Արզումանյանն այն տպավորությունն ունի, որ գազի ոլորտն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի տնօրինությանը

downloadՊատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով խորհրդարանում նոր կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նախ ասաց, որ հուսով է՝ վերջինս իրեն ի նկատի չուներ՝ ասելով, որ ընդդիմադիրների համար գործում է որքան վատ, այնքան լավ սկզբունքը: «Գոնե ես այդ սկզբունքով չեմ առաջնորդվում»,-ասաց Արզումանյանը՝ շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին իր նշանակման կապակցությամբ և մաղթելով արգասաբեր աշխատանք:

Ապա անցնելով բուն հարցին՝ ասաց. «Դուք հստակ նշել եք, որ Հայաստանը ձգտելու է դեպի Մաքսային միություն և Եվրասիական միություն: Սակայն ՄՄ հիմնադիր երկու երկրների նախագահեր և վերջերս տարբեր տրամաչափի չինովնիկներ անընդհատ հայտարարում են ԼՂՀ-ի և Հայաստանի միջև հատուկ մաքսակետ սահմանելու մասին, ինչը նշանակում է, որ ԼՂՀՆ-ն չի ներառվում Մաքսային Միության կազմում: Կարո՞ղ եք հայտարարել, որ եթե նման պահանջ առաջ քաշվի, ապա Դուք կհրաժարվեք Մաքսային միությունից»:

Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ ընդդիմադիրների վերաբերյալ իր խոսքը Արզումանյանին չի վերաբերել և շնորհակալություն հայտնեց իրեն շնորհավորելու համար: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այդ առումով իրենք ճիշտ ուղու վրա են, քանի որ դա բխում է Հայաստանի տնտեսական շահերից, ուստի պետք է շարունակեն իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա նա Արզումանյանին խնդրեց այդ մասին ավելի քիչ խոսել, քանի որ դա կարող է խաթարել բանակցային գործընթացին, իսկ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը լուծվի հօգուտ Հայաստանի և Արցախի:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր գազի խնդրին: Նա նկատեց, որ կառավարության ծրագրում որևէ խոսք չկա գազի մասին, ինչն իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն այդ ոլորտն ամբողջովին հանձնել է Ռուսաստանի տնօրինությանը:

Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ գազի ոլորտում խնդիրներն իսկապես շատ լուրջ են, և պետք է ոչ ստանդարտ որոշումներ կայացվեն: Ինչ վերաբերում է այլընտրանքային գազի ձեռք բերման հնարավորությանը, ապա նա նշեց, որ այդ ուղղությամբ քայլերը պետք է ամրապնդել Իրանի հետ. «Ես լուրջ տրամադրված եմ Իրանի կառավարության հետ խորացնելու մեր հարաբերությունները և շատ եմ կարևորում նրանց հետ մեր համագործակցությունը»,-ասաց նա:

 

Անկախ

«Լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված». Հովիկ Աբրահամյան

big_196fbc39f7f031c725899bd8b80f1b95ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը: Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել են մեծ թվով պատգամավորներ: Առաջինը նրան հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հովիկ Աբրահամյանը նախ ակնարկեց. «Բա մի ժամանակ հարցեր չէիք տալիս վարչապետին»:

Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ ինչպես նախորդ վարչապետին է հարցեր ուղղել, այդպես էլ իրեն է շարունակելու տալ՝ ընդ որում առավել ակտիվ ձևով:

ՀԱԿ պատգամավորը, մեջբերելով Սահմանադրության 88-րդ հոդվածը, ըստ որի կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե արդյոք նոր կառավարությունում չկա՞ն մարդիկ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ բոլորը շատ վատ են վերաբերում վարչապետի նշանակած կադրերին:

Հովիկ Աբրահամյանը առաջին հարցի հետ կապված նշեց, որ ինքը կոնկրետ որևէ տեղեկատվություն չունի, որ այսօրվա որևէ նախարար զբաղվում է ձեռնարկատիրությամբ: «Եթե նման մարդիկ կան, ուրեմն անպայման կառավարությունից կհեռանան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրված կադրերի նկատմամբ հանրության դժգոհությանը, ապա նա նշեց, որ դա խիստ հարաբերական է, քանի որ մեկի համար կարող են վատը լինել, մյուսի համար՝ լավը: «Ինձ համար կարևոր սկզբունքը եղել է այն, որ նշանակված կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ, քանի որ մենք այլևս սպասելու ժամանակ չունենք: Ես հաշվի եմ առել նրանց փորձը: Եվ կառավարության այն անդամը, որը չի լուծի իր առջևր դրված խնդիրը, մեր ճանապարհները կբաժանվեն»:

Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք Ձեր կադրային նշանակումներով անմիջապես հերքեցիք ձեր նախնական խոստումները: Իսկ եթե չգիտեք ձեր կառավարության մեջ ովքեր ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվում, ապա հետևեք մամուլին և կիմանաք»:

«Մամուլին, որ նայենք, չենք կարող ճիշտ կողմնորոշվել և աշխատել»,-պատասխանեց Հովիկ Աբրահամյանը,-ես ընդհանրապես ազատ եմ կադրային քաղաքականության առումով: Ես գիտեմ ձեր մտավախությունը որն է, որ մենք կարող է՝ լավ աշխատենք, և ձեզ հնարավորություն չլինի մեզ քննադատելու: Սխալներ, իհարկե, թույլ կտանք, բայց քիչ և հաճույք չենք պատճառի ձեզ»:

Այստեղ Գալուստ Սահակյանը չկարողացավ չմիջամտել և դիմելով Արամ Մանուկյանին՝ ասաց. «Մեր և ժողովրդի բախտը բերել է, որ դուք չեք ուզում մեզ հետ աշխատել»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով վարչապետի նշած 3 փիլիսոփայական կետերը, ըստ որի կառավարությունը պետք է լինի իրատեսական, խստաահանջ և ականջալուր, անդրադարձավ վերջին սկզբունքին՝ ականջալուրին:

«Հանրապետության նախագահն ինքը հայտարարեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին: Այդ 80 տոկոսին ակնաջալուր լինելու՞ եք: Մենք նկատեցինք, որ կառավարության ծրագրում ներառված է պարտադիր բաղադրիչը»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: «Մենք մեր ժողովրդի թշնամին չենք: Պետք է լինի հնարավորինս լայն խավերի կողմից ընդունելի նախագիծ»:

Զոհրաբյանը նկատեց. «Պարտադիր, բայց ոչ պարտադրված բանաձևը ես ինքս չեմ հասկանում, բայց հույս ունենանք, որ վերջնարդյունքում դա կբավարարի հանրության 80 տոկոսին»:

 

Անկախ

Ներքին Ծաղկավանում տուն է փլուզվել, 84-ամյա բնակիչը մահացել է

փլուզումՄայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ կրաշեն տան (6×10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվել է մահճակալի վրա:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930 թ. ծնված Ս. Յ.-ի դին:

Խուզարկությամբ քաղաքացու մեքենայից զենք-զինամթերք են հայտաբերել

Զենք-զինամթերքԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարեն Ղ.-ի տանը կից օժանդակ շինություններում: Արդյունքում` «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 16 մմ տրամաչափի ինքնաշեն լիցքավորված 8 փամփուշտ, 16 մմ տրամաչափի կրակված դատարկ 47 փամփուշտ, մեկական փաթեթ արճիճե մանրագնդակներ, 4 փաթեթ վառոդ, պոլիէթիլենային տոպրակի մեջ կապված վիճակում արճիճե մանրագնդակներ, 1 փաթեթ փամփուշտի փականներ և փամփուշտի 46 հրապատիճ:
Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Վեճ Մասիսում. հարևաններից մեկը մյուսին վնասվածքներ է պատճառել

ԾեծկռտուքՄայիսի 18-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի հանրակացարանի մասնաշենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն ժամը 22.00-ի սահմաններում իրենց տան դիմաց վիճաբանել է հարևանի` 1985 թ. ծնված Կարեն Կ.-ի հետ, որի ընթացքում Կարեն Կ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Դավիթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Գողացած հեռախոսն էին փնտրում` գաղտնի փականով դանակ հայտնաբերեցին

ՀՀ-ոստիկանություն2Մայիսի 18-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Բ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Ս.-ին:
Ոստիկանություն հրավիրված, 1960 թ. ծնված Արագած Ղ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 23.30-ին Գևորգ Բ.-ն Խանջյան փողոցում իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից գողացել է բջջային հեռախոս:
Գևորգ Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ, 10 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են դատաապրանքագիտական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

Լարս ավտոճանապարհը փակ է

լարսՄայիսի 19-ի ժամը 18.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

***

Մայիսի 19-ին, ժամը 10.30-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:

Անհետ կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարս ավտոճանապարհը փակ է:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել )

1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )
5. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
6. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
7. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
8. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
9. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
10. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
11. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:

Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Անկախ

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

տիգրան մեծԱշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ, 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, որոնց մեջ Տիգրանը գլխավոր հերոսներից է:Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է: Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը:
Տիգրան Երկրորդի հայրը` հայոց թագավոր Տիգրան Առաջինը (մ.թ.ա. 115-95), իր գահակալության սկզբում բախվեց հզոր պարթևական թագավորությանը, պարտվեց և ստիպված եղավ իր ավագ որդուն` Տիգրանին պատանդ ուղարկել պարթևաց արքունիք:
Տիգրան արքայազնի կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի. միայն այն, որ նա իր պատանդության մեջ ամուսնացել էր պարթևաց արքայադուստրերից մեկի հետ: Ունե՞ր նրանից զավակներ` հայտնի չէ:
Մ.թ.ա. 95 թ. մահանում է Տիգրան Ա արքան: Նրա զավակներից Գուրասը Հայաստանում էր, սակայն ավագության կարգով գահը հասնում էր պատանդ Տիգրանին: Եվ հայոց ավագանին, պարթևական թագավոր Միհրդատ Երկրորդին զիջելով հայոց Յոթանասուն հովիտներ երկրամասը, արքայազն Տիգրանին ազատեց գերությունից ու բազմեցրեց հայոց գահին: Թվում էր` պարթևների համար հայոց գահի լավագույն թեկնածուն հենց Տիգրան Երկրորդն է, քանզի մեծացել էր պարթևական արքունիքում, յուրացրել նրանց բարքերը, ամուսնացել պարթև արքայադստեր հետ, և հետևաբար, Հայաստանը պիտի գտնվեր պարթևների գերիշխանության տակ: Սակայն պարթևների հաշվարկները սխալ էին:
Ժառանգելով հայոց գահը 45 տարեկանում` Տիգրանն արագորեն վերակազմավորեց հայոց բանակը և ձեռնամուխ եղավ հայոց հեղինակության վերականգնմանն ու պետության հզորացմանը: Նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը` Արտաշես Ա Բարեպաշտ արքան (մ.թ.ա. 189-160): Տիգրանի զորքերը արագ երթով մտան Ծոփքի թագավորություն, գրավեցին հայոց այդ հնամենի երկրամասը, գլխատեցին Արտանես արքային ու միացրին Մեծ Հայքի թագավորությանը:
Միաժամանակ հայոց երկրի հյուսիսում հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկացավ Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկեց: Մ.թ.ա. 94 թ. կնքվեց հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանեցին ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Բ կնության առավ Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը` Կլեոպատրային:
Հաջորդ տարին` մ.թ.ա. 93 թ., Տիգրան Բ-ի բանակը մտնում է Կապադովկիա: Սրանով, փաստորեն, Տիգրան արքան պատերազմ հայտարարեց Հռոմին: Նա գահազրկեց Արիոբարզան Ա արքային, նրա տեղը գահ բարձրացրեց Գորդեոսին և հարուստ ավարով ու գերիներով վերադարձավ Հայաստան: Սակայն Հռոմը Տիգրանի դեմ ուղարկեց անվանի զորավար Լուցիուս Կոռնելիուս Սուլլային, որը վերականգնեց իրերի նախկին վիճակը:
Մի քանի տարի անց Պարթևստանում վախճանվում է Միհրդատ Բ արքան: Պարթևաց երկրում ծայր են առնում երկպառակտչական պատերազմները: Առիթից չի հապաղում օգտվել Տիգրան Բ-ն: Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը…
Տիգրանը Մեծ Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:
Նվաճելով վերը նշված երկրները` Տիգրան Մեծն այնտեղ չվերացրեց թագավորական իշխանությունը, ուղղակի վասալական կախման մեջ դրեց նրանց: Ոմանց հետ անգամ խնամիացավ` փորձելով դրանով ձեռք բերել դաշնակիցներ: Նա իր դստերը կնության տվեց Ատրպատականի Միհրդատ արքային: Հետագան ցույց տվեց, թե որքան սխալ էին հայոց արքայի հաշվարկները: Միհրդատի ու հայոց արքայադստեր ամուսնությունից ծնված Մար Արտավազդը հետագայում լուրջ մրցակից դարձավ հայոց Արտավազդ Բ արքայի համար:
Հաստատվելով արևելքում` Տիգրան Մեծն իր հայացքը հառեց դեպի հարավ: Իսկ Ասորիքում հետաքրքիր զարգացումներ էին: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունը փլուզվում էր: Եվ սելևկյան պետության ավագանին, հոգնելով շարունակական երկպառակտչական պատերազմներից, օտար գահակալ էր որոնում` բազմեցնելու սելևկյան գահին, դրանով իսկ կարգի գցելու ներքին խնդիրները երբեմնի հզոր թագավորության մեջ: Եվ ահա ավագանին հրավիրեց Տիգրան արքային` զբաղեցնելու Անտիոքի գահը նույնպես:
Տիգրան Մեծի պլանների մեջ, բնականաբար, մտնում էր Ասորիքի նվաճումը: Ասորիքն իր հարստություններով, նավահանգիստներով չէր կարող դուրս մնալ հայոց արքայի հետաքրքրությունների ոլորտից: Եվ ահա առիթ է ներկայանում նվաճելու Ասորիքն առանց պատերազմի` խաղաղ ճանապարհով: Տիգրան Մեծը մ.թ.ա. 83 թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը: Տիգրանը Անտիոքում կառավարիչ է նշանակում հայոց Բագարատ զորավարին և գրավում Դաշտային Կիլիկիան և Գամիրքը` դառնալով Հռոմի Հանրապետության անմիջական հարևանը: Տիգրանի ու Հռոմի բախումն անխուսափելի է դառնում: Մինչ վճռական գործողությունների անցնելը, կողմերը ակտիվ հետախուզություն են ծավալում: Օգտվելով Սպարտակի ապստամբության հետևանքով Հռոմում առաջացած խուճապից` հայոց արքան աջակցում է Միջերկրական ծովում ծովահենների ակտիվ գործունեությանը Հռոմի դեմ:
Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցեց նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը:
Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը: Սակայն հայոց արքան այստեղ թույլ տվեց իր լուրջ մարտավարական սխալներից մեկը. նա հայոց մայրաքաղաքը բնակեցրեց նվաճված երկրներից բերված հույն ու հրեա գերիներով:
Մեծ Հայքի համար տարածաշրջանում միակ ռեալ հակառակորդ ուժը դառնում է Հռոմը: Հենց Հռոմի դրդմամբ մ.թ.ա. 73 թ. Տիգրանի դեմ ըմբոստանում է Սելևկյան Սելենե թագուհին, որ ամուր կայազորով ամրանում է Պտղոմայիս ամրոցում: Տիգրանը շուրջ չորս տարի պաշարում է Պտղոմայիսը, ի վերջո գրավում և մահապատժի ենթարկում Սելենե թագուհուն: Այս դեպքերից հետո Տիգրանին հպատակություն է հայտնում նաև Իսրայելի թագավորությունը:
Սակայն հայոց արքայի հսկայական տերության մեջ էլ ամեն ինչ հարթ չէր ընթանում:
Նրա դեմ շարունակ ապստամբում էին նվաճված երկրների տիրակալները: Տիգրանը դաժանորեն ճնշում է ապստամբությունները: Նա անողոք գտնվեց անգամ իր երկու ապստամբ որդիների նկատմամբ, որոնց մահապատժի ենթարկեց: Պատմությունը մեզ է ավանդել նրանցից մեկի անունը` Զարեհ, մյուսին ենթադրաբար կոչել են Արտաշես:
Այս պայմաններում կամա, թե ակամա Տիգրան Մեծը ներքաշվում է պատերազմի մեջ: Աշխարհակալ Հռոմը, բնականաբար, չէր կարող հաշտվել Հայաստանի աշխարհակալական ձգտումների հետ: Մ.թ.ա. 73 թ. սկսվում է նոր պատերազմ Պոնտոսի և Հռոմի միջև: Չնայած նախնական հաջողությանը` Միհրդատ Եվպատորն այս պատերազմում գլխովին ջախջախվում է և ապաստանում Հայաստանում: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը, որ վարում էր պատերազմը Պոնտոսի դեմ, Տիգրանից պահանջեց իրեն հանձնել Միհրդատին:
Տիգրան արքան մերժում է Լուկուլլոսի ապօրինի պահանջը: Օգտվելով առիթից` հռոմեացին, առանց պատերազմ հայտարարելու, մեծաքանակ զորքով մտնում է Հայաստան: Արագ երթով անցնելով Ծոփքի վրայով` Լուկուլլոսի բանակը հայտնվում է մայրաքաղաք Տիգրանակերտի պարիսպների տակ: Տիգրանը, որ իր բանակով գտնվում էր Փյունիկիայում, Լուկուլլոսի դեմ է ուղարկում Մեհրուժան Ծոփեցուն 3000-անոց բանակով: Մեհրուժանի բանակը արագ ոչնչանում է` բախվելով Լուկուլլոսի զորքի հետ:
Հավանաբար, հայոց արքային շլացրել էին գլխապտույտ հաջողությունները…
Տիգրանակերտի տակ հայոց արքան թույլ է տալիս հերթական սխալը. նա փոքրիկ զորաջոկատով ճեղքում է հռոմեացիների պաշարման շղթան ու մտնելով քաղաք` նույն անակնկալ ճեղքումով քաղաքից հանում է իր կանանոցն ու գանձերը:
Սա որպես ռազմական գործողություն փայլուն էր, սակայն սխալ էր ռազմավարական տեսանկյունից, քանզի մինչ այդ քաջաբար պաշտպանվող մայրաքաղաքի բնակչությանը բարոյազրկեց ու հուսահատեցրեց:
Ինչևէ, մ.թ.ա. 69 թ. հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի մատույցներում տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որն ավարտվեց հայկական բանակի կատարյալ պարտությամբ:
Ճակատամարտից հետո Տիգրան արքան նահանջում է Արտաշատ, իսկ Լուկուլլոսը շարունակում է Տիգրանակերտի պաշարումը, ի վերջո գրավում և թալանում այն:

Տիգրանակերտի պարտությունը ծանր հարված էր հայկական աշխարհակալությանը:
Չբավարարվելով ձեռք բերածով` Լուկուլլոսը մ.թ.ա. 68 թվականի գարնանն անցնում է Հայկական Տավրոսն ու արշավում Արտաշատի վրա: Սակայն Արածանի գետի անցման ժամանակ նրան կազմ ու պատրաստ դիմավորում են հայկական զորքերը: Արածանիի ճակատամարտում Հռոմը ծանր պարտություն է կրում: Լուկուլլոսը ստիպված էր նահանջի հրաման տալ: Բայց Տիգրան Մեծը հերթական սխալը թույլ տվեց. նա չհետապնդեց նահանջող թշնամուն: Հռոմեական բանակը նահանջի ճանապարհին գրավեց նաև Մծբինը:
Մ.թ.ա. 67 թ. նոր միայն հայոց բանակը ռազմարշավ ձեռնարկեց արևելքում` փորձելով վերացնել Լուկուլլոսի արշավանքի հետևանքները և հայոց տերությանը միացնել ապստամբած ու Տիգրանի կայսրությունից անջատված երկրամասերը: Միաժամանակ, Տիգրանի բանակի աջակցությամբ Պոնտոսում իրերի նախկին վիճակն էր վերականգնում Միհրդատ Եվպատորը:
Այսպես անփառունակ ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը արևելք: Սակայն տիգրանյան կայսրության հիմքերը խարխլված էին այլևս: Մ.թ.ա. 66 թ. մեծ բանակով Արևելք է արշավում հռոմեացի հայտնի զորավար Գնեոս Պոմպեոս Մեծը:
Նա կարողացավ համոզել պարթևաց արքա Հրահատ Գ-ին, որ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Ինքը` Պոմպեոսը, արագ երթով արշավեց Պոնտոս և ջախջախեց Միհրդատ Եվպատորին: Տիգրան Մեծը չօգնեց իր աներոջը և երբեմնի դաշնակցին, քանզի Միհրդատը աջակցել էր Տիգրան Կրտսերի ապստամբությանը: Տիգրան Կրտսերը` հավակնոտ մի երիտասարդ, ապստամբելով հոր դեմ, նախ միացավ պարթևաց բանակին, սակայն հայ-պարթևական բախման ժամանակ հաջողությունը պարթևների կողմը չէր: Դրանից հետո հայոց դավաճան արքայազնը հայտնվեց Պոմպեոսի ճամբարում և առաջնորդեց հռոմեական լեգեոնները հայոց մայրաքաղաք: Տիգրան արքան ստիպված էր հաշտություն խնդրել Պոմպեոսից: Նա միայնակ, առանց թիկնազորի գնաց հռոմեական ճամբար ու թագը հանձնեց Պոմպեոսին: Հուզված հռոմեացին բարձրանալով իր գահավորակից` թագը դնում է հայոց արքայի գլխին: Համենայն դեպս, այս դեպքերի մասին այսպես են ավանդում հռոմեացի պատմիչները: Գուցե սա հորինված պատմություն է…
Ինչևէ, մ.թ.ա. 66 թ. աշնանը Արտաշատում կնքվում է պայմանագիր Հռոմի և Հայաստանի միջև: Պայմանագրի համաձայն` Տիգրանը Հռոմի օգտին հրաժարվում է իր նվաճումներից: Հայաստանը պահպանում է իր անկախությունը և տարածքային ամբողջականությունը, բացառությամբ Ծոփքի, որտեղ թագավոր է հռչակվում Տիգրան Կրտսերը: Հայաստանը հռչակվում է «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ» և Հռոմին մեծ ռազմատուգանք է վճարում:
Տիգրան արքան 6000 տաղանդ ռազմատուգանքը ցանկացավ վճարել հենց Ծոփքի գանձարաններից, ինչի համար ըմբոստացավ նրա որդին` Տիգրան Կրտսերը: Ի վերջո Պոմպեոսը նրան կալանավորեց և որպես գերի ցուցադրեց Հռոմի հաղթահանդեսին: Հետագայում, երբ Տիգրան Կրտսերը փորձեց փախչել Հռոմից և վերադառնալ Հայաստան, սպանվեց Հուլիոս Կեսարի հրամանով:
Արտաշատի պայմանագրից հետո Տիգրան արքան անդրադարձավ պարթևական գործերին: Հռոմի օգնությամբ նա Հյուսիսային Միջագետքից դուրս մղեց պարթևական զորքերն ու երկրամասը կրկին միացրեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը թագավորեց մինչև մ.թ.ա. 55 թ. և մահացավ խոր ծերության հասակում` հայոց գահը հանձնելով արժանավոր զավակին` Արտավազդ Երկրորդին:

Ֆրանսիացի արևելագետ Ռընե Գրուսեն այսպես է արտահայտվել Տիգրան Մեծի մասին.
«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով ինքնասպանության մղեց իր պետությունը, մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Լեռնային Ղարաբաղ. Սարսանգի համատեղ օգտագործման հարցը կարող է Բաքվի հետ բանակցությունների առարկա դառնալ.news.am

սարսանգԼեռնային Ղարաբաղը պատրաստ է ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ:

«Լավ է, որ ամերիկացի համանախագահը նույնպես այն կարծիքին է, թե Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործումը կարող է երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմքերից մեկը դառնալ», – հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ջրամբարի համատեղ օգտագործման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված տեսակետը:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Արմավիրի և Արագածոտնի մարզերում հակակարկտային կայանները իրականացրել են 43631 կրակոց

Հակակարկտային կայաններՄայիսի 19-ին, ժամը 14.42-ից մինչև 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա և Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց:
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Անկախ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հորդառատ անձրևՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում`
Մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

 

Երևանի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 30.80C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան        6.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.80C

ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը չեն մասնակցի ԿԲ նախագահի թեկնածուի քվեարկությանը

154858Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը և չի մասնակցելու քվեարկությանը:

«Հանրության շրջանում առկա մի շարք դժգոհությունների շարքում մեծ տոկոս են կազմում բանկային համակարգի բարձր տոկոսները: Վերջին շրջանում մեծ են արտագաղթողները, որոնք ողջ անշարժ գույքը գրավ են դրել և չեն կարողացել այդ աննախադեպ բարձր տոկոսադրույքները մարել»,-հայտարարեց նա:

Պատգամավորի համար նաև զարմանալի է, որ վարկերի 98 տոկոս վերադարձնելիություն պայմաններում վարկային տոկոսներն այսքան բարձր են:

Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ Հայաստանում բանկային համակարգը շատ զարգացած է, ապա Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե այդ դեպքում ինչու է Հայաստանի տնտեսությունն օր օրի փլուզվում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի նախագահը մտել է քաղաքական դաշտ, մինչդեռ պետք է դրսևորի միմիայն պրոֆեսիոնալ մոտեցում:

ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացավ իր գործընկերներին՝ հայտարարելով, որ զերծ են մնալու  քվեարկությունից:

ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի և որ իրենց պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:

ԿԲ նախագահի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Անկախ

«Պարո՛ն Ջավադյան ջան, չի՛ կարելի». Արծվիկ Մինասյանը բարկացավ

Արծվիկ ՄինասյանԽորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չկարողացավ զսպել վրդովմունքը՝ կապված Ջավադյանի հայտարարության հետ, թե կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի:

«Դա պնդելը նույնն է, ինչ հանցագործություն կատարելը: Ինչո՞ւ եք նորից կրքերը լարում: Դուք չեք ուզում ստեղծել միջադեպ, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումները շարունակական լինեն»,-ասաց Մինասյանը:

Դաշնակցական պատգամավորը մեջբերեց ՍԴ որոշումը, որտեղ 3 բաղադրիչով բնութագրված է պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու փաստը:

«Պարո՛ն Ջավադյան ջան, պարտադիր բաղադրիչը համակարգում պահել հնարավոր չի: Դա հակասահմանադրական է: Եթե նման փորձ արվի, պայքարն ավելի է թեժանալու: Էդ բանը, ինձ թվում է, պետք է հասկանայիք: Չի՛ կարելի»:

Նա հորդորեց ԱԺ բարձր ամբիոնից պարտադիրի մասին չխոսել այնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը մշակված չէ:

«Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էս ամբիոնից դրա մասին մի խոսեք»,-ամփոփեց Արծվիկ Մինասյանը:

 

 Անկախ

Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

Ագն Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Սիբիուի նահանգային և Թարգու Մուրեշի շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը, տասնյակ հետազոտողներ:

Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռող մեծամասնությունը նվիրված էր Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:

Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը և համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը և ներկայացմանը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:

Դեռևս 2012թ. Դումբրավենը եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:

Գիտնականներ. Անտարկտիդան ամեն տարի 160 մլրդ տ սառույց է կորցնում

post168150_img1_1Անտարկտիդայի սառցե վահանն ամեն տարի կորցնում է 160 մլրդ տոննա սառույց, ասվում է Geophysical Research Letters.-ում հրատարակված ուսումնասիրության մեջ:

Հիմա սառույցի հալման տեմպերը երկու անգամ ավելի արագ են , քան 4 տարի առաջ, երբ վերջին անգամ  չափումներ են կատարվել:

Սառցե վահանի փոփոխությունները կատարում է   Cryosat Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի վրա տեղադրված ռադարը: Սարքի ցուցիչների համաձայն, ամեն տարի սառցաշերտը բարակում է 2 սմ-ով:

NASA-ի հաշվարկով, եթե Անտարկտիդայի բոլոր սառույցները հալչեն, ապա ծովի մակարդակը կբարձրանա մեկ մ:

Անկախ

Ա. Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով

արմեն աշոտյանՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  Եվրոպական կրթական տարածքում Հայաստանի ակտիվ դերակատարման, Բոլոնիայի գործընթացի շրջանակում արձանագրած  հաջողությունների և բուհական կրթության ոլորտի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է   Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո շքանշանով :
Շքանշանը հանձնել է  Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի նախագահ Անդրեաս Օրֆանիդեսը՝ օրերս Երևանում տեղի ունեցած Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիայի տարեկան ժողովի շրջանակում:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը «տյունինգի» կենթարկվի

timthumbԽորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջադրմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող երկու անգամից ավել անընդմեջ նշանակվել Կենտրոնական բանկի նախագահ:

Արթուր Ջավադյանին հարցեր տալու ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. “2013 թվականի ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվությունները նայելով՝ տեսնում ենք, որդԴուք նախատեսում էիք 4-4,5 տոկոս տնտեսական աճ, նույնիսկ ավելին, բայց մենք ստացանք 3.5 տոկոս, որն էլ արժանահավատ չէ”:

Պատգամավորը բարձրացրեց նաև տոկոսադրույքների հարցը՝ նշելով, որ դրանք շատ բարձր են և չեն խթանում բիզնեսի զարգացմանըը. “Հատկապես խոշոր ընկերությունները, որոնք վերջին փուլում սկսել են աշխատել ոչ շահութաբեր, բեռնվում են նախկին վարկերով և որպեսզի հետո նորից վարկ վերցնեն, պիտի վերաձևակերպվեն կամ էլ վարկ չեն ստանա”:

ԿԲ նախագահի թեկնածուն նշեց, որ տոկոսադրույքների նվազման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվում. “Բանկերն իրենց թշնամին չեն, իրենց էլ ձեռնտու չեն բարձր տոկոսարդրույքները, քանի որ դրանով ռիսկերը մեծանում են “:

ՀԱԿ պատգամավոր Նիլոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե Կենտրոնական բանկի բարձր վարձատրվող իրավաբանները երբևէ նրան զեկուցե՞լ են, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առկա մի շարք առանցքային դրույթներ հակասահմանադրական են: Պատգամավորի կարծիքով, եթե իրավաբաններն այդ մասին նրան չեն զեկուցել, նշանակում է, որ նրանք այնքան էլ բարձր գիտելիքներ չունեն, որքան որ իրենց աշխատավարձերն են:

Արթուր Ջավադյանը նշեց, որ վերջին 6 տարվա ընթացքում աշխատավարձի որևէ աճ Կենտրոնական բանկում չի արձանագրվել՝ ի տարբերություն առևտրային բանկերի, որտեղ կա աշխատավարձերի կտրուկ աճ: «Այդ առումով, մենք բավականին հետ ենք, և ԿԲ-ն նաև կադրերի արտահոսք ունի»,-խոստովանեց նա,-անպես որ, ես չեմ համարում, որ աշխատավարձերը մեզ մոտ շատ բարձր են»:

Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչի ճակատագրին:

«Պարտադիր բաղադրիչն, իհարկե, լինելու է, բայց այլ հարց է, թե մենք այն ոնց ենք իրականացնելու»,-ասաց Ջավադյանը,-ռեֆորմն անհրաժեշտ է, վերջնական դիզայնը կանենք, կներկայացնենք ձեր դատին»:

Փաշինյանն արձագանքեց. «Փաստորեն, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ոչ թե բովանդակային փոփոխություններ են լինելու, այլ այն ուղղակի դիզայնի է ենթարվելու: Այսինքն, Ձեր նպատակն ընդամենը «տյունինգ» անելն է: Պարտադիր կուտակային վճարը, ասենք, կդառնա պարտադիր սոցապ. վճար»:

Ջավադյանը փորձեց շտկել իր խոսքը. «Դիզայնի փոփոխություն ասելով՝ ի նկատի ունեմ օրենքի փոփոխությունը, նկատի չունեմ միայն արտաքին տեսքը: Ես ասեցի, որ դա համապատախանեցվում է այն պահանջներին, որ ներկայացրել է Սահմանադրական դատարանը»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք ԿԲ-ն պատրաստվո՞ւմ է ստեղծել այնպիսի միջավայր, որ Հայաստանում ձևավորվեն երկար փողեր, որպեսզի տոկոսադրույքները նվազեն, վարկային ժամկետներն էլ երկարաձգվեն:

Արթուր Ջավադյանը երկար փողերի առկայությունը նույնպես կապեց կենսաթոշակային համակարգի հետ: Նա նշեց, որ երկար փողերի համար անհրաժեշտ են պարտադիր ռեֆորմներ՝ մասնավորապես կուտակայինը. «Այլ բան է, թե այդ ռեֆորմը ոնց կիրականացնես: Ուղղակի մարդիկ այսօր պատրաստ չեն իրենց գումարները դնել հաշիվների վրա, որոնք այս պահին չեն կարող օգտագործել: Առանց հեղափոխական փոփոխությունների՝ մենք չենք կարող տնտեսության կտրուկ աճ ունենալ և իրավիճակը փոխել: Ուրիշ ճանապարհ չկա»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը հակադարձեց, որ միայն մեկ ռեֆորմով հնարավոր չէ ոչինչ անել և թվարկեց տնտեսության մեջ երկար փողեր ստեղծելու այլ եղանակներ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց հիփոթեքային վարկերի հարցը՝ նշելով, որ մատչելի բնակարան ունենալու խնդիրն ամենաշեշտադրված սոցիալական խնդիրներից է Հայաստանում:

Ջավադյանը նախ հայտնեց, որ երկու ենթակառուցվածք կա, որոնք զբաղվում են այդ հարցի կարգավորմամբ՝ «Մատչելի բնակարաններ երիտասարդներին» ծրագիրը և Ազգային հիփոթեքային հիմնադրամը: «Ունենք 12.3 միջին տոկոսադրույք և մինչև 20 տարի ժամկետայնություն: Իհարկե, երիտասարդների ծրագրով ավելի մատչելի են բնակարանները, քանի որ կառավարությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ տոկոսադրույքների դինամիկան գնում է դեպի նվազում, և մենք շատ մոտ ապագայում հնարավորություն կունենանք ավելի մատչելի պայմաններով վարկեր տրամադրել,-հավաստիացրեց նա:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե որքանո ՞վ է Ջավադյանը ճիշտ համարում հարկային և մաքսային մարմինների միացումը ֆինանսների նախարարությանը:

Ջավադյանը դրա արդյունավետությունը հիմնավորեց Մաքսային միությանը միանալու հեռանկարով. «Եթե մենք որդեգրել ենք Մաքսային միությանը միանալու գաղափարը, ակնհայտ է, որ համագործակցությունը հարկային մարմիների հետ լինելու է ավելի սերտ, և որ մաքսային մարմինների մասով լինելու է ընդհանուր դաշտ, ուստի ճիշտ կլինի, որ դա լինի մեկ մարմնում, որը նաև քաղաքականությունն է իրականացնում: Իսկ շահերի բախումը կարելի է տարանջատել հենց այդ մարմնի ներսում»:

Անկախ

 

Շուշան Պետրոսյանի հերթական «հիստերիան» լրագրողների նկատմամբ

Shushan-Petrosyan-gyumri-concert

Այսօր Ազգային ժողովում հերթական անգամ լրագրողների հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ կապված շաբաթ օրը «Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների հետ, Շուշան Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով. «Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք»: Մեկ այլ լրագրող, լսելով նրան, մոտեցել է պարզաբանում ստանալու, թե ինչու է պատգամավորը լրագրողներին վիրավորում և ստացել հերթական հակահարվածը. «Գնացիր ստեղից»:

Երգչուհի պատգամավորի պահվածքը մեծ վրդովմունք է առաջացրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մոտ: Նրանք որոշել են հանդիպել Շուշան Պետրոսյանի հետ և բացատրություն լսել նրա արարքի վերաբերյալ, սակայն դա չի հաջողվել. պատգամավորը միջադեպից հետո լքել է խորհրդարանի շենքը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմելով նախկին գործընկերներին՝ լրագրողներին, գրել է. «Հարգելի լրագրողներ, «Չորրորդ իշխանության» իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված, հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից այս անհաճո միջադեպի համար և վստահեցնում, որ Շուշանը որեւէ անձի եւ որեւէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես եւ Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, եւ խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը»:

Մեկ այլ նախկին լրագրող էլ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտնեց, որ Շուշան Պետորսյանն անպայման պետք է պարզաբանի իր արարքը:

Հանրապետական այլ պատգամավորներ, օրինակ՝ Կարեն Ավագյանը, Արփինե Հովհաննիսյանը, հրաժարվեցին մեկնաբանել իրենց գործընկերոջ պահվածքը:

Անկախ

Հանձնարարվել է պարբերաբար մասնակցել քաղաքացիների ընդունելություններին

Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած աշխատանաքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին՝ ըստ ոլորտների համակարգող քաղաքապետի տեղակալներին և աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է պարբերաբար մասնակցել տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող այդ ընդունելություններին և անհրաժեշտության դեպքում օպերատիվ լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին:

Սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն