Ենթագիտակցությամբ կատարված բացահայտումներ

Tesla_circa_1890Ենթագիտակցությունը ոչ միայն մեր ողջ կյանքն է կառավարում, այլև օգնում է կատարելու գիտական խոշորագույն բացահայտումներ: Բազում օրինակներ են հայտնի, երբ ենթագիտակցությամբ այնպիսի բացահայտումներ են կատարվել, որոնք մարդկության պատմության ընթացքն են փոխել:
Գիտնականներից շատերին է հայտնի ենթագիտակցության կարևորագույն դերը: Շատերն այն այսօր էլ են գործի դնում: Էդիսոնը, Մարկոնին, Քեթերինգը, Պուանկարեն, Էյնշտեյնը ու շատ շատերը վստահել են իրենց ենթագիտակցությանն ու գիտակցաբար կիրառել են դրա ազդեցությունը: Դրա շնորհիվ մշակվել են մեթոդներ ու հնարքներ, որոնք ընկած են բոլոր մեծագույն նորամուծությունների ու ժամանակակից գիտության ու արդյունաբերական բացահայտումների հիմքում: Ուսումնասիրություններն ապացուցեցին, որ մեծ գիտնականների ու հետազոտողների հաջողություններն ամենաանմիջական կապ ունեն ենթագիտակցության հետ:
 Բոլորին չէ, որ հայտնի է, թե ինչպես անվանի քիմիկոս Ֆրիդրիխ ֆոն Կիկուլեն ենթագիտակցության օգնությամբ լուծեց դժվարին գիտական խնդիրը: Երկար ժամանակ նա լարում էր ուժերը` պատկերացնելու ածխածնի ու ջրածնի 6 ատոմների դիրքը բենզոլի բանաձևում: Կրկին ու կրկին նրա առջև անհաղթահարելի դժվարություններ էին առաջանում, ու հասկանալու համար ոչ մի կերպ մատչելի բացատրություն չէր գտնվում, այնպես, որ նա վերջիվերջո խնդիրը «հանձնարարեց» իր ենթագիտակցությանը: Կայծակի բռնկման նմանվող փայլատակումը եղավ այն պահին, երբ նա նստեց լոնդոնյան ավտոբուս ու հանկարծ մտքում օձ տեսավ, որն իր իսկ պոչի հետևից էր ընկել ու սեփական առանցքի շուրջ պտտվող անվի էր նման: Նրա ենթագիտակցությունը գտավ լուծումն ու խորհրդանշական եղանակով ցույց տվեց ատոմների շրջանաձև դասավորությունը, որն այսօր ամենուր հայտնի է որպես «բենզոլային օղակ»:

 Նիկոլա Տեսլան, որին պարտական ենք մի շարք սենսացիոն հայտնագործությունների համար, հրաշալի ուսումնասիրող էր համարվում էլեկտրատեխնիկայի բնագավառում: Երբ նրա գլխում մի նոր գաղափար էր ծնվում, սովորաբար շարունակում էր այն զարգացնել ու մշակել իր երևակայության մեջ` գիտենալով, որ իր ենթագիտակցությունը կհուշի մանրամասն այնպիսի դետալներ, որոնք անհրաժեշտ են գաղափարի գործնական իրականացման համար:
Շնորհիվ այն հանգամանքի, որ գաղափարը լրիվ հասունանում էր մտքում, նա կարող էր ինժեներներին հայտնել դրա կառուցվածքը` կատարելագործված մանրագույն դետալների մակարդակով` ինչն այլևս ստուգման կարիք չէր զգում:
 Ամերիկացի ականավոր բնախույզ պրոֆեսոր Ագասիսն իր մեջ հայտնաբերեց անդադրում գործող ենթագիտակցություն, որը շարունակում էր գործել անգամ, երբ ինքը քնած էր:
Գիտնականի կյանքի ուղու մասին նրա կնոջ հրատարակած հուշերում նկարագրվում է հետևյալ միջադեպը. «Արդեն երկու շաբաթ նա փորձում էր վերստեղծել ոչ լրիվ, լղոզված գծագրությամբ, մինչպատմական ձկան քարացուկը: Հոգնած ու հուսահատված` նա վերջապես մի կողմ դրեց քարացուկն ու ինքն իրեն ստիպեց դրա մասին այլևս չմտածել: Դրանից հետո նա գիշերվա կեսին արթնացավ երջանիկ հուզմունքով. երազում տեսել էր ձուկն ամբողջական:Բայց երբ փորձեց վերարտադրել տեսածը, այն անընդհատ անհետանում էր հիշողությունից: Առավոտյան նա մեկնեց կենդանաբանական ինստիտուտ` հուսալով այնտեղ տեսնել ինչ- որ բան, որը կարող էր վերակենդանացնել երազում տեսածը: Իզուր. հիշողությունը նրան դավաճանում էր: Հաջորդ օրը նա կրկին երազում տեսավ այն: Սակայն մանրամասները հիշել, ավաղ, չստացվեց:
Հուսալով, որ երրորդ անգամ դա իրեն կհաջողվի` գիտնականը հետը մատիտ ու թուղթ վերցրեց, որ ձեռքի տակ լինեն:
Եվ իսկապես էլ, առավոտյան ձկան պատկերը կրկին հայտնվեց նրա երազներում. սկզբում` աղոտ, ապա բյուրեղյա հստակությամբ, այնպես, որ մասնագետը կարող էր անգամ մանրուքները նկատել: Կիսաքուն վիճակում նա լրիվ մթության մեջ, թղթի կտորի վրա նկարեց քարացուկի պատկերը: Իսկ առավոտյան, հիացմունքով հայտնաբերեց իր գծանկարում որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, որոնք երբևէ չէր էլ ենթադրում հայտնաբերել մինչպատմական այդ էակի մոտ: Առավոտյան նա շտապեց ինստիտուտ, ու գծագրության համաձայն` նրան հաջողվեց նուրբ բրիչով հանել քարացուկի վերին շերտը տարբեր հատվածներում ու կարողացավ այն տեսնել ամենայն մանրամասներով: Քարացուկային վերին շերտից ազատված ձուկը հենց այն տեսքն ուներ, ինչ գիտնականը նրան երազում էր տեսել: Այն բացարձակ համընկնում էր նաև գծապատկերին: Դա օգնեց պրոֆեսորին ճիշտ դասակարգելու այդ քարացուկ ձուկը:
 40 և ավելի տարի առաջ կանադացի անվանի վիրաբույժ Ֆրեդերիկ Բախթինգն իրեն նվիրեց շաքարային դիաբետի կործանարար ազդեցության ուսումնասիրությանը: Այն ժամանակ բժշկությունն այս միջոցները չուներ, որ կարողանար կանխել հիվանդությունը: Դոկտորն իր յուրաքանչյուր ազատ րոպեն էր նվիրում փորձերին ու արտասահմանյան մասնագիտական գրականության ընթերցմանը: Մի անգամ, երբ նրա աչքերը հոգնածությունից փակվում էին` գնաց քնելու: Երազում հանկարծ մի գաղափար հղացավ` ոգեթուրմ պատրաստել շան ենթաստամոքսագեղձից: Այդ նյութից է ստացվել ինսուլինը, որն այն ժամանակներից մինչև հիմա միլիոնավոր մարդիկ են օգտագործում:
Հետաքրքրական է, որ դոկտոր Բախթինգը տևական ժամանակ էր փորձում գտնել այդ խնդրի լուծումը, մինչև ենթագիտակցությունը հուշեց ճիշտ ուղին:
Սակայն միշտ չէ որ փայլատակումը կատարվում է առաջին իսկ գիշերը. երբեմն դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:
 Ինչպե՞ս է կառուցված կարի մեքենան: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է, որ հարթ ու համաչափ կար է ստացվում: Կարի մեքենայի բացահայտման պատիվը պատկանում է Էլիաս Հոուին: Ամերիկացի տեխնիկ ու ձեռներեց Հոուն պատանության տարիներին աշխատում էր կարի ֆաբրիկայում, ու բնականաբար զարմանալի չէ, որ նա է կարի մեքենան մտահղացել: 1845-ին նա ներկայացրել է կարի մեքենայի առաջին մոդելը: Իսկ մինչ այդ մի լավ տանջվել է, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում տեղադրել ասեղի անցքը, որպեսզի թելը հակառակ երեսից դուրս գար: Նա շատ փորձարկումներ արեց ու մի օր երազ տեսավ, իբր իրեն վայրի ցեղերն են շրջապատել, որոնց մոտ գերի է ընկել: Շուրջպարի ժամանակ նրանք բրերն էին ճոճում, ու գերյալին հաջողվեց նկատել բրերի սուր անկյան տակ ասեղի անցքը: Երբ Հոուկն արթնացավ ու կրկին փորձ արեց, այս անգամ այն հաջողությամբ պսակվեց, ու նա հասկացավ, որ խնդիրը լուծել է:

 Դեղագործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Լևին երազում է տեսել սրտային իմպուլսների նյարդային փոխանցումը. «Զատկին նախորդած շաբաթը ես արթնացա, միացրի լույսը և իսկույն թղթի կտորի վրա բան նկարեցի ու կրկին քնեցի: Առավոտյան ժամը 6-ին հայտնաբերեցի, որ այդ գրառումները չափազանց կարևոր են:Բայց ոչ մի կերպ չէի կարողանում իմ իսկ ձեռագիրը վերծանել: Հաջորդ գիշերը գաղափարը կրկին վերադարձավ ժամը 3-ին: Դա փորձի մոդել էր, որի նպատակն էր հաստատել կամ հերքել քիմիական հաղորդման մասին վարկածը: Այն ես դեռևս 17 տարեկանում էի առաջ քաշել, ու ինչպես հետո հաստատվեց, ճիշտ էր: Իսկույն վեր կացա, լաբորատորիա գնացի, մեկ-միակ փորձ կատարեցի գորտի սրտի վրա ճիշտ գիշերը երազումս տեսած մոդելի պես:

 Խորհրդային ԱՆ-22 ինքնաթիռը, որը լայնորեն կիրառվել է ԽՍՀՄ ՌՕՈՒ-ում, ստեղծել է ավիակոնստրուկտոր Օ. Անտոնովը: Նա երազում է տեսել ինքնաթիռի պոչային փետրավորումը: Արթնանալով` իսկույն նկարել է տեսածը:
Մեծագույն հայտնագործությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:
 Մեսրոպ Մաշտոցը այբուբենի վրա աշխատելիս ուսումնասիրել է պահլավերենը, հունարենը, եթովպիական գրեր ու գրերի մի շարք այլ համակարգեր: Լեգենդի համաձայն` Մաշտոցը քնի մեջ հրեշտակ է տեսել, որը նրան ցույց է տվել այբուբենի տառերը:

 Դպրոցից գիտենք, որ Մենդելեևը տարրերի պարբերական աղյուսակը երազում է տեսել: Նա մի քանի օր մտածում էր դրա մասին անընդհատ: Երբ մտավոր լարված աշխատանքից հոգնած` քնեց ու երազ տեսավ, հետո դրա մասին գրեց. «Ես պարզ երազում տեսնում եմ աղյուսակը, որտեղ տարրերը դասավորված են ինչպես պետք է: Արթնացա ու իսկույն թղթի կտորի վրա գրեցի ու կրկին քնեցի: Հետագայում միայն մի տեղ էր պետք ուղղում կատարել»:
Ի՞նչ է դա: Ենթագիտակցության աշխատա՞նք, որի մասին Ֆրեյդը գրել է, որ այն ունակ է այնպիսի բաների, որոնց առջև մեր գիտակից մտածողությունը խամրում է:
 Ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռենե Դեկարտին մարդկությունը պարտական է վերլուծական երկրաչափության, օպտիկական օրենքների բացահայտման, հանրահաշվի մասին բազմաթիվ աշխատությունների ստեծման համար, որոնք ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա:
Նա նաև ֆիզիկայի, մեխանիկայի ու Տիեզերքի մասին մտորումներ ուներ: Նա ձևակերպեց ռեֆլեքսի երևույթը, որը հիմա ժամանակակից բժշկության ու հոգեբանության հիմնարար հասկացողություններից է: Հենց նրան են պատկանում հանրահայտ խոսքերը` «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:
Երազում Դեկարտն իր առջև բացված գիրք տեսավ, որում նա կարդաց ինչ-որ հայեցակետի մասին. այն ապացուցում էր, որ միևնույն մեթոդները կարելի է կիրառել տարբեր գիտություններում: Հետո Դեկարտը երազում ոգի տեսավ, որը նրան մեղադրեց ծուլության մեջ` պատմելով գիտնականի իրական կոչման մասին: Նրան էր վիճակված ապացուցել, որ մաթեմատիկական սկզբունքները կարելի է կիրառել բնությունը ճանաչելու համար` կանոնավորելով գիտելիքները:
 Ֆրիդրիխ Բուրդահը, որը հայտնի է նրանով, որ նրբին վիրադանակով կարողացել է կիսել գլխուղեղն ու ողնուղեղը: Դա նրան հաջողվել է երազի շնորհիվ. «Ես տեսա, որ արյունն ինքնուրույն իր ուժով հոսում ու շարժման մեջ է դնում սիրտը, այնպես որ վերջինը որպես արյան հոսքի պատճառ դիտելը հավասարազոր է ալրաղացը գործի դնող առվակների հոսքը բացատրելուն: 1822-ին հետճաշյա քնի ժամանակ ես մտածում էի, որ երազը ինչպես և մկանների ձգումը, վերադարձ է դեպի քեզ»: Այդ երազին է պարտական արյան շրջանառության գաղափարի ծնունդը:

 Դանիացի ֆիզիկոս, տեսաբան, Նոբելյան մրցանակ դափնեկիր Նիլս Բորը մեծ ավանդ ունի քվանտային մեխանիկայի զարգացման գործում: Նա է ատոմի միջուկի ու միջուկային ռեակցիաների մասին տեսության ստեղծողը:
Ասում են` ատոմի կառուցվածքի մասին մտորումների ժամանակ նա երազում տեսել է Արեգակնային համակարգը` պտտվող մոլորակներով: Այդպես է ծնվել ատոմի միջուկի մոդելը:
Հանճարեղ բացահայտումների պատմություններն ապացուցում են, որ մեր ենթագիտակցությունը քնած ժամանակ արթուն է: Ու նրա հնարավորությունները երբեմն անսահմանափակ են թվում, ուրեմն, թեկուզ դրա համար չպետք է երազները քամահրանքով ընդունել:

Լուսնի վրա կտեղադրվի առաջին գովազդը

lunar surfaceՃապոնական Pocari Sweat ըմպելիքներ արտադրող ընկերությունն  այսօր հայտարարել է, որ իրենք պատրաստվում են 2015թ-ին Լուսնի վրա իջեցնել տիտանից պատրաստված ըմպելիքի հատուկ տարա, որի մեջ զետեղված կլինեն հաղորդագրություններ:

Տարայի մեջ կտեղադրվեն ճապոնացի երեխաների և համացանցի օգտատերերի ձեռագիր հաղորդագրությունները:

Տարան Լուսին կուղարկվի 2015թ-ի հոկտեմբերին Ֆլորիդայից:

Տարան պատրաստված կլինի տիտանից, կունենա Pocari sweat ըմպելիքի տարայի տեսք և կկշռի 1,000 գրամ:

Տարան Լուսին կհասցնի Falcon 9 հրթիռը չորս և կես օրվա ընթացքում:

Ըկերությունն  այս կերպ հույս ունի շահել Google-ի սահմանած Lunar X մարցանակը, որի շրջանակներում 20 միլիոն դոլար կտրամադրվի այն ընկերությանը, որը Լուսնի վրա կտեղադրի այնպիսի մի սարք, որը Լուսնի մակերեսի վրա կշարժվի 500մ և որակյալ լուսանկարներ կուղարկի Երկիր:

Իսրայելում առաջին անգամ վիրահատելու են արջի ողնաշարը

arjԻսրայելցի բժիշկները պատրաստվում են վիրահատության, որը նորություն է ինչպես իրենց, այնպես էլ ողջ աշխարհի համար: Նրանք փորձում են վերականգնել 19-ամյա հիվանդի՝ Մանգո մականունով գորշ արջի միջողային դիսկը:

Մի քանի շաբաթ առաջ կենդանաբանները նկատել են, որ Մանգոյի հետին վերջույթները այլևս չեն շարժվում: Անասնաբույժները 250 կգ-ոց արջի ռենտգենային նկարների վրա հայտնաբերել են, որ  Մանգոյի ողնաշարային դիսկը սեղմվել է ողնուղեղի վրա, որն էլ բերել է կաթվածի: Նախկինում  այդպիսի ախտորոշումով կենդանիներին սատկացնում էին, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛ :

’’Հիվանդությունը հանկարծակի է ի հայտ եկել: Նա չէր կարող շարժել հետին աջ վերջույթը, և գնալով իրավիճակը ավելի բարդացավ, որից հետո արջի հետին վերջույթները կաթվածահար եղան”,- պատմում է բժիշկ Մերեվ Շամիրը, որը և վիրահատելու է արջին: Առաջիկայում անասնաբույժները կկարողանան հստակ ասել, թե  բժշկական միջամտությունից հետո կկարողանա արդյո՞ք Մանգոն ամբողջովին վերականգնվել, թե ոչ:

Լուսնի գաղութացումը կսկսվի 2030 թվականին

SUV_0387Ռուսական լուսնային նախագծի հայեցակարգի համատեղ ծրագիրը, որը մշակել են  «Ռոսկոսմոս»-ը և Մոսկվայի պետական համալսարանը, մտադիր է սկսել Լուսնի գաղութացումը 2030 թվականին: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ծրագրի հեղինակների պաշտոնական հաղորդագրությանը:

՛՛Լուսինը տիեզերական օբյեկտ է, որ ապագայում Երկրի քաղաքակրթությունը պետք է յուրացնի, և 21-րդ դարում արդեն կսկսվի աշխարհաքաղաքական մրցակցությունը Լուսնի բնական պաշարների համար՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ հայեցակարգը ենթադրում է Լուսնի վրա փորձարարական կայանների և օգտակար հանածոների արդյունահանման բազայի ստեղծում: Պարբերականը տեղեկացնում է,  որ նախագծի արժեքը դեռևս ամբողջովին չի հաշվվել: Հայտնի է միայն , որ աշխատանքների առաջին փուլում կծախսվի 28,5 միլիարդ ռուբլի: Մասնագետների կարծիքով, այնուամենայնիվ, այդ պրոյեկտը չի ֆինանսավորվի կառավարության կողմից:

Սա ռուսական տիեզերական կազմակերպության միակ նախագիծը չէ: Արդեն պլանավորվում է նաև Մարսի գաղութացումը, երկնաքարերից օգտակար հանածոների արդյունահանումը և նման այլ նախագծեր:

 

Նոր մեթոդը հնարավորություն է տալիս պարզել մարդու ծագման ակունքները

Washington Post-ը գրում է, որ գիտնականների միջազգային խումբը պնդում է, որ զարգացրել է GPS սարքավորում, որը հետևելով մարդու ԴՆԹ-ին մինչև 1000 տարի, պարզում է մարդու ծագման ակունքները. հնարավոր  է պարզել անգամ կոնկրետ գյուղերն ու կղզիները:

Ինչպես նկարագրվում է բնագիտական “Բնության հաղորդակցությունները” ամսագրում, նոր սարքավորումը դիտարկում է աշխարհի ողջ բնակչությունը և նույնացնում ԴՆԹ-ն,  որը հատուկ է միայն տվյալ վայրերին:  Այնուհետ այն համապատասխանեցնում է Ձեր ԴՆԹ-ն այն տարածքին, որի հետ առավել շատ ընդհանրություններ ունեք` ցույց տալով, թե որտեղ են  Ձեր ԴՆԹ-ն կազմող գենոֆոնդերը վերջին անգամ  խառնվել:  Ըստ էության, այն օգնում է բացահայտել մարդու պապենական ծննդավայրը:

005

Այն փաստորեն հնարավորություն է տալիս  ԴՆԹ-ի տվյալների հիման վրա ցույց տալ ոչ թե Ձեր ծննդյան վայրը /որն առկա է նաև անձնագրում/, այլ այն վայրը, որտեղ ձևավորվել է Ձեր ԴՆԹ-ն մոտ 1000 տարի առաջ` մոդելավորելով գեների խառնուրդի ողջ գործընթացը:

Նոր մեթոդը հնարավորություն է տալիս ոչ միայն բավարարել մարդու հետաքրքրությունը` կապված իր ծագման վայրի հետ, այլ բժիշկներին կարող է օգնել որոշելու հիվանդի` այս կամ այն ժառանգական հիվանդության նկատմամբ հակվածության աստիճանը կամ կանխատեսել բուժման միջոցների նկատմամբ նրա հնարավոր ռեակցիան: Այն հնարավորություն է տալիս նաև փախուստի զոհ դարձած կամ տուժած երեխաներին վերադարձնել իրենց հայրենիք:

Եվ որ ամենակարևորն է, այն հասանելի է յուրաքաչյուրին: Նվազագույն ծառայությունների  փաթեթի արժեքը կազմում է 29.9 դոլլար: Դրա համար անհրաժեշտ է տալ ԴՆԹ-ի անալիզ յուրաքանչյուր ընկերությունում, այնուհետ տվյալները վերբեռնել Geographic Population Structure կայք և նշել անալիզի տիպը: Որպես պատասխան` դիմողը կստանա GPS կոորդինատները կամ քարտեզ, որի վրա նշված իր  ծագման հետքերը:

Եվրոպայի ու Կովկասի հատման կետում են հայտնվել պատմաբանները

05-07-2014 Gitajoxov siteԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:

Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն այսօր՝ քննարկումների ընթացքում, կգտնվեն, բայց հուսով եմ՝ դրանք վեր կհանվեն և լուծման ուղիներ կմատնանշեն: Թե դրանք ինչքանով կյանքի կկոչվեն, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց ուրախալի է, որ մեր հարևան գործընկերների հետ քննարկում ենք մեր տարածաշրջանային խնդիրները»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ սա 3-րդ գիտաժողովն է. առաջին երկուսն անցկացվել են Ֆրանսիայում (2010 թ-ին) և Վրաստանում (2013 թ-ին): Այս տարի գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության պետական կոմիտեն:

Տեղացի և արտերկրից ժամանած գիտնականներն իրենց զեկույցներում անդրադառնալու են պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ-վրացական, հայ-ֆրանսիական հարաբերություններին, ազգային ինքնության ընկալման հարցում ազգային էպոսների, կրոնների դերին, Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերություններին և այլն: «Արդի պայմաններում առկա մարտահրավերները պահանջում են, որ քննարկվեն և կոնկրետ բացատրություններ տրվեն այս հարցերին: Պատմական անցյալի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է եզրակացություններ անել»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նաև զեկույց էր ներկայացնում հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:

«Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում մարդիկ աստիճանաբար  հեռանում են ազգային ինքնությունից: Ես իմ ֆրանսիացի ընկերներին ասում եմ՝ ինչո՞ւ եք ամաչում ձեր ինքնությունից: Բայց գլոբալացվող աշխարհում ինքնություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Իսկ, օրինակ, Հայաստանում ինքնության ընկալումն ավելի ամուր հիմքերի վրա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է ստիպում այդպես լինել, իսկ եվրոպացիներն իրենց հարևանների հետ խնդիրները լուծել են ու խաղաղ ժամանակներ են ապրում»,- կարծում է Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Ժերար Դեդեյանը:

Վրացի պատմաբաններն էլ հույս են հայտնում, որ այս գիտաժողովից հետո զուտ ընկերական հարաբերությունները կվերածվեն գործընկերայինի, ու կսկսվի հայ-վրացական գիտական լուրջ համագործակցություն:

 

Կիրլյան էֆեկտ կամ ինչ է կիրլյանագիրը

կիրլյանՍեմյոն Դավիդովիչ Կիրլյանը (1898-1978) սովետական ֆիզիոթերապևտ, գյուտարար ու հետազոտող է: Իր կնոջ` Վալենտինա Խրիսանֆովնայի հետ մշակել է տարբեր բնույթի օբյեկտների լուսանկարահանման նոր` գազապարպման մեթոդը, որը հնարավորություն է տալիս տեսնելու, հետևելու ատոմների կամ մոլեկուլների լուսարձակումը: Ներկայումս այդ մեթոդը լուսանկարչության նոր տեսակի հիմքն է դարձել, որն ընդունված է անվանել գազապարպման եղանակով լուսանկարչություն, իսկ միջոցը` «Կիրլյանի մեթոդով գազապարպմամբ լուսանկարում», կրճատ` «կիրլյանագրաֆիա» կամ պարզապես «կիրլյան էֆեկտ»:

Կենսագրությունը
Սեմյոն Դավիդովիչ Կիրլիանը կամ Կիրլյանը ծնվել է 1898 թ. փետրվարի 20-ին Եկատերինոդարում` հայ բազմազավակ ընտանիքում: Մայրը Եվա Կիրլյանն էր (օրիորդական ազգանունը` Նազարովա), հայրը` Դավիդ Կիրլյանը: Ընտանիքում 9 երեխա կար: Կրտսեր եղբայրը` Միխայիլը, ջութակահար է, պրոֆեսոր, Կրասնոդարի երաժշտական դպրոցի տնօրեն:
Կրթություն ստանալու հնարավորություն չունենալով` Սեմյոնը ստիպված էր վաղ տարիքից աշխատել կառավարիչ, դեկորատոր, դաշնամուր լարող, սակայն ամենից շատ նրան գրավում էր էլեկտրամեխանիկի մասնագիտությունը:
1923-ին նա ամուսնանում է հոգևորականի դստեր` Վալենտինա Խրիսանֆովնա Լոտոցկայայի հետ, որը լրագրող էր, դասատու: Նա ամուսնու հավատարիմ ընկերն ու օգնականը դարձավ:
Կիրլյանն աչքի էր ընկնում անսովոր աշխատունակությամբ, կարդում ու վերընթերցում էր գիտական ու կիրառական հարցերի վերաբերյալ մեծ քանակությամբ գրականություն, որոնք հետաքրքրում էին իրեն: Ապրում էր իր աշխատանքով ու փորձեր կատարում գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում` ամեն ինչ վերլուծելով ու չընդունելով դրանք որպես դոգմա:
Կիրլյանը մի շարք օգտակար գյուտերի հեղինակ է: Օրինակ` քաղաքային տպարանն օգտագործում էր նրա պատրաստած էլեկտրավառարանը շարվածքի ձուլվածք ստանալու համար, իսկ ալրաղաց գործարանում հացահատիկը մաքրող մագնիսական սարքավորում էր ստեղծել: Շատ հեռանկարային էր մթերքների պահածոյացման արտադրությունում ջերմամշակման սարքավորում ստեղծելու գաղափարը:
1939-ին Կիրլյանն ընդունվեց քաղաքային հիվանդանոց որպես էլեկտրասարքեր նորոգող վարպետ: Նորոգելով խափանված ֆիզիոթերապևտիկ սարքը, որում բարձր հաճախականություն էր գործի դրվում, նա ուշադրություն դարձրեց էլեկտրոդների միջև առաջացած տարօրինակ վարդագույն լուսավորմանը: Կիրլյանը որոշեց ֆոտոժապավենի վրա գրանցել այդ լուսարձակումը: Առաջին առարկան, որ «լուսանկարվել» է այդ մեթոդով, մետաղադրամն էր: Գյուտարարը դրամին միացրեց մի էլեկտրոդը, վրայից դրեց ժապավենն ու ծածկեց երկրորդ էլեկտրոդով, ապա միացրեց բարձր հաճախականությամբ հոսանքը: Պատկերի վրա տեսավ, թե ինչպես է դրամի եզրերից պարպում կատարվում: Կիրլյանը սկսեց տարբեր իրեր տեղադրել այդ դաշտում` առանց լուսանկարչական սարքի լուսանկարելով նաև ծառերի ու սեփական ձեռքերի անսովոր լուսարձակումը: Իր ուսումնասիրությունների հիման վրա նա մի օրինաչափություն նկատեց. բարձր հաճախականության դաշտում հայտնված յուրաքանչյուր կենդանի օբյեկտի լուսարձակման պատկերը կախված է լուսանկարվող օբյեկտի վիճակից: Օրինակ` մի պատկեր էր ստացվում, երբ տերևը նոր էր պոկած լինում ծառից, ու մեկ այլ պատկեր էր ստացվում, ասենք, մեկ ժամ հետո: Էականորեն տարբեր էին առողջ մարդու ու հիվանդ կամ պարզապես հոգնած մարդու ձեռքի լուսարձակումները: Ուսումնասիրության ընթացքում գիտնական ամուսինները հայտնաբերեցին մեկ այլ հետաքրքրական փաստ. պարպման գործընթացը կախված է ոչ միայն օբյեկտի առողջական, այլև զգայական վճակից:
1949-ին նրանց հաջողվեց արտոնագրել իրենց բազմամյա ջանքերի պտուղը` «Կիրլյան» սարքը, որը Գյուտերի ու հայտնագործությունների պետկոմիտեում արտոնագրվեց և իսկույն էլ գաղտնագրվեց: Կիրլյան ամուսինների մշակումները պաշտպանված են հեղինակային 21 իրավունքով:
Նրանք բազմիցս են արտասահմանյան լաբորատորիաներում, ինստիտուտներում աշխատելու Kirlian photograph of two apple halvesհրավերներ ստացել, բայց քանի որ նրանց ելքի անցագիր տալն արգելված էր, գիտնական ամուսինները սահմանափակվում էին գործնական նամակագրությամբ: Արխիվներում պահպանվել են նամակներ աշխարհի 130 քաղաքներից:
Պետական հիմնարկներից ոչ մի աջակցություն և գյուտերի համար որևէ վարձատրություն չստանալով անգամ` նրանք աշխատում էին` չխնայելով իրենց ու փորձեր կատարում, ինչպես Ս. Կիրլյանն է գրել, «ավելի խորը թափանցելու այդ ածանոթ աշխարհը` հանուն Երկրի ու մարդկության բարօրության»:
Գյուտարար ամուսինների չքավորության մասին են վկայում օրագրերում արված բազմաթիվ գրառումներ: Ահա դրանցից մեկը:
Հանրապետական նշանակության անհատական թոշակի որոշման մերժումից հետո Վալենտինա Կիրլյանը 1968-ի մարտի 7-ին գրում է.«Եվ այսպես, հանրապետական թոշակի հույսը տապալվեց: Մերժում: Կնշանակի կրկին կարիք: Կրկին առանց շալվարի, կոստյումի ու վերնաշապիկի: Մինչդեռ ամեն ինչ արդեն մաշվել է: Թավշե բաճկոնի թևքերն արդեն քրքրվել են, կարճացել կարկատաններից: Մոխրագույն միակ շալվարը, հետքերից ու ժամանակից մաշված, ամոթ է անգամ վերարկուի տակից հագնելը: Իսկ շուռ տված վերարկուն, որ արդեն խունացել է արևից, քամուց ու անձրևից, անորոշ գույնի է դարձել: Ոչինչ, բայց Սենան արդեն 8-րդ տասնամյակն է ոտք դրել, պետք է, չէ՞, մի կարգին շոր լինի, չէ՞ որ հարգարժան մարդիկ են նրա մոտ խորհրդի գալիս: Իսկ ես… ես չունեմ գոնե մի, մի այնպիսի շոր, որ չամաչեմ, ամբողջը հնոտիք է: Նորը կարելու կամ գնելու դրամ չկա: Աղետ է: Լույսի ոչ մի շող: Իսկ փորձերը դադարեցնելը կամ չանելն անհնար է: Կյանքը կարճ է, քիչ է մնացել, այնքան քիչ: Իսկ գաղափարները` անհատնում: Պետք է շտապել ու հայտ ներկայացնել: Եթե ուշացնենք, մեզ հետ գերեզման կտանենք: Չնայած դա քչերին է հետաքրքրում: Մեզ բալաստի պես դուրս են գցել, պետության մեջ չկա մի կազմակերպություն, որ մեզ փոխարինի, վերցնի իր վրա բևեռայնացման ու ներդրման նոր սարքավորման մշակումն ու մեթոդիկայի կատարելագործումը: Առաքելությունը, հույսը կտրվեց: Մենք մինչև մահ չենք կարող դուրս գալ այդ նյութական նեղությունից: Անթափանց լույս է: Անհուսություն»:
Իսկ մի օր անց նույն օրագրի էջերում կրկին ստեղծագործական պլանների ոգեշնչված նկարագրություններ են:
1957-ին լույս տեսավ Կիրլյանի` «Պարպումների հրաշալի աշխարհում» գրքույկը, որը գիտական աշխարհում իսկական ցնցում էր:
Այդ գյուտի առիթով բարձրացած ալիքը տարածվեց մամուլում: Այն ժամանակ` 60-ականների կեսերին, այդ գյուտն ասես կոչված էր հաստատելու «սոցիալիստական շինարարության հաջողությունները»: Չնայած այդ աշխուժությանը` ամուսինները հաճախ էին իրենց անպետք ու անօգնական զգում: Ահա մի գրառում` արված 1966-ին Կիրլյանի օրագրում. «17 տարվա ընթացքում պաշտոնական նամակագրություն կա նախարարությունների, կոմիտեների, գիտահետազոտական ինստիտուտների միջև` մեր մեթոդիկայի մշակման համար հատուկ լաբորատորիա ստղծելու համար: Սակայն մինչ օրս, 1949-ից սկսած, այդ լաբորատորիայի հարցը մնում է օդում կախված վիճակում ու ոչ ոք չի փորձում ղեկավարել այն, մինչդեռ Ֆրանսիայում (մենք պատահական իմացանք) արդեն մեթոդը մշակվել է, ու կենսաբաններն այն գործնականում կիրառում են: Հետաքրքիր է` սրանից օգուտ երբևէ կլինի՞, թե՞ ոչ, այն արդեն մեր շնչին է նստած»:
Մի անգամ մի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները Կիրլյան ամուսիններին երկու արտաքուստ միանման տերև բերեցին: Ամուսինները տերևները տեղադրեցին բարձր լարվածության դաշտում ու, ի զարմանս շատերի, ստացան տարբեր պատկերներ: Աշխատակիցները խոստովանեցին, որ մի տերևը վերցված է հիվանդ բույսից: Իսկ հետո հանգեցին այն եզրակացության, որ նոր մեթոդով կարելի է հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել և ոչ միայն բույսերի, այլև մարդու մոտ, կարելի է վաղ ախտորոշում անել, օբյեկտիվ գնահատել քիմիական դեղամիջոցների թերապևտիկ ազդեցությունը:
1971-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց կինը` Վալենտինա Խրիսանֆովնան: Եվ չնայած այդ ծանր կորստին ու վատառողջությանը` Կիրլյանը շարունակեց իր կյանքի գործը` աշխատելով ավարտել սկսած հետազոտությունները: Եվ միայն 1974-ին նա արժանացավ ՌՍՖՍՀ վաստակավոր գյուտարարի կոչման: Կյանքի վերջին տարիներին Կիրլյանին Կրասնոդարի «Սատուրն» գիտաարտադրական ընկերության հատուկ լաբորատորիայի վարիչի պաշտոն տվեցին:
Կիրլյանը վախճանվեց 1978 թ. ապրիլի 4-ին:
Կրասնոդարում` Ստավորոպոլսկայա փողոցում, Կիրլյան ամուսիններին նվիրված հուշատախտակ է տեղադրվել, իսկ Դինսկոյ ավանում թանգարան կա:

Կիրլյանի շարադրանքից
«Մտահղացումն իրականացնելու համար նոր գիտելիքներ էին պահանջվում: Հարկ եղավ ուսումնասիրել էլեկտրոնային օպտիկան, ծանոթանալ օպտիկական լուսանկարչությանը, գծապատկեր գծապատկերի հետևից կազմել: Ցավոք, առաջին փորձերը ոչ թե «աստղաբույլ» էին, այլ մատների կմախք: Ես անգամ մտածեցի` գուցե «ռենտգեն» պատկեր է ստացվել: Սակայն փորձերը շարունակվեցին: Դեպի «աստղեր» տանող ճանապարհն անցնում էր փշերի, այրվածքների, հուսահատության ու անկանխատեսելի արդյունքների միջով: Դա ձերդ գերազանցություն Պատահականությունը չէր, այլ երկար ու համառ աշխատանքի արդյունք: Անծանոթ աշխարհ ներթափանցելու տքնանք, ուր մարդու առողջության ու երկարակեցության թանկագին բանաձևերն են թաղված»:
Կիրլյանի օրագրից
«Մարդու մաշկի մեջ յուրօրինակ կենսամեխանիզմներ են կան, որոնք կատարում են բարդ ֆունկցիաներ ներքին օրգանների հետ կապված նյարդային համակարգի միջոցով: Կարծում ենք, որ նորմալ ու հիվանդագին վիճակի մաշկածածկույթի էլեկտրական վիճակի պատկերների համեմատական աղյուսակ ունենալու դեպքում մեր մեթոդը կարելի է ախտորոշման նպատակով կիրառել բժշկության ու անասնաբուծության մեջ»:
Հետագայում Կիրլյանի էֆեկտը կիրառություն գտավ հոգեկան հիվանդությունների ախտորոշման, դեղորայքի արդյունավետությունը պարզելու, օպերատորների հոգնածությունը, մարզիկների գերբեռնվածությունը հայտնաբերելու, գյուղատնտեսության մեջ շատ սերմերի ծլունակությունը որոշելու համար: Այն կիրառվում է նաև մեքենաշինության մեջ մետաղում առկա արատը հայտնաբերելու նպատակով, քրեագիտության, պարահոգեբանության, պաշտպանական արդյունաբերության ու այլ բնագավառներում:
Սեմյոն Կիրլյանի մահից հետո Կրասնոդարի երկրագիտական թանգարանում Կիրլյանի ուշագրավ ժառանգությունը պահ տալու համար տեղ չգտնվեց, նրա գործը շարունակող չկա: Եվ միայն շատ փաստաթղթեր ու գրառումներ հաջողվել է պահպանել Ելենա Կորոբովայի էնտուզիազմի շնորհիվ:

Անկախ

Գլոբալ տաքացումը համընդհանուր չէ

global_warmingԱմերիկացի գիտնականները հերքել են այն կարծիքը, թե գլոբալ տաքացումը համընդհանուր է: Այս մասին գրված է մի հոդվածում, որը տպագրվել է Nature Climate Change գիտական ամսագրում: Գիտնականները նման եզրահանգման են հասել ստեղծելով մի մոդել, որի հիմքի վրա կարողացել են չափել ջերմաստիճանի փոփոխությունը Երկրի մակերևույթին վերջին դարի ընթացքում:

Ընդհանուր առմամբ, նրանք պարզել են, որ գլոբալ տաքացումներ իսկապես տեղի են ունենում, սակայն ասելը, որ դա ամենուրեք է այդպես , սխալ է. մեր մոլորակի տարբեր մասեր ջերմություն են ստանում տարբեր արագությամբ: Ավելին` Երկիր մոլորակի շատ մասեր որոշակի պահերին ընդհանրապես չեն տաքանում :

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ 1980-ականներին, երբ գլոբալ տաքացումները հատկապես ակտիվացել էին, Անդերի շրջանում գլոբալ բնույթի սառեցման միտումներ կային:

Հետազոտողները պնդում են, որ այդ բացահայտումը  թույլ կտա գլոբալ տաքացման երևույթին նայել մեկ այլ տեսանկյունից:

 

Գիտնականներն եզրակացրել են, որ Մարսի վրա ջուր է եղել

մարսԳիտնականները վստահ են, որ շատ տարիներ առաջ Կարմիր մոլորակի վրա իսկական ջրհեղեղ է տեղի ունեցել:

Գիտնականների միջազգային խումբը ապացույցներ է գտել, ըստ որի տարիներ առաջ Մարսի վրա ջուր է եղել: Իրենց  հետազոտությունները նրանք հրապարակել են  New Scientist ամսագրում:

Գիտնականների առաջարկած վարկածի համաձայն՝  մոտ 3,5- 2,5 մլրդ տարի առաջ  Քաոս Արամ խառնարանի տեղում մեծ լիճ է եղել՝ ծածկված սառույցով: Սակայն ջերմաստիճանի փոփոխության պատճառով հալոցք է եղել, ջուրը դուրս է եկել ափերից, որի հետքերն էլ  նկատելի են մոլորակի վրա:

Լիճն այնքան խորն է եղել, որ ջուրը հոսել է մի ամբողջ ամիս: Այդ ընթացքում էլ առաջացել է խառնարանը:  Գիտնականները նշում են, որ այժմ պետք է խառնարանի հատակն ուսումնասիրեն՝ հույսով, որ կգտնեն միկոօրգանիզմներ, որոնք մի ժամանակ բնակվել են լճում:

 

Երկրին շատ նման նոր մոլորակ է հայտնաբերվել

մոլորակԱստղագետները Երկրի նման մոլորակ են բացահայտել: Նրանց խոսքով` սա գիտությանը հայտնի մոլորակներից ամենաշատն է նման Երկիր մոլորակին:

«Kepler-186f»  անվանումը ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված բնակելի գոտում.  աստղից  այնպիսի հեռավորության վրա է, որ կյանքի առաջացման համար բարենպաստ պայմաններ կան:

Այս մոլորակում ոչ շատ շոգ է, ոչ էլ շատ ցուրտ: Գիտնականները կարծում  են, որ մոլորակի մակերևույթին կարող է լինել ջուր հեղուկ վիճակով, ինչը կենդանի օրգանիզմների առաջացման և զարգացման հիմնական նախապայմանն է:

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից 500 լուսային տարվա հեռավորության վրա:

Աստղը մի քիչ փոքր է Արևից ու մի փոքր էլ սառն է, իսկ մոլորակը` հակառակը, մոտ 1/10-րդով մեծ է Երկրից:

Վերջին տարիներին արեգակնային համակարգից դուրս մոլորակների մի քանի կարևոր բացահայտումներ են եղել: Առաջին մոլորակը բացահայտվել է 20 տարի առաջ, ներկայումս «Kepler»  աստղադիտակի շնորհիվ արդեն դրանց թիվը հասնում է 2 հազարի:

Այնուամենայնիվ, Երկրին այդքան նման մոլորակը պտտվում է Արևին նման աստղի շուրջը և նույն հեռավորության վրա, ինչը մինչ այս որևէ այլ տեղ չի նկատվել:

BBC-ն տեղեկացնում է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունը հավանության է արժանացրել «Պլատո» աստղադիտակի ստեղծման նախագիծը: Այն հատուկ կնախագծվի Երկրի նման մոլորակներ բացահայտելու  համար:

Իրանցի գիտնականներն աշխարհում եղանակ են ստեղծում

Nanotech.Իրանը գիտական մեծ նվաճումներ ունի և դրա «մեղավորը» այդ երկրի գիտնականների ունեցած հաջողություններն են: Մասնավորապես, ըստ 2013-ի տվյալների, մահմեդական աշխարհի կողմից արտադրվող նանոտեխնոլոգիաների 43 տոկոսն Իրանն է ապահովել:

Իրանը  Թուրքիային գերազանցել է 12, Մալազիային` 11, իսկ Եգիպտոսին`8 տոկոսով:

կապիկ, տիեզերքՆերկայումս Իրանում նանոտեխնոլոգիաներով (կիրառական գիտություններն ու տեխնոլոգիաները միավորող ոլորտ)  զբաղվում է 57 լաբորատորիա և 852 հատուկ կազմակերպություն: Իրանցիները նանոտեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործում են բժշկության մեջ: ԻԻՀ-ն գիտնականները կարողացել են ստեղծել այնպիսի արհեստական սպիտակուցային թաղանթ, որը կանխարգելում է ՄԻԱՎ վարակի բացիլի ներթափանցումը մարդու օրգանիզմ:

Երկրում ոչ պակաս թափով զարգանում են այլ գիտություններ ևս: Անցյալ տարի Իրանը երկու անգամ տիեզերք  է ուղարկել կապիկ, աշխարհին ներկայացրել ռազմական տեխնիկայի մի շարք նոր նմուշների տեսականի:

Երկիրը տարածաշրջանում ճանաչվել է կիրառական գիտությունների ոլորտի բացարձակ առաջատար: Ավելին, գիտական ոլորտում ունեցած հաջողությունների շնորհիվ, Իրանը աշխարհում 16-րդ տեղն է զբաղեցնում: Իսկ ետ են մնում Շվեյցարիան, Թուրքիան: Իրանից մի փոքր առաջ են Իրանից Ռուսաստանը, Թայվանը:

Բոլոր այս ձեռքբերումները հնարավոր են դարձել  տնտեսական դժվարին պայմաններում, բարդ է եղել նաև գիտության բնագավառի ներկայացուցիչների համար:

Այդուհանդերձ, առավել առաջադեմ հետազոտական կենտրոնների հետ  շփվելու սահմանափակումները, տեղեկատվության փոխանակման զգալի խոչընդոտները չեն խանգարել Իրանին ստեղծելու գիտության սեփական հզոր դպրոցներ:

Այս մասին տեղեկացնում է www.bbc.co.uk/persian/ կայքը:

Անկախ

Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կա՛մ գիտնական են, կա՛մ պաշտոնյա. ԲՈՀ-ի նախագահ

լիլիթ արզումանյանՀարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, վերջերս ԲՈՀ-ի գործունեությունը հայտնվել է լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում: Ինչո՞վ եք պայմանավորում աճող հետաքրքրությունը գիտական աստիճանաշնորհման համակարգի հանդեպ:

– Անկեղծ ասած` չգիտեմ: Ես էլ եմ զարմանում` ինչու հանկարծ ԲՈՀ-ը, որը չեմ կարծում` լայն հասարակական հետաքրքրությունների կենտրոնում պետք է լինի, քանի որ հասարակության մի մասի համար նախատեսված կառույց է, հանկարծ դարձավ համընդհանուր հետաքրքրության առարկա: Երևի բարձրաստիճան պետական չինովնիկների պաշտպանություններն էին պատճառը:

– Դեկտեմբերին, երբ Դուք նշանակվեցիք ԲՈՀ-ի նախագահ, հայտարարեցիք, որ պայքարելու եք անորակ աշխատանքների դեմ, ինչպես նաև մասնագիտական խորհուրդների աշխատանքի բարելավման համար: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ եք նախատեսում անել:

– Եթե կարճ ամփոփեմ` վերանայվել է ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, վերակառուցվել, վերաձևավորվել են բոլոր մասնագիտական խորհուրդները: Այսօր ունենք նոր մասնագիտական խորհուրդների ցանց ամբողջության մեջ, որոնք նոր մեխանիզմով են ձևավորվել` անվանացանկին և գիտական ներուժին համապատասխան:
Վերանայվել են ժողովածուները և պարբերականները: Այս ընթացքում 67 աշխատանք է վերադարձվել մասնագիտական խորհուրդներ, որոնք պաշտպանությունից հետո այստեղ չեն հաստատվել և հետ են ուղարկվել վերանայման:

– Իսկ նոր մասնագիտական խորհուրդների աշխատանքից գո՞հ եք:

– Դեռ վաղ է գնահատելը, որովհետև դրանք ձևավորվել են հունվար-փետրվար ամիսներին: Դեռ չեն հասցրել աշխատանքներ ներկայացնել: Հետո արդեն հետագա գործընթացը ցույց կտա, թե որքանով ենք արդյունքի հասել:

– Որքան գիտեմ, վերադարձված աշխատանքների հիմնական մասը տնտեսագիտության ոլորտից է: Ինչո՞ւ:

– Ուղղակի ինձ թվում է` ոլորտի անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառը: Գիտական աստիճանաշնորհումը, այնուամենայնիվ, գիտության հետ կապված երևույթ է, որակավորում ես երիտասարդ գիտնականի, բայց այսօր չես հասկանում, թե ինչ գործընթաց է դրա տակ: Այդքան գիտնական չի կարող ստեղծվել մի տարվա մեջ: Չգիտես, թե դա ինչ է, անհասկանալի է, թե ինչու են այդքան պաշտպանում: Ինձ համար գոնե անհասկանալի է:

– Իսկ ինչպե՞ս են պաշտպանում, եթե որակը չեն ապահովում:

– Դե, հիմա… Փաստերը ցույց են տալիս, որ պաշտպանում են:

– Հայաստանյան գիտական արդյունքի հիմնական մասն ապահովում են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչները, սակայն պաշտպանությունների թվով սրանք փոքր թիվ են կազմում: Ինչպե՞ս կբացատրեք:

– Իհարկե շատ քիչ չեն, բայց, այո, տնտեսագիտության հետ չեն համեմատվի. անհասկանալի է տնտեսագիտության այդ թիվն ընդհանուր համակարգում և ընդհանրապես հենց տնտեսագիտության բնագավառում: Ի՞նչ է արվում տնտեսագիտության ոլորտում և ո՞նց է այդքան գիտնական արտադրվում, ի՞նչ օգուտ են տալիս նրանք… Ոչ մի տվյալ հօգուտ այդ գործընթացի չի խոսում:

– Իսկ ԲՈՀ-ն ուսումնասիրություններ անո՞ւմ է այդ երևույթը հասկանալու համար:

– Դա զուտ բարոյական խնդիր է, ինչպե՞ս հասկանանք: Դա մեր ընդհանուր հասարակարգի բարոյական չափանիշների խաթարումից է գալիս:

– Մի կողմից` գիտությունն ու գիտնականն անտեսված են, մյուս կողմից` մոդայիկ է գիտական աստիճան ունենալը: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասական երևույթը:

– Ես չգիտեմ: Հարց եք տալիս, որի պատասխանը դժվարանում եմ ասել: Ինչո՞ւ են այսքան պաշտպանում, չգիտեմ: Երևի տեսականորեն կա ինչ-որ մտայնություն, որ ով հնարավորություն ունի ունենալու` պետք է ունենա: Այս թիվն ինձ համար էլ է անհասկանալի: Հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն, բայց քանակը շատ ավելին է, քան պահանջարկ կա:

– Գիտությամբ զբաղվելն աշխատատար գործընթաց է: Երբ պաշտոնյաները պաշտպանում են, հարց է առաջանում, թե ինչպես են համատեղում մասնագիտական և գիտական գործունեությունը:

– Այո, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ մեր պետական պաշտոնյաներին, որոնք հանկարծ որոշում են, օրինակ, դոկտոր դառնալ, ասեին` դարձար դոկտոր, լավ արեցիր, դե հիմա դուրս արի պաշտոնից ու գնա գիտության բնագավառ: Դարձար գիտնական` գնա աշխատիր որպես գիտնական: Պետք է դա ասվի: Պետական քաղաքականություն պետք է լինի: Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կամ գիտնական են, կամ պաշտոնյա, երկուսը միասին չի լինում:

– Իսկ ԲՈՀ-ը կարո՞ղ է օրինագիծ մշակել կամ առաջարկել, որով պաշտոնյաներին արգելվի պաշտպանել իրենց պաշտոնավարման ընթացքում:

– Դա ավելի շուտ քաղաքական որոշում է և ԲՈՀ-ի իրավասություններից դուրս է:

– Կան անձինք, ընկերություններ, որոնք գումարի դիմաց գիտական աշխատանքներ են գրում: Ձեր պաշտոնավարման ընթացքում գրանցվե՞լ է դեպք, երբ պատվերով գրված աշխատանքը բացահայտվել է: Ի՞նչ մեխանիզմներ կան այս երևույթի դեմ պայքարելու համար:

– Մեխանիզմներ չկան բացահայտելու` աշխատանքը պատվիրված է, թե ոչ: Մենք հո իրավաբանական հիմնարկ չենք: Ուղղակի հույսը մեր մասնագիտական խորհուրդների բարոյականության վրա է: Այսօր ուրիշ կռվան չկա: Այնտեղ է մաղվում, մերը երկրորդ փուլն է: Այստեղ ես փորձում եմ դա անել, և կարծես ստացվում է: Եթե աշխատանքը լավ է գրված, մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև գնահատում ենք ոչ թե անձին, այլ աշխատանքը: Այսօր հետ ուղարկված աշխատանքների զգալի մասն արտագրություններ են:
Բայց, կրկնում եմ, իրական մաղն այնտեղ է: Դաշտը կարգավորելու գործին պետք է լծվենք բոլորս: Մասնագիտական խորհուրդների նախագահները և անդամները պետք է հասկանան, որ ունենք մի դաշտ, որն այսօր մաքրելու, այնտեղ միայն գիտնականներին ներս թողնելու խնդիր ունենք: Ոչ գիտնականները, որոնք փորձում են խցկվել այդ դաշտ, չպետք է կարողանան խցկվել: Դա բոլորիս խնդիրն է: Վերջին հաշվով դա իրենց ավելի շատ պետք է նեղի, քանի որ ներս են թողնում գիտական դաշտ մի մարդու, որը դառնալով գիտությունների դոկտոր` դառնում է իրենց հավասար: Արդյոք դա ճի՞շտ է: Որ կողմից էլ նայում ես, էլի ծագում է բարոյական չափանիշների խնդիրը: Վարչարարությամբ դրա դեմն առնել հնարավոր չէ, կարելի է քայլեր ձեռնարկել, բայց լիովին անկարելի է դեմն առնել, եթե չկա բարոյական խնդիր:

– Բարոյական չափանիշներից բացի, մասնագիտական խորհուրդներն ի՞նչ նոր սկզբունքով են աշխատելու, որը պետք է նպաստի խնդրի կարգավորմանը:

– Չափանիշների պահպանման սկզբունքով, այդքանն էլ բավական է:

– Իսկ ի՞նչ բարեփոխումների կարիք կա ոլորտում:

– Նախարարի հետ մշակել ենք նոր չափանիշներ, մասնավորապես` հրապարակումների հետ կապված: Հիմա քննարկման փուլում է, երբ հաստատվի` բոլորդ կիմանաք:
Շատ կուզենայի, որ կոչումների կանոնակարգը վերանայվեր: Երևի այդ աշխատանքը կսկսենք, կվերանայենք:
Իսկ հեռահար ցանկությունն այն է, որ գիտական աստիճանի վկայագիր ստանա գիտնականը: Վերջին նպատակը դա պետք է լինի, որ գիտությունը մնա գիտնականին:

 

 

Սիբիրում 30,000 տարեկան վիրուս է հայտնաբերվել

pithovirusԳիտնականները Սիբիրի հեռավոր Չուկոտկա ինքնավար շրջանում սառած հողի մեջ 30,000 տարեկան վիրուս են հայտնաբերել:

Չնայած այս վիրուսը անվտանգ չէ մարդու համար, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են, որ կլիմայական փոփոխությունների կամ հանքարդյունաբերության հետևանքով բևեռային շրջանների հավերժական սառածության հալչելը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Pithovirus sibericum հնագույն վիրուսով վարակվում են միայն ամեոբաները, իսկ մարդկանց ու կենդանիների համար վտանգ չի ներկայացնում:

Այս վիրուսը Սիբիրի սառույցներում գոյատևել է մամոնտների ժամանակաշրջանից:

Հայտնագործության մասին հայտարարել են Ֆրանսիայի և Ռուսաստանի հետազոտողները ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի հրապարակած հոդվածում:

Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա

կուտակայինԳիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:

Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:

Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:

Ազատ Սարգսյան

Ազատ Սարգսյան,
Լուսանկարը` 168.am-ի

«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:

Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:

ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:

Արթուր Մովսիսյան

Արթուր Մովսիսյան

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի  երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:

Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:

Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:

Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:

Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:

Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:

«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:

 

Ճապոնիան համաշխարհային տեղումները չափող հրթիռ է արձակել մթնոլորտ

nasa-satellite-launchՈւրբաթ առավոտյան Ճապոնիան մթնոլորտ է ուղարկել մի հրթիռ, որի վրա NASA-ի տեղեկություններով տեղադրված է տեղումները չափելու համար նախատեսված ամենաճշգրիտ սարքը:

Համաշխարհային տեղումները չափող արբանյակը 2014թ-ի ընթացքում NASA-ի նախատեսած  երկրի վերաբերյալ հինգ գիտական մեկնարկներից առաջինն է: 4 տոննա կշռով տիեզերանավը հնարավորություն ունի գրանցել նույնիսկ ժամում տեղումների մեկ միլիմետրի հարյուրերորդական քանակը:

900 միլիոն դոլար արժողությամբ արբանյակի մեկնարկը NASA-ի և ճապոնական JAXA տիեզերական գործակալության համագործակցության արդյունք է: Այն կես ժամվա ընթացքում հասել է մթնոլորտ և արդեն տվյալներ է ուղարկում Երկիր:

Արբանյակի ուղարկած տվյալները ոչ միայն կնպաստեն փոթորիկների կանխատեսմանը, այլև մեծապես կօգնեն համաշխարհային փոփոխությունների երկարաժամկետ մոդելների վրա աշխատող գիտնականներին:

Հրթիռը նվազագույնը հինգ տարի աշխատելու համար նախատեսված վառելիք ունի, սակայն սպասվում է, որ այն ավելի երկար կգործի:

Անկախ

Yboard-րդը և ԱՄՆ-ում հրաշքներ գործող մեր հայրենակիցները

գիտԱյսօր գրեթե դժվար է մեր առօրյան պատկերացնել առանց տեխնիկայի, որն օգնում է ավելի արագ կատարել բոլոր գործողությունները: Իսկ մասնագետներն ու գիտնականները գլուխ են կոտրում՝ նորանոր հրաշագործ սարքեր ստեղծելու համար: Բացառություն չէ նաև Ամերիկայում բնակվող մեր հայրենակից, հայր ու որդի Ռուբիկ և Հայկ Եգորյանների Yboard տեխնոլոգիայի ստեղծումը:
Ռուբիկ Եգորյանն ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը, այնուհետև` Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Նախադիպլոմային աշխատանքն ու դոկտորականն իրականացրել է Սանկտ Պետերբուրգում, իսկ այժմ ապրում է ԱՄՆ-ում, մաթեմատիկայի, ֆիզիկայի դասախոս է: Աչքի է ընկել քվանտային քրոմոդինամիկայում և տարրական մասնիկների տեսական ֆիզիկայում: Գրել է 50-ից ավելի հոդվածներ, աշխատություններ և շարունակում է աշխատել ԱՄՆ-ի համալսարանների, դպրոցների համար մոտ 5 դասագրքի հրատարակման աշխատանքների վրա (ևս 5-ն արդեն հրատարակվել են): Մեզ հաճելիորեն զարմացրեց այն նորությունը, որ Հայաստանի նոր վարչատարածքային կառուցվածքի և տեղական ինքնակառավարման համակարգի մշակումները պատկանում են պարոն Եգորյանին:

– Պարոն Եգորյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք հենց YBoard էկրաններ ստեղծել:
– Երբ 2006 թ. տղաս՝ Հայկը, ընդունվեց աշխատանքի բարձրակարգ համալսարաններից մեկը՝ MIT-ն, մի քանի ամիս անց նրա գլխում Yboard ստեղծելու գաղափար ծագեց: Առաջարկեց միասին պատրաստել էլեկտրոնային LCD գրատախտակ, որի վրա հնարավոր լինի գրել և եղած տեղեկատվությունը տեղաշարժել ընդամենը մեկ մատի հպումով: Բացի դրանից, այդ էլեկտրոնային գրատախտակը կլինի հզոր համակարգիչ, հեռուստացույց, տեսախցիկ, ֆոտոալբոմ ապահովող սարք, կունենա խաղեր և այլ գործառույթներ ապահովող ինտեգրված գլուխգործոց: Ուստի, 2006-2008 թթ. ուսումնասիրեցինք գաղափարն ու ստեղծեցինք Yboard-ը:
– Մտավախություն չկա՞ր, որ հանրությունը և մասնագետները կարող են բացասական արձագանքել գյուտին:

– Ոչ: Վստահ էինք, որ YBoard-ն իսկական հեղափոխություն կլինի տեխնոլոգիաների և կյանքի բոլոր ոլորտներում: Այնպես, որ 2009 թ-ի նոյեմբերից Yboard-ի գաղափարը վավերագրային փոստով ուղարկեցինք Apple, Samsung, Toshiba, Sharp, Microsoft, Google, HP և այլ հայտնի էլեկտրոնային սարքեր, հեռուստացույցներ և համակարգիչներ արտադրող ընկերություններին և առաջարկեցինք YBoard-ներ ստեղծել: Իսկ 2011 թ. համապատասխան տեսագրություն տեղադրեցինք You tube-ում, որպեսզի այն հասանելի լինի բոլոր արտադրողներին և հասարակության տարբեր շրջանակներին:
– Ի՞նչ է YBoard-ը:
– Այն իր պատից կախվող բարակ և շատ մեծ չափերի Touch LCD էկրան է, որն իր մեջ ընդգրկում է ժամանակակից բոլոր սարքերի գործառույթներն ու կարող է տարբեր հզորությունների լինել: Կարող է կազմված լինել նույն նյութից, ինչից կազմված են, օրինակ՝ այսօրվա թաբլեթները, Touch Screen հեռախոսներն ու համակարգիչները: Սակայն ծրագրային կարգավորման առումով դրանք տարբերվում են միմյանցից: Yboard-ի կառուցվածքի հիմքում ընկած են ֆիզիկական և ինժեներական ոչ պարզ լուծումներ, իսկ էկրանը զգայուն է մատների հպման դեպքում:
– Ի՞նչ դժվարությունների բախվեցիք սարքը պատրաստելու ընթացքում:
– Առհասարակ, ինչ անում եմ, անում եմ մեծ սիրով և ոգևորությամբ: Yboard-ի դեպքում քաջ գիտակցում էի, որ այն նոր հարթություն կտեղափոխի տեխնոլոգիաների զարգացումն ու ավելի կթեթևացնի մարդկանց առօրյա կյանքը: Թերևս միակ դժվարությունն այն էր, որ չունեինք անհրաժեշտ նախնական կապիտալը, որը կօգներ YBoard-ի ֆիզիկական նախատիպը պատրաստելու և զանգվածային արտադրության մեջ ներառելու համար: Դա էր պատճառը, որ YBoard-ի գաղափարը միայն 2009-ից ներկայացրեցինք հասարակությանն ու բոլոր հայտնի և միջոցներ ունեցող ընկերություններին, որպեսզի վերջինները հնարավորինս արագ սկսեն YBoard-ի և դրա տարրատեսակների արտադրությունը:
– Եվ ի՞նչ արձագանք եղավ:
– Արձագանքներ ստացել ենք, սակայն մեծ գումարներ էին հարկավոր: 2010-ից շատ ընկերութուններ սկսեցին արտադրել Tablet-ներ և Smart Phone հեռուստացույցներ: Վստահ ենք, որ մոտ ապագայում լայն վաճառքի դուրս կբերվեն նաև Yboard-ի բոլոր գործառույթներով օժտված գրատախտակ-հեռուստացույց-համակարգիչ-tablet-touch screen սարքերը. իհարկե, տարբեր անուններով:
rubik-yegoryan– Ի՞նչ նպատակ ունի այդ բազմագործառութային սարքը:
– Նպատակը էլեկտրոնային գրատախտակ ստեղծելն է, որի վրա հնարավոր լինի գրել մատով և 2-D, 3-D մանիպուլյացիայի ենթարկել գրած բանաձևերը, տեքստերը, գրաֆիկները, նկարներն ու տեսագրությունները՝ միաժամանակ կիրառելով այն որպես հզոր, մեծ էկրան ունեցող համակարգիչ, հեռուստացույց: Yboards-ը կարող է կիրառվել դպրոցներում, բուհերում, բուժհաստատություններում, հիվանդանոցներում, բանկերում, կառավարական, ոստիկանական, ռազմական կառույցներում, ֆինանսական հաստատություններում, կազմակերպություններում և այլն: Մոտ ապագայում YBoard-ները կներխուժեն մարդու կյանքի բոլոր ոլորտները, բժշկությունն այդ սարքը կտանի այլ բարձր հարթություն, իսկ բժիշկները հեռահաղորդակցմամբ և խորհրդատվությամբ կփոխանակվեն բուժման և վիրահատությունների ընթացքում: Մյուսներն էլ մեծ գումարներ, ժամանակ կտնտեսեն և կլինեն առավել տեղեկացված:
– Այնուամենայնիվ, ի՞նչ վտանգ կամ բացասական կողմ կարող է ունենալ սարքը:
– Դանակը կարող է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել, բայց որևէ վտանգ չեմ տեսնում: Գիտատեխնիկական առաջընթացը հնարավոր չէ կասեցնել:
– Yboard-ը թա՞նկ հաճույք է, թե՞ յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել:
– Սկզբում սարքը շատ թանկ չի լինի, հետագայում բոլորին հասանելի և մատչելի կլինի:
– Ո՞ր երկրներն են հետաքրքրված Եգորյանների գյուտով:
– Շատ երկրներ: Այսօր աշխարհի բոլոր հայտնի ընկերություններն էլ զբաղվում են YBoard-ի իրենց տարատեսակների ստեղծման ծրագրերով:
– Բացի Yboard-ից, ունե՞ք նաև այլ ծրագրեր:
– Եթե ֆինանսավորող գործընկերներ հայտնվեն, մտադիր եմ ստեղծել Yboard-ի մեծ ընկերություն, որը կզբաղվի YBoard գաղափարի զարգացմամբ, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կարող է դառնալ Apple-ի կամ Google-ի պես հայտնի ընկերություն: Մեծ է ցանկությունս օգնել Հայաստանի բոլոր դպրոցներին՝ ուսուցման ամբողջ համակարգը թվայնացնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի կառավարությունը ցանկանա և անհրաժեշտ գումարներ տրամադրի Հայաստանի դպրոցներին:

– Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց:
– Այսօր գրեթե ամեն ինչ պակասում է, քանզի կյանքից միշտ ցանկանում եմ վերցնել ավելին, բայց միշտ ժամանակի և ծրագրերի կենսագործման համար ֆինանսական պակաս եմ զգում:
– Իսկ ավելցո՞ւկ…
– Ավելցուկ են մտքերը, գաղափարները, որոնք ամեն վայրկյան հայտնվում են իմ գլխում, բայց ոչ բոլորն են հասցնում իրականություն դառնալ հայտնի պատճառներով:
– Ինչպե՞ս կարող է մարդը երջանկանալ և երջանկացնել:
– Երջանկանալ կարող ես՝ լիարժեք դարձնելով կյանքի երեք ոլորտները՝ միտքը (ինտելեկտը), զգայականն ու հաղորդակցայինը, իսկ երջանկացնել կարող ես միայն սիրով, արիությամբ, պարզությամբ, համեստությամբ և մարդկային դրական էներգիայի փոխանցմամբ: Ես ինձ համարում եմ հաջողակ և երջանիկ մարդ:

 

Ելենա Չոբանյան

Անկախ

Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում

DSC_2765Փետրվարի 20-23-ը Երևանում անցկացվում է «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային 2-րդ գիտաժողովը։ Երիտասարդ տնտեսագետներն անդրադառնում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Համաշխարհային ճգնաժամի և տնտեսագիտական մտքի հիմնահարցեր», «Մենաշնորհների պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Երջանկության և բարեկեցության տնտեսագիտություն», «Հեռուստաալիքներով գովազդային տեսահոլովակների բաշխման որոշ խնդիրներ» և այլն։

ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է 85 զեկույց, որոնց հեղինակները մինչև 35 տարեկան մասնագետներ են՝ ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ։ «Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ` մասնակիցների թիվը կտրուկ աճել է։ Եթե 2013թ. ունեինք մոտ 65 մասնակից, ապա այս տարի նրանց թիվը հասնում է 85-ի։ Ընդ որում, գիտական այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների շրջանում։ Մենք գիտաժողովի շրջանակներում համագործակցում ենք բանկերի, տարբեր կազմակերպությունների հետ, որոնք դրամական խրախուսական մրցանակներ են սահմանել ուսանողների համար համար։ Ի սկզբանե գիտաժողովի կազմկոմիտեն ու գիտական կոմիտեն որդեգրել են հենց ուսանողներին խրախուսելու սկզբունքը, որպեսզի նրանք սկսեն գիտությամբ զբաղվել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Հայաստանիերիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ գիտաժողովին տեսակապի միջոցով մասնակցում են երիտասարդ գիտնականներ նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Վրաստանից։

Եռօրյա այս գիտաժողովը համատեղ կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։

 

«Այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում». երիտասարդ բարձրորակ մասնագետը հիասթափված հեռանում է Հայաստանից

Բյուրակն-2Վեց տարի բժշկական համալսարան, երկու տարի` կլինիկական օրդինատուրա` հոգեբույժի մասնագիտությամբ:

Երիտասարդ մասնագետ Բյուրակն Իշխանյանի համար այդ ոչ այնքան «արդիական» մասնագիտությունն ընտրելն ամենևին ինքնանպատակ չէր: Նա իսկապես ուզում էր հայկական հոգեբուժության ոլորտում դեր ունենալ` հասկանալով, որ այդտեղ անելիքները շատ են: Բացի այդ, ոլորտն իսկապես հետաքրքրում էր որպես բժշկության մեջ ամենխորհրդավոր և չբացահայտված ճյուղ:
Սակայն օրդինատուրա ընդունվելուց հետո նրան գիտելիքներից ավելի հիասթափությունների շարան էր սպասում: «Բժշկականում վեց տարի գերազանց սովորելուց, կարմիր դիպլոմով ավարտելուց հետո էնտուզիազմով գնում ես հիվանդանոց ու հանկարծ հասկանում ես, որ բոլորն էնտեղ թքած ունեն քեզ վրա: Հանձնարարություն են տալիս, ոգևորությամբ պատրաստվում ես, բայց լսող չկա, գրականության ցանկ ես ուզում, առաջարկում են 90-ականների սկզբին լույս տեսած մի գիրք, որը կարդացել ես 5-րդ կուրսում, և այդպես շարունակ»,- թվարկում է նա:
Հասկանում է, որ ուսումը շարունակելու համար պետք է դուրս գա Հայաստանի սահմաններից: Դիմում է եվրոպական տարբեր համալսարաններ: Բայց մինչ հաջողությունը կժպտար, երկու տարին անցնում է, ավարտում է օրդինատուրան, որից հետո Եվրամիության «Էրասմուս Մունդուս» կրթաթոշակի ծրագրով մեկնում է Եվրոպա և սովորում երեք համալսարաններում` Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: «Միգուցե տարօրինակ հնչի, բայց Եվրոպայում սովորելն ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան Հայաստանում: Ազատ ժամանակ շատ ունեի և հետաքրքիր բաներով էի զբաղվում: Էնտեղ շեշտը դրված է ոչ թե նրա վրա, որ ինչ-որ գրքեր անգիր անես, գնաս քննությունդ ստանաս, այլ որոշակի հմտություններ ձեռք բերես: Օրինակ` ես սովորեցի գիտական հետազոտություններ անել, գիտական հոդվածներ գրել, ավելի պրակտիկ բաներ, որոնք հատկապես գիտությամբ զբաղվելու համար շատ կարևոր էին»,- ասում է նա:

Երկու տարի անց` 2013-ին, ավարտելով ուսումը, երիտասարդ մասնագետը վերադառնում է հայրենիք` մոռացած նախկին հիասթափությունները, զինված հարուստ գիտելիքներով, մեծ ոգևորությամբ և ամենակարևորը` ռոմանտիկ երազանքներով: Այդ ժամանակ անկեղծորեն հավատում էր, որ իրեն Հայաստանում գրկաբաց կընդունեն, քանի որ ոլորտում երիտասարդ մասնագետներ, այն էլ` դրսում վերապատրաստված, մատների վրա կարելի է հաշվել:
Դիմում է առողջապահության նախարարություն, որ օգնեն աշխատանք գտնել: Ամենահետաքրքիրն այն է, որ ուզում էր մարզում աշխատել` լավ իմանալով մարզերում տիրող անմխիթար վիճակը: Առողջապահության նախարարությունից փորձում են օգնել, բայց պարզվում է` պահանջարկն այնքան էլ մեծ չէ. մե՛կ թափուր աշխատատեղեր չկան, մե՛կ արդեն զբաղեցրել են կամ էլ այնպիսի վատ պայմաններ են, որ ինքն է հրաժարվում:
«Մի դեպքում կարծես թե համաձայնության եկել էինք: Հասա Դիլիջան, և երբ գնացի հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ, զգացի, որ այնտեղ էլ ինձ չեն սպասում կամ միգուցե ինչ որ ակնկալիքներ ունեին»,- ենթադրում է նա:

Մարզերում աշխատելու նրա երազանքն ի վերջո հօդս է ցնդում, ու նա որոշում է աշխատանք գտնել մայրաքաղաքում: Պարզվում է` դա այստեղ էլ հեշտ բան չէ: Մի քանի տեղ դիմում է. ապարդյուն: Ի վերջո, Երևանի մանկավարժական համալսարանում մեկ կիսամյակով դասախոսի աշխատանք է գտնում և սկսում է մագիստրատուրայում «Խոսքի խանգարումների նյարդահոգեբանական և նյարդալեզվաբանական վերլուծություն» դասավանդել: Ասում է, որ արևմտյան դպրոցն այստեղ լրիվ նորություն է, քանի որ հիմնականում ուսուցումը ռուսական դպրոցի հիման վրա է: Խոստովանում է, որ չի կարողանում ուսանողների համար ապահովել այն մակարդակը, ինչ որ ինքն է ստացել Եվրոպայում. «Ուսանողներից տարրական մաթեմատիկա պահանջելը լուրջ խնդիր է, լեզուներ չգիտեն: Մագիստրատուրայի ուսանողներ են, բայց քննության ժամանակ իրարից արտագրում են, պրեզենտացիաներն իրարից «թխած» ներկայացնում են: Եվրոպայում նման բաները բացառված են, ուղղակի ամոթ է»,- ասում է նա:

Սակայն մանկավարժականում ամենազավեշտալին Բյուրակն Իշխանյանի աշխատավարձն էր: Ամսական եկամուտը ողջ դասախոսությունից կազմում է երեք հազար դրամից մի փոքր ավելի, այո, հենց այդքան: Դասախոսում է շաբաթական մեկ օր, և մեկ դասախոսությունը մոտ 800 դրամ են հաշվում: «Ընդհանրապես այստեղ ժամավճարի գաղափարն աբսուրդ է. հաշվում են միայն լսարանում եղած ժամանակահատվածը` այդ 80 րոպեն: Բայց այն, որ ես երկու-երեք օր գրականություն եմ կարդում, «սլայդներ» եմ պատրաստում և այլ աշխատանք եմ կատարում մինչև լսարան մտնելը` հաշվի չի առնվում»:

Երբ նա իր նորզելանդացի ընկերուհուն, որը նույնպես դասախոսում է, պատմել է իր աշխատանքային «արքայական» վարձատրության մասին, ընկերուհին զարմացած է մնացել` ասելով, որ իրենց մոտ, երբ դասախոսը նոր առարկա է դասավանդում, առաջին կիսամյակում նրան երկու-երեք անգամ ավելի են վճարում` հաշվի առնելով այն, որ նա որոշակի ժամանակ է ծախսում նյութը պատրաստելու վրա: Իսկ ընդհանրապես, այնտեղի և այստեղի վարձատրության միջև ընդհանուր եզրեր անգամ հնարավոր չէ գտնել:

Դասախոսությանը զուգահեռ Բյուրակնը նաև աշխատանքի է անցնում Նուբարաշենի հոգեբուժարանում: Սակայն դա էլ նրա երազած աշխատանքը չէր. նախ` աշխատավարձն է շատ ցածր` 67 000 դրամ, որի մեկ երրորդը գնում է ճանապարհածախսի վրա, երկրորդ` իր գիտելիքները լիարժեք կիրառելու «ճակատ» չունի: «Աշխարհում շատ բան է փոխվում, զարգանում, բայց դա չի հասնում Հայաստան: Խնդիրն այն է, որ մեզ մոտ հոգեբուժարանները պետական են, պետպատվերով են աշխատում, մրցակցություն չկա: Մյուս կողմից էլ, եթե պետպատվերով չլինի, այդ հիվանդների մեծ մասը սոցիալապես ծանր վիճակում է, չի կարողանա ծախսերը հոգալ: Մի խոսքով, հոգեբուժարաններն ահավոր թշվառ վիճակում են, պետք է ինչ-որ լուծում գտնել»:

Հասկանալով, որ իր մտածածն ու երազածն ամենևին չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը, այստեղ պարզապես լճանում է, իսկ վաստակած գումարով անգամ ամենատարրական ծախսերը չի կարողանում հոգալ, Բյուրակնը կրկին բռնում է Եվրոպայի ճամփան:

1961543_1539027359654971_2061728929_nԱհա, ամիսներ առաջ Բյուրակնը մրցույթով ընդունվել է Կոպենհագենի համալսարան, որտեղ նրան առաջարկել են ուսումնական ծրագիր` աշխատանքային պայմանագրով: Ավելի լավ առաջարկ հնարավոր էլ չէր սպասել: Նա դեռ այստեղ է, բայց ապագա ղեկավարի հետ արդեն սեպտեմբերի անելիքներն է պլանավորում: «Շատ հետաքրքիր գիտական միջավայր է ինձ սպասում, որը Հայաստանում այնքան պակասում է: Էստեղ ում ասում ես` գիտություն, քմծիծաղ է տալիս»,- ասում է Բյուրակնը,- միջակության մթնոլորտում մնալն անիմաստ է: Հայաստանն ասես միջակների երկիր լինի, այստեղ բարձր գիտելիքներ առանձնապես պետք չեն»:
Ծրագիրը երեք տարով է, բայց երիտասարդ հոգեբույժը Հայաստան վերադառնալու հավանականությունը շատ փոքր է համարում: Ասում է. «Այդ անգամ, երբ ավելի բարձր որակավորմամբ վերադառնամ, հիասթափությունս ավելի մեծ կլինի, ավելի լավ է` չվերադառնամ»:

Կվերադառնա, եթե, ինչպես ինքն է ասում, Հայաստանում այդ երեք տարվա մեջ կտրուկ փոփոխություններ լինեն, ինչին, ցավոք, չի հավատում: «Հայաստանը լուրջ վերանորոգման կարիք ունի. բոլոր ոլորտներում: Ինչպես համակարգիչն են «ֆորմատ» անում, մեր երկիրն էլ պետք է լրիվ անջատել ու «ֆորմատ» անել»:
Ի դեպ, նշում է, որ համակուրսեցիներից շատերն են արտերկիր մեկնել, ոմանք էլ, որոնք դեռ չեն մեկնել, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

Բյուրակնի համար Հայաստանը լքելը, այն էլ` այլևս չվերադառնալու մտադրությամբ, չափազանց դժվար է, քանի որ սիրում է իր երկիրը, իր լեզուն: Ասում է, որ իր համար օտար երկրում ամենասարսափելին հայերեն չխոսելն է, չնայած լեզվական խնդիր ընդհանրապես չունի և վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, ձեռքի հետ էլ` գերմաներենին, իսպաներենին, հոլանդերենին ու ֆիններենին: «Բայց, մյուս կողմից էլ, հոգեպես գոնե հանգիստ եմ և չեմ տանջվի այն մտքից, որ կարող էի այստեղ մնալ, ինչ-որ բան անել և չարեցի: Ես եկա և համոզվեցի, որ ոչինչ անել չեմ կարող, այստեղ ինձ ոչ ոք չէր սպասում»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Գիտնականները պլաստիկ պայուսակներից դիզել և բնական գազ են ստացել

Carrier bagsԴեն մի նետեք գնումների համար նախատեսված պլաստիկ պայուսակները, դրանք մի օր կարող են որպես վառելանյութ օգտագործվել ձեր մեքենայի համար:

Գիտնականները գտել են պլաստիկ պայուսակները դիզելի, բնական գազի և նավթի հիմքով ստեղծվող այլ օգտակար արտադրությունների վերածելու եղանակը:

Պայուսակները վառելանյութի վերածելու գործընթացում ավելի մեծ քանակությամբ էներգիա է արտադրվում, քան անհրաժեշտ է, որի միջոցով էլ դրանք վերածվում են վառելանյութի՝ ներառյալ դիզելը, որը կարելի է խառնել սովորական դիզելի հետ:

Յուրաքանչյուր տարի հարյուր միլիարդավոր պլաստիկ պայուսակներ են դեն նետվում ամբողջ աշխարհում: Որոշ հաշվարկների համաձայն՝ ութ պլաստիկ պայուսակից միայն մեկն է վերամշակվում, մյուս մասը մնում է աղբավայրերում կամ ծովում:

Պլաստիկ պայուսակները օվկիանոսում մեծ քանակությամբ լողացող աղբ են ստեղծում, որը սպանում է կենդանիներին և ծովափերը վերածում աղբավայրերի:

Հետազոտողների տվյալներով՝ լողացող պայուսակներ կարելի է գտնել նաև հյուսիսային և հարավային բևեռներում:

Նախորդ հետազոտությունների արդյունքում հաջողվել էր պլաստիկ պայուսակները վերածել հում նավթի, սակայն առաջին անգամ է, որ դրանցից դիզել են ստացել:

Հետազոտողները պլաստիկ պայուսակներից ստացաված դիզելից 30 տոկոս խառնել են սովորական դիզելի հետ և որևէ անհամատեղելիություն չի առաջացել:

Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Fuel Processing Technology ամսագրում:

 

Անկախ

Դրամաշնորհներ ստացան երիտասարդ գիտնականները

DSC_2718Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը:

ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացրեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը, եռակողմ համագործակցության արդյունքում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից հատկացված 25 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը (5 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) տրամադրվեց մինչև 35 տարեկան այն երիտասարդ գիտնականներին, որոնց աշխատանքները ներկայացվել են ANSEF 2014թ. դրամաշնորհային մրցույթին և փորձագիտական հանձնախմբի կողմից ճանաչվել լավագույնը: «2014թ. մրցույթին հետազոտական խորհրդին ներկայացված 210 գիտական հայտերից հաղթող են ճանաչվել 31-ը: Ուրախալի է, որ գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր երկրում գիտության ապագան փայլուն ձեռքերում է, և ՀՀ նախագահի կողմից աջակցումը երիտասարդ գիտնականներին նպաստում է, որպեսզի վերջիններիս ակտիվությունն էլ ավելի մեծանա»,- ասաց Գևորգ Վարդանյանը։

Նշենք, որ հաղթող գիտական թեմաներից 12-ը կենսաբանության, 8-ը ֆիզիկայի, 3-ը քիմիայի, 2-ը հայագիտության, 2-ն աստղագիտության, 1-ական էլեկտրոնիկայի, կեսաինֆորմատիկայի, բժշկագիտության և էկոլոգիայի ոլորտներից են:

Անցած 14 տարիների ընթացքում ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հետազոտական խորհրդին ներկայացվել են 1500-ից ավելի դիմում-առաջարկներ: 342 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել մոտ 1330 գիտնականներ, ստացել են դրամաշնորհներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 710 հազար ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն