Թայիփ Էրդողանը Սոմայում ապտակել է քաղաքացիներից մեկին (տեսանյութ)

Turkey's PM Erdogan greets people as he visits the coal mine accident site in SomaԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն աղետի առաջին օրն այցելել էր Սոմա, որտեղ նրան դիմավորել էին բողոքի ցույցերով և հրաժարականի պահանջներով: Վարչապետի անվտանգության աշխատակիցները, ահագնացող լարվածության պատճառով, ստիպված էին եղել Էրդողանին պատսպարել մոտակա խանութում: Ահա համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էրդողանը խանութ մտնելիս ապտակում մի երիտասարդի: Թաներ Քուրուջա անունով երիտասարդը այնուհետև դաժան ծեծի է ենթարկվել վարչապետի անվտանգության աշխատակիցների  կողմից:

Թուրքական «Զամանի» հաղորդմամբ՝ տեսանյութերը դարձել են սուր քննարկումների առարկա: Չնայած դրան, թուրքական մամուլում շատ քիչ հրապարակումներ են տեղ գտել այս միջադեպի մասին: Անդրադարձներ կարելի է տեսնել միայն «Զամանի», «Ռադիկալի», «Հյուրիյեթի», «Սյոզջուի» և «Տարաֆի» առաջին էջերին:

Եթե Էրդողանը 1915 թվականին լիներ, այսօր Թուրքիայում միլիոնավոր հայեր կլինեին. Լեոն Արմանլը

Լեոն Արմանլը    Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի վերաբերյալ «ցավակցական» ուղերձից հետո ստամբուլահայ գործարար Լևոն Արմանլըն կողմից «Հյուրիյեթ» թերթում հրապարակել էր վարչապետին ուղղված շնորհակալական հաղորագրություն, որը լայն քննարկումների առարկա դարձավ: «Ակօս»-ի լրագրողը հանդիպել և զրուցել է Լեոն Արմանլըի հետ և փորձել հասկանալ նրա այս դիրքորոշման դրդապատճառը: Արմանլըն համուզմունք է հայտնել, որ իր շնորհակալությունը ցավակցությունից կարևոր է, և որ ցավակցական ուղերձը իր հայտարարության կողքին դժգույն է դառնում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Էրդողանի հայտարարությունը ցեղասպանության ժխտման շարունակությունը չէ, Արմանլըն հետևյալ կերպ է պատասխանել. «1915 թվականին Թուրքիայում 2 միլիոն հայ կար: Հիմա ուզում եմ, որ սա դարձնեք գլխագիր: Այն ժամանակներից մինչև հիմա եթե բոլորը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պես մտածեին, այժմ Թուրքիայում միլիոնավոր հայեր կլինեին»: Իսկ այն հարցին, թե այդ պարագայում ինչու է Էրդողանը շարունակում ժխտել ցեղասպանությունը, Արմանլըն նշել է. «Ես այն չեմ կոչում ցեղասպանություն: Հիտլերի արածը հրեաների նկատմամբ ցեղասպանություն էր: Տեղահանություն է եղել, որի ժամանակ մեծ թվով մարդիկ են մահացել: Մեկը պետք է պատասխան տա սրա համար: Ես չեմ կարծում, որ դա ցեղասպանություն չէ: Պատերազմում առաջացած, խճճված մի բան: Իհարկե, դեպքեր են եղել, սակայն ես հավատում եմ, որ դրանք փոխադարձ էին»:

 Անկախ

Թայիփ Էրդողանը բղավելով լքել է հանդիսության դահլիճը

Թայիփ Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր մասնակցել է Պետական խորհուրդի հիմնադրման 146-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Միջոցառման ժամանակ Էրդողանը վիճաբանության մեջ է մտել Փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուի հետ՝ արդյունքում լքելով դահլիճը: Էրդողանը Ֆեյզիօղլուի ելույթի ժամանակ միջամտել է՝ ասելով. «Նախագահը 25 րոպե է խոսում, դու 1 ժամ: Սա անշնորհքություն է: Քո ելույթը ամբողջությամբ քաղաքական է: Վանի հետ կապված ասածներդ էլ միանգամայն սուտ են»: Ի պատասխան սրան Ֆեյզիօղլուն նշել է, որ ոչ մի սուտ բան չի ասում, իր ելույթը կառուցողական է և շարունակել է խոսքը, իսկ Էրդողանը, բղավելով, որ այսպիսի անշնորհքությունն անթույլատրելի է, դուրս է եկել դահլիճից:

Անկախ

 

Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

էրդողանՄի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:

Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի վարչապետի համար այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում [Թուրքիայում]»:

Անհավատալի է, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության աշխարհով մեկ ընդունված սահմանումից: Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։

Պետք չէ ցեղասպանագետ լինել հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյոք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլո՞ր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ, պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արժանի պատասխան տալով հորդորեց Էրդողանին հետևել Գերմանիայի` Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է նաև ավելացներ «փոխհատուցման» պարտադիր պահանջը՝ առանց որի մնացածը սին խոսքեր են:

Էրդողանին պետք է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նա կոչ էր անում ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով «պատմական փաստերը» ուսումնասիրելու համար: Ի՞նչ իմաստ ունի նման ուսումնասիրություն անցկացնել, եթե նա արդեն եզրակացրել է, որ ցեղասպանություն չի եղել: Վարչապետի առաջարկը ոչ լուրջ է և ոչ էլ անկեղծ …

Չառլի Ռոզի հետ ունեցած իր հարցազրույցի վերջում Էրդողանը լրացուցիչ հակասական հայտարարություններ արեց` ցեղասպանության համար մեղքը բարդելով  օսմանցիների վրա. «Այն տեղի չի ունեցել ներկայիս Թուրքիայի Հանրապետության օրոք: Այն եղել է Օսմանյան կայսրության օրոք…. Եթե փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալ են գործել… եթե  պատմաբանները կարողանան դա ի ցույց դնել, ապա մենք պետք է փոխհատուցենք դրա հետևանքների համար»:

Չնայած Հայաստանում և Սփյուռքում ոչ մի հայ չխաբվեց Էրդողանի կեղծ հայտարարությունից, Թուրքիայի որոշ հայերի արձագանքը հասկանալիորեն ավելի բարյացակամ էր: Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր շքախմբի հետ շտապեց Անկարա՝ Թուրքիայի վարչապետի հետ «հաճելի» զրույցի և արտգործնախարար Դավութօղլուի հետ մտերմիկ Ճաշկերույթի համար: Արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ղեկավարներին նրանց կողմից «ընդհանուր ցավ» արտահայտելու համար՝ վկայակոչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերին և թուրքերին:

Գովասանքի նման խոսքերը զարմանալի չեն, հաշվի առնելով Թուրքիայի բռնատիրական և դաժան վարչակարգում հայերի՝ որպես պատանդների կարգավիճակը, ինչպես լրագրող Հրանտ Դինքի դեպքում էր, որն իր կյանքի գնով վճարեց Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Որոշ թուրքահայեր, սակայն, սովորել են օգտագործել երկրի օլիգարխիկ համակարգն իրենց անձնական շահերն առաջ տանելու համար: Նրանք պատրաստակամ են ընդունելու Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը` հարստություն դիզելու համար մութ գործարքների մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ և/կամ ապահովելու իրենց բարձրաստիճան պաշտոնները հայ համայնքում: Իրոք, մի քանի հանրահայտ թուրքահայեր առաջարկել էին Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի` ապրիլի 23-ի նրա հայտարարության համար… Երկու հայ գործարարներ անգամ ինքնախարազանող հայտարարություններ տեղադրեցին թուրքական թերթերում` շնորհակալություն հայտնելով Էրդողանին և ներողամտություն հայցելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «կորուստների» համար:

Վերջիվերջո, կարևորն այն չէ, թե Էրդողանն իր հայտարարության մեջ կամ Դավութօղլուն The Guardian թերթի իր սյունակում ինչ են ասում կամ չեն ասում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի հիմնարար հարց է` արդյոք թուրք պաշտոնյաները պատրա՞ստ են քավելու հայ ժողովրդի դեմ իրենց նախնիների իրագործած ոճրագործությունների մեղքերը: Հայերի մեծամասնության համար կարևորը փոխհատուցումն ու արդարությունն է,  ոչ թե դատարկ հռետորաբանությունը … Էրդողանի խոսքերը չափազանց անբավարար են և խիստ ուշացած: Նրա հայտարարությունը սոսկ խորամանկ հնարք է վնասի մեղմացման համար, հաշվի առնելով բազմացող միջազգային տրամադրություններն ու կոչերը` պատասխանատվություն կրելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև` շեղելու ուշադրությունը Թուրքիայի և նրա վարչապետի շուրջ սկանդալային հորձանուտից:

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Էրդողանի ուղերձն աննախադեպ և սրտանց մի քայլ էր. Դավութօղլու

ԴավութօղլուԱնգլիական «The Guardian» պարբերականում հրապարակվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հեղինակած «Թուրքերն ու հայերը պետք է հետևեն վարչապետ Էրդողանի առաջնորդությանը և թաղեն ընդհանուր ցավը» վերնագրով հոդվածը:

Դավութօղլուն նշել է, որ թուրքերի և հայերի հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն: Մեկնաբանելով 1915 թվականի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը՝ Դավութօղլուն այն աննախադեպ և սրտանց մի քայլ է անվանել: «Ես բոլորին կոչ եմ անում հայ-թուրքական հարաբերություններում ավելի լավ մի ապագա նորից կառուցելու համար օգտագործել այս պահը և միանալ մեզ»,-գրել է Դավութօղլուն:

 

Անկախ

 

Թուրքիայում նախագահի թեկնածուներն առայժմ հայտնի չեն

images (1)Թուրքիայում շարունակում է անպատասխան մնալ այն հարցը, թե իշխող ԱԶ կուսակցությունից ով է առաջադրվելու նախագահի պաշտոնում՝ գործող նախագահ Աբդուլահ Գյու՞լը, թե՞ վարչապետ Թայիփ Էրդողանը:

Այս առիթով Գյուլը նշել է, որ ինքը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է կուսակցության թեկնածուի հարցը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս մի շարք խորհրդակցություններից ու քննարկումներից հետո Էրդողանը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով կուսակցության ընդհանուր որոշումը:

Թեև Էրդողանի առաջադրվելու հավանականությունը գրեթե ոչ ոք կասկածի տակ չի դնում, այնուհանդերձ գործընթացը ձգձգվում է, ինչը առիթ է տալիս կարծելու, որ կուսակցության ներսում տարաձայնություններ կան:

 

Անկախ

Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

atesyan  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ պատվիրակության ուղեկցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հայ համայնքի ղեկավար անդամներից Պետրոս Շիրինօղլուն, Քարագյոզյան հայկական դպրոցի ղեկավար,  խորհրդի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը և Աթեշյանի օգնական Հայկ Մյուրզօղլուն: Հանդիպումից հետո Աթեշյանը լրագրողների հետ խոսել է Էրդողանի վերջին հայտարարության մասին, որով նա իր «ցավակցություններն» է հայտնել 1915 թվականին տեղի ունեցածի առիթով: «Մեր հարգելի վարչապետը Նոյ մարգարեի ուղարկած աղավնու նման ձիթապտղի ճյուղ պարզեց: Մենք չենք կարող այն անտեսել: Ձիթապտղի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է: Չենք ուզում, որ այդ ճյուղը չորանա, ուզում ենք տնկենք այն, որ պտուղ տա: Իսկ դրա համար բոլորի օգնության կարիքը կա: Որպես պատրիարքություն՝ մենք հավանության ենք արժանացնում վարչապետի քայլը: Եկեք ձեռք ձեռքի տանք և մասնակցենք խաղաղության կամրջի կառուցմանը: Մեր այցը հենց այս նպատակն է հետապնդում»,-ասել է Աթեշյանը՝ նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը շատ ջերմ է անցել, քննարկվել են հայ համայնքին առնչվող հարցեր և մտքեր փոխանակել:

Թայիփ Էրդողանը Նոբելյան Խաղաղության մրցանակի՞ է ձգտում

Թայիփ Էրդողան  Թուրքական մամուլը շարունակում է խոսել վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի առիթով արված հայտարարության մասին: Իշխանություններին մոտ կանգնած «Յենի Շաֆաք» թերթը, մեջբերելով Ստամբուլի հայ համայնքի ակտիվ գործիչներից մի քանիսի մեկնաբանությունները, գրում է, թե Էրդողանը իր ուղերձով ապագայի հույս ներշնչեց Թուրքիայի քաղաքացի հայերին: Հայ համայնքի  ղեկավար անդամներից Պետրոս Շիրինօղլուն, որը  հայտնի է թուրքական իշխանությունների հետ իր մտերմությամբ, նշել է, թե Էրդողանի քայլը աննախադեպ էր Թուրքիայի պատմության մեջ, ինչի համար իրենք երախտապարտ են նրան: Շիրինօղլուն կարծիք է հայտնել, թե այս քայլերով Էրդողանը շուտով կարող է Նոբելյան մրցանակի հավակնել: Նման տեսակետ է հայտնել նաև հայ սյունակագիր Մարգար Եսայանը: Նա նշել է, որ միայն Քրդական հարցի լուծման գործընթացում գրանցած հաջողությունները բավարար են, որպեսզի Էրդողանը արժանանան Նոբելյան Խաղաղության մրցանակին:

Անկախ

Էրդողանի հայտարարությունը թակարդ է. քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հաղորդագրությունը բոլորի համար անսպասելի էր, և այդ մոտեցմամբ Թուրքիան փորձում է որդեգրել Ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել թուրք պաշտոնյայի հաղորդագրության բոլոր դրույթները. «Այն ունի հստակ ուղեգծեր, որոնք Թուրքիան փորձելու է գործի մեջ դնել մոտակա մեկ տարվա ընթացքում»:

Ըստ քաղաքագետի` Թուրքիան այս նոր քաղաքականությամբ փորձում է Ցեղասպանությունը կապել առաջին աշխարհամարտի հետ:  «Դա թակարդ է, երբևէ չպետք է թույլ տանք, որ Ցեղասպանությունը կապակցվի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, քանի որ այն սկսվել  է առաջին համաշխարհայինից առաջ և շարունակվել դրանից հետո: Այդ քաղաքականությունը նպատակաուղղված է եղել  և սկսվել է հայերին բնաջնջելու, իրենց պատմական հայրենիքից զրկելու համար»,- նշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բացի այդ, Թուրքիան փորձում է առաջին քայլը անել և Ցեղասպանության հետ կապված քննարկումները, որոնք մինչև ողբերգության հարյուրամյակը բավականին շատ են լինելու,  ուղղել իրենց ձեռնտու ուղղությամբ:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հաղորդագրությունը թարգմանված է եղել ութ լեզուներով, այդ թվում` արևելահայերեն և արևմտահայերեն: «Դա ցույց է տալիս, որ հաղորդագրության հասցեատերերը հայերը չեն, այլ միջազգային հանրությունը: Եթե հասցեատերը լինեին հայերը, առնվազն հայերեն տեքստը գրական կլիներ, ոչ թե Google translate-ով կամ նման ինչ-որ արհեստական միջոցով թարգմանված. վերջին հաշվով խոսքը  վարչապետի հաղորդագրության մասին է, այն էլ՝ «աննախադեպ»»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում  է, որ Թուրքիայի իշխանություններն առաջիկա տարվա ընթացքում նման հայտարարություններով հանդես կգան՝ միջազգային հանրությանը ցույց տալով խնդրի քննարկման պատրաստակամությունը,  փորձելով փաստացի լղոզել հարցի էությունը. «Բոլորիս համար հասկանալի է, որ Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ իր արխիվները մաքրելու և հնարավորինս մաքուր ներկայանալու աշխարհին: Իսկ ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նրա առաջարկին՝ պետք է ասել, որ հայկական կողմը կարող է համաձայնել դրան, բայց որոշակի պայմաններով. եթե կլինի ճանաչում, և, եթե հանձնաժողովը ուսումնասիրի բացառապես ցեղասպանության կատարման պատճառները, մեխանիզմները, բայց ոչ երբեք կասկածի տակ դնի ցեղասպանության եղելությունը»:

Թայիփ Էրդողանի ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը». ՆԳ նախարար

Էֆքան Ալի  Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալին «Անադոլու» գործակալության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա ուղերձը ցույց է տալիս թուրքական քաղաքականության «ինքնավստահությունը»: «Նախկինում Թուրքիան նման դեպքերում արձագանքում էր միայն այն բանից հետո, երբ մյուս պետությունները հնչեցնում էին իրենց հայտարարությունները: Սակայն այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության կիրառած մեթոդներն ու նորարությունները ցույց են տալիս մեր երկրի կայունությունն ու Անկարայի և գլխավորապես Էրդողանի կառուցողական մոտեցումը»,-նշել է Ալին:

Անկախ

Թայիփ Էրդողանի հայտարարության 10 աննախադեպ կետերը

ցեղասպանություն Թուրքական «Son dakika» կայքը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի վերաբերյալ երեկվա հայտարարությանը, արձանագրել է ուղերձում առկա «10 կետ», որոնք աննախադեպ են համարվում երկրի պատմության մեջ: Ստորև ներկայացնում ենք այդ կետերը.

  1. Թուրքիան առաջին անգամ 1915 թվականի վերաբերյալ ուղիղ կերպով «արևելահայերեն և արևմտահայերեն» դիմեց իր հայ քաղաքացիներին և բոլոր հայերին:
  2. Առաջին անգամ «ցավակցություն» հղվեց 1915 թվականին զոհված հայերի և բոլոր օսմանցի քաղաքացիների թոռներին:
  3. Առաջին անգամ արված ուղերձը «պաշտպանվելու» կամ «պատասխան տալու» նպատակ չէր հետապնդում, այլ  ուղղված էր «համընդհանուր ցավը միասին հիշելուն և ապագան համատեղ կառուցելուն»:
  4. Առաջին անգամ մարդկային ցավերը, որոնց խորհրդանիշը ապրիլի 24-ն է, համարվեցին «համընդհանուր ցավ»՝ ցույց տալով «բարձր ինքնավստահություն»:
  5. Առաջին անգամ 1915 թվականի «դեպքերը» առիթ ծառայեցին ոչ թե առճակատման, այլ «բարեկամության» կոչի համար:
  6. Առաջին անգամ «կրակը ընկած տեղն է այրում» արտահայտությամբ հայության ցավեր «կիսելու» ցանկություն հնչեց:
  7. Առաջին անգամ հայերի ցավի հիշատակումը ճանաչվեց որպես «մարդկության պարտականություն»:
  8. Առաջին անգամ ոչ թե «քաղաքական» կամ «դիվանագիտական» մոտեցում ցուցաբերվեց, այլ խոսեց «խիղճը»:
  9. Առաջին անգամ կիրառվեցին «արդար հիշողություն, մարդկության պարտականություն, համընդհանուր ցավ, միասնական ապագա և արժեքներ» արտահայտությունները:
  10. Առաջին անգամ կապ հաստատելու կոչ արվեց:

Անկախ

Դավութօղլուն Էրդողանի հայտարարությունը Թուրքիայի կոչն է անվանել

դավութօղլու   Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով թուրքական մեջլիսի բացման 94-րդ տարելիցի կապակցությամբ, անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա «ցավակցում էր» հայ ժողովրդին: Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի ուղերձը վերջին 4,5 տարում Թուրքիայի վարած քաղաքականության բնական արդյունքն է կամ դրա մի մասը: «Պատմությունը սև ու սպիտակ չէ: Բոլորը պետք է ցուցաբերեն ցավերը կիսելու բարյացկամություն: Հուսով եմ, որ մեր պարզած ձեռքը օդում չի մնա: Թուրքիան քաղաքական ճնշումների ներքո ոչ մի հայտարարություն չի անի: Սա մի կոչ էր, որը, հուսանք, անպատասխան չի լինի»,-հայտարարել է Դավութօղլուն:

Իմ ցավակցություններն եմ հայտնում 20-րդ դարասկզբին զոհված հայերի թոռներին. Թայիփ Էրդողան

Էրդողան   Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Թայիփ Էրդողանի ուղերձը՝ նվիրված ապրիլի 24-ին: «Անհերքելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներն,  առանց կրոնական և էթնիկական տարբերության,  թուրքերի, քրդերի, արաբների, հայերի և օսմանյան մյուս քաղաքացիների համար վշտերով լի, դժվար մի ժամանակաշրջան էին: Որպես Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ այդ շրջանում հայերի ապրած ցավն ու հիշողությունները հասկանալն ու կիսելը մարդկային մի պարտականություն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր համընդհանուր ցավն են: Ցանկանում եմ, որ հանգստության մեջ հանգչեն 20-րդ դարասկզբին առկա պայմաններին զոհ գնացած հայերը, իմ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին»,-ասված է ուղերձում:

Վարչապետ Էրդողանը կրկնել է 1915 թվականի դեպքերը գիտական մակարդակով ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով կազմավորելու Թուրքիայի կոչը: Նրա խոսքերով՝ հայ, թուրք և միջազգային պատմաբանների համատեղ աշխատանքները «լույս կսփռեն 1915 թվականի դեպքերի վրա և կարևոր դեր կխաղան պատմությունը ճիշտ հասկանալու գործում»: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար և այնտեղ գտնվող հարյուրավոր փաստաթղթերը բոլոր պատմաբանների տրամադրության տակ են:

Նշենք, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել է աշխարհի 9 լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերեն:

Հ.Գ.
Էրդողանի հայտարարությունը, ենթադրաբար, Թուրքիայի «փափուկ» ժխտողական քաղաքականության շրջանակներում է արվել: Կամ գուցե ժխտողական քաղաքականության նոր ուղղության վկայությունն է: Թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Անկախ

Թայիփ Էրդողանը քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ

Էրդողանը կայցելի Գազայի հատված`չնայած ԱՄՆ-ի կոչինԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ: Իր ուղերձում նա նշել է, որ տոները մարդկանց ուրախություն են բերում, ամրապնդում են փոխօգնությունն ու իրար սատարելու ցանկությունը: «Զատիկի առիթով ես ուզում եմ բարօրություն մաղթել մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ կիսել ենք ուրախություն և տխրություն: Մենք, որպես մի քաղաքակրթության ներկայացուցիչներ, որը հիմնված է սիրո, հարգանքի և հանդուժողականության վրա, դեմ ենք ցանկացած խտրականությանը, քանզի բազմազանությունը համարում ենք հարստություն: Ելնելով սրանից՝ մենք անկեղծորեն շնորհավորում ենք Զատիկի առիթով քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քաղաքացիներին»,-հայտարարել է Էրդողանը:

Անկախ

 

Թայիփ Էրդողանը դատի է տվել մի շարք սոցկայքերի

Թայիփ Էրդողան    Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը մի շարք սոցկայքերի դեմ հայց է ներկայացրել սահմանադրական դատարան՝ նշելով, որ խախտվել են իր և իր ընտանիքի իրավունքները: Առայժմ հայտնի չէ, թե որ կայքերն են ստիպված լինելու դատարանի առաջ կանգնել, սակայն ենթադրաբար խոսքը գնում է «Թվիթեր» սոցիալական կայքի մասին, որը վերջերս արգելափակվել էր:

 

Անկախ

ՏԻՄ ընտրությունները ամենադժվարն էին երկրի պատմության մեջ. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն  ամենադժվարն էին երկրի պատմության մեջ: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: Նրա խոսքերով՝ չնայած ընդդիմության գործադրած բոլոր ջանքերին, որոնք նպատակ ունեին խափանելու ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավը, ընտրողների մեծ մասն  այնուամենայնիվ իր ձայնը տվեց իշխող կուսակցությանը: Էրդողանը նշել է, որ իրենց հաղթանակը ունի մի պարզ պատճառ՝ ընդդիմությունը, ի տարբերություն ԱԶԿ-ի, ոչինչ չի արել ժողովրդի վիճակի բարելավման համար:

Նախագահական ընտրություններից հետո Թուրքիայում ամեն ինչ կփոխվի. Թայիփ Էրդողան

ԷրդողանԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններն  առանձնակի կարևորություն են ունենալու Թուրքիայի համար և դրանցից հետո երկրում ամեն ինչ փոխվելու է: Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթը»: Էրդողանի խոսքերով՝ նախագահի թեկնածուները պետք է լինեն այն անձինք, որոնք սերտ կապեր ունեն ժողովրդի հետ: Էրդողանը չի նշել ԱԶ կուսակցության հավանական թեկնածուների անունները:

ԱԶԿ-ի փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը իր հերթին հայտարարել է, որ Էրդողանի` նախագահ դառնալու պարագայում վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել Աբդուլահ Գյուլը: Շահինի խոսքերով՝ Գյուլը քաղաքական մեծ փորձ ունի, և կուսակցությունը կցանկանար օգտվել դրանից:

Էրդողանը կարևորել է Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցը

erdoganԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքու մեկնելուց առաջ այսօր մամլո ասուլիս է տվել լրագրողներին: Նա նշել է, որ ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցի համար ընտրելով Ադրբեջանը, Թուրքիան ընդգծում է իր արտաքին քաղաքական կուրսի կարևորությունն ու աշխարհին ցույց տալիս այն նշանակությունը, որը երկու երկրները տալիս են տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը, եղբայրությանն ու համագործակցությանը:

Էրդողանը, անդրադառնալով մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նշել է, որ հաղթեցին ոչ միայն ԱԶԿ-ն և Թուրքիան, այլ ողջ տարածաշրջանը: Վարչապետն  ընդգծել է, որ Անկարան շարունակում է ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Էրդողանի թեկնածության առաջադրման հարցը առայժմ որոշված չէ. փոխվարչապետ

beshirԱյն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կուսակցությունը հաղթանակ տարավ ՏԻՄ ընտրություններում, բոլորը գրեթե վստահ են, որ Էրդողանը առաջադրելու է իր թեկնածությունը օգոստոսի 10-ին սպասվող նախագահական ընտրություններում: Այս համատեքստում Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Էրդողանի թեկնածության առաջադրման հարցն  առայժմ որոշված  չէ:

Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով: Եթե օգոստոսի 10-ին թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել բավարար թվով ձայներ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա ընտրական երկրորդ փուլը:

 

Թայիփ Էրդողանին առաջինը շնորհավորել է Վլադիմիր Պուտինը

erdogan-putin Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը երեկ տարած հաղթանակի կապակցությամբ այսօր մի շարք շնորհավորհանքներ է ստացել համաշխարհային առաջնորդներից: Առաջինը Էրդողանին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս զանգահարել և իր շնորհավորանքներն է հայտնել Էրդողանին: Շնորհավորանքների շարքում ուշագրավ է եղել Գազայի պաղեստինյան կառավարության ուղերձ: ՙՙՀամաս՚՚ շարժումն ու քաղաքացիները իրենց շնորհավորանքն են հայտնել Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: ՙՙՄենք տոնում ենք Թուրքիայի ժողովրդավարության հարսանիքը: Այս ընտրությունները Թուրքիայի զարգացման և առաջընթացի համար կարևոր գործոն կհանդիսանան՚՚,-ասել է Գազայի կառավարության խոսնակ Իհաբ էլ Գուսայնը:

Անկախ