Հանրային խորհրդի կազմում ստեղծված Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը նախապատրաստվում է

Քեսաբի հարցերով հանձնախումբ

“Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Հանրային խորհրդի կազմում: Դեռ գարնանը, երբ Սիրիայում` Քեսաբում, իրավիճակը լարված էր, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է աշխարհում գործող հանրային խորհուրդներին, նմանատիպ կազմակերպություններին, որոնց թիվը 7 տասնյակից ավել էր. նպատակը քեսաբահայերի դեմ կատարվող  ցեղասպանական արարքների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն էր”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի կատարված աշխատանքների, հետագա անելիքների մասին խոսելիս նշեց աշխատանքային խմբի անդամներից Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը տեղեկացրեց, որ Հանրային խորհրդի նախագահի դիմումի միջազգային արձագանքները չուշացան. անմիջապես հնչեց Բրազիլիայի հանրային խորհրդի արձագանքը. “Բրազիլիայի Սոցիալական եւ տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ…”,իսկ հաջորդ արձագանքը Ռուսաստանի հանրային խորհրդից էր` Հասարակական պալատից: “Դրանում կոնկրետ առաջարկ կար. Հայաստանի ու Ռուսաստանի Հանրային խորհուրդների ներկայացուցիչները պետք է հավաքվեն և քննարկեն Սիրիայի ազգային, կրոնական փոքրամասնությունների խնդիրները և հատկապես` Սիրիահայության խնդիրները: Առաջարկն ընդունվեց, իսկ ենթադրաբար Մոսկվայում անցկացվելիք  համաժողովին լավ պարաստվելու համար խնդիր դրվեց ապահովել Հայաստանի Հանրային խորհրդի մասնակցությունը այդ կարևոր միջոցառմանը և մանրամասն ներկայացնել սիրիահայության խնդիրները, լուծման տարբերակները”,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Աշխատանքային խումբը սկսել է իր աշխատանքը սիրիահայության ու քեսաբահայության խնդիրների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումից, աշխատանքը ընթացքի մեջ է, արդեն մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպվել:

Իսկ աշխատանքային խմբի այլ անդամներից Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սիրայի հիմնախնդիրներին վերաբերող համաժողով, որին մասնակցում էին Եկեղեցիների համաշխարհային խորհդրի նախագահը, Սիրայի բոլոր հիմնական քրիստոնեական  եկեղեցիների ներկայացուցիչները, իսկ համաժողովի շրջանակներում ամբողջությամբ մատուցվել են խնդիրը, լուծման հնարավոր տարբերակները:

“Անկախ”-ի այն հարցին, թե ի՞նչ հետագա մարտավարական քայլեր է նախատեսել իրականացնել Քեսաբի հարցերով հանձնախումբը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս պահին հանձնախումբը բուռն աշխատանքային փուլում է, փորձում է կապ հաստատել թե՛ հայկական, թե՛ միջազգային կառույցների հետ պատշաճ կերպով նախապատրաստվելու սպասվելիք  համաժողովին:

Անկախ

Լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը

Քեսաբ.գիրքՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հրապարակել է «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» խորագրով գիրք: Հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: «Քեսաբին նվիրված առաջին գիրքն է: Այն Մեծ Հայքից դուրս գտնվող  հուշարձաններին նվիրված երկրորդ գիրքն է: Մինչ այս Պատմական Հայաստանի տարածքն է հիմնականում ուսումնասիրվել: Առաջին նման ուսումնասիրությունը «Հալեպի պատմական հուշարձաններ» գիրքն էր», – ասաց նա` տեղեկացնելով, որ  այժմ արդեն հրատարակության են հանձնվել հինգ գիրք Կոտայքի մարզի հուշարձանների վերաբերյալ:

Հեղինակը` Րաֆֆի Քորթոշյանն պատմեց, որ գրքի դաշտային ուսումնասիրությունը սկսվել է 2010 թվականին: Քեսաբի շրջանի հուշարձանաները չափագրվել և լուսանկարվել են; «Մարտին տեղի ունեցած բռնագրավումից հետո, երբ սպառնալիք առաջացավ, որ այդ կոթողները այլևս  նույն վիճակում չեն մնա, մենք որոշեցինք, որ ժամանակն է մեր ուսումնասիրությունները հրատարակելու», – ասաց նա, հավելելով, որ այն օրը , երբ գիրքը հրատարակության հանձնվեց` իրենք տեղեկացան , որ Քեսաբը ազատագրվել է. այդ պատճառով գիրքը նվիրել է նրանց, ովքեր «պայքարեցին քեսաբցիների` հայրենի բնօրրան վերադառնալու արդար իրավունքի համար»:

Րաֆֆի Քորթոշյանը նշեց, որ իր ունեցած տվյալների համաձայն Քեսաբի հուշարձանները զինյալների և թուրքերի հարձակումների հետևանքով մեծ վնասներ են կրել. «Եկեղեցիներ և անգամ գերեզմաններ են վնասվել, կան գերեզմանափորության դեպքեր թալանի նպատակով, ինչն ակնհայտորեն թուրքերի ձեռագիրն է, քանի որ ես երբեք արաբ ժողովորդի կողմից նման գործողությունների մասին չեմ լսել», – ասաց նա:

Նրա խոսքով` Սիրիայի այլ շրջաններում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ևս մեծ վտանգի տակ են: Հալեպի ռմբակոծությունների ժամանակ ռումբ է ընկել հայկական գերեզմանոցի վրա: Ավիրվել են տապանաքարերը, որոնց վրա գրված էին, թե որտեղից էին այդ մարդիկ եկել Սիրիա, իսկ դա հիմնականում Արևմտյան Հայաստանն էր:

 

Անկախ

Հանրային խորհուրդը քննարկել է մի շարք խնդրահարույց հարցեր

IMG_4460Հունիսի 19-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի օրակարգը հագեցած էր մի շարք հարցերով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ ՀԽ պատվիրակությունն իր գլխավորությամբ մասնակցելու է հունիսի 25-28-ը Բուխարեստում կայանալիք ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերն է: Մանուկյանը հայտնեց, որ ասոցիացիան, որի անդամ է նաև Հայաստանը, նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, ուստի նախաձեռնել է տարբեր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման գործընթաց: Այդ երկրների մեջ են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Վերջինս արդեն Հանրային խորհրդի մասին օրենք է ընդունել:

 

ՀԽ անդամները ողջունեցին նոր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման և ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ապա մեծ մասի կարծիքով՝ դա դրական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ հաճախ ադրբեջանցի գործիչները տեղեկատվության պակաս ունեն շատ հարցերի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ, իսկ նման հարթակները ադրբեջանցիների մտածողության վրա ազդելու լավ հնարավորություն են:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քեսաբահայության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի գործունեությանը, որում ներառված են Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկ Դեմոյանն ու Գագիկ Մանասյանը: Վերջինս ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված “Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար” միջազգային խորհրդակցությանը աշխատանքային խմբի մասնակցության և Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս հատուկ հանձնարարականներով դեսպան Լևոն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև առաջիկա հանդիպումների օրակարգը՝ խնդրով զբաղվող պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Փոքր խորհրդի օրակարգի հաջորդ հարցը բուռն քննարկումների առիթ դարձավ: Այն վերաբերում էր երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին, դրանց փոփոխմանը, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու խնդրին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը քննարկվել են ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի համապատասխան ենթահանձնաժողովում, որի ներկայացուցիչները նաև մասնակցել են այդ հարցերի վերաբերյալ այլ կառույցների կողմից կազմակերպված տարբեր քննարկումների:
ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի կարծիքով՝ քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելը լուրջ խնդիր է իրավունքի տեսանկյունից, քանի որ օրենքով նախատեսված չէ արգելանք դնել ողջ հաշվի վրա, այլ մատնանշված է տուգանքի չափը: Նրա կարծիքով՝ կա համաչափության խնդիր, և պետք է հանրային ու մասնավոր շահը հավասարակշռված լինի: Մինչդեռ, այս դեպքում, հանրային շահը տուժում է՝ հանուն մասնավորի: Ըստ նրա, իրավական խնդիր է նաև այն, որ քաղաքացին, փաստորեն, հնարավորություն չունի իրեն վերաբերող խնդիրը դատական կարգով վիճարկել:
Հնչեց տեսակետ, որ օրենքը, որով ԴԱՀԿ ծառայությունն իրականացնում է այդ գործընթացը, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:
Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
ՀԽ նախագահը խորհրդում ընդգրկված իրավաբաններին հանձնարարեց պատրաստել առաջարկների և դիտողությունների փաթեթ՝ առաջիկա հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացնելու նպատակով:
Վերջին շրջանում հանրությանը հուզող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը նույնպես ներառված էր ՀԽ օրակարգում:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց օրեր առաջ ՀԽ համապատասխան հանձնաժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ տեղեկացնելով, որ ՀԽ հանձնաժողովի առաջարկներն ուղարկվել են ՀԾԿՀ:

Առաջարկներից մեկն էլ այն է, որպեսզի ՀԾԿՀ-ն իր վերջնական որոշման մեջ ամրագրի, որ սակագնի բարձրացումը ժամանակավոր է, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ծախսերի մի մասը, որի պատճառով տեղի է ունենալու թանկացումը, ժամանակի ընթացքում մարվելու է, հետևաբար, հնարավորություն է լինելու նաև սակագինը վերանայելու:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է Ազգային ժողովում հարցի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին և ներկայացրել է առաջարկներ, որոնցից մեկն էլ վերաբերում է “Երևան ՋԷԿ-ի” երկրորդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը: Ըստ Սաֆարյանի՝ դա հնարավորություն կտա Հայաստանում էապես նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը:
ՀԽ անդամները բարձրացրեցին նաև էներգետիկայի ոլորտում անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեց նաև ՀԽ հետագա գործունեության և ժամկետների փոփոխման վերաբերյալ հարցը, ըստ որի ՀԽ-ն նույն կազմով, բայց որոշակի հանձնաժողովների ընդլայնմամբ կշարունակի իր գործունեությունը, մինչև այն կամրագրվի ՀՀ Սահմանադրության մեջ:

 

Անկախ

Մուսուլում եւ Քեսաբում կայծակնային արագությամբ արձանագրվող գործընթացներ

Շահան ԳանտահարյանՔեսաբի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երեւույթների մասին մտածել է տալիս։

Նախ, իհարկե այն, որ ներխուժման արագությամբ տեղի ունեցավ նաեւ գրավող տարրերի նահանջը կամ փախուստը: Եթե ժամանակին  բանակային ուժերի դիմադրություն չարձանագրվեց, այս դեպքում էլ միեւնույն պատկերը կրկնվեց հակառակ կողմի համար:

Տարբեր խնդիր, որ մարտի 21-ից հետո ստեղծված կացության մեջ բազմաթիվ անգամ սիրիական պետական լրատվամիջոցները այն տպավորությունը թողեցին, որ սիրիական բանակը որոշ հենակետեր գրավելով նախապատրաստվում է հարձակման մեծ գործողության՝ Քեսաբին վերատիրանալու համար: Սակայն, նկատելի տեղաշարժեր չէին արձանագրվում, փոխանցելով այն համոզումը, որ Քեսաբի ուղղությամբ ռազմական հիմնական գործողությունը հետաձգվում էր:

Ռազմական գործողությունների հետաձգումը կարող է ոչ միայն ռազմագիտական եւ ռազմավարական պատճառներ ունենալ: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների այս կամ այն պահի ընտրության հրամայականին:

Մինչ այդ, պարզ դարձավ, որ Քեսաբի ժողովրդի տարհանումը Մոսկվայի համար առավելագույն լուսարձակներ բացելու առիթ էր  եւ այն լիարժեք օգտագործելը բխում էր տվյալ պետության կողմից տեղեկատվական պատերազմի  ամրագրած օրինաչափություններից: Ավելի ճիշտ, ապատեղեկատվության լայնածիր դրսեւորումներից: Եւ ինչպես որ Քեսաբ ներխուժման գործողությունը 0 ժամի ճշտման քաղաքական բացատրությունն ուներ, այս դեպքում՝ վերատիրացումը եւս: Ժամանակ էր պետք, որպեսզի Ուկրաինա-Ղրիմից միջազգային ուշադրությունը անցներ դեպի Քեսաբ, իբրեւ հակակշիռ երեւույթ-գործողություն: Միջազգային ընտանիքի եւ հանրության դիտարկման տրամաբանությամբ՝ ռուսական տարածքից Ղրիմ հասած ուժերի դիմաց, թուրքական տարածքներից Սիրիա ներխուժած ահաբեկիչներ:

Սակայն, Քեսաբի վերատիրացման մեծ գործողությունը ուներ այլ շարժառիթ եւս: Նույն տարրերի Իրաքում հանկարծակի աշխուժացումը եւ Իրաքի երկրորդ քաղաքի կայծակնային արագությամբ գրավումը, նախ՝ իբրեւ ձեւ եւ իրականացվող եղանակ զուգահեռներ է ուրվագծում տարածաշրջանային երկու հրատապ շրջաններում արձանագրվող գործընթացների միջեւ:

Նավթային  պաշարների տարողությունը, շրջանի քարտեզի վերագծման օրակարգի քաղաքական ուրվականը եւ քրդական գործոնի անմիջականությունը տարբեր տարողություն են ապահովում Մուսուլի դեպքերին: Սակայն, խնդիրն այս բոլորի համար օգտագործված գործիքն է, որը օգտագործողի եւ գործիքի նույնություն  է ստեղծում թե՜ Մուսուլի եւ թե՜ Քեսապի դեպքերում:

Հիմա արդեն խոսում ենք թուրքական տարածքներում արմատավորվող, այնտեղից  ֆինանսավորվող, զինվող եւ գործուղվող միջազգային ահաբեկչության այն բաղադրիչի մասին, որը  քաղաքական ժամացույցների սլաքների պահ ճշտող ժամերին աշխատում է Քեսաբում թե Մուսուլում իրականացնելու համար աշխարհաքաղաքական ուժերի գուցե ժամանակավոր ծրագրերը:

Անկարային անհրաժեշտ էր քարոզչական իմաստով Քեսաբից դեպի Թուրքիա փախուստ տվող ծայրահեղականների դիմաց կարճատեւ դրվածքով սահմանը փակել: Խաբկանքի այդ գործողությունը լուրջ կընկալվեր, եթե ծայրահեղականները շրջափակելու եւ չեզոքացնելու չհայտարարված  համակողմանի ինչ որ համաձայնություն լիներ: Այդ շրջափակումը չի եղել եւ զինյալները շուտով հասել են Ալեքսանդրետ:

Դժվար է կանխատեսել, թե նույն արագությամբ, ճշտված պահին իրաքյան իշխանությունները Մուսուլին կվերատիրանա՞ն, թե՞ ոչ: Հայկական ոսպնյակից չի վրիպում սակայն թուրքական տարածքներից ներխուժող եւ դեպի թուրքական տարածք վերաապաստանող միջազգային ահաբեկչության բաղադրատարրերի անարգել ելքն ու մուտքը Թուրքիա: Նույն տարրերն են, որոնք շատ արագ հասան Մուսուլ: Եւ եթե նույն տարրերն են, նույնն են նաեւ իրենց զինողներն ու ֆինանսավորողները:

Միջազգային ընտանիքը անզիջում պատերազմ է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ: Սկզբունքով՝ նաեւ դրա հովանավորողների դեմ: Հատկապես՝ ներխուժման տարածքներ եւ փախուստի անցքեր տրամադրողներին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Սիրիական բանակը մեծ առաջխաղացում արձանագրեց Քեսապում

սիրիական բանակԱյսօր, սիրիական բանակը մեծ առաջխաղացում  արձանագրեց Քեսապում, ամբողջովին իր վերահսկողության  տակ առնելով Էքիզոլուխի շրջանն ու Քեսապի կողմից  Գարատուրանի խաչմերուկը։

 

Սիրիական զորքը մուտք գործեց Քեսապի հրապարակ: Այս մասին  հաղորդում է shamtimes.net-ը՝ վկայակոչելով սիրիական զինովորական աղբիյուրները:

Առաջիկա ժամերում  նախատեսվում է  Քեսապի ամբողջական ազատագրման պաշտոնական լուրի հաղորդումը, գրում է Ասպարեզը:

Անկախ

Հանրային խորհրդի ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանում Սիրիայի հարցով անցկացվելիք հանրային քննարկման անցկացման աշխատանքներին

IMG_4287Այսօր ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում քննարկվել են Քեսաբի իրադարձությունների  վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդների և համանման կառույցների կողմից հնչած արձագանքներն՝ ի պատասխան Հայաստանի Հանրային խորհրդի կոչին՝ ուղղված ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրների 70-ից ավելի հանրային խորհուրդներին:

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից:

Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:

Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը: Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից անցկացվելիք քննարկմանը մասնակցելու նպատալով առաջարկել է ստեղծել 5 հոգանոց աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են ՀԽ անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Հայկ Դեմոյանը, Գագիկ Մանասյանը, Վլադիմիր Մովսիսյանը և Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Անկախ

Քեսապահայության նկատմամբ որդեգրվելիք որոշումները ճակատագրական են լինելու հայության համար

գարեգին չուգասզյան«Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները»

 

Հարցազրույց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հետ

 

Պարոն Չուգասզյան, ինչպե՞ս կգնահատեիք ս.թ. մարտի 21-ին Թուրքիայից ներթափանցած իսլամիստ ծայրահեղականների կողմից Սիրիայի հայաբնակ Քեսապի շրջանի գրավման ու քեսապահայերի տեղահանության երևույթը:

 

Տեղի ունեցածը նախևառաջ մի քանի հազար քեսապցի հայրենակիցների մարդկային ողբերգությունն է և մերձավորարևելյան հայությանը հասցված ուժգին հարված:

Սակայն այն ունի նաև աշխարհաքաղաքական կարևորություն:

Ինչպես բազմիցս արդեն նշվել է, Քեսապը ծովափնյա Սիրիայի ռազմավարական նախադուռն է մի կողմից դեպի ալեվիների, ուրեմն և Ասադի իշխանության գլխավոր հենակետային տարածք, իսկ մյուս կողմից, որ նույնպես կարևոր է, դեպի ռուսական ռազմանավերի Միջերկրականի միակ ռազմակայանը: Սրանով է բացատրվում Քեսապի՝ աշխարհաքաղաքական օրակարգում հայտնվելը և տեղեկատվական շահարկումների ենթարկվելը:

Սակայն մեզ, հայերիս համար տեղի ունեցածը ունի այլ՝ համահայկական նշանակություն ևս:

Նախ՝ 1915թ. աղետի հարյուրամյա տարելիցի շեմին Քեսապի բռնագաղթի լկտի գործողությամբ վերաբացվում է Հայոց Ցեղասպանության հիշողությունը՝ որպես շարունակվող իրականություն:

Սա էթնիկական զտման դասական օրինակ է, որի համար, առաջին հերթին, անկասկած պատասխանատու է ներկայիս թուրքական պետությունը, քանի որ իր սահմաններից է տեղի ունեցել իսլամական ծայրահեղականների զինված հարձակումը հայկական բնակավայրի վրա և խաղաղ բնակչության ահաբեկման պայմաններում վերջինիս տարհանումը:

1915 թ.-ից հետո՝ տասնամյակներ շարունակ, իրենց պատմական հայրենիքին մոտ գտնվող հայաշունչ գաղութները մշտապես իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացրել՝ որպես արևմտահայ պահանջատեր գաղութներ: Եվ ահա, թուրքական պետությունը, իր կարծիքով, ստացել է հարմար առիթ՝ ցիրուցան անելու արևմտահայ ամենահին գաղութը՝ սիրիահայությունը և իր սահմանին գտնվող պատմական Կիլիկիայի մաս կազմող Քեսապը:

Սակայն Մուսա լեռան մոտակայքում գտնվող Քեսապը վերաբացում է նաև հայտնի հերոսամարտի հիշողությունը, որը սեփական ճակատագիրը արժանապատվությամբ տնօրինելու ամենավառ օրինակն է:

Եվ ահա մենք լսում ենք խաղաղ քեսապցիների շրջանում զինված ինքնապաշտպանության առաջին փորձերի մասին:

 

Քեսապի ու քեսապահայության հետագա ճակատագրի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պաշտոնական կարծիք հայտնեց, որ դա մեր պատերազմը չէ, մենք այդ պատերազմում պետք է չեզոք լինենք, այլ ոչ թե կողմ: Ձեր դիրքորոշումը այս տեսակետի վերաբերյալ:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:

Ովքե՞ր են մտնում վերոհիշյալ «մենքի» մեջ: Արդյո՞ք այդ «մենքում» քեսապահայերը, սիրիահայերը, լիբանանահայերը և առհասարակ արևմտահայերը տեղ ունե՞ն, թե՞ ոչ: Եթե տեղ ունեն, ապա որտե՞ղ՝ իրենց ներկայիս կացության երկրներո՞ւմ, Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, Արցախո՞ւմ, ազատագրված տարածքներո՞ւմ, թե՞ Արևմուտքում կամ Մաքսային Միությունում… Եթե Հայաստանում, ապա ո՞ւր կորավ ներգաղթած իրաքահայերի գերակշռող մեծամասնությունը: Եվ արդյո՞ք նույն ճակատագիրը չի սպասում Հայաստան ներգաղթած սիրիահայերին:

Հայության պատմամշակութային հետքը, դերն ու ներկայությունը հնարավորություն են տալիս ասելու, որ մենք, հիմնականում ապրելով Հարավային Կովկասի տարածաշրջանում, չենք դադարում Մերձավոր Արևելքի ժողովուրդ լինել, և այդ ամբողջ տարածքում ունենք անշրջանցելի շահեր և իրավունքներ:

Սա սկզբունքային աշխարհաքաղաքական հաստատում է, որը կենսական նշանակություն ունի մեզ համար ցանցային ներկայիս դարաշրջանում և որից բխում են ռազմավարական բնույթի քաղաքական եզրակացություններ:

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է արձագանքի հայությունը մերծավորարևելյան գաղութների ցանցի վերացման վտանգին: Արդյո՞ք նույն կերպ կշարունակի արձագանքել Սերժ Սարգսյանը, եթե Աստված մի արասցե, վտանգը կախվի Երուսաղեմի և կամ Լիբանանի հայության գլխին:

Արդյո՞ք արևմտահայ գաղութների վերացման հետ հայաստանյան հանրության կողմից համակերպվելը չի նշանակում, որ մենք Հայաստանում նորից վերադառնում ենք «թղթե շերեփի» քաղաքականությանը: Գոյություն ունի՞ արդյոք որևէ «կարմիր գիծ», որի խախտումից հետո ներկայիս վարչակազմը պատրաստ է գիտակցորեն այն դիմագրավելու որպես «մեր պատերազմ»: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս պատրաստ է պաշտպանել միայն այն «կարմիր գծերը», որոնք իրեն թելադրվում են Հյուսիսից կամ Արևմուտքից:

Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը պարտավոր էր գիտակցել, որ սփյուռքի հնագույն ու պատմական հայրենիքի անմիջապես մոտակայքում գտնվող համայքներին վիճակված պատանդային կացությունը, հայ բնակչության տարհանումը իր հայրենիքից, մեզ համար չեն կարող համարվել օտար երկրում ընթացող շարքային պատերազմական գործողություններ:

Եվ հնարավո՞ր է արդյոք չեզոքություն, այն պարագայում, երբ հայկական պատմական բնակավայրը արդեն իսկ ահաբեկման և զինված հարձակումների է ենթարկվում:

 

Ինչպե՞ս կգնահատեք ս.թ. ապրիլի 21-ին Երևանի օդանավակայանում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կամավորոկանների առաջին խմբի՝ դեպի Լաթաքիա մեկնումը խափանելու գործողությունը:

Սա, իհարկե կատարյալ խայտառակություն է, որը իր հերթին մերկացնում է մեր իրական ազգային անվտանգության անմխիթար վիճակը:

Ինչո՞ւ չեն կարող կամավորականները ինքնուրույն քայլեր կատարել Քեսապի ինքնապաշտպանության կազմակերպմանը սատարելու գործում: Չէ՞ որ այսօր օրախնդիր է ձեւավորել անվտանգության ու խաղաղության այնպիսի կղզյակներ, որոնք վաղը պետք է դառնան Սիրիայում համընդհանուր խաղաղության հաստատման ինքնուրույն հայկական գործոններ:

Եվ ամեն տեսակ ֆիզիկական անվտանգության ապահովում վտանգված է, եթե բացակայում է բարոյա-հոգեբանական արժանապատիվ կեցվածքը: Եվ չի՞ խախտվում արդյոք վերջինս, երբ հիմարություն է հայտարարվում ինքնապաշտպանության բնական իրավունքին սատարող կամավորական համերաշխությունը:

Հատկապես այսօր՝ Աղետի հարյուրամյա տարելիցի շեմին, այս իրադարձությունների գումարային ազդեցությունը մեր ազգային արժանապատվության կորիզի ոչնչացման վտանգ է պարունակում և ուրեմն ազգային անվտանգությանը նետված մեծագույն մարտահրավեր է:

Ահա այս մասշտաբային մարտահրավերին դեմ հանդիման ազգային «ջոջերի» որդեգրած փոքրոգի վարքը իրականում պատասխանատվությունից խուսափելու, «ձեռքերը լվալու» և ազգային ապագայից հրաժարման նվաստացուցիչ քաղաքակականություն է:

Կամա թե ակամա, քեսապահայ և ավելի լայն՝ սիրիահայ համայքի հետագա ճակատագիրը պայթուցիկ ազդեցություն կարող է ունենալ մեր ազգային հավաքական գիտակցության և հոգեբանության վրա՝ թե՛ նրան նիրհից արթնացնելու և թե՛ կամազրկելու կրկնակի հեռանկարով: Այս իմաստով այն համեմատելի է սումգայիթյան հայտնի իրադարձությունների կարևորության հետ:

Բութ անտարբերության, սեփական ճակատագրին տեր չկանգնելու ներկայիս գահավիժող ընթացքը կանգնեցնելու և ազգային համերաշխության վերահաստատման առումներով բացառիկ կարևորություն են ստանում սիրիահայության և քեսապահայության նկատմամբ հայության կողմից որդեգրվելիք ներկայիս ճակատագրական որոշումները:

Պատմական հիշողության մեջ անթեղված հիշատակների արթնացումը չպետք է հիմնված լինի նոր սարսափների կամազրկող սպասումների վրա, ինչպես փորձում է ներկայացնել Սերժ Սարգսյանը, այլ ընդհակառակը՝ մենք դատապարտված ենք անհրաժեշտ կարծրության ձեռքբերման՝ հիշելով այն խայտառակ կրավորականության դրվագները, որով մեզնից ոմանք 1915թ. Աղետի օրերին հրաժարվում էին պաշտպանել մեր բնակավայրերը, մեր օջախները, մեր կանանց ու երեխաներին և դատապարտում էին նրանց տարհանման ու անսահման նվաստացման: Մյուս կողմից, մեր մեջ երբեք պետք է չհանգչի մեր պապերի մղած պայքարի կենդանի հիշողությունը, որի շնորհիվ մենք այսօր կանք, ու պիտի վերականգնենք մեր արժանապատիվ կեցությունը, որպես իր շահերը գիտակցող ու պաշտպանող պետականություն ունեցող ազգ:

 Անկախ

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդն արձագանքել է Հանրային խորհրդի կոչին

SAVEKESSABՍ.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

ՀՀ Հանրային խորհրդի կոչին որոշակի արձագանքներ են հնչեցրել կառույցներից շատերը, որոնց մեջ հատկապես ուշագրավ է Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի հայտարարությունը.

«Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:

Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավուքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,-նշված է հայտարարության մեջ:

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Այն ազդեցիկ կառույց է և լուրջ դերակատարություն ունի երկրի հասարակական կյանքում, իսկ կառավարական շրջանակներում ունեցած ազդեցությունը պայմանավորված է նաև նրանով, որ խորհրդի նախագահը երկրի նախագահն է:

ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը 2012 թվականի հունիսին երկկողմանի համաձայնագիր են կնքել՝ խորացնելու երկու երկների համանման կառույցների միջև գործակցությունը:

 

Անկախ

Բաշար Ասադի ուժերը փորձում են տիրանալ Քեսաբին

քեսաբ Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Սիրիայում Ասադի ուժերը փորձեր են ձեռնարկում սիրիական ընդդիմության ձեռքում գտնվող Քեսաբ ավանը գրավելու համար: Տեղական աղբյուրները նշում են, որ կառավարական զորքերը օդուժի աջակցությամբ հարձակում են գործել Քըրքբեշ և Չալմա բարձունքների վրա տեղակայված ընդդիադիր ուժերի վրա, ինչպես նաև թուրքմեններով բնակեցված Բայըրբուջաք շրջանի ուղղությամբ: Ռումբերի պայթյուններ լսվում են Քեսաբի մերձակայքում և հարևան Յայլադաղի շրջանում:

Անկախ

Քեսաբի և Ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ և ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևերը վկայում են` Թուրքիայի բռնած հզորացման ուղին չի սատարվում Արևմուտքի կողմից

Կարեն Սիրունյան“ԱՄՆ-ի և Եվրախորհրդի վարած քաղաքականության  մեջ տարբերություններ չեմ տեսնում.  Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլի 8-ին Քեսաբում խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողությունները դատապարտելու վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ի Սենատը` Հայոց Ցեղասպանության դատապարտման մասին բանաձև է ընդունում. այս խնդիրները հուզում են 2 կողմին էլ և պատճառները պետք է կապել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ:  Արևմուտքի համար Հարավային Կովկասը տարանցիկ  երկիր է, բանալի` էներգետիկ դիվերսիֆիկացիայի, էներգետիկ անկախության ապահովման համար: Այս է պատճառը, որ հիմնախնդրի վրա սևեռվում է Արևմուտքի ուշադրությունը”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Կարեն Սիրունյանը:

Թուրքագետը նշեց, որ այժմ Թուրքիան բռնել է ներքին և արտաքին անկախ քաղաքականություն վարելու, հզորանալու ուղին, իսկ նման քաղաքականության դեմ պետք է որ քայլեր ձեռնարկվեին Արևմուտքի կողից և, փաստորեն, Թուրքիայի անկախ քաղաքականությունը չի սատարվում Արևմուտքի կողմից:

«Թուրքիայի կողմից հետապնդած նեոօսմանիզմի քաղաքականությանն  ուղղված է նախ Սիրիայի դեմ,  և Թուրքիան հարմար պահը գտավ. Ղրիմի իրադարձությունները շեղեցին պետությունների ուշադրությունը և նա, անթաքույց նպատակ ունենալով իրեն ենթարկելու Սիրիան, “արձակեց իր ձեռքերը”` իրականացնելով իր “արշավանքը”,- ասում է Սիրունյանը:-Կատարվածը  ցույց տվեց, որ Թուրքիան շարունակաբար դիմում է  ցեղասպան երկրի այդ մեթոդին, այն դեպքում, երբ դիվանագիտությունը անելիք չունի»:

Ըստ թուրքագետի` հաջորդ պատճառը, որ Արևմուտքը շահագրգռված է Քեսաբի դեպքերի ու Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել, կապված է հայ-ռուսական մերձեցման ու Հայաստանի` Մաքսային Միությանն  անդամակցելու հետ:

Կարեն Սիրունյանը ամփոփելով նշեց, որ բանաձևի ընդունումը անպայման դրական հետևանքներ կունենա, այն աշխատատար է և  ժամանակատար, իսկ այս հարցում պետք է օբյեկտիվություն ցուցաբերել և,  ամենակարևորն է,  առաջնորդվել միայն այլ պետությունների հետ շահերի համադրման տեսանկյունից. եթե այլ  երկրներ օգտագործում են Ցեղասպանության հարցը, ապա  մենք պետք է կիրառենք քարոզչական մեքենան, հաշվի առնենք մեր սխալները,  պետք են հստակ քայլեր, մշակված ռազմավարություն և փոխադարձ շահերի համադրմամբ` խելամիտ քաղաքականության վարում:

 Անկախ

Հայի ճակատագրի հեգնանքը. հայրենի հողից փախչում են, բայց ամուր կառչում օտարի հողից

haykuhiՀայը Հայաստանում և Հայաստանից դուրս երկու ծայրահեղություն է, թե ինչու` հայտնի չէ:
Երբ Քեսաբի դեպքերը տեղի ունեցան, մտածեցի, որ շատերի համար գուցե լավագույն տարբերակը կլինի պատմական հայրենիք վերադառնալը. կհաստատվեն Արցախում, կշարունակեն իրենց խաղաղ կյանքը: Բայց, ի զարմանս ինձ, հեռուստաեթերից հնչեց Լաթաքիայում ապաստան գտած հայերի տեսակետը` Քեսաբը մեր հայրենիքն է, ու մենք որևէ տեղ չենք հեռանա: Տրամաբանությունը հուշում է, որ Քեսաբի ազատագրումից հետո անգամ այնտեղ ամեն ինչ ավերված կլինի, հետևաբար մարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ զրոյից սկսել: Նաև հայտնի չէ, թե երբ Քեսաբը կազատագրվի գրոհայիններից, հետևաբար, մարդիկ անորոշ ժամանակով, առանց իրերի, սննդի ու օթևանի, պետք է մնան Լաթաքիայում: Դեռ ավելին, եթե Ասադի ուժերը չկարողանան ազատագրել Քեսաբը, գրոհայինների հաջորդ թիրախը կդառնա Լաթաքիան: Ու նման պայմաններում մարդիկ հրաժարվում են հեռանալուց` հայտարարելով, որ իրենց հայրենիքը դա է: Նախանձելի հայրենասիրության դրսևորում է, բայց, ցավոք, Սիրիայի, ոչ թե Հայաստանի նկատմամբ:
Աստված չանի, եթե նման իրավիճակ Հայաստանում լինի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կկատարվի…
Վստահաբար, որքան էլ ծանր լինի Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկայիս վիճակը, այն համեմատելի չէ արդեն երրորդ տարին քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի հետ, ավերակների վերածված երկրի, որը հումանիտար աղետի մեջ է հայտնվել, և դեռ մութ թունելի վերջում լույս չի երևում:
Ինչպե՞ս դա հասկանալ, ինչո՞ւ է հայը, որ ապրում է Հայաստանում` իր հայրենիքում, երազում օր առաջ փախչել: Ոմանք անգամ պատրաստ են հրաժարվել իրենց մասնագիտությամբ աշխատանքից ու դիրքից հասարակության մեջ, այն փոխել բանվորական ծանր աշխատանքով, միայն թե հեռանան:
Մյուս կողմից` Սիրիայում մարդիկ ոչ միայն զրկվել են տարիներ շարունակ վաստակած ունեցվածքից, այլև ամեն վայրկյան կարող են կորցնել իրենց կյանքը: Բայց հայերը հեռանալու մտադրություն չունեն, ամուր կառչած են օտար հողին: Ճակատագրի հեգնանք, ուրիշ ոչինչ…
Հայաստանի ու Սփյուռքի հայերի մտածողության տարբերությունները, սակայն, նոր չեն ի հայտ եկել: Ահա ծանոթներիցս մեկի վկայությունը: Անցյալ դարի 70-ականներին, երբ լիբանանյան պատերազմի ժամանակ մի քանի հայ ընտանիքներ կարողացան Հայաստան տեղափոխվել, եկածների թվում էր և 14-ամյա մի պատանի` Մանուկը: Նա ծանր վիրավոր էր: Հիվանդանոցում հայ կանայք սկսում են կշտամբել տղայի մորը, թե էլ ինչ մայր է, որ թույլ է տվել` իր մանկահասակ տղան կռվի մասնակցի ու վիրավորվի: Մայրը, սակայն, հպարտորեն պատասխանել է, որ իր տղան հանուն իր հայրենակիցների է կռվել: «Եթե ամեն մեկն ասի` թող իմ տղան չկռվի, էլ ո՞վ պետք է մեզ պաշտպանի»,- ասել է լիբանանահայ կինը:
Մտածողություն, որ այնքան պետք է Հայաստանում բնակվող հայերիս, սակայն որը չունենք ու չենք ունեցել (չհաշված բացառությունները, որոնց շնորհիվ մինչ օրս մեր երկիրը գոյատևում է):
Հոգեբան Անուշ Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու վերաբերմունքը երկրի նկատմամբ մի քանի գործոնների ազդեցությամբ է ձևավորվում: Նախ և առաջ կարևոր է դաստիարակությունը, ապա նաև պետության վերաբերմունքը քաղաքացուն: «Եթե քաղաքացին զգում է, որ իր կարծիքը և ընտրությունը հարգված են, իրեն զգում է ոչ ֆիկտիվ, իրական քաղաքացի, հետևաբար, ստանձնում է պատասխանատվություն իր երկրի նկատմամբ»,- ասում է Ալեքսանյանը:
մնալ-գնալ (1)Խոսելով Հայաստանում տիրող տրամադրվածության մասին` հոգեբանն ասում է, որ այստեղ մարդն իրեն պաշտպանված չի զգում, չնայած արտաքուստ խաղաղ պայմաններում ենք ապրում: Նրա կարծիքով` այստեղ քաղաքացին իրեն իրականում երկրի քաղաքացի չի զգում, քանի որ իր կարծիքի հետ հաշվի չեն նստում, որոշումների կայացման գործընթացում ընդգրկված չէ:
«Հայրենիքի զգացողությունը ձևավորվում է երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացին մասնակցում է որոշումների կայացման գործընթացներին և տեսնում իր իսկ որոշման արդյունքները, լինի դա լավ, թե վատ»,- ասում է Ալեքսանյանը` հավելելով, որ նման պարագայում մարդը պատրաստ կլինի դիմանալ անգամ ծայրահեղ պայմաններին` չլքելով երկիրը, որի նկատմամբ պատասխանատվություն է զգում:
Ալեքսանյանն ասում է, որ քաղաքացու կարծիքն անտեսելու դեպքում մարդը սկսում է իրեն տվյալ երկրի լիարժեք քաղաքացի չզգալ, օտարվում է: Եվ այժմ Հայաստանում ունենք օտարված քաղաքացիների մի հոծ զանգված:
Հոգեբանի կարծիքով` իրավիճակը շտկելի է, միայն թե պետական մոտեցում է հարկավոր. «Եթե անգամ 2-3 որոշում ընդունվի ժողովրդի մասնակցությամբ, դա շատ բան կփոխի»:
Հիմա անդրադառնանք պետական մոտեցմանը. կա՞ արդյոք պետական ընդհանուր քաղաքականություն, թե ինչ քաղաքացի է ուզում ապագայում ունենալ, ըստ որի էլ կկազմակերպվեր վաղվա սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: Կարծում եմ` ոչ: Վաղվա քաղաքացու տեսլականը չկա, հետևաբար չկա նաև ցանկալի արդյունքին հասնելու ուղին: Սկսած մանկապարտեզից ու դպրոցից` երեխան ստանում է ոչ թե ազգային, այլ բառիս բուն իմաստով` ապազգային կրթություն. ոչ դասագրքերն են բանի պետք, ոչ էլ ուսուցիչների դիրքորոշումը որպես քաղաքացիների (եթե չհաշվենք հատուկենտ բացառությունները, որոնք ընդամենը կաթիլ են մեկ բաժակ ջրում):
Ահա երեխան իբրև թե կրթություն է ստանում, բայց այդպես էլ չի ծանոթանում մեր պատմության փառահեղ էջերին, որոնք կարող էին նրա մեջ հայրենասիրություն դաստիարակել, օրինակ ծառայել: Դասագիրքն ավելի շատ ժամանակագրության է նման: Պատկերացրեք` նման չոր շարադրանքը մատուցում է ուսուցիչը, որը երազում է օր առաջ լքել այս երկիրը, ուստի ամեն կերպ վատաբանում է այն, դժգոհում, միամիտ անվանում երեխային, որը գուցե հայտարարում է, որ բանակում լավ զինվոր կլինի, հետո էլ լավ քաղաքացի (ինքս մեկ անգամ չէ, որ դպրոցում նման իրավիճակների եմ հանդիպել): Ստացվում է, որ այսօրվա օտարացած սերունդը դաստիարակում է վաղվա առավել օտարացած քաղաքացիների` հույսի նշույլ չթողնելով հայրենասիրության ու հայրենանվիրության համար:
Իրավիճակը կարելի է շտկել միայն պետական մակարդակով քայլեր ձեռնարկելով` ըստ նախապես մշակված գործողությունների պլանի:
Հստակ է, որ քաղաքացու կարծիքը պետք է լսել ու նրան մասնակից դարձնել որոշումների կայացմանը, ինչպես ժողովրդավարությունն է ենթադրում: Բացի այդ, դպրոցական դասագրքերը չպետք է տաղտուկ ժամանակագրության նմանվեն. երեխան դեռ վերլուծական մտածողություն չունի, հարկավոր է մատչելի շարադրանքով մեկնաբանել, թե՛ մեր անցած ուղին, թե՛ թույլ տված սխալները` մատնանշելով դրանցից խուսափելու եղանակները: Երրորդ` հարկ է դեռ մանկապարտեզի հասակից երեխայի մեջ սեր ու հարգանք սերմանել դեպի պետական խորհրդանիշները` դրոշը, գերբը, օրհներգը: Ունենք, չէ՞, բազմաթիվ երկրների օրինակներ, որտեղ ուսումնական հաստատություններում օրը սկսվում է դպրոցի բակում հոտնկայս հիմնը երգելով ու դրոշի առջև խոնարհումով: Նույնը հարկավոր է և մեզ մոտ կիրառել:
մնալ-գնալ (2)Բացի այդ, հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Մինչդեռ ներկայիս մատաղ սերունդն իր բակից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ուստի հարկ է ԿԳՆ նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ տարվա մեջ գոնե 2 անգամ էքսկուրսիաներ կազմակերպել դեպի Հայաստանի պատմական վայրեր, որի ընթացքում բանիմաց զբոսավարը կներկայացնի տվյալ վայրի, հուշարձանի ողջ պատմությունը: Կարևոր է նաև, որ մարզերի երեխաները հնարավորություն ունենան պարբերաբար պատմության, գրականության դասերը թանգարաններում անցնելու, որտեղ տեսածն ու լսածը շատ ավելի լավ կամրապնդվի երեխայի գիտակցությունում:
Վստահ եմ, որ այս ամենը գիտակցողներ կան: Մնում է, որ պետական մակարդակով կամք դրսևորվի ու քայլեր ձեռնարկվեն վերոնշյալը և դեռ ավելին կյանքի կոչելու համար:

Աշխարհաքաղաքական խաղացողները Քեսաբն օգտագործում են սեփական նպատակներով

քեսաբՎերջին մի քանի օրերին ռուսական ԶԼՄ-ներով մի քանի անգամ բավական ընդարձակ հրապարակումներ եղան Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Նշվում էր, որ Քեսաբում հայերին կոտորում են, քշում են, որ միջազգային հանրությունը լուռ է այս ողբերգության նկատմամբ և այլն: Պետք է արձանագրել, որ համացանցում կասկածելի բովանդակություն ունեցող տեսանյութերը, ամենասուր ձևակերպումները Քեսաբում տիրող իրավիճակի և ծավալվող իրադարձությունների մասին հնչեցվում ու տիրաժավորվում են հենց ռուսական ԶԼՄ-ների միջոցով:

Քեսաբի հարցում Ռուսաստանը, իհարկե, ԱՄՆ-ի և ԵՄ-ի մի շարք երկրների հետ միասին պաշտոնական դիրքորոշում հայտնեց, բայց ի տարբերություն Արևմուտքի` ոչ միայն բավարարվեց «մտահոգությամբ», այլև անցավ բուն գործողությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ բանաձև ընդունել, ինչը ԱԽ մյուս մշտական անդամների կողմից չընդունվեց ու տապալվեց:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց ՌԴ-ի նախաձեռնությունը, այն է` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ հանդես գալ համապատասխան բանաձևով, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը ապրիլի 8-ին` Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի շատ մշտական անդամներ Սիրիայում իրենց նպատակն են հետապնդում, որը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է, և այդ նպատակին հասնելու համար նրանք աչք են փակում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վրա:

«Խոսքը ոչ միայն հայերի մասին է, այլև քրիստոնյա և իսլամական աշխարհների բախման, դա անթույլատրելի է, քանի որ եթե դա տեղի ունենա, իմ կարծիքով, երրորդ համաշխարհային պատերազմն իրական կդառնա: Ընդ որում` դա կլինի պատերազմ մինչև վերջնական ոչնչացում: Այդ պատերազմում, սակայն, հաղթողներ չեն մնա»,- նշեց Վ. Ջաբարովը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հ1 հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարում կարծիք հայտնեց, որ Սիրիայում, մասնավորապես` Քեսաբում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի կողմից ակտիվորեն խաղարկվում են որպես ուկրաինական հարցից աշխարհի ուշադրությունը շեղող մանյովր:

Սաֆրաստյան

Ռուբեն Սաֆրաստյան

Այս տեսակետը կարծես հաստատվում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի խոսքով, որ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին նշեց, թե Արևմուտքն այսօր ավելի մտահոգված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով, որոնք Ուկրաինայի ներքին գործերն են, և ՄԱԿ-ն ու միջազգային կառույցները ձևացնում են, թե Քեսաբի իրադարձությունները լոկալ բնույթ են կրում, չնայած դա այդպես չէ: «Այսօր միջազգային հանրությունն իր ուշադրությունը պետք է կենտրոնացնի ոչ թե Ուկրաինայի վրա, այլ Սիրիայի, որտեղ արյուն է հոսում»,- նշեց Ռաֆայիլ Զինուրովը:
Ռուսները կարծես գտել են նաև դրա լավագույն միջոցը` հայերի ամենանուրբ լարերին դիպչել` անընդհատ վանկարկելով «հայերի նոր Ցեղասպանության» մասին, ոտքի հանել աշխարհի հայերին և նրանց բարձրացրած բողոքի ալիքի միջոցով փորձել դիվիդենտներ շահել: Դրան, իհարկե, նպաստում է այն հանգամանքը, որ հենց Թուրքիան կազմակերպեց և ուղղորդեց Քեսաբի դեմ իրականացված գործողությունը, ինչը բոլոր հիմքերը տալիս է հայկական կողմին հայտարարելու, թե Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան նոր գրոհներ է իրականացնում հայերի նկատմամբ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն օրերս նշեց, որ էթնիկ զտումները, որոնք իրականացվեցին Քեսաբում Թուրքիայի օգնությամբ և ուղղորդմամբ, հիմք են նախապատրաստում Հյուսիսային Սիրիայի որոշ շրջանների վրա Թուրքիայի կողմից տարածքային էքսպանսիա իրագործելու համար: Եվ այս առումով` Քեսաբը Թուրքիայի կողմից այդ շրջանների անեքսիայի նախապատրաստական առաջին քայլն էր: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, Մերձավոր Արևելքը նպատակաուղղված հայաթափվում է:
Որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու արշավն արդեն ազգային ու կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության ծրագրի է վերածվել, ընդ որում` Արևմուտքի լուռ համաձայնության պարագայում, նույնպես ակնհայտ է դառնում: Հակառակ դեպքում էլ ինչպե՞ս կարելի է բացատրել Սիրիայում կռվող ծայրահեղականների հայտարարությունները` «քրիստոնյաները` Լիբանան, ալևիները` գերեզման»…

Թուրքիան հերթական անգամ օգտվում է առիթից

արեշև

Անդրեյ Արեշև

ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Քեսաբի իրադարձությունների կապակցությամբ նշում է, որ քեսաբցիների բախտն ուղղակի չբերեց` հայտնվելով գրոհայինների հերթական գրոհի ճանապարհին, որն ուղղված էր կոնկրետ նշանակետի: «Էրդողանը վերականգնում է Օսմանյան կայսրությունը, և դա բացահայտ հայտարարվել է. «Մենք նոր օսմաններն ենք»: Դրա մասին հայտարարում է Ահմեդ Դավութօղլուն, ուստի էքստրեմիստական կուրսի պաշտպանությունն ուղղված է թուրանական սոցիումի ներսում իսլամի միջազգային դերի բարձրացմանը, ինչը միանշանակ հանգեցնում է ծայրահեղ իսլամի աջակցությանը: Այս իմաստով արևմտյան կոլեգաներին դիմելը Մերձավոր Արևելքում քրիստոնյաների կամ հայերի պաշտպանության խնդրանքով, վախենամ` անիմաստ քայլ է, քանի որ XX դարասկզբի հայերի ցեղասպանությունը Եվրոպայում քչերին էր հետաքրքրում»,- ասաց Սատանովսկին` հավելելով, որ ըստ էության` Արևմուտքին չի հետաքրքրում, որ իրենց դաշնակիցն ինչ-որ մարդկանց է կոտորում, վերջին հաշվով, Ասադի ռեժիմի տապալման հարցում հետաքրքրված են թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան ու Անգլիան: Այս առումով չպետք է աջակցություն սպասել այն երկրներից, որոնց դաշնակիցը Քեսաբի կոտորածի կազմակերպիչն է:
Հայկական սփյուռքի կողմից տարբեր երկրներում անցկացվող բողոքի ակցիաների առումով գրեթե համանման տեսակետ ունի նաև ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նա ասում է, որ դա անիմաստ է, քանի որ երբ հարցը հասնում է, օրինակ, ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ազգային շահերին, իսկ Սիրիայի իրադարձությունները հենց այդպիսիք են, նրանք ոչինչ չեն անի:
Ինչպես նշում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` ամփոփելով Թուրքիայում ՏԻՄ ընտրություններով պայմանավորված իրավիճակը, Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից վարչապետ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակով դուրս եկան, ինչը հիմք է տալիս վերջիններիս ամուր պաշարով մոտենալ նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնցում կրկին ֆավորիտի դերում են: Այս ամենից կարող ենք հետևություն անել, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի առնի, որ իշխանությունը շարունակում է մնալ Էրդողանի ձեռքում, եթե չլինեն անսպասելի զարգացումներ: Ամենակարևորը` Հայաստանն ու հայերս պետք է ընդունենք ու հասկանանք թուրքական ընտրություններում արձանագրված այն իրականությունը, որ Հայաստանին սահմանամերձ ներկայիս Թուրքիայի նահանգներում ազգայնականներն իրենցից որոշակի ուժ են ներկայացնում, իսկ նրանց համար ձայներ են ապահովում նաև այդտեղ հաստատված ադրբեջանցիները:

Ակնհայտ է` ուկրաինական իրադարձություններից հետո աշխարհը կարծեցյալ սառը պատերազմից մտավ խոր անտագոնիզմի մեջ` ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ երկրների ու Ռուսաստանի: Ռուսաստանի դեմ Արևմուտքի գործողություններում, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի նկրտումները իսլամական աշխարհում լիակատար առաջնորդի դերը ստանձնելու ուղղությամբ, Թուրքիան դառնալու է Մերձավոր Արևելքում Արևմուտքի հիմնական հենասյուներից մեկը, ինչից մեր ոխերիմ հարևանն ակնհայտորեն փորձում է օգտվել իր շահերն առաջ մղելու համար: Առավել ևս, որ ուկրաինական «ճակատում» կրած անհաջողությունն Արևմուտքը փորձելու է լրացնել սիրիական ճակատում:
Ուստի Քեսաբի իրադարձությունները, ինչպես նշում են հայ, ռուս և այլ ազգությունների փորձագետներն ու վերլուծաբանները, դեռ մեծ գործընթացի սկիզբն են, որը հնարավոր չէ դադարեցնել: Որովհետև Սիրիայում իրավիճակը կփոխվի, եթե փող չմատակարարվի ու գրոհայիններին այլևս աջակցություն ցույց չտրվի:

 

Թիրախավորել զգայուն կետը

շահանՔեսաբահայության զորակցության եւ միաժամանակ կատարվածի մեջ Անկարայի դերակատարության բացահայտման եւ բողոքի քարոզչաքաղաքական գործողությունները ստացել են համահայկական թափ եւ տարողություն:

Միջազգային հանրության եւ պաշտոնական կառույցների մոտ այս հարցի արծարծումը վառ պահելու միտող հատկապես ռուսական քաղաքականությունը եւս սուր կերպով զգալի է: Մինչ ուշանում է սիրիական բանակի հակահարվածը` տեղի տալով այն մեկնաբանությանը, որ Քեսաբի գրավման եւ քեսաբահայության տարհանման (հաճախ օգտագործված տեղահանման) երեւույթը ռուսական կողմը դեռեւս պիտի օգտագործի իբրեւ Ղրիմի դիմաց հակակշիռ գործողություն:

Աննկատ չէ նաեւ այն տեսակետը, որ զինյալ խմբավորումների մեկտեղմանը եւ դեպի սիրիական տարածքներ ներքաշմանը պիտի հետեւի նրանց մաքրագործման մի մեծ գործողություն:

Այս բոլորը քաղաքական մեկնաբանություններ են, որոնք կարող են չիրականանալ կամ որոնք քարոզչական պատերազմի պարունակում իբրեւ փորձի փուչիկներ կարձակվեն այս կամ այն վերլուծական կայքի հետեւում կանգնած քաղաքական ուժի կողմից:

Անկարան այս բոլորի մեջ պիտի փորձի շրջել այն դիմագիծը, որը միջազգային հանրությունը ընկալում է իր նկատմամբ: Առավելագույն լուսարձակներ կբացվեն Թուրքիայի կողմից թուրքական տարածք տարված քեսաբցիների նկատմամբ գերհյուրընկալություն ցուցադրելով:

Քեսաբը իբրեւ մարդկային աղետ ներկայացնելու ռուսական քաղաքականությունն ու թուրքական գերհյուրընկալության ցուցադրությունները թվում է, որ որոշ ժամանակի համար պիտի շարունակվեն:

Մինչ այդ, մենք հեռու չենք ապրիլյան ոգեկոչական ձեռնարկներից: Այստեղ քարոզչաքաղաքական նյութերի սահմանազատումը անհրաժեշտ է: Ցուցական գործողությունների ընթացքում հասկանալի է, որ զգացականությունը իր մեծ տեղն է գրավում: Ամբոխային տրամաբանությունը իր հաստատած օրինաչափությունները ունի եւ նման զեղումնային պոռթկումներ չակնկալելը իրատեսական չէ:

Ժողովրդային դրսեւորումների եւ պաշտոնական հայտարարությունների միջեւ տարբերությունները զգալի են իհարկե: Երկրորդի դեպքում բովանդակային եւ մանավանդ քաղաքական նուրբ անկյունների հաշվարկ կատարող միտումները գերակշիռ են: Դրանք են, որ հետեւանքների հաշվարկն են անում եւ ըստ այնմ քաղաքական բառապաշար եւ ուղերձների փոխանցման եղանակներ ճշտում:

Հիմա պահն է թիրախավորված քարոզչական աշխատանքի ճշտման: Քեսաբի հարցը, որ ստացել է միջազգային հնչեղություն, որեւէ ձեւով պետք չէ զուգահեռել ցեղասպանության հետ: Սա ոչ միայն օգտակար չէ, այլեւ ընդհանուր ռազմավարական մոտեցմանը վնասակար: Հայ հրապարակագրության հետեւողները գիտեն, որ Սումգայիթի եւ Բաքվի դեպքերը նույնիսկ չեն բնութագրվում «ցեղասպանություն» բառեզրով. որոշ ժամանակ հետո էր, որ այդ դեպքերը բնութագրվեցին «եղեռնագործություն» բառակապակցությամբ: Բառերը, հասկացողություններն ու զուգահեռները ավելի քան կարեւոր են այս դեպքում:

Քեսաբի հարցի արծարծման մեջ հայկական կողմը քարոզչաքաղաքական գործողությունների կազմակերպման իր աշխատանքների ընթացքում հստակ թիրախներ ընտրելու հարկադրանքի առջեւ է: Հայտնապես այստեղ հայկական թեմայի վրա կենտրոնացումը այնքան արդյունքներ չի ապահովում: Աշխարհաքաղաքական այլ կենտրոնները շարունակում են հայկական թեման, բնօրրանից դուրս գտնվող հայ գաղթականության իրավիճակը  բարձրագոյւն տարողություններով օգտագործելու միտումներ դրսեւորել: Բացառված չէ, որ Թուրքիա տարված հայ գաղթականության փոքրաթիվ երեւույթը թուրքական մեծ լուսարձակներ խլի Անկարայի կողմից հայտարարված «հայրենադարձության» մարտավարական խաղերի պարունակում:

Հայտնապես, զգայուն կետը ոչ հայկական թեման է. Անկարայի կողմից միջազգային ահաբեկչության ֆինանսավորման, զինման եւ տարանցիկ ճանապարհ հարթելու իրականությունը: Սրանով էլ բացատրվում է Թուրքիայի արտգործնախարարության բանբերի հայտարարությունը, թե ամոթալի զրպարտանք է եւ անհիմն մեղադրանք ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի ասածը, թե Քայիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը Քեսաբի վրա հարձակումը կազմակերպելու համար:

Սա է զգայուն կետը, թիրախը, որը իբրեւ նշանակետ պետք է նկատի ունենա հայկական կողմը:

 

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

 

Նաիրա Կարապետյանը կոչ է անում դադարեցնել ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ

g_image

ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն…

Համակարգիչների ետևում նստած` շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին: Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ..

Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժը եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք՝ նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես՝ ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև…»:

 

Անկախ

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է Կարեն Անդրեասյանի կոչին

1451554_323251581156659_1693278590644903906_nԵվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Այս մասին տեղեկանում ենք Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:

Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:

 

Անկախ

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը: Ներկայացնում ենք ելույթի սղագրությունը, տեսագրությունն ուղարկել էինք ավելի վաղ:

Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարյանը նոր է վերադարձել Սիրիայից: 

– Պարոն Մարգարյան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորություններով վերադարաձաք:

-Եղա Հալեպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բավական մեծ կազմակերպվածություն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպության անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականության հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապես սիրիահայության իրավիճակի օրակարգով:

– Քեսաբից ինչ նորություններ ունեք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:

-Իրականության մեջ այսօր ինչ է կատարվում , ինչ կա Քեսաբում, այսօր ոչինչ էլ չկա: Քեսաբը գրավված է այդ ուժերի կողմից, այնտեղ հայություն չկա, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխվել են Թուրքիա: Եվ  ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյություն չունի: 28 հոգի են մնացել Քեսաբում: Հայություն չի կարելի դրանց ասել` մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսաբում այսօր  պատերազմ է: Քեսաբը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, մյուս կողմից՝ ընդդիմությունը` Թուրքիայի զորակցությունն ունենալով ու անմիջական մասնակցությամբ:

-Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից հետո մնացել էին ու տեղափոխվել Թուրքիա` նրանց ճակատագր մասին, որեւէ տեղեկություն կա՞:

 

– Քեսաբի շուրջ բարձրացված արձագանքը այնքան մեծ է եղել,  որ Թուրքիան պետք է ամեն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թե նրանց վտանգ սպառնա: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից – տեղից կտրվել է եւ հիմա Լաթաքիայում է:

-Ինչպես է իրեն զգում Քեսաբի ժողովուրդ Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղավորվել, մյուս մասը` իրենց կամ հարազատների: Ինչ վիճակ է, ինչի կարիք ունեն:

– Սպասողական վիճակ է: Ամենալավ երեւույթն այն է, որ քեսաբցին սպասում է, որ վերադառնա Քեսաբ: Մտածում է ժամանակավոր կեցության մասին է հարցը, ոչ թե հիմնավոր: Եվ սա լավ է, որովհետեւ առանց քեսաբցիների` Քեսաբի վերակագնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, այն, որ նրանք ավելի շատ մտահոգ են իրենց պարտեզներով, քան բնակարաններով: Սիրիայի վերջին դեպքերը, ռազմական իրողությունը նկատի ունենալով, հաշտվել են այն գաղափարին, որ բնակարանները պետք է վնասված լինեն, բայց հույս ունեն, որ պարտեզները անվնաս կմնան, որպեսզի իրենց համար կարելի դառնա Քեսաբ վերադարձը եւ Քեսաբի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրված է մի խնդիր. Մենք ամեն ինչ պետք է անենք, որ քեսաբցիները մնան Լաթաքիայում՝ Քեսաբի կողքը, որպեսզի իմաստ ունենա Քեսաբի վերականգնումը: Ինչպես ամեն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս  ունեն բազում դժվարություններ: Նրանք, ովքեր տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ հարմար վիճակի մեջ չեն ապրում: Դա ժամանակավոր լուծում է, ոչ թե՝ հիմնավոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժվարություններ ունեն,  բայց այսօրվա իրենց մտահոգությունը, խնդիրը եւ այն ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները` շուտով Քեսաբ վերադարձն  է:

-Իսկ ինչի կարիք ունեն ամենից շատ:

-Չեմ կարող ասել, թե մասնավոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժվար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպություններ են գործում, նաեւ Սիրիայի հայկական շտաբը, որ այս օգնության առումով է կազմակերպվել: Այդ առումով լուրջ խնդիր գոյություն չունի: Բայց գոյություն ունի հիմնական խնդիր` ժամանակավոր կեցությունը որքան կերկարի, այդքանով խնդիրները կմեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթությանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրվա դրությամբ նրանց թվում է, որ Քեսաբի ազատագրումը 7 սարերի հետեւում չի եւ իրենք կվերադառնան իրենց գյուղը:

-Պարոն Մարգարյան , սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա Քեսաբի հետ: Այս հարցը ես հաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսաբը այս ողջ հակամարտության ընթացքում ընդունված էր համարել ամենաապահով,  անվտանգ վայրը:

– Անցած մեկուկես – երկու տարվա ընթացքում, Քեսաբը նվազագույն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնություն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եվ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովությունը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնությամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյություն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է հարձակման թիրախ դառնալ եւ հարձակումներից կարող է վնասվել նաեւ խաղաղ բնակչությունը: Սահմանի անվտանգությունը ամբողջությամբ վերապահված է եղել Թուրքիային: Հարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զորքը քաշվել է եւ տեղի է ունեցել հարձակում: Ինչը որ կրկնակիորեն է ապացուցում, որ այս հարձակումը եղել է թրքական պետականության անմիջական մասնակցությամբ եւ համագործակցությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն` պատերազմի ժամանակ, ամեն բան կանխատեսելի է: Սիրիական պետությունը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ հուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հենց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թվում է, որ այս գործողությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսաբը: Նրանց հարձակման  հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսաբը եւ ամբողջ բնակչությանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պետք է ապահովեին իրենց սիրիական զորքի կոպիտ միջամտություններից: Դրան զուգահեռ նրանք գրավում էին Քեսաբի կողքին գտնվող բարձունքները, որից հետո սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խոսքով իրենք հարվածում էին Ալավիններով բնակեցված ավաններին,  ցույց տալիս թե Ալավիների անվտանգությունը  որքան խախուտ երեւույթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանություններ տալ, քաղաքական վերլուծություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հավատում եմ նաեւ, որ այստեղ կա Ղրիմի հարց, այստեղ կա Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նավահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նավահանգստային քաղաքների խնդիրը կար, Ղրիմի դիմաց այս նավահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսաբը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ  իր հիմնական նպատակներից մեկը` էթնիկական զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրդերից, քրիստոնյաներից: Մեկ այլ կռվի, շատ մեծ կռվի զոհ է գնացել Քեսաբը: Դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը ունեցել է մեկ քաղաքականություն: Մի քաղաքականություն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախության կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դեմ է եղել եղբայրասպան կռվին, դեմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտությանը եւ իրեն այս պատերազմի մեջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մեկի՝ ընդդեմ մյուսի: Եվ այս քաղաքականությունը արդյունք է տվել, արդյունք` այն առումով, որ վերջապես այս երկու տարվա ընթացքում, սիրիահայությունը իբրեւ հայություն, թիրախ չի դարձել: Ճիշտ է սիրիահայությունը շատ է վնասվել, բայց վնասվել են իբրեւ սիրիայի քաղաքակցիներ, ոչ թե իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայություն՝ առանձնաբար: Մենք միշտ պետք է գիտակցենք, որ այս քաղաքականությունը պետք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինք Սիրիայի մեջ կռիվը մեր կռիվը չի: Պետք չի, որ մենք այդ կռվին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայությունից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսաբահություն, այնինչ խոսքը մոտ երեք հարյուր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակության մասին, որովհետեւ երիտասարդությունը տարիներ ընթացքում միշտ աշխատանքի փնտրտուքով գտնվել է Սիրիայից դուրս: Մենք պետք չունենք ոգեւորվելու, անիմաստ հայտարարություններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պետք է հասկանանք, որ սա մեր կռիվը չի: Այս կռվից վնասվում է Սիրիան եւ Սիրիայի բնակչությունն ընդհանրապես, որոնց շարքում նաեւ մենք: Սա այն կռիվը չէ, որին մենք իբրեւ համայնք  լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պետք է գիտակցենք եւ մեր քայլերի ու հայտարարությունների մեջ ունենանք այն զգուշավորությունը, որ ավելորդ անզգուշություններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայությունը:

-Արդյո՞ք, այն ինչ տեղի է ունեցել Քեսաբում եւ Լաթաքիայում,  ավելի շատ եւ ավելի շուտ պայմանավորված է նրա դիրքով, ռազմավարական նշանակությամբ եւ ոչ թե այլ խնդիրներով, ասենք Հայաստանում դոմինատ է այն տեսակետը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականության հետեւանքով է տեղի ունեցալ:

– Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ եւ մենք պետք է այդ ուղղությամբ իսկապես հիմնավորված աշխատանք տանենք: Բայց ինձ թվում է, որ Քեսաբը եղել է Հյուսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մեջ գտնվող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպես են վարվել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշտ դրա համար, մենք երկու բանում պետք է պահանջատեր լինենք` մեկ պահանջատեր պետք է լինենք աշխարհով մեկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգությունը, եւ հետ կանչի զորքերը, պահանջատեր պետք է լինենք Սիրիայի պետությունից, որովհետեւ Սիրիայի պետությունը իր քաղաքացիների անվտանգության պատասախանատուն է: Պետք է ակնկալել Քեսաբի ազատագրումը Սիրիայի իշխանությունից: Եվ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսաբցիներից, կամ փորձել հերոսի կեցվածք ընդունել: Քեսաբի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցավ մեծ միջազգային արձագանք:

 

–Միջազգային արձագանքը ինչ ազդեցություն ունեցավ:

Միաջազգային մեծ արձագանքը կարող է  պատճառ դառնալ, որ շահագրգռված կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետությունն է, ցանկանա, որ հայկական գործոնը անընդհատ դերակատար մնա այդ հակադրության մեջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ  հարվածեցին Քեսաբին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցավ մեծ միջազգային արձագանք: Ինչ-որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ոչ մի շրջանի ավերածությունն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կա շահագրգռված կողմ մեզ ներքաշելու մի կռվի մեջ, որը մեր կռիվը չի: Մենք պետք է կարողանանք սա հասկանալ: Եվ պետք է հասկանանք, որ մի գործ, որ պետք է անի սիրիական պետությունը, պետք է անի ինքը:

Սիրիական պետությունը պետք է ազատագրի թե Քեսաբը, եւ թե ապահովի քեսաբցիների ժամանակավոր կեցությունը եւ հոգսերի բավարարումը: Մենք կողքից կոգնենք քեսաբցիներին, մենք կօգնենք, որ այդ ժամանակավոր կեցությունը ավելի հեշտ լինի, ավելի դյուրին լինի, ավելի տանելի լինի, ավելի մարդկային լինի: Այո, կանենք դա: Բայց մենք պետք է ակնկալիք ունենանք սիրիական պետությունից, որ հայության համար անվտանգության երաշխիք ստեղծի:

–Այսինք, հայկական գործոնը բուն իրադարձության ժամանակ չուներ կամ այնքան էլ կարեւորություն չուներ, որքան իրադարձություններից հետո այս ամբողջ տեղեկատվական շրջապտույտի մեջ:

-Այո, դա է իրականությունը, բոլորը շահագրգռված են այդ գործոնը օգտագործել: Մենք պետք է այդ գործոնը ակտիվ պահենք, Թուրքիայի վրա ճնշում գործադրենք , որ  զորքերը հետ քաշի Քեսաբից, որ սահմանը ապահովի: Այդ գործոնը պետք է մնա ակտիվ եւ լինի դերակատար: Սակայն պետք է զգուշանանք, որ այդ գործոնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը` Քեսաբն է, Քեսաբի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսաբ: Քեսաբցիները պետք է ապրեն այդ միջավայրում,  հարեւանությամբ` մուսուլման՝ թուրքմեն ժողովրդի:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողջ միջազգային արձագանքին.Պաշտոնական հատարարություններ պաշտոնական Վաշինգտոնից,  պաշտոնական Մոսկվայից եւ այլ տեղերից:

– Ես կարծում եմ,  դա հայկական գործոնի դերակատարության արդյունքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայությունը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատվական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չի, որ ցանկացած ակտիվություն, այլոց ակտիվություն` ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պետք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդաությունը ու հետ քաշի զորքը եւ սահմանի վրա ապահովության երաշխիք ստեղծի: Որպեսզի հնարավոր լինի Քեսաբը վերականգնել եւ քեսաբցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:

-Ինչպես եք վերաբերվում միջազգայի մամուլի արձագանքներն` հաճախ լինում են չճշտված տեղեկատվություն, ապատեղեկատվություն:

-Ապատեղեկատվությունը երկու պատճառ ունի` նախ անտեղյակությունը, սակայն ապատեղեկատվության մեջ մեկ բաժին կա, որ կազմակերպված է /նկարների ցուցադրում, բռնաբարված աղջիկներ, եռագույն հագած զինյալներ որ գնում են Քեսաբն ազատագրելու/, սա  էլ մյուս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործոնը առճակատման կողմ ցույց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պետք է հաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպետք է լցնենք:

-Իսկ Հայաստանի արձագանքը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:

-Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշտ է,  այստեղ էլ կար որոշ անտեղյակություն, որը պատճառ դարձավ քայլերի, որոնք եթե չարվեին եւ կամ չունենանային հրապարակային արձագանք  ավելի ճիշտ կլիներ, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային,  եւ համապատասխան:

– Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին, հավաքվել, զինվորագրվել, գնալ, պայքարել, կռվել:

-Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտենք ինչի մասին են  խոսում: Բայց մոտեցումն ազնիվ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով մի քիչ ավելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ  երեւակայությունից էլ դուրս է: Թեեւ միտումը կարծում եմ ազնիվ է:

-Ինչ է Քեսաբը ոչ միայն սիրիահայության, քեսաբահայության, այլ ընդհանրապես հայության համար, որն է նրա կարեւոր առանձնահատկությունը:

-Կիլիկիայի թագավորությունից հետո  երկու հայաբնակ օջախներ էին մնացել` Քեսաբը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող , միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմությունը այնքան հին է, այնքան է հետ գնում, որ մի քիչ դժվար է զանազանել կամ նույնացնել այլ տարածքների, Սփյուռքի այլ գաղթօջախների հետ: Նրանք ինչ որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակույթ է կերտվել, սերունդներ դաստիարակվել, նրանք մարդուժով մատակարարել են Սփյուռքի շատ ու շատ օջախներ, շատ ու շատ հաստատություններ: Քեսաբցիների գործոնը հայակական իրականության մեջ աննկատ գործոն չի, մեծ գործոն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի  կապիտալին են մաս կազմում, բավական մեծ տոկոս են կազմում:

-Դուք անցյալ ժամանակով եք արդեն խոսում:

-Անցյալը Մուսա Լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կա: Բուն մուսալեռցիք տեղափոխվել են  Լիբանանի Այնճար գյուղ:

-Որն է ելքը Քեսաբին այս վիճակից դուրս բերելու:

-Առաջին հերթին պետք է կարելի դարձնել քեսաբցիների ժամանակավոր կեցությունը  Քեսաբի մոտ` Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պետք է մոբիլիզացնել: Առանց այդ ժողովրդի Քեսաբի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչությամբ, ցուցական աշխատանքով: Պետք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրա: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարություն: Եվ երրորդ. մեր հարաբերական աշխատանքով պետք է կարողանանք սիրիական պետությանը ներկայացնել մեր ակնկալիքները` որ սահմանը ապահով լինի, Քեսաբն ազատագրված, եւ ժողովուրդն իր հետագա կեցությունը պետք է կարելի դարձնի Քեսաբում:

-Ձեր թվարկած երեք ուղղություններով, ներկա վիճակում ինչ մակարդակի , արդյունավետության աշխատանք է կատարվել:

-Միջազգային առումով, կատարվել է մեծ աշխատանք եւ պետք է շարունակվի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսաբի ժամանակավոր կեցության առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արված է: Բայց եթե այդ ժամանակն ավելի երկարի, լուրջ աշխատանք է պետք տանել: Իսկ սիրիական պետության ուղղությամբ, կարծում եմ մենք ճանապարհի սկզբում ենք:

-Պարոն Մարգարյան մեր այսօրվա թեման Քեսաբն էր, բայց հաշվի առնելով այն իրողություններին, որ Հայաստանում այսօր կատարվում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձությունները` վարչապետի հրաժարական, խորհրդակցություններ, նոր կառավարության ձեւավորում: ՀՅԴ-ն այս ամենին ինչպես է վերաբերվում, ինչ մասնակցություն ունի, եւ ինչ է տեսնում:

-Չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ, բայց ուզում եմ ասել՝ հայկական իրականության մեջ, վերջին շրջանում, տիրում էր համատարած հուսահատական մթնոլորտ: Լավ կյանքի հանդեպ ունեցած հույսը կարծես վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրահեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարավորություն, ժողովրդի համար հույսի նշույլ ստեղծել: Մենք կարող ենք թունելի վերջում մի լույս ցույց տալ: Եթե կարողանանք, որ այս մասը գործի` նոր վարչապետ, նոր կառավարություն, կառավարության նոր ծրագիր ` կկարողանանք լավ լուծումների հանգել: Ոչ թե միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականությունը, փոխենք մոտեցումը եւ կարողանանք այդ հույսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կուտակայինի հարցով Սահմանադրական Դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ հույսը եւ այս մասում է պետք գործը չփչացնել, ամրապնդել այդ հույսը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ սկսվում է մի գործընթաց, որը  դրական ուղղությամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման հույս ունենալը լավ բանի մասին չի խոսում: Ես այդպես չեմ մտածում` այն ինչ տեղի է ունենում, ինչ կա այս երկրում կուտակված, այնքան մեծ է, որ պետք է  սթափեցնի երկրի իշխանություններին եւ պատճառ դառնա լուրջ վերանայումների:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

Գաղթի ճամփան բռնելու փոխարեն ցանկացա մեռնել. սիրիահայ Անահիտ Ահարոնյան

    քեսաբԹուրքիայի միակ հայաբնակ Վաքըֆլը գյուղում ապաստանած շուրջ 20 քեսաբահայերից Անահիտ Ահարոնյանը, որի ընտանիքին հաջողվել է 1915 թվականին Այնթափից հասնել Հալեպ, «Ակօս»-ի լրագրողին պատմել է իրենց վերապրածը: Հալեպում բնակվող Անահիտը Քեսաբի իր ամառանոցում էր գտնվում, երբ մարտի 21-ին սկսվեց պատերազմական իրավիճակը: «Երբ Քեսաբում մարտեր սկսվեցին, գնացողները գնացին, մնացածներին էլ հավաքեցին դպրոցի նման մի տեղում: Ես և 91-ամյա հորեղբայրս 5 օր շարունակ մեր տանը մնացինք: Եկան տունը խուզարկեցին, սակայն մեզ չտեսան: 5-րդ օրը մեզ գտան և մյուսների մոտ տարան: Այնտեղ հայեր և սունիներ կային: Բոլորս տարեց էինք, հատակին էինք պառկում, մեզ լավ էին նայում, ձեռքներից բռնում էին, օգնում, որ կանգնենք, կերակրում էին: Նրանց ասացի՝ կրակեք մեռնենք: Եթե 1915-ի նման գաղթի ճամփան եմ բռնելու, ավելի լավ է մեռնեմ: Սակայն նրանք ասացին, որ մեզ չեն սպանելու: 10 օր այնտեղ մնացինք, անցած գիշեր մեզ այստեղ բերեցին: Այստեղ գալուց առաջ մեզ տարան Քեսաբի մեր եկեղեցի, որպեսզի մի վերջին անգամ տեսնենք: Ուզում էին ցույց տալ, որ ոչ մի բան չի պատահել, սակայն եկեղեցու խաչը հանված էր, իսկ դաշնամուրն էլ կոտրված: Եթե ալևի լինեինք, մեզ հենց տեղում կսպանեին: Հիմա այստեղ հանգիստ եմ, սակայն րոպե առաջ ուզում եմ գնալ Հալեպ՝ երեխաներիս մոտ»,-պատմել է Անահիտը:

 

Անկախ

ՀՀ ԿԳՆ-ն աջակցում է քեսաբահայերին

կգնՀՀ կրթության և գիտության ոլորտի մի շարք հաստատություններ, միանալով “Հայաստան” համահայկական հիմնադրամի` քեսաբահայությանն աջակցելու նախաձեռնությանը, արդեն գումարներ են փոխանցել այդ նպատակով բացված  հատուկ հաշվեհամարին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ  դրամ:
Միաժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ոլորտի մյուս կազմակերպություններին` իրենց հնարավորությունների շրջանակում միանալ այս ազգանվեր նախաձեռնությանը:

Թուրքիան շարունակում է կերտել քեսաբահայերի «բարերարի» կերպարը

kesab Թուրքիան շարունակում է քեսաբցի հայերին ապաստանելու վերաբերյալ լուրերի տարածումը: Թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրում են, թե Թուրքիայի ԱԳ նախարարությունը, համագործակցելով Ստամբուլի Հայոց պատրիարքարանի և հայ համայնքի հետ, իր աջակցությունն է ցուցաբերում քեսաբահայությանը: ԱԳՆ-ը նաև հայտարարել է, որ Թուրքիայի դռները բաց են սիրիական պատերազմից տուժած սիրիացիների առաջ, և անկախ ազգային պատկանելությունից իրենք պատրաստ են ընդունել փախստականներին, այդ թվում Քեսաբի հայերին: Նշվում է նաև, թե ապրիլի 5-ին 18 սիրիահայ Յայլադաղը սահմանային անցակետով մտել են Թուրքիա, նրանց տեղավորել են հայաբնակ Վաքըֆլը գյուղում և ցուցաբերել անհրաժեշտ  հումանիտար օգնություն:

Թեհրանում կայացել է համահավաք՝ ի զորակցություն քեսաբահայության,լուսանկարներ

20140406 - SaveKessab0024Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում 6-ին տեղի է ունեցել համահավաք՝ ի պաշտպանութիւն Սիրիայում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայության՝ քեսաբահայության:

Համահավաքը տեղի է ունեցել Թեհրանի հայոց թեմի հովանավորութեամբ, որին մասնակից էին և իրենց զորակցությունն էին բերել թեմի յուրաքանչյուր միություն, հասարակական մարմին և միավոր: Նշենք նաև, որ միջոցառումները՝ նվիրված քեսաբահայությանը, շարունակական են լինելու, քանի դեռ կա ցեղասպանության շարունակականության հարցն ու խնդիրը:

20140406 - SaveKessab0037Ի պաշտպանություն քեսաբահայության՝ ելույթով հանդես են եկել Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ընթերցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգյանի պատգամը, որն այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում է գտնվում: Պատգամում մասնավորապես ասւում է. “Այսօր ամբողջ հայությունը մի մարդու նման ոտքի է կանգնած և փորձում է օգնության հասնել սիրիահայության եւ հասնում է ու մյուս կողմից էլ ավելի հաստատակամ ու վճռորոշ կառչած է մնում իր հոգեւոր ու ազգային արժեքներին և գործում ու պայքարում է միշտ տեսիլքով իր ամբողջական հայրենիքի ու ժողովրդի:

Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամետ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ հատկապես Սիրիայի տագնապին հարաբերաբար:

Հավատանք ու հավատքով գործենք ու շարունակենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի ու հայրենիք տեսլականով ու վստահ եղեք, որ մի օր հասնելու ենք մեր երազին ու տեսիլքին”:

20140406 - SaveKessab0046Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաև Կազմակերպիչ հանձնախմբի կողմից ներկայացուցիչներ, որոնց խոսքն ուղղված է եղել՝ ի պաշտպանություն քեսաբահայերի անվտանգության: Ցուցադրվել են նաեւ քեսաբահայության կացության մասին պատմող տեսանյութեր:

Իրանահայ համայնքը նաև բողոքի գրություն է հղել Իրանում դիվանագիտական օտարերկրյա ներկայացուցչություններին՝ մասնավորապես Եվրոպական միության անդամ երկրների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի դեսպանատներին, ինչպես նաև Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը: Գրության մեջ նկարագրվել են Քեսաբի վերջին դեպքերը և ներկայացվել այդ կապակցությամբ հայության պահանջները:

Նամակում մասնավորապես նշված է. “Համաշխարհային հանրությունը պետք է երաշխավորի, որ վերջ կդրվի բռնությանը եւ քաղաքացիների ու փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը, և որ Թուրքիան կպատժվի ու կնախազգուշացվի ահաբեկչական խմբերի հետ շարունակական համագործակցութեան համար:

Մենք դատապարտում ենք ահաբեկիչներին տրվող որևէ օգնություն և մարդու իրավունքների պաշտպանի անունից հանդես եկողների երեսպաշտությունը”:

Համահավաքին ներկա են եղել նաև Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, ՀՀ հյուպատոսը և խորհրդականը, ԻԻՀ  Խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թեհրանի թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ ինչպես նաև “Ալիք” հաստատության եւ “Ալիք” օրաթերթի ներկայացուցիչներ ու հոծ թեհրանահայություն:

Անկախ