Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել

ԱվտովթարՀունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել:
Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

հրդեհ բաքվումՀունվարի 24-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի 5-րդ հարկի բնակարանից ծուխ է դուրս գալիս և տանը մարդ կա:
Հրդեհը մարվել է ժամը 23.35-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու` 1932 թ. ծված Անտոնինա Պյատինայի ծխախեղդ եղած դիակը` առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Բրազիլիայի դեսպանն ազատվեց պաշտոնից

imagesՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Անակախին» հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Եղիազարյանն ազատվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Անկախ

Չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության. Արտավազդ Սահակյանը` բժիշկներին

արտավազդ սահակյանՄիկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին հայաստանյան հանրությունը ճանաչում է որպես հրաշագործ բժշկի. նրա առօրյան է բնականոն կյանքի վերադարձնել ավտովթարից կամ այլ  պատահարներից  ու հիվանդություններից անդամախեղված անձանց: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող էր չունենալ իր գլխավոր միկրովիրաբույժին, եթե ժամանակին չլիներ ճակատագրի նախախնամությունը կամ էլ պատահական դիպվածը:

Սահակյանը դպրոցական տարիներին երազում էր ճարտարապետ դառնալ: 1969-ին, սակայն, հոր պնդմամբ քննություն է հանձնում` բժշկական համալսարան ընդունվելու համար: «Բժշկականում մի քննություն հանձնեցի հույսով, որ «երկու» կստանամ ու կպրծնեմ հորս բաղձանքներից, բայց 5 ստացա»,- հիշում է Սահակյանը: Ավարտելուց հետո Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ  քաղաքում աշխատանքի է անցնում որպես ընդհանուր վիրաբույժ, մեծ փորձ կուտակում ու լայն ճանաչում ձեռք բերում: 1982-ին, սակայն, ամուսնանալուց հետո որոշում է հաստատվել Հայաստանում: «Դիմեցի Միքայելյան  ինստիտուտի տնօրենին: Նա համաձայնեց ընդունել ինձ պայմանով, որ զբաղվեմ պլաստիկ ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժությամբ: Չէի  պատկերացնում իմ կյանքն առանց ընդհանուր վիրաբուժության.  որովայնի խոռոչում  և կրծքավանդակում վիրահատություն էի  կատարում, ինչպես ձուկը ջրում է լողում: Բայց այլ ելք չկար, ստիպված համաձայնեցի, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա և ամեն ինչ զրոյից սկսեցի»,- պատմում է Սահակյանը`  հավելելով, որ չի զղջում իր անցած ուղու համար:

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Սահակյանը ԵրՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ղեկավարն է, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ: Սահակյանը Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրն է,  ՀՀ «Հերացու անվան», ԼՂՀ «Արիության համար», ՀՀ վարչապետի և Նանսենի մեդալակիր է, նաև Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի:

1985-ին Սահակյանը կատարում է առաջին տրանսպլանտացիան` ոտքի մատը տեղափոխում է ձեռքին, սակայն մինչ վիրահատությունը` մեկ տարի պայքարում է այդ իրավունքի համար: Երբ ԽՄ գլխավոր միկրովիրաբույժը կշտամբում է Սահակյանին, թե ինչու տրանսպլանտացիոն վիրահատություններ չի կատարում, պատասխանում է`  ե՞րբ թույլ տվեցին, որ չկատարեցի: Երկու ամիս անց արդեն համապատասխան թույլտվությամբ պատրաստվում էր  առաջին վիրահատությանը, սակայն խնդիր էր օգնականներ գտնելը. ոչ ոք չէր համարձակվում:

«Առաջին 8 ժամը Սուլթանյան Տիգրանն օգնեց, վերջին 4 ժամը` ԳյուլումյանԴերենիկը,  և 12 ժամ հետո վիրահատությունը հաջողությամբ ավարտվեց: Դարձա հերոս, ինչպես Վիկ Դարչինյանը կամ Արթուր Աբրահամը հաղթանակից հետո: Այդ տարի 12 հաջող տրանսպլանտացիա արեցինք, 86-ին մեր կենտրոնում 40 տրանսպլանտացիա կատարվեց, որոնցից հաջողությամբ` 39-ը: Մոսկվայի կենտրոնը 33 վիրահատություն կատարեց, հաջողությամբ պսակվեցին 17-ը»:

1990-ին Սահակյանը 6 ամսով վերապատրաստվում է Ֆրանսիայում, որից հետո Հայաստանում դնում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմքերը, դրան գումարվում է նաև պատերազմական փորձը:

«Մինչ պատերազմը միութենական մակարդակով  միկրովիրաբուժության ոլորտում առաջիններից էինք: Բայց պատերազմը նույնպես շատ նպաստեց մեր փորձի կուտակմանը, որպեսզի  ծայրահեղ իրավիճակներում կարողանանք  լավագույն արդյունքի հասնել»,- ասում է նա:

Սահակյանը հիշում է, որ պատերազմի տարիներին վիրահատության հազիվ նվազագույն պայմաններ կային, ռազմական  հոսպիտալներում  կարողանում էին անոթավորված մաշկալաթեր տեղափոխել` բաց մնացած ոսկորներին սնուցում ապահովելու համար:

Պատմում է, որ պատերազմի տարիներին բուժական հարցերում ազգային պատկանելությունը հաշվի չի առել, բոլորին հավասարապես որակյալ օգնություն է ցույց տվել: Անգամ մի ադրբեջանցի աղջկա է վիրահատել` վերականգնելով կուրծքը: Վերջինս Քարվաճառի ազատագրումից հետո  վիրավոր վիճակում  մոր հետ գերի էր ընկել: Աղջիկը հայտարարել էր, որ նահանջելիս իր վրա ադրբեջանցիներն են կրակել: «15 տարեկան աղջիկ էր: Ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմ է»,- բացատրում է Սահակյանը:

Խոսելով իր հաջողության հիմքերի մասին`  ասում է. «Միշտ դատել եմ սթափ ուղեղով, ծայրահեղ ռիսկի գնալիս անգամ  իմ հաշվարկով ակնկալիք հաջողության շանսն ավելի շատ է եղել, քան անհաջողության: Երբեք չի կարելի մարդ զարմացնելու համար գնալ հիմարության»:

Հաջող վիրահատության նախապայմաններից խոսելով` Սահակյանը նշում է, որ ինչքան կարևոր է բուն վիրահատությունը, նույնքան էլ` նախավիրահատական ճիշտ պատրաստությունը և հետվիրահատական ճիշտ խնամքը:

Ներկայացնելով միկրովիրաբուժությունը` Սահակյանն ասում է, որ սա շատ ավելի լուրջ գիտություն է, քան ընդունված է ժողովրդի մեջ. «Հասարակ ժողովրդական զանգվածը սա ընկալում է որպես ինչ-որ կոսմետոլոգիական միջամտություն` քթի ռինոպլաստիկա, դեմքի գեղեցկացում, իրականում այս գիտությունը ներառում է համարյա բոլոր վիրաբուժական մասնագիտությունները, նաև որոշակի թերապևտիկ միջամտություններ, այն հետապնդում է մարմնի կորսված մասերը վերականգնելու նպատակ ` կիրառելով արհեստական իմպլանտներ, կիրառելով անոթավորված մաշկա-ոսկրա-մկանալաթ, որը նպատակ ունի վերականգնելու ոչ միայն անատոմիական ամբողջականությունը, այլև ֆունկցիան»:

Իսկ էսթետիկ բժշկությունը շատ ավելի լայն տարածում ունի, այն առողջ մարդուն երիտասարդացնելու կամ առավել գեղեցկացնելու նպատակ է հետապնդում:

Սահակյանն ասում է, որ  Կովկասի մասշտաբով էսթետիկ վիրահատություններից ամենատարածվածը քթի պլաստիկան է: Հայաստանում երիտասարդները  պլաստիկ վիրահատության դիմում են   նաև  լոշտակության  կամ բնածին արատների դեպքում, օրինակ` գայլի երախ, նապաստակի շուրթ և այլն: Դիմում են նաև ճարպի և մաշկի ավելցուկ ունեցողները,  ճաղատության հարցերով: Շատ են  կրծքագեղձի մեծացման, փոքրացման, ֆիքսման հարցերով դիմումները: Ավելի հասակավոր տարիքում դեմքի կնճիռների վերացումն է պահանջված:

«Էսթետիկ վիրաբուժությունն ավելի շատ շոուբիզնես է հիշեցնում, սա  ավելի շուկայական, ավելի ագրեսիվ, բավականին վուլգար մասն է, երբ հակամարտող տարբեր կենտրոններ սկսում են և՛ գովազդի գնալ, և՛ դիմացինին վատաբանել, բայց սա չէ հիմնական պլաստիկ վիրաբուժությունը, սա պլաստիկ վիրաբուժության երևացող շահավետ մասն է,- ասում է Սահակյանը:- Բուն պլաստիկ վիրաբուժությունը  վերականգնողական ծանրագույն վիրաբուժությունն է` ընդգրկելով միկրովիրաբուժական բոլոր տրանսպլանտացիաները, անդամահատված վերջույթների վերականգնումը: Այստեղ է, որ իրոք շատ դժվարին և անձնվեր աշխատանք պետք է կատարել»:

Ասում է, որ ավարտող յուրաքանչյուր նոր սկսնակ պլաստիկ վիրաբույժ  ձգտում է քթեր կամ կուրծք վիրահատել,  որ գումար աշխատի, ինչի հետևանքով  «լուրջ պլաստիկ վիրաբուժությամբ, հատկապես միկրովիրաբուժությամբ զբաղվող մասնագետներին կարելի է մատների վրա հաշվել»:

Անդրադառնալով Հայաստանում միկրովիրաբուժության ներկայիս վիճակին` Սահակյանն ասում է, որ բժշկությունն առանձին օազիս չէ, որ ինքնուրույն աճի, ամեն ինչ փոխկապակցված է երկրի գիտատեխնիկական բազայի հետ. «Վատ չենք, բայց չենք կարող պարծենալով ասել, որ Ամերիկային հավասար ենք, կարծում եմ` ուղեղներով չենք զիջում, ինտերնետն էլ  թույլ է տալիս, որ մեզ մոտ ուսուցման գործընթացը չզիջի»:

Խոսելով դիակից մարմնամասերի փոխպատվաստման մասին, որը փորձարկվում է զարգացած երկրներում` աղմուկ առաջացնելով ԶԼՄ-ներում,  ասում է, որ նման վիրահատություններ կատարելու համար մեզ մոտ համապատասխան օրենսդրական դաշտ չկա. «Հայաստանի պայմաններում, եթե նույնիսկ դիակից երիկամ չենք կարող տեղափոխել, էլ ուր մնաց խոսք լինի մարմնամաս, քիթ, դեմք տեղափոխելու մասին. կգան աչքներս կհանեն»: Հարցին, թե կա արդյոք  օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, ասում է, որ սա որոշակի վտանգ է ներկայացնում նմանատիպ ասիական երկրներում. շատ դժվար է վերահսկել գործընթացը (օրինակ, եթե  որևէ մեծահարուստ կամ մաֆիոզ որևէ մարմնամասի կարիք ունենա):

Ապագա բժիշկներին Սահակյանը խորհուրդ է տալիս տոկուն լինել. «Եթե աշխատում են, ապա աշխատեն խղճով, չարությամբ չլցվեն և երբեք չմտածեն միայն գրպանի մասին: Ճիշտ է, իրենց ընտանիքին պիտի ապահովեն, բայց պետք է հիշեն, որ ապրում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության մեծ մասն աղքատ է: Եթե կայանան արտասահմանում, ապա երբեք չմոռանան, որ այս երկրից են և ամեն ինչով աջակցեն հայրենիքի բարգավաճմանը և հզորացմանը: Ու իհարկե զինվեն գիտելիքներով,  ամբողջ կյանքը պիտի լինի ուսման գործընթաց, լճացումը տանում է կործանման»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Օվշորային սկանդալից մինչև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ

photo 1Օվշորային սկանդալ. մտածված PR, թե՞ ակնհայտ իրականություն

2013 թ. ամենալուրջ բացահայտումը կամ գուցե ամենաակտիվ քննարկվող ապատեղեկատվությունը թերևս կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Հայկական և անգամ միջազգային մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե ՀՀ վարչապետը օվշորային գոտում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Վարչապետը «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նրանք հայտնեցին նաև, որ չգիտեն` ինչպես են իրենց անունները հայտնվել «Wlispera Holdings limited» ընկերության բաժնետերերի մեջ:

Հետաքրքիր է, որ ամիսներ շարունակ մեծ աղմուկը չհանդարտվեց, անգամ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում կա՞ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ:

Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներ պահանջեցին, և ՀՀ գլխավոր դատախազ (այժմ արդեն նախկին) Աղվան Հովսեփյանն այս հարցով դիմեց Կիպրոսի իր գործընկերոջը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ամիսներ անց հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել միջնորդություն իրավական օգնություն ցուցաբերելու մասին»:

Միջնորդությունը Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվեց դիվանագիտական ուղիներով և Ինտերպոլի (քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

«Նաիրիտի» առեղծվածը

photo 2 nairitՄինչ իշխանությունները փորձում էին Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օվշորային սկանդալը», 2013-ին Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցան գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին հայկական մամուլն անընդմեջ գրեց` կրկին ու կրկին վկայակոչելով ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Խոսքն այս անգամ «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմության մասին է:

Պարզվեց, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» գործով հերթական դատական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դարձյալ հետաձգվել է: Ասենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությանն էր ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ հատկացրել:

Դարձյալ օվշորային գոտում գրանցված այս ընկերությունը հրաժարվում է մարել այդ վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

Հայկական մամուլը, վկայակոչելով ռուսական կողմին, այդպես էլ պատասխան չստացավ` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի՞ «Նաիրիտը», թե՞ ոչ:

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով, պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար:

«Նաիրիտի» առեղծվածը շարունակվում է: Ահռելի գումարները մնում են օդում կախված, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, որ աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ գործարանի ղեկավարությունը ամսական միլիոններ է վաստակում:

Երբ սպանվեց քրեական հեղինակություն Ստուկաչ Արմենը

2013-ը հարուստ էր նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով: Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում քրեական հեղինակությունների դեմ ուղղված հանցագործություններն էին:

Եվ ամենաուշագրավը այդ «շքերթում» թերևս 2013-ի վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունն էր: Մամուլը հեղեղվեց հայտարարություններով, որ Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող 41-ամյա Արմեն Եփրեմյանը, որ հայտնի է «Թեփ Արմեն» կամ «Ստուկաչ Արմեն» մականուններով:

Այս մասին բավական ծավալուն հրապարակումով հանդես եկավ նաև ռուսական «Կրիմինալնայա Ռոսիա» պարբերականը, ըստ որի աղբյուրների` Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Հակոբ Մելիքսեթյանը (նա քրեական աշխարհում ավելի հայտնի է «Կյաժ Հակոբ» մականունով), միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով:

Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին: «Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման»,- գրեց մոսկովյան պարբերականը:

Իրավապահները շտապեցին նյութեր նախապատրաստել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ  Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը:

Ոստիկանության Արմավիրի քրեական հետախուզության բաժնում աղմկոտ սպանության դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործվելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախաքննության ընթացքում սպանության բացահայտման գործին լծվեցին նաև լրագրողներն ու լրատվամիջոցները:

Պարզվեց,  որ «Թեփ Արմենը» 2007-ին առևանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին և որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչն այդ տարիներին շատ մեծ գումար էր:

Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը, և մինչև օրս Գոռն անհետ կորած է համարվում:  Գոռի  հարազատները վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել, և հնարավոր չի եղել դա իրականացնել: Երբ  նա եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը:

Մոսկովյան մամուլն իր էջերում գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում

առավել ապահովված մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել, և նա էլ անմասն չի մնացել մահափորձերից:

Քրեագետները հիշում են, որ օրենքով գողին փորձել են պայթեցնել, բայց բախտը բերել է, ընդամենը ծնկից ներքև մի ոտքն  է կորցրել ու «պրոթեզ» կրել:  Դրանից հետո  նա ստացել է իր երրորդ մականունը` «Չոլախ»:

Ավելացնենք միայն, որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը սպանվելուց առաջ պատրաստվում էր գնալ հայրական տուն և իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:

Վարդան Պետրոսյան. «Պարտավոր եմ ապրել այլ կերպ»

photo 5Այն, որ կարկուտի ծեծած տեղն ու Շամշյանի գտնվելու վայրը հաճախ են համընկնում, արդեն զարմանալի չէ: Հենց Շամշյանը տարեվերջին տեղեկություն տարածեց, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ողբերգական ավտովթար: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամեր անց համացանցը ողողվեց այն տեղեկությամբ, որ վթարի մասնակից է եղել նաև ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանցից երկուսին բժիշկները, ցավոք, չկարողացան փրկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի կողմից նշանակվեց  ավտոտեխնիկական փորձաքննություն, և մինչ օրս պարզում են` դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցե՞լ է արագությունը, թե՞ ոչ:

Իրավապահներից և լրագրողներից բացի, հասարակության լայն զանգվածների շրջանում այս օրերին էլ դեռ քննարկվում են ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահները մինչդատական վարույթում խափանման միջոց են ընտրել կալանքը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատական փուլում է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը բացառիկ հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանին տված այն հարցին, թե 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս է բնորոշում, ասել է. «Վթարից ճիշտ կլիներ` ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ` ավելի հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքի վրա: Այդ բեկումն արդեն եղել է:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Ի գիտություն ՌԴ մեկնողների. «Փաստինֆո»

միգրացիա2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ  թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը զգուշացնում է, որ դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Ի դեպ՝ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:

 

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Համակարգչի պատճառով Աբովյանում եղբայրը դանակահարել է քրոջը

համակարգիչՀամակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Այստեղ, եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինը չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
1997թ. ծնված անչափահաս Շ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ դանակահարությամբ հարազատ քրոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք հասցնելու համար:
2013թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան քույր ու եղբայր վիճաբանել են՝ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ: Զայրացած եղբայրը նախ կծել է քրոջը, ապա խոհանոցից վերցրել դանակն ու  2 անգամ հարվածել նրան` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածք:
Բարեբախտաբար, աղջկա կյանքը հաջողվել է փրկել: Բայց դյուրաբորբոք տղան հայտնվել է դատապարտյալի աթոռին:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Պատգամավորի կողմից Սուրենյանցին ծեծելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

11.01.23Սուրեն Սուրենյանցի ու Ազգային ժողովի «ԲՀԿ»-ական  պատգամավոր Վահան Կարապետյանի միջև վիճաբանության դեպքի  առթիվ Հատուկ քննչական ծառայությունում  նյութեր են նախապատրաստվում:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝  բացառված չէ, որ առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի պատգամավորի կողմից Ս.Սուրենյանցին ծեծելու համար:
Հիշեցնենք, որ  ըստ մամուլի հրապարակումների՝  դեկտեմբերի 14-ի երեկոյան  Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ:
Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին, նա  քաշքշել է Սուրենյանցին, ապա՝ ապտակներ հասցրել:

Ջասթին Բիբերը իր հարևանի տան ուղղությամբ ձվեր է նետել

Justin Bieber's neighbour's house 1Ջասթին Բիբերին հնարավոր է վանդալիզմի համար մեղադրանք ներկայացվի, քանի որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ իր հարևանի տան վրա ձվեր նետելու համար:

TMZ –ի տեղեկություններով՝ հարևանը իր Կալաբասասի տանը ինչ-որ առարկայով հարվածելու ձայներ էր լսել երեկոյան և դուրս էր եկել պատշգամբ, որից հետո ներքևում նկատել էր Ջասթինին իր շքամուտքի ուղղությամբ ձվեր նետելիս:

Հարևանը իր 13-ամյա դստերը խնդրել էր ոստիկանություն զանգել:

Ըստ տեղեկությունների՝ հարձակման ընթացքում երգիչը տան ուղղությամբ 20 ձու է նետել, սակայն TMZ-ն հայտնում է, որ տուժածի տվյալներով՝ հասցված վնասը գերազանցում է 400 դոլարը:

19-ամյա երգիչը վերջին ամիսներին հաճախ է իր հարևաններին անհանգստացնում իր տանը կազմակերպված աղմկոտ երեկույթներով և մեքենա վարելիս սահմանված արագությունը գերազանցելով:

Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

download (2)Ինչպես տեղեկացրել էինք` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի  ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նշված ատրճանակը:
Հայտնաբերվածն ուղարկվել է  փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

«Հանցավոր ի՞նչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսինը». բաց նամակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ

ՀՀ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱՐԴԻԿԻ ԱՍՏԱՐՅԱՆԻՑ

  Ք. ԵՐԵՎԱՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ 17  ՇԵՆՔ,  ԲՆԱԿԱՐԱՆ  6-7

ԲԱՑ ՆԱՄԱԿ

բաց նամակՄեծարգո պետական այրեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ ամիսներ շարունակ դիմում եմ Ձեր օգնությանը` ակնկալելով պատասխան առաջին հայացքից պարզունակ թվացող հարցին` հանցավոր ինչ արարք կատարելու համար է մեղադրվում իմ ամուսին Մարտին Ծերունյանը, ինչի համար է ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննիչ Մկրտչյանը նրան մեղադրանք առաջադրել, որոնք են նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցները, որոնց համակցությունը հիմք է հանդիսացել նրան գործով մեղադրյալ ներգրավելու համար, դատական ատյաններում փաստական ինչ հանգամանքներ են հետազոտվում, որոնք հիմնավորում են Մ. Ծերունյանի առնչակցությունը որևէ հանցագործության հետ և ինչով է պատճառաբանվում նրան կալանքի տակ պահելու հիմնավորվածությունն ու անհրաժեշտությունը:

Այս հարցերի պատասխանները չգիտեմ ոչ միայն ես այլ նաև իմ ամուսինը` գործով մեղադրյալ Մ Ծերունյանը և նրա պաշտպան Սամվել Ջաղինյանը:

Խնդրում են գոնե մի անգամ կարդացեք Մ. Ծերունյանի վերաբերյալ դատավարական փաստաթղթերը որոնցում այլ անձանց կողմից կատարված գործողությունների շարադրանքից հետո պատճառաբանվում է, որ Մ Ծերունյանին պետք է մեղադրանք առաջադրել, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը և արդեն յոթ ամսից ավել պահել անազատության մեջ:

Մեծարգո պարոն նախագահ ևս մեկ անգամ դիմելով Ձեզ` հայցում եմ Ձեր  հանձնարարականը համապատասխան կառույցներին` ՀՀ Ոստիկանության  գլխավոր քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով Մ. Ծերունյանի նկատմամբ                    անօրինություններին վերջ տալու ուղությամբ:

Հարգելի ՀՀ գլխավոր դատախազ և ՀՀ ոստիկանապետ, խնդրում եմ անձամբ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքին և դրա հիմնավորվածությանը, ձեր լիազորությունների ուժով հանձնարարել ապահովել նախաքննության օրինականության պահպանումը և դադարեցնել Մ. Ծերունյանի  նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:

Մարդու իրավունքների պաշտպանին խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ՀՀ քաղաքացի Մ. Ծերունյանի խաթարված իրավուքների վերակագնման և իմ դիմումների գրավոր պատասխանների ստացման ուղությամբ:

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին խնդրում եմ իմ ամուսնու` Մարտին Ծերունյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները դարձնել քննարկման առարկա և ապահովել դրա մատչելիությունը հասարակության համար, քանի որ նույն հաջողությամբ այդ ամենի զոհ կարող է դառնալ ցանկացած անձ: Հավաստիացնում եմ, որ իմ ամուսնու վերաբերյալ կազմված դատաիրավական փաստաթղթերում նրա անձնական տվյալների փոխարեն ցանկացած այլ անձի տվյալներ զետեղելու դեպքում դրանք նույնքան պատճառաբանված և հիմնավորված կլինեն, որքան որ Մ. Ծերունյանի դեպքում է:

Դիմող`                 Սուսանն Ասատրայն

Անկախ

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Փրկարարները   օգնել  ենԴեկտեմբերի 20-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Չորսամյա փոքրիկի աչքի պրոթեզավորումը կարելի է համարել լուծված

երեխաՇիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Չորսամյա Ֆելիքսի ամանորյա երազանքն էլ` աչքի ոսպնյակն է»  տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո աննախադեպ արձագանքներ եղան: Բազմաթիվ մեր հայրենակիցներ ցանկություն հայտնեցին անմիջական աջակցություն ցուցաբերել տեսանյութում ներկայացված այս ընտանիքին: Այսօր՝ վաղ առավոտյան «Շիրակ կենտրոնի» գրասենյակ զանգահարեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Հայկանուշ Ավետիսյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը: Զանգեր ստացանք նաև առողջապահության նախարարությունից:

Պաշտոնյաները մեզ հավաստիացրեցին, որ արդեն իսկ խնդիրը լուծված է: Ձեռք բերված համատեղ պայմանավորվածության համաձայն Երևանում, երկուշաբթի օրը սոցապնախարարության և «Փրկություն» կազմակերպության կողմից կիրականացվի չորսամյա Ֆելիքսի բացակա աչքի արհեստական պրոթեզավորում: Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապվարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ այսօր առավոտյան, տեսանյութը դիտելուց անմիջապես հետո Շիրակի մարզպետարան է հրավիրվել երեխայի մայրը, նրան տրվել է բժշկական ուղեգիր, ինչպես նաև անհրաժեշտ գումար ճանապարհածախսի համար:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ

Ապարանցի-Վլե«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից  56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:-  Եթե XX դարի  վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և  Գետաշենը  հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին:  Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար`  գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր  ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ  էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ  տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և  եղբորս գտնելը»,- հիշում  է նա:

1991-ին իր ջոկատի հետ  Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ,  հայերից բացի, պայքարում էին  եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց  նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի  հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով  միշտ այցելում ենք Եռաբլուր.  նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ  հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում,  այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում  էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել  վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Ապարանցի վլեԵրբ զինադադարով  պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս  ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է  երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը  մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած  հողը  չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք:  Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

«ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՍ ԱՍԱՑ՝ ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԸՆԿԵՐՈՋՍ ՀԵՏ ՍԻՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ, ԵՍ ԻՐ ԿՆՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՄ»

Photo illustration by Anna FaltermeierԱսում են՝ սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո, երբեք չի նախանձում, չի գոռոզանում, անպատշաճ վարմունք չի ունենում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ կողմակից է լինում ճշմարտությանը, զիջելով միշտ հավատում է, հույս է տածում, համբերում…

Մեր հերոսուհի Մարգարիտա Աղաջանյանը (անուն-ազգանունը փոխված է իր իսկ խնդրանքով,- հեղ.) այսօր արդեն իրեն լիիրավ երջանիկ է համարում: Ասում է՝ կյանքում հաճախ կարող ես սխալվել, անսխալական մարդ չկա, բայց ամեն մեկը չէ, որ կարող է ընդունել իր սխալն ու իր կատարած սխալներով սովորել:

Մարգարիտային տարիներ առաջվա շքեղ կյանքը խորթ էր թվում: Զգում էր, որ այդ կյանքն իր համար չէր, հետո հասկացավ նախկին ամուսնու ժամանակակից կողմնորոշումներն ու պաշտոնապես բաժանվեց նրանից: Հետաքրքրական է, որ բաժանումից հետո սրտի նոր ընկերն իր գործով փաստաբանն էր:

ՇՔԵՂ ԿՅԱՆՔԻ ՉԵՄ ՁԳՏԵԼ

Մարգարիտա Աղաջանյանը սովորական հայուհի չէ: Նրա խոսքը, շարժուձևը մի քիչ տարբերվող է: Սիրում է անկեղծ մարդկանց, կյանքի ամենակարևոր ձեռքբերումը համարում է դիմացինին չխաբելու սովորությունը:

– Ես ամուսնացել եմ սիրով: Ես և Կարենը (ամուսնու անունը նույնպես փոխված է- հեղ.) ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Սիրում էինք իրար, շատ էինք սիրում, ու երբ ավարտեցինք համալսարանը, մեր ծնողները որոշեցին ամուսնացնել մեզ,- ասում է Մարգարիտան,- բայց իմ կյանքը շատ արագ փոխվեց:

Մարգարիտայի ամուսինը՝ Կարենը, համալսարանն ավարտելուց հետո լավ գործի է անցել, կողքից էլ` բիզնեսներ ունեցել:

– Նա ընտանիքին շատ նվիրված մարդ էր, բայց վերջին մեկ տարում 180 աստիճանով փոխվեց, դե, ես էլ մտածեցի՝ երևի սիրուհի ունի: Սկսեցի հետաքրքրվել:

– Բացահայտեցիք, որ ձեր արդեն նախկին ամուսինը համասեռամո՞լ է,- հետևեց մեր տրամաբանական հարցը:

– Չէ՛, շատ երկար ժամանակ ինձնից պահանջվեց հասկանալու, որ իմ ամուսինը ձգտում է արևմտյան սեքսուալությանը, իսկ դա համասեռամոլության հետ կապ չունի: Վերջին մեկ տարում նրա գործերն էլ ավելի լավացան, բայց դրա հետ մեկտեղ իրեն շատ տարօրինակ էր պահում: Շատ ժամանակ էր անցկացնում դրսում ու ամենևին գործով չէր զբաղվում, ընտանեկան նորանոր ծանոթություններ էր ձեռք բերում: Մի անգամ Կարենն ասաց. «Ես կարծում եմ, որ դու սիրեկան ունես ու ինձ «լոխի» տեղ ես դրել»: Ասացի՝  կվիրավորվեմ, եթե մի անգամ էլ նույնը ասի, իրենից բացի իմ կյանքում ոչ ոք չկա: Զարմացավ: Հետո միայն հասկացա նրա զարմանքի պատճառը:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Մարգարիտան ասում է, որ  մի օր ամուսինն է անկեղծանում ու պատմում այն, ինչին այդքան երկար ժամանակ սպասում էր.

– Մի օր լավ խմած էր ու ասաց. «Դու դե՞մ ես սվինգին, ես սվինգեր եմ դարձել»: Ասացի. «Կար ջան, ոչինչ չհասկացա, կարո՞ղ ես հայերեն խոսել»: Ասաց. «Պատմում եմ ամենասկզբից ու խնդրում եմ չընդհատես: Գիտես, մի հետաքրքիր հարաբերությունների ձև եմ գտել կյանքում, պետք ա նոր հայացքով նայենք կյանքին: Օրինակ՝ սվինգերները հետաքրքիր, լավ մարդիկ են: Նրանք շատ բարոյական ընտանիքներ են, ուղղակի մի բանն ա շատ հետաքրքիր, որ զույգերով կարող են փոխվել, ու էդ շատ ա հետաքրքրացնում կյանքը: Ասենք` մի օր դու քնում ես իմ ընկերոջ հետ, իսկ ես՝ ընկերոջս կնոջ հետ»: Իմ պատասխանը բացասական էր, բայց Կարենն ասաց` մի շտապիր, մտածիր: Մի քանի շաբաթ հետո մեր տուն եկան մեզ հարազատ դարձած ընկերները:

Մարգարիտայի համար ամուսնու ասածն օրինաչափ չէր,  ինքը կարգին հայ աղջիկ է, կարգին ընտանիքում է մեծացել, ու առանձնապես նման կողմնորոշումների կողմնակից չէ, եթե պետք է սիրով զբաղվել, ապա միմիայն ամուսնու հետ:

Նախկին ամուսինը՝ Կարենը, նրան մի քանի անգամ էլ առաջարկել է հանդիպել իր ընկերների հետ ու չի թաքցրել, որ ինքը շարունակում է հանդիպել իր ընկերների կանանց հետ:

– Կարենին ասացի` չէ՛, բացառվում է, ես չեմ կարող հանդիպել քո ընկերների հետ, չեմ կարող սիրով զբաղվել նրանց հետ, որովհետև իմ ամուսինը դու ես, ու էդ իմ համար նորարարություն չի, էդ իմ համար անբարոյականություն ա: Հիշում եմ՝ Կարենը շատ լուռ լսեց ինձ, ու շրջվելով ասաց. «Գիտես, կյանքդ մի օրում հնարավոր ա փոխվի, որովհետև սենց ապրելն անհնար ա դառնում: Ուզո՞ւմ ես հին կյանքիդ վերադառնաս, ֆինանսական դժվարություններ ունենաս, միասին հաշտ, խաղաղ ապրում ենք, ես քեզ ոչ մի բան չեմ պարտադրում ու շատ անկեղծ ասում եմ էն, ինչ անում եմ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Ամիսներն անցնում էին, բայց Մարգարիտան չէր կարողանում համակերպվել հարուստ ամուսնու արևմտյան սիրո ձևաչին՝ դա համարելով անբարոյականություն, դավաճանություն:

– Մենք միասին՝ ձեռք ձեռքի տված ենք հասել հաջողության ու նրա հարստությունը միմիայն իրենը չէր: Ճիշտ է մենք աղքատ չենք եղել, միշտ էլ լավ ենք ապրել, բայց գործարարության մեջ ես էլ իմ լուման եմ ներդրել: Մի քանի ֆիրմաներ էլ ես ունեի ու ես էի անմիջապես ղեկավարում,- ասում է Մարգարիտան:- Արդեն պարզից էլ պարզ էր, որ մենք առողջ ընտանիք ունենալ չենք կարող, ու մեծ փողը մեզ իրոք դժբախտացրեց: Ես նրան ասացի, որ ցանկանում եմ դատարանով բաժանվել: Երկու օր տուն չեկավ, երրորդ օրը եկավ, իրեն պահեց սովորականի պես ու ասաց. «Մենք կարող ենք բաժանվել, բայց իմացի՝ ինձնից լավ մարդու էլ չես հանդիպի»: Ես փաստաբան վարձեցի այդ գործընթացները  ճիշտ կազմակերպելու համար:

 

«Անկախի» այն հարցին՝ բա մյուսներն ինչպե՞ս էին համաձայնվում, ընտանիքներով փոխանակվել, ասում է.

– Գիտես, այդտեղ զուտ ցանկության հարցն էր: Ես էլ կարող էի լսել ամուսնուս ու գնալ էդ քայլին: Վիսկի խմել նա է ինձ սովորեցրել: Ասում էր՝ պետք ա սովորես, քանի որ առիթները շատ են լինելու: Դա ստիպված էի սովորել: Հետո էդ աղջիկներին ձեռք չէր տա չհամաձայնելը, ինչո՞ւ չհամաձայնեին, ի՞նչ, ինձ նման բաժանվեին, հա՞: Նախ՝ նրանք կյանքում չեն աշխատել, փողն իրենց համար զուտ ծախսելու միջոց էր, փողի գինը չիմացող են ու շատ բաներից կզրկվեին: Ամեն մեկը երկու-երեք մեքենա ունի: Ամենահետաքրքիրն էն է, որ ամուսինները մտածում են, թե դա դավաճանություն չի, ուղղակի հետաքրքիր է:

«ՍՎԻՆԳԵՐ» ԱՄՈՒՍՆՈՒՑ ՀԵՏՈ…      

Մարգարիտան չէր կարող մտածել, որ էլ երբեք չի ամուսնանալու, քանի որ դեռ երեխաներ չուներ, ու հնարավորություն կար ամեն ինչ նորից սկսելու:

– Կարենի հետ բաժանվեցինք առանց կռիվների, ամեն ինչ շատ խաղաղ ստացվեց: Գործով փաստաբանն իմացավ, թե ինչու եմ բաժանվում` ասաց. «Դե դա սովորության հարց ա, ես ո՛չ ձեզ եմ մեղադրում, ո՛չ ձեր ամուսնուն»,- պատմում է Մարգարիտան:- Կարենն ինձ թողեց իմ ֆիրմաներից երկուսը, ասաց. «Դա դու ես ստեղծել, ու ես չեմ ուզում դրանք վերցնել: Մի բնակարան էլ կարող եմ նվիրել»: Չուզեցի: Ամեն ինչ ավարտվեց ինչպես պետք էր: Անգամ ամենամտերիմ ընկերուհիները չզանգահարեցին` իմանալու՝ ինչպես եմ, մի անգամ ես զանգեցի, չպատասխանեցին, հասկացա»:

Մարգարիտան ասում է, որ անտարբեր չէր իր գործով փաստաբանի նկատմամբ: Առաջին պաշտոնական քայլն անում է փաստաբանը, Մարգարիտան էլ երկար-բարակ չի մտածում ու համաձայնում է կյանքը կապել իրավաբանի հետ:

– Շատ հետաքրքիր զուգադիպություն է, որ երկու ամուսիններս էլ իրավաբաններ են: Արմենի հետ շատ ավելի հեշտ է, հանգիստ: Նա ճիշտ է, Կարենի պես «ճտպտ» լեզու չունի, բայց շատ է սիրում իր աշխատանքն ու նվիրված ամուսին է,- ասում է Մարգարիտան,- նա ինձ արդեն որդի է պարգևել ու անունն էլ Կարեն է, բայց ոչ թե իմ նախկին ամուսնու պատվին, այլ ներկա ամուսնուս հոր: Իսկ Կարենը կարծես իր խոսքի տերն է, նա դատարանում ասաց, որ ինձնից հետո էլ չի կարող ամուսնանալ, որովհետև ինձից շատ ոչ ոքի չի կարող սիրել: Վերջերս մեր ընդհանուր ընկերներից մեկն ինձ իմիջիայլոց ասաց, որ նա ամուսնանալու մտադրություն չունի:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները

հեհԴեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները մասնակցեցին մի շարք տեղեկատվական դասընթացների: Նրանք հանդիպումներ ունեցան սոցիոլոգի հետ, ով ուսանողներին ներկայացրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը կարող է տարիներ հետո ժողովրդագրական խնդիրներ առաջացնել, երբ, օրինակ, աղջիկ երեխաներն ավելի քիչ կլինեն: Այնուհետև ուսանողների համար դասախոսություններ կարդաց բժիշկը, ով նեկայացրեց հղիության ընդհատման հետևանքով առաջացած հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվություն: Երիտասարդները հանդիպումներ են ունեցել նաև հոգևորականի, իրավաբանի և հոգեբանի հետ:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագիրն ուղղված չէր խնդիրը միանգամիկց լուծելուն, այլ նրան, որ այս խնդրի մասին երիտասարդների շրջանում խոսվեն: Այնուհետև հավելեց. «Այս բացասական երևույթը տարեցտարի նոր թափ է ստանում` ելնելով տարբեր գործոններից: Մարդիկ չեն գիտակցում, որ այն նույնիսկ կարող է համարվել քրեական պատասխանատվության ենթարկվող գործողություն»: Պարոն Ավագյանը կարծում  է, որ օրենքի առումով բացեր չկան, բայց թերություններ կան օրենքի կիրառման հարցում. «Պատահական չենք ընտրել թիրախ-խմբերը` ուսանողություն և երիտասարդություն, քանի որ այդ մարդիկ ապագա մայրեր ու հայրեր են: Մասնակիցներին կոչ ենք արել, որ ոչ թե իրենց մեջ պահեն ստացված ինֆորմացիան, այլ հարևանների, ընկերների ու հարազատների մոտ խոսեն այդ մասին: Այս երևույթի վերաբերյալ պետք է խոսել, այն պիտի նախ դատապարտվի հենց հասարակության մեջ, հետո տարբեր տեսակի պատասխանատվություն կրեն»:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նշեց. «Մեր ազգային, մշակութային առանձնահատկություններից ելնելով` սկզբնական շրջանում ուսանողները կաշկանդվում էին  շատ հարցեր տալ փորձագետներին: Բայց քանի որ դասընթացներն ինտերակտիվ էին, ընթացքում այդ խնդսիրը հարթվեց»:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետներից ոմանք հրաժարվել են դասախոսության համար տրամադրվող սիմվոլիկ գումարից: Օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչն այն տրամադրել է «Զատիկ» խնամքի կենտրոնին, իսկ հոգևորականը` հոգևոր գրականություն ձեռք բերելուն:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայկական ոսկիների լեգենդը թուրքական անբուժելի հիվանդության պատճառ

gandzerՀայտնի է, որ հայերը Օսմանյան կայսրությունում բազմաթիվ արհեստներով են զբաղվել, եղել են լավագույն ոսկերիչները, դերձակներն ու կոշկակարները, ինչպես նաև մշակել են հող, ունեցել են մրգատու այգիներ և դաշտեր: Չնայած կայսրությունում կիրառվող ծանր հարկային համակարգին, հայերը իրենց աշխատասիրության շնորհիվ կարողացել են բարեկեցիկ կյանք ունենալ և նեղ օրվա համար էլ որոշակի ունեցվածք կուտակել: Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ բռնել գաղթի ուղին՝ թողնելով իր տունն ու ունեցած ամեն բան: Իրենց տներից հարկադրաբար հեռացող հայերը խորապես համուզված էին, որ շուտով հետ են վերադառնալու, այդ պատճառով էլ ունեցած ոսկիներն ու թանկարժեք իրերը պահել են այգիներում փորված նկուղներում, տան պատերի մեջ արված գաղտնի պահարաններում, տարբեր անցքերում, գետնի տակ, ինչպես նաև հայկական եկեղեցիներում:

Հայաթափված Արևմտյան Հայաստանում այլևս հետ չվերադարձած հայերի ունեցվածքը՝ տները, դաշտերն ու այգիները մնացին նրանց քուրդ հարևաններին: Վերջիններս էլ, լավ իմանալով հայերի ոսկիների գոյության մասին, սկսեցին ագահորեն փնտրել դրանք՝ անխնա ավերելով հայկական տներն ու եկեղեցիները: Այսպես Թուրքիայում առաջացավ մի նոր հիվանդություն, մի մոլուցք, որով տարված մարդկանց անվանում են գանձախույզներ (թուրքերեն՝ defineci): Տարիների ընթացքում հայերի թողած հարստությունը հայտնաբերվեց և յուրացվեց այդ տարածքներում բնակվող քրդերի կողմից: Սակայն սրանով հանդերձ Թուրքիայում ծնունդ առավ և տարածում գտավ հայկական ոսկիների մասին լեգենդը, որը արդեն հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս այս մոլուցքով տառապող մարդկանց:

Հայկական գանձերը գտնելու ցանկությունը այն աստիճանի է հասել, որ Թուրքիայում ստեղծվել է հատուկ կայք, որն ամբողջությամբ նվիրված է գանձերի որոնման «արվեստին»: Այստեղ ներկայացված է գանձախույզների համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ սկսած հայկական պահոցներին հատուկ տարբերանշանների բացատրություններից, մինչև հայերի տների պատերի մեջ արված փորվածքների հայտնաբերման մեթոդներ:

Այն, որ հայերի ոսկիների լեգենդները դեռ վառ են թուրքական իրականության մեջ, կարելի է հեշտությամբ հասկանալ՝ այցելելով Արևմտյան Հայաստան: Հայկական հողերի այսօրվա բնակիչները՝ քրդերը, նկատելով զբոսաշրջիկ հայերին, իրենց «օգնությունը» առաջարկելու առիթը բաց չեն թողնում: Նրանք լկտիաբար մոտենում են հայերին, հարցուփորձ անում ինչ-որ քարտեզների մասին և առաջարկում միասին փնտրել ոսկիները և ապա իրար մեջ կիսել գտածոն:

Հայտնի է, որ ցեղասպանությունից փրկված հայերը իրենց երեխաներին պատմել են հայրենի հողերում թողած ունեցվածքի մասին, և ավանդելով փնտրել դրանք, նրանց համար կազմել են ուղեցույց քարտեզներ՝ այսպիսով փորձելով հուշել պահոցների գտնվելու տեղերը: Իհարկե, տասնամյակների ընթացքում եղել են դեպքեր, երբ հայերը, նախնիների թողած քարտեզները ձեռքներին, փորձել են գտնել պապենական ոսկիները: Սակայն, եթե մեզ համար սա մի յուրատեսակ ուխտի, խոստման է նմանվում, ապա քրդերի պարագայում խոսքն իսկապես մոլուցքի հասած մի արկածախնդրության մասին է: Այս հորձանուտում հայտնված մարդկանց շարքերում կան նաև այնպիսիք, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են հայերի ոսկիները գտնելու և այդպիսով հարստանալու գործին: Այնուհանդերձ այս գանձախույզներին կարելի է հասկանալ, քանի որ նրանք իրենց աչքի առաջ իրական փաստեր ունեն: Ներկայումս Թուրքիայի ամենահարուստ երկու ընտանիքների՝ Քոչ և Սաբանջը տոհմերի հաջողությանը օգնել են հենց հայկական ոսկիները: Ասում են, թե նրանց պապերը իրենց բիզնեսները սկսելու համար հիմք են ծառայեցրել հայերից առգրավված ունեցվածքը՝ արդյունքում դառնալով միլիոնատեր գործարարներ: Այս պարագայում զարմանալի չէ, որ հայկական գանձերը գտնելու երազանքը շարունակ հետապնդում է գանձախույզներին՝ շատերի համար դառնալով կյանքի գերագույն նպատակ:

Հայերի թողած ոսկիների մասին լեգենդը ուրվականի նման շրջում է Թուրքիայով՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Չնայած Արևմտյան Հայաստանի տարածքում եղած ոսկիներն ու արժեքավոր իրերը վաղուց արդեն գտնվել և յուրացվել են և քիչ է հավանական, որ գանձեր որոնողները կարող են խոշոր գտածո հայտնաբերել, այնուհանդերձ այս երևույթը կա և շարունակում է ապրել մարդկանց գիտակցության մեջ: Արևմտյան Հայաստանի տարածքում ամեն օր հայկական քչաթիվ կառույցների ավերումը, հայերի գերեզմանների պղծումը սրա վառ ապացույցն է:

Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ դար է անցել, բայց կոտորածների մասին հուշերը չեն լքել այդ հողերը: Հայերի դահիճների սերունդները ամեն կերպ փորձում են ոչնչացնել հայկական ամեն ինչ, ջնջել հայկական շունչը և այդ տարածքներում հայերի երբեմնի գոյության ճշմարտությունը: Հայկական ջարդերից հարյուրամյակ անց նրանք չեն կորցրել իրենց ցեղասպան էությունը՝ շարունակելով հայերի ունեցվածքի որոնումներն ու թալանը: Հիվանդ հասարակությունը տառապում է ևս մեկ հիվանդությամբ՝ հայկական ոսկիները գտնելու մոլագարությամբ: Միգուցե սա հատուցում է գործած մեղքերի համար, գուցե պատիժ, որն այս հողերում թողեցին նենգաբար սպանված հարյուր հազարավոր հայերի անմեղ հոգիները:

Տաթևիկ Սարգսյան

Հայաստանյան ջերմ արևը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

անահիտ (1)Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա:

Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը 1994 թ. տեղափոխվեց Լոնդոն: Հայրը, որ ծնվել էր Հնդկաստանում, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի ու հնդիկ: 70-ականներին էր եկել Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ հետ:  «Հորս առաջին լեզուն եղել է անգլերենը, հետո հնդկերենը, հետո ռուսերենը, հետո նոր՝ հայերենը: Սակայն ինքն իրեն զտարյուն հայ է զգացել և ինձ ու եղբորս էլ որպես հայ դաստիարակել»:

Չնայած սովորում էին անգլիական դպրոցում, ողջ օրն անցկացնում անգլիական միջավայրում՝ առանց որևէ հայ ընկերոջ, տանն ամեն ինչ հայկական էր՝ սկսած լեզվից, վերջացրած կենցաղով ու ավանդույթներով: «Մենք փորձում էինք համադրել երկու մշակույթները, ինչքան էլ որ դա դժվար էր մեզ համար, բայց կարողանում էինք՝  շնորհիվ մեր ծնողների, որոնցից շատ շնորհակալ եմ»:

Սակայն երբ 1999 թ. ամռանը ծնողները որոշում են Հայաստան գալ, Անահիտն ընդդիմանում է, քանի որ չէր ուզում բաց թողնել դպրոցի ավարտական խնջույքը. դա իրեն ավելի էր ձգում, քան Հայաստանը: Նրան մի կերպ են բերում: Ողջ ամառն անցկացնելով հայրենիքում՝ 11-ամյա Անահիտն իր մեջ հեղափոխական որոշում է կայացնում. մի օր անպայման պետք է վերադառնա Հայաստան. «Իմ մեջ տպավորվեց մարդկանց ջերմությունը, անկեղծությունը: Լոնդում երբեք մարդկանցից ջերմություն չես զգում: Բացի այդ, Հայաստանի եղանակը շատ սիրեցի, այստեղի ուտելիքը: Մի խոսքով, այդ այցն ինձ համար շատ կարևոր էր և որոշիչ»:

Լոնդոնում ավարտելով հիմնական դպրոցը՝ Անահիտն ընդունվում է ավագ դպրոց, հետո քոլեջ, ապա Քենթի համալսարան՝ քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո ուզում է աշխատանք գտնել, բայց պարզվում է՝ Լոնդոնում այդքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնելը. կա՛մ մագիստրատուրայի դիպլոմ էին պահանջում, կա՛մ աշխատանքային փորձ:

անահիտՄեկ տարի անց նա ընդունվում է Լոնդոնի UCL համալսարանի մագիստրատուրա:
Իմանալով, որ «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է UCL ընդունվող հայ երիտասարդներին, դիմում է և դառնում հիմնադրամի կրթաթոշակառու: Սակայն նրա համար պարզ չէր, թե ինչու են ֆինանսավորում հայ երիտասարդներին դրսի համալսարաններում սովորելու համար: Հետո իմանում է, որ ստանալով կրթաթոշակ` պարտավոր է, օրինակ, մասնակցել նաև որոշ ծրագրերի՝ կամավորական աշխատանք կատարելով Հայաստանում: Դա նրա սրտով էր:

262576_10150274821394121_1384079_nՄագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ամռանը 10 օրով Սևանի Ծափաթաղ գյուղում ծրագիր է իրականացնում գյուղի խնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրում է գյուղի երեխաների կյանքը, առօրյան, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Հայաստանյան գյուղում թեկուզ 10 օր ապրելը նրան շատ բան է սովորեցնում, բացում իրական Հայաստանի պատկերը՝ իր բազմաշերտ խնդիրներով:

Համալսարանն ավարտելուց հետո Անահիտը վերջնականապես որոշում է վերադառնալ ու աշխատել Հայաստանում: «Ենթադրում էի, որ այստեղ ավելի շատ կգնահատվեմ և ավելի մեծ հնարավորություններ կունենամ, քան Անգլիայում կամ Էկվադորում, չնայած Էկվադորի ու Հայաստանի միջև շատ ընդհանուր բան կար՝ թե՛ խնդիրների առումով, թե՛ մշակույթի: Բացի այդ, շատ կարևոր էր Հայաստանի համար ինչ-որ բան անելը»:

Փորձում է «Լույս» հիմնադրամի միջոցով մինչև գալն աշխատանք գտնել կանանց, մարդու իրավունքների ոլորտում կամ ծայրահեղ դեպքում՝ լեզվի կենտրոնում, որպես անգլերենի մասնագետ: «Վերջին տարբերակը գտան, սակայն երբ գործատուներն իմացան, որ դեռ Անգլիայում եմ, ասացին՝ պետք է գամ, որ հստակ լինի: Եկա, բայց այդ աշխատանքին չդիմեցի, մեկ շաբաթ անց աշխատանք գտա մեկ այլ լեզվի կենտրոնում»:

945760_10151608105099121_346094807_nՇուտով «Լույս» հիմնադրամի միջոցով տեղեկանում է «Repat Armenia» («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի մասին, որին անհրաժեշտ էր արտաքին կապերի մասնագետ, որը պետք է համակարգեր Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի հետ կապերը: Հիմնադրամի գործունեությունն ու գաղափարը Անահիտի սրտով էին, և նա հենց առաջին իսկ րոպեից մտածում է, որ այդ աշխատանքը հենց իր համար է: «Բախտս բերեց, ճիշտ ժամանակին եկա, թե ոչ, չգիտեմ, բայց ինձ համար Հայաստանում աշխատանք գտնելը միանգամից ստացվեց: Մեկ տարվա ընթացքում վեց տարբեր աշխատանքային հնարավորություններ եմ ունեցել»:

Անահիտն իր ապագան այսօր Հայաստանում է տեսնում, որտեղ նաև որոշակի ծրագրեր կան: Օրինակ` հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ ունենա, այլ իսկապես օգուտ բերի Հայաստանին: Բայց գիտակցում է, որ դրա համար պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա:

945747_10151608121274121_1823599871_nԱնահիտի ծնողները չեն վերադարձել Հայաստան և միտք էլ չունեն, քանի որ Լոնդոնում լավ աշխատանք ունեն, հաստատվել են: Հավանաբար, կգան այն ժամանակ, երբ թոշակի անցնեն: «Մամաս ինձ ասում է՝ ախր ո՞նց Լոնդոնը թողեցիր, գնացիր, Լոնդոնում էսքան լավ բաներ կան, դու էստեղ ես մեծացել և այլն: Ես նրան ասում եմ՝ չէ, մամ, ես ինձ  էստեղ ավելի ապահով եմ զգում, ավելի հանգիստ և ավելի ուրախ»:

Եղբայրն էլ է վերադարձել Հայաստան, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ամուսնացել է և աշխատում է «Թումո» կենտրոնում:

Անահիտն իր երկրորդ կեսին գտնելու կամ ամուսնության մասին մտածելիս ազգային պատկանելության առումով սահմանափակում չի դնում, սակայն գլխավոր պայմանն այն է, որ իր ընտրյալը պետք է հարգի իր հայությունը և իր ազգային արժեքներն ու ավանդույթները:

1002896_10151651236379121_242432808_nԸնկերների առումով էլ սահմանափակումներ չունի, կարող է շփվել ցանկացած ազգի ներկայացուցչի հետ, և այդ առումով շրջապատն իրոք բազմազան է: Սակայն խոստովանում է, որ հայկական կապերն ավելի ամուր ու հաստատուն են. «Հայաստանում, երբ որևէ մեկի հետ կապ ես ստեղծում, մնում է, իսկ Լոնդոնում, օրինակ` «networking event»-ներ են անում, իրար բիզնես քարտեր են փոխանցում, բայց հետո, երբ ուզում ես այդ մարդու հետ կապվել, չկա: Այստեղ զգում ես, թե ինչքան են մարդիկ փորձում իրար աջակցել: Թեկուզ ապրես Ֆրանսիայում, Անգլիայում կամ Ամերիկայում, եթե Հայաստանում հանդիպում ես, այդ կապը կարծես սոսնձվում է»:

Անի Գասպարյան