Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը

ՀամակարգիչներՊաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է  ԼՂՀ դպրոցներին  համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ  այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր:  Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:

Շրջաբերական նամակ ՀՀ մրազպետներին և Երևանի քաղաքապետին

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. “Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար”:
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ

001 (4)Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։

«Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլ նաև գիտելիքների, պատրաստվածության առումով»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Երևան քաղաքի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, «Գրականություն» առարկայի օլիմպիադայով։ Մարզային փուլը կանցկացվի փոտրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանը, Շիրակացի ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

– Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

– Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
– Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
– «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
– Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
– Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
– Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
– Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
– Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
– Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
– Կլինե՞ն նոր թողարկումներ:
– Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

Ադրբեջանում աշակերտը ծեծել է դպրոցի տնօրենին

դպրոց ադրբեջանումԱդրբեջանի Հաջիգաբուլի շրջանի Գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ծեծել են տնօրենին: Դպրոցի տնօրեն Նուսրաթ Ռահիմովը վիրավորել էր բարձր դասարանի աշակերտներից մեկին: Վերջինս չդիմանալով սկսել է հրապարակավ ծեծել նրան, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Կայքի թղթակիցը փորձել է կապվել շրջանի կրթության հարցերով վարչության աշխատակիցների հետ: Սակայն տեղեկացրել են, որ ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն է անում, և առանց ղեկավարին տեղեկացնելու՝ իրենք չեն կարող մեկնաբանել միջադեպը:

Թղթակիցը չի կարողացել կապ հաստատել տնօրեն Նուսրաթ Ռահիմովի հետ:

Անկախ

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում. ԿԳ նախարար

Արմեն ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլի անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման խնդրին` շարունակելով ավելի վաղ կատարած գրառումը: Աշոտյանը գրում է. «Եվ այսպես, հասնում եմ դպրոցների դրույքներին, աշխատողներին և ֆինանսավորմանը վերաբերող գրառումաշարիս վերջին մասին:

Ինչպես արդեն նկատեցիք, դպրոցներում շատ ավելի մարդ է աշխատում, քան դրույքների թիվն է, իսկ ընթացող կրճատումների հիմնական մասը վերաբերում է վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական անձնակազմերին:

Վերջինիս հետ կապված ևս մի ուշագրավ տվյալ հրապարակեմ : 2013 թվականի դրությամբ պետական բյուջեով նախատեսված և ֆինանսավորվող 9 983 դրույքների վրա ձևակերպված էր և աշխատում էր մոտ 18 100 հոգի , այսինք գրեթե երկու անգամ ավել:

2014 թվականին այս անձնակազմի համար պետական բյուջեն լրացուցիչ 3 000 հաստիք ավելացրեց, ինչի արդյունքում ստացվում է հետևյալը` 18 100-12 747= 5 .353 դրույք, որոնք ենթակա են կրճատման:

Պարտավոր եմ նաև նշել, որ այս թվի մեջ մտած են ինչպես իրականում աշխատող մարդիկ, այնպես էլ , ըստ մամուլի, բազմաթիվ “մեռյալ հոգիներ”, որոնք եղել են ընդամենը ձևակերպված:

Ավելացնեմ նաև վարչական անձնակազմի և հաշվապահների հարցը, որոնց ծանրաբեռնվածությունը շատ փոքր դպրոցներում, մեղմ ասած, մեծ չէ: Ու նման դպրոցներում երկու կամ ավել փոխտնօրեն կամ լրիվ դրույքով հաշվապահ պահելու կարիք և հնարավորություն չկա:

Դպրոցներում առկա կադրային հարցը նոր չէ, այն հասունացել է երկար տարիների ընթացքում:

Ճիշտ չէր այդքան արհեստականորեն փքել և մեծացնել հանրակրթական համակարգում աշխատողների թիվը` խորը խզում և անհամապատասխանություն առաջացնելով իրականության և ֆինանսավորման ծավալների միջև:

Գրառումս ցանկանում եմ եզրափակել, ընդգծելով հետևյալը:

Այն տեղերում, որտեղ ընթանում են կրճատումներ, այդ գործընթացը պետք է լինի հնարավորինս հիմնված արդարության և մասնագիտական կարողությունների ու որակների վրա:

Ինչպես համոզվեցիք այս ընթացքում, որոշակի կրճատումներ արդարացված են: Բայց դրանք պետք է լինեն նաև ԱՐԴԱՐ»:

Դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ. Արմեն Աշոտյանը` կրճատումների մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցների ֆինանսավորման և մանկավարժների  կրճատման խնդրին:

Նախարարը գրում է.«Ինչպես արդեն ասացի, այո, որոշ դպրոցներում ընթանում են կրճատումներ: Փորձենք միասին հասկանալ այդ կրճատումների հիմնական պատճառը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում:

Սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից, չնայած այն հանգամանքի, որ իմ կողմից արդեն մեջբերված տվյալներով 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսնիքն` շուրջ 15 000 ավել:

Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ:

Դպրոցները ու մենք կանգնած ենք լուրջ ընտրության առջև` կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսոցիչներ, կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավել ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով:

Ու դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ:

Իդեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ»:

Զինված ներխուժում Մոսկվայի դպրոցներից մեկում, կան զոհեր

moskvaՄոսկվայի համար 263 դպրոց է ներխուժել զինված տղամարդ և կրակ բացել: Հայտնի է, որ ահաբեկիչը դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկն է եղել: Նա շարժվել է դեպի կենսաբանության դասասենյակ, որտեղ այդ պահին մոտ 20 աշակերտ է գտնվել: Դպրոցի պահակը հասցրել է ոստիկանություն կանչել: Դեպքի վայր հասած ոստիկաններին հաջողվել է վնասազերծել հանցագործին և շենքից դուրս բերել բոլոր աշակերտներին:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ ներքին գործերի  նախարարը անհապաղ ժամանել է դեպքի վայր: Հայտնի է, որ զինված ներխուժման հետևանքով մեկ ոստիկան և ուսուցիչ է զոհվել: Հարուցվել է քրեական գործ միանգամից երեք հոդվածով:

Անկախ

Ռուսաստանն արտասահմանում հայրենակիցների համար ռուսական դպրոցներ է բացելու

161-390x290Ռուսաստանն արտասահմանում  հայրենակիցների համար դպրոցներ է բացելու, որտեղ ուսուցումը ռուսական չափորոշիչների համապատասխան է լինելու:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,”Ռուսական դպրոց արտասահմանում” նախագիծը կիրականացվի մոտ ժամանակներում, կառավարական մակարդակով:

“Մենք կպայմանավորվենք ոչ միայն Բալթյան երկրների, այլև այն պետությունների հետ, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում, որպեսզի տեղերում մեր հաշվին ռուսական դպրոցներ ստեղծվեն, որտեղ մեր չափորոշիչներով դասավանդում կիրականացվի”,-ասել է Լավրովը:

Անկախ

Գործարկվել է դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգը

համակարգՀունվարի 18-ին տեղի է ունեցել դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որտեղ ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները:

Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը,
կարևորելով  վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ նպատակը հանրությանը արժանահավատ տեղեկատվության տրամադրումն է: “Համակարգը նպատակ ունի ոչ թե  խրախուսել կամ պատժել, այլ աշակերտներին, նրանց ծնողներին, քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ամփոփ ու արժանահավատ տեղեկատվության տրամադրել ուսումնական հաստատությունների հաջողությունների ու անհաջողությունների, ձեռքբերումների ու թերացումների մասին: Տարիներ առաջ, երբ խոսք էր գնում ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մասին և շեշտվում էր, որ որակը պետք է չափագրվի օբյեկտիվ չափանիշներով, քչերն էին հավատում, որ մենք կարող ենք դառնալ  աշխարհի այն երկրներից  մեկը, որը կունենա ազգային վարկանիշավորման  համակարգ: Խնդիրը, որ դրել ենք մեր առջև` կրթության որակի հետևողական բարձրացումն է՝ մրցակցային օբյեկտիվ միջավայրի ստեղծմամբ: Փորձելու ենք լուծել նաև ախտորոշման խնդիրը. պետք է հասկանալ, թե հանրակրթական համակարգում որ օղակներն են թույլ, որ ուղղություններն են վտանգված, որոնք ունեն այս կամ այն չափանիշով լրացուցիչ աջակցման կարիք: Ինչու ոչ, խրախուսելով դրական արդյուքներ ունեցողներին, սահմանել առաջնահերթություններ դժվարություններ ունեցող ուսումնական հաստատությունների հանդեպ, որպեսզի բարելավվեն նաև նրանց ցուցանիշները”,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդծելով, որ  հանրակրթական դպրոցների վարկանիշավորման ազգային համակարգի ներդրումը փորձնական փուլից թևակոխում է կայուն գործածության փուլ: Նախարարի խոսքով անաչառ և մասնագիտացված գնահատականները կարող են առողջ քննադատություն ապահովել, ինչի  շնորհիվ հնարավոր կլինի ազգային վարկանիշավորման համակարգը փորձնականից վերածել կայուն և արժանահավատ մեթոդաբանության, որն առավել հարմարեցված կլինի Հայաստանի կրթական համակարգի ավանդույթներին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը ներկայացրել է դպրոցների վարկանիշավորման համակարգի գործառնության մեթոդաբանությունը՝ նշելով, որ այն համակարգը մշակման հիմքում միջազգային փորձն է հաշվի առնվել: “Դպրոցների համեմատության օբյեկտիվությունն ապահովելու համար դպրոցները խմբավորվել են.  ըստ կազմակերպաիրավական ձևի՝ պետական և ոչ պետական, ըստ աշխարհագրական դիրքի ՝քաղաքային և գյուղական,  ըստ կրթական ծրագրի աստիճանի՝ հիմնական հանրակրթական և ավագ, ըստ սովորողների թվի՝ մեծ, միջին և փոքր: Բացառությամբ տարրական և հատուկ դպրոցների, ըստ մշակված հարցաթերթերի, ՀՀ բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություներից հավաքագրվել է անհրաժեշտ տեղեկատվությունը”,- նշել է Կարինե Հարությունյանը և հավելել, որ տվյալների մուտքագրումից հետո ըստ տարբեր չափանիշների համակարգն ինքն է որոշում լավագույն կրթական հաստությունը:
Նախարարի տեղակալի խոսքով`  վարկանիշավորման համակարգն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ, քանի որ դպրոցների վարկանիշավորման և ցուցանիշների հրապարակման արդյունքում, ինչպես ցույց է տալիս փորձը, որոշակի բևեռացվածություն է առաջացնում, ինչից պետք է խուսափել:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է համակարգի փորձնական տվյալները.  “Մեկ ամսվա ընթացքում հավաքվել է ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվությունը ու կազմվել վարկանիշները` հինգ տասնյակին մոտ ցուցանիշների հիման վրա: Վարկանիշավորման համակարգը ներկայացված է առանձին ինտերնետային կայքում, որտեղ շահառուները հնարավորություն ունեն ցանկացած ցուցանիշով ստանալ դպրոցների վարկանիշավորման իրենց նախընտրած սանդղակը:  schoolrate.armedu.amկայքն  արդեն հասանելի կլինի հունվարի 20-ից: Կայքում տեղակայված է դպրոցների ընդհանուր վարկանիշը, գործում են “Աշակերտների ուսումնառություն”, “Ուսուցիչներ”, “Դպրոցի ակտիվություն”, “Կառավարման արդյունավետություն” բաժինները: Հնարավոր է դպրոցների վարկանիշավորումը ստանալ` ըստ մեկ չափանիշի` ընտրելով 49 ցուցանիշներից յուրաքանչյուրը”,- տեղեկացրել է Ա. Պողոսյանը:
Վարկանշավորման համակարգը առաջին անգամ փորձարկվել է   2013թ-ին , որի արդյունքում իրականացվել են մի շարք փոփոխություններ մեթոդաբանության մեջ: Ծրագիրը դեռևս փորձնական է, փոխությունները կշարունակվեն՝ նպատակ ունենալով  ձևավորել դպրոցների դասակարգման և վարկանիշավորման հուսալի, համարժեք չափանիշների և գնահատելի ցուցանիշների համախումբ:

Անկախ

Հայոց լեզվի բառապաշարի հարստացմանն ուղղված նոր խաղ «Dasaran.am»-ի կողմից.

Նկար«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը,   հավատարիմ Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը միտված իրենց առաքելությանը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների  հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց:

«Բառերի տիեզերք»-ը, որը բաղկացած է բարդության տարբեր աստիճանի հոմանիշների և հականիշերի բաժիններից, կօգնի մեր աշակերտներին ինտերակտիվ եղանակով հարստացնել հայոց լեզվի իրենց զինանոցը: Խաղի հետաքրքրաշարժ բովանդակությունը և տպավորիչ դիզայնը հնարավորություն կտան աշակերտներին ինտերակտիվ կերպով հաղորդակցվել ոսկեղենիկ հայոց լեզվի ողջ հմայքին՝ պարտավորեցնելով վերջիններիս  խոսել ավելի հարուստ և գեղեցիկ հայերեն: Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի և այդպիսով արդյունավետորեն նպաստելով նոր սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը:

«Dasaran.am» կրթական հարթակն էլ խաղը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 930 դպրոցների աշակերտներին՝ ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ դրա լայն տարածման և բարձր արդյունքներ գրանցելու համար:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներմուծման եղանակով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են

Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

«Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

 Անկախ

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

նիստԱյսօր կայացած Կառավարության նիստում նաև կրթության ոլորտին առնչվող որոշումներ են ընդունվել:

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:

Անկախ

Արմեն Աշոտյանը ներկայացրել է 2014 թվականի գերակա խնդիրները ԿԳ ոլորտում

արմեն աշոտյանՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ “2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը” թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս  մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: “Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն:

Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական  պլանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում`  մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:  ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության  ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր  նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի  զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի,  ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին  թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար:

Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: “Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին Աշոտյանն ասել է. «Կարիք չկա 1998-2008 թթ.-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա»:

Նրա խոսքերով` այդ թվականներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: «1998թ-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Իսկ 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո հիշում եք իշխանության կոնֆիգուրացիան` Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Այդ տարիները նաև մեր տարիներն են` հաջողությունների, խնդիրների, տնտեսական վերելքի, հասարակաքաղաքական փոփոխությունների, և կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը հատկապես երկրի երկրորդ նախագահի կողմից»,-ասել է  Ա.Աշոտյանը:

Ըստ Ա. Աշոտյանի` իր համար հաճելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ: «Հետաքրքիր է, թե երբ է Ռ.Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,- ասել է  նա` հավելելով, որ ՀՀԿ-ն գնահատում է անցյալը, բայց կառուցում է ապագան. «Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք»:

Անկախ

 

Արմեն Աշոտյանը` խնդիրների սկանդալային ժողովածուի մասին

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկանդալի պատճառ դարձած  մաթեմտիկական խնդիրների ժողովածուին:

Աշոտյանն իր ՖԲ էջում գրել է. «FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները»  Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են:  Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է:  Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:  Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

Նշենք, որ քննարկումների առարկա էր դարձել խնդիրների բովանդակությունը: Բերենք մի քանի օրինակ նշված խնդիրների ժողովածուից.

«Ընկերները Սոսի մասին այսպիսի խնդիր կազմեցին. «Մի երեկո մեր ընկեր Սոսը մեր ձեռքն ընկավ, և յուրաքանչյուրս 3 անգամ նրա վզակոթին հասցրեցինք: Մեր ընկեր Սոսն ընդամենը 108 անգամ վզակոթին ստացավ: Մենք քանի՞ հոգով էինք»:

«Շարիկից փրկվելու համար 40 տատիկները սաղարթախիտ ծառը բարձրացան: Ծառը 18 ճյուղ ուներ, ամեն ճյուղի 2 տատիկ էր նստել: Ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել»:

«Ավագ եղբայրը 2 կոնֆետ ունի, իսկ փոքրը` 12 կոնֆետ: Ավագը փոքրից քանի՞ կոնֆետ պիտի խլի, որպեսզի եղբայրների միջև հավասարություն հաստատվի»:

«Սոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում: Ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ սոսի վրա թքեց: Ուղտերը քանի՞ անգամ Սոսի վրա թքեցին»:

 

Անկախ

Սիրիայում դպրոցի մոտակայքում ռումբով մեքենա է պայթել, կա 16 զոհ

syria-car bombՍիրիայի պետական լրատվամիջոցների և ընդդիմադիր դիտորդների տեղեկություններով՝ կենտրոնական նահանգներից մեկում դպրոցի մոտակայքում ռումբով մեքենայի պայթյունից զոհվել է 16 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Համա նահանգի ալ-Կաֆաթ գյուղում: Համա նահանգի ոստիկանության տվյալներով՝ զոհերի շարքում եղել են նաև կանայք և երեխաներ:

Ալ-Կաֆաթի բնակիչները հիմնականում շիա մահմեդականներ են:

Սիրիայի կոնֆլիկտը լարվածություն է ստեղծել հիմնականում սունի ընդդիմության և նախագահ Բաշար Ասադի կողմնակից շիա մահմեդականների միջև:

 Անկախ

«Գիմազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

մեդալՆոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած  դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Հայաստանի ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը և Գևորգ Խիթարյանը համապատասխանաբար բրոնզե մեդալների:
Նշենք, որ “Գիմազիադա-2013” խաղերի ծրագրում  ընդգրկված էր 8 մարզաձև: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձևերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ և ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 2011 թվականից հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք է ստացել մասնակցել  բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել  դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:

«Եղեգան փողը» աշակերտների գրչով կպատմի աշակերտների առօրյայից

153 դպրոց«Եղեգան փող». այսպես է կոչվում դպրոցական ամսագիրը, որն արդեն պատրաստ է հրատարակության  և  մի  քանի օրից  կներկայացվի Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի աշակերտների ու ծնողների դատին:

Ամսագիրը  հրատարակվում է դպրոցի մանկավարժական կազմի և աշակերտական խորհրդի անդամների ջանքերով:  Դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ամսագրի  խմբագիր  Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նյութերի հեղինակները դպրոցի աշակերտներն են, որոնց, բնականաբար, օգնում են հայոց լեզվի և գրականության ուսուցիչները. «Երբ երեխային արժևորում ես,  համարձակություն ես ներշնչում, շատ ավելի լավ է աշխատում: Երբեք չենք ասում` ընդունակ չես, չես կարող: Երեխաներն էլ իրար մեջ մրցում են, թե ով ավելի լավ նյութ կգրի, որպեսզի իր նյութը հայտնվի թերթում»:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ թերթի հրատարակումով նախ և առաջ նպատակ ունեն դպրոցական անցուդարձից տեղյակ պահել թե աշակերտներին, թե ծնողներին: Այդ իսկ պատճառով  թերթի համար ընտրել են «Եղեգան փող» անվանումը, քանի որ այն դպրոցի կյանքն է լուսաբանում, «դպրոցի եղեգան փողն է»:

Նախկինում դպրոցը թերթ հրատարակելու փորձ ունեցել է: Ըստ այդմ, Սարգսյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, ծնողներից յուրաքանչյուրը ցանկանում է ժամանակին տեղեկանալ, թե ինչ է կատարվում դպրոցում, որտեղ իր երեխան է սովորում: Պարզապես աշակերտների թվաքանակով թերթը տպելը ծախսատար է, ուստի կտպեն այնքան, որքան դպրոցի միջոցները կբավարարեն: Հույս ունեն, որ «Եղեգան փողը» լույս կընծայվի երկու ամիսը մեկ, չնայած ասելիքը շատ է, և ամեն ինչ լուսաբանելու համար շաբաթական պարբերականությունը հազիվ բավարարեր:

Թերթն ունի մի քանի բաժիններ, որոնք կոչված են թե՛ կրթելու ընթերցողին, թե՛ տեղեկացնելու դպրոցի կյանքից:

Խորագրերից մեկը երեխաներին տեղեկացնելու է, թե դպրոցին հարակից փողոցներն ում անունով են կոչված, երբվանից և ինչու, նաև ներկայացնելու է անվանակրի վաստակը, կենսագրությունը:

Անահիտ Դուրգարյանն ասում է, որ նման միտք առաջացել է, երբ աշակերտներից մեկը չի իմացել, թե իր բնակության փողոցն ում անունով է: «Երեխան պիտի իմանա գոնե իր բնակավայրի կենսագրությունը:  Այս խորագրով  երեխայի մեջ ձևավորվելու է հետաքրքրասիրություն, որը  փողոցից անցնելու է մեկ այլ ոլորտ, օրինակ` երաժշտություն լսելիս էլ պիտի փորձի հասկանալ, թե ով է հեղինակը, որ գործն է հնչում, ինչ բովանդակություն ունի: Այսինքն` սրանով փորձում ենք այդ անտարբերության քողը երեխայից մի կողմ  տանել»,- ասում է Անուշ Սարգսյանը:

Հաջորդ խորագիրը կոչվում է «Մեր թոթովանքները»: Այստեղ զետեղվում են դպրոցի շնորհաշատ աշակերտների ստեղծագործությունները` բանաստեղծություններ, արձակ գործեր, անգամ կտավների լուսանկարներ: Սարգսյանի խոսքով` խորագրի անվանումը  պատահական չէ. ներկայացվածը երեխաների առաջին քայլերն են, թոթովանքներն արվեստի ոլորտում. «Ստեղծագործող երեխային գոնե խթան պիտի տանք,  ուշադրության կենտրոնում պահենք, որպեսզի երեխան հասկանա, որ իր աշխատանքը նկատել ու գնահատել են»:

Ամսագրում  տեղ է հատկացված նաև տարբեր մրցույթներում դպրոցի աշակերտների արձանագրած հաջողությունները լուսաբանելուն: Առաջիկա համարում, օրինակ, կներկայացվեն դպրոցի  կարատեի երեք չեմպիոնները, որոնք վերջերս են մրցանակի արժանացել տարբեր տարիքային խմբերում:

«Չեմպիոնների դպրոց ենք առանց սպորտդահլիճի»,- արձանագրում է Սարգսյանը:

Թերթի առանցքային նպատակներից է լինելու  Ռաֆայել Իշխանյան անձի, քաղաքացու ճանաչումը. « Երեխան պիտի իմանա, թե ում անվան դպրոցում է սովորում, ինչու է դպրոցն անվանակոչվել Ռաֆայել Իշխանյանի անունով, ի վերջո,  սովորի, որպեսզի անցյալի բազմաթիվ սխալները չկրկնի, ապագան պիտի լինի սխալների ուղղման, դաս քաղելու ապագա»:

Թերթի առաջին համարում կներկայացվի Իշխանյանի կենսագրությունը,  նաև տարվա կտրվածքով Իշխանյանին նվիրված միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ, տարրական դասարաններում աշակերտները վայելչագրության տետրերում կարտագրեն Ռաֆայել Իշխանյանի մտքերը, որոնք թևավոր խոսքերի են վերածվել` վայելչագրության մրցույթի նյութ դառնալով: Սարգսյանն ասում է, որ այսպիսով երեխաները, մի կողմից,  Իշխանյան են սովորում, մյուս կողմից` վայելուչ գրելու արվեստին են տիրապետում:

Միջին դասարաններում շեշտը կդրվի ուղղագրության ուսուցման վրա, ինչի համար կկիրառվի Ռաֆայել Իշխանյանի «600 բառ» գրքույկը: Մի քանի դասարանների կհանձնարարվի սերտել որևէ բաժին, ապա ուղղագրությունից կմրցեն միմյանց հետ, որից հետո նաև կհանձնարարվի բառերի բացատրությունը ներկայացնել  հոմանիշներով: «Այսպես խաղը վերածվում է գիտելիքների բազայի հարստացման մի յուրատեսակ մեթոդի»:

թերթՆախատեսվում է նաև Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ  պատմություն հայոց» նոր հրատարակված  գրքի շնորհանդես-միջոցառում իրականացնել  դպրոցում, որտեղ գրքից վերցված պատմական դրվագները  կներկայացվեն թատերականացված ձևով:

Իսկ Իշխանյանի ծննդյանը նախորդող շաբաթվա ընթացքում  դասղեկական ժամերը կանցկացվեն Իշխանյանի անվան սենյակում, որտեղ աշակերտները ևս մեկ անգամ կկարողանան մոտիկից ծանոթանալ նրա  վաստակին ու գաղափարներին:

Ամսագրի խորագրերից մեկն էլ լուսաբանում է դպրոցի համագործակցությունը ծնողների հետ: Այս տարվա սեպտեմբերին աշակերտական խորհուրդն առաջարկել  և մանկավարժական խորհուրդն էլ հավանության է արժանացրել դասղեկական ժամերին որոշակի պարբերականությամբ տարբեր մասնագիտությունների տեր ծնողների հրավիրելը, որպեսզի դասաժամը նրանք վարեն: Ծնողներն աշակերտներին են ներկայացնում իրենց մասնագիտության յուրահատկությունները, խորհուրդներ տալիս ոլորտով հետաքրքրվողներին:  Նախաձեռնությանը միացել է նաև դպրոցի հոգեբանը, որ տարբեր թեմաներով քննարկումներ է կազմակերպում դպրոցականների հետ:

«Սա  խթան է մասնագիտական կողմնորոշման համար, որովհետև հիմնական դպրոցի առաքելությունն է նաև աշակերտի մասնագիտական կողմնորոշումը, քանի որ երեխան ավագ դպրոց գնալիս արդեն  պիտի կողմնորոշված լինի, թե  որ մասնագիտացված խումբը պիտի գնա և ինչ ոլորտ է նախընտրում: Ահա սա երեխաներին կողմնորոշելու ձևերից մեկն է»,- ասում է Սարգսյանը` հավելելով, որ սա նաև ամրապնդում է ծնող-դպրոց կապը:

Ամսագրի վերջին էջը հատկացված է վիկտորինային: Այստեղ ներառված են հարցեր, որոնց պատասխաններն աշակերտները կարող են գտնել «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքում: Առաջիկա համարում, օրինակ` աշակերտից կպահանջվի իմանալ, թե որն է հայերի մարդաբանական տեսակը, ինչ առանձնահատկություններ ունի, ինչպես էին հայկական լեռնաշխարհն անվանում Միջագետքի հին բնակիչները` աքքադացիները, Արտաշեսյան արքայատոհմի որ թագավորն էր, որ գլուխ չխոնարհեց Կլեոպատրայի առջև և գլխատվեց, ով է Տիգրան  Մեծին կնքել Արքայից արքա տիտղոսով և այլն:

Հայկուհի Բարսեղյան

Անկախ

 

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մի շարք կրթօջախների վերանորոգման համար

10866_am_3Այսօր տեղի ունեցած նիստում Գործադիրը որոշել է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթօջախների վերանորոգման համար:

Այսպես,  գործադիրը 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսումնական մասնաշենքի առաջին հարկի ուժեղացման ու նորոգման աշխատանքներն իրականացնելու, մոտ 63.5 մլն դրամ` Սպիտակի ավագ դպրոցի և Մեծամորի N 2 ավագ դպրոցի շենքերի տանիքների հիմնանորոգման, համապատասխան ֆինանսական միջոցներ` Արագածոտնի մարզի Լեռնապարի, Մաստարայի, Երևանի N 108 և Ռ. Իշխանյանի անվան N 153, Արարատի մարզի Վարդաշենի դպրոցների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով:

Երևանի հիմնական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են

դպրոց, ջեռուցումԵրևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում ձմռան նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Նախատեսված ժամկետում իրականացվել են ջեռուցման համակարգերի և ջրամատակարարման խողովակների տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները: Կատարվել են գազասպառման համակարգի տեխնիկական անվտանգության և հրդեհի բացառման փորձաքննական աշխատանքներ, ստուգվել և կարգի են բերվել ջեռուցման մարտկոցները. ջեռուցման համակարգերը կարող են գործարկվել։ Ըստ անհրաժեշտության՝ փոխարինվել են մի շարք դպրոցների պատուհանների ապակիները: Պոլիէթիլենային թաղանթով կատարվել է պատուհանների ջերմամեկուսացում։

դպրոց, ջեռուցումՁմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում նաև վերապատրաստվել են դպրոցների կաթսայատներում աշխատող հնոցապանները և ստացել են նոր վկայականներ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ինչո՞ւ է մարզօջախի ճակատից անհետացել Վահան Չերազի անունով ցուցատախտակը

Vahan_cherazՎահան Չերազը մեծ ներդրում ունի ֆիզիկական կուլտուրան և սպորտը, սկաուտական շարժումը Հայաստանում զարգացնելու գործում: Ցավոք, դեռևս արժանին չի հատուցվել անվանի գործչի հիշատակը վառ պահելու համար: Եվ այս առումով պարտք ունենք:

Խորհրդային տարիներին նրա անունը փորձում էին չհիշատակել, թեև Չերազը անկուսակցական է եղել: Իսկ պատճառն այն էր, որ նա  XX դարի սկզբին հայ ազատագրական պայքարի մարտիկներից էր, զինվորագրվել էր Անդրանիկի կամավորական գնդին և զորավարի անձնական թարգմանիչն էր:

1886-ի օգոստոսի 16-ին Պոլսում ծնված Չերազը փայլուն կրթություն էր ստացել. 1896-1904 թթ. սովորել էր Փարիզում, Լոնդոնում և ոչ միայն օտար լեզուների էր տիրապետում (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն), այլև ուսումնասիրել էր ֆրանսիական մարմնամարզության ու անգլիական մարզական խաղերի համակարգերը: Նրան 1920-ին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները, մասնավորապես, կրթության նախարար Նիկոլ Աղբալյանն էր հրավիրել, և Ստամբուլից գալով` Չերազը լայնածավալ աշխատանք էր իրականացնում, անում հնարավորը, որպեսզի  Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցներում պատանիները և աղջիկները համակողմանի դաստիարակություն ստանան, լինեն ֆիզիկապես ամուր և ուժեղ: Նա առաջինն էր, որն օգնեց հայ պատանիներին, որպեսզի ծանոթանան ֆուտբոլ, բռնցքամարտ, ջրացատկ, թենիս, աթլետիկա, լող մարզաձևերին: Ընդ որում, երեխաները լողով զբաղվում էին շուրջտարին, մարմինը կոփում էին նաև ձմռանը` ակոսելով Արփա գետի ջրերը:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վտանգավոր ժամանակներ էին, սակայն մասնագետը չցանկացավ հեռանալ և շարունակեց հայրենանվեր գործունեությունը, մինչդեռ արտասահման տեղափոխվելով` կունենար բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Այդուհանդերձ 1927-ին Չերազը գնդակահարվեց  Թբիլիսիի Մետեխի բանտում. դահիճն անձամբ Լավրենտի Բերիան էր:

Երկար ժամանակ արգելվում էր Վահան Չերազի անունը հիշատակելը: Միայն անկախացումից հետո քայլեր ձեռնարկվեցին տխուր ժամանակների հանիրավի զոհ դարձած հայորդու հիշատակը հավերժացնելու համար: 1991-ին Գյումրիում նախաձեռնող խումբ ստեղծվեց, նախագիծ կազմվեց, ըստ որի` նախատեսվում էր Գյումրիի փողոցներից մեկը, նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով:

Սակայն տարիներ պահանջվեցին, որպեսզի մտահղացումն իրականություն դառնար: Միայն XXI դարի սկզբին Գյումրին Չերազի անունով փողոց ունեցավ:

դպրոցըԵվ քանի որ մի շարք անվանի գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ դիմել էին Գյումրիի քաղաքապետին, 2002 թ. անվանակոչության ցուցատախտակ փակցվեց նաև Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանի պատին: Տոնախմբություն էր կազմակերպվել, հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ղեկավար այրեր, Վահան Չերազի հարազատները:

Թվում էր, թե սայլը տեղից շարժվել է, սակայն, ինչքան էլ տարօրինակ է, դարձյալ խնդիրներ կան:

Վահան Չերազի հիշատակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով այս տարի Երևանից Գյումրի այցելած խմբի անդամներին, նաև նրա դստերը` երջանկահիշատակ անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն Անդրեասյանին, նրա որդուն` լրագրող Վահան Իշխանյանին, անակնկալ էր սպասում: Պարզվում է, որ անհետացել է շենքի պատին փակցված անվանակոչության ցուցատախտակը:

Մարզօջախի տնօրենը պատճառաբանել է, որ հաստատությունը քաղաքային ենթակայության չէ, մինչդեռ անվանակոչելու որոշումը Գյումրիի քաղաքապետարանն է կայացրել, որը իրավասու չէ այդ հարցում: Ստացվում է` ամեն ինչ օրինականացնելու համար պետք է մարզօջախի` այժմ արդեն Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերադաս կազմակերպությունը` Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անվանակոչություն իրականացնելու հարցին հավանություն տա, առաջարկ ներկայացնի և Հայաստանի կառավարությունն էլ այն վավերացնի:

Ի դեպ, նման անախորժ նախադեպեր կան: Նախկինում մի շարք մարզադպրոցներ, որոնք հիմնադրել էին հայկական սպորտի անվանի մարզիկները,  ժողովուրդը տարիներ ի վեր նրանց անունով էր կոչում դրանք, սակայն օրինական անվանակոչություն չէր կատարվում: Խոսքը վերաբերում է մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի, հնգամարտիկ Իգոր Նովիկովի, ըմբիշ Նորայր Մուշեղյանի մարզադպրոցներին:  Բայց սա առանձին խոսակցության նյութ է:

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը, որը «Սկաուտական շարժման տարածումը Հայաստանում» (1991 թ.) և մի շարք այլ գրքերի հեղինակ է, 1990-ականներից  գլխավորում է նախաձեռնող խումբը, որը զբաղվում է Վահան Չերազի հիշատակը հավերժացնելու հարցերով: Նա չթաքցրեց, որ վեճ է եղել մարզօջախի տնօրեն Հակոբ Փանոսյանի հետ: Պապոյանի վկայությամբ` մարզօջախի ղեկավարությունը պատճառաբանել է, որ համապատասխան որոշում չկա վերին ատյաններից,  բացի այդ, հաստատության անվանումը փոխվել է, այդ իսկ պատճառով` ցուցատախտակը հանվել է:

Դա կատարվել է տարիներ առաջ, երբ ուսումնարանը դարձել է քոլեջ:

չերազ

«Տորք» ֆուտբոլային թիմը Կոստանդնուպոլսում, հիմնադիր` Վահան Չերազ (երկրորդ շարք, մեջտեղում)

– Ստացվում է, որ փաստաթղթերով ոչինչ չկա, միայն խորհրդանշական ձևով կարելի է ուսումնարանը կոչել Վահան Չերազի անունով: Ինքս Վահան Չերազի մեծադիր նկարն եմ տվել, որը փակցվել է: Կարծում եմ, որ որևէ խնդիր չէր լինի, եթե ցուցատախտակը չհանվեր: Համենայն դեպս, մարզօջախի ղեկավարությունը ներկայումս այնքան էլ շահագրգռված չէ, որ ցուցատախտակը լինի: Մտադիր ենք առաջիկայում դիմել Հայաստանի և սպորտի երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, որպեսզի խնդրին ընթացք տրվի` ամեն ինչ վավերացվի մեր երկրի սպորտի նախարարության ղեկավարի, նաև Հայաստանի կառավարության որոշումներով: Այն ժամանակ, երբ գործին հետամուտ էր Գյումրիի քաղաքապետարանը և ցուցատախտակը տեղադրվել էր, տեղյակ չէինք, որ կարող է հետագայում Հայաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունելու անհրաժեշտություն ծագել: Հույս ունենք, որ հարցը կկարգավորվի: Ցավոք, այս հարցը կարգավորելու գործում անտարբերություն են դրսևորում ոչ միայն սպորտի, այլև սկաուտական շարժման ներկայացուցիչները: Կատարյալ անտարբերության մթնոլորտ է: Ինչ վերաբերում է Վահան Չերազի անունով փողոցին, ապա այն կա: Հուշատախտակ է փակցված նաև  այդ փողոցում գտնվող Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի պատին, որտեղ ժամանակին ապրել է Չերազը: Ի դեպ, 1937-ին գնդակահարվել է նաև նրա կինը` Վարդանուշը»,- ասաց Պապոյանը:

Հավելենք, որ այս մարզօջախը մեր երկրում լավագույններից է: Այն հիմնվել է 1986-ին և սկզբում եղել է մարզական թեքումով գիշերօթիկ դպրոց, ապա` ուսումնարան, հետո էլ` քոլեջ: Հաստատության սաները ուսում են ստանում և հմտանում տարբեր մարզաձևերում: Մարզօջախի սովորողներից շատ են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, տարբեր տարիքային խմբերի աշխարհի, Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած մարզիկները. 320 անգամ ի պատիվ մարզօջախի սաների մարզական հաջողությունների`  միջազգային տարբեր ստուգատեսներում հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել եռագույնը: Մարզօջախը  հիանալի պայմաններ ունի,  ի լրումն` ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ այժմ նոր մարզահամալիր է կառուցվում:

Քանի որ լուրեր են շրջում, թե նպատակ կա մարզօջախը կոչել  Գագիկ Ծառուկյանի անունով, հետաքրքրվեցինք, թե որքանով են դրանք արժանահավատ: Հակոբ Փանոսյանը, որը  կրթօջախի հիմնադրման օրից աշխատել է փոխտնօրեն, իսկ 1999-ից տնօրեն,  հայտնեց, որ հաստատությունը Գագիկ Ծառուկյանի անունով կոչելու մասին խոսակցությունները մտացածին են: Մեր այն հարցին, թե երբ է նախատեսվում ավարտել քոլեջի նոր համալիրի շինարարությունը, նա հայտնեց, որ դա միայն կարող է ասել կառուցողը:

Ինչ վերաբերում է կրթօջախը Վահան Չերազի անունով կոչելուն, ապա այդ մասին այսպիսի պարզաբանում տրվեց. «Գյումրիի քաղաքապետարանը ժամանակին խորհրդանշական ձևով է այն կոչել Վահան Չերազի անունով: Բայց քանի դեռ Հայաստանի կառավարության որոշում չկա, իրավունք չունենք պաշտոնապես այդ անունը նշելու մեր կնիքի վրա, պաշտոնական փաստաթղթերի վրա: 2005-ից առաջ եղած ցուցատախտակի վրա Վահան Չերազի անունը գրված էր, բայց հետո, երբ այն քոլեջ դարձավ, ասացին, որ չի կարելի, սխալ է, քանի դեռ այդ մասին Հայաստանի կառավարության որոշում չկա, և պետք է գրվի այն, ինչ կա կրթօջախի կնիքի վրա: Բայց  Վահան Չերազի նկարը փակցված է կրթօջախում: Նա շատ բան է արել սկաուտական շարժումը, սպորտը Գյումրիում զարգացնելու համար, և քոլեջը Վահան Չերազի անունով ենք կոչում,  և այն մեկ այլ մարդու անունով կոչելու մասին խոսակցություն էլ չի եղել»:

Թվում է, թե խնդիրը պարզ է, իսկ թե ինչքան ժամանակ կպահանջվի այն կարգավորելու համար` ցույց կտա մոտ ապագան: