Մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևանի Տիգրան Մեծ պողոտա-Մովսես Խորենացի-Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում

ճանապարհային ոստիկանությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում:
1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթևեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկին՝ թույլ տալով տրանսպորտային միջոցներին երթևեկել ուղիղ՝ դեպի Հանրապետության հրապարակ և աջ՝ դեպի Ե. Քոչարի փողոց:
2. Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկում, Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի երեք երթևեկելի գոտիների փոխարեն գործելու է չորս երթևեկելի գոտի:
3. Տիգրան Մեծ պողոտայով դեպի երկաթգծի կայարան տանող ճանապարհահատվածի լուսացույցերը մնալու են նույն տեղում հետիոտնի համար: Նույն ուղղությամբ նոր ձևավորվող խաչմերուկում ավելացվելու է ևս մեկ լուսացույց:
4. Նոր ձևավորվող խաչմերուկում երթևեկությունը կազմակերպվելու է հետևյալ ձևով.
ա) երթևեկությունը թույլատրող լուսացույցի կանաչ լույսի առկայության դեպքում 3-րդ և 4-րդ շարքերից երթևեկությունը թույլատրվելու է ձախ՝ դեպի Երվանդ Քոչար և Մովսես Խորենացի փողոցներ, իսկ 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ, ընդ որում` լուսացույցն 1-ին երթևեկելի գոտու համար միշտ բաց է:
բ) Ագանթագեղոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները երթևեկելու են միայն աջ՝ դեպի երկաթգծի կայարան, իսկ Նար Դոս փողոցի կողմից Մ. Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկից երթևեկելու են միայն աջ:
 

Մարտի 31-ից նոր արագաչափ կգործարկվի «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» ճանապարհին

Արագաչափ-սարքՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 26.2-րդ կմ հատվածում (Արմավիրի մարզի Շահումյան գյուղի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

 

Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից

«Բարև Երևան» դաշինքՄարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին:

 Հարգելի պարոն Մարգարյան,

 Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:

 Մարտի 8-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հայ հանրությանը (http://civilnet.am/gas-experiment-vahan-martirosyan-customers-rights-/). միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17  հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին: և սա այն դեպքում, երբ Հայաստանում սպառվող բնական գազի կալորիականություն է հայտարարվել 8200 միավորը, իսկ Վրաստանում՝ 8100 միավորը, չնայած փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում կապույտ վառելիքի ջերմատվությունն ավելի ցածր է:  Պարզունակ, բայց համոզիչ այս գիտափորձի արդյունքներին հաստատելու են գալիս բնակչության, այդ թվում երևանցիների բազմաթիվ բողոքները, ինչպես նաև սպառած գազի համար մեր բոլորիս կատարած վճարների մեծությունը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

 Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը: Այսպես.

  1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի  (Քաղաքապետի իրավական կարգավիճակը) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում».
  2. Նույն օրենքի 65-րդ հոդվածի (Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա».
  3. Նույն օրենքի 22-րդ հոդվածի (Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին».
  4. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի (Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում) համաձայն՝ «Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:

 Այսպիսով, որքան էլ գազի ջերմատվության ու սպառման, սպառողների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված վերոնշյալ հարցերի պարզաբանումը, աղաղակող և մտահոգիչ խնդիրների լուծումը դուրս է Երևանի ավագանու և քաղաքապետի իրավասություններից, այդուհանդերձ, դրանք շոշափում են Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված ենք մենք՝ ավագանու անդամ, թե քաղաքապետ: Վերոգրյալի հիման վրա արծարծվող խնդրո առնչությամբ

  1. Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,
  2. Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝  բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,
  3. Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել դատարանում՝ ընդդեմ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության,
  4. Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:

 Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին:

 «Բարև Երևան» խմբակցությունը կոչ է անում Երևանի ավագանու «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միասին մշակել մեր համաքաղաքացիների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու և երևանցիներին հնարավոր դրամաշորթությունից պաշտպանելու պահանջով ՀՀ կառավարությանն ուղղված Երևանի ավագանու ուղերձի և հայտարարության նախագիծ, որն կընդունվի ավագանու մոտակա նիստում:

Հարգանքներով՝

 «Բարև Երևան» խմբակցության անունից

Անահիտ Բախշյան

Երևանի Ադոնցի փողոցում մեքենաներ են բախվել

ավտովթարՄարտի 25-ին, ժամը 00.41-ինի ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ”ԲՄՎ” մակնիշի 33TT855 և ”ՎԱԶ 2106” մակնիշի  02US885 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Դեպքի վայրում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Հրազդանի կիրճում` 500 քմ, Սարի-Թաղ 26-րդ փողոցում՝ 2000 քմ և 20 ծառ, Արտաշատի խճուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Կարբի գյուղում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Սևանա թերակղզում՝ 1 հա , Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ 5000 քմ և 1,5 հա, Մալայա Զեմլյա կոչվող թաղամասում՝ 1500 քմ, Վայոց Ձորի մարզի Լվիս կոչվող հանդամասում՝ 13 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է նաև մշակութային հզոր զենքով

որմնանկար 1Մինչև 2013-ի սեպտեմբերը Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի «Հայաստան» որմնակարն անհայտ էր: Եթե լրագրող Անահիտ Կորյունը մի օր գյումրեցի նկարչին չհարցներ՝ վարպետ, բա որմնանկար չունե՞ք, հնարավոր է, որ «Հայաստանն» այդպես էլ չբացահայտվեր:
Վարպետի մահից հետո նկարիչ Խաչիկ Հարությունյանը տեղեկանալով, որ Անահիտ Կորյունը զբաղվում է Արծրունյանի արվեստի ուսումնասիրությամբ, զանգահարում է և ասում, որ վարպետի հետ որմնանկար են ստեղծել: Իսկ Էդուարդ Արծրունյանը կարծել է, թե շենքը, որտեղ իր «Հայաստանն» էր, քանդվել է: Անահիտն ամիջապես ուղևորվել է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ: Զորանոցը գտնվում է գյուղից վերև՝ բարձունքին: Խորհրդային տարիներին այն եղել է «Տյումենգազի» հանգստյան տունը, իսկ 1992-ից առայսօր համալիրն ամբողջությամբ պաշտպանության նախարարության ենթակայության տակ է:
Պատը, որի վրա Արծրունյանը վրձնել է որմնանկարը, տարիներ ի վեր ծառայել է կինոցուցադրության համար, կինոէկրանի պաստառը քողարկել է «Հայաստանն» ու թաքուն պահել բոլորի աչքից: Գետահովտի զորամասի փոխգնդապետ Գարիկ Առաքելյանը զարմացած է. արվեստի այս գործը, նրա խոսքով, ոչ թե զորամասի, այլ ամբողջ տարածաշրջանի ու հայրենիքի հարստությունն է: «Ես սա համեմատում եմ «Դեն պոբեդի» երգի հետ, ոնց որ այդ հիթն է պատերազմի 5-6 տարիներն ամփոփում, այնպես էլ այս որմնանկարը Հայաստանի պատմության նկարագրությունն է: Այստեղ Կոմիտասն է, Մաշտոցը, Չարենցը, 1915 թվականի դեպքերը, չգիտեմ… Սա հզոր գործ է, ում էլ պատկանի սա, պետք է սրբությամբ պահպանի»,- ասում է նա:
Անահիտ Կորյունի խոսքով` որմնանկարը Էդուարդ Արծրունյանի արվեստի խտացումն է, գլուխգործոցը: «Հայաստանն» ընդգրկում է ազգային ամբողջ սիմվոլիզմը՝ դրանով կերտելով մեր երկրի մանրակերտը` հազարամյակների տարեգրությամբ: «Վարպետի որմնանկարը, կարծում եմ, այս գյուղի բրենդն է, զբոսաշրջային այցեքարտը: Հայաստանի արծրունյանական մեկնաբանությունն ուղղակի ապշեցնող է, նայում ես ու աչքիդ առաջ հառնում է հազարամյակներին դիմակայած մեր պետության ողջ ընթացքը»,- նշում է Անահիտը:
որմնանկար2Մարտի 14-ին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը որմնանկարին տվել է հուշարձանի կարգավիճակ: Իսկ դա նշանակում է, որ այս գործը պահպանվելու է պետության կողմից: Ի դեպ, շատ է խոսվում այն մասին, թե նախկին առողջարանային այս համալիրը սեփականատեր ունի: Նշվում է, թե տարածքը պատկանում է ԲՀԿ ղեկավարին: Նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, սակայն, ասաց, որ Գագիկ Ծառուկյանը Գետահովտի զորամասի այդ տարածքի հետ որևէ առնչություն չունի:
«Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի խոսքով` եթե անգամ շենքը մասնավոր սեփականություն է, ըստ կարգի, համազգային մշակութային այդ ժառանգությունը չէր կարող չընդգրկվել հուշարձանների ցանկում: Այդպես է նաև Իտալիայում: Հակոբ Սիմոնյանը Վենետիկի, Ֆլորենցիայի, Հռոմի օրինակն է բերում: Վաճառքը մեծ խնդիր չէ, միայն թե սեփականատերը պետք է պարտավորվի չաղճատել, չքանդել, չփչացնել հուշարձանը: «Այդ պարտավորություններն ամրագրված են օրենքով, կառավարության որոշմամբ և կնքվող պայմանագրով: Սեփականատերը հուշարձանի պատշաճ պահպանության համար կարող է ակնկալել պետական աջակցություն, բայց չի կարող այնպիսի գործունեություն ծավալել, որը կվտանգի մշակութային արժեքի ֆիզիկական ու բարոյական վիճակը, չի կարող քանդել, վնասել այն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:
Հարցը գրեթե լուծված է, որմնանկարին տրվել է հուշարձանի կարգավիճակ: Հանձնաժողովի խորհուրդը ստեղծել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են հեղինակավոր նկարիչներ, նաև` Էդուարդ Արծրունյանի որդին: Խմբի անդամներն առաջիկայում կմեկնեն Գետահովիտ` ևս մեկ անգամ ուսումնասիրելու «Հայաստան» որմնանկարը, նաև պարզելու` վարպետը, բացի «Հայաստանից», այլ որմնանկար ունի՞, թե՞ ոչ: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Գետահովիտ էր գործուղել որմնանկարի մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանին: «Եկանք այն եզրակացության, որ որմնանկարը պետք է դասվի XX դարի լավագույն որմնանկարների շարքը: Բավականին արժեքավոր որմնանկար է, ես ծանոթ եմ Արծրունյանի արվեստին, սա նրա ստեղծագործության բարձրակետն է: Շատ մեծ սեր կա այնտեղ: Մենք կազմել ենք որմնանկարի` որպես մշակութային ժառանգության անձնագիրը, և ես վստահ էի, որ այն կընդգրկվի մշակութային արժեքների ցանկում»,- ասում է Արժանիկ Հովհաննիսյանը: Մասնագետի խոսքով` կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո պետք է զբաղվել որմնանկարի ամրացման ու վերականգնման հարցերով, քանի որ պատը, որի վրա նկարել է ժողովրդական նկարիչը, նախատեսված չի եղել որմնանկարի համար, հնարավոր է, որ բարակ պատն ուժեղ ցնցումների դեպքում փլվի: Ուստի, մասնագետի կարծիքով, կառուցվածքային խնդրի լուծումն առաջնային է:
Էդուարդ Արծրունյանը «Հայաստան» որմնանկարը ստեղծել է 1989 թ.: Այդ ժամանակաշրջանը նրա համար չափազանց բեղուն էր: Մոսկվայում իր 60-ամյակին նվիրված միջոցառմանն Արծրունյանն արժանացել է արծաթե մեդալի: Ստացել նաև ժողովրդական նկարչի կոչում: Վարպետի համար 2014-ը կրկնակի հոբելյանական է: Կնշվեն նկարչի ծննդյան 85 և որմնանկարի 25-ամյակները: «Հայաստանը» կմնա Գետահովտում, թե կտեղափոխվի այլ վայր պահպանության համար, դեռևս հայտնի չէ: Այն, որ որմնանկարը համազգային մշակութային բացառիկ արժեք է,ինչպես տեսնում ենք, մասնագետներն են հաստատում: զինվորներԷդուարդ Արծրունյանը Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, հետևաբար, ֆիդայիների կերպարները որմնանկարում պատահական չեն: Կերպարներ, որոնք շաղկապված են մեր երկրի պատմությանը և հատկանշում են Հայաստանի տարեգրության որոշակի շրջափուլեր: Որմնանկարի առանցքում են Մեսրոպ Մաշտոցը` հայոց գրերով, Ցեղասպանության հուշահամալիրը, Կոմիտասն ու մեծ երգահանի դրամատիկ հայացքը 1915-ի դեպքերին, խաչքարեր, եկեղեցիներ, վանքեր, հայոց ավանդական պարերը, Չարենցը: Մասնագետների խոսքով` հայ նշանավոր դեմքերի կերպարների արծրունյանական մեկնաբանությունները նոր ու հարուստ ուսումնասիրության նյութ են:
Եթե անգամ հատուկ միջոցառում չկա, զորանոցի զինվորների քայլերն ուղղվում են դահլիճ: Տեսարանը, որ բացվում է զինվորների ու սպաների առջև, ավելի քան պարտավորեցնող է, ներշնչող: Հյուսիսարևելյան դարպասի ամրությունն ապահովված է ոչ միայն սովորական, այլև մշակութային հզոր զենքով….
Մայա Խաչատրյան

Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով տանտիրուհին ծխախեղդ է եղել

ծխախեղդՄարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:

Անկախ

«Փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը». Վահե Էնֆիաջյան

ԷնֆիաջյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը, որը համաժողովրդական աննախադեպ ոգևորություն է առաջացրել՝ վախի և խուճապի նոպաներ է առաջացնում կառավարության որոշ ներկայացուցիչների մոտ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հանդիպումների շարքն ու քննարկումները նոր հույս ու ակնկալիքներ են ստեղծում հայ մարդու և մեր ժողովրդի համար: Սա գոտեպնդում է յուրաքանչյուր քաղաքացու՝ ով վճռական է իր մասնաբաժինն ունենալ այս մեծ հայրենանպաստ գործում: Կառավարության օվշորային սկանդալները, նրա մեղմ ասած անարդյունավետ գործունեությունը, արտագաղթի մեծացող տեմպերը, գործազրկությունը և ստեղծված տնտեսական ու սոցիալական խայտառակ պայմանները` վաղ թե ուշ ստիպելու են նրանց հեռանալ այնպես՝ ինչպես այսօր ծածուկ հեռանում են ԱԺ ամբիոնից»:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին ի պատասխան, թե Հայաստանում «ռեֆորմների 70 տոկոս եկամուտը գնում է որոշակի ագահ անձի գրպանը, որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում», հայտարարել էր. «Նման միայն մեկ օրինակ հիշեցի, Երևանի մերձակայքում գործող մեկ կազինո, որը տարեկան իսկապես 6-8 մլն եվրո շահույթ է ստանում: Ստանում է այդ շահույթը նաև այն բանի շնորհիվ, որ ձեր ֆրակցիան կողմ քվեարկեց, որպեսզի ամբողջ «փոքր բիզնեսը» փակվեր, լիքը աշխատատեղ փակվեր, որ ձեր իսկ սահմանած խաղի կանոնների արդյունքում այդ մասնավոր անձը ստանար այդ շահույթը: Այո, համաձայն եմ, ագահությունը չափ ու սահման պետք է ունենա»:
Անկախ

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս զինվոր է մահացել.news.am

ՊԲ,պնԱյսօր՝ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Անկախ

Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

2 (1)ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերելու և հիմնավորված որոշումներ ընդունելու  վերաբերյալ:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը և Արա Նազարյանը: Դասախոսությունները վերաբերել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին, ռազմավարական զարգացման խնդիրներին:

Օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 27-ը:

Անկախ

ՙՙՀարսնաքարի՚՚ գործով դատական ակտն ամբողջությամբ անհիմն է. պաշտպան

հարսնաքարԱյսօր Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ՙՙՀարսնաքարի՚՚ գործով կայացած դատական ակտն ամբողջությամբ անհիմն է: Նա ընդգծեց, որ քրեական գործում որևէ ապացույց գոյություն չունի, որը կփաստի, որ իր պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը:

ՙՙԿարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքը մյուսի արարքից չտարանջատող դատական ակտ է: Իմ պաշտպանյալը, թեև ուներ բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ, սակայն որևէ մեկը հաշվի չի առնվել և բոլոր վեց ամբաստանյալներին նշանակվել է նույնանման պատիժ՚՚,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր «Հարսնաքարի» գործով կալանավորված բոլոր 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Պաշտպանն ընդգծեց, որ Արման Բաղդասարյանի մասով վճիռը պետք է բողոքարկվի, որպեսզի վերջինիս նկատմամբ իրականացվի արդարադատություն:

ՙՙԱմբողջ քրեական գործի դատաքննությունը ընթացել էր այն ուղղությամբ, որ նախաքննության մարմինը և դատարանում մեղադրանքի կողմը որևէ ապացույց կարողանար գտնել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն չունենալով ապացույց` ի վերջո իմ պաշտպանյալին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման: Այս պարագայում չբողոքարկելը անիմաստ կլինի՚՚,-ասաց նա:

Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը պետք է արդարացվեր, քանի որ բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորի առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը:

Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012-ի հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

 Անկախ

Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով վերացնել արդեն բարեկարգած փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այն փողոցներում, որտեղ առաջացած ճաքերը համեմատաբար քիչ են, իրականացվում են Ճաքալցման աշխատանքներ, իսկ տարածված ճաքերով փողոցների ասֆալտի շերտերը մաքրվում և ասֆալտապատվում են:

Գործընթացն իրականացվում է այն բոլոր փողոցներում, որտեղ գույքագրումից հետո հանձնաժողովի կողմից ասֆալտի որակի մասով հայտնաբերվել են թերություններ: Շինարարական կազմակերպությունների առջև խնդիր է դրված առկա թերությունները վերացնել կարճ ժամանակում:

Անկախ

Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով

GishyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ:

«Հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը ծանր կորուստ, ափսոսանք ու ցավ է բոլորիս համար:

Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է  ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ վերլուծությամբ, պրագմատիկ դիրքորոշմամբ:
Որպես փորձառու տնտեսագետ` նա լուրջ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսության ոլորտում` իր մասնագիտական բարձր կարողություններն ի նպաստ դնելով հատկապես բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործին:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին և այս դժվարին պահին հայտնում մեր զորակցությունը»:

«Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա», Հրայր Թովմասյան

Հրայր-ԹովմասյանՊատգամավորները շարունակում են քննարկել 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկումները:

Կառավարության կողմից ելույթով ունենալով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ քննարկվող հարցը ԱԺ իրավասությունների  մեջ չի մտնում: «Տուգանում են, վատ ենք ապրում, չի կարելի տուգանել և այլն: Ես չեմ բացառում, որ կան զանցանքներ, որ մեր վարչական իրավախախտումների մասին օրենքով սահմանված են, որոնք էնքան փոքր են, որ պետք չի սահմանել, պետք ա դրանցից հրաժարվել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով տուգանքների չափերին` նախարարն ասաց, որ դրանց բարձր լինելը կարելի է քննարկել` միաժամանակ բերելով երկրների օրինակներ, որտեղ արագության գերազանցումը հավասարեցված է սպանության փորձին և քրեորեն պատժելի արարք է համարվում:

«Կառավարությունը վախենում է, կառավարությունը չի լսում: Ժողովուրդ ջան, եկեք մի պարզ բան հասկանանք. Կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը նույնն են, չփորձեք էստեղ արհեստականորեն ջրբաժան տանել: Ձեզանից էլ ընդհանրապես վախեցող չկա: Էդ տոնը մոռացեք` ով ումից ա վախենում, ինչի ա վախենում: Ունենք խնդիրներ, լուծելով գնում ենք»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Այնուհետև նախարարն իրենց ընդդիմախոսներին ծորհուրդ տվեց իրենք իրենց հարց տալ, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ Երևանում ավտոմեքենաների առևանգումը, փողոցային հանցագործությունները  զրոյի են մոտեցել: Նախարարն այդ ամենը համարում է տեսանկարահանող սարքրեի կիրառման արդյունք:

«Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը պիտանի, անհրաժեշտ և  չափավոր չի ձեր կողմից հետապնդվող նպատակներին հասնելու համար»,-ամփոփեց նա:

 

Անկախ

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

11161_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջև ծառացած հիմնարար խնդիրներն ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Սերժ Սարգսյանի արձագանքը Քեսաբի իրադարձություններին

5827Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաև մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին, մեծամասնությունը՝ Դեր Զորի անապատներում։

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին` այս ծանր պահին քեսաբահայության պաշտպանության համար ձեռնարկվող քայլերի համար:

«Ես արդեն հանձնարարել եմ ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Ստեղծված իրավիճակի մասին Հանրապետության Նախագահն այսօր խորհրդակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն աշխատում է քեսաբահայությանն աջակցելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի վրա, որն իրականացվելու է ամբողջ ծավալով:

 

«Հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից». Արթուր Մինասյան

загруженноеՀայաստանի Հանրապետության կողմից ամրագրված դրույթի համաձայն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը համարվում է պետությունների կոլեկտիվ պարտականությունը: Այդ նպատակով է Հայաստանը դեռևս 1993-ից մասնակցում թմրամիջոցների վերահսկման նմանատիպ միջազգային ծրագրերի:

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերհսկման միջազգային խորհրդի ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը հայտարարեց, որ հերոին և օփիում տեսակի ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 %: Բացի այդ, Իրանից Հայաստան է բերվում հաշիշ տեսակի թմրամիջոց: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:

«Վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում: Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 և բարձր տարիքի մարդիկ են: 2014-ի հունվարի 1-ի դրությամբ` հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց և անչափահասների թիվը շատ քիչ է»,- տեղեկացրեց Արթուր Մինասյանը:

 

Անկախ

«Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին». Բրեդլի Բուզետտո

big_1382605910_1894238Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի ամենամյա (ԹՎՄԽ 2013) զեկույցի ներկայացման ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը չի պատկանում թմրամիջոցների թրաֆիքինգի, թմրամիջոցների կիրառության ահագնացող ծավալներ ունեցող երկրների թվին:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013-ի զեկույցի համաձայն` աշխարհում ծանր թմրամիջոցներ օգտագործող (մոտ 4,5 միլիոն մարդ) յուրաքանչյուր վեց մարդուց միայն մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը, ինչը տարեկան կազմում է 35 միլիադ ԱՄՆ դոլար: Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել թմրադեղերի չարաշահման տնտեսական և սոցիալական հետևանքների վրա, անդրադարձ է կատարվել դեղատոմսով չարաշահմանը, որի ծավալները որոշ երկրներում գերազանցում են «արգելված» թմրամիջոցների չարաշահման ծավալները, ներկայացվել են նաև տարածաշրջանային միտումները:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն ահազանգում է դեղատոմսով տրվող թմրամիջոցների լայն մատչելիության մասին` նշելով, որ դրանց չարաշահումը մեծ սպառնալիք է հանրային առողջապահության համար և որոշ երկրներում առաջ է անցնում ապօրինի թմրանյութերի չարաշահման ցուցանիշից:

Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհուրդն առաջարկում է ուշադրություն դարձնել կանխարգելման, թմրամիջոցների դեմ պայքարին, որպեսզի նվազի թմրադեղերի չարաշահման հետևանքով առաջացած տնտեսական վնասը:

«Այս տարածաշրջանը գլխավոր տեղում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցում: Բարեբախտաբար, Հայաստանն այս հարցում Արևմտյան Ասիայի մյուս երկրների` Աֆղանստանի, Իրանի, Պակիստանի նման ծայրահեղ խնդիրների չի բախվում` անգամ հաշվի առնելով վերջերս հայտնաբերված մեծ ծավալի թմրամիջոցները»,-նշեցին ուսումնասիրողները:

 

Անկախ