագրվելու, հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներ գնելու և պահանջվող նյութեր ձեռքբերելու, ոլորտի պրոֆեսիոնալ միություններին անդամակցելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ՝ երիտասարդ գիտնականի մասնագիտական աճին նպաստող նպատակներով ծախսելու համար, հավելյալ ֆինանսներ հատկացնել Հայաստանում PostDoc-ական համակարգի ներդրման համար՝ առանձին համակարգված ծրագրով, նկատելիորեն ավելացնել մրցութային կարգով հատկացվող դրամաշնորհների թիվը և կրկնապատկել յուրաքանչյուր դրամաշնորհով տրվող գումարը և այլն:
Նշվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են հետազոտական համալսարաններ, որոնք ուսանողներ կընդունեն ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից և հետազոտական խմբեր կձևավորեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան գիտնականների:
Կարևորվեց միջազգային դրամաշնորհները հարկերից ազատելու, ինչպես նաև ներմուծվող գիտական սարքավորումներն ու նյութերը մաքսային տուրքերից ազատելու հարցը:
Բարձրացվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ գիտնականների՝ կարևոր է նաև քայլեր ձեռնարկել վենչուրային հիմնադրամներ ստեղծելու ուղղությամբ՝ տեղական և արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ, որոնք կֆինանսավորեն ինովացիոն նախագծերը և կնպաստեն հաջողված նախագծերի առևտրայնացմանը:
Գիտնականները նաև գտնում են, որ որ Հայաստանում պետք է ունենալ գիտության և տեխնիկայի, տեխնոլոգիայի պետական թանգարան, որը նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն՝ հագեցած բնագիտական տարբեր բնագավառներից լաբորատոր փորձերի հնարավորությամբ, ինչը նոր սերնդին կրթելու և ուղղորդելու կարևորագույն բաղադրիչ կլինի:
Գիտության հեղինակության բարձրացման նպատակով գիտնականներն անհրաժեշտ են համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերում գիտակրթական ծրագրերի հեռարձակման հարցը: Պրոֆեսոր Արթուր Իշխանյանն այդ առումով կոնկրետ հեռուստանախագծի առաջարկ ներկայացրեց, ինչը ՀԽ նախագահը խոստացավ քննարկել Հանրային հեռուստաընկերության  նոր ղեկավարության հետ:
Վազգեն Մանուկյանը կիսեց գիտնականների մտահոգությունները և ընդունեց բարձրացված հարցերի հրատապությունը՝ առաջարկելով Հանրային խորհրդի հետ համատեղ քննարկել դրանց լուծման ուղիները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ:

Հայ աստղագետներն Արցախում հանդես եկան դասախոսություններով

ArASSchoolLecturesԱնցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի ավագ և հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվեց 10 դասախոսություն: Աստղագետները  պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Դասախոսների թվում էին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Կրթության և գիտության նախարարությունում, Արցախի պետական համալսարանում և դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների հետ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Բռունցքը սեղմելը նպաստում է մտապահմանը

o_693864Սեղմած բռունցքն ագրեսիայի նշան է: Սակայն,  Մոնքլեր համալսարանից Ռութ Պրոպերն ու իր  գործընկերները կարծում են, որ սեղմված բռունցքը լավ մտապահման ու հիշողությունից գիտելիքները “դուրս քաշելու” ազդակ է:

Ուսումնասիրությունների համար աշխատակազմը կամավորների 5 խմբի խնդրեց ցուցակից 72 բառ հիշել, իսկ հետո վերարտադրել մտապահվածը: Մի խմբում մարդիկ անմիջապես մտապահումից առաջ 90 վայրկյան սեղմել են աջ ձեռքի բռունցքը (իսկ հետո նույնը կրկնել են բառերի վերհիշման ժամանակ): Երկրորդ խմբում փորձարկվողները սեղմել են ձախ ձեռքի բռունցքը:

Մյուս երկու խմբում փորձարկվողները  փորձից առաջ սեղմել են մեկ, իսկ պատասխանի ժամանակ` մյուս ձեռքի բռունցքը: Հինգերորդ` ստուգողական խումբը չի լարել ձեռքերը:

Պարզվեց, որ խնդիրը հաջողությամբ գլուխ  բերեց այն խումբը, որը սկզբում մեկ, ապա, պատասախանի ժամանակ սեղմել էր մյուս բռունցքը:

“Մենք եկանք այն եզրահանգման, որ իրանի որոշ պարզ շարժումներ  կարող են բարելավել հիշողությունը”,պատմել է Պրոպերը:

 

Երիտասարդ գիտնականները գիտության ոլորտում առաջընթաց չեն տեսնում

Մերի-Մանուկյան«Անկախը» պարբերաբար անդրադառնում է գիտության խնդիրներին` ներկայացնելով նաև Հայաստանի երիտասարդ գիտնականների խնդիրները, նրանց դիրքորոշումները: Այս անգամ «Անկախը» հետադարձ հայացք կգցի` պարզելու, թե մեր կողմից լուսաբանված  երիտասարդ գիտնականների աչքերով վերջին մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նրանց կյանքում  և գիտության ոլորտում:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որ 10 տարի արդեն գիտությամբ է զբաղվում, չի բացառում, որ այս տարի հնարավոր է` թողնի աշխատանքը անձնական խնդիրների պատճառով:

Անդրադառնալով նախորդ մեկ տարվան` Մանուկյանն ասում է, որ այդ ընթացքում  գիտության ոլորտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել:«Գիտնականները սկսել են ավելի ակտիվ պայքարել իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար: ՊԳՖԱ ջանքերով և մասնավոր սեկտորի ֆինանսավորմամբ տեղի ունեցան մրցանակաբաշխություններ, որոնք, իհարկե, խթանում է երիտասարդներին: Բացի այդ, նախագահի կողմից երիտասարդներին հատկացվեց 100 մլն դրամ, ինչը հնարավորություն տվեց մի քանի երիտասարդների մեկնելու գիտական գործուղումների, կազմակերպվեցին գիտական դպրոցներ և գիտաժողովներ, ինչը կարևոր է երիտասարդների մասնագիտական աճի առումով: Անհրաժեշտ է նշել նաև ԳՊԿ կողմից տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն է տալիս քիչ թե շատ բարելավելու աշխատանքային պայմանները և համագործակցության նոր եզրեր փնտրելու»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ արվածը  քիչ է պնդելու համար, որ գիտության ոլորտում կարևոր քայլեր են կատարվել:

Մանուկյանի համար վերջին մեկ տարում դրական է եղել այն մրցանակը, որ ստացել է «Տաշիր» հիմնադրամի կողմից «Առավելագույն հղման ինդեքս ունեցող գիտական հոդվածների» մրցույթում: Իսկ բացասական զարգացումները, ըստ Մանուկյանի, շատ են:

«Ոջիլի պատմության նման» կրկին ու կրկին հանգում ես մի բանի. գիտաշխատողին շաբաթական 5 օր և օրական 8 ժամ աշխատելու դիմաց այնքան չնչին գումար են վճարում, որ ծիծաղելի է: Հիմա էլ նոր հարկային քաղաքականության հետևանքով գիտնականներին հատկացվող հավելավճարներից ավելի շատ պահումներ են կատարվում, և գիտնականն  էլի տուժում է,- ասում է Մանուկյանը:- Մյուս կողմից էլ շատ վիրավորական է, որ ինչ-որ հիմնարկության հավաքարար կամ վարորդ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան գիտնականը: Ակադեմիայի աշխատողը  մեկ տարի աշխատելուց հետո իրեն չի կարող թույլ տալ գոնե  մեկ շաբաթով հանգստանալ հանրապետությունում: Լավ է, որ հիմա մեզ հատկացվեցին սոցիալական ապահովագրության փաթեթները, գոնե քիչ թե շատ հնարավոր կլինի որոշ առողջական խնդիրներ լուծել»:

Երիտասարդ գիտնականը նշում է նաև, որ նորմալ աշխատելու համար չկան համապատասխան նյութեր ու սարքեր. «Ինքս ԳՊԿ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար եմ և վերջին 2 տարում  դրամաշնորհի գումարներով կարողացել եմ ձեռք բերել անհրաժեշտ նյութեր փորձեր կատարելու համար: Իսկ հիմա դրամաշնորհն ավարտվում է, և ես նորից կանգնելու եմ «կոտրած տաշտակի» առաջ. ի՞նչ և ինչպե՞ս անել»:

Անդրադառնալով գիտության ոլորտի հրատապ խնդիրներին, որոնք շարունակում են չլուծված մնալ, Մանուկյանն առանձնացնում է երեքը: Առաջին` գիտնականի աշխատավարձի անհապաղ բարձրացում, այլապես մի քանի տարուց ակադեմիան արդեն աշխատող չի ունենա: Երկրորդ` գիտնականներին հարկավոր է ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով` մրցունակ գիտական արտադրանք ստանալու համար: Երրորդ` պետք է ճիշտ կադրային քաղաքականություն իրականացնել, այլապես մի քանի տարի հետո լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ նորմալ արդյունավետ աշխատող միջին սերնդի ներկայացուցիչները շատ քիչ են, իսկ  շատ երիտասարդներ ուղղակի ստիպված են լքել գիտությունը:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուզաննա Սոխոյանն «Անկախի» հետ հարցազրույցից որոշ ժամանակ անց ԱՄՆ է տեղափոխվել, աշխատում է ԱՄՆ-ում` հետդոկտորական ծրագրի շրջանակներում հետազոտություններ է կատարում:

Սոխոյանն ասում է, որ ԱՄՆ-ում է աշխատում, քանի որ այնտեղ ինքնադրսևորվելու և ստեղծագործական աշխատանք կատարելու շատ ավելի  մեծ  հնարավորություններ ունի, քան Հայաստանում: «Թեև հայ գիտնականներն իրենց մտքի թռիչքով չեն զիջում որևէ այլ երկրի գիտնականներին, սակայն աշխատանքային պայմանների տարբերությունն անհավասար մրցակցություն է ստեղծում հայաստանցի և զարգացած երկրներում ապրող գիտնականների միջև,- ասում է նա:- Քանի որ Հայաստանցի գիտնականների վաստակած գումարը չի բավարարում առօրյա հոգսերը հոգալու համար, գիտնականը ստիպված է հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել: Այդ պատճառով հայաստանցի շատ գիտնականների համար գիտությամբ զբաղվելը հոբբի է դարձել, ոչ թե հիմնական զբաղմունք: Դա չի կարող չանդրադառնալ գիտական միջավայրի վրա»:

Չնայած Սոխոյանը Հայաստանում չէ, շարունակում է հետևել այստեղ գիտության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նրա կարծիքով`  ներկա իշխանությունների օրոք դրական տեղաշարժի սպասելը սին գործ է: «Մինչև երկրում համակարգային փոփոխություններ չլինեն, գիտության ոլորտը, աստիճանաբար ծախսելով նախկինում կուտակված կապիտալը, գահավիժելու է անդունդ»:

Խոսելով գիտնականի նկատմամբ վերաբերմունքի մասին  Հայաստանում և ԱՄՆ-ում` Սոխոյանն ասում է. « Իմ կարծիքով` գիտնականի նկատմամբ վերաբերմունքի հիմնական չափանիշը գիտնականի աշխատավարձն է: Իսկ ԱՄՆ-ում պրոֆեսորի աշխատավարձը շուրջ 60 անգամ ավելի է, քան հայաստանցի պրոֆեսորի աշխատավարձը: Եվ միջինում, կարելի է ասել, մարդու աշխատավարձը համեմատական է մարդու կատարած աշխատանքի բարդությանը: Գիտնականները շատ ավելի շատ են վաստակում, քան, ասենք, արագ սննդի կետերի աշխատակիցները: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում: Եվ դա ունի իր պատճառները: ԱՄՆ-ում նորարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է»:

Սոխոյանն ասում է, որ Հայաստանսում շարունակում է խզված  մնալ նաև գիտություն- տնտեսություն կապը. « Ո՛չ մասնավոր ներդրողը, ո՛չ պետական այրերը իմաստ չեն տեսնում գիտական նախագծեր ֆինանսավորելու մեջ: Գիտության ոլորտում ներդրումները ենթադրում են երկարաժամկետ հետևողական և շատ լուրջ աշխատանք: Վստահ կարելի է ասել, որ գիտահենք տնտեսության ճյուղերը շատ ավելի դժվար է զարգացնել, քան հանքարդյունաբերությունը»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Անահիտ Գոգյանի կյանքում վերջին մեկ տարում փոփոխություններ շատ են եղել, սակայն դրանք ՀՀ կառավարության գործունեության արդյունք չեն. «Վերջին մեկ տարվա ընթացքում ԳԱՏԱՀ-ի դրամաշնորհով եղել եմ ԱՄՆ Բերկլիի համալսարանում, ստացել եմ ANSEF-ի դրամաշնորհ, Եվրոպական FP7 գրանտերի գնահատման մասնակցության հրավերքներ եմ ստացել: Սակայն դրանք կապված չեն եղել ՀՀ կառավարության բարեփոխումների հետ»:

Գոգյանի կարծիքով` կարևոր է, որ կառավարությունը փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ:

«Առայժմ կարող եմ, Հայաստանում գտնվելով, շատից-քչից
զբաղվել ֆիզիկայով: Հուսով եմ` իրավիճակը կլավանա, ու ստիպված չեմ լինի
որոշ ժամանակ անց լքել հայրենիքս»,- ասում է Գոգյանը` խոսելով ապագայի հեռանկարների մասին:

Ստացվում է, որ ինչքան էլ խոսվում է գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսության մասին, միևնույն է, խոսքը գործի չի վերածվում, կամ էլ այդ ամենն այնքան դանդաղ է կատարվում, որ գիտական հանրությունը դեռևս իր վրա չի զգում այդ փոփոխությունները:

 

Պարադոքս. Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի մեկամյա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը կապրի 20 տարի

լյուվենՊատահում է, որ անհավանական երազ ես տեսնում: Գիտես որ երազ է, ամեն կերպ ուզում ես արթնանալ, բայց չի ստացվում, մղձավանջը շարունակվում է:

Արթմնի վիճակում նման զգացողություն ունեցա վերջերս բելգիացի գիտնականի դասախոսությունը լսելիս: Նեյրոհոգեֆիզիոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետ Մարկ Վան Հյուլեն  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայ գիտնականներին ներկայացնում էր Լյուվենի կաթոլիկ համալսարանում գործող իր լաբորատորիայի գործունեությունը և ծրագրերը:

Գիտնականը պատին պրոյեկցված պատկերի վրա մանրակրկիտ ու հպարտությամբ ցույց էր տալիս` սա մեր համալսարանն է, սա մի մասնաշենքում իմ լաբորատորիան է, և այդպես շարունակ: Նրա ամեն մի խոսքից զգացվում էր, թե ինչքան հպարտ է իր ունեցածով:

Երբ գիտնականը սկսեց ներկայացնել իրենց համալսարանի գիտական կենտրոնի և իր լաբորատորիայի ֆինանսավորումը, թվաց, թե խոսքի միալար հնչերանգից ննջել եմ ու երազ եմ տեսնում: Սթափվեցի, մտքերս հավաքեցի ու սևեռվեցի պատի վրայի պատկերին: Պարզվեց, որ ո՛չ  քնած եմ, ո՛չ էլ սխալ եմ լսում, պարզապես հայ իրականության համար բելգիական համալսարանի գիտական կենտրոնի ֆինանսավորումն անհավանական ու աստղաբաշխական է թվում: Նրանց մեկ տարվա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը քանի՜-քանի՜ տարի կապրի:

Պարզվում է, որ Մարկ Վան Հյուլեի գլխավորած լաբորատորիան, որն աշխատում է Mindspeller (Մայնդսփելեր) ծրագրի վրա, տարեկան ստանում է 2 մլն եվրո ֆինանսավորում. դա այն գումարն է, որ անհրաժեշտ է գիտնականների փոքր խմբին արդյունավետ հետազոտություններ անելու համար:

Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի տարեկան բյուջեն գերազանցում է 500 մլն եվրոն: Սա այն պարագայում, երբ Հայաստանում ողջ գիտության տարեկան բյուջեն է կազմում 20 մլն եվրո (11 մլրդ ՀՀ դրամ): Այսինքն` Լյուվենի համալսարանի տարեկան բյուջերով հայաստանյան գիտությունը կգոյատևի  25 տարի:

Հաջորդ օրը զարմանալու հերթը բելգիացի գիտնականինն էր: Եթե մենք` հայերս, զարմանում էինք, թե ինչ մեծ ֆինանսավորում ունի գիտությունը Բելգիայում, ապա Մարկ Վան Հյուլեն ԳԱԱ նախագահի հետ հանդիպումից ու Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալն իմանալուց հետո էր երազում հայտնվել: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե նման ֆինանսավորմամբ ինչպե՞ս կարող է Հայաստանը գիտություն ու լավ գիտնականներ ունենալ, նաև տարածաշրջանում լինել առաջատարը միջազգային պարբերականներում տպագրվող հոդվածների քանակով:

Ու չնայած իր դասախոսությունը սկսելիս բելգիացի գիտնականը նշեց, որ Հայաստանը և Բելգիան շատ նմանություններ ունեն` փոքր երկրներ են, որոնց հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է, այնուամենայնիվ տարբերություններն ավելի շատ են:

Բելգիա, երկիր Եվրոպայում:  Խորհրդարանական միապետություն է: Ունի երեք պետական լեզու` հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Մայրաքաղաքը` Բրյուսել:

Տարածքը` 30 հազար քկմ: Բնակչությունը` 11 մլն` ըստ  2012-ի մարդահամարի տվյալների:

Բելգիայում գիտությունը կենտրոնացած է համալսարաններում: Համալսարանների բյուջետային հատկացումների 40%-ն ուղղվում է գիտության զարգացմանը: Գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են ինչպես առանձին  նախարարությունների, այնպես  էլ պետական հատկացումներով, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից:

Գիտության զարգացմանն  է կոչված աջակցելու Բելգիայի գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամը: Պետությունն այս հիմնադրամի միջոցով է իրականացնում համալսարանների ֆինանսավորումը, որտեղ և կենտրոնացած  է գիտությունը:  Հիմնադրամը աջակցում է ինչպես անհատ հետազոտողների, այնպես էլ գիտնականների խմբերի` միավորված մեկ թեմայի շուրջ:

Գիտության ֆինանսավորմամբ զբաղվում են նաև համայնքները, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ: Օրինակ`  Բոդուէն թագավորի անվան հիմնադրամը ֆինանսավորում է  այն գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են Բելգիայի տնտեսության, դեմոգրաֆիայի բարելավմանը և իմիգրացիոն խնդիրների լուծմանը:

Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որի մասին այդքան մեծ հպարտությամբ խոսում էր Հյուլեն,  հիմնադրվել է 1425-ին և համարվում է աշխարհի հնագույն համալսարաններից մեկը: Ունի 14 ֆակուլտետ, որոնք ներառում են գիտության հումանիտար,  բնական և տեխնիկական ուղղությունները:  Բուհն ունի ավելի  քան 26 հազար ուսանող, որոնցից 2300-ն օտարերկրացիներ են աշխարհի 100 երկրներից, այդ թվում և Հայաստանից:

Ողջ աշխարհում հայտնի է նաև համալսարանի գրադարանը, որն ունի շուրջ 4 մլն գիրք և 15 հազար պարբերական: Համալսարանի գիտական կենտրոնին կից գործում է նաև հինգ հիվանդանոց` մոտ 2 հազար մահճակալներով:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի  2010-ի գիտության մասին զեկույցի`  Բելգիայում գիտության առաջատար ճյուղեր են համարվում կենսաբանությունը, քիմիան, կլինիկական բժշկությունը: Երկրի ՀՆԱ–ի 1,87%-ը հատկացվում է գիտությանը:  Այստեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում  մոտ 2900 գիտաշխատող:

Տարվա ընթացքում տպագրված գիտական հոդվածքների քանակով Բելգիան ԵՄ երկրների շարքում, ըստ 2008-ի տվյալների, 9-րդն է` 13 773 հոդված:

Հայաստանի Հանրապետություն, երկիր Անդրկովկասում: Տարածքը` 29 հազար քկմ, բնակչությունը` 3,26 մլն` ըստ 2011-ի մարդահամարի տվյալների:

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ–ի մոտ 0,25%-ը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ–ի 2010-ի գիտության մասին զեկույցի` Հայաստանում գիտության առաջատար ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կլինիկական բժշկությունը և այլն:

Մեկ մլն բնակչին բաժին է ընկնում մոտ 1200 գիտաշխատող: Ըստ նույն զեկույցի` Հայաստանը, հարևան երկրների համեմատությամբ, առաջատար է գիտության ոլորտում: 2008-ին Հայաստանն ունեցել է 544 գիտական հոդված, մինչդեռ, օրինակ, Ադրբեջանը` 292, Վրաստանը` 328: Ընդգծենք նաև, որ նշված երկու երկրները գիտությանն ավելի շատ են ֆինանսական միջոցներ հատկացնում:

Չնայած երկու երկրների միջև առկա տարբերություններին` բելգիացի գիտնականը վստահ է, որ ապագան Հայաստանինն է` երկիր, որ ունի ուղեղի, մտքի նման մեծ պոտենցիալ:

Օտարերկրացի գիտնականը բարձրաձայնում է ճշմարտությունը, որը չեն գիտակցում մեզանում ոլորտի պատասխանատու բազմաթիվ պետական այրեր: Դա են վկայում թե՛ գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալը, թե՛ վերաբերմունքն ուղեղների արտահոսք ասված երևույթին: Ոլորտի շատ պատասխանատուներ ասում են, որ դրա մեջ վատ բան չեն տեսնում. տեխնիկայի դարաշրջան է, և արտերկրում հաջողության հասած հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար: Մինչդեռ, օրինակ, բելգիացի գիտնականը պարտադիր է համարում, որ դրսում կրթություն ստացած հայ երիտասարդները հայրենիք վերադառնան ու այստեղ աշխատեն:

Բելգիացի գիտնականը հիացած է հայերի մտավոր կարողություններով և պատրաստվում է Հայաստանում գիտական կենտրոն հիմնել

gitnakannerԱռաջիկայում Հայաստանում կստեղծվի Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի գիտական կենտրոնի մասնաճյուղ:

Գիտական կենտրոնի պրոֆեսորներ  Մարկ Վան Հյուլեն  և Տիգրան Մահտեսյանը փետրվարի սկզբին ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում էին`  հանդիպելու հայաստանյան գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ ու քննարկելու գիտական կենտրոնի մասնաճյուղի հիմնման մանրամասները: Սա Լյուվենի Կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի լիիրավ պրոֆեսոր և Լոնդոնի իմպերիալ քոլեջի էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի  հրավիրվող պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեի թվով 7-րդ այցելությունն էր Հայաստան:

Ապրիլին փոխադարձ այցով ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի մի քանի ներկայացուցիչներ կգնան Բելգիա` Լյուվենի համալսարան, ուր կկնքվեն համագործակցության համաձայնագրեր  ինչպես երկու երկրների  գիտական կենտրոնների, այնպես էլ երիտասարդական գիտական կառույցների  միջև:

ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհդի նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` արդեն իսկ որոշված է լաբորատորիայի գտնվելու վայրը, հայկական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավոր ամեն բանով աջակցել ծրագրի իրականացմանը:

Չնայած նախնական պայմանավորվածություններին` Մարկ Վան Հյուլեն ասում է, որ  լաբորատորիայի ստեղծման ժամկետները դեռևս հստակեցված չեն, քանի որ նախ և առաջ պետք է կադրային խնդիրը լուծել: Հայաստանում լաբորատորիայի աշխատանքները սկսելու համար հարկավոր է առնվազն 10 աշխատակից: Բելգիացի պրոֆեսորն իր լաբորատորիայի ֆինանսական միջոցներից արդեն իսկ ֆինանսավորում է երկու հայ ասպիրանտների կրթությունը Լյուվենի կաթոլիկ համալսարանում: Նաև քայլեր են ձեռնարկվում մյուս մասնագետների ասպիրանտական կրթության  համար կրթաթոշակներ ապահովելու ուղղությամբ:

«Այստեղ մասնաճյուղ չենք կարող ունենալ, քանի դեռ համապատասխան մասնագետներ չունենք: Այս պահին մասնագետներ շատ չունենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն իսկ կես մլն եվրոյի ներդրում է կատարվել և դեռ կշարունակվի,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ուսումը ֆինանսավորելիս հայաստանցի երիտասարդների հետ պայմանագիր են կնքում, ըստ որի` նրանք պարտավորվում են կրթություն ստանալուց հետո վերադառնալ Հայաստան:- Նրանք, ովքեր ուզում են աշխատել մեզ հետ, պետք է անպայման վերադառնան Հայաստան, այլընտրանք չկա:  Կարևորը մարդկային ներուժն է, ներդրումները նրանց են ուղղված»:

Համատեղ կրթական ծրագիր իրականացնելու գործում խոչընդոտ է եղել միասնական դիպլոմի հարցը. ասպիրանտը պետք է գիտական ղեկավար ունենա թե՛ Հայաստանում, թե՛ Բելգիայում, երկու երկրներում էլ կրթություն ստանա, սակայն վերջում ստանա մեկ ընդհանուր դիպլոմ, որը ճանաչելի կլինի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում: Հյուլեն ասում է, որ այս խնդիրն էլ արդեն լուծվել է, և առաջիկայում, օրինակ, Էլվիրա Խաչատրյանը կստանա ընդհանուր դիպլոմ:

«Պետք է կարողանանք ավելի շատ գումարներ հայթայթել, որ կազմը համալրենք նոր մասնագետներով: Հիմա նեղ նեյրոհոգեֆիզիոլոգիայի մասին է խոսքը, բայց այնտեղ շատ մասնագիտություններ կան, պրոյեկտները ևս շատ են: Բանակցում ենք մեկենասների հետ ֆինանսավորման հարցը լուծելու համար»,- ասում է Հյուլեն` հավելելով, որ ֆինանսական խնդիրները երկրորդական են, որոնք անպայման կլուծվեն, առաջնայինը տաղանդավոր կադրերին մեկ տեղում հավաքելն է:

Պրոֆեսորն ասում է, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ է տեսնում և հիացած է հայ երիտասարդների թե՛ մտավոր ունակություններով, թե՛ աշխատասիրությամբ. «Հայաստանում էլ կարող է լինել աշխարհի առաջադեմ համալսարաններից մեկը: Ունենալով այսպիսի ուղեղներ, պարզ է, որ ապագան Հայաստանինն է լինելու, ուստի մեծ ցանկություն կա  այստեղ էլ ուսումնասիրություններ անել»:

«Անկախի» հարցին, թե ինչու է Հյուլեն ցանկանում, որ արտերկրում կրթվելուց հետո հայ երիտասարդներն անպայման Հայաստան վերադառնան, պատասխանում է, որ նման ցանկության հեղինակը իր ընկեր, Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Մահտեսյանինն է:

«Իմ երազանքներից մեկն է, որ մեր երկրի ունեցած պոտենցիալը ռեալիզացվի»,- ասում է Մահտեսյանը` հավելելով, որ իր քայլով փորձում է ինչ-որ բանով օգնել իր հայրենիքին:

Հյուլեի հիմնադրած գիտական կենտրոնը Հայաստանում շարունակելու է աշխատել Mindspeller  ծրագրի վրա` փնտրելով այն կատարելագործելու ուղիներ: Mindspeller-ը նաև հայաֆիկացվելու է:

Հյուլեի ստեղծած սարքի շնորհիվ խոսելու և շարժվելու ունակությունից զրկված, բայց ուղեղի ակտիվությունը պահպանած  մարդիկ կարողանում են հաղորդակցվել:  Դրա համար հիվանդն ընդամենը հագնում է գլխարկը և ուշադրությունը սևեռում մոնիտորի վրա գրված այբուբենին` հայացքով ընտրելով իր ուզած տառերը: Մտքի ուժով հիվանդը րոպեում կարող է գրել մի քանի նախադասություն:

«Գլխարկ-սարքն ունի էլեկտրոդներ, որոնք ամրանում են գլխին և հեռակառավարմամբ ուղեղում առկա ակտիվությունը վերածելով ինֆորմացիայի` տեղափոխում են համակարգիչ: Նախկինում գլխարկը պետք է լարերով միանար համակարգչին, այսօր այդ լարերից ազատվել ենք, նախկինում գլխարկի մեջ նաև հատուկ նյութ էր լցվում, որպեսզի էլեկտրոդներն աշխատեին, այսօր այդ նյութն էլ չենք օգտագործում, և գլխարկն օգտագործելուց հետո գլուխը լվանալու կարիք չկա: Արագացել է նաև գլխարկի աշխատանքը. առաջ մի բառ գրելը 20 վայրկյան էր տևում, այժմ նույն ժամանակահատվածում կարելի է մեկ կամ մի քանի նախադասություն կազմել»,- ասում է Հյուլեն: