Վաղը «Հայ գիրք» գրախանութում կկայանա երկու նոր գրքերի շնորհանդեսը

գիրք-եփրեմյանՆոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին «ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութում (հասցեն՝ Իսահակյան 16/ա) տեղի կունենա ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆԻ «Վարք. սևագրություն» և ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆԻ «Բնագիր և մեկնություն» ժողովածուների շնորհանդեսը:

Ավագ և Վաչե Եփրեմյան եղբայրները ժամանակակից հայ գրականության ու գրականագիտության լավագույն ներկայացուցիչներից են: Ավագ Եփրեմյանի պոեզիան հատկանշվում է դասական բանաստեղծության ավանդույթների ու նորարարական միտումների հմուտ խաչաձևմամբ, որի արգասիքը նրա հրաշալի բանաստեղծություններն են:

Վաչե Եփրեմյանը գրականագիտական ու մշակութաբանական նոր չափումներով և բոլորովին այլ հայացքով քննեց հայ գրականության բազմադարյան ընթացքը՝ սահմանելով հայոց մշակութակերպի էությունը: Ցավոք, Վաչե Եփրեմյանը նոր գիրքը լույս տեսավ նրա մահից հետո, և շնորհանդեսը նաև հարգանքի տուրք է վաղամեռիկ տաղանդավոր գրականագետին:

Գործնական պարապմունք «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում

աինՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները հերթական գործնական պարապմունքն անցկացրեցին «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի տարածքում:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գործնական պարապմունքների և վարժանքների համար ուսումնական կենտրոնի վարժահրապարակում արդեն տեղադրվել են գնացքի վագոններ և ուղղաթիռ, շուտով այստեղ կտեղադրվեն նաև ինքնաթիռներ, բենզալցակայան և բենզատար մեքենա։
Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ԱԻՆ ՃԿՊԱ ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժությունների անցկացման համար։

Փրկարարները տարեց քաղաքացուն շտապօգնության մեքենային են մոտեցրել

փրկարարՆոյեմբերի 8-ին, ժամը 05.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 34 շենքի բնակիչն ունի կոտրվածքներ. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 4-րդ հարկից իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1920թ. ծնված Ե. Բ.-ին:

Հրդեհ` Լուսաղբյուրում

հրդեհՆոյեմբերի 8-ին, ժամը 06.40-ին  ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղ թաղամասում` Հ. Գ.-ին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.42-ին, մարվել՝ 08.09-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (11 քմ) և ծղոտե առաստաղը (9 քմ):

«Medicus»-ն ամենաինտելեկտուալն է

մեդիկուս«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունում Գրան պրի մրցանակի արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի «Medicus» թիմը։ Ինտելեկտուալ խաղը բաղկացած էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում և «Բրեյն ռինգ»-ում առաջին հորիզոնականում դարձյալ «Medicus»-ն էր, իսկ «Էրուդիտ կվարտետ» խաղում լավագույնը «Black star»-ն էր։

Ինտելեկտուալ առաջնության մասնակցում էր շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցներից։ Խաղերն անցկացվել են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Խաղն անցավ բավականին հետաքրքիր ու լարված մթնոլորտում: Հնչում էին տարբեր բնագավառներից հարցեր, որոնց պատասխանները շատ անգամ, մասնագիտական գիտելիքներից բացի, պահանջում էին նաև տրամաբանություն, արագ կողմնորոշում, ճկունություն և վերլուծական միտք։

Հայաստանի գիտակների ասոցիացիայի ղեկավար Տիգրան Քոչարյանը «Medicus 2013»-ն առանձնացրեց հատկապես մասնակիցների թվի առումով։ «Այսքան թիմ դեռևս չէի տեսել ուսանողական առաջնությունում։ Ուրախացրեց նաև որակը։ Հարցերը բարդ էին, և առաջատար թիմերը բավականին բարձր արդյունք ցույց տվեցին։ Դա հույս է ներշնչում, որ այդ թիմերը Հայաստանը կարող են ներկայացնել նաև արտասահմանում։ Պետք է առանձնացնեմ նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են ինտելեկտուալ խաղերին։ Գիտեմ՝ շատ բարդ է նման միջոցառումներին սատարելը, բայց ինտելեկտն այն բանն է, որ մենք կարող ենք վաճառել արտասահմանում և պահպանել հայության բարձր կերպարը դրսում»,- նշեց Տիգրան Քոչարյանը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչ Խաչատուր Մարգարյանն էլ նկատում է, որ այս տարի «Medicus» միջբուհական առաջնությունում նորամուծություն էր կատարվել. ներգրավվել էին նաև ավագ դպրոցների թիմերը, ինչը գիտակների շրջանում սերնդափոխություն իրականացնելու նպատակ ունի։ Ընդ որում, ըստ Խաչատուր Մարգարյանի, ավագ դպրոցների թիմերը բավականին հաջող են հանդես եկել։

«Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ Հայաստանի գիտակների ասոցիացիայի աջակցությամբ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Արտգործնախարարը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

614. Minister Nalbandian at the OIF Ministerial aՆոյեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Փարիզում մեկնարկած 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2012թ. հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դակարում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը, որը կարևորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը և կազմակերպության աճող դերը միջազգային բեմահարթակում։

Խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը դարձել է ՖՄԿ լիիրավ անդամ։ Մենք ուրախ ենք մաս կազմել ֆրանկոֆոն համայնքին, որը համագործակցության կարևոր միջազգային հարթակ է հանդիսանում՝ բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև համերաշխության ամրապնդման համար, նաև՝ հնարավորություն ընձեռում առավել միասնական գործել միջազգային բեմահարթակում։

Մեր ներգրավվածությունը ընթանում է խորհրդարանական, համալսարանական, ապակենտրոնացված, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ կարևոր ուղղություններով։  Հենց այս համատեքստում Երևանը հյուրընկալեց ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովը, մեկ շաբաթ առաջ Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոն համալսարանների Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի ամենամյա հանդիպումը, արդեն մի քանի տարի շարունակ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամենից շատ միջոցառումները կազմակերպվում են հենց Հայաստանում»:

Անդրադառնալով տարբեր աշխարհամասերում կայունության ապահովմանն ուղղված ՖՄԿ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց, որ անցյալ տարի Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ հորդորելով շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա` կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը։

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների հետ միասին շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել միջազգային բեմահարթակում կազմակերպության դերը առավել ամրապնդելու, նրա նպատակները առաջ մղելու ուղղությամբ։

Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

2014 թ. բյուջեի մեծ մասը կկազմեն սոցիալական նշանակության ծախսերը

 բյուջե2Ազգային Ժողովում ավարտվեցին ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված նախագծով` 2014 թ. բյուջեում եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 134 միլիարդ 415 միլիոն 568 հազար  դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 244 միլիարդ 945 միլիոն 143 հազար դրամ, և բյուջեի պակասուրդը կկազմի 110 միլիարդ, 534 միլիոն 580 հազար դրամ:

ՀՀ  2013 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 59 միլիարդ դրամ, իսկ ծախսերի գծով` 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, պակասուրդը` 124 միլիարդ դրամ: Այսինքն` նախորդ տարվա բյուջեի համեմատ մոտ 75 միլիարդ դրամով ավելացել են բյուջետային մուտքերը և մոտ 61 միլիարդով` ծախսերը: 

Տնտեսական առումով` զսպողական, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական բյուջե

Նախագիծն ԱԺ ներկայացնելու ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությունն առաջին անգամ ներկայացնում է ծրագրային պետբյուջեի նախագիծ:

«Սա նոր մոտեցում է, ինչը, բնականաբար, լրացուցիչ պարտավորություններ է դնում բոլոր գերատեսչությունների առջև, ուստի խնդրում եմ այս առումով շատ խիստ չդատել մեզ: Մեր գնահատականներով` առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի ներդնենք ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի որակական հատկանիշներ դնել իրականացվող ծրագրերի մեջ»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ 2013-ի տնտեսական աճի տեմպը դանդաղում է, որը պայմանավորված է բիզնես միջավայրի բարելավման առումով չլուծված խնդիրներով և վերջին հինգ տարիներին ներդրումների կայուն նվազմամբ, մասնավորապես` շինոլորտում: Տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդել է բարձր գնաճային միջավայրը, որը պայմանավորված է 2013 թ. գազի և էլեկտրաէներգիայի շեշտակիորեն բարձրացած գներով, ինչպես նաև պետբյուջեի դեֆիցիտի ցածր մակարդակը, որը պայմանավորված է ճանապարհաշինարարական  ծրագրերի դանդաղեցմամբ:

Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ 2014թ. պետբյուջեի առանձնահատկությունն  այն է, որ այն չի նախատեսում հարկային բեռի ավելացում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու:

Պատասխանատուների ներկայացմամբ` 2014 թ. բյուջեով նախատեսվում է պետական կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացում, սոցիալական քաղաքականության փոփոխություն, թոշակների բարձրացում, ինչի շնորհիվ մոտ 32 հազար մարդ դուրս կգա աղքատության խմբից, ուժային կառույցների և քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում և այլն:

Կառավարության ղեկավարի հավաստմամբ` հաջորդ տարվա բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, որովհետև հատկացումներն ավելացվում են կրթության,  առողջապահության և սոցիալական ոլորտում:

Ընդհանուր առմամբ` բյուջեից  սոցիալական պաշտպանության համար կծախսվի բյուջեի 29.08%-ը, տնտեսական հարաբերությունների համար` 9.3%-ը, կրթության համար` 9.8%-ը, պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 15.6%-ը, առողջապահությունը` 6.45%-ը, հասարակական կարգի պահպանման ծախսերը` 6.6%-ը, կոմունալ-շինարարությունը` 2.5%-ը, մշակույթին ու հանգստին կհատկացվի բյուջեի 1.7%-ը, շրջակա միջավայրի պաշտպանությանը`  0.4%-ը: Ընդհանուր բնույթի հանրային ծախսերը կկազմեն բյուջեի 16.97%-ը և պահուստային ֆոնդերի համար նախատեսված է 1.6%-ը:

բյուջեԵկող տարվա համար կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2%-ի աճ, ինչն, ի դեպ, համապատասխանում է  նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել էր, որ 2014-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի շուրջ 5,3%:

Անդրադառնալով  2014 թ. բյուջեի նախագծին` տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ  տնտեսական նշանակության առումով բյուջեն ունենալու է զսպողական ազդեցություն, իսկ սոցիալական առումով` ընդլայնողական:

«Սոցիալական ուղղություններով կառավարությունը ծախսերն ընդլայնել է, սակայն մարդկանց եկամուտների վրա հարկումը խստացրել է և հնարավոր է, որ որոշ խավեր ոչ թե բարելավում, այլ ընդհակառակը` վատթարացում զգան: Ընդհանուր առմամբ կառավարությունը նախատեսում է մեկ տոկոսով ՀՆԱ-ում ավելացնել  հարկային կշիռը, ինչը նշանակում է հարկային քաղաքականության խստացում և՛ քաղաքացիների, և՛ բիզնեսի նկատմամբ: Չնայած վարչապետը հայտարարում էր, որ խստացումներ չեն լինի, սակայն եթե ուշադիր կարդանք բյուջեի նախագիծը, կտեսնենք, որ իրականում հարկային առումով խստացումներ կան»,- ասաց Սամվել Ավագյանը:

 Ավելի լավատեսական բյուջեներ էլ են եղել` «տխուր» ճակատագրով

Ինչպես հիշում ենք, 2013 թ. գազի գինը բարձրացավ, և ընդամենը օրեր առաջ կառավարությունը որոշեց 2014-ից գործազրկության համար տրվող 18 հազար դրամ նպաստները կտրել: Անդրադառնալով գործազրկության նպաստների վերացմանը` վարչապետն ԱԺ-ում ասել էր, որ այդ համակարգը խիստ անարդյունավետ էր. «Ֆինանսական միջոցների 94 տոկոսը չէին հասնում շահառուին: Այս համակարգն աղքատ երկրների համար անարդյունավետ է: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 18 հազար նպաստները ստանում էին ապահով մարդիկ: Մեր խնդիրն է` բացահայտել աշատանք փնտրողներին և աջակցել նրանց»,- ընդգծեց նա:

Մի խոսքով` բյուջեից արդեն պետք է միջոցներ հատկացվեն ոչ թե գործազուրկներին նպաստ ապահովելու ծրագրին, այլ տնտեսությունը զարգացնելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն ու բազմաթիվ գործազուրկները կարողանան աշխատանք գտնել: Եվ ի սկզբանե ամենահետաքրքիր հարցերից էին, թե բյուջեում ինչպես կարտացոլվեն այդպիսի ծրագրերը: Փաստորեն` 2014 թ. բյուջեով նախատեսվում է ընդամենը մոտ 2.4 մլրդ դրամ ուղղել տնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերին:

«Փոքր ու միջին  բիզնեսի վիճակը կշարունակի վատանալ, անկախ հայտարարություններից, քանի որ կոռուպցիան ու հավասար մրցակցության պայմանները ամենևին էլ չեն փոխվում և ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունենք վատացման միտումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով 2014 թ. բյուջեին:

Երկրորդ հետաքրքրող հարցը. գազի գնի բարձրացման ժամանակ կառավարությունը նշում էր, թե գնի 20%-ը կսուբսիդավորվի: Եվ այժմ հետաքրքիր է, թե գազի գնի սուբսիդավորման համար կառավարությունը որքան միջոցներ է նախատեսել: Սակայն պարզվեց, որ 2014 թ. պետբյուջեով գազի գնի սուբսիդավորում նախատեսված չէ, քանի որ, ինչպես ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, այս հարցը հաջողվել է լուծել ռուսական կողմի հետ համատեղ և ռուսական կողմը պատրաստ է թեթևացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30% մաքսատուրքը:

Բյուջեն «լոմբարդային» է համարում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա տպավորությունն այնպիսին է, որ ամբողջ  գումարները գնալու են ինչ-որ ապահովագրական ընկերությունների, վարկերի, բրոքերների և այլն:

«Միշտ էլ կարելի է տարբեր պատճառաբանություններ բերել և ասել, թե ինչու նախատեսված տնտեսական աճը չապահովվեց, մինչդեռ 2013 թ. բյուջեում կառավարությունը նոր վերնագիր ներմուծեց` արտաքին ռիսկեր, ու իր համար արդեն իսկ կանխատեսելի էր այդ բյուջեի չկատարումը և նախանշված 7%-ը չապահովելը: Ես հարց ունեմ` ի՞նչն էր խանգարում այս կառավարությանը 2012-ին, 2013-ին պայքարել ստվերի դեմ և առհասարակ` դրա նախորդ տարիներին: Ի՞նչ գործիքների պակաս ունեին իրենք նախորդ տարիներին, որ չէին պայքարում ստվերի դեմ և բյուջեն ավելացնում էին հարկային պրեսինգով ու ճնշումներով` հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա: Հենց իրենք խոստովանեցին, որ մասնավոր ներդրումներն ուղղակիորեն կատաստրոֆիկ վիճակում են, և ի՞նչ երաշխիք կա, որ 2014-ին իրենց հաջողվելու է ստվերի դեմ արդյունավետ պայքարել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ինքն անձամբ լավատես չէ, որ այս բյուջեն կատարվելու է և նախանշված ցուցանիշները չեն արժանանալու 2011, 2012 և 2013 թթ. ցուցանիշների ճակատագրին:

Նախագահն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը

 4493

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին մեր երկրում՝ Նախագահը նշել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ իրենց հանդիպումն ու բովանդակալից զրույցը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այդ այցը շրջադարձային եղավ երկու երկրների հարաբերություններում. կարճ ժամանակահատվածում ձևավորվեց հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը, Երևանում վերաբացվեց Իրաքի դեսպանությունը, իսկ այսօր արդեն կայանում է միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առաջին և բավականին գործնական այդ հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի փոխվարչապետի ներկայիս այցը ևս նույնքան արդյունավետ կլինի, և մեկ տարի հետո Հայաստանը և բարեկամ Իրաքը նոր հաջողություններ կարձանագրեն քաղաքական ու տնտեսական հարաբերություններում:

Ռոշ Նուրի Շաուեյսը նշել է, թե նման լավատեսության համար բոլոր հիմքերը կան՝ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել մեծ թվով իրաքցի գործարարներ, Երևանում հաջողությամբ անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստից բացի, կայացել է նաև գործարար համաժողով, որոշում է ընդունվել ստեղծել հայ-իրաքյան գործարարների խորհուրդ՝ խրախուսելու համար երկու երկրների գործարարների շփումներն ու փոխադարձ ներդրումները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետագա աշխատանքները:

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաև կարևորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները:

«Անցյալ տարի Երևանում անցկացվեցին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երևանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում ևս կանցկացվեն Երևանի օրեր: Ուզում եմ նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաև Դոնի Ռոստովի և վերջերս Երևանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- հատկանշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանի ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն իրոք մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաև քաղաքների միջև համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այդ համատեքստում դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև այլ քաղաքների հետ ևս գործընկերային հարաբերություններ ձևավորելուն:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամբ»,-նշել է Իվան Վոլինկինը:

Այնուհետ կողմերը քննարկել են նաև տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Տիգրան Մեծի այգու հանդիսավոր բացմանը

Տարոն Մարգարյան,Տիգրան Մեծի այգի,Երևանի քաղաքապետարանՏարոն Մարգարյան,Տիգրան Մեծի այգի,Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած  այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:

Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ. «Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երևանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բնակիչների լիարժեք հանգստի համար տեղադրվել են նստարաններ, փակ և բաց զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ, մարզահրապարակներ, ինչպես նաև կառուցվել են ճեմուղիներ: Հանգստյան գոտին ամբողջությամբ ապահովված է նաև արտաքին լուսավորության նոր ցանցով ու շուրջ 1 կմ ոռոգման նոր համակարգով:

«Բոլորն են հիշում, որ այս տարածքում գտնվող Վիշապների պուրակի տեղում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումը: Ու մենք խոստացանք, որ այգին կվերականգնենք ու կհանձնենք մեր բնակիչներին:  Ծրագիրը, ինչպես տեսնում եք, կյանքի կոչվեց: Այգու կառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 123 մլն դրամ, բացի այդ նաև մասնակցություն են ունեցել մի շարք բարերարներ, որոնց իմ շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով այգին բարեկարգելու և բնակիչներին վերադարձնելու համար՝  նորնորքցիները նշել են, որ հանգստի այս գոտին  տասնյակ տարիներ ոչ միայն չի ծառայել իր նպատակին, այլև վտանգավոր է եղել անգամ անցուդարձի համար: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է նաև վերակառուցված այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու շնորհավորել բնակիչներին՝ հորդորելով պահպանել ու խնամքով վերաբերվել այգուն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայություն Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` այն բանի համար, որ նա 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում գտնվող նորակառույցի հարակից տարածքը` պողոտայի բանուկ մասը ազատելու, երթևեկությանը չխոչընդոտելու և բողոքի ակցիան փողոցի մայթերում շարունակելու վերաբերյալ հասարակական կարգն ապահովող ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին բերման ենթարկվելու ընթացքում, ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Բացի այդ, քաղաքացի Արգիշտի Կիվիրյանը` Կոմիտասի պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին ավտոմեքենայով տեղափոխվելու ընթացքում, ինքնավնասման նպատակով դեմքով հարվածել է ավտոմեքենայի դռան արտացցված մասին և դրա արդյունքում ճակատի, կոպի ու քթի շրջանում ինքն իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ` իրեն բերման ենթարկող ոստիկաններին սպառնացել է վնասվածքների պատճառումը վերագրել նրանց:
Հետագայում` իրագործելով իր վերը նշված սպառնալիքները, Ա. Կիվիրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել քրեական գործ հարուցելու իրավասությամբ օժտված մարմիններին` հայտնելով, թե ինքնավնասման հետևանքով ստացված վերոհիշյալ մարմնական վնասվածքները ստացել է ոստիկանության աշխատակիցների կողմից` իր նկատմամբ բռնություն գործադրելու արդյունքում: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:

Մշակութային միջոցառումներ Վրաստանում

613.Cultural events in  07.11.2013Նոյեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահների դահլիճում կայացավ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո:

Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկա էին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, խորհրդարանի պատգամավորներ, Վիրահայոց թեմի հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Թբիլիսիի հայազգի, հրեա, քուրդ, գերմանական, լատվիական, էստոնական եւ այլ համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վրաց մտավորական եւ հասարակական գործիչներ,:

Միջոցառմանը հանդես եկան Սայաթ-Նովայի ստեղծագործությունների թարգմանիչ, թբիլիսահայ ճանաչված գրող Գիվի Շահնազարին, անվանի հայագետ, թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին, Վրաստանի հանրային հեռուստատեսության նախկին գլխավոր խմբագիր Էմին Մահմուդովը, ովքեր իրենց խոսքում անդրադարձան տարածաշրջանի ժողովուրդների գրականության մեջ անպարտելի երգասացի կոչմանն արժանացած եռալեզու եւ քառալեզու բանաստեղծ-աշուղի ստեղծագործական հմտություններին, իսկ պատմաբան Ենոք Թադեվոսյանը ուշագրավ տեղեկություններ ներկայացրեց Սայաթ-Նովայի կենսագրական տվյալների մասին:

Ի շնորհիվ Հայաստանի հետ հաստատված տեսակամուրջի` միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան հաղորդակցվել «Սայաթ-Նովա» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ:

Միջոցառման համերգային մասում հանդես եկան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյանը եւ իր սաները, երիտասարդ վրացի կատարողների լարային քառյակը, ինչպես նաեւ միջազգային մրցույթների հաղթող ճանաչված երաժիշտ եւ երգչուհիներ Եսայի Աբովյանը, Նադյա Զախարյանը, Էմմա եւ Աննա Պողոսովաները: Երեկոյին ցուցադրված էին նկարիչ Ալլա Անտոնյանի թեմատիկ ստեղծագործությունները: Ասմունքեցին Լիզա Թորոսյանը եւ արեւելագետ Քերիմ Անկոսին:

Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ «Թբիլիսիի ստվերներ» խորագրով Հայաստանի եւ Վրաստանի մի խումբ երիտասարդ նկարիչների համատեղ պլեների արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից ժամանած տասնմեկ երիտասարդ արվեստագետներ իրենց համախոհ վրացի վեց նկարիչների հետ միասին միջոցառման 5 օրերի ընթացքում հնարավորություն են ունեցել գտնվել Վրաստանի գեղատեսիլ շրջաններում եւ կտավին հանձնել աշնանային գունագեղ պատկերները, որոնք ներկայացված էին եզրափակիչ ցուցահանդես-վաճառքում:

Նախաձեռնության հեղինակների` թբիլիսահայ երիտասարդ ստեղծագործողներ Լանա Բաբայանի եւ Գայանե Մանասյանի մտահղացմամբ ստեղծված «InterArtBridge» հասարակական կազմակերպության նպատակներից մեկը մշակույթի միջոցով տարբեր երկրների երիտասարդ ստեղծագործողների մերձեցումն ու համագործակցությունն է:

Ցուցահանդես-վաճառքի հասույթը բարեգործական նպատակներով փոխանցվեց Թբիլիսիի Գլդանի շրջանի մանկատան օգնության հիմնադրամին:

Կայացել է 2,25 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՆոյեմբերի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ա. Աշոտյանն ու Վ. Սադովնիչին քննարկել են ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը

կգնԱյսօր Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր: Քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման և զարգացման, այլև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկու հասարակությունների  մերձեցման համար:
Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:
Ակադեմիկոս  Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն  կրթության կազմակերպումը Հայաստանում:

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին

4491Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել: Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:

Սերժ Սարգսյանը ևն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:

Հնարավոր է, որ Արգիշտի Կիվիրյանին այսօր մեղադրանք առաջադրվի

Արգիշտի ԿիվիրյանՀատուկ քննչական ծառայությունում այսօր հնարավոր է մեղադրանք առաջադրվի ակտիվիստ, «Արմենիա թու դայ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին:

ՀՔԾ մամուլի պատասխանատու Միքայել Ահարոնյանն հաստատեց, որ այսօր Կիվիրյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, և հավելեց, որ տեղեկատվությունը կտարածի հարցաքննությունից հետո միայն:

Վարդան Պետրոսյանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է. նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները

Վարդան ՊետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, բայց գտնվում է ոչ թե ԿՊԶ-ում, այլ՝ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշել է, որ երեկ տեսակցել է «Սթրես» կենտրոնում գտնվող Վարդան Պետրոսյանին, հայտնել, որ իր փաստաբանն է: Դերասանի վիճակը համեմատաբար լավ է, չգիտեն դեռ ինչքան կմնա այդ կենտրոնոմ: «Իր առողջական վիճակը դեռեւս թույլ չի տալիս, որ ինքը ինքնուրույն շարժվի, ինքնուրյուն չի կարող ոչինչ անել՝ հաց ուտել, զուգարան գնալ, դժվարանում է: Պետք է կողմնակի օժանդակություն լինի, որովհետեւ կենսական օրգան է հեռացվել, վերականգնման համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նաև ասել է, որ Վարդան Պետրոսյանն արդեն կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ոստիկանները հսկում են նրա հիվանդասենյակը: Փաստաբանը շեշտել է, որ նրա ձերբակալման որոշումը ապօրինի է, քանի որ այն չի բխում օրենքից, օրենքով նախատեսված երկու կետերը՝ գտնվելու վայրը հայտնի չէ կամ գտնվում է այլ տեղանքում, բացակայում են: Քննիչի կողմից կայացված ձերբակալման որոշումը պատճառաբանվում է, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ փաստաբանի ներկայությամբ, կամ փաստաբանի անունը չի հիշել, մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանի հետ պայմանագիր է կնքել դերասանի քույրը, եւ նորմալ է, որ այդ առողջական վիճակում նա չի հիշել փաստաբանի անունը, եւ ասել է, թե «քույրս կգա, կասի»: «Սուտ է, թե նախաքննական մարմինը չգիտեր՝ ով է իր փաստաբանը, ես անձամբ եմ գնացել իր մոտ, պատճենել Վարդան Պետրոսյանի անձնագիրը, տվել իմ այցեքարտը, հեռախոսահամարները»,- ասել է նա:

Իսկ թե ինչ պետք է լինի նրա ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, կկալանավորեն առանց փորձաքննության եզրակացության, թե ոչ, Նիկոլայ Բաղդասարյանն բացատրել է, որ նման իրավիճակում ստիպում են փորձագետին արագ եզրակացություն տալ, մինչդեռ պետք է հարցաքննեին Վարդան Պետրոսյանին, այդ տվյալները ներկայացնեին փորձագետին, որպեսզի կարողանան պարզել, թե ինչ է եղել, իսկ այսպես միայն մեկ կողմի ցուցմունքներն է ներկայացվել փորձագետին: «Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը հնարավորություն չի տալիս երկարատեւ քննչական գործողության մասնակցելու, նա 7 օր ժամանակ էր խնդրել քննիչից, որպեսզի ապաքինվի եւ կարողանա ցուցմունք տալ»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը եւս միջադեպի մասին դեռ չի խոսել իր պաշտպանյալի հետ, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:

Ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ փաստաբանի բողոքին դատախազը պետք է պատասխանի եռօրյա ժամկետում, թեեւ հնարավոր է ավելի վաղ եւս պատասխան ստացվի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին  BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից  Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր  տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

«Վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի». Մաքսային միությանն անդամակցելու որոշմանն անդրադարձել է Ռայներ Մորելը

Rajner MorelՀայաստանի միացումը Մաքսային միությանը երկրի համար տնտեսական հետևանքներ կունենա։ Այս մասին օրեր առաջ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը առաջացրել է նաև դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը: Պարոն դեսպանը այս ուղղությամբ կատարել է իր դիտարկումները և հայտնել, որ նախ և առաջ այս որոշումը կհանգեցնի Եվրամիության երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման:  «Թեև ես տնտեսագետ չեմ տնտեսական ազդեցության աստիճանը գնահատելու համար, սակայն ՄՄ-ին Հայաստանի միացումը կարող է հանգեցնել ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատման` չնայած Ռուսաստանը նրանց հետ նույն մակարդակում է: ԵՄ-ն և անդամ երկրները, բնականաբար, կընդունեն Հայաստանի այս որոշումը որպես սուվերեն որոշում` չհստակեցնելով, սակայն, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ», – ասել է Ռայներ Մորելը։

Նա մեծ ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանը շարժվում է Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ ոչ իր առևտրային ծավալները մեծացնելու պատճառով: Բացի այդ, Հայաստանը, ըստ նրա, այլևս հնարավորություն չի ունենա օգտվելու մաքսային ոլորտում ԵՄ-ի կողմից առաջարկվող սակագներից և արտոնություններից:

Նրա համոզմամբ, Ասոցացման մասին համաձայնագրի շրջանակներում շատ կարևոր է ավարտին հասցնել ուրվագծված համագործակցությունը, թեև բազմաթիվ դրույթներ պետք է վերանայվեն։ Դեսպանը միաժամանակ կարծում է, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովում այդ փաստաթուղթը չի ստորագրվի։ Մորելի կարծիքով` Արևելյան գործընկերության վեց երկրներից միայն Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը կստորագրեն պայմանագիրը։

«Հայաստանը հայտնել է ՄՄ-ի հետ համագործակցության  իր մտադրության մասին առանց մյուս գործընկերների հետ կապերը վատացնելու և  ԵՄ-ն, հնարավորության դեպքում, կշարունակի համագործակցությունը, եթե հնարավոր  ոլորտներ մատնանշվեն»,- վստահեցրել է բանախոսը: Դիվանագետը նաև մեջբերել է, որ առկա է նաև շահերի համադրելիության և հարաբերությունների իրավական հիմքի ըմբռնման հարցի վերանայման անհրաժեշտություն։ «ԵՄ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը, առավել ևս, երբ Հայաստանն արդեն անցել է բարեփոխումների իրագործման  ճանապարհով, և մենք վստահ ենք, որ բարեփոխումների օրակարգը կշարունակվի հօգուտ երկրի և տնտեսության»,- նշել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Լ.Ն

Հ.Գ. Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն` Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2013 թ. հունվար-օգոստոսին կազմել է 1 059,18 մլն դոլար (2012 թ. հունվար-օգոստոսի համեմատ աճը` 1,6%)։

 

Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին զինամթերք է հայտնաբերվել

հրթիռԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն էր ստացվել, որ Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: