Հուլիսի 10-ին, ժամը 23.50-ին, «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու և «ՏԵՑ» իջնող փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1980 թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 10-ին, ժամը 12.30-ին, Երևանի Խաղաղ-Դոնի փողոցում «ԻԺ-27175» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես»-ի, որից հետո` «Հունդայի» մակնիշի ավտոբուսի:
«ԻԺ-27175»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 19.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր-Արեշի 8-րդ փողոցի թիվ 132 տան մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 00.30-ին, «Տոյոտա Լանդ Քրաուզեր 200» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վ. Կոստանյան-Մաշտոց-Վ. Առաջին փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 78-ամյա տղամարդ և հայտնել, որ Արզնի գյուղի ճանապարհին ոտքի վրայով մեքենա է անցել:
Պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևանյան-Սևան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տարեց տղամարդուն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 21-ամյա երիտասարդ և հաղորդում տվել, որ հուլիսի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմարաշենի խճուղում իր վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթելու պատճառով բախվել է ճամփեզրի սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Ո.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.25-ի սահմաններում, Աբովյանի Շահումյանի փողոցի գետափնյա ճանապարհի վերնամասում Գևորգ Ո.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ճանապարհին` Գեղի գյուղի խաչմերուկի մոտ, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 8-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 1969 թ. ծնված Արա Ա.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հուլիսի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր կողմից վարած «ՈւԱԶ-315148-095» մակնիշի ավտոմեքենան Տեղ գյուղի Արցախի խճուղում կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 10-ից 11-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 14 դեպքից բացահայտվել է 8-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 4 դեպքից` 2-ը, մարմնական վնասվածք հասցնելու` 13, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Կարո՞ղ ա մի քանի տարի հետո էլ հետախուզում հայտարարվի ՀԷՑ-ի ներկայիս տնօրենի նկատմամբ». Վ. Ղազարյան
Հեռուստալրագրող Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստորեն, ռուս և հայ գաստերբայտերների միջև միակ տարբերությունն այն է, որ երբ մերոնք ղալաթ են անում, դրա հետևանքները անմիջապես սեփական կաշվի վրա են զգում, իսկ ռուս գաստերբայտերների օյինբազություններից տուժում է մեր ժողովուրդը: Հետախուզում են «Արմենտել»-ի նախկին տնօրեն Կլիմկոյին: Կասկածվում է 10-15 մլրդ դրամի չարաշահումների մեջ: Թե չէ շատերի մոտ էր հարց առաջանում, թե ինչո՞ւ «Արմենտել»-ին բախտ չէր վիճակվում գլխավորել հարկատուների ցուցակը: Կարո՞ղ ա մի քանի տարի հետո էլ հետախուզում հայտարարվի ՀԷՑ-ի ներկայիս տնօրենի նկատմամբ»:
«Ղալաթ եք արել». Լևոն Սարդարյանը՝ Նարեկ Սարգսյանին
Լրագրող, քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նարեկ Սարգսյանն էսօր հայտարարել ա, թե իրենք Երևանն անճանաչելիորեն փոխել են: Հիմա որ ասեմ՝ ղալաթ եք արել, պիտի նեղաղա՞: Ղալաթ եք արել, որովհետև քաղաքն էս աստիճան կարող էին պղծել միայն էն մարդիկ, ովքեր Երևանի նկատմամբ անասնական ատելություն են տածում: Ղալաթ եք արել, որովհետև Երևանն էս տիպի կարող էին այլանդակել միայն էն մարդիկ, ովքեր Քոչարյանի խոսքը, թե «փողի վրա նստած՝ փող եք ուզում», ընկալեցին որպես քաղաքը ամայացնելու ու թալանելու հրահանգ: Իսկ հիմա էսքան «ղալաթ եք արել»-ից հետո Ռուստամյան Արմենի սիրած էն մի բառն էլ ասե՞մ, որ պատկերն ամբողջական դառնա: Գոնե էնքան նամուս ունեցեք, որ ձեններդ կտրած պահեք, ախր…»:
Երևանցի արշավականները ԼՂՀ Այգեստանում են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական հետիոտնային-ճանաչողական արշավը: Այս տարի արշավականները 110-ն են` Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներ, Հայաստանի սկաուտական շարժման կազմակերպության 14 անդամներ, Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի 12 ուսանողներ, ովքեր, ի դեպ, Երևանի կողմից Ստեփանակերտին նվեր ուղարկված քանդակների հեղինակներն են:
Երևան-Ստեփանակերտ մարզաառողջարարական արշավի մասնակիցներին ԼՂՀ-ում դիմավորել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը:
Արշավականները ճամբարում են Ստեփանակերտին մերձակա Այգեստան գյուղի մոտ և 4 օրում այցելելու են Ստեփանակերտ, Գանձասար, Շուշի, Քարինտակ, Ամարաս, լինելու են Նիկոլ Դումանի թանգարանում, ինչպես նաև հանրահայտ Տնջրի ծառ տեղանքում, որը անվանակոչված է ի պատիվ 2300-ամյա չինարի ծառի, որը ԱՊՀ տարածքում ամենատարեց կանգուն ծառն է ճանաչվել:
Արշավականների առօրյան հագեցած է լինելու. մասնակցելու են նաև մարզական խաղ-մրցույթների, ինչպես նաև Երևանի պատվիրակության հետ տարբեր միջոցառումների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:Մրցույթն անցկացվում է կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված <<Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի>> 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
1.համապատասխան ուսումնական տարածք,
2.որակյալ մասնագետներ` վերապատրաստողներ (դասախոսներ, ուսուցիչներ, մեթոդիստներ),
3.մշակված 90-110 ժամյա վերապատրաստման սեփական ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
4.վերապատրաստման ծրագրին և ՀՀ ԿԳ նախարարի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1057 Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
5.վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
•պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
•սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
•տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և այդ ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
•հիմնական աշխատակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
•վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
•տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին,
•2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները՝ հաստատված ՀՀ հարկային տեսչության կողմից:
6.Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2014թ. օգոստոսի 11-ը, ժամը 18.00-ը ներառյալ դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով edu.am և ktak.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցեն` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն-3, 6-րդ հարկ:
Ռուսական միգրացիոն քաղաքականությունը` երկսայրի սուր
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Պարբերաբար ռուսական, նաև հայկական ԶԼՄ-ներով լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան դժվարացվում է: Թվում է` ռուսական նոր միգրացիոն օրենքներն աշխատանքային միգրանտների համար անհաղթահարելի պատնեշներ են կանգնեցնում: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երես. միգրանտների համար մուտքը դժվարացնում են, սակայն այլ օրենսդրական փոփոխություններով ու ծրագրերով (օրինակ` «Հայրենակիցներ» ծրագիրը) երկիր մտնելու արգելքին դեմ առածների միջից զտում ու արդեն որպես քաղաքացի հավաքագրում են իրենց պետքականներին:
Այսպես, այս տարվա սկզբին ուժի մեջ մտան «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են ամեն 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր գտնվել: Մեկ այլ օրենքով էլ վարչական և այլ իրավախախտում թույլ տված քաղաքացիներին 3-5 տարով արգելում են Ռուսաստան մուտք գործել:
Այս ֆոնին տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների «բանը բուրդ է», և առնվազն 60-80 հազար հայ ընտանիքներ զրկվեցին իրենց օրվա ապրուստից: Խնդիրն անհանգստություն առաջացրեց նաև պետական մակարդակով, և պաշտոնյաները գործի անցան:
Բայց այս խստացումներին զուգահեռ` ՌԴ-ում այլ օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այսպես, նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության տարածքների բնակիչները, որոնք տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Դա, սակայն, հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հրաժարվեն «օտար» պետության քաղաքացիությունից: Մեկ այլ օրենքով էլ խոշոր տուգանքներ սահմանվեցին այն անձանց համար, որոնք կթաքցնեն երկքաղաքացիությունը:
Հասկանալի է, որ այս պարագայում օրվա հացի խնդիր ունեցող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք նախկինում արտագնա աշխատանքով էին ապրուստ վաստակում, կնախընտրեն ռուսական քաղաքացիությունը: Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանից առանց այդ էլ մեծ ծավալի արտագաղթն ավելի կուժգնանա: Սակայն Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Yerkir.am-ին ասել է, որ «միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օգտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»: Այսինքն` պետական մակարդակով, գոնե արտաքուստ, դեռ չեն անհանգստանում արտագաղթի հնարավոր աճից:
Հայ միգրանտների համար իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին նաև մեր պաշտոնյաները: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ռուսական կողմը հայ միգրանտների համար որոշակի արտոնություններ սահմանեց, որոնք կմեղմեն արգելքները և հայերին Ռուսաստանում նախկինի պես աշխատելու որոշակի հնարավորություններ կտան:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ ամիս հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` վարչական իրավախախտումներ թույլ տված հայ միգրանտների հանդեպ ՌԴ-ում այլևս պատժամիջոցներ չեն կիրառվի. «Պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում այլևս հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամնիստիոն վերաբերմունք»:
Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաև Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար: Նախատեսվում է նաև, որ ՀՀ քաղաքացիները, առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի կկարողանան աշխատել ՌԴ տարածքում: Նախատեսվում է, որ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի մեկից: Սակայն երկու երկրների միջև համաձայնագիրը դա ավելի շուտ կիրառելու հնարավորություն է տալիս:
Իհարկե, նման պայմանավորվածությունները հարցի ժամանակավոր լուծում են: Որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, որ վաղը ՌԴ-ում օրենքի նոր փոփոխություն չի լինի, որն էլի կստիպի հայերին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից կամ էլ գայթակղվել առաջարկված գրավիչ պայմաններից ու համալրել Սիբիրի բնակիչների շարքերը` լքելով Հայաստանը: Այս վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված կլինի մեր գլխին, քանի դեռ չունենք բավարար քանակությամբ աշխատատեղեր, ունենք գործազրկության բարձր մակարդակ և տրանսֆերտների հաշվին գոյատևող հազարավոր ընտանիքներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ
|
Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀԲԸՄ Նուբարյան վարժարանում հանդիպում է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար ՀՅԴ և Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, բարերար Կարապետ Փիլավջյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել սենատոր Ռաֆայել Միկելինին և Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Մարտինես Ուելմոն: Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել նրանց և մաղթել հաջողություններ: Ավարտելով պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չիլիի Հանրապետություն:
|
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է գերեվարված ադրբեջանցիների զենքերը

Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և
մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով մեկնել էր Լոռու մարզ`ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթանհամայնքներում, ուր կարկուտը վնասել է ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններն ու պտղատու այգիները:
Տուժած բոլոր տնտեսություններում նախարարը զրուցել է գյուղացիների հետ, նշել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու և ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ստեղծվել է մարզային հանձնաժողով, որի վերջնական ամփոփումների հիման վրա էլ, անհատական մոտեցումով և ըստ վնասի արձանագրված չափի, կազմակերպվելու է տուժած գյուղացիների օժանդակությունը:
Մինչ այդ մարզպետարանը կարճ ժամկետում պետք է հաշվարկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացնի աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը, պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:
Գյուղացիների կողմից բարձրացված մյուս հարցերին ընթացք տալու համար, նախարարըխոստացել է դրանք ներկայացնել հանրապետության վարչապետին:
«Վարչապետը ստում է». Էդիկ Բաղդասարյան
«Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատողների հետ հանդիպմանն ասել է, որ երկու ամիս է` չենք կարողանում պարզել, թե ով է «Նաիրիտի» սեփականատերը: Վարչապետը ստում է, եթե նույնիսկ մինչեւ հիմա չգիտի, թող «Հետքի» հետաքննությունների բաժնում կարդա «Նաիրիտի» մասին հոդվածները եւ իմանա սեփականատիրոջ անունը եւ բազմաթիվ այլ օգտակար տեղեկություններ:
Եթե ուզում է ավելին իմանալ, թող դիմի գլխավոր դատախազին, որ կալանավորեն նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանին եւ Միջպետական բանկի Հայաաստանի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանին: Վարչապետը եթե ուզում է, որ բացի իրենից հանրությունն էլ իմանա, թե ինչ է կատարվել «Նաիրիտի» հետ, թող Հանրային հեռուստատեսությամբ «Հետաքննող լրագրողներին» տրամադրի մեկ ժամ եթեր, որ հանրությանը տեղեկացնենք այդ հանցագործությունների մասին, որոնք կատարել են պաշտոնյաները եւ մնացել անպատիժ:
«Նաիրիտի» մասին նյութերը հավաքված են նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որը գործը կարճել է, եւ Վլադիմիր Գասպարյանն այդպիսով դարձել է նաեւ հանցակից «Նաիրիտի» մախինացիաներին:
Հովիկ Աբրահամյանը քրեական գործերի նյութերը կարող է վերցնել ու ծանոթանալ: Այնպես որ, հերթական անգամ մի խաբեք ժողովրդին»:
Նոր հնարավորություններ բանակից զորացրվածների համար
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է.
“Այսօր հրաման եմ ստարագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի:
Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակելու իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:
Հաջողություն եմ մաղթում ձեզ՝ Հայրենիքի առջև պարտքը կատարած երեկվա զինվորներ – վաղվա ուսանողներ”:
Ջրաշեն թաղամասում վերանորոգումից հետո բացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը
Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ջրաշեն թաղամասում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուշարձանի վերանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել է նաև հարակից տարածքը և դարձել հանգստի հարմարավետ գոտի: Պուրակը կահավորվել է նստարաններով, տեղադրվել են զրուցարան, աղբամաններ: Ձևավորված պուրակի տարածքում նաև մարզասարքեր են տեղադրվել:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հուշարձանի վերանորոգման հարցում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև հարակից տարածքը բարեկարգելու համար՝ բնակիչները նկատել են, որ տարիներ շարունակ անխնամ տարածքն այսուհետ թե՛ երեխաների և թե՛ մեծերի համար կլինի բոլոր հարմարություններով ապահոված հանգստի իսկապես հաճելի յուրօրինակ անկյուն: Բացի այդ, կարևորվելով հանգամանքը, որ տարածքը հարակից է հուշարձանին, բնակիչները վստահություն են հայտնել, որ այն նաև ազգային-հայրենասիրական ոգի դաստիարակելու խորհուրդ կունենա հատկապես մատաղ սերնդի համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով բնակիչներին, ընդգծել է, որ, հետամուտ լինելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծմանը, քաղաքապետարանը արել և անելու է հնարավորը՝ դրանք հստակ ծրագրեր դարձնելու և կարճ ժամանակում կյանքի կոչելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով
Հայաստանի Հանրապետության Նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝
– վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը,
– առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում արձանագրված հիմնարար սկզբունքներով, գաղափարներով և նպատակներով,
– ընդունելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատ տնտեսության արժեքները, սկզբունքներն ու նորմերը,
– նպատակ ունենալով որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-ուրուգվայական հարաբերությունների ողջ շրջանակը,
Պայմանավորվեցին շարունակել և ընդլայնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և տարբեր մակարդակների խորհրդատվությունները Հայաստանի և Ուրուգվայի միջև, ավելի ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների և միջազգային համաժողովների շրջանակներում, հնարավոր բոլոր միջոցներով քաջալերել և խթանել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Համաձայնվեցին,
1. երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության վերաբերալ՝ լիարժեք օգտագործելով և օպտիմալացնելով առկա պատկառելի ներուժը: Այս կապակցությամբ պատրաստակամություն հայտնեցին պայմաններ ստեղծել երկու երկրների միջև գործարար կապերը խրախուսելու, առևտրի ծավալներն էապես ավելացնելու համար,
2. Օգտվել երկկողմ հարաբերությունների զարգացման այս հիանալի պահից՝ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանություններ բացելու հնարավորությունն ուսումնասիրելու վերաբերյալ
Գոհունակություն հայտնեցին ՀՀ նախագահի այցի շրջանակում չորս նոր պայմանագրերի ստորագրման կապակցությամբ և համաձայնվեցին քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև գործող իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ:
Կարևորեցին Հայաստանի և Ուրուգվայի միջև միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, մասնավորապես՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան 2012 թվականին և Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցն Ուրուգվայ 2013 թվականին: Կողմերը հույս հայտնեցին, որ խորհրդարանական փոխանակումները, մասնավորապես Հայաստան-Ուրուգվայ և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբերի մակարդակով, հետագա զարգացում կստանան:
Նշեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը և պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց հետագա խորացման համար:
Շեշտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորելու անհրաժեշտությունը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները:
Հայկական կողմը գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ուրուգվայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշման համար, արժևորեց Ուրուգվայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպես նաև հօգուտ հակամարտության արդարացի լուծման Ուրուգվայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները:
Ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների անաչառ տեսակետ ունենալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև երկխոսության և բանակցությունների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար:
Ընդգծեցին Հայաստանի նկատմամբ տնտեսական պարտադրման միակողմանի միջոցների, այդ թվում՝շրջափակումների, ճանապարհների արգելափակման, տնտեսական մեկուսացման անընդունելիությունն ու միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից անօրինականությունը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված հանցագործությունը: Հայկական կողմը երախտագիտությամբ հիշատակեց, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպես նաև ողջունեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու Ուրուգվայի իշխանությունների որոշումը և այդ հարցում Նախագահ Խոսե Մուխիկայի անձնական ավանդը:
Խոր մտահոգություն հայտնեցին Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, և իրենց աջակցությունը հայտնեցին արաբական այդ երկրում խաղաղության և կայունության վերականգնմանը միտված միջազգային բոլոր ջանքերին: Կողմերը հատուկ կարևորեցին սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը. այս առումով հայկական կողմը բարձր գնահատեց Նախագահ Խոսե Մուխիկայի նախաձեռնությունը՝ Ուրուգվայում ընդունելու 120 սիրիացի քաղաքացիներին, հատկապես երեխաներին, որոնք պատսպարված են ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի ճամբարներում
Բարձր գնահատեցին և ողջունեցին այն կարևոր դերը, որը երկկողմ հարաբերություններում խաղում է Ուրուգվայի հայ համայնքը և պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել հայ-ուրուգվայական կապերի ամրապնդմանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:
Ստորագրված է Մոնտեվիդեոյում, 2014թ. հուլիսի 9-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով:
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Խոսե ՄՈՒԽԻԿԱ
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության
Նախագահ
Հակառակորդի գնդակոծությունից Բրուտյանները փրկվել են ազատամարտիկ հայրիկի հնարամտության շնորհիվ
Վեց-յոթ տարի կլիներ` հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարի ուղղությամբ կրակոցներ չէր արձակել, ավելի ճիշտ` բնակավայրի ուղղությամբ, քանի որ այս գյուղի հայկական դիրքերի կողմը երբեմն-երբեմն կրակոցներ հնչել են: Բայց պառավաքարցին միշտ էլ զգուշացել է` գիտակցելով, որ քանի դեռ ապրում է պատերազմի ու խաղաղության սահմանագծին, պետք է մշտապես զգոն լինի, չվստահի դարանակալած հարևանին:
Երբ հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ինտենսիվ կրակ բացեց նախկին Շամշադինի շրջանի սահմանապահ գյուղերի ուղղությամբ, գնդակոծությունից զերծ չմնաց նաև Պառավաքարը: Երեկոյան ժամը 5:00-ի առաջին կրակոցից հետո Պառավաքարի խաղողի այգիներում գրեթե մարդ չմնաց: Բրուտյանները չհասցրին փախչել: Հովհաննեսն էր, հայրը` Լևոն Բրուտյանը, մայրը` Գայանեն, քույրը` Ալինան: Նրանք էտելիս ու ծերատելիս են եղել այգին, երբ սկսվել են կրակոցները: «Երևի 5-անց կես- 6-ն էր, ժամ չկար մոտներս, այգում աշխատում էինք, սկսվեցին կրակոցները, մենք իմաց արինք Լևոնին, որ գա մեզ տուն բերի, մաշինը բերեց, մտցրեց այգու արանքը, որ մեզ փրկի, էն էլ ավելի ուժեղ կրակեցին ու խփեցին մեքենայի կուզովին, էրեխեն վիրավորվեց: Լևոնին թողեցինք, մենք ուրիշների այգիների միջով փախանք, վազանք արանքներովը թաքնվելով`փախել ենք, որ մեզ չտենան, արյունը հոսելով փախել ենք»,- պատմում է Հովհաննեսի մայրը` Գայանեն:
Դեպքի պահին մայրը զավակների հետ իրենց բեռնատար ավտոմեքենայի մոտ է եղել: Տիկին Գայանեն պատմում է, որ ինքն այդ պահին դստեր հետ զրուցելիս է եղել, որդին էլ` մեքենայի վարորդի հատվածի բաց դռան մոտ կանգնած: Գնդակը դիպել է մեքենայի խցիկին, բեկորներն էլ թռել, վնասել են Հովհաննեսի ձեռքն ու ոտքը: «Մենք գիդացինք, թե մենակ ձեռքն ա վիրավոր, տաք ա եղել, չի զգացել, բայց փախչելիս ճամփի կեսին ասեց` մամ, էլ ոտքս չի
աշխատում»,- շաբաթ օրվա մղձավանջն է հիշում տիկին Գայանեն: Հակառակորդն ամբողջ ընթացքում հետևել է նրանց գործին ու փախուստին` հետապնդելով և փորձելով վնասել: Գայանեն, Հովհաննեսն ու Ալինան, սողալով, վեր կենալով, մի կերպ տուն են հասել մոտ երկուսուկես ժամում ու տղային տեղափոխել Բերդի հոսպիտալ: «Հիմա ցավեր չունեմ, լավ եմ, գնում եմ, վիրակապը նայում են, գալիս եմ տուն»,- ասում է 16-ամյա Հովհաննես Բրուտյանը:
Հովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը, արցախյան ազատամարտի մասնակից է: 1990-ականների թեժ կռիվների ժամանակ գյուղի կամավորներից է եղել, վիրավորվել է Պառավաքարի Խաչի քարի վրա տեղակայված հայկական դիրքում: «Գյուղն էինք պահըմ: Հըմի իբր թե հրադադար ա, բայց ոնց ա հրադադար, որ օրական կրակըմ են: Շաբաթ օրը բաղըմն ինք, հենց ուզըմ ինք գործ անենք` խփըմ ին: Ով էր տեսած բանվորի վրա կրակեն: Հիմա էլ քյնամ կաղնեմ` խփըմ ա: Բայց դե կարո՞ղ ա չքյնամ, քշերը քյընըմ ենք բաղը սրսկըմ: Ռուբիկը (հարևանն է ու նաև 1990-ականներին նրա հրամանատարն է եղել- Մ. Խ.) որսորդական հրացանով ինձ պահըմ ա, ես էլ սրսկըմ եմ: 30-40 տոննա խաղող եմ վեր ունըմ, հանձնում կոնյակի գործարան, բա հո թողիլ չդեմ իրանց: Էրեխեքիս բա ոնց պահեմ: Էրեխու դեպքից հետո մի հատ կրակեցին, վազանը կպավ, քիչ մնաց աչքս հանի: Ես տեսա, որ թիրախում մեքենան ա, որովհետև հակառակորդին թվաց, թե մենք բեռնախցիկում ենք, սկսեց մաղել, ավտոն տարա կանգնեցրի էնտեղ, որտեղ խփում էր, էրեխեքը փախան»,- ասում է Հովհաննեսի հայրը` Լևոն Բրուտյանը:
1992 թ. սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները հասել են մինչև Պառավաքարի բարձունք` մինչև գյուղացիներին հայտնի Խաչի թաղ, որտեղ էլ Լևոնը վիրավորվել է: «Մենք այդ պահին Լևոնի կողքին չենք եղել, լսեցինք, որ վիրավոր է, իջեցրել ենք գյուղ, տեղափոխել Բերդի հիվանդանոց»,- հիշում է Ռուբիկ Գասպարյանը:
Հայկական դիրքից իջնելուց հետո Լևոն Բրուտյանն այնուհետև զորակոչվել է բանակ, ծառայել սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ նույնպես վիրավորվել է: Իսկ այս տարվա հունիսի 28-ի դեպքի վերաբերյալ Լևոն Բրուտյանն ասաց, որ իր բեռնատարն ամբողջութամբ գնդակոծվել է, մեքենան մի քանի տեղից վնասվել է, տեղափոխվել է Բերդ, որտեղ էլ պետք է իրականացվի փորձաքննություն:
«Ես թուրքից վախըմ չեմ, պետք լինի, կմտնեմ Քյոնաշ թաղ (Պառավաքարի հարևան ադրբեջանական բնակավայրն է – Մ.Խ.), կկռվեմ: Բայց դե ես կուզեմ, որ դրա կարիքը երբեք չլինի, խաղաղություն լինի, ապրենք, աշխատենք, ստեղծենք: Դեմ եմ, որ հողերը չբեջարենք: Մեր վազնուտը հենց թուրքի ըռխըմն ա, ամենասահմանը, բայց դե պետք ա մշակենք, լիքը էրեխեք ունեմ, եկամուտս հիմնականում դրանից ա»,- ասում է Լևոնը, որ ութ երեխա ունի: Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Դուստրերից մեկն ամուսնացել է, մյուսը` Ալինան, որը կրակահերթի ժամանակ ևս այգում է եղել և հրաշքով անվնաս դուրս եկել ադրբեջանական դիրքապահների կրակային շրջափակումից, այս տարի ավարտել է 12-րդ դասարանը: Նա ցանկանում է վարսահարդար դառնալ, սովորելու հարցում սահմանամերձ գյուղի աղջկան պատրաստ է աջակցել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը:
Հունիսի 28-ին հակառակորդի կողմից վիրավորում ստացած Հովհաննես Բրուտյանի առողջական վիճակը Բերդի հոսպիտալի պետի անմիջական հսկողության տակ է: Բժիշկ Էդվարդ Գրիգորյանի խոսքով` տղայի վիճակն արդեն լավ է, մոտ մեկ շաբաթից կհանեն նաև ձեռքի գիպսը, որից հետո Հովհաննեսն ազատ կքայլի և կշարժի ձեռքի մատները: Բերդի հոսպիտալի պետը վստահեցնում է, որ հետագայում սպիներ չեն լինի:
Ի դեպ, այս դեպքի օրը բանակից վերադարձել է ավագ որդին` Սուրենը, որը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում: Բրուտյանների բազմանդամ ընտանիքը փառք է տալիս Աստծուն, որ ավագ որդին բարեհաջող բանակից տուն է վերադարձել, նրա զորացրման ու Հովհաննեսի հետ տեղի ունեցած դեպքի հետ կապված` Պառավաքարում պատրաստվում մատաղ անել:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը հիմնովին բարեկարգվել է և ապահովվել բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Բակը կահավորվել է զրուցարաններով ու նստարաններով, խաղահրապարակի առանձնացված հատվածն էլ՝ մանկական խաղերով ու մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և արդեն աշնանը այստեղ կկազմակերպվի ծառատունկ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների մեկնարկից ակտիվ համագործակցություն է եղել բնակիչների հետ: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի կանաչապատման աշխատանքներին և ակտիվացնել այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը:
«Եթե 2013 թվականին բարեկարգվեցին 400 բակեր, ապա արդեն այս տարի, մեր խոստմանը համաձայն, կբարեկարգվի ու բնակիչներին կհանձնվի շուրջ 600 բակային տարածք: Սա իսկապես մեծ ու կարևոր ձեռքբերում է Երևանի ու երևանցիների համար: Առաջնորդվելով նույն աշխատաոճով՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին բակերի բարեկարգման խնդիր մայրաքաղաքում այլևս չենք ունենա: Բակերի բարեկարգման ծրագրում մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, և հենց այդ նպատակով ընթացող բոլոր աշխատանքներում մենք շեշտը դնում ենք բնակիչների կարծիքները լսելու և նախագծերում դրանք ներառելու վրա, ինչը քաղաքացուն գործընթացի անմիջական մասնակիցն է դարձնում և ապահովում առավել արդյունավետ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետին՝ բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի՝ իրենց համար արդեն իսկ նկատելի համաչափության պահպանումը խոսում է Երևանի զարգացման տեսանելի առաջընթացի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, անդրադարձել է հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա ծրագրին՝ ընդգծելով, որ դրա ամբողջական իրագործումն իսկապես անհրաժեշտություն է. «Ամրոցի խնդիրները մշտապես եղել են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում և բոլոր ժամանակներում էլ միջոցներ հատկացվել են ինչպես բուն ամրոցի, այնպես էլ պատմահնագիտական արգելոց-թանգարանի խնդիրները կարգավորելու համար: Անշուշտ, աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց այսքան պատկառելի տարիքով, ինչպես նաև քաղաքի հիմնադրման պահպանված բուն վայրի առկայությամբ: Եվ դա իսկապես լուրջ խթան է, որ մենք փորձենք վերաարժևորել մեր այս կարևոր պատմամշակութային արժեքն ու փորձենք այն առավել արդյունավետ կառավարել: Եվ այդ տեսանկյունից հատկապես վերջին մեկ տարում քաղաքային զարգացման առաջնահերթ ծրագրերի շրջանակում մեր կողմից առանձնակի է կարևորվել այս հարցն ու, ըստ այդմ, մշակվել է «Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա մեծ ծրագիր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ այս համատեքստում արդեն իսկ իրականացվել է ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տարածքում կառուցվել են թեքահարթակներ, թանգարանի շենքում էլ տեղադրվել է ջերմախոնավության համակարգ. «Մեր հետագա անելիքների մասով էլ ասեմ, որ նախ նախատեսում ենք աշխատանքներ տանել միջնաբերդի պահպանության ուղղությամբ, որի շրջանակում կիրականացվի ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում և ամրացում, Արգիշտի արքայի պալատի և դրան կից պաշտամունքային աշտարակի վերականգնում և որմնանկարների իրականացում: Բացի այդ, նաև ուզում ենք վերականգնել Խալդ Աստծո տաճարն ու դրան կից աշտարակը՝ տեղադրելով որմնանկարները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նաև կվերականգնվի կարասային սրահի մի հատվածը: Նպատակ ունենք նաև միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն և լուսաձայնային ներկայացումների միջոցով այցելուներին ներկայացնել մեր քաղաքի հիմնադրման պատմությունը: Մի խոսքով, պետք է նոր շունչ հաղորդենք ամրոցին, ինչը, համոզված եմ, կբարձրացնի թե՛ հասարակական հետաքրքրության աստիճանը և թե՛ զբոսաշրջիկների համար հնավայրը կդարձնի առավել գրավիչ»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մայրաքաղաքում շարունակվում է շախմատի նոր դպրոցների կառուցման գործընթացը
Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունիում կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Լրագրողների հարցերին ի պատասխան, քաղաքապետը նկատել է, որ դեռևս 2005 թվականին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ միասին առաջին շախմատի դպրոցը հիմնվել է Ավանում. «Տարիների ընթացքում ապացուցվեց, որ մեր այս նախաձեռնությունն արդարացված էր: Եվ հիմա մենք այդ ծրագիրն իրականացնում ենք նաև ամբողջ Երևանում՝ նպատակ ունենալով մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում էլ ունենալ շախմատի դպրոցներ: Այս ծրագիրը առանձնակի կարևորված է մեր կողմից և, որպես առաջնահերթություն, հետզհետե կյանքի ենք կոչում այն: Անցյալ տարի մենք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում հնարավորություն ունեցանք բացել շախմատի դպրոցներ, իսկ մինչև այս տարեվերջ նախատեսել ենք ևս 5 վարչական շրջաններում՝ Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն, շահագործման հանձնել նոր շախմատի դպրոցներ: Այդպիսով քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցների թիվը կհասնի 8-ի: Արդեն հաջորդ տարի կանդրադառնանք նաև մյուս վարչական շրջաններին, և համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր վարչական շրջանները կունենան իրենց շախմատի դպրոցները: Թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ բոլորիդ, որ մեր կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի հայկական շախմատի համաշխարհային փառքը երբևէ չխամրի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, ինչպես այսօր գործող շախմատի 3 դպրոցները, որոնցում սովորում են շուրջ 800 երեխաներ, այնպես էլ ապագա դպրոցները կգործեն անվճար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՈԱԱԿ-ն աշխատում է հավատարմագրման գործընթացի բարելավման ուղղությամբ
ՈԱԱԿ-ը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկում է հավատարմագրման գործընթացը և հնարավոր բարեփոխումներն`այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Հուլիսի 9-ին և 10-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում բուհերի ներկայացուցիչների և փորձագետների հետ:
«Մեր աշխատակիցներն ուսումնասիրել են ինքնավերլուծությունները և փորձագետների արձագանքները, վեր հանել խնդիրները: Բայց մենք կարևորում ենք նաև հավատարմագրման գործընթացին մասնակցած բուհերի ներկայացուցիչների կարծիքը: Մենք ուզում ենք դիտարկումներ լսել` հասկանալու, թե ինչ խոչընդոտներ են եղել յուրաքանչյուրիդ համար հավատարմագրման գործընթացում, ինչն է ցանկալի փոխել, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ դառնա»,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն` ողջունելով մասնակիցներին:
Բուհերի ներկայացուցիչները և փորձագետները քննարկեցին հավատարմագրման գործընթացի փուլերը և չափանիշներն ու չափորոշիչները: Նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները և ներկայացված առաջարկները հետագայում կուսումնասիրվեն: Սա կնպաստի ՈԱԱԿ-ի ընթացակարգերի ու փաստաթղթերի վերանայման գործընթացին, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովել հավատարմագրման գործընթացի շարունակական բարելավումը:
Արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ միջին խավը. սոցիոլոգ
«Հայաստանից փախչում են ոչ թե աղքատները, այլ միջին կամ միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ովքեր կարող են իրենց թույլ տալ տոմս գնել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը, ամփոփելով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հետազոտությունը, որ նպատակ ուներ Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ իմանալ Երևանի և մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշը: Այն իրականացվել է ապրիլ-մայիս ամիսներին, 81 բնակավայրում, և անհրաժեշտ 5000 չափահաս գտնելու համար առաջարկ է արվել 6695 հոգու, որոնցից 1695 հոգի (25,3) տոկոսը հրաժարվել է:
Այդ տվյալների համաձայն` եթե 2007 թվականին ՀՀ բնակչության 65 տոկոսը տնտեսական վիճակը դրական էր համարում, ապա հիմա այդ թիվը կազմում է 24,5 տոկոս: Նախկինում զբաղվածության ոլորտը դրական էր համարում 57 տոկոսը, այժմ՝ 22,5 տոկոսը: Հայաստանի մարզերից բնակչության բարեկեցության մակարդակով ամենաբարձրը Գեղարքունիքի մարզն է, հետո Սյունիքի մարզը, իսկ հետո էլ Արմավիրի մարզը:
Պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված, որ Գեղարքունիքում բարեկեցության վարկանիշը ամենաբարձրը, սոցիոլոգը նշեց, որ թեև այնտեղ արտագաղթը ավանդույթ է շատ վաղուց, սակայն մարզում շատ են զբաղվում ձկնորսությամբ, մսաբուծությամբ., ինչը ազդում է նրանց կլյանքի որակի վրա:
Այդ ցուցանիշով ամենացածր մակարդակը ունի Լոռու մարզը: «Վերջին յոթ տարում՝ ճգնաժամից հետո Հայաստանում իրավիճակը վատացել է. դա դարձել արտագաղթի պատճառ»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:


