«Մենք մեծ վնասներ կկրենք, եթե շարունակենք ստրկաբար անել այն ամենը, ինչ մեզ կթելադրի Ռուսաստանը». Արշակ Սադոյան

g_image«Ազգայի ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից և Ղրիմ-Արցախ նմանությունից, նշեց, որ իրավունք չունենք զուգահեռներ անցկացնել Ղարաբաղի և Ղրիմի անկախացման միջև, որովհետև Արցախն ի սկզբանե հայկական հող է եղել, և այնտեղ մեծամասամբ հայերն են ապրել: Բացի դրանից՝ բանակի ճնշմամբ իրականացված հանրաքվեն չի կարելի համեմատել Արցախի հանրաքվեի հետ:

Արշակ Սադոյանի կարծիքով` մեր իշխանությունները պետք է կարողանան օգտագործել ինքնորշման իրավունքի գերակայությունը և օգուտներ քաղեն Ղրիմի անկախացումից: «Ողբալի է, որ երեկ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետությունը Կուբայի, Զիմբաբվեյի ու նման երկրների հետ դեմ քվեարկեց բանաձևին: Սա նշանակում է, որ մենք գահավիժում ենք ու հասնում այդ երկրների մակարդակին»,-ասաց Արշակ Սադոյանը` հավելելով, որ մենք մեծ վնասներ կկրենք, եթե շարունակենք ստրկաբար անել այն ամենը, ինչ մեզ կթելադրի Ռուսաստանը:

Հարցին, թե ի՞նչ կտար մեզ ՄԱԿ-ում կողմ կամ ձեռնպահ քվեարկելը և արդյոք դա չէ՞ր վնասի Արցախի ինքնորոշման խնդրին, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Թշնամանալ Եվրոպայի ու Ամերիկայի հետ մեզ համար հիմա ավելի վտանգավոր է, քան մի քիչ ռիսկով գործել Ռուսաստանի հանդեպ: Արցախի հարցում խիստ վնասակար էր կողմ, բայց ոչ ձեռնպահ քվեարկելը: Իսկ այսպես մենք հավասարվեցինք Կորեայի ու Զիմբաբվեի մակարդակին»:

 

Անկախ

«Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ». Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայ-ուկրաինական հարաբերությունները բոլոր ուղղություններով շատ լավ զարգանում են և դեռ ավելի կլավանան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանն անդրադարձավ ԱՊՀ կազմից դուրս գալու Ուկրաինայի հայտարարությանը` նկատելով, որ իմաստ չունի մնալ այն կառույցի կազմում, որը որևէ օգուտ չի բերում, մի կազմակերպություն, որտեղ հավաքվում են թեյ խմելու, ոչ մեկին պետք չէ: Դեսպանի խոսքով` ԱՊՀ երկրների նախարարները մինչ օրս չեն հավաքվել ու քննարկել Ուկրաինայի հարցը:
Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին և Ուկրաինայի` այդ մտքի հետ համակերպվելու փաստին` Իվան Կուխտան այսպես պատասխանեց. «Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը, միջազգային բոլոր կազմակերպությունները, բացառությամբ մի քանիսի: Եթե խախտվեր ձեր Սահմանադրական իրավունքը, կհամակերպվե՞իք»:
Դեսպանը ձեռնպահ մնաց գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ ուկրաինական իրադարձությունների արձագանքը մեկնաբանելուց, և հորդորեց դրա համար դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի և Հայաստանի նախագահի լրատվական ծառայություն:
Այն դիտարկմանը, թե Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանում, հնարավո՞ր է նույնն անի նաև Հայաստանի դեպքում, Իվան Կուխտան պատասխանեց. «Հայաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմ չկա, ռեժիմի սահմանումը հավանական չեմ համարում»:

Անկախ

Ղրիմը «ռուսաֆիկացվեց»

հանրաքվեՌուսների ազգային արժանապատվությունն ու ինքնագիտակցությունը բորբոքող միջոցներն այնքան էլ շատ չեն: Ու այդ քիչ միջոցներից մեկն էլ «նացիզմ» բառն է, որ հունից հանում է նրանց: Նացիզմը ռուսներն ընկալում են որպես իրենց գոյությանը սպառնացող երևույթ: Ու եթե մի պահ մի կողմ դնենք տարբեր պայծառատեսների դեռևս 5 տարի արած գուշակությունները, թե Ուկրաինան պետք է բաժանվի երեք մասի, մի կողմ դնենք անգամ ռուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, թե Ուկրաինայի մասնատման ծրագիրը Ռուսաստանում մշակվել է դեռևս 6 տարի առաջ, միայն այն հանգամանքը, որ Կիևում փաստացի իշխանությունը նեոնացիստներին` բենդերներին անցավ, այն էլ սուր հակառուսական դրսևորումներով, ապա միանգամայն սպասելի էին այն գործընթացները, որ սկսվեցին ու դեռ կընթանան Ուկրաինայում ու նրան առնչվող երկրներում:

Ղրիմի հանրաքվեն ռուսների համար լեգիտիմ է, Արևմուտքի համար` անընդունելի

Բայց Ուկրաինայում, բացի ռուսների համար ազգային դեպրեսիա առաջացնող նեոնացիստներից, այլ մարտահրավեր-վտանգներ էլ էին ստեղծվել: Արևմուտքն ու նրա ռազմական կցորդը` ՆԱՏՕ-ն, Ռուսաստանի սահմաններին օրըստօրե մոտենալու փորձեր էին անում: Այս մասին բաց տեքստով մարտի 18-ին հայտարարեց նաև Վլադիմիր Պուտինը` նշելով, թե Արևմուտքը միշտ որդեգրել է այն գործելաոճը, որ Ռուսաստանին կանգնեցրել է արդեն իսկ կատարված փաստի առջև` ՆԱՏՕ-ի հենակետերը մոտեցնելով ռուսական սահմաններին ու հայտարարելով, թե դրանք Ռուսաստանի դեմ չեն: Եվ այդ խորապատկերում Ռուսաստանին պետք էր աշխարհաքաղաքական հենակետեր գրավելու և պահպանելու նկատառումներով ամրապնդել իր դիրքերը Ղրիմում:

Եվ ահա մարտի 16-ին Ղրիմում ու Սևաստոպոլում անցկացվեց հանրաքվե, որով Ղրիմի ու Սևաստոպոլի ազգաբնակչությունը վճռեց մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Ղրիմում հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 96,77%-ը, իսկ Սևաստոպոլում` 95,6%-ը քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին: Միջազգային դիտորդներն էլ որևէ լուրջ խախտում չարձանագրեցին: Հաջորդ օրն էլ` մարտի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրաման ստորագրեց, որով այն ճանաչվեց անկախ պետություն:

«Հաշվի առնելով Ղրիմի ժողովրդի կամքը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 16-ին, Ղրիմի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- նշված է հրամանագրում. Հրամանն ուժի մեջ մտավ դրա ստորագրման պահից:
Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ այս կապակցությամբ, որից հետո Ռուսաստանը և Ղրիմը ստորագրեցին Ղրիմն ու Աևաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Հանրապետության վարչապետ Սերգեյ Աքսեոնովը և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին:

«Ղրիմի Ռուսաստանի կազմ մտնելու պահից Ուկրաինայի քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք, որոնք այսօրվա դրությամբ Ղրիմի Հանրապետությունում մշտական բնակություն ունեն, հայտարարվում են ՌԴ քաղաքացիներ»,- այս խոսքերով էր սկսվում ստորագրված պայմանագիրը:

Ամերիկյան ԶԼՄ-ները` CNN-ը, BBC-ն, թեկուզ մերժողական կեցվածքով, անվանեցին այն «դարի ստորագրություն»:

Պուտինը դիմեց Ռուսաստանի Դաշնային խորհրդին Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու խնդրանքով: Նա նշեց, որ այսօր խորհրդարանին է ներկայացնում Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու մասին օրինագիծը և կդիմի Ռուսաստանի սահմանադրական դատարան` այդ պայմանագրի սահմանադրականությանը գնահատական տալու համար:

Աշխարհաքաղաքական հարթակներում Ռուսաստանի նկատմամբ «վհուկների որսն», ամեն դեպքում, սկսված է: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը, ինչպես և սպասելի էր, արձագանքեց Սպիտակ տունը` հրաժարվելով ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները և կրկին պատժամիջոցներով սպառնաց ՌԴ-ին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում: «Անցել են այն օրերը, երբ միջազգային հանրությունը հետևում է` ինչպես է մեկ կողմը բռնությամբ գրավում մեկ այլ կողմի տարածքը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին: Ու հենց նույն օրը նախագահ Բարաք Օբաման ստորագրեց մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին հրամանագիր: Ըստ հրամանագրի` կարգելափակվի դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի սեփականությունը:

Հանրաքվեի հաջորդ օրը պարզ դարձավ, որ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան նույնպես չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: «Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է, և ԵՄ-ն չի ճանաչում դրա արդյունքները»,- նշված է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի համատեղ հայտարարությունում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նույնպես անդրադարձել է հանրաքվեին՝ հայտարարելով, որ Բրիտանիան չի ընդունում հանրաքվեն և դրա արդյունքները: «Մենք կոչ ենք անում ՌԴ-ին երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ և լուծել խնդիրը միջազգային օրենսդրության շրջանակներում»,- ասել է նա: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը նույնպես հրաժարվել է ընդունել հանրաքվեի արդյունքները: Կանադան համարում է այն ոչ լեգիտիմ և իրավական ուժ չունեցող: Ճապոնիան էլ, չճանաչելով հանրաքվեի արդյունքները, կոչ արեց Ռուսաստանին «ուկրաինական շրջանի անեքսիա» չիրականացնել:

Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարեց արևմտյան երկրների մեծ ութնյակին Ռուսաստանի անդամակցության դադարեցման վերաբերյալ որոշման մասին: «Այսօր երեկոյան բոլոր 7 խոշոր պետությունները կհավաքվեն միասին, սակայն առանց Ռուսաստանի»,- հավելել է նա: Միաժամանակ, ըստ նախարարի, ՌԴ նախագահ Պուտինին արված հունիսի 6-ին Ֆրանսիա այցելելու հրավերը մնում է ուժի մեջ:

Ռուսական արջը զարթնեց

Արևմուտքի պատժամիջոցներին, սակայն, հումորով են վերաբերվում Ռուսաստանում: Պետդումայի պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել, որում խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԵՄ-ին մարտի 17-ին ընդունած պատժամիջոցներն իրենց բոլորի վրա տարածել: Փաստաթղթի օգտին քվեարկել է 353 պատգամավոր: «Մարտի 17-ին հերթական անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը, Օբաման ու ԵՄ-ն ոզնի վախեցնելու անհեթեթ քայլ են ձեռնարկել …»,- ասել է Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Մարկելովը:

Ակնհայտ էր, որ ուկրաինական կողմը, ավելի ճիշտ` Կիևի նորընծա ղեկավարները չէին համակերպվելու Ղրիմը կորցնելու մտքի հետ: Եվ, բնականաբար, քննարկել են նաև Ղրիմը զենքի ուժով Ուկրաինայի կազմում պահելու հարցը: Մարտի 14-ին լրատվամիջոցները, վկայակոչելով The Wall Street Journal-ը, նշեցին, որ Կիևը վերջերս Վաշինգտոնին խնդրել էր օգնություն ցույց տալ ուկրաինական զինված ուժերին, մասնավորապես՝ տրամադրել զենք-զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ, ավիացիոն վառելիք: Բացի այդ, Ուկրաինան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն նաև հետախուզական տեղեկություններ տրամադրեր: Սակայն ԱՄՆ իշխանությունները մերժել են Ուկրաինայի նոր իշխանությունների՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը:

Ատամ ցույց տալու մի քայլ էլ Ուկրաինայի կողմից տանկերն ու զրահամեքենաները ռուսական սահմանին մոտեցնելն ու Ուկրաինայում զորահավաք անցկացնելն էր: Հանրաքվեից մեկ օր անց Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրաման ստորագրեց, որով Ուկրաինայում ռազմական դրություն ու երկրի ողջ տարածքում մասնակի զորահավաք հայտարարվեց:

Բայց դե ատամ ցույց տալը մի բան է, կծելը` այլ բան: Ու արդեն մարտի 18-ին Տուրչինովը, դիմելով ուկրաինացիներին, նշեց, որ Ուկրաինայի իշխանությունները կանեն հնարավորը Ռուսաստանի հետ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն ուկրաինական պետության համար պատերազմի վտանգն իրական է: Նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է Ղրիմի ապագայի վերաբերյալ բանակցություններին, սակայն երբեք չի հաշտվի Ղրիմի անեքսիայի հետ:
Ռազմական ամբիցիաների խաղաղմանը զուգահեռ, իրավիճակն ու իրերի իրական դասավորությունը վերլուծելով` արդեն մարտի 18-ին Ուկրաինան հանդես եկավ, մեղմ ասած, զառանցանքի ժանրի նախաձեռնությամբ. Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանից պահանջել ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները՝ 80 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարեց երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Պուտինն իր ուղերձում հայտարարեց, որ Ղրիմը մարդկանց սրտերում եղել և մնում է Ռուսաստանի անբաժան մաս, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հանգամանքները չեն կարող պայքարել այդ համոզմունքի դեմ: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղրիմն Ուկրաինայի կազմում թողնելը հավասարազոր էր թալանի: «Դեռ այն ժամանակ Ռուսաստանը զգաց, որ իրեն ոչ միայն վիրավորել են, այլև թալանել»,- ասել է նա:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ Ղրիմը կարող է լինել բոլորի տունը` և՛ ուկրաինացիների, և՛ թաթարների, և՛ ռուսների, բայց երբեք չի կարող լինել բենդերականներինը, և այդ ճակատագրից այսօր Ղրիմին կարող է փրկել միայն Ռուսաստանը:

«Արևմտյան ինչ-որ գործիչներ ինձ հորդորում էին մինչև Ղրիմի մասին վերջնական որոշում ընդունելը բանակցել ուկրաինական նոր իշխանությունների հետ: Ուզում եմ նրանց տեղեկացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սովոր է բանակցել միայն լեգիտիմ` ոչ ինքնահռչակ ուժերի հետ: Ո՞ւմ հետ բանակցեմ, ինչ-որ տղաների՞, որոնք օրեր առաջ փողոցային կյանքով էին ապրում ու հոթ-դոգ ուտում, մի տղայի՞, որ Անգելա Մերկելի հետ հանդիպելիս չգիտեր, որ արարողակարգային ձեռքսեղմումը պարտադիր բան է: Արևմտյան ինչ-որ քաղաքական գործիչներ սպառնում են մեզ ոչ միայն ինչ-որ էժան սանկցիաներով, այլև ներքին խնդիրների սրումով: Կուզեի իմանալ` ի՞նչ նկատի ունեն նրանք, ինչ-որ 5-րդ գաղութի գործողություննե՞ր, ազգայնական դավաճանների՞, թե՞ հույսը դնում են այն բանի վրա, որ կարող են վատացնել Ռուսաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու դրանով սադրել մարդկանց դժգոհությունները»,- իր ելույթում հայտարարեց ՌԴ նախագահը:
Այնուհետև, ռուսական կողմն էլ պատասխանեց Արևմուտքի սանկցիաներ կիրառելու ջանքերին, ընդ որում դա արեց ռուսական արջին բնորոշ ձևով. Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ու կիրառվելիք սանկցիաները անպատասխան չեն մնա, չնայած Ռուսաստանը չի ձգտում Արևմուտքի ու միջազգային հանրության հետ կոնֆլիկտի: Թե ինչ հետևություններ կանեն արևմտյան երկրները, դեռ կերևա: Մի բան ակնհայտ է` Ղրիմի անկախության հռչակմամբ, ապա Ռուսաստանին միանալու որոշումով, իհարկե, գործընթացները չեն ավարտվում, այլ սկսվում են: Արևմուտքը թերևս հեշտ չի հանձնվի, իսկ Ռուսաստանն էլ Ղրիմով չի սահմանափակվի: Ըստ ամենայնի` Արևելյան Ուկրաինան էլ ՌԴ-ի տեսադաշտում է: Ու այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

 

 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը` Ղրիմի և Ղարաբաղի մասին

3 (3)Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, շատ ավելի կարևոր է դարձնում Ադրբեջանի` ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանակն “Հագին” լրատվական կայքը, դեսպանի խոսքով՝ Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

“Կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ՝ այդ կերպ վերացնելով անկայությունը տարածաշրջանում։ Ոչ ոքի պետք չէ, որ այդ հակամարտությունը շարունակվի”,- ասել է նա։

Մեկնաբանելով Ուկրաինայում իրադարձությունները ՝ Մորնինգսթարը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի` Ղրիմի հետ կապված հայտարարությունները։ “Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ վատ է, և մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում”,- հայտարարել է դեսպանը։

Անկախ 

Ղրիմում երեք պետական լեզու կգործի

putinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ Դաշնային ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ղրիմում կգործի երեք պետական լեզու: «Ճիշտ կլինի, եթե Ղրիմում հավասարազոր երեք պետական լեզու գործի՝ ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմ-թաթարերեն: Մենք հարգանք են տածում Ղրիմում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Սա նրանց ընդհանուր տունն է, նրանց փոքր հայրենիքը»,-հայտարարել է Պուտինը:

 

Անկախ

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու Արցախի հանրաքվեն

imagesՄարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով` Ղրիմի հանրաքվեն շեփորահարեց էվոլյուցիոն առումով նոր միության հաղթարշավի սկիզբը: Ինչքան էլ Եվրամիությունը և ազգերի խառնարան ԱՄՆ-ն վայնասուն բարձրացեն, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել դա, ինչպես չկարողացան կանգնեցնել Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմ:

Անդրադառնալով վերջին 23 տարիների մեր արտաքին քաղաքականության բացթողումներին` մարքսիստը նկատեց, որ 25 տարի շարունակ ՀՀ արտաքին քաղաքականությունը սպասարկող դիվանագիտությունը եղել է պարտադրված ու պարտվողական:

«Հատկապես երկու գահերեց զորավարները Արցախի հարցը տարան ԵԱՀԿ Միսկի խումբ ու դարձրին տարածքային վեճ: Սա պլանավորել էր Եվրոպան` ԱՄՆ-ի հեգեմոնիայով, որ յոթ գավառները, որպես գրավյալ տարածքներ, հետ վերադարձվեն: Մեր դիվանագիտությունը գաղտնի, ժողովրդի թիկունքում սպասարկող դիվանագիտություն է: Արցախյան հարցը հայկական հարցի բաղկացուցիչ մասն է: Եվ երբեք այդ հարցը չի կարելի դիտել որպես ղարաբաղյան կոնֆլիկտ` ինչպես դա դարձրին Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որտեղ կոնֆլիկտի տակ հասկացվում է էքստրեմիզմ, տեռորիզմ, սեպարատիզմ: Հարցը վաղուց պետք էր տեղափոխել Մինսկի խմբից»,-ասաց Դավիթ Հակոբյանը` առաջարկելով Հայաստանին դուրս բերել բանակցային գործընթացից` տեղը զիջելով Արցախին:

«Մինսկի խմբից դուրս գալուց առաջ, Հայաստանը Ազգային Ժողովի միջոցով պետք է չեղյալ հայտարարի 21 թվականի 3 անեկսյոն պայմանագրերը: Հրատապ պահանջում եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերին համաժողովի` Արցախի հարցի նոր դոկտրինը քննարկելու: Ժամանակը հիմա հօգուտ մեզ է աշխատում և մենք պետք է շտապենք: Հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու ռեֆերենդումը: Երբեք հույսեր չփափագեք, որ Արևմուտքից մենք կստանանք ինքնորոշման իրավունք, հենց նրանք են վիժեցրել հայկական հարցը»,-ասաց մարքսիստը:

Անդրադառնալով Ղրիմին չշնորհավորելու մեր կեցվածքին՝ Դավիթ Հակոբյանն նշեց, որ պետք է արագ ճանաչել Ղրիմի անկախությունն ու շնորհավորել նրանց:

 

Անկախ

«Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»». Ալեքսանդր Մանասյան

g_imageՔաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չպետք է դեպքերի այս կամ այն ընթացքով պայմանավորել արցախյան հարցի լուծումը, մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները չպետք է որևէ դեպքում կապել Արցախի հարցի հետ։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով։

«Եթե հիշում եք, Կոսովոյի դեպքում մենք ոգևորության մեջ էինք, բայց Արևմուտքը հասկացրեց, որ Կոսովոն բացառիկ դեպք է։ Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ ուրիշի հետ հույսեր չպետք է կապել։

Ըստ քաղաքագետի՝ պետք է միշտ պատրաստ լինել ավելի վատ դեպքերի ընթացքի, քանի որ տարածաշրջանն այնքան բազմավեկտոր է, որ դժվար է ասել, թե վաղն ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Ինչ վերաբերում է Ղրիմի դեպքերին, ապա քաղաքագետի խոսքով, դրանք կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։

«Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 90-ականների միաբևեռ աշխարհն այլևս չկա»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ այն վճռականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։

Իսկ արևմտյան քաղաքակրթությունը Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։

«Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բևեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, այն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանն այս հարցում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում»,- ասաց քաղաքագետը։

 

Անկախ

Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորումն է. Արցախի ԱԳՆ

AGNԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում` բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ 17.03.2014 

Անկախ

 

«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով». Էդ. Նալբանդյան

загруженноеՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացողզարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանել է.

“Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”:

Հաջորդ հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։

“Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

 

Անկախ

Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար. Ահմեդ Դավութօղլու

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների համար: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը:

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Ղրիմի թաթարների հարցը Անկարայի համար նույնքան կարևոր է, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դավութօղլուն նշել է, որ Ղրիմի թաթարները դարեր շարունակ ապրել և ապելու են այս տարածքներում:

Ինչ վերաբերում է երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքներին, համաձայն որոնց քվեարկողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն, ապա Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում դրանք:
Նշենք, որ աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյուքները:

 

Անկախ

«Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել» Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի խոսքով` մարտի 16-ին անցկացվելիք Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չէ, այն հակասահմանադրական է և, հետևաբար, Ռուսաստանն իրավունք չունի հանրաքվեի արդյունքները ճանաչել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ Ղրիմի այսօրվա իշխանությունները իրավունք չունեն դիմելու այս կամ այն պետությանը՝ այս կամ այն տարածքը այլ պետության հետ միավորելու համար: Ուկրաինայի Սահմանադրությամբ հստակ կարգավորված է, որ նման իրավունք ունի միայն Ուկրաինայի Գերագույն Ռադան:

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում, Իվան Կուխտան պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ի՞նչ դիրքորոշում է, ես գիտեմ, որ Հայաստանի նախագահը Դուբլինում համապատասխան հայտարարություն է արել, համաձայն որի, Հայաստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է: Սա է Հայաստանի դիրքորոշումը»:

Անդրադառնալով ուկրաինական դեպքերին տեղի հայ համայնքի դիրքորոշմանը` դեսպանը հիշեցրեց, որ Մայդանի ավելի քանի 100 զոհերից 2-ը ազգությամբ հայ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին:

«Եթե 2001-ի հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ, այսօր երկու կամ երեք անգամ ավել է: Սա շատ մեծ սփյուռք է, սա Ուկրաինայի ազգային փոքրամասնություններից մեկն է, ունի մեր երկրում պատմության, ճարտապետության շատ մեծ թվով հուշարձաններ։ Եվ պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է, այն ներկայացված է պետության բոլոր գերատեսչություններում, այդ թվում՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայում և իշխանության տեղական մարմիններում»,-ասաց Իվան Կուխտան:

Ինչ վերաբերում է Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև անցկացվող զուգահեռներին, դեսպան այդ մասին չխոսեց` հավելելով, որ դա քաղաքական վերլուծաբանների, փորձագետների իրավասության շրջանակն է:

Անդրադառնալով Ուկրաինայի՝ ԱՊՀ կազմից դուրս գալուն` դեսպան նշեց, որ Ուկրիանայում հաստատված ծայրահեղ ծանր վիճակից և Ղրիմի կառավարության ՝ ՌԴ-ին միավորելու դիմումից հետո, Ուկրաինայում իրավիճակի սրացման հետ կապված Ուկրաինան՝ որպես նախագահող կողմ առաջարկեց, որ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների մարտի 7-ի նիստն անցկացվի Կիևում, բայց ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները հրաժարվեցին՝ պատճառաբանելով, թե զբաղված են: ԱՊԱ Ուկրաինան առաջարկեց նիստն անցկացնել մարտի 12-ին, բայց ԱՊՀ երկրների արտգործնախարարները ժամանակ չգտան:

«Եթե Ուկրաինայի համար նման դժվար ժամանակներում չեն կարողանում ժամանակ գտնել Կիև գալու համար, ապա տրամաբանական է կառույցից դուրս գալու որոշումը, իսկ ինչու՞ է նման մարմին անհրաժեշտ»,- ասաց Իվան Կուխտան:

 Անկախ

Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը. Վազգեն Մանուկյան

Վազգեն ՄանուկյանՈւկրաինայում ընթացող զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, նախատեսվում է, որ մարտի 16-ին Ղրիմում կայանա ինքնորոշման հանրաքվե: Ի՞նչ եք կարծում, այն իսկապե՞ս կկայանա և ի՞նչ ելք կարող է ունենալ:

-Մինչև հանրաքվեի մասին խոսելը  պետք է շատ ուրիշ հարցերի պատասխան  տալ: Այն, ինչ այսօր Ուկրաինայում տեղի  է ունենում, ինչ-որ առումով ողբերգություն է ուկրաինական ժողովրդի համար: Այստեղ միաժամանակ մի քանի պայքար է գնում: Ոմանց համար սա պայքար է ժողովրդավարության, ազատության համար, ոմանց համար սա պայքար է միասնական ուկրաինական իդենտիֆիկացիա հաստատելու համար պետության ամբողջ տարածքում, ոմանց համար սա պայքար է կոռումպացված իշխանությունների դեմ, ոմանք էլ լուծում են որոշակի գեոպոլիտիկ խնդիրներ: Իրականում բոլոր այս հանգամանքներն առկա են, կան այս պայքարի մեջ:

Այստեղ ընթանում է  գեոպոլիտիկ պայքար  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ամեն մեկը կուզենար` այդ հատվածը իրեն պատկաներ: Եվրոպայի համար Ուկրաինան, մի կողմից, բեռ է, որովհետև մեծ գումարներ է ծախսելու Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար, բայց մյուս կողմից էլ երկու ուրիշ խնդիր է լուծում. Ուկրաինան նախ շատ հարուստ է ռեսուրսներով` մարդկային որակյալ ռեսուրսով և ընդերքի ռեսուրսով: Բացի այդ,  այնուամենայնիվ հեռացնում է Եվրոպայի սահմանը Ռուսաստանից, որին  Եվրոպան սառը պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ զգուշությամբ է վերաբերվել:

Ինչ վերաբերում է ուկրաինական ժողովրդին, նրանք ունեին կոռումպացված,  ժողովրդի մասին չմտածող իշխանություն (համենայն դեպս այդպիսին է տպավորությունը մամուլից), որի դեմ տրամադրված էին ոչ միայն արևմտյան մասում ապրող ուկրաինացիները, այլև արևելյան շրջանները: Հետևաբար, երբ սկզբում պայքար էր գնում Յանուկովիչի  դեմ, նրան պաշտպանող ուժ չեղավ: Երկրորդ` ցանկացած ժողովուրդ ուզում է ապրել եվրոպական  հարմարավետ  կյանքով, բնականաբար ամեն ժողովուրդ էլ մտածում է, թե Եվրոպայի մաս կազմելով` որքան կլավանա իր կյանքը, շատ դեպքերում հաշվի չառնելով, թե ինչ գին կվճարի դրա համար, մոռանալով, թե ինչ ջանքերով և զրկանքներով է բուն Եվրոպան հասել այդ արդյունքներին, ու եկողների համար նույնպես ճանապարհը փշոտ է լինելու: Այդ ամենը խառնվեց Ուկրաինայում,  մինչև որ ասպարեզ մտան իսկապես նացիոնալիստները:

Երբ նրանց խորհրդարանը որոշում ընդունեց փոփոխության ենթարկել լեզվի մասին օրենքը, իմ կարծիքով դրանից ավելի կատաստրոֆիկ սխալ անել հնարավոր չէր:  Եթե նոր ընտրված  իշխանությունները շարունակեն այս կուրսը, Ուկրաինային դատապարտելու են բեկորների բաժանվելու, որից կօգտվեն ուրիշները: Ուկրաինան բաղկացած է տարբեր մշակույթ ունեցող հատվածներից: Այդ հատվածները երկար ժամանակ գտնվել են տարբեր պետությունների կազմի մեջ. Ավստրո-Հունգարիայի կայսրություն, Ռուսաստանի կայսրություն, Լեհաստան և այլն: Տարբեր են նրանց մտածողությունը, քաղաքական դիրքորոշումները: Դրա հետ միասին Ուկրաինայում ապրում են միլիոնավոր ռուսներ (17,3%), տարբեր ազգեր: Ուկրաինայի իշխանությունը պարտավոր է միշտ այնքան իմաստուն լինել, որ կարողանա համախմբել ժողովրդի բոլոր հատվածները, արտահայտել ոչ թե մի հատվածի, այլ ամբողջի շահերը:  Դա պահանջում է իմաստնություն և համբերություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, ընդհանրապես ոչ ոք չի կարող դեմ արտահայտվել հանրաքվեին, քանի որ դա  մարդկանց կարծիքն արտահայտելու ընդունված ձև է:

Ըստ իս,  հանրաքվեն տեղի կունենա: Բայց նաև կարծում եմ, որ ավելի մեղմ ճանապարհով կարելի էր գնալ: Կարծում եմ, որ Ղրիմի ժողովրդի համար նպատակը Ռուսաստանին միավորվելը չպիտի լիներ, այլ  առավելագույն մեծացնել իր ինքնավարությունը (ընդհուպ մինչև իրական անկախություն) և ապահովել անվտանգությունը: Բայց դա որոշում է Ղրիմի ժողովուրդը:

Մի խնդիր կարող է առաջանալ. այնտեղ մեծամասնությունը`  շուրջ 60 տոկոսը ռուսներ են: Եթե նրանք քվեարկեն Ռուսաստանին միանալու օգտին, բայց մյուս հատվածները` թաթարական ու ուկրաինական հատվածները,  բոյկոտ հայտարարեն և չքվեարկեն, ապա դա  ստվեր կարող է գցել հանրաքվեի արդյունքների վրա:

– Իսկ հանրաքվեի պահանջն իրոք արդարացվա՞ծ է, թե՞ արհեստականորեն առաջ բերվեց:

– Երբ իշխանությունը փոխվեց, որոշումները և հայտարարությունները, որ եղան լեզուների վերաբերյալ, և լարվածությունը, որ ստեղծվեց  աջակողմյանների միջոցով, վախեցրեց արևելյան շրջանում ապրող բնակչությանը, հատկապես` ռուսներին: Արդարացված էր այդ վախը, թե  ոչ, չեմ կարող ասել: Բայց դա էր հիմնական պատճառը, որ դեպքերը նման ընթացք ունեցան:

– Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը շատ են համեմատում Արցախի հետ: Արդյոք պե՞տք է համեմատել: Եվ որպես նախադեպ այն ինչպե՞ս կնպաստի Ղարաբաղի հարցին:

-Կարծում եմ, որ համեմատել պետք չէ, քանի որ համեմատությունը ևʹ պլյուս է տալիս, ևʹ մինուս: Մի բան կարող ենք ասել. ազգերի ինքնորոշման սկզբունքով առաջնորդվող աշխարհն  ավելի օգտակար է Ղարաբաղի հարցի համար, քան այդ սկզբունքից հրաժարվողը: Ընդհանուր առմամբ ազգերի ինքնորոշման հիմքի վրա կառուցված քաղաքականությունն ավելի հասկանալի է դարձնում Ղարաբաղի հարցը: Բայց անմիջական հետևանք չպետք  է սպասել. ամեն մեկն ունի իր պատմությունն ու դրդապատճառները և տարբեր ձևով է ընդգրկված գեոպոլիտիկ խնդիրների մեջ: Լավ երոևւմ է, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը XX-XXI դարերում դառնում է միջազգային քաղաքականության մեջ վճռական նշանակություն ունեցող: Դա իր պատճառներն ունի, բայց դա առանձին խոսակցության նյութ է:

– ՀՀ-ն մինչ օրս դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Ուկրաինայում ընթացող դեպքերի առնչությամբ: Դա ճի՞շտ քաղաքականություն է: Եվ մինչև ե՞րբ կարող ենք լռությունը պահպանել:

– Կարծում եմ, որ սա  ճիշտ քաղաքականություն է: Շատ նուրբ հարց է, շատ հիվանդագին, ցանկացած դիրքորոշում վիրավորում կամ էմոցիաներ է առաջացնում մյուս կողմում: Բացի այդ, Ուկրաինայում ապրում են տասնյակհազարավոր հայեր, բնական է, որ տարբեր դիրքորոշումներ ունեցողներ կլինեն,  և այս պարագայում հստակ դիրքորոշում ասելը  Հայաստանի կողմից  ճիշտ չի լինի:

– Ստեղծված իրավիճակը և հետագա հնարավոր զարգացումներն ի՞նչ վտանգ են պարունակում Հայաստանի և հայության համար:

– Կարող եմ ասել, որ ցանկացած կայունության ցանկացած խախտում վտանգավոր է ևʹ Հայաստանի, ևʹ աշխարհասփյուռ հայերի համար: Ռուսաստանի և Արևմուտքի ցանկացած հակադրություն մեզ համար վտանգավոր է և ոչ ցանկալի: Մենք միշտ տուժում ենք, երբ քրիստոնյա-մահմեդական պայքար է լինում,  քանի որ մենք գտնվում ենք առաջին ճակատում,  մենք շատ անհանգստանում ենք, երբ սկսվում է Արևմուտք-Իրան կամ Արևմուտք-Ռուսաստան հակադրություն, քաղաքացիական պատերազմ Սիրիայում, այսինքն` այդ հակադրությունները  հարվածում են մեր շահերին: Պրագմատիզմից ելնելով` հայությունը պետք է միշտ պաշտպան լինի աշխարհի կայունությանը, իսկ այս դեպքերը ապակայունացնում են աշխարհը,  նաև սրում Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները:

– Ստեղծված իրավիճակում ակտիվացել է նաև Թուրքիան: Իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարեց, որ  հարկ եղած դեպքում կսատարեն իրենց եղբայր թաթարներին: Այս պայմաններում Թուրքիայի ակտիվացումն  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հայերի և Հայաստանի համար

– Թուրքիայի ակտիվացումը  միշտ էլ վտանգավոր է հայության համար: Ինչ վերաբերում է Թուրքիայի շահերին, բնական է: Եթե Ղրիմն անցնում է Ռուսաստանին, այնտեղի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, կդառնա ռուսական տարածք, իսկ եթե մնա Ուկրաինայում, ապա ներկա պայմաններում շատ հավանական է, որ այնտեղից ռուսները հեռանան, և թաթարները սկսեն կազմել մեծամասնություն, որովհետև դժվար  թե ուկրաինացիներն  արևմուտքից գան բնակություն հաստատելու Ղրիմում: Այսինքն` Թուրքիան արանքում փորձում է լուծել իր ազգային խնդիրը:

-Իսկ Ուկրաինայի հայերին  ով ու ինչպես պետք է պաշտպանի:

– Հայերի չեզոքությունն Ուկրաինայում կարող է հանգեցնել նրան, որ թշնամական վերաբերմունք չլինի երկու կողմից էլ: Իսկ  Ղրիմի հայերին, կարծում եմ,  պետք է ազատ թողնել, որ ով ինչպես ուզենա, քվեարկի:

– Ծայրահեղական իշխանությունների դեպքում այդ չեզոքությունը կներվի՞:

– Ծայրահեղականների դեպքում տուժելու են բոլորը: Ըստ տեղեկությունների` այդ ծայրահեղականները մասնակցել են Ղարաբաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: Թող ինձ ներեն, բայց պատահական չեմ համարում, որ ցույցերի ժամանակ, երբ կրակոցներ սկսվեցին Կիևում,  առաջին երկու զոհերից մեկը հայ էր, որի ձեռքին դրոշ կար, և հեշտ  իդենտիֆիկացվում էր որպես հայ:

– Ըստ Ձեզ, Հայաստանը և հայությունը կարո՞ղ  են ավանդ ունենալ կայունության վերականգնման հարցում:

– Չեմ կարծում, որ այնքան ուժ ունենք, որ կարողանանք միջնորդ հանդիսանալ տարբեր հատվածների միջև: Ուկրաինայում ապրող  հայերը կարող են հաշտարարի դեր կատարել տարբեր հատվածների մեջ, բայց այնքան են սրվել հիմա հակադրությունները, ավելի շատ` դրսի պետությունների միջև, որ դժվար կլինի այդ պրոցեսը ներսում տանել: Մեզ մնում է չեզոքությունը պահել և հուսալ, որ  Ռուսաստանը, Արևմուտքը և Ուկրաինան բանակցությունների միջոցով լեզու կգտնեն:

Կցանկանայի, որ Ուկրաինայում լիներ այնքան իմաստուն իշխանություն,  որ կարողանար հավաքել իր շուրջը բոլոր հատվածները և կարողանար արտահայտել ամբողջական շահը, շարժվեր միգուցե դանդաղ, բայց հավասարակշռված, քանի որ այս ցնցումները  վտանգավոր են ոչ միայն ամբողջ աշխարհի, այլև առաջին հերթին հենց Ուկրաինայի համար:

 

Թուրքիան կոչ է անում չեղյալ համարել Ղրիմի հանրաքվեն

Ահմեդ Դավութօղլու   Թուրքիան կոչ է անում չեղյալ համարել Ղրիմում նշանակված հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: “Անկարան անում է հնարավոր ամեն բան Ղրիմում իրավիճակի կարգավորման համար քաղաքական ճանապարհներ գտնելու ուղղությամբ”,-նշել է Դավութօղլուն:

“Անադոլու” գործակալության հաղորդմամբ՝ Դավութօղլուն մեկ անգամ ևս ընդծել է, որ Ղրիմը հանդիսանում է Ուկրաինայի անբաժան մասը և երկրում ստեղծված անկայուն իրավիճակը կարող է բացասական ազդեցություն թողնել ողջ Սևծովյան տարածաշրջանի վրա: Արտգործնախարարը նշել է նաև, որ Ղրիմի թաթարների անվտանգությունը առաջնային է Անկարայի համար և Թուրքիան ունի նրանց պաշտպանելու բոլոր իրավունքները:

 Անկախ