2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ

001(3) (640x427)2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը:  2014 թվականին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրով իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կհիմնանորոգվի երաժշտական 9  և արվեստի 3 դպրոց: Ծրագրում ընդգրկված է նաև 12 գրադարան: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների փոփոխման, տանիքի վերանորոգման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:

Նշենք նաև, որ մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2012-ին նրանց թիվը կազմում էր 8999, ապա նախորդ տարի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների թիվը կազմել է 10037:

 

 

 

Հայաստանն ու Հունաստանը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը

Սարգսյան-մեյմարակիսՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:
Վարչապետը բարձր է գնահատել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցությունը. «Դա մեծ արժեք է, որը մենք պարտավոր ենք պահպանել և հաղորդել ապագա սերունդներին: Ձեր այցելությունը նոր առիթ է՝ խթանելու հայ-հունական հարաբերությունները», – նշել է Տիգրան Սարգսյանը:
Հունաստանի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել խորհրդարանական կապերի դերը երկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցում:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ կողմերը կարևորել են նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացումը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ հարաբերությունների շարունակական զարգացման հարցում: Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա:
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում անհրաժեշտ է համարվել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: «Ցանկանում ենք, որ տնտեսական ոլորտում լինեն համատեղ նոր նախաձեռնություններ և ծրագրեր: ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի այդ բնագավառում առաջընթաց լինի», – ասել է վարչապետը: Կարևորվել է նաև ռազմական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում ծավալված շարունակական համագործակցության խորացումը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հունաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերի, Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային հարցերի: Վանգելիս Մեյմարակիսն ընդգծել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում և պաշտպանում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Երկուստեք բարձր է գնահատվել Հունաստանում գործող հայ համայնքի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում:
Հունաստանի ԱԺ նախագահը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները: ՀՀ վարչապետը փոխադարձաբար ողջույններ է հաղորդել Հունաստանի իր գործընկերոջը և հրավիրել այցելել Հայաստան:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 25-ից 26-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության` 8, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ալֆրեդին բռնել են բաճկոնի գողանալիս

գողությունՓետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ալֆրեդ Մ.-ին: Նա ժամը 21.00-ի սահմաններում խանութ սրահներից մեկից բաճկոնի գողանալիս բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Վրաերթեր և ճանապարհատրանսպորտային այլ պատահարներ Երևանում ու հանրապետության ճանապարհներին

ԱվտովթարՓետրվարի 25-ին, ժամը 09.00-ին, Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 20.25-ին, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.30-ին, Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղուղում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 16.20-ին, Երևանի Վ. Փափազյան և Հ. Էմինի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Oպել Սիգնում» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դիտակ գյուղում շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս էլ բախվել է մայթեզրին կայանված «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 230» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Շահումյան փողոցում բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, Սևան-Զովաբեր ճանապարհի 14-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1961 թ. ծնված Վազգեն Ա.-ն` «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 14.05-ի սահմաններում, «Տոյոտա պլաս» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից Հրազդան ընթանալիս կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Տարտուի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 25-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Կապանի Բաղաբերդի թիվ 13 հասցեում գտնվող շենքի դիմաց բախվել է գազատարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արթուրը առևտրի կենտրոնից պարբերաբար գողություններ է կատարել

ձերբակալությունՓետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում գործող խանութներից պարբերաբար կատարել է հագուստի գողություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

«Նաիրիտ»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկը մերժվեց

ՀՅԴ-խմբակցությունՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը մերժվեց:

Նախագծին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ 1:

Մինչ քվեարկությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց ոչ այն պատճառով, որ կողմնակից չեն նման հանձնաժողովի ստեղծմանը, այլ այս պահին քաղաքական և տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական արդյունքներին չի ծառայի:

 

Անկախ

 

Գազի հանձնաժողովը կստեղծվի. խորհրդարանը հաստատեց նախագիծը

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱԺ մեծամասնության նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն ընդունվեց 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ կարծում են, որ հանձնաժողովը լուրջ գործիք կարող է լինել բացահայտելու մութ կետերը:

Նախագծին դեմ քվեարկած պատգամավորները “Ժառանգության” ներկայացուցիչներն են, քանի որ երեկ նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթների ժամանակ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռ պետք է կքննարկեն խմբակցությունում:

Ձեռնպահ քվեարկածները ՀՅԴ և ԲՀԿ խմբակցության անդամներն են:

Գազի հարցից հետո քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Սակայն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քվեարկությունից առաջ քսան րոպե ընդմիջում խնդրեց:

 

Անկախ

 

Վրաստանի նախագահը վաղը կայցելի Հայաստան

Գեորգի ՄարգվելաշվիլիՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի շրջանակներում նա կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին 2-րդի հետ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումից հետո լրագրողների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Անկախ

Գյումրին ու Շիրակի մարզը՝ գարնանային հեղեղումների վտանգի տակ

գյումրի, հեղեղումներ

Գարունն արդեն շատ մոտ է ու օդի ջերմաստիճանն էլ բարձր է, ուստի և ձնհալը, և սպասվող անձրևային տեղումները հեղեղումների առիթ կդառնան շատ համայնքների համար: Շիրակի մարզին բնորոշ տարերային բնույթի վտանգավոր երույթներից են գարնանային վարարումները և սելավները, որոնք կարող են առաջացնել արտակարգ վիճակներ՝ պատճառելով խոշոր նյութական վնասներ: Մարզի առավել հեղեղավտանգ տարածքներն են Ախուրյան, Աշոցք, Ձորագետ գետերի, Ղորղոփա, Գյումրիչայ, Թորոսչայ և Ջաջուռ գետակների ավազանների հողատարածքներն ու բնակավայրերը: Առավել սելավատար տարածքներ են Ողջիի, Մարալիկի, Արթիկի, Մարմաշենի և Հովունիի սելավատարների ընդգրկած տարածքները:

– Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների անհետևողական աշխատանքի հետևանքով համայնքներում շատ հաճախ հեղեղումների պատճառ է հանդիսանում նաև կենցաղային աղբը, որը բնակիչների կողմից լցվում է սելավատարները: Բնակչության կողմից, համայնքի տարածքով անցնող գրեթե բոլոր գետերի հուներն ու սելավատարները լցվում են կենցաղային աղբով: Խիստ մտահոգիչ են Գյումրի քաղաքում Ղորղոբա և Գյումրի գետակների, Ախուրյան, Ազատան համայնքներում Ջաջուռ գետակի, Աշոցք համայնքում՝ Աշոցք գետակի, ինչպես նաև Արթիկ, Մարալիկ, Մարմաշեն, Հովունի և Ողջի համայնքներով անցնող սելավատարների վիճակը, – ասում է մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Հեղեղավտանգ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումների կանոնակարգված կազմակերպման նպատակով յուրաքանչյուր տարի Շիրակի մարզպետի կողմից ընդունվում է մարզում գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումների մասին որոշումը, որով հատուկ հանձնարարականեր են տրվում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, արվում են առաջարկություններ շահագրգիռ կազմակերպություններին և համայնքների ղեկավարներին՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:
Վարչության պետն ասում է, որ 2013-ին այս ուղղությամբ բավական աշխատանք տարվել է.
– Մարզում իրականացվել է շուրջ 7300մ երկարությամբ գետերի հուների, ջրանցքների, հեղեղատարների մաքրման, ափերի ամրացման աշխատանքներ: Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքային, ինչպես նաև մարզի թվով 10 գյուղական համայնքներում անցկացվել են բնակչության պաշտպանության միջոցառումների սելավների սպառնալիքների դեպքում սեմինարներ:
Նա համայնքների ղեկավարներին նախազգուշացնում է, որ եղանակային տաքացման հետևանքով համայնքներում կարող են տեղի ունենալ ջրերի բարձրացումներ, հեղեղումներ և այլն, որպեսզի պատրաստի վիճակում պահեն արագ արձագանքման փրկարարական խմբերը, աշխատեն ԱԻ փրկարարների հետ, կազմեն համապատասխան պլան, միջոցառումները կատարեն ճիշտ ժամանակին:
Վարչության պետն այստեղ նաև կարևորում է բնակիչների դերը, քանի որ միայն հիշյալ տարածքների մաքրելը չէ, պետք է նաև մարդիկ հետ սովորեն գետակներում ու ջրանցքներում աղբ թափելուց:
Հավելենք, որ նախորդ տարի Գյումրի և Ղորղոբա գետակների հուների մաքրման աշխատանքներ կատարվեցին, նույնիսկ տարածքներում նախատեսվածից շատ աղբամաններ դրվեցին, սակայն, բնակիչները շարունակում են աղբը թափել գետակի մեջ:

Անկախ

Երևանում երթևեկության կանոնակարգումով հեծանվուղի կգործի

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթևեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղու տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաև Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի խոսքով շատ երևանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետևաբար առաջացել է հեծանվային երթևեկությունը ևս կանոնակարգելու կարիք։
Սամվել Մերթարջյանը ներկայացրել է, որ աշխատանքային խումբը նախապես մշակել և առաջարկում է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։
«Ընտրվելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի և Երևանի համար կարևորագույն այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաև զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Առաջարկվող երթուղին առաջինն է. հաջողության պարագայում, եթե պահանջարկը լինի, կարծում եմ, նոր քննարկումների արդյունքում կարող ենք ընդլայնել երթուղին։ Մենք ուսումնասիրել ենք նաև եվրոպական հատկապես այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում»- նշել է Սամվել Մերթարջյանը։
Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով շտկումներ կատարելուց հետո Երևանի ՃՈ պետի առաջարկությամբ նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի և Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները մեկնարկելու են մարտին։
Ի դեպ, ապրիլին Երևանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։

Անկախ

 

Արարատի գագաթին

արարատ (2)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

արարատ (1)Հայերիս համար ամենասուրբ, ամենագեղեցիկ, ամենասիրելի ու վեհաշուք լեռն Արարատն է: Անբացատրելի ուժ ու սրբություն կա մեր լեռան մեջ: Եվ շատերի նվիրական ցանկությունն Արարատի գագաթին հայտնվելն է:
Հայաստանի և սփյուռքի հայերի խմբի հետ անցյալ ամառ սկսեցինք մեր ճանապարհորդությունը դեպի կորուսյալ հայրենիք: Երեկոյան հասանք Բայազետ: Վաղ առավոտյան մի աննկարագրելի արևածագ էր: Արևն իր առաջին շողերն արձակեց Սիսի ետևից, և երևաց Մասիսն իր ողջ վեհությամբ: Այդպիսի գեղեցկություն երբևիցե չէի տեսել:
Նախաճաշից հետո հաջողություններ մաղթեցինք Արարատ բարձրացողներին` ակնկալիքով, որ երեք օր հետո ընդունելու ենք նրանց հաղթական վերադարձը:
Մինչ նրանք կվերադառնային` շարունակեցինք ճանապարհը Արևմտյան Հայաստանի քաղաքներով և գյուղերով: Եղանք Մուշում, Էրզրումում, Բիթլիսում, Վանում, որտեղ էլ դիմավորեցինք լեռնագնացներին: Այնուհետև միասին շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Իգդիր, Արդահան, Սարիղամիշ, Կարս, Անի: Տասը հոգուց Արարատի գագաթն էին բարձրացել իննը: Հետաքրքրականն այն էր, որ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից եկած 65-ամյա Վաչե Վարժապետյանը` երկրորդ անգամ էր փորձում հաղթահարել 5165 մ բարձրությունը: Ցավոք 4300 մ-ի վրա այնպիսի ծանր պայմաններ են եղել` թթվածնի պակաս, մթնոլորտային ճնշման մեծ տարբերություն, որ չդիմանալով ստիպված է եղել վերադառնալ: Վաչեն ամենատարեցն էր խմբում և ինքն իրեն գերազանցել էր ևս մի քանի տասնյակ մետրով:
Խմբում ամենաերիտասարդը 26-ամյա Հայկուշ Հակոբյանն էր Հոլանդիայից: Նա սովորում է Տիլբուրգի համալսարանում, նաև աշխատում է ապահովագրական ընկերությունում: Ընտանիքը Հայաստանից Հոլանդիա է տեղափոխվել 2000-ին: Նուրբ, հաճելի արտաքինով մի աղջիկ, և մտածել անգամ չէր կարող, որ կհասնի գագաթին: Իսկ նա չորրորդն էր բարձրացել: Ես արդեն Երևանում հարցերս ուղղեցի Հայկուշին:
– Սիրելի Հայկուշ, դուք այդքան նուրբ կառուցվածքի տեր աղջիկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պիտի իրականացնեք այդպիսի դժվարին վերելք:
– Չորս տարի առաջ կարդացի մի գիրք, որ կոչվում էր «Արարատ», դա մի հոլանդացի էր գրել և պատմում էր, թե ինչպես է ինքը բարձրացել Արարատ լեռը: Մտածեցի` ինչպես է, որ այս հոլանդացին կարողացել է բարձրանալ մեր նվիրական սարը, իսկ ես, ինչ է չե՞մ կարող: Այդ ժամանակ մասնակցեցի ուխտագնացությանը դեպի Արևմտյան Հայաստան, և մենք էլ, ինչպես դուք այս անգամ, ճանապարհեցինք և ընդունեցինք Արարատ բարձրացողներին: Զրուցեցինք, ոգևորվեցինք, և ես որոշեցի լրջորեն պատրաստվել: Ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունից առաջ հոգեպես պատրաստվելն էր: Հետո սկսեցի շաբաթը 2-3 անգամ վազել 5-10 կմ: Աստիճաններ էի բարձրանում, սովորեցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգնեց: Արտաշատում մորաքրոջս տանն էի մնում և մարզվում: Երբեմն, երբ շատ էի հոգնում` նայում էի վեհաշուք Մասիսին և ինքս ինձ ասում. «Հայկո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գեղեցկուհու համար»:

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

Ձախից աջ, կանգնած` Հայկ Միքայելյան (Շանհայ), Արի Չորեքչյան (Բեյրութ), նստած` Զարեհ Սարգսյան (Սան-Ֆրանցիսկո), Հայկուշ Հակոբյան (Տիլբուրգ), Մարինա Հովսեփյան (Մոսկվա), Վահան Խոզոզյան (Մոնրեալ), Լևոն Գրիգորյան (Սիսիան), Հովիգ Բաթուզյան (Բեյրութ): Բարձրացել էր նաև Բագրատ Սարիբեկյանը (Երևան)

– Իսկ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ լինելուց հետո վախ չկա՞ր, հանկարծ չկարողանաք:
– Դժվարությունը զգացի առավոտյան, երբ Բայազետում հյուրանոցի պատշգամբից տեսա Արարատը` իր ողջ շուքով: Այդ ժամանակ մտածեցի. «Ի՜նչ բարձր է, իսկ եթե չկարողանա՞մ բարձրանալ:
Սկսեցինք վերելքը: Առաջին ճամբար` 3200 մ հասնելիս խոշոր քարեր էին, հետո երկրորդ ճամբար` 4200 մ, ավելի խոշոր քարեր էին և մի զուլալ գետակ էր հոսում: Ճանապարհը գնալով բարդանում էր, դժվարանում էր բարձրանալը: Սփոփանքը շնչառությունդ պահող գեղեցկությունն էր, երբ ամպերն արագ անցնում էին մեր վրայով: Այնուհետև, երբ պիտի բարձրանայինք, ջերմություն ունեցա, ինքս էլ չհասկացա` ինչու: Գիշերը ժամը 2-30-ին սկսեցինք բարձրանալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք առնում, սառչում էինք, թթվածնի պակասությունն էլ զգալի էր, կարծես գլուխդ սեղմվում էր, ցավում: 4500 մ-ի վրա արդեն սրտխառնոց սկսվեց բոլորիս մոտ: Վատ էի զգում, և պահ եղավ, որ մտածեցի հետ դառնալու մասին: Բայց նորից, ինքս ինձ ներշնչելով, որոշեցի, որ ո՛չ, ես պիտի հասնեմ նվիրական գագաթին: Շարունակեցի առաջ շարժվել և ձյան շերտին առաջիններից մեկն էի, որ հասա: Այդտեղ օդը կարծես թեթևացավ, սկսեցի լավ զգալ, դա 4800 մ-ի վրա էր: Տեսարանը հիասքանչ էր: Չնայած գիշեր էր, ներքևում Բայազետն էր երևում, Պարսկաստանի սահմանամերձ մասը, իսկ երկինքն աստղաշատ էր, այդպիսի գեղեցկություն ես երբեք չէի տեսել: Երևում էր Սիսը մթության մեջ: Իսկ Մասիսի վրա լույսերով բարձրացող արշավախումբն էր: Այդպես բարձրանում էինք, 5 մետր բարձրություն էր մնում, ես սայթաքեցի և մի 10 մետր իջա ցած, ոչ մի ցավ չունեցա, բայց սկսեցի լաց լինել: Այդպես նորից բարձրացա և հասա գագաթին: Առաջինը Բագրատն էր, հետո Լևոնը, Զարեն և ես: Երբ հասանք գագաթին, քամին միանգամից կտրվեց: Ես նստեցի և չէի կարողանում հավատալ, որ հասել եմ գագաթին: Խառնվել էին իրականն ու անիրականը: Դա նաև թթվածնի պակասության հետևանքով էր մարդկային բանականության վրա: Երևանը չէր երևում, լեռան ներքևի մասը մշուշի մեջ էր: Հետո փոթորիկ էր սկսվելու և մենք պիտի իջնեինք: Դա արդեն երկար մի ճանապարհ էր, անդադար քայլել էր պետք: 20 ժամ քայլել ենք դեպի ներքև, որից միայն 2 ժամը` փոքր դադարներ: Իջնելիս ապշում էի, թե ինչպես ենք գիշերով բարձրացել, վտանգն ամեն քայլափոխի էր, կարող էիր սայթաքել և վնասվել: Իջնելն ավելի դժվար էր, բարձրանալիս գոնե տեսնում ես` որտեղ ես ոտքդ դնում:
– Իսկ ինչպիսի՞ն են զգացմունքներդ հիմա, երբ հաղթահարել ես դժվարությունները, և Արարատի գագաթը նվաճված է:
– Իջնելուց հետո մի շաբաթ կարծես օդում լինեի, նայում էի Արարատին և մտածում, մի՞թե հասել եմ, եղել եմ գագաթին: Ինձ թվում է, թե դա երազ էր, մի անուշ երազ: Հիմա արդեն կարոտում եմ այդ ամենը և ամեն ինչ կանեի, որ նորից անցնեի այդ դժվարություններով և հասնեի գագաթին:
Վաչեն, Հայկը և ես որոշել ենք հաջորդ տարի Ահորա գյուղը գնալ, դա Մասիսի վրա է, Հայաստանի կողմից, այդտեղ կիրճ կա, որտեղ հարթավայր է և պահպանված է գեղեցիկ վայրի բնությունը: Գուցե Սիսը բարձրանանք. գիտեմ, դա շատ ավելի դժվար է:Բայց եթե կա սեր և ձգտում, ամեն բարձունք էլ կարելի է հաղթահարել:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:

Նրանց թվում գերակշիռ մաս են կազմում բազմանդամ ընտանիքները: Խնդիրն այն է, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման համաձայն ընտանիքնին տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով: Իհարկե՝ եթե ընտանիքի կազմը չի պակասել:

Եթե պակասել է, այդ դեպքում պակասեցվում է նաև հատկացվող սենյակների թիվը: Իսկ բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են կարճ ժամկետում քանդել ժամանակավոր կացարանները և ազատել տարածքները, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները պարբերաբար հանդիպում են բնակարան ստանալու իրավունքից հրաժարված բազմանդամ ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը 23 անձից բաղկացած ընտանիքի մասին է, որը ներառում է այսքան տարիների ընթացքում առաջացած 5 ինքնուրույն ընտանիքներ: Նրանք գերադասում են մնալ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, քան թե այդքան մարդով ստանալ մեկ երկսենյականոց բնակարանը:

Անկախ

ՙՍումգայիթը շարունակվում է մինչ օրս՚. Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան1988 թվականին Խորհրդային միության կայուն ժամանակաշրջանում տեղի է ունեցավ մի ողբերգություն, որը մինչ օրս իրավական գնահատական չի ստացել:

ՙԸնդդեմ իրավական կամայականությունների՚ ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով նկատեց, որ Սումգայիթի ցեղասպանական ակտի և գործողությունների, զոհերի մասին հիշվում է միայն համապատասխան օրերին:

ՙԱյն կատաղի եղեռնը, որն սկսվել է Սումգայիթում փետրվարի 25-29-ը, տեղի է ունեցել խորհրդային բանակի զինվորների, ոստիկանների, տեղական ինքնակառավարման մարմինների աչքի առաջ և ոչ ոք չի կանգնեցրել այդ ջարդը: Մենք կատարվածը բնութագրում ենք որպես ՙսովորական ցեղասպանություն՚: Դատական գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր հատկանիշներով Սումգայիթում եղել է կազմակերպված ցեղասպանություն՝ ուղղված հենց ազգությամբ հայերի դեմ: Իսկ ջարդերից ու կոտորածներից հետո բռնի կերպով տեղահանվել են 18 հազար հայեր՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Բաքվի ջարդերն անելիս՝ կատարողները վստահ են եղել, որ չեն պատժվի: Այսօր այլևս կասկած չկա, որ այն հնարածին թիվը, թե իբր 21-ից 26 զոհ է եղել, չի համապատասխանում ցեղասպանական ակտի ադյունքներին:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ Սումգայիթը շարունակվում է մինչ օրս: Դրա վառ ապացույցն է Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:

ՙԱյս ամենը մի անուն ունի՝ մարդատյաց, հայատյաց քաղաքականություն: Սումգայիթի ջարդերի կատարողները պետք է պատժվեն իրավունքի և օրենքի ամբողջ ուժով՚,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

 Անկախ

 

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

29Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը…

1937 թ. սեպտեմբերի 26-ին Գրիգոր Հարությունյանի թիֆլիսյան բնակարանի դուռը թակեցին ՆԳԺԿ-ի աշխատակիցները: Այն թվականներին նման անսպասելի այցն անգամ Թբիլիսիի քաղխորհրդի գործկոմի քարտուղարի համար էր սարսափազդու: ՆԳԺԿ աշխատակիցները հայտնեցին, որ իրենց հրամայված է Հարությունյանին ուղեկցել երկաթուղու կայարան:

Կայարանում` կառավարական վագոնում, նրան էին սպասում Գեորգի Մալենկովն ու Անաստաս Միկոյանը: Վագոնում Անաստաս Միկոյանը հայտնեց Հարությունյանին, որ նշանակվելու է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար:
Մինչ այդ կալանավորվել էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Հայկ Ամատունին, և այդ պաշտոնը թափուր էր: Իսկ Հարությունյանի թեկնածությունն առաջ էր քաշել անձամբ Լավրենտի Բերիան:

Չնայած Հարությունյանը ստալինյան ռեժիմի հլու-հնազանդ ծառան էր, նրա և Բերիայի հարաբերությունները լարված էին: Նույնիսկ երբ Բերիայի ջանքերով գործ հարուցվեց Հարությունյանի մտերիմ ընկերոջ` Գևորգովի նկատմամբ և վերջինս ինքնասպան եղավ, Հարությունյանը չվախեցավ որդեգրել Գևորգովի դստերը: Բերիան էլ գնդակահարության դատապարտեց Գր. Հարությունյանի եղբորը` Սերգոյին…
Ուղարկելով Հարությունյանին Երևան` նա ասել է իր նշանավոր խոսքերը. «Թող գնա Երևան. հայերը նրան ողջ-ողջ կուտեն»: Երևի ուզում էր հող նախապատրաստել Հարությունյանի հետ հաշիվները մաքրելու համար:

Բերիան իրավացի էր: 1920-ից մինչև 1936 թ. Հայաստանում 13 ղեկավար էր փոխվել: Նրանցից վեցը գնդակահարվել են:

Եվ ահա ՀԿԿ Կենտկոմի պլենումը, առանց Գրիգոր Հարությունյանի մասնակցության, նրան «ընտրում» է Կենտկոմի առաջին քարտուղար: Գ. Հարությունյանն այդ մասին իմացավ Միկոյանից և Մալենկովից, որոնք հետդարձի ճանապարհին դարձյալ հանդիպեցին նրան Թիֆլիսում և շտապեցրին` ասելով, որ Երևան մեկնող գնացքը կժամանի կես ժամից…

Հարությունյանների ընտանիքը Թելավ քաղաքից էր: Իսկ այնտեղ նրանց նախնիները հաստատվել էին Պարսկահայքից, Հերակլ Երկրորդի ժամանակ:

Գրիգոր Արտեմի Հարությունյանը ծնվել է 1900 թ. նոյեմբերի 7-ին: Դեռ գիմնազիայում ուսանելու տարիներին Գրիգորը տարվել է հեղափոխական շարժումներով: Նրան ձերբակալել է Վրաստանի կառավարությունը: Հարությունյանը փրկվեց, երբ 1921 թ. փետրվարին Վրաստանում խորհրդային իշխանություն հաստատվեց: Ազատվելով բանտից` նա անմիջապես գործի է անցնում և նշանակվում Թելավի շրջկոմի քարտուղար: Աշխատելուն զուգահեռ Հարությունյանը սովորում էր: Նա ավարտեց Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտը: Մի քանի պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո, 1934 թ. ընտրվեց Թիֆլիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
Կարճ ժամանակում նա իր աշխատասիրությամբ աչքի ընկավ, անգամ Ստալինի կողմից պարգևատրվեց Լենինի մեդալով: Գրիգոր Հարությունյանը Թիֆլիսի վերջին հայ քաղաքապետն էր:

Երևանում այդ տարիներին հակակրեմլյան տրամադրություններ էին: Եվ Գրիգոր Հարությունյանին էլ բոլորը որպես Կրեմլի դրածո ընկալեցին ու սվիններով ընդունեցին: Հարությունյանի գործը բարդացնում էր նաև նրա ռուսախոս լինելը, ինչը նույնպես նրա դեմ շատերին տրամադրեց:
Սակայն, զբաղեցնելով առաջին քարտուղարի պաշտոնը` Հարությունյանի առաջին գործը եղավ դիմել լեզվաբանների` հայերենը յուրացնելու նպատակով: Հայտնի լեզվաբան Սիմակը սիրով հանձն առավ դասավանդումը և օրական երեք ժամ պարապում էր երկրի ղեկավարի հետ: Շատ չանցած` Գրիգոր Հարությունյանը բոլորի հետ շփվում էր մաքրամաքուր մայրենիով:

Նրա հաջորդ խնդիրը կադրային քաղաքականությունն էր: Բոլոր հին, փորձառու կադրերը բանտում էին և մեկուսացած: Ստալինյան ռեժիմն իր սև գործն արել էր: Եվ Հարությունյանն իր կադրերն ընտրեց գյուղական երիտասարդության շրջանում` հնարավորություն տալով երիտասարդներին աչքի ընկնելու նոր ասպարեզներում:
Հարությունյանը պաշտոնավարեց երկրի համար ամենածանր շրջանում: Երկրում եռում էր տեռորը: Նա, բնականաբար, չէր կարող Հայաստանում խոչընդոտել ստալինյան ռեպրեսիաները, սակայն փորձեց գոնե մեղմացնել դրանք և փոքր-ինչ կարգ ու կանոն հաստատել: Բանն այն է, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Եժովի կադրերից Հայաստան էր գործուղվել ոմն Խվորոստյան, որ առանց դատ-դատաստանի գնդակահարության էր ուղարկում մարդկանց:
Հարությունյանի և Խվորոստյանի հարաբերություններն ի սկզբանե վատ էին: Եվ Գրիգոր Հարությունյանը կարողացավ ի վերջո այդ ճակատամարտը շահել, Խվորոստյանը հայտնվեց կառափնարանում:
Ամեն դեպքում, այդ ծանր տարիներին Հարությունյանը կարողացավ դատաստանից փրկել Վարդան Աճեմյանին, Ավետիք Իսահակյանին, Մարտիրոս Սարյանին… Շատ ու շատ այլ մտավորականների: Հարությունյանն արվեստի սիրահար էր և ինքն էլ ստեղծագործում էր. հաճույքով ազատ ժամանակը տրամադրում էր գեղանկարչությանը:

Չնայած այս ամենին` Գրիգոր Հարությունյանը Կրեմլի կամակատարն էր և նրա հրահանգով հազարավոր անմեղներ ձերբակալվեցին ու գնդակահարվեցին: Հատկանշական է Էջմիածնի կաթողիկոսության գործը. Հարությունյանի ձեռքի թեթև շարժումով տասնյակ հոգևորականներ ձերբակալվեցին 1938 թ. գանձերը թաքցնելու մեղադրանքով և շատերը գնդակահարվեցին:

Մեծ էր Հարությունյանի ավանդը Մեծ հայրենականի տարիներին: Անձամբ նրա ղեկավարությամբ սկսվեց սփյուռքահայերի հանգանակությունը «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար, նրա ղեկավարությամբ Հայաստանում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին հայկական ազգային դիվիզիաները:

Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը Ստալինին առաջարկեց խորհրդա-թուրքական պատերազմ սկսել և առիթից օգտվելով` Խորհրդային Միությանը կցել Արևմտյան Հայաստանը: Ավաղ, Կրեմլի ծրագրերի մեջ դա չէր մտնում:
Մեծ էր Հարությունյանի ավանդը նաև սփյուռքահայերի հայրենադարձման գործում:
Նա անգամ համարձակվեց Ստալինի առջև բարձրացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Սակայն խնդիրը լուծում չստացավ Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովի միջամտության հետևանքով:

Շուտով սև ամպեր կուտակվեցին Հարությունյանի գլխին: Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները Կրեմլի առաջնորդին կարողացան համոզել, որ Հայաստանում ազգայնականության մեծ ալիք է բարձրացել: Հայաստան ժամանեց անձամբ ԽՍՀՄ ՆԳԺԿ Սերգեյ Կրուգլյովը, որ Հարությունյանի հետ համատեղ կազմեց շուրջ 14000 հոգուց բաղկացած հայ «ազգայնականների» ցուցակ` Ալթայի երկրամաս աքսորելու համար: Նրանցից շատերը այլևս չվերադարձան…

Հետպատերազմյան շրջանում բացահայտվեցին Գրիգոր Հարությունյանի իսկական տաղանդները: Նա լավ կազմակերպիչ էր. լավ նախաձեռնող ու ղեկավար: Երկիրը ծաղկում էր, երկրի տնտեսությունը դեպի ինդուստրացում էր գնում, և մեծ ջանքեր էին անհրաժեշտ ամեն ինչ պատշաճ կազմակերպելու համար: Հայաստանի արդյունաբերական շատ հսկաներ կառուցվեցին կամ նախագծվեցին հենց Գրիգոր Հարությունյանի իշխանության տարիներին:

Երևանում մեծ թափ առավ շինարարությունը, որի ջատագովը հենց Հարությունյանն էր: Ավ. Իսահակյանը նրան կնքեց Գրիգոր Շինարար մականվամբ:
Նրա իշխանության տարիներին են նախագծվել և կառուցվել «Սասունցի Դավիթ» կայարանը, կառավարության այսօրվա շենքերից արտգործնախարարության և էներգետիկայի նախարարության մասնաշենքերը, Մատենադարանը, խորհրդարանի շենքը, կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը:
Երևանում մեծածավալ շինարարությանն օգնում էր այն, որ Հարությունյանը վայելում էր անձամբ Ստալինի մտերմությունն ու վստահությունը: Հարությունյանին աջակցում էր նաև Անաստաս Միկոյանը, որ, ի դեպ, նրա խնամին էր, քանզի Հարությունյանի որդեգրած դուստրը` Նամին, ամուսնացել էր Միկոյանի որդու` Ալեքսեյի հետ:
Ստալինի մահից հետո Ն. Խրուշչովը, որ անձնական հաշիվներ ուներ Հարությունյանի հետ, հաշվեհարդար տեսավ: 1953 թ. նոյեմբերյան պլենումում ՀԽՍՀ կոմկուսի Կենտկոմի պլենումը ազատեց Գ. Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից: Զավեշտ էր. Հարությունյանը մեղադրվում էր Ղարաբաղի հարցն առանց ՀԿԿ համաձայնության Կրեմլում բարձրացնելու մեջ:

Ամեն դեպքում, Հարությունյանին չձերբակալեցին: Նրան ուղարկեցին նոր աշխատանքի` որպես Էջմիածնի շրջանի Կալինինի անվան խորհտնտեսության տնօրեն: Շուտով, սակայն, Գ.Հարությունյանը տեղափոխվեց Թիֆլիս և հաստատվեց Սոլոլակում: Նրա առողջությունը քայքայված էր: Երկու տարվա մեջ նա չորս անգամ ինֆարկտ տարավ:

1957 թ. նոյեմբերի 9-ին, 57 տարեկան հասակում Գ. Հարությունյանը կնքեց մահկանացուն: Նրա թաղմանն անգամ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն չմասնակցեց: Նա մնաց պատմության մեջ որպես ամենահակասական կերպարներից մեկը: Շատերը նրան հիշում են որպես նվիրյալ ու ազնիվ հայորդու, ոմանք` ստալինյան ռեժիմի քսու կամակատարի: Ո՞վ էր իրականում Գրիգոր Հարությունյանը: Կարծիքներն առայսօր իրարամերժ են:

Անկախ 

 

Ղրիմում գնդակահարել են հայ գործարարին.NEWS.am

Ստեփան ՃորոխյանՂրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, փետրվարի 24-ին, իր տան մուտքի մոտ գնդակահարել են 47-ամյա գործարար Ստեփան Ճորոխյանին, հաղորդում է «Ղրիմ Կոմերսանտի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը,գրում է NEWS.am-ը:

Գործարարը մահացու հրազենային վնասվածք է ստացել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սպանության հանգամանքները եւ հնարավոր դրդապատճառները պարզվում են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի կազմում կա ռեստորան, ակումբ, բիլիարդանոց, նաեւ սաունա:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:

Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Այն զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Անկախ

Շախմատը պահանջված սպորտաձեւ է. Գրող

շախմատՀայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով գրողների տանը շախմատասեր գրողները սեղանի թենիսի վրա էին խաղում, ցանկացողները շատ էին, միայն թե միջոցներ չկար:

 

Խնդիրները կարծես թե լուծում ստացան: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցում, որին կմասնակցեն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:

 

archive2.ankakh.com-ի հետ զրույցում գրող, շախմատիստ Սոս Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ ժամանակն էր հնարավոր միջոցներ ստեղծելու համար: Շախմատը կարեւոր եւ պահանջված սպորտաձեւ է: Ակումբի հիմնումը շատ լուրջ քայլ է դեպի առաջ: Ժամանցը կազմակերպած է, հաղթելու ու մրցելու ցանկությունը մեծ:

 

Ակումբում ցանկություն կա նաեւ հյուրընկալել հայտնի ու սիրված շախմատիստների, ովքեր իրենց գիտելիքներով կկիսվեն շախմատասեր գրողների հետ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը Վիեննա

Դավիթ Տոնոյանի այցը ՎիեննաՓետրվարի 24-ին Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ընդունեց Ավստրիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:

Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:

 Անկախ