Tag Archives: վարդավառ
Վարդավառը միայն իրար վրա ջուր լցնելը չէ. Տեր Եսայի քահանա Արթենյան
Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվելու է այս կիրակի՝ հուլիսի 27-ին: Այն շարժական տոն է:
«Վարդավառի խորհուրդը Քրիստոսի Պայծառակերպության օրն է: Այն հոգևոր տոն է: Ըստ դրա խորհուրդի՝ մենք ինքներս Քրիստոսի օրինակով պետք է կատարելագործենք մեր հոգևոր կյանքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ինչպես պատմում է Աստվածաշունչը, Հիսուս Քրիստոսը Թաբոր լեռան վրա պայծառակերպվեց: Լեռը խորհրդանշում է մարդկային բարոյականությունը: «Ըստ պատմության՝ Քրիստոսը աշակերտներից իր հետ վերցրեց Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին: Նրանք իրենց բնավորությամբ և նկարագրով տալիս են կատարելագործվելու ճանապարհը: Պետրոսը միշտ պատմության մեջ ընկալվում է որպես հավատավոր մարդ, նրա վրա պետք է կառուցվեր Քրիստոսի հավատքը: Հովհաննեսը ներկայացնում է սիրող մարդու կերպարը: Հակոբոսը համբերության օրինակն է; Այսինքն՝ հավատքը, սերը և համբերությունը այն առաքինություններն են, որոնցով հնարավոր է հասնել կատարելագործման», – նշեց քահանան՝ ընդգծելով, որ սա է խորհրդի հիմքում, ոչ թե պարզապես իրար վրա ջուր լցնելը:
«Ջուր լցնելու ավանդույթը պահպանվում է, և դա պահպանողը եկեղեցին չէ, այլ ժողովուրդը: Սակայն եկեղեցին երբեք դրանց դեմ չի եղել: Բացասական երևույթը այն է, երբ մարդիկ մտածում են, որ Վարդավառը միայն իրար վրա ջուր լցնելն է: Այդ ավանդույթները լավն են, սակայն, ցավոք, մեր իրականության մեջ դրանք չեն վերարժևորվում», – ասաց Տեր Եսային: Նրա խոսքով` շատ կարևոր է, որ մենք նոր ավանդույթներ ձևավորենք: Եկեղեցական տոները այն բանի արտացոլանքն են, թե մեր նախնիները ինչ հոգևոր արժեքներ են ունեցել: «Մենք փորձում ենք ավանդույթները պահել՝ չհասկանալով դրանց բուն իմաստը: Կարծում եմ` շեշտը պետք է դնել հոգևոր կողմի վրա. չէ՞ որ դա առաջին հերթին հոգևոր տոն է: Եվ եթե հետևենք հոգևոր խորհրդի պատգամներին, մնացած ավանդույթներն էլ կպահպանվեն»:
Անդրադառնալով իրար ջրելու սովորույթին` Տեր Եսային ասաց, որ հեթանոսության տարիներին ջուրը կապվում էր Աստղիկ աստվածուհու անվան հետ. այն մաքրագործության խորհուրդն է ուներ: Աստվածաշնչի դեպքում այն խորհրդանշում է Ջրհեղեղից հետո աշխարհի մաքրագործումը:
Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին
2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:
«Վարդավառյան» ֆլեշմոբ՝ Դավթաշենում
Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը կենտրոնական զբոսայգում էր՝ քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի մոտ։
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խորենը երեխաներին հաղորդակից դարձրեց տոնի խորհրդին, ապա, օրվա հերթական խորհրդին հետևելով, տոնի մասնակիցները աղավնիներ բաց թողեցին երկինք։
Դավթաշենցի երեխաները «Ուրախ վարդավառի» իրենց տոնախմբությունը հատկանշեցին օճառի պղպջակներով ֆլեշմոբով։
Ինչպես Երևանի բոլոր վարչական շրջաններում, Դավթաշենում նույնպես տոնախմբության մասնակիցներին ջուր էին մատակարարում ջրցան մեքենաները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Վարդավառին վարդաթերթիկներով ջուր էին ցողում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Վարդավառի տոնախմբությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում է անցկացվել՝ ավանդական խաղերով։
Վարչական շրջանի մարզադպրոցի սաները մրցակցել են ազգային կոխի ցուցադրական ելույթներով։
Ժողնվագարանների կենդանի նվագակցության ներքո՝ պարային համույթների պարուհիները վարդի թերթիկներ են լցրել ջրով լի փոքրիկ ջրավազանների մեջ, որտեղից էլ Վարդավառի մասնակիցները վերցնում էին միմյանց վրա ցողելու ջուրը։ Տոնախմբության ամբողջ ընթացքը համերգային ծրագիր էր՝ պարային ու ժողգործիքների համույթների կատարումներով։
Վարդավառին մասնակից ամենափոքրիկները վարչական շրջանի աշխատակազմից ջրցան խաղալիքներ, իսկ տոնախմբությանը ներկա կանայք՝ տոնի խորհրդանշան վարդեր են նվեր ստացել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարդավառի խորհրդի մասին պատմող բուկլետներ են բաժանվել Ավան վարչական շրջանում
Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև Ավան վարչական շրջանում: Տոնական օրն այստեղ սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջներով, մատուցվել է Սուրբ պատարագ:
Վարչական շրջանի հոգևոր հովիվը եկեղեցու հարակից այգում բնակչության հետ զրույցի ընթացքում վերջիններիս ներկայացրել է տոնի խորհուրդն ու ծիսակարգը: Բնակիչներին նաև Վարդավառի խորհրդի մասին պատմող բուկլետներ են բաժանվել:
Մանուկների համար օրն իրապես տոնական է դարձել բակային տարածքներում: Տոնի խորհրդով միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը պահելու նպատակով` բնակիչներին ջրով ապահովելու համար ջրցան մեքենաները շրջել են վարչական շրջանի տարբեր թաղամասերով ու բակային տարածքներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարդավառի տոնը` Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջաններում առավոտից մեկնարկել ու շարունակվում են Վարդավառի միջոցառումները:
Օրվա կապակցությամբ ջրցան մեքենաների շքերթ է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի
Արաբկիր, Նոր Նորք և վարչական մյուս շրջաններում: Նոր Նորքի փողոցներով շրջելուց հետո մեքենաների մի մասը շարժվել է դեպի բակային տարածքներ, մի քանիսն էլ կայանել է Գայի արձանի հարակից տարածքում, որտեղ մանուկների խինդ ու ծիծաղով համեմված ուրախ տրամադրությունն ամբողջացել է հնչող տոնական երաժշտությամբ: Տոնական միջոցառման մասնակիցներն ապահովվել են դույլերով: Միջոցառմանն, ի դեպ, Նոր Նորքի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարը: Վարդավառի տոնը նշվել է նաև վարչական շրջանի բակային ճամբարներում:
Արաբկիրում ևս վաղ առավոտից ուրախ եռուզեռն ու բարձր տրամադրությունն էր իշխում: Այստեղ նույնպես մարդաշատ վայրերում ու բակային տարածքներում կայանած ջրցան մեքենաները Վարդավառի մասնակիցներին ապահովել են ջրով, իսկ փոքրիկ արաբկիրցիներին էլ, վարչական շրջանի կողմից որպես նվեր, փոքրիկ դույլեր ու ջրմուղ ատրճանակներ են տրամադրվել: Կազմակերպվել են նաև ազգային, ավանդական խաղեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարդավառը Երևանում, լուսանկարներ
Վարդավառը ունի նաև սիրո խորհուրդ
Գաղտնիք չէ, որ հեթանոսական մի շարք ծիսական տոներ իրենց տեղն են գտել Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում: Այս կիրակի հայկական եկեղեցին տոնում է Վարդավառը` հինգ տաղավար տոներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Սոնա Պապիկյանը և “Վարդավառ 2013” միջոցառման կազմակերպիչ “ՄԱՐՕԳ Մարքեթինգ” ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը խոսեցին տոնի խորհրդի, դարեր առաջ այն նշելու առանձնահատկությունների ու ավանդույթների, ինչպես նաև այս տարի Վարդավառին անցկացվելիք միջոցառումների մասին:
Վարդավառն այս տարի նշվում է Սուրբ Զատիկից 98 օր անց` հուլիսի 7-ին:
Ըստ ազգագրագետի` Վարդավառի տոնը հեթանոսական ժամանակներից եկած տոն է և նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին, ինչպես նաև սիրո աստվածուհի Աստղիկին. “Վարդ անունը կապվում է ծաղկեփնջերի նվիրման հետ: Այդ օրը, եթե տղան աղջկան խնձոր էր տալիս` նշան է, որ համակրում է նրան: Վարդավառին սովորության համաձայն մատաղ էին անում: Այսօր էլ, չնայած տոնը չի պահպանել իր խորհուրդը, սակայն մի շարք գյուղերում ուլ, գառ են մորթում”,-հավելեց Սոնա Պապիկյանը:
Համաձայն տոնի այդ օրը մարդիկ չպետք է վիրավորվեն, երբ իրենց վրա ջուր են ցողում, ընդհակառակը այն միմյանց հետ անկաշկանդ շփվելու միջոց է: Ջրելը նաև երաշտից խուսափելու և առատ բերք ունենալու խորհուրդ ունի:
“Հայաստանում արդեն չունենք Վարդավառ՝ ունենք ջրոցի: Տոնը կորցրել է իր երբեմնի խորհուրդը և մենք կազմակերպել ենք ավանդական Վարդավառ, որտեղ կլինի այն ամենը, ինչը առնչվում է տոնին”,-ասաց Դիանա Հովհաննիսյանը, մանրամասնելով, որ հուլիսի 7-ին Սիրահարների այգում 11:00-ից մինև 17:00-ն տեղի կունենա “Վարդավառ 2013” միջոցառումը, որի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Նախատեսվում է լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, “Vardatalk” /տարբեր ոլորտներից հայտնի ներկայացուցիչներ խոսում են Վարդավառի մասին/, հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով և այլն:
Լուսինե Ասատրյան
Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 7-ին
Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 7-ին. սա շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր անց` կիրակի օրը:
Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը Թաբոր լեռան վրա Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի պայծառակերպության հիշատակումն է:
Իսկ մինչքրիստոնեական ժամանակներում հայերը Վարդավառը նշել են որպես սիրո դիցուհի Աստղիկին նվիրված տոն: Ըստ ավանդության` Աստղիկը վարդաջուր է ցողել` մարդկանց սեր պարգևելով:

