Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն ազդում է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա
2007-2008 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Տնտեսական ճգնաժամն ընդհանրապես փոխեց անշարժ գույքի ոլորտը:
Եթե 2000-2008 թթ. Հայաստանի անշարժ գույքի շուկան տարեկան 10-20% վերելք է ապրել, ինչն էլ նպաստել է բավական մեծ թվով բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների կառուցմանը և անշարժ գույքի շուկայում գումարների ներդրմանը, ապա 2008-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով անշարժ գույքի ոլորտը սառեց մոտ մեկ տարի: Մեծ թափով նվազեց ներդրումների քանակն անշարժ գույքի շուկայում: Նվազեց նաև գործարքների քանակը:
Եթե մինչև 2008 թ. մարդիկ անշարժ գույքի ոլորտը դիտում էին որպես ներդրումային, որից կարող էին բարձր եկամուտներ ստանալ, ապա 2008-ին հաջորդած տարիներից մինչ օրս մարդիկ առքուվաճառքի գործարքներ անում են, բայց շահութաբերության տեսանկյունից շատ սպասելիքներ չունեն շուկայից:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկանում ենք, որ Երևանում 2014 թ. հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14.1%-ով, իսկ 2013-ի հունվարի համեմատ` աճել 31.6%-ով:
«Կասկադ Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն, անշարժ գույքի շուկայի մասնագետ Վարդան Ավագյանի խոսքով` 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվը պակասել է: Եվ շուկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ այն գնորդները, որոնք մեծ բիզնես ունեն, նախընտրում են բնակարաններ ձեռք բերել քաղաքի կենտրոնում: Դրանով է պայմանավորված, որ քաղաքի կենտրոնում և՚ բարձր որակի շենքեր են կառուցվում, և՚ տուրիզմն է զարգացած:
«Բնակարան գնելով քաղաքի կենտրոնում` մեր հաճախորդը հասկանում է, որ այն կարող է իրեն եկամուտ բերել, ասենք` վարձակալության տեսքով: Քաղաքի կենտրոնում գործարքների արժեքը շատ բարձր է: Բավական մեծ է գործարքների թիվը նաև Արաբկիր վարչական շրջանում, որովհետև թաղամասը մաքուր է, փողոցները` հարմարավետ, բնակարանների գներն էլ 20-25%-ով ցածր են կենտրոնի համեմատ: Այս տարիների փորձը ցույց տվեց, որ մարդիկ նախընտրում են բնակարաններ ձեռք բերել նաև ծայրամասերում` պայմանավորված իրենց ֆինանսական հնարավորություններով: Հետևաբար, գործարքների թիվը ծայրամասերում ևս մեծ է»,- ասում է մասնագետը` նկատելով, որ տնտեսական ճգնաժամ հիմա էլ կա, այն թեև խանգարում է բիզնեսի զարգացմանը, սակայն անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները շարունակվում են:
Հայաստանի անշարժ գույքի ոլորտում մեծ փոփոխություն չբերեցին, բայց որոշ աշխուժություն մտցրեցին տարածաշրջանում լարվածության հետևանքով Հայաստան եկած սիրիահայերը, որոնք և՛ բնակարաններ գնեցին, և՛ վարձակալեցին: Բայց այդ աշխուժությունը գլոբալ առումով անշարժ գույքի գների աճի կամ նվազման վրա չանդրադարձավ:
«Անշարժ գույքի շուկան կայունություն է սիրում: Մեկ օրում անշարժ գույքի գինը չի կարող 50 հազարից դառնալ 80 հազար, դա կարող է տեղի ունենալ, օրինակ, մեկ տարում»,- ասում է Վարդան Ավագյանը:
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով` Երևանում 2014-ի հունվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակի 31.6 % աճը` 2013-ի հունվարի համեմատ, 1 քմ մակերեսի միջին շուկայական գների 0.04% աճը` 2013-ի դեկտեմբերի համեմատ, չպետք է կապել Հայաստան ներգաղթի հետ: «Ես դժվարանում եմ նման գնահատական տալ, որովհետև 00.4%-ն աննշան է, այս աճը լուրջ գնահատականների հիմք չի կարող դառնալ: Նման տատանումներ կարող են շատ լինել, եթե ավելի զգալի դառնան, նոր կարելի է խոսել աճի միտումների մասին: Եղել է նաև գների աճի տեմպերի անկում, ինչը երկար ժամանակ մնացել է անփոփոխ»,- ասում է նա:
Տնտեսագետին համամիտ է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետ Արմինե Դավիթյանը: Նրա կարծիքով` չի կարելի անշարժ գույքի գների աճի միտումը կապել ներգաղթի հետ, քանի որ աճը` տոկոսային առումով, ըստ վերջին տվյալների, առանձնապես մեծ չէ: «Չեմ կարծում, որ ներգաղթն ազդեցություն ունենա գների աճի վրա կամ ազդեցությունը մեծ լինի»,- ասում է Արմինե Դավիթյանը:
2014-ի հունվարին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները դիտարկելիս պարզ է դառնում, որ 2013-ի դեկտեմբերի համեմատ` դրանք աճել են 0.04%-ով: Անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 40.4%-ով, ընդ որում Երևանում՝ 59.5%-ով: 2014-ի հունվարին Երևանում անհատական բնակելի տների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, ներառյալ տնամերձի միավորի գինը, 2013-ի դեկտեմբերի համեմատ, մնացել են անփոփոխ: Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2014-ի հունվարին, 2013-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 42.6%-ով:
Այս տարվա հունվարին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 30 բնակարանների և 49 անհատական բնակելի տների վարձակալության գործարք:
Վարդան Ավագյանի խոսքով` 2014-ի հունվարի տվյալները բավարար չեն անշարժ գույքի շուկայի 2014-ի կանխատեսումներ անելու համար: Եվ ընդհանրապես, դժվար է կանխատեսումներ անել, քանի որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա մեծ ազդեցություն ունեն հատկապես արտաքին գործոնները: «Մենք ունենք մի քանի թիրախային կետեր, որոնք ազդում են մեր շուկայի վրա: Դրանք տարածաշրջանի երկրներն են և Ռուսաստանի Դաշնությունը: Եթե հարցնեք` ինչն է մեր շուկայի վրա ազդում, կպատասխանեմ` Ռուսաստանի վիճակը: Մեր բավական մեծ թվով հաճախորդներ Ռուսաստանի հայեր են»,- ասում է մասնագետը` հավելելով, որ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական վիճակն էականորեն ազդում է անշարժ գույքի շուկայի վրա:
Մասնագետը դժվարանում է ասել նաև, թե որքանով Մաքսային միության անդամակցությունը դրական կազդի անշարժ գույքի շուկայի զարգացման վրա: «Մենք դեռ չգիտենք, թե ինչ ընթացք կստանա Մաքսային միությանն անդամակցելը, որպեսզի կարողանանք կանխատեսումներ անել նաև անշարժ գույքի ոլորտում»,- ասում է Վարդան Ավագյանը:
Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Թեհրան
Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասաց, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։
Թեհրանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մանսակցությամբ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում արդեն իններորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադրձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին:
Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա դարձան միջազգային օրակարգի հարցեր:
Նախարար Զարիֆը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս հայտնեց, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար:
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։
Զրուցակիցները անդրադարձան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։
Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորշման կարևորոությունը:
Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ տվեց արտաքին գործերի նախարարությունում:
Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:
Ալի Լարիջանին խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրների:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ:
Դավիթի ոտքերը ծալվում են
Միքելանջելոյի Դավիթը երկրաշարժի կամ էլ ճանապարհային աշխատանքների դեպքում կարող է ընկնել` կոճերի հատվածում առաջացած ճաքերի պատճառով, որոնք հայտնաբերել են ուսումնասիրողները:
Հնարավոր է, որ ճաքերն առաջացած լինեն փողոցում ցուցադրության ժամանակ, երբ այն թեքությամբ էր տեղադրվել: Վնասվածքի պատճառով Դավթի ոտքերն այլևս չեն կարողանում կրել մարմնի ծանրությունը, իսկ գիպսով դրանք լցնելն այնքան էլ արդյունավետ չէր: Մարմարի վատ որակն արձանի ընդանուր քաշի պարագայում արձանի վնասման որոշիչ գործոն է , չնայած հաճախ կատարվող նորոգման աշխատանքներին: Ոմանք առաջարկում են այն հատուկ սենյակ տեղափոխել, որտեղ կարելի է պաշտպանել երկրաշարժերի ու զբոսաշրջիկների քայլից առաջացող տատանումներից, կամ էլ առաջարկվում է հատուկ շինությունում տեղադրել, քաղաքից դուրս: Դավիթի մարմարե արձանը ֆլորենտական հասարակությանն է ներկայացվել Սինյորիայի հրապարակում, 1504-ի սեպտեմբերի 8-ին: 5- մետրանոց արձանը Ֆլորենցիայի խորհրդանիշն է, վերածննդի դարաշրջանի արվեստի գագաթներից մեկն ու ընդհանուր առմամբ` մարդկային հանճարի դրսևորումը: 1873-ին արձանի բնօրինակը տեղափոխեցին Ֆլորենցիայում գտնվող գեղեցիկ արվեստների թանգարան, իսկ նրա տեղում կանգնեցրեցին պատճենը: 1991-ին այդ արձանի վրա հարձակվեց մուրճով զինված մի վանդալ, որը` մինչ ոստիկանները նրան կմեկուսացնեին , հասցրեց արձանի ձախ ոտքի մի քանի մատից բեկորներ պոկել:
Հովիկ Աբրահամյանը կոչ է անում «Արմենիա»-ի ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր անունը սխալ գրելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին և մոնտաժողին աշխատանքից հեռացնելու փաստին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է.««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը»:
Հիշեցնենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ռեպորտաժներից մեկի ժամանակ տիտրում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը գրվել էր “Հավիկ”, որի պատճառով աշխատանքից ազատվել էին նյութի հեղինակն ու մոնտաժողը:
Վարչապետին «Հավիկ» ներկայացրած «Արմենիա» TV-ի լրագրողն ու մոնտաժողն ազատվել են աշխատանքից .Առավոտ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու եւ եթեր հեռարձակելու պատճառով «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի միանգամից երկու աշխատակից է աշխատանքից ազատվել` նյութի հեղինակ լրագրողն ու ռեպորտաժը մոնտաժողը: Լրատվականի ղեկավար Գագիկ Մկրտչյանը Aravot.am-ին ասել է, որ կատարվածին քաղաքական ենթատեքստ պետք չէ տալ. «Եղել է ընդամենը վրիպակ, ոչ մի դիտավորություն չի եղել, մեղավորներն արդեն աշխատանքից ազատվել են»: Հարցին՝ կատարվածի վերաբերյալ վարչապետի կողմից նկատողություն ստացե՞լ եք, ասաց` ոչ:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել և զարգացնել: Մեզ համար սպորտը կարևոր ոլորտ է, և որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջև դրվելիք ծրագրերը»:
Այնուհետև ելույթ են ունեցել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին ու նորանշանակ նախարարները: Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորել Գաբրիել Ղազարյանին և հաջողություն մաղթել: Իր հերթին Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ աշխատանքային գործունեության արդյունքում ավելի խորը և ճիշտ է ընկալում ոլորտում առկա խնդիրները, անձնապես ճանաչում է նախարարության աշխատակազմին և պատրաստ է համատեղ աշխատել նոր թափով: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել վարչապետին, որ նախարարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ ծրագրերը և նոր ձեռքբերումներ արձանագրել:
Արամ Օրբելյանն ու Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել. Panorama.am

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը և արդարադատության նախարարի նախկին մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում են ներկայացրել: Այդ մասին Panorama.am–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխատանքից այլ ազատումների մասին տեղեկություն չկա:
«Նախարարը դեռ նոր է ստանձնել իր աշխատանքային պարտականությունները, ուստի կադրային քաղաքականության մասին խոսելը վաղ է», -փոխանցեցին ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կարինե Քալանթարյանը Panorama.am-ին ասաց, որ որևէ խնդիր չունի նոր նախարարի հետ կապված և բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզը:
«Ես եկել էի Հրայր Թովմասյանի հետ և նրա հետ էլ դուրս եմ գալիս աշխատանքից: Ես պետական մարմնում չեմ կարող աշխատել ու ինձ ավելի հոգեհարազատ է լրագրողի աշխատանքը», -փոխանցեց տիկին Քալանթարյանը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում՝մայիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին շրջանների զգալի մասում, 9-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 6-ին կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ը նույնքան կնվազի:
Կոչ համայն հայությանը. քվեարկեք Արամ MP3-ի օգտին
Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը կոչ-նամակ է տարածել` ուղղված համայն հայությանը: Նամակում ասվում է. «Մայիսի 6-10-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ը:
Ուստի դիմելով ձեզ՝ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը կոչ է անում ակտիվորեն քվեարկել մեր մասնակցի օգտին:
Արամ Mp3-ը ունի բոլոր նախադրյալները Եվրատեսիլը Հայաստան բերելու համար: Ավելացնենք դրան մեր աջակցությունը, և հաղթանակը, անկասկած, մերը կլինի: Վկա է մեր պատմությունը, որ փառահեղ հաղթանակներ ենք տարել, երբ միասնական ենք եղել:
Մեր կազմակերպության կարգախոսն է՝ «ՈՒժեղ ենք, երբ միասին ենք»: Եվրատեսիլյան օրերին առաջնորդվենք այս կարգախոսով և հնարավորություն տանք Հայաստանին 2015 թվականին հյուրընկալելու մեր վարդագույն Երևանում եվրոպական երգի մրցույթը: Մենք հավատում ենք Արամ Mp3-ի հաղթանակին, որին մեծապես կնպաստեք դուք, սիրելի սփյուռքահայեր, ձեր քվեարկություններով»:
Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա
Ապրիլի 28-30-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և կարողությունների զարգացման խնդիրներին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը:
ՈԱԱԿ աշխատակիցները զեկույց են ներկայացրել «Որակի արտաքին ապահովում. որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները և գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում :
Քննարկվել են նաև անդրազգային կրթության որակի ապահովման չափորոշիչները և մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը և այլն:
Բնակարանի շուրջ ծավալված ընտանեկան վեճը միայնակ մորը զրկել է վերջին երազանքից
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Սակայն Կարինեն դժգոհ չէր լինի իր ճակատագրից և իրեն կհամարեր աշխարհի ամենաերջանիկ մայրը, եթե չլինեին հայրական բնակարանի շուրջ ծագած ընտանեկան թնջուկը, արդեն տարիներ ձգվող դատական գործընթացը և այն նվաստացումներն ու նյարդային պահերը, որ ստիպված է տանել ամեն օր բնակարանային վեճի շուրջ:
Նորքի առաջին զանգվածում գտնվող նրա հայրական բնակարանը, որի արժեքն այնքան էլ մեծ չէ, որքան որ նրա շուրջ ստեղծված աղմուկը, հոր մահից հետո հոր մասնաբաժնի հետ միասին բաժանվել է երեք համասեփականատերերի միջև՝ Կարինեի, նրա փոքր եղբոր և հոր կնոջ (1983 թ. Կարինեի մայրը մահացել է, երբ ինքը 21 տարեկան էր, և հայրը երկրորդ անգամ է ամուսնացել):
Կարինեն ուներ ևս մի եղբայր և մի քույր: Մեծ եղբայրը հայրական տնից գնացել էր դեռևս 1983 թ., բնակարան էր ստացել Դավիթաշենում և իր ընտանիքով ապրում էր այնտեղ, իսկ քույրն ամուսնացած էր: Երկուսն էլ հայրական տան համասեփականատերեր չէին և որևէ պահանջ չունեին:
2000 թ. սկզբներին մեծ եղբայրն իր Դավիթաշենի բնակարանը վաճառում է, ընտանիքով մեկնում Մոսկվա, ուր մի քանի տարի անց երիկամների խնդիրների պատճառով մահանում է:
Եղբոր դին տեղափոխում են Հայաստան, կազմակերպում թաղումը: Այդ ժամանակվանից էլ, ըստ Կարինեի, մահացած եղբոր կինը՝ Գայանեն, խոսակցություններ է սկսում հայրական բնակարանից բաժին ստանալու մասին: «Հարսս միշտ գրանցված է եղել իր հոր տանը, իր օրիորդական ազգանունն է կրել, բայց եղբորս մահից հետո՝ 2008-ին, փոխեց, մեր ազգանունով գրվեց»,- ասում է Կարինեն:
Մահացած եղբոր ընտանիքը կրկին վերադառնում է Ռուսաստան, փոքր եղբայրն էլ է մեկնում: Հոր կինը դեռևս 2003-ից գտնվում էր Թուրքիայում, աշխատելու նպատակով էր գնացել, և հայրական տանը մնացել էր Կարինեն որդու հետ:
2007-ին մահացած եղբոր կինը փոքր աղջկա և որդու հետ որոշում է տեղափոխվել Հայաստան:
«Ես մեծ ուրախությամբ գնացի նրանց դիմավորելու,- պատմում է Կարինեն,- եկան մեր տուն, և ընդամենը մի քանի օր հետո սկսվեց… Հոգեբանական ճնշումներ, վատ խոսքեր իմ հասցեին: Եղբորս կինն ու աղջիկը մեր աչքի առաջ իրենց տղային ճոխ ուտելիքներով կերակրում էին, մեզ արհամարհում, չէին թողնում, որ իրենց տղան իմ տղայի հետ խաղա, ասում էին՝ բիճ»:
Կարինեի հայրական տունը, որտեղ նա իր ողջ կյանքն է անցկացրել, դարձել էր իսկական դժոխք, որտեղ նա իրեն պատանդի պես էր զգում: Փոխարենն իրեն լիակատար տանտիրուհու կարգավիճակում էր զգում հարսը, որն իր ուզած ձևափոխումներն էր անում տանը և առիթը բաց չէր թողնում Կարինեին հիշեցնելու, որ ինքն այս տանն օրինական հարս է, մինչդեռ նա ապօրինի որդի է բերել այս տուն:
Կարինեի խոսքով՝ հարսն ամեն ինչ անում էր, որ ինքը հեռանա իր հայրական տնից, որպեսզի նա ու իր երեխաները լիարժեք վայելեն իրենց ազատությունը և հետո կամաց-կամաց բնակարանն իրենցով անեն:
Այդ ժամանակահատվածում Կարինեի որդու հայրը մի քանի անգամ գալիս է երեխային տեսնելու: Կարինեն հույս ուներ, որ նա իրեն ու որդուն կտանի այդտեղից, և իրենք նորմալ ընտանիք կկազմեն՝ հեռու բոլոր նվաստացումներից: Բայց, ցավոք, երեխայի հոր այցերն ընդամենը մի քանի ժամով նրանց հետ ժամանակ անցկացնելու նպատակ ունեին, ոչ ավելին: Հասկանալով դա՝ Կարինեն արգելում է նրան այցելել իրենց՝ այդպիսով խաչ քաշելով նաև ընտանեկան փոքրիկ ու ջերմ անկյուն ունենալու հեռանկար վրա, որն իր կյանքի միակ երազանքն էր:
2009 թ. հարսը՝ Գայանեն, անցնում է գործնական քայլերի. նախ դիմում է նոտարական գրասենյակ սկեսրայրի մասնաբաժինը ժառանգելու հարցով: Բայց Կարինեն անհամաձայնություն է հայտնում, և նրան մերժում են:
Այնուհետև, Կարինեի պատմելով, հարսը կեղծ փաստաթղթեր է հայթայթում հարևաններից, համատիրությունից, թե իբր Կարինեն երբեք այդ տանը չի ապրել, փոխարենը թղթեր է ներկայացնում, թե իբր ինքը 1979 թվականից, ինչ հարս է եկել, ապրում է այդ բնակարանում, և դիմում է դատարան` ստանալու սկեսրայրի մասնաբաժինը: Դատավորը որոշում է կայացնում նրա օգտին:
Կարինեն եղբոր հետ բողոքարկում է դատավճիռը, և վերաքննիչ դատարանը վճիռը բեկանում է: Բայց Գայանեն այդպես հեշտ հանձնվողներից չէր: Նա նորից է դիմում դատարան: Սակայն դատավոր Սամվել Բաբայանը վճիռ է կայացնում հօգուտ Կարինեի՝ հոր մասնաբաժինը հատկացնելով նրան և նրա հոր կնոջը:
Այս անգամ էլ հարսն է վճիռը բողոքարկում, որը նորից բեկանվում է, և գործը գնում է առաջին ատյանի դատարան: Ս.թ. ապրիլի 10-ին դատավոր Գայանե Մազմանյանը նոր վճիռ է կայացնում հօգուտ հարսի:
Այժմ Կարինեն է պատրաստվում այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Եվ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի այդ անվերջանալի շրջապտույտը:
Մինչ վերաքննիչ դատարան դիմելը Կարինեն դիմել է նաև արդարադատության նախարարություն և ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով իր գործի նկատմամբ անաչառ դատավարություն: Նա կասկածներ ունի, որ հարսը նաև դատավորներին է կաշառում:
Կարինեն պատմում է, որ եղբոր կինն ու նրա երեխաները ապրում են հոյակապ պայմաններում: Դավիթաշենում երեքսենյականոց բնակարան են գնել, աղջիկն այնտեղ է տեղափոխվել, արտասահմանյան շքեղ մեքենա է վարում, թե ինչ միջոցներով` Կարինեն միայն ենթադրություններ կարող է անել: Հարսն էլ իր սիրեկանի հետ երջանիկ ապրում է. մի օր Դավիթաշենում՝ աղջկա մոտ, մի օր իրենց տանը, որպեսզի աչքը բնակարանի վրա պահի:
Կարինեն բարձրագույն կրթություն չի ստացել, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նորքի հիվանդանոցում՝ կադրերի բաժնում: Հիմա չի աշխատում: Խոստովանում է, որ չնայած իրեն հնարավորություն էր տրված աշխատանքում առաջ գնալու, դա իրեն քիչ էր հետաքրքրում, քանի որ երազում էր ընտանեկան կյանքի, երեխաների մասին:
Իսկ հիմա ուզում է աշխատել, բայց ծագած խնդիրները չեն թողնում: «Ես շատ անճար վիճակի մեջ եմ, հիմա իմ մասնաբաժինը դրել են կալանքի տակ, քանի որ վարկով փոքրիկ գումար էի վերցրել: Նպաստ էլ չեմ ստանում, քանի որ պատճառաբանում են, թե տանն ապրողներ կան: Մեկ հորեղբորս տուն եմ գնում, մեկ քրոջս, մուրացկանի նման ապրում եմ: Երեխաս մեծ տղա է, ո՛չ հեռախոս ունի, ո՛չ համակարգիչ, խիղճս տանջում է: Էլ չեմ ասում պարտքերի մասին խանութներում»:
Կարինեն ձեռքի շնորհք էլ ունի, շատ լավ գործում է, բայց ինչպես ասում է, հոգեբանական այնպիսի ճնշման մեջ է, որ չի կարողանում կենտրոնանալ, իր կյանքը դասավորել. «Էս անորոշությունն ինձ թույլ չի տալիս մի բան ձեռնարկել, ամբողջ օրը վազվզում եմ էս դատարանից էն դատարան: Պետք է էս պատմությանը վերջ դրվի»:
Եթե բնակարանի հարցը լուծվի հօգուտ Կարինեի, և որոշեն վաճառել այն՝ բաժանելով երեք համասեփականատերերի միջև, բնակարանի վաճառքից ստացված գումարը յուրաքանչյուրի համար կկազմի մոտ 10-11 հազար դոլար: Թե ինչ կանի այդ գումարով Կարինեն, առայժմ չգիտի: Առաջին միտքը, որ գլխում ծագում է, Հայաստանից հեռանալն է, բոլորից հեռու, որդու հետ միասին նոր կյանք սկսելը և որդուն արժանավայել մեծացնելը:
Անի Գասպարյան
Այս տարի Երևանը կզարդարի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Վաղ գարնանից ծաղկած շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկման շրջանն ավարտված է, և արդեն սիզամարգեր են տեղափոխվում Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն ծաղկասածիլները: Բացի այս, երևանյան կանաչ տարածքները կզարդարեն նաև շուրջ 40 հազար վարդ ու 150 հազար փիփերթ: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանում կծաղկի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ: Արդյունքում 2014թ.-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Զբաղվածության մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները
Մայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին և Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների մասին խոսեցին «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ու կազմակերպության Հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը: Նրանց մասնավորապես մտահոգում է զբաղվածության օրենքում կատարված փոփոխությունները: Նշենք, ար նախկինում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմում էր տրամադրվում, որը վերջերս կառավարության որոշմամբ փոփոխման ենթարկվել:
«Հունվարի 1-ից զբաղվածության մասին նոր օրենքը դուրս եկավ: Եղան և´ դրական և´բացասական փոփոխություններ: Շուտով երկու տարվա տեղը կես տարի է փոխհատուցումը տրվելու, այսինքն` եթե առաջ պետությունը 2 տարով էր տալու գործատուին փոխհատուցում հաշմանադամություն ունեցող մարդուն աշխատանքի վերցնելու համար, ապա հիմա տրվելու է կես տարով»,- ասաց «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան:
Ըստ Մարիաննա Չալիկյանի` նախկինում այդ կարգը մեծ հնարավորություն էր ընձեռում հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ երկու տարվա ընթացքում մարդը դառնում է մրցունակ, իսկ վեց ամսվա աշխատանքային փորձը քիչ բան կարող է փոխել: «Նախկինում կարգը տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա՝ անկախ կարգից, իսկ այս դեպքում՝ միայն առաջին կարգ ունեցողների վրա, նաև այն մարդկանց վրա, ովքեր բացի հաշմանդամության կարգից ունեն նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ենթարկվել են թրաֆիքինգի»,-հավելեց նա:
Պարոն Ալավերդյանը անդրադարձավ նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին, նշելով, որ կան առանձին հաստատություններ, որոնք հասանելի են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, սակայն թանգարանների և նման կառույցներըի մեծ մասը այսօր չի ապահովում հավասար պայմաններ բոլորի համար:
Երեխայի ծննդյան ամիսն ազդում է նրա իմունային համակարգի վրա
Ուսումնասիրելով պորտալարի արյան նմուշները` գիտնականները պարզել են, որ մայիս ամսին ծնված երեխաների օրգանիզմում D վիտամինը 20%-ով ավելի քիչ է, քան նոյեմբեր ամսին ծնվածների օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է ավտոռեակտիվ T բջիջներին, ապա դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների օրգանիզմում:
Լոնդոնյան և Օքսֆորդի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունն ապացուցում է, որ երեխայի լույս աշխարհ գալու ամիսը նշանակալի ազդեցություն է ունենում նրա իմունային համակարգի գործարկման, ինչպես նաև օրգանիզմում D վիտամինի մակարդակի վրա:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 10 հազար մարդ տառապում է ցրված սկլերոզ հիվանդությամբ, որի հետևանքով մարդու իմունային համակարգը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը: Նշված հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է տեսողության, լսողության, հիշողության, շարժումների ակտիվության խանգարումներով: Համարվում է, որ այս հիվանդության պատճառներն են գեներն ու շրջակա միջավայրը:
Հետազոտությունը հիմնվել է Լոնդոնում 2009-2010թթ. նոյեմբեր ամսին ծնված թվով 50 երեխաների պորտալարի արյան նմուշների ուսումնասիրման վրա:
Մասնագետները վերլուծել են պորտալարի արյան նմուշը D վիտամինի և T բջիջների պարունակության տեսանկյունից: T բջիջները, հայտնաբերելով և ոչնչացնելով վարակները, պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար: Սակայն որոշ T բջիջներ ավտոռեակտիվ են և կարող են վնասել սեփական օրգանիզմի բջիջները՝ հանգեցնելով իմունային հիվանդությունների: Նման բջիջները պետք է ոչնչացվեն իմունային համակարգի զարգացման ընթացքում, իսկ դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 3-ին, ժամը 03.00-ին, Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտ գտնվող այգու տարածքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սրճարանի պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 2/3 շենքի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նշավան-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 01.30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Մոսկվիչ 2715» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանն ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վարդենիսի Համբարձումյան փողոցում «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ՄԱԶ-5334» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջեռո ԻՈ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 18.20-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, Որոտան-Սիսիան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեք ենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 15.00-ին, 39-ամյա մի տղամարդ ներկայացել է բաժին և հայտնել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:
Կատարվում է քննություն:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները (ապրիլի 28-ից մայիսի 4-ը)
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Միասնական թիմ, միասնական պատասխանատվություն, միասնական մոտեցում համակարգի խնդիրներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ այսպիսին էր վերանշանակումից հետո արտադրական առաջին խորհրդակցությունն անցկացնող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավոր պահանջը համակարգի պատասխանատուներից՝ կապված նոր կառավարության կազմով պայմանավորված տնտեսական նոր մթնոլորտի ձևավորման հետ։
Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշեց, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն առաջին հերթին թիրախային այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են.
● Տնտեսական աճի պարտադիր ապահովումը։
● Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը առաջին հերթին պետք է հիմնավորվեն գյուղացու սպասելիքներով, արդարացնեն դրանք, լինեն խիստ իրատեսական և նպատակային։
●Նախաձեռնողականության խթանումն աշխատանքային բոլոր օղակներում։
●Աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը։
●Հանձնարարականների կատարման օպերատիվության և որակի ապահովումը։
●Խնայողության ռեժիմի խստորեն պահպանումը, գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա։
●Բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքումը։
●Մարզպետարանների գյուղվարչությունների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը։
Ամփոփելով խորհրդակցությունը, նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց կատարողական կարգապահության նկատմամբ անձնական պատասխանատվության կարևորությունը։ «Մենք աշխատանքային նոր էջ ենք սկսում, որտեղ թիմային մտածողությամբ հարցերին մոտենալը ոչ թե կարևոր, այլ պարտադիր պայման է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան միասնական պատասխանատվության և միասնական մոտեցումների դաշտից, դուրս կմնան նաև համակարգից։ Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի».- նշեց նախարար Սերգո Կարապետյանը։
«Դեմ եմ»-ի պահանջի երթը` մայիսի 8-ին
«Դեմ եմ» շարժումը և պարդադիր կուտակայինին դեմ քաղաքացիները մայիսի 8-ին երթ կանցկացնեն երթ կանցկացնեն:
«Դեմ եմ» շարժման տարածած հաղորդագրությունում ասվում է. « ՀԱՅԱՍՏԱՆԻ Խրոխտ և Պայքարող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
Մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվա կինոթատրոնի մոտ հավաքվելու ենք և ԵՐԹ անենք: Քանի դեռ ՀՀ քաղաքացիներին թալանում են իշխանությունները, մենք չենք դադարեցնելու պայքարը: Եկեք ամբողջ ուժով, որքան որ կարողենք, ՇԱՏ-ՇԱՏ ու ՇԱՏ մարդկանց ներգրավենք և հրավիրենք բողոքի ակցիային, քանի որ սա ԲՈԼՈՐԻ շահերի համար է: Մեզ համար կարևորագույն խնդիրը այսօր մեր հայրենակիցներին ոտքի հանելն է, պայքարի ոգեկոչելը: Կասկած չունեմ, որ մեզնից ամեն մեկի մեջ մի քաջարի հայորդի է, որին պետք է ուղղակի զարթնեցնել և ներգրավել ՄԵԾ ԳՈՐԾԻ մեջ: Մենք կարող ենք, ուղղակի ամեն մեկիցս պահանջվում է ՄԵԾ ՋԱՆՔ ու ԵՌԱՆԴ: Հոգով և սրտով նվիրված գնանք ԱՌԱՋ, քանի դեռ չկա ցանկալի արդյունք»:


