Թուրքիան առաջին անգամ նախագահ է ընտրելու ժողովրդի ուղիղ քվեարկությամբ

o_992382Թուրքիան պատրաստվում է երկրի համար պատմական ընտրությունների: Առաջին անգամ այն անց է կացվելու ուղիղ քվեարկությամբ.մինչ այդ պետության ղեկավար էր ընտրում խորհրդարանը: Այսօր հանրապետությունում լռության օր է ու ցանկացած տեսակի քարոզ` արգելված: Հարցման համաձայն, վարչապետ Էրդողանի հետ մրցակցության մեջ է Էքմելեդին Իհսանօղլուն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելյահաթին Դեմիտաշը:

Էրդողանի հաղթանակը` քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ սահմանադրական փոփոխություններ բերել.խորհրդարանական հանրապետությանը կփոխարինի նախագահականը: Պետության  ու կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում Էրդողանի համար առավելագույն ժամկետը լրացել է, ուստի, նախագահական մրզավազքում հաղթանակը նրա վերջին հնարավորությունն է մեծ քաղաքականության մեջ մնալու, հաղորդում է “Россия 24”-ը:

Թուրքիայի նախագահի թեկնածուներից ֆավորիտը Թայիփ Էրդողանն է. թուրքագետ

Gevorg_PetrosyanԱյս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ են համարվում, ինչո՞ւ:
– Ընտրությունների առաջին փուլը կայանալու է 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ երկրորդը` նույն ամսվա 24-ին, եթե առաջին փուլում թեկնածուներից մեկը չստանա ձայների կեսից ավելին: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը, ինչպես նախկինում էր: Բացի այդ, այս ընտրություններին ենթադրաբար հետևելիք սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի նախագահի պաշտոնի կարևորությունն ու դերը զգալի կբարձրանա, և փորձ կկատարվի անցնել նախագահական կառավարման ձևին: Սա հնարավոր է, եթե նախագահի ընտրություններում հաղթի իշխող կուսակցության` ԱԶԿ-ի թեկնածուն:

– Անդրադառնանք Թուրքիայի նախընտրական վիճակին, ի՞նչ իրավիճակ է այժմ ստեղծված Թուրքիայում` նախընտրական փուլում:
– «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցություններն առաջադրել են միասնական թեկնածու, որպեսզի կարողանան պայքարել ԱԶԿ-ի հետ, որն էլ հուլիսի 1-ին ներկայացրեց իր թեկնածուին` Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Ընդդիմության միասնական թեկնածուն Էքմելեդին Իհսանօղլուն է, որ առավելապես հայտնի է իր աշխատանքով Իսլամական համագործակցության կազմակերպությունում: Նա վերոնշյալ կուսակցությունների անդամ չէ և մեծապես զուգակցվում է իսլամի հետ: Այսպիսով, քեմալականներն ու ազգայնականները փորձում են իսլամի հետ առնչվող անձով պայքարել իսլամամետ իշխող ուժի դեմ: Ամփոփելով պետք է նշել, որ Էրդողանը ներկա իրավիճակում բացարձակ առավելություն ունի իր գլխավոր մրցակցի` Իհսանօղլուի նկատմամբ, որը ոչ միայն ներքին քաղաքականությունում հայտնի խաղացող չէ, այլև չի վայելում քեմալական բոլոր ղեկավարների աջակցությունը: Եվս մեկ թեկնածու էլ ունեն քրդերը:

–Ինչո՞ւ ընդդիմության ընտրությունը կանգնեց Էքմելեդին Իհսանօղլուի վրա, նրա թեկնածությունն առաջադրելով` ի՞նչ են փորձում անել ԱՇԿ-ն ու ԺՀԿ-ն:
– Եվ ի՞նչ են փորձում անել նախագահական թեկնածուի հարցով միավորված ընդդիմադիր կուսակցությունները` առաջադրելով մի թեկնածուի, որն ընտրողներին ներկայանում է որպես պահպանողական և իսլամամետ: Ընդ որում, կուսակցություններում ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել Իհսանօղլուի թեկնածությունը: Նախ` դիտարկենք Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության` ԺՀԿ-ի քայլերը, որն աչքի չի ընկնում ընտրողների ստվար զանգվածով, թեև ունի կայուն ընտրազանգված: Ժամանակակից քեմալականները հասկացել են, որ միայն ավանդական քեմալական ընտրազանգվածի միջոցով (քանակը չի բավականացնում) ընտրություններում հաղթելը գրեթե անհնար է, ուստի ժամանակն է մտածել քրդերի, ինչպես նաև իսլամամետ դիրքորոշում ունեցող ընտրողների ձայները ստանալու մասին, ինչն էլ տարիներ շարունակ հաջողությամբ անում է մրցակից ԱԶԿ-ն: Նախ հիշենք, որ ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վերագրում են քրդական ծագում, ինչը որոշակիորեն կարելի է կապել քրդական ձայները ստանալու ակնկալիքի հետ: Եվ ահա, արդեն Իհսանօղլուի առաջադրմամբ, որը, ինչպես նշեցինք, ընտրողների լայն զանգվածների համար նախևառաջ ասոցացվում է իսլամի հետ, ԺՀԿ-ն փորձում է ձայներ ստանալ նաև իշխող կուսակցության, այսպես ասած, իսլամամետ ընտրազանգվածից: Իսկ ահա ազգայնականների հետ համագործակցությունը նույնպես հասկանալի է, քանի որ այս քաղաքական ուժը նույնպես կայուն ընտրազանգված ունի, որն աչքի է ընկնում ոչ միայն ազգայնամոլ կեցվածքով, այլև կրոնական և քաղաքական պահպանողականությամբ: ԱՇԿ-ն իր հերթին հնարավորություն է ստանում մտնելու լուրջ պայքարի մեջ նախագահի ընտրություններում, ինչը միայնակ գործելու դեպքում հնարավորություն չէր թողնում «Գորշ գայլերի» քաղաքական ճյուղին:

-Ո՞րը կլինի իշխող ԱԶԿ-ի հակաքայլը ընդդիմադիր ուժերի առաջարկած խաղի կանոններին:
– Հակաքայլն Էրդողանն է, որ ներկայումս ընտրությունների գլխավոր ֆավորիտն է համարվում: Էրդողանի կերպարն ու անցած ուղին, ինչպես նաև ընտրություններում ունեցած փորձը և ընտրազանգվածը… Նախորդ ընտրություններում մշտապես ԱԶԿ-ն վստահ հաղթանակ է տարել, և նախագահական ընտրությունների համար կատալիզատորի դեր ստանձնած այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանն ու իր կուսակցությունը շարունակում են վայելել ընտրողների լայն զանգվածների աջակցությունը, և սա այն դեպքում, երբ Էրդողանի անվան հետ կապվեցին մի շարք սկանդալներ:

–Իրադարձութուններն ի՞նչ ընթացք կունենան, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Եթե լուրջ ցնցումներ չլինեն, Էրդողանի հաղթանակը կասկածի տակ գրեթե չի դրվում, սակայն պետք է հասկանանք, որ ինչպես եղավ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ երաշխիք չկա, որ Էրդողանի և նրա գլխավորած կուսակցության դեմ նոր հզոր քայլեր չեն ձեռնարկվի: Ամեն դեպքում, Էրդողանը ցույց է տվել, որ կարողացել է հաղթահարել Գեզիի դեպքերի մակարդակի խոշոր հասարակական ցնցումը, ինչպես և գյուլենական միջամտությամբ կոռուպցիոն սկանդալը: Ամեն դեպքում, Թուրքիայում քաղաքական գործընթացներն այնքան էլ հստակ ու պարզ չեն, և Էրդողանի համար ոչ նպատակահարմար զարգացումները բացառելը նույնպես սխալ կլինի: Ընտրապայքարի ակտիվ փուլը դեռ առջևում է, և որոշակի ժամանակ անց հնարավոր կլինի ավելի հստակ գնահատական տալ: Ամեն դեպքում` ամառը թեժ է լինելու:
–Այս ընտրություններից Թուրքիան ինչպե՞ս դուրս կգա, ի՞նչ Թուրքիա կլինի ընտրություններից հետո:
– Կարծում եմ` հաջորդ քայլը սահմանադրական փոփոխություններն են, մյուս խոշոր գործընթացը դա է լինելու, ու անցումը նախագահական կառավարմանը` «սուլթան» Էրդողանի գլխավորությամբ: Էրդողանը միանշանակ ձգտելու է իր իշխանության ամրապնդմանը, որին հասնելու համար որոշակի սահմանադրական փոփոխություններ կանի, հետո կարևոր է քրդական գործոնը, թե ինչ քայլ կանի նաև այդ ուղղությամբ:

– Ի դեպ, քրդերը Թուրքիայում մեծ թիվ են կազմում, թեկնածու էլ ունեն, ինչպե՞ս կանդրադառնան այդ երկու հանգամանքները ընտրությունների վրա:
– Ընդհանրապես ԱԶԿ-ն ընտրություններում հենվում է նաև քրդական ձայների վրա, ինչը ընտրապայքարում մեծ կարևորություն է ստանում: Չեմ կարծում, թե քուրդ թեկնածուն կարող է լուրջ դերակատարում ունենալ կամ խանգարել Էրդողանի քրդական ձայներ ստանալուն: Նրա ներկայությունն ավելի շատ խորհրդանշական եմ դիտում, պարզապես Թուրքիայի նախագահական ընտրություններում ունենալ քուրդ թեկնածու:

– Անդրադառնանք Թուրքիայում կայանալիք ընտրություններին հայկական շահի տեսանկյունից. մեզ համար կարևորն ի՞նչ է, ու ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք այդ ընտրություններից
– Կարծում եմ, որ ընտրություններից հետո Թուրքիայում կարող են լուրջ գործընթացներ սկսվել ինչպես սահմանադրական փոփոխության առումով, այնպես էլ քրդական հարցում, ինչպես և Մերձավոր Արևելքում նոր իրականության հետ հաշվի նստելով («Իրաքի և Լևանտի (Ասորիքի) պետություն» խմբավորման հետևանքները): Պետք է ժամանակին արձագանքելու պատրաստ լինենք: Բացի այդ, պետք է հասկանանք, որ ԱԶԿ-ն, եթե լուրջ ցնցումներ չլինեն, շարունակելու է լինել Թուրքիայի ղեկին, և հարաբերությունները պետք է կառուցենք` հիմք ընդունելով այդ քաղաքական ուժի հետ հարաբերվելու մեր նախկին փորձը:
Վերցնենք Թուրքիայի գործող քաղաքական ուժերի գաղափարական կողմը: Էրդողանին ընդդիմություն են կազմում ազգայնականներն ու քեմալականները, որոնց հիմքում հակահայ էությունն է: Եվ ընդհանրապես, տասնամյակներ շարունակ թուրքական պետությունն ինքնին Հայաստանի և հայերի դեմ է կառուցվել, և իշխանության ղեկին եղած այս կամ այն քաղաքական ուժը չէ, որ որոշում է Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների ձևն ու մակարդակը: Նախ և առաջ կա պետական մոտեցում, պետական ավանդույթներ, որոնք փոխելու համար կառավարությունների հսկա ջանքեր ու ահռելի կամք է պետք: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կապված է ոչ այնքան այս կամ այն կուսակցության և քաղաքական ուժի հետ, որն այդ պահին իշխանության ղեկին է, որքան թուրքական պետության:

– Դեպքերի ո՞ր ընթացքը կլինի առավել ձեռնտու հայկական շահերի տեսանկյունից:
– Փորձը ցույց է տվել, որ հաճախ հայկական շահերից է բխում Թուրքիայում խառնակ իրավիճակը, երբ այդ երկիրը չի կարողանում իր ողջ ռեսուրսներն ուղղել Հայաստանի դեմ: Առայժմ նման զարգացման նախապայմաններ չկան: Էրդողանի ղեկավարմանը քիչ թե շատ ծանոթ ենք: Իսկ թե ինչ կլինի գաղափարապես հակահայ կեցվածք ունեցող երկու ուժերի միասնական թեկնածուի հնարավոր կառավարման տարիներին, դժվար է ասել, քանի որ նախ նրան գործի մեջ պետք է տեսնել…

Հարցազրույցը` Գևորգ Ավչյանի

Նախագահական ընտրություներից հետո Սիրիայում իրավիճակը չի խաղաղվի

Syria_electionsՍիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը, ըստ հրապարակումների, կազմել է 95 տոկոս, իսկ նախնական հարցումների ու արդյունքների համաձայն` ընտրություններին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը իր վստահության քվեն տվել է գործող նախագահ Բաշար Ասադին: Նշենք, որ սիրիական օրենքների համաձայն` ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է ստանալ ձայների 50 տոկոսը` գումարած 1 քվե:

Արժե նայել, թե ինչ պայմաններում էին անցնում այդ ընտրությունները:
Ըստ Սիրիայի սահմանադրության` ընտրությունները պետք է տեղի ունենային մինչև հուլիս ամիսը, քանի որ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին:
Առաջին անգամ ընտրություններին իրավունք ունեին մասնակցելու մեկից ավելի թեկածուներ, քանի որ 50 տարվա մեջ առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ զուգահեռ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 2 այլ ներկայացուցիչներ: Սակայն մեծ մասը կասկած չուներ, որ կհաղթի Բաշար ալ Ասադը, որ Սիրիայում իշխանության ղեկին է 2000 թվականից և նախագահի պաշտոնում փոխարինել է հորը` ՀաՖես Ասադին:

Սիրիայի քաղաքացիներն առաջին անգամ, 2012 թ. նոր սահմանադրության համաձայն, 7 տարի ժամկետով պետք է ընտրեին երկրի նախագահին: Ըստ 2012 թ. փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր սահմանադրության 88-րդ հոդվածի` նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ: Սիրիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում հետևում էին իշխանության գործադիր ղեկավարները, իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Սկզբնական փուլում անհասկանալի էր, թե ինչպես է կառավարությունը մտադիր կազմակերպել քվեարկությունը երկրի այն հատվածներում, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ: Չէր նշվում նաև, թե ինչպես են վարվելու այն միլիոնավոր մարդկանց հետ, որոնք վերջին երեք տարում տեղահանվել են իրենց տներից և փախստականի կարգավիճակով գտնվում են հարևան երկրներում, որտեղ, ի դեպ, 2011-ից ի վեր սիրիական դեսպանությունները փակվել են: Սիրիայում ԿԸՀ-ին փոխարինող արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեի ղեկավար Հիշամ Աշ-Շահարը հայտարարել էր. «Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ կարող է»: Բայց պարզ էր, որ քվեարկությունն անցկացվելու է այն շրջաններում, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության ներքո:

Նայենք, թե ինչ քաղաքական խորապատկերում անցան ընտրությունները: Հենց այն պահից, երբ Մոհամմեդ Լահամը հայտարարեց Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Ասադի հակառակորդ գործիչներն անմիջապես հանդես եկան հայտարարությամբ` դա անվանելով «ֆարս», իսկ Ասադի հակառակորդների կողմնակից միջազգային ուժերը ընտրություններ անցկացնելու ծրագիրը համարեցին «ժողովրդավարության ծաղրանք»: Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել էին, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտեց: Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանեց «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»:
Արևմուտքի ղեկավարները դատապարտեցին չավարտված պատերազմի ընթացքում ընտրություն անցկացնելու որոշումը:

arm140177689321Հիշեցնենք` Սիրիան 2011 թ. մարտից գտնվում է ներքաղաքական ճգնաժամի` փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված:

Ասադը փորձում է ռեաբիլիտացիայի ենթարկվել, Արևմուտքը` խանգարել դրան

Սիրիայի իշխանությունների կարծիքով` այս ընտրությունը կարող է պատերազմի ավարտի հանգեցնել: Եթե ժողովուրդն Ասադին ընտրի, զինված հակամարտությունը պետք է դադարեցվի, իսկ եթե չընտրի` Ասադը պետք է հեռանա:
Երբ հայտարարվեց ընտրությունների անցկացման մասին, վերլուծաբանները նշում էին, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել որպես ճգնաժամը լուծելու միջոց: Ու չէին սխալվում: Սիրիայի գործող նախագահ Ասադն ապրիլի կեսերին ասել էր, որ հակամարտությունը թևակոխել է «շրջադարձային փուլ» ապստամբների նկատմամբ Սիրիայի ուժերի առավելություն ձեռք բերելու շնորհիվ: Հետո Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ասաց, որ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակն աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում:

Բուն ընտրությունները, ճիշտ է, ուղեկցվեցին հրաձգություններով, մարտերով և այլն, բայց առանձնապես ոչ մի արտառոց բան չեղավ: Քվեարկության ընթացքին հետևում էին խորհրդարանականներ 30 բարեկամ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից:
Սիրիացիների մասնակցությունը ընտրություններին, եթե, իհարկե, հնարավոր է դատել միջազգային լրատվամիջոցներով հրապարակված տեսա-լուսանկարահանված կադրերից, աննախադեպ ակտիվ էր:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն արդեն անդրադարձել է Սիրիայում երեկ կայացած նախագահական ընտրություններին` դրանք որակելով «խայտառակություն»: Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը հայտարարել է, որ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում ինքնառաջադրված Բաշար ալ Ասադը, որ նաև գործող նախագահն է, չի վայելում Միացյալ Նահանգների վստահությունը:
Արևմուտքն ու Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ, ինչը նշանակում է, որ Արևմուտքն ու նրա մերձավորարևելյան դաշնակիցները Ասադի հետ` որպես լեգիտիմ նախագահի, չեն պատրաստվում նստել բանակցությունների սեղանին ու շարունակելու են աջակցել ապստամբներին:
Բայց Սիրիան Արևմուտքի ու նրա մերձավորարևելյան ուղեկիցների դեմ մենակ չմնաց. ի հակադրություն Արևմուտքի, Իրանն ու Ռուսաստանը հանդես եկան սիրիական ընտրություններն աջակցող հայտարարություններով: «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն Սիրիայի ժողովրդի շահերի պաշտպանությանն ու ճգնաժամից դուրս գալուն, և ի վերջո այդ երկրում կհաստատվի կայունությունն ու խաղաղությունը»,- ասվում է մասնավորապես Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ընտրությունների ընթացքին հետևող Ռուսաստանի պատվիրակությունն էլ հայտարարեց, որ Սիրիայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Այսպիսով, Բաշար Ասադը կշարունակի պաշտոնավարել արդեն որպես Սիրիայի լեգիտիմ նախագահ` ունենալով Իրանի, Ռուսաստանի և մի շարք այլ բարեկամ երկրների աջակցությունը: Եվ, համապատասխանաբար, իր հակաքայլերն է անելու Արևմուտքի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Սիրիայում իրավիճակը ոչ թե խաղաղվելու է, այլ ավելի է թեժանալու:

 

Իրանի ԱԳՆ. «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է»

saxteman e vezarat e omur e xarejee iranԻրանի արտաքին գործերի նախարարության կայքը Սիրիայի նախագահի ընտրությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է:

«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Սիրիայում ժողովրդի շահերը չոտնահարվեն և երկիրը դուրս գա ճգնաժամից և, ի վերջո, հաստատվի կայունություն ու խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Սիրիայի նախագահի աշխատակազմը ևս նախօրեին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը վկայում է, որ Սիրիայի ժողովուրդը հաստատակամ է իր հայրենիքը վերակառուցելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ, և վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարել էին երկու այլ թեկնածու՝ Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի Նուրին։

Եվ, չնայած 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, քչերն էին կասկածում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտնվեն այսօր:

Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է. արաբագետ

Արմեն ՊետրոսյանԱյսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա` Սիրիայում տիրող իրավիճակի պայմաններում ընտրությունների անցկացումը հետապնդում է երկու նպատակ. այս շրջանում, երբ փակուղի է մտել Սիրիայի ճգնաժամի խաղաղ լուծման համար պայքարող ժնևյան գործընթացը( Ուկրաինայում տեղի ուենցող իրադարձությունների պատճառով իրար են բախվել Ռուսաստանը և ԱՄՆ-ը), գործող իշխանությունը փորձում է պահպանել ստատուս քվոն: Ըստ Բաշար ալ-Ասադի` դա անելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ իր իշխանությունը լեգիտիմ է:

 

«Երկրորդ. Ասադը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ հակառակ նրանց պնդումներին սիրիացի ընտրողների զգալի մասի աջակցությունը իր կողմն է. նրանք ողջունում են իշխանությունների գործողությունները և հավատացած են, որ իրենց ուժերով ի վիճակի են վերջ դնել երեք տարի շարունակվող հակամարտությանը»,- նշեց արաբագետը: «Ռազմական գործողությունները վերջին շրջանում որակական նոր փուլ են մտել. դա կապված է Հոմս քաղաքի ազատագրմամբ Սիրիական կառավարական բանակի կողմից: Այժմ ռազմական գործողությունները տեղափոխվել են երկրի հյուսիս` թուրք-սիրիական սահմանին գտնվող բնակավայրեր»,-հավելեց նա:

Ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Բաշար Ասադից բացի, մյուս թեկնածուներին սիրիական  հասարակությունը ճանաչեց միայն նրանց առաջադրվելուց հետո, ինչը միջազգային փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Ասադը միանշանակ հաղթելու է:

Հակամարտության մյուս կողմը` ապստամբները, չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը, և նրանց հովանավորող պետությունները բոյկոտում են ընտրությունները` անվանելով դրանք խեղկատակություն: «Ապստամբները հայտարարել են, որ թույլ չեն տա ընտրությունների անցկացումը. ռազմական առումով այսօր Սիրիայի ամբողջ տարածքում ամենալարված օրն է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

 

Ըստ նրա` միանշանակ հնարավոր չէ ասել, թե երկրի քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին: Պաշտոնական տվյալների համաձայն ընտրությունների կմասնակցեն 13 նահանգներ. չի մասնակցի միայն Ռակա նահանգը, որը ամբողջովին գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

Մայիսի 28-ին Սիրիայի քաղաքացիների մի մասը արդեն քվեարկել է. խոսքը վերաբերում է այն ընտրազանգվածին, որը հայտնվել էր երկրից դուրս ճգնաժամի պատճառով:

 

Արաբագետի կարծիքով` որքան էլ վտանգավոր լինի, Սիրիայի հայ համայնքը կմասնակցի ընտրություններին և իր նախապատվությունը կտա գործող նախագահին

«ՄԱԿ անդամ երկրները հիմնականում չեզոք կմնան ընտրությունները մեկնաբանելու հարցում: 20-30 պետություն բացասական գնահատական կտա»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում հնարավոր է արդյոք հակամարտության լուծում, Պետրոսյանն ասաց. «Մինչև ուկրաինական ճգնաժամը գուցե ինչ-որ առումով գոնե քաղաքական դաշտում հնարավոր էր մոտ ապագայում Սիրիայում տիրող իրավիճակը հարթել, սակայն այժմ դա բացառվում է»:

Անկախ

Ալի Լարիջանի. «Սիրիական ճգնաժամի վերացման միակ եղանակն ազատ ընտրությունների անցկացումն է»

Ալի ԼարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հանդիպել է Բոլիվիայի իր գործընկերոջ` Մարսելո Էլիո Չավեսի հետ: Վերջինս այժմ Թեհրանում է և մասնակցում է Իրանի նախաձեռնությամբ կազմակերպված «Սիրիայի ընկերներ» խմբի համաժողովին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի վերացման հետ կապված մի շարք հարցեր:

«Ազատ ընտրությունների անցկացումը միայն կարող է Սիրիայում կասեցնել ընթացող քաղաքացիական պայքարը»,- ասել է Իրանի խորհրդարանի ղեկավարը:

Ալի Լարիջանին կարևորել է, որ Սիրիայի բարեկամ ավելի քան 30 երկիր, պատրաստ է աջակցել այդպիսի ծանր իրավիճակում հայտնված Դամասկոսին:

Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իրանաբոլիվիական հարաբերություններին, ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում ակտիվթրեն համագործակցելու համար:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

5219a40c-6dbe-ccca-6dbe-ccc58c54cfa0.photo.0Կեսդարյա ընդմիջումից հետո, այսօր Սիրիայում անվտանգության միջոցառումների ֆոնին մեկնարկել են նախագահական ընտրությունները, հայտնում է ВВС-ն:

Առաջին անգամ 50 տարվա մեջ, պետության ղեկավարի պաշտոնի համար Ասադների ընտանիքի ներկայացուցիչներից բացի, կպայքարի ևս 2 թեկնածու` Մահեր Հաջարն ու Հասան ալ-Նուրին:

Ի դեպ, գործող նախագահ Ասադի հաղթանակին ոչ ոք չի կասկածում: Առաջին փուլում հաղթանակի համար պետք է, որ թեկնածուն  ստանա ձայների  բացարձակ մեծամասնությունը` 50% + 1 ձայն: Եթե առաջին փուլում ոչ ոք չհաղթի, ապա երկրորդ փուլ կլինի:

Մարտ ամսին Սիրիան հաստատեց ընտրությունների մասին նոր օրենքը, որով երկրում առաջին անգամ թույլատրվելու էր ընտրություններին միանգամից մի քանի թեկնածուի մասնակցությունը: Իսկ մինչ այդ, կառավարող կուակցությունը թեկնածու էր ընտրում, իսկ խորհրդարանը` հաստատում նրա թեկնածությունը, իսկ հետո նրան  պաշտպանության հավար հանրաքվե էր անցկացվում:

«Հնարավոր է, որ ես չհաղթեմ այս ընտրություններում: Սակայն ուրիշ թեկնածուների մասնակցությունը կարևոր է սիրիացիների համար նրանով, որ ողջ աշխարհը տեսնի`  երկրի կառավարման նախագահական տեսանկյունից տարբերվող տեսակետ էլ կա: Մենք Ասադի հետ մրցակից ենք, մեր ծրագրերը խիստ տարբեր են տնտեսական, սոցիալական ու ադմինիստրատիվ բարեփոխումների հարցում: Քաղաքականության ոլորտում  մեր համոզմունքները համընկնում են. արմատախիլ անել ահաբեկչությունը ու թույլ չտալ Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտվի»,- ասել է Ալ-Նուրին:

Անկախ

Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին

պորոշենկոՈւկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:

Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:

Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:

Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:

Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:

«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»

Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:

ukraine-rallyԸնտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:

ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:

Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:

Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:

ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:

Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:

Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:

Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:

 

 

Սիրիայի նախագահական ընտրություններին առաջինը կքվեարկեն փախստականները

սիրիացի փախստականներՍիրիացի փախստականնները Սիրիայի հարևան պետություններում հնարավորություն կստանան ժամանակից շուտ քվեարկելու նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սիրիայում քվեարկությունը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունիսի 3-ին:

Ընտրությունների օրը հայտարարելուց հետո Բեյրութում` սիրիական դեսպանատան առջև  սկսեցին առաջանալ մեծ հերթեր փախստանականներից, ովքեր ցանկանում էին հաստատել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը:

Դեսպանատան աշխատակազմը արդեն հայտարարել է, որ կարող է երկարաձգել քվեարկությունը, եթե չորեքշաբթի բոլորը ցանկացողները չհասցնեն հայտնվել ընտրատեղամասում:

ՄԱԿ գնահատականների համաձայն` միայն Լիբանանում գտնվում է ավելի քան 1.5 միլիոն սիրիացի, ովքեր լքել են իրենց հայրենիքը արդեն 3-րդ տարին շարունակվող կառավարական ուժերի և մի քանի զինյալ խմբավորումների հակամարտության պատճառով:

Նախագահական ընտրություններին մասնակցում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը: Մասնագետները կանխատեսում են, որ նա հեշտ հաղթանակ կտանի:

Անկախ

Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Թուրքիայում նախագահի թեկնածուների գրանցումը մեկնարկում է հունիսի 29-ին

ընտրություն«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայում ընտրություններին մասնակցել ցանկացող նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունիսի 29-ին և կավարտվի հուլիսի 3-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավները կմեկնարկեն հուլիսի 11-ին: Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին: Իշխող ԱԶ կուսակցության թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի վարչապետ Թայիփ Էրդողանը, իսկ ահա ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն առայժմ հայտնի չէ: Սկզբում քննարկվում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչի թեկնածությունը, որը սակայն հրաժարվեց առաջադրվել: Այժմ հավանական է թվում Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշի առաջադրումը:

Անկախ

Տիմոշենկոն չի կարողացել համաձայնության գալ իր զինակիցների հետ

ТимошенкоԱյսօր` մարտի  29-ին, Ուկրաինայի հիմնական կուսակցությունները ներկայացնում են երկրի նախագահի իրենց թեկնածուներին: Արտահերթ նախագահական ընտրություններին մնացել է երկու ամսից պակաս, հաղորդում է “Россия 24“-ը:

“Ռեգիոնների կուսակցությունը”, որը ծանր օրեր  է ապրում, ունի նախագահի չորս թեկնածու՝ ներառյալ Խարկովի մարզի նախկին ղեկավար Միխաիլ Դոբկինը և Ռադայի պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն:

Բարդ իրավիճակ է  “Բատկիվչինա” կուսակցությունում: Նրա առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին չի հաջողվել համաձայնության գալ իր համախոհների հետ: Տեղական շատ կառույցների ղեկավարներ դեմ են նախկին վարչապետի թեկնածությանը: Դրա հետ միասին ՙՙԱզատություն՚՚ ազգայնական կուսակցության կողմից երկրի ապագա ղեկավարի թեկնածու է առաջադրվել Օլեգ Տյագնիբոկը, իսկ ՙՙՀարված՚՚ կուսակցության կողմից՝ Վիտալին Կլիչկոն:

Ընդ որում վերոհիշյալ չորս կուսակցությունների թեկնածուներն իրենց հնարավորություններով զիջում են նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին, որն իր մասնակցության մասին հայտնել է մարտի 28-ի երեկոյան: Այժմ գործարար և Մայդանի գլխավոր հովանավոր Պորոշենկոյի վարկանիշը մոտ 25 տոկոս է, երբ Տիմոշենկոն և Կլիչկոն մի կերպ են հասնում  10 տոկոսին:

Շարունակությունը՝ կարդացեք այստեղ:

 

Անկախ

Նախընտրական Թուրքիա. հայացք ներսից

թուրքիա,ընտրություններ Հայտնի է, որ մարտի 30–ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքական կուսակցությունները հերթական անգամ պայքարի մեջ կմտնեն իրենց թեկնածուների հաղթանակի ակնկալիքով: Ընտրական գործընթացը, ինքնին լինելով բարդ, հաճախ անկանխատեսելի մի երևույթ, թուրքական միջավայրում կրում է մի շարք առանձնահատուկ գործոնների ազդեցություն, որոնք կարծես թե դարձել են այս պետության քաղաքական օրակարգի անբաժան մասը: Դրանք ունեն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմքեր:

Ինչպես գիտենք, հանրության քվեարկությանը դրված ընտրություններին սովորաբար նախորդում է նախընտրական բուռն շրջան, որն ուղեկցվում է քարոզարշավներով, հանրային ելույթներով ու ակցիաներով: Հետևելով Թուրքիայի քաղաքական օրակարգին՝ կարելի է նկատել, որ կուսակցական պայքարը այստեղ ընթանում է ամեն օր, իհարկե թեժանալով նախընտրական շրջանում: Հաշվի առնելով թուրքական հասարակական-քաղաքական կյանքի անկանխատեսելի բնույթը` պետք է փաստել, որ երբեմն մեկ օրում ծագած իրադարձությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ՝ էականորեն ազդելով հետագա գործընթացների վրա:

Ընդհանրապես Թուրքիայում ընտրական գործընթացը կարելի է համեմատել թղթախաղի հետ, այսինքն հաղթում է նա, ով ավելի ուժեղ ու ազդեցիկ խաղաքարտ ունի հակառակորդի դեմ: Եթե ուսումնասիրենք վերջին տասը տարում Թուրքիայի նախընտրական տարբեր ժամանակահատվածները, ապա կարող ենք նկատել, որ հակահարվածների քաղաքականության մեջ ամենից գործածականը հակառակորդին վարկաբեկելու մեթոդն է: Այս նպատակին հասնելու համար քաղաքական կուսակցությունները օգտագործում են ամենատարբեր եղանակներ: Այժմ դիտարկենք, թե ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև դրանցից կարճ ժամանակ անց սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ինչ իրադարձություններ տեղի ունեցան Թուրքիայում, որոնք, անկասկած, իրենց հետքը կթողնեն ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, անցած տարի Ստամբուլի «Գեզի» այգու ծառահատման պատրվակով սկսված և ողջ Թուրքիան համակած հակակառավարական բողոքի ակցիաները, թերևս սկիզբն էին այն մեծ խառնաշփոթի, ինչից հետո երկիրը չի կարողանում ուշքի գալ մինչ օրս: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տասնամյա անպարտ իշխանությունը սկսեց ճաքեր տալ: Զանգվածային բողոքի ելույթները արտահայտությունն էին այն դժգոհության, որն առաջ էր եկել կառավարության ընդունած մի շարք սահմանափակիչ որոշումների պատճառով: Ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում, սկսեցին գրել Էրդողանի հեռանալու անհրաժեշտության, նրա միաապետական վարչակարգի փոփոխման, Թուրքիայում «արաբական գարնան» մոդելի կրկնության հավանականության մասին:

Չնայած «Գեզի» այգու իրադարձություններից հետո Թուրքիայի, ինչպես նաև Էրդողանի միջազգային հեղինակությունը անկում ապրեց, այնուհանդերձ երկրի բնակչության շրջանում անցկացված նախընտրական հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը ձայների չնչին կորուստ է ունենալու: Սակայն մեծ խաղը դեռ նոր էր թափ հավաքում:

Մինչ Էրդողանը զբաղված էր իր խաթարված հեղինակության վերականգնմամբ, վերջինիս հակառակորդները նոր խաղաքարտ էին փնտրում նրա դեմ: Այս անգամ ընտրվեց կուսակցությունը ներսից թուլացնելու ճանապարհը: Մասնավորապես սկսեցին հակասություններ առաջանալ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության գաղափարական հենքը հանդիսացող Ֆեթուլահ Գյուլենի շարժման միջև: Տարաձայնությունները այնքան խորացան, որ Էրդողանը Գյուլենին մեղադրեց պետության ներսում «զուգահեռ պետություն» ստեղծելու մեջ, կոչ արեց նրան վերադառնալ ԱՄՆ-ից, կազմավորել քաղաքական կուսակցություն և պայքարի մեջ մտնել արդար ճանապարհով, այնուհետև կադրային լուրջ փոփոխություններ կատարեց անվտանգության համակարգում: Ի պատասխան սրան՝ Գյուլենը Էրդողանի հասցեին անեծքներ հղեց, նույնիսկ բարձրաձայնվեց, թե «ինչու չի մահանում բարձրահասակ մարդը (Էրդողանը), քանզի նա հիվանդ է»:

Տարեվերջին Թուրքիան հերթական ցնցումը ապրեց: Կոռուպցիոն խոշոր սկանդալը, ընդգրկելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, նախարների ու նրանց որդիներին, աստիճանաբար նեղանալով, սկսեց պտտվել վարչապետ Թայիփ Էրդողանի ու նրա որդու՝ Բիլալ Էրդողանի անվան շուրջ: Հոր ու որդու հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, հայտնվելով համացանցում, կարծես ժողովրդին ցույց տվեցին իրենց առաջնորդի իրական դեմքը՝ վտանգի տակ դնելով մոտակա ընտրություններում նրա կուսակցության հաղթանակը: Եվ սա այն պարագայում, երբ Էրդողանը հավակնում է դառնալ երկրի հաջորդ նախագահը:

Բոլորովին վերջերս Թուրքիայում բարձրացավ հակակառավարական ցույցերի նոր ալիք, որի համար պատճառ հանդիսացավ «Գեզի» այգու ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնացած 15-ամյա Բերքին Էլվանի մահը: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Էլվանը վաղուց արդեն կյանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս և նրան փաստացիորեն կենդանի էին պահում բժշկական սարքերի միջոցով, որպեսզի նրա մահը արձանագրեն հենց նախընտրական շրջանում: Հենվելով այս դիտարկման վրա՝ կարելի է հստակ տեսնել խաղաքարտերի քաղաքականության ձեռագիրը:

Խոսելով նախընտրական շրջանում իրար դեմ խաղաքարտեր օգտագործելու երևույթի մասին, պետք է անդրադառնալ նաև հայկական ծագման գործոնի շահարկմանը: Թուրքիայում քիչ չեն դեպքերը, երբ հակառակորդին հեղինազրկելու համար նրան «մեղադրում են» հայկական ծագում ունենալու մեջ՝ նվազեցնելով նրա շանսերը հասնելու ցանկալի արդյունքի: Այս խաղաքարտը օգտագործվեց ներկայիս նախագահ Աբդուլահ Գյուլի դեմ, երբ վերջինս դեռ այդ պաշտոնի թեկնածու էր: Նման «մեղադրանք» ներկայացվեց նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Երկու քաղաքական գործիչներն էլ շտապեցին դատական գործ հարուցել իրենց վարկաբեկողների դեմ:

Այսպիսով Թուրքիան գտնվում է նախընտրական կրքերի հորձանուտում և ամեն օր այս երկրում տեղի են ունենում նոր զարգացումներ: Հաշվի առնելով վարչապետ Էրդողանի վերջին ցնցող քայլը՝ «Թվիթեր» սոցիալական կայքի արգելափակումը, մինչև մարտի 30-ը կարող ենք սպասել անսպասելին:

 

Տաթևիկ Սարգսյան, Ստամբուլ

 Անկախ

Թաիլանդի ՍԴ-ն անվավեր է հայտարարել խորհրդարանական ընտրությունների արյունքները

530ef389-53e4-9e6d-53e4-9e620b1e20bb.photo.0Այսօր Թաիլանդի Սահմանադրական դատարանը փետրվարի 2-ին  կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր է ճանաչել, հաղորդում է  Ռեյթեր գործակալությունը:

Դատարանն ընտրությունների անօրինականության մասին որոշում է կայացրել ընդդիմության հայցից հետո: Դրա համաձայն, 28 շրջանում  ընդդիմադիր ցուցարարների ու , տեղական ընտրահանձնաժողովների անդամների գործողությունների արդյունքում (ընդհանրապես չեն բացել ընտրատարածքները)  քվեարկությունը ողջ երկրում մեկ օրում չի կատարվել, ինչպես պահանջում է Թաիլանդի սահմանադրությունը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ են անցկացվելու նոր համընդհանուր ընտրությունները:

Անկախ

Մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ

ԿԸՀ2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից  8-ն անկուսակցական են, 3-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, 1-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության և 28-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 10-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի  և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Թվով 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ մեկ ներկայացուցչի կողմից ստացել են դիմումներ, որոնք վերաբերում են 11 համայնքներում կայացած ընտրություններին: Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Անկախ

Ընտրություններ՝Հայաստանում

Ընտրություններ (1)2014թ. մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, որոնցից մերժվել է միայն մեկի գրանցումը` ընտրական գրավի վճարման անդորրագիրը չներկայացնելու հիմքով: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 28 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն 64 թեկնածուներ:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 329 քաղաքացի:  Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել 19 թեկնածուի կողմից:

2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 310 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Համայնքի ղեկավարի 64 թեկնածուներից 14-ը մինչև 40 տարեկան են, 44-ը`  40-60 տարեկան և 6-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 310 թեկնածուներից 125-ը մինչև 40 տարեկան են, 160-ը` 40-60 տարեկան և 25-ը` 60 և ավելի:

 

 Անկախ

 

«Մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovhannisyan delivers the national annual address at Ani Plaza Hotel «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության։

«Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա ճգնաժամից դուրս գալու համար: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-իր ելությում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքերում:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը. այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային, փոխզիջումային գործընթացը։

«Մի գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային Միության մշուշոտ ապագայի, որտեղ, ինչպես պարզվեց, մեզ այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, դա էլ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

կըհՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են  327-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 27-ը: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձևավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երևանի թիվ 3 և թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը: Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Ընտրությունները Թաիլանդում. ոչ ոք չի հաղթել, սակայն բոլորը տոնում են

o_889325Թաիլանդում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Ձայները դեռևս չեն հաշվել, սակայն իրենց հաղթանակն են տոնում և երկրի իշխանությունները` վարչապետի պարտականությունները կատարող Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ, և ընդդիմությունը:

Կառավարության նախագահն իր հեռուստաուղերձում նշել է, որ “թաիլանդցիները կարողացան պաշտպանել  ժողովրդավար ընտրությունների իրենց իրավունքը”:

Իսկ տեղի ընդդմիության առաջնորդ Սութհեպ Թհիաքսուբանը, որը գլխավորում է Ժողովրդավարական բարեփոխում ազգային խորհուրդը,  իր երախտագիտությունն է հայտնել ցուցարարներին`  միջոցառմանը խանգարելու ջանքերի համար: Նա բացարձակ վստահ է, որ հաղթելու են Յինգլակ Չինավաթի հակառակորդները:

28  ընտրատեղամասում ընտրությունները տապալվել են, քանի որ քվերակությանը ոչ մի թեկնածուի անուն չի եղել.ցուցարարները թեկնածուների գրանցում թույլ չեն տվել: Խորհրդարանի աշխատանքի համար պետք է գոնե 500 պատգամավորից 475-ի ներկայությունը,սակայն, այս անգամ հաջողվել էր անհրաժեշտ նվազագույնից քիչ պատգամավոր է ներկա եղել:

Անկախ

ԿԸՀ-ը էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է մի շարք համայնքներում կայանալիք ընտրությունների պաշտոնների բաշխումը

կըհԿԸՀ-ից Անկախին հայտնեցին, որ այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավտոմատացված համակարգի միջոցով` էլեկտրոնային վիճակահանությամբ, իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում 2014 թվականի մարտի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 25-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 18-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, ուժը կորցրած է ճանաչել հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախապատրաստման և անցկացման բնագավառում Հայաuտանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաuտատելու մաuին»  որոշումը:

 

 Անկախ