Շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ. Արմեն Աշոտյան

994608_10201960167103916_1936521934_n

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ.

“Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը:
Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունը խիստ անհրաժեշտ են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:
Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ հիշարժան և գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն”:

 

Անկախ

Կանանց տոնը

մարտի 8Մարտի 8-ը կապում են ֆեմինիստների շարժման, Ռոզա Լյուքսեմբուրգի և Կլարա Ցետկինի անունների հետ: Սակայն, պարզվում է, այս «տոնն» ավելի հին արմատներ ունի:
Բայց նախ այն մասին, թե երբվանից և ինչպես Մարտի 8-ը դարձավ կանանց միջազգային տոն: Մարտի 8-ի «տոնը» հորինվեց ֆեմինիստ Կլարա Ցետկինի կողմից 1910 թ. և հաջորդ տարի Կին սոցիալիստների եվրոպական կոնֆերանսում հաստատվեց որպես Կանանց միջազգային տոն:
Սակայն ինչո՞ւ հենց մարտի 8-ը: Առհասարակ, ոմանք տոնը կապում են գարնանամուտի հետ, սակայն այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ տոնը նշել մարտի 22-ին: Մարտի 8-ի խորհրդի մասին նրա կնքահայրերը ոչինչ չեն ավանդել: Չեն ավանդել որովհետև նրա մեջ սև խորհուրդ է թաքնված:
Տոնի արմատները գալիս են հազարամյակների խորքից: Այն հուդայական տոն է, որ կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին: Փուրիմ տոնը հրեաները նշում են գարնանամուտին: Չնայած այն որևէ առնչություն չունի գարնանային գիշերահավասարի հետ: Իրենք` հրեաները, առաջնորդվում են լուսնային օրացույցով: Հետևաբար, հրեական ազգային տոները նույպես շարժական էին: Քանի որ կանանց միջազգային տոնը Եվրոպայում շարժական օրացույցով նշել չէր կարելի, նրա ջատագովներն ուղղակի միտք հղացան այն տոնել մարտի 8-ին:
Առհասարակ Փուրիմն առանձնահատուկ է նրանով, որ համաձայն «Հրեական հանրագիտարանի»` կրոնական տոն չէ, կապված չէ որևէ աստվածության կամ տաճարի հետ: Տոնի ակունքները հետևյալն են:
Հրեաների բաբելոնյան գերությունն ավարտվեց, երբ մ.թ.ա. V դարում պարսիկները գրավեցին Բաբելոնը: Հրեաներին ազատություն տրվեց վերադառնալու Պաղեստին: Սակայն Ավետյաց երկիր վերադարձողների թվաքանակը չնչին էր: Թափառական կյանքի սովոր ժողովուրդը չէր ցանկանում այլևս լքել «գերության» քաղաքն ու հաստատվել ամայի ու անապատային Պաղեստինում: Հրեաները բաբելոնյան գերության ընթացքում հիմնավորվել էին Միջագետքում: Նրանք իրենց ձեռքն էին վերցրել առևտուրը, տնտեսության շատ ճյուղեր, խարդավանքով և բազում միջոցներով իրենց մարդկանց էին տեղավորել պետական ապարատներում, մի խոսքով` ամենևին էլ ստրուկի կամ գերվածի կարգավիճակում չէին: Հրեական կապիտալն անգամ ճնշում ու խանգարում էր պարսիկներին, որոնք իրենց նվաճումներին, բնականաբար, ցանկանում էին նյութական արտահայտություն տալ, սակայն ամենուր իշխող հրեականությունը լուրջ խոչընդոտ էր: Այս ամենը, բնականաբար, չէին կարող հանդուրժել պարսիկ մեծատոհմիկները և ռազմական ավագանին: Եվ ահա պարսկական ազնվականությունը բողոքում է Քսերքսես արքային և պահանջում արտաքսել հրեաներին Պարսկաստանից և մասնավորապես` Բաբելոնից:

Շարունակությունը կարդացեք` հետևելով հղմանը

ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ. «Կանանց տոնին ծաղիկներն իմ ամենասիրելի նվերներն են»

Nelli 2Մարտի 8-ը, որով Հայաստանում մեկնարկում է «կանանց միամսյակը», նրանց սեր խոստովանելու և շնորհակալություն հայտնելու օր է: Այս կապակցությամբ  խոսեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

– Տիկին Դուրյան, 1857 թ. մարտի 8-ից, որից սկիզբ առավ կանանց իրավունքների պաշտպանության օրը նշելու ավանդույթը, անցել է ավելի քան 157 տարի, բայց կանայք դեռ պայքարում են իրենց իրավունքների համար:
– Կանայք սիրում են պայքարել, բայց մի պայմանով, որ անպայման պետք է հաղթեն: Երկաթյա լեդին՝ Մարգարետ Թետչերը, ասում էր. «Ես կարող եմ շատ երկար և համբերատար սպասել, բայց վերջում պետք է իմ ուզածով լինի»: Կանանց իրավունքերի պայքարը խիստ կապված է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր բան է, չէ՞, մեր եկեղեցին, օրինակ, սահմանում է տեր և հնազանդ կարգավիճակը: ՀՀ Սահմանադրության ու Եվրոպայի խորհրդի իրավական (ոչ միայն) ակտերի, նախադեպերի պահանջները ուրիշ են. պահանջը ձևակերպված է հստակ՝ կնոջ և տղամարդու հավասար իրավունքներ:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում ավելի շատ աշխատում են կանայք, քան տղամարդիկ: Սա արդեն ենթադրում է, որ նախկին կարծրատիպերը մի քիչ կոտրվել են, և կանայք տղամարդկանց հետ հավասար լինելու հնարավորություն ունեն:
Բայց ասեմ նաև, որ 157 տարի հետո էլ կանայք պայքարելու են իրենց ոտնահարված իրավունքների համար:

– Դուք հիշեցիք Երկաթյա լեդիին, ես՝ ադամանդե փիլիսոփա Անդրե Մորուային: Նա ասում էր, որ ղեկավարման հատկությունը մարդուն տրվում է ի ծնե:
– Այո՛, ես էլ եմ այդպես կարծում: Գիտեք, դա պետք է քեզ ժառանգաբար տրվի: Այստեղ միանշանակ մեծ դեր ունեն նաև ծնողները, իսկ իմ ծնողները եղել են ոստիկաններ: Ես կարծում եմ, որ նախ կայացած մարդ, կայացած քաղաքացի, հետո նոր ղեկավար լինելու համար հիմնական մեխը, ողնաշարը հիմնավոր ու կայուն կրթությունն է:
Եթե դպրոցում առաջինն ես, բոլորի համար օրինակ ես, չէ՞, եթե համալսարանում լավագույնն ես, բնականաբար, աչքի ես ընկնում: Ես ուսանել եմ Վոլգոգրադի լավագույն քննչական դպրոցում, բայց պետք է ասեմ, որ իմ ամբողջ կյանքում սովորել եմ, և այսօր էլ շարունակում եմ սովորել:

– Տիկին Դուրյան, գրեթե բոլոր ոլորտներում էլ կան մրցակիցներ, խանգարողներ: Հետաքրքիր է իմանալ՝ Ձեր ճանապարհին եղե՞լ են խանգարողներ:
– Ընդհանրապես մրցակցությունը լավ բան է, եթե դա բերում է զարգացում, առաջընթաց: Ես տասնյակ տարիներ է, ինչ ոստիկանությունում եմ, երբեք լարվածություն գործընկեր-գործընկերուհիներիս նկատմամբ չեմ ունեցել: Կին ոստիկաններն այն ժամանակ շատ քիչ էին, տղամարդիկ էլ չեմ կարծում, որ փորձել են խանգարել: Քրեական հետախուզությունն, այնուամենայնիվ, թիմային աշխատանք է պահանջում, և այստեղ անհատի խնդիր գրեթե չկա: Կին ոստիկաններից ոմանք ինձնից սովորել են, ինչ-ինչ բաներ վերցրել են, հարցրել, հետաքրքրվել: Իսկ ես սիրով փորձել եմ իմ գիտելիքները նրանց հաղորդել:

– Ասում են` կանայք պետք է լինեն խոհանոցում, իսկ տղամարդիկ` ղեկավար աթոռներին:
– Դրա մեջ, իհարկե, կա իմաստ, և կնոջ առաջին դերն իրոք երեխաների դաստիարակությամբ զբաղվելն է: Իմ երեխաներն արդեն չափահաս են ու չեմ կարծում, որ պաշտոնավարման ընթացքում մատների արանքով եմ նայել. միշտ էլ ընտանիքը իմ կյանքում եղել և մնում է առաջին տեղում: Խոհանոց շատ եմ սիրում, որքան էլ հոգնած լինեմ, մեկ է, խոհանոցը կարծես գերբնական ուժ ունի ու դրական լիցքեր է հաղորդում:

– Դուք միշտ խոսում եք ոստիկանի տեսանկյունից, բայց ուզում եմ մի հարց տալ, որ պատասխանեք հայուհու տեսանկյունից: Կհիշե՞ք կանանց մասին գրված մեկ օրենք, որն արտոնություններ է տալիս կնոջը:
– Ասեմ: Մեր աշխատանքային օրենսգիրքն ամենամեծ արտոնություններն է տալիս մայրերին: Մեր երկրում 3 տարի կնոջն իրավունք է տրված նստել տանը և երեխա դաստիարակել, խնամել: Շուրջ մեկ տարի պահպանվում է մեր մայրերի ամբողջ հաստիքային աշխատավարձը: Մեր երկրում նախածննդյան և ետծննդյան արձակուրդները բավական երկար են: Ես չեմ ասում, որ այս օրենքը միայն ու միայն մեր երկրում է գործում, շատ պետություններ կան, որոնք օրինաչափ են համարել կանանց արտոնությունները բարձրացնելը: Սովորաբար հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դա իսկապես խթանում է բնակչության թվի աճը ու, միանշանակ, հրաշալի հնարավորություններ ընձեռում նորաստեղծ ընտանիքներին:

– Բայց ամեն դեպքում կնոջ և տղամարդու ընդունակությունները տարբեր են, չէ՞:
– Մոտեցումները կյանքի նկատմամբ, անշուշտ, տարբեր են:
Տղամարդիկ ավելի պրագմատիկ են, ավելի կոնկրետ են նայում կյանքին, նրանք ավելի շատ զբաղվում են, ասենք, ֆինանսներով, բանկերով, իսկ կանայք զբաղվում են բնապահպանական խնդիրներով, սոցիալական, կրթական, մշակութային խնդիրներով:
Եվ եթե ուզում ես, որ հասարակությունը լիարժեք լինի, երկուսն էլ անհրաժեշտ են: Հետևաբար, երկուսի գումարը կարող է տալ ներդաշնակ հասարակության զարգացում, և այստեղ ես կարծում եմ` կանայք, երեխաներ ունենալով, միշտ հետ են մնում տղամարդկանցից, քանի որ ստիպված են զբաղվել երեխայով: Այստեղ կանանց դերը ավելի դժվարանում է, քանի որ կանայք ավելի օժտված պետք է լինեն, որ կարողանան ամեն ինչ հասցնել:

– Դուք տասնյակ տարիներ է՝ ոստիկանությունում եք: Ի՞նչ եք կարծում, կնո՞ջն են ավելի շուտ հավատում, վստահում, թե՞ տղամարդուն:
– Ընդհանրապես հասարակությունը տղամարդկային է: Դա այդպես է ոչ միայն Հայաստանում: Աշխարհում մոդելը գծում են տղամարդիկ, կանայք այդ մոդելի մեջ, այսպես ասած, խաղում են: Կարող է կանացի մի գեղեցիկ շարժումը, խոսքը, ձայնի երանգն ավելի տպավորիչ լինել, քան տղամարդունը, և հակառակը` տղամարդու մեկ խոսքը կարող է վերջնական լինել բոլորի համար: Բայց բոլոր դեպքերում պետք է ընդունենք, որ հասարակությունը սովոր է տղամարդու խոսքը լսել և ոչ թե կնոջ:
Գուցե այս մտածողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ դարեր շարունակ ղեկավար կերպարները եղել են տղամարդիկ, կանայք չեն եղել:

– Արդեն մոտենում է կանանց միամսյակը: Եվ այս հարցազրույցն էլ կիսով չափ նվիրված էր հենց ցետկինյան տոնին:
– Երբ դեմոկրատական ուժերը իշխանության եկան, այն, ինչ կապված էր սոցիալիզմի հետ, վերացրին: Այդ ճակատագրին արժանացավ նաև մարտի 8-ը` որպես հենց Կլարա Ցետկինի տոն: Բայց եթե Ցետկինը կանանց իրավունքների պայքարի մասին էր խոսում, խորհրդային ժամանակահատվածում դա դարձել էր ուղղակի կանանց նվիրված տոն:
Անգամ եղավ ժամանակ, որ մենք կարծես իներցիայի ուժով էինք նշում մարտի 8-ը: Օրենքը գրված չէր, բայց չգրված օրենքի պես գործում էր: Եվ այստեղ մեծ դերակատարում ունեին մեր տղամարդիկ, որովհետև հենց նրանք էին առաջինը հիշում:
Մարտի 8-ը միջազգային տոն է. որևէ մեկը դա տոնացույցից չի հանել. մենք սկսում ենք մարտի 8-ին և ավարտում ապրիլի 7-ին: Չնայած ապրիլի 7-ն ինձ համար այլ խորհուրդ ունի: Այդ օրը Մարիամի հայտնության օրն է: Իսկ ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն իր մայրերի նկատմամբ անսահման սեր, հարգանք, հոգատարություն ունի:

– Առաջինն ո՞վ է Ձեզ շնորհավորում:
– Տղաս: Նա ամեն տարի յուրօրինակ անակնկալներ է անում, որ ուղղակի զարմացնում ու հիացնում է ինձ:

– Ոչ բոլորն են սիրում նվերների մասին խոսել, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ:
– Ես ընդհանրապես ծաղիկներ եմ ստանում, որևէ ուրիշ բանի մասին խոսել չեմ կարող: Իմ շրջապատը գիտի, որ ես նվեր ընդունել էլ չեմ սիրում: Եվ այս առումով ծաղիկները իմ ամենասիրելի նվերներն են:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

 Տարոն Մարգարյան,Մարտի 8Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Մեր ժողովրդի դարավոր պատմության վճռորոշ բոլոր պահերին դուք ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել մեր բոլոր հաղթանակների ու մեր պետության  կայացման գործում։ Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով շարունակում եք ձեր ավանդը բերել մեր երկիրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:

Ձեր անսպառ լավատեսությամբ, բարությամբ ու անհատնում համբերությամբ, դժվարությունները դիմակայելու անբացատրելի կարողությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ  նվիրումով դուք, սիրելի կանայք, ամբողջացնում եք հայ կնոջ կերպարը, ինչի համար արժանի եք ամենաբարձր գնահատանքի:

Ու քանի որ ձեր տոնը համընկնում է բնության զարթոնքի հետ, մաղթում եմ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը առլեցուն լինի գարնան բույրով, արևով, ուրախ ու բարձր տրամադրությամբ:

Քաջառողջություն, անսահման երջանկություն  ու հաջողություններ ձեզ, սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր ու աղջիկներ:

 

ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց առողջության ամիս

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ  մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ հանրապետությունում հայտարարվել է Կանանց առողջության միամսյակ։ Նախարարի 2014թ. փետրվարի 24-ի N 330–Ա   հրամանով  կանոնակարգվել է առաջին անգամ այսպիսի ընդգրկուն ծավալ ունեցող կարևոր միջոցառման պատշաճ և  համակարգված կազմակերպելու ընթացակարգը։

Միամսյակի շրջանակներում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կկազմակերպվեն «Բաց դռների օրեր»։ Յուրաքանչյուր կին կարող է դիմել տարածքային իր պոլիկլինիկական հաստատություն` ներկայացնելով անձնագիր, ինչպես նաև, առկայության դեպքում` նախկինում արված բժշկական հետազոտությունների արդյունքները։

Անկախ կնոջ գանգատներից, առողջության առաջնային օղակում սկրինինգ ծրագրի շրջանակներում  կկազմակերպվի մանկաբարձ-գինեկոլոգի առաջնային զննում, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության` նաև հետազոտություններ։ Բժշկական ցուցումների դեպքում տեղերում կկազմակերպվեն լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և համապատասխան մասնագետների զննումներ։ Բոլոր այն դեպքերում, երբ կինը կարիք կունենա հետազոտություն կամ բուժում անցնելու մասնագիտացված կենտրոնում, ապա «Բաց դռների» բժշկական եզրակացության հիման վրա նա կուղեգրվի համապատասխան կլինիկա, որտեղ կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` բուժօգնության, այդ թվում` վիրահատության վերաբերյալ:

Նախարարի հրամաններով այս գործընթացները հստակ կանոնակարգվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ըստ ժամանակացույցի մարզեր կմեկնեն Երևանի առաջատար կլինիկաների` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Թիվ 2 բժշկական միավորման, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  նեղ մասնագետները, տեղերում կկատարեն ինչպես խորհրդատվություններ, այնպես էլ` վիրահատություններ։ Անհրաժեշտության դեպքում կանայք մարզերից ևս կուղեգրվեն մայրաքաղաք։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակը ծրագրային որոշակի ուղղվածություն ունի։ Կարևորվել են հատկապես վերատադրողական, ինչպես նաև տարեց կանանց տեսողական խնդիրները։ Կրծքագեղձի, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ։ Երևանում մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվեն բոլոր ծննդատներում։  Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ կկատարվեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում,  իսկ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի մասնագետները ընդունելություն և անհրաժեշտ հետազոտութչուններ կկատարեն «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ում և Երևանի թիվ 17պոլիկլինիկայում։ Օստեոպորոզի վաղ հայտնաբերման նպատակով առանց որևէ եզրակացության 50-ից բարձր տարիք ունեցող կանանց հետազոտությունը կկազմակերպվի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ավելի երիտասարդները գանգատների դեպքում կարող են դիմել «Բաց դռների» բժշկական եզրակացությամբ։

Միամսյակի ընթացքում կանայք կարող են պոլիկլինիկաներ դիմել  նաև նյարդաբանական և ներզատաբանական խնդիրներով։

Մարտի 8-ի տոնական օրը Երևանում ժամը 10-13-ը կանանց կընդունեն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում` առանց որևէ ուղեգրման։

Մայրության  և գեղեցկության տոնի կապակցությամբ կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում դժվարությունների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում խնդրում ենք զանգահարել` Երևանում` քաղաքապետարանի պատասխանատու համակարգողներին 51-42-22 և 54-40-58 հեռախոսահամարներով, ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժին` 52-15-59 և թեժ գիծ` 52-88-72 հեառախոսահամարներով, մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ։

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված, ինչպես նաև զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների կանանց խնդրում ենք պոլիկլինիկա դիմելիս իրենց հետ վերցնեն այդ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Բացի խոհանոցից, կանայք այլ ոլորտներ էլ լավ կղեկավարեն

ԳՐԱՖԻԿԱՕրերս հին բարեկամուհիներիցս մի օրիորդի` բուհերից մեկի կառավարման ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Շուշանիկ Ա.-ին առաջիկա տոների կապակցությամբ բարեմաղթանքներ ուղղեցի. «Առաջիկա տոներդ շնորհավոր, Շուշանիկ ջան, ուսմանդ մեջ հաջողություններ, իսկ հետագա ծրագրերիդ` կատարում. մի օր վարչապետ դառնաս ու երկրի տնտեսությունը նորմալ կառավարես»:

Շուշանիկն էլ, քաղաքավարությունից ելնելով, շնորհակալություն հայտնեց, բայց նաև չմոռացավ ավելացնել. «Մեր երկրի նորագույն պատմության մեջ քանի՞ կին վարչապետ ես տեսել, որ ես էլ հնարավորություն ունենամ վարչապետ դառնալու: Երկրի կառավարումը, բարձրագույն իշխանության համակարգը տղամարդկանց մոնոպոլիան է: Իսկ կանանց թողել եք տնային գործերը կառավարելու սրբազան պարտականությունը»:

Չօգնեց անգամ իմ այն փաստարկը, թե կին նախարարներ, պատգամավորներ էլ ունենք: Շուշանիկի մեկնաբանությամբ` մի երկու պաշտոն ձևի համար տղամարդկանց իշխանության կողմից ուղղակի թողնվել է կանանց:
«Չե՞ս հավատում, շուրջդ նայիր, ուսումնասիրիր, թե երկրի բարձրագույն իշխանությունների կազմում քանի կին կա, ու ինչպիսի համամասնությամբ են ներկայացված իշխանության տարբեր ճյուղերում»,- խորհուրդ տվեց բարեկամուհիս:

Հայաստանում հստակ արտահայտված «հայրիշխանություն» է

Հետաքրքիր «առաջադրանք» էր, որոշեցինք հաշվել: Իրավիճակը, մեղմ ասած, Շուշանիկի «կողմից էր» ու ստացվեց հետևյալ պատկերը:
Երկրի գործադիր մարմնում` կառավարությունում, 18 նախարարներից ու 1 կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից միայն 2-ն են կին` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այսինքն` տոկոսային հարաբերակցության առումով կառավարության կազմում կանայք կազմում են նախարարների 10.5 տոկոսը:
Փոխնախարարների շրջանում համատարած հայրիշխանություն է: 62 փոխնախարարներից միայն 7-ն են կին` աշխատանքի ու սոցիալական հարցերի 2 փոխնախարարները, էկոնոմիկայի, ԿԳՆ-ի, մշակույթի, քաղաքաշինության և ֆինանսների 1-ական փոխնախարարները: Այսինքն` փոխնախարարների մեջ կանայք կազմում են 12.3 տոկոս: Կառավարությանն առընթեր 8 մարմիններից վարչություններից ու ծառայություններից և ոչ մեկը կին չի ղեկավարում: Նույնիսկ դրանց ղեկավարների տեղակալների մեջ էլ, ըստ կայքերում հրապարակված տեղեկատվության, կանայք բացակայում են:10 մարզերն ու մայրաքաղաքն էլ են 100 տոկոսով տղամարդիկ ղեկավարում: Ինչ վերաբերում է տեղակալներին, ապա Երևանի քաղաքապետի 4 տեղակալներից և ոչ մեկը կին չէ, ՀՀ 25 փոխմարզպետներից էլ ընդամենը 2-ը կամ 8 տոկոսն են կանայք` Արմավիրի ու Արագածոտնի 1-ական փոխմարզպետները:

Ինչ վերաբերում է երկրի օրենսդիր իշխանությանը` Ազգային ժողովին, ապա այստեղ մի քանի տարի առաջ, ինչպես հիշում ենք, հայ օրենսդիրները գնացին կանանց թվաքանակի քվոտավորման ճանապարհով: Այսինքն` պատգամավորների որոշակի տոկոսը պետք է լինեն կանայք: Նայենք ներկա ԱԺ-ին:131 պատգամավորներից միայն 12-ը կամ 9.16 տոկոսն են կանայք: Մասնավորապես` ՀՀԿ խմբակցության 70 պատգամավորներից կանայք 8 հոգի են և կազմում են խմբակցության մոտ 11.43 տոկոսը, ԲՀԿ 36 պատգամավորներից 2-ն են կանայք և կազմում են խմբակցության մոտ 5.5 տոկոսը, ՕԵԿ 6 պատգամավորներից միայն 1-ն է կին, ինչի արդյունքում խմբակցութան մոտ 17 տոկոսն է կազմում իգական սեռի ներկայությունը, ՀՅԴ-ի 5 պատգամավորներից և ոչ մեկը կին չէ, «Ժառանգությունում» էլ Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո կանայք բացակա են: Խումբ-խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավորներն էլ տղամարդիկ են: ԱԺ կին պատգամավորներից 1-ը` ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, փոխխոսնակ է, 1 կին խմբակցության ղեկավար է` Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), մեկ կին էլ խմբակցության քարտուղար է` Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):
Եթե անուններով նշենք, ԱԺ կին պատգամավորներն են` ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մարինե Մարաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը: ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը և ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը: Միայն անուններին նայելով` արդեն իսկ պարզ է, որ ԱԺ կին պատգամավորները հիմնականում ակտիվ են, մշտապես մամուլի ու հասարակության ուշադրության գոտում են, շատ դեպքերում ԱԺ իրենց գործընկերներից շատ ավելի ակտիվ են ու արդյունավետ են աշխատում:

Դատական իշխանություններում էլ գրեթե նույն պատկերն է. սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 1-ն է կին, արդարադատության խորհրդի 11 անդամներից միայն 2-ն են կանայք, իսկ դատարանների նախագահների խորհրդի 23 անդամներից և ոչ մեկը կին չէ: Այսինքն` իշխանության այս ճյուղում ևս հայրիշխանություն է. ոլորտի բարձրագույն կառավարման օղակներում 43 հոգուց ընդամենը 3-ն են կանայք:

Այսպիսով ստացվում է, որ հանրապետության իշխանության 3 ճյուղերի ղեկավար օղակներում 303 բարձրաստիճան պաշտոնյաներից ընդամենը 26-ն են կանայք:

(այստեղ պետք է լինի գրաֆիկը)

Նայելով համաշխարհային պատմությանը` տեսնում ենք, որ հռչակավոր կին առաջնորդների օրինակներ, թեկուզ քիչ, բայց կան: Օրինակ` Ժաննա Դ’Արկը, Մարգարետ Թետչերը, Ինդիրա Գանդին և այլք: Ներկայումս էլ կան երկրներ, որոնց ղեկավարները կանայք են: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որ աշխարհաքաղաքական գործընթացներում բավական ազդեցիկ գործիչ է, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբգաուսկայտեն, որ նույնպես բավականին հանրաճանաչ ղեկավար ու ակտիվ գործիչ է, և այլն:

Իսկ Հայաստանում ղեկավար պաշտոններում կանանց քիչ հայտնվելը հոգեբաններն ու սոցիոլոգները, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրողներ ու վերլուծաբաններ ազգային մենթալիտետի հետ են կապում: Հայերիս մոտ ավանդաբար ձևավորված մոտեցում է` կինը պետք է տան հոգսը հոգա, իսկ տղամարդը աշխատի, կռվի, ղեկավարի տունը, երկիրը և այլն:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ կանայք հատկապես իրենց հեռատեսության, արագ կողմնորոշվելու շնորհիվ (որը կենսահոգեբանների պնդմամբ` մայրական բնազդ է) ինքնադրսևորվում են որպես բավական հաջողված ղեկավարներ: Բազմաթիվ հաջողակ կին գործարարներ կան մեր կողքին, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Բայց քաղաքականության մեջ կանայք իրենց ուղին դեռ չեն հարթել: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ տղամարդիկ քաղաքական կուսակցությունները, իշխանական պոստերը վերածում են տղամարդկային ակումբների ու ամեն ինչ անում են, որ կանայք այդ ակումբներ հնարավորինս քիչ մուտք գործեն: Սա առաջին հերթին պայմանավորված է տղամարդկանց` կանանց հետ մրցակցությունից վախենալով, քանի որ կանայք, լինելով ավելի գրավիչ, ավելի կոռեկտ, միշտ էլ ավելի լավ այլընտրանք են եղել տղամարդ թեկնածուների համար: Ուստի տղամարդիկ ամեն ինչ անում են, որ կանայք քիչ հայտնվեն քաղաքական գործընթացներում: Տղամարդ քաղաքական գործիչները մեխանիկորեն փոքրացնում են իրենց մրցակիցների զուտ ֆիզիկական թվաքանակը:

Ամեն դեպքում, բացի որոշ հաջողված ու խոստումնալից օրինակներից, հայաստանյան քաղաքական գործընթացներում, վարչական բարձր պաշտոններում կանայք դեռ շատ փոքր թիվ են կազմում:

Սա իր օբյեկտիվ պատճառն էլ ունի. նույն մենթալիտետից ելնելով, ինչպես նաև տնային բազմաթիվ հոգսերով ծանրաբեռնված լինելով, կանայք ավելի քիչ ժամանակ ու ցանկություն են ունենում քաղաքականությամբ զբաղվելու, հետևաբար, նաև ավելի դժվար են վեր բարձրանում քաղաքական կարիերայի սանդուղքով: Տարբեր կուսակցությունների ու քաղաքական միությունների ներկայացուցիչների հետ մեր ունեցած զրույցներից դատելով էլ կարելի է ասել, որ քաղաքականապես պատրաստված ու շատ ակտիվ կանայք շատ չեն` միայն անհատներ են: Արդյունքում ունենք վերոհիշյալ պատկերը:

Ինչևիցե, շնորհավոր բոլոր կանանց, աղջիկների, մայրերի ու քույրերի միամսյակը, ու թող ղեկավար պաշտոններում նշանակվել-չնշանակվելու հարցերն այլևս պայմանավորված չլինեն քնքուշ սեռի հետ մրցակցելուց վախենալու հանգամանքով:

Մարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը

կինՄարտի 8-ից կմեկնարկի «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» մեկամսյա միջոցառումների շարքը: Նախաձեռնությունը Կանանց ռեսուրսային կենտրոնինն է:

ՀՀ-ում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առանջորդության կենտրոնի արտաքին և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի կանանց միամսյակի շրջանակներում ավելի շատ պետք է բարձրաձայնել կանանաց իրավունքների մասին:

«Չեն կարող միանշանակ ասել, որ Հայաստանում մենք այսօր ունենք համապետական կանանց շարժում, սակայն կան բազմաթիվ շարժումներ, միավորումներ, որոնք զբաղվում են կանանաց իրավունքներով, նրանց նկատմամբ բռնությունների դեպքրի բացահայտմամբ և դրանց դեմ պայքարով: Կանանց 94 %-ն աշխարհում գենդերային անհավասարության զոհ է, ահա թե ինչու  ամբողջ աշխարհում հենց կանայք են պայքարում իրենց իրավունքների համար»,- ասաց Սիրան Հովհաննիսյանը:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Պերճուհի Կաժոյանի խոսքով` ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ կան գենդերային կարծրատիպեր, որոնք անդրադառնում են կանանց և տղամարդկանց հարաբերությունների վրա: Շատ կարծրատիպեր կան նաև սեռադերային փոխհարաբերություններում:

«Հայաստանում ամենատարածվածը ընտանեկան բռնություններն են, որոնք հիմնականում մնում են փակ դռների հետևում, լինի հոգեբանական ճնշման, թե ծանր ֆիզիկական բռնության դեպքեր: Հաճախ կինը նույնիսկ իր կյանքով է վճարում լռության դիմաց: Այս տարի մարտ ամսին միայն 4 կին է մահացել ընտանեկան բռնությունից:

Բռնության դեմ պայքարելու հիմնական միջոցը այդ դեպքերի մասին բարձրաձայնելն է: Շատ քիչ է խոսվում նաև սեռական բռնության դեպքերի մասին: Աշխատաշուկայում կանայք ևս գենդերային անհավասարության զոհ են դառնում, կամ ցածր աշխատավարձեր են ստանում, կամ էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Քաղաքականության մեջ, իհարկե, ունենք կին գործիչներ, բայց դրանց թիվը շատ քիչ է: Նրանք էլ չեն բարձրաձայնում կանանաց իրավունքների մասին»,- ասաց բանախոսը` հավելելով, որ որքան շատ կանայք գիտակցեն իրենց իրավունքները, այնքան ավելի առողջ ընտանիքներ կունենանք:

Քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով

անակնկալ քաղաքապետարանումԵրևանի քաղաքապետարանը, Կանանց միջազգային տոնին ընդառաջ, աշխատանքային առավոտը սկսել է տոնական անակնկալով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետարանի  քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակի բոլոր կին այցելուներին այսօր դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով:

Անակնկալը հաճելիորեն զարմացրել է կանանց և աղջիկներին, ովքեր շտապել են իրենց շնորհակալությունը հայտնել ուշադրության և օրն իսկապես ջերմությամբ լցնելու համար:

 

 

Մարտի 8-ին կանանց եւ աղջիկների համար «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի հատուկ սակագնով

տաթևերԿանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց եւ աղջիկների համար:

Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ:

Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց եւ աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար:

 «ՏաԹեւեր» 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ:

 

Առողջությունը` նաև տոն. Մարտի 8-ից ապրիլը 7-ը` բաց դռների օր

միամսյակ«Առողջությունը ոսկուց թանկ է»: Վ.Շեքսպիրի այս հանրահայտ թևավոր խոսքը միշտ չէ, որ ուղենիշ է մեր կյանքում: Մեզանում տարածված սովորություն կա` բժշկի դիմել միայն դանակը ոսկրին հասնելու դեպքում: Կենցաղային հոգսերն ու սոցիալական պայմանները երբեմն ստիպում են մեզ անուշադրության մատնել առողջությունը: Դրա մասին հիշում ենք միայն, երբ «բանը բանից» անցած է լինում:

Հատկապես կանանց առողջությունը ազգի բարեկեցության հիմքն է, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը` առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից:
Բայց կանայք ուրախանալու առիթ ունեն: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվել է միամսյակ նաև նրանց առողջության պահպանման ոլորտում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մայրաքաղաքի և մարզային մի շարք բուժհաստատություններում իրականացվելու են բժշկական ամենատարբեր ծառայություններ, ներառյալ` կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհդատվությունը, հետազոտությունները, բուժումը, վիրահատությունները: Բոլոր ծառայությունները լինելու են բացառապես անվճար:
Նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը միամսյակի շրջանակներում լավագույն առիթ է կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա դարձնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություններ սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթի ձևավորման գործում:

Երևանի առաջատար կլինիկաների որակյալ մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներ և բուժհաստատություններ` ծառայություններ մատուցելու նաև մարզաբնակ կանանց: Քանի որ հանրապետության գյուղական համայքների բուժհաստատությունները համալրված չեն ախտորոշման որոշ արդիական սարքավորումներով, գյուղաբնակ կանայք կարող են այցելել մերձակա քաղաքներ` այնտեղ գործող կենտրոններում լիակատար հետազոտվելու համար: Առավել որակյալ ծառայություններ ապահովելու նպատակով, մայրաքաղաքից մարզեր են մեկնելու նաև նեղ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներ: Բոլոր պոլիկլինիկաներում կլինեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում բոլոր կանայք կանցնեն բուժզննման բոլոր սենյակներով, իսկ անհրաժեշտության դեպքում կստանան ուղեգիր այլ բուժհաստատություններ այցելելու համար:

Հաստատվելու է ժամանակացույց և նախանշվելու են այն բուժհաստատությունների անունները, որոնցում ծառայությունները լինելու են պետպատվերի շրջանակներում, նույնիսկ` նեղ մասնագիտական ծառայությունները: Այդ մասին տեղեկատվությունը փակցվելու է նախարարության և քաղաքապետարանի էլեկտրոնային կայքերում:

«Եթե կնոջ մոտ հայտնաբերվի որևէ խնդիր և կարիք առաջանա գինեկոլոգիական առավել խորացված հետազոտության կամ վիրահատության, ապա կուղեգրվի համապատասխան բուժհաստատություն: Մենք պատրաստակամ ենք աջակցելու այդ բոլոր գործընթացներին: Քաղաքապետարանի հետ աշխատանքները կհամակարգվեն համատեղ, կնշանակվեն պատասխանատուներ յուրաքանչյուր բուժհաստատությունում, որպեսզի կանանց հոսքերը չխճճվեն բուժօգնության գործընթացների կազմակերպման ժամանակ: Մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով ավելի ընդգրկուն և մատչելի դարձնել բուժօգնությունը»,- վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Փորձ է արվելու տարբեր հետազոտություններ իրականացնել նաև հիվանդանոցային ամբուլատոր պայմաններում:

Ներկայումս բավական տարածում գտած հիվանդությունները որոշակի առումով կնվազեն, եթե այս օրերին բոլոր կանայք ակտիվ լինեն և պարտադիր հետազոտվեն: Բացի գինեկոլոգիական խնդիրներից, կմատուցվեն նաև խորհդատվական նյարդաբանական, սրտաբանական և ակնաբուժական ծառայություններ: Կլինեն հատուկ օրեր` նվիրված մամոգրաֆիական հետազոտություններին: «Մենք նման լայնածավալ մասշտաբի աշխատանքներ իրականացնում ենք առաջին անգամ` քաջ գիտակցելով, որ առողջ մայրությունը առողջ մանկության, առողջ ընտանիքի գրավականն է, – նշեց Կ.Սարիբեկյանը:

Որպեսզի բոլոր կանայք տեղեկացված լինեն այս նախաձեռնության մասին, կիրականացվեն նաև հանրային իրազեկման և լայնածավալ քարոզչական աշխատանքներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ կարվի կանանց առողջության պահպանման հիմնախնդիրներին: Նախարարության աշխատակիցները հորդորում են թե՛ երևանաբնակ, թե՛ մարզաբնակ կանանց` մեծացնել ուշադրությունը առողջության նկատմամբ և անպայման դիմել համապատասխան հետազոտության` առկա խնդիրները բացահայտելու և հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով:
Ի դեպ, առողջության պահպանման հաջորդ միջոցառումը նախատեսվում է իրականացնել մայիսի 9-ի կապակցությամբ` ընդգրկելով արդեն հայրենական պատերազմի մասնակիցներին և ազատամարտիկներին: Նմանատիպ նախաձեռնությունների շարք կմեկնարկի նաև երեխաների պաշտպանության կամ գիտության օրվա կապակցությամբ: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր երկրում վերջին տարիներին էապես նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը, նկատվում է նրանց առողջության և կյանքի որակի բարելավում:
Ուրեմն պահպանենք մեր առողջությունը` այդպիսով ապահովելով նաև առողջ սերունդ:

Լ.Ն

Անկախ