«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում». Արտեմ Ասատրյան

արտեմ ասատրյանԱյսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում:

«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել հասկանալու համար, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք           պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով` կենսաթոշակը հիմնական երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Իսկ ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական Դատարան են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին և շարունակվում է այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին և պատասխանող կողմին: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:

Ապրիլի 1-ից դասերը կընթանան բնականոն հունով

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով:
Հիշեցնում ենք, որ  մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն  շաբաթ օրը` ապրիլի 5-ին:

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %

001Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը զեկուցել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը 2014թ-ի առաջին եռամսյակում կազմել է 102 %, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կատարած աշխատանքն ու հորդորել է նույն եռանդով շարունակել սեփական եկամուտների հավաքագրման իրականացումը․ ՙՎերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ-ի առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։ Ֆինասական հոսքերի ճշգրիտ և արդյունավետ կառավարման արդյունքում այսօր մենք կարողանում ենք ապահովել ոչ միայն սեփական եկամուտների հավաքագրման կատարողական, այլև տարեցտարի ընդլայնել համայնքային բյուջեով նախատեսված ծրագրերով իրականացվող աշխատանքների ծավալներըե,- ընդգծել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա. Նիկոլայ Ծատուրյան

նիկոլայ ծատուրյանԱրվեստագետ Նիկոլայ Ծատուրյանը տասնութ տարի շարունակ ամեն տարի երեք-չորս ամսով մեկնել և աշխատել է Սիրիայում: Նա պնդում է, որ  Հալեպում ձևավորված է ամենակուռ հայ համայնքը:

«Ես նաև այլ երկրներում եմ հայ համայնքների հետ շփվել, բայց այնպիսի համայնք, ինչպիսին Հալեպում, թերևս չունենք: Նրանց համար դա իրոք  երկրորդ հայրենիք է: Ասադը շատ լավ է վերաբերում հայերին: Նրանք հանգիստ են դավանելու իրենց կրոնը, ապրելու և ստեղծագործելու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլայ Ծատուրյանը` շեշտելով, որ այն, ինչ հիմա է տեղի ունենում այդ չքնաղ բնակավայրերի հետ, իրեն հիշեցնում է Սարոյանի խոսքը այն մասին, որ ինքը  սիրում է մարդուն, քանի որ նա ունակ չէ գազանության, ամբոխն է, որ գազան է դառնում:

«Այսօր մենք պետք է շտապեինք օգնության Սիրիային և հայկական համայնքին, բայց մեկ-մեկ մտածում ու ափսոսում եմ` ինչքան անուժ ենք մենք դարձել: Օգնություն են ուղարկում Սիրիա` հաց, հագուստ: Բայց դրա կարիքը չէ, որ կա: Ինչու՞ չպիտի այնքան հզոր լինեինք, որ գնայինք ու պաշտպանեինք հայաբնակ տարածքները: Երբ նայում եմ քարտեզին, սարսափում եմ. դարձել ենք մի ծտի ծերտ քարտեզի վրա», – եզրափակեց արվեստագետը:

Որոշ հանգամանքներ հուշում են, որ աուտիզմ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»

աուտիզմԱպրիլի 2-ի` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի հիմնադիր Աերա Պաուլ Հեյլվեյլը վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է ժամանել` օգնելու աուտիզմով հիվանդ երկու երեխաների: Հետագայում հասկացել է, որ Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել կենտորն, որտեղ կայցելեն երեխաները և համապատասխան մասնագետների աշխատանքի շնորհիվ իրենց մեկուսացած չեն զգա հասարակությունից: Այսօր կենտրոն է այցելում աուտիզմով 80 և ավելի երեխա:

Աերա Պաուլ Հեյլվեյլի խոսքով` ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան կարող է նման հիվանդություն ունենալ:

«Ցավոք, հնարավոր չէ դեռ չծնված երեխաների մոտ ախտորոշել այդ հիվանդությունը: Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, որքանով շուտ միջամտություն կատարվի, այնքան ավելի հեշտ կլինի հիվադությունը բուժելը: Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար այն կապված է գենետիկայի հետ: Օրինակ` այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմով հիվանդ երեխա, մեծ է հավանականությունը, որ հաջորդ երեխան ևս աուտիզմ հիվանդությունն ունենա, ինչը հուշում է հիվանդության գենետիկական պատճառի առկայության մասին»,- ասաց մասնագետը:

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում:

2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով տառապող մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը`օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Հայաստանում 2012-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:

Հայաստան-Կուբա. գիտակրթական հարաբերությունների հեռանկար

arm-6649-SAM_4641ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո  Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ ԿԳ նախարարը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ հայ-կուբայական հարաբերությունների զարգացման հեռանկարում կրթության և գիտության ոլորտները հատուկ տեղ կարող են գրավել:
Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն   ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հետաքրքրություն կա հատկապես գիտության ոլորտի հանդեպ, և  համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքով   հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում: Կարևորելով Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են  նախապատրաստել հուշագիր՝ կրթության և գիտությոն ոլորտում համագործակցության վերաբերյալ:  Նախարարն առաջարկել է բուհական համագործակցության և կրթաթոշակային  երկկողմ ծրագրեր իրականացնել, ինչպես նաև Հայաստանի ավագ դպրոցներից մեկում իսպաներենի խորացված ուսուցում կազմակերպել՝ շեշտելով, որ այլ լեզուների ուսուցման  համանման  փորձն առկա է:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է բարեգործական նոր ձեռնարկ` «Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին»

շիրակԱնցած ձմռան նախաշեմին «Շիրակ կենտրոնը» նախաձեռնեց «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» բարեգործական ակցիա, որի շրջանակներում մոտ 4800 պարկ վառելափայտ բաժանվեց ժամանակավոր կացարաններում, սոցիալապես ծանր վիճակում ապրող մոտ 450 այնպիսի ընտանիքների, որոնցից շատերի ձմռան վառելիքի հայթայթման վայրերը դարձել էին աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Մեր կողմից հայտարարված բարեգործական ձեռնարկին անմիջական աջակցություն ցուցաբերեցին ինչպես մեր հայրենակիցները Հայաստանից և արտերկրից, այնպես էլ օտարերկրացիներ:

Զգալի աջակցություն ցուցաբերեցին նաև արտերկրում գործող հայկական բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու ձեռնարկին:

«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ակցիան, այսօրվանից ազդարարում է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկի մեկնարկի մասին: Գյումրու վագոն-տնակներում մեր ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը և կենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներում թերսնվածությունը սովորական երևույթ է:

Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

“Shirak Center” NGO Gyumri, Furmanov 32 Phone: +(374 312) 6-69-92, +(374 55) 06-69-92+(374 91) 45-13-37

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA USA $– 2472601614240020

AMD – 2472601614240000

Ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը

բջջայինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին առանց խոչընդոտների անվճար փոխել շարժական կապի իրենց օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն հիմնական դեպքերում տեղափոխումը կկատարվի մեկ օրվա ընթացքում։

«Գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, այսինքն` դիմում կներկայացվի միայն նախընտրելի օպերատորին։ Տարվա ընթացքում բաժանորդը հնարավորություն կունենա երկու անգամ օգտվել այս ծառայությունից»,-ասաց Սամվել Արաբաջյանը` հավելելով, որ համարի տեղափոխման դեպքում, տվյալ համարին զանգահարող անձը ձայնային ազդանշանի միջոցով կտեղեկանա, որ տվյալ համարը տեղափոխվել է այլ շարժական կապի օպերատորի ցանց։

Անդրադառնալով ծառայության ներդրումից հետո օպերատորների կողմից հնարավոր խարդախություններին՝ Սամվել Արաբաջյանն նշեց, որ այս ուղղությամբ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնելու։

«Փորձը ցույց է տալիս, որ եղել են երկրներ, որտեղ օպերատորները փորձել են գովազդային հոլովակների կամ դեմպինգային գների միջոցով առավելություն ստանալ։ Սակայն մենք ուսումնասիրել ենք այդ իրավիճակները և ուշադիր ենք լինելու»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ կանոնակարգվել է նաև շարժական կապի խեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը։ Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բաժանորդը կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Սակայն կան դեպքեր, երբ  հեռահաղորդակցության սարքերի ապակոդավորումն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այդ դեպքերի համար ժամկետ է սահմանվել 5 աշխատանքային օր։ Նույն որոշմամբ` այն օպերատորները, որոնք վաճառում են կոդավորված սարքեր, պարտավոր են նույն վաճառքի կետերում առաջարկել նույն սարքերի ոչ կոդավորված տարբերակները, որպեսզի դրանք հասանելի լինեն։

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5 %-ը ապահովված են 1 օպերատորի, 23 %-ը՝ 2 օպերատորի և 68,5 %-ը` 3 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողությանը

տիգրան սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:

«Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա ԼՂ հիմնախնդիրը». Սերգեյ Մինասյան

Սերգեյ ՄինասյանՀայաստանը ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելու այլընտրանք չուներ: Հայաստանը չէր կարող անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին դեմ քվեարկելով` արդյոք Հայաստանը չհայտնվե՞ց Հյուսիսային Կորեայի նման երկրների շարքում հարցին քաղաքագետը պատասխանեց. «Պետք չէ Հայաստանին այդ երկրների հետ նույն շարքին դասել: Իմ կարծիքով` Հայաստանն այս պարագայում Ֆինլանդիային է հիշեցնում սառը պատերազմի տարիներին, որը ցանկանում էր հավասարակշռված հարաբերություններ պահպանել թե՛ Արևմուտքի, թե՛ Խորհրդային Միության հետ: Նույն վիճակում հիմա Հայաստանն է, ձգտում է պահպանել Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, միևնույն ժամանակ չի կարող անտեսել իր և իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի շահերը»:

Քաղաքագետը նկատեց, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը պաշտպանել է Հայաստանի իշխանությունների այս որոշումը, ինչը, ըստ նրա, խոսում է այն քաղաքական համաձայնության մասին, որ կա Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև Լեռնային Ղարաբաղի հարցում:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով  բանաձևին, որով ճանաչվում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին:

«Միջազգային հանրությունը Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարություններով հանդես է եկել միայն հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ». քաղաքագետ

սերգեյ մինասյանՔեսաբի ցավալի դեպքերին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ: Նման դեպքերում միակ համարժեք պատասխանը պետք է լինի ռազմական միջամտությունը, ոչ թե հայտարարություններով հանդես գալը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` այն, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, միջազգային որոշ կառույցներ հայտարարություններով են հանդես եկել Քեսաբի դեպքերի վերաբերյալ, հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ է:

«Իհարկե, պետք է բարձր գնահատենք այն աշխատանքը, որ տանում է Սփյուռքը աշխարհի տարբեր հատվածներում, սակայն ինձ համար ներկայումս առավել կարևոր է, թե սիրիական բանակը երբ կկարողանա կրկին վերականգնել վերահսկողությունը Քեսաբի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին վերադառնալ իրենց տները»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով`այս դեպքում սիրիական բանակի համար շատ կարևոր է Ռուսաստանի ռազմական աջակցությունը՝ զինյալներին կարևոր նշանակության տարածքներից հետ մղելու համար: Կարևոր նշանակության տարածք է նաև Քեսաբը, որը հետ բերելու համար սիրիական բանակն ամեն ինչ անելու է, իսկ Ռուսաստանի ռազմական աջակցությունը շատ լուրջ օգնություն կարող է լինել:

Անդրադառնալով Քեսաբի դեպքերի վերաբերյալ Հայաստանի արձագանքին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հայաստանն այդ դեպքերին անդրադարձել է թե՛ արտգործնախարարության, թե խորհրդարանական մակարդակով:

«Այս պահին քեսաբահայերը Սիրիան լքելու և այլ երկիր տեղափոխվելու ցանկություն չունեն, իսկ Հայաստանը սիրիական իշխանությունների և միջազգային կառույցների օգնությամբ փորձում է հասնել նրան, որ քեսաբահայերը իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան,  սակայն, եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, Հայաստանն արդեն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի` նրանց խնդիրներին լուծում տալու համար:

Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը

«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:

Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:

Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:

Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերի միջև ստոորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

118.Cooperation agreement between the central banks of Armenia and China 31.03.2014Մարտի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Պեկինում հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ  Չոու Սյաոչուանի հետ: Քննարկվեցին երկու երկրների միջև բանկային ոլորտում համագործակցության զարգացմանն ու  խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Չինաստան կատարած այցի շրջանակներում ՉԺԲ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Պաշտոնական հանդիպմանը և ստորագրման արարողությանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն  Սարգսյանը:

Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության

օպերաՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն  իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:

Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը»  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue»  նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:

«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է  գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:

Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք:

Հեռացվում է կուտակված ձյունը

003Տեղացած ձյան մաքրմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքում են կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Համապատասխան ծառայությունների հետ մեկտեղ ձնամաքրման գործընթացին մասնակցում են նաև համատիրությունների աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության և բաժինների աշխատակիցները, մաքրման աշխատանքներին զուգահեռ, ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական ծառայության աշխատակիցների հետ համատեղ, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել բազմաբնակարանների տանիքներից սառցալեզվակների հեռացման գործին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ա. Աշոտյան. «Նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները»

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը,  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նախարարը նշել է, որ բուհ է եկել` ավելի շատ տանելու, քան տալու, քանի որ, ըստ Ա. Աշոտյանի, ուսանողական լսարանն այն ամենաազատական լսարաններից մեկն է, որտեղ երբևէ կարելի է հանդիպում ունենալ: Դասախոսության սկզբում նախարարը փոքրիկ հարցում է անցկացրել` պարզելու, թե ովքեր են կողմ նախարարության քաղաքականությանը` բարձրագույն կրթության ոլորտում և նախանշելու ուսանողներին առավել մտահոգող հարցերը: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: “Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք  գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ,  և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է  պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է:  Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով`  արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր  վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր  ծնողների նկատմամբ:  Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ:  Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք  ապահովում եք ձեր  բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ`  ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված,  և այն նաև իմիջային հարց է: Սակայն  սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել:  Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինք, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն  Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ  ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը,  համառության պարագայում անպայման բացելու են  հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ “,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել:
Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի  ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ  նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: “Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են  ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ  կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ  բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: “Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած  հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է  ներմուծել այդ  ստանդարտները` միաջգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը”,-նշել է նախարարը:
Ուսանողներին հետաքրքրել է նաև 12-ամյա կրթության անցումը, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ այս պարագայում ևս կա միջազգային ստանդարտ: Նախարարը վստահեցրել է, որ կրթության ոլորտում կայացված որոշումնեը հիմնականում ճիշտ են եղել, որոշակի խոչընդոտներ առաջացել են` դրանց իրականացման գործընթացում
Նախարարին հարցեր են ուղղվել նաև  բուհերում քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքի,  ուսխորհուրդների քաղաքականացված լինելու, վերջին շրջանում բուհերից մեկում ուսանողների մասնակցությամբ արձանագրված տհաճ միջադեպի վերաբերյալ, որոնց կապակցությամբ Ա. Աշոտյանը ներկայացրել է իր դիտարկումները և լուծման ուղիները: Ուսանողներին հետաքրքրել է նաև  նախարարի կարծիքը Ղրիմում կայացած հանրաքվեի և ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վերաբերյալ, որին ի պատասխան` Ա. Աշոտյանը նշել է, որ քվեարկության ժամանակ Հայաստանն առաջնորդվել է միմիայն իր ազգային շահերով: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև բուհերի խոշորացման, նախարարի պաշտոնի, ինչպես նաև արտագաղթի և դրանով պայմանավորված` որակյալ կադրերի արտահոսքի վտանգի հետ կապված:

 

12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 63 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի

տրանսպորտային միջոցՄարտի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց. 12 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 8 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 63 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 28-ից 31-ը)

օպերատիվ իրավիճակ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 23-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, շորթման` 1, մաքսանենգության 4 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 14 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, կողոպուտի և յուրացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 2-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար. 4 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հանրապետությունում առատ ձյուն տեղացած օրը` մարտի 30-ին, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, որից 3 դեպք` Երևանում` 5 մարմնական վնասվածքով, 3-ը` հանրապետության տարածքում` 4 մարմնական վնասվածքով:

Անկախ

Փորձի փոխանակում արցախցի և հայաստանցի երիտասարդների միջև

Փորձի փոխանակում արցախցի և հայաստանցի երիտասարդների միջև   Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։

Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու և լուծումներ տալու համար։ Արցախյան այս այցելության ընթացքում էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի հայաստանյան ուսանողական կառույցները տարվա մեջ գոնե մեկ ծրագիր իրականացնեն Արցախում, ինչպես նաև՝ հնարավորություն տալ արցախցի երիտասարդներին այցելել Հայաստան, ծանոթանալ տեսարժան վայրերին ու մասնակից դառնալ որոշակի դասընթացների։ Այս տարվա ընթացքում արդեն իսկ ՀՀ ուսանողական կառույցները մի քանի ծրագրեր իրականացրել են Լեռնային Ղարաբաղում, պաշտպանության բանակի զորամասերում։

Մարտի 28-30-ն Արցախի բուհերի ուսանողական կառույցների ներկայացնող երիտասարդները Ծաղկաձորում անցկացված դասընթացի շրջանակներում ծանոթացան հասարակական աշխատանքի, ուսանողական ինքնակառավարման առանձնահատկություններին, հայաստանցի իրենց գործընկերների հետ իրականացրին փորձի փոխանակում։

Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ` ԼՂՀ հասարակական կազմակերպությունները վերջին 3-4 տարիների ընթացքում ավելի են ակտիվացրել իրենց գործունեությունը։ ՙՄեր երիտասարդների մոտ հասարակական աշխատանքի փորձի որոշակի պակաս կա։ Այդ առումով հետաքրքիր է փոխգործակցությունը հայաստանյան, ինչու չէ, նաև միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչ վերաբերում է ուսանողական ինքնակառավարման մարմիններին, ապա վերջիններս սերտ համագործակցում են միմյանց և Արցախի հասարակական կազմակերպությունների հետ։ Համատեղ ուժերով իրականացնում ենք համաքաղաքային, համապետական բազմաթիվ ծրագրեր՚,- նշում է Հարութ Մնացականյանը։ Խոսելով արցախցի երիտասարդների խնդիրների մասին՝ նա առանձնացրեց երիտասարդական աշխատանքի փորձի, ուսանողական մարմինների ինքնավարության պակասը։ ՙԽորհրդային տարիներից մնացած վարչահրամայական համակարգով ղեկավարվելու պրակտիկան այսօր ընդունելի չէ երիտասարդական դաշտում, որը պետք է ավելի ինքնատիպ, ստեղծարար լինի, որպեսզի կարողանա երիտասարդի առօրյան ճիշտ կազմակերպել, ամրապնդել ազգային արժեքների պահպանումը։ Իհարկե, կա նաև ֆինանսի խնդիր, թեև այս գործոնը ես ավելի փոքր եմ համարում, քանի որ եթե կա հետաքրքիր գաղափար, կարելի է կյանքի կոչել նաև փոքր գումարներով՚,- եզրափակեց Արցախի պետական համալսարանի ուսանողական վարչության նախագահը։

 Անկախ

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:

Դժվարանցանելի են միջպետական նշանակության Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի ճանապարհահատվածը և հանրապետական նշանակության Հոռոմ – Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհի Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը:

Մարտունու, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի  և  Լաչինի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում:

       ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն