|
|
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին: Արձանագրելով, որ 2002 թվականից հաջողվել է էապես բարձրացնել Հայաստանում գազիֆիկացման մակարդակը, գազի սպառման ծավալն ու գազամատակարարման հուսալիությունը, կողմերը քննարկել են «Գազպրոմ»-ի կողմից «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերումից հետո, հետագա համատեղ աշխատանքներին, ինչպես նաև գազի սակագնին և գնագոյացմանը վերաբերող հարցեր: |
Վարչապետը խորհրդարանում ներկայացրեց Մեդվեդևի հետ հանդիպման մանրամասները
Հանրապետական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վաչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց առավել մանրամասն ներկայացնել Սոչիում իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները` մասնավորապես կապված Մաքսային միության,«Ռուսնևտ»-ի և ատոմակայանի հարցերի հետ:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ Մաքսային միության թեման առանցքային է, և իրենք հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել մանրակրկիտ քննարկել այն: Պայմանավորվածություն է եղել, որ ողջ աշխատանքները լինեն բաց և թափանցիկ, և աշխատանքային խմբերի ղեկավարներն արդեն իսկ հաշվետվություն են տալիս հանրությանը:
Վարչապետի խոսքով` սեմինարներ են անցկացվում բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզ լինի, թե նրանք ինչ նորմատիվային դաշտում են հայտնվելու: «Լինելու է նաև գրանտային օգնություն ՀՀ կառավարության համար, որպեսզի անցումը լինի անցավ, և որ բիզնեսը նույնպես պատրաստ լինի»,-ավելացրեց Տիգրան Սարգսյանը:
Քննարկված երկրոր կարևոր խնդիրը, որ նույնպես առնչվել է Մաքսային միությանը, աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքն է եղել: «Մենք պայմանավորվեցինք, որ մինչ Մաքսային միությանը միանալը ստորագրվի երկկողմ պայմանագիր, որպեսզի մեր քաղաքացիների համար ստեղծվի ավելի բարենպաստ միգրացիոն իրավիճակ, և որպեսզի հունվարի մեկին Ռուսաստանում ընդունված օրենքը բացասաբար չանդրադառնա մեր քաղաքացիների վրա»:
Ինչ վերաբերում է «Ռուսնևտ»-ին, ապա վարչապետը տեղեկացրեց, որ ընկերության ղեկավարը ներկայացրել է այդ ծրագրի մանրամասներն ու գործունեությունը. «Խոսքը գնում է շուրջ հինգ հարյուր միլիոն դոլարի ներդրումների մասին,-ասաց վարչապետը,-սակայն այս պահին համապատասխան իրավական դաշտը նախապատրաստելու կարիք կա, նաև ազատ տնտեսական գոտու ռեժիմի անհրաժեշտություն կա, ինչն ընդունելի առաջարկ է, որովհետև առաջին տարիներին հիմնականում մեծածավալ ներդրումներ են լինելու»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «Նաիրիտի» աշխատուժի օգտագործման մասին: Վարչապետը գտնում է, որ մենք այդ հարցում ունենք հարաբերական առավելություն, քանի որ ունենք մասնագետների հզոր բանակ, որը կարող է օգտակար լինել նոր ծրագրի իրականացման մեջ:
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա ըստ պայմանավորվածության, դեռևս պետք է գտնեն ճիշտ բանաձևը այդ աշխատանքների ֆինասնավորման հետ կապված: «Մեր առաջարկներն ընդունվեցին վարչապետի կողմից, և ռուսական գերատեսչությունենրին տրվեցին հանձնարարականներ, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում այդ հարցերը լուծվեն»,-ամփոփեց վարչապետը:
Դոլարի գինը բորսայում` 413,15 դրամ
Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը. Փաշինյանի հարցը Աշոտյանին
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նրան մասնավորապես հետաքրքրում էր Տնտեսագիտական և Ագրարային համալսարանների ուսանողների գռեհիկ վարքը, որ այդպես էլ մնացել է անպատիժ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտեց. «Փոխանակ ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, ՀՀ երիտասարդական հիմնադրամը տնտեսագիտականի Ուսանողական խորհրդին պարգևատրում է մրցանակով, ինչից հետո` փետրվարի 13-ին, ոգևորված, Ագրարային համալսարանաի ՈՒԽ-ն է փողոցային «ռազբոռկա» սարքում իրենց իրավուքն իրացնող քաղաքացիների հետ: Պարոն Աշոտյան, ի՞նչ է կատարվում կրթության համակարգում: Քրեական հիմնարկների օրինակով հսկողության տա՞կ եք պահում բուհերը: Եթե չեք պատժում ուսանողներին ռեկտորների գլխավորությամբ, ուղերձ եք հղում հասարակությանը, որ ինքը լուծի այդ հարցը: Թե՞ կարծում եք ՀՀԿ-ի պինդ տղերքի նման պինդ մարդիկ չկան: Կան և ուրիշ անգամ բոլորովին ուրիշ արդյունք կլինի»:
Արմեն Աշոտյանն իր պատասխանում նկատեց, որ Փաշինյանի հարցի սրությունը կապ չուներ հարցադրման էության հետ: Նա կոչ արեց կրթության մասին խոսելիս խորհրդարանում ուրիշ տոն օգտագործել. «Չեմ կարծում, որ ձեզ հետևողների թիմը մարտի մեկից առաջ կավելանա, եթե նման կերպ խոսեք, – ասաց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց,-ասեմ, որ կրթության ոլորտը ապաքաղաքականցված է ավելի, քան երբևէ: Հիշեցնեմ, որ այդ համալսարանի ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել վիրավորանքների համար: Եվ հետո` չե՞ք կարծում, որ շատ լավ է, որ չենք հեռացրել ոչ մի ուսանողի: Դուք, որ քաղաքական պատճառներով հեռացվել եք համալսարանից, պետք է ուրախ լինեք, որ այսօր քաղաքական պատճառներով ոչ ոք չի զրկվում կրթության իրավունքից»:
Նիկոլ Փաշինյանին պատախանն էլ ավելի վրդովվեցրեց. «Կարո՞ղ ա Մարտի մեկի հանցագործներն էլ են ներողություն խնդրել, որ չեք պատժում: Քրեական հանցագործությունը ենթադրում է քրեական պատիժ: Ինչ վերաբերում է իմ տոնին, ավելի լավ է ձեր կառավորության անդամներին սովորեցնեք` ինչ տոնով խոսել խորհրդարանում: Խոսելու ենք այնպես, ինչպես դուք եք խոսում»:
Սրանից հետո Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու, հայտարարեց, որ, այնուամենայնիվ, նկատեց Փաշինյանի տոնի մեղմացում:
«Սա ռեկետ է». Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների հարցը
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները գործնականում զանգվածային ձևով արձանագրում են, թե ՀՀ ավտոճանապարհներին նախկինում երբեք իրենց այսպիսի թալանի չեն ենթարկել. «Խոսքը տխրահռչակ արագաչափերի և տեսախցիկների մասին է»,-պարզաբանեց նա` ներկայացնելով կառավարությանն արված իր հարցման նույնքան տխրահռչակ արդյունքները:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն` քաղաքացիները տեսախցիկների տեղադրումից հետո ութ ու կես միլիարդ դրամ ավելի գումար են վճարել: «Սա ռեկետ է, հատկապես որ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գազի գինն եք թանկացնում: Քիչ է մնում մեր «պադյեզդների» դիմաց էլ արագաչափ դնեք տեսնելու համար, թե մենք պատճաշ արագությամբ ենք մեր տներից դուրս գալիս, թե ոչ: Սա արվում է մարդկանց գրպանից փող գռփելու համար, իսկ գումարը չի մտնում պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը:
Պատգամավորի բարձրացրած հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ եթե Փաշինյանը դա որպես ռեկետ է դիտարկում, ապա նույն տրամաբանությամբ ռեկետ են բոլոր հարկերը, վճարներն ու տուրքերը: Նախարարն էլ իր հերթին հարցրեց, թե կարող է՞ արդյոք պատգամավորն արձանագրել մի դեպք, որ խախտում չի եղել, սակայն արձանագրվել է: «Հակառակ դեպքում կարող ենք նստել և պայմանավորվել, որ մեզ ոստիկաններ էլ պետք չեն, ընդհանրապես հանենք ոստիկանությունը»:
Ինչ վերաբերում է գումարները պետական բյուջե չմտնելուն, ապա նախարարը որոշակի թվերով փաստարկներ բերեց, որ այդ գումարներից ծախսեր են արվել նաև պետական կարիքների համար, իսկ մի մասն էլ օգտագործվել է որպես պարգևատրային գումար:
Սակայն Փաշինյանին նախարարի պատասխանը չբավարարեց. «Դուք չպատասխանեցիք ամենակարևոր հարցին` Սերժ Սարգսյանի եղբա՞յրը որքան շահույթ է ստացել այս գործարքից»:
Հրայր Թովմասյանն էլ իր հերթին հարցրեց, թե Փաշինյա՞նը որքան եկամուտ ունի այդ գործարքից:
Ինչ վերաբերում է անհիմն խախտումներին, ապա Փաշինյանը հիշեցրեց Դավթաշենի կամրջի օրինակը` նշելով, որ դրա մասին ամբողջ Երևանը գիտի: «Մարդկանց սովորական ճանապարհին ամիսը մեկ փոփոխություններ են արվում»,-նկատեց նա:
Նա խոստացավ իր պատգամավորական լիազորություններն օգտագործելով` սեփական հետաքննությունն իրականացնել, որովհետև կարծում է, որ այդտեղ կա հսկայական կոռուպցիա: «Միանշանակ այս տեսախցիկները պետք է հանվեն և պետք է սկսվի հետաքննություն խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար»,-ասաց նա:
Հրայր Թովմասյանն էլ հորդորեց ազնիվ լինել և ընդունել ոստիկանության կողմից հրապարակված թվերը, թե այդ տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով վթարները որքան են նվազել: «Իմ համար մեկ մարդու կյանքը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այդ գումարները,-ասաց Հրայր Թովմասյանը,-իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհն է գնացել այս ճանապարհով, և սա նորություն չէ»:
«Հայաստանի իշխանությունները, օլիգարխիան և ընդդիմությունը պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից». Ռիչարդ Կիրակոսյան
«Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը, ինչպես նաև Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությունը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն ուկրաինական դեպքերից` հասկանալով, թե որքա՞ն վտանգավոր է անտեսել հասարակության պահանջները: Հայաստանյան օլիգարխիան և ընդդիմությունը ևս պետք է դասեր քաղեն Ուկրաինայի դեպքերից: Ըստ բանախոսի` օլիգարխիան պետք է աչքի առաջ ունենա հատկապես Յանուկովիչի փախուստը, իսկ ընդդիմության քաղած դասը նախևառաջ պետք է վերաբերի շարժիչ ուժին:
Խոսելով Հայաստան-Ուկրաինա նմանություններից` Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ կան և’ նմանություններ, և’ տարբերություններ:
«Հատկապես տնտեսական անհամատեղելիության և հասարակական անվստահության հարցում Ուկրինայի և Հայաստանի մեջ շատ նմանություններ կան, թեև Հայաստանի քաղաքացիական հասարակությունը շատ ավելի քիչ է կազմակերպված, քան Ուկրաինայինը»,- ասաց Ռիչարդ Կիրոկասյանը:
Ըստ բանախոսի` այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կոչվում է կարմիր նարնջի արյունալի հեղափոխություն: Ես դժվարանում եմ ասել, թե ի՞նչ կլինի այնտեղ, բայց համոզված եմ, որ Ուկրաինան տարածքային փլուզում չի ունենա: Բացի այդ, Ռուսաստանի համար կարևոր է նաև, որ Ղրիմը մնա Ուկրաինայի կազմում:
Վերադառնալով հայաստանյան դեպքերին` Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ Հայաստանի հին ընդդիմությունը ձախողվել է երեք կատեգորիաներում` առաջնորդություն, կազմակերպվածություն, ռազմավարական տեսլական: Իհարկե, նորամուծությունները ևս կարևոր են, բայց Հայաստանի ընդդիմության համար պետք է դաս լինի նաև այն, որ աշխարհագրական ակտիվությունը ևս շատ կարևոր է, պետք է շրջաններում էլ ակտիվ քայլերի դիմել:
Հարցին` արդյո՞ք մարտի 1-ի դեպքերից տարիներ անց հայաստանյան ընդդիմությունը դասեր է քաղել, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ցավոք, և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ ընդդիմությունը պատմությունից դասեր չեն քաղել: Չեմ կարծում, որ առաջիկայում նրանք իրենց սխալները կշտկեն»:
Քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը
ՌԴ միգրացիոն քաղաքականության ոլորտում 2014թ. հունվարից գործող փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցերի քննարկման նպատակով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ, պետքարտուղար Եկատիրինա Եգորովայի հետ:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն ընթացակարգերում արտոնություններ սահմանելու հնարավորությունը: Անդրադարձ է եղել Մաքսային Միությանը և ընդհանուր տնտեսական տարածքին Հայաստանի միանալու, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համատեքստում միգրացիոն ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, որոնցից միայն 4332-ն են հաշվառված
Հայաստանում ամենից շատ թմրանյութ օգտագործում են Երևանում, մարզերից՝ Արմավիրում: Ի դեպ, ոչ միայն Արմավիրում, այլև ողջ Հայաստանում բնակլիմայական պայմաններով պայմանավորված` հեշտությամբ կանեփ է աճում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանը:
Ըստ Արթուր Մինասյանի` ինչպես ողջ աշխարհում է նկատվում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ՝ մոտ 7%–ով, այնպես էլ Հայաստանում:
«2012-ին գրանցվել է և բացահայտվել է 1139 հանցագործություն, 2013-ին՝ 1222 դեպք: Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ թմրանյութ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հայաստանում գլխավորապես օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված և մարիխուանա տեսակի թմրանյութ: Եղել են դեպքեր, երբ փորձ է արվել թմրանյութ ներկրել հարևան Իրանից: Փորձել են ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց: Գրանցվել է նաև հաշիշ-ափիոն տեսակի նյութերի առևանգում մոտ 1 կգ-ի չափով»,- ասաց Արթուր Մինասյանը:
Բանախոսի փոխանցմամբ` թմրամիջոցների ապօրինի օգտագործողերի թիվն ավելացել է: Եթե 2012-ին հայտնաբերվել է թմրամիջոցներ ապօրինի օգտագործող 1009 ՀՀ քաղաքացի, 2013-ին այս թիվն աճել է՝ դառնալով 1523:
ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի խոսքով՝ թմրամոլների տարիքը հիմնականում տատանվում է 25-40-ի միջակայքում: Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում դարձյալ վերադառնում է թմրանյութերին: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:
«Հայաստանում նաև, այսպես կոչված, սինթետիկ թմրամիջոցների օգտագործման մի քանի դեպք է գրանցվել: Այս թմրամիջոցներն արտադրվում է Չինաստանում: Թմրամիջոցին խառնվում է շատ քիչ քանակությամբ սինթետիկ նյութ, որի շնորհիվ թմրամիջոցի ներգործությունը հինգ անգամ ավելի շատ է լինում և շատ ավելի մատչելի է ափիոն-հերոինից։ Ներերակային թմրամիջոց օգտագործողների թիվը նվազել է ի հաշիվ այլ տեսակի թմրանյութերի: Հայաստանում մոտ 30 000 թմրամոլ կա, սակայն հաշվառվածները 4332 են, որոնցից 85-ը թունամոլ է, այսինքն` չարաշահում է հոգեմետ դեղամիջոցները: Հաշվառված թմրամոլների թվում կանայք 55-ն են: 30 000-ից 12 700-ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են»,- ասաց Պետրոս Սեմիրջյանը:
«Ռուսաստանի մեր գործընկերները հասկացել են, որ միգրացիոն ռեժիմի մեղմացումը մեզ համար շատ կարևոր է». Արթուր Բաղդասարյան
2014-ի հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց՝ օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են գտնվել ոչ ավել, քան 90 օր։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն էլ ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի վերաբերյալ նամակ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։
Հարցին` արդյո՞ք ստացել է ռուս գործընկերոջն ուղղված իր նամակի պատասխանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել ռուսական կողմի հետ:
«Խնդիրը չի վերաբերում միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար հայերի դեպորտի վտանգին, խոսքը վերաբերում է այնպիսի դեպքերին, որոնք այսօր կան մեր իրականության մեջ: Օրինակ, ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, իսկ ընտանիքը մնացել է Ռուսաստանում, ինչն իսկապես լրջագույն խնդիր է: Ռուսական կողմի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, վաղը տեղի կունենան առաջին քննարկումները: Ռուսաստանի մեր գործընկերները հասկացել են, որ խնդիրը կարևոր է մեզ համար: Այս խնդիրը լուրջ տնտեսական, քաղաքական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար: Արձագանքը կա, սխեմաները կան, ես հուսով եմ, որ դրական լուծումներ կգտնենք»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Խնդրագիր գրելու փոխարեն ճիշտ չէր լինի՞, որ իշխանությունները մտածեին աշխատատեղեր ստեղծելու մասին հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ոչ մի խնդրագիր չեմ գրել, և հետո խոսքն այսօր այստեղից գնացողներին չի վերաբերում, այլ այնտեղ ապրողներին»:
«Բանակը որևէ կապ չունի մարտի 1-ի իրադարձությունների հետ». Գուրգեն Արսենյան
Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը միարժեքորեն կողմ է: Նա գտնում է, որ կան հարցեր, որոնք իրենց պատասխանները մինչ օրս չեն ստացել: Եվ որպես նույն հարցով ԱԺ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի արտախորհրդարանական ներկայացուցիչ, նա խոստովանում է, որ ճիշտ է` այդ հանձնաժողովն աշխատել է ջանասիրաբար, սակայն արդյունքն այն է, ինչ կա, այսինքն` հանրությանը հուզող հիմնական հարցերի պատասխաններն այդպես էլ չկան:
Մեկ նախադասությամբ ձևակերպելով այդ հանձնաժողովի առաջին նիստին իր հնչեցրած հետևյալ միտքը, որ որպես կանոն` պատմությունը գրում են հաղթողները, նա ասաց, որ այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ հանձնաժողովը ձևավորված է այն անդամներով, որոնք ներկայացնուևմ էին այդ քաղաքական հակամարտության մի կողմը` իշխանությունը:
Միաժամանակ նա հիշեցրեց, որ այդ հանձնաժողովի աշխատանքների հակամարտության մյուս կողմը հրաժարվեց մասնակցել` ստեղծելով փաստահավաք խումբ և ծավալելով փաստահավաք գործունեություն:
Այնուամենայնիվ, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ գոնե մի հարց անձամբ իրեն հաջողվել է այդ հանձնաժողովում աշխատելիս պարզել: Խոսքը վերաբերում է այն կասկածին, թե արդյոք այդ օրը բանակը մասնակցել է այդ ողբերգական իրադարձություններին: Կիրառելով իր նեղ մասնագիտական գիտելիքները` Արսենյանն անձամբ ստուգումներ է իրականացրել, նույնիսկ համեմատական ձեռագրաբանական փորձաքննություն է անցկացրել և կարողացել է իր վրա պատասխանատվություն վերցնել հայտարարելու, որ ՊՆ թիկունքի ծառայությունը որևէ կապ չունի մարտի մեկին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
«Մնացած հարցերի դեպքում, համաձայն եմ, պատասխաններ դեռ չունենք: Բայց գոնե այդ մի հարցում կասկածները փարատված են, և մենք պետք է բանակի վրայից հանենք այդ հնարավոր կասկածը»,-հայտարարեց պատգամավորը:
«Ես կողմ եմ երկրի զարգացման էվոլյուցիոն, բայց ոչ հեղափոխական մեթոդին». Արթուր Բաղդասարյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով Հայաստանում ուկրաինական դեպքերի հնարավոր կրկնությանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինքը կողմ է երկրի զարգացման էվոլյուցիոն սակայն ոչ հեղափոխական մեթոդին:
«Հայաստանում երևի կլինեն ուժեր, որոնք կփորձեն համեմատել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը Հայաստանում տեղի ունեցող դեպքերի հետ: Կլինեն ուժեր, որոնք անգամ նման ցանկություն կունենան: Պետք է նման նկրտումներին ավելի հանգիստ վերաբերել: Մեր երկրի համար էվոլյուցիան գերադասելի է հեղափոխությունից` առավել ևս հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմական սպառնալիքները»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով` ուկրաինական գործընթացները դեռ կշարունակվեն, այդ «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»: Իսկ Հայաստանին օդի նման անհրաժեշտ է ինչպես իր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կայունության ապահովումը:
«Հարկ է հիշել, որ հակառակորդը չի ննջում ու հարմար առիթի է սպասում, որ ժամանակ առ ժամանակ սահմանին կատարվող դիվերսիոն հարձակումները վերածի լայնամասշտաբ պատերազմի: Ահա թե ինչու, մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, բարեփոխումների շարունակականություն, հասարակության սոցիալական խնդիրերի լուծում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:
«Անվտանգության խորհրդում կայացած քննարկման արդյունքում հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց». Արթուր Բաղդասարյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց երեկ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման հիմնական հարցերը: Նրա խոսքով` քննարկման արդյունքում հավանության է արժանացել երեք կարևորագույն հարց:
Առաջինը վերաբերում է Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, համաձայն որի` Հայաստանում ներդրվելու է այլընտրանքային պատիժների նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատիժ կրել:
«Այսօր Հայաստանում իրենց պատիժն են կրում մոտ 3900 մարդ: Այս բարեփոխման արդյունքում շուրջ 1300 պատիժ կրողներ հնարավորություն կունենա այդ ծառայության պատժատեսակներից օգտվել, որոնցից է, օրինակ, տնային կալանք: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունը բազմաթիվ եվրոպական երկրներում: Այն հնարավորություն կտա նաև ապահովել սոցիալական արդարություն, միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Երկրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ծրագիրն է: Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանի գործակցությունը ՀԱՊԿ-ի հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդ համագործակցության ոլորտում լավ արդյունքներ է գրանցել:
«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Մենք ՀԱՊԿ-ի հետ նախաձեռնել ենք միացյալ ավիացիայի ստեղծումը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ: Միացյալ ավիացիայի ստեղծումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկվում է նաև ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորման խնդիրը:
Եվ վերջապես, երրորդ կարևորագույն հարցը, որը հավանության է արժանացել, վերաբում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
«Մենք այսօր Մաքսային Միությանն անդամակցության հայտ ենք ներկայացրել, բայց, միևնույն ժամանակ, շարունակելու ենք Եվրամիության հետ մեր սերտ համագործակցությունը: Երեկ Եվրամիության հետ տեղի ունեցած մեր հերթական նիստին հայտարարվեց, որ Եվրամիությունը շարունակելու է ձևավորել Հայաստանի հետ միասնական օրակարգի ստեղծումը: Եվրամիության կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացվել Հայաստանին` կոռուպցիայի ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Բացի այդ, Եվրամիությունը 2014-2020 թվականներին ֆինանսական աջակցություն կհատկացնի 16 երկրի, որոնց թվում է նաև Հայաստանը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիա
Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու փետրվարի 26-ից 27-ը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցները գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:
21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախկինում 4 անգամ դատված կինը` նոր հանցանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մինչ օրս ոչ մի բացատրություն չկա` ինչո՞ւ փակվեց Սումգայիթի հարցը». Հրայր Ուլուբաբյան
Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит…Геноцид…Гласность» գրքի համահեղինակ, հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իշխանությունը պետք է բարձրացնի 1988-ին Ադրբեջանում տեղի ունեցած սումգայիթյան ջարդերի հարցը և դիմի միջազգային դատարան, հարց, որը 25 տարի առաջ զարմանալիորեն փակվեց իշխանության և «Ղարաբաղ» կոմիտեի կողմից:
«Ես խոսել եմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ, հարցրել եմ, թե ինչու փակվեց սումգայիթյան ջարդերի ճանաչման հարցը, ինձ պատասխանել են, որ հարցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ես մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանից չեմ լսել ոչ մի բացատրություն կամ գրություն, թե ինչու փակվեց Սումգայիթի հարցը»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը: Հրապարակախոսի խոսքով` այսօր համացանցում սումգայիթյան ջարդերի վերաբերյալ երկու պատմություն կա՝ հայկական ու ադրբեջանական: Ադրբեջանցիները ներկայացնում են նույնիսկ, որ հայերն են կազմակերպել ջարդը, այնինչ ջարդն արվել է Ադրբեջանի կողմից ամենաբարձր և կազմակերպված մակարդակով, որի մասին իմացել է Մոսկվան:
«Առանց Մոսկվայի իմացության նման ջարդեր Բաքվում ու Սումգայիթում չէին կարող իրականանալ»,- ասաց հրապարակախոսը` նկատելով, որ հարցը հրահանգել է փակել ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը:
Ըստ Հրայր Ուլուբաբյանի` Հայաստանը 25 տարի առաջ ընդունել է սումգայիթյան ջարդերի հարցի շուրջ մի ողորմելի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ Հայաստանը դատապարտում է կատարվածը: Մինչդեռ այս հարցը պետք է բարձրացվեր Ազգային ժողովում, որոշում ընդունվեր միջազգային դատարան դիմելու մասին:
«Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ավելի քան 100 հայի են կոտորել: Ջարդի կատարողները պետք է իրենց պատիժը կրեն օրենքի ողջ ուժով»,- ասաց Հրայր Ուլուբաբյանը:
Վախճանվել է լեգենդար կիթառահար Պակո դե Լուսիան
Լեգենդար կիթառահար Պակո դե Լուսիան վախճանվել է կյանքի 67-րդ տարում: Նախնական եզրակացությամբ, կիթառահարը մահացել է սրտի նոպայից, մեքսիկական Կանկունեում հանգստի ժամանակ.նա հանկարծ վատ է զգացել ու հիվանդանոցի ճանապարհին էլ մահացել է, հաղորդում է vesti.ru-ն:
Առաջիկա օրերին դե Լուսիայի մամինը կտեղափոխվի Իսպանիա, որտեղ էլ հողին կհանձնվի:
Պակո դե Լուսիան (իսկական անունը` Ֆրանցիսկո Սանչես Գոմես) ծնվել է 1947-ի դեկտեմբերի 21-ին, Ալխեսիրաս քաղաքում: Առաջին անգամ կիթառը ձեռքն է վերցրել 5 տարեկանում, իսկ 11 տարեկանում արդեն նրան հրավիրում էին ելույթ ունենալու տեղի ռադիոկայանում: 19 տարեկանում իր առաջին ալբոմը ներկայացրեց: Ընդ որում նոտաճանաչ է դարձել միայն 44 տարեկանում: Պակո դե Լուսիան համարվում է ֆլամենկոյի ամենահայտնի կատարողներից մեկը:
Ազգային ժողովում քննարկվում է Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննարկման է ներկայացրել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Ջհանգիրյանի խոսքով՝ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդ հանձնաժողովից, քանի որ փաստահավաք առաքելություն չի իրականացնելու, այլ ներկայացնելու է եզրակացություն, քանի որ փաստերը վեց տարիների ընթացքում հավաքվել են: «Հանձնաժողովը զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը»,-ասաց Ջհանգիրյանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավորին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ Մարտի 1-ի գործը չի կառչվում, եթե վերջին տարիներին որևէ աշխատանք չի կատարվում, իսկ տուժողներին էլ չի ներկայացվում այդ աշխատանքների մասին տեղեկատվություն: Նա ենթադրում է, որ եթե գործը կարճեն, ապա տուժողներին պետք է ներկայացնեն գործին առնչվող հավաքված փաստերը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:
Ի պատասխան ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հարցի՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովում թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր անցկացնելու հնարավորություն չի լինի, քանի որ թվային որևէ առավելություն չի լինելու: Ավելին, եթե մեծամասնությունն ունի մտավախություն, ապա հանձնաժողովում քաղաքական կոալիցիան կարող է ունենալ առավել քանակով անդամներ: «Ես վստահ եմ, որ եթե դուք մասնակցեք հանձնաժողովի աշխատանքներին, լսեք մասնագետների խոսքն ու ներկայացված փաստերը, չեք կարող այլ դիրքորոշում ունենալ»,-համոզված է Ջհանգիրյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովն ընդամենը եզրակացություն է ներկայացնելու, իսկ գործի բացահայտման պարտականությունը կրում են քրեադատավարական մարմինները:
Սամվել Ֆարմանյանը նաև հարցրեց, թե արդյոք Ջհանգիրյանը չի կարծում, որ պետք է քննարկվի նաև բոլոր քաղաքական ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցը՝ ի նկատի ունենալով ՀԱԿ-ին: Ջհանգիրյանն ասաց, որ իրենք սիրով այդ խնդիրը նույնպես կարղ են ներառել հանձնաժողովի «խնդիրներ» բաժնում:
ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն էլ, ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, որ իր օրոք երբևէ գործերը չեն կոծկվել, ասաց, որ կարող է հակադիր օրինակներ բերել և որպես հոկտեմբերի 27-ի գործով տուժած մարդ՝ նշեց, որ այդ ժամանակ էլ բազմաթիվ հարցականներ կային, և հետաքրքրվեց, թե արդյոք նա չի կարծում, որ մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել 27-ի գործը բացահայտելու համար:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կողմ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը:
Բաբուխանյանի մյուս հարցին, որը վերաբերում էր մարտի 1-ին գործին ՀԱԿ-ի և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը, Ջհանգիրյանն ասաց, որ այո, պետք է կազմակերպիչների պատասխանատվության հարցն էլ ներառվի խնդիրների մեջ:
Հայկ Բաբուխանյանը կասկած հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ եղած դեպքում կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ նա անգամ քննչական մարմին չի ներկայացել: Ջհանգիրյանը հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետորսյանին չեն հրավիրել քննչական մարմին: Ինչ վերաբերում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկա գտնվելուն, ապա Ջհանգիրյանը ոխստացավ. «անձամբ նրան խնդրել և համոզել, որ հարկ եղած դեպքում ներկա գտնվի»:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին էլ անիմաստ է թվում կրկին այս հարցը ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը, քանի որ մտավախություն ունի, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամները, ՀԱԿ-ը հաջողության չի հասնի: «Չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն փոցխի վրա կանգնելու ձեր հերթական փորձը»,-ասաց Արզումանյանը:
Հանրապետական Մարգարիտ Եսայանը մինչ հարց տալը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նշելով, որ քառօրյան ավարտվելու է, և այդ օրը իրենք հնարավորություն չեն ունենալու դա անել: Առաջարկն ընդունվեց:
Այնուհետև պատգամավորը, դիմելով Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց, որ նա պատգամավորների հարցերին պատասխանում է բավականին երկար ու խիստ, այսինքն, պրոֆեսիոնալ, ինչն իրականում շատ հաճելի է, սակայն, ակնարկեց նա, Ջհանգիրյանն իր գործն է անում: «Ձեր ճարտասանությունն ինքնին պետք է ձեզ բավարարի»-նկատեց Մարգարիտ Եսայանը:
«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում»,-ակնարկեց Ջհանգիրյանը:
Մարգարիտ Եսայանը նրբանկատորեն չցանկացավ արձագանքել ակնարկին՝ նշելով, որ դա թողնում է Ջհանգիրյանի ճաշակին:
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը հավատում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի և հափշտակության թույլտվություն չի տվել և կարծում է, որ քաղաքական մեծամասնությունը նաև սպանության թույլտվություն թույլ չի տվել, ուստի պետք է շահագրգռված լինի այդ սպանությունների բացահայտման գործում: Սակայն Ջհանգիրյանն առայժմ զարմանում է, որ իշխանությունները շահագրգիռ չեն այդ հարցում:
ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը
Քիչ առաջ ՝ Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկած նախագծի քննարկման ժամանակ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստերի դահլիճում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի մեկի զոհերի հիշատակը՝ շեշտելով, որ կանխավ արվող այդ քայլի պատճառն այն է, որ մարտի մեկը կլինի շաբաթ օր:
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի նախագահին
Փետրվարի 26-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպումը:
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:
Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոմիություն համագործակցությանը։
Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրեց հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

