Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց նոր աշխարհամարտի շեմին է

ww1rt1914 թ. օգոստոսի 1-ին`ուղիղ 100 տարի առաջ, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, որին մասնակցեցին աշխարհի 30 տերություններ: Սրանով սկզիբ դրվեց մարդկության նորագույն պատմությանը: Առաջին համաշխարհայինի հետևանքով փլուզվեց չորս կայսրություն` Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական և Օսմանյան: Ամենամեծ կորուստը, սակայն, կրեց հայությունը` 1,5 մլն հայ սպանվեց թուրքերի կողմից, հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից:
Մեկդարյա հեռավորությունից կարելի է հայացք գցել անցյալին ու հասկանալ, թե ինչ դասեր է քաղել մարդկությունը 12 մլն-ից ավելի մարդու կյանք խլած քառամյա համաշխարհային աղետից:
Առաջին համաշխարհայինի արտաքուստ երևացող պատճառը մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: 1914-ի հունիսի 28-ին Սարաևոյում ահաբեկչության հետևանքով սպանվում են Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը: Ահաբեկիչը 18-ամյա սերբ ուսանող էր, որ ազգայնական «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր:
Ավստրո-Հունգարիան Սերբիային է մեղադրում սպանության մեջ ու վերջնագիր ներկայացնում: Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Ավստրո-Հունգարիային, Ռուսաստանը` Սերբիային: Իրավիճակը հետզհետե թեժանում է, և օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը:
Ավստրո-Հունգարական գահաժառանգի սպանությունը, սակայն, ընդամենը կայծ էր, որ կուտակված մեթանի պայթյուն առաջացրեց, իսկ մեթանը մինչ այդ էր աստիճանաբար կուտակվել:
Գերմանիան հակասություններ ուներ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին շահերի բախում ուներ թե՛ Ավստրո-Հունգարիայի, թե՛ Օսմանյան կայսրության հետ: Եվ ընդհանրապես պատերազմի մասնակից բոլոր երկրների շահերն էլ ինչ-ինչ հարցերում բախվում էին, պարզապես պատերազմը երկրներին միավորեց ճամբարներում, որտեղ հակասություններն ավելի քիչ էին, քան հակառակորդ ճամբարի հետ:
Այդ տարիներին գաղութների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան էր, նրան հաջորդում էր Ֆրանսիան: Գերմանիան, որ տենչում էր աշխարհում առաջատար գերտերություն դառնալ, հասկացել էր, որ այլևս աշխարհում գաղութացման ենթակա ազատ տարածքներ չկան, ուստի գաղութների թիվը մեծացնելու համար պետք էր ինչ-որ մեկից դրանք խլել: Գերմանա-ֆրանսիական հակասությունները նաև Էլզասի և Լոթարինգիայի շուրջն էին: XIX դարի վերջին տեղի ունեցած պատերազմից հետո այդ տարածքներն անցել էին Գերմանիային, սակայն ֆրանսիական բուրժուազիան ուղիներ էր որոնում դրանք վերադարձնելու համար: Պատերազմը առիթ էր Գերմանիայի համար, որ ևս մեկ հարված հասցնի Ֆրանսիային ու փակի տարածքները վերադարձնելու թեման:
Գերմանա-ռուսական շահերը հիմնականում տնտեսական ոլորտում էին բախվում, սպառման շուկաների պայքար էր ընթանում: Իսկ Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի  հակասությունը Բալկաններն ու Կովկասն էին. ազդեցության գոտիների համար պայքար էր մղվում:
Դրան զուգահեռ պետությունները մեծ թափով սպառազինվում էին: Ռազմական արդյունաբերությունը վերելք էր ապրում, և յուրաքանչյուր պետություն ձգտում էր հետ չմնալ զինտեխնիկայով ապահովվելու մրցավազքում, ինչը ևս համաշխարհային ասպարեզում ազդեցիկությունը պահպանելու գործոն էր:
Դրա հետ մեկտեղ ընթանում էր նաև հանրությանը հնարավոր պատերազմին նախապատրաստելու քարոզչությունը, ամեն կերպ ներշնչվում էր, որ պատերազմն անխուսափելի է: Միլիտարիստական քարոզչությունը հատկապես ուժեղ էր Գերմանիայում:
Այսպիսով, Առաջին համաշխարհայինը գերտերությունների քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների պայքարի հետևանք էր: Երբ պարզ դարձավ, որ արտաքուստ խաղաղ միջոցներով այլևս հնարավոր չէ վերաբաժանել աշխարհը, դիմեցին զենքի օգնության:
Ի՞նչ է կատարվում 2014 թ.` այդ դեպքերից 100 տարի անց: Աշխարհն այս անգամ կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և դարձյալ տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտիների համար պայքարի պատճառով:
Վերջին տասնամյակը լի է աշխարհը վերաձևելուն միտված լոկալ բախումներով, որոնք ղեկավարվում են մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, դեռ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան` իբրև թե պայքար մղելու սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունն իրականացրած թալիբանների դեմ: Այնուհետև, ևս մեկ ուժի ցուցադրում տեղի ունեցավ. 2003-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` որպես փաստարկ բերելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի ձեռքում: Պատերազմի արդյունքում, սակայն, զենք չհայտնաբերվեց, փոխարենը ԱՄՆ-ն հաստատվեց Իրաքում ու հեռացրեց տվյալ պահին իր համար ոչ ցանկալի Սադամ Հուսեյնին:
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը զինված լոկալ բախման վերածվեց 2008-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, արդյունքում Հարավային Օսիան ու Աբխազիան անկախացան Վրաստանից:
Այնուհետև, ԱՄՆ-ն կենտրոնացավ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: 2011-ին մեկը մյուսի հետևից հեղաշրջում կատարվեց Թունիսում, Եգիպտոսում, իսկ Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց շուրջ 10 ամիս և ավարտվեց Արևմուտքի զինված միջամտությամբ ու Քադաֆիի սպանությամբ: Բոլոր դեպքերում իշխանությունից հեռացվեցին ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի տարրերը, իսկ այդ երկրներում մինչ օրս տիրում է անկայուն քաղաքական վիճակ:
Դրան հաջորդեց քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որը 2011-ի գարնանից շարունակվում է մինչ օրս: Եվ ապստամբներին ու հեղափոխականներին ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Արաբական լիգայի երկրները:
Այժմ գրեթե ավերակների վերածված արաբական աշխարհին գումարվել է ևս մի թեժ կետ` Ուկրաինան: Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Ուկրաինայում դեռ 2013-ի աշնանը ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պայքարն ավարտվեց երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Արևմուտքի տակտիկական հաղթանակին հաջորդեց Ռուսաստանի հակազդեցությունը` Ղրիմի ինքորոշումը և ՌԴ-ին միանալու որոշումը, որը դիտարկվեց որպես անեքսիա: Սակայն Ուկրաինայի մասնատումն այսքանով չավարտվեց, Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկը, Լուգանսկը, հայտարարեցին Ուկրաինայից անկախանալու մասին: Եվ այժմ փաստացի Ուկրաինան ևս ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեժ է իրավիճակը նաև Գազայում: Իսրայելն այստեղ հուլիսի սկզբին ռազմական գործողություններ սկսեց` հայտարարելով, որ նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն է: Պետք է նշել, որ նախկինում Իսրայելն ու Պաղեստինը Գազայի հատվածում հրադադարի պահպանման համաձայնության էին եկել:
Իրաքում ևս իրավիճակն անհանգիստ է. «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջերս վերանվանվեց «Իսլամական պետություն», մեկը մյուսի հետևից ընդլայնում է իր տարածքները: Ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ վերահսկողության տակ է պահում Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը, որտեղ նպատակ ունի ստեղծել արաբական խալիֆայություն: Ջիհադականների կողմից վերահսկվող տարածքներում իրականացվում են զտումներ քրիստոնյաների նկատմամբ, նրանց պարտադրում են կրոնափոխ լինել կամ ամսական 250 դոլարի չափով հարկ վճարել:
Իրաքը, սակայն, չի կարողանում ուժերը միավորել և պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ. ուժեղանում են անջատողական ձգտումները նաև Իրաքի Քրդստանում: Քրդերն ուզում են անկախ պետություն հիմնել: Դա իր հերթին վտանգ է ներկայացնում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներն էլ ունեն բազմամիլիոնանոց քուրդ բնակչություն, որոնք ևս կարող են սկսել մտածել անկախ պետություն հիմնելու մասին:
Լարված է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, օգտվելով համաշխարհային իրավիճակից, փորձում է այստեղ էլ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել և ուժով, պարտադրանքով հասնել իր ուզածին: Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ-ի կողմից Արցախի առնչությամբ հակահայկական հայտարարություններ հնչում: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը, Հայաստանին իր կողմը գրավելուց հետո փորձում է հիմա էլ սիրաշահել Ադրբեջանին` ենթադրաբար սակարկելով ռուսական կողմը բռնելու գնի շուրջը: Փաստորեն, հայերի գլխին դարձյալ կախված է նույն դամոկլյան սուրը, ինչ մեկ դար առաջ էր: Հայաստանն էլի կարող է աշխարհաքաղաքական խաղերի զոհը դառնալ, բայց այս անգամ այլևս կորցնելու ո՛չ տարածքներ ունենք, ո՛չ բնակչություն:
Նկարագրված աշխարհաքաղաքական աջաբսանդալը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վերստին պայթյունավտանգ մեթանի ամպը կուտակվել է մարդկության գլխին, և մի կայծը բավարար է, որ այլևս նահանջի տեղ չմնա: Իսկ թե ով կանի անվերադարձ քայլը և երբ` հստակ ասել հնարավոր չէ: Հստակ է մի բան. գերտերություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, իսկ զարգացող երկրներն ընդամենը զինվորներ են շախմատի խաղատախտակի վրա, որոնց կարող են շարժել, ինչպես ուզենան և զոհաբերել, երբ ուզենան:

 

Թուքիան աշխարհի ամենածխող երկրների տասնյակում է

sigaretԹուրքական «Յեշիլայ» կազմակերպությունը, որը պայքարում է ալկոհոլի, թմրանյութերի և ծխախոտի դեմ, ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի Թուրքիան մտնում է աշխարհի ամենաշատ ծխող բնակիչներ ունեցող երկրների տասնյակի մեջ: Չնայած թուրքական իշխանությունները, բարձրացնելով ալկոհոլի և ծխախոտի գինը, փորձում են կանխել դրանց օգտագործումը, այնուհանդերձ Թուրքիան շարուանկում է բարձր տեղ զբաղեցնել ծխող բնակչության թվով: «Յեշիլայ» կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուքրայում 15 տարեկանից բարձր 16 միլիոն ծխող կա:

Կազմակերպությունը տվյալներ է հրապարակել նաև ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ: Այսպես տարեկան մեկ անձին բաժին է ընկնում 20 լիտր  ալկոհոլ, ինչը 20 լիտրով ավելի քիչ է, քան Եվրամիության երկրներում: Ինչ վերաբերում է թմրանյութերին, ապա երկրի բնակչության 2,7 տոկոսը օգտագործում է դրանք, իսկ ԵՄ երկրներում այս ցուցանիշը հասնում է 30 տոկոսի:

 

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը սրտի բուժման նպատակով ցանականում է մեկնել արտասահման

Պերվեզ ՄուշարաֆՊակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆի դատական գործի իրավաբանները հայտնել են, որ նա ցանկանում է մեկնել արտասահման սրտի հիվանդությունը բուժելու համար:

Ուրբաթ օրը ռազմական հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում Մուշարաֆը, նրա վիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցն է ներկայացրել դատարան:

Մուշարաֆի պաշտպան երկու իրավաբաններ հայտնել են, որ հանձնաժողովը Մուշարաֆին խորհուրդ է տվել շտապ անգիոգրաֆիա անցնել:

Նրանք չեն նշել, թե որտեղ են նրան խորհուրդ տվել հետազոտություն անցնել:

Հունվարի սկզբներին Մուշարաֆը դատարանի ճանապարհին սրտի հետ կապված խնդիր էր ունեցել և տեղափոխվել էր Իսլամաբադի մոտակայքում գտնվող Ռավալպինդի կայազորային քաղաքի հիվանդանոց:

Անկախ

Toyota-ն ճանաչվել է աշխարհում ամենաշատ վաճառք ապահոված ավտոարտադրողը

Toyota-ն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է մեքենաների ամենաշատ վաճառք ունեցած ավտոարտադրող՝ այսպիսով 2013թ-ին վաճառված մեքենաների թվով 270,000-ով գերազանցելով ԱՄՆ-ի իր մրցակից General Motors-ին:

toyota-carToyota ընկերությունից հինգշաբթի օրը հայտնել են, որ անցած տարի վաճառել են ռեկորդային 9,98 միլիոն ավտոմեքենա, ինչը 2 տոկոսով գերազանցում է նախանցած տարվա վաճառքը:

Toyota-ն նաև հրապարակել է 2014թ-ին 10,32 միլիոն մեքենա վաճառելու և 10,43 մլն մեքենա արտադրելու մտադրության մասին:

General Motors-ը անցած տարվա ընթացքում վաճառել է 9,71 մլն ավտոմեքենա:

Toyota-ն 2012թ-ին General Motors-ից կրկին վերցրել է աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքանիշի տիտղոսը, որը յոթ տասնամյակ շարունակ պատկանում էր General Motors-ին՝ նախքան 2008թ-ին Toyota-ն վերցրեց այն:

Իրանը լուծեց իր առջև դրված խնդիրն անգամ «Ժնև- 2»-ի հրավերը չեղյալ հայտարարվելու պարագայում

ռոհանիԱրդեն հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի սառեցման միջանկյալ համաձայնագրի շուրջ, որն ուժի մեջ մտավ հունվարի 20-ին: Համաձայնագրի կատարման դիմաց Արևմուտքը խոստանում է Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների դադարեցում: 

Հենց նույն օրն էլ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին հրավիրեց միանալ Սիրիայի հարցով «Ժնև – 2» միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա:

«Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակներին, ապա մենք կողջունենք նրա մասնակցությունը:  Ես այսօր հրավիրում եմ Իրանին միանալ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ մասնակցություն կունենան խաղաղ բանակցություններում: Դա հրավեր է»,- ընդգծել է Քերին:

Իր հերթին Լավրովն ընդգծել է, որ համաժողովը պետք է ամբողջությամբ նվիրվի 2012-ի հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարմանը: Մոսկվան կարծում է, որ Իրանը պետք է մասնակցի բանակցություններին, և Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հրավեր կուղարկի նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա:

Իսկ Բրահիմիի կարծիքով` Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին, քանի որ շատ կարևոր երկիր է տարածաշրջանում:

Սա Իրանի խնդրի շուրջ բավականին ուշագրավ ու լուրջ շրջադարձ էր, քանի որ դեռևս անցյալ տարի ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Իրանի շուրջ լարվածությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում այսչափ կթուլանա: Բայց սկզբում «Ժնև 2»-ին Իրանի մասնակցությանը դեմ էին արտահայտվում Իսրայելը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան: Իսկ «Ժնև 2» համաժողովից ընդամենն օրեր առաջ Սիրիայի ապստամբներն էին հայտարարել, որ եթե Իրանը մասնակցի համաժողովին, իրենք չեն մասնակցի:

Այնուհետև եղավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերն Իրանին` մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող «Ժնև- 2» համաժողովին:

Իրանն էլ վերջին 1-2 ամսվա ընթացքում, երբ միջազգային հանրության կողմից ակտիվորեն քննարկվում էր համաժողովին Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցը, նախագահի մակարդակով հստակ հայտարարել է, որ առանց նախապայմանների կմասնակցի համաժողովին: Ընդ որում Իրանն իր այդ դիրքորոշումը վերահաստատել է մի քանի անգամ թե՛ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ,  թե՛ Ռոհանի- Պուտին հեռախոսազրույցի ընթացքում:

Թեև համաժողովի մեկնարկից 1-2 օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին հրավիրեց մասնակցելու «Ժնև-2» համաժողովին, համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ արդեն հրապարակվեց, որ հրավերը հետ է կանչվել:

«Հրավերի հետկանչը ԱՄՆ-ի, ավելի ճիշտ` նրա դաշնակիցներ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Իսրայել պետությունների ճնշմամբ է կատարվել. ինձ թվում է: Չեմ կարծում, թե միջազգային հարաբերություններում Իրանի դերը դրանով նվազի, և դատելով մինչ հրավերը պաշտոնական Թեհրանի հայտարարություններից` Թեհրանն այդքան էլ շահագրգռված չէր մասնակցելու այդ համաժողովին. նա իր թիրախն ուներ` Ժնևյան համաձայնագիրը, որը, ինչպես հայտնի է, հունվարի 20-ից արդեն ուժի մեջ մտավ: Իսկ «Ժնև-2»-ը մեկ օր չի տևելու, կարելի է ասել` դա գործընթաց է, որը սկսվելու է վաղվանից, և այդ օրն Իրանի մասնակցել-չմասնակցելու հարցում, իմ կարծիքով, ԱՄՆ-ն ուղղակի  չգնաց իր դաշնակիցների` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի կամ Իսրայելի դիրքորոշումների դեմ»,- ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ըստ նրա` եթե Իրանի միջուկային ծրագրի հարցում միջազգային խոշոր խաղացողները կարողացան որոշակիորեն անտեսել այդ երկրների դիրքորոշումները, ապա Սիրիայի հարցով համաժողովի դեպքում այսպիսի որոշում կայացվեց: «Ամեն դեպքում դիրքորոշումը կամ հստակ պատճառաբանությունը, թե ինչու Իրանին հրավեր ուղարկեցին, իսկ հետո այդ հրավերը չեղյալ հայտարարեցին, իմ կարծիքով, ՄԱԿ-ի պես մեծ, հզոր ու հեղինակավոր կազմակերպության համար  իրավական առումով պատվաբեր չէր, կարելի էր ուղղակի չհրավիրել, և վերջ: Չի էլ նշվում հստակ պատճառը, թե ինչու է չեղյալ համարվել հրավերը»,- նշեց Արմեն Իսրայելյանը:

«Ժնև 2»-ին Իրանի մասնակցության հրավերը չեղյալ հայտարարելու համար որպես պատճառ նշվում է, թե Իրանը «Ժնև-1» համաժողովի վերաբերյալ իր դրական եզրակացությունը չի տվել: Սակայն Թեհրանն էլ պնդում է, թե չի մասնակցել «Ժնև-1»-ին, և ուրեմն ինչո՞ւ պետք է դրական եզրակացություն տար: Ամեն դեպքում «Ժնև 1»-ին դրական եզրակացություն տալ-չտալու հարցը չէ հիմնապատճառը, այլ ուղղակի  ավելի լուրջ քաղաքական խաղեր անցկացնելու կամ ինչ-որ խնդիրներ բավարարելու նպատակ ունեն, իսկ իրանագետի կարծիքով` մեկ տարբերակն էլ այն է, որ ԱՄՆ-ը չի ուզում հակառակվել Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների կամքին, միևնույն ժամանակ չի ցանկանում նաև ուղղակիորեն Թեհրանի հետ առճակատման գնալ` միջուկային հարցում ձեռքբերված պայմանավորվածություններն ու համաձայնագիրը չխախտելու նպատակով: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Իրանին մերժեց մասնակցել «Ժնև-2»-ին, որպեսզի դա չազդի Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վրա, կամ ավելի պատկերավոր ասած` կրակի միջից ՄԱԿ-ի ձեռքերով է շագանակներ հանում:

Այստեղ առաջանում է մի կարևոր հարց` արդյոք Իրանի հանդեպ այսպիսի դիրքորոշումը կանդրադառնա՞ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, ու եթե կանդրադառնա, ապա ինչպես:

«Չեմ կարծում, թե այս հրավիրել-մերժել խաղերն ինչ-որ ազդեցություն կունենան Իրանի շուրջ հետագա զարգացումների վրա: Իրանն իր գլխավոր խնդիրը լուծեց` քաղաքական առումով հասավ իր նպատակին միջուկային խնդրի շուրջ, ինչպես նկատեցինք, դրական տեղաշարժ կատարվեց, և  հունվարի 20-ից արդեն որոշ ոլորտների համար պատժամիջոցները վերացվեցին ԵՄ-ի կողմից, իսկ հունվարի 21-ին արդեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Իրանի նավթի արտահանման և մի շարք այլ ոլորտների  գծով չեղյալ հայտարարեց պատժամիջոցները: Նախօրեին Իրանը հայտարարեց, որ կասեցնում է ուրանի 20 տոկոս հարստացման գործունեությունը, սա հրաշալի մի իրողություն է, ընդամենը մեկ տարի առաջ շատ քչերը կհավատային, որ հնարավոր են այսպիսի մեծ հաջողություններ: Այս առումով Իրանն իր կարևորագույն խնդիրը լուծել է և դուրս է եկել միջազգային քաղաքական մեկուսացվածության վիճակից»,- իր դիտարկումները ներկայացրեց Արմեն Իսրայելյանը:

Բացի այդ, Իրանի նախագահը մեկնեց Շվեյցարիա` մասնակցելու Դավոսյան տնտեսական համաժողովին, որ փայլուն առիթ է, որպեսզի Իրանն իր գործընկերների հետ քննարկի արդեն տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, և չի բացառվում անգամ, որ հենց Դավոսում տնտեսական մեծ համագործակցության հիմքեր դրվեն: Դժվար թե Իրանը, «Ժնև-2»-ին չհրավիրվելու պատճառով ինչ-որ խնդիրներ ունենա կամ հարաբերությունները սրի իր արևմտյան գործընկերների հետ:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Լիբանանում կփակվի՞ կառավարելի քաոսի հանգրվանը

բեյրութԼիբանանյան քաղաքական բեմը մակընթացությունների եւ տեղատվությունների միջեւ հայտնված իրավիճակում է։ Այսպես, եթե մի կողմից քաղաքական թնջուկների հանգուցալուծման միտող հայտարարություններ են կատարվում, մյուս կողմից ապահովական հարթությունը հերթական անգամ ենթարկվում է նոր ցնցումների: Կառավարության կազմության ուղղությամբ դրական նախադրյալներ փոխանցող երեւույթները աւելանում են, առանց իհարկե իրողական տվյալներ ճշտելու: Տրամագծորեն հակադրված բեւեռների միջեւ հայտարարողական մակարդակի վրա փոխասացությունները մտածելու տեղիք են տալիս, որ տեղաշարժի սկիզբը մոտալուտ է:

Բայց լիբանանյան դիպաշարին հետեւելու փորձառություն կուտակած ցանկացած մարդու մտքում մրճահարվում է թերահավատությունը, որ ամեն պահի պատրվակ-պատճառային անմիջական հետեւողականությամբ կարող է կտրուկ փուլ գալ լավատեսություն կոչվող լիբանանյան խավաքարտից կառուցված դղյակը, եթե մանավանդ արտալիբանանյան կենտրոններում աշխատող կանաչ լույսերը վերածվեն կարմիրի: Այս հանգրվանին թվում է, որ նարնջագույն լույսը դեպի կանաչի անցում կատարելու կարգավիճակում է եւ ոչ թե դեպի կարմիրի:

«Ժնեւ-2»-ը հետզհետե տեսանելի է դառնում: Հատուկ լուսարձակ է խլում ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի հայտարարությունը, որի համաձայն, տարածաշրջանային կարեւոր ուժ նկատվող Իրանի գործոնը դրական դերակատարություն պետք է ունենա սիրիական տագնապի հանգուցալուծման ընթացակարգում:

Սրան գուցե նախանշային իմաստ պետք է տալ` միջուկային թղթածրարի հարցով նոր բանակցությունների վերաձեռնարկման մոտալուտ լինելը նկատի ունենալով: Այս պարունակում էլ պետք է դիտարկել ԱՄՆ նախագահի վերահաստատումը, թե ժամանակը չէ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու:

«Ժնեւ-2»-ի տեսանելիության զուգահեռ, Լիբանանի նախկին վարչապետի սպանության հարցով միջազգային դատարանի նիստերի մեկնարկի հետ կապվող երեւույթների մեկնաբանությունը կարիքը ունի հետագա ուղղվածությունների ձեւավորման: Ուշագրավն այն է, որ նախապես ամբաստանության սլաքների հասցեատիրոջ հետ կառավարություն կազմելու պատրաստակամությունը հրապարակվում է այժմ` քաղաքական համեմատական լավատեսության նոր երանգ ապահովելով:

Ապահովական գետինը համապատասխան չէ քաղաքական մակարդակի վրա արձանագրվող նոր երեւույթներին: Հերմելի պայթումից մինչեւ Արսալի հրթիռակոծումն ու հյուսիսի  վառոդի տակառների պայթուցիկության չափը մտածել են տալիս երկրի ու քաղաքացիների կյանքերին սպառնացող լուրջ վտանգների մասին:

Մինչ, Մոսկվա-Վաշինգտոն հրադադարի համաձայնությամբ եւ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի քիմիական զինաթափման գործողությունների մեկնարկով սիրիական ճգնաժամը հիմնական ձեւափոխում է ապրել: Կառավարական եւ հակակառավարական ուժերի բախումը վերածվել է ծայրահեղ կրոնականության կողմից իրականացվող լայնածիր գործողությունների բանակի դեմ եւ ապա ներընդդիմադիր ընդհարումների եւ նույնիսկ ներծայրահեղական հակամարտությունների:

Ծայրահեղականության արմատավորումն ու կայացումը հայտնապես մտահոգել են Արեւմուտքը: Իրաքի իշխանությունների սանձազերծած մաքրազտման գործողությունները մտածել են տալիս այս ուղղությամբ համալիր ծրագրի մասին:

Այս տրամաբանության մեջ կարող են  դիտարկվել նաեւ զսպիչ հանգամանքները` Լիբանանը սիրիական տարբերակով չքաոսացնելու: Իրանի գործոնի դրական հանգամանքը տեսնելու կամ իրանամետ ուժերի հետ կառավարություն կազմելու ուղղությամբ պատրաստակամ լինելու: Լիբանանը ծայրահեղականության դիմաց դարպասելու նպատակով մինչեւ այս գործիքների պտուտակների ամրացումը, չի բացառված, որ այս երկիրը ցնցեն այլ պայթումներ: Կառավարելի քաոսի այս հանգրվանը փակելը անհրաժեշտ է, իսկ այդ հանգրվանի համար նույնքան անհրաժեշտ` կառավարության կազմությունը: Բայց սա արդեն արտալիբանանյան կենտրոններում է որոշվում։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

 

Արևմուտքը քննադատել է Կիևին ցույցերի դեմ օրենքներ ընդունելու համար

kiev-parliamentԱրևմուտքը քննադատել է Ուկրաինայի առաջնորդներին Կիևում երկու շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի պայմաններում բողոքի ակցիաների դեմ օրենքներ ընդունելու համար:

Չնայած ընդդիմության կազմակերպած ցույցերին՝ հինգշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները, մի շարք օրենսդրական նախագծեր է ընդունել, որոնք մեծապես սահմանափակում են ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության  իրավունքները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնն  ուրբաթ օրը հայտնել է, որ նոր օրենքներն իրեն մեծապես անհանգստացնում են և Յանուկովիչին կոչ է արել վերանայել դրանք: Նախագահը դեռ չի ստորագրել օրինագծերը:  ԱՄՆ-ի պետդեպարտամենտն  օրենքները հակադեմոկրատական է անվանել և հայտնել, որ դրանք հակասում են դեպի Եվրոպա Ուկրաինայի ձգտումներին:

Անկախ

Հերթական ֆեյսբուքյան ակտիվիստն է ձերբակալվել Ադրբեջանում

ֆեյսբուքԱդրբեջանում թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է Facebook սոցիալական ցանցի ակտիվիստ Աբդուլ Աբիլովը: Նոյեմբերի 25-ին դատարանի որոշմամբ` ակտիվիստին կալանավորել են 3 ամսով, հաղորդում է “Կոնտակտ” կյաքը`հղում կատարելով “Թուրան” գործակալությանը:

Աբիլովը “Կանգնեցնե´նք խամաճիկներին” անունը կրող ֆեյսբուքյան էջի հեղինակն է: Ակտիվիստի ձերբակալությունից անմիջապես հետո էջը փակվել է:

Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հաղորդել են, որ ձերբակալվածը թմրամոլ է և ձերբակալվել է օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Նրա տանը հայտնաբերվել է հերոին, իսկ նա խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործում:

Մարմարա ծովում երկրաշարժ է գրանցվել, ցնցումները կարող են կրկնվել

marmaraՎաղ առավոտյան Թուրքիայում Մարմարա ծովի ընդերքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Բողազիջի համալսարանի սեյսմիկ ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալների վրա: Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 06:13-ին: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա:

Նշենք, որ Թուրքիան սեյսմիկ անկայուն գոտում է տեղակայված և ավերիչ երկրաշարժների վտանգը այստեղ միշտ առկա է: Մարմարա ծովում վերջին անգամ խոշար ցնցումներ տեղի են ունեցել 1999 թվականին: Այդ ժամանակ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 18 հազար մարդու մահվան պատճառ դարձավ: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Մարմարայի երկրաշարժը կարող է կրկնվել:

 

Չինաստանում հրավառությունների գործարանի պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել

china-fireworks factory blastՇաբաթ օրը պետական լրատվաիջոցները հայտնել են, որ  Չինաստանի հարավում՝  հրավառությունների գործարանում,  տեղի ունեցած պայթյունից մահացել է 11 և վիրավորվել 17 աշխատակից:

՛՛Սինհուա՛՛  պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով՝ զոհվածները հիմնականում հրավառության մասեր հավաքող կանայք են եղել:

Հայտարարության մեջ նշված է, որ պայթյունը տեղի է ունեցել Գուանսի ինքնավար շրջանում, որի արդյունքում գործարանը քարերի կույտի է վերածվել: Պայթյունից ջարդվել են նաև մոտակա շենքերի պատուհանների ապակիները:

Պայթյունի պատճառած վնասի չափը դեռևս հայտնի չէ:

Հյուսիսային Կորեան կվերադարձնի ձերբակալված վեց հարավային կորեացիներին

n korea-retrurn detained-s koreaՍեուլի պաշտոնյաները հինգշաբթի հայտնել են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ազատ արձակել ձերբակալված վեց հարավային կորեացիների:

Ըստ միջսահմանային կապերի համար պատասխանատու Հարավի միասնականացման նախարարության տարածած հայտարարության՝ Փհենյանի Կարմիր խաչից նամակ են ուղարկել Հարավային Կորեա՝ հայտնելով, որ ձերբակալվածները սահմանը կհատեն ուրբաթ օրը, զինված սահմանի զինադադարի գյուղ հանդիսացող Պանմունջոմի հատվածում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սեուլը պատրաստվում է ընդունել հարավային կորեացիներին և հետաքննություն սկսել պարզելու համար, թե ինչպես են նրանք անցել Հյուսիսային Կորեա: Սեուլը սակավ տեղեկություն է տրամադրել բանտարկյալների վերաբերյալ՝ միայն նշելով, որ նրանք 27-67 տարեկան տղամարդիկ են:

2010թ-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հետաքննում է սահմանը հատած չորս հարավային կորեացիների դեպքը, սակայն այժմ պարզ չէ` արդյո՞ք նրանցից  որևէ մեկը ազատ արձակվածների շարքում ընդգրկված է, թե ոչ:

Առանց կառավարության թույլտվության Հյուսիսային Կորեա ներթափանցած հարավկորեացիներին Հարավային Կորեայի ազգային անվտանգության օրենքով հասնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանը նախագահ կընտրի

վրաստանՎրաստանում հոկտեմբերի 27-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս ընտրություններում երկրի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այլևս առաջադրվելու իրավունք չունի: Գրանցված են նախագահի երկու տասնյակից ավելի թեկնածուներ: Պայքարը, սակայն, կընթանա հիմնականում երեք թեկնածուների միջև` «Վրացական երազանքը» ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլու, Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի և Նինո Բուրջանաձեի միջև: 

Վրաստանի մի քանի տասնյակ թեկնածուները

Արդեն քարոզարշավի վերջին օրերն են, և կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ անցնում է ոչ այնքան լարված: Չնայած փոխադարձ բավականին սուր քննադատություններին՝ կողմերը միմյանց հանդեպ չեն ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ:

Այս հանգամանքը, ինչպես նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը, հնարավոր է` կապ ունի այն հանգամանքի հետ, որ երկրի փոփոխված սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի այս ընտրություններից անմիջապես հետո, Վրաստանի նախագահի լիազորություններն էականորեն կրճատվում են, և նախագահը չի ունենալու այլևս այն մեծ ազդեցությունը կառավարության, խորհրդարանի և հատկապես ուժային կառույցների վրա, որ ուներ նախկինում:

«Իր հայտարարությունների համաձայն, վարչապետի աթոռը շուտով թողնել պատրաստվող Բիձինա Իվանիշվիլու համար այս ընտրություններում կարևորն իր հիմնական հակառակորդ Միխայիլ Սահակաշվիլու թիմի ամբողջական հեռացումն է իշխանական աթոռներից, որով և վերջնականապես ապահովված կլինի նրա հաղթանակն այն անձնավորության նկատմամբ, որն իրեն ժամանակին այդքան նյութա-բարոյական վնասներ էր հասցրել` քաղաքացիությունից զրկում, բռնաճնշումներ և այլն: Հակառակը՝ Սահակաշվիլի-Բաքրաձե կողմի համար կարևորը ոչ թե հաղթանակն է, որին այլևս դժվար է հավատալ, այլ առավել լայն էլեկտորատի ու դրանով հանդերձ՝ քաղաքական ավելի ամուր հարթակի ձևավորումը, որով վերջիններս հնարավորություն կստանան չնետվելու քաղաքական աղբանոց, ավելին՝ սպասվելիք հնարավոր պատիժները Սահակաշվիլին ձգտում է առավելագույնս մեղմացնել կամ չեզոքացնել ժողովրդական ալիքի ստեղծման միջոցով: Իսկ որ կարող են իրագործվել Սահակաշվիլու համար խիստ անցանկալի սցենարներ, գրեթե չի բացառվում, քանի որ արդեն վերջինիս կողքից «մաքրված են» նրա գրեթե բոլոր զինակիցները»,- ասում է Վահե Սարգսյանը:

Վահե ՍարգսյանԱյս ընտրությունների կապակցությամբ Հայաստանի համար կարևոր է նաև ռուսամետ թեկնածուի հնարավորությունը` կապված Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա ընթացքի ու Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունների հետ: Այդ առումով այս ընտրություններում թե՛ Իվանիշվիլուն, թե՛ Սահակաշվիլուն ձեռնտու է ռուսամետ Բուրջանաձեի չեզոքացումը կամ պարտությունը, որի երկրորդ տեղում հայտնվելը տարբեր առումներով բնավ չի բխում թե՛ Սահակաշվիլու, թե՛ Իվանիշվիլու շահերից: Բուրջանաձեի առնչությամբ նշենք նաև հատկապես հայերիս համար մի հետաքրքրական փաստ. վերջինիս ակտիվ թիմակիցն ու նախընտրական գլխավոր շտաբի պետը հանդիսանում է Գիգլա Բարամիձեն՝ մարդ, որը 1994-2002 թթ. նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգի առաջին նահանգապետն էր: Նշենք նաև, որ նա իր այս պաշտոնավարման հետ միաժամանակ մինչ 1998 թ. հանդիսացել է ՀՀ-ում Վրաստանի առաջին դեսպանը: Հայտնի հայագետ և իր գործունեությամբ հայատյաց այս անձնավորությանն անվանել են պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության գլխավոր և երկարամյա  ճարտարապետը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Հոկտեմբերի 27-ը երկրում շրջադարձային կարող է լինել՝ կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների փոփոխման կամ ավելի ճիշտ կլինի ասել` բարելավման հետ: Գաղտնիք չէ, որ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը, մի շարք հանգամանքներով հանդերձ, նաև անձնական հակակրանքից ելնելով էր, որ այսքան ժամանակ խիստ խզել էր հարաբերությունները Վրաստանի հետ: Դրանք մեկ տարի առաջ մասնակի թուլացան իշխանափոխությամբ, սակայն վերջնահանգրվանը  2013 թ. հեկտեմբերի 27-ն է: Պետք է նշել, որ ամեն դեպքում  երկրում առկա թուրք-ադրբեջանական բազմակողմանի և մեծ ազդեցությունը, որն առկա է և օրավուր մեծանում է հատկապես երկրի հարավում, մեծապես դժվարացնելու է Հայաստանի` տարածաշրջանային այս փոփոխություններից օգտվելը:

Վրաստանի նախագահական ընտրությունները կարևոր են հայերի համար

Այս ընտրությունները հայերիս համար կարևորվում են հատկապես Վրաստանի հոծ հայ համայնքի առկայությամբ և հայկական Ջավախքի` Վրաստանի կազմում գտնվելու հանգամանքով:

Ազգային փոքրամասնությունների մասով, ինչպես նշում էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, երկրում ընդհանուր զարգացման ուղի կա, որն ընդունել և փորձում են իրականացնել նոր իշխանությունները, իսկ նախկին իշխանություններն ու Նինո Բուրջանաձեն տարբեր խոստումներ են տալիս: Փորձագետը նշեց, որ այս պահին հնարավորություն կա, որ ընտրություններն անցնեն երկու փուլով, քանի որ նոր իշխանությունների հեղինակությունն ամիս առ ամիս անկում է ապրում:

Ջոնի ՄելիքյանԸստ Մելիքյանի` իշխանությունների հեղինակությունն ընկնում է, քանի որ Վրաստանում նոր իշխանությունների հետ բավականին մեծ հույսեր էին կապում` մարդկանց սպասելիքները շատ ավելին էին: Նույնիսկ որոշ մարդկանց թվում էր, թե մեծահարուստ Իվանիշվիլին, որ միլիարդատեր է, պետք է գար ու իր գումարներից մաս հատկացներ երկրին, բնակչությանը: Բացի այդ, Վրաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձրագույն իշխանությունը բաժանված է, բազմաթիվ պաշտոններում դեռ շարունակում են պաշտոնավարել Սահակաշվիլու թիմակիցները, և նոր իշխանությունները չեն կարողանում իրենց ծրագրերն ամբողջությամբ իրականացնել, ուստի նրանցից սպասելիքները չեն արդարանում:

Ազգային փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների վրա այս ընտրությունների սպասվելիք ազդեցության առնչությամբ նշենք, որ դա որոշ չափով կախված կլինի այն հանգամանքից, թե ուժերի ինչպիսի համամասնությամբ կդասավորվի քաղաքական դաշտը:

«Ամեն դեպքում մի բան հստակ է. սահակաշվիլիական նախկին վարչախումբը, որն իր ներկայացուցիչ Բաքրաձեի միջոցով այսօր փորձում է իր ազդեցությունը պահպանել երկրում, միանշանակ ձեռնտու չէ երկրի հայությանը: Սա փաստ է, իսկ ապացույցը նախորդ տարիներին դրսևորված հայատյաց վարքագիծն է, որը չի կարող ունենալ որևէ արդարացում: Ջավախահայությունը մի պահ ազատ շունչ քաշեց, երբ հաղթանակեց Իվանիշվիլին: Կապված «Վրացական երազանք»  դաշինքի հետ՝ կարելի է փաստել, որ բացի բռնությունների դադարեցումից և անօրինական հալածյալների ու դատապարտվածների նկատմամբ արդարության վերականգնումից, հայաբնակ Ջավախքում ազգային, կրոնական, քաղաքական, կրթական հողի վրա դեռևս չեն եղել էական տեղաշարժեր, գոնե այնպիսիք, ինչպիսիք խոստանում էր Իվանիշվիլին նախընտրական շրջանում կամ ՀՀ կատարած այցի ժամանակ»,- նշեց Վահե Սարգսյանը:

Հոկտեմբերի 27-ից հետո, ինչպես նշում է փորձագետը, Վրաստանի հայության շրջանում, Ջավախքում դեռ կպահպանվեն հուզող խնդիրները՝ ունենալով խորացման միտումներ, և տարբերությունը հավանաբար կլինի միայն այն, որ հայությունը կունենա այդ խնդիրները բարձրացնելու ազատություն, ինչը գրեթե բացակայում էր սահակաշվիլիական ռեժիմի ժամանակ: Հայության խնդիրների վրա մեծապես կազդի նաև Վրաստանում և հատկապես Ջավախքում մեծացող թուրք-ադրբեջանական գործոնը:

 

Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ 17 մարդ է խեղդվել

indian festivalՓրկարարները հայտնում են, որ Դելիում  տեղի ունեցած կրոնական փառատոնի ժամանակ Յամունա գետում գտել են հինդուիզմի 17 հետևորդների մարմիններ:

Արտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի խոսքով՝ կրոնի հետևորդները խեղդվել են 10 օր տևող փառատոնի վերջին օրը` հինդուիզմի աստված Գանեշայի փղի գլխով կավե արձանները գետում սուզելու արարողության ժամանակ:

Ըստ տեղեկությունների՝ մարմինները գտել են հինգշաբթի օրը, երբ կրոնի հազարավոր հետևորդներ հավաքվել էին գետի ափերին՝ իմաստության, պտղաբերության և հաջողության աստված Գանեշայի ծնունդը տոնելու համար:

Հինդուիզմի միլիոնավոր հետևորդներ Գանեշայի արձանները տեղադրում են տների մեջ և երկրպագում դրանց՝ նախքան գետում սուզելը:

LG-ին վախեցրել է իր մոտ աշխատելու համար դիմած մարդկանց՝ «լուսամուտից» հսկայական երկնաքարի անկում ցուցադրելով (տեսանյութ)

Applicants for a job interview with LG Electronics1Չիլիում LG էլեկտրոնիքսում աշխատելու նպատակով հարցազրույցին մասնակցած մարդիկ իրենց կյանքի ամենասարսափազդու պահն են ապրել, քանի որ ընկերությունը դաժան կատակ է խաղացել նրանց գլխին և դա ընդգրկել իր գովազդի մեջ:

LG-ին ցանկանալով գովազդել, թե ինչպես են իրական թվացող պատկերները հայտնվում իր արտադրած 82 դույմ տրամաչափով ‘Ultra HD’ հեռուստացույցի վրա, կեղծված գրասենյակում լուսամուտի փոխարեն տեղադրել է հեռուստացույցի էկրան:

Այնուհետև չորս դիմորդներ՝ երկու կին և երկու տղամարդ են նկարահանվել այդ գրասենյակում հարցազրույց անցնելիս:

Հարցազրույցի սկզբում ամեն ինչ կարծես լավ է ընթանում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ «լուսամուտից» երևացող կապույտ երկինքը սևանում է և ամպերից երկնաքար է ընկում՝ հանկարծակի պայթեցնելով քաղաքը:

Ձայնային էֆֆեկտների համադրությամբ կենդանի պատկերները այնքան իրական են թվում, որ բոլոր չորս դիմորդները խուճապի մեջ սկսում են գոռալ՝ կարծելով, թե իրենց քաղաքը ավերվում է:

Այդ տեսարանից հետո լույսերը մի քանի րոպե անջատում են, ինչը ավելի ողբերգական պահեր է ստեղծում զոհերի համար:

Վերջում լույսերը միացնում են և LG-ի թիմը մտնում է ներս՝ կատարվածից անտեղյակ խեղճ մարդկանց շնորհավորելու համար:

Երկուշաբթի օրից ի վեր YouTube-ում հայտնվելուց հետո՝ հոլովակը դիտվել է 700,000 անգամ:

Անգլիացի զինվորը մուսուլման կին է դարձել

musulman  Անգլիայում կամավորական զինվորական, «Territorial Army» կազմակերպության նախկին մեդալակիր զինվորներից մեկը սկզբում փոխել է իր սեռը, ապա կրոնափոխ եղել՝ ընդունելով իսլամ: Լուսի Վալենդերը 2010 թվականին որոշում է սեռափոխման վիրահատության դիմել, որից հետո փոխում է նաև կրոնը՝ զինվորական բերետը փոխարինելով մուսուլմանական գլխաշորով: Այս դեպքը Անգլիայում լայն քննարկման առարկա է դարձել:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ 28-ամյա Վալանդերը սեռափոխությունից հետո ինքն իր նկատմամաբ ավելի անկեղծ է ու իրեն շատ հանգիստ է զգում: Նախկինում զինվոր եղած Լուսին, սոցիալական կայքում ծանոթանալով մի մուսուլման տղամարդու հետ, ամուսնացել է, սակայն նրա ամուսինը տեղյակ չէ իր սեռափոխության մասին:

«ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱ՞Լ»

derenik_melikyan1-Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դէմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թոյլ տրւող «պատմական սխալը»,- ընդգծել է Լաւրովը,- կը ներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մէջ…»:

2-Նոյն հարցի վերաբերեալ կայացել են հեռախօսազրոյցներ՝ Լաւրովի եւ իր գերման գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի նախագունէ խիստ դիրքորոշում որդեգրելով՝ յայտարարել է Սիրիայի դէմ զինուժ կիրառելու մասին՝ վերջնիս կողմից քիմիական զանգւածային զէնք օգտագործելու պատճառով:

3-ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպէս երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի յայտարարութիւնը, իսկ հէնց սկզբից Ասադի գահընկէցութիւնն սադրող հակաալաւիական Թուրքիան ու Ս. Արաբիան ակնդէտ սպասում էին «համաշխարհային հանրութեան» նմանատիպ համախոհութեան ձեւաւորման վերջին փուլին, որին հասնելու «յարմարագոյն» գործօնն է հանդիսացել քիմիական զէնքը:

4-Ուրւագծւած սցենարը շատ նմանութիւններ ունի նոյն «համաշխարհային հանրութեան» կողմից Իրաքի դէմ յարձակման սցենարին, այն տարբերութեամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրէօր ոչ թէ թուլանում, այլեւ գնալով աւելիով են ամրապնդւում, յատկապէս, երբ քաղաքական ու դիւանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանաւորութիւնը:

5-«Համաշխարհային հանրութեան» համախմբումը Ասադի դէմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժէք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծւեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զէնքերի կիրառման դատապարտելիութեան եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանութեան պատժելիութեան արդարացման վերաբերեալ…

6-…Եւ ինչպէս լրահոսից է երեւում, ներկայ պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրօ խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգօնութեան է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիաւորումները:

7-Կը հրաժարւի՞ արդեօք «համաշխարհային հանրութիւնը» Լաւրովի ասած «պատմական սխալի» ուղղութեամբ ընթանալուց, թէ՞ Միջին ու Մերձաւոր արեւելեան, Արաբա-աֆրիկեան, Հարաւկովկասեան աշխարհամասերում առգոյ թէժ կէտերը մօտալուտ ապագայում կը վերածւեն աշխարհասասան բռնկւող անմարելի հրդեհների:

Յար եւ նման 100 տարի առաջ թոյլ տրւած «պատմական սխալին», որն էլ յանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Անհասկանալի է Հայաստանի տեղը «Նոր Կովկասում»

օբամա-սարգսյանԵթե Արևմուտքը սկսել ու ակտիվորեն իրականացնում է «Նոր Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը, և այդ առումով մինչ այժմ ռուսական կողմից կտրուկ ու համարժեք քայլեր չէին նկատվում, ապա այժմ, կարելի է ասել, իրավիճակը հիմնովին փոխվել է: Ռուսաստանն էլ ձեռնամուխ է եղել «Նոր Կովկասի» շինարարությանը, այդ ընթացքում` արտաքին քաղաքական վեկտորների կտրուկ փոփոխությամբ: 

Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում:

Ինքնին ուշագրավ է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Վլադիմիր Պուտինը հարավկովկասյան տարածաշրջանային առաջին այցը կատարեց ոչ թե իր ստրատեգիական գործընկերը համարվող Հայաստան, այլ Ադրբեջան, այն դեպքում, երբ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեք-չորս անգամ Պուտինին պաշտոնապես հրավիրել է Երևան և պատասխան չի ստացել: Այս իմաստով Պուտինի կատարած ընտրությունը` հօգուտ Ադրբեջանի, պետք է ընկալել իբրև դիվանագիտական ժեստ թե՛ այդ հրավերների և թե՛ առհասարակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Մոսկվան ոչ միայն փաստում է երկու երկրների քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման իրողությունը, այլև փորձում հասկացնել, որ Հայաստանի եվրաինտեգրացիոն գայթակղությունների պատճառով կարող է փոխել նախընտրությունների վեկտորները:

Այս առումով հետաքրքրական է «Գոլոս Ռոսիի»-ի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ՌԴ ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գրինյաևի անդրադարձները, որ զրույցի ժամանակ նշել է. «Մինչև ներկա պահի ռուս-հայկական հարաբերությունների գնահատականին անցնելը, ես կանդրադառնայի ընդհանուր իրավիճակին, այդ թվում և աշխարհաքաղաքական, որ վերաբերում է Ռուաստանին և նրա հարևաններին: Շատերն են նշում այն մասին, որ Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձով Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրավիճակը զգալի փոփոխություններ կրեց, որոնք, անխոս, վերաբերում էին նաև ԱՊՀ երկրների, ամենամոտ դաշնակիցների, ՌԴ սերտ գործընկերների հետ հարաբերություններին»: Վերլուծաբանի խոսքերով` նախկինում այդ հարաբերությունները կառուցվում էին քաղաքականության վրա, որն իր էությամբ խորհրդային ժամանակների ժառանգություն էր, այն ժամանակների, երբ Ռուսաստանը գործնականում ԱՊՀ բոլոր երկրների անպատասխան հովանավորն էր, անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքականություն էին տանում այդ երկրները:

«Վերջին ժամանակներս քաղաքականությունն ավելի պրագմատիկ է դառնում, ավելի պատասխանատու` երկու կողմերի համար էլ, ինչը ստիպում է ԱՊՀ երկրների կողմից արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում մոտեցումների վերանայում կատարել: Մենք դա նկատում ենք Ուկրաինայի և Ուզբեկստանի հետ հարաբերություններում, որոնք վերջին տարիներին բազմիցս մե՛կ մտնում, մե՛կ դուրս են գալիս ՀԱՊԿ կազմից և իրենց ուրույն վերաբերմունքն ունեն արտաքին քաղաքականության հարցում: Ես կարծում եմ, որ եկել է նաև ռուս-հայկական հարաբերությունների վերանայման ժամանակը, որի օրինակը կարող են լինել վերջին զարգացումները, այդ թվում` Պուտինի այցը Բաքու»,- նշել էր Գրինյաևը:

map_caucasusՍա նշանակում է, որ եթե մինչև հիմա Անդրկովկասում ՌԴ հիմնական ռազմավարական գործընկեր համարվում էր Հայաստանը, ապա այժմ վերջինս մի կողմից  սկսել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հստակ կուրս, ինչը կփակի նրա ճանապարհը դեպի Մաքսային միություն, մյուս կողմից շարունակում է դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս երկու ուղղությունները համատեղելի չեն:

Հարց է առաջանում` ի՞նչ էր Պուտինը փնտրում Ապշերոնում… Ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը փաստացի թաղեց «ՆԱԲՈՒԿՈ» նախագիծը` իր գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար նախապատվությունը տալով մինչև 20 մլրդ խմ թողունակությամբ Տրանսադրիատիկ գազատարին, որը կառուցվելու է 2017 թ.: Այս նախագիծն ավելի փոքր շուկաներ է խոստանում Ադրբեջանին, քան «ՆԱԲՈՒԿՈ»-ի շրջանակում, իսկ դա, միանշանակ, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև Տրանսադրիատիկ գազատարը, ի տարբերություն «ՆԱԲՈւԿՈ»-ի, ավելի թույլ մրցակից է ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի համար, և այս իմաստով Ադրբեջանը հսկայական ծառայություն մատուցեց Ռուսաստանին` նրան ազատելով հիմնական մրցակցից: Նաև այն փաստը, որ Պուտինի այցելության օրակարգում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ռուսական Ռոսնևտի և ադրբեջանական «Սոկար» ընկերությունների միջև, հուշում է, որ Ռուսաստանը փորձում է մուտք գործել ադրբեջանական էներգետիկ արդյունահանման ոլորտ, ինչը կարող է հանգեցնել այդ երկրում նրա ազդեցության մեծացմանը: Սա էլ, իր հերթին, հնարավորություն կարող է տալ Ադրբեջանին մանևրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում և նրա առջև որոշակի քաղաքական պահանջներ դնելու, այդ թվում նաև ԼՂ հիմնահարցի մասով:

Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած մեկօրյա աշխատանքային այցում դիվանագիտական «ժեստիկուլյացիայի» առումով մի շատ կարևոր բան ընդգծվեց` նրա ժամանումը Կասպից ծովով «Դաղստան» հրթիռային ռազմանավի ուղեկցությամբ: Իսկ կայացած բանակցությունների վերաբերյալ երկու նախագահների հրապարակային հայտարարությունները չափազանց զուսպ էին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցելության ժամանակ երկու գլխավոր հարցեր են հուզել Ռուսաստանին: Առաջինը` Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհով գազ ու նավթ մատակարարելը Եվրոպա: Երկրորդը` Ադրբեջանի քաղաքականության շատ հստակ լինելը ԱՊՀ երկրների շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների նկատմամբ: Իսկ Բաքվին, բնականաբար, հետաքրքրում էր Ղարաբաղյան խնդիրը:

Հատկանշական է մեզ վերաբերող այլ «մանրուք» ևս. այն օրը և օրերին, երբ մեր տարածաշրջանում փորձագետներն ակտիվորեն քննարկում էին Պուտինի ադրբեջանական սիրախաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր արձակուրդում:

Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան. մարդ է մեր նախագահը և իրավունք ունի արձակուրդ անցկացնելու նույնիսկ հեռավոր Ամերիկայի ափերի մոտ` Մարտաս-Վինյարդ (Marthas vineyard) կղզում: Բայց հետաքրքիրն այն է, որ օգոստոսի 11-ին այդ նույն` Մարտաս-Վինյարդ էր ժամանել նաև ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման: Իհարկե, հնարավոր է, որ այստեղ «դավադրությունների տեսության» ժանրին վերաբերող ոչ մի առանձնահատկություն էլ չկա, սակայն պետք է հիշել, որ կղզին շատ փոքր է, իսկ ԱՄՆ նախագահի պես պաշտոնյայի այցելության դեպքում, բնականաբար, գերտերության հատուկ ծառայությունները «սանրել են» կղզին:  Այսինքն` այնպես չէ, որ Բարաք Օբաման չգիտեր, որ Սերժ Սարգսյանն այնտեղ է, այնպես չէ, որ Սերժ Սարգսյանն էլ  միամիտ էր իր արձակուրդն անցկացնելու համար հենց այդ փոքրիկ կղզին ընտրել, ու առավել ևս դժվար է հավատալ, թե Օբամայի ու Սարգսյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել Մարտաս Վինյարդում:  Եթե նույնիսկ այդպիսի հանդիպում տեղի չի էլ ունեցել, ուշագրավ է, որ ՀՀ և ԱՄՆ նախագահներն իրենց հանգիստն անցկացնում են միևնույն փոքրիկ` մոտ 15 հազար բնակչություն ունեցող կղզում: Եթե մանավանդ դիտարկենք այդ «արձակուրդը» Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ջերմացման ու հայ-ռուսական հարաբերությունների ակներև լարման համատեքստում:

Լուրջ խմորումներ են ընթանում մեր տարածաշրջանում, որը գոնե քաղաքական համապատկերի փոփոխության առումով արդեն իսկ «Նոր Կովկաս» կարելի է համարել, ու Հայաստանի համար, ինչպես և սպասվում էր, գալիս են բարդ ժամանակներ. կողմնորոշման խնդիր կա` իր բոլոր դրական ու բացասական հետևանքներով հանդերձ:

 

 

Ահաբեկիչները առևանգել և սպառնացել են սպանել պակիստանցի տղամարդուն, եթե նա չսափրի իր 76 սմ երկարություն ունեցող բեղերը

Malik Amir Mohammad Khan AfridiՊակիստանցին հայտնել է, որ իր 76 սմ երկարությամբ բեղերի պատճառով մահվան սպառնալիքներ է ստանում և ստիպված է թաքնվել:

Իսլամիստ ծայրահեղականներին Մալիկ Ամիր Մուհամադ Խան Աֆրիդի բեղերն այնքան էին բարկացրել, որ նրանք գործարարին առևանգել և մեկ ամիս պահել են քարանձավում, մինչև որ նա սափրել է դրանք:

Չնայած զինյալների հետ բախմանը՝ Պակիստանի Փեշավար քաղաքի տասը երեխաների հայրը դրանք կրկին աճեցրել է՝ երդվելով երբեք տեղի չտալ մարդասպաններին:

Աֆրիդին նշել էր, որ ինքը չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում, իսկ բեղերը իր կյանքի միակ ընտրությունն է, և մարդիկ իրեն շատ են հարգում դրանց համար՝ ավելացնելով, որ բեղերը ոչ թե իր կյանքի մի մասն են, այլ իր կյանքը:

Տղամարդը յուրաքանչյուր օր 30 րոպե է անցկացնում բեղերը հարդարելու համար: Նա ամսական 100 ֆունտ ստեռլինգ է ծախսում դրանք խնամելու համար անհրաժեշտ կոկոսի յուղ և օճառ ձեռք բերելու համար:

Չնայած մահվան սպառնալիքներին, հարձակման ենթարկվելու վախին, բեղերը խնամելու թանկ գնին և ընտանիքից երկար ժամանակ հեռու լինելուն՝ Աֆրիդին պնդում է, որ բեղերն արժեն այդ զրկանքներին:

Malik Amir Mohammad Khan Afridi3Տղամարդը այժմ ստիպված է երկար ժամանակ անցկացնել իր ընտանիքից հեռու՝ Ֆեյսալաբադ քաղաքում, որտեղ նա իրեն ապահով է զգում:

Նա The Independent-ին հայտնել է, որ այժմ ցանկանում է հեռանալ Պակիստանից և նշել, որ առաջին հերթին կցանկանար բնակություն հաստատել Դուբայում, սակայն նա նաև կցանկանար թեղափոխվել ԱՄՆ, Կանադա կամ Մեծ Բրիտանիա, ուստի ցանկանում է դիմել Բրիտանիայի դեսպանատուն իրեն օգնելու համար:

 

Հայաստանին առաջարկվում է գայթակղիչ, բայց վտանգավոր ընտրություն

armenia-europeԵթե անցյալ տարի որևէ մեկն ասեր, որ ընդամենը մեկ տարուց մեր տարածաշրջանում ուժերի ու քաղաքական գործընթացների այնպիսի ընթացք կարձանագրվի, ինչպիսին այսօր է, թերևս, ծիծաղի կարժանանար: Բայց այսօր տեսնում ենք, որ թե՛ Արևմուտքը և թե՛ Ռուսաստանը բավական կոշտ ու վճռական քայլերի են դիմում Հարավային Կովկասում: Այդ քայլերի ազդեցությունը մենք ամեն օր զգում ենք:

Նախանցյալ շաբաթ Երևանում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված բանակցությունների վերջին` 7-րդ փուլը: Դա նշանակում է, որ կողմերն արդեն իսկ պատրաստ են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում համապատասխան համաձայնագրի ստորագրմանը: Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` նշելով. «2010 թ. սկսված այդ բանակցությունների ավարտը մեծ ձեռքբերում է երկկողմ հարաբերություններում: Դա կողմերին հնարավորություն կտա անցկացնելու բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրումը: Այդ համաձայնագրի ստորագրումը դրական կազդի Հայաստանի բնակիչների առօրյա կյանքի վրա` երկիրը մոտեցնելով Եվրամիությանը»:

Այսինքն` Հայաստանի` եվրաինտեգրման համար, բացի տեխնիկական խնդիրներից, որևէ խոչընդոտ այլևս գոյություն չունի, և ամեն ինչ կախված է Հայաստանի կամքից:

Սակայն օրեցօր ավելի է ընդգծվում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման եզրագիծը, ու այս պայմաններում, բնականաբար, երկու կողմերից յուրաքանչյուրն ավելի կոշտ լծակներով է փորձելու ստիպել մեզ` բռնել իր կողմը:

Ինչպես նշում էր նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ռուսական կողմնորոշման միակ առավելությունն այն կլիներ, եթե Ռուսաստանը մեզ ռեալ երաշխիքներ տար, որ, օրինակ` Ղարաբաղի հարցում հստակ հայամետ դիրքորոշում է որդեգրում: Բայց նման բան չկա: Հետևաբար` Ռուսաստանի դերը պետք է լինի ՀՀ ֆիզիկական անվտանգությունն ապահովելը: Մյուս կողմից` Հայաստանը լավ է հասկանում, որ եթե դրսից փող չտան, Հայաստանի տնտեսությունը չի կարող գոյատևել, իսկ փող ունի Եվրոպան: Այսինքն` ԵՄ-ի հետ հարաբերությունները Հայաստանին, առաջին հերթին, պետք են հենց ֆինանսական առումով: Ու ռուսաստանյան կողմն արդեն սկսում է անցնել «ռուսական արջին» բնորոշ վայրի, բռի քաղաքական շանտաժի` փորձելով կշեռքի հակառակ նժարին դնել Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական անվտանգության հարցերը:

Այս ընթացքում Ռուսաստանը, թերևս վիրավորված Հայաստանի «դավաճանական» քայլերից, միանգամից ու գրեթե ամբողջապես է օգտագործում Երևանի վրա ազդելու իր ամբողջ զինանոցը` թե՛ տնտեսական ու էներգետիկ, թե՛ քաղաքական և թե՛ հոգեբանական ու քարոզչական: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակների կողմից արդեն որերորդ անգամ հնչում են տեսակետներ, թե «հայաստանյան արևմտյան թևը կարող է անգամ գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլուն». նման տեսակետ օրեր առաջ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից սա ռուսաստանյան փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստություն է թվում` Հայաստանի եվրաինտեգրման կուրսի կապակցությամբ: Սակայն մեկ այլ «փորձագիտական տեսակետի» հետ համադրելիս արդեն ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող քարոզչական էքսպանսիա:

Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` «շանտաժոտ» վերնագրերով` «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» և «Ե՞րբ և որտե՞ղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Այս հոդվածներով Տարասովը փորձում է առաջ մղել այն տրամաբանությունը, թե, իբր, Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում: Նշվում է, թե ԵՄ ինտեգրման քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները: Ըստ Տարասովի` ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում:

russia-armenia-flagsԱյս շեշտադրումների նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրման քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով: Ռուսաստանը դա անում է` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղման, որը մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ է: Մասնավորապես` Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին… Հիշեցնելով 20-ականների տխուր իրադարձությունները` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելո՛ք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը…

Այստեղ հատկանշական է մեկ այլ` ոչ պակաս կարևոր իրադարձություն, որը, «չգիտես թե ինչու», դուրս մնաց հայկական ուշադրության կիզակետից: Բացի ֆինանսատնտեսական օգնությունից, Արևմուտքը, դատելով իրադարձությունների ընթացքից, նաև Հայաստանի հանդեպ որոշակի ռազմական աջակցության պարտավորություններ էլ է խոստանում ստանձնել: Առաջին օրինակն այն էր, որ Ադրբեջանին ռուսական զենք տրամադրելուց հետո, ինչպես նշվեց ադրբեջանական մամուլում, Եվրոպան մեզ գերմանական հակատանկային հրթիռներ տրամադրեց: Երկրորդ` հենց այն ժամանակ, երբ ռուսաստանյան փորձագիտական շրջանակները Հայաստանի դեմ քարոզչական արշավանք էին նախապատրաստում, Արցախ ժամանեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի պատվիրակությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարի` հոկտեմբերի 25-ին, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

Դա, ինչպես այդ ժամանակ բացատրեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախազգուշացում էր Ադրբեջանին, քանի որ այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրանքներ էր հղել բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» նավթարդյունաբերական ընկերությանը, որը, ինչպես գիտենք, միջազգային հարաբերություններում այնքան էլ երկրորդական սուբյեկտ չէ. Նոր Ուելսի նահանգապետը նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, այդ նահանգն Ավստրալիայի հնագույն նահանգն է` արդյունաբերական տեսանկյունից առավել զարգացած, որտեղ ապրում է Ավստրալիայի բնակչության մոտավորապես մեկ երրորդը, որի կազմի մեջ է գտնվում Ավստրալիայի խոշորագույն Սիդնեյ քաղաքը և այլն, այսինքն` սա պարզապես մի խուլ նահանգ չէ: Առավել ևս եթե նախորդ տարվա հոկտեմբերին այս նահանգի ձայնը բարձր լսվեց` հաշվի առնելով «Բրիթիշ փեթրոլիում»-Ալիև հակադրությունը: Իրադարձությունների ընթացքն այս պրիզմայով դիտարկելով` ԼՂՀ Ազգային ժողովում բավականին հատկանշական մեսիջներ հնչեցին ավստրալացի գործիչների շուրթերով:

«Նոր Հարավային Ուելս նահանգում, ընդունելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությանը սատարող բանաձև, ընդամենը սկզբնակետն ենք դրել մի գործընթացի, որը դեռևս շարունակվելու է: Կասկած չկա, որ ձեր երկրի ապագան կախված է նաև այս երկրի տնտեսական հաջողություններից, և մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու նաև այս գործում: Գաղտնիք չէ նաև, որ պետության հաջողությունը պայմանավորված է ինչպես նրա տնտեսական աճով, այնպես էլ սահմանների անձեռնմխելիությամբ, ու մենք պատրաստ ենք սատարելու ձեզ այդ գործում ևս»,- ԼՂՀ ԱԺ-ում հայտարարեց Նոր հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի անդամ, ԼՂՀ անկախության,   Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրինագծերի հեղինակ Մարի Ֆիկարան:

Ու երբ համադրում ենք իրադարձություններն ու փաստերը, ստացվում է հետաքրքիր պատկեր` Հայաստանը դրսից ակնկալում է ֆինանսատնտեսական ու ռազմատեխնիկական աջակցություն: Ընդ որում, Ռուսաստանը Հայաստանի տեսանկյունից դիտարկվում է որպես ռազմական անվտանգության երաշխավոր, իսկ Արևմուտքը` ֆինանսատնտեսական: Սակայն Ռուսաստանը, ռազմական աջակցությանը զուգահեռ, չի առաջարկում ֆինանսատնտեսական աջակցություն, մինչդեռ Արևմուտքը` տարբեր խողովակներով և ձևերով, պատրաստակամություն է հայտնում Հայաստանին ոչ միայն փող, այլև զենք էլ տրամադրել: Սրան գումարենք նաև, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սպառնում է ԼՂՀ-ի կորստով, Արևմուտքը, ԼՂՀ անկախությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պատվիրակների միջոցով հիշեցնում է, թե ովքեր են ճանաչել և դեռ ովքեր են պատրաստ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, ինչպես նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու ԼՂՀ-ին… Կողմնորոշվելը, բնականաբար, դառնում է գայթակղիչ, բայցև վտանգավոր…

 

«Արաբական գարունը» Եգիպտոսում իմաստազրկվեց

արաբական գարունԲավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետադարձ հայացք ենք ձգում Եգիպտոսում ընթացող զարգացումների  վրա: Այդ զարգացումները կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ երևակում են մահմեդական աշխարհի լոկոմոտիվի` առաջնորդող երկրի կարգավիճակի համար մղվող պայքարի էությունը, այլև ստվեր գցեցին «արաբական գարուն» երևույթի տրամաբանության վրա: 

Եգիպտոսի իրադարձությունները տարածաշրջանում ճշգրտումների կարիք են առաջացրել

Ինչպես գիտենք, անցյալ ամիս Եգիպտոսում մեծ թափ հավաքեցին հակակառավարական բողոքի ցույցերը, իսկ նախագահ Մուրսին, չնայած բազմամիլիոնանոց ցույցերին, կտրականապես հրաժարվում էր հեռանալ իր պաշտոնից:

Դրանից հետո Եգիպտոսի բանակի գեներալները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ են առնելու երկիրն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները մինչև հուլիսի 3-ի երեկոյան ինչ-որ փոխզիջման չհասնեն:

Բանակը, խորհրդարանը, որում մեծամասնությունը իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն էին, լուծարելու և սահմանադրությունը կասեցնելու մտադրություն ուներ: Հուլիսի 3-ի դրությամբ քաղաքական գործիչները փոխզիջման չէին հասել, ուստի բանակը գործի անցավ: Հուլիսի 4-ին զինվորականները Եգիպտոսի պետական հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ Մուհամեդ Մուրսին այլևս նախագահ չէ: Եգիպտոսի ժամանակավոր ղեկավար է դարձել Գերագույն սահմանադրական դատարանի ղեկավար Ալի Մանսուրը:Դրանից հետո երկրի ղեկավարությունն անցավ անցումային խորհրդին, որը կնախապարաստի սահմանադրության փոփոխությունները և կանցկացնի համընդահուր ընտրություններ: Նախագահ Մուրսին այդ նախագծից դուրս է մնացել:

Բայց այդքանով «թատրոնը» չավարտվեց, այլ միայն դեպքերի զարգացման նոր սցենարներ բերեց: Որովհետև երկրի իսլամիստական ուժերը` նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցները, պարբերաբար սկսեցին մեծ հանրահավաքներ հրավիրել ու նաև նշել, որ սկսելու են պայքար Մուրսիի պաշտոնը վերականգնելու նպատակով: Եգիպտոսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են զինվորականների կողմից պաշտոնից հեռացված նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների և կողմնակիցների բախումները:

Հենց այստեղ էլ ուրվագծվում է այն կարևորությունը, որ նշում էինք: Փաստորեն, այն Եգիպտոսում, որտեղ ընդամենը 2-3 տարի առաջ նույն ժողովուրդը դուրս էր եկել նախկին վարչակարգի դեմ, որտեղ կատարվեց հեղափոխություն, և իշխանության եկան իսլամիստական ուժերը, այդ նույն Եգիպտոսում այդ նույն ժողովուրդն այս օրերին էլ պայքարում էր «արաբական գարնան» արդյունքի` Մուրսիի գլխավորած իսլամիստական վարչակարգի` «Մուսուլման եղբայրների» իշխանության դեմ: Այս առումով, արդեն ոչ թե ենթադրաբար, այլ վստահ պետք է արձանագրել, որ «Արաբական գարուն» նախագիծը միջազգային հարաբերություններում ձախողվեց:

Արժե հիշել, թե ովքեր էին «Արաբական գարնան» ջատագովները և ամենայն հավանականությամբ նաև ճարտարապետները: Բնականաբար Արևմուտքը` ի դեմս ԵՄ-ի ու ԱՄՆ-ի: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ «Մուսուլման եղբայրներին» իշխանությունից հեռացնելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ դիմելով Եգիպտոսի անցումային կառավարությանը` նշեց, թե «Մուսուլման եղբայրներ» շարժումը չպետք է հեռացվի Եգիպտոսի քաղաքականությունից, և անհրաժեշտ է գտնել առաջ գնալու ընդհանուր ուղի:

Թույլ Եգիպտոսը ձեռնտու է Թուրքիային

Առաջ գնալու ուղի «գտավ» Թուրքիան: Նախ` Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Թուրքիան Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը հակաժողովրդավարական քայլ է համարում: Այս հայտարարությունը Եգիպտոսում լուրջ դժգոհություն էր առաջացրել, և Եգիպտոսն էլ իր հերթին կոչ արեց Թուրքիային չխառնվել իր ներքին խնդիրներին:

Բաքու կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մամլո ասուլիսի ժամանակ նշել էր. «Եգիպտոսում զինվորական հեղաշրջումը քննադատելը և այնտեղ ստեղծված կացությամբ մտահոգված լինելը չի նշանակում միջամտություն Եգիպտոսի ներքին հարցերին»: Նա ասել էր նաև, որ Եգիպտոսի կայունությունը հրատապ հարց է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար, և Թուրքիան Եգիպտոսի ու նրա ժողովրդի բարեկամն է:

Իսկ Եգիպտոսում հեռուստաընկերություններից մեկով հեռարձակված տեսանյութում նշվել է, որ Թուրքիան Եգիպտոս զենք է մատակարարել: Հեռուստառեպորտաժում ներկայացվում էր Թուրքիայից ժամանած նավերից մեկում մեծ քանակությամբ ատրճանակ հայտնաբերելու և առգրավվելու մասին: Եգիպտացի իրավապահները Թուրքիայից ժամանած նավում հայտնաբերել էին մեծ քանակությամբ ակուստիկ ատրճանակներ, որոնք հեշտությամբ կարելի է վերափոխել իրական հրազենի:

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ գրավոր բացատրություն տվեց, որով նշվում էր. «Եղբայրական Եգիպտոսի կայունությունն ու խաղաղությունը Թուրքիայի համար կարևոր նշանակություն ունի, և ինչ նպատակով էլ լինի, բռնության կիրառումը երկրում անընդունելի է համարում»:

Հիմա իրադարձություններին նայենք այլ տեսանկյունից: Նշենք, որ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը սունի է: Իսկ սունիների վրա ազդեցություն ունենալու համար երեք հիմնական մրցակից պետություններ են պայքարում` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Եգիպտոսի խաղից դուրս գալը հօգուտ Թուրքիայի էր, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե շատ ավելի նկրտումներ ուներ  սունի մահմեդականության լիդերության առումով: Բայց այստեղ մեկ հանգամանք կա, որ անպայման պետք է նկատի ունենալ. եգիպտական վերջին զանգվածային բողոքն իսլամական վարչակարգի դեմ էր, Թուրքիան ևս իսլամական վարչակարգ է: Բացի այդ` Արևմուտքի կողմից ընդունելի էր համարվում Թուրքիայի մոդելը, որպես իսլամական երկրի մոդել:

Բայց թուրքական իսլամիստական երկրի մոդելը մեծ հարված կրեց Թուրքիայում ծավալված ներքին խմորումների հետևանքով, որոնք ցույց տվեցին, որ այդքան փառաբանված թուրքական մոդելի պայմաններում Թուրքիայի քաղաքների փողոցներում մարդիկ բարիկադների վրա են: Եվ այս առումով սպասելի էր, որ Թուրքիան պետք է օգտվեր ցանկացած առիթից իր մրցակիցների հաշվին սեփական խնդիրները կոմպենսացնելու համար: Իսկ Եգիպտոսի վիճակից ավելի հարմար առիթ, երևի չէր էլ ունենա: Այսինքն` Թուրքիան շահագրգռված է, որ Եգիպտոսում քաոս լինի, այդպիսով իր դերն էլ ավելի կընդգծվի:

«Նշենք, որ Եգիպտոսում շատ լուրջ վտանգ կա, որ տապալվող իշխանության թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրները», որ իհարկե տարբերվում են Թուրքիայի իսլամիստներից իրենց ծայրահեղականությամբ, անցնեն ընդհատակ: Իսկ ընդհատակն արդեն քաղաքացիական անհնազանդության, բռնամիջոցների կիրառման և ահաբեկչական գործողությունների սկիզբն է: Սա, իրոք, քաոս է»,- ասում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Փաստը մնում է փաստ, որ մինչև «Արաբական գարուն» հզոր Եգիպտոս կար, իսկ այժմ` քայքայված ու ներսից ցնցվող, որը խառնում է այս տարածաշրջանում սցենարի հեղինակների խաղաքարտերը: Եգիպտական ներկա քաոսային իրադարձություններն անպայման տարածաշրջանի համար նախատեսված սցենարների մեջ վերանայումներ ու սրբագրումներ կմտցնեն: