Նախարար Նալբանդյանի պատասխանը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին

 Էդվարդ Նալբանդյան Հարց. Կարեն Ավագյան. Քեսաբում վերջին իրադարձությունների հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեզ երիտասարդական կազմակերպություններ են դիմում քեսաբահայությանն օգնելու ցանկությամբ։ Կարող եք ասել, ինչպես կարող են այդ կառույցներն իրենց օգնությունը տեղ հասցնել։

 

Պատասխան. Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել է հանձնարարականներ, և մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օժանդակություն, օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Նյու-Յորքում և Ժնևում՝ ՄԱԿ-ի կառույցներում, այլ միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցչությունների կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում։  Մեր մտահոգությունները բարձրացվել են նաև երկկողմ մակարդակով,  մոտ երեսուն երկրների հետ երկկողմ շփումներում։

Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում։

 

Մինչև վերջին իրադարձությունները Քեսաբի բնակչության շուրջ 70-ը տոկոսը հայեր էին։ Այսօր մոտ 700 ընտանիք ապաստանել է Լաթաքիայում: Նրանք, ովքեր չունեն ազգականներ, բարեկամներ, հարազատներ տեղավորվել են Լաթաքիայի հայկական եկեղեցում:

 

Այսօր հայկական եկեղեցու բակում հանդիպում է կազմակերպվել Ազգային ժողովի պատվիրակության հետ։ Դուք գիտեք, որ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա։ Այսօր նրանք ժամանել են Լաթաքիա, և հիմա ընթանում է հանդիպումը։ Կարծեմ, մի երկու ժամից պետք է վերադառնան Դամասկոս, որտեղ վաղը պատվիրակությունը նախատեսել է այլ հանդիպումներ։ Պատգամավորներին ուղեկցում է Սիրիայում Հայաստանի դեսպանը։

 

Իհարկե, բավական ծանր, դժվար կացության մեջ են մեր հայրենակիցները՝ քեսաբահայերը։ Եթե օժանդակության հնարավորություններ կան, նյութական օժանդակության, ապա ճիշտ կլինի կազմակերպել Սփյուռքի նախարարության միջոցով, որը վերջին շրջանում մեծ աշխատանք է ծավալել այդ ուղղությամբ՝ ոչ միայն քեսաբահայության, այլև սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու առումով։ Մեր բոլոր քայլերն ուղղված են հենց այդ նպատակին՝ օգնելու սիրիահայությանը։

Ի դեպ, կցանկանայի ընդգծել նաև, որ այս հարցում հայության բոլոր հատվածները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, միասնական մոտեցում ունեն և գործում են համատեղ քայլերի կարևորության խորը գիտակցությամբ։

 

Մեր պատգամավորները, երբ վերադառնան Հայաստան, կներկայացնեն այն ինչ լսել, տեսել են քեսաբահայերի հետ հանդիպումների ընթացքում։ Մենք շարունակելու ենք օգտագործել ոչ միայն դիվանագիտական խողովակները, նաև այլ հնարավորություններ՝ հեշտացնելու, լուծելու խնդիրները, որոնք ծառացել են քեսաբահայության առջև։

 

Կարեն Ավագյան. Օգնության խողովակը Սփյուռքի նախարարության միջոցով, ինչպես հասկացա, այ՞ո, պարոն նախարար։

 

Էդվարդ Նալբանդյան. Այո, ճիշտ կլինի Սփյուռքի նախարարության միջոցով, որովհետև մեծ փորձ է արդեն կուտակված և, ինչպես ասացի, բավական լայնածավալ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ օժանդակելու սիրիահայերին, ովքեր եկել են Հայաստան, թե նրանց, ովքեր շարունակում են ապրել Սիրիայում:

 Անկախ

Թումանյանական ամիսն ավարտվեց

001Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ՝ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։

Թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված կարգի համաձայն, խրախուսանքի է արժանացել 10 ընթերցում, իսկ դրանցից 6-ն արժանացել է առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների։ Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են խրախուսվել նաև համաքաղաքային միջոցառումներ կազմակերպած դպրոցները։ Մրցանակները աշակերտներին և ուսումնական հաստատությունների տնօրեններին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Թումանյանական ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցի, տուն-թանգարանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների հետ, բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Մեծ գրողի 145-ամյակի միջոցառումներին մասնակցել են նաև մայրաքաղաքի մանկապարտեզները. անցկացվել են բաց դասեր։ Լավագույն բաց դասերն անցկացրած մանկապարտեզները ևս արժանացել են խրախուսական անվանակարգերի մրցանակների։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Սա վաշխառություն է, ամբողջ ազգով, գյուղով ընկել են վարկի տակ». Լյովա Խաչատրյան

hqdefaultԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարց ուղղեց, թե ինչն է պատճառը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններից շատ ցածր տոկոսով վարկեր է ստանում, սակայն գյուղացուն այն հասնում է չափազանց բարձր և անհասկանալի պահումներով:

Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա ընդունեց, որ իսկապես Հայաստանում բանկային տոկոսադրույքները բավականաչափ բարձր են, և խնդիրը վերաբերում է ոչ միայն գյուղատնտեսությանը, այլև մյուս ոլորտներին:

Իսկ երբ նախարարը խիստ մասնագիտական ոճով սկսեց ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ Հայաստանում տոկոսադրույքները բարձր են, Լյովա Խաչատրյանն ասաց. «Եթե ձեր պատասխանը գյուղացիք լսեիք, ի՞նչ եզրահանգման կգային: Արդեն նոր բաներ եք հորինել` կապակցված, փոխկապակցված: Գյուղացիների մեծ մասը տները կորցրել է, ամբողջ ազգով, գյուղով ընկել են վարկի տակ: Սա վաշխառություն է: Մարդկանց հանցագործության եք դրդում, մարդ ու կին իրարից բաժանվում են, ընտանիքը քայքայվում է….»:

Վահե Ավանեսյանն ասաց, որ կիսում է պատգամավորի վրդովմունքը և ներկայացրեց խնդրի հնարավոր լուծումները`սահմանափակել տոկոսադրույքները, պետության կողմից այդ ոլորտ լրացուցիչ ֆինասնական միջոցների մղելը, լրջորեն մարդկանց վարկային ոլորտի վերաբերյալ կրթություն տրամադրելը:

 

Անկախ

Կարո՞ղ ենք ակնկալել, որ պարտադիր բաղադրիչը կհանվի, թե՞՝ ոչ. Տիգրան Ուրիխանյանի հարցն անպատասխան մնաց

տիգրան ուրիխանյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կառավարությունից հետաքրքրվեց, թե, առաջարկելով երկխոսության ու քննարկումներ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ակտիվիստներին, իրենք մինչև ու՞ր են պատրաստ գնալ. «Մասնավորապես, պատրա՞ստ եք արդյոք քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու հարցը», – շեշտեց պատգամավորը։ Նրա հարցին պատասխանեց  կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրելյանը: Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստ է աշխատելու «Դեմ եմ»  շարժման հետ, որպեսզի շտկի օրենքում առկա բացերը. «Չեմ կարծում, թե անհրաժեշտ է նախապայմաններով խոսել։ Կխոսենք, կքննարկենք  այն բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթակա են կամ ենթակա չեն, և կգտնենք փոխգործակցման եզր: Հանդիպումը պետք է կայանա ՍԴ որոշումից հետո, որպեսզի հստակ լինի գործողության սահմանները»:
Տիգրան Ուրիխանյանը  կրկնեց հարցը՝ շեշտելով, որ պատասխանողը խուսափում է բուն թեմայից, մինչդեռ ինքը հստակ է ձևակերպել, թե ինչ է ուզում իմանալ. «Կարո՞ղ ենք ակնկալել, որ պարտադիր բաղադրիչը կհանվի, թե՞՝ ոչ»:
Վաչե Գաբրելյանը նպատակահարմար գտավ կրկնել պատասխանը. «Կրկնում եմ, մենք պատրաստ ենք քննարկման, այն ժամանակ էլ կքննարկենք ձևաչափն՝ առաց նախապայնների»:

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն իր ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում

HԱրաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար:

Դատարանի դահլիճում ազատամարտիկը հայտարարեց, որ իր ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում:

«Երբ ես ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրաձայնեցի, ինձ ծանոթ իշխանության   կոնկրետ ներկայացուցիչներ առաջարկեցին նստացույցը դադարեցնել, որից հետո առաջարկեցին գումար, կլորիկ գումար կամ բիզնես Էջմիածնում, որից ես հրաժարվեցի: Հետո մարզերում կազմակերպեցի նստացույցեր: Իմ ձերբակալությունը համարում եմ այդ ամենի հետևանք»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը ինքնաբացարկ հայտնելու, ինչպես նաև իր մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու և դատարանի դահլիճից ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց դատավորին: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննելու երկու միջնորդությունները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

«Ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը». մշակույթի նախարարը` Շուշան Պետրոսյանին

загруженноеՀանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հարցը:

Նա ասաց, որ ճանաչում է այդ պաշտոնի համար դիմած ինը թեկնածուներին, և նրանցից մի քանիսին անգամ համարում մշակութային արժեք: «Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու տնօրենի ընտրության հարցում»,-հետաքրքրվեց պատգամավորը մշակույթի նախարարից` միաաժամանակ նկատելով, որ նախընտրելի է նրանցից մեկը, որը ծանոթություն և միջազգային լուրջ աշխատանքային փորձ ունի:

Հասմիկ Պողոսյանը նախ հիշեցրեց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ  ՊՈԱԿ-ի մասին օրենքը և հանձնաժողովը, որը ստեղծվելու է այդ նպատակով: «Անշուշտ ամենակարևորը լինելու է այն, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները»,-ասաց նախարարը` նկատելով, որ իր համար անհասկանալի է այն, որ քննարկում են թեկնածուների ով, ինչ լինելը, մինչդեռ մի ոլորտի գիտելիքներն այս դեպքում բավարար չեն, և որ կառավարման ոլորտը այլ պահանջներ էլ է ներկայացնում:

Շուշան Պետրոսյանն արձագանքեց, որ ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել հայեցակարգ, ինչը նախարարին խիստ վրդովեցրեց. «Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը»:

Նախարարը հայտնեց, որ բոլոր թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի փաթեթի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաև հայեցակարգերը. «Այլ խնդիր է, որ մեկը որոշել է մինչ այդ հանրայնացնել իր ծրագիրը»,-ասաց նա:

Հասմիկ Պողոսյանը հորդորեց այս հարցում լինել մի քիչ զգույշ ու հանգիստ, քանի որ առաջին անգամն է, որ  ընտրվում է և ոչ թե նշանակվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:

 

Անկախ

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Քեսաբի դեպքերի կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը

քեսաբ2Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց արեցին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ: «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼ-ի ծնունդ. հայտարարվում է զորահավաք», «UN, stop terorist Turkey, save kids lives», «UN, silence supporting terrorism by Turkey» և այլ գրություններով պաստառներով` բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում էին մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակում մասնավորապես նշված էր, որ Թուրքիան խախտել է միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորությունները և մարտի 21-ին գնդակոծել է Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ գյուղն ու շրջանը:«Թուրքական պետության աջակցությամբ ահաբեկիչները ներխուժել է բնակավայր, սկսել ավերն ու թալանը: Տեղի ողջ բնակչությունը տեղահանված է: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար հայաբնակ Քեսաբը մշտապես թիրախ է եղել: Հաշվի առնելով, որ այս դեպքում ՄԱԿ-ի լռությունը առնվազն տարօրինակ է, որոշեցինք հիշեցնել ՄԱԿ-ի կառույցին, թե ինչ նպատակների համար է այն կոչված ծառայելու: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, լի վճռականությամբ, պարտավորվում ենք փրկել գալիք սերունդներին պատերազմից, արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը»:

«Նախնյաց հետքերով» նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը հավելեց, որ Թուրքիան լինելով ՄԱԿ-ի անդամ, կոպտորեն խախտում է բոլոր վերոնշյալ դրույթները, ապա հայտարարեց, որ ՄԱԿ-ից պահանջում են ծառայել իր կոչմանը և խստորեն դատապարտել Թուրքիայի ահաբեկչական քայլերն ու դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:

Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն և վերցրեց ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված նամակը` շնորհակալություն հայտնելով շարժման մասնակիցներից:

 

«Հիմարություն է Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի նմանությունների մասին չխոսելը». Արամ Գ. Սարգսյան

Արամ-Գասպարի-ՍարգսյանՀայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր կածիքով` Ղրիմում կայացել է մի հանրաքվե, որի արդյունքները հստակորեն արտահայտում են Ղրիմի ժողովրդի մեծամասնության տեսակետն ու ցանկությունը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի հետ եղավ նույնը բացարձակ օրինական ճանապարհով:

«Լեռնային Ղարաբաղի օրինակը բոլորի համար օրինակելի է, և հիմարություն է Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի նմանությունների մասին չխոսելը, իբրև թե Ղարաբաղն ազատագրվեց, իսկ Ղրիմն անեքսիայի ենթարկվեց»,-ասաց Արամ Սարգսյանը:

Թեև այժմ Ուկրաինայի իշխանությունները նեղացած են Հայաստանից, բայց Արամ Սարգսյանի խոսքով` պետք է հակառակը լիներ, քանի որ Ուկրաինան մշտապես աջակցել է Ադրբեջանին:

«Մեզ համար Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը շատ ավելի կարևոր է: Եթե մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է լավ հարաբերություններ ունենանք Ռուսատանի հետ, ուրեմն պետք է ունենանք»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ, ցավոք, շատ հաճախ փոքր եղբոր դերում են հանդես գալիս Ռուսատանի հետ հարաբերությունների համատեքստում և քանի դեռ ժողովուրդը գոհ չէ իր իշխանություններից, երկրի ներսում անկայուն իրավիճակ է, մեզ կարող են ամեն կերպ օգտագործել:

Արամ Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, ժողովրդի դժգոհությանն «արժանանալու» համար, և սա, կարծես, դրսի պատվեր լինի: «Երկրում առաջին տեղում սերվիսն է, երկրորդ տեղում առևտուրը, իսկ արդյունաբերությունը միայն չորրորդ տեղում է: Երևանը՝ երբեմնի գիտաարդյունաբերական արտադրության քաղաքը, դարձել է սպասարկման քաղաք»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

«Ախր շատ դժվար է՞ էդ հարցի պատասխանը». Արամ Մանուկյանը` կրկին Որոտանի հարցով

imagesՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կառավարությանն ուղղված հարցը կրկին Որոտանի կասկադին էր վերաբերում, և պատգամավորն այդ հարցն արդեն երրորդ անգամ էր հնչեցնում խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Հայաստանի ջրամբարների շուրջ հիսուն տոկոսը մեկ որոշումով հանձնվեց Որոտան համակարգին, որն էլ տվեց ուրիշ երկրի: Ի՞նչ օրենքով ու հիմնավորմամբ պետական, ռազմավարական նշանակության ջրամբարները երկու քայլի արդյունքում օտարվեցին»,-հարցրեց Մանուկյանը` միաժամանակ նշելով որ այդ հարցը նաև գրավոր ձևով է ուղարկել կառավարություն, որտեղից մինչ օրս պատասխան չկա:

Հարցին խիստ լակոնիկ պատասխանեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանը. «Ձեր գրավոր հարցը քննարկվում է, և ժամկետի մեջ է, անպատասխան չի մնա»:

Մանուկյանն արձագանքեց. «Ախր շատ դժվար է՞ էդ հարցի պատասխանը, չեմ հասկանում»:

Մովսիսյանը կրկնեց, որ հարցի պատասխանը պատգամավորը կստանա գրավոր:

«Դա էլ է պատասխան, որ պատասխան չունեք»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

Անկախ

Հանրապետակա՞ն ես՝ կրթաթոշակ կստանաս, ո՞չ՝ դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում  է, որ հանրակրթական համակարգում, առողջապահության և պաշտպանության նախարարության ոլորտներում կա աշխատակիցների «հարկադիր»  կուսակցական պատկանելության երևույթ: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ նիստի ժամանակ. «Այսօր այսպես է. հանրապետակա՞ն ես՝ կրթաթոշակ կստանաս, ո՞չ՝ դարձիր հանրապետական, որ կրթաթոշակ ստանաս: Դուք պետական միջոցները, վճարովի համակարգի վարձավճարներն ուղղում եք կուսակցական համակարգին: 90% -անոց հանրապետական համակարգ ունեք: Սա անթույլատրելի է, սա հանցագործություն է: Ես եղել եմ ՀՀՇ կուսակության նախագահ, այն ժամանակ մենք ապակուսակցականացրել էինք հանրակրթությունը: Բուհում, իհարկե, ցանկացած ուսանող կամ դասախոս կարող է լինել կուսակցական, բայց գործունեությունը տանել այնպես, որ, մարդիկ ստիպված լինեն հանրապետական կուսակցության անդամ դառնալ իրենց սոցիալական վիճակից ելնելով, անթույլատրելի է: Ծայրահեղ կուսակցականությունը վնասում է մեր երկրին», – ասաց Արամ Մանուկյանը, ում վարման կարգով պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա, բնականաբար, հակառակ կարծիքն ունի. «Դուք ասում եք, որ Առողջապահության, Կրթության ու Պաշտպանության նախարարները չպիտի կուսակցականացված լինեն, և մեղադրում եք, որ հանրապետականցնում ենք բուհ-երը: Ասեմ, որ նախարար Աշոտյանի կառավարման շրջանում տարբեր ընդդիմադիր կուսկացությունների ներկայացուցիչներ պատասխանատու պաշտոններ են վայելում այս ոլորտում: Սա «Հանրապետականի»  հանդուրժողական մոտեցման մասին է խոսում»,- եզրափակեց Շարմազանովը:

Դոլարի գինը բորսայում` 412 դրամ

դոլարՄարտի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

NASDAQ OMX Armenia

«Ֆերմերները կարող են ջրի համար երկու անգամ քիչ վճարել, եթե նրանց վերադարձվի տնտեսությունների ներսում ոռոգման ցանցերը». Հրաչ Բերբերյան

հրաչ բերբերյանՀայաստանի ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ակնկալում է, որ այս տարի կայուն բերք կլինի, քանի որ տարին վատ չի սկսվել հացազգիների համար:
«Գարունը 10 օր շուտ է սկսվել, փորձը ցույց է տալիս, որ գարնան շուտ գալով այգիներում ցրտահարության վտանգը մեծանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներին զգուշացրեց Հրաչ Բերբերյանը` հավելելով, որ վաղվանից ջերմաստիճանի անկում է կանխատեսվում և ցրտահարության վտանգ կա, իսկ գյուղացիներին ծանոթ լավագույն և հեշտ տարբերակը այգիները ծխեցնելն:
Հրաչ Բերբերյանի խոսքով` բանջարեղենի աճեցման տարածքներում մորմազգու ցեցի դեմ օդային պայքար պետք է մղել, քանի որ ներքևից սրսկումներն օգուտ չեն տա:
Անդրադառնալով ոռոգման խնդիրներին` Ագրագյուղացիական միավորման նախագահ նշեց, որ մինչև 2002 թվականը ոռոգման համակարգը ղեկավարում էր գյուղնախարարությունը, իսկ այսօր պետությունը ստեղծել է մոնոպոլ վիճակ` այդ իրավասությունը տալով ՋՈ-երին: Իսկ գյուղացուն պետք է այլընտրանքի հնարավորություն տալ:

«Հայաստանցի ֆերմերները կարող են ջրի համար երկու անգամ քիչ վճարել, քան այսօր: Դրան կարելի է հասնել, եթե ֆերմերներին վերադարձնեն նրանց տնտեսությունների ներսում ոռոգման ցանցերը: Ժամանակին դրանք փոխանցվել էին գյուղական համայնքներին, ըստ որում՝ լիովին անհատույց: Կարծում եմ, որ դա հակաիրավական քայլ է: Այժ ֆերմերները ջրի համար վճարում են մեկ քառակուսի մետրի համար 11 դրամ: Եթե նրանք իրենց ոռոգման համակարգերն ունենան, սակագինը կարող է նվազել մինչև 4,5 դրամ»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Գազի թանկացման պարագայում էլ, ըստ Հրաչ Բերբերյանի, ջերմոցատերը կա’մ մինիմալ շահույթ կունենան, կա’մ ընդհանրապես շահույթ չի ունենա: Այդ պատճառով էլ փոքր ջերմոցը պետք է իր տեղը գտնի և այնպիսի գյուղմթերքներ աճեցնի, որոնք իրապես օգուտ կբերեն իրեն: Ասենք` եթե ջերմոցում լոլիկ, վարունգ աճեցնելուց շահույթ չունի, ապա ելակից հաստատ կունենան: Սուբսիդավորումը պետք է տրվի հենց գյուղացուն, ոչ թե այն գործարաններին, որոնք ներկրում են: Գյուղացին ինքը պետք է որոշի, թե ի՞նչ արտադրի:
«Մեծածախ շուկաներն ուսումնասիրելիս նկատել եմ, որ մեր սպառողը ավելի շատ տեղական արտադրության ապրենք է ցանկանում գնել, պետք է նրան տալ այդ հնարավորությունը»,-ասաց բանախոսը` ամոթ համարելով այն, որ անցած տարի տոմատի մածուկ է ներկրվել, այն դեպքում, երբ ողջ խորհրդային միության տոմատի մածուկի 20 %-ից ավելին Հայաստանն էր ապահովում:

 

Մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի. Արմեն Աշոտյանի արձագանքը բնապահպանության նախարարի երեկվա պահվածքին

Արմեն Աշոտյան՛՛Ես առաջարկում եմ միասին հետևել հին ճշմարտությանը՝ որոնել արմատները, դրանք հետևյալն են, վաղուց մեր հասարակական-քաղաքական քննարկումների դաշտում, այդ թվում որոշ ԶԼՄ-ների պատճառով, բառամթերքի կտրուկ անկում կա, և չի կարելի մեղադրել մարդուն, որին հետևողականորեն սադրում են՝ միջոցառումը խանգարելով ու տարբեր տեսակ վանկարկումներով՝ ասելով՝ դուք ծախել եք հանքը, դա վիրավորա՞նք է, թե՞ չէ, դուք կաշառք եք վերցրել, վիրավորա՞նք է, թե՞ չէ: Բնավ համաձայն չեմ, թե ակտիվիստներն ու լրագրողները նախարարի մասնագիտական  գործունեության մասին են խոսել: Ի՞նչն է մասնագիտական գործունեության մասին, եթե դիմացինիդ ասում ես՝ դուք կաշառակեր եք կամ վաճառել եք երկիրը… մենք տարբեր պատկերացումներ ունենք մասնագիտական լրատվական գործունեության մասին այդ դեպքում: Եթե կան նման տեսակի ահազանգեր, խնդրեմ՝ հրապարակեք և դիմեք պատկան մարմիններին, եթե չկան, բարի եղեք պարկեշտություն պահպանեք: Ես վաղուց եմ ասել՝ մի ցանեք քամի, որովհետև դրա պատասխանը փոթորիկ է լինելու, չի կարելի՛՛, – բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա պահվածքի մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս նման կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պահվածքը ցնցել էր բոլոր լրատվամիջոցները: Նախարարն իրեն կեղտոտ ջուր առաջարկած ակտիվիստին ասել էր՝ ՛՛ականջներդ կկտրեմ, այ լակոտ՛՛:
Արմեն Աշոտյանը, սակայն, համառորեն գտնում է, որ այդ ակտիվիստներն են սադրել նախարարին: Լրագրողների  հարցին, թե վերոնշյալն արդյո՞ք նշանակում է, որ ինքն արդարացնում է Արամ Հարությանյանի նման պահվածքը, Արմեն Աշոտյանը հարցով պատասխանեց. ՛՛Իսկ դուք արդարացնո՞ւմ եք քաղաքացիական ակտիվիստներին, որոնք նման տեսակի վանկարկումներով վարկաբեկում են կառավարության անդամներին: Դուք արդարացնո՞ւմ եք այն լրագրողներին, ովքեր գրում են ամենավերջին վիրավորանքները որոշ կայքերում, արդացանո՞ւմ եք այն ակտիվիստներին, ովքեր սադրում են, թե՞՝ չէ՛՛:

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ  մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում՝
  Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում`  ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Երևան քաղաքի  մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան      23.40C (2008թ)
·         Օդի նվազագույն ջերմաստիճան          -7.00C (1982թ)
·         Օդի միջին օրական ջերմաստիճան       7.80C

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

վրաերթՄարտի 25-ին, ժամը 15.15-ին, տրոլեյբուսի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին վայր է ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 16.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան պուրակի մոտ բախվել է «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԵրԱԶ»-ի վարորդը և 4 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 24-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի սալջարդով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Տարոն Ա.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Հաջորդ օրը նա բացատրություն է տվել, որ մարտի 23-ին, ժամը 22.00-ին, ընկերոջ` 1985 թ. ծնված Բաբկեն Ա.-ի վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նստած է եղել նաև ինքը, բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը բուժօգնույթան է դիմել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.40-ին, ոստիկանություն է ներկայացել 59-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ալաշկերտ-Նորապատ ճանապարհի 5-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց G 55AMG» մակնիշի ավտոմեքենա Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 133-րդ կմ-ին գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Սիրիայում, ավելի հստակ՝ Քեսաբում, հույժ կարևոր է հայկական ստորաբաժանումների առկայությունը». Աշոտ Մանուչարյան

աշոտ մանուչարյանԶարմանալի է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան Սիրիայի հայաբնակ համայնքում՝ Քեսաբում,  իրականացրեց նույն քաղաքականությունը, ինչ 1915-ին` օգտագործելով քրդերին: Թուրքիան իր ցանկությամբ նման բան չէր անի, քանի որ առջևում Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Թուրքիային այդ քայլին է գնացել հենց այն ուժերի դրդմամբ, որոնց դրդմամբ էլ շարժվեց 1915թ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Վերջինիս խոսքով` հայ հասարակությունը պետք է հստակ իմանա, թե ով է Թուրքիային դրդում քայլեր անել Սիրիայում:

«Թուրքիայից սիրիական կոնֆլիկտին միջամտել պահանջող երկրներին պետք է հայտ ներկայացնել այն մասին, որ 1915 թվականին Թուրքիան ընդամենը գործիք է եղել, և հիմա էլ գործիքի դերում է, ուզում ենք հասկանալ՝ ո՞վ և ինչո՞ւ է հայերի դեմ կատարում ցեղասպանության դավադրություն»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսը համակարծիք է նաև այն տեսակետին, որ Հայաստանից պետք է զինված խմբեր գնան Սիրիա ու պաշտպանեն տեղի հայությանը:

«Մենք Սիրիայի կառավարությանը պետք է բացատրենք, որ չենք գնում միջամտելու իրենց հարցին, այլ միայն գնում ենք պաշտպանելու մեր հայրենակիցներին: Այսպես մենք նաև կպարզենք, թե ովքե՞ր են իրականում մեր դաշնակիցները»,-ասաց Աշոտ Մանուչարյանը` ընդգծելով, որ այսօր Սիրիայում, ավելի հստակ՝ Քեսաբում, հույժ կարևոր է հայկական ստորաբաժանումների առկայությունը:

Ինչ քայլեր պետք է ձեռնարկեր նման իրավիճակում Հայաստանի իշխանությունը հարցին, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ու իշխանությունը կարծես գոյություն ունեցող աշխարհի հետ կապ չունենան: Պետք է այսօր Ռուսաստանի հետ լուծենք Քեսաբի մեր հայության անվտանգության հարցերը, քանի որ բոլորս գիտենք, որ Ռուսաստանն այնտեղ ռազմանավեր ունի: Պարզ չէ, թե ինչո՞ւ չեղան քննարկումներ ԱՄՆ-ի համապատասխան կառույցների հետ, որովհետև բոլորս ի սկզբանե գիտենք, թե որ կողմն էր հրահրում Թուրքիային: ԱՄՆ-ի հայությունը պետք է պահանջեր ԱՄՆ-ի կառավարությունից՝ Թուրքիային զերծ պահել Քեսաբում որևէ գործողություն իրականացնելուց»:

 

Մեքենայի մեջ երիտասարդները միմյանց հարվածել են ձեռքով ու ոտքով

ծեծՄարտի 25-ին, ժամը 22.57-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Նշված վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մի քաղաքացի հայտնել է, որ մոտակայքում կայանված «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենայի սրահում նստած երեք երիտասարդները վիճաբանում էին:
Ոստիկանություն բերման ենթարկվածները` 1984 թ. ծնված Մանուկ Կ.-ն, 1987 թ. ծնված Գրիգոր Դ.-ն և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ն, բացատրություններ են տվել, ըստ որոնց` վիճաբանության ժամանակ Մանուկ Կ.-ն և Գրիգոր Դ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրար` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Մանուկ Կ.-ն և Գրիգոր Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Համակարգչի գողերը բացահայտվել են

ձերբակալությունՄարտի 25-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ վաղ առավոտյան, ժամը 8.40-ին, բաց դռնից մտնելով մի բնակարան` գողացել են 400.000 դրամ արժողության «նոութբուք» համակարգիչ:
Նույն օրը ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Խ.-ին, 1972 թ. ծնված Գոռ Ս.-ին, 1974 թ. ծնված Վարդան Ս.-ին, 1973 թ. ծնված Միհրան Փ.-ին, 1988 թ. ծնված Հարություն Դ.-ին և 1988 թ. ծնված Կարեն Դ.-ին:
Գողոնն առգրավված է:
Կարեն Խ.-ն և Գոռ Ս.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

Խաբեությամբ հափշտակել է տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, տաքսի ծառայություններից մեկի աշխատակցուհուց ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 5 օր առաջ Կոմիտասի պողոտայում գտնվող ընկերության գրասենյակի մոտից 1978 թ. ծնված Գևորգ Ն.-ն խաբեությամբ հափշտակել է տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Սևակի փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գևորգ Ն.-ին` նշված ավտոմեքենայով:
Կատարվում է հետաքննություն:

Թարմացվում են մայրաքաղաքի նստարանները

0022012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած ու երևանցիների կողմից սիրված նորաոճ նստարաններն այս օրերին թարմացվում են: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատելով և ներկելով վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանները թարմացնելու նպատակով:

Նշենք, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ  1200 նստարան և ավելի քան 850 աղբաման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն