«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը

1009512_408088129300234_1114367913_oՍիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:

Նոր Հալեպի գաղափարը սփյուռքի նախարարությանն է: Նպատակն է ստեղծել թաղամաս, որտեղ սիրիահայերը հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերելու շատ մատչելի պայմաններով: 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:

Սակայն հողատարածքի անվճար տրամադրումով խնդիրը չի լուծվի, քանի որ ծրագիրը բավականին մեծ է ու ծախսատար, ուստի աշխատանքներ են տարվում հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասը, այնուամենայնիվ, վճարելու են սիրիահայերը, սակայն նախնական կոպիտ հաշվարկներով` դա կազմելու է բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը:

EfLGEJkZuw0gFssF3z3hqk2GhwՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանի խոսքով` դիմողների թիվն անսպասելիորեն մեծ է: Այս պահին Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու նպատակով կենտրոնին է դիմել շուրջ 550 ընտանիք, և ամեն օր նոր դիմումներ են ստացվում: Անգամ Սիրիայից են դիմումներ ստացել:

Հալաջյանը նշում է, որ սկզբում տարածքի ընտրության երեք տարբերակ կար` Աշտարակ, Մասիս և Էջմիածին: «Մի խումբ սիրիահայերի հետ գնացինք երեք տարածքները դիտելու, և նրանք ընտրեցին Աշտարակի հողատարածքը»,- նշում է նա:

Նախատեսված է եղել նաև կառուցել մոտ տասը չորսհարկանի շենք, բայց քանի որ դիմումները շատ են եղել, որոշվել է չորսահարկանի շենքերը դարձնել հինգհարկանի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` յոթ:

Այս պահին ծրագրի համար հավաքվել է շուրջ 60 միլիոն դրամ: «Ունենք 1000 դրամի նվիրատու և 100 000 դոլարի նվիրատու, բոլորն էլ մեզ համար հավասարապես ողջունելի են, որովհետև կաթիլ-կաթիլ կարող է ծով դառնալ»,- ասում է կենտրոնի սիրիահայ ղեկավարը:

Հայաստանում ներկայումս շուրջ 10 000 սիրիահայ կա, և թվում է, թե արվում է հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները հոգալու, նրանց աջակցելու և ամենակարևորը՝ Հայաստանում պահելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում են որոշ սիրիահայեր, Հայաստանում մնալու առաջին պայմանն աշխատանք ունենալն է: Եթե դա չկա, ամեն ինչ ապարդյուն է: Լենա Հալաջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում գրանցված 5000 սիրիահայ կա, որոնցից մոտ հազարին իրենք օգնել են տեղավորվել աշխատանքի: Կան նաև գործարարներ, որոնցից շատերին բանկերը ցածր տոկոսով (5 տոկոս) վարկեր են տրամադրել, և արդեն 49 բիզնես է դրվել:

Ինչ վերաբերում է որոշ սիրիահայերի կողմից արտահայտած դժգոհությանը, որ պետության կողմից գործնական քայլեր չեն արվում, այլ այդ ամենն ընդամենը գովազդային բնույթ է կրում, Հալաջյանը համամիտ չէ: Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սիրում են ճիշտը չասել: Անգամ թարմ օրինակ է բերում, որ նախօրեին հեռուստատեսությամբ մի սիրիահայ կին բողոքել է, թե իբր եկել է իրենց կենտրոն Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար գրանցվելու, սակայն իրենից կանխավճար են պահանջել, և նա հրաժարվել է ծրագրից: «Մինչ օրս մենք որևէ մեկից մեկ լումա անգամ չենք ուզել,- ասում է Հալաջյանը,- այո, երբ քառակուսու արժեքը հստակեցվի, կանխավճար պետք է ուզենք, առանց դրա հնարավոր չի լինի ծրագիրն իրականացնել»:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներից մեկը նույն պահին իմ ներկայությամբ զանգահարեց այն կնոջը, որը հեռուստատեսությամբ նման բան էր հայտարարել, և վերջինս արդարացավ, որ ինքը նկատի է ունեցել ապագայում պահանջվելիք կանխավճարը: Ինչևէ: Եթե անգամ այդ կինը ստում է, դրա պատճառներից է նաև այն, որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Իսկ դժգոհողները քիչ չեն:

Մի սիրիահայ երիտասարդ էլ, որը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ Հայաստանում է արդեն մեկ տարի և ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով (կաշվե իրեր է նորոգում), մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ծրագրին, սակայն չի դիմում, որովհետև չի հավատում, որ այն իրականություն կդառնա: «Այդքան տեղ դիմեցինք, արձանագրվեցինք, ոչինչ դուրս չեկավ,- ասում է նա,- երբ նոր էինք եկել, մեզ Գրողների միության շենքում հավաքեցին, արձանագրեցին բնակարանի համար, կարծեմ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունն էր: Բայց անցել է շուրջ մեկ տարի, որևէ արդյունք կամ լուր չկա: Հետո մեզ Դաշնակցության շենք կանչեցին, էլի արձանագրեցին բնակարանի համար, նորից ոչ մի բան: Էնպիսի տպավորություն է, որ իրենց միայն անուն է պետք: Հիմա որ այս նոր ծրագրի մասին իմացանք, այլևս չդիմեցինք՝ մտածելով, որ նորից պիտի անձնագիր ուզեն, գրանցեն, ու վերջ»:

Մեկ ուրիշ սիրիահայ էլ ասում է, որ իրենք դիմել են ծրագրին, սակայն որևէ տեղեկություն չունեն թե՛պայմանների, թե՛ ժամկետների մասին. «Երբ արձանագրվեցանք, մեզի ըսին, որ ժողով պիտի կանչեն և պայմանները տեղեկացնեն: Տակավին չեն կանչել, սպասում ենք: Անցել է արդեն երեք ամիս»:

Հալաջյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, պետք է միայն մի փոքր համբերել. ներկայումս հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում, որը կավարտվի երկու շաբաթից, և եզրակացությունը կներկայացվի Ճարտարագիտական համալսարան, որն իր կողմից անվճար իրականացնելու է շենքերի նախագծումը: «Երբ երկրաբանական տեղեկանքը պատրաստ լինի, բնակարանների արժեքը կհստակեցվի, և հայտ ներկայացրած սիրիահայերին կկանչեն ժողովի, կներկայացնեն պայմանները, կկնքվեն նոտարական պայմանագրեր»,- ասում է Հալաջյանը:

Այդ ժամանակ սիրիահայերը նաև կանխավճար կտան՝ ամբողջ գումարի մեկ երրորդի մասով, իսկ ամբողջական գումարը կարող են վճարել երեք մասով: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի քառակուսու արժեքը մոտ 500 դոլար կարժենա:

Այն դիտարկմանը, որ միևնույն է, սիրիահայերի մեծ մասը Հայաստանում ապագա չի տեսնում և ձգտում է երրորդ երկիր տեղափոխվել, Հալաջյանը նույնպես համամիտ չէ. «Առաջ կհամաձայնեի Ձեզ հետ, բայց այսօրվա դրությամբ` ոչ: Մեկ տարի առաջ այդ միտումը կար, և դա որոշ անձանց վրա շատ թանկ նստեց: Նախ` շատերը Եվրոպա վիզա ստանալու համար ամեն անձի համար 6-7 հազար դոլար ծախսեցին, սակայն նրանց խաբեցին և վիզաները չտվեցին: Բացի այդ, երրորդ երկիր տեղափոխվածների լուրերն այնքան էլ հուսադրող ու վարդագույն չեն: Երրորդ երկիր տեղափոխվելու մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն արդեն ադապտացվել են նոր պայմաններին, աշխատանք գտել: Իսկ ամենամեծ փաստը, որ Հայաստանում մնալ ցանկացողների թիվը մեծ է, այն 500-ից ավելի ընտանիքներն են, որոնք բնակարան ձեռք բերելու հայտ են ներկայացրել»:

Հալաջյանը վստահեցնում է, որ այս ծրագիրը լուրջ է, և կոչ է անում բոլորին՝ Հայաստանում ու Սփյուռքում իրենց ներդրումն ունենալ թեկուզ ամենաչնչին գումարով: Լրատվամիջոցներին էլ խնդրում է ճիշտ լուսաբանել, որովհետև նաև դրանից է կախված ծրագրի հաջողությունը. «Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2014-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»:

Ավելին, եթե Նոր Հալեպն իրականություն դառնա, ապա ծրագիրը կլինի շարունակական, և նման թաղամասեր կկառուցվեն նաև Մասիսում ու Էջմիածնում:

ՃՏՊ Իսակովի պողոտայում

IMG_9231-3950-650-500-50-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՍեպտեմբերի 29-ին, ժամը 03.14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առևտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով ուղևոր` 1985թ. ծնված Բ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները և փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հանրայինը սերիալ կցուցադրի, բայց…

theme_1Խորհրդարանն այսօր շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված հարցի քննարկումը` կապված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման հետ, որը ներկայացնում էր խորհրդի նորանշանակ նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց նոր եթերաշրջանում սերիալային քաղաքականության մասին: Վերջինս պարզաբանեց. «Պատրաստվելու է մեկ` ոչ թե սերիալ, այլ 12, 16, 18 կինոմասերից բաղկացած սերիալներ: Սցենարներն այնպես են գրված, որ եթե դուք նայեք 8-րդ մասը, դա ձեզ չի խանգարի, որ առաջին յոթը չեք նայել: Կարծում եմ` դրանք ավելի պատրաստված են այն մոտեցումներով, որ Հանրայինը որդեգրել է, այսինքն դրան կլինեն ավելի հայրենանվեր»:

Այնուհետև հարակից ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա կիսեց գործընկերների այն մտահոգությունը, որ սերիալները դառնում են կրկնօրինակման աղբյուր հատկապես դեռահասների շրջանում` ազդելով նրանց մտածելակեպրի, բառախաշարի, վարքի վրա և դառնալով խնդիր իրական կյանքում:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի բարձրացրած հարցը` կապված սերիալաներում բռնության տեսարանների բավականին մեծ տոկոսի հետ, Հայկ Բաբուխանյանը նույնպես օրակարգային համարեց` նշելով, որ ցանկացած ֆիլմ և հաղորդում պետք է դաստիարակչական էֆեկտ ունենա. «Ժամանակին «Աննա»սերիալ կար, որտեղ մի ընտանիքի դժբախտությունը, որ միգուցե բնորոշ էր մեր հասարակության 5 տոկոսին, ողջ հանրությունը ստիպված էր դիտել, միչդեռ դա բնորոշ չէ բոլոր ընտանիքներին, և չպետք է դա պարտադրել բոլորին»,-ասաց Բաբուխանյանը:

Մհեր Շահգելդյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնական մոտեցումներից մեկը պետք է լինի եթերում ազգային հերոսի ձևավորումը: «Այո, հեռուստատեսությամբ պետք է դաստիարակել այն քաղաքացուն, որին մենք ուզում ենք տեսնել` նախ և առաջ իհարկե հասկանալով, թե մենք ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ»,-արձագանքեց Բաբուխանյանը:

Վերջինիս խոսքով` սերիալ ցուցադրելը համաշխարհային միտում է, և օրինակ, ռուսական հեռուստատեսության մեջ շատ են նպատակային, դաստիարակչական նշանակություն ունեցող սերիալները. «Օրինակ, տվյալներ կան, որ բժիշկների մասին մի հեռուստասերիալի ցուցադրումից հետո շատ երիտասարդներ որոշել են դառնալ բժիշկ: Իսկ ռուսական մեկ այլ սերիալում քարոզվել է շատ երեխաներ ունենալը, որը ժողովրդագրական խնդիր լուծելու նպատակ ունի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրային հեռուստաընկերությունը նպաստել է գաղջ մթնոլորտի ձևավորմանը: Բաբուխանյանը նշեց, որ ցանկացած լրատվամիջոց ազդում է հանրային կյանքի վրա, և հանրայինը ևս բացառություն չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հայտարարեց, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների միջոցով և հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, պատգամավորն առաջարկելու է, որպեսի օրենքով սահմանվեն, թե  կոնկրետ որ հաղորդումները ողջ հեռուստահաղորդումների քանի տոկոսը պետք է կազմեն, և դա պետք է բխի պետական պատվերի պահանջից: Պատգամավորը օրենքով կարգավորման խնդիր է դիտում նաև վերահսկող մարմնի ստեղծումը, որը պետք է վերահսկի Հանրային հեռուստաընկերության քաղաքականության իրականացումը:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է հեռուստատեսության գործունեության համար չափորոշիչների և գնահատման մեխանիզմների ստեղծմանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կարդարացնի ոլորտը բարելավելու հանրության սպասումները և վերջինիս հորդորեց այս բարի ցանկությունը դիտել նաև իբրև պահանջ:

 

 

Ավտոպատահար Լոռի Բերդ–Ագարակ ճանապարհին

ավտոպատահարՍեպտեմբերի 29-ին, ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121»  մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թմբին, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Ս. Օ.-ը և 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Խոշոր հրդեհ Արտաշիսյան փողոցում

Խոշոր հրդեհ Արտաշիսյան փողոցումՍեպտեմբերի 29-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող «Շող» գործարանի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2»աստիճան :
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-04» ծառայության, էլ. ցանցի և ՃՈ օպերատիվ հերթապահները:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի թիվ 98/2 հասցեում գտվող «Լեյտեն» ՓԲԸ-ին (տնօրեն՝ Ա.Մ.) պատկանող փայտամշակման արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.44-ին, մարվել՝ 18.05-ին: Այրվել է 2 շինությունների տանիքը՝ 500 քմ, որից 300 քմ փայտյա կառուցատարրեր, 200 քմ ազբոշիֆրեր և շինության ներսում փայտյա աթոռներ, իսկ շինության մոտակայքում՝ ռեզինի հումքով լի 8 տակառներ (200 լ տարողությամբ)՝ մասամբ:
Դեպքի վայրում են եղել շտապօգնության աշխատակիցները, ովքեր բուժօգնություն են ցուցաբերել հրշեջ-փրկարարներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեկ ջրատար:

«Բարև Երևանը» չի տեղեկացվել

«Բարև Երևանը» 30 սեպտեմբերի 2013, Երևան: Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքէջի՝  2013թ. հոկտեմբերի 11-ին Երեւան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը (http://www.coe.int/t/congress/Activities/governments/countries/armenia/CM_armenia_en.asp?mytabsmenu=3):  Նա նշել է, որ միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցը տեւական շրջան ընդգրկված է եղել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ թիվ 127 հսկողականի ներքո, իսկ հանձնարարականի կատարման ժամկետ է ամրագրվել 11.09.2013թ., ապա՝ երկարացվել մինչեւ 30.09.2013թ., դրա կատարող՝ Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գեւորգյանը, իսկ պատասխանատուն՝ Վ.Վարդանյանը:

 

«Որքան էլ եկող երկուշաբթի՝ 30.09.2013թ. լրանում է հիշյալ հանձնարարականի կատարման ժամկետը, այդուհանդերձ վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչները, չի զեկուցվել հանձնարականի կատարման մասին, առավել եւս վերջին՝ 23.09.2013թ. խորհրդակցության ժամանակ:

 

Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2013թ. մայիսի 16-ից մինչեւ նոյեմբերի 13-ը եւ տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման ոլորտում առաջնահերթություն է հռչակել «տեղական ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը որպես հասարակության ժողովրդավարական առաջընթացի վճռորոշ տարր» (https://wcd.coe.int/ViewDoc.jsp?Ref=CM/Inf(2013)16&Language=lanEnglish&Ver=original&Site=COE&BackColorInternet=DBDCF2&BackColorIntranet=FDC864&BackColorLogged=FDC864):

 

Ձեզ հայտնի է, որ Երեւան քաղաքում տեղական ժողովրդավարության առանցքային ինստիտուտը Երեւանի ավագանին է՝ իբրեւ տեղական ինքնակառավարման բարձրագույն եւ ուղիղ ընտրություններով ձեւավորվող ներկայացուցչական մարմին: Հենց այդ համատեքստում չափազանց կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային  իշխանությունների կոնգրեսի կազմակերպած միջոցառումը Երեւան քաղաքում՝ իբրեւ փորձի փոխանակման, այլ քաղաքների լավագույն պրակտիկային ծանոթանալու, ՏԻՄ բարձրագույն մարմինների՝ ավագանիների միջեւ միջազգային համագործակցությունը խթանելու, եւ վերջապես՝ Հայաստանի հռչակած առաջնահերթություն-հանձնառությունը իրականացնելու հնարավորություն: Ուստի խնդրում ենք հայտնել.

 

  1. ե՞րբ եւ ինչպե՞ս են Երեւան քաղաքի ավագանու խմբակցությունները տեղյակ պահվելու հիշյալ գիտաժողովի անցկացման մասին,
  2. ինչպե՞ս են ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցելու դրան,
  3. խնդրում ենք տրամադրել միջազգային կոնֆերանսի օրակարգը եւ մասնակիցների ցանկը,
  4. խնդրում ենք ապահովել «Բարեւ Երեւան» խմբակցության ներկայացուցիչների մասնակցությունը հիշյալ միջազգային գիտաժողին:

Շնորհակալություն համագործակցության համար»,- ասված է նամակում:

 

Ազգային ժողովն աշխատանքը սկսեց Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջադեպով

theme_1Այսօր` սեպտեմբերի 30-ին, մեկնարկեց խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը:

Մինչ օրակարգը հաստատելը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահերի միջադեպին:

“Արդյո՞ք պահանջել կամ ստացել եք համապատասխան տեղեկատվություն, և ընդհանրապես ի՞նչ իրավունքի ուժով են համապատասխան ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները պետական սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու իրականացրել այդպիսի գործողություններ և անցագրային կետ սահմանել”,-հարցրեց պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրը հեռախոսազրույց է ունեցել Զարուհի Փոստանջյանի հետ, և վերջինս նշել է, որ շաբաթ օրը Սյունիքի մարզից վերադառնալուց հետո կհանդիպեն, և ինքն ավելի մանրամասն կտեղեկացնի միջադեպը. “Այդ հանդիպումը չստացվեց, երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ընտրություն էր տվյալ մարզում”,-ասաց նա:

Խորհրդարանի ղեկավարը նաև հայտնեց, որ այսօր առավոտյան ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից նամակ է ստացել, սակայն դեռևս չի հասցրել դրան ծանոթանալ: Նա հավաստիացրեց, որ ընդմիջման ժամին կծանոթանա նամակի բովանդակությանը և կհասկանա միջադեպի պատճառները:

“Միանշանակ համակարծիք եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում օրենքը պետք է գործի ինչպես մեզ, այնպես էլ բոլորի համար, և եթե որևէ ոտնձգություն է եղել մեր գործընկերոջ կատմամբ, անպայման մենք կփորձենք համապատասխան գնահատական տալ”,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Հանդիպում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի հետ

Bako-Sahakyan-Caroline-CoxԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:
Արցախին եւ նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Նախագահ Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը մեր հանրապետության զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ եւս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
260913Cox(1)

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Նախագահը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Հանրապետության Նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները

Karin_Netherlands_Image_1Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:

Հավատարիմ մնալով հայ մշակույթը ներկայացնելու և պահպանելու իր կոչմանը՝ «Կարին»-ն անկախության տոնը հարստացրեց ազգային երգ ու պարով և հոլանդաբնակ հայերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, հանդիասատեսի թվում եղան Հոլանդիայի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ: «Կարին»-ի արվեստը բարձր գնահատեց նաև եվրոպացի հանդիսատեսը՝ խմբի ելույթներն արժանացնելով հոտնկայս ծափողջույնների:

Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ռայսվայկ քաղաքում կայացած  համերգի բացումն անելով՝ շեշտեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակությունը և ընդգծեց հայ ժողովրդի հաստատակամությունն «արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր» :

Հիշեցնենք, որ համերգները կազմակերպվել էին Հոլանդիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի օժանդակությամբ:

«Կարին»-ի համերգների տեսագրությունները շուտով Հոլանդիայում կթողարկվեն և հասանելի կլինեն նաև DVD տարբերակով:

Կից ներկայացնում ենք հատվածներ Հոլանդիայում Կարինի ելույթներից:

 

 

Նախագահն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:

Մշակութային միջոցառում Ստրասբուրգում

544.Cultural ceremony in Strasbourg 30.09.2013Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հովանու ներքո իրականացվող մշակութային միջոցառումների շրջանակում ԵԽ աշխատակազմի «Ամիկալ» ընկերակցությունը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել էր «Հայաստանի գույները» խորագրով երեկո՝ նվիրված աշխատանքային նոր շրջանի նորամուտին։

Երեկոյի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ «Ամիկալ» ընկերակցության նախագահը։

Դեսպան Պապիկյանը համառոտ անդրադարձ կատարեց ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին՝ կարեւորելով նաեւ մշակութային միջոցառումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս անմիջական շփումների միջոցով փոխադարձ ճանաչելի դարձնել ԵԽ անդամ երկրների հարուստ եւ բազմազան մշակութային ժառանգությունը։

Երեկոյի երաժշտական մասը մեկնարկեց հայկական դուդուկով, որին հետեւեցին հայկական երգերի կատարումներ։ Միջոցառման ընթացքում անցկացվեց բարեգործական վիճակախաղ, որից ստացված հասույթը տրամադրվելու է ծանր հիվանդություն ունեցող անձանց։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

543. Minister Nalbandian met with Iranian FM 29.09.2013Նյու – Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։

Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։

Անդրադարձ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը, կարևորվեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։

Անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատեց իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հեռացավ Սոսը, ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին. Արտակ Ղուլյան

Արտակ ՂուլյանՃարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում` հիշելով Սոս Սարգսյանի հետ իր եզակի հանդիպումը: Նա մասնավորապես գրել է. «Սոս Սարգսյանին մի անգամ եմ տեսել փողոցում, միայնակ: Մի երկու տարի առաջ էր, խորը աշնանային մի օր: Սովորականի պես Մոսկովյան փողոցում գծագրեր էի տպում ու մայթին կանգնած սպասում էի: Տեսա՝ Սոսն է գալիս. երկար, գորշ ու բարակ վերարկույով, լայն գլխարկով, գավազանով, մի փոքր կռացած, ու հանդարտ, անշտապ քայլքով: Հանկարծ կանգնեց ու սկսեց ուշադիր նայել կողքի շենքի նկուղներից մեկի պատուհանի գունավոր պաստառին. «Պատվերով Ձմեռ պապ, թամադա, դերասան, ծաղրածու»: Ապա կտրուկ շուռ եկավ, անօգնական հայացքով նայեց աջ ու ձախ, նայեց ինձ՝ տեսավ՝ չի ճանաչում, գլուխն օրորեց ու նույն հանդարտ քայլվածքով հեռացավ… Հեռացավ Սոսը` ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին…»:

Կենտրոնի վերաասֆալտապատումը չի նպաստում մարզերի զարգացմանը

Management expert Harutyun Mesrobyan guest in Friday press clubՀՀ կառավարությունը բազմիցս կարևորել է ՀՀ–ում տարածքների համաչափ զարգացումն ու մայրաքաղաքի բեռնաթափումը: Այս նպատակով տարաբնույթ միջոցառումների և ծրագրերի մասին էլ է հայտարարել: Սակայն մեր կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում, որոնք կարծես չեն համադրվում այս կարևոր խնդրի լուծման տրամաբանության հետ: Օրինակ` կառավարությունն անցած շաբաթվա նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից բավական գումարներ «բաժանեց» Երևանին ու մարզերին. մոտ 9 մլրդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին, որից մոտ 7.5 մլրդ դրամն ուղղվելու է Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատմանը, և մեկ այլ որոշմամբ էլ 500 մլն դրամ ուղղվեց Հայաստանի մարզերին, յուրաքանչյուրին` 50  մլն դրամ: 

Այս երևույթը հասկանալու համար «Անկախը» դիմեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի օգնությանը` արդյունավետ կառավարման տեսանկյունից մեկնաբանելու կառավարության որդեգրած տրամաբանությունը.

– Պարո՛ն Մեսրոբյան, կառավարությունը հայտարարում է մարզերի զարգացման  ծրագրերի մասին, բայց 7,5 մլրդ տրամադրում է մայրաքաղաքի կենտրոնի ասֆալտապատմանը և 50-ական մլն դրամ` մարզերին: Մի՞թե այդ քայլը բխում է տարածքների համաչափ զարգացման ծրագրի էությունից:

– Ընդհանրապես,  բոլոր ծախսերը, լինեն դրանք մարզերի թե մայրաքաղաքի մակարդակով, բյուջեից ֆինանսավորվեն թե ոչ, միշտ պետք է բաժանվեն ըստ նախապատվությունների: Այսինքն` կարևորագույնները և հետո մնացածները` ըստ կարևորության, իջեցման կարգով: Կարևորագույններն ընտրվում են հետևյալ սկզբունքով. որո՞նք են անհետաձգելի լուծում պահանջող  հարցերը, և որոնք` միտված զարգացմանը, բուն զարգացմանը, եթե կա զարգացման ռազմավարական ծրագիր:

Հայաստանում իշխանական մակարդակով զարգացման ծրագիր չունենք. կան լոզունգներ, միջնաժամկետ պլանավորում և այլն, որոնց անունը դնում են զարգացման ծրագիր: Քանի որ մենք, կիրառական իմաստով, չունենք զարգացման ծրագիր, բնական է, որ ծախսային մասը չի լինի արդյունավետ: Որովհետև այդ դեպքում չգիտես, թե ինչպիսի ապագայի համար, ինչպիսի ծրագրերի շարունակականության համար ես ինչ-որ ֆինանսավորում ուղղում: Ինչ վերաբերում է անհրաժեշտ մասին, ապա այստեղ, այո’, եթե նայում ենք երևանի կենտրոնին,  ապա վերջին 10 տարիներին պարբերաբար այն ուղղակի ձախից աջ, աջից ձախ վերակառուցում են, փոխում են, դնում-հանում են, բայց քանի գնում է, քաղաքի կենտրոնը ծանրաբեռնվում է և դառում շատ ավելի անընդունելի ապրելու համար: Սա նշանակում է, որ այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ:

– Ուրեմն կարո՞ղ ենք փաստել, որ այսօր կառավարության կողմից որպես անհետաձգելի հարց ընկալվում է քաղաքի կենտրոնի կառուցապատումը կամ վերանորոգումը, իսկ մարզերը երկրորդական–երրորդական պլան են մղվում:

– Երևի` այո: Որովհետեև մարզերն էլ տարբեր են: Կան մարզեր, որոնք սահմանամերձ երկար գիծ ունեն, որտեղ բոլորովին այլ քաղաքականություն պետք է վարվի, կան մարզեր, որոնք արագ դատարկվում են, մարդիկ թողնում գնում են, ու այնտեղ ավելի շատ  պետք է սոցիալական ու ենթակառուցվածքային խնդիրներ լուծել: Իսկ այսպես հավասարաչափ գումար բաժանելն ու ամենաշատը Երևանի կենտրոնին գումար հատկացնելը նշանակում է, որ խնդիրը տարածքների զարգացման հետ կապ չունի, նախապատվությունների հետ կապ չունի, ուղղակի ինչ-որ սկզբունք է վերցված և արվում է:

– Իսկ Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ միջոցների ավելի օպտիմալ բաշխումը զարգացման ծրագրերի տեսանկյունից:

– Առաջին` եթե մենք պետություն ենք, ապա պետք է լինի ռազմավարական զարգացման ծրագիր, որը պետք է երկու ուղղություն ունենա` ժամկետների և տարածքային: Այսինքն` ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով օժտված լինի: Որից հետո պետք է դրա հիման վրա մշակվի մարտավարություն` ելնելով ռազմավարությունից, պետք է դրվեն կշիռների գործակիցները, որոնցով և կորոշվեն նախապատվությունները, թե որ ուղղությամբ ինչ տոկոսային հարաբերակցությամբ միջոցներ պետք է ուղղվեն: Համենայն դեպս մարդկությունը մինչ այժմ, եթե զարգացել է, հենց այս կերպ է զարգացել. ուրիշ ձևով չի զարգացել:

– Ենթադրենք, թե Ձեր նշած բոլոր նկատառումները դրված են կառավարության գործողությունների հիմքում. արդյոք Երևանի կենտրոնի վերակառուցման նպատակների համար այդքան գումարներ հատկացնելը կարո՞ղ է հանգեցնել գոնե Երևանի կենտրոնի զարգացմանը:

– Հստակ ու վստահ ասելու համար պետք է  բուն ծրագիրն ուսումնասիրել: Բայց կարելի է չդնել «ենթադրենք սա» կամ «ենթադրենք մյուսը» հարցադրումները շատ պարզ պատճառով: Եթե լիներ ռազմավարական ծրագիրն ու մնացած-մնացածը, ապա մեզ մոտ արտագաղթը չէր շատանա: Բայց հակառակն է տեղի ունենում. Հայաստանում ապրելն ավելի դիսկոմֆորտային իրավիճակ է ստեղծում` սկսած սոցիալական հարցերից և վերջացրած արդարության զգացումով, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ մարդիկ թողնում-գնում են: Այստեղից բխում է, որ չունենք ռազմավարական զարգացման ծրագիր:

– Ձեր կարծիքով` մարզերին տրամադրված գումարները բավարա՞ր են թեկուզ տեղական առաջին նշանակության խնդիրների լուծման համար:

arm137658003197– Բնական է, որ ոչ. 50 մլն դրամն ի՞նչ թիվ է, մոտ 110 հազար դոլար. դա մեկ հատ միջին կարգի էլիտար ավտոմեքենայի արժեք է: Այսինքն` դա նույնն է, որ յուրաքանչյուր մարզի տրվի մեկական էլիտար ավտոմեքենա, մի՞թե դա հերի՞ք է, որ մարզը զարգանա. իհարկե՛ ոչ:

– Բայց կառավարությունը կարող է ասել և ասում է, որ ծրագրեր էլ, ռազմավարություն էլ ունի և այլն:

– Այդպես չէ, նախադասությունների ամեն մի շարան ծրագիր չէ: Ծրագիրը ենթադրում է ենթարկվել որոշակի օրենքների ու օրինաչափությունների, որպեսզի պարզ լինի, որ սա ծրագիր է, սա էլ ելույթ է, սա վերլուծություն է, սրանք լոզունգներ են, սրանք բաժակաճառեր են… Մեզ մոտ այս ամենը շիլա-փլավ է, ու ստացվում է  մի փաստաթուղթ, որը, ըստ էության, նվազագույն պահանջներով անգամ չի համապատասխանում ծրագիր կոչվող փաստաթղթի պահանջներին: Բերեմ օրինակ. մեզ մոտ քանի անգամ է, որ ընդունվում են կոռուպցիայի դեմ պայքարի փաստաթղթեր, սակայն արդյունքը զրոյական է: Եթե փաստաթուղթը չի իրագործվում, ուրեմն  երկու պատճառ կա. և՛ փաստաթուղթը փաստաթուղթ չէ, և՛ իրագործման նպատակ չկա: Նույնն էլ այստեղ է:

 

Զրույցը վարեց Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

Հոր գերեզմանը գտել է մահվանից 68 տարի անց

հոգեհանգստի արարողությունըԱյս տարի նշվում է «Կուրսկի աղեղ» օպերացիայի 70-ամյակը: 50 օր տևած այս մարտը Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ գործողություններից է: Հենց այստեղ է տեղի ունեցել պատմությանը հայտնի ամենախոշոր տանկային մարտը, որին մասնակցել  են 2 միլիոն մարդ, 6 հազար տանկ և 4 հազար ինքնաթիռ:

Այս մարտում մասնակցություն են ունեցել նաև հայերը: «Անկախը» զրուցել է փոխգնդապետ Մկրտիչ Միխայելյանցի դստեր հետ, որը 1943-ին եղել է Վորոնեժյան ճակատի հրետանային գնդի հրամանատարը և հենց այդ մարտերում էլ զոհվել է:

75-ամյա Լյուսյա Միխայելյանցը պատմում է, որ հոր հետ կապված հուշերն իրեն հիմնականում հասել են մոր միջոցով: 1912-ին ծնված մեղրեցի Մկրտիչը, որ վաղ տարիքում կորցրել էր մորը, 13 տարեկան հասակում փախչում է տնից ու ոտքով ճանապարհվում Տաշքենդ: Լսել էր, որ այնտեղ հարուստ մեղրեցիներ են ապրում, և հույս ուներ, որ իրեն կօգնեն գտնել իր տեղը կյանքում:

Հրաշքով Տաշքենդ հասած որբ տղան ընդունվում է Սուվորովյան ռազմական ուսումնարան, ավարտում է գերազանցությամբ, նաև դառնում է Ուզբեկստանի չեմպիոնը ծանրամարտից:

Գերազանց առաջադիմության ու լավ տվյալների շնորհիվ Մկրտիչին Մոսկվայի հրետանային ակադեմիայում ուսանելու են ուղարկում: Ակադեմիան ավարտելուց ու զինվորական  կոչում ստանալուց հետո 25-ամյա երիտասարդը հայրենիք է վերադառնում` գտնելու իր կյանքի կեսին: Փնտրում ու գտնում է Աստղիկին, որի հետ Մեղրու դպրոցում նույն նստարանին էին նստում: Ամուսնանալուց հետո  մեկնում են Մոլդովա, որտեղ էլ ծառայության է անցնում: 1938-ին գործուղվում է Հեռավոր Արևելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի դեմ: Այստեղ էլ ծնվում է նրանց առաջնեկը` Լյուսյան:

Զինվորականի ընտանիքի շրջագայությունները շարունակվում են ըստ ռազմական գործողությունների վայրերի` Ֆինլանդիա, ապա Մոլդովա: Երբ վրա է հասնում Հայրենական մեծ պատերազմը, Մկրտիչ Միխայելյանցի բազմանդամ ընտանիքը Մոլդովայում  էր. ունեցել էր երկվորյակ տղաներ, իսկ կրտսեր դուստրն էլ 4 ամսական էր: Այդ ժամանակ Մկրտիչ Միխայելյանցն արդեն գնդի հրամանատար էր:

Հունիսի 22-ին կինն ամուսնուն գտնում է հեռախոսի մոտ արցունքախեղդ: Կնոջն ասում է, որ պատերազմ է սկսվել և  սպասում է հարձակման հրամանի, բայց ինչպես պիտի հարձակվեն` չգիտի. շատ քիչ զենք ունեն:

Հրամանատարությունից խիստ հրահանգ է գալիս` ոչ մի դեպքում ողջ-ողջ չհանձնվել: Խաղաղ բնակչության տարհանման հրահանգ էլ, սակայն զինվորականների ընտանիքներին տարհանել թույլ չեն տալիս: «Ո՞ր մի հայրը կնահանջի, երբ գիտի, որ իր ընտանիքը դեռ տեղում է: Արյան գնով պահել են, մինչև բոլորին կտարհանեն»,- պատմում է տիկին Լյուսյան:

Բնակչությանը ռազմական գործողությունների վայրից 50-60 կմ հեռացնելուց հետո տարհանում են նաև զինվորականների ընտանիքներին: Այդուհետ բոլորը ստիպված ոտքով են առաջ գնում:

«Մայրս փոքր քույրիկիս բարուրը  գցել է սետկայի մեջ ու կախել մի թևից: Երկու եղբայրներիս գրկել է, ես էլ, որ արդեն 3,5 տարեկան էի, ձեռքս պինդ կապել է իր փեշին, որ հանկարծ չկորցնի: Քայլելով ու դադարներով մարդիկ հասել են մինչև Դոնբաս: Այնուհետև դեպի Միջին Ասիա գնալու հրաման է եկել: Մայրս, սակայն, խնդրել է, որ թույլ տան իր երեխաների հետ Հայաստան գնա, որտեղ հարազատներ ունի»,- պատմում է տիկին Լյուսյան:

Ոտքով մայրը և չորս երեխաները ամիսներ շարունակ քայլել են դեպի Հայաստան: Ուշ աշնանը Թիֆլիս են հասել, որտեղից էլ գնացքով պետք է Հայաստան հասնեին: Կանգառներից մեկում, մինչ տիկին Աստղիկը ջուր կբերեր երեխաներին, մի ծեր կին լացող երկվորյակ տղաներին պատուհանից դուրս է նետում: Երբ մայրը նկատում է երեխաների բացակայությունը, գնացքն արդեն շարժվել էր: Հետագայում իր 1,5 տարեկան փոքրիկներին գտնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Ամիսներ տևած թափառումից հետո տիկին Աստղիկը երկու դուստրերի հետ Երևան է հասնում, ընդ որում, կրտսեր դստեր մաշկը` ոչ հիգիենիկ պայմաններից  քայքայված, քիթը` պայթյունի արկից վնասված: «Այնքան էինք ոջլոտել, որ մեզ  լողացնում էին, թասի մեջ ոջիլները լող էին տալիս»,- հիշում է տիկին Լյուսյան:

Երևանում փախստական ընտանիքին սենյակ են հատկացնում մետաքսի գործարանում: Վերջապես վերահաստատվում է կապն ընտանիքի և հոր միջև, վերջինս ամիսներ շարունակ փնտրել էր ընտանիքին ու նամակներ գրել կնոջ քրոջը` հարցուփորձ անելով նրանց մասին:

1942-ից գնդի հրամանատար Միխայելյանցը կանոնավոր կերպով իր աշխատավարձը կնոջն էր ուղարկում, որ կերակրի երեխաներին: Հնարավորության դեպքում ուղարկում էր նաև իրեն հատկացված կտորեղենը և այլ պարագաները: «Մայրս այդ ամենը շալակած գյուղից գյուղ էր անցնում` ապրանքը սննդի հետ փոխանակելու համար»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը:

Այդ ժամանակ արդեն տիկին Աստղիկի հույսին էին 8 երեխաներ` իր երկու դուստրերից բացի, նաև պատերազմի մեկնած ու աքսորավայրում գտնվող հարազատների երեխաները: «Սև հացը որ ձեթի մեջ տապակում էր, խրթխրթան էր դառնում, դա մեր ամենահամեղ ուտելիքն էր: Իսկ եթե որևէ օր կարտոֆիլ էինք ուտում, դա իսկական տոն էր»,- այդ օրերն այսպես է բնութագրում տիկին Լյուսյան:

1943-ին ընտանիքը գրություն է ստանում, որը գուժում էր հոր մահը. «Ձեր ամուսինը մահացել է Կուրսկի դուգայում: Պինդ եղեք: Մենք ձեզ հետ ենք: Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի»: Նամակում որևէ այլ տվյալ չկար:

Պատերազմի ավարտից հետո պետությունը հոգում է զոհված զինվորականի ընտանիքի կարիքները: Երեխաները զբաղվում են երաժշտությամբ, սպորտով, ստանում են բարձրագույն կրթություն: Սակայն տարիներ շարունակ հոր գերեզմանը գտնելու բոլոր ջանքներն ապարդյուն են անցնում: Տիկին Լյուսյան անգամ Պոդոլսկ է մեկնում, որտեղ կենտրոնացրել էին Հայրենական պատերազմի ողջ արխիվը:

Երբ թվում էր, որ Մկրտիչ Միխայելյանցի գերեզմանը գտնելու բոլոր հույսերը մարել են, հանկարծ այն գտնվում է: Միխայելյանցի կրտսեր դստեր թոռները որոշում են իրենց տատիկին անակնկալ մատուցել ու ամիսներ շարունակ համացանցով արխիվներն են փորփրում` իրենց ուզած անուն-ազգանունը գտնելու համար:

2011-ին պարզվում է, որ փոխգնդապետ Միխայելյանցը հուղարկավորված է ՌԴ Կուրսկի մարզի Պոգոժեե գյուղում:

Տիկին Լյուսյան, որ ամուսնու մահից հետո Մոսկվա է տեղափոխվել` որդու մոտ, անմիջապես նշված գյուղ է շտապում: Լուսաբացին մայր ու որդի Պոգոժեե են հասնում:

Եղբայրական գերեզմանը և հուշարձանը Պոգոժեե գյուղում«Փնտրեցի ու հորս ազգանունն իսկույն գտա: Ինչքա~ն եմ լացել, իսկ երբ տղաս դուդուկի նվագով երաժշտություն միացրեց, երկուսով սկսեցինք լացել: Մի քանի ժամ էդպես նստած էինք, երբ մարդկանց անցուդարձը սկսվեց»,- պատմում է Լյուսյա Միխայելյանցը: Հոգեհանգստի փոքրիկ արարողություն են անցկացնում: Ապա հանդիպում ու շնորհակալության խոսքեր են ասում դպրոցականներին, որոնք էլ խնամում ու մաքուր են պահում հուշարձանը:

Այսքան տարիներ անց էլ, արցունքները կոկորդում խեղդելով, տիկին Լյուսյան ասում է, որ գոնե լավ է, հոր գերեզմանը գտնել կարողացան, բայց, ցավոք, հոր մահվան մասին որևէ տվյալ իմանալ չեն կարողացել. մսաղաց է եղել, հազարավոր մարդիկ են մահացել:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

SՍեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեցին սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորեցին հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձան  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության  և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և  պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։

Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

10728_am_1Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մուշեղ Աբգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։

 

***

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. մայիսի 21, ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Սարալանջ

Կրթություն
1996-1999 թթ. – Ապարան քաղաքի Գիտությունների ազգային ակադեմիային կից ֆիզիկամաթեմատիկական դպրոց
1999-2004 թթ. – Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտության ֆակուլտետ, պատմաբան-իրավագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն
2008–2011 թթ. – Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրեն
2009–2013 թթ. – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար
2013 թ. առ այսօր – «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար
2013 թ. սեպտեմբերի 28-ից` ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
2004–2006 թթ. ծառայել է ԼՂՀ 3-րդ պաշտպանական շրջանում՝ որպես նռնականետային դասակի հրամանատար: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
 

Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը

004Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ:
Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, թարմացվել է նաև մանկապարտեզի գույքը: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանի կողմից նախակրթարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:
Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերի շրջանակում այս տարի ընդգրկված են շուրջ 28 մանկապարտեզների հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեժ գծերի մասին իրազեկման աշխատանքների հերթական փուլն ավարտվել է

003 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի կողմից կազմակերպված քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տարածման հերթական փուլն ավարտվել է:

Աշխատանքներին ներգրավվել էր ավելի քան 50 կամավոր, որոնք, շրջելով տուն առ տուն, քաղաքացիներին են փոխանցել հեռախոսահամարները հուշող թերթիկներ:
Նախաձեռնության գլխավոր նպատակը բնակիչների և վարչական շրջաններ-քաղաքապետարան կապի ամրապնդումն է, որի արդյունքում հնարավոր է դառնում բնակիչներին հուզող խնդիրներին օպերատիվ կերպով լուծումներ տալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն