Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի շուրջ կրքերը նորից սկսում են թեժանալ

100 դրամԵրևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը նշեց, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի սահմանման նպատակով դեկտեմբերի ընթացքում միջազգային խորհրդատուն կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն պատրաստ են:

Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի կողմից: Քաղաքապետարանի հրապարակած համապատասխան տեղեկատվությամբ նշվում է. «Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով` հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքներում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով` մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի»:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները` ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի` գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2 դրամ, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների` 196.2 դրամ և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների` 252.3 դրամ:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այդ ուսումնասիրությունն անվանում է «պարտիզանություն», քանի որ հանձնաժողովն աշխատել է հուլիսից մինչև ապրիլի 4-ը, բայց հանձնաժողովի անդամներն այդ տվյալների մասին իմանում են միայն ապրիլի 4-ին: Այնինչ, իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նա էլ հստակ պարամետրեր է տվել արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում` որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են` ծախսերը բաժանելով ուղևորների թվի վրա, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:

«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Մի թիվ էլ հրապարակեցին` 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են` 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ընդ որում, հետազոտության տվյալների հավաստիությանը Արմեն Պողոսյանը չի կասկածում, կասկածում է մեթոդիկային, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:

Ո՞վ է «հուշել» մեթոդաբանությունը

Այս ուսումնասիրության մեջ, վերջնական գին ստանալու համար, առանցքային նշանակություն է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների համար պահանջվող ծախսերի հաշվարկը: Որովհետև հասարակական տրանսպորտի գները հաշվարկելիս, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ըստ էության, հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից ընդունված նախորդ հաշվարկները: Իսկ նախորդ ծախսի մասով բազմաթիվ դիտարկումներ կան, որոնք մինչ օրս քաղաքապետարանի կողմից հրապարակավ չեն ժխտվել ու դեռ պետք է քննարկվեն:
Ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կատարվող կամ անհրաժեշտ ծախսերը, որ ներկայացվում են քաղաքապետարանի կողմից, մեկ տրանսպորտային միավորի հաշվարկով, հետևյալն են `

1 միկրոավտոբուսի համար 1 մլն 45 հազար 90 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար` 1 մլն 870 հազար 907 դրամ, իսկ գազով աշխատող ավտոբուսի համար` 1 մլն 454 հազար 209 դրամ:

«Երբ կապվեցինք «Այ Փի Էս Սի»-ի հետ, մեզ ասացին, որ մեթոդաբանությունն իրենցը չէ: Նախ` ինձ համար զարմանալի է, որ հետազոտությունն արած ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում այն հարցում, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել աշխատանքը: Որովհետև ուսումնասիրության հիմքում առաջին հերթին ընկած է մեթոդաբանությունը, մասնավորապես` ընտրանքը: Կոնկրետ «Այ Փի Էս Սի»-ն ասաց, որ մեթոդաբանությունն իրենցը չէ, իրենք չգիտեն, թե ումն է, ընդհանուր լղոզված պատասխան եմ ստացել: Միգուցե պատվիրատուն ասել է, թե դա ճիշտ է, բայց մի քանի էական կետեր կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց Պիպոյանը:

Մասնավորապես, պարզաբանում է Բապկեն Պիպոյանը, 10 լավագույն երթուղիների ու իդեալական վիճակի համար պահանջվող ծախսերի ու առկա վիճակի համար ծախսերի հաշվարկների արդյունքների տարբերությունը: Դրանք անհամադրելի արժեքներ են, ինչը հետազոտություն անողը պետք է իրականացներ, հասկանար, թե լավ ու վատ վիճակների միջև շեղման տոկոսը որքան է:

Նա նշեց, որ խնդիր կա նաև ընդհանրացման առնչությամբ` հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի համեմատությունը մետրոյի ուղևորահոսքի հետ` համապատասխան դասիչով:

«Ավելի պարզ ասած` ենթադրենք` դեկտեմբերին մետրոյով տեղափոխվում է 1000 մարդ, դա պայմանական 1 միավոր է ընդունվում ու համեմատվում է մնացած ամիսների հետ: Ըստ այդմ` 1, 1.1 կամ 0.8 միավորների հետ բաշխում ենք մետրոն ու քաղաքային տրանսպորտը` փաստացի ստացված ուղևորահոսքը` համեմատելով մետրոյի համապատասխան դասիչի հետ: Այս կերպով են «Այ Փի Էս Սի»-ում հաշվարկը կատարել: Ես չգիտեմ, թե ով է այս մեթոդաբանության հեղինակը, բայց սա անգրագիտության գագաթնակետն է: Չեմ կարծում, թե միջազգային փորձում նման մեթոդաբանություն կա, բայց եթե անգամ այդպիսի բան կա, ապա այդ միջազգային փորձը կարող էր գործել, եթե հասարակական տրանսպորտի չվացուցակը պահպանված լիներ»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:

Հնարավոր է 100 դրամ սակագնով հասարակական տրանսպորտ ունենալ

Ուղեվարձի ստացված սակագնի վերաբերյալ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տարեկան հոսքի համադրությամբ ստացված գինը չի կարող իրատեսական լինել, և դա փաստում է նաև քաղաքապետարանը: Վահե Նիկոյանը հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորինս նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը:
«Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորինս նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Տեսեք, թե խոսքը ուր է հասնում քաջ որսկանի գյուլլի պես: Տրամաբանությունը պարզ է, չէ՞, «միջազգային խորհրդատուն նշում է, որ ուղեվարձի սակագինը 207 դրամ է, իսկ «մարդասեր» քաղաքապետարանը նետվում է փրկելու սեփական ժողովրդին ու «մի կերպ հաջողում» հասարակական տրանսպորտի սակագինը պահել 150 դրամի սահմաններում:

Բաբկեն Պիպոյանը սեփական հաշվարկներն ունի, ու նշում է, որ անգամ քաղաքապետարանի միջազգային խորհրդատուի ուսումնասիրության արդյունքը` հանգեցնում է նրան, որ գրագետ կառավարման դեպքում մենք միանշանակ կարող ենք ունենալ շատ լավ հանրային տրանսպորտ. «Ուսումնասիրությունն էլ փաստեց, որ մենք ունենք անարդյունավետ գծեր, ունենք լրիվ նույն մարդատարությամբ երկու մեքենա, և եթե մեկի ծախսերը մյուսին գերազանցում է 50 տոկոսով, դա նշանակում է, որ պետությունն է սխալ քաղաքականություն իրականացնում: Այսինքն` պետք էր ի սկզբանե հասկանալ, թե որի ծախսն է ավելի ցածր, դա էլ ներկրեինք: Եվ եթե դա պետական մարմինները չեն արել, սխալվել են, ապա այդ սխալի հետևանքով քաղաքացի՞ն պետք է տուժի»:

Ներքաղաքային ուղեվարձերի նրա հաշվարկների արդյունքում ստացվում է, որ եթե ճիշտ մոդելով կառավարվի քաղաքային տրանսպորտը, ապա ոչ միայն հնարավոր է Երևանում ունենալ 100 դրամով ներքաղաքային հանրային տրանսպորտ, այլև, եթե ունենանք կենտրոնացված ավտոպարկ ու տրանսպորտից ստացված եկամուտները ծառայեն նաև քաղաքային բյուջեին, ապա ստացված միջոցներով հնարավոր կլինի ապահովել անգամ քաղաքի գիշերային լուսավորությունը:

Պետք է երկու հարյուր դրա՞մ վճարել, որ վարորդը սափրվի. Դավիթ Գևորգյան

տրանսպորտՏնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը և իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան հանրային տրանսպորտի թանկացման հնարավորությանը՝ ներկայացնելով սեփական ուսումնասիրության արդյունքները:

Դավիթ Գևորգյանը նախ փաստեց, որ պատասխանատու անձանց այն հայտարարությունները, թե տրանսպորտի սպասարկման որակը կբարձրանա միայն այն պարագայում, երբ ուղեվարձը դառանա երկու հարյուր դրամ, չեն համապատասխանում իրականությանը: ՛՛Ի՞նչ է, պետք է երկու հարյուր դրա՞մ վճարել, որ վարորդը սափրվի, որ մաքուր հագնվի, որ ամեն տեսակի խոսքեր չասի կնոջը, ով պատահմամբ առանց տղամարդու ուղեկցության է հայտնվել գազելում: Ես նկատել եմ, որ կանայք շունչը պահած են փակում գազելի դուռը, որ հանկարծ վարորդի ՛՛գեղեցիկ խոսքերը՛՛ չլսեն, այն դեպքում, երբ այդ դուռը ուղղակի փչացած է՛՛, – ասաց տնտեսագետը և հավալեց, որ սուտ է նաև քաղաքապետարանի հայտարարությունը, թե Երևանում հինգ տարուց ավել օգտագործման մեջ գտնվող գազելներ չկան. ՛՛Ես անձամբ հինգ տարուց քիչ շահագործվող գազել հազվադեպ եմ հանդիպել՛՛, – հավելեց բանախոսը:
Անի Կաղինյանն իր հերթին անդրադարձավ փոխադրողների միության նախագահի հայտարարությանը, թե  մարդիկ տրանսպորտային համապատասխան պայմանների համար պետք է վճարեն երկու հարյուր դրամ, կամ, եթե չունեն հնարավորություն, ապա պետք է ոտքով երթևեկեն. ՛՛Պարոն Եղիազարյան, Ձեզ ոչ ոք իրավունք չի տվել նման կերպ արտահայտվելու, մեր երկրում տրանսպորտից օգտվում է հիմնականում աղքատ խավը: Նման արտահայտության համար Ձեզ պետք է զրկել հանրային ոլորտ կանոնակարգող կազմակերպություն գլխվարելու իրավունքից, դա պետք է անի քաղաքապետարանը, բացի դա պետք է բարոյական պատասխանտվության ենթարկվեք՛՛, – շեշտեց իրավապաշտպան ակտիվիստը: 

Լարա Առաքելյան

Անկախ

ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

11136_am_3Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են:
«Ձեր այցը միշտ նոր ազդակ է հաղորդում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բոլոր հարցերին և լավ հնարավորություն է դրանց մշակման ու իրագործման ընթացքը քննարկելու համար», – ողջույնի խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Մաքսիմ Սոկոլովը տեղեկացրել է, որ այսօր Երևանում մասնակցել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության հայ-ռուսական գործարանի բացմանը, և դա վկայում է երկկողմ տնտեսական հարաբերությունների ու ներդրումային համագործակցության զարգացման մասին: «Հայաստանում Ռուսաստանի ուղղակի ներդրումների ծավալը կազմում է հանրապետությունում օտարերկրյա ներդրումների 40 տոկոսը: Եվս 50 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ներդրում կարվի հայ-ռուսական համատեղ 1820 ձեռնարկությունում: Ուրախ եմ, որ մեր երկխոսությունն այսքան դինամիկ է զարգանում, առավել ևս Հայաստանի՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալուց առաջ: Դա կարևոր է և´ Հայաստանի, և´ Ռուսաստանի, և´ միության բոլոր անդամ երկրների համար», – ընդգծել է ՌԴ տրանսպորտի նախարարը:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են ՀՀ վարչապետի՝ ՌԴ վարչապետի հետ փետրվարի 24-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Մասնավորապես, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը: Վարչապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ իրականացվել է 97 միջոցառում, և աշխատանքային խմբերի մակարդակով փոխհամաձայնություն է ձեռք բերվել կոնցեպտուալ բոլոր հարցերում: Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ, միգրացիոն, ներդրումային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններին, քննարկել և համաձայնեցրել դրանց իրականացման հետագա քայլերը:

Աշխարհի ամենաարագընթաց բեռնատարն իր արագությամբ կարող է առաջ անցնել Ճապոնական էքսպրես գնացքից (տեսանյութ)

Monster truck- Shockwave1Աշխարհի ամենաարագընթաց բեռնատարը՝ Shockwave-ն աշխատում է ռեակտիվ ինքնաթիռի երեք շարժիչներով և զարգացնում է մինչև 643 կմ/ժ արագություն:

Չորս տոննա կշռով բեռնատարն  արտադրում է 36,000 ձիաուժ և կարող է 402 մ տարածությունը անցնել ընդամենը վեց և կես վայրկյանում:

Բեռնատարի սեփականատեր և վարորդ 64-ամյա Նիլ Դարնելը նշում է, որ սա ապշեցուցիչ փորձառություն է, և մինչև չտեսնես՝ չես կարող հավատալ:

Shockwave-ը, որը կարող է իր արագությամբ առաջ անցնել ճապոնական գերարագ էքսպրես գնացքից, ճանաչվել է աշխարհի ամենաարագ  ռեակտիվ շարժիչով բեռնատար:

Բեռնատարի վառելիքի տարողունակությունը 719լ է, իսկ յուրաքանչյուր գործարկման ընթցաքում ծախսում է 681լ:

Դարնելի 31-ամյա որդին՝ Քրիսը, ևս վարում է բեռնատարը:

Shockwave-ը արտադրվել է 1984թ-ին և այժմ 30 տարեկան է:

Դարնելն  իր որդու հետ բեռնատարը գնել և վերաձևափոխել են 2012թ-ին: Այժմ նրանք պատրաստվում են տոնել բեռնատարի վերաձևափոխման հաջող ավարտը` ԱՄՆ-ում և Կանադայում հատուկ ներկայացումներ կազմակերպելով:

Ո՞ւր է մեր տրամվայը, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, իսկ մետրոն` մեռած վիճակում. Արմեն Պողոսյան

տրամվայ«Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով ՝ ավերակ, մինչդեռ քաղաքային իշխանությունը՝ ի դեմս ավագանու, խուսափում է մասնակցել հանձնաժողովի բանավեճերին: Հանձնաժողովը նիստեր է անում, բայց այսքան ժամանակ որևէ առաջընթաց չկա: Երեկ էլ է նիստ եղել, և ես մտածված չեմ մասնակցել, որովհետև լուրջ հարցերը թողած անորոշ քննարկումներ են լինում: Հանձնաժողովի արած քայլերը ո՛չ օպերատիվությամբ, ո՛չ խորությամբ բավարար չեն», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա ունի առաջարկների իր փաթեթը, որ հանձնաժողովի նախապես սահմանված աննպատակ օրակարգի պատճառով չի կարողանում ներկայացնել. «Մենք առաջարկում ենք տրանսպերտի կառավարման կազմակերպաիրավական տեսակը փոխել՝ դարձնել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես եվրոպական շատ երկրներում: Կեսով սեփականությունը կպատկանի քաղաքապետարանին, մյուս կեսը կլինեն այսօրվա շահագործողները: Եթե ամբողջ տրանսպորտը կենտրոնացվի, վնասով ու օգուտով աշխատողները կկոմպենսացվեն, շահը կմիջինացվի, որովհետև աշխարհում, օրինակ, չկա մետրո, որ օգուտով աշխատի: Իսկ այդ դեպքում մենք չենք ունենա գինը բարձրացնելու խնդիր, այլ՝ հակառակը»: Արմեն Պողոսյանին վրդովվեցնում է նաև էլեկտրատրանսպորտի վիճակը, ավելի ճիշտ, գրեթե բացակայությունը. «Ո՞ւր է մեր տրամվայը, իսկ տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է: Մեր մետրոն նույնպես մեռած վիճակում է: Երկու վագոնով մետրո չեն շահագործում: Դա ոչ միայն անիմաստ է տնտեսապես, այլ վտանգավոր է»,- ահազանգում է Արմեն Պողոսյանը:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

download (1)ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Գորիսի Մ-2 (Շուռնուխի) և Թումանյանի Մ-6  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց:Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայություն

Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակ փակ կլինեն երթևեկության համար

imagesՀարգելիʹ վարորդներ, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:
Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին:

ՀՀ ոստիկանություն

 

Միանում ենք տրանսպորտի ոլորտի ապաքրեականացմանը. «Մենք ենք այս քաղաքի տերը»

menqenq-logo«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլին և կոչ է անում երևանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին: Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:

Երևանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու և թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն և խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:

Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը և մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործուներության կոլապսին:

Կոչ ենք անում երևանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը և ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:

Քաղաքացիական համերաշխության և ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երևանում արդար և ժողովրդավար կառավարման իրականացմանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

Հանդիպում Տրանսպորտի վարչությունում՝ Սարի Թաղի խնդիրների լուծման նպատակով

Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Տիկին Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման առաջարկները: Քաղաքապետի պատասխանը չգոհացրեց բնակիչներին, ինչին հետևեց նրանց 2-րդ դիմումը ավագանու խմբակցության ղեկավարին: Վերջինիս միջնորդությամբ այսօր Սարի Թաղի բնակիչների անունից Գեղամ Պետրոսյանի հետ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում կայացավ հանդիպում, որին «Բարև Երևանից» ներկա էին Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Անահիտ Բախշյանը, Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և երթևեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանը:

 

Բնակիչներն առաջարկում են թիվ 9 և 21 ավտոբուսների երթուղիները երկարաձգել մինչև Սարի Թաղ, թիվ 11 ավտոբուսը Սարի Թաղը շրջանցելու փոխարեն մուտք գործի թաղամաս և շարունակի իր երթուղին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկում կառուցել կամրջակ հետիոտնի ապահով անցուդարձի համար, կարգավորել բանուկ փողոցների մայթերը:

 

Առաջարկները քննարկվեցին: Ինչպես նշեց պարոն Նավասարդյանը, տրանսպորտային խնդիրը թաղամասում գոյություն ունի դեռևս Սովետական Միության ժամանակներից: Բանն այն է, որ թաղամասի փողոցները չափազանց նեղ են, անհարթ, տրանսպորտային միջոցների համար շրջադարձի տեղ չկա, նամանավանդ ձմռանը բարձր է վթարների հավանականությունը և այլն: Վարչությունը քննարկել է տրանսպորտային հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմարը թիվ 13 ավտոբուսի երթուղին մինչև Սարի Թաղ երկարաձգելն է: Գեղամ Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց բնակիչների հետ քննարկել առաջարկը և պատասխանել:

 

Քննարկվեց նաև վերգետնյա անցում կառուցելու հարցը: Անահիտ Բախշյանն առաջարկեց այն ներառել 2014թ. բյուջե, սակայն վարչության պետը տեղեկացրեց, որ վերգետնյա անցումները մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով: Տիկին Բախշյանը նշեց, որ բանուկ փողոցների մայթերի վերանորոգման հարցը ևս կառաջարկեն ընդգրկել հաջորդ տարվա բյուջե: 

Որակյալ և ապահով երթևեկություն ` 100 դրամով

տրանսպորտԱյսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ    «Հասարակական պաշտպան» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանը հայտնեց, որ որակյալ և ապահով երթևեկություն կարելի է ապահովել  100 դրամով:
-Բոլոր խոսակցությունները գնում են չիրականացված ծառայության գնի մասին։ Քաղաքապետը որոշում է ընդունել, որ հնում կնքված պայմանագրերի մեջ փոփոխություն լինի միայն սակագնի վերաբերյալ, որակի և մնացածների մասին չի խոսվում, հաշվարկ էլ չկա,- ասաց նա։
Նա նաեւ ներկայացրեց տրանսպորտի սակագնի իր հաշվարկները:
-Երթուղային տաքսիի համար 80-85 դրամ է կազմում, իսկ ավտոբուսինը՝ մի քիչ ավելի: Հաշվի ենք առել ծախսերի այսօրվա շուկայական գները,- նշեց Արամ Գրիգորյանը:
Անդրադառնալով տրանսպորտի սակագնի ձևավորման հարցով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, ՀԿ ղեկավարն ասաց, որ հանձնաժողովի կայացրած որոշումները որևէ իրավական ուժ չունեն.
-Այս հանձնաժողովի ստեղծումը իմիտացիոն քայլ էր,- եզրափակեց նա:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խոսեց այն մասին, որ արդեն մի քանի ամիս է անցել, սակայն  տրանսպորտի սակագնի հարցով դեռ ասում են՝ մտածենք, քննարկենք, ուսումնասիրենք:
-Վաղուց ամեն ինչ ուսումնասիրված է, ո՞ւր է Երեւան քաղաքի ավագանին: Գինն ու որակը ածանցյալ են, մենք պետք է խոսենք ինչն է պատճառը, որ այս վիճակում ենք: Կա ստվերային շրջանառություն, եւ տրանսպորտի ոլորտը ամենահարմարավետ բիզնեսի տեսակն է: Այստեղ հնարավոր է թաքցնել շահույթի կեսը: Մի երթուղում ձեւակերպված է երեք վարորդ, եւ քառասունինը միկրոավտոբուս,- հավելեց նա:

Մարիամ Հովհաննիսյան

«Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»

Tigran-Hovhannisyan«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ն և բազմաթիվ տաքսիստներ պահանջում են Գագիկ Բեգլարյանի հրաժարականը:

Եթե մի քանի ամիս առաջ հայ տաքսիստները բողոքում էին հիմնականում տրանսպորտի և կապի նախարարության տարբեր ծրագրերից` կապված տաքսիների լիցենզավորման, դեղին պետհամարանիշների ներմուծման, այնուհետև նաև դրանց անհրաժեշտությունը վերացնելու, հաշվիչների ձեռքբերման ու դրանց ստուգաչափման հարցերի հետ, ապա այժմ դժգոհությունների սահմաններն ընդլայնվել են: Այժմ հայ տաքսիստները բողոքում են նաև կայանման համար նախատեսված կարմիր գծանշաններից, տեսախցիկների անարդար տուգանքներից և այլն:

Տաքսու վարորդ Սարգիս Մաչկալյանը, օրինակ, նշում է, որ իրեն չեն թույլատրում ստուգաչափված բոլոր չափանիշներին ու պահանջներին համապատասխանող հաշվիչը հին մեքենայից հանել ու տեղադրել նոր մեքենայի մեջ և պարտադրում են նոր հաշվիչ գնել: Իսկ Մաչկալյանն ընդամենը 1 տարի առաջ է 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով գնել հաշվիչը:

Տաքսիստ Լևոն Մարկոսյանն էլ հայտարարելով, թե արդեն զզվել է իրենց հանդեպ անհասկանալի ու անտրամաբանական վերաբերմունքից, բողոքում է, որ լինում են դեպքեր, երբ մի քանի վայրկյանով կանգառ են անում ուղևորին իջեցնելու համար, ու մեկ էլ իմանում են, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ իրենք արգելված վայրում կանգառ են արել, ու տուգանում են. «Ի՞նչ ա, գնամ բարձրանամ էդտեղ կանգնած ավտոների վրա՞, թե՞ ուղևորին ասեմ` կներես, բայց պիտի մի  2 հարյուր մետր ներքև կանգնեմ, ու դու ստիպված ես էդքան տեղը հետ վազել: Կամ ինչի՞ց է, որ մեզ պարտադրում են, թե վճարովի ավտոկայանատեղում կանգնելիս հեռախոսով հաղորդագրություն ուղարկիր, որ կանգնել ես, որպեսզի փող գանձեն, իսկ երբ արգելված տեղում ենք կանգնում, իրենք Էսեմես չեն ուղարկում, թե խախտում ես անում, իմացիր, որ էլ չանես: Ու մինչև տուգանքի մասին փոստով իմանում ենք  երկու ամիս տևում ա, բայց էդ ընթացքում մենք արդեն մի հարյուր անգամ նույն տեղը կանգնած ենք լինում ու չենք իմանում, որ խախտում ենք անում»,- բորբոքված իր դժգոհություններն է թվարկում Լևոն Մարկոսյանը:

Taxi-miting Մեկ այլ տաքսու վարորդ բողոքում է կարմիր գծանշմամբ վճարովի ավտոկայանատեղերից, թե երբ 5-6 կիլոմետրից մարդ են տեղափոխում, և ուղևորը պահանջում է մի քանի րոպե սպասել, պետք է ընտրեն` կա՛մ վճարովի կայանատեղում են կանգնելու և դրա համար 200 դրամ վճարեն, կա՛մ պետք է դրանից դուրս կայանեն, ու դրա համար տուգանվեն 5000 դրամով: Իսկ այդ 5-6 կիլոմետրն անցնելու համար  իրենց վճարում են 600 դրամ: Ու տաքսիստները չեն հասկանում, թե որն է այստեղ տրամաբանությունը, որ հասարակական տրանսպորտը մնացած բոլորի հետ դիտարկվում է միևնույն շարքում:

Մի խոսքով` դժգոհություները շատ են:  Ուստի մասնավոր տաքսի ավտոմեքենաների վարորդները բողոքում են, ցույցեր ու հավաքներ իրականացնում` վերջերս էլ «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը պահանջել:

«Ես դիմել եմ նախարարին, առաջարկել եմ, որ բոլոր վարորդներին չպարտադրեն դեղին համարանիշեր, հաշվիչներ և այլն, այդ պահանջները հանեն ու բոլորին սկսեն արտոնագրել. յուրաքանչյուրը մուծի 5000 դրամ ու ստանա տաքսի վարելու արտոնագիր: Դրա վերահսկողությունն էլ թող վերապահվի հարկային ծառայություններին, ոստիկաններն էլ տաքսիստներին ստուգեն ըստ այդ արտոնագրի առկայության»,-  ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Լիգայի նախագահն ու տաքսիստները նաև պահանջում են, որ իրենց համար կայանելու, կայանատեղերի ծախսերի և այլ հարցերում բացառություն անեն, որպեսզի իրենք իրենց օրվա հացի խնդիրը կարողանան լուծել: Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ինքը հայեցակարգ է ներկայացրել Գագիկ Բեգլարյանին` համապատասխան բոլոր առաջարկություններով, որում, բացի տաքսիստների հարցերից, ներառված են նաև գծատերերի խնդիրները, սակայն արձագանք չկա:

Արձագանք չի էլ լինելու, քանի որ հայեցակարգերն ընդունվում ու իրականացվում են այն դեպքում, երբ դրա կարգավորման ոլորտում համապատասխան օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտ չի լինում: Իսկ այս ոլորտում, ինչպես մեզ բացատրեց տրանսպորտի և կապի նախարարության աշխատակիցներից մեկը, 2007 թվականից Հայաստանում գործում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքները և կարգավորման այլ իրավական ու ենթաօրենսդրական  ակտեր: Այսինքն` այստեղ հայեցակարգի անհրաժեշտություն չի կարող լինել, եթե, իհարկե, առկա օրենսդրությունը վերացնելու և միայն հայեցակարգերով առաջնորդվելու որոշում չկայացվի:

Ինչևիցե, տաքսիստներն ու «Ավտովարորդների պաշտպանության  լիգա» ՀԿ-ն հանդես են գալիս Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջով, քանի որ կարծում են, որ ոլորտում քաոսային վիճակ է, հարցերը չեն լուծվում, մարդկանցից միայն «գումար են պլոկում», իսկ  նախարարը կարող է այս իրավիճակը փոխել, բայց չի փոխում. «Սաղ ազգը դարձել ա տաքսիստ, բոլորն էլ զզվում են իրենց գործից»,- եզրափակեց Տիգրան Հովհաննիսյանը:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այս որակումները աբսուրդ է համարում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոլորտում չի կարող քաոսային վիճակ լինել, քանի որ բոլոր հարցերը կանոնակարգվում են համապատասխան օրենքներով ու իրավական ակտերով: Իսկ տաքսիստների բարձրացրած հարցերի մասին էլ նշեց. «Նրանք տարբեր ժամանակներում տարբեր դժգոհություններ են արտահայտում ու բողոքներ ներկայացնում, մենք ծանոթանում ենք նրանց  բարձրացրած հարցերին ու խնդիրներին, որոնք մեկնաբանություն ու պարզաբանում են պահանջում, ներկայացնում ենք անհրաժեշտ մեկնաբանությունները, իսկ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են լինում, անպայման լուծում ենք»:

Հասարակական տրանսպորտը աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)

5   Թուրքական «CNN Türk»-ը հրապարակել է մի հետաքրքիր ֆոտոշարք, որտեղ պատկերված են աշխարհի տարբեր երկրներում հասարակական տրանպորտի տեսակները, այն խնդիրները, որոնց բախվում են դրանցից օգտվող քաղաքացիները: Մինչ մենք բողոքում ենք մեր մայրաքաղաք Երևանում հասարակական տրանպորտի անհարմարություններից, տեսնենք, թե այն ինչ վիճակում է գտնվում միլիոնանոց քաղաքներում, ինչպես նաև աշխարհի քիչ զարգացած շրջաններում:

Հետաքրքրական է, որ մեր մոլորակի տարբեր մասերում մարդիկ ունեն ճիշտ միևնույն խնդիրները, որոնց հանդիպում ենք նաև մենք մեր առօրյա կյանքում: Լուսանկարներում կարելի է տեսնել երթևեկության կատվածահար վիճակը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, գնացքից կախված ուղևորներ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, Քենիայում, բազմամարդ ավտոբուսները հնդկական Մումբայում, փոխադրման անսովոր միջոցները Բանգլադեշում և ոչ միայն:

Նստացույց քաղաքապետարանի առջև, օր 8-րդ (ուղիղ միացում)

MHM80382 copyԵրևանի քաղաքապետարանի առջև նստացույցը շարունակվում է: Սա բողոքի ակցիայի 8-րդ օրն  է:

Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամն հետևեք իրադարձությունների ընթացքին:

Քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է (ուղիղ միացում) (Լուսանկարներ)

MHM80121 copyԵրևանի քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները փորձել են վրան տեղադրել քաղաքապետարանի առջև արդեն 7 օր նստացույց անողների համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ոստիկաններն ու ակտիվիստները քաշքշել են միմյանց, ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոն բաժանմունք:

Իրավիճակին կարող եք հետևել Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ. քաղաքացուց առաջարկ քաղաքապետարանին

տրանսպորտՔաղաքացի Սերգեյ Տոնոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ` կոչ անելով, որ քաղաքապետարանը ծանոթանա առաջարկին:

Առաջարկների փաթեթը  ներկայացնում ենք ստորև.

1.Ուղեվարձի գնի ձևավորման 3 եղանակներ
1.1 Երևանը բաժանվում է տրանսպորտային 6–8 գոտիների: Յուրաքանչյուր գոտու սահմաններում գործում է առանձին սակագին: Սակագները փոփոխվում են ըստ հատած գոտիների քանակի։
1.2 Ժամկետային տոմսերի համակարգի ներդրում (մեկօրյա, եռօրյա, շաբաթական, ամսեկան անսահմանափակ երթևեկման տոմսեր անկախ գոտիների քանակից)։
1.3 Քանակային տոմսերի համակարգի ներդրում (1, 2, 6, 10, 20, 60 երթևեկման համար նախատեսված տոմսեր անկախ ժամկետից և գոտիներից)։
Գոտիների քանակը, աշխարհագրական դասավորվածությունը, սակագները ենթակա են տնտեսական լուրջ հաշվարկի։ Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդհանուր էլեկտրոնային համակարգի ստեղծում, ներառյալ արբանյակային տեղորոշման համակարգ (GPS), տոմսերի հաշվառման համակարգ և ընդհանուր կոորդինացման համակարգ։ Սոցիալական խոցելի խավերի համար նախատեսվում է տոմսերի պետության կողմից սուբսիդավորված հատուկ սակագին ։

2.Կանգառների ձևավորում և բարելավում, տրանսպորտային միջոցներ
2. 1 Կանգառներում տեղադրվում են կրպակներ, որտեղ՝
ա. վաճառվում և վերալիցքավորվում տոմսեր են,
բ. ուղևորները ստանում են տեղեկատվություն,
գ. փակցված է երթուղիների քարտեզը:
2.2 Կանգառներում տեղադրված երթևեկության կանոններին համապատասխանող «ԿԱՆԳԱՌ» նշանը տեղափոխել այսօր տեղադրված կանգառի սկզբնամասից վերջնամաս, քանի որ այն հանդիսանում է վարորդների համար ուղենիշ, և այժմ առաջին մոտեցող տրանսպորտի վարորդը կանգ է առնում նշանի մոտ՝ առաջացնելով իր հետևից տրանսպորտային խցանում։
2.3 Նույն գործողությունը վերաբերում է կանգառներում տեղադրվող էլեկտրոնային ցուցանակներին, քանի որ նրանք հանդիսանում են ուղենիշ և տեղեկատվության աղբյուր կանգառին մոտեցող նոր ուղևորների համար։ Փոփոխությունը կկանխի մարդկանց կուտակումները կանգառի սկզբնամասում։
2.4 Նույն գործողությունը վերաբերում է նաև կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակներին և ուղևորի ու վարորդի տեսադաշտը փակող ուրիշ օբյեկտներին։
2.5 Արգելել հասարակական տրանսպորտին բացել դռները կանգառի սահմանագծերից դուրս։
2.6 Պարտադրել վարորդներին կանգ առնել կանգառի վերջնամասում վերջինիս դատարկության դեպքում։
2.7 Բոլոր կանգառները համալրել տեսախցիկներով։
2.8 Արգելել քաղաքային տրանսպորտին երթևեկել ճանապարհի ձախ եզրային գծով:
2.9 Արգելել տաքսիների մուտքը հասարակական տրանսպորտի կանգառի սահմաններ։ Կանգառներից ներքև ստեղծել տաքսիների համար նախատեսված կայաններ: Բոլոր տաքսիների համար մշակել միաձև նշաններ, օրինակ՝առջևի դռների վրա կոնտրաստ գույնով անկյունագիծ:

3 Աշխատակիցներ
3.1 Հասարակական տրանսպորտի վարորդների համար նախատեսել հատուկ համազգեստ։ Վարորդներին պարտադրել լինել սափրված, հարդարված, մաքուր և կոկիկ։ Նույնը վերաբերում է տրանսպորտային ոլորտում ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։
3.2 Արգելել վարորդներին հասարակական տրանսպորտի մեջ միացնել ցանկացած տեսակի երաժշտություն, խոսել բջջային հեռախոսով և կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող խոչընդոտել անվտանգ երթևեկությանը։ Արգելել վարորդներին ծխել տրանսպորտի սրահում։

4. Երթևեկության անվտանգություն, ավտոկայանատեղիներ
4.1 Բոլոր երկկողմանի ճանապարհների վրա ստեղծել ճանապարհների հանդիպկած գծերը իրարից անջատող հատուկ արգելապատնեշներ (20–25սմ)։ Նպատակը՝ կանխել հանդիպակած գծով ՕԲԳՕՆը և ոչ պատշաճ տեղում շրջադարձերը
4.2 Խաչմերուկների վրա ստեղծել անկյունագծային վանդակավոր անվտանգության գծանշում (“Box Junction”, «Вафельница»)՝ խցանումները կանխարգելելու համար։
4.3 Ճանապարհային շինարարական աշխատանքների վայրը պետք է հստակ առանձնացված լինի հատուկ ճանապարհային կոների միջոցով և սկզբնամասում տեղադրված և լուսավորված «Արգելքի շրջանցումը» ավտոճանապարհային նշանով։
4.4 Արգելել տնտեսվարողների կողմից ճանապարհային հատվածների ինքնակամ զավթումը։
4.5 Ավտոկայանատեղիների հատվածում յուրաքանչուր ավտոմեքենային հատկացնել առանձին կայանատեղի։
4.6 Տեղափոխել երթուղային տրանսպորտի կայանները երթուղիների մեկնարկային կանգառներից անվտանգ և ոչ հասարակական գոտի (օրինակ՝ Աբովյան պուրակ, Ավանում՝ Մարշալ Բաբաջանյան–Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկ և այլն)։

5. Լրացուցիչ միջոցներ
5.1 Ստեղծել անանուն հեռախոսային և SMS «թեժ տրանսպորտային գիծ» կարճ հեռախոսահամարով։ Տրանսպորտային միջոցների սրահներում փակցնել թեժ գծի համարները և տեղեկատվություն։
5.2 Ֆինանսական կազմակերպությունների հետ մշակել մեխանիզմ, որը թույլ կտա վարկավորել շահագործող/սպասարկող ընկերւթյուններին տրանսպորտային ոլորտը զարգացման նպատակով (օրինակ՝ նոր ավտովուսներ ձեռք բերելու համար)։
5.3 Շահագործող/սպասարկող ընկերություններին պարտադրել, օգտվելով նախորդ կետի պայմաններից, մեկ տարի ժամկետում ձերբազատվելԵրևանում շահագորցվող երթուղային միկրոավտոբուսներից։
5.4 Ուղևորներին սպասակումից ստացված միջոցները կառավարվում են հատուկ նախատեսված պետական բանկային հաշիվներիօգնությամբ։ Ամեն հաշվարկային ժամանակշրջանի վերչում եկամուտները բաշխվում են սպասարկող/շահագորցող տնտեսվարողների միջև ըստ նրանց կատարած աշխատանքի (աշխաըանքի կատարվածությունը հսկվում է վերոհիշյալ էլեկտրոնային և արբանյակային համակարգերի միջոցով)։
5.5 Բոլոր գործողությունները իրականացնել թափանցիկ եղանակով, բոլոր ֆինանսական և տեխնիկական փաստաթղթերը տեղադրելով համացանցում։
5.6 Բոլոր խախտումների համար նախատեսել խստագույն ֆինանսական պատժամիջոցներ:

Հ.Գ. Որպես հաջող իրականացրած նախագծեր ուսումնասիրել Նիդերլանդների Թագավորության, Չինաստանի, մասնավորապես Շանհայ քաղաքի, Սինգապուրի հասարակական տրանսպորտի համակարգերը:
Հատուկ նշում՝ Ռուսաստանի տրանսպորտային համակարգ ըուսումնասիրության դաշտից հանել որպես ձախողված, ծախսատար և տրանսպորտային լուրջ խնդիրներ առաջացնող համակարգ:

Քաղաքապետարանից պահանջում են որպես փոխհատուցում 5 օր ուղեվարձը 50 դրամ սահմանել

ոչ 150 դրամին«Վճարում ենք 100 դրամ» շարժումը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12-ին Երևանի քաղաքապետարանի մոտ հավաք կլինի և կհրապարակվի շարժման հայտարարությունը  կատարվածի և հետագա անելիքների մասին:

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«* Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

* Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:

* Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն (http://www.tert.am/am/news/2013/07/18/transport-fare-yerevan/) ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:

* Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:

* Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:

* Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:

Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելավման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝

* Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:

* Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:

* Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:

* Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:

Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»:

Վարորդին դանակահարողը արհեստականորեն վեճ է հրահրել. ականատես

դանակահարելԱյսօր «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մոտ դանակահարության դեպք էր տեղի ունեցել, որի ընթացքում վնասվել էր 67Ա համարի երթուղայինի վարորդը:

Ականատեսը www.hra.am –ին պատմեց, որ մոտ 50 տարեկան, «սոլիդ հագնված» մի տղամարդ իջնելիս վճարել է 100 դրամ։ Վարորդը նորմալ է ընդունել դա և վերցրել է գումարը։ Սակայն ուղևորը սկսել է վիրավորել և կռիվ հրահրել։

«Վարորդը մեքենայից իջավ ու ասեց՝ «ի՞նչ ես ուզում, 100 ես տվել, լավ ես արել, թո՛ղ, գնա, ինչի՞ ես վիրավորում, թո՛ղ գնա, մենակ գնա» ու նստեց մեքենան։ Էդ տղամարդը հետևից գնաց, վարորդի դռան կողմից մոտեցավ ու մի դանակով մի քանի տեղից վնասեց ձախ ձեռքը»,– պատմեց միջադեպի ականատեսը:

Դանակահարությունից հետո աղմուկ է բարձրացել, վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ցույց տալու, իսկ 67ա համարի երթուղային մեքենան կանգնած է մնացել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։

Սոցիալական հոլովակ` ամոթ չէ վճարել 100 դրամ

0Ցանցում է հայտնվել մի հոլովակ` սոցիալական գովազդ, որը քաղաքացիներին հիշեցնում է, որ ամոթ չէ 100 դրամ ուղեվարձ վճարելը, ամոթ է 150 դրամ վճարելը, երբ կողքինդ չունի այդ 50 դրամը:

Ոչ 150 դրամին, օր 6-րդ. բողոքի ակցիա կառավարության շենքի առջև (լուսանկարներ, տեսանյութեր)

DSCN8525Այսօր մինչ կառավարությունը նիստ էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքում էին Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումից: «Մեզ մի կթեք», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ուղեվարձը 100 դրամ», «Արժանապատիվ կյանք մեր վարորդներին» և այլ պաստառներով ցուցարարները գործադիրին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` վերականգնելու Երևանի բնակիչների խախտված իրավունքները:

Նրանք նաև հայտարարեցին, որ դեմ կլինեն, եթե 100 դրամ ուղեվարձն ապահովվի պետբյուջեից սուբսիդիաների հատկացման հաշվին:

Մի տարեց կին, որ նախորդ բողոքի ակցիաներից հայտնի է որպես «ՀՀԿ-ական տատիկ», փորձեց սադրել հավաքվածներին` ակցիային քաղաքական երանգ հաղորդելով: Սակայն ակտիվիստները պարզապես անտեսեցին սադրիչ տատիկին` հայտարարելով, որ իրենց շարժման հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած և իրենք շարքային քաղաքացիների ձայնն են բարձրացնում:

Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 200 քաղաքացիներ:

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասնակիցներից Աշոտ Խաչատրյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր շրջաններում շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել և իրազեկել քաղաքացիներին` կոչ աբելով  100 դրամ  ուղեվարձ վճարել, այդ պատճառով էլ քիչ են:

«Չկա որևէ միջոցառում, որին պետք է բոլորը գան: Դրվում է ինֆորմացիան, ով ցանկանում, գալիս է: Շատ ապակենտրոն է մեր շարժումը, քանի որ չկա կոնկրետ կազմակերպիչ,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ ապակենտրոնությունն իրենց ավելի ուժեղ է դարձնում` ոստիկանները չեն հասցնում իրենց հետևից, իրենք էլ համեմատաբար ավելի լայն շրջանակների են իրազեկում: