«Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ». Բորիս Խառատյան

g_image (1)Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնել այն մասին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա բավարարել իր և ընտանիքի պահանջները, իսկ ավելացած գումարը կուտակել»,- ասաց Բորիս Խառատյանը:
Հարցին` երբևէ բարձրաձայնե՞լ եք, որ Հայաստանի նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում սպառողական զամբյուղին, Բորիս Խառատյանը նախ փորձեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր սպառողական զամբյուղի մասին է խոսքը, ապա ասաց. «Հայաստանում գոյություն չունի պաշտոնապես սահմանված սպառողական զամբյուղ: Հաշվարկում են տարբեր մեթոդաբանություններով և ստացվում են տարբեր թվեր: 45 հազար դրամ գործող նվազագույն աշխատավարձն իր մեջ ոչ մի հաշվարկ չի պարունակում, ինչը ստեղծում է անկանխատեսելիություն»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանն էլ նշեց, որ սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը պետք է վերականգնվի: Շուշանիկ Բարսեղյանը նաև նշեց, որ Գործատուների հանրապետական միությունը այն կարծիքին, է, որ Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը:

Անդրադառնալով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեությանը` Բորիս Խառատյանը նշեց, որ կոնֆեդերացիան դատարաններ է դիմում հիմնականում վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդի հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ աշխատողի խախտված իրավունքների վերականգնելու պահանջով: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում դրանք շտկել, օգնում ենք աշխատողին դիմել դատարան»- ասաց Բորիս Խառատյանը:

 Անկախ


Հայ թոշակառուները օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ խմել չե՞ն սիրում

տիգրան սարգսյան«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը, որ ընդհանրապես դժգոհելու և գանգատվելու սովորություն չունի, բայց երկար համոզելուց հետո, որոշեց իր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է ամսական 21 հազար դրամով ողջ մնալ: Հարցրի. «Ազատուհի՛ տատ, բա հացից բացի ուրիշ բան չե՞ս ուտում, ոնց էլ հաշվում եմ, հացի ու դեղերիդ փողը հանած, հազիվ մի 5-6 հազար դրամ փող է մնում»: Ազատուհի տատն էլ թե. «Երևի պետությունը որոշել ա, որ իմ կերածը կորած ա, դե ես էլ ամբողջ կյանքում օրինապահ քաղաքացի եմ եղել, որ որոշել ա, ես ի՞նչ անեմ, հո չեմ կարա պետությանը դեմ գնամ, ստիպված յոլա եմ գնում, էսպես էլ մնա` լավ է…»,- արդեն կատակելով պատասխանեց Ազատուհի տատը, բայց տարիների բեռից հոգնած աչքերի մեջ զայրույթի կայծեր երևացին:

Ազատուհի տատի հետ զրույցից հետո մի ամբողջ շաբաթ անընդհատ մտքում փորձում էի, դպրոցում հանրահաշվի դասերից ստացած գիտելիքներս բանեցնելով, ամբողջ ամիսը 21 հազար դրամով գոյատևելու բանաձև` օրվա կարգացուցակ ու ճաշացուցակ կազմել, որ Ազատուհի տատի «կերածը կորած չլինի»: Բայց թեև հանրահաշվից միշտ էլ գերազանց թվանշաններ եմ ստացել, ինչպես էլ համադրում էի տիկին Ազատուհու օրվա կարգացուցակն ու ճաշացուցակը ստացած թոշակի հետ, մեկ է, վերջում ծեր կինը «սոված էր քնում»…

արտեմ ասատրյանԲայց Ազատուհի տատը Հայաստանում ապրող թոշակառուների մեջ եզակի բացառություններից չէ, ոչ թե տասնյակ, այլ հարյուրհազարավոր աղքատ թոշակառուներից մեկն է: Նրա հետ խոսել էի կառավարության մարտի 19-ի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանն էլ պատասխանեց վարչապետի հարցին ու նշեց, որ 2014 թ. բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը լինի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացումը:

Մինչև 2014 թ. հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու` կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը, որոնք ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:

Եվ նախարարը հպարտացավ. «Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, որոնք ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, որոնք ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն` շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձի փոխարեն, որոնք ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
թոշակՎարչապետն այս կապակցությամբ նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների բարձրացումը դեռևս շոշափելի չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներն ուղղվելու են այդ ծախսերին: Բայց դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, շոշափելի փոփոխություններ են, և կառավարությունն այս ռազմավարությունը պետք է շարունակի` այն դիտարկելով որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք:

Դեռ մի կողմ թողնենք, որ ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չէին նշում Հայաստանում կենսաթոշակառուների թիվը, որովհետև պաշտոնական` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն` Հայաստանում ապրում է 512 հազար 505 թոշակառու: Կարևոր է մի ուրիշ հանգամանք. Հայաստանում, նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: Եթե այս մեծությունը համեմատենք աղքատության գծի հետ` դրամական այն արժեքի, որից քիչ ամսական սպառում ունեցողները համարվում են աղքատ, ապա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Հայաստանում աղքատության 3 գիծ կա` ծայրահեղ աղքատություն կամ պարենային գիծ, որը 21 հազար 700 դրամ է (այսինքն` այն մարդիկ, որոնք ամսական այսքան գումարից քիչ են սպառում, համարվում են ծայրահեղ աղքատ), աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամ, և վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամ: Փաստորեն, Հայաստանում կենսաթոշակների միջին չափը գտնվում է ծայրահեղ աղքատության ու աղքատության ներքին շեմի միջակայքում:
Բայց դա ամենևին էլ չի շանակում, թե նրանք, ովքեր ինչ-որ հրաշքով 37 հազար դրամից ավելի բարձր թոշակ են ստանում, արդեն աղքատ չեն:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանում գոյություն ունի նաև նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, այսինքն` մեկ չափահաս անձի համար, ամսվա կտրվածքով, անհրաժեշտ նվազագույն գնումների համախումբը, որի մեջ մտնում են պարենը և առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը, նույն ԱՎԾ-ի հաշվարկներով, 2013 թ. ամենավերջին տվյալներով կազմել է 56 հազար 200 դրամ: Անհասկանալի է ուրեմն, թե ինչու աղքատ չեն համարվում այն մարդիկ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից պակաս գումար են ծախսում:

Այս հաշվարկների ժամանակ հիշեցի, որ երկու տարի առաջ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի Լանկայում, 15 օրվա էկոնոմ կարգի ուղեգրերի համար ստիպված էինք եղել խնայել մի ամբողջ տարի: Իսկ մեր չորսաստղանի հյուրանոցում հանգստացողների ճնշող մեծամասնությունը` մոտ 90 տոկոսը, անգլիացի, շվեդ, նորվեգացի ու շոտլանդացի թոշակառուներ էին, որոնք ձեռք էին բերել հիմնականում 1-1.5 ամիս տևողությամբ «օլ ինքլյուզիվ» ուղեգրեր, պառկում էին կոկոսի ծառերի տակ, հիանում օվկիանոսի գեղեցկությամբ, ընդունում արևային լոգանք, իսկ հյուրանոցի աշխատակիցները նրանց էին մատուցում կոկոսի կոկտեյլներ ու էկզոտիկ մրգեր… Իսկ Հայաստանում ազատուհիները, եթե բարեկամ-հարազատի օգնություն չեն ստանում, ստիպված են թաքուն երազել կուշտ լինելու մասին: Անգամ նրանք, որոնց թոշակը բարձր է համարվում: Որովհետև, ինչպես նշում են կառավարության հարգելի անդամները, միջազգային տնտեսական ճգնաժամ կա, տնտեսական խնդիրներ կան և այլն, և այլն:
Հիմա մե՞նք են ավանդապահ, մեծին հարգող, մեծի արժեքն իմացող, թե՞ եվրոպացիները: Միգուցե հայ թոշակառուները օվկիանոսների ափերին կոկոսի կոկտեյլներ խմել չե՞ն սիրում…

 

Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար

վարդան գալստյան231 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը

Արտեմ ասատրյանՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, – ասել է վարչապետը, – և մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները: Ի՞նչ ստացվեց արդյունքում, պարոն Ասատրյան»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով: Մեր բոլոր վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ կապված հաշվարկման կարգի հետ և հիմնական շեշտադրումը տեղափոխենք առավել աղքատ կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ և 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ: Ընդ որում ասեմ, որ այդ աղքատության գծերի փաստացի ցուցանիշները 2012 թվականի են՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, նաև հաշվի առնելով գնաճային կանխատեսումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն՝ 300 հազար թոշակառու անցյալ տարի գտնվում էր աղքատության շեմից ցածր:
Արտեմ Ասատրյան – Այո: Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Նաև հաջորդ տարվա բարձրացումը մենք նախատեսում ենք թիրախավորել նույն շրջանակում, քանի որ կենսաթոշակային համակարգը և ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաև ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պետք է խնդրեմ Ձեզ, որպեսզի ԶԼՄ-ներին ամբողջական տեղեկություն տրամադրեք թոշակառուների շրջանում աղքատության ցուցանիշների հետ կապված, ինչպես նաև դինամիկան ներկայացնեք, ասենք վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Հասկանալի է, որ այն դեռևս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»:

Հստակեցվում են կենսաթոշակի վճարման մի շարք դրույթներ

10990_am_6Այսօր կայացած  նիստում Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Որոշմամբ հստակեցվում են միաժամանակ մի քանի պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով, ինչպես նաև լիազորագրով վճարելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու կարգերը և այլն:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների կատարման փաստացի ժամկետը համապատասխանեցրել է իրավական ակտով նախատեսված ժամկետին և սահմանել մեկ իրավական ակտով համակարգի ներդրման միասնական ժամանակացույցը:

Անկախ

Պանաման` թոշակառուին արժանավայել վայր

i (1)International Living ամսագրի վարկանշային աղյուսակի համաձայն, Պանաման գերազանց վայր է թոշակի անցնելու համար:

Երկրի հպատակ դառնալու համար հարկավոր է 5 հազար դոլարի բանկային հաշիվ բացել ու 3 պայմաններից գեթ մեկը կատարել, այն է`անշարժ գույք ձեռք բերել, սեփական գործ սկսել կամ էլ աշխատանքի տեղավորվել:

Երկրում, ամենից բացի, հրաշալի եղանակային պայմաններ են,  հաստատուն  է տնտեսությունը իսկ  կառավարությունը`  կայուն:

Միայն մի երկու բացասական բան կա` երկրում ենթակառույցները զարգացած չեն ու ճանապարհներն են վատ:

Այս ցուցակում, թոշակառուների համար երկրորդ ամենահարմարավետ երկիրը Էկվադորն է, երրորդ հորիզոնականում Մալազիան է, իսկ չորրորդում` Կոստա-Ռիկան: 5 -րդ դիրքում Իսպանիան է:

Երկրորդ հնգյակում Կոլումբիան է, Մեքսիկան, Մալթան, Ուրուգվայը և Թաիլանդը:

Հայտնի ընկերությունների կենսաթոշակային նոր օրենքին դեմ 1230 աշխատակիցներ նախագահին առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

նախագահականՀայաստանում գործող տարբեր կազմակերպություննրի 1230 աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով  նրան առաջարկում են դիմել ԱԺ և արտահերթ նիստ հրավիրել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ  քննարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, վերացնելու  կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը:

Նամակի տակ ստորագրել են Օրանժ Արմենիայի 261, Սինոփսիս Արմենիայի 487, Մենթոր գրաֆիկսի 101, ՀԱԷԿ-ի 360, Թումոյի 71, ԵՊՀ 91,   ԳԴՀ դեսպանատան 24, Անելիք բանկի 68 աշխատակիցներ:

Ինչպես ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, դեկտեմբերի 4-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու չորս խմբակցությունների (ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ) առաջարկը մերժվեց  քվեարկության  46  «կողմ »  և  54  «դեմ» արդյունքով:

Նամակը ներկայացնում  ենք ամբողջությամբ.

-Հայաստանի Հանրապետության Նախագահ

Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք  նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված  Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե  ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ  նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր   ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝  սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ  տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ   լինել այս խնդիրների լուծմանը և կանխել  ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով  հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝

Լեւոն Հարությունյան   /     /

Մանե Թանդիլյան    /     /

Դավիթ Խաժակյան    /     /

Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:

Կից ներկայացնում ենք նամակում մատնանշված խնդիրներով մտահոգված, դրանում առաջադրված լուծումներին սատարող Հայաստանի Հանրապետության տարբեր տնտեսական ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետների ցուցակը՝ վերջիններիս _________ ստորագրություններով /_______ Էջ/՝ հետեւյալ կազմակերպություններից՝

ԱԶԷԱ ՍՊԸ 8

ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ 33

ԱԼՏԱԿՈԴ 46

ԱՅ-ԱՅ-ՋԻ ՍՊԸ 8

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ 68

ԱՌՎԵՍՏ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 5

ԱՎԱՏԱ ՍՈՖԹ ՍՊԸ 6

ԱՐԴԻՆՆՈՏԵԽ 25

ԱՐՄԵՆԻԱՆ ԴԱՏԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ 23

ԲԻ2 ՍՊԸ 31

ԳԱԼԼԱՐԻ ՍԻՍԹԵՄՍ 11

ԳԱՐՄՈՆԱՏՐԻՔՍ ԻՆԿ 9

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ 24

ԳԼԱՔՈՐ ՍՄԻԹ ԲԼԱՅՆ 8

ԵՊՀ 91

ԵՐԵՎԱՆ  ՓՐՈԴԱՔՇՆ Ս 27

ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ 101

ԷԳՍ 12

ԷԼԹԻԷՔՍ ՔՐԻԴԵՆՍ ԱՐՄԵՆԻԱ 38

ԷՍԵՆՇԼ ՍԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 13

ԷՍԵՆՇԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 17

ԷՍ-ԷՖ-ԷԼ 49

ԷՍ-ՍԻ-ԴԻ-ԷՄ 52

ԷՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅ-ԷՄ 27

ԹԵԼԻԳԵՅԹ 10

ԹԵՈԿԵՆ 25

ԹՈՒՄՈ 71

Ի.ԱՐ.ԷՍ.ԷՅ.ԷՄ 16

ԻՆՆՈՎԱ ԱՅԷՄ ՍՊԸ 10

ԻՔՍ-ԱՐՏ ՍՊԸ 25

ԼՈՒԳԵՐԱ ԵՒ ՄԱԿԼԵՐ ՍՊԸ 5

ՀԱԷԿ 360

ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ 51

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ ՍՊԸ 2

ՄԱՐԳԱՍՈՖԹ 23

ՄԵՄՈՒԱՐ ՍՒՍԹԵՄԶ 6

ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ 101

ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՖ-ԱՅ 35

ՆԱԻՐԻ ՍՈՖԹ ԻՆՔ 21

ՈՒՐԱՆԻԴԱ 10

ՌՈՒՏԵԼ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Մ/Ճ 10

ՍԱՈՒԹԹԵՔ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԻՆԿ 24

ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 116

ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 487

ՍԻ-ՔՅՈՒ-ՋԻ 30

ՍԻՍՏՐՈՏԵԽ 22

ՍՈՆԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՀՈԼԴԻՆԳՍ 13

ՍՈՐՍԻՈ 31

ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ՀՈԼԴԻՆԳ 20

ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ 51

ՎՕԼՕ ՍՊԸ 20

ՔՅՈՒԲԻՔ 5

ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԻՆԿ. 34

ՔՈՒԼԵՅՍԻՍ 5

ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ 25

ՕԶ ՍՈՖԹ 15

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 261

ՕՓԵՆ ՍՈՖԹ ՔՈՆՍԱԼԹ 54

ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ 2

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ 21

ՖԻՐՄՓԼԵՅՍ 21

ԱՅԼ ԱՆՁԻՔ 1230

 

 

 

 

 

Վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են, իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր Աժ-ում ներկայացրեց Կենսաթոշակների մասին օրենքում հերթական փոփոխության նախագիծը: Նա իր զեկույցում հստակ նշեց, որ կենսաթոշակները կբարձրանան` ըստ աշխատանքային ստաժի չափի,ընդ որում, որքան մեծ է ստաժը, այնքան քիչ տոկոսով կբարելավվի կենսաթոշակառուի գումարի քանակը: Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին` որքանո՞վ է արդար, որ 80 տարուց ավել աշխատած անձի կենսաթոշակը  չի բարձրանա առհասարակ, իսկ բավական փոքր ստաժ ունեցող անձի աշխատավարձը կբարձրանա, ասենք, 40 տոկոսով: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ այդ 40 տոկոս ասվածն էլ է իրականում չնչին մի բան. «40 տոկո~ս, 40տոկո~ս, բայց ստացվում , որ 20000 թոշակ ստացողի կենսաթոշակը ընդամնեը կդառնա 24000 դրամ, էդ ո՞նց է ստացվում, որ 30000 մարդ, ըստ Ձեր տվյալների,  դուրս կգա աղքատության շեմից: Իրականում Ձեր այս բարեփոխումից երկրում ստեղծված տխուր վիճակը չի պայծառանալու: Ստացվում է, որ դուք վերցնում եք գումար նրանցից, ովքեր երկար տարիներ աշխատել են,  իսկ մյուսներին գրեթե ոչինչ չեք տալիս», – շեշտեց  Նիկոլ Փաշինյանը: Նրա հարցին ի պատասխան պարզվեց, որ 10 տարվա ստաժ ունեցող անձի կենսաթոշակը կավելանա 6200 դրամով: Այդ թիվը հատուկ շեշտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավանբար մտածելով, որ6200 դրամը մարդկանց ծայրահեղ աղքատությունից դուրս բերելու իրական շանս կտա:

Հայաստանը մեկուկեսմիլիոնանոց ծերանոց դարձնելու տեսլականը

A protest actionՀայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում 2014 թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր մասնակցելու են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչը նախատեսում է, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5-10%-ը պետք է փոխանցվի անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունն աջակցելու է 5%-ով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը:

Հանրության մի զգալի հատված վրդովված է կատարվող բարեփոխումից և չի ցանկանում իր աշխատավարձից որևէ մաս հանձնել օտարերկրյա մասնավոր հիմնադրամների: Նախ դա իրենց սոցիալական վիճակի վրա բացասաբար կարող է ազդել, բացի այդ, վստահ չեն, որ 20-30 տարի հետո իրենց ներդրած գումարները անփորձանք կվերադառնան իրենց. ոչ վաղ անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել:

 Արծվիկ Մինասյան. «Այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»

մինասյան արծվիկՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը երեք հիմնական խնդիր պետք է լուծի: Առաջին խնդիրը Հայաստանում բեռնվածության գործակցի չափազանց անհամաչափությունն է՝ մեկ աշխատող մեկ թոշակառուի դիմաց, մինչդեռ կենսունակ է երեքը մեկի դիմաց տարբերակը: Այս խնդիրը, ըստ պատգամավորի, պարտադիր կուտակային նոր համակարգի ներդրմամբ չի լուծվում. «Ռեֆորմի մեջ թիրախ չկա նշված: Նպատակն աշխատատեղերի ստեղծումը չէ, վճարողների թիվը մեծացնելը չէ, ֆոնդը մեծացնելը չէ»,- թվարկում է նա:

Երկրորդ խնդիրը փոխհատուցման գործակիցն է: Երբ մարդն անցնում է թոշակի, նրան իր աշխատածի առնվազն 40%-ով պետք է փոխհատուցեն: Դա նվազագույն շեմն է, որն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, սակայն Հայաստանում փոխհատուցման գործակիցը կազմում է 23%: «Առաջին արդյունքը պետք է քսաներեք տարի հետո լինի, սակայն քանի որ այդ ամենը ենթարկվում է ֆինանսական, տնտեսական ռիսկի, ապա որևէ մեկն այսօր վստահաբար չի կարող ասել, որ այդ 40%-ը կապահովվի»:

Երրորդ խնդիրն արդարության սկզբունքն է. յուրաքանչյուրը պետք է ստանա այնքան թոշակ, որքան ժամանակին վճարել է կենսաթոշակային ֆոնդին: Սակայն մեզ մոտ բոլորի դեպքում գործում է հավասարության սկզբունքը` անկախ այն հանգամանքից` վճարել ես հազա՞ր դրամ, թե՞ հարյուր: Թոշակային վճարների վերադարձը որոշվում է հիմնական սոցիալական վճարով, աշխատանքային ստաժով և քաղաքական որոշմամբ հաստատված արժեքով:  «Այս սկզբունքը պահպանվում է այնքանով, որ քո ակտիվների տերը դու ես, կարող են քո վճարածին համապատասխան աճել, կարող են նվազել, դու ես որոշում` ինչպես անել: Իսկ լավ կառավարելը կախված է նրանից, թե որ ֆոնդի որ պորտֆելում ես գումարը ներդնում: Երեք հիմնական պորտֆելներ կան` ռիսկային, ցածր և միջին: Մի խոսքով, գործում է խաղատան սկզբունքը»:

Ըստ պատգամավորի` բոլոր վերլուծությունները հանգեցնում են նրան, որ մոդելը ճիշտ չի ընտրվել: Ասում է, որ ժամանակին այս մոդելով շատ երկրներ են ոգևորվել, նաև` եվրոպական երկրները, սակայն աստիճանաբար սկսել են հրաժարվել, որովհետև հասկացել են, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:

Մինասյանը բերում է Արգենտինայի օրինակը, որը մեծածավալ ֆոնդեր ուներ, սակայն 2009 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ հիմքում դրված ակտիվները թողարկող կազմակերպությունները սնանկացան, ֆոնդերը զրոյական արժեք ունեցան: Արգենտինան հետ կանչեց այդ համակարգը` անցնելով պայմանական կուտակայինի գաղափարին:

Պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ պատգամավորի, այդ խնդիրները լուծելու այլընտրանքն է, որը գործում է շատ երկրներում, այդ թվում և եվրոպական, բայց, ցավոք, մեր իշխանությունների կողմից անտեսվում է:

Ո՞րն է պայմանականի էությունը: Հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ` ստեղծելով աշխատատեղեր, մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը: Այս մոդելով ապահովվում է նաև արդարության սկզբունքը:

ԱՄՆ-ում, օրինակ, կա պարտադիր կուտակայինի գաղափարը, բայց կա նաև պետական ֆոնդեր ընտրելու հնարավորություն, որի դեպքում պետությունը երաշխավորում է  100%-ով վերադարձ` ցածր տոկոսադրույքով:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել ամենախոցելի տարբերակը: Մինասյանը հիշում է օրենքի ներդրման նախապատմությունը. բարեփոխումները տասը տարի առաջ սկսեցին քննարկվել: 2003 թ. պետական կենսաթոշակների մասին օրենքում ամրագրվեց մի դրույթ, ըստ որի` կուտակային պարտադիր բաղադրիչի մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ չորս պայման բավարարվի՝ աշխատավարձերի անընդհատ աճ, ՀՆԱ-ի աճ ոչ պակաս, քան 2%, պետական բյուջեի դեֆիցիտ ոչ ավելի, քան 1% և անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք գործադրում: 2010 թ., երբ խորհրդարան բերվեց օրենքների փաթեթը, այս պայմաններից որևէ մեկը բավարարված չէր: «Ի՞նչ արեց մեր հարգարժան կառավարությունն ու իշխող քաղաքական մեծամասնությունը,- հիշում է Արծվիկ Մինասյանը,- այդ պայմանները ուժը կորցրած համարեց, ասաց, որ մենք կարող ենք հենց հիմա էլ ներդնել այդ համակարգը»:

Արծվիկ Մինասյանը ներկայացնում է համակարգի ներդրման իրական պատճառը. «Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել Հայաստանի ֆոնդային բորսան և դեպոզիտարիան: Բայց քանի որ էս երկրի կապիտալի շուկայի հերն անիծվել էր, չկար կորպորատիվ կառավարման համակարգ, կապիտալի շուկա, ապա ընկերությունն առաջարկել է իրեն շահագրգռելու համար  իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ և հաշիվների ողջ համակարգը հանձնել իրեն: Փաստորեն, այս բարեփոխման արդյունքում մասնավորեցվում է Հայաստանի կենսաթոշակային ողջ համակարգը»:

Բայց եթե անգամ այդ գումարները տնօրինի ոչ թե օտար մասնավոր ընկերությունը, այլ պետությունը, կա՞ արդյոք երաշխիք, որ այդ միջոցները չեն թալանվելու և ծառայելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Սա արդեն քաղաքական որոշման խնդիր է,- ասում է Մինասյանը` նշելով, որ այնուամենայնիվ ավելի լավ է այդ պատասխանատվությունը իշխանությունը կրի, քան մասնավոր օտար ընկերությունը:

Առաջ է գալիս հաջորդ հարցը` ո՞րն է Հայաստանի շահը

Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ տեսականորեն կարելի է կապիտալի շուկայի զարգացման օգուտ ստանալ` բիզնես միջավայրի բարելավման առումով, դրսի հայտնի կազմակերպության Հայաստան գալով, որը մեր երկրի հանդեպ վստահություն կառաջացնի դրսում և այլն:  «Բայց այդ ամենը խիստ տեսական է: Ինչքան  հայտնի կազմակերպություններ գալիս են Հայաստան, դրական էֆեկտը չի երևում, որովհետև պրոբլեմը մեզ մոտ շատ ավելի խորն է»:

Մի խոսքով` Արծվիկ Մինասյանը չի հավատում ներկա կառավարության և կենտրոնական բանկի կողմից իրականացվող բարեփոխումներին:

Որո՞նք են կառավարության հիմնավորումները

Նշվում է, որ  սա նպատակ ունի ՀՀ աշխատաշուկայում արտադրողականությունը խթանել, կրճատել ստվերային տնտեսությունը և այլն: Սակայն ամենազավեշտալի հիմնավորումը Հայաստանի ժողովրդագրական վիճակի զարգացումներին է վերաբերում: Վերցված են մակրոցուցանիշները, որ այս տեմպերով մեր երկրի բնակչության թիվը 2050 թ. կլինի մեկուկես միլիոն: Եվ քանի որ ծերերի թիվը մեծանալու է, իսկ նոր ծնունդները նվազելու են, ապա բեռնվածությունը մեծանալու է, հետևաբար միջոցները պետք է տեղաբաշխել այնպես, որ ծերերի հարցը հնարավոր լինի լուծել: «Իրականում այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»,- նկատում է Արծվիկ Մինասյանը:

Կարելի է ձևակերպել նաև այսպես` ամրագրվում է մեկուկեսմիլիոնանոց ծերանոց ունենալու մոտեցումը:

 Հանրային խորհրդում շահագրգիռ կողմերը քննարկել են վիճահարույց «բարեփոխումը»

հանրային խորհուրդՆոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:

Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչու խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, բացի այդ, Հայաստանում սոցիալական լարվածություն կա, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ մեծ անորոշություն կա:

Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրսհանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:

ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որ միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների քննարկումների արդյունքները, ըստ որի` մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես բարեփոխման կարիք ունի, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը 5%-ով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշ անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնանշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:

Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք համարում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:

Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:

Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրության 51%-ը դրական է վերաբերվում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջ արված հարցումների արդյունքները, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը1,5%-ը:

Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:

Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:

Անի Գասպարյան

Անկախ

Պետությունը կամաց-կամաց հրաժարվում է իր սոցիալական պարտավորություններից

կենսաթոշակային2014 թ. հունվարի 1-ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել: Դրանում կներառվեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: Նախատեսվում է, որ 2014 թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնի Հայաստանի մոտ 260 հազար քաղաքացի:

 Նոր համակարգը, ինչպես հավաստիացնում են դրա «ճարտարապետները», ավելացնում է պարտադիր կուտակային  բաղադրիչը, որով ապագա կենսաթոշակառուն կձևավորի իր կենսաթոշակի չափը: Այսինքն` յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին պետք է ներդնի իր չհարկված աշխատավարձի 5%-ը, ևս 5%, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ այդ հաշվին պետք է փոխանցի նաև պետությունը:

Քաղաքացիներն իրենց կենսաթոշակային միջոցները չեն կարող տնօրինել մինչև 63 տարեկանը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ժամկետից շուտ դառնան անաշխատունակ կամ լքեն Հայաստանը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից և այլն:

Ինչպես արդեն գիտենք, այս «բարեփոխումները» հասարակության լայն զանգվածների մեջ առաջացրին դժգոհությունների մեծ ալիք: ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ հանդես եկան այս նոր օրենսդրական փաթեթի դեմ, իսկ քաղաքացիական հասարակությունն ինքնակազմակերպվեց ու ստեղծեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունը: Բայց ինչպես երկուշաբթի օրը կառավարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ամեն դեպքում 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգը կսկսի գործել:

Ինչ է սպասում մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներին

Այն քաղաքացիները, որոնց վրա տարածվում է 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչև փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ  լիցենզիա ստանալու` ֆրանսիական «Amundi»-ն ու գերմանական «Talanx»-ը:

«Բանակցություններ են վարվել ևս 5-7 ընկերությունների հետ, բայց վերջնական լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Աշխատանքային առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- լրագրողներին հայտնել էր Դավիթ Սարգսյանը:

Իսկ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը պարզաբանել է, թե ինչու  է ընտրվել փետրվարի 20 ժամկետը. որովհետև մեր վճարման ցիկլն այնպիսին է, որ հունվար ամսվա հարկային վճարումները կատարվում են մինչև փետրվարի 20-ը: Այսինքն` ՀՀ քաղաքացիները երեք ամիս ժամանակ ունեն ընտրելու կուտակային կենսաթոշակային համակարգով իրենց կուտակած միջոցների` ակտիվների կառավարչին. մինչև փետրվարի 20-ը ներառյալ: Իսկ եթե քաղաքացին մինչ այդ չկարողանա ինքնուրույն ընտրություն կատարել, ապա  նրա փոխարեն դա կանի համակարգչային ծրագիրը` նրան ընդգրկելով որևէ կառավարչի ամենացածր ռիսկեր ունեցող փաթեթի մեջ:

Այս երկու ընկերություններն ունեն 3-ական փաթեթներ` ցածր ռիսկայնությամբ, ցածր բայց կայուն եկամուտ ապահովող, միջին ռիսկայնությամբ, բայց մի քիչ ավելի բարձր եկամուտ ապահովող և բարձր ռիսկայնությամբ ու բարձր եկամուտներ ապահովող: Քաղաքացիներն էլ, ինչպես նշեց Վաչե Գաբրիելյանը, տարին մեկ անգամ անվճար կարող են փոխել իրենց կենսաթոշակային հաշվի կառավարչին ու փաթեթը:

Հայաստանում ապագա թոշակները կկազմեն աշխատավարձերի 40%-ը, ինչպես նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այս գործակիցը  հիմնված է 30 տարվա ստաժի և 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձևավորվել էին և՛ կենսաթոշակային տարիքը, և՛ ապագա թոշակի չափը»,- ասել է նախարարը:

Իսկ ամենամյա կենսաթոշակային կուտակումները, ինչպես նշում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը,  կկազմեն 100-150 մլն դոլար: Ըստ կառավարության` նոր կենսաթոշակային համակարգի գոյության առաջին 5 տարիներին կուտակումները կկազմեն 800 մլն դոլար:

Ըստ հաստատված կարգի` կենսաթոշակային ֆոնդերը կարող են իրենց կողմից կառավարվող միջոցների 40%-ը տեղադրել արտասահմանյան ակտիվներում, իսկ 60%-ը` Հայաստանի ներսում:

կենսաթոշակային (1)Սա, ինչպես ժամանակին նշում էր տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի հետ բանավեճում, նշանակում է Հայաստանից ոչ միայն մարդկային, հումքային և այլ կարևորագույն ռեսուրսների արտահանում, այլև փողի արտահանում, և Հայաստանը դառնում է կանխիկ փող արտահանող երկիր: Այն ժամանակ Վ. Արամյանը հերքում էր այդ տեսակետը: Իսկ այժմ կառավարությունն ինքն է  նշում, որ այդ փողերը կարտահանվեն, և փորձում է պարզաբանել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բերանով. «Դա բնական ապահովագրություն է` արժութային տատանումների նկատմամբ: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ բաժնետոմսերի շուկան պետք է դեռ զարգանա  Հայաստանում, իսկ դրսում կան բարձրակարգ բաժնետոմսեր, որոնք բարձր եկամուտներ կարող են ապահովել` այդ ակտիվների կառավարման տեսակետից»:

Կառավարությունը հավատացնում է, թե կուտակված կենսաթոշակները չեն կորչի

Բայց հարց է առաջանում` ի՞նչ կլինի, երբ ակտիվի կառավարիչը սնանկանա. «Ոչինչ. ակտիվի մեկ այլ կառավարիչ կգա, արժեթղթերը կփոխանցվեն նրան, ու նորից գործառույթները կկատարվեն»,- այս հավաստիացումն էլ տալիս է Վաչե Գաբրիելյանը:

Որպեսզի քաղաքացիների փողերը ավելի ապահով լինեն ֆինանսական շուկաներում ու չկորչեն, կան նաև սահմանափակումներ, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել. մի գործիքում այդ սահմանափակումը 10-20%-ից ավելի կուտակումն արգելելն է, իսկ մյուս գործիքում` 5%-ը:

Ի՞նչ պետք է լինի այն դեպքերում, երբ մարդը կուտակել է բավականին միջոցներ, բայց մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը վախճանվել է, կամ երկարակյաց է ու ավելի շատ փող պետք է ստանա, քան հասցրել է կուտակել իր կյանքի ընթացքում:  Չօգտագործված գումարները, նշում են կառավարության ներկայացուցիչները,  կվերադարձվեն ժառանգներին, իսկ եթե քաղաքացիները երկարակյաց լինեն, ապա կշարունակեն ապահովված ապրել, քանի որ դա համարվում է  հիմնադրամի ռիսկերից մեկը:

Բայց ամեն ինչ այդքան հեշտ, պարզ ու միանշանակ չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ օրերս լրագրողներին այս հարցի կապակցությամբ ներկայացրեց իր դիտարկումները:

«Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում էր, այս անգամ էլ պարտադիր ձևն ընտրվեց: Եթե պարտադիր գումար պետք է գանձեք, ապա ինչո՞ւ պետական ֆոնդեր չեք ստեղծում ու դրանցում կուտակում գումարները: Այսինքն` կառավարությունը պարտադրում է քաղաքացիներին գումարներ փոխանցել իրենց ընկերոջ գրպանը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունն էլ է կարծում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը դրական կողմ չունի: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հիշեցնելով, որ համակարգի ներդրումից հետո 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները կստանան 6.6-13%-ով պակաս աշխատավարձ, նշում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը սարսափելի հետևանքներ կունենա: «Մարդիկ կստանան ցածր աշխատավարձեր, իսկ ծերության օրոք, իբր, կստանան երիտասարդ տարիներին կուտակած իրենց գումարները, բայց թե ումից և ինչպես` հայտնի չէ: Հայաստանից ավելի զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Ռուսաստանում և Արգենտինայում, կենսաթոշակային նմանատիպ օպերատորներից մեկը սառեցրել է գործընթացը, մյուսը` սնանկ հայտարարվել»,- ասել է նա լրագրողներին:

Հասկանալու համար այս հարցերի պատասխանները, հիշենք, որ կառավարության անդամների ներկայացմամբ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի` Հայաստանին ամենամոտ տարբերակները ներդրել են Սլովակիան, Էստոնիան, Չիլին, լատինաամերիկյան էլի մի քանի երկրներ և այլն: Ընդ որում, ասում է Վաչե Գաբրիելյանը, այս բոլոր երկրներից միայն 1-2 դեպքեր են եղել, որ թոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչներից դժգոհ են եղել, այն էլ այդ դժգոհությունները վերաբերել են ակտիվների ցածր եկամտաբերություն ունենալուն, և որպես ռիսկերի կառավարում` նման դեպքերում ազգայնացվել են այդ կենսաթոշակային ֆոնդերը:

Իսկ այն հարցին, թե  հնարավո՞ր է հետագայում հրաժարվել ներկայումս ընդունվող համակարգից, և ի՞նչ պետք է արվի համաշխարհային ճգնաժամերի դեպքում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ եթե աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, ապա փորձված գործիքներ կկիրառվեն ռիսկերը չեզոքացնելու համար, մասնավորապես` տնտեսական աճի վրա ուշադրություն կդարձվի, որպեսզի այդ աճով ապահովվեն կենսաթոշակային միջոցները: Բացի այդ, ակտիվները կներդրվեն ոչ թե մեկ, այլ տարբեր ոլորտներում ու տնտեսության ճյուղերում, որպեսզի մեկի տապալումից բոլոր ակտիվները չտուժեն:

«Իսկ եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի, ապա այդ դեպքում ոչինչ անել չի լինի»,- նշում էր Դավիթ Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանն իր ասպիրանտների հետ միասին ուսումնասիրել է այսպիսի կենսաթոշակային համակարգ ունեցող բոլոր երկրների փորձը, ու համոզված հայտարարում է, որ այն երկրներում, որոնց մոդելը, իբրև,  ընտրել է Հայաստանը, այդպիսի համակարգ չի գործում:

կենսաթոշակային (2)«Նշում էին Էստոնիայի մասին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Էստոնիայում նման բան չկա: Նախ` նրանց մոտ պարտադիր չէ համակարգը, այլ կամավոր, և երկրորդ` էստոնացիները Հայաստանի պես 5% գումարներ չեն գանձում, այլ ասում են` քանի որ մեր պետությունն աղքատ է, իսկ նրանք մեզնից հարուստ են, քաղաքացիների համար լուրջ բեռ կլինի 5%, ու սահմանել են 2%»,- ասում էր Բագրատյանը:

Նրան հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է այդ գումարները դուրս հանվեն Հայաստանից, ու ինչու պետք է հայկական ձեռնարկությունները չկարողանան սեփական կեսնաթոշակային ֆոնդերը տնօրինել:

Ի դեպ, ինտերնետում մի քանի րոպե փնտրելուց հետո նկատեցինք, որ աշխարհում կա այդպիսի փորձ, օրինակ` «Կրայսլեր» ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է նույն ընկերության աշխատակիցների ստեղծած կենսաթոշակային ֆոնդին: Նույնպիսի իրավիճակ է նաև «Ջեներալ էլեկտրիկս»-ում, սակայն թվերի այլ հարաբերակցությամբ: Սա, ինչպես նշում են ամերիկացի փորձագետները, նախ ավելի է ամրապնդում աշխատակիցների ու ընկերության կապը,  բացի այդ, բարձրացնում է աշխատողների մոտիվացիան ու շահագրգռվածությունը, քանի որ նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքից են կախված այն եկամուտները, որոնք պետք է ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը: Այդ ընկերությունների աշխատողները նաև լրացուցիչ օժանդակություն են ցուցաբերում ընկերության արտադրանքի սպառման հարցում, քանի որ անձնական շահագրգռվածություն ունենալով` համոզում են իրենց ծանոթ-բարեկամներին գնել հենց իրենց արտադրանքը:

Բագրատյանի համար հասկանալի չէ նաև, թե ինչու հենց երկու ընկերություն պետք է կառավարի այդ կենսաթոշակային ֆոնդերը, ոչ թե, օրինակ` 27 կամ 30, ինչպես Էստոնիայում է:

Այս համակարգը մի վտանգ էլ ունի. մարդիկ կսկսեն թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն:

Նշենք նաև, որ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի: Այս կամավոր համակարգին չեն անդամակցել անգամ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք այս համակարգի ամենաջերմեռանդ ջատագովներն են:

 

 

Բաց նամակ պատգամավորներին

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ՝

Հրանտ Բագրատյանին,

Լևոն Զուրաբյանին,

Արծվիկ Մինասյանին, և

Նաիրա Զոհրաբյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

կենսաթոշակՀարգելի պատգամավորներ,

Նամակը հասցեագրում ենք Ձեզ, քանի որ ԱԺ պատգամավորներից առ այսօր ստացել ենք միայն Ձեր դրական արձագանքը, որի համար շնորհակալ ենք: Դուք լավատեղյակ եք, թե քանի պատգամավոր է դեմ քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» չարաբաստիկ օրենքինու դրա հետագա փոփոխություններին ու լրացումներին: Ձեզանից յուրաքանչյուրը նաև ժամանակին բարձրաձայնել է այդ օրենքի մի շարք թերությունների ու հակասությունների մասին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն

ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր

վճարներին» քաղաքացիական նախաձեռնությունն իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում առկա սոցիալ-տնտեսականիրականությունից, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:

Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում մոտավորապես 6-13%-ով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում, որտեղ 2013թ-ի ինը ամիսների ընթացքում մոտ 120 հազար մարդ արդեն լքել է հայրենիքը: Ըստ էության, կառավարությունը փորձում է իր կողմից կենսաթոշակային վճարումներ կատարելու ֆինանսական բեռը տեղափոխել քաղաքացու վրա: Կառավարությունը, ունենալով նվազագույն սոցիալական կենսաթոշակ վճարելու պարտավորություն, անհասկանալիորեն և ոչ իրավական եղանակով փորձում է պարտադրել անձին վճարել հավելյալ գումար՝ նվազագույն (սոցիալական) կենսաթոշակից ավել թոշակ ստանալու համար: Մինչդեռ, նվազագույնից ավել թոշակ ստանալը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով, այլ ոչ թե պարտադիր կարգով: Որևէ մեկը իրավունք չունի անձին պարտադրել անելու որևէ գործողություն նվազագույնից ավել կենսաթոշակ ստանալու համար: Այսինքն, Օրենքի այս պարտադիր բաղադրիչը չունի իրավական հիմնավորում և ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված1 բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում,ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեսությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30տոկոսը՝ այն էլ պետբյուջեի հաշվին, որը գոյանում է հենց նույն քաղաքացու կամ գործարարի հարկային վճարումներից:

Կառավարությունը փորձել է կրկնօրինակել աշխարհում տարածում գտած երկու բաղադրիչ ունեցող մոդելը (այն է՝ պետական նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ –100 տոկոս պետբյուջեից ֆինանսավորվող և կամավոր), սակայն երկու բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ունեցող համակարգ, ու արհեստականորեն ավելացրել է միջանկյալ մի բաղադրիչ՝ պարտադիր բաղադրիչ պետության և քաղաքացու կողմից 50/50 մասնակցությամբ: Գրեթե ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճարը որպես հարկատեսակ (social security), որը ՀՀ-ում եկամտային միասնական հարկի սոց. վճարի մասն է, և կամավոր կենսաթոշակային վճար, երբ պետությունը կամ գործատուն քաղաքացու վճարած կամավոր գումարի չափով ևս վճարում է կատարում (matching): Սա կամավոր վճարի խրախուսման մեխանիզմն է: Սակայն մեր պարագայում կառավությունը կիրառել է միջանկյալ պարտադիր matching: Նման լուծումը անարդարացի է և ոչ իրավաչափ, քանի որ ստացվում է մենք վճարում ենք և սոց. վճար և պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որն ըստ էության կրկնակի հարկում է:

Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին, ով սակայն, հարցը վերահասցեագրել է Սոց. Ապ. նախարարություն:

Դիմում-նամակ ենք հղել նաև Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով վիճարկել Օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում: ՀՀ մի շարք 1 Ուսումնասիրելուց հետո 2010թ-ին օրենքի և դրանում հետագայում 2011-2013թթ ընթացքում կատարված փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, դրանց վերաբերյալ քվեարկության արդյուքները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ կառավարությունը փորձում է “սահուն կերպով” ավելացնել քաղաքացիների ֆինանսական բեռը, առայժմ բավարարվելով 1974թ.–ից հետո ծնված անձանցով:

քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով (վերացնել ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅԱՆ բաղադրիչը), կամ հակառակ պարագայում, եթե չհաջողվի հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություններն արտահերթ նիստ գումարելու համար, ապա հավաքել

27 ստորագրություն՝ սահմանադրական դատարան դիմելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Օրենքին դեմ են քվեարկել ավելի քան 30 պատգամավորներ, համարում են իրատեսական նման ստորագրահավաքի նախաձեռնումը:

Սույն նախաձեռնությանը միացած ավելի քան 7000 քաղաքացիներ վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների, երթերի ու ցույցերի միջոցով:

Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի, ինչպես նաև անհատ քաղաքական գործիչների ու պատգամավորների դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրը կամ Ձեր կողմից ներկայացվող քաղաքական ուժերը կարող են ունենալ որոշակի տարաձայնություններ այս կամ այն հարցի շուրջ: Սակայն մենք խնդրում ենք վեր կանգնել այդ տարաձայնություններից, քանի որ խոսքը գնում է կարևորագույն հարցի մասին: Մեր պայքարը չի ճանաչում կուսակցական պատկանելություն կամ նախասիրություն:

Խնդրում ենք ներկայացնել մեր նախաձեռնության դիրքորոշումը ԱԺ-ի ամբիոնից՝ մեր անունից խնդրելով բոլոր շահագրգիռ ու մտահոգ քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միանալ այս պայքարին և մասնակցել ստորագրահավաքին՝ ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, հնարավորինս սեղմ ժամկետներում:

Մենք թույլ չենք տա, որ ԱԺ-ում իր կամակատարներին կոճակ սեղմելու պատվեր տվող կառավարությունը խեղաթյուրի կենսաթոշակային բարեփոխումների էությունը և վտանգի մեր և մեր ապագա սերունդների ճակատագիրն ու ֆինանսական անվտանգությունն իր անտարբեր, ոչ պրոֆեսիոնալ և ոչ իրավաչափ վարքագծով:

Պայքարի զարգացումներին կարող եք հետևել նաև հատուկ ստեղծված http://dem.am

կայքից և ֆեյսբուքյան խմբից՝ https://www.facebook.com/groups/659878787373449/

Հարգանքով՝

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնություն

Փաստաբան Հայկ Գրիգորյան

11/11/2013թ. 

 

Կենսաթոշակային բազմաստիճան համակարգ. այն գործելու է 2014 թ. հունվարի 1-ից

կենսաթոշակԱրդեն մի քանի տարի է, ինչ պետությունը նախաձեռնել է բարդ և երկրի համար կարևոր սոցիալական նշանակություն ունեցող մի ծրագիր` կենսաթոշակային բազմաստիճան համակարգ, որը նախատեսվում է գործարկել 2014 թ. հունվարի 1-ից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս բարեփոխումների ծրագիրը, և ի՞նչ է դրանից շահելու սովորական քաղաքացին:

Պետական կենսաթոշակային բաղադրիչին ավելանալու է նոր՝ մասնավոր կուտակային երկու բաղադրիչ, որին պարտավորվելու են միանալ 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները՝ առանց սահմանափակումների: Այսինքն՝ բարեփոխման հիմքում ընկած է այն գաղափարը, որ քաղաքացին անցնելու է անհատական կենսաթոշակային խնայողությունների համակարգին: Մարդն իր կյանքի ընթացքում խնայելու, կուտակելու է որոշակի գումար, իսկ կենսաթոշակի անցնելուց հետո ստանալու է իր կուտակած միջոցները կուտակային կենսաթոշակի տեսքով: Որքան շատ գումար խնայի նա կենսաթոշակի նպատակով, այնքան շատ կլինի հետագայում ստացվող կենսաթոշակը: Այն, իբրև «սոցիալական արդարության» սկզբունք, գալիս է փոխարինելու կամ համալրելու «սերունդների համերաշխության» սկզբունքը:

Ի՞նչ ենք ունենալու վաղը

Բարեփոխումների առաջին և հիմնական նպատակը հասարակության մեջ տարեց քաղաքացիների սոցիալական ապահովության խնդրի լուծումն է: Արդյունքում մեծանում է  քաղաքացու անմիջական մասնակցությունը սեփական կենսաթոշակի ձևավորման գործում, բարձրացնում նրա պատասխանատվությունը բարեկեցիկ ապագա ունենալու առումով:

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը, մասնագետների գնահատմամբ, բարդ գործընթաց է համարվում բոլոր երկրներում, քանի որ այն վերաբերում է  մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: Դեռ երիտասարդ տարիքից անձը պետք է  մտածի ապագայի մասին, խնայողությունների դիմի, պետք է կարողանա հաշվարկել եկամուտները, ճիշտ գնահատել ծախսերը և ընտրել ֆոնդի կառավարիչ, համեմատել առաջարկվող տարբերակները, որոշումներ ընդունել և մշտապես հետևել կուտակային միջոցների աճին և շարժին:  

Ի՞նչ ունենք այսօր                 

Մեր երկրում ներկայումս գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, որը ֆինանսավորվում է զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների ընթացիկ մուծումների հաշվին: Աշխատող քաղաքացիների մուծումներից գոյացած գումարներն ամբողջովին ուղղվում են ընթացիկ  կենսաթոշակների վճարմանը: Այսինքն՝ ներկայիս աշխատողները ապահովում են ներկայիս անաշխատունակ տարիքի անձանց: Այս համակարգն անարդյունավետ է այն պատճառով, որ չի արտահայտում մարդու անհատական ներդրումը կենսաթոշակային համակարգում, քանի որ, անկախ կատարված սոցիալական վճարների չափից, բոլորը կենսաթոշակի անցնելուց հետո հավասարվում են: Իսկ կուտակային համակարգը պահպանում է արդարության սկզբունքը, ով շատ է վճարում, նա էլ շատ է  ստանում: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն ունեցել աշխատանքային ստաժ և իրենց կյանքի ընթացքում ոչինչ չեն կուտակել, կստանան բազային կենսաթոշակ:

Նշենք, որ Հայաստանում այս համակարգին ուղղված բարեփոխումների հարցում պետությանն աջակցում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը` USAID-ը: Սոցնախարար Արտեմ Ասատրյանն այս ուղղությամբ կատարած իր դիտարկումներում նշել է, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումների արդյունքում ներդրվել և կիրառվել է նոր տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս լիարժեք տիրապետելու  հազարավոր կենսաթոշակառուների տվյալներին և կառավարելու այդ համակարգը:

Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև ինտեգրացված սոցիալական ծառայությունների ուղղությամբ: Արդեն ձևավորվել են 19 տարածքային կենտրոններ, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտում  առաջարկում են ծառայությունների մատուցման նոր որակ և ձևաչափ: Նախատեսվում է հանրապետության տարածքում ձևավորել շուրջ 55 այդպիսի կենտրոններ ևս, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ սոցիալական ծառայություններ բոլորովին այլ մեխանիզմով: Բացի այդ, նախատեսվում է նվազեցնել քաղաքացիների դիմումների ընդունման հետ կապված խնդիրները: Դրամական վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ վճարներն  իրականացվելու են տեղեկատվական համակարգերի միջոցով,  և այդ գործընթացներին սոցիալական աշխատողների միջամտությունը հասնելու է նվազագույնի: Քաղաքացիներն այսօր ունեն նաև դիմումները ներկայացնելու և ծառայությունների մասին ճշգրիտ տեղեկանալու պակաս, որոնց արդյունավետ լուծման միակ ճանապարհը, ըստ համակարգի ներկայացուցիչների, լինելու է այս գործընթացների իրականացումը:

Նշենք, որ քաղաքացիների խնայողությունները պահվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով, որոնց ընտրելու են հենց իրենք՝ զբաղված անձինք: USAID՝ PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում բոլոր զբաղված քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների կառավարիչներ: Այս մասին կհայտարարվի առաջիկայում: «Ես վստահ եմ, որ 2014 թ. նոր կենսաթոշակային համակարգը կմտնի ուժի մեջ: Նոր ծրագրով մեր աշխատանքները հիմնականում ուղղվելու են մի քանի բաղադրիչների իրականացմանը, և հիմնական աջակցությունը ուղղված է լինելու պետական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, մասնավորապես` ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և բարձր որակի ծառայությունների ապահովմանը:  Մենք ջանքեր ենք  գործադրելու, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն այս համակարգի մասին և կարողանան կենսաթոշակային ֆոնդերի և ակտիվների կառավարիչներ ընտրել»,- ասել է ծրագրի ներկայացուցիչը:

Քաղաքացին խնայելու է, տնտեսությունը` շահելու

Ապահովելու է նաև ֆինանսական կայունություն: Այսինքն՝ քաղաքացիների խնայողություններն անուղղակի առավելություններ են բերելու նաև երկրի տնտեսության զարգացմանը: Կուտակային վճարների հաշվին երկրում ձևավորվում են երկարաժամկետ միջոցներ. որոնք կարող են կարճ ժամանակահատվածում առաջացնել ազատ ֆինանսական հոսքեր ու ներդրվել տնտեսության մեջ: Այս գործընթացը նպաստելու է  երկարաժամկետ տնտեսական հեռանկարային աճին: Քաղաքացիների խնայողությունների արդյունավետ կառավարման շնորհիվ կուտակային համակարգը մոտ ապագայում բազմապատիկ օգուտներ է խոստանում ֆինանսական շուկայի աշխուժացման, ներդրումների աճի, վարկային տոկոսադրույքների նվազեցման և ընդհանուր առմամբ, տնտեսության դինամիկ զարգացման առումով:

Սակայն հանրության շրջանում դեռ  անվստահություն կա: Գուցե այս համակարգը իդեալական գործի այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է, մարդկանց եկամուտները բավարար են, աղքատության մակարդակն էլ ցածր է: Բայց եթե մեր երկրում սովորական քաղաքացու նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ է, իսկ միջինը՝ 100 հազար, ապա ինչպե՞ս պետք է քաղաքացին այդ փոքր ամսական բյուջեով խնայողություններ նախատեսի: Աշխատավարձերի ցածր լինելու պարագայում զբաղված անձանցից թերևս շատ քչերը կցանկանան գումար խնայել, քանի որ  ստացածը բավարար չէ գոնե տարեկան կենցաղային ծախսերը հոգալու համար:

ՀՀ Ազգային ժողովի  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտակցելով ժողովրդի շրջանում այս համակարգի գործարկման հետ կապված ընդվզումը, հորդորում է այնուամենայնիվ գնալ կենսաթոշակային բարեփոխումների ճանապարհով` առանց երկմտելու: Եվ զբաղված քաղաքացիներին, փոքր ինչ ոգևորելու համար հիշեցրեց, որ 2014-ից աշխատավարձերի բարձրացում է սպասվում, և միջին աշխատավարձը  նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի,  իսկ առավելագույնը`  20 անգամ ավելի: Այս հանգամանքը, ըստ նրա, ստիպելու է համատարած բարձրացնել բոլոր քաղաքացիների աշխատավարձերը` անկախ պետական կամ մասնավոր կառույց լինելու գործոնից:

Լ.Ն

Կենսաթոշակների ինչպիսի՞ տեսակներ կան

կենսաթոշակ«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին) 8-րդ հոդվածում նշված են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. աշխատանքային`

1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,

2. զինվորական`

1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,

3. սոցիալական`

1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:

Նյութի շրջանակներում կանդրադառնանք միայն աշխատանքային կենսաթոշակի տեսակներին: Այսպես, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ընդ որում, տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք վերապահված է` 1) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 օրացուցային տարի աշխատած անձին` 55 տարին լրանալու դեպքում, եթե ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2) 59 տարին լրացած անձին` 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որից 20 օրացուցային տարին` ծանր պայմաններում, 3) հիպոֆիզային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին` 45 տարին լրանալու և 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին` 1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, 2) ընդհանուր հիվանդության հետևանքով:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին`

1) 18 տարին չլրացած երեխային, 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում, 5) ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում, 6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մասնակի կենսաթոշակի իրավունքը պատկանում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կենսաթոշակների գործով «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատուին և երեք վճարող-տեսուչներին մեղադրանք է առաջդրվել

կենսաթոշակԿենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք  է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի  վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ,  յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ:
 Մասնավորապես` Գ.Թադևոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը պարզել են տևական ժամանակ կենսաթոշակ չստացած  և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ  կենսաթոշակառուների տվյալները:
Այնուհետև 2009 թ. մայիսից մինչև 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում  վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը, վճարային ցուցակներում  կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են  իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ.Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս.Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Է.Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը: