Իրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հնարավոր է իրանական գազն Իրաք արտահանվի հաջորդ տարվա գարնանը:
Մաջեդին, անդրադառնալով գազամուղի կառուցման հետ կապված խնդիրներին, ասել է, որ Իրաքի տարածքում արդեն ավարտվել է գազամուղի հիմնական մասի կառուցումը, իսկ իրանական տարածքում դեռևս ավարտված չէ:
«Իրանը Իրաքի հետ գազի մատակարարման երկու պայմանագիր է ստորագրել: Համաձայն այդ պայմանագրերի, գազամատակարարումն իրականացվելու է երկու ուղղությամբ՝ դեպի Բասրա և Բաղդադ»,- նշել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի միջազգային հարցերով տեղակալը:
Ալի Մաջեդին հավելել է, որ սկզբնական շրջանում օրական կմատակարարվի 7 մլն խորանարդ մետր գազ: Այդ ծավալը հետագայում կհասցվի մինչև 25 մլն խորանարդ մետրի:
Ուշագրավ է, որ Թեհրանն ու Բաղդադը բանակցում են, որ Իրաքին իրանական գազի մատակարարման ծավալը հետագայում հասցվի մինչև 40 մլն խորանարդ մետրի: Այսպիսով, Իրաքը, իրանական գազի գնման ծավալով, կարող է գերազանցել Թուրքիային:
Tag Archives: գազ
Իրանն արտահանվող գազի ծավալը կհասցնի 10 մլն խորանարդ մետրի
Իրանի գազի ազգային ընկերության ծրագրավորման հարցերով տնօրեն Հասան Մոնթազեր Թորաբին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2014 -ին արտահանվող իրանական գազի ծավալը կհասնի 10 մլրդ խորանարդ մետրի:
«Անցած տարի արտահանվել է 9 մլրդ խորանարդ մետր գազ: Այս տարի արտադրության թողունակությունը բարձրացնելով 80-100 մլն խորանարդ մետրով, Իրանը գազի արտահանումների ծավալը հասցնելու է 10 մլրդ խորանարդ մետրի»,- ասել է Հասան Մոնթազեր Թորաբին:
Ըստ Իրանի նավթի նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների` գազի արտադրության թողունակությունը բարձրանալու է և էլեկտրակայաններին տրվող գազի ծավալը մինչև տարեվերջ հասնելու է 42 մլրդ խորանարդ մետրի, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 6 մլրդ խորանարդ մետրով ավել է:
Ուշագրավ է, որ Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Ալի Մաջեդին վերջերս հայտարարել էր, որ Իրանը կարող է վստահելի գործընկեր լինել Եվրոպայի համար, պաշտոնական Թեհրանն ունի էներգետիկ ռեսուրսներ Եվրոպայի հետ համագործակցելու համար և պատրաստ է Հայաստանով գազ արտահանել դեպի Եվրոպա:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական գազի արտահանաման գործընթացում ի՞նչ խոչընդոտներ կան
Իրանի Իսլամական Հանրապետությունը գազի հարուստ պաշարներ ունենալով` հուսալի ու վստահելի տարբերակ է` տարածաշրջանը, նաև եվրոպական երկրներին գազով ապահովելու համար:
Իրանական գազի այս հնարավորություններն առաջին հերթին վախեցնում է ԱՄՆ-ին: Իրանում կա 35 տրիլիոն խորանարդ մետրից ավելի բնական գազ: Ներկայումս Իրանն օրական ստանում է 700 մլն խորանարդ մետր բնական գազ:
Ըստ վիճակագրական տվյալների` Իրանն արտահանման ծավալով չորս անգամ զիջում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: Իրանի կառավարությունը նախատեսում է մինչև 2015-ը կրկնապատկել գազի ստացման ծավալը:
Մասնագետները կանխատեսում են, որ 2014-2015-ի ընթացքում օրական կստացվի 890-950 մլն խորանարդ մետր բնական գազ: Չնայած այն բանին, որ Իրանին հարկավոր է մեծացնել գազի արտահանման ծավալը, ստացվող գազի մեծ մասը կսպառվի երկրի ներսում: Ունենալով գազի հսկայական պաշարներ` Իրանն ամեն կերպ փորձելու է այն վաճառել Եվրոպային: Համաշխարհային շուկան էլ իր հերթին չի հրաժարվի գազ գնել: Հետաքրքիր է միայն, թե այս պայմաններում ինչպե՞ս է Իրանը դաշնակցելու Ռուսաստանի հետ:
Իրանական գազը Եվրոպա արտահանելու հիմնական խոչընդոտներից է Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա հակամարտությունը: Բացի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից, որոնք արգելում են ներդրումներ կատարել Իրանի գազի արդյունաբերության մեջ, ԵՄ-ն, իր հերթին, էմբարգո է դրել Իրանի բնական գազի վրա:
Սպիտակ տունը հավատարիմ է իր գործելաոճին և խոչընդոտում է գազային արգելափակումից դուրս գալու Իրանի ցանկացած փորձ` ինչպես դեպի Եվրոպա, այնպես էլ Ասիա:
Իրանի և Պակիստանի միջև գազատարի կառուցման հիմնական արգելքն Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն են: Իսլամաբադը թեև կարիք ունի էներգետիկ ռեսուրսների, սակայն ձգձգում է այս ծրագրի իրականացումը: Պատճառն ոչ այնքան երկրում առկա տնտեսական բարդ իրավիճակն է, այլ Վաշինգտոնի ճնշումները: ԱՄՆ-ն պահանջում է, որ Պակիստանը հրաժարվի գազատարի կառուցման ծրագրից:
Իրանական կողմում վաղուց կառուցված է այս գազատարը: Գազատարի երկարությունը 1100 կմ է: Պակիստանն ունի բավարար ֆինանսական միջոցներ իր տարածքում կառուցվող գազատարի համար: Ներկայումս պատրաստ է գազատարի կառուցման նախագիծը: Սակայն պակիստանյան կողմը չի էլ սկսել կառուցման աշխատանքները:
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն տեղեկացրել է, որ կառուցումը կտևի 30-36 ամիս, սակայն Իրանը կարող է չեղյալ հայտարարել Պակիստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրը և հրաժարվել հսկայական եկամուտներից:
ԱՄՆ-ը, իրանական գազը հարևան երկրներ արտահանումը կանխելու համար, կողմ է Թուրքմենստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցման նախագծին: Այս գազատարի երկարությունը լինելու է 1700 կմ: Վաշինգտոնը փորձում է համոզել թուրքմենական կողմին, որ Աֆղանստանից եկող գազատարն անվտանգ է:
Ամերիկացիները հաշվի չեն առնում Աֆղանստանում տիրող անկայուն վիճակը և ճնշումներ են գործադրում: Աֆղանստանում կան այնպիսի շրջաններ, որտեղ կենտրոնական իշխանության դերը թույլ է, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն աչքի են ընկնում իրնեց անպատասխանատվությամբ, կոռումպացվածությամբ, ինչը թույլ է տալիս թալիբներին երկրի հարավում, հարավ-արևելքում և արևելքում ապակայունացնել դրությունը:
Վերջին տարիներում աշխարհում էներգետիկայի, հատկապես բնական գազի վառելիքի սպառման աճը պատճառ է դարձել, որ բնական գազը, որպես մաքուր վառելիք առավել քան երբևէ արդյունաբերական աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվի:
«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունը 2013-ի հունիսին հրապարակած աշխարհի էներգետիկայի վիճակագրական տվյալների մասին զեկույցում հայտարարել է, որ ԻԻՀ-ը 33 տրիլիոն 600 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ ունենալով, համարվում է բնական գազի պաշարներ ունեցող աշխարհի խոշորագույն երկիրը:
«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն իր զեկույցում նշել է, որ Ռուսաստանն ունի բնական գազի 32 տրիլիոն 900 միլիարդ, իսկ Քաթարը 25 տրիլիոն 100 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշար: Այդ երկրներն էլ աշխարհում զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը:
Բրիտանիան, չնայած պատժամիջոցներին, անմիջապես Ռուսաստանից կգնի գազը
Ուղիղ մատակարարմամբ կզբաղվի բրիտանական էներգետիկ Centrica ընկերությունը: Գազամատակարարումը կսկսվի արդեն այս տարվա հոկտեմբերից:
Huffington Post հրատարակությունը գրում է, որ հիմա երկիրը Ռուսաստանից գազն անմիջապես չի ստանում, այլ այդ վառելանյութը Բրիտանական կղզիներ է հասնում Գերմանիայի ու մյուս եվրոպական երկների միջոցով:
Էնրգետիկ խոշորագույն Centrica ընկերությունը հաստատել է, որ իր պլաններն ուժի մեջ են մնում, չնայած Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանմանն ու եվրոպացի քաղաքական գործիչների կողմից Ռուսաստանից էներգակախվածությունը նվազեցնելու փորձերին:
« «Նաիրիտն» ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով». Վազգեն Սաֆարյան
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նաիրիտ» գործարանն ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Իրանի հետ կարելի է պայմանավորվել բարտերային մեխանիզմի` «գազ կաուչուկի դիմաց» սկզբունքով:
Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման դեպքում կօգտագործվի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ:
«Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկը: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Ներկայումս աշխարհում ընդամենը 6 այդպիսի գործարաններ կան, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա` իրանական գազ օգտագործելու դեպքում միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու և ընկերության ունեցած պարտքերը, այդ թվում աշխատավարձի, մարելու համար:
Անդրադառնալով երկրապահների համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի և ծծմբաթթվի արտադրության վերականգնման:
«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը:
Արդիականացված գազալցակայնաններ Որքանո՞վ են ճշգրիտ աշխատում բաշխիչ աշտարակները
Գազի լիցքավորման ոլորտում կարծես տնտեսվարողների հաճախակի խախտումները կանոնակարգվել են: Դեռևս տարիներ առաջ պետությունը որոշում էր կայացրել բարեփոխել նաև այս ոլորտը և տնտեսվարողներին օրինական դաշտ բերելուն զուգահեռ պահանջել պատճաշ գործունեություն: Այսինքն` ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել բոլոր ԱԳԼՃԿ-ներում, որպես պարտադիր պահանջ, տեղադրել բաշխիչ աշտարակներ: Այսինքն` հանրապետության տարածքի բոլոր գազալիցքավորման սպասարկման գործող կազմակերպությունները պետք է որոշակի ժամանակահատվածում պարտադիր տեղադրած լինեին բաշխիչ աշտարակներ` ապահովելով գազալիցքավորման նորմերի անվտանգության և տեխնիկական բոլոր պահանջները:
Սակայն օրենքի պարտադիր պահանջը ժամանակավորապես հետաձգվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, չծանրացնելու համար տնտեսվարողների բեռը: Օրենքի կիրառումը վերսկսվեց միայն 2011 թ., բայց մասամբ, որովհետև տնտեսվարող սուբյկետները հրաժարվեցին կատարել օրենքի պարտադիր պահանջը: Բնականաբար, տուգանքեր եղան, և շատ տնտեսվարողներ կա՛մ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ էլ վերսկսեցին այն աշտարակները տեղադրելուց հետո:
Ի՞նչ իրավիճակ է այսօր: Նախ` գազալցակայաններից օգտվողների թիվն անհամեմատ մեծացել է, տրանսպորտային միջոցներից շատերն այսօր շահագործվում են հենց հեղուկ գազով: Ուստի ոլորտում արձանագրվող խախտումները դարձել էին ակներև, սպառողը հստակ չեր կարողանում տեսնել լիցքավորվող գազի քանակը, բացի այդ. 500 դրամ թեյավճար էր մուծում յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ: Հաճախակի էին խախտումներ արձանագրվում: Մի խոսքով, գազալիցքավորման գործընթացը պայթյունավտանգ էր:
Պետությունը, փորձելով աջակցել սպառողներին, պարտադրեց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին տեղադրել այդ բաշխիչ աշտարակները: Ինչքանո՞վ է դա թեթևացնում տնտեսվարողների և սպառողների բեռը: Դրանց տեղադրումն ունի մի քանի առավելություններ և բացի անվտանգության երաշխիքից, որոշում է նաև լիցքավորվող գազի ճնշումը, քանակն ու գանձվող գումարը: Այս ամենը յուրաքանաչյուր սպառող կարող է ցուցանակի վրա տեսնել: Իսկ ավելի լիցքավորվելու դեպքում, եթե նախկինում կարող էր պայթյուն լինել, այս պարագայում ազդանշան է միանում և կանխում գերլիցքավորվելու վտանգը: Նշենք, որ բաշխիչ աշտարակները հնարավորություն են տալիս ճշտելու հեղուկ գազի մթնոլորտային ճնշումը և լիցքավորվող գազի քանակությունը: Այս պարագայում բացակայում է յուրաքանչյուր սպառողից գանձվող 500 դրամ թեյավճարը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2008-ին, երբ ընդունվեց այդ որոշումը, հանրապետությունում գործում էր այդ բիզնեսով զբաղվող 315 կազմակերպություն: Այնուհետև բոլոր գազալցակայաններում իրականացվեցին ստուգումներ, բաշխիչ աշտարակներ չտեղադրած բոլոր տնտեսվարող սուբյեկտների շրջանում նշանակվեցին վարչական տուգանքներ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Ի դեպ, այն ԱԳԼՃԿ-ն, որը չունի տեղադրված բաշխիչ աշտարակ, գազալիցքավորելիս, ինչպես արդեն նշեցինք, սպառողից գանձում էր հավելյալ թեյավճար և առավել մեծ ճնշումով լիցքավորում մեքենան: Տվյալ բաշխիչ աշտարակի առկայության պարագայում թեյավճարի պարտադիր մուծումը վերանում է, քանի որ բաշխիչ աշտարակը թույլ չի տալիս առավելագույն ճնշումից ավելի գազ լիցքավորվել. այն ավտոմատ անջատվում է:
Նշենք, որ համակարգը նախատեսված է ԱԳԼՃԿ-ում ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների լիցքավորման գործընթացը ավտոմատացնելու համար, ինչի շնորհիվ այն ապահովում է նաև լիցքավորման առանձին փուլերի բաղդատումը, չափումն ու վերահսկումը` միաժամանակ նվազեցնելով մարդկային գործոնի միջամտությունը:
Ինչո՞ւ էր առ այսօր հետաձգվում դրանց տեղադրման գործընթաց: Նախ` դրանք պետք է ձեռք բերվեին տնտեսվարողի հաշվին, ինչը ոչ բոլորին էր ձեռնտու, բացի այդ, շատերի համար պարզապես շահեկան չէր բարեխիղճ և ազնիվ աշխատելը: Անցյալ տարի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզ էր դարձել, որ ոլորտում գործող ընկերություններից միայն 5-ն են տեղադրել բաշխիչ աշտարակներ, իսկ նախորդ տարվա ստուգումներից հետո դրանց թիվը հասել էր 178-ի:
Առաջին փուլում բոլոր կազմակերպություններին ուղարկվել են նամակներ կառավարության որոշման վերաբերյալ: Այն չկատարելու դեպքում տնտեսվարողները վճարել են վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, իսկ ոմանց գործունեությունն էլ դադարեցվել է: 2012-ի վերջին մարզերի գազալցակայանների 90 տոկոսը, իսկ Երևանում գործող ընկերություններից շատերը տեղադրեցին դրանք: Ընդ որում, դաշտն ազատ է, և տնտեսվարողներն իրենք են ընտրել, թե որտեղից բաշխիչ աշտարակներ ձեռք բերեն: Որոշ ԱԳԼՃԿ-ներ դրանք ներկրել են Չինաստանից, Վրաստանից և Եվրոպայից: Իսկ մեծ մասը նախընտրում է աշտարակները գնել Հայաստանում արտադրող երեք կազմակերպություններից:
Թե ինչքանով ճշգրիտ կաշխատեն դրանք, Լևոն Խալիկյանի համոզմամբ, կախված է ստուգաչափման գործընթացից: Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետները դրանք գործարկելուց առաջ, հենց տեղում իրականացնում են ստուգաչափման աշխատանքներ և տրված վկայականի հիման վրա թույլատրում դրանց շահագործումը:
Բաշխիչ աշտարակների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են, և հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններն այժմ աշխատում են օրենքի պարտադիր պահանջը կիրառելով, սակայն հարցը կարծես թե լիովին լուծված չէ: Քանի որ շատ վարորդներ դժգոհում են, որ թեպետ այլևս ստիպված չեն թեյավճարներ մուծել, գազալիցքավորման հարցում իրենց նկատմամբ օբյկետիվ չեն: Այսինքն` վճարածի դիմաց իրենց գազաբալոնները նվազ չափով են լիցքավորվում: Վերջերս մի ավտովարորդ Մալաթիա համայքնի գազալցակայանների աշխատակիցներից մեկին հայտնել էր իր դժգոհությունը, իսկ նրան առաջարկել են այդ հարցով անհանգստացնել միայն տնօրինությանը: Սակայն տնօրինությանը դիմելու հնարավորություն այդպես էլ չի ստեղծվել: Փաստորեն, նույնիսկ բաշխիչ աշտարակների գոյությունը չի ապահովագրում անճշտություններից:
Լ.Ն
Ադրբեջանը Իրաքին առաջարկում է ելք դեպի եվրոպական գազային միջանցք
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրաք կատարած պաշտոնական այցի ժամանակ որպես օգնություն Իրաքին առաջարկել է ելք դեպի Հարավային գազային միջանցք, որը կապում է Կասպից ծովը Եվրամիության հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Իրաքի պաշտոնյաները արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը», այս նախագիծը աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից և դրա նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: «Սա հսկա նախագիծ է՝ մեծ հնարավորություններով, եթե իհարկե Իրաքը իր հերթին հետաքրքրություն ցուցաբերի և սկսի իր բնական գազի մատակարարումը առաջարկված պայմաններով: Ուրիշ երկրներն էլ ցանկության դեպքում կարող են այս նախագծին միանալ: մՄենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել այն երկրների հետ, որոնք կցանկանան միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին»,-ասել է Մամեդյարովը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Վանաձորի խոշոր վթարի հետևանքները վերացվել են. Արմեն Գևորգյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
65 հազար ընտանիքի ծախսած գազի գումարը մասամբ կվճարի պետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր տրամադրվող աջակցությունը: Մասնավորապես, 2013թ. երկրորդ կիսամյակում և 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում սպառված բնական գազի սակագնի մեղմացման համար կառավարությունը որոշել է փոխհատուցել ներկայիս գործող գազի սակագնի (156 դրամի) 56 դրամը` նախկինում սահմանված սպառված բնական գազի նույն չափաքանակի համար: Որոշումը վերաբերում է ընտանեկան նպաստի իրավունք ունեցող շուրջ 65 հազար ընտանիքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մամուլի միջոցով շահառուներին ծանոթացնել նրանց սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին:
Թուրքիան ամենացածր գնով գազ ձեռք է բերում Ադրբեջանից
Թուրքիան յուրաքանչյուր հազար խորանարդ մետր գազ ձեռք բերելու համար Ադրբեջանին վճարում է 335 դոլար: Թուրքիան նույն ծավալի գազի համար Ռուսաստանին վճարում է 425 դոլար, իսկ Իրանին`490 դոլար, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով “Զաման”-ին:
Առաջիկա օրերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Իրան: Վերջինս կփորձի նվազեցնել գազի գինը. Իրանը ի համեմատություն Ադրբեջանի և Ռուսաստանի վաճառած գազի գնի, այն Թուրքիային ավելի թանկ գնով է մատակարարում:
Նշենք, որ ավելի վաղ “Բոթաշ” թուրքական ընկերությունը դիմել է Միջազգային տնտեսական դատարան` իրանական գազի բարձր գնի և դրա նվազեցման առնչությամբ:
Թուրքմենստանում բնակիչները կվճարեն գազի համար
Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը բնակիչների տներում գազաչափեր կտեղադրի՝ այդպիսով վերջ դնելով անվճար գազի մատակարարմանը էներգետիկ հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շաբաթ օրը հեռուստատեսությամբ հայտնել է, որ կառավարությունը այդ որոշմամբ հույս ունի դրդել մարդկանց էներգիան ավելի խնայողաբար օգտագործել:
Երկիրը գազի պաշարներով աշխարհում չորրորդն է: Այստեղ գազը, էլեկտրականությունը և ջուրը 1993թ-ից ի վեր մարդկանց անվճար են մատակարարվում:
Բերդիմուհամեդովը 2006թ-ին նախագահ դառնալուց հետո խոստացել էր այդ քաղաքականությունը շարունակել մինչև 2030թ-ը:
Նա հիմնականում մահմեդականներով բնակեցված, հինգ միլիոն բնակչությամբ երկրում երկաթե բռունցքի քաղաքականություն է վարում, որտեղ արգելված է տարակարծիք կամ ազատ մամուլի գոյությունը:
Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Ռուսաստան
Ադրբեջանը հունվարի 13-ից տեխնիկական պատճառներով դադարեցրել է Ռուսաստան գազամատակարարումը: Մատակարարման վերականգնման ժամկետները հայտնի չեն, հայտնում է “Հագին” կայքը` վկայակոչելով “Փրայմ” գործակալությանը։
“Մատակարարումները դադարեցվել են հունվարի 13-ին՝ առավոտյան ժամը 10։00-ին։ Պատճառը տեխնիկական է, վերականգնման ժամկետներն անհայտ են”,-նշված է հայտարարությունում։
Մինչ դադարեցումը Ադրբեջանը Ռուսաստան մատակարարում էր օրական 3 մլն խմ գազ։ Նախնական տվյալների համաձայն`Ադրբեջանից ՌԴ գազի մատակարարման ծավալը 2013թ.-ին նվազել է 31,5%-ով:
Ադրբեջանի նախկին նախագահի գազը դադարեցվել է պարտքի պատճառով
Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առանձնատան գազամատակարարումը, գումար չվճարելու պատճառով, դադարեցվել է։
Նախկին նախագահի դուստրը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին գազի գրասենյակի աշխատակիցներն անջատել են առանձնատան գազը, որտեղ բնակվում է նախկին նախագահի կինը, դուստրն ու թոռնիկը, հաղորդում է “Հագին” կայքը:
Պարզվել է, որ Էլչիբեյի ընտանիքը գազի դիմաց 700 մանաթի պարտք ունի։
Նրա ընտանիքի` անջատումը հետաձգելու խնդրանքը չի ազդել շրջանի գազամատակարարման ծառայության աշխատակիցների վրա, և արդյունքում նախկին նախագահի ընտանիքը ձմռանը մնացել է առանց ջեռուցման։
Ադրբեջանի 2-րդ նախագահը` Ալիև Աբդուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլուն, նախագահել է 1992թ.-ի հունիսի 7-ից 1993թ.-ի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Գազի արտահոսք մանկապարտեզում
Հունիսի 25-ին, ժամը 21.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի առաջին մանկապարտեզում գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դուրյան թաղամասի 50 հասցեում գտնվող թիվ 54 մանկապարտեզի բաց պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Զոհեր և տուժածներ չկան:
Հունաստանը մտադիր է 400 մլն եվրոյով Ադրբեջանին վաճառել DESFA գազային ընկերությունը
Հունական իշխանությունները մտադիր են DESFA գազային ընկերությունն ադրբեջանական SOCAR ընկերությանը վաճառել 400 մլն եվրոյով: Դրա արդյունքում Աթենքը կվաճառի գազի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկության 66% բաժնետոմսերը։
Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum-ին, իսկ 31%-ը՝ կառավարությանը: Վաճառքի դեպքում կառավարությանը կստանա մոտ 188 մլն եվրո, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” կայքը:
Բացի SOCAR-ից DESFA–ն ցանկանում էին գնել նաև ռուսական “Սինթեզ” և հույն-չեխական “PPF-Terna” ընկերությունները, սակայն դրանք հունիսին հրաժարվել են այդ մտքից։
«ՀայՌուսգազարդ»-ն առաջարկում է գազի գինը բարձրացնել 67 տոկոսով
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագնի ու ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի, ինչպես նաև Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ), Բնական գազի բաշխման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) և Բնական գազի փոխադրման գործունեության ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ«Տրանսգազ» ՍՊԸ) սակագների վերանայման հայտերով. Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից:
Ամսական մինչև 10.0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի`
– գործող սակագինը 132 000 դրամ, ներառյալ ԱԱՀ,
– առաջարկվող սակագինը 221 000 դրամ, ներառյալ ԱԱՀ:
Ամսական 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման`
– գործող բանաձևը` P =243.13 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, 7900կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
– առաջարկվող բանաձևը` P = 392.05 x E, որտեղ P-ն 10.0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառողներին (բաժանորդներին) վաճառվող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազ.խմ), ներառյալ ԱԱՀ, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայ¬կական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման`
– գործող սակագինը` 20.618 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 33.695 դրամ` ներառյալ ԱԱՀ, ներկրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:
Բնական գազի բաշխման`
– գործող սակագինը` 13709.698 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 26638.071 դրամ` ներառյալ ԱԱՀ, բաշխված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար:
Բնական գազի փոխադրման`
– գործող սակագինը` 6948.266 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար,
– առաջարկվող սակագինը` 12989.186 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխադրված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար: