Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարը կալանավորվել է

միսակ մարտիրոսյան«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի  նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ «Փաստինֆո»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է  քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես  խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։
Նա մեղադրվում է  ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռեւս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ  Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։
Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Չորս ավտոպատահար հանրապետության ավտոճանապարհներին`ինը վիրավոր

ավտոպատահարներՆոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենա Երևան-Գյումրի ճանապարհի 54-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան  Երասխ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե եզրաքարերին, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին` Զվարթնոց գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու և նրան տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 02.50-ին,  Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2105»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով վարորդը  և 3 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Երեք ավտոպատահար Երևանում`երեք վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 17-ին, ժամը 18.15-ին, Երևանի  Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դեյվու Նեքսիա» և «Փռայդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Փռայդ»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի  Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով  «ՎԱԶ-2107»-ը բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պարանոցը կտրած հնդիկ ուսանողի մահվան նոր մանրամասներ

հնդիկի սպանությունՆոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում:
Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից  բուժօգնության է տեղափոխել 24-ամյա  Ա. Ա.-ն:
Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին,  նույն բուժկենտրոնից  հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ:
հնդիկ Դենիշ ԴաբուՊարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված  Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր  վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով`  ինքնասպանություն է գործել:
Ըստ բժշկի տեղեկանքի`  Ա. Ա.-ն  ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել «Թաթարստան» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի ուղևորների մահվան կապակցությամբ և խնդրել վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:

«Տաշիր» ընկերությունների խումբը գործարկել է «Սինեմա Սթար» ցանցի հերթական կինոթատրոնը Հայաստանի մայրաքաղաքում

սինեմա սթար2013թ. նոյեմբերի 17-ին Երեւանում հանդիսավորությամբ իր դռները բացեց ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնը՝ առաջին եւ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, որն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում:

Նոր «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ի խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը: Արարողության բազմաթիվ հյուրերի թվում էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Սինեմա Սթար»-ը Հայաստանում նոր ձեւաչափի առաջին ու դեռեւս միակ կինոթատրոնն է, որը ենթադրում է որակապես նոր մոտեցում ժամանցային ոլորտի նկատմամբ: 5000 քմ ընդհանուր մակերես ունեցող մշակութային նոր կենտրոնը ներառել է ոչ միայն ժամանակակից 6 կինոսրահներ, այլեւ հարմարավետ հանգստի եւ բազմաթիվ զվարճանքների ընդարձակ տարածք ցանկացած տարիքի եւ նախասիրության այցելուների համար:

Բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ Երեւանի ամենաժամանակակից առեւտրի կենտրոնում՝ «Դալմա Գարդեն»-ում, ուղեկցվեց պրեմիերայով՝ գերմանացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Հիրշբիգելի «Դիանա» ֆիլմով:

 Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշեց. «Դալմա Գարդեն» առեւտրի կենտրոնը վաղուց եւ արժանիորեն դարձել է Երեւանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: «Սինեմա Սթար» կինոթատրոնի բացմամբ քաղաքում հանգստի եւ ժամանցի հնարավորություններն ավելի են մեծացել: «Տաշիր» ընկերությունների խմբի ավանդը երկրի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել: Ամեն անգամ, այս կամ այն օբյեկտի գործարկմամբ, հարյուրավոր մարդիկ աշխատանք են ստանում, զարգանում է քաղաքի ենթակառուցվածքը, փոխվում է մարդկանց կյանքը: Ուրախալի է տեսնել, որ այժմ մայրաքաղաքում հայտնվել է եւս մեկ վայր, ուր ցանկանում ես վերադառնալ»:

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանն ասել է. «Երեւանում կինոթատրոնի բացումը ծանրակշիռ ներդրում է ողջ «Սինեմա Սթար» ցանցի զարգացման գործում: Հայաստանը մեզ համար ռազմավարական կարեւոր շուկա է, որտեղ մուտք գործելը միայն հաջող բիզնես-ծրագիր չէ: Մենք հավատում ենք, որ երկրում կինոբիզնեսի զարգացումը կնպաստի սոցիալ-տնտեսական բարգավաճմանը, ինչպես նաեւ նոր մակարդակի կբարձրացնի կինո գնալու փիլիսոփայությունը: «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցի բոլոր հաճախորդների համար մենք ձգտում ենք զարգացնել «trendy places» հայեցակարգը, եւ երեւանյան ծրագիրը նույնպես բացառություն չէ: Ավելին, հետագայում մենք մտադիր ենք զարգացնել «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» հայեցակարգը եւ հույս ունենք հարթակ դառնալ քաղաքի հետաքրքիր միջոցառումների եւ իրադարձությունների համար: Մենք շարունակելու ենք Հայաստանում կատարելագործել «Սինեմա Սթար» կինոթատրոնների տեխնիկական ներուժը, ներդնելու ենք կինոցուցադրության առաջադեմ թվային տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ հաշվի ենք առնելու բոլոր ցանկություններն ու նկատողությունները՝ մեր այցելուների համար տպավորությունների բացարձակ նոր մակարդակ ապահովելու նպատակով»:

Ֆիլմերի ցուցադրման քաղաքականությունն այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հետեւել համաշխարհային կինովարձույթի միտումներին, կանխատեսել ֆիլմերի մասսայականությունը եւ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնել ամենաարդիական ֆիլմերը: Կինոսեանսների ժամանակագրումը կատարվում է՝ հաշվի առնելով տարիքային տարբեր խմբերի ու կատեգորիաների այցելուների նախասիրությունները:

Նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել ինչպես հայերեն եւ ռուսերեն, այնպես էլ օրիգինալ լեզվով: Իսկ ֆիլմադարանը կընդլայնվի «արտ-հաուս» ժանրի ֆիլմերով եւ աշխարհի լավագույն մարզական հանդիպումների ցուցադրություններով:

Մարինա Բոդյագինա, «Քսաներորդ դար Ֆոքս» կինովարձույթի տնօրեն. «Սինեմա Սթար»-ը Ռուսաստանի առաջատար կինոթատրոնային ցանցերից մեկն է, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկա գտնվել հերթական նախագծի գործարկմանը Երեւանում: Վստահ ենք, որ նոր կինոթատրոնը, իր տեղակայման, դիրքավորման, ինտերիերի, տեխնիկական հագեցվածության եւ ֆիլմացանկի շնորհիվ, հրապուրիչ կդառնա մայրաքաղաքի հանդիսատեսի համար: Մենք ուրախ ենք «Սինեմա Սթար»-ի հետ գործընկերներ լինելու եւ նրա հետ միասին նոր շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաեւ հույս ունենք, որ կշարունակենք հեռանկարային ու արգասավոր համագործակցությունը»:

«Սինեմա Սթար» կինոգոտին ներկայացված է 6 կինոդահլիճներով՝ հագեցած ֆիլմերի ցուցադրության առաջադեմ հնարավորություններով՝ Dolby Digital 7.1 ձայն, Volfoni 3D ժամանակակից ձեւաչափ, HFR բարձր հստակությամբ պատկերի ցուցադրման հնարավորություն (48-60 կադր վայրկյանում), ինչպես նաեւ կինոցուցադրության ողջ գործընթացի բացարձակ ավտոմատացում:

«Լյուքս» դասի առանձին VIP-դահլիճը տարբերվում է հարմարավետ, իջեցվող կաշվե բազկաթոռներով եւ հատուկ սպասարկմամբ:

Նոր կինոթատրոնի առանձնահատկությունն է հարմարավետ կինոբարը եւ VIP-բարը: Շուտով սպասվում է դասական ոճի ռեստորանի բացումը հատուկ դիզայնով եւ ճարտարապետությամբ, ինչպես նաեւ Արարատ լեռան համայնապատկերով:

Հանգստի եւ ժամանցի տարածքում տեղակայված է խաղային գոտին՝ «Play Lab»-ը, որտեղ առկա են բազմաթիվ ժամանցային խաղեր ցանկացած ճաշակի համար՝ բոուլինգ, ավտոդրոմ, լաբիրինթոս, մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ եւ այլն:

Նոր կինոթատրոնի ինտերիերի ճարտարապետական-գեղարվեստական լուծումը մշակվել եւ կյանքի է կոչվել եվրոպական դիզայներների արհեստավարժ թիմի կողմից: Կինոթատրոնի հայեցակարգը հաստատվել է «Սինեմա Սթար» ցանցի միասնական ոճին համապատասխան, որը ենթադրում է վառ եւ էներգետիկ գույներ ժամանակակից երիտասարդական ոճով:

Նոր կինոթատրոնի տոմսերի արժեքը սովորական դահլիճներում կտատանվի 1000 դրամից մինչեւ 6000 դրամի սահմաններում՝ VIP-սրահի տոմսերի համար:

Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց, թոշակառուների, ուսանողների եւ դպրոցականների համար մշակվել է լոյալության ծրագիր, որով նախատեսված են հատուկ զեղչեր բնակչության որոշակի խմբերի համար:

Ներկայումս «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ում ցուցադրվում են կինոարտադրության այնպիսի նորություններ, ինչպիսիք են՝«Տոռ 2: Մթության թագավորություն», «Էնդերի խաղը», «Ռասպուտին», «Starперцы», «Հնդկահավերը. վերադարձ դեպի ապագա», «Խորհրդականը» եւ «Տելեկինեզ»: Ապագայում կինոթատրոնում նախատեսվում է փառատոնային ֆիլմերի ցուցադրություն:

1 շաբաթվա աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 18-ից 25-ը կինոթատրոնի ստացած ողջ հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հայաստանյան հիմնադրամին, որը հիմնադրվել է 2009 թվականին ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի օժանդակությամբ, որի հոգաբարձուն է հանդիսանում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի նպատակն է օգնել քաղցկեղային, հեմատոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

 

Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ

DSC_9889Նոյեմբերի 15-17-ը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրեց «Երիտասարդները՝ հանուն գիտակցված ընտրության» ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում» անվանակարգում։

Հանդիպման ընթացքում 15-25 տարեկան 80 պատանիների և երիտասարդների հետ ինտերակտիվ մեթոդով անցկացվեցին սեմինարներ։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում էին Երևանը, Արմավիրը, Գյումրին, Աբովյանը, Չարենցավանը, Մարտունին, Էջմիածինը, Հրազդանը։ Համապատասխան մասնագետները վարեցին սեմինարներ, որոնց ընթացքում մատչելի և բովանդակալի կերպով կներկայացվեցին ծխախոտի վնասակար ազդեցությունն ինչպես այն անմիջականորեն օգտագործողի, այնպես էլ շրջապատողների վրա։ Մասնակիցները նկարների տեսքով ներկայացրին ծխախոտի վնասակար ազդեցությունը, իսկ ծրագիրն ավարտվեց թեմատիկ ինտելեկտուալ խաղով, որի միջոցով ներկաներն ամփոփեցին ու ամրապնդեցին երեք օրերի ընթացքում իրենց ստացած գիտելիքները։

Հայաստանի ազգային սկաուտական շարժման խմբապետական խորհրդի անդամ, Արմավիրի միավորի խմբապետուհի Նարե Խլղաթյանը նշեց, որ ծխելու երևույթն ունի տարբեր ասպեկտներ. «Մենք փորձեցինք տարբեր կողմերից մոտենալ, մասնավորապես ներգրավեցինք կենսաբանների, հոգեբանների և բժշկի։ Դիդակտիկ նյութերով, օժանդակ գրականությամբ և շնորհանդեսներով ներկայացվեցին թեմաներ, որոնց շրջանակներում շեշտադրվեցին ծխախոտի՝ ամբողջ օրգան համակարգի վրա վնասակար ազդեցությունը, ծխելու սոցիալ-հոգեբանական գործոնը։ Երեխաները, լսելով ամբողջ ներկայացված նյութը, իրենց կյանքից օրինակներ բերեցին»,- նշեց Նարե Խլղաթյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում գրանցվեց իրական արդյունք։ Հայաստանի ընդհանուր խմբապետ Գևորգ Գասպարյանը հրապարակային խոստում տվեց, որ թողնում է ծխելը։

Ինքը՝ Գևորգ Գասպարյանը, բարձր գնահատեց ծրագրի արդյունավետությունը՝ կարևորելով հենց պատանիների շրջանում նման միջոցառումների անցկացումը։ Ըստ նրա՝ նման սեմինարների մասնակցող երեխաների մեծագույն մասը, որոնք տեսնում են նաև ծխելու վնասակար ազդեցությունները, հետագայում դժվար թե ձեռքը գլանակ վերցնի։

Արամ Աբրահամյանը 14 տարեկան է, սովորում է Արմավիրի 4-րդ դպրոցում։ Նա նշում է, որ շատ բան է ստացել սեմինարներից և երբեք չի ծխի, քանի որ այն առաջացնում է տարբեր օրգանների քաղցկեղ։ Արամը նշում է, որ իր հայրիկը ծխել է, ինչի հետևանքով առողջական խնդիրներ են առաջացել, և թողել է ծխելը։ Արամն Ասում է, որ ինքն իր շրջապատում քարոզելու է առողջ ապրելակերպ, մարդկանց համոզելու է հեռու մնալ ծխախոտից։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

«Ապրում ենք իսկական դժոխքում». գյումրեցի անօթևան կին

Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեև կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչև օրս փոխհատուցում չի ստացել:

Նրանց բնակարան պետք է հատկացնեին այն 420 բնակարաններից, որոնք ՀՀ բարձրագույն իշխանությունները անօթևան գյումրեցիներին խոստացել էին շահագործման հանձնել ընթացիկ տարում, սակայն ոչ միայն խոստացված բնակարանները չկառուցվեցին, այլև անգամ բնակարանաշինության մեկնարկը չտրվեց: Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ, տաք կոշիկներ ու աղջնակին խաղալիքներ տրամադրելու, ինչպես նաև նրանց ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Սահրադյանների ընտանիքին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

«Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում». լրանում է Բենջամին Բրիտտենի 100-ամյակը

Լուսանկարը`Ռոլանդ Հաուփթի, ըստ www.britten100.org կայքիԲենջամին Բրիտտենը ծնվել է Լոուստոֆթում 1913 թվականի նոյեմբերի 22-ին` երաժշտության սուրբ բարեխոս Սեսիլիայի տոնին: Կոմպոզիտորի մայրն անչափ հպարտանում էր այս փաստից և այն համարում ճակատագրի բարեխոսություն` հույս հայտնելով, որ իր որդին Բախից, Բեթհովենից և Բրամսից հետո դառնալու է «Բ» տառով սկսվող ազգանունը կրող կոմպոզիտորների աստղաբույլի չորրորդ անդամը: Եվ, իսկապես, դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից  մեկը:

Բրիտտենը երաժշտությամբ տարվում է դեռ վաղ տարիքից: Նա պատմում էր, որ պարզապես հիացած էր կետիկների և գծիկների փոխկապակցմամբ և նրանց ներշնչած հնչյուններով:

Բրիտտենի ժառանգություննն առավել խոսուն է Ալդեբուրգ քաղաքում, ուր 1948 թվականին նա համահիմնադրել է համանուն փառատոնը, իսկ այնուհետև մշտապես հաստատվել այդ քաղաքում: Հենց այստեղ է նա ստեղծել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Պատերազմի ռեքվիեմը»:

1965 թվականին Բենջամին Բրիտտենը և օպերային երգիչ Փիթեր Փիրսը  ժամանում են Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Նրանց հետ Հայաստանում հանգստանում են նաև դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչն իր տիկնոջ`օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայայի հետ:

Այդ օրերին Էդվարդ Միրզոյանի ջանքերի շնորհիվ կազմակերպվեց «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը:  Հայաստանում հանգստանալու օրերին Բրիտտենը Պուշկինի բանաստեղծությունների հիման վրա գրում է վոկալ շարք: Հայաստան կատարած այցելությունից հետո կոմպոզիտորը գրում է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:

Կոմպոզիտորի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:Միջոցառումները կշարունակվեն հետագա օրերին ևս: Նոյեմբերի 22-ին Միրզոյան քառյակըԲրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս, իսկ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կցուցադրվեն Բրիտտենին նվիրված կարճամետրաժ ֆիլմեր:

 

«Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության»

pn-cover3 «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով  մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:

Մասնավորապես, նախատեսվում է «Dasaran.am»-ի կայքում բացել զինված ուժերին վերաբերող պաշտոնական էջ, որտեղ կշոշափվեն բանակի առօրյա անցուդարձի մասին մեր աշակերտներին հետաքրքրող բազմաբնույթ հարցեր։ Նորարարական մեթոդով կուսուցանվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան. աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալ ազգային հերոսներին և ռազմական պատմությանն առնչվող թեմաներին, տեղեկանալ ՀՀ ռազմական ուսումնական հաստատությունների մասին, առաջարկվող զինվորական մասնագիտություններին և ընդունելության կարգին, իրազեկվել զինված ուժերում մարդու իրավունքներին:

Նախաձեռնությունը հնարավորություն կտա նորարարական և ստեղծագործական լուծումներով շոշափելի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության աշակերտների շրջանում ռազմական և հայրենասիրական դաստիարակության խթանման գործում:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը. ԱԺ փոխնախագահ

շարմազանով«Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների գնդակոծությանը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է՝ սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ
Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը: «Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խարխլող այսօրինակ գործողությունները, ի վերջո, պետք է խստիվ դատապարտվեն համանախագահ երկրների եւ միջազգային հանրության կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Սարի թաղում տուն է այրվել

հրդեհՆոյեմբերի 17-ին, ժամը 23.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի թիվ 8-րդ շարքում` ջրամբարի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և 4 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.17-ին, մարվել՝ 00.38-ին:

Այրվել է Լ. Մ.-ին պատկանող տան 1-ին հարկի սենյակը գույքով` 25 քմ, 2-րդ հարկի սենյակը գույքով` 25 քմ, տանիքը` 70 քմ և ջերմահարվել է 2-րդ հարկի սենյակներից մեկը` 15 քմ:

1988 թ. ծնված Հ. Գ.-ը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել ԵՓՎ պետի տեղակալը, ԵՓՎ Կենտրոն և Էրեբունի համայնքների պետերը:

 

Ազգագրագետ. «Ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար»

Gayane ShagoyanՀարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ

– Հաճախ է խոսվում ավանդական հայկական հարսանիքի մասին: Ի վերջո,  ի՞նչ ասել է ավանդական հայկական հարսանիք, ի՞նչ է այն ենթադրում:

– Նախ պետք է հասկանանք, որ ավանդական բառն ունի տարբեր բովանդակություն` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանի մասին է խոսվում,  ավանդական ասելով` ինչ բովանդակություն է դրանում դրվում: Եթե կոպիտ բաժանենք, այն երկու ընկալում ունի, որոնք էլի շատ պայմանական են:

Մեկը գիտականն է:  Ազգագրության մեջ ավանդական հարսանիք, ավանդական մշակույթ ասելով` հիմնականում հասկանում են XIX դարում գրանցված ծեսերը, քանի որ մինչ այդ հայ ավանդական մշակույթի նման մանրամասնություններով նկարագրություններ չունենք:

Գիտական մեկ այլ մոտեցման համաձայն էլ` ավանդականը ժառանգաբար փոխանցվող բանավոր մշակութային պաշար է: Այսինքն` մի բան, որ կրկնվում է միայն այն պատճառով, որ նախադեպ ունի, որ  արվում է ոչ թե որպես նորարարություն, այլ ինչ-որ բանի կրկնություն, ինքնըստինքյան դառնում է ավանդական:

Ժողովրդի մեջ կա մեկ այլ պատկերացում, եթե ասում ենք ավանդական, ուրեմն այն պետք է շատ հին ժամանակներից գա: Կոնկրետ ժամանակաշրջան, իհարկե, չի նշվում, բայց կարծես չարտաբերելով,  այնուամենայնիվ, ենթադրվում է, որ հազարամյակներ տևող սովորություններ են: Դրա մեջ մի փոքր ճշմարտություն կա այն իմաստով, որ կենցաղային մշակույթը, կախված ժամանակաշրջանից, փոփոխությունների տարբեր արագություն ունի: Այն, ինչ ունենք XXI դարում, շատ արագ է փոփոխվում:  Դա կապված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ: Մինչև մոդեռնացման ժամանակաշրջանն  ունենք այսպես ասած` դանդաղ ընթացող  ժամանակ: Բայց և չենք կարող ասել, թե որևէ փոփոխություն չի եղել:

Այն, ինչ ունեինք XIX դարում, բավականին բազմազան էր ի տարբերություն կենցաղային սպասումների, թե որքան հին, այնքան նույնական: Իրար կողքի գտնվող գյուղերն անգամ ներփակված են եղել, այնպես որ մի գյուղում տեղի ունեցողը կարող էր մեծապես տարբերվել հարևան գյուղի ավանդույթներից: Մեր ազգագրական նյութը ցույց է տալիս, որ նույնիսկ նույն գյուղում գտնվող տարբեր ծագումնաբանություն ունեցող ընտանիքներ ունեն միմյանցից բավականաչափ տարբերվող հարսանիքներ: Նույնական հարսանիք ունենալու արեալը կարող էր  լինել փոքր, մեծ, համընկնել ինչ-որ շրջանի, եթե այն հարթավայրային էր և կոմունիկացիայի խնդիր չկար:

– Ե՞րբ և որտե՞ղ է  սկիզբ առել ժամանակակից սպիտակազգեստ հարսանիքը:

– XIX դարում բրիտանական արքունիքի հարսանիքը դարձավ մոդելային` սկիզբ դնելով սպիտակազգեստ հարսանիքին: Պատճառները մի քանիսն են:  Նախ` հարսանիքի մեջ կա այն գաղափարը, որ սա թագավորական արարողություն է: Այսինքն` ամեն մի հասարակություն իր հարս ու փեսային վերագրում է առաջին մարդու կերպարը: Քանի որ միջնադարում և միջնադարից դեպի մոդեռնացման ժամանակաշրջանը առաջին մարդը թագավորի և թագուհու հետ էր նույնանում, սկսեցին կրկնօրինակել պահպանողական մշակույթի շնորհիվ  պահպանվածը:

Մյուս պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան  ծովային ամենահզոր կայսրություններից մեկն էր, որի գաղութները սփռված էին աշխարհով մեկ: Նաև շնորհիվ աշխույժ առևտրական հնարավորությունների,   այս դեպքում շուկան դառնում է ամենակարևոր գործոններից մեկը` այն ինչ արտադրում է մետրոպոլիան, շուկայի միջոցով տարածվում է:

– Իսկ Հայաստանում սպիտակազգեստ հարսանիքները երբվանի՞ց են:

– Քաղաքային բնակչության մոտ արդեն XIX դարում սպիտակազգեստ համալիր հանդիպում է: Բայց մինչև Ցեղասպանությունը բոլոր գյուղական բնակավայրերում անխտիր որպես հարսի զգեստ կիրառվել է  ամեն մի շրջանի տեղական տարազի ավելի շքեղ տարբերակը, ընդ որում հարսանիքին այն հագել են առաջին անգամ: Զգեստը  պարտադիր պետք է նոր լիներ,  կային հատուկ ծեսեր, որոնց ընթացքում հագուստը կարվում էր: 1915-ի ցեղասպանությունից հետո այդ մշակույթն ընդհատվում է:

Քաղաքներում, ասենք` Վանում, Երևանում, XIX դարի վերջին և XX-րդ դարի սկզբին  արդեն ունեինք սպիտակազգեստ հարսանիքներ: Դրանք համատարած չեն, հիմնականում վերնախավին են բնորոշ: Պետք է ասեմ, որ քաղաքային միջավայրը, շնորհիվ շուկայի, ավելի է նպաստում այդ նորաձևության տարածմանը:

Բայց նույնիսկ ԽՄ տարիներին, հատկապես պատերազմի պատճառով, երբ ոչ միայն սպիտակ, այլև անգամ նոր զգեստ գնելն էր խնդիր, կարում էին այն, ինչ հնարավոր էր: Երկար ժամանակ ընդունված էր զգեստը պարտքով վերցնել, կամ եթե գնում էին` մի քանի սերունդ էր հագնում:

Այդպիսով հարսանեկան շքեղ զգեստը, որ առաջին անգամ հագնում էին հարսանիքին, բայց հետո կարող էին հագնել նաև այլ տոնական միջոցառումներին, փոխվեց  մի անգամ հագնելու զգեստի: Սպիտակի տարածման հետ հարսանեկան շորը վերածվեց մեկ անգամ հագնելու ծիսական զգեստի: ԽՍՀՄ-ում 60-70-ականներին նոր միայն կարող ենք խոսել դրա համատարած կիրառման  մասին:

– Հայկական հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ պահպանվել են և որո՞նք են, որ գլոբալացման ազդեցության հետևանք են:

– Սպիտակ հարսանիք  կոչվող համալիրն ուներ մի քանի բաղադրիչներ, որոնք տարածվեցին: Առաջինը սպիտակ զգեստն էր, երկրորդը ծաղկեփունջն էր, որը չենք ունեցել, մեզ մոտ  դա շատ ուշ մտավ: Խորհրդային տարիներին հարսն ու փեսան մեխակներ էին դնում որևէ հուշարձանի մոտ. դա էր ծաղկեփնջի ողջ գործառույթը: Իսկ փեսայի կողմից հարսին ծաղկեփունջ փոխանցելու երևույթը և հետո այդ ծաղկեփնջով եկեղեցի մտնելը բրիտանական հարսանիքի  մաս է:

Շքախմբով,   երաժշտության ուղեկցությամբ եկեղեցի մտնելը ևս բրիտանական հարսանիքից է վերցված: Մեզ մոտ դա ձևափոխվեց այնպես, որ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ հարսն ու փեսան մտնում են հարսանեկան հանդիսության դահլիճ, ԽՄ տարիներին` զագս:

Մյուսը` տարոսիկները: Մերօրյա ձևով տարոսիկներ ավանդական տարբերակում չեն եղել: Այն գաղափարը, որ հարս ու փեսայից մյուսներին պետք է քաղցր բան փոխանցվի, եղել է: Օրինակ` հարսի գլխին գաթա են կոտրել և բաժանել կամ չորացրած մրգեր են շաղ տվել և հավաքել, դրան են ասել տարոս: Այսօր այդ գործողությունն էլի փոխվել է արևմտյան տարբերակի, երբ բրինձ և վարդի թերթեր են շաղ տալիս հարսի ու փեսայի գլխին, և դա այլևս չի կոչվում տարոս:

Փոխառվել է դրսից մեկ այլ բան, որ դրսում կոչվում է հարսանեկան հուշանվեր: Մեզ մոտ քաղցրը տանում էին որպես հարսանիքի մի մասնիկ, որը չամուսնացած երիտասարդներին ամուսնանալու խորհուրդը պիտի փոխանցեր: Խորհրդային շրջանում, նմանակելով եվրոպական հուշանվերները, սկսում են կոնֆետները հելունով գործված և շաքարաջրով քարացած զամբյուղներում բաժանել, հիմա քաղցրի գաղափարը վերանում է, և լրիվ փոխարինվում է հուշանվերներով:

kate-william-royal-wedding– Ըստ Ձեզ`  կգա՞ ժամանակ, երբ գլոբալացված շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությամբ  ողջ աշխարհում հարսանիքը քիչ թե շատ նույնական կլինի, այսինքն` չեն լինի տարբերակող  տարրերը, որոնք ավանդական ենք համարում:

– Կարող եմ ասել, որ գրեթե այդ ժամանակաշրջանում ենք: Այն,  ինչ թվարկեցի` սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, վարդ ու բրինձ շաղ տալ, կիրառվում են Երկրի  մեծ մասում: Խոսուն օրինակ է, որ  2011-ի բրիտանական արքայական զույգի ամուսնությունը երկու մլրդ մարդ  էր դիտում ուղիղ  եթերով: Եվ հաջորդ օրն իսկ Չինաստանում հարսանեկան զգեստը կրկնօրինակել էին:

– Այսինքն` հարսանեկան ավանդույթի նման փոփոխությունները բնակա՞ն են:

– Չես կարող  ցանկապատ քաշել և ասել` ամեն ինչ կարող է փոխվել, բայց հարսանիքը, որը ես հայտարարում եմ ազգային, պիտի չփոխվի, մանավանդ որ չկա այն խիստ ազգայինը, որ ասես սա է, եկեք փրկենք:

– Տիկին Շագոյան, այսօրվա  հարսանեկան ծեսերից որո՞նք են, որ ավանդական են և  եղել են նաև XIX դարում:

– Այսօրվա հարսանեկան համալիրում ամենապահպանված քայլերի հաջորդականությունը, որը վերցված է ոչ թե սպիտակ հարսանիքից, այլ ընդհանրացված տեղական տարբերակներից, շեմային ծեսերն են, որոնք  սովորաբար կատարում են փեսայի տուն մտնելիս.  ափսե կոտրել, ուսին լավաշ գցել, գաթա պարեցնել, մեղր կերցնել:

Բայց շուկան  իր գործն անում է: Գյուղերում, որտեղ չկան ռեստորանային համալիներ, սկսել են հարսանիք անել որևէ քաղաքի ռեստորանում, որպեսզի ժամանակին համահունչ լինեն: Եվ տեխնիկապես անհարմար է լինում քաղաքից նորից փեսայի տուն վերադառնալ` այդ շեմային ծեսերը կատարելու: Այդպես XIX դարի հարսանիքի վերջին կռվանը  սկսում է քանդվել, քանի որ տեղավորվում է ռեստորան մտնելու համալիրի մեջ, կա՛մ արվում է, կա՛մ չի արվում: Եթե անգամ արվում է, իր բովանդակային տրամաբանությունն է կորցնում, քանի որ  կապված էր հենց տուն տեղափոխվելու գաղափարի հետ:

– Իսկ կա՞ն հարսանեկան ծեսեր, որոնց բովանդակությունը պահպանվել է, բայց ձևը փոխվել է:

– Կան բազմաթիվ ծեսեր, ինձ համար շատ հետաքրքիր են  եզնմորթեքի և տորթ կտրելու ծեսերը: Տորթ կտրելն ամբողջությամբ եվրոպական հարսանիքից է փոխառված:

Եզնմորթեքի ծեսը և հարսանիքն ունեն  այս կամ այն հանրության միասնությունը վերահաստատող գործառույթ: XIX դարի եզնմորթեքի դեպքում հարսանիքի ընթացքում պետք է որևէ մի ուտեստի միջոցով այդ ամբողջ խմբին միավորեին: Եզնմորթեքի ծեսի ժամանակ դա լինում էր մսացուն, որը դառնում էր հարսանիքի խոհանոցային հիմքը: Անասունը մորթելիս կարևոր էր  առաջին կտրվածքը, դա հաճախ անում էր փեսան, եթե անգամ մսագործն էր անում, ապա առաջին արյամբ փեսայի ճակատին խաչ էին հանում, կտրվածքի համար գումար էին տալիս, կտրվածքից հետո  զուռնա էին փչում, պար էին բռնում:  Այսօրվա հարսանիքի դեպքում տորթն է, որ պարտադիր պետք է բոլորը ճաշակեն, որի առաջին կտրվածքը շատ հանդիսավոր ձևով է արվում, զուռնայի  ձայնին կարող է փոխարինել  շամպայնի  բացվելու ձայնը:

– Իսկ պե՞տք է արդյոք պահպանել հայկականության որոշ տարրեր հարսանիքում:

– Այսպես կարող եմ ասել` դա ճաշակի հարց է, երկրորդ` ինքնության հարց է, եթե մարդ ուզում է շեշտել հայկական ինքնությունը, կարող է այդպես անել: Բայց եթե ես հայկական տարրերով հարսանիք չեմ անում, չի նշանակում, որ ես հայ չեմ: Դեմ եմ, երբ պարտադրանք է լինում:

Հիմա հայկական հարսանիք ասելով` հասկանում են նաև սպիտակ զգեստը, այսինքն` հայկականության նշանները փոփոխական են և այն, ինչ այսօր հայտարարվել է, էլի պայմանական բան է:

Այն ինչ այսօր կոչվում է հայկական հարսանիք, իր մեջ պարունակում է, իմ տեսանկյունով, բազմաթիվ անհեթեթություններ: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին պետք է լինի իր ժամանակին համահունչ: Դա չի նշանակում, որ պետք է հարսանիք անի ինչպես, օրինակ` Ֆրանսիայում: Բայց  ինձ համար առնվազն ծիծաղելի է, երբ ինքնուրույն կյանքով ապրող 30-35 տարեկան հարսնացուն պետք է կարմիր խնձորի ծես կատարի, որին  այսօր ընդունված է հայկականության իմաստ վերագրել: Եթե դրա հաշվին է հարսանիքը լինելու հայկական, ավելի լավ է` չլինի:

Դա բնական էր XIX դարում և բազմաթիվ բացատրություններ ունի, բայց դա անհեթեթ է հնչում XX դարում, էլ չասեմ` XXI դարում:

Վերապահումով եմ մոտենում այն պահանջներին, որ պետք է անենք ճիշտ հայկական ավանդական հարսանիք, քանի որ ավանդականը պայմանական է, ավանդականը տարընթերցումներ ունի, և ավանդական ամեն ինչ չէ, որ հարկավոր է փոխադրել XXI դար:

 

Հրդեհ Անդրանիկի փողոցում. այրվում են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.08-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը:

Բակո Սահակյանը հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ

Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում հանդիպել է “Արցախի երիտֆորում-2013”-ի մասնակիցների հետ:
Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մեր հանրապետությունում երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարի բնութագրմամբ` երիտասարդությանը հուզող հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կշարունակի անել հնարավորը դրանք արդյունավետ կերպով լուծելու համար:
Բակո Սահակյան, "Արցախի երիտֆորում-2013"Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին

Արցախ, Բակո Սահակյանը, Պլասիդո Դոմինգո-կրտսերԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգո-կրտսերին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ մեր երկրում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցում,լուսանկարներ

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցումՆոյեմբերի 17-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, որի տակ առկա է հողաշերտի նստվածք (2×0,5×0,5մ): Տան արտաքին պատը ավտոտնակին միացնող բետոնե աստիճանի վրա առկա են ճաքեր (մոտ 5 սմ): Բազմաթիվ ճաքեր են առկա նաև տան պատերին:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ԵՓՎ Մալթիա-Սեբաստիա բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, «1-04» ծառայության հերթափոխի պետը և թաղապետարանի կոմունալ բաժնի պետը:

 

Գիտելիքների մեծ պաշար ունեմ. Արամ Արարատյան

Ուսանողների միջազգային օրՈւսանողների միջազգային օրը նոյեմբերի 17-ն է: Ամենամյա այս տոնն ուսանողները կարեւորում են: Ակտիվ երիտասարդները բազմազան միջոցառումներ են կազմակերպում, միմյանց շնորհավորում եւ պարզապես լավ ժամանակ անցկացնում:

Ուսանողների միջազգային օր«Այսօր, ինչպես ցանկացած ուսանողի համար տոն էր: Առավոտից կուրսեցիներով, մյուս ուսանող ընկերներով զանգահարում էինք իրար, շնորհավորում: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում կա այսպիսի տոն: Ուղղակի մի խնդիր կա, որ լավ միջոցառումներ չեն կազմակերպվում այսօր: Եթե նկատել եք, մյուս տոների ժամանակ գոնե համերգներ ու բացօթյա դիսկոտեկներ են կազմակերպում, որպեսզի երիտասարդությունը հավաքվի եւ նշի իր տոնը»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Արամ Արարատյանը: Նրա խոսքով հայ ուսանողը միշտ աչքի է ընկել ուսման հանդեպ ունեցած հետաքրքրություններով, սովորելու ցանկությամբ, սակայն շատ շատերը դժգոհում են կրթության որակից: Ասում են, որ դասախոսները չեն տալիս այն կրթությունը, որն իրենք են ցանկանում, իսկ իրենք անհնարին բան չեն ուզում: Մեկ այլ խնդիր է ուսման վարձը, որը վերջին շրջանում թանկացավ: Արամը կարծում է, որ դա ուսանողների ամենամեծ խնդիրն է.

«Կա կարծիք, որ կյանքի ամենահետաքրքիր պահերը կատարվում են հենց ուսանողական տարիներին: Համաձայն եմ: Շատ հիշողություններ եմ տանում ինձ հետ համալսարանից: Ճիշտ է, դեռ չգիտեմ ինչ է սպասվում ինձ ապագայում, բայց կարող եմ ասել, որ անմոռանալի պահեր եմ ունեցել: Համալսարանը բացի կրթությունից լավ ընկերներ է պարգեւել: Գիտելիքների մեծ պաշար ունեմ ի շնորհիվ իմ դասախոսների: Համալսարանը ինձ տվել է նաեւ վստահություն ապագայի հանդեպ: Հիմա վստահ եմ, որ ցանկացած խնդիր, որին կհանդիպեմ կկյանքում` կլուծեմ»:

Ուսանողի համոզմամբ ոմանց համար այստեղ կրթությունը շատ լավ է, ոմանք էլ դժգոհ են եւ արտասհման են մեկնում սովորելու: Ամեն տեղ էլ կա դա: Ցանկացած մարդ ինքն է իր ապագան որոշում: Հայաստանում այնպես է ստացվել, որ աշխատաշուկայի պակաս կա, բայց երիտասարդները գոնե ոսկե միջինն են եւ կարողանում են աշխատանք գտնել: Այլ խնդիր է, որ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Համոզված եմ, որ եթե լինես լավ մասնագետ, ապա խնդիր չես ունենա: Ինչպես ասում է ժողովուրդը` տաշած քարը գետնին չի մնա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

«Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործել է, կողային հայելիներ եղել են, արագությունն էլ գերազանցել է 70-ը». Հակոբյանների փաստաբան

Վարդան ՊետրոսյանՀոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Մարատ Գինոսյանը վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունից դժգոհ չէ:

Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և այժմ Վարդան Պետրոսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:Նախաքննության շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկակակն փորձաքննության եզրակացության համաձայն, ըստ փաստաբանի, արագության գերազանցումը նշվել է 71 և ավելի: Բայց փաստաբանն այլ կարծիքի է. «Հաշվի առնելով մեքենաների վնասվածքի բնույթը, իմ կարծիքով, խոսքը 70 կմ/ժ արագության մասին չի կարող լինել, այլ շատ ավելի` 100-ից էլ ավել կարող է լինել, որովհետև «ԲՄՎ» մակնիշի մեքենայի բախումից հետո «Նիվա» մակնիշի ավտոմենքենան 180 աստիճանով պտտվել է: Եթե արագությունը 60-70 կմ/ժ լիներ, հնարավոր չէր մեքենան նման աստիճանի տակ պտտվեր: Ես նման բան չեմ պատկերացնում»:

Տուժող կողմի ներկայացուցիչը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ արագությունը Վարդան Պետրոսյանը գերազանցել է ալկոհոլ օգտագործելու հետևանքով: «Ոչ միայն շշուկներ կան, այլ նաև Վարդան Պետրոսյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է կատարվել, և փորձագետը իր հետևություններ բաժնում արձանագրել է այդ փաստը, որ երբ առաջին օրը Վարդան Պետրոսյանին տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ իրեն զննող նեյրովիրավույժը հիվանդության պատմության մեջ նկարագրառել է, որ Պետրոսյանը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, ավելացրել է, որ վրայից ոգելից խմիչքի հոտ է գալիս»,- փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչը:

Պաշտպանական կողմի այն հայտարարությանը, թե «Նիվա» մակնիշի մեքենայի հետդիտարկման հայելիները տեղում չեն եղել, փաստաբան Գինոսյանը հակառակն է արձագանքում:

«Եղել են, անպայման եղել են, ես դա լսել եմ տուժող վարորդից: Իմ լսելով կողային հայելիներից մեկը կոտրված սալոնում թափված է, մյուսն էլ, եթե չեմ սխալվում, ծռված վիճակում դռան վրա է մնացել, դռներն էլ ահավոր դեֆորմացիայի են ենթարկվել», -հայտարարեց Գինոսյանը:

Ավելին, նա փոխանցեց «Նիվա»-ի վարորդի խոսքերը, որ կողային հայելիների միջոցով է հետևից ինքը տեսել է Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայի լույսերը: Փաստաբանի պնդմամբ, «Նիվան» գտնվել է կանգնած վիճակում և հետընթաց շարժում չի արել: «Ես այդպես եմ ասում ըստ վարորդի հայտարարության, իսկ փորձաքննությունը չի ասել` նա շարժման մեջ է գտնվել, հետընթաց է արել, թե կանգնած է եղել: Փորձագետը պատասխանել է քննիչի հարցերին, թե որ դեպքում ինչ արագություն կլիներ և այլն: Նա ընդամենը պատասխանել է քննիչի հարցադրումներին», -հավելեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Կարմիր բլուրի դամբարանում պեղված բարձրահասակ կնոջ ԴՆԹ-ն եզակի տվյալներ կհաղորդի Վանի թագավորության մասին

Կարմիր բլուրՀին աշխարհի հզորագույն երկրներից մեկի՝ Վանի թագավորության վերջին փուլում հիմնված խոշորագույն կենտրոնը Թեյշեբա Աստծուն նվիրված Թեյշեբաինի քաղաքն է, որը Երեւանի ներկայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է:

Ժամանակին միջնաբերդում հսկայական պեղումներ է կատարել ռուս հայտնի գիտնական Բորիս Պիոտրովսկիի՝ Էրմիտաժի նախկին տնօրենի արշավախումբը: Երկար պեղումների արդյունքում այդպես էլ չէր հայտնաբերվել դամբարանադաշտը:

«Հիանալի գիտեինք ամրոցի պատմությունը, նրա մշակույթը, ռազմական պաշտպանվածությունը, բայց չգիտեինք բնակիչների թաղման ծեսը, աշխարհընկալումները, հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները և, վերջապես, ովքեր են ապրել այստեղ, արդյո՞ք սա Վանի կենտրոնական շրջաններից եկած բնակչություն էր, թե՞ տեղաբնիկներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ներկայում Կարմիր բլուրում հնագիտական պեղումներ կատարող խմբի ղեկավար, Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

Բոլոր այս հարցերին կարող էր պատասխանել դամբարանադաշտը: Պիատրովսկին այն այդպես էլ չգտավ։ Եվ գուցե դեռ երկար չգտնվեին այդքան կարեւոր դամբարանները, եթե չլիներ Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կարող էր անցնել միայն Կարմիր բլուրի այդ հատվածով։

Մինչեւ ճանապարհի կառուցումը որոշվեց այդ հատվածում պեղումներ կատարել՝ արժեքավոր գտածոները չկորցնելու համար։ Աշխատանքներն սկսվեցին այս տարվա օգոստոսին։ Երեք ամիս տեւած պեղումների արդյուքնում հնագետները հայտնաբերեցին այն, ինչ այդքան փնտրում էր Պիատրովսկու արշավախումբը։

Գիտնականներն արդեն մոտ երկու տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել, յուրաքանչյուրի տրամագիծը՝ մոտավորապես 3-4 մ: Ենթադրվում է, որ միայն ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա: Դրանց պեղումները, Հակոբ Սիմոնյանի խոսքով, վիթխարի ինֆորմացիա կբացահայտեն՝ առնվազն 5000 արտեֆակտ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի մեծ պատկերացում կազմել Հայաստանում ձևավորված հնագույն կայսրության մասին:

«Պատահական չէ, որ Վանի թագավորները հատուկ ուշադրություն էին դարձնում Արարատյան դաշտին որպես շտեմարան, որտեղ պատրաստել են ամենաընտիր գինիները, հացահատիկի հսկայական պաշարներ են այստեղ կուտակվել: Միայն Կարմիր բլուրում պահվել է մոտավորապես կես մլն լիտր գինի»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Դամբարաններում կարևոր գտածոներից գիտնականն առանձնացնում է կուռքերը։ Դրանք տուֆի սալեր են՝ աչքերի փոսիկներով: Նման կուռքեր հայտնաբերվում են առաջին անգամ:

Մյուս հետաքրքիր արտեֆակտը զարդարված բրոնզե գոտին է, որով թաղված է եղել դամբարաններից մեկում գտնված երիտասարդը։  Վերականգվելուց հետո կերեւա ուսագոտու ամբողջական պատկերը։ Գոտու հետ հայտնաբերվել է նաեւ երկաթյա նիզակ:

Մեկ այլ դամբարանում թաղված է եղել խիստ բարձրահասակ, երկար մատներով կին՝ կիսաերկարաճիտ կոշիկներով, որոնք զարդարված են եղել բրոնզե ճարմանդով։ Այս գտածոները կարեւրագույն տեղեկություններ կարող են հաղորդել Վանի թագավորության ժամանակաշրջանի տարազի մասին:

Մյուս կարևոր հատկանիշը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, այն է, որ յուրաքանչյուր դամբարանում երկու կմախք է հայտնաբերվել, ընդ որում, մեկը՝ ամբողջական, մյուսը՝ դիամասնատված։ Ենթադրվում է, որ երկրորդը զոհաբերվել է ինքնակամ կամ բռնի։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: