Հուլիսի 7-11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներ

48019-472x265USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,710,004 դոլար 406.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 99,925,820 ԱՄՆ դոլար 408.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 5,530,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,370,934 EUR 553,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,987,444 EUR 556.55 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 893,789,421 ՌԴ ռուբլի 11.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 145,506,548 ՌԴ ռուբլի 11.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.9 մլն ԱՄՆ դոլար:

 

Անկախ

 

Թողարկվել է «2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» նոր արծաթե հուշադրամը

2014 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՀուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM» և թողարկման տարեթիվը` «2014»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը        100 դրամ

Մետաղը և հարգը             արծաթ 9250

Քաշը                              20,0 գ

Տրամագիծը                    38,60 մմ

Որակը                                      պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Տպաքանակը                   մինչև 5 000 հատ

 

 

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում:

 

 

 

Ազգային դրամը 21 տարեկան է

դրամԱմեն տարի ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) նախաձեռնել է միջոցառում` նպատակ ունենալով ներկայացնել ազգային դրամի պատմությունը նաև մարզերում: Մայրաքաղաքի դպրոցականները վաղուց արդեն ավանդաբար երկրի ֆինանսական համակարգի և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանում են ԿԲ-ում: Իսկ մարզաբնակ երեխաները չունեն նման գիտելիքներ ստանալու հնարավորություն: Ուստի, երկրի գլխավոր դրամատունը մարզերում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսների միջոցով փորձում է ստանձնել երեխաներին կրթելու պատասխանատվությունը:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են արդեն Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում: Վերջերս հերթական ցուցահանդեսը Արմավիրի մարզկենտրոնում էր:

Հայաստանը անկախության հռչակումից երկու տարի անց` 1993 թ. է հիմնել սեփական ազգային արժույթը` հայկական դրամը, իսկ հայկական դրամի խորհրդանիշը ստեղծվել է 1995 թ.: Դրամի խորհրդանշանն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Դրամի թողարկումները Հայաստանում հիշատակվում են դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակից։ Դեռևս Երվանդունիների օրոք` Ք.ա VI-III դդ. Հայաստանի սատրապներն իրենց դիմապատկերներով դրամներ են թողարկել։ Այնուհետև Ք.Ա III Ծոփքի հայ թագավորներ Արշամը, Քսերքսեսը, Աբդիդարեսը։ Արտաշեսյանների ժամանակ դրամահատությունը Հայաստանում ավելի մեծ ծավալներ ստացավ, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք` Ք.ա. 95-55 թթ., հայկական մետաղադրամները մտան նաև միջազգային շուկա։ Այնուհետև I-IX դարերում տեղական դրամների գործածության մասին չկա ոչ մի հիշատակություն, փոխարենը գործածվում էին օտարերկրյա դրամները և դրամական միավորները։ Մեզ հասած առաջին դրամները` հայերեն մակագրություններով, հատվել են Բագրատունիների արքայատոհմի Լոռվա ճյուղի թագավոր Կյուրիկե Բ-ի կողմից։ 885-1045 թթ. Կիլիկյան հայկական պետությունը հատել է իր դրամը` նաև հայերեն մակագրությամբ։ Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։

Արմավիրի մարզկենտրոնում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը նպատակ ուներ ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաև մարզաբնակներին: Ցուցահանդեսի առանձին տաղավարներով ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ և ԿԲ-ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն:
ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն այն համոզման է, որ մեր ժամանակներում առանց ֆինանսական գիտելիքների հնարավոր չէ առհասարակ պատկերացնել առօրյան կամ արդյունավետ կազմակերպել աշխատանքն ու բիզնեսը: Քանի որ ֆինանսական ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում և նոր պահանջներ է թելադրում, դրանք ընկալելու համար պետք է համակարգի մասին մշտապես տեղեկացված լինել:

ԿԲ-ի դրամագետ Գևորգ Մուղալյանն իր պատմական ակնարկում նշում է, որ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչև մեր օրերը, Ք.ա. III դարի մետաղադրամ է: Հին Հայաստանում, բացի համապետական դրամից, եղել են նաև քաղաքային դրամներ, օրինակ` Արտաշատ քաղաքն ուներ իր դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում: Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. և նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ` 1993 թվականից: Կիլիկյան Հայաստանի մետաղադրամները 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են (օրինակ` Լևոն Առաջին թագավորի ժամանակ), որոնք լատինատառ են արտադրվել:

Մարզի ղեկավարներն աջակցեցին, որ բոլոր դպրոցականները կարողանան ցուցահանդես այցելել և ծանոթանալ ներկայացված թղթադրամներին ու մետաղադրամներին, լսել ազգային դրամի պատմությունն ու գիտելիքներ ստանալ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ:
Միջոցառումը տևեց մի քանի օր: Բոլոր մարզաբնակները մարզկենտրոնի աջակցությամբ կարողացան ցուցահանդես այցելել` լսել դասախոսություններ, ծանոթանալ ֆինանսական համակարգի հիմնական խնդիրներին, իրազեկվել «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» գործունեության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ԿԲ-ի կողմից իրականացված բարեփոխումների, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի և ԿԲ-ի այլ նախաձեռնությունների վերաբերյալ: Միջոցառման նախաձեռնողների տեղեկացմամբ, միջոցառումն արդեն ավանդական բնույթ ունի և դարձել է շարունակական:

Լ.Ն

ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը չեն մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը

154858Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը և չի մասնակցելու քվեարկությանը:

«Հանրության շրջանում առկա մի շարք դժգոհությունների շարքում մեծ տոկոս են կազմում բանկային համակարգի բարձր տոկոսները: Վերջին շրջանում մեծ են արտագաղթողները, որոնք ողջ անշարժ գույքը գրավ են դրել և չեն կարողացել այդ աննախադեպ բարձր տոկոսադրույքները մարել»,-հայտարարեց նա:

Պատգամավորի համար նաև զարմանալի է, որ վարկերի 98 տոկոս վերադարձնելիություն պայմաններում վարկային տոկոսներն այսքան բարձր են:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ Հայաստանում բանկային համակարգը շատ զարգացած է, ապա Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե այդ դեպքում ինչու է Հայաստանի տնտեսությունն օր օրի փլուզվում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի նախագահը մտել է քաղաքական դաշտ, մինչդեռ պետք է դրսևորի միմիայն պրոֆեսիոնալ մոտեցում:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացավ իր գործընկերներին՝ հայտարարելով, որ զերծ են մնալու  քվեարկությունից:

ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի և որ իրենց պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:

ԿԲ նախագահի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Անկախ

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Արմավիրում

կբԱյսօր Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:
Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կայուն ֆինանսական համակարգ . ԿԲ-ն դրական է գնահատում 2013 թ. գործունեությունը

ֆինանսԱրդեն մի քանի տարի է` երկրի ֆինանսական համակարգը հնարավոր է դառնում պահել կայուն, իսկ ռիսկերը կառավարելի: Սակայն սա չի նշանակում, որ համակարգում խնդիրներ չկան կամ այն զերծ է արտաքին ռիսկերի ներգործությունից:

Ամփոփենք նախորդ տարվա արդյունքները: Երկրի ֆինանսական համակարգը գրեթե բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Էապես աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը, որը չափվում է վարկեր-ՀՆԱ և ակտիվներ-ՀՆԱ ցուցանիշներով: Տարվա ընթացքում աճ է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ տրանսֆերտների ոլորտում: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանց աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:
Շարունակում են աճել նաև դրամական փոխանցումները, որոնք դրական ազդեցություն ունեն ֆինանսական կայունության ապահովման վրա: Սակայն տրանսֆերտների կտրուկ անկման պարագայում, ըստ ԿԲ-ի աշխատակիցների դիտարկումների, հնարավոր է, որ որոշակիորեն աճի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող էական ազդեցություն թողնել երկրի ֆինանսական կայունության վրա: Մեր երկրի բանկային համակարգին չի կարող սպառնալ նաև ֆինանսական կայունության և վարկերի ծավալների նվազեցում գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության և ցրտահարության հետևանքով: ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի մեկնաբանմամբ` այդ հանգամանքը կարող է որոշակիորեն ազդել մասնավոր հատվածի վարկային ռիսկերի բարձրացման վրա, բայց ոչ ընդհանուր ֆինանսական համակարգի, քանի որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում բավական փոքր է:
Ֆինանսական հաստատություններում բավական մեծացել է վարկային ռիսկը, ինչը, սակայն, այլ երկրների համեմատ կառավարելի և ցածր մակարդակում է: Բանկային համակարգը բավական իրացվելի է և կապիտալացված շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար։ Նախորդ տարվա համեմատ` բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը։
Եթե մի քանի տարի առաջ, որպես ֆինանսական կառույց, էական տեղ էին զբաղեցնում առևտրային բանկերը, ապա դրանց տեսակարար կշիռը համեմատաբար նվազել է` տեղը զիջելով վարկային և այլ կազմակերպություններին:
Միջնորդության մակարդակի բարձրացման շարունակականությունն Անդրանիկ Գրիգորյանը վերագրում է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: 2013 թ. բանկային համակարգի վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս, իսկ առհասարակ ֆինանսական համակարգում այն կգերազանցի 46 տոկոսը, ինչը, ըստ բանախոսի, վերջին տարիների համար բավական մեծ ձեռքբերում է:
Այն գործոնները, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա, առաջվա պես արտաքին են, այսինքն` համաշխարհային գործընթացներն են: Համաշխարհային տնտեսական աճի վերականգնումն արագացել է միայն տարվա երկրորդ կեսին, որը հիմնականում պայմանավորված է եղել ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով: Տնտեսական աճի դանդաղելու միտումը շարունակել է պահպանվել զարգացող երկրներում` նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը: Թեպետ այդ երկրներում տնտեսական աճի խթանմանն ուղղված աշխատանքներ են տարվել, ՀՀ հիմնական առևտրային գործընկեր որոշ ԵՄ երկրներում և ՌԴ -ում տնտեսական աճը սպասվածից ավելի թույլ է եղել:
Մեր երկրի տնտեսական աճի տեմպի վրա բացասաբար են ազդել մի շարք գործոններ, մասնավորապես, միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների և գների համեմատաբար ցածր մակարդակը, արդյունաբերության ճյուղի ոչ բավարար աճը, շինարարության ճյուղի ցածր ծավալները:
Դանդաղել է նաև բանկային համակարգի վարկերի աճի տեմպը: Բանկերում ակտիվների շուրջ 60 տոկոսը կազմում են վարկերը, որոնք համեմատաբար աճել են թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ ՀՆԱ-ի մեջ: Նույն արդյունքներն են ցույց տրվել նաև բանկային համակարգի տնտեսությունից ներգրավված ավանդների շրջանում: Վերջին տարիների ընթացքում դրանց տեսակարար կշիռը ևս աճել է, ինչը, մի կողմից, պայմանավորված է համակարգի նկատմամբ վստահության մեծացմամբ, մյուս կողմից` հաճախորդների սպասարկման հնարավորությունների և ունակությունների բարձրացմամբ:
Ինչպիսի՞ն է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում բավական ցածր է, ինչը, ըստ ԿԲ ներկայացուցչի, ֆինանսական համակարգի կայունության արդյունք է: Ինչ վերաբերում է վարկերի ժամկետայնության կառուցվածքին, ապա այս առումով ևս միտումները գոհացնող են: Մինչև 1 տարով վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի թվում էականորեն նվազել է: Մեծացել է երակարաժամկետ վարկավորումների ծավալը, որը ներառում է տարատեսակ վարկեր, այդ թվում` հիփոթեկային, բիզնես, սպառողական և այլն: Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի և տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ: Այսինքն` վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերությունն էականորեն նվազել է:
Լ.Ն

Տեղի է ունեցել ԿԲ խորհրդի նիստ

կբԿենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Արման Քոսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 230, «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ՎԵՆՈւՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման, «ԵՎՐՈ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման և «ԱՄՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:

ԿԲ խորհուրդը «ՆԿ ՆԻՆԵԼԱ» ՍՊԸ-ին և «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաներ է տրամադրել: Ուժը կորցրած է ճանաչվել «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիան:

Խորհուրդը հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Թել-Սել Գյումրի», «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով» և «Թել-Սել Ազատության» մասնաճյուղերը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստոորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

118.Cooperation agreement between the central banks of Armenia and China 31.03.2014Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ  Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու  խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն  Սարգսյանը:

ԿԲ խորհրդի նիստ է տեղի ունեցել

կբ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 25-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 624, անհատ ձեռնարկատեր Հակոբ Թանդարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 683, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 802, Ա/Ձ Գայանե Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 731, Ա/Ձ Սամվել Համբարձումյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 723, Ա/Ձ Հասմիկ Բալասանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 321 լիցենզիաները: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Արմեն Օհանյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 264 լիցենզիան: «Կրպակ» ՍՊԸ-ի գլխամասին, թիվ 1, թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերին տրամադրվել են արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ:

ԿԲ խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERS») և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ին՝ արտարժույթի  առուվաճառքի լիցենզիա:

Խորհուրդը որոշել է հրապարակել 2013 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

 

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

ԿԲ խորհրդի արտագնա նիստ` Դիլիջանում

կբԿենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 11-ին կայացած արտագնա խորհրդի նստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն է կատարվել «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը սահմանելու մասին» որոշման մեջ:

Խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Արա Մովսիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 635 և անհատ ձեռնարկատեր Հարություն Հարությունյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 192 լիցենզիաները: «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ (լիցենզիա թիվ 755/5) փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

Խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճ առաջանա, թե ոչ, ԿԲ-ն և Կառավարությունը գնաճը կառավարելու են 4 %-ի սահմաններում

նյութի նկար2014-ին գնաճի կանխատեսումները հավանական բաշխմամբ են ներկայացվում, քանի որ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են գնաճի կանխատեսման հետագիծը շեղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրից` տեղեկացրեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցության հետևանքով մաքսատուրքերի հնարավոր փոփոխություններին` Արթուր Ստեփանյանը նշեց, որ  Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացը դեռևս շարունակվում է, բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը հնարավոր է բարձրանան:

«Մաքսային միությանը միանալու պահին չի ենթադրվում, որ Հայաստանի մաքսատուրքերը կհամապատասխանեն Մաքսային Միության մաքսատուրքերին: Այստեղ դեռևս անորոշ է, թե որքա՞ն հավելյալ գնաճ կարող է առաջանալ: Այնուամենայնիվ, գնաճ կառաջանա, թե ոչ, Կենտրոնական բանկի և Կառավարության գնաճի թիրախը Հայաստանի համար 4 % է սահմանել, և գնաճը կառավարվելու է այս մակարդակում»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հարցին` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը մեր ազգային արժույթի վրա` ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց, որ շատ զարգացող երկրներ տնտեսական աճի տեմպերի թուլացում են ունենում, և նրանց արժույթները արժեզրկվում են հինական արժույթների համեմատ: Այս առումով ԿԲ-ն մոնիտորինգի տակ է պահում այն զարգացումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Դեռևս հունվարի վերջի և փետրվարի առաջին կեսի տվյալներով` բացասական առումով փոփոխություն չկա: Միակ բացասական բանը, թերևս, մեր փոխարժեքի արժեզրկումն է, ինչը վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ պայմանավորված` մշտապես այդ ամիսներին հանդիպող երևույթ է: Այն մի փոքր ավելացել է ռուբլու արժեզրկման ֆոնին: Այստեղ որևէ արտառոց երևույթ դեռևս չկա»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

 Անկախ

ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին գնաճը կտատանվի 4 տոկոսի սահմաններում

կբԿենտրոնական բանկը հրապարակել է 2013-ի չորրորդ եռամսյակի և 2014-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման հաշվետվությունը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2013 թվականն ավարտվեց 5.6 տոկոսային կետ գնաճով, և արդեն հունվարին 12-ամսյա գնաճը կազմեց 5.5 տոկոսային կետ՝ ընդհուպ մտնելով տատանումների թույլատրելի միջակայքի մեջ:

“Մեր կանխատեսումներով՝  2014-ին 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել՝ մոտենալով մեր նպատակին` 4 տոկոսին: 12-ամսյա գնաճը նույնիսկ նվազելու է մինչև տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանը` պայմանավորված նախորդ տարվա 3-րդ եռամսյակի սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Դրամավարկային քաղաքականության վարչության պետն անդրադարձավ նաև Դրամավարկային քաղաքականության ծրագրի արտաքին կանխատեսումներին, համաձայն որոնց՝ արտաքին աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՌԴ-ում, տնտեսությունը դանդաղորեն վերականգնվում է:

“ՌԴ-ում մեր կանխատեսմամբ՝ տնտեսական աճի տեմպերի թուլացումն ավարտվել է և այդ շրջանակներում պարենային և հումքային ապրանքային շուկաներում մենք գնաճային զարգացումներ չենք սպասում: Արտաքին գնաճային ճնշումներ չենք կանխատեսում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անդրադառնալով ներքին շուկայի կանխատեսումներին՝ Վահագն Գրիգորյանը նշեց, որ ներքին շուկայում մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումներն այս տարի արագանալու են: Մասնավոր սպառումը հասնելու է 5 և ավելի տոկոսի, մասնավոր ներդրումները՝ մոտ 4 տոկոսի:

“Արտահանումը և ներմուծումը պահպանելու են իրենց աճի տեմպերը, արտահանման տեմպերն ավելի բարձր, քան ներմուծման տեմպերը: Ակնկալում ենք, որ դրսից եկող տրանսֆերտները կպահպանվեն աճի տեմպերի նույն շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

ԿԲ կանխատեսումներով՝ 2014-ին ՀՆԱ-ի աճը կատատնվի 5.4-ից 6.1 տոկոսի շրջանակներում: Ներքին տնտեսությունում մասնավոր հատվածից գնաճային նշումներ չեն ակնկալվում:

“Գնաճի որոշակի ազդեցություն կնկատվի պետական հատվածի կողմից, քանի որ այս տարվա պետական բյուջեի դիֆիցիտը փոքր ինչ ավելի բարձր է, քան նախորդ տարի: Սակայն, հաշվի առնելով նաև պետական հատվածի ազդեցությունը, գնաճի կանխատեսումներն ավարտվում են 4 տոկոսի շրջանակներում”,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Անկախ

ԿԲ պարզաբանումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ

կբՀայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների և տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Հայտնում ենք նաև, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

ԿԲ նախագահը մասնակցելու է Միջպետբանկի խորհրդի նիստին

կբԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 29-ին մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013 թ. իննը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ:

Պատասխանատու ֆինանսավորումը` որպես սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական միջնորդության ավելացման երաշխիք

կբՀՀ կենտրոնական բանկի և Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի կողմից «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում  կազմակերպվել է «Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Գերմանական զարգացման բանկի (KfW), Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (SBFIC), Գերմանիայի դաշնային ֆինանսական վերահսկողական մարմնի (BAFin), Համաշխարհային բանկի (WB), միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարներ,  ֆինանսական համակարգի այլ շահագրգիռ կողմեր:

Միջոցառման մասնակիցները մեծապես կարևորել են «Պատասխանատու ֆինանսավորումը», դիտարկել ոլորտում ունեցած ձեռքբերումներն ու քննարկել հետագա զարգացումները` շեշտելով վերջինիս դերը՝ որպես ֆինանսական համակարգի հանդեպ հանրության վստահության ամրապնդման և ֆինանսական միջնորդության ավելացման կարևոր ու արդիական նախապայման:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ամբողջական, ճշգրիտ, էական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ծառայությունների ոլորտին առնչվող ռիսկերի բացահայտումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը սպառողների ֆինանսական կրթման գործընթացներին:

«Պատասխանատու ֆինանսավորումը Հայաստանում» խորագրով միջոցառումը իրականացվում է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-31-ը հայտարարված է անձնական ֆինանսների կառավարման ամիս, որի շրջանակում իրականացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված բյուջեի պլանավորմանը, խնայողությունների կատարմանը, պարտքերի կառավարմանը, ինչպես նաև ֆինանսների մասին նոր գիտելիքների ձեռքբերմանը:

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն