Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստից առաջ պատվիրակներին, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն նշել է, որ ԱՊՀ-ի շուրջ համախմբումը և համագործակցության փորձը լավ նախադրյալներ են ստեղծել ինտեգրացիոն գործընթացներում նոր հեռանկարներ բացահայտելու առումով: Ըստ նրա` այսօր անհրաժեշտ է ավելի խորացնել ԱՊՀ անդամ երկրների համագործակցությունն, քանի որ դա բխում է ոչ միայն պետությունների, այլև ժողովուրդների շահերից: Բելառուսի նախագահն ընդգծել է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու համաձայնագրի կարևորությունը և նշել, որ տնտեսական համագործակցության նման օրինակներ ԱՊՀ երկրների միջև պետք է ավելի շատ լինեն:
Այսօր առավոտյան կայացել է նաև Հայաստանի և Բելառուսի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Միխայիլ Մյասնիկովիչի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման, Բելառուսի և Գյումրիի տեխնոպարկերի միջև փոխգործակցության և առհասարակ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի:
Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են նաև Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրության հնարավորությունը: Մտքեր են փոխանակվել ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին կողմերի մասնակցության և տվյալ ոլորտում համագործակցության հեռանկարների, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակման հետ կապված հարցերի շուրջ:
Հոգեբուժարան տեղափոխված Կոմիտասի պողոտայի բնակիչը պայքարելու է իր խախտված իրավունքների համար
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կրկին այցելեցին Ավանի հոգեբուժարանում գտնվող Կոմիտասի 56 շենքի 115 բնակարանի բնակիչ Ամալյա Նազարեթյանին. այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Առաջին այցելության ժամանակ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հնարավորություն չէին ունեցել զրուցելու տիկին Ամալյայի հետ, քանի որ նա եղել է քնաբեր դեղերի ազդցության տակ: Միայն ծանոթացել են փաստաթղթերին, գրանցումներին, մասնավորապես, թե որքանով են դրանք համապատասխանում օրենքին: Գրանցամատյանը ցույց տալիս հոգեբուժարանի հերթապահ բժիշկ Գագիկ Թադևոսյանը հայտնել է, որ Ամալյա Նազարեթյանը երկրորդ անգամ է հաշվառված իրենց մոտ:
Երկրորդ այցելության ժամանակ արդեն, հոգեբուժարանի համապատասխան բաժանմունքի վարիչը հայտնել է, որ Գ. Թադևոսյանի կողմից հայտնած տեղեկությունը սխալմունք է եղել և Ամալյա Նազարեթյանը նախկինում երբևէ հաշվառված չի եղել հոգեբուժարանում, ավելին, որևէ առնչություն չի ունեցել այդ հաստատության հետ:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրավասու չէ հաստատել կամ ժխտել տիկնոջ հոգեկան վիճակի մասին տեղեկությունները կամ որևէ ախտորոշում տալ դրանց, պարզապես փոխանցել ենք հոգեբուժարանի բժշկի տրամադրած ոչ ճիշտ տվյալները, որի համար ներողություն ենք խնդրում տիկին Ամալյայից:
Երեկ, այցելության ժամանակ Ա. Նազարեթյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում է փոխանցել, որի մեջ նշել է, որ իրեն խաբեությամբ են տարել հոգեբուժարան: Նա նշել է նաև, որ առաջին մի քանի օրը նրան շատ վատ են վերաբերվել, սակայն իր անձի շուրջ բարձրացված աղմուկից հետո կտրուկ փոխել են իրենց վերաբերմունքը իր հանդեպ:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում կինը ցուցաբերել է նորմալ, համարժեք պահվածք, նրա կողմից որևէ ագրեսիվ վարքագիծ կամ տարօրինակություններ չեն նկտավել, ավելին, բոլոր հարցերին արձագանքել է և լիարժեք պատասխաններ տվել: Նրա բուժող բժիշկը կնոջ նման վիճակը վերագրել է այս օրերին ստացած ստացիոնար բուժմանը:
Ամալյա Նազարեթյանը հայտնել է, որ հոգեբուժարանից դուրս գալուն պես պատրաստվում է վերականգնել իր խախտված իրավունքները և դրա համար դիմել բոլոր պատասխանատու մարմիններն:
Միաժամանակ, Ա. Նազարեթյանի հոգեբուժարան տեղափոխելու պատճառները պարզելու համար Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները այցելել են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին:
Տեղեկացնենք, որ քանի որ Ավանի հոգեբուժարանի բժիշկների տրամադրած տվյալներում եղել են ոչ ստույգ տվյալներ և հնարավոր է լինեն այլ անճշտություններ ևս, Պաշտպանի աշխատակազմը հետևողական է լինելու և մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը: Անհրաժեշտության դեպքում համապատասխան հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հնրավոր է ստեղծվի հատուկ մասնագետներից բաղկացած հանձնաժողով , որը ևս մեկ անգամ քննության կառնի Ամալյա Նազարեթյանի հոգեկան առողջության վիճակը:
Հայաստանի ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին
Մայիսի 31-ին Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդում
Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող Եվրոպայի
խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց եվրոպական ամենահին և
հեղինակավոր կառույցում՝ Եվրախորհրդում, Հայաստանի նախագահության
գերակայությունները և գործունեության ծրագիրը։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության
գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջև
ծառացած մարտահրավերները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին,
որոնք առավել էական են և պահանջում են անհապաղ արձագանք:
«Շարունակելու ենք աջակցել Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝
Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության
արդյունավետությունը բարձրացնելու համար:
Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և
այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով
եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի
գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև
ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական
ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:
Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ատելության ու
անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական և այլատյացության
հռետորաբանության՝ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու
անթույլատրելիությունը, քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները,
հասարակության մոտ թշնամու կերպար ստեղծում և անվստահություն սերմանում,
ինչպես նաև բերում է ատելության հողի վրա հանցագործությունների
խրախուսմանը: Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ
գործադրվող ջանքերին՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված
Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ
պայքարին:
Տեղական ժողովրդավարությունը գերակայության ոլորտ է եղել մի շարք նախկին
նախագահությունների համար, և այն մնալու է մեր գերակայությունների
շարքում, քանի որ մենք իրապես հավատում ենք, որ տեղական
ժողովրդավարությունը հասարակության ժողովրդավարական զարգացման համար
առանցքային բաղադրիչ է հանդիսանում:
Կրթությունը նույնպես կլինի Հայաստանի նախագահության ուշադրության
կենտրոնում։ Մենք մեր նպաստը կբերենք բարձրագույն կրթության ոլորտին
վերաբերող թեմաների շուրջ երկխոսությանը: Եվրոպայի խորհուրդը կարևոր
աշխատանք է իրականացնում ի աջակցություն Բոլոնիայի գործընթացի, որը
ներկայումս առաջնորդում է Հայաստանը։
Հատուկ ուշադրություն ենք դարձնելու մասնակցային ժողովրդավարությանը և
համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես երիտասարդության շրջանում:
Հայաստանի նախագահությունը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի
գործունեության մշակութային հարթությանը, որը նպատակաուղղված է Եվրոպայի
հարուստ և բազմազան մշակութային ժառանգության մասին իրազեկության
բարձրացմանը:
Հայաստանի նախագահությունը նաև կնպաստի Եվրոպայի խորհրդի՝ այլ
միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացմանը:
Նախագահության ընթացքում մենք սերտորեն կաշխատենք Եվրոպայի խորհրդի
Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և ռեգիոնալ իշխանությունների
կոնգրեսի հետ», -ասաց նախարար Նալբանդյանը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստի
մասնակիցներին տեղեկացրեց մայիսի 16-ին կայացած ԵԽ նախարարների կոմիտեի
արդյունքների և ընդունած որոշումների մասին, որոնք վերաբերում են Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման արդյունավետության
բարձրացմանը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների
իրագործման նկատմամբ վերահոսկողությանը, Եվրոպայի խորհուրդ – Եվրոպական
միություն համագործակցությանը՝ այս առումով կարևորելով ԵՄ միացումը
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենիցային, հարևան տարածաշրջանների
նկատմամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականությանը։
Ելույթում նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրոպայի խորհրդի նախարարների
կոմիտեի և ԵԽԽՎ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այդ
կառույցներն միևնույն նպատակն են հետապնդում՝ առաջ մղել մարդու
իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները։
«Էական է, որ Նախարարների կոմիտեն և ԵԽԽՎ-ն աշխատեն իրենց մանդատներին
համապատասխան, աշխատեն համահունչ՝ կազմակերպության առջև դրված
նպատակներին հասնելու համար։ Սա իհարկե չի նշանակում, որ այս մարմինների
տեսակետերն ու մոտեցումները պետք է պարտադիր կերպով նույնը լինեն։
Յուրաքանչյուրն ունի հստակ գործառույթներ և երևույթները դիտարկում է հենց
այդ տեսանկյունից։ ԵԽ-ում Հայաստանի նախագահությունը ցանկանում է և
պատրաստակամ է բարի կամքով և համագործակցաբար աշխատել ԵԽԽՎ հետ՝
նպաստելու կազմակերպության նպատակների իրականացմանը և ամրապնդելու
քաղաքական երկխոսությանը Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի միջև»,- ասաց
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստին մասնակցող խորհրդարանականների կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին պատասխանող բազմաթիվ հարցերի։
ԵՊՀ-ի դիմորդների թիվը կրճատվել է, բնագիտական մասնագիտություններով էլ դիմորդներ գրեթե չկան
Դիմորդները մինչև հունիսի 1-ի երեկոյան 18-ը դեռ կարող են դիմել իրենց նախընտրած բուհը` համապատասխան հայտը լրացնելով:
Այս տարի մայր բուհի դիմորդների թիվը այսօրվա` մայիսի 31-ի դրությամբ 3882 է. ԵՊՀ-ն այս տարի ունի 2870 վճարովի և 338 անվճար ուսանողական տեղ: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Էմին Սանթրոսյանն ասում է, որ նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 1400-ով:
Սանթրոսյանի կարծիքով` դիմորդների պակասի պատճառը ընդհանուր դիմորդների թվի կրճատումն է:
Այս տարի 2012-ի համեմատությամբ դիմորդների իթվը կրճատվել է 3 հազարով (այս տարի 15 հազար դիմորդ կա նախորդ տարվա 18107-ի փոխարեն):
Սանթրոսյանն ասում է, որ դիմորդներ հատկապես քիչ կան բնագիտական ուղղության ֆակուլտետներում, օրինակ` Քիմիայի ֆակուլտետում 8 անվճար տեղի համար դիմել է 10 դիմորդ, էկոլոգիական քիմիա մասնագիտությամբ 4 անվճար տեղի համար 2 դիմորդ կա, կիսահաղորդիչների ֆիզիկա մասնագիտությամբ 7 անվճար տեղի համար 9 դիմորդ կա, ջրօթերևութաբանություն մասնագիտությամբ 2 անվճար տեղի համար` 4 դիմորդ:
Այս տարի համեմատաբար մեծ է մրցակցությունը Սերվիս ֆակուլտետում` 52 տեղի համար 155 դիմորդ, Հանրային կառավարման ֆակուլտետում` 68 տեղի համար 215 դիմորդ, Լրագրության ֆակուլտետում`65 տեղի համար` 131 դիմորդ, սոցիալական աշխատանք մասնագիտությամբ 43 տեղի համար` 131 դիմորդ:
Ջրակուտակման «դրական կողմերը»` ըստ «Երևան ջուր» ընկերության ներկայացուցչի
«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գտավ գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակման «դրական կողմերը»:
«Ինչու՞ չենք տեսնում, որ տարիներ առաջ մայթային տարածքներն ու փողոցները անբարեկարգ էին, և հորդառատ անձրևները ներծծվում էին հողի մեջ կամ անցնում շենքերի գրուտային շերտերի տակ: Այն, որ քաղաքի կենտրոնում եղան նման ջրակուտակումներ, խոսում է այն մասին, որ փողոցները դարձել են ավելի բարեկարգ, և հին ջրահեռացման համակարգը չի կարողանում հեռացնել այնքան ջուր, որքան կուտակվում է սալիկապատ փողոցներում», – ասաց Կարապետ Օհանյանը և դրական կողմերը առանձնացնելուց հետո չկարողացավ չհամաձայնել լրագրողների հետ, որ անկախ ամեն ինչից, ջրահեռացման համակարգում խնդիրներ կան:
«Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ առաջիկա 1 ամսում կկազմվի ռազմավարական ծրագիր 25-30 փողոցների համար: «Մոտ 30 փողոցներից գուցե ոչ բոլորում հիմա խնդիր կա, բայց տարիներ հետո ջրակուտակման խնդիր կարող է լինել դրանցից յուրաքանչյուրում, ուստի ավելի լավ է նախորոք զբաղվել դրանցով», – ասաց Կարապետ Օհանյանը և խոստացավ լրագրողներին, որ քաղաքապետարանն ու «Երևան ջուր»-ը կանեն ամեն ինչ հետագայում նման վիճակներից խուսափելու համար:
«Ավելին ի՞նչ անենք». Էդ. Նալբանդյանը՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մասին
Երևանում այս պահին ընթանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը` Հայաստանի նախագահության շրջանակներում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, հայտարարեց, որ Մինսկի խմբի երեք համանախագահների ձևաչափը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) շատ արդյունավետ է ու կարևոր: Նա նշեց, որ երեք երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր, որն աննախադեպ է:
Նալբանդյանը հայտնեց, որ յուրաքանչյուր հայտարարություն Հայաստանը ողջունել է և պատրաստակամություն հայտնել գնալու խնդրի լուծման՝ այդ հայտարարությունների հիման վրա: «Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից սատարել Հայաստանի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման: Նման կերպ մենք չենք հասնի հարցի կարգավորման: Մենք ձգտում ենք, որ միջազգային հանրությունն օժանդակի Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշմանը, ինչն էապես կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հարցի կարգավորման լավ հնարավորություն կստեղծվի նաև, եթե նման մոտեցում լինի Ադրբեջանի կողմից:
Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե որքանով է Հայաստանը պատրաստ զիջումներ անելու: Նալբանդյանը պատասխանեց, որ Ադրբեջանի մոտեցումների դիմաց Հայաստանը պատրաստ չէ որևէ զիջման: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա այն ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների միջոցով: «Ադրբեջանը ձևացնում է, թե սատարում է, այսպես կոչված, 2009 թվականի նորացված տարբերակը: Այսինքն, մենք համարում ենք, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որոնք ներկայացրել են երեք համանախագահողները, հնացա՞ծ են»,-հարցրեց Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ անգամ 2009-ի տարբերակը, որին հղում է կատարում Ադրբեջանը, կրկին չի ընդունվել նրո կողմից,-ընդունվել է այնպես, ինչպես Կազանում, Սոչիում, Աստրախանում, Սանկտ-Պետերբուգրում և բոլոր մյուս ժողովներում՝ 10 և ավելի փոփոխություններով հանդերձ: Բայց այդպես չի լինունմ. կա՛մ ընդունում ես, կա՛մ չես ընդունում: Եթե գալիս ես տասը փոփոխությունով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը»,-ասաց:
Նալբանդյանը կրկնեց, որ Հայաստանը ողջունում է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների կողմից ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների, այլև վստահության ամրապնդման միջոցառումներրի և հրադադարի համաձայմնագիրն ամրապնդելու վերաբերյալ. «Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է: Կամ շփման գծի երկայնքով հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելը, դիպուկադարներին շփման գծից հետ քաշելը մենք ընդունում ենք, Ադրբեջանը մերժում է: Կարող եմ շարունակել այսպես: Ավելին ի՞նչ անենք»,-հարցրեց նա:
Նալբանդյանը նաև մի մանրամասն հաղորդեց Դուբլինում կայացած նախարարական վերջին ժողովից, որի ժամանակ երեք համանախագահողները երկու նախարարների հետ միասին քննարկել են համատեղ հայտարարության տեքստը՝ երեք գումարած երկու ձևաչափով. «Ադրբեջանը մերժեց, որովհետև իրենք դեմ էին “հակամարտության խաղաղ կարգավորում” ձևակերպմանը, դեմ էին հրադադարի ամրապնդման մեխանիզմի ստեղծմանը և այլ կետերի: Երեք համանախագահողներն ընդունեցին եռակողմ հայտարարություն, և մենք ասացինք, որ պատրաստ ենք ստորագրել այդ հայտարարության տակ»,-ամփոփեց նախարարը:
«Իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում». Րաֆֆի Էլլիոտտ
Րաֆֆի Էլլիոտտը 24 տարեկան է: Նրա իռլանդացի հայրն ու սիրիահայ մայրը սիրահարվել ու ամուսնացել են Մոնրեալում, որտեղ հայրն իրավաբանություն էր սովորում, մայրը` ատամնաբուժություն: Հայրը շատ հայ ընկերներ ուներ, և մի հավաքույթի ժամանակ ծանոթանում է մոր հետ: Վերջինս ակնարկում է, որ դեղնավուն մազերով ու կարճահասակ տղաների չի հավանում, սակայն ճակատագիրն այնպես է անում, որ ամուսնանում է հենց այդպիսի տղայի հետ: Ազգային պատկանելությունը նրանց ամուսնությանը չի խանգարում, քանի որ երկուսի համար նույնն էին ընտանեկան արժեքները: Միայն թե հայրը սկսում է հայերենի դասերի հաճախել, և հիմա հայերեն ավելի լավ գիտի, քան սիրիահայ մայրը:
Րաֆֆին նրանց առաջնեկն է և միայն արտաքինով է տարբերվում սովորական հայից: Նա ունի նաև քույր ու եղբայր: Հայրը երեք երեխաներին էլ հայկական դպրոց է ուղարկել: Րաֆֆին հիշում է, որ հայրն էր դասերը պարապում, ուղղում իրենց հայերենի սխալները: «Մենք տիպիկ սփյուռքահայի կյանքով էինք ապրում»,- ասում է նա:
Միգուցե շատերին տարօրինակ թվա, որ իռլանդացի հայրն իր երեխաների մեջ ջերմեռանդորեն հայություն էր սերմանում, սակայն Րաֆֆին դա հետևյալ կերպ է բացատրում. «Նախ` հայրս մորս շատ էր սիրում, բայց կար նաև այլ պատճառ. հայրս հասկանում էր հայոց պայքարը, որ մենք ցեղասպանության սերունդներն ենք, և եթե մենք էլ հայ չմեծանանք, ապա դրանով ցեղասպանությունը կշարունակվի»:
Ամեն կիրակի հայրը ստիպում էր, որ երեխաները գնան հայկական եկեղեցի, հաճախեն հայկական խմբակներ: Սակայն Րաֆֆին խոստովանում է, որ սկզբում դա իրեն դուր չէր գալիս. մտածում էր` ինչո՞ւ պիտի իր ընկերներն անգլերեն, ֆրանսերեն սովորեն, իսկ ինքն այդ դժվար հայոց լեզուն:
Րաֆֆիի մայրը 88-ի երկրաշարժից հետո սերտ կապեր է հաստատում Գյումրիի հետ, զբաղվում բարեգործությամբ և հաճախ էր Րաֆֆիի հետ այցելում Գյումրի: Պատահական չէ, որ Րաֆֆիի ֆեյսբուքյան էջի անձնական տվյալներում նշված է, որ ինքը ոչ թե Կանադայից է կամ Երևանից, այլ Գյումրիից: Ի դեպ, ֆեյսբուքում նա իր ազգանվանը նաև «յան» է ավելացրել`դարձնելով Էլլիոտտյան:
2006-ին, երբ 14 տարեկան էր, Հայաստան է գալիս ընկերների հետ և երեք շաբաթ մանկատներից մեկում կամավորական աշխատանք կատարում: Վերադառնալով Կանադա` զգում է, որ այս այցն իր մեջ շատ բան է փոխել: «Ես միշտ զգում էի, որ Կանադայում անհանգիստ եմ, բայց պատճառը չէի հասկանում»,- ասում է նա ու բացատրում,- հայրս արմատներով իռլանդացի է, բայց մենք մի քանի սերունդ արդեն Կանադայում ենք և խորը արմատներ ենք գցել այնտեղ: Հորս քեռին Կանադայի վարչապետն է եղել 1983-93 թվականներին, և մեզ համար որևէ բարդություն չի եղել: Սակայն ես չէի հասկանում` ո՞րն է կանադացին, ինձ համար անընդունելի էր, որ մի քանի սերունդ այնտեղ ապրողը և մի քանի օր առաջ եկածը նույն կանադացին են: Իսկ Հայաստանում ուրիշ է`մի ազգ է, մի մշակույթ, մեզ միավորում են նույն ցավերը, նույն նպատակը, և դա ինձ ավելի հոգեհարազատ է»:
Րաֆֆին սկսում է պայքարել Հայաստանի համար: Բոլոր հայկական նախաձեռնություններին արդեն մասնակցում է ոչ թե պարտադրաբար, այլ մեծ ցանկությամբ: Ավելին, քոլեջում և համալսարանում հայ ուսանողական միություն է հիմնում: Երկու տարի առաջ նա մի ծրագրով գալիս է Հայաստան աշխատելու և որոշում է մնալ: Այժմ արդեն սեփական բիզնեսն է հիմնել բարձր տեխնոլոգիաների ծառայությունների ոլորտում, որը գտնվում է Գյումրիում: Ասում է, որ մարզերը պետք է զարգացնել, այնտեղ նույնպես ներուժ կա: Աշխատում է նաև իր մասնագիտությամբ` քաղաքական տնտեսագիտությամբ` խորհրդատվություն իրականացնելով տարբեր կազմակերպությունների համար:
Րաֆֆին սիրում է Հայաստանը և անկեղծորեն զարմանում, որ մարդիկ այստեղից հեռանում են: Մյուս կողմից` խիստ քննադատաբար է վերաբերվում իշխանություններին և հասկանում, որ լուրջ քայլեր են անհրաժեշտ երկրի վիճակը փոխելու համար: Ինչ վերաբերում է հայկական մտածելակերպին, ապա շփվելով հայերի հետ աշխարհի տարբեր վայրերում` նկատել է, որ նրանք ամեն տեղ նույնն են` սիրում են տխուր հոգեվիճակը. «Երբ հային հարցնում ես` ո՞նց ես, երբեք չի ասում` լավ, միշտ ասում է` ոչինչ, վատ կամ շատ վատ: Հայերն իրենց մեջ մտցրել են, որ չի կարելի լավ կյանք ունենալ, և եթե հայ ես, ուրեմն պիտի դժգոհ լինես: Շատերը նույնիսկ մտածում են, որ օտար երկիր գնալուն պես իրենց կյանքը կփոխվի: Ոչ, էդպես չի»,- ասում է նա:
Նաև նկատել է, որ հայերը սիրում են ուրիշին մեղադրել, բայց երբեք սեփական սխալները չեն ընդունում: Օրինակ, երբ տաքսի է նստում, վարորդը հարցուփորձ է անում և երբ իմանում է, որ Կանադայից է եկել, զարմանում է, ասում, թե այստեղ ի՞նչ կա, բոլորը խաբում են, սուտ են խոսում և այլն. «Բայց վերջում նույն վարորդը մինիմալ ճանապարհի համար ինձանից 2000 դրամ է ուզում… և կարծում է, որ եթե գնա Կանադա, ապա իր բոլոր խնդիրները կլուծվեն: Ոչ, որովհետև ինքն է անառողջ, նախ ինքն իր մեջ պետք է խնդիրները լուծի»:
Րաֆֆին նաև զարմանում է, որ բոլորը դժգոհ են, բայց չեն պայքարում իրենց իրավունքների համար, մինչդեռ Կանադան հեշտությամբ ձեռք չի բերել այն, ինչ այսօր ունի. մարդիկ 200 տարի պայքարել են դրա համար: Այնուամենայնիվ, նա երիտասարդների մեջ ներուժ տեսնում է և հավատում, որ երիտասարդությունը պիտի փոխի հայաստանյան իրավիճակը. «Վախը միայն այն է, որ շատերը գնացել են և կարող է` այդ մի փոքր առողջ հատվածն էլ գնա»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է իրեն, ապա իր համար Հայաստանը լավ երկիր է, և կնախընտրեր իր զավակներին այստեղ մեծացնել: «Ես հարգում եմ իմ իռլանդական, կանադական արմատները, բայց իմ ապագան տեսնում եմ Հայաստանում: Իսկ իռլանդական արյունն ու կանադական արժեքներն ինձ ավելի լավ հայ են դարձնում»,- ասում է նա:
Քրիստինե Մելքոնյանը ևս չի հասկանում քաղաքապետարանին
Հանրապետության հրապարակը բարեկարգելու քաղաքապետարանի որոշումը զայրացրել է ոչ միայն ArmNews հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանին, Հանրային հեռուստաընկերության առաջին դեմքերից մեկը` Քրիստինե Մելքոնյանը ևս չի հասկանում քաղաքապետարանի հայտարարության իմաստը երկրում տիրող վիճակի ֆոնին:
«Կարդացել եմ քաղաքապետարանի հայտարարությունը` հրապարակը նորոգելու բաց մրցութի մասին ու հատկապես «ազդեցիկ» էր հիմավորումը` «ի վերջո՝ Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության
խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային
միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման արդյունքում, ունի որոշակի դժվարություններ, զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում»: Մեղմ ասած, ԶԱՎԵՇՏ է: Լենինի արձանը հանելուց հետո բազմակի նորոգումների ընթացքում ոչ մի նախագծող, ճարտարապետ, շինարար գլխի չնկա՞վ, որ սենց լուրջ «անհարմարություններ» են լինելու: Էս քաղաքը ուրիշ պրոբլեմ չունի՞: Ունի’ և շա’տ……վստահ եմ, որ քաղաքապետարանն էլ գիտի դրանց մասին` գոնե քարոզարշավի ընթացքում էդպես էր թվում: Հենց այդ պատճառով, ոչ մի կերպ չեմ հասկանում այս ձեռնարկի տրամաբանությունը: Ինչու՞ եք արժեզրկում, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ, ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ, էլ չեմ ասում` ՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ձևակերպումներն ու քաղաքացուն ստիպում չսիրել իր քաղաքը…», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինե Մելքոնյանը:
Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին. Արտակ Ալեքսանյան
Հեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ մի գրառում կատարեց` իր վրդովմունքը հայտնելով քաղաքապետարանի` կենտրոնը բարեկարգելու որոշմանը: Գրառումը մեջբերում ենք առանց կրճատման.
«Մի գրառում էի արել, որ երկիրը լքում է ադեկվատության զգացումը: Գրելուց հետո մտածում էի, որ կարծես թե մի քիչ չափազանցրել էի, գույները խիտ էի ներկայացրել: Բայց պարզվեց` ընդհակառակը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Երկար բացատրություն էր այն մասին, որ իրականում ծանրաբեռնված է երթևեկությունը, որ չի ծառայում իր նպատակին: Հասկանալի է , որ այդ շինարարությունը առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու: Ամենաքիչը` 150 մլն դրամ: Կարդում եմ և ուղեղումս չի տեղավորվում: Լու՞րջ է սա, թե՞ կատակ: Լավ, էս քաղաքում էդքան փող վատնելու տեղ չկա՞: Ախր մի քանի շաբաթ է անցել ընտրություններից, երբ բոլորը խոսում էին Երևանի ահավոր շատ պրոբլեմներից` ջրամատակարարումից մինչև քանդված շենքեր, չաշխատող վերելակներից մինչև վթարային հանրակացարաններ: Ի՞նչ եք կպել կենտրոնից ու պոկ չեք գալիս: Եթե խնդիրը մի երկու շենք քանդելն է, քանդեք, էլ խի՞ եք էդքան փող ծախսում: Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին: Ախր, սա ցինիկության գերադրական աստիճանն է, սա իրականությունից կտրվել է, ու այնպես կտրվել, որ չհասկանալ, որ երևանը էլ ցավ ու դարդ չունի, հիմա Հանրապետության հրապարակը պետք է նորոգել: Թող էդ գումարով շատ չէ, 10 հատ վերելակ գնեն, թող էդ գումարով շատ չէ, թող 10 ընտանիքի, էն որբերի, որ ապրում են անտանելի հանրակացարանում, բնակարան գնեն: Ախր ո՞նց կարելի է էս թանկացման ֆոնին էդ փողը ծախսել հրապարակի վրա: Լավ, կարելի է ճաշակ չխաղալ ժանտախտի ժամանակ: Չէ որ խոստացել էին, որ ծայրամասերին ուշադրություն կդարձնեն: Դե դարձրեք: Ինչի եք վեցերորդ անգամ ռեդիզայն անում հրապարակը: Հեսա էլի ամառ է գալու, էլի փակելու են հրապարակը ու էս շոգին էլի խցանումներ են լինելու: Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի՞ է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից», – գրել է Արտակ Ալեքսանյանը ու վերջում պատասխան չի գտել, – «Եսիմ է…»:
Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը
«Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր». պաշտպանության նախարարը հանդիպել է ազատամարտիկներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: «Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:
«Շուշի-92» ազատամարտիկների և Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գևորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք և գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին: Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում, թոշակների և այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում»,- նշել է Ջուլիետա Գևորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը:
Իրավախորհդատվական աջակցություն զորակոչիկներին
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:
Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին:
Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում:
Ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը
ՀՀ պաշտպանության նախարարությունում մայիսի 30-ին ամփոփվեց «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցների կողմից մի շարք առաջարկներ արվեցին` միտված սպա-հոգեբանների համակարգի զարգացմանը, ինչպես նաև ռազմական հոգեբանների գիտելիքների և հմտությունների, մասնագետական ունակությունների բարձրացմանը: Ներկայացվեցին նաև զինվորականների շրջանում կոնֆլիկտների առաջացման հոգեբանական գործոնները, նշվեցին դրանց վերացման ուղիները, այդ համատեքստում ընդգծվեց սպայական անձնակազմի վերապատրաստման կարևորությունը:
Ողջունելով մասնակիցներին և իր գոհունակությունը հայտնելով գիտաժողովի անցկացման կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց ռազմական հոգեբանության գործոնը զինված ուժերում` նշելով, որ այն կարող է վեր հանել և՛ բացասական, և՛ դրական երևույթները` լուծում տալով ծառացած խնդիրներին: Պաշտպանության նախարարը հավելեց, որ հոգեբանական պատրաստության աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն զինծառայողի բարձր պատրաստվածության, առաջադրված խնդիրներն արդյունավետ կատարելու դեպքում: Այս առումով Սեյրան Օհանյանը կարևորեց վարժանքների անցկացումը զինծառայողների հոգեբանական զարգացման և մարտական ոգու կոփման գոծում: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց մայրենի լեզվի ուսուցման և ընդհանրապես կրթական պրոցեսի վրա:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` կարևորագույն խնդիրներից է հաղթողի կերպարի ձևավորումը հասարակության շրջանում, հատկապես` բանակում. «Բանակը բոլոր երկրներում, առավել ևս մեր իրականությունում, ընկալվում է որպես սրբություն: Մեր բանակը կռվել, հաղթել է և այսօր էլ հայրենիքի սահմաններն է պաշտպանում: Հաղթողի գործոնը, հաղթողի կերպարը հարկավոր է խորապես ներկայացնել հասարակությանը` ընդգծելով այն ամբողջ դրականը, որ կա բանակում, նաև` բանակի քրտնաջան աշխատանքն ու այն քննությունը, որ բանակն ամեն օր հանձնում է սահմանները պաշտպանելիս»,- եզրահանգեց պաշտպանության նախարարը:
Ավարտին Սեյրան Օհանյանը նախանշեց հետագա անելիքները` աշխատանքները գործնական փուլ տեղափոխելու համար, ինչպես նաև գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:
«Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին
Մայիսի 30-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։
Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։
Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները վարպետության դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։
«Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը տեղեկացրեց, որ թրեյնինգները միտված են թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծմանը։ «Մենք ունենք այն ներուժը, որպեսզի պետական, մասնավոր և հասարակական սեկտորների համագործակցության արդյունքում կենդանիների գլխաքանաքի վերահսկման խնդիրը լուծենք ամբողջությամբ»,- նշեց Նարե Արամյանը։
«Յունիգրաֆ իքս» ընկերությունը բաց է համագործակցության համար և պատրաստ է գործակցել թափառող կենդանիների խնդրով մտահոգ ցանկացած կազմակերպության հետ։
«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները առաջարկում են հասարակական լսումներն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում
Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմակերպած քննարկումը տապալվեց, քանի որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին հասարակական լայն շրջանակների համար համապատասխան պայմաններ ստեղծել նորմալ հանրային լսումներ անցկացնելու համար: Ստացվեց այնպես, որ քաղաքացիների մի մասին թույլ տվեցին մասնակցել քննարկմանը, իսկ բազմաթիվ շահագրգիռ քաղաքացիների չթողեցին ներս մտնել, քանի որ Հանձնաժողովը լսումների համար նորմալ պայմաններ չէր ապահովել: Բացի այդ դահլիճը պատրաստ չէր որևէ քննարկման` թե չափերով, թե տեխնիկական հնարավորություններով: Չկար բարձախոս և դրա բացակայության պատճառով հարցերը գոռալով էին տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը, ով մասնավորապես նշեց. «Հանձնաժողովը կոչվում է հանրային ծառայությունները կարգավորող, բայց հանրության հետ աշխատելու ձև չգիտի: Հանձնաժողովի գործառույթը մարդկանց հետ աշխատելն է, նրանց լսելը, բայց երեկ պարզ դարձավ, որ այդ այնտեղ որևէ մեկը չի ուզում լսել հանրությանը, այսինքն` կատարում է քաղաքական պատվեր»:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին են հանձնելու դիմում` առաջարկելով, որ գազի թանկացման վերաբերյալ հասարակական քննարկում անցկացնելու համար տրամադրվի կառավարության նիստերի դահլիճը: Բացի այդ, նախատեսում են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի քննարկման դրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեությունը:
Դոլարը`417.49 դրամ
Մոռացել ենք առաջին hանրապետության ղեկավարների ազնվությունը
Հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ժամանակ պետականությունը` անկախությունը, մեր ժողովրդին տրվեց իրադրության հանգամանքների պայմաններում, բայց այն մեզ չտրվեց ինքնըստինքյան, ինչպես երկար ժամանակ նշվում էր:
Ուրիշները անկախություն ստացան, մենք` վերանվաճեցինք
Հիշենք, որ 1918 թ. դեռևս գործում էր Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և ադրբեջանցիների ազգային խորհուրդներից: Այդ ժամանակ թուրքական կողմը պահանջում էր առանձին երկրների հետ պայմանագրերի կնքում, և կովկասյան իշխանություններն էլ արդեն որոշ չափով հեղինակազրկվել էին: Այս իրավիճակում մայիսի 26-ին Սեյմը նիստ գումարեց, ու հենց այդ նիստի ժամանակ էլ լուծարվեց: Դրանից հետո Վրաց ազգային խորհուրդը մայիսի 26-ին նիստ գումարեց ու Վրաստանը հայտարարեց անկախ: Դրա հաջորդ օրը` մայիսի 27-ին, արդեն Ադրբեջանի ազգային խորհուրդը նիստ գումարեց և անկախ հռչակեց թաթարական այդ պետությունը` Ադրբեջանական Հանրապետությունը: Եվ այդ պայմաններում Հայաստանն արդեն մնացել էր միայնակ: Ուստի մայիսի 28-ին էլ Հայոց ազգային խորհուրդը Հայստանը հռչակեց անկախ պետություն, Թիֆլիսում էլ իրեն հռչակեց Հանրապետության գերագույն մարմին:
Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, օրենքներ մշակվեցին, որ պետք է դրվեին շրջանառության մեջ և այլն:
Բայց, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ինքնըստինքյան չկայացավ, դրա համար հայ ժողովուրդը դեռ պետք է հերոսամարտ մղեր: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց այնպիսի ծանր պայմաններում, երբ միայն 180 հազար հոգի զոհ գնացին սովին ու համաճարակներին, այդ ժամանակ Էջմիածնում և հարակից շրջաններում կային ավելի քան 450 հազար գաղթականներ և այլն: Այս պայմաններում նորաստեղծ պետականության իշխանությունների գերխնդիրները շատ-շատ էին. պետք էր այդ մարդկանց կերակրել, օթևանով ապահովել, աշխատանք տալ և այլն: Եվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով ու այդպիսի ծանր պայմաններում, թուրքական հոծ բանակի սպառնալիքի ներքո, հայերը վերագտան իրենց անկախությունն ու պետականությունը: Այդ իսկ պատճառով արդարև Հայաստանի երրորդ Հանրապետությունը համարվում է առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը:
Եթե համեմատենք առաջին և երրորդ հանրապետությունների ձևավորման սկզբնական ժամանակները, ապա տեսնում ենք, որ որոշակի տարբերություններով, բայց իրավիճակային խիստ նմանություններ կան` սով, գաղթականություն, աղքատություն, պատերազմ առաջին հանարապետության դեպքում և երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, թուրք-ադրբեջանական շրջափակում, այս անգամ Ադրբեջանից հայ փախստականների հոսք դեպի հանրապետություն և երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրերին:
Առաջին հանրապետության ղեկավարների տված դասերը չենք սերտել
Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, թե ինչպես գոյատևեց այդ 2.5 տարիներին առաջին հանրապետությունը, և ինչու կորցրեց իր անկախությունը, անցնենք այլ հարցի:
Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջանում հիշել, որ առաջին Հանրապետության ղեկավարներն ազնիվ մարդիկ էին, ինչպես հիմա պնդում են պատմագետներն ու պատմաբանները:
Բերենք մի քանի օրինակ: Հովհաննես Քաջազնունին, որ առաջին հանրապետության վարչապետն էր 1919 թ., գտնվելով ծանր սոցիալական վիճակում ու գումար չունենալով, արտասահման մեկնեց` վաճառելով իր վերարկուն ու դրանից ստացված գումարով տոմս գնեց: «Հավաստի տվյալներ եմ ասում. քանի որ հնարավորություններ չունեին, պետությունը սուղ միջոցներ ուներ ու պայմանների տեսանկյունից բավականին ծանր վիճակում գոյատևող պետություն էր, ու հենց այդ պայմաններում վարչապետը ստիպված էր Ամերիկա մեկնելուց առաջ վաճառել իր վերարկուն ու ստացված գումարը ծախսել տոմս գնելու վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ 1919 թ. մարտից մայիսն ընկած շրջանը, երբ Հայաստանն արտասահմանից առաջին օգնությունը ստացավ, նա թողեց վարչապետությունը` զբաղվելու համար այդ օգնությունը Հայաստան հասցնելու գործերով, քանի որ գլխավորը դա էր համարում»,- առաջին հանրապետության ղեկավարների մասին պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Մի ուրիշ օրինակ է այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետության ՛ վարչապետներ Քաջազնունու և Համո Օհանջանյանի որդիները զոհվեցին 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ:
Հարկ է հիշել, որ Էջմիածնի վեհարանի դռները Հովհաննես Թումանյանի պահանջով բացվեցին գաղթականներին օթևան տալու համար: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտերին մասնակցում էին բոլորը` սկսած կաթողիկոսից, գրողներից և վերջացրած հարուստներով, գյուղացիներով, ժողովրդով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից գլխավորը` Արամ Մանուկյանը. մահացավ այդ օրերին հազարավոր հայերի կյանք խլած համաճարակից` բծավոր տիֆից: Որովհետև, ինչպես նշում են պատմաբանները, Երևանի դիկտատորը հրաժարվել էր իրեն հասանելիք դեղամիջոցից, որպեսզի իր բաժին դեղով ուրիշ` աղքատ մարդիկ ապաքինվեին:
«Այսօրվա ղեկավարության մեջ էլ, իհարկե, նվիրյալ մարդիկ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ինքնազոհողության, բայց այն նվիրումը, որ այն ժամանակվա ղեկավարության մեծ մասի մոտ կար, այսօր, ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում, երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը հիմա ես չեմ կարծում, որ ղեկավարության մեջ լինի այնքան շատ, ինչքան առաջին հանրապետությունում, ավելի շատ շահադիտական նկատառումներ եմ տեսնում այսօր: Մյուս կարևոր հանգամանքը. նրանք չէին խորշում անգամ իրենց որդիներին բանակ զորակոչելուց, ինչպես Համո Օհանջանյանի որդին զոհվեց հենց պատերազմի ժամանակ: Եվ բոլոր ղեկավարների զավակների միջև հավասարություն էին դնում, տարբերություն չկար մեծահարուստի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջև: Իսկ այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է մեկնում ծառայության, ու մեկնելիս էլ ինչպիսի՞ պայմաններում է ծառայում»,- նշում է Էդիկ Մինասյանը:
Այսպիսի օրինակներն առաջին Հանրապետության ղեկավարների մեջ շատ են: Ու հենց նրանց ջանքերի շնորհիվ էր, որ առաջին շրջանում պետականության կառուցումը կայացավ: Մենք, իսկապես, շատ դասեր ունենք քաղելու այդ ղեկավարներից, առաջին հանրապետության կարճ, բայց բուռն ու բովանդակալից գոյության պատմությունից: Հենց այն պարզ պատճառով, որ պատմությունը շատ հաճախ կրկնվում է:
Եվ երբ նայում ենք առաջին հանրապետության ղեկավարների վարքին ու կենցաղավարությանը, ապա նայում ենք նեկայիս հանրապետության «էլիտայի» վարքուբարքին, հարց է առաջանում` ներկայիս հանրապետության ղեկավարները դասեր քաղե՞լ են առաջին հանրապետության ղեկավարների թե՛ սխալներից, թե՛ ուսանելի փորձից ու կենսակերպից: Եվ ուզո՞ւմ են քաղել:
Այն ամենը, ինչ պետք է անի կառավարությունը 2013-ին…
Անցյալ շաբաթ` թեժ քննարկումներից հետո, Ազգայն ժողովը հաստատեց կառավարության 2013 թվականի ծրագիրը: Ըստ ներածության` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր` յուրաքանչյուր հայի համար:
Խոստանում է կառավարությունը
«Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում: Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ` միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը»,- նշվում է ծրագրում:
Բայց կառավարության ներկայացրած ծրագիրը խոստանում է նաև, որ յուրաքանչյուր ոք կստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից: Քայլեր կձեռնարկվեն միջին մասնագիտական կրթության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ, անապահով ընտանիքների երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը` ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակների աճին զուգընթաց` այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիների տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից` որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ` համակարգի մասնակիցների համար:
«Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսվարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն»,- ասում է կառավարությունը և հավելում, որ յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր:
Ծրագրին կողմ քվեարկածները համաձայն են այն մտքին, որ ՀՀ կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները` նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Հայաստանում շատ ծրագրեր են «գերեզման իջել»
Բայց փոխարենը համակարծիք չեն ընդդիմության` Աժ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկած ներկայացուցիչները: Մեր երկրում «ավանդաբար» այնպես է ստացվել, որ ազգաբնակչությունը հիմնականում դժգոհում է: Ու նաև այնպես են դասավորվել իրադարձությունները, որ ընդդիմությունը, հատկապես վերջին մի քանի տարիներին, անընդհատ քննադատել է իշխանություններին ամենալուսեղ և իրատեսական ծրագրերն անգամ ձախողելու մեջ: Կառավարության այս տարվա ներկայացրած ծրագիրն էլ բացառություն չէր. ընդդիմությունը բացթողումներն է նշում.
«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է` մշուշոտ և անհեռանկարային կետերով: Թիրախային չէ և տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ կառավարության 2013 թվականի ծրագրի մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` նույն անվերահսկելիության հետևանքն է, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականացման համար: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել այս ծրագրին, քանի որ կան նաև լուրջ բացթողումներ: «Ոչ միայն նոր ատոմակայանի, այլև ազգային փոխադրողի մասին, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է: Եթե այս ամենին գումարենք գյուղոլորտի ծանր վիճակն ու թանկացումները, որ շղթայական ռեակցիայի ազդեցություն կարող է ունենալ ժողովրդի կենսամակարդակի վրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ունակ չեն իրականացնելու երկրում հիմնարար բարեփոխումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նման կածիք ունի նաև ոչ խորհրդարանական գործիչ, տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նրա համոզմամբ` կառավարությունն արդեն ցույց է տվել, որ իր ծրագրերին չպետք է լուրջ վերաբերվել, որովհետև նախորդ 5 տարիներին ներկայացված բոլոր խոստումները, որ տվել է` չեն իրականացվել:
«Եվ այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվել են, հիմք են տալիս ենթադրելու, որ անիմաստ է քննարկել անորոշ ձևակերպումներով և ոչ մի կոնկրետություն չպարունակող ծրագիրը: Միակ հիմնական տոկոսները, որ խոստացվել են այս ծրագրով, 5-7 տոկոս ՀՆԱ աճն է. Ու սպասվող գնաճի պայմաններում անվանական ՀՆԱ-ի աճը նույնիսկ ավելի շատ կարող է լինել, բայց դա որևէ կապ չի ունենա իրական տնտեսական փոփոխությունների հետ: Այսինքն` սպասվող ինֆլյացիան ոչ միայն 5-7 տոկոս, այլև երկնիշ թվով ՀՆԱ աճ ցույց կտա, բայց դա վճարունակ պահանջարկի և ժողովրդի եկամուտների հետ ոչ մի կապ չի ունենա»,- ասաց տնտեսագետը:
Ըստ էության` կառավարության ներկայացրած ծրագրում իրոք պակասում են թվային և ցուցանիշային արտահայտությունները, ինչը սովորաբար արվում է այն ժամանակ, երբ ծրագիր գրողը վստահ չէ, որ կիրականանան իր ծրագրային դրույթները: Այսինքն` չկան թվեր, հետևաբար չկա նաև կոնկրետ ցուցանիշ, որը կարող են պահանջել ընդդիմախոսներն այդպիսի ծրագիր ներկայացնողից:
Այսինքն` իրոք ակնհայտ է, որ Հայաստանում գազը թանկանում է, էլեկտրաէներգիան նույնպես, հետևաբար` շղթայական ռեակցիայով այդ թանկացումները կտարածվեն բոլոր ոլորտներում: Սա նշանակում է, որ զուտ տոկոսային արտահայտությամբ երկրի համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, ավելի մեծ թվային արտահայտություն կունենա տարեվերջին: Բայց եթե ՀՆԱ աճն այնպիսին չէ, որ ապահովի վճարունակ պահանջարկի աճ, այսինքն` մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտներ ունենալ և դառնալ ավելի գնողունակ, ապա այդ ՀՆԱ ցուցանիշը, եթե կատարվի, անգամ գերակատարվի էլ, ոչ մի տարբերություն չի լինելու:
Բայց քանի որ կառավարության անդամները պնդում են, համոզված են, որ իրենց ծրագիրը լավ, իրատեսական ու իրականանալի և Հայաստանի ներկա պահանջերին համապատասխան ծրագիր է, սպասենք, թե ինչպես կիրականացվի այս հերթական ծրագիրը:
Հարկ է նշել մեկ հանգամանք ևս. նախորդ տարիներին, երբ կառավարությունը ինչ-որ ծրագիր էր ներկայացնում, ընդդիմադիր ուժերի կողմից, նրանցից գոնե մեկնումեկը, ներկայացնում էին նաև այլընտրանքային ծրագիր: Բայց այս տարի այդ այլընտրանքային ծրագիրն էլ չկա, ու կառավարության ծրագիրը հենված է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի դրույթների վրա:
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի մասնակիցներին և ընդգծել, որ ինչպես նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլև Հայաստանի, Արցախի, Սփյուռքի առջև ծառացած խնդիրներին արդյունավետ արձագանքելու նպատակադրմամբ:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն իր ներածական խոսքում նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարին հագեցած և ընտրական էր. խորհրդարանական, նախագահական, այնուհետև Երևանի ավագանու ընտրությունները հրաշալի առիթ դարձան առկա բոլոր խնդիրները վեր հանելու հանրայնորեն հրապարակային քննարկելու և լուծումների հնարավոր ողջ բազմազանությունը դիտարկելու համար: Նախագահի խոսքով, դեռևս չկա որևէ ծանրակշիռ հարց՝ ազգային, հասարակական, սոցիալ-տնտեսական կամ այլ ոլորտի, որի վերաբերյալ առկա դիրքորոշումներն այդ ընթացքում հնչեցված ու քննության առնված չլինեին: Հանրապետության Նախագահը բնական է համարել, որ դրանք մեր հասարակության մեջ ձևավորել են նաև մեծ սպասումներ, որոնք այդ հարցերի պատասխանատուները պարտավոր են արդարացնել: «Կարծում եմ, որ առաջիկա տարիները ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ողջ հայության համար պետք է լինեն տքնաջան և արդյունավետ աշխատանքի տարիներ: Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը, իսկ ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու և շատ աշխատելու համար:
Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ և բազմաբնույթ մնալ նաև Սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի և սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռևս մնում է որպես բաց վերք: Մենք և՛ որպես պետություն, և՛ որպես հայ ժողովուրդ աջակցում ու աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, անկախ այն բանից՝ նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում:
Համահայկական ոչ մի կառույց այնքան ամբողջական կերպով չի արտացոլում աշխարհի հայության ձգտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որքան «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ուրեմն՝ մենք շատ գործ ունենք անելու և այսքանով բոլորիդ հրավիրում եմ աշխատելու»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2012թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2012թ. կատարած աշխատանքների մասին: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2013»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Պավել Սարգսյան. Պետք է աջակցել պետությանը երիտասարդ սերնդին կրթելու գործում
Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ պատանիների եւ երիտասարդների շրջանում պետության եւ հայրենասիրական արժեքներ ու գաղափարներ սերմանելու համար. այս թեմային անդրադաձան «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «Մենք մեր մասին» ամսագրի հիմնադիր-տնօրեն Պավել Սարգսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Համո Սուքիասյանը եւ Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը:
«Մեր ծրագրերի մի մասն է կազմում «Մենք մեր մասին» ամսագիրը, որը հրատարակվում է ՀՀ մշակույթի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունների ֆինանսավորման միջոցով: Ամսագիրն անվճար բաշխվելու է հանրապետության 10 մարզերում: Կրթության եւ գիտության նախարարության օգնությամբ մենք գտանք երեխաների, ովքեր ծնվել են 1997 թ.-ի մայիսի 28-ին:Մենք նրանց բոլորին տվեցինք միեւնույն հարցը` ինչ է ինձ համար նշանակում անկախ Հայաստանի քաղաքացի լինելը:Նրանց պատասխանները նույնպես ընդգրկվել են ամսագրի այս ամսվա համարում»,-ասաց Պավել Սարգսյանը:
Հիմնադրամի տնօրենը կարծում է, որ պետք է աջակցել պետությանը` երիտասարդ սերնդին կրթելու գործում:Ամսագրում անդրադարձ է կատարվել պատմության կարեւորագույն դրվագներին, օրենքներին, մշակույթին, կրթությանը: Ամսագրի այս համարում ներկայացված է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանը` 1918-1920 թթ.:
«1918-20 թթ. մեծ ուշադրություն է դարձվել երիտասարդների դաստիարակությանը, որպեսզի նրանք դառնան իրենց երկրի տերը եւ իրենց նախորդների իրավահաջորդները»,-իր խոսքում նշեց Անուշ Ամսեյանը:
Բալասանյան Մերի

