ՀՀ գլխավոր դատախազությունը, կարևորելով քրեական գործերի քննության ընթացքում կողմերի իրավունքների պաշտպանությունը և օրինականության նկատմամբ հսկողությունը, հիշեցնում է, որ այդ իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է նախնական քննության տվյալների գաղտնիության ապահովումը:
Tag Archives: օրենք
Ինչպիսի՞ն է բնաիրային օգնության տրամադրման կարգը
Բնաիրային օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 958-Ն որոշմամբ սահմանված կարգով, որով սահմանվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով միջազգային, օտարերկրյա կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Որպես մարդասիրական օգնություն հատկացված բնաիրային օգնությունը տրամադրվում է նպատակային և հասցեական` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար: Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով:
Գործակալությունը բնաիրային օգնության տրամադրման ժամանակ համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ: Յուրաքանչյուր բնաիրային օգնության տրամադրման համար հաստատվում է բնաիրային օգնության ծրագիր` գործընթացը սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Բնաիրային օգնության ծրագիրը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները`
ա) ծրագրի անվանումը և նպատակները,
բ) բնաիրային օգնություն հատկացրած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը (համաձայնությամբ),
գ) ծրագրի իրականացման մյուս մասնակից և պատասխանատու կազմակերպությունների անվանումները,
դ) ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, բնակավայր),
ե) մեկ բաժին օգնության նկարագիրը (տեսականի, չափի միավոր, մեկ չափաբաժնի պարունակություն),
զ) բնաիրային օգնության ծրագրի ընդհանուր ծավալը (չափաբաժինների թիվը),
է) հաճախորդների թիվը և տրամադրման հիմքը,
ը) ծրագրի ժամկետները` սկիզբը և ավարտը:
Ծրագրի հաճախորդների հիմնական ցուցակով բաշխման աշխատանքների ավարտից հետո գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է ներկայացնում ծրագրի իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն բնաիրային օգնության` ստացված, բաշխված և չբաշխված քանակների մասին, ինչպես նաև բնաիրային օգնությունը չստացած հաճախորդների ցանկը:
Ծրագրի ավարտից հետո չբաշխված բնաիրային օգնության տրամադրման համար հաճախորդների ցանկը կազմվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ` գործակալության պետի կողմից` 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Գործակալությունը, ծրագրի իրականացման մյուս մասնակից կազմակերպությունները բնաիրային օգնության ծրագրի իրականացումից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում են բնակչությանը` նշելով ծրագրի իրականացման ժամկետները, դիմելու կարգը և հաճախորդների շրջանակը:
Պա տրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ և Սևանա լիճ փակվել է մի մարդու քմահաճույքով
Մարտունի քաղաքի բնակիչներն այս գարնանը տհաճ անակնկալի են դեմ առել. պարզվում է, որ մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ այսուհետ արգելված է: Սա սեփականատիրոջ որոշումն է, որը, ի թիվս այլ հողատարածքների, չգիտես ինչպես, գնել է նաև դեպի ազգային պարկ տանող ճանապարհը: Եվ որպեսզի իսկապես արգելի քաղաքացիների մուտքն ազգային պարկ իր տարածքով, նոր սեփականատերը ճանապարհին քարեր է լցրել և ջրանցք է փորել, ըստ բնակիչների` մոտ 5 մ լայնությամբ և 3 մ խորությամբ: Ջրանցքը բնակիչների գլխին կրկնակի պատուհաս է դարձել. ոչ միայն դեպի անտառ և լիճ տանող ճանապարհն է իսպառ փակվել, այլև հարևանությամբ բնակվող բնակիչների ջրհորներում և արտեզյան հորերում ջրի մակարդակն է իջել:
Մարտունի քաղաքի 250-ից ավել բնակիչներ հավաքվել ու նամակ են հղել քաղաքապետին` խնդրելով պարզել, թե որքանով է օրինական տարածքում նման ջրատար փորելը և օրենքի սահմաններո՞ւմ է արդյոք այդ հողերի վարձակալության պայմանագիրը:
«Հարգելի՛ պարոն Հարությունյան, Մարտունի քաղաքի 5-րդ և 6-րդ թաղամասերի բնակիչները տասնյակ տարիներ Մարտունու «Օդանավակայան» կոչվող տարածքից մինչև Պահածոների գործարան հասնող տարածքով ունեցել են բազմաթիվ մուտքեր դեպի անտառ և Սևանա լիճ։ Տարիների ընթացքում սեփականաշնորհվող և վարձակալվող տարածքներում աստիճանաբար փակվեցին մուտքերը դեպի անտառ։ Մենք բավարարվել ենք մնացած միակ ճանապարհով, որը երթևեկելի էր և՛ հետիոտնի, և՛ մեքենայի համար։ Այդ ճանապարհն օգտագործվում է ինչպես հանգստի, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով՝ անտառից խոտի և ցախի տեղափոխման համար: …Հավելենք նաև, որ կանալը փորելուց հետո շրջակա տարածքի ջրհորները ջրազրվել են, և վտանգվում է ամռանը մեր հողատարածքների ոռոգումը։ Արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ` հրդեհի, անտառի տվյալ հատված մեքենաների և մարդկանց մուտքն անհնար է»,- նշված է նամակում։
Բնակիչները պատրաստ են անգամ բողոքի ցույցի դուրս գալ: Նրանք սպասում են քաղաքապետարանի արձագանքին մինչ բողոքի ակցիաները սկսելը:
«Անկախի» հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում. «Մարդն իր տարածքը չորացնելու համար կանալ է փորել, որի համար մեզանից թույլտվություն ստանալու կարիք չունի»:
Կարապետյանն ասում է, որ ճամփեզրի ու Սևան ազգային պարկի միջև ընկած արտադրական տարածքները խորհրդային միության փլուզումից հետո սեփականաշնորհվել են և բազմիցս վերավաճառվել: Դրա հետ քաղաքապետարանը որևէ կապ չունի: Իսկ արտադրական տարածքին հաջորդող հատվածում, ըստ Կարապետյանի, տվյալ սեփականատերը 99 տարով ազգային պարկից 25 հա վարձակալած հողատարածք ունի: 2010-ից հետո, երբ այդ հողերը համայնքային հաշվեկշռին են անցել, քաղաքապետարանը այդ հատվածից նույն սեփականատիրոջն ուղիղ վաճառքով 5 հա է վաճառել: «Ճանապարհի մասը, որքան գիտեմ, այդ 5 հեկտարի մեջ չի մտնում, բայց դա էլի իրենն է: Դեմն էլ իր սեփական շենքերն են արդեն, որի հետ քաղաքապետարանն ընդհանրապես կապ չունի»:
Կարապետյանը պնդում է, որ քարտեզով նշված տարածքում ճանապարհ չկա նախատեսված:
«Բոլոր քարտեզներով ուսումնասիրություններ ենք կատարել, իրենցից բոլորից պահանջել ենք սեփականության վկայականները, Սովետական Միության ժամանակներից այդտեղ եղել է արտադրական տարածք և ճանապարհը, որը հիմա բնակիչները շեշտում են, եղել է արտադրական տարածքների համար»,- ասում է Կարապետյանը:
Սակայն անգամ այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է մի քանի արտադրական ընկերությունների` նախկին պանելի գործարանին, բետոնի գործարանին և կահույքի արտադրամասին սպասարկող տարածքը հայտնվել մեկ սեփականատիրոջ կադաստրային վկայականում` փաստի առաջ կանգնեցնելով նաև մյուս երկու արտադրամասերի սեփականատերերին:
Չնայած Կարապետյանի հավաստիացումներին, թե քարտեզով տվյալ հատվածում ճանապարհ նախատեսված չէ, բնակիչները հակառակն են պնդում:
«Նոր քարտեզով են նայում, որն իրենք են գծել, ինչ ուզեցել են, ներառել են, ինչը չէ` բաց են թողել: Թող 20 տարի առաջվա քարտեզները նայեն: Վստահաբար հին քարտեզներում ճանապարհ կա նախատեսված այս հատվածում»,- ասում են նրանք:
Կարապետյանը նշում է, որ քարտեզով դեպի լիճ տանող երկու ճանապարհ կա` Ներքին Գետաշենից դեպի Մարտունի` ավտոկայան չհասած տարածքով և Մարտունուց դեպի Վաղաշեն, այսպես կոչված` շրջկոպի տարածքով: Այս ճանապարհները, սակայն, հեռու են և ամենօրյա օգտագործման համար պիտանի չեն, քանի որ կրկնակի ու անգամ եռակի երկարացնում են բնակչի ճանապարհը դեպի անտառ:
Կարապետյանն ասում է, որ իրենք ցանկանում են օգնել բնակիչներին` հասկանալով նրանց դժգոհությունը: Այդ նպատակով չափագրումներ են իրականացրել` հուսալով, որ ինչ-որ բան չի համապատասխանի կադաստրային վկայականին, բայց ապարդյուն: Ներկա սեփականատերը քաղաքապետարանում հայտարարել է, որ դա իր սեփականությունն է, որի համար գումար է վճարել, ուստի չի պատրաստվում զիջել ու բնակիչներին ճանապարհ տալ:
«Նախկին սեփականատիրոջն ենք կանչել, բացատրել, որ սխալ վաճառք է իրականացրել»,- ասում է Կարապետյանը:
«Անկախը» փորձեց նաև պարզաբանում ստանալ Սևան ազգային պարկից:
«Քաղաքապետարանի տարածքում է դա, մեր տարածքում չէ: Եթե բնակիչները բողոք ունեն, թող քաղաքապետարանից քարտեզը վերցնեն, եթե քարտեզով ճանապարհ կա ուրեմն կբացվի: Բայց դա հաստատ մասնավոր մարդու տարածքով է անցնում դեպի ազգային պարկ»,- ասաց Սևան ազգային պարկի Վարդենիկի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով` եթե բնակիչներն արտադրական տարածքների սեփականատերերի հետ համաձայնության գան ճանապարհի առումով` Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չի լինի, ազատ կկարողանան մուտք գործել անտառ:
Իսկ կանալի օրինականության հարցը փորձեցինք պարզել բնապահպանության նախարարությունից: Այստեղից մեզ ուղղորդեցին Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, որտեղից պնդեցին, որ կանալներն իրենց իրավասությունից դուրս են և առաջարկեցին դիմել Ջրային տնտեսության պետական կոմիտե: Այստեղ էլ պատասխանեցին, որ իրենք միայն ոռոգման ջրի հարցով են զբաղվում, հետևաբար նշված կանալն իրենց իրավասությունից դուրս է և էլի ուղղորդեցին բնապահպանության նախարարություն: Այստեղ նորից պնդեցին, որ արտեզյան հորերի ու ջրհորների համար է ջրօգտագործման թույլտվություն հարկավոր, իսկ կանալի համար` ոչ, եթե անգամ դրա պատճառով առուներն ու ջրհորներն են ցամաքում: Նախարարությունից նշեցին, որ կանալով և դրա հետևանքներով պետք է զբաղվի համայնքապետարանը:
Հ.Գ.
«Անկախը» հետամուտ կլինի խնդրի հանգուցալուծմանը և առաջիկայում այլ հրապարակումներ ևս կներկայացնի այս թեմայով:
Որո՞նք են ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները
Ծխախոտագործությունը կամ ծխախոտն այն հակասական երևույթներից է, որը մի կողմից իրենից նեկայացնում է որպես գործարարության ճյուղ` ապահովելով աշխատատեղերով, իսկ մյուս կողմից դրա օգտագործումն անկանխատեսելի բացասական հետևանքներ է առաջացնում քաղաքացիների մոտ: Այս առումով հատկապես խոցելի են անչափահասները, որոնց կողմից ծխախոտ իրացնելու արգելքը սահմանված է օրենքով:
Այսպես, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց,
2) 18 տարին չլրացած անձանց կողմից,
3) բաց տուփերով կամ հատով,
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է,
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում,
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի,
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով),
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը,
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը,
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները`
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում,
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածրի արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ովքե՞ր կարող են դիմել վարչական դատարան
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով,
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
Կազմեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Գորիսի համայնքապետը համառորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին, խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը եւ ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են եւ ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի եւ ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաեւ այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:
Այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի եւ ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:
Հարցմանը, օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ, հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:
Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որեւէ պատասխան դեռ չի ստացվել: Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:
Մինչեւ 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան:
Օբաման ստորագրեց Ուկրաինային օգնություն հատկացնելու ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրեց ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը` Ուկրաինային տնտեսական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այդ նախագիծը նախատեսում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ:
Նախագծի ֆինանսական կողմը նախատեսում է Ուկրաինային վարկային երաշխիքների տրամադրում` 1 մլն դոլարի չափով: Նաև օրենքի կարգավիճակ է ստացել լրացուցիչ ֆինանսների տրամադրումը` ամերիկյան հեռուստաալիքներն ու ռադիոկայանները Ուկրաինայում ու հարևան տարածաշրջաններում հեռարձակելու համար:
Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը
Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:
Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:
Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:
Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացիների վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:
Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:
Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը` սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:
Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին լուծված է, այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի 1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները, որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է , որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Նազարյան, պետք է խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:
Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Ինչպիսի՞ իրավունքների շրջանակներում են գործունեություն իրականացնում կրոնական կազմակերպությունները
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
- Հայաստանյաց Առաքելական եկեղեցին (կրճատ` Հայ եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,
- կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
Ճիշտ է, կրոնական կազմակերպությունների գործունեությունը հիմնականում կապված է մարդու խղճի հետ, որն առանձնահատուկ երևույթ է, սակայն օրենքով կանոնակարգվում է:
Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին,
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը,
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով: Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով,
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները,
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով,
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում,
է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր,
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով,
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով,
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու պահից:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ինչպե՞ս է կանոնակարգվում հերքման և պատասխանի իրավունքը ԶԼՄ-ներում
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:Հերքման պահանջը կարող է ներկայացվել 1-ամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:
Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:
Պատասխանը հրապարակվում է անվճար:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Ինչպե՞ս վստահել կուտակայինին, երբ աչքի առաջ 14 տարի հասանելիք կենսաթոշակից զրկված գիտնականների օրինակը կա
Գիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի. առանց այդ էլ ցածր վարձատրվող երիտասարդները կարտագաղթեն, իսկ նոր երիտասարդներ էլ պարզապես չեն գա գիտության ոլորտ: Իսկ 40 տարի անց խոստացվող գեղեցիկ ապագային գիտնականները չեն հավատում. ամենից շատ հենց գիտնականներին են Հայաստանում պետական մակարդակով խոստումներ տալիս ու չեն կատարում:
ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի լիազոր ներկայացուցիչների փետրվարի 19-ին կայացած նիստում որոշվել է նամակով դիմել սահմանադրական դատարան (ՍԴ), որտեղ կներկայացվի պարտադիր կուտակայինի հնարավոր ազդեցությունը գիտության վրա և սեփական լուծումը կառաջարկվի: Նամակն առաջիկայում կուղարկվի ՍԴ:
ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահի տեղակալ Ազատ Սարգսյանն ասում է, որ մեր կառավարությունը գիտության նկատմամբ «հատուկ» վերաբերմունք ունի, սա էլ այդ վերաբերմունքի դրսևորումներից մեկն է. «Եթե նախկինում հատուկենտ երիտասարդներ գիտության ոլորտ էին գալիս, հիմա ուզում են այնպես անել, որ ընդհանրապես երիտասարդներ չգան գիտություն»:
Նամակում գիտնականները նշում են, որ պարտադիր կուտակայինի որոշումը ևս մեկ անգամ նպաստում է, որ գիտության ոլորտ չգան երիտասարդները, ինչով գիտությունը Հայաստանում աստիճանաբար մարելու է: Դա նպաստելու է նաև երիտասարդների արտագաղթին. առանց այդ էլ ուղեղների արտահոսք կար, հիմա առավել ևս կլինի:
Նամակով ՍԴ-ին կոչ են անելու, պահանջելու են կասեցնել պարտադիր կուտակայինի գործընթացը` այն թողնելով ավելի լավ ժամանակների համար:
«Դժգոհությունը շատ-շատ է, զանգում են տարբեր ինստիտուտներից, առաջարկում հավաքվել, բողոքել: Բոլոր ինստիտուտներում երիտասարդները ժողովներ են անում, իրենց դժգոհությունն են արտահայտում: Դեռ սպասողական վիճակ է, սպասում են, թե ՍԴ-ն ինչ կորոշի, որից էլ կախված կլինեն հետագա զարգացումները»,- ասում է Սարգսյանը:
Նա նշում է, որ իշխանությունների քայլերը վստահություն չեն ներշնչում, քանի որ աչքի առաջ ունեն բազմաթիվ օրինակներ:
Օրինակ` 2000-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով նախատեսվում է, որ կենսաթոշակի անցնելուց հետո գիտական աստիճանի համար գիտնականները հավելավճար պետք է ստանան. գիտության թեկնածուները` 10 հազար, դոկտորները` 20 հազար դրամ: Օրենքի դրույթը մինչ օրս չի գործում: Ավելին, 2012-ին, երբ «Անկախն» անդրադարձավ խնդրին, կառավարությունից հայտնեցին, որ օրենքի նոր նախագիծը շուտով կընդունվի, որով էլ արդեն հավելավճարների սահմանման կարգը կհստակեցվի, խնդիրը կլուծվի: Այն ժամանակ օրենքի նախագիծը հանրային քննարկման էր դրված: Այժմ, սակայն, Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) «Անկախին» տեղեկացրին, որ օրենքը դեռևս լրամշակման փուլում է, այն նախատեսվում է կառավարությանը ներկայացնել 2014-ին:
ԳԱԱ արհկոմը 2013-ի սեպտեմբերին նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել գիտնականների խնդիրներին, մասնավորապես` երկարացված արձակուրդի իրավունքից ու կենսաթոշակներին գումարվող հավելավճարներից զրկված լինելու հանգամանքին: Նամակը հասցեագրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, աշխատանքի և զբաղվածության վարչությունից Ա. Պետրոսյանը պատասխանել է. «…Օրենքի դրույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար անընդունելի է և հակասում է կենսաթոշակային ապահովության բնագավառում պետության վարած քաղաքականության գաղափարաբանությանը, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ որևէ կատեգորիայի անձանց կենսաթոշակային հավելում տալու մասին դրույթ սահմանված չէ»:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի երիտասարդ գիտաշխատող Արթուր Մովսիսյանն ասում է, որ պարտադիր կուտակայինին դեմ լինելու պատճառները բազմաթիվ են. «Կարևոր պատճառներից մեկը վստահությունն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Օրենքը միգուցե շատ լավն է, բայց Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ սևով սպիտակի վրա գրելը շատ քիչ է, իրական կյանքում ցանկացած «բարեփոխում» դառնում է ի վնաս ժողովրդի: Օրենքը կարող է նախատեսել մի բան, բայց իրականում ստացվի մի այլ բան»: Որպես օրինակ Մովսիսյանը մատնանշում է գոյություն ունեցող տարատեսակ գիտության զարգացման հայեցակարգերը. «Փայլուն փաստաթղթեր են, սակայն իրականությունը հեռու է նախատեսվող արդյունքներից»:
Երիտասարդ գիտաշխատողը «դեմ»-երի թվում նշում է նաև կուտակայինի պարտադիր լինելը և սոցիալական հանգամանքը. «Այն դեպքում, երբ մարդը լուծում է օրվա հացի խնդիրը, առնվազն ծիծաղելի է պարտադրել կուտակել, նույնն է, թե աղքատին ասեն` գնա ծով հանգստացիր, առողջարար է: Աբսուրդ…»:
Անդրադառնալով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի չգործող դրույթին` Մովսիսյանն ասում է, որ այստեղ արդեն գիտության նկատմամբ վերաբերմունքի հարց կա. «Ի տարբերություն ՀՀ թոշակառուների մոտ 500-հազարանոց բանակի` այստեղ թիրախային խումբը շատ ավելի փոքր է՝ մի քանի հազար, գումարներն էլ են փոքր, այսինքն` սա այն գումարը չէ, որ ասենք` պետությունը փող չունի, աղքատ երկիր է, այստեղ խնդիրը շատ ավելի խորն է»:
Մովսիսյանն ասում է, որ «Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը երևում է գիտությանը հատկացվող ֆինանսավորումից, որը մոտ 10 անգամ ցածր է միջին եվրոպական մակարդակից: Գիտնականի միջին աշխատավարձը 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից:
Կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը նշում է, որ պարտադիր կուտակայինին բացասաբար է վերաբերվում ոչ թե այն պատճառով, որ գիտաշխատողի իր աղքատավարձից՝ 55 հազար դրամից, 5000-6000 դրամ պահում է կատարվում, այլ քանի որ իր գումարները տրամադրվում են օտարերկրյա հիմնադրամների կառավարմանը: «Ստացվում է, որ մեր գումարներով ավստրիացիներն ու ֆրանսիացիները նոր աշխատատեղեր են ստեղծելու իրենց երկրների համար, իսկ մենք բավարարվելու ենք իրենց շահույթների չնչին տոկոսներով: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե մեր պետությունն այնքան չկայացած է, որ չի կարող կառավարել սեփական քաղաքացիների գումարները՝ ներդնելով այն մեր երկրի զարգացման մեջ»,- ասում է նա:
Զաքարյանն ասում է, որ պարտադիր կուտակային համակարգին չի վստահում, քանի որ չի հավատում պետության ապագային. «Պետությունը, որի երիտասարդ գիտաշխատողը միջին աշխատավարձից շուրջ երեք անգամ ավելի ցածր աշխատավարձ է ստանում, հստակ ապագա չի կարող ունենալ, չի կարող նախատեսել և իրականացնել երկարամյա ծրագրեր, չի կարող լուրջ հիմնախնդիրներ լուծել»:
Խոսելով գիտությանը վերաբերող օրենքների չգործելու մասին՝ նա նշում է, որ իր համար վաղուց նորություն չէ, որ կարող են ընդունվել օրենքներ, որոնք թղթի մակարդակից չեն բարձրանում. «Ամենացավալին այն է, որ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Չգործող դրույթների մասին բազմիցս բարձրաձայնվել է: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ»:
Նա կարծում է, որ գիտության վիճակը բարեփոխելու համար հարկավոր է, որ գիտաշխատողներն ակտիվանան ու ձգտեն առավելագույնին, մյուս կողմից էլ` փոխվի գիտության նկատմամբ վերաբերմունքը:
«Հավանաբար շատերը, նաև պետական այրերը լիարժեք չեն գիտակցում գիտության ու գիտնականի կարևորությունը մեր պետության զարգացման հարցում: Այդ պատճառով էլ մենք դիտվում ենք կա՛մ որպես ԽՍՀՄ-ից մնացած ատավիզմ, կա՛մ «թանկ հաճույք», որը միայն զարգացած պետություններին է հասու,- ասում է Զաքարյանը:- Պետք է փոխել մարդկանց` գիտության դերի և իմաստի մասին պատկերացումները, և դա պետք է անենք մենք, հատկապես` երիտասարդ գիտաշխատողներս: Միայն դրանից հետո կփոխվի պետության վերաբերմունքը գիտության նկատմամբ»:
Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը
Դատարանը որոշում է կայացրել, այսպես կոչված, «Գապբնակշին»-ի գործից առանձնացված Սիմոն Աղազարյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու և քրեական գործով դատաքննություն նշանակելու մասին: Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։
Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է: Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար:
Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը
Նշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝
1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Լիցենզիաների ինչպիսի՞ տեսակներ կան
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (Օրենքն ընդունվել է 2001թ. մայիսի 30-ին¤24 հոդվածի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝
1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ,
2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:
Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:
Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:
Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար հիշյալ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով: Բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան: Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Բելգիան օրինականացրեց մանկական էվթանազիան
Բելգիայի խորհրդարանն ընդունեց անբուժելի հիվանդ անչափահասների համար էվթանազիայի մասին օրենքը:
Նախագիծը պաշտպանել է 86 պատգամավոր, դեմ է արտահայտվել 44 մարդ, ձեռնպահ` 12-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի երկրի թագավորի ստորագրման պահից 10 օր անց:
Օրենքի համաձայն, անչափահասները կարող են խնդրել այն աշխարհ կամավոր հեռանալու մասին, եթե ցավն անտանելի է ու թեթևացնելու միջոցներ չկան և բժիշներն էլ հույս չեն տալիս:
Մանկական էվթանազիային դեմ քրիստոնյա դեմոկրատները հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ոչ բնակչությունից, ոչ էլ մասնագետներից նման ոչ մի հարցում մի եղել:
Դեմ քվեարկած պատգամավորները վրդովված են նվազագույն տարիքային շեմի բացակայությամբ, թե որ տարիքի երեխաները կարող են սեփական մահվան վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել:
2002-ից Բելգիայում ընդունվեց մեծերի էվթանազիան:



