Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ սեռավարակներ չեն հայտնաբերվել: «Հրազդանի» բժշկական կենտրոնում ՀՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետների մասնակցությամբ Արսենին բուժզննության ենթարկելուց հետո վերցվել էր արյան նմուշ` պարզելու` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՞ ոչ: Հերթական հետազոտության արդյունքում սեռավարակներ չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է մաշկային հիվանդություն` փսորիաս: ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժնի ղեկավար Տիգրան Գևորգյանի խոսքով, մաշկային այս հիվանդությունը վարակիչ չէ, զարգանում է սթրեսի, նյութափոխանակության խանգարման, մի շարք այլ պատճառներով, պայմանավորված է լինում նաև արտաքին ազդեցությամբ: Արսեն Խոջոյանին նշանակվել է դեղորայքային բուժում: Ըստ անհրաժեշտության` Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության:
Tag Archives: Արսեն Խոջոյան
Հայտնի են Արսեն Խոջոյանի արյան հետազոտության արդյունքները
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի մոտ բակտերոլոգիական և ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում` ՄԻԱՎ և Հեպատիտ C, չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Արսեն Խոջոյանը Հրազդանի բժշկական կենտրոնում ենթարկվել էր համալիր բուժզննության: Նրան հետազոտել էին թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետներն Արսեն Խոջոյանից վերցրել էին նաև արյան նմուշ, որի նպատակն էր պարզել` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:
Արսեն Խոջոյաննը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:
Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա, ինչի համար նշանակվել է դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել է նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ: Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ: Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը 15-օրյա ժամկետում Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բուժզննության: Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև ըստ կարիքի ցանկացած ժամանակ: Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Արսեն Խոջոյանի մայրը ֆինանսական օգնություն է խնդրում
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջությունը շարունակում է մտահոգել նրա ծնողներին: ՙՙՀրազդանի՚՚ բժշկական կենտրոնում վերջին բուժզննությունից հետո Արսենը բժշկի հսկողության տակ է և ընդունում է անհրաժեշտ դեղորայքը, որը նրան նշանակվել է: Սակայն երեկ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բավարար: «Դե որ ասեմ, լավ ա, սուտ կասեմ: Արսենը բողոքներ ունի»: Արսեն Խոջոյանն այժմ Սևանում է, զբաղվում է անասնապահությամբ, որ գումար աշխատի, ընտանիքը սոցիալական ծանր վիճակից դուրս բերելու համար: ՙՙԱնընդհատ ինձ հարցում են, եթե առողջական խնդիրներ ունի, ինչի տանը չի: Դե ես էլ կուզեմ, էրեխին կողքս պահին, ձեռիս մեջ պահեմ, որ լավ լինի, բայց սոցիալապես ծանր վիճակում ենք, գնացել ա մի երկու կոպեկ առնի: Էն օրն էլ Բերդի ուսումնարանից են զանգել, ասում են` Արսենը թող գա քննությունները հանձնի: Մինչև գերի ընկնելը կարուձևի էր գնում՚՚,-ասաց տիկին Սվետան: Նշենք, որ Անկախն ավելի վաղ անդրադարձել էր Խոջոյանների ծայրահեղ ծանր վիճակին` նշելով նաև, որ Արսենը առողջական խնդիրներով երկու քույր և մեկ եղբայր ունի: Նրա մայրը նշել է, որ միջնորդությամբ մինչև հունիսի 20-ը Բերդի վարկային կազմակերպությունից, որին 700 հազար դրամ են պարտք, ժամանակ էին խնդրել, որ մարեն գումարը, սակայն այսօր հունիսի 18-ն է և որևէ օգնություն չի եղել: «Գոնե էդ հարցում օգնեին, որ կարողանամ երկու անչափահաս աղջիկ երեխաներիս տանեմ Երևան` հերթական բուժզննության: Երևանից բժիշկներն անընդհատ զանգում են ու ասում, որ տիկին Սվետա երեխաների բուժզննության օրերն են, բերեք երեխաներին, բայց անգամ տաքսիի փող չունեմ»: Սվետլանա Խոջոյանը նաև հայտնեց, որ իր համար անակնկալ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է զանգահարել և իրեն առաջարկել օգնություն: Նորանշանակ մարզպետը Խոջոյանների ընտանիքին է փոխանցել 400 հազար դրամ, որը տիկին Սվետան վճարել է հիվանդ երեխաների դեղերի և մի մասն էլ մարել վարկը: Սակայն այս ընտանիքն այժմ էլ ծանր վիճակում է, ակնկալում է բարեգութ մարդկանց աջակցությունը` այս փուլում ընտանիքը հանելու ծանր վիճակից:
Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն
2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:
ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:
Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը
Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:
ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:
Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:
Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:
Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:
Խոջոյանների ընտանիքը սոցիալական ծայրահեղ վիճակում է, 7 երեխաներից 4-ը՝ հիվանդ
Խոջոյանների յոթ երեխաներից չորսն այժմ առողջական խնդիրներ ունեն:
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, գերի ընկած և ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված տավուշցի Արսեն Խոջոյանն ու նրա 8-ամյա քույրը` Ալվարդ Խոջոյանը, այժմ Երևանում են, պառկած` տարբեր հիվանդանոցներում: Արսենը Ֆիզիոթերապիայի ինստիտում է, քույրը՝ Արաբկիր բժշկական կենտրոնում: Փոքրիկ Ալվարդը մի քանի օր առաջ է Երևան տեղափոխվել` 40 աստիճան ջերմությամբ: Փոքրիկին բուժող բժշկի խոսքով, Ալվարդի կյանքին վտանգ չի սպառնում, բայց երեխան պետք է բժիշկների հսկողության տակ լինի և ստանա անհրաժեշտ բուժսպասարկում: Ալվարդիկի ստամոքսն ու կերակրափողը բորբոքված են:
<<Անրաժեշտ է բիոպսիա, որ հասկանանք` ինչ բորբոքում է, դրա համար մենք հետազոտությունը կրկնելու ենք ընդհանուր անզգայացումով և բիոպսիաներով հաջորդ շաբաթվա ընթացքում: Բուժումն արդեն սկսված է, ուղղակի հասկանանք` առանձնահատուկ մոտեցում է պետք, թե արդեն իսկ նշանակված բուժումը բավարար է: Երբեմն այնպես է լինում, որ երբ այդ հետհոսքը շատ է լինում, այսինքն` թթու միջավայրն անընդհատ դեպի կերակրափող է գնում, կերակրափողի լորձաթաղանթը սկսում է վերափոխվել այլ բջիջների, եթե տեսնենք` վերափոխված չէ, ընդամենը երկարատև իր բուժումը ստանալու է, որպեսզի այդ հետհոսքը բացառենք, որպեսզի կերակրափողի այդ լորձաթաղանթը վերականգնենք: Պատճառը բորբոքումն է>>,-նշեց <<Արաբկիր>> ԲԿ-ի բժշկուհին:
Ալվարդի մեծ քույրը` Անին, ևս ունի առողջական լուրջ խնդիրներ` կապված սրտի հետ: Նա ևս հետազոտվել է, այժմ գյուղում է և ինտենսիվ ներարկումներ է ստանում` դարձյալ գտնվելով բժիշկների խիստ հսկողության ներքո: Բժիշկների խոսքով, Անին ևս պետք է Երևան տեղափոխվի` հերթական բուժննության նպատակով: <<Հիմի չեմ կարա Անիին բերեմ, որ Երևան ենք եկել, պարտքով ենք եկել, դեռ տոմսի փողը չենք տվել: 10 հազար դրամ ունեի, 5-ը տվել եմ, Արմանը քյնացել ա, 5-ն էլ ձեռքիս ա, որ ստեղ յոլա քյնամ: Չգիտեմ` տեղներս շատ նեղ ա, մայիսի 12-ին վարկի մարման օրն ա, ոչ մի կոպեկ չունեմ, որ տանք, տոկոսը տվել ենք, հիմա մայր գումարը պետք ա տանք` մոտ երկու հարյուր հազար դրամ ա>>,-Անկախի թղթակցին ասաց Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը:
Տան աշխատողը միայն Արսենի եղբայրն է` Արկադին, որը պայմանագրային զինծառայող է: Իսկ մյուս եղբայրը` Արմանը, դարձյալ առողջական լուրջ խնդիրներ ունի: Նա 2013-ի հունիսին պետք է զորակոչվեր բանակ, սակայն չի զորակոչվել հիվանդության պատճառով: <<Փոքր ժամանակ վառվելա , հնար չեմ ունեցել բժշկի տանեմ, տանը պահել եմ: Նամակ էի գրել Հանրապետության նախագահին, որ խնդրում եմ` վերանայեք, ստուգեք: Պարզվել ա, որ հիվանդություն ունի, և Արմանն ազատվել է բանակից>>,-պատմում է Սվետա Խոջոյանը:
Նախագահն արձագանքել է տիկին Սվետայի նամակ-խնդրանքին` հանձնարարելով տղային ևս մեկ անգամ բուժզննության ենթարկեն: <<Մի անգամ սրտի, մի անգամ երիկամի, մի անգամ լեղապարկի հետ կապված խնդիրներ են բացահայտվել: Մեզ հետ եկել էր, նորից եկել, նորից պրոբլեմ, նորմալ չի սնվում: Իմ տեգրը հարյուր բժշկի ա տարել, ասում են` էրեխեն սրտի պրոբլեմ ունի: Հիմա էլ ասում են` լեղին ա երկարացել, չգիտեմ: Ամսի 14-ին գալու ա սրտին ապարատ դնեն, պետք ա գա <<Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն, դա սրտի աշխատանքի համար ա: Լարիսա Ալավերդյանն ա օգնել, անգամ տաքսու փողն ա տվել, ես չեմ մոռանա>>,-հուզված ասում է բազմազավակ մայրը:
Ի պատասխան սոցիալական ծառայության աշխատակցի, Սվետա Խոջոյանն ասում է, որ Արմանի` բանակում ծառայած չլինելու հանագամանքը չի կարող խոչընդոտ դառնալ սոցիալական նպաստի համար, քանի որ որդին առողջության վատթարացման պատճառով է, որ չի ծառայում:
Խոջոյանների ընտանիքն այժմ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում է, դրա համար նպաստի վերականգնումը յոթ երեխաների մայրը հրատապ է համարում: Արսեն Խոջոյանի հայրը` Անանիա Խոջոյանը, մյուս որդու՝ Դավիթի հետ այժմ Սևանում է: <<Եկել են անասուն պահեն, որ մի երկու կոպեկ աշխատեն: Դե Արսենն էլ, գիդըմ եք, բուժվում ա, չգիտեմ` ոնց ա լինելու: Ամբողջ ընտանիքս ցրված ա, արդեն գժվում եմ>>,-ասաց Սվետա Խոջոյանը:
Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված, ապա` ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանն այժմ հիվանդանոցում է: Նա Երևանի կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից դուրս կգրվի մայիսի 13-ին: Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչն անցել է ֆիզիոթերապևտիկ զննություն: Արսենի բժշկուհին` Թամարա Մարգարյանը, Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արսենի առողջական վիճակը լավ է, տղան գանգատներ չունի: “Արսենն ասում է, որ ինչպես նախկինում է եղել, հիմա իրեն այդպես է զգում: Բնական է, որ երիտասարդը սթրես է տարել, շեղումներ պետք է լինեին, բայց հիմա նրա նյարդային վիճակը հանգիստ է”: Բժշկուհի Թամարա Մարգարյանը անհրաժեշտ և պարտադիր է համարել տղայի հոգեբուժական քննությունը` նշելով, որ Արսենն այժմ ստանում է վերականգնողական բուժում` ջրաբուժություն, մերսում: ” Արսենի արյան, մեզի, բիոքիմիական անալիզները մաքուր են եղել, այնպես որ վիճակ լավ է”,-ասել է Թամարա Մարգարյանը: Բժշկուհու կարծիքով, Արսենը հետագայում հոգեական, նյարդային խնդիրների սրացումներ չի ունենա:
Արսեն Խոջոյանի վերադարձի համար գյուղում մատաղ են մատուցել
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի համար մատաղ են մատուցել:
Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, Անկախ-ի թղթակցին ասաց, որ Սուրբ Զատիկի տոնն իրենց համար յուրօրինակ խորհուրդ է ստացել. առավոտյան գառ են մորթել, գնացել գյուղում վերջերս կառուցված փոքրիկ եկեղեցի, մոմ վառել, այնուհետև բարեկամներով ու ազգակցականներով իրենց տանը հավաքվել` նշելու որդու վերադարձի առիթով իրենց ուրախությունը: <<Այսօր Արսենիս տրամադրությունը, նախորդող օրերի համեմատ, լավ էր, դեմքին ժպիտ կար>>,-ասաց Սվետլանա Խոջոյանը:
Արսենի մայրը նաև տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը Արսենը կգա Երևան`մեկամսյա գերությունից հետո ստուգման ենթարկելու իր հոգեբանական վիճակը:
Նշենք, որ գյուղի եկեղեցու շինարարությանը օգնել են նաև Արսեն Խոջոյանն ու ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը: Ի դեպ, Արսեն և Մամիկոն Խոջոյանները ոչ միայն բարեկամներ են, այլև` հարևաններ: <<Արսենի համար արված մատաղի մսից նաև Մամիկոնին ենք տարել, տվել>>:
Սվետլանա Խոջոյանը ավելացրեց նաև, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ամբողջ օրը գրեթե պառկած է լինում, հարազատների օգնությամբ է մի կերպ տեղաշարժվում, ինչը Ադրբեջանում անցկացրած օրերի հետևանքն է:
Արսեն Խոջոյանը հոգեբանական խնդիրներ ունի
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում գերեվարված և ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանը հաջորդ երկուշաբթի կտեղափոխվի Երևան՝ հոգեբուժական զննության նպատակով: Արսենն այժմ հայրենի գյուղում է՝ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրում: Արսեն Խոջոյանի մայրիկի՝ Սվետլանա Խոջոյանի խոսքով, որդու վիճակն ընդհանուր լավ է, բայց անհանգստացնող հանգամանքներ ևս կան: ՙՙԱրսենը կաշկանդված է, սևեռուն հայացքով երկար նայում է ինչ-որ մի ուղղությամբ, մտածում, ինձ թվում ա՝ վախ կա մեջը: Երեկ ամբողջ օրը դողէրոցքի մեջ էր, մեկ ժամ ա ընդամենը քնել՚՚,-Անկախի հետ հեռախոսազրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը: Մեր տեղեկություններով, Արսենը, առողջական խնդիրների պատճառով դեռևս հարսնացուի հետ չի հանդիպել, խոսել է միայն հեռախոսով: Հարևան Չորաթան գյուղի բնակիչ Շուշանիկի և Արսենի՝ այսպես կոչված խոսքկապի արարողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին:
Արսեն Խոջոյանը մի քանի օր կմնա Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում
Իջևանում նախնական բուժզննումից հետո ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակակ կենտրոն:
Բժշկական ստուգումից հետո Արսենի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: <<Ամեն ինչից էլ անալիզ են վերցրել, որ տեսնեն` հո լուրջ խնդիրներ չկան, միայն թե ինձ թվում ա՝ Արսենի աչքերը կարմրած են, դե սոված-ծարավ թշնամու մոտ ա եղել, դրանից կլինի, էլի>>,-Անկախ-ին պատմեց Արսենի մայրը:
Տիկին Սվետլանան և Արսեն Խոջոյանի հորեղբորորդին` Արմենը, գիշերել են Արսենի մոտ` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Բժիշկ Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Արսենի մարմնի վրա կապտուկներ, խոշտանգման երևույթներ չկան, գիտակցությունը պարզ է: Իսկ Արսենը պատմել է, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ:
Մայրը վերահաստատեց. <<Պատճառը մառախուղն էր, էլի, անասունները կորցրել ա, գնացել-խորացել, հետո որ մարդ ա տեսել, հարցրել, կիսահայերեն, կիասառուսերեն, գլխի են ընկել, որ հայ ա, որ չխոսար, երևի գերի չընկներ>>:
Նա իր հետ գյուղից Երևան է բերել Արսենի ու նրա եղբայրների զինծառայության ընթացքում ստացած պատվոգրերը: <<Ասեցի` կարող ա պետք լինի, էլի, թող տեսեն, որ իմ էրեխեքը հայրենիքի պաշտպանության գործի մասնակիցն են եղել>>,-նշում է տիկին Սվետլանան:
Արսենի պատմելով` Ադրբեջանում իրեն առանձին մեկուսարանում են պահել, չեն ծեծել, ինքը սննդից հրաժարվել է` մտածելով, որ կարող է թունավորեն: <<Թովուզի շրջանում եմ մոլորվել, հետո տարել են Բաքու, մի հինգ ժամ ճանապարհ ենք գնացել, մինչև հասել ենք Բաքու>>,-հիշում է Արսենը:
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից:
Արսեն Խոջոյանն Իջևանի հիվանդանոցում 5 րոպե է մնացել
Մեկամսյա գերությունից այսօր հայկական կողմին հանձնված 23-ամյա Արսեն Խոջոյանն այս պահին Իջևանի բժշկական կենտրոնում չէ: «Անկախ»-ի թղթակցին քիչ առաջ Իջևանի հիվանդանոցի տեղեկատու բուժքույրը հայտնել է, որ 14:30 –ի սահմաններում Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին բերել են իրենց բուժկենտրոն, ապա հինգ րոպե անց տարել:
«Ես ոչ մի բան չգիտեմ Արսեն Խոջոյանի մասին, չեմ տեսել, ընդամենը 5 րոպե մնաց այստեղ»,-կտրուկ պատասխանել է տեղեկատու բուժքույրը:
Չի տեսել, բայց ասաց, որ Արսեն Խոջոյանը ոտքի վրա է եղել, նրան պատգարակի վրա չեն հիվանադանոց տարել: Իջևանի առողջապահական կենտրոնի տեղեկատու բուժքույրն ասել է, որ տղայի վիճակի մասին ոչինչ ասել չի կարող:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմն այսօր երիտասարդին հայկական կողմին է հանձնել, նրա ընտանիքի անդամներն էլ Իջևանի հիվանդանոց են շտապում, որտեղ հույս ունեն տեսնել Արսենին:
«Ասել են` խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ». Արսեն Խոջոյանի մայրը որդու վերադարձի մասին
Մոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին:
«Զանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա»,-«Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:
«Ասել են` խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ»,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին,լրացված
Մոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին: ՙՙԶանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:ՙՙԱսել են, խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ՚՚,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. ՙՙԸնդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության՚՚:
Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ պայմաններում է, քույրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված 23-ամյա Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ նոր լուրեր առայժմ չկան:
Արսենի հորեղբորորդին` Արմեն Խոջոյանը, կապ է հաստատել Կարմիր խաչի հայկական գրասենյակի հետ` ճշտելու` արդյոք նորություններ կան, թե ոչ: Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից հայտնել են, որ դեռևս նոր տեղություններ չկան:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը վերջի օրերին հայտնել էին հայ գերու հնարավոր վերադարձի մասին: Նշվել էր, որ բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի այս ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից մեկը` 14-ամյա Անի Խոջոյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է սուր ռևմատիկ տենդ 3-րդ աստիճանի ակտիվություն: Արսեն Խոջոյանի քույրը` Անին, արդեն իսկ հաշվառվել է <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Խնդիրը նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, և նշվել է, որ եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, ապա առողջապահական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ընտանիքին: Այս պահին Անիին պետք է ամիսը մեկ անգամ ներարկում կատարեն:
Տավուշի մարզպետարանի սոցիալական բաժնի ղեկավարը նշել է, որ առաջիկա օրերին Խոջոյանների ընտանիքին կտրամադրվի պետական ծրագրով նախատեսված սոցիալական նպաստ` 30 հազար դրամի չափով: Բաժնի ղեկավարը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ չնայած նպաստը մեկանգամյա է, սակայն մարզային իշխանությունը նախատեսել է ևս մեկ անգամ 30 հազար դրամի չափով օգնել: Վերին կարմիրաղբյուրի գյուղապետարանը Խոջոյանների ընտանիքին մի քանի պարկ ալյուր է փոխանցել:
Գերեվարված Արսեն Խոջոյանին հնարավոր է այս ամիս վերադարձնեն
Մարտի 7-ին Ադրբեջանի սահմանը հատած և գերի ընկած Արսեն Խոջոյանի մասին արբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններից հետո 23-ամյա տղայի ընտանիքի անդամները մի քիչ հանգստացել են: <<Էսօրվա հաղորդման վրա մի քիչ լավ ենք: Առավոտ 12-ից հաղորդում են>>,-Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արսենի մայրը:
Սվետա Խոջոյանի խոսքով, ապրիլի 7-ին կլրանա որդու գերեվարման մեկ ամիսը: <<Իրենց ասելով` հնարավոր վերադարձը պետք է լինի ամսի 17-ին կամ 20-ին: Չէ, էսօր ոչ մեկն էլ մեզ չի զանգել, 2 օր առաջ թուրքերի հաղորդածը լսեցինք: Մենք կոմպյուտեր չունենք, գնացել եմ Մովսես, քրոջս տանն եմ նայել, մի քիչ սիրտս հովացել ա, որ ասում են, ուրեմն էրեխես ողջ ա, երրորդ երկիր չի ուզում գնա>>,-ասաց տիկին Սվետան` ավելացնելով, որ ամուսինը` Անանիա Խոջոյանը, այսօր Մաֆլարում անասուններին խնամել, վերադարձել է Վերին կարմիրաղբյուր: Ու թեև որդու հնարավոր հանձնման մասին լսել է, բայց ամբողջ օրը չի կարողացել զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանի` հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են: Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական կոմիտեի քարտուղար Շաին Սաիլովը, գրում է Day.az-ը: «Բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հանարավոր կլինի վերադարձնել տղային: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում»:
Սաիլովը նաև նշել է, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել:
Այսօր ադրբեջական սահմանը հատած և գերի ընկած Արսեն Խոջոյանի ծննդյան օրն է
Մարտի 9-ը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնա 23 տարեկան: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 6-ին հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերավարվել: Նա ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
Արսենը բազմանդամ ընտանիքի անդրանիկ զավակն է, յոթ երեխաներից ավագը: Նա ունի երեք եղբայր և երեք քույր: Ի դեպ, Արսենի ավա քույրը` 13-ամյա Անի Խոջոյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, նոր է դուրս գրվել հիվանդանոցից, և գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում, որտեղ Խոջոյանները նաև իրենց անասուններն են պահում:
Գյուղացիների խոսքով, Արսենը գյուղից Մաֆլար է գնացել, որպեսզի փոխարինի անասնապահ հորը: Մի քանի անգամ զագնել, խոսել է, հարցուփորձ արել քույրերից, հետո տղայի բջջայինն անհասանելի է դարձել: Արդեն երեկոյան ծնողները հեռուստացույցով լսել են որդու գերեվարման մասին լուրը:
22-ամյա Արսեն Խոջոյանը ընտանեկան վեճի պատճառո ՞վ է հատել սահմանը
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը հատել է Ադրբեջանի հետ սահմանը և գերեվարվել: Համագյուղացիները Անկախ-ի թղթակցին տեղեկացրել են, որ Արսենն ապրում է բազմանդամ ընտանիքում, ունի երեք եղբայր և երեք քույր: Արսեն Խոջոյանը ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված և օրերս Հայաստանին հանձնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
Վերին կարմիրաղբյուրցիները պատմել են, որ իբր տղան մոր հետ առավոտյան վիճել է և ասել, որ <<թուրքի կողմն է անցնելու>>, մայրն էլ արձագանքել է` ասելով, թե <<հիմար չես, այ տղա>>:
Հաշվի առնելով, որ ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, համագյուղացիները ենթադրում են, որ ընտանեկան վճեը ծագել է կենցաղային հարցերի շուրջ:Հետո Արսենը զանգահարել է սիրած աղջկան, նրան ևս ասել, որ անցնելու է սահմանը:
Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն, և հնարավոր է, որ տղան սահմանը հատել է ոչ դիտավորյալ, այլ պատահաբար` թանձր մառախուղի պատճառով:
Արսենը սահմանը հատել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, այդ հատվածը Մաֆլար են անվանում: <<Լավ տղա ա շատ, նորմալ, մի քիչ նույնիսկ հպարտ>>,-նշել են Արսենի համագյուղացիները: