Ավտովթար Մ. Խորենացու փողոցում

ԱվտովթարՄարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ինֆինիտի» մակնիշի 01 PR 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բելինսկու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութ-սրահի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը և 1993 թ. ծնված Գ. Ճ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Անկախ

Դեսպան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Մալոստրանսկա ակադեմիայում

Տիգրան ՍեյրանյանՄարտի 25-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսություն կարդացին Պրահայի Յան Ներուդայի գիմնազիումի Մալոստրանսկի ակադեմիայի Քաղաքական աշխարհագրության բաժնի ուսանողների և հրավիրյալ վերլուծաբանների համար:

Ձեռնարկի սկզբում ակադեմիայի ունկնդիր, ծագումով արցախցի Անդրեյ Մարտիրոսյանը վիզուալ փաստեր ցուցադրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուհետև դեսպան Սեյրանյանը ներկայացրեց Արցախի պատմությունը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև վերջին զարգացումները, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա գործընթացը: Դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի հավասարակշված դիրքորոշմանը` շեշտելով, որ այն ձևավորվում և պահպանվում է նաև սենատոր Շտետինայի և այլ քաղաքական գործիչների արդար ջանքերի շնորհիվ:

Չեխիայի խորհրդարանի անդամը, որպես ղարաբաղյան պատերազմի ականատես, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց սեփական տպավորություններն ու հուշերը: Զինված հակամարտության տարիներին որպես  լրագրող նա բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Սենատորը պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել բնաջնջել Արցախի հայկական ազգաբնակչությունը, որն իր անկոտրուն կամքի և խիզախության շնորհիվ կարողացավ ազատագրել իր պատմական տարածքները:

Ձեռնարկի ավարտին դեսպանը և սենատորը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Անկախ

Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել

ինքնասպանությունՄարտի 26-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Խ.-ին:

Անկախ

ՔԵՆԵԴԻ

kenediՔենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ զիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:

Պատմության մեջ կան առեղծվածներ, որոնք, ըստ երևույթին, երբևէ չեն պարզաբանվի:
Ահավասիկ. ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին զբաղվել են քաղաքացիական իրավունքի հարցերով: Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ., Քենեդին` 1960 թ.: Երկուսն էլ սպանվեցին ուրբաթ օրը` իրենց կանանց ներկայությամբ: Սպանված երկու նախագահների հաջորդները հարավի նահանգներից էին, երկուսի անունն էլ` Ջոնսոն: Է. Ջոնսոնը ծնվել է 1808 թ., իսկ Պ. Ջոնսոնը` 1908 թ.: Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Պուրը ծնվել է 1839 թ., իսկ Քենեդուն սպանող Լի Հարվարդ Օսվալդը` 1939 թ.: Պուրն ու Օսվալդը սպանվեցին դատվելուց առաջ: Զոհված երկու նախագահներն էլ Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ զավակ էին կորցրել: Լինքոլնի քարտուղարուհու անունը Քենեդի էր, որը խորհուրդ չէր տվել նախագահին թատրոն գնալ, ուր և սպանվեց նա: Նախագահ Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր, որը նույնպես խորհուրդ չէր տվել նախագահին գնալ Դալլաս, ուր սպանվեց:
Մի՞թե պատահական է պատահականությունների այս շղթան: Դժվար թե… Գուցե իրավացի՞ են նրանք, ովքեր կարծում են, թե Ջոն Քենեդու մեջ ապրում էր Աբրահամ Լինքոլնի հոգին:
Ինչևէ: Եթե այս հարցում գիտնականներն անզոր են, գուցե մոգերն ու քրմերը զբաղվեն…
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ. մայիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգում` պետական ծառայողի ընտանիքում: Նրա հայրը Ֆրանկլին Ռուզվելտի կառավարության անվտանգության ծառայության պետն էր, հետագայում` Անգլիայում ԱՄՆ դեսպանը: Ապագա նախագահի միլիոնատեր հայրն այնքան էլ լավ համարում չուներ ԱՄՆ-ում, բայց դա չէր խանգարում, որ ապահովեր իր զավակների աննախադեպ հաջողությունները: Ի դեպ, Ժոզեֆ Քենեդին ԱՄՆ մեծահարուստների դասում 12-երրորդն էր և իր հսկայական կարողությունն ամենևին էլ ազնիվ ճանապարհով չէր վաստակել:
Հենց հայրն էլ ապահովեց Ջոն Քենեդու գլխապտույտ վերելքը կառավարման սանդղակով: Ավարտելով Հարվարդի համալսարանը` ապագա նախագահը աշխատանքի է տեղավորվում հոր մոտ: Նա հաճախ էր տարբեր հանձնարարություններով գործուղվում Եվրոպա: Տակավին երիտասարդ` նա առիթ ունեցավ լինելու կապիտալիստական Լոնդոնում, կոմունիստական Մոսկվայում, ֆաշիստական Բեռլինում: Պատերազմը դիմավորեց Անգլիայում և պատվով կատարեց իրեն տրված հանձնարարականները: Առհասարակ, Ուինսթոն Չերչիլը Քենեդու հայացքների ձևավորման վրա շատ է ազդել: Քենեդին պատերազմի ժամանակ ակտիվ գործողությունների կողմնակից էր և կոչ էր անում ԱՄՆ ղեկավարությանը արագ զինվել: Անձամբ Քենեդին ԱՄՆ ռազմածովային ուժերում կամավորագրվեց, սակայն այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, չնայած հետագայում` նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա թիմը Քենեդուն ներկայացնում էր որպես պատերազմի հերոս: Ի դեպ, այս երևույթը շատ տարածված էր հետպատերազմյան ԱՄՆ-ում:
Քենեդու թիմը չզլացավ անգամ նրան ներկայացնել որպես ԱՄՆ լավագույն մարզիկներից մեկը. իբր նախագահի թեկնածուն ֆուտբոլիստ էր, լողորդ և այլն… Անգամ Քենեդու ընդդիմադիրներից ոչ ոք չնկատեց, որ նախագահի թեկնածուն ի ծնե արատավոր է, նրա մարմնի մի կողմը մյուսից փոքր-ինչ երկար էր: Բացի այդ, մանկուց Ջոն Քենեդին հիվանդոտ ու թուլակազմ էր:
Ընդամենը 30 տարեկան հասակում նա հաղթեց Կոնգրեսի ընտրություններում, իսկ հինգ տարի անց երիտասարդ Քենեդին արդեն սենատոր էր Մասսաչուսեթս նահանգից: Նույն թվականին նա ամուսնացավ Ժակլին Բուվյեի հետ, որ ԱՄՆ ամենահարուստ, ամենաազդեցիկ ընտանիքներից էր: Սա հաշվարկ, դիվանագիտական ամուսնություն էր: ԱՄՆ-ում քաղաքական կարիերա ապահովելու համար լավ, կայուն ընտանիք է պետք ունենալ:
Բայց սա դեռ ամենը չէր: 1960 թ.` 43 տարեկան հասակում Ջոն Քենեդին դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հաղթանակ տարավ` դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Ավելորդ չէ նշել, որ Քենեդին իր մրցակցին` Ռիչարդ Նիքսոնին հաղթեց ձայների չնչին` 0,17 տոկոս առավելությամբ:
Քենեդու հաղթանակը եզակի էր ոչ միայն իր երիտասարդ տարիքով. նա ԱՄՆ առաջին կաթոլիկ նախագահն էր, քանզի Քենեդիների տոհմն իռլանդական ծագում ուներ:

Կառավարման ծանր տարիներ էին բաժին ընկել Ջոն Քենեդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած սառը պատերազմը թևակոխել էր նոր, վճռական փուլ: Կարիբյան ճգնաժամի տարիներն էին: Կուբայի շուրջ կրքերը թեժանում էին: Խորհրդային Միությունը, սակայն, անդրդվելի էր և խորհրդային ռազմանավերը, կարծես պատերազմ սանձազերծելով, երկու անգամ ճեղքեցին ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումն ու մտան Կուբա:
Պենտագոնի գեներալները Քենեդուց անհապաղ հակահարված տալու հրաման պահանջեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլիներ: Սակայն ԱՄՆ երիտասարդ նախագահը շատ ավելի հումանիստ ու սառնասիրտ էր, քան իր գեներալները:
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ փոխզիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
Դա էլ եղավ Քենեդու դատավճիռը:
Ամեն դեպքում ԱՄՆ երիտասարդ նախագահը սկանդալային անձնավորություն էր, և ոչ միայն քաղաքականության մեջ: Նա աշխարհին հայտնի էր որպես հմուտ սիրեկան: Քենեդին հասկանալով, որ հիվանդ է (տառապում էր Ադդիսոնի հիվանդությամբ, որ հայտնի է նաև բրոնզյա հիվանդություն անվամբ) և երկար չի ապրելու, ձգտում էր կյանքից քաղել ամեն ինչ, ամեն վայելք: Առհասարակ սիրում էր սիրահետել կանանց ասելով, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընթացքը: Շատերն են վկայել, որ Քենեդին անհագուրդ սիրամոլ էր: Իսկ նրա սիրուհիների թիվը փոքր չէր, և նրանց մեջ ամենասկանդալայինը, իհարկե, ոչ պակաս հանրաճանաչ և հանրության կողմից ոչ պակաս սիրելի Մերիլին Մոնրոն էր: Եվ նա սոսկ սիրուհի չէր, նա նաև հավակնում էր լինել Սպիտակ տան առաջին տիկինը` հույս ունենալով, որ Ջոն Քենեդին մի օր կամուսնալուծվի Ժակլինից և կամուսնանա իր հետ: Իր շրջապատում Մոնրոն անթաքույց խոսում էր այդ մասին:
Նրանց կապի մասին լավ գիտեր նաև Ժակլինը, սակայն իրեն և ամուսնուն չխայտառակելու համար միշտ լռում էր և խույս տալիս դերասանուհու հետ հանդիպումներից, չնայած Մերիլին Մոնրոն անձամբ քանի անգամ սադրել է Ժակլինին:

Ջոն Քենեդի, Ժակլին Բուվյե և Մերիլին Մոնրո. այս եռանկյունու յուրաքանչյուր կողմն այնքան տարբեր էր մյուսից: Նրանց միավորող երեք բան կար` սեր, ատելություն և թմրանյութեր, որոնց օգտագործումից զերծ չէր մնում նաև ԱՄՆ նախագահը:

1962 թ. նոյեմբերի 22-ը ԱՄՆ պատմության ամենասև ու ամոթալի օրերից է: Այդ օրը նախագահ Քենեդին կնոջ` Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով անցնում էր Դալլասով: Սակայն դիպուկահարի արձակած երկու կրակոցները ընդհատեցին նրա երթը: Փամփուշտներից մեկը մխրճվեց նախագահի պարանոցի, մյուսը` գլխի մեջ: Հիվանդանոց չհասած` Քենեդին մահացավ: Նրա աճյունն ամփոփեցին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:

1963 թ. նոյեմբերի 22-ին Դալլասում հնչած կրակոցները, սակայն, վերջ չտվեցին Ջոն Քենեդու կյանքին: Նա սպանվեց, սպանվեց առեղծվածային ձևով: Բայց Քենեդուն սպանող Լի Հարվալդ Օսվալդը կրակոցներով սոսկ վերջ դրեց նրա երկրային կյանքին, և սկսվեց Քենեդու անմահությունը:
Ամուսնու սպանությունից շատ չանցած` նրա ահաբեկված կինը` Ժակլինը, ամուսնացավ հույն մեծահարուստ Օնասիսի հետ:

Ինչո՞վ էր պայմանավորված այս ամուսնությունը: Ժակլին Քենեդին Օնասիսի գրկում ապահովությո՞ւն էր փնտրում, թե՞ արդեն սովորել էր իր անձի շուրջ բարձրացվող հաճախակի աղմուկին ու բամբասանքներին: Կամ գուցե Ժակլինին պակասում էր շքեղությու՞նը… Ժակլին Քենեդու և Օնասիսի հարսանիքի օրը Ժակլինն ամուսնուց նվեր ստացավ 6 մլն 105 հազար ֆրանկ արժողությամբ թանկարժեք իրեր: Մեկ տարվա ընթացքում Օնասիսն իր կնոջը նվիրել է ևս 22 մլն ֆրանկ արժողությամբ իրեր: Ծննդյան օրը Ժակլինն ամուսնուց ստացավ 40 կարատանոց ադամանդյա ոսկե մատանի: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն իր արդուզարդի վրա ծախսեց 10 միլիարդ ֆրանկ:
Բայց չէ՞ որ Ժակլինն ինքը պակաս մեծահարուստ չէր:

 

Ի՞նչ պետք է սովորեն հայերը Թուրքիայի վարչապետ Էրդողանից

Հարութ-Սասունյան1Այս հոդվածի նպատակն է դասեր քաղել Սիրիայի Քեսապ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներից:

 

Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող «Թվիթեր» սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:

 

Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս, թվում է թե, իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև:

 

Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. «մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:

 

Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը, նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:

 

Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումների հանդեպ սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է «Թվիթերը»: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:

 

Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր «Յութուբը», քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել «Ֆեյսբուքը» և «Յութուբը» մարտի 30-ի ընտրություններից հետո:

 

Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես, երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու` ջիհադիստների կողմից Քեսապ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:

 

Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսապի վրա հարձակումները: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:

 

Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:

 

Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:

 

2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով` «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:

 

Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին:

 

Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում:

 

Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ

Մշակութային միջոցառում Ցյուրիխում

Մշակութային միջոցառում Ցյուրիխում   Մարտի 24-ին Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ` 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացավ «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը, որն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Համերգը ողջույնի խոսքով բացեցին Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցեց դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի` մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:

Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես եկան հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարեցին Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում` Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները:

 Անկախ

Ավետիք Իշխանյանը խոսքի ազատության մասին

Ավետիք ԻշխանյանԱյսօր Գյումրիում հերթական անգամ նշվեց խոսքի ազատության օրը, օգտվելով առիթից Անկախը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց այսօր խոսքի ազատությունն Հայաստանում ինչ մակարդակի վրա է: Մեր զրուցակիցը այն ոչ բավարար որակեց, ոչ էլ` շատ քիչ. «Ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, սխալ կլինի, ասել, որ խոսքի ազատությունը լիակատար է` նույնպես սխալ կլինի. Նայած որ ոլորտում: Եթե խոսենք հեռուստատեսության ոլորտից, ապա խոսքի ազատությունը միակողմանի է և քարոզչությունը միակողմանի է, քանի որ բացի իշխանական լրատվամիջոցներից, կան, որ սպասարկում են տարբեր կուսակցական և սեփականատիրական, բիզնես շահեր: Ինչ վերաբերում է և տպագիր, և էլեկտրոնային թերթերին` այնտեղ նույնպես բևեռացված լրատվություն ու մեկնաբանություն է գնում: Իհարկե, ես հասկանում եմ, որ լիարժեք, չեզոք, անկախ լինել գրեթե հնարավոր չէ, բայց շատ կուզենայի, որ անկախ լրատվամիջոցներ շատ լինեին, որպեսզի անաչառ լրատվություն հայտնեին: Եվ երբ լինում են բռնություններ ու սահմանափակումներ լրագրողների նկատմամբ, դրանք ավելի շատ սահմանափակումներ են, նրանց քաղաքական գործիչ տերերի համար, որը նույնպես անթույլատրելի է»:

Անկախ

Գյումրիում նշվեց խոսքի ազատության օրը

26 002Արդեն 6-րդ անգամ Գյումրիում նշվեց խոսքի ազատության օրը: ՚Հոկտեմբեր՚ կինթատրոնի դահլիճում Երեւանից ու Վանաձորից ժամանած հյուրերի մասնակցությամբ գյումրեցիներն հերթական անգամ նշեցին իրենց համատեղ հաղթանակի օրը: Ամեն տարի տոնի կապակցությամբ պարգեւատրում են անցած մեկ տարվա ընթացքում խոսքի ազատության եւ դրա պաշտպանության գործում աչքի ընկած մարդկանց ու կազմակերպություններին:

Գյումրու Ժուռնալիստների ՚Ասպարեզ՚ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը տոնի հիմնադիրներից է, իր ելույթում նշեց. ՚Սա լրատվամիջոցների եւ զուտ լրագրողների տոն չէ եւ միայն այս ոլորտի մարդկանց խրախուսման տոն չէ: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ պարգեւատրվելու են այն մարդիկ, ովքեր իրենց քաղաքացիական վարկով, դիրքով, իրենց գործունեությամբ էական ավանդ են ունեցել խոսքի եւ արտահայտման ազատության պաշտպանության եւ այդ արժեքները լրջորեն կիրառելու գործում: Շատ մեծ խիզախում է պետք հոսանքին հակառակ գնալու համար: Ես համոզմունք ունեմ, որ դա ավելի շատ գենետիկական է՚:

Տոնի առթիվ ելույթ ունեցան նաեւ ՚Շիրակ կենտրոն՚ ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը եւ այլք:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հիշեց, թե խորհրդային տարիներին ինչպես էին մի կերպ որսում ՚Ամերիկայի ձայնի՚ ռադիոալիքները, որպեսզի կարողանային մի փոքր այլընտրանք գտնել, ապա շարունակեց. ՚Այսօր սոցիալական վիճակը շատ է վատացել եւ մարդկանց մի զգալի հատված ասում  է՝ մեզ պե՞տք են այդ ազատությունները: Մեկը մյուսի հաշվին չի եղել. Հակառակը, Խորհրդային միության փլուզումից հետո, եթե մնացած ազատություններն էլ լինեին, այդ թվում նաեւ խոսքի ազատությունը, գուցե սոցիալական վիճակն էլ լավանար: Եվ վերջում ուզում եմ մի անեկդոտ պատմել. Գիտեք, որ Բելառուսիայում բռնապետություն է, բայց սոցիալական վիճակը համեմատաբար ավելի լավ էր, քան հարեւան Ուկրաինայում: Ուկրաինական մի նիհար շուն գալիս սահման է հասնում, ուզում է անցնել Բելառուսիա, սահմանապահները թույլ չեն տալիս: Խնդրում է, սապոգները լիզում, վերջը թույլատրում են: Գնում է, մի որոշ ժամանակ անց չաղացած գալիս է, որ սահմանը ետ անցնի դեպի Ուկրաինա, ասում են՝ գնացել էիր, քո համար հանգիստ ապրում էիր, ի՞նչ ես եկել: Ասում է՝ մի քիչ էլ ուզում եմ հաչալ”:

Հավելենք, որ այս տարի մրցանակների արժանացան յոթը` Շանթ Հարությունյանը, Լևոն Խեչոյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Արգիշտի Կիվիրյանը, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը և hetq.am կայքը, “ԱՌՏ” լաբորատոր ստեղծագործական կազմակերպությունը և “Անտարես” մեդիա հոլդինգը:

Ավետիք Իշխանյանը վերջում մտավախություն հայտնեց, թե “կգա ժամանակ, երբ սա ավադույթ դառնա` անընդհատ նշվի, նշվի, վերջը կդառնա պետական տոն և մի քիչ համը դուրս կգա”:

Անկախ

Մեկնարկեց «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը

unnamedՍ.թ. մարտի 25-26-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով մեկնարկեց «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը:

Համաժողովի նպատակը հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև երկխոսությունը դյուրացնելն է: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:

Հայաստանում հանքարդյունաբերության առկա հնարավորությունների ու մարտահրավերների քննարկմանը հրավիրված պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի շրջանակներում մասնակցում են միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետներն իրենց մասնագիտական փորձառությունը կներկայացնեն գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը:    Համաժողովի շրջանակներում կքննարկվեն ընդգրկուն թեմաներ, ինչպիսիք են՝ համաշխարհային հանքարդյունաբերությունը, սոցիալական և բնապաhպանական խնդիրների կառավարումը, թափանցիկությունն ու ոլորտի ներդրումները:

 

Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն ուսումնասիրելու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման ուղիները, ներառյալ շրջակա միջավայրի կառավարման բարելավումը, առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծումը և ոլորտի թափանցիկության մակարդակի խթանումը Հայաստանում: Այս բազմակողմանի քննարկումը նպատակ ունի բարելավելու երկրում հանքարդյունաբերության ոլորտի կառավարումն ու օրենսդրական կարգավորումը:

 

Մարտի 25-ին՝ համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Գերմանիայի դեսպաններն ու Կանադայի կառավարության ներկայացուցիչը:

 

«Այս քննարկմանը ներգրավելով տարբեր շահակիցների և քաղաքացիական հասարակությանը ՝ նպատակ ունենք միասին քայլեր ձեռնարկել պատասխանատու հանքարդյունաբերության ձևավորման ուղղությամբ և դասեր քաղել միջազգային լավագույն փորձից: Հայաստանում նախատեսվող հանքարդյունաբերության նոր օրենսգիրքը և շրջակա միջավայրի ու սոցիալական հարցերով նախատեսվող իրավական դաշտը կնպաստեն ներդրումային միջավայրի բարելավմանը՝ ապահովելով այս ոլորտում ներդրումների  տնտեսական  կենսունակությունը, սոցիալական պատասխանատվությունն ու բնապահպանության տեսանկյունից կայունությունը», – նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին:

 Անկախ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

 ՀՀ ՊՆՄարտի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները և համաձայնեցվեց Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: Փաստաթղթում գնահատվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները` դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ և Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ: Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի` ռազմավարական պլանավորման նկատառումների և ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում:

Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով: Հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին համապետական նշանակության այս ձեռնարկում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, վստահություն հայտնեց, որ միջգերատեսչական փոխգործակցության նույն բարձր մակարդակը կպահպանվի նաև ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում:

Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Անկախ

Քննարկվել են ազգային բրենդի մշակման ռազմավարությանը վերաբերող հարցեր

տիգրան սարգսյան, ազգային բրենդՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:

Հանդիպման ընթացքում GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը ներկայացրել է Ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է իրականացվող աշխատանքների մասին և ազգային բրենդի մշակման աշխատանքային խմբի անդամների հետ քննարկել առաջիկա անելիքները:
2014 թ. փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել են Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր և Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր՝ Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Բրենդավորման ռազմավարությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Անկախ

Հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. «Գելլափ»

գելափԹերի տեղեկացվածության պատճառով է, որ հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին. «Գելլափ»

 

«Գելլափ ինթերնեյշնլ ասոցացիա»-ի հայաստանյան մասնաճյուղը 2014-ի փետրվարին հեռախոսային հարցում է իրականացրել Երևանում` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնահատելու համար:

Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող գովազդային արշավի շնորհիվ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին 1066 հարցվածներից լսել է 93 %-ը, սակայն հարցվածների շուրջ 60 %-ը նշել է, որ տեղեկացված չէ կամ քիչ է տեղեկացված ներդրված համակարգի վերաբերյալ: Հենց սա էլ երևի թե, հարցումն իրականացնողների գնահատմամբ, գալիս է բացատրելու այն հանգամանքը, որ հարցվածների 88.7 %-ը դեմ է արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Գելլափ ինթերնեյշնլ ասոցացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով` բոլոր խնդիրները կապված են թերի իրազեկման հետ: Ճիշտ է, գովազդը կա, բայց տեղեկատվությունը լիարժեք չէ:

34.3 %-ը դեմ է օրենքին, որովհետև կուտակված գումարները ետ ստանալու երաշխիք չունի, 32.9 %-ը չի վստահում կառավարությանը, 27.3 %-ը կարծում է, որ աշխատավարձերից 5 % պահումը բավական մեծ գումար է, 18.8 %-ը չի վստահում ֆոնդերին, 18 %-ը` կուտակային կենսաթոշակային համակարգին, 18.4 %-ը դեմ է համակարգի պարտադիր լինելուն, իսկ 5.5 %-ը դեմ է գումարներն արտերկիր ուղարկելուն:

46.2 %-ը կողմ է, քանի որ պետությունն իր ներդրումն է ունենալու քաղաքացիների բարեկեցիկ ապագայի ապահովման գործում, 44.6 %-ը գտնում է, որ այս համակարգի շնորհիվ հետագայում կստանան բարձր թոշակներ, 23.1 %-ը կարծում է, որ համակարգի շնորհիվ հետագայում կստանա բարձր թոշակներ, 21.2 %-ն էլ նշել է, որ համակարգն ընդունելի է զարգացած երկրներում և կցանականա, որ Հայաստանում ևս կիրառվի:

Ինչպիսի վճիռ կկայացվի հարցին հարցվածների 59 %-ը պատասխանել է, որ օրենքը կմնա ուժի մեջ, 20.1 %-ը կարծիքով` օրենքը կկասեցվի, 11 %-ը նշել է, որ օրենքը կդառնա ոչ պարտադիր, իսկ 6.7 %-ն էլ կարծիք է հայտնել, որ հետ կուղարկվի ԱԺ` լրամշակման: Հարցվածների 85.7 %-ը մասնակցում է պարտադիր կուտակային կենսաթշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին, որից 58.7 %-ը գնում է ցույցերի և երթերի, իսկ 58.7 %ը մասնացում է քննարկումներին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

«Հարցումն իրականացնելուց առաջ կարծում էինք, որ 18-41 տարեկանների մոտ ավելի բարձ կլինի «դեմ»-երի թիվը, բայց հարցումն իրականացնելուց հետո պարզ դարձավ, որ 41-ից բարձր տարիք ունեցողների մեջ ավելի շատ են «դեմ» արտահայտվողմերը: Մենք սա կապում ենք վերջին շրջանում ունեցած բացասական փորձառության հետ»,- ասաց Արման Նավասարդյանը:

Անկախ

«Մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է». Էդ. Շարմազանով

загруженное (1)

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հարեւան երկիրը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը:

“Սրա վառ ապացույցն է այն, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կողմից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը: Ակնհայտ է, որ այս ամենն արդյունք է Ադրբեջանի ղեկավարության ֆաշիստական եւ հայատյաց քաղաքականության: Եվ այս ամենից հետո նրանք դեռ իրենց հասարակությունն անվանում են հանդուրժողական: Կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ գերմանական նացիստներն էին իրենց շարժումը կոչում քրիստոնեական: Մեկնաբանություններն ավելորդ են”:

Շարմազանովն անդրադարձավ նաև թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող հայաբնակ գյուղաքաղաք Քեսաբում տեղի ունեցող ցավալի իրադարձություններին: Մեջբերելով Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Քեսաբի հայերի՝ թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է, Շարմազանովն ասաց.

“Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ”:

Ինչ վերաբերում է վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներին, ապա Շարմազանովը նկատեց, որ դրանց իր ակտիվ մասնակցությունն է բերում նաև քաղաքացիական հասարակությունը, որի կայացումը նա համարեց բոլորիս ձեռքբերումը` նշելով, որ հանրապետականները ողջունում են քաղաքական բազմակարծության ցանկացած օրինական դրսեւորում: Սակայն նա ափսոսանքով նշեց, թե որոշ քաղաքական գործիչներ բազմակարծություն ասելով հասկանում են զրպարտանք եւ անձնական վիրավորանք:

“Նրանք ակնհայտորեն մոռանում են, որ դիմացինին զրպարտելով եւ վիրավորելով իրենք չեն բյուրեղանում: Հիշենք, որ մարդկային ամենագնահատելի առաքինություններից մեկը չափի զգացումն է”,-ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

 

Անկախ

 

 

ՙՙԴեպքի վայրում հայտնաբերված խախտումները վթարի պատճառ չեն եղել, այլ նպաստել են դրան՚՚.փաստաբան

MHM86508 copyԴերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի մոդելավորված տարբերակը` ասաց, որ ՙՙԲՄՎ՚՚ -ի առջևի մասն ամբողջությամբ կոտրված է եղել, ՙՙՆիվայից՚՚ հեղուկ է թափված, կոտրված են նաև ՙՙՆիվայի՚՚  ապակինները, ինչը նշանակում է, որ որտեղ հեղուկն ու ապակիները թափվել են, այդտեղ էլ տեղի է ունեցել վթարը։ Իսկ հեղուկը թափված է բանուկ մասի վրա, բեկորներն էլ ասֆալտի վրա են։ Եթե կողնակի վրա վթար լիներ, պետք է հեղուկը թափվեր կողնակի վրա, մինչդեռ դրանք ամբողջությամբ թափված են ասֆալտի վրա։ Եվ, եթե վթարը կողնակի վրա է եղել, ո՞ւր է հեղուկը կամ ապակին: Փաստաբանի խոսքով` նախաքննական մարմինը կողասահքի հետքերը չի արձանագրել, մինչդեռ դա ակնհայտ է լուսանկարներում։

ՙՙ ՙՙՆիվան՚՚ հետընթաց է կատարել ճանապարհի բանուկ մասում, մինչդեռ խաչմերուկում հետընթաց չի թույլատրվում։ ՙՙՆիվան՚՚ վերջին պահին արգելակել է, բայց արդեն վտանգը մեծ է  եղել՚՚,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանի խոսքով` դեպքի վայրում քննիչի կողմից արված լուսանկարները եղել են շատ անորակ, և իրենք օգտվել են լուսանկարիչ Գագիկ Շամշյանի տրամադրած լուսանկարներից, ինչից հետո միայն կարողացել են առավել մանրամասն փաստեր ունենալ: Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ հայտնաբերված խախտումները վթարի պատճառ չեն եղել, այլ նպաստել են դրան։

ՙՙՙԱքիլլես՚՚՚ ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով վթարին, մի շարք հանգամանքներ նշեց, որոնցից էր` ճանապարհային նշանների բացակայությունը, ՙՙՆիվայի՚՚ մգեցված ապակինները, ինչպես նաև գազի բալոնի տեղադրումը։

ՙՙՄեքենան չի ունեցել կողային հայելիներ, հետևաբար իրավունք չուներ այդպես մգեցնել ապակիները։ Ինչ վերաբերում է գազի բալոնին, ապա ՙՙՆիվան՚՚ չի ունեցել դրա համար համապատասխան փաստաթղթեր՚՚,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

 

 Անկախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ

Արա ՀարությունյանՄարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

 

Ճարտարի համայնքներում ներկայացվեցին բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի մշակումը: Գյուղում գործում են մեկ ավագ, երկու իննամյա և մեկ արվեստի դպրոցներ: Վերջերս սկսվել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը: Կառավարության և գյուղի բարեգործների ֆինանսավորմամբ ընթանում են ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, ամբողջությամբ կավարտվեն մոտ երեք տարվա ընթացքում: Գյուղի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է շտապ օգնության կայան, ինչպես նաև իրագործվել են մի շարք սոցիալական ու շինարարական աշխատանքներ:

 

Շեշտադրելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են Ճարտարում՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. առաջին հերթին, ըստ Ա. Հարությունյանի, պետք է մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում գյուղի բարերարների հետ, որպեսզի նրանց ռեսուրսներն ուղղվեն ոչ միայն բարեգործական, այլ նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը: Որպես երկրորդ մարտահրավեր, որը վերաբերում է ողջ հանրապետությանը, վարչապետը մատնանշեց աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նշանակալի բարելավում է կատարվելու հուլիսի մեկից: Ա. Հարությունյանի խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացումը միանշանակորեն ազդեցություն կունենա մասնավոր սեկտորի աշխատավարձերի վրա՝ ուղղակիորեն բարելավելով բնակչության կենսամակարդակը: Գյուղերի զարգացման ճանապարհին նա կարևորեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի մարդկանց աշխատավարձերի բարձրացումը:

Վարչապետն այցելեց Ճարտարում վերջերս բացված՝ Ստեփանակերտի գորգագործարանի մասնաճյուղ՝ ծանոթանալու դրա աշխատանքներին: Նա կարևորեց այդ ձեռնարկության բացումը գյուղի տնտեսական ակտիվության ապահովման գործում:

Անկախ

ՙՙՎթարը տեղի է ունեցել ՙՙՙՆիվայի՚՚ վարորդի կողմից մեքենան սխալ վարելու պատճառով՚՚. միջազգային փորձագետ

MHM86507Երևան-Եղվարդ ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու վայրում Հայաստանի ոստիկանությունը չի աշխատել այնպես, ինչպես պետք է աշխատեր։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակամուրջով ներկայացնելով վթարի մոդելավորումը PS Crash ծրագրի միջոցով` ասաց Սլովակայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, Վթարների հետազոտության և վերլուծության ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին՝ ներկայացնելով վթարի մոդելավորումը։

Միջազգային փորձագետը նշեց, որ, ունենալով ելակետային տվյալները, PS Crash ծրագիրը շատ հստակ կարող է պատկերել մեքենաների շարժը վթարից առաջ, վթարի ժամանակ և վթարից հետո։ Գուստավ Կասանիցկին նշեց, որ ոստիկանության լուսանկարներում չեն եղել մեքենաների հետքերը, դրանք հնարավոր է տեսնել վթարի վայրում արված այլ լուսանկարներում։

«Մեքենաների բախումը եղել է ճանապարհի երթևեկելի մասում, ոչ թե կողնակում, ինչի մասին վկայում են նաև լուսանկարներում առկա հետքերը։ «Նիվան» հետընթաց է կատարել, և բախման հետևանքով 180 աստիճան շրջվել։ Ճանապարհի այդ հատվածում ճանապարհային նշանների բացակայությունը վթարին նպաստող հանգամանք է եղել և մեծ դեր է ունեցել, վթարը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի կողմից մեքենան սխալ վարելու պատճառով»,- ասաց միջազգային փորձագետը։

 Անկախ

Արամ Մանուկյանն իրենց աջակցելու կոչով դիմեց գազի և էլեկտրաէներգիայի ոլորտի մասնագետներին

images (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին կրկին անդրադարձավ գազի որակի ու էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրներին և կոչ րեց ոլորտի  մասնագետներին ու փորձագետներին իրենց մասնագիտական խորհուրդներով, նյութերով աջակցել բացահայտելու այն խնդիրները, որոնք այսօր ԱԺ կողմից ստեղծված հանձնաժողովի օրակարգում են:

«Մենք ունենք նրանց մասնագիտական աջակցության կարիքը,-ասաց Մանուկյանը,-սակայն շեշտադրենք, որ խնդիրն ամենևին չի վերաբերում քաղաքացիների հաշվիչներին, անվճարունակ լինելուն և այլ, սա այդ խնդիրների շրջանակչը չէ»:

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ ոլորտի մասնագետների հետ հանդիպումները կարող են լինել և փակ, և բաց ձևաչափով, և նրանք, ովքեր պատարստ են  աջակցել իրենց, կարող են դիմել Հայ ազգային կոնգրես խմբակցություն :

 

Անկախ

Հայտնի են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները

BFF closing «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների պարգևատրման մասին։ Մրցույթներն անց են կացվել  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Հաղթողների պարգևատրման, ինչպես նաև փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ «Եսասեր հսկան» արժանացավ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգևատրվեց Apple iPad պլանշետով, իսկ ևս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր  32 աշխատանք։

«Լավագույն գրախոսականի մրցույթի նպատակներից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու  և խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլև նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգևորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթը, որին ներկայացված լուսանկարները տեղադրված էին  Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական և ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը: Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան ևս վեց մասնակիցների աշխատանքներ: Արմեն Անմեղիկյանը պարգևատրվեց լուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։

«Փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները ևս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց։ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել  կյանքն ավելի լավը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ներառական և հաղորդակցության խնդիրներն առաջնահերթ կարևորություն ունեն նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար: Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը և հանրային ոլորտի գործընկերները կմեկնարկեն ներառական կրթության թեմային նվիրված հանրային իրազեկման արշավ: Ներառական միջավայրն անհրաժեշտ պայման է բոլոր երեխաներին և երիտասարդներին արդյունավետ ուսուցում կազմակերպելու համար՝ անկախ իրենց կարողություններից: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն նույն իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ինչպես մյուս երեխաները: Այս իրավունքների հավասար սկզբունքով լիարժեք ապահովումը ոչ միայն կառավարության, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունն է, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին։ Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

«Ուկրաինայի դեպքերը պետք է դաս լինեն ՀՀ իշխանությունների և ընդդիմության համար». Երվանդ Բոզոյան

երվանդ բոզոյանԸնդդիմություն-իշխանություն հակամարտությունն Ուկրաինայում վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Դե ֆակտո,  ողբերգությունը հավասարապես կիսում են թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Անշուշտ ուկրաինական ողբերգության մեջ, ըստ քաղաքագետի, իրենց մեղքն ունեն նաև գերտերությունները: ՌԴ-ի մեղքը կայանում է նրանում, որ աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված մարդուն: ԱՄՆ-ն էլ, օգտվելով իրավիճակից, խրախուսեց ուկրաինական ընդդիմության մեջ ընդգծված հակառուսական գործիչներին, և Մայդանի հեղափոխությանը հետևեց ՌԴ-ի նման արձագանքը:

«Ուկրաինական իրադարձություններն  առաջին դասը պետք է լինեն Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար, որպեսզի երկրի ներսում տեղի ունեցող բոլոր տիպի խնդիրները չդարձնեն սակարկման թեմա դրսի ուժերի համար»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին` քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, ՌԴ որոշումն արդեն փաստ է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Իհարկե, սա ոչ միանշանակ է ընկալվում միջազգային հանրության կողմից, ավելին,  միջազգային հանրությունը մեծամասամբ չի ընդունում ՌԴ-ի այս քայլը:

«Խնդիրը նրանում է, թե հետագա ի՞նչ զարգացումներ կլինի, և արդյո՞ք ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների միջև լարվածությունը կխորանա: Միջազգային հանրությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ այդ խորացումը չլինի, դրան է ուղված բոլոր քայլերը: ՌԴ-Արևմուտք այս լարվածությունն իր կնիքն է թողնում նաև մեր տարածաշրջանի վրա: Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել այս կոնֆլիկտում, որ մեր ազգային շահը չտուժի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Այս իմաստով, ըստ բանախոսի, ՀՀ պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի չեզոք, ՀՀ-ն պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին, իսկ ԼՂՀ-ն կարող է ողջունել Ղրիմի ինքնորոշման ակտը:

«ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով, իրենց ճիշտ են պահում: Հայաստանի կողմից չեզոքությունը շատ կարևոր է, որպեսզի մենք վնաս չհասցնենք թե’ մեզ, թե’ Ղարաբաղին: Շատ կարևոր է, որ Հայաստանի այս դիրքորոշումը ճիշտ ընկալվի և’ Ռուսաստանում, և’ Բրյուսելում, և’ Վաշինգտոնում»,- ասաց քաղաքագետը:

Իսկ թե որքանո՞վ է ճիշտ ԼՂ-ն և Ղրիմը համեմատել, քաղաքագետը նշեց, որ դիվանագիտական առումով շահավետ է ասել, որ ոչ մի նմանություն չկա ԼՂ-ի և Ղրիմի միջև, որովհետև Ղրիմի ինքնորոշումը չի ընդունվել միջազգային հանրության կողմից, իսկ ԼՂ ինքնորոշումը մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունն ընդունի: