<<Պարեց Չինարին ու ամբողջ ճամբարը հիացավ>>. Չինարիի ուսուցչուհի

10428032_790535030969088_9177959071217102008_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի դպրոցականներն այսօր վերադարձան Լոռվա <<Գուգարք>> ճամբարից:

Չինարեցի տասնհինգ փոքրիկներն ընկեր Մակարյանի ուղեկցությամբ տասը օր անցկացրել են ճամբարում: <<Բնականաբար, կարոտել ենք Չինարին, բայց դե, շատ լավ անցավ, էլի>>,-իջնելով իրենց տեղափոխած միկրոավտոբուսից` ուրախությամբ պատմեցին չինարեցի փոքրիկները: <<Օրը հագեցված էր, հետաքրքիր ծրագրեր կային, առավոտյան մեր երեխաները զբաղվում էին մարմնամարզությամբ, ապա նաև կարգի բերում իրենց սենյակները, այնուհետև կար հատուկ լողավազանի ժամ, երեխաները գնում էին լողի, որին հաջորդում էր հանգստի ժամը: Ճաշից հետո միջոցառումներ, ուրախ ժամանց>>,-նշեց Չինարիի դպրոցի ուսուցչուհի Արմինե Մակարյանը: <<Մենք այնտեղ միջոցառում ենք կաղմակերպել, որը ճանաչվել է ճամբարի լավագույն միջոցառումը, բոլոր երեխաներն են մասնակցել>>,-պատմեց նա:

10612572_790536127635645_3619518664849149779_nՉինարեցի ճամբարականներն առաջարկել ու հեղինակել են <<Չինարի>> խորագրով գեղարվեստական միջոցառումը, որը հուզել է <<Գուգարքի>> բոլոր ճամբարականներին: <<Ընտրեցինք մեր գյուղը, համակարգչով ներկայացրինք մեր գյուղի լուսանկարերը, տեսարժան վայրերը, երեխաներն արտասանեցին Չինարիին նվիրված բանաստեղծություներ, ներկայացրինք նաև բեմականացում>>:

Արմինե Մակարյանը պատմեց, որ սցենարի առանցքում եղել է 1994-ին Չինարիի Տանձուտ կոչվող տարածքում հերոսաբար զոհված Վահրամ Սաղոյանը, որի անունով է կոչվում գյուղի դպրոցը: Տանձուտն էլ հիմա վերանվանվել է Վահրամասար:

10644830_790535187635739_3173996156545789695_n <<Մայրը որդուն ճանապարհում է պատերազմ, շատ հուզիչ տեսարան էր, կարճ ու խոսուն: Վահրամը` որպես հավաքական կերպար, մարմնավորում էր արցախյան ազատամարտի ու հետագա տարիներին չինարեցի ազատամարտիկներին: Սյուժեն այնուհետև զարգանում է այնպես, որ տղաները մեկնում են պատերազմ, Չինարիի ուղղությամբ հնչում են կրակոցներ: Բեմականացման ավարտին հնչում է Կարնո քոչարին և որպես վերջաբան` <<պարեց Չինարին ու ամբողջ աշխարհը հիացավ>>:

<<Բոլորը հուզվել էին, երեխաներն այնպես էին դերի մեջ մտել, որ թե իրենք, թե հանդիսատեսը չկարողացան զսպել արցունքները: Բոլորն էին արտահայտվում, թե որքան շատ հայրենասիրություն կա չինարեցի փոքրիկների մեջ>>:

10622707_790535174302407_3515792569379771259_nՉինարեցի երեխաների ամառային ճամբարը հովանավորել է <<Հարավկովկասյան երկաթուղիներ>> ընկերությունը` նվիրելով երեխաներին նաև շապիկներ, մարզական իրեր` ապահովելով բարձր տրամադրություն: <<Վերջին կրակոցներից հետո մեր երեխաները տեղափոխվեցին բոլորովին այլ աշխարհ, ցրվեցին, հիմա հանգստացած են, պատրաստվում են <<Առաջին դասին>>,-ասաց Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Մակարյանը:

 

Անկախ

«Հարավկովկասյան երկաթուղին» ամառային հանգիստ է կազմակերպել Չինարիի 24 երեխաների համար

Չինարի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամառային հանգիստ է կազմակերպել Չինարի գյուղի 7-14 տարեկան 24 երեխաների համար: 16 օր Չինարիի փոքրիկները կանցկացնեն Լոռիի ամենագեղեցիկ անկյուններից մեկում գտնվող «Գուգարք» մանկական ճամբարում, որը հովանավորում է ՀԿԵ-ն:

Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ միջոցառումներ և ծրագրեր, դասընթացներ, ինչը թույլ կտա նրանց հաղթահարել գյուղի գնդակոծման ժամանակ ապրած սթրեսը:

Բոլոր ծախսերի մասին հոգացել է Հարավկովկասյան երկաթուղու արհմիությունը՝ ընկերությունում ընդունված սոցիալական ծրագրի շրջանակներում: Ծրագրով  նախատեսվում է, մասնավորապես, երկաթուղայինների երեխաների, ՀԿԵ-ի հովանավորության տակ գտնվող դպրոցի, ինչպես նաև անապահով ընտանիքներից մանուկների համար ամառային հանգստի կազմակերպումը:

 

«Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել, տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել…». այգեպարցի բնակիչ (բացառիկ լուսանկարներ)


10406401_783913391631252_6853065256775602955_n
Տավուշում գիշերը չափազանց լարված է եղել: Հակառակորդն ամբողջ գիշեր խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը, կրակել նաև հայկական հենակետերի ուղղությամբ:

Գնդակոծությունը սկսվել է գիշերը 1:30 և շարունակվել մինչև լուսաբաց: Կրակահերթերն ուժգին են եղել հատկապես Այգեպար և Ներքին կարմիրաղբյուր գյուղերում:

Անկախ-ի տեղեկություններով, Այգեպարում երկու տուն է այրվել: Մեկը պատկանում է այգեպարցի Արարատ Վարդազարյանին, որոնց տանն այս պահին, բարեբախտաբար, բնակիչներ չեն ապրում, մյուսը` Արշալույս Գևորգյանին, որը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: <<Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ>>,-ասաց Արշալույս Գևորգյանը:

Դեպքը պատահել է գիշերը՝ ժամը երեքին: Հրշեջ մեքենան Բերդից եկել, մոտեցել է մինչև Տավուշի ջրամբարին, բայց ուժգին կրակոցների պատճառով չի կարողացել մոտենալ այրվող տանը:

Արշալույս Գևորգյանի խոսքով՝ ոչինչ չի փրկվել: <<Տասնյակ լիտրեր օղին, գինին, մի քանի պարկ ալյուրը, ցորենը, ամեն ինչ, ամեն ինչ, փաստաթղթերս, անձնագիրս, ամեն ինչ վառվեց, երկու հեռուստացույց, սառնարան, հագուստը, բազմոցը, չկարացինք հանգցնենք>>:

Հարևանները փորձել են օգնել Գևորգյանների ընտանիքին, սակայն ուժգին կրակոցների ներքո տան հրդեհը մարել չեն կարողացել: Այս պահին գրեթե ամբողջ գյուղը, բարեկամները Գևորգյանների ընտանիքի կողքին են, փորձում են սփոփել գրեթե անսփոփելին:

Նշենք նաև, որ սահմանային լարվածության պատճառով բնակիչները պատսպարվել և լուսացրել են թաքստոցներում և տան նկուղներում: <<Չինարիում էդքան ուժեղ չէր, հատուկենտ կրակոց ա եղել: Հիմնականում Այգեպարի ու Ներքին կարմիրաղբյուրի վրա են կրակել>>,-Անկախ-ի հետ զրույցում ասաց չինարեցի Վանիկ Ոսկանյանը` նշելով նաև, որ Ադրբեջանում սպանված համագյուղացու` Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու մասին դեռևս որևէ լուր չունեն:

Անկախ

Չինարեցիներն այդպես էլ չեն կարողացել հավաքել հացահատկի բերքը

10462927_781893448499913_2830799277614278891_nՀայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանագոտում դարձյալ լարվածություն է պահպանվում: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից երեկ երեկոյան կրակել է սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Չինարի գյուղերի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ ոչ ինտենսիվ, բայց ադրբեջանական դիրքապահները կրակահերթեր են հնչեցնում բնակավայրի ուղղությամբ:

10552535_781893828499875_5035004552044073400_n<<Մերթընդմերթ կրակում են: Մենք բոլորով հավաքված ենք գյուղի կենտրոնում, ոմանք թղթախաղով են զբաղված, ոմանք ամառային տապին գարեջուր են վայելում: Ամեն դեպքում, այստեղ ենք, որ Աստված մի արասցե կրակոց լինի, տեսնենք` ով օգնության կարիք ունի>>:

10534467_781893498499908_1009733045765962373_n

Սամվել Սաղոյանը ասաց, որ հակառակորդի կրակոցների հետևանքով այդպես էլ իրենց չի հաջողվել հնձել հացահատկի 25 հեկտար դաշտը, որն անմիջապես թշնամու թիրախում է գտնվում: <<Տեսնենք` ինչ կարելի է անել, որ գյուղացիներիս համար գոնե մեկական պարկ ալյուր ձեռք բերենք, բաժանենք>>:

Երեկ երեկոյան լարված իրավիճակ է եղել նաև Այգեպար ու Ներիքն կարմիրաղբյուր գյուղերում, հակառակորդը կրակել է բնակելի թաղամասերի ուղղությամբ:

 

Անկախ

Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

Հակառակորդը չի թողնում` չինարեցիները ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին

10481926_777767435579181_1292696212015060659_n

Մեռելոցի օրն էլ հակառակորդը չի լռում՝ չթողնելով, որպեսզի չինարեցիները մոմ վառեն ու ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղի գերեզմանատանը հարազատների շիրիմների մոտ գտնվող չինարեցիների ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել: Ըստ համայնքի ղեկավարի, այս պահին ևս հակառակորդը կրակում է ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Չինարիի գերեզամանատան ուղղությամբ, որը գտնվում է մանկապարտեզին շատ մոտ: Կրակահերթը դիպել է չինարեցի հանգուցյալներից Դավիթ Ծերունյանի շիրմաքարին` քարուքանդ անելով նրա գերեզամանը:

Սամվել Սաղոյանն այս պահին հարևան Չորաթան գյուղից շտապում է Չինարի: Նա գնացել էր հարևան համայնք` Չինարի տանելու կոմբայնը, որպեսզի փորձեին շարունակել ցորենի բերքահավաքը:

 

Անկախ

«Ես գոռացի` Լորիս փախի». Չինարիի գյուղապետ (բացառիկ լուսանկարներ Չինարիից)

10557417_777706068918651_8113496591167515108_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր: Նախօրեին ժամը 18:30-19:00-ի միջակայքում հակառակորդը սկսել է գնդակոծությունը ցորենի արտերի ուղղությամբ, որտեղ ըստ նախնական պայմանավորվածության, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ չինարեցիները հնձելիս են եղել արտերը Մովսես գյուղի կոմբայնի միջոցով: Ադրբեջանական զինուժը երեկոյան սկսել է կրակել հենց այդ ուղղությամբ, այնտեղ են գտնվել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, բազմաթիվ չինարեցիներ, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է, ԿԽՄԿ անդամները ստիպված հեռացել են դեպքի վայրից: Հակառակորդի կրակահերթերը դիպել են կոմբայնին: <<6-ի 7-ի կողմերը սկսեցին, երբ Լորիսը` կոմբայնավարը, հնձում էր նրանց հենակետերին մոտ դաշտը: Լորիսը կոմբայնը չթողեց, ես գոռացի` Լորիս փախի, չփախավ, ինքը հերոսաբար, տեսեք` ինչ երկարություն ունի, պտտեց ու մի 150 մետրի չափով քշեց կոմբայնը, որ գոնե կարողանա փախչի: Նրանք սկսեցին մաղելը, ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթ: Կարմիր խաչի մեքենայի վարորդը քշեց, որ մոտենա կոմբայնին, սկսեցին կրակել նաև մեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս էլ որերորդ անգամ երջանիկ պատահականությամբ մենք զոհեր չունեցանք: Գնդակները դիպել են կոմբայնի անիվին, սպասել ենք մեկուկես ժամ կրակահերթերի տակ, Կարմիր խաչի մեքենան էլ եկավ, որ հանի ինձ, բայց ես ասաց` դու գնա, ես կթաքնվեմ, որ եթե հրդեհվի, հանգցնեմ: Մերոնք այնուհետև սկսեցին արժանի հակահարված տալ: Նաև Չորաթանի գյուղապետն եկավ մեզ մոտ, կոմբայնը հանեցինք տարածքից>>,-պատմում է Սամվել Սաղոյանը:

Ըստ համայնքի ղեկավարի, կոմբայնը տեղափոխել են անհամեմատ ապահով վայր, սպասել, մթնի, որ սկսեն հունձը: <<Գիշերը մինչև 4:30 էս մարդը հնձել ա մոտ երկուսուկես հեկտար: Այսօր առավոտյան էլի Լորիսը ուզեց հնձի, չթողեցի: Ռիսկային հատվածում դեռևս 27 հեկտար ցորեն կա հնձելու>>:

Ըստ Սամվել Սաղոյանի, հակառակորդին սահմանակից դաշտում մեծ է բերքատվությունը, նախօրեին այդ տարածքից մոտ 50 ցենտներ ցորեն են հավաքել: <<Այնտեղ բավականին սառը հատված է, ծովի մակերևույթից 1200 մ բարձրություն ունի, որը բարենպաստ է ցորենի բերքատվության համար>>:

Չինարին, ըստ գյուղապետի, ադրբեջանական կողմի հետ ունի 28 կմ երկարությամբ սահման: <<Մեր սահմանն ամուր է, բանակը` կանգնած, պարզապես նրանք դիրքային առավելություն ունեն, այդ պատճառով էլ խանգարում են բերքահավաքին>>:

Սամվել Սաղոյանն ասաց, որ հուլիսի 27-ին ևս կրակոցներ են հնչել, նաև արևածագին, երբ կոմբայնը փորձել են հանել դաշտից:

Անկախ

Հակառակորդը Չինարիում կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ

13.10.6_0Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ  նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենաների ուղղությամբ, և վերջիններս, անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել կիսատ թողնել իրենց առաքելությունը և հեռանալ:

Սաղոյանն ու հնձվորները դեռևս հացահատիկի դաշտում էին՝ ասելով, որ պատսպարվել են ծառի հետևում: Հեռախոսազրույցի ընթացքում էլ լսելի էր կրակոցների ձայնը:

“Փաստորեն, ադրբեջանական կողմը խախտեց անգամ Կարմիր խաչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղացիները հավաքեին ցորենի բերքը”,-ասաց Չինարիի գյուղապետը:

Ինչ վերաբերում է երեկվա կրակոցներին, գյուղապետը հայտնեց, որ կրակոցներից հրդեհվել են գյուղի արտերը, Չինարիի տներից մեկը, և գյուղացիներն իրենց ուժերով կրակը մարել են:

 

Անկախ

 

Լավ կլինի, որ Պավելն ընտանիք կազմի, թեկուզ «կրակող սարերի» տակ

Երբ կրակում են դիրքերի վրա, միայն ձայնն ենք լսում, իսկ երբ սկսում են գյուղի վրա կրակել, տեսնում ենք, որ մեկի տանը կպավ, մեկին մի բան եղավ, մեկը գոռում է, որ այսինչ տեղին կպավ,- իրենց գյուղի «նորմալ» առօրյան է պատմում չինարեցի 22-ամյա Պավել Պետրոսյանը:- Գիշերը կրակոց, ցերեկը կրակոց` 50-50 էլի, հիմի ստեղ կանգնած ենք, հաստատ չգիտենք` կապրենք, թե չենք ապրի»:

Չինարին Տավուշի մարզի սահմանամերձ, ավելի ճիշտ` սահմանապահ գյուղերից է: Գյուղի գլխին` իշխող բարձունքներից երկուսի վրա հակառակորդը կրակակետեր ունի, այդտեղից գյուղի, առանց բացառության, բոլոր տները գտնվում են ադրբեջանական զինվորների կրակի գոտում: Հակառակորդի այդ վտանգավոր կրակակետերից ընդամենը 600-700 մ հեռավորությունից էլ սկսվում է գյուղը, իսկ գյուղացիների խոսքով` Հայաստանը:

«Ինչպե՞ս եք ապրում նման պայմաններում»,- հարցնում եմ Պավելին, որ այս միամիտ հարցիս պատասխանում է պարզ, բայց ոչ միանշանակ` «շատ դժվար»:
Ոչ մի կերպ չեն պատկերացնում, թե ինչ կլինի վաղը կամ մյուս օրը. «Ի՞նչ կա` որ ինչ պատկերացնենք»: Որ ադրբեջանցին գյուղի վրա չկրակի, համոզված է երիտասարդը, կյանքը գյուղում, իհարկե, կփոխվի: «Առաջ չէին կրակում, ու մարդիկ արխային իրենց գործերը տեսնում էին, մի ձևով իրենց ընտանիքը պահում էին, հիմա ի՞նչ, հիմա ուզում ես մի բան ձեռնարկել… Հեն ա անասուն ենք պահում, ո՞ւմ համար է. գիշերը գնացել ենք խոտ ենք բերել: Գիշերը, որ հանգստանալու համար ա, մարդիկ պիտի քնեն, որ հանգստանան, մարդ ստեղ չի կարըմ հանգստանա, կա՛մ կրակոց ա ըլնըմ, կա՛մ պիտի էթա աշխատի, որ կարողանա իրա ընտանիքը պահի, ինչ ասեմ»,- ասում է Պավելը:
Հետաքրքրվում եմ` ամուսնացա՞ծ է: Գլխով բացասական նշան է անում: Հարցնում եմ` չի՞ ուզում ամուսնանալ: Պավելը, մանկական խորամանկությամբ ժպտալով, թե «ամուսնանաս, որ ի՞նչ անես, ընտանիքդ ո՞նց պահես»: Երևի անվտանգությունն է հարցը, մտածում եմ բարձրաձայն, Պավելը լսում է ու. «Իհարկե, նաև էդ է պատճառը, բայց էստեղ, չնայած երեխա էլ չկա, որ ուզես: Եթե գնաս ուրիշ տեղից էլ բերես, ո՞նց պահես, ասա, ո՞ւմ երեխուն բերես գցես գյուլլի բերան»: Լռում եմ:
Ընթացքում Պավելն ինձ ուղեկցում է մոտակա տունը, որը մեր զրույցից երկու օր առաջ է ընդամենը նոր սպիներ ստացել հակառակորդի «ԴՇԿ»-ից. տան վերքերը դեռ թարմ են:

Տանտերերը գյուղի դպրոցի ուսուցիչներ են` ֆիզիկայի ուսուցիչ Ալբերտ Պապյանն ու մաթեմատիկայի ուսուցչուհի Ռեգինա Նազարյանը: Նրանք մայրաքաղաքի որոշ պճնամոլ ու գոռոզ, աշակերտների ծնողներից ամեն առիթով ու անառիթ դրամ պլոկող, ոսկյա հաստ շղթաներով պարանոցը զարդարած ուսուցիչների նման չեն: Մշակ են, շինական, սահմանապահ, երկրապահ ու սերունդ են կրթում: Նրանց զարդարանքն էլ պատերազմին ու կրակոցների ջիգրու բակում աճող վարդերն են:

Ալբերտ Պապյանն էլ կարծես շարունակում է Պավելի միտքն ու ասում. «Առաջ շատ չէին կրակոցները, վերջին շրջանում, ճիշտն ասած, շատացել են: Բայց դե ապրում ենք, արդեն մեզ համար կրակոցները սովորական են դարձել, մեր գործերն էլ ենք անում կրակոցների տակ: Էս կրակոցներն ամենաշատը երեխաների վրա են ազդում, երեխաներն արդեն ամեն մեկը մի հիվանդություն է ձեռք բերում վախից»:

Չորս երեխա ունի Ալբերտ Պապյանը, ոչ մեկն իր մոտ չի ապրում, ու կրակոցները չեն դրա պատճառը: Գյուղում աշխատանք չկա: «Եթե կրակոցները չլինեին,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- Չինարին Բերդի տարածաշրջանի ամենահարուստ գյուղը կլիներ»: Ալբերտ Պապյանի կինն էլ` տիկին Ռեգինան, նշում է, որ գյուղում երեխաներ քիչ են մնացել, ափսոսում է, որ երբեմնի ծաղկող գյուղը դարձել է ծերացող:

Ես ու Պավելը թողնում ենք ուսուցիչների տունը: Ճանապարհին դեռ լուռ ենք: Այդ լռությունը խախտելու համար հարցնում. «Իսկ պատկերացնում ե՞ս, թե երեխաներդ ոնց պետք է մեծանան Չինարիում»: Պավելը վճռական է պատասխանում. «Քանի էս վիճակն ա, ես որ ամուսնանալու մասին հաստատ չեմ ուզում մտածեմ, գյուղից էլ չեմ գնա, երբ հարցերը կլուծենք` էն ժամանակ էլ կմտածեմ»:

Շնորհակալություն եմ հայտնում Պավելին ուղեկցելու համար և քայլերս ուղղում գյուղամեջ: Այնտեղ` տաղավարում, մեկ այլ չինարեցի երիտասարդ է նստած` Դավիթ Ապերյանը: 24 տարեկան է Դավիթը. ժպտալով ասում է, թե հարմարվել են արդեն կրակոցներով «համեմված» կյանքին, այդ ապրուստին: «Ինչո՞վ եք զբաղվում» հարցին էլ պատասխանում է. «Կարելի է ասել` հողագործությամբ»: Իսկ թե ինչու «կարելի է ասել», պարզաբանում է. «Կրակոցների պատճառով հաճախ աշխատել չի լինում, ժամանակը գիտի»:

IMG_1170Հողագործությամբ չեն կարողանում զբաղվել, ուրիշ աշխատանք էլ գյուղում չկա: Իսկ թե ոչնչով ինչպես են գոյատևում, Դավիթն ասում է. «Դե մի կերպ, բա ուրիշ ի՞նչ անենք»:

Դավիթն էլ, Պավելի պես, ամուսնացած չէ: Կրակոցները չէ, որ նրան խանգարում են կյանքի ամենավճռական քայլերից մեկը կատարել, ուղղակի չի ամուսնանում:
«Կուզե՞ս` ամուսնանալուց հետո երեխաներդ այս գյուղում ապրեն-մեծանան»,- հարցնում եմ: Դավիթն էլ վստահ պատասխանում է. «Բա իհարկե, այո: Մենք որ կրակոցների տակ ենք մեծացել, ի՞նչ է եղել, որ… Որ տենց մտածենք ու թողնենք գնանք, ո՞ւր կհասնի: Քանի՞ գյուղ տենց պիտի թողնենք»:
Ի դեպ, Չինարին ոչ մի չինարեցի չի ցանկանում ու չի պատրաստվում լքել, համենայն դեպս, ես այդպիսի մեկին չհանդիպեցի գյուղում: Զարմանում եմ այս մարդկանց կամքի, քաջության, վճռականության ու համբերության վրա: Դժգոհ են, որ իրենց «սարերը կրակում են», բայց նվիրված են այդ սարերին, նշում են, թե չեն ամուսնանա, քանի դեռ կրակոցներ են, բայց այլ տեղում ընտանիք կազմելու մասին էլ չեն մտածում:

Երեկոյան թողնում եմ Չինարին ու համեստ, աշխատասեր, կրակոցների տակ անվախ ու աննկուն ապրող չինարեցիներին: Համոզված եմ` քանի նրանցից յուրաքանչյուրը կա ու ապրում է Չինարիում առանց վախի ու առանց փախչելու մտքի, գիշերներն ու երբեմն էլ ցերեկները կրակոցներից քունը կորցրած, մնացյալ Հայաստանը կարող է հանգիստ գլուխը բարձին դնել: Բայց Չինարիից դուրս գալուց առաջ մի անգամ ևս հայացք ձգելով գյուղի ու սարին թառած հակառակորդի մահաբեր դիրքերին` մտածում եմ` լավ կլինի, այնուամենայնիվ, որ Պավելն ընտանիք կազմի:

Գ.Ա.

 

Չինարիում կոմբայնավարը հացահատիկը կհնձի Կարմիր խաչի ներկայացուցչի ներկայությամբ

10462999_772564712766120_2325148686691111261_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հացահատիկի բերքահավաքը կսկսեն հուլիսի 25-ին: Սահմանապահ համայնքն ունի 60 հեկտար հացահատիկի դաշտ, որը գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ գյուղի մոտ հարյուր տնտեսություն ցորեն է ցանել, որը հնձելու ժամանակն է, սակայն գյուղը կոմբայն չունի: <<Սպասում ենք, որ հարևան գյուղերի, մասնավորապես Չորաթանի ու Այգեձորի կոմբայանավարը ավարտի գործը և սկսկի Չինարիի արտերը հնձել>>:

10436085_772564632766128_3080655252515009472_nՍամվել Սաղոյանի խոսքով` բացի կոմբայնը, գլխավոր խնդիրը ադրբեջանական դիրքապահներն են, որոնք, ըստ գյուղապետի, ինչպես վկայում է փորձը, կոմբայնի ուղղությամբ կրակում են: Չինարիի գյուղապետն ասաց, որ գրավոր դիմել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին, որպեսզի հացահատիկի բերքահավաքի ժամանակ ներկա գտնվեն Չինարիում, որ հակառակորդը պահպանի հրադադարը: <<Մենք գրավոր դիմել ենք Կարմիր խաչին, դիմումը պետք ա գնա Ժնև, հետո Բաքու: Մենք խնդրել ենք, որ ամսի 25-ին գան, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն մնան, որ կարողանանք հնձել արտերը>>:

Սամվել Սաղոյանն ասաց նաև, որ այսօր Չինարի է այցելել <<Օրանժ>> ընկերության տնօրենը, որը գյուղին է նվիրել համակարգիչներ: Չինարիի մշակույթի տանը այսօր ստեղծված համակարգչային կենտրոնը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով: Բջջային կապի նարնջագույն օպերատորը սահմանամերձ գյուղին է տրամադրել ինտերնետ կապ` վճարելով նաև մեկ տարվա ծառայության վճարը:

 

Անկախ

Չինարին գիշերը «չի քնել»

չինարի Ադրբեջանական զինուժը երեկ գիշերը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախին ասաց, որ վնասը, բարեբախտաբար, նյութական է: «Տանիքներ են կոտրվել, մեկի տուն ա մտել գնդակը, պատուհանով մտել, ընկել է սառնարանի մեջ: Հունիսի 21-ից հակառակորդը ԴՇԿ-ն դրել, գյուղի կենտրոնական ճանապարհը պահում է կրակահերթերի տակ: Հենց մեքենա է շարժվում, խփում ա»: Սամվել Սաղոյանը նաև նշեց, որ կրակոցները դադարել են գիշերը 2-ին:

Անկախ

Նոր դիվերսիոն գործողություն սահմանային գոտում

դիվերսիաԱդրբեջանական կողմը Տավուշի մարզի Շամշադինի շրջանի սահմանային գոտում իրականացրել է դիվերսիոն գործողություն, որի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են:

Մեր տվյալներով, դիվերսիայի փորձը կատարվել է Չինարիի, ադրբեջանական Աղդամի հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղին պատկանող Ազատավան հանդամասի դիրքերից մեկու:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հենց նոր Անկախին հայտնեց, որ ինքը գյուղում է, փորձում է ճշտել մանրամասները: «Խառն են, ինչ-որ բան չեմ կարող ասել, բայց ամեն ինչ նորմալ է»,-ասաց Չինարիի գյուղապետը:

Այգեպարի գումարտակի հրամանատարն էլ նշեց, որ տեղեկությունը նոր են ստացել, ճշտում են տեղեկության և իրականության համապատասխանությունը:

 

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Անկախ

Սահմանամերձ Չինարիի, Մովսեսի ու Ներքին կարմիրի լավագույն շրջանավարտները պայքարում են` բուհեր ընդունվելու համար

10174997_754055811283677_7288535766876554702_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 12 աշակերտ` 5 տղա, 7 աղջիկ: Նրանցից երեքը դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Անահիտ Պետրոսյանը դիմել է ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ, հայոց լեզվից միասնական քննությունն արդեն հանձնել է, ստացել` 18,75 միավոր: Չինարիի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Հերիքնազ Աղասյանն ու Մարիամ Մակարյանը ևս դիմել են բուհ` մեկը ԵՊՀ, մյուսը Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համասարանի աշխարհագրական ֆակուլտետներ:

10336628_754055857950339_2023909814870326887_nՉինարիի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երկու տղա դիմել է ԴՈՍԱՖ` ձեռք բերելու վարորդական իրավունք: Նրանք կզորակոչվեն բանակ: Դպրոցի երեք շրջանավարտ տղաները որոշակի առողջական խնդիրներ ունեն: <<Ես կարծում եմ` այդ խնդիրները պատերազմի, անընդհատ կրակոցների, վախերի, սթրեսների հետևանքով են: Խնդիրները սրտի, գլխի հետ են կապված, բայց բուժման և որոշակի ժամանակից հետո հնարավոր է մեր այդ երեք տղաները ևս բանակ գնան>>:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղի դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց 11 աշակերտ: Նրանցից 9-ը հայտագրվել է բուհ ընդունվելու համար: Նրանք դիմել են ՀՊՏՀ, ԵՊՀ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Ներքին կարմիրցի դիմորդներն արդեն հանձնել են հայոց լեզվի միասնական քննությունը: <<Մենք երեխաների գրավորները ստուգել, համեմատել ենք, կարծում ենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Ավագյան Անին հավաքել է 19 միավոր, Միրզոյան Էմման 18,75, Իսրայելյան Մարիամը` 18,25>>:

Ներքին կարմիրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նառա Պապյանը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրենք երեխաներին որոշակի ուղություն տվել են: <<Ես անգլերենի մասնագետ եմ: Շատ կցանկանայինք, որ կարիերայի մասնագետ ունենայինք, նա մեր շրջանավարտների հետ որոշակի աշխատանք իրականացներ: Ամեն դեպքում, մենք խորհուրդներով փորձում ենք օգնել: Երեխաները որոշ ծրագրային հարցեր կրկնուսույցի մոտ են սովորում, Բերդում: Դա շատ լավ է, նախ երեխաները շրջկենտրոն են գնում, միջավայր են փոխում, դա նաև միասնական քննությունների ժամանակ իրենց ուժերի հանդեպ վստահություն է ապահովում>>,-ասաց Նառա Պապյանը:

10405687_754055737950351_62594759753306948_nՀայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի լավագույն շրջանավարտները ևս դիմել են բուհեր: Նրանք դիմել են ԵՊՀ, Երևանի պետական մանկավարժական համալսարան, Ագրարային համալսարան, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համլսարան: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը նշել է, որ դիմել է ՀՕՖ երեխաների ուսման վարձերի զեղչերի համար Մովսեսը ևս բարեսիրական այդ կառույցի նախագծած քարտեզի մեջ ընդգրկելու նպատակով: <<Մեր երեխաները միշտ օգտվել են բուհական զեղչերի համակարգերից: Ոչ միայն այն պատճառով, որ սահմանամերձ բնակավայրերից են, այլև ուսման առաջադիմության համար, զոհված ազատամարտիկի երեխա լինելու հանգամանքը ևս հաշվի է առնվում>>:

 

Անկախ

Կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում

չինարիՆախօրեին առատ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք գյուղերի այգիներին ու ցանքատարածություններին: Մոտ տասը րոպե տեղացած կարկուտը վնասել է սահմանամերձ Չինարիի, Այգեձորի, Արծվաբերդի ու Չորաթանի խաղողի այգիները, նոր սածիլած բանջար-բոստանային մշակաբույսերը, խաղողի այգիները, խնձորի, տանձի, դեղձի ծաղկած ծառերը: Չինարիի բնակիչ, Տավուշի ԳԱՄԿ-ի խորհրդատու Վանիկ Ոսկանյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ տուժել են հատկապես Չինարին, Այգեձորն ու Արծվաբերդը: Կարկուտի մեծ ու փոքր հարվածները գետնին են հավասարեցրել խաղողի այգիները: ՙՙՄատղաշ շիվերի աճման շրջանն է, կարկուտը վնասել է խաղողը, պտուղը, նոր սածիլած պտուղ-բանջարեղենը: Դե սածիլները նորից կշարեն, բայց ահա խաղողն ու բազմամյա տնկարքները ահագին վնաս են կրել: Տեղեր կան, որ կորուստը հարյուր տոկոսով է, որտեղ կարկուտի հատիկները փոքր են եղել, այդտեղից բերք դեռևս կարելի է ակնկալել՚՚,-ասել է գյուղատնտես-խորհրդատուն: Նա նաև տեղեկացրել է, որ վաղը գյուղում սպասում են Տավուշի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի անդաներին, ԳԱՄԿ-ի մասնագետներին, որոնք կհաշվեն Չինարիում կարկուտի հետևանքով վնասի չափերը: Չինարի կգնան նաև Արարատի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի մասնագետները: Նշեմ, որ կոնյակի գործարանի հետ չինարեցի խաղողագործները պայմանագրեր ունեն կնքած:

Անկախ

Չինարեցի տղայի կոչը երևանցիներին` հպարտ եղեք, Չինարին տեղում է …

10302119_735324489823476_625069454867266990_nՉինարիի դպրոցի ավարտական դասարանի 12 աշակերտները, որոնք ընդամենը մեկ ամիս անց հրաժեշտ կտան դպրոցին, շաբաթվա հանգստյան օրերն անցկացրել են Երևանում:

Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ սահմանամերձ ու սահմանապահ գյուղի երեխաներն  այցելել են նախ Գաֆեսճյան թանգարան, ապա Մատենադարան, Էջմիածին,  ԵՊՀ, Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ: Երևանյան տեսարժան վայրերով չինարեցի երեխաների շրջագայությունը կազմակերպվել  է մայրաքաղաքում բնակվող չինարեցի գործարար Վանիկ Ղարախանյանի աջակցությամբ:  <<Գյուղի զարգացման նյութական ծրագրերից բացի, ես նկատի ունեմ ասֆալտապատումը, գազիֆիկացումը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև երեխաներին: Պետք է մեր երեխաները մշակութային կյանքից ետ չմնան, հայ մնան, ամուր կառչեն իրենց հողին>>,-նշել է  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Չինարիի մանկապարտեզում այսօր կա 27 երեխա, իսկ դպրոցում` 115 աշակերտ:

10155603_735324673156791_6608758729162628891_n<<Ամենաշատն ինձ դուր եկավ Մշո ճառընտիրը, մետաղապատ գրքերը: Իմ երազանքն էր տեսնել այն, ինչը պատմության գրքերում եմ սովորել>>,-Մատենադարանում շրջայցից հետո ասել է Չինարիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Վանյանը:

Իսկ նրա դասընկեր Դավիթ Միրզոյանը նշել է, որ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել: <<Կգնամ-բանակ կգամ, նոր կմտածեմ: Միայն թե կուզեմ երևանցիներին փոխանցեմ, որ այստեղ` մեր քաղաքամայր Երևանում, հպարտ եղեք, Չինարին կա, տեղում է, մեր սահմանն ամուր ու անառիկ էէ: Հենց կրակում են, մենք գյուղի երիտասարդներով դուրս ենք գալիս գյուղամեջ` տեսնենք` հնարավոր է ` գյուղացիներից մեկը օգնության կարիք ունի>>:

Դավիթը նաև նշել  է, որ վերջին անգամ կրակոցներ են հնչել մոտ մեկ շաբաթ առաջ: <<Դե միշտ էլ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, բայց մերոնք հենց մի հատ պատասխանում են, լռում են: Վախկոտ է հակառակորդը>>,-ասել է Դավիթը:

Ի դեպ, չինարեցի աղջիկներն ու պատանիները չեն մոռանա Գաֆեսճյան թանգարանում իրենց համադասարանցի Դավիթ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, որը զվարճացրել է նրանց: Մուտքի մոտ Դավիթը, տեսնելով հավաքարար կնոջը, անակնկալի է եկել, շփոթվել ու բարևել: Սակայն կնոջ մոմե կերպարը <<տղայի տված բարևին չի պատասխանել>>:

 

Անկախ

Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված

չինարիՀակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին:  Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:

Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:

Անկախ

Այս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին

չինարիԱյս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամից ավելի է, հակառակորդը դարձյալ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

Անկախ

Այսօր առավոտից մինչև ուշ երեկո գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

չինարիՀակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը:   Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:

Անկախ

Հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»

սահմանամերձ գոտի«Դրանց պետք է վախեցնել, որ խելքները գլուխները հավաքեն». Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով` հունվարի 22-ին և 23-ին հակառակորդը լռել է, երբ մեր դիրքապահնեը «նրանց պորտը տեղն են դրել»: Այդ օրերի խիզախության և նաև Բանակի օրվա առիթով չինարեցիները շնորհավորում և շնորհակալություն են հայտնում մեր հենակետերում ծառայող բոլոր զինվորներին: Նրանք նախատեսում են այցելել «Մեհրաբ» զորամաս, որտեղ գյուղապետը պատվոգրեր կհանձնի զինվորներին:

Առավոտյան սահմանամերձ Չինարիում` «Արծիվ մահապարտ» հուշարձանի մոտ, հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանում ու Արցախում նահատակված բոլոր ազատամարտիկների հիշատակին: Իսկ սահմանամերձ Պառավաքար համայնքի ղեկավարի հետ տոնական հանդիպմանը մեր դիրքապահները սահմանային հենակետերից փոխանցել են, որ այս պահին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, մեր բանակայինները` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանը տալու արժանի հակահարված: Ինչ վերաբերում է Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, ապա Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ ճանապարհն այս պահին էլ, թեև երթևեկելի է, բայց ռիսկային է: Նախօրեին Տավուշից Երևան հիվանդ տեղափոխելիս գնդակոծված ճանապարհատվածն անցնելու հետ կապված դժվարություններ էին առաջացել: Ճանապարհը վերահսկող պաշտպանության նախարարության աշխատակիցները նախ արգելել էին անցնել վտանգավոր հատվածով, ապա երկար բանակցություններից հետո, երբ նրանց տեղեկացվել էր, որ հիվանդ են տեղափոխում, թույլատրվել էր անցնել:

 

Անկախ

Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)

chinar-village-armeniaԻրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:

Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:

Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:

Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Անկախ