Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, գործադիրը ի թիվս այլ հարցերի քննության է առել օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնցով հանդես են եկել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածում փոփոխություն և լրացումներ կատարելու առաջարկությամբ հանդես եկած խորհրդարանականների նպատակն է սահմանել տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման պահանջը չկատարելու հարուցած պատասխանատվությունը: Օրենքի փոփոխությամբ, ըստ հեղինակների, կապահովվի նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը: ՀՀ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ ներկայացված նախագծի ընդունմանը, սակայն, նկատի առնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի հեղինակներին առաջարկում է խնդրին անդրադառնալ խմբի աշխատանքի ավարտից հետո:
ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը միտված է «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությանը, որի անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, բխում է այն հանգամանքից, որ օրենքը պարտադրում է աուդիտ անցկացնել այն կուսակցություններին, ում ակտիվների չափը գերազանցում է սահմանված շեմը. այսպիսով ֆինանսական բարդ վիճակում են հայտնվում աուդիտ անցկացնելու միջոց չունեցող կուսակցությունները: Պատգամավորներն առաջարկում են աուդիտի պահանջը գործի դնել տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում: Կառավարությունն իր հերթին կողմ է օրենքի նախագծի այնպիսի խմբագրման, երբ աուդիտ չի անցկացվի այն դեպքում, երբ կուսակցության լիազոր մարմին հայտարարություն ներկայացվի, որ հաշվետու տարում կուսակցության ակտիվների փոփոխություն չի եղել: Այս առաջարկությունն ընդունելու դեպքում գործադիրն ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Կառավարությունը քննության է առել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլեխաղով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի: Սկզբունքորեն կողմ լինելով նախագծին, կառավարությունը այն կածիքին է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և անում է համապատասխան առաջարկություններ:
Գործադիրը քննարկել է «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Օրենքի նախագծի հիմքում դրված է փորձագետների այն եզրակացությունը, որ Արարատյան արտեզյան ավազանի (ԱԱԱ) ստորերկրյա ջրերի 1984թ. հաստատված արդյունաբերական պաշարը հուսալի և իրատեսական է և վերագնահատման կարիք չունի: Կառավարության եզրակացությունը փաստում է, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարի արդյունավետ օգտագործման խնդիրների լուծման նպատակով մշակվել և արդեն իսկ կառավարության հավանությանն են արժանացել մի շարք իրավական ակտերի նախագծեր: Պատգամավորին առաջարկվում է համագործակցել կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան – Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են.
Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:
Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան – Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան – Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից:
Լավագույն կառավարության աշխատանքի արդյունքներն աննշան կլինեն Հայաստանում. տնտեսագետ
Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ քննարկվում է, թե ով պետք է լինի հաջորդ վարչապետը, ինչ հատկանիշներ պետք է ունենա կառավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեման տնտեսական տեանկյունից դիտարկեց կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանը:
Հայաստանի տնտեսությունը ունի երեք խոշորագույն կախման ուղիներ. ներքին` օլիգարխիկ տենտեսությունը սերտաճած է պետական մարմիններին: «Եթե կառավարությունը չլինի հարմարվող, կարող է դիպչել օլիգարխների շահերին, կսկսվի պայքար, որում կհաղթի օլիգարխիան»:
Ըստ տնտեսագետի` կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են Հայաստանի վրա. Հայաստանը ունի մեծ տնտեսական կախվածություն Ռուսաստանիից և ֆինանսական կախվածություն ԱՄՆ-ից:
«Յուրաքանչյուր կառավարություն պետք է այդ հանգամանքերը հաշվի առնի: Ռուսաստանի ճնշումը արտահայտվում է Մաքսային Միության կազմ մտնելու պարտադրանքով, իսկ Արևմուտքը պարտադրում է մասնակցել ԵՄ տնտեսական համաձայնագրերին: Մենք միշտ մեծ ակնկալիքներ ենք ունենում կառավարությունից, բայց հաշվի չենք առնում այդ ճնշումները»,-նշեց Մեսրոպյանը:
Նրա կարծիքով` կուտակային կենսաթոշակների հարցը ևս դրվում է Արմուտքի ճնշման միջոցով. «Ասում են` Հայաստանի ութսուն տոկոսը դեմ է կուտակային կենսաթոշակներին, սակայն ԱՄՆ-ը բառացիորեն ստիպում են ընդունել դա, իսկ մի՞թե ԱՄՆ-ը հանդես չի գալիս ժողովրդավարական արժեքների տարածողի դերում» :
Հայաստանի կառավարությունը դրսում պինդ հենարան չունի, ներսում էլ չունի , քանի որ օլիգարխները ևս այստեղ շահեր ունեն: «Եթե Հայաստան գա աշխարհի լավագույն կառավարությունը, դրա արդյունքները կլինեն աննշան»,-ասաց կառավարման մասնագետը բացատրելով դա նրանով, որ 1991 թվականին մեր հանրապետությունը ստեղծվեց շատ անհաջող ձևով: Հայաստանը խորհրդային համակարգը կարկատեց իրեն: Մյուս կոպիտ սխալը «մեզ հետ ես` պաշտոն ունես, մեզ հետ չես` պաշտոն չունես» սկզբունքի օգտագործումն էր, որը նույնպես ժառանգվել է կոմունիստական համակարգից: Արդյունքում լավագույն ռեսուրսները չօգտագործվեցին:
Ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնել է հայկական կողմին,լրացված
Մոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին: ՙՙԶանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:ՙՙԱսել են, խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ՚՚,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. ՙՙԸնդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության՚՚:
Ով էլ լինի նոր վարչապետը…
Այս օրերին Հայաստանում քաղաքական ամենաթեժ թեման, թերևս, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն է և այդ հրաժարականով պայմանավորված գործընթացներն ու իրադարձությունները: Ամենահաճախ տրվող հարցը, ըստ երևույթին, այն է, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց փոխել վարչապետին, որքան էլ որ փորձում են հավաստիացնել, թե դա հենց Տիգրան Սարգսյանի անձնական նախաձեռնությունն էր:
Մանավանդ որ բոլորը միաբերան սկսեցին հայտարարել, թե վարչապետի փոփոխությունը սպասված էր, ուղղակի ժամկետն էր անսպասելի: Այս տեսակետը փորձում են հիմնավորել երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակով, տնտեսական քաղաքականության արդյունքներով, կենսաթոշակային բարեփոխումների ձախողմամբ, վերջապես, քաղաքացիական հասարակության ու ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի` «հրաշալի քառյակի» գործունեությամբ: Համենայն դեպս քառյակը հայտարարել էր ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու իր որոշման մասին: Եվ քառյակի բոլոր քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է:
Փոխզիջում լինում է վտանգի սպառնալիքի առկայության դեպքում
Այս առումով բավականին հետաքրքիր դիտարկում ունի քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, որ օրերս նշեց, թե ցանկացած զիջում պայմանավորված է սպառնացող վտանգներով: Քաղաքագետը համոզված է, որ այս պարագայում իշխանություններին պետք չէր հարմար առիթ վարչապետ փոխելու համար, քանի որ չկա այն քաղաքական դաշտը, որը սպառնում է նրան:
«Նա կարող է փոխել վարչապետին, որովհետև այդպես է ցանկացել, խորհրդարանում մեծամասնություն ունի, կառավարությունը հանրապետական կառավարություն է, և նրանք հաղթել են բոլոր քաղաքական հարթակներում: Իշխանությունը զիջումների է գնում այն դեպքում, երբ ընդդիմության հետ որոշակի խնդիրներ է ունենում, երբ ինչ-որ մեկը սպառնալիք է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Սակայն արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա: Տիգրան Սարգսյանի հրաժարականը, փաստորեն, օրակարգից հանեց ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և նույն պահանջով ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու նախաձեռնությունները:
Բացառված չէ, իհարկե, որ վարչապետի հրաժարականը բազմաշերտ ու բազմաքայլ կոմբինացիայի մի փոքրիկ հատվածն է միայն: Այս առումով նույն Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ սովորաբար կառավարություններն այդքան երկար չեն պաշտոնավարում, և կառավարություն զոհաբերելը նորմալ քաղաքական տեխնոլոգիա է: «Այն հակասությունները, որ կան ՀՀԿ-ի ներսում, բավականաչափ ուժեղ են և ուժեղանալու էին ընտրական փուլերում` ՀՀԿ-ի լիակատար հաղթանակից հետո: Որ կատարվում է համակարգի որոշակի ձևափոխում ընդհանուր առմամբ, որ այս փոփոխությունը կլինի` ոչ ոք չէր կասկածում: Իհարկե, կոնկրետ ժամկետը հանրապետությունում հավանաբար գիտեին միայն մեկ կամ 3-4 հոգի, բայց դա որոշում է, որ ընդունել է մեկ անձ»,- նշեց նա:
Սակայն փաստ է, որ դրանով կանխվեցին ապրիլի վերջին հենց այս քառյակի նախաձեռնություններով պայմանավորված հնարավոր, գուցե նաև անկանխատեսելի հետևանքներով հղի հասարակական-քաղաքական զարգացումները: Այդ հեռանկարը թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ իշխանությունը հաշվի չառնել չէին կարող:
Այլ հարց է, որ կառավարությունը փոխելու պահանջը կատարելով այս փուլում` նախագահն իսկապես խառնեց քառյակի խաղաքարտերը: Սա ստեղծել է նոր իրավիճակ, որը քաղաքական ուժերից պահանջում է բոլոր ծրագրերի հիմնովին վերանայում: Որովհետև այլ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու վարչապետի հրաժարականն ընդունվեց հենց հիմա, քանի որ վարչապետ փոխելու ավելի հարմար առիթներ են եղել, օրինակ` նախագահական ընտրություններից անմիջապես հետո կամ նախագահի «պատվիրած» տնտեսական աճի ցուցանիշը չապահովելու ժամանակ:
Ի՞նչ կլինի «հրաշալի քառյակի» հետ
Վարչապետի հրաժարականից հետո, ինչպես գիտենք, տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել: Ու թեև վարչապետի հրաժարականից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ մենք մեծ փոփոխությունների նախաշեմին ենք», և հավելել է, որ իրենք ձգտում են ամբողջական իշխանափոխության, որը կլինի շուտով, այնուամենայնիվ, Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակի հանդիպման օրակարգում ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի եղել:
Ինչևէ: «Ժառանգությունը» հաղորդագրություն տարածեց և հետագա համագործակցության անհրաժեշտ պայման դրեց` «հրաշալի քառյակի» ղեկավարների հանդիպման հարցը: Այն հարցին էլ` եթե չորս ուժերի առաջնորդների հանդիպումը չկայանա, «Ժառանգությունը» դո՞ւրս է գալու չորսի ֆորմատից, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Այդ հարցը կա մեր օրակարգում, և առաջիկայում մենք այդ հարցը քննարկելու ենք»:
Քաղաքական հաջորդ ուշագրավ իրողությունն այն էր, որ մի շարք լրատվամիջոցներ սկսեցին ակնարկել, որ այս հինգշաբթի տեղի են ունենալու ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստեր, ու հենց այդ օրն էլ կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը: Նշվում է, որ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնած է Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա:
Կարծես այս տեղեկությունը սկսում է հավաստի դառնալ, մանավանդ որ վարչապետի հրաժարականի հենց հաջորդ օրը խորհրդարանում կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա խնամու` «հրաշալի քառյակի» կարկառուն ներկայացուցիչ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նոր վարչապետի թեկնածության առումով լրատվամիջոցներից մեկին ասել է. «Ճիշտը միասնական թեկնածուն է»:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում նշել է, թե ինչ պաշտոն էլ որ Սերժ Սարգսյանն առաջարկի ԲՀԿ-ին նոր կառավարության կազմում, դա ձեռնտու է լինելու նրանց: «Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն դեմ չի լինելու մտնել այդ կառավարություն, եթե ինչ-որ առաջարկ նրան արվի»,- ասել է Մինասյանը:
Բայց մի կարևոր հարց էլ կա: Ինչպես նշվում է, իրականում կատարվելու է ոչ թե անձի, այլ անձերի փոփոխություն, և կառավարության կազմում հավանաբար կփոխվի ոչ միայն վարչապետը, այլև` որոշ նախարարներ: Եվ այս համատեքստում քննարկման թեմա է դարձել նաև «ազգային համաձայնության կառավարություն» հասկացությունը: Սա, ըստ էության, նշանակում է նոր կոալիցիոն կառավարություն:
«Ժառանգությունում», համենայն դեպս ապրիլի 8-ի դրությամբ, ինչպես ասաց կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, չի քննարկվել այն հարցը, թե եթե ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, կուսակցությունը մաս կկազմի՞ այդ կառավարությանը, թե՞ ոչ: ԲՀԿ-ի մասին արդեն նշվեց, ՀԱԿ-ը դեռևս լուռ է: Պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին` ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ազգային համաձայնության կառավարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Մենք բազմիցս ենք ասել, որ Դաշնակցությունն ունի իր մոտեցումները, որոնք վերաբերում են երկրում արմատական ու համակարգային փոփոխություններին: Դաշնակցությունը կներկայացնի իր առաջարկությունները, եթե դրանք ընդունվեն, մնացածն արդեն հաջորդ հարցերն են: Մենք հրատապ հարցերի վերաբերյալ ունենք մեր մշակումները»: Այդ առաջարկությունների մեջ է մտնում նաև նախկինում ՀՅԴ-ի կողմից մշակված «7 կետը», որի կապակցությամբ, ի դեպ, Սերժ Սարգսյանը սկզբունքային անհամաձայնություն չի հայտնել, եթե չասենք հակառակը:
Ով էլ լինի նոր վարչապետը, ինչ սկզբունքով էլ ձևավորվի նոր կառավարությունը, մի բան այս պահին ակնհայտ է. նոր վարչապետը պետք է որոշակի հարցեր ու խնդիրներ լուծի: Մասնավորապես, ինչպես ապրիլի 4-ին ԿԲ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:
Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին
Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության՝ բնական աղետի հետևանքով մարզերի մի շարք համայնքներին պատճառված վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Այդ վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Նույն ՊՈԱԿ-ի միջոցով սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն ըստ բաշխացուցակի հասցնելու են հողօգտագործողին:
Պատճառված վնասը մեղմելու նպատակով կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:
Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:
Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարի պաշտոնակատարին: Վերջինս հիշեցրել է, որ անցյալ տարի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած 630 գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 120 մլն դրամի օգնություն: Այս վերջին ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը` ինտերնետի հասանելիության վերաբերյալ (Թուրքիայի խախտումների օրինակներով):
“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:
Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:
Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:
Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:
Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:
Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:
Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:
Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում:
«Զվարթնոցի» կլոր մասնաշենքի ճակատագրի հարցը կարող է վերանայվել
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Զվարթնոցի» կլոր շենքի ճակատագրին և խնդրի շուրջ նոր զարգացումներին: Նա տեղեկացրեց, որ վերջերս մի քանի ճարտարապետների հետ միասին եղել է Քաղավիացիայի գլխավոր վարչությունում. «Ասեմ, որ իրենք էլ են անհանգստացած, բայց որևէ պատասխան չեն տալիս, միայն ասում են, որ սեյսմիկ վտանգը մեծ է, ուստի նպատակահարմար է քանդել կլոր մասնաշենքը», – ասաց Մկրտիչ Մինասյանը, բայց և նշեց, որ վերջին հանդիպումից պարզ դարձավ՝ հնարավոր է երկխոսութան միջոցով ավելի լավ որոշման հանգել:
«Հանդիպմանը ներկա էր նաև կոնսենսիոների ներկայացուցիչը, ով խոստացավ իրենց ճարտարպետների օգնությամբ կրկին վերանայել հարցը: Մենք առաջարկեցինք հարցին նայել և՛ մասնաշենքը պահելու, և՛ այն լայնացնելու տեսանկյունից: Երբ ստանանք նրանց նոր առաջարկները, միությունում կքննարկենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսների շնորհիվ հնարավոր կլինի պահել կլոր շենքը»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը նաև անդրադարձավ Երևանի ճարտարապետական դեմքին առհասարակ: Նա մատնանշեց, որ ամբողջ աշխարհում է ընդունված պահպանել քաղաքի դեմք հանդիասցող շենքերը: «Եթե մենք հանում ենք Զվարթնոց օդանավակայանը, Երիտասարդական պալատը և մյուս նման շենքերը, ստացվում է, որ խորհրդային շրջանի մեր ճարտարապետները որևէ մնայուն կառույցով հանդես չեն եկել», – հավելեց ճարտարապետների միության նախագահը:
Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, համաձայնություն է տվել «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փոփոխությունները վերաբերում են արձանագրության գործողության ժամկետի պարբերական երկարաձգմանը և փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի սահմանմանը:
Գործադիրը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2015թ. ապրիլի 5-ը: Որոշումը, որը վերաբերում է տարաների ներմուծմանը, կստեղծի ընկերության տարեկան ծրագրերի իրականացման բարենպաստ պայմաններ:
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հայ-ճապոնական հարաբերությունները, հատկապես արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում, վերջին տարիներին բավական աշխուժացել են: Ճապոնական կողմը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարբերաբար աջակցում է նորագույն տեխնոլոգիաների տիրապետման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերում: Երկու երկրներն էլ ունեն երկրաշարժավտանգ բարձր ռիսկայնություն, որը ևս համագործակցության յուրատեսակ խթան է:
Հերթական աջակցությունը 200 մլն ճապոնական իեն դրամաշնորհի ձևով նույնպես խիստ պահանջված է: Ճապոնական կողմը արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու է քիմիական, ֆիզիկական, վերլուծական, փորձարարական, հատուկ, ճշգրիտ սարքավորումներ, հաստոցներ, ավտոմատացված սարքեր, բժշկական գործիքներ և այլն:
Վերջին տարիներին հայ նետաձիգները բարձր արդյունքներ են արձանագրել Եվրոպայի «Գրան Պրի» և միջազգային այլ մրցաշարերում: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունը որոշել է պետբյուջեից մոտ 20.5 մլն դրամ հատկացնել 2014թ. հուլիսի 20-ից 26-ը Էջմիածին քաղաքում անցկացվելիք նետաձգության Եվրոպայի մեծահասակների 21-րդ առաջնության պատշաճ անցկացման համար: Հուլիսի 20-ին տեղի է ունենալու նաև մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Մոտ 76 մլն դրամ ընդհանուր ծախսի մեծ մասը կհոգա Հայաստանի նետաձգության ֆեդերացիան:
Կակաչները չեն ցրտահարվել
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։
«Եղանակի ցրտելուց հետո ձեռնարկել ենք ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումներ՝ հողի փխրեցում, պարարտացում, ոռոգում։ Էական կորուստ չի եղել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։
Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը կիրառում է այս եղանակը՝ Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով։ Բացի այդ, կակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում մարտ-ապրիլ ամիսներին ծաղկող այս ծաղկատեսակների քանակը։
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենան հայտնվել է գետում
Ապրիլի 10-ին, ժամը 04.44-ին տեղեկություն Է ստացվել, որ Հ-28 միջհամայնքային ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վոլսֆագեն գոլֆ մակնիշի 35ՏՍ486 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է գետում, ինչից ուղևորներ Մ. Պ.-ը (ծնվ. 1988թ.), Ա. Վ.-ը (ծնվ. 1985թ.), Հ. Վ.-ը (ծնվ. 1990թ.) և Ա. Պ.-ը (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետակից:
Ավտովթար` Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում
Ապրիլի 9-ին, ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի-Խանջյան փողոցների ստորգետնյա անցումում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 60CC055 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 կլինիկական հիվանդանոց», այնուհետև՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Դանակահարված քաղաքացի` Հրազդանի կիրճում
Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի ստեղծումը: Ըստ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի, մեր երկրում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ մարտահրավերների հաղթահարմանը: Հայաստանում սկիզբ է առել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կառավարության կողմից դեռ 2010թ. ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային պորտալը, 2012 թվականից կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ, ներդրվել է էլեկտրոնային գնման համակարգը: Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը: Օրինակ՝ e-gov մուտքի կրպակներ են տեղակայվելու երկրի բոլոր մարզերում՝ բանկերում, փոստերում, դպրոցներում, գրադարաններում, գյուղապետարաններում և այլ հանրային վայրերում: ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել մատուցվող էլեկտրոնային ծառայություններից, բարելավել իրենց կրթության որակը, խթանել էլեկտրոնային գրագիտությունը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Գիտաժողով «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով
Ապրիլի 9-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում էին ԳՊՄԻ պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, կրթության ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը կարևորեց միջոցառման նշանակությունը` ներկայացնելով այն աշխատանքները, որոնք մանկավարժական ինստիտուտը կատարում է հասարակության համար արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ:
Իրենց ելույթներում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք կատարվում են նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում` փորձելով նրանց մեջ ամրապնդել Հայրենիքի նկատմամբ իրենց սրբազան պարտքի գիտակցումը:
Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` ԳՊՄԸ մանկավարժության ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը կարևորեց դասավանդման ընթացքում հիմնարար արժեքների` հայրենիքի, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների, սոցիալական պատասխանատվության և հանդուրժողականության գաղափարների քարոզումը:
Առանձին զեկույցներում քննության առարկա դարձան դեռահասների շրջանում դրսևորվող մի շարք խնդիրներ: Իր զեկույցում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ դեռահասը ընտանիքում բավարար ջերմություն և պաշտպանություն չգտնելու դեպքում այդ ամենը որոնում է փողոցում, իսկ փողոցում նրան հաճախ սպասում է հակասոցիալական վարքի ուսուցում. արտաքին ազդեցության ներքո նա գործում է հանցագործություն:
Դեռահասների խնդիրների շուրջ իր ելույթում ԳՊՄԻ հոգեբան Վարդան Պապիկյանը անդրադարձավ համացանցից կախվածությանը, ինչը, բանախոսի կարծիքով, նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը, առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ պատանու մոտ, մշտական դեպրեսիա, իրական կյանքից վիրտուալ տարածության նախընտրություն, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարություն, ժամանակի վերահսկողության ընդունակության կորուստ, համակարգչից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում տհաճության զգացումի առաջացում:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը:
Օպերայի և բալետի թատրոնը՝ մշակութային մաֆիայի զոհ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:
Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:
Ինչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:
Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:
Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:
Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:
Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:
Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:
Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:
Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:
Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:
Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:
Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:
Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:
Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:
ՊՆ-ում քննարկվել են ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման և կատարելագործման խնդիրները:
Քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը մասնակցեց համադրման կոմիտեի նիստի բացման արարողությանը` հանդես գալով ողջույնի խոսքով:
Արսեն Խոջոյանի ընտանիքը ծայրահեղ պայմաններում է, քույրն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի
Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և գերեվարված 23-ամյա Արսեն Խոջոյանին հայկական կողմին վերադարձնելու վերաբերյալ նոր լուրեր առայժմ չկան:
Արսենի հորեղբորորդին` Արմեն Խոջոյանը, կապ է հաստատել Կարմիր խաչի հայկական գրասենյակի հետ` ճշտելու` արդյոք նորություններ կան, թե ոչ: Սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակից հայտնել են, որ դեռևս նոր տեղություններ չկան:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կայքերը վերջի օրերին հայտնել էին հայ գերու հնարավոր վերադարձի մասին: Նշվել էր, որ բանակցություններ են ընթանում: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի այս ընտանիքն ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Ընտանիքն ունի յոթ զավակ, որոնցից մեկը` 14-ամյա Անի Խոջոյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ ախտորոշվել է սուր ռևմատիկ տենդ 3-րդ աստիճանի ակտիվություն: Արսեն Խոջոյանի քույրը` Անին, արդեն իսկ հաշվառվել է <<Արաբկիր>> բժշկական կենտրոնում, ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Խնդիրը նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է, և նշվել է, որ եթե վիրահատության անհրաժեշտություն առաջանա, ապա առողջապահական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ընտանիքին: Այս պահին Անիին պետք է ամիսը մեկ անգամ ներարկում կատարեն:
Տավուշի մարզպետարանի սոցիալական բաժնի ղեկավարը նշել է, որ առաջիկա օրերին Խոջոյանների ընտանիքին կտրամադրվի պետական ծրագրով նախատեսված սոցիալական նպաստ` 30 հազար դրամի չափով: Բաժնի ղեկավարը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ չնայած նպաստը մեկանգամյա է, սակայն մարզային իշխանությունը նախատեսել է ևս մեկ անգամ 30 հազար դրամի չափով օգնել: Վերին կարմիրաղբյուրի գյուղապետարանը Խոջոյանների ընտանիքին մի քանի պարկ ալյուր է փոխանցել:
Մարաղայի գողգոթայի 22-ամյա մորմոքը
2014 թ. ապրիլի 10-ին կլրանա Մարաղայի ողբերգության 20տարին: Այն ինչ կատարվեց այդ
չարաբաստիկ օրը Մարտակերտ
շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք գտնվող այդ գյուղում, իր դաժանությամբ շարունակությունն
էր Մեծ Եղեռնի և Սումգայիթի:
1915-ի և 1992-ի ապրիլ…
Կյանքի զարթոնքի, սիրո ու երազանքի ամիս, որ հայոց պատմության մեջ երկու ցեղասպանությամբ դաջվեց:
Ասում են` Մարտակերտի սև օրն ասես սկսվեց Մարաղայից: Եվ ոչ մի մարտակերտցի չէր կարող մտածել, որ 1915 թ. Եղեռնը պիտի 1992-ին կրկնվի իր հողում, և այնպիսի ահավոր սպանդ պիտի տեղի ունենա, որ հետո մարդկային միտքն անգամ անկարող պիտի լինի այն անգամ նկարագրել, վերարտադրել:
Մարաղայի ողբերգության մասին պատմություններ շատ եմ լսել, բայց արցախյան գոյամարտի տարեգրությամբ հետամուտ լրագրողիս այդ ցավն ու կսկիծը հանգիստ չէր տալիս այնքան ժամանակ, քանի դեռ այդ եղեռնագործությունն ապրած, աշխարհով մեկ սփռված մարաղացու հետ հանդիպելու իմ համառ ցանկությունը չէր իրականացել:
Իրականում ի՞նչ կատարվեց 20 տարի առաջ այդ գյուղում. պատմության այդ տխուր էջերը թերթենք հենց ողբերգությունը վերապրածների օգնությամբ:
Արյունոտ առավոտ
Մարաղայում ծնված, գյուղում ամուսնացած, չորս երեխաների մայր Ռայա Հայրապետյանն էլ շատերի նման նոր բացվող օրը ահ ու դողով դիմավորեց, դա արդեն սովորական էր դարձել: Հետո իր բան ու գործին անցավ, բայց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացավ, որովհետև թշնամու այդ օրվա գործն էլ մարաղացուն սպանդի ենթարկելն ու տնավեր անելն էր: Եվ դա նրան հաջողվեց, քանի որ ձեռքը բռնող չկար: «Ժողովուդն արդեն դուրս էր գալիս, երբ գյուղ մտան տանկերը: Բախտներս այնքանով բերեց, որ գյուղ մտնող տանկիստները ռուսներ էին և կարող էին մեզ տանկի տակ ճզմել կամ կրակել, բայց գլուխները խցիկներից հանած բղավում էին` փախե՛ք, փախե՛ք, մարդի՛կ: Տանկերի հետևից էլ թուրքն էր բեռնատարով գալիս»,- ասում է Ռայան ու նկուղում թաքնված իր հարևաններ Լենայի ու Վարդուշի գլխով անցած դաժան իրականությունը ներկայացնում: Թե ինչպես թուրք հրեշը, մտնելով նկուղ, ինքնազենի խզակոթով դուրս է հանում նրանց: Վարդուշը, արնաքամ լինելով, ընկնում է: Այդ պահին հայտնվում է մի տանկ ու անցնում Վարդուշի վրայով, իսկ Լենային այլ համագյուղացիների հետ Միրբաշիր են տանում: Սերյոժային մանր-մանր կտրտում են, իսկ կնոջը` Ասյային, սպանում: Ամուսիններ Էդիկին ու Օֆելյային այնպիսի կտտանքների են ենթարկում, որ հարազատ դուստրը դժվարությամբ է ճանաչում դիակները: Անգամ չխնայեցին 85-ամյա տրակտորիստ Համոյին, որին լավ էին ճանաչում թուրքերը: Երկար ժամանակ միրբաշիրցիների մեխանիզմներն էր նորոգում: Կացնով կտրել էին նրա գլուխը… Հրասայլի տակ ճզմեցին նաև Իզաբելլա Բայրամյանին:
Այդ ամենից հետո բա ինչպես չասես, խեղճ, միամիտ Ռայա, ռուսը որ չլիներ, թուրքը քո հողն ասպատակողը չէր: Լկտիաբար խոսելու և ավազակի պես վարվելու այդ իրավունքը նրանց ռուսական իշխանությունն էր տվել դեռևս շարժման առաջին իսկ օրերից, որը սումգայիթյան ոճրագործության դեպքերը պարզելու, կատարվածին անհրաժեշտ գնահատական տալու փոխարեն հետագայում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Առաջին սխալն այն էր, որ ԼՂԻՄ-ի Կազմկոմիտեի նախագահ նշանակեց Ադրբեջանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, տխրահռչակ Պոլյանիչկոյին, իսկ երբ 1990 թ. հունվարի 15-ին այդ հողում արտակարգ իրադրություն հայտարարվեց, պարետն էլ գեներալ Սաֆոնովը դարձավ: Արցախյան տարեգրությունը «հարուստ» է նրանց «արարչագործություններով», բայց դա այլ խոսակցության թեմա է: Միայն փաստեմ, որ Արցախում արցախցու իրական որս սկսվեց: Իսկ նպատակը մեկն էր` նպաստել մարզի հայաթափմանը: Չի լինի արցախցին, չի լինի ազգամիջյան խնդիր:
Տներում, մարագներում, բակերում գազանաբար սպանվեց 51 մարաղացի, 50-ից ավելի մարդու էլ, նաև երեխաներ, պատանդ վերցրին: Իսկ պատանդների հետ «աշխատում» էր անձամբ ոստիկանապետը, որը «լավ» ոստիկանապետ լինելուց զատ նաև լավ վաշխառու էր: Նա հայ պատանդներին «լավ գնով» վաճառում էր Մինգեչաուրում, Բաքվում, Կիրովաբադում:
Փրկվածներին է հասել նաև Մարաղայի դպրոցի ուսուցչուհի` Ալվինա Բաղդասարյանի հերոսական, սակայն ողբերգական վախճանի պատմությունը: Թուրքերը նրան անպատկերացնելի խոշտանգումների են ենթարկել, աքցանով քաշել ատամները, ստիպել ասել, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Սակայն ուսուցչուհին անդրդվելի է մնում: Արնախեղդ լինելով` շարունակ կրկնում է. «Ոչ,Ղարաբաղը եղել է ու կլինի հայկական»: Եվ այդ խոսքերը շուրթերին էլ մեռնում է: Սա է ժանիքը միշտ արյունոտ «քաղաքակիրթ» թուրքը, այն էլ` XX դարավերջին, «քաղաքակիրթ» աշխարհի հովանու ներքո: Ինչպես կասեր Մեծ եղեռնից մազապուրծ առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկը` սփյուռքահայ գրող Արամ Հայկազը, «թուրքը արարչագործության մեծագույն սխալն է ու ամոթը, շնչավորներուն ամենեն վայրագն ու ստորինը»:
Սա ընդամենը մի կարճ դրվագ է այդ մեծ ողբերգությունից:
Հաջորդ օրն իսկ գյուղն ազատագրվեց: Մարդիկ գյուղ վերադարձան, բայց մի քանի ժամվա ընթացքում թշնամին իր սև գործն արդեն արել էր: Վերադարձողները հողին հանձնեցին իրենց մեռելներին:
«Մարաղացուց շատ իր հողն ու հայրենիքը սիրող քիչ մարդ կա, և մարաղացին մինչև վերջին պահն էլ կռվեց հերոսաբար: Երեք անգամ կարողացանք թշնամուն հետ շպրտել, իսկ երբ Կիրովաբադում տեղակայված ռուսական տանկերի օգնությամբ մոտավորապես 15 միավոր տեխնիկայով հարձակվեցին գյուղի վրա, նրանց հաջողվեց ճեղքել այսպես կոչված պաշտպանական առաջին և երկրորդ դիրքերը: Այդ ուժին 210 մարաղացի էր դիմակայում, օգնության էր հասել նաև Հասանղայայի 38 հոգանոց ջոկատը: Ինքնապաշտպանների թիվը 250-ի էր հասել, բայց միայն զրահատեխնիկայի ճնշմամբ թողեցինք գյուղը: Այնուամենայնիվ, մարաղացին հերոս ժողովուրդ է: Այստեղ հերոսամարտ է եղել ոչ մեկ անգամ»,- հավատացած է գյուղի ջոկատի հրամանատար Ռոմա Ապրեսյանը:Շարունակությունը կարդացեք այստեղ:
Որո՞նք են ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքերը սպառիչ են, որոնք ամրագրված են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց վերոհիշյալ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:
Առանց վերոհիշյալ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ