Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել

պատկերազարդ-պատմություն-հայոց«Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությանը  Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել  8 մրցանակի:

Մայիսի 21-22-ը Մինսկում կայացած  ԱՊՀ  պետությունների «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցել են 9 պետություններ` 77 հրատարակություններով: Հայաստանից ներկայացված գրքերից 5-ն արժանացել են առաջին մրցանակի, մեկ գիրք` երկրորդ մրցանակի, մեկ գիրք` Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի:

«Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգում առաջին մրցանակն է ստացել «Արևիկ» հրատարակչության  ներկայացրած Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ:

«Մշակույթների երկխոսություն» անվանակարգում  առաջին մրցանակն ստացել է Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը:

«Գիտություն և կրթություն անվանակարգում» առաջին մրցանակը շնորհվել է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»  գրքին:

«Արվեստի գիրք» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» (Ասողիկ ՍՊԸ):

Իսկ «Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգում մրցանակակիր է դարձել Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը:

«Համագործակցություն» անվանակարգի երկրորդ մրցանակին է արժանացել Ալբերտ Միքայելյանի «Հայոց երևելիներ» գիրքը:

«Գրան պրի» անվանակարգում Նոմինանտի դիպլոմ է ստացել «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ» գիրքը` կազմված Յ. Պետրոսյանի կողմից:

Իսկ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Իմ երկիրը» անվանակարգում:

«Սա էլ մի քարոզչություն էր հայ գրքի, հայ պատմության»,- ասում է  «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` Հայաստանի համար էլ է հետաքրքիր իմանալ, թե իր գրաշուկան ինչ որակի է, նման մրցույթներին մասնակցությունն էլ դա պարզելու միջոց է:

«Կարծում եմ` վերջին 7-8 տարիների  ընթացքում մեր հրատարակիչները բարելավել են իրենց աշխատանքները: Որակի իմաստով մեր հրատարակիչները պրոֆեսիոնալ իրենց գործն անում են: Ներկայացնելիս մարդ ուրախանում է, որ Հայաստանում կան գրքեր, որոնք պարզերես կարող ես ներկայացնել»,- ասում է նա:

Նախ անցկացվում է  ներհանրապետական ` «Հայաստանի գրքարվեստը» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ էլ ընտրվում են գրքերը, որոնք Հայաստանի կողմից կներկայացվեն միջազգային մրցույթում:

Միջազգային մրցույթի ժյուրիի կազմը ձևավորվում է մասնակից պետությունների և հյուրընկալ երկրի մասնագետներից:

«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է  2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

11-րդ «Ոսկե ծիրան»-ը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի կնվիրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին փառատոնի կազմակերպիչները: «Ե՛վ բացումը, և՛ փակումը լինելու է մեծ ռեժիսորի ֆիլմերով»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն

Հարություն Խաչատրյանը:

 

Տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև` կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա»  կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված  լուսանկարչական ցուցահանդես:

«Զբոսաշրջիկների մեծամասնությունը Հայաստան է գալիս հուլիսին, որ ֆիլմեր նայի, որովհետև Արցախ արդեն գնացել են, Գառնի, Գեղարդ նույնպես ու գալիս են Հայաստան, որ ֆիլմեր նայեն: Իսկ ընդհանրապես, նպատակ ունենք, որ հայկական կինոն դուրս գա և պատմի Հայաստանի մասին»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

 

Ըստ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի
փառատոնի ծրագրերը նույնն են՝ չորս մրցութային ծրագիր, ինչպես նաեւ արտամրցութայինները: Փառատոնը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարժամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Արտամրցութային ծրագրերը բազմազան են. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:

1500 հայտ է ներկայացվել՝ թվով 101 երկրներից. «Անգամ ամենաէկզոտիկ երկրներից են հայտեր ներկայացվել: Ամենաշատ ֆիլմեր եկել են Գերմանիայից` 141 ֆիլմ ու Ռուսաստանից, հետո հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Իրանը և Հայաստանը` 59»,- ասաց Ստամբոլցյանը:

Անկախ

Ի՞նչ կաներ Փարաջանովը

փարաջանովՄարտի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան, դրանից մի օր առաջ` մարտի 21-ին, ՀՀ նախագահը պետական մրցանակ հանձնեց ֆիլմը ստեղծողներին: Բայց այս իրադարձությունը ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական իրարանցում առաջացրեց:
Անողոք ու քմահաճ տիկին է այդ ճակատագիր կոչվածը, որ պարզվում է` մարդուն կարող է հետապնդել անգամ նրա մահից երկար տարիներ հետո էլ: Սերգեյ Փարաջանովը հալածվեց խորհրդային իշխանությունների կողմից, քանիցս բանտ նետվեց այն պատճառով, որ ուզում էր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում, ոչ այնպես, ինչպես կոմունիստական կուսակցությունն էր թելադրում, այն պատճառով, որ չէր վարանում ու վախենում ասել այն, ինչ մտածում էր: Ահա նրա մահից այսքան տարի անց նրան նվիրված կենսագրական ֆիլմն էլ կրկին քաղաքական բախումների առարկա դարձավ:
Բանն այն է, որ ՀՀ պետական մրցանակի շնորհման արարողությունից երկու օր առաջ ֆիլմի համառեժիսոր Ելենա Ֆետիսովան մամուլում հրապարակավ հրաժարվեց Հայաստանի պետական մրցանակը ստանալուց: Ուկրաինական «Կոմենտարի»-ին գրեց, որ «Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան չի ներկայանա Հայաստանի պետական մրցանակի շնորհման արարողությանը, որը տրվել է Փարաջանովի մասին գեղարվեստական կինոնկարի համար: Ֆետիսովայի խոսքով` բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումն է:
«Քանի որ դուք արտահայտվել եք Ղրիմում անցկացված հանրաքվեի օգտին` անվանելով այն «ժողովուրդների` ազատ կամարտահայտման միջոցով ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», բայց որը իմ`որպես Ուկրաինայի քաղաքացու տեսանկյունից միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների խախտում է, նաև Ուկրաինայի քաղաքացիների և համայն մարդկության խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող վտանգ է պարունակում, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում իմ մասնակցությունը ֆիլմի ստեղծողների պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին, Երևանում: Իսկ պարգևի ինձ հասանելիք մասը խնդրում եմ փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար,- ասված է Ֆետիսովայի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:- Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույն կերպ կվարվեր»- եզրափակել է նա:
Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել ու չհարգել յուրաքանչյուր մարդու սեփական քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումն ունենալու և ազատորեն արտահայտելու իրավունքը: Եվ բոլորս կհասկանայինք ուկրաինացի ռեժիսորին, եթե նա իր հրաժարումը մրցանակից արտահայտեր մեր դիրքորոշումը հարգելով, քաջ իմանալով, որ իր նման հազար ռեժիսոր էլ լինի, հազար Ուկրաինա էլ լինի, հայերս` ունենալով Արցախի խնդիրը, միշտ էլ պաշտպանել ու պաշտպանելու ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Ինչպես ասում են` ասելուն ձև կա, ինչո՞ւ այսպես վիրավորելով, ինչո՞ւ այսքան անհարգալից: Իր կամքն է պարգևից հրաժարվելը, բայց ինչո՞ւ է թելադրում, թե այդ դրամը ինչ անենք` «փոխանցել հայ որբ երեխաների կարիքների համար»: Ո՞ր հայ որբերի, որոնց ծնողները նահատա՞կ եղան իրենց հայրենի տան շեմին, որոնց ծնողները զոհվեցի՞ն ազատագրական մարտերում, թշնամուն դիմակայելիս: Եվ առնվազն բարոյական չէ խոսել Փարաջանովի անունից, որը կենդանի չէ և այսօր չի կարող ո՛չ առարկել, ո՛չ հաստատել այն, ինչ ասվում է իր փոխարեն:
Ահավասիկ հասարակության մեջ նախօրոք կանխակալ կարծիք առաջացավ կինոնկարի նկատմամբ, մտածում էիր` եթե կինոնկարի ուկրաինուհի հեղինակն այսքան անհանդուժող է ուրիշի` սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի հարցում, ապա ի՞նչ պիտի նկարահանած լինի մի մարդու մասին, որն իր կյանքում չափազանց թանկ վճարեց իր ազատության, իր կամքն արտահայտելու համարձակության համար:
Այսպես թե այնպես հասարակությունը սպասում էր իշխանությունների արձագանքին: Ակնկալվում էր, որ տիկին ռեժիսորի հայտարարությունը կընդունեն որպես ի գիտություն և առաջ կացնեն: Բայց ոչ, հետևեցին տարօրինակ ռևերանսներ:
Հանրապետության նախագահը մրցանակները հանձնելիս հայտարարեց, որ առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով հանրապետության նախագահի հիմնադրամից»,- ասաց նա:
Պարզվեց, որ նույն անձնավորությունը մի օրվա տարբերությամբ անհարգալից բաց նամակ է հղում ՀՀ նախագին, ապա շատ հարգալից փակ նամակ: Ինչո՞ւ ուրեմն չհրապարակվեց այդ հարգալից նամակը, որ տեսնեինք ու տարակուսանքները փարատվեին: Եվ արժե՞ր արդյոք երկար-բարակ հիշեցնել տիկին Ֆետիսովային հայ և ուկրաինական ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Իսկ եթե այդ բարեկամության դարավոր պատմությունը չլիներ, կարելի՞ էր անհարգալից լինել: Ամեն դեպքում կարելի է հասկանալ նախագահի` այս միջադեպը դիվանագիտորեն հարթելու ցանկությունը: «Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ ես խնդրում եմ գործընկերներին մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարց է ծագում` ո՞վ է «Փարաջանով» ֆիլմի այս կադրի մտահղացողը, Ելենա Ֆետիսովա՞ն, թե՞ համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սերգեյ Փարաջանովը` նստած Բրեժնևի ուսերին, երբեմնի խորհրդային շքերթների ժամանակ, երբ միշտ թմբակահարվում էր ժողովուրդների համերաշխությունը: Ամենայն հավանականությամբ ոչ Ֆետիսովան: Այլապես կհասկանար, որ քաղաքական գործիչները գալիս գնում են, քաղաքական իրադրությունները փոխվում են, ու հանդուրժենք թե ոչ, միևնույն է, պատմության ուսերին նստած են արվեստագետները, նրանք են, որ մնում են հավերժության մեջ…
Այնպես որ մնում է ևս մեկ անգամ հարց տալ, հռետորական հարց` ի՞նչ կաներ այս իրավիճակում Փարաջանովը: Ամեն ոք ազատ է իր մտքի չափով պատասխանելու այս հարցին: Եվ մնում է գոհանալ, որ գոնե այս անգամ Փարաջանովը խուսափեց քաղաքական խաղերի զոհը դառնալուց, քանի որ ուկրաինական դեպքերը սկսվեցին ավելի ուշ, քան կավարտվեր ֆիլմը: Ինքը` Սերժ Ավետիքյանն էլ մամլո ասուլիսի ժամանակ դժվարացավ ասել, թե այդ դեպքում ինչ կլիներ ֆիլմի ճակատագիրը:

 

Երկու կենսագրությունների խաչմերուկներում. «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար»

գևարգյանցԵրկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Գրքի շապիկը գուցե այնքան էլ գրավիչ չէ, սակայն բովանդակությունն անկրկնելի է. մի քանի տող կարդացած անձը կարծես «ծուղակն է ընկնում» ու չի կարողանում դադար տալ, քանի դեռ գիրքը չի կարդացել-վերջացրել:
Հեղինակի մասնագիտությունը մեծապես ազդել է գրքի շարադրանքի վրա. սեղմ, բայց գրավիչ ու բովանդակալից: Երբ կարդում ես` թվում է, թե ֆիլմ ես դիտում, այնքան կենդանի, պատկերավոր է գրքի լեզուն:
Հենց գրքի յուրահատկության` շարադրանքի շնորհիվ մոռանում ես, որ Փարաջանովին տեսնում ես Գևորգյանցի աչքերով, զուգահեռաբար էլ ծանոթանում ես նաև Գևորգյանցի անցած ուղուն: Թվում է, թե դա քո կյանքի ճանապարհն է, Փարաջանովի երիտասարդ ընկերն էլ դու ես` ընթերցողդ:
«Այս գիրքը գեղարվեստական ստեղծագործության հավակնություն չունի: Միայն ուրվագծեր, ճեպանկարներ, էտյուդներ, սրտազարկերի կորագիծ, հուշեր իմ ու Սերգեյ Փարաջանովի հանդիպումներից, որի հետ, չնայած տարիքների տարբերությանը, ընկերություն էինք անում: Այս գիրքը նաև այն ժամանակների մասին է, նաև այն ժամանակվա մարդկանց մասին, նաև Փարաջանովի ժամանակի մասին»,- ընթերցողին իրազեկում է Գևորգյանցը` մինչ բուն պատմությանն անցնելը:
Գևորգյանցի հուշերից բացի, գրքում ներառված են նաև պատառիկներ Փարաջանովի անձնական նամակներից, ինչպես նաև աշխարհահռչակ գործիչների հուշերից:
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, նստիր ու գրիր, ինչ որ պատմում ես»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը նստեցի ու սկսեցի գրել` իմ առջև հստակ պահանջ դնելով ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որոնց մեջ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենը, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել»,- գրքի շնորհանդեսին, ըստ «Կինոաշխարհ» պարբերականի, ասել է Ռուբեն Գևորգյանցը` անդրադառնալով գիրքը գրելու դրդապատճառներին:
փարաջանովՄեկ այլ դրդապատճառի Գևորգյանցը նաև գրքում է անդրադարձել` կինոռեժիսոր Օթար Իոսելիանիի հայտարարությանը, թե Փարաջանովը հայ չէ և ընդհանուր ոչինչ չունի Հայաստանի հետ, «պարզապես հայերը գողացել են Փարաջանովի ամբողջ արխիվը, նրան էլ տարել-թաղել են կագեբեական Արամ !աչատրյանի կողքին»: Գիրքը կարծես պատասխան է հակահայկական տրամադրվածություն ունեցող կինոռեժիսորին: Փարաջանովի տողերը` գրված իր մասին, լավագույն հերքումն են. «Ինձ համար Հայաստանն արվեստ է ու պատմություն, Հայաստանը իմ ընկերներն են, իմ բերկրանքը, մեր ստեղծագործական կորուստները….Բոլորը գիտեն, որ ես երեք հայրենիք ունեմ: Ծնվել եմ Վրաստանում, աշխատել եմ Ուկրաինայում և պատրաստվում եմ մեռնել Հայաստանում»:
Պատմությունը սկսվում է հեռավոր 1978-ի մի ձմեռային առավոտից, երբ Գևորգյանցն ու իր ընկերը րոպեներն էին հաշվում, թե երբ գնացքը կշարժվի դեպի Թբիլիսի, ուր կկարողանային տեսնել բանտից նոր ազատված Փարաջանովին:
Պատմության ընթացքը միագիծ չէ ժամանակային առումով: Ինչպե՞ս է մարդկային հիշողությունը, որ ժամանակից ժամանակ է թռչում, սկսում մի տեղից, հետո մի այլ բան հիշում, հետո երրորդը, ապա նորից վերադառնում առաջինին: Հենց այսպես էլ շարադրված է, բայց այդ ամենն այնքան բնական է, որ թվում է` այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ դու` ընթերցողդ ես այդ ամենը վերհիշում:
Գրքում տեսնում ենք Փարաջանով ընկերոջը, մարդուն, հանճարին, պարզապես քաղաքացուն` կյանքի տարբեր ոլորտներում ու դրսևորումներում:
«Հագնվում էր շատ պարզ ու հարմարավետ` վելվետե տաբատ, վար թողած մգագույն վերնաշապիկ` որպես կանոն, խոշոր վրադիր գրպաններով: Շրջում էր փողոցներով, ուր նրա համար ամեն ինչ հետաքրքիր էր (և ի՞նչն էր լինում հետևանքը): Օրինակ` ճաշի էր գալիս մեզ մոտ, իսկ 10-15 րոպե անց նրա այցելությունը վերածվում էր 60-100 հոգիանոց երթի: Կանգ էր առնում ամեն քարի, պատի, հուշարձանի մոտ, ինչ-որ բաներ էր մեկնաբանում, մատնացույց անում, կատակում: Եվ շուրջը հավաքվածները լսում էին նրան բերանները բաց: Հիմնականում նրանք պարզ մարդիկ էին` վարորդներ, բանվորներ, վարսավիրներ և այլն: Նրանք, որպես կանոն, ոչինչ չէին հասկանում, թե ինչեր է ասում (և ոչ այն պատճառով, որ խոսում էր ռուսերեն): Բայց մարդիկ գնում էին նրա հետևից, ասես մեսիա լիներ…»,- այսպես է Գևորգյանցը ներկայացնում, թե որքան սիրված ու ընդունված էր Փարաջանովը:
Այնպես է ստացվում, որ Գևորգյանցն առաջիններից է իմանում թե՛ Փարաջանովի ձերբակալության, թե՛ ազատ արձակման մասին: «70-ականներին քաղաքական մոտիվներով ձերբակալություններ էին լինում, բայց դրանք մեզ չէին վերաբերում, մեր հոգը չէին: Իսկ հիմա վերաբերում էր…»,- հիշում է նա:
Անդրադառնալով մեղադրանքին, որը մինչ օրս էլ շահարկումների թեմա է, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի համար հորինել էին կեղտոտ մեղադրանք` արվամոլություն, բռնաբարություն, նույնիսկ գտել էին մի տուժածի` երիտասարդի, որը երկու անգամ մարմնեղ էր Սերգեյ Իոսիֆովիչից: Եվ դրան բռնաբարել էր Փարաջանովը: Եվ մեկ էլ նրան մեղադրում էին պոռնոգրաֆիա տարածելու համար: Մոտը մի ինքնահոս գրիչ էին գտել, որպիսին այն ժամանակ ունեին նույնիսկ շատ դպրոցականներ: Թեքում ես գրիչը, և լողազգեստով աղջիկը մերկանում է: Ծիծաղելի է, չէ՞: Եվ տվեցին հինգ տարի»:
Հետագայում Գևորգյանցը հնարավորություն է ունեցել իր «Փարաջանով. վերջին կոլաժը» վավերաֆիլմի նկարահանման ժամանակ Փարաջանովի գործը վարած քննիչին հարցնել. «Պարոն Մաշկով, իսկ ձեզ խիղճը չի՞ տանջում»: Ապա եզրակացրել է. «Ես միամիտ հարց տվեցի խղճի մասին: Այդպիսի մարդկանց խիղճը երբեք չի տանջում»:
Վերջաբանում, ամփոփելով աշխատանքը, Գևորգյանցը գրում է. «Փարաջանովի մասին կարելի է գրել ու գրել: Ճիշտ է, նրա հետ կապված պատմություններից շատերը հորինված են: Գրում, պատմում են մարդիկ, ովքեր թերևս կյանքում սոսկ մեկ անգամ են տեսել նրան, այն էլ` հեռվից: Բայց սա, երևի, վատ չէ: Նա լեգենդ է դարձել, քանզի եղել ու մնում է լեգենդ»:

«Ես զգացի նրա միայնությունը». ավստրիահայ կինոռեժիսորի բացառիկ հուշերը Փարաջանովի մասին

6713Parajanov

Որոշակի կրճատումներով ներկայացնում ենք վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանի հուշերը աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին:

«Սերգեյ Փարաջանով: Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց նրա «Նռան գույնը» ֆիլմը: Ֆիլմը ստեղծված էր ոչ սովորական ընդունված ձևով և այդ պատճառով շատերի համար անհասկանալի էր: Ֆիլմի տեսարանները նման էին կտավների և կոլաժների, որոնք ունեին խորհրդանշանային և խորհրդավոր իմաստ: Ֆիլմի երաժշտությունը և մոնտաժը այնպես ներդաշնակորեն էին համակցված, որ փոխլրացնում էին իրար: Նա  անհասկանալի էր սահմանափակ կուսակցական գործիչների համար, այդ իսկ պատճառով անընդունելի մանավանդ Հայաստանում, որովհետեւ հայերը միշտ  ծայրահեղական են եղել այն ամենի հանդեպ, ինչ վերաբերել է Մոսկվայից եկող հրամաններին:

 

«Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությունից հետո իմ գործընկերն ասաց, որ Փարաջանովը ձերբակալվել է: Պատճառները մեզ համար անհասկանալի էին, նա մեղադրվում էր համասեռամոլության, ԱՄՆ դոլարով և անտիկվարիատով առևտուր անելու և նման բաների մեջ: Արևմուտքում շատ էին գրում Փարաջանովի և նրա ճակատագրի մասին, նրա ֆիլմերը ցուցադրվում էին տարբեր հեռուստատեսություններով և բազմաթիվ մրցանակներ էին շահում կինոփառատոններում: Արտասահմանի, ինչպես նաև ՍՍՀՄ-ի իր գործընկերների ջանքերով Փարաջանովին ժամկետից շուտ ազատեցին բանտից, և նրան թույլ  տրվեց ապրել Թիֆլիսում: Փարաջանովին այցելում էին ֆիլմարվեստի հայտնի անհատականանություններ, ինչպիսիք էին Մաստրոյանին կամ Տարկովսկին: Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո Փարաջանովը իրավունք ստացավ նկարահանելու: Նրա «Աշուղ Քերիբ/Ղարիբ» ֆիլմը նկարահանվել է Թիֆլիսում, Վրաստանի պետական կինոստուդիայում:

 

Ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ` մտածում էի այն ժամանակ:

 

Երբ արևմուտքից մանիպուլացված Գորբաչովը սկսեց իր պերեստրոյկան, մուտքը Սովետական Միություն հեշտացավ, և 1988թ. աշնանը մի քանի ավստրիացի գործընկերների հետ կարողացա առաջին անգամ այցելել Հայրենիք: Այնուհետև հաճախ էի Թիֆլիսով ճամփորդում Հայաստան, քանի որ Վիեննայից ուղիղ թռիչք չկար Երեվան: Այդ ժամանակ Ավստրիական հեռուստատեսությունը ցուցադրում էր Փարաջանովի ֆիլմերը, և ես առաջարկեցի հեռուստատեսության իմ գործընկերներին Թիֆլիսում Փարաջանովից հարցազրույց վերցնել: Առաջարկն ընդունվեց, և 1989թ. գարնանը Հայասատան գնալիս Թիֆլիսում իմ ծանոթներից մեկը տարավ ինձ նրա մոտ:

Փարաջանով,ՓարաջանՅԱՆ,Արտեմ Օհանջանյան

Արտեմ Օհանջանյանը` Փարաջանովի հետ

Նա ինձ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես Վիեննայի նրա համերկրացին եմ և դրա հետ մեկտեղ նաև ֆիլմեր եմ նկարահանում ավստրիական հեռուստատեսության համար, նա ակնհայտորեն ուրախացավ: Ցավոք, Փարաջանովը հայերեն համարյա  չէր խոսում, և իմ ծանոթը ստիպված էր թարգմանել: Ես նրան ասեցի, որ իր ֆիլմերը ցուցադրվում են ավստրիական հեռուստատեսությամբ, և որ ես կուզենայի նրանից հեռուստատեսության համար հարցազրույց վերցնել: Նա համաձայնեց, բայց անմիջապես հարցրեց, թե արդյոք ընդհանրապես ծանո՞թ եմ իր ֆիլմերին: Իհարկե` պատասխանեցի ես: «Այդ դեպքում ես քեզ ցույց կտամ իմ վերջին ֆիլմը` «Աշիկ Քերիբը»»,- ասաց նա:

 

Հաջորդ օրը մենք միասին դիտեցինք նրա վերջին ֆիլմը կինոստուդիայում: Ֆիլմը շատ լավն էր, դե փարջանովյան էր: Երբ մենք հետո խոսում էինք ֆիլմի և ֆիլմերի մասին, ես նրան անմիջականորեն հարցրեցի, թե արդյոք նա պատրա՞ստ է մի ֆիլմ կնկարահանել Վիեննայում: «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել: Բացի այդ, ես շուտով սկսելու իմ իմ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Մնա այստեղ, եղիր իմ ասիստենտը, ի՞նչ ունես Վիեննայում,-ասաց նա,-ավելի մեծ մշակութային քաղաք քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»:

 

Ես, շնորհակալություն հայտնելով, մերժեցի: Փարջանովից հարցազրույց վերցրեցի Թիֆլիսի պանթեոնում, որտեղ հայտնի մարդիկ են թաղված: Նկարահանումների ժամանակ, ի զարմանս ինձ, նա ասաց, որ հետաքրքիր կլիներ ֆիլմ նկարահանել Մոցարտի և Սալիերիի մասին` ըստ Պուշկինի, և որ Վիեննան հիանալի կուլիսներ կծառայեր: Նաև ասաց, որ Ֆորմանի ֆիլմը, որտեղ Մոցարտը ծաղրածուի նման է ներկայացվում, իրեն ընդհանրապես դուր չի գալիս: Եվ ահա մի քանի օր անց մենք Վիեննայում Մոցարտի մասին ֆիլմ նկարահանելու պայմանագիր էինք ստորագրել:

 

Մի օր, երբ ես գնացել էի նրան այցի, եկավ «Աշուղ Քերիբի» գլխավոր դերակատարը` Յուրան: Նա մի շատ գեղեցիկ քուրդ էր, որն ապրում էր Փարաջանովից մի քանի տուն հեռու: Յուրայի մայրը` միջին տարիքի հմայիչ մի կին, Փարաջանովին հաճախ ուտելիք էր բերում: Փարաջանովը ապրում էր մենակ, քանի որ նրա գեղեցիկ ուկրաինուհի կինը որդու հետ ապրում էր Կիևում: Փարաջանովի մոտ ես ծանոթացա Թիֆլիսի և Երևանի շատ արվեստագետների և կինոգործիչների հետ, գրեթե ամեն երեկո նրանք այցելում էին նրան` իրենց հետ հաճախ բերելով ուտելիք և խմիչք: Փարաջանովը համարվում էր Վրաստանի արվեստագետների ոչ պաշտոնական նահապետը: Թեև նրա բնակարանը միշտ լի էր արվեստագետներով և ընկերներով, ես զգացի նրա միայնությունը, քանի որ նա ուներ ընտանիք, որը օտարացել էր իրենից: Այդպես էր նաև Վիլյամ Սարոյանը: Շրջապատված լինելով բազմաթիվ ծանոթներով և երկրպագուներով` նա միայնակ էր: Դա է հանճարների ճակատագիրը:

 

Իր ազատ ժամերին Փարաջանովը նկարում էր և կոլլաժներ պատրաստում, այնպես որ նրա բնակարանը լի էր նկարներով և կոլլաժներով: Մի օր նա ինձ հարցրեց, թե ես որդի ունե՞մ: Պատասխանեցի` այո:  Հարցրեց անունը: Ասացի` Ալբերտ: Նա վերցրեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ, հետևի մասում գրեց «Ալբերտի համար», ստորագրեց և ասաց. «Տուր սա որդուդ»: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլլաժներ նվիրում: Հետո նա նկարեց ինձ, և ես զարմացած նայեցի նկարին ու մտածեցի` սա ե՞ս եմ: Տարիներ անց նոր նկատեցի, որ նա ինչքան ճիշտ էր նկարել իմ դիմանկարը:

 

Նրա մոտ ես հանդիպեցի հայտնի հայ նկարիչ Ալբերտ Դիլբարյանին: Ես մեկնեցի Երևան և մի շաբաթ անց Վիեննա վերադարձիս նորից Թիֆլիսում էի: Գնացի Փարաջանովին այցի: Երբ նրա սենյակ մտա, այն սովորականի նման լիքն էր մարդկանցով: Նա  ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց. «Նայիր, այնտեղ իմ նոր աշխատանքներն են»: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք նա արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար` ֆիլմի հերոսների կեցվածքն և խարակտերները: Հանկարծ նա կանչեց ինձ և ասաց` նստի´ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Նա ինձ տվեց իր «Խոստովանության» սցենարը` ասելով` նայի´ր: Բացեցի սցենարը և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Ես թերթում էի սցենարը, երբ նա հանկարծ ասաց` տո´ւր գիրքն ինձ: Զարմացած մեկնեցի նրան գիրքը: Գրի´չ` ասաց նա: Ինչ որ մեկը գրիչ տվեց: Առաջին էջին գրեց. «Արտեմին Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը: Առաջին անգամ նա ստորագրեց Փարաջանյան և ոչ թե Փարաջանով: Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և դիտում էր ինձ: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել: Այդպիսին էր Փարաջանովը, որն անչափ ուրախանում էր, երբ կարողանում էր որևէ մեկին ուրախություն պատճառել: Երբ ուզում էի հրաժեշտ տալ, ասաց, թե ինչու ես Վիեննայից իրեր չեմ բերում: Ի՞նչ իրեր` հարցրի ես զարմացած: Միևնոււյն է, ես ամեն ինչ էլ կծախեմ, դու միայն բեր: Ես ծիծաղեցի և հրաժեշտ տվեցի նրան:

 

Փարաջանովն սկսեց իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները, բայց նկարահանումների երկրորդ օրն իրեն անսպասելիորեն այնքան վատ էր զգացել, որ այլևս չէր կարողացել շարունակել աշխատել: Նկարահանումներն ընդհատվել էին, և նրան տարել էին հիվանդանոց, ախտորոշումը` թոքերի քաղցկեղ: Նրան անմիջապես Մոսկվա էին տեղափոխել և այնտեղ վիրահատել, բայց արդեն ուշ էր: Նա վերադարձավ Թիֆլիս, բայց աշխատել այլևս չկարողացավ: Ամռանը ես նորից գնացի Թիֆլիս, այցելեցի նրան և իմացա նրա ցավալի ճակատագրի մասին: Թույլ և հոգնած` նա նստած իր կատակներն էր անում, բայց բոլորիս համար էլ պարզ էր, որ նրա օրերն արդեն հաշված են: Նույն տարվա աշնանը կնոջս հետ մեկնեցի Թիֆլիս նրան այցելելու: Սովորականի նման նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր ներքևի անցուդարձը: Երբ մեզ տեսավ, բացականչեց. «Արտեմն իր դստեր հետ  գալիս է: Արտեմն իր դստեր հետ է եկել»: Մի քանի նվեր ունեի նրա համար, և նա ուրախացավ երեխայի նման: Յուրան էլ եկավ: Փարաջանովը հարցրեց, թե ի՞նչ եմ բերել Յուրայի համար: Ես շփոթված պատասխանեցի` ոչինչ: «Դու գեղեցիկ սվիտր ունես հագիդ, տուր այն Յուրային»: Ես հանեցի սվիտրս և տվեցի Յուրային: «Հագի´ր,- ասաց Փարաջանովը, և Յուրան այն հագավ,- լավ է»:

Կինս հավանաբար շատ դուր եկավ Փարաջանովին, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց. «Վաղը կեսօրից առաջ եկեք ինձ մոտ»: Հաջորդ օրը, երբ թակեցինք նրա դուռը, նա քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը:  Հազիվ էինք մտել սենյակ, երբ նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակն  ու ասաց. «Մնացեք այստեղ»: Ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք այնտեղ կանգնած: Հետո վերդարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց. «Կանգնեք այստեղ»: Ինքը գնաց դեպի պատը և բացեց մի «Մոնա-Լիզա» կոլլաժ:  Գիշերն էր այդ կոլլաժը պատրաստել: «Սա քոնն է»,-ասաց նա կնոջս և նկարի հետևում գրեց. «Նասրինին`  Փարաջանովից»:

Այդպիսին էր նա…

 

Փարաջանովն մի հետաքրքիր հին կարպետ ուներ, որն ուզում էր ինձ նվիրել: Ես հրաժարվեցի այն վերցնել, իսկ նա վիրավորված կնոջս հարցրեց` արդյոք այս կարպետը վատ՞ն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Փարաջանովն ասաց. «Տես, Նասրինը նույնպես հավանեց այս կարպետը»: Ասացի, որ այս կարպետը չեմ կարող դուրս տանել, մաքսատունը թույլ չի տա: « Ի՞նչ,-բացականչեց նա,-հիմա կգրեմ որ ես` Փարաջանովը, նվիրում եմ այս կարպետը Արտեմին: Ո՞ր մի հիմարն իրավունք կունենա քեզ անհանգստեցնել»: Նա վերցրեց իր մի նկարը և հետևում  գրեց, որ ինքը` Փարաաջանովը, նվիրում է այս կարպետն ինձ և ստորագեց: Այդ կարպետն այսօր իմ տանն է…

 

Երբ Փարաջանովին հրաժեշտ էինք տալիս, նա կնոջս ասաց. «Նասրին, հաջորդ անգամ, երբ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ: Կինս նրան էլ երբեք չտեսավ: Փարաջանովին ուղարկեցին Փարիզ, բայց իզուր, բժիշկներն այլևս ոչինչ չկարողացան անել: Նրան տարան Երևան: Նա այնքան վատ էր, որ գրեթե ոչ ոքի չէր ճանաչում: Մի երեկո նրան տարան Հայաստանի կիրառական արվեստի թանգարան: Երբ նրան թանգարան բերեցին, միայն մի քանի հոգու կարողացավ ճանաչել: Բոլորս լաց էինք լինում, Փարաջանովը նույնպես:

 

Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը իշխանություններից հասավ այն բանին, որ Երևանում Փարաջանովի տուն-թանգարան հիմնի: Փարաջանովի ցուցումով Զավենը նրա բոլոր աշխատանքները և կահույքի որոշ կտորներ Թիֆլիսից բերեց Երևան:

Վիեննա հասնելուց հետո ես կարդացի, որ հայ մեծ ռեժիսոր Փարաջանովը հուլիսին Երևանում մահացել է: Նրան հուղարկավորել էին Երևանի պանթեոնում:

Փարաջանովի տուն-թանգարանն այսօր Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է:

Մի անգամ Վիեննայում եվրոպական մի հեռուստաալիքով Փարջանովի մասին վավերագրական մի ֆիլմ տեսա: Ես բարկացած և հիասթափված էի: Ինչպե՞ս կարելի է Փարաջանովի մասին այդպիսի մակերեսային հաղորդում պատրաստել` իրար կցած սիրողական նկարահանումներ, իր ֆիլմերից հատվածներ, հարցազրույցներ և հետո` հիվանդ Փարաջանովին, որը հազիվ էր կարողանում խոսել: Եվ ես որոշեցի նրա մասին մի խաղարկային-վավերգրական-կենսագրական ֆիլմ նկարահանել: Իմ առաջարկն ընդունվեց Ավստրիական հեռուստատեսության կողմից, և 1999-ի վերջերին Երևանում և Թիֆլիսում հայ դերասանների և հայկական խմբի հետ   (օպերատորն Ալիկ Յավուրյանն էր),  նկարահանեցի Փարաջանովի մասին ֆիլմը: Այն պատրաստվեց հայերենով և գերմաներեն տիտրերով: 2001թ. Ավստրիական հեռուստատեսությունն այն ուղարկեց Չիկագո` ֆիլմերի և հեռուստատեսության միջազգային փառատոնին, որտեղ այն ստացավ «Silver –Screen» մրցանակը:

Տարիներ անց Երևանում Փարաջանովի ընկերներին և ծանոթներին հրավիրեցի իմ ֆիլմի ցուցադրությանը: Երբ ֆիլմն ավարտվեց, բոլորիս աչքերին արցունքներ կային:

Ես կատարել էի իմ պարտքը Փարաջանովի առաջ…»

Անկախ