Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ

3099Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ և հիշողություններ է պահպանել 2010թ. Լոնդոնում Նորին Մեծության և արքայազնի հետ հանդիպումներից: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը»,-արքայազն Չարլզին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, մեր հայրենակից Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար և կարևորել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը: Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության և երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

Կանիաշիրում 4-ամյա երեխա է թունավորվել

շտապ-օգնությունՄայիսի 28-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Կանիաշիր գյուղի բնակչուհի Թալիշա Ասոյանը (ծնվ.2009թ.), ով այնուհետև հոսպիտալացվել է Արարատ քաղաքի , այնուհետև` Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

ավտոմեքենան ցեխակույտի մեջՄայիսի 29-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.41-ին հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Խաչիկ Արիստակեսյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 ОD 510 պետհամարանիշով ավտոմեքենան:

Կիևյան կամրջից աղջիկ է նետվել

կիևյանՄայիսի 29-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից աղջիկ է նետվել:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

 

Խորհրդակցություն ԱԻՆ-ում

ԱԻՆԱյսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։ Բացի այդ` կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն, որի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցներից կազմված հավաքական թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հունիսին Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները կժամանեն Հայաստան` տեղում ուսումնասիրելու Գառնու դիտարանի սարքերի վիճակն ու քննարկելու դրանց վերագործարկման տարբերակները։

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։

«Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց:

ԱԻՆ անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն շրջանավարտներին ապահովել աշխատանքով։

Ա. Երիցյանին զեկուցեցին, որ աղետների բժշկության թեմայով դաշտային վարժանքներ են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում։

Նախարարը հանձնարարեց խրախուսման ներկայացնել ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանին, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին, ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ Ա. Ցոլակյանին, ծառայության կազմակերպման վարչության պետ Ա. Խաչիկյանին և ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանին` արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար։

Մայիսի 19-23-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցավ ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր հայկական պատվիրակությունը` ԱԻ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ։ Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ և ձեռք բերել հետագա համագործակցության լուրջ պայմանավորվածություններ։

Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են

կրթությունՉնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:

Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:

Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել  կրթության ոլորտում առկա խնդիրները,  նպաստել կրթության որակի բարելավմանը:

Նրա խոսքով` ԳԹԿ-ն  մատնանշում է  խնդիրը, սակայն չի  առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:

Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:

Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:

Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են.  «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են  և՛ իրենց նախորդ տվյալների,  և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:

«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել.  «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է:  Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:

Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:

Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը`  5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3:  2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:

Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:

Վարչապետը կմեկնի Մինսկ

Տիգրան ՍարգսյանՎաղը` մայիսի 30-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Մինսկ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետը ծանոթացել է Գյումրիի վագոնային վերանորոգման, լոկոմոտիվային դեպոների և տեխնոպարկի մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին

10424_am_8Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում: Տիգրան Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները:
Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի կապակցությամբ և նշել, որ առաջին հանրապետության ստեղծումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ այդպիսով սկիզբ է դրվել մեր նորագույն պատմությանը:
Անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Յակունինին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: «Տարեցտարի աճում են և բեռնափոխադրումների, և ուղևորափոխադրումների ծավալները: Մեծ աշխատանքներ են տարվում նաև երկաթուղային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Մեր աչքերի առջև աստիճանաբար զարգանում է Հայաստանի երկաթուղային համակարգը, ինչը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ևս մեկ օրինակ է»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականից, որի համար ներդրվել է 93,5 մլն ռուբլի, ևս 48,4 մլն գումար ուղղվել է շարժակազմի նորոգմանն ու տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկն էապես թարմացվել է, գնվել են 25 միավոր հիմնական և 6 միավոր ախտորոշման սարքավորումներ: Ներկայում ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր: Այս ամենը թույլ կտա բարձրացնել լոկոմոտիվային դեպոյում իրականացվող աշխատանքների որակը` այսպիսով բարձրացնելով Հայաստանում երկաթուղու անվտանգ երթևեկության մակարդակը:
Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենք` ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին: Արդեն իսկ միջազգային տարբեր ընկերություններից տեխնոպարկում գործունեություն ծավալելու հայտեր են ստացվել:
Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը:

Կարկտահարություն Լոռու մարզում

ԿարկտահարությունՄայիսի 28-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.07-ից 17.15-ը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:

Լուսաղբյուր գյուղի տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Բյուրականում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջՄայիսի 29-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 06.41-ին հրշեջ – փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել Խաչիկ Արիստակեսյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 ОD 510 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին ավտոպատահարի երկու հոգի զոհվել են,մեկ`ծայրահեղ ծանր վիճակում է

92572Մայիսի 28-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, բախվել են «Ռովեր» մակնիշի 33DՍ562 (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի 24ԼՕ705 պետհամարանիշներով (Սամվել Զուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 20.16-ին հրշեջ – փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Խոշոր ավտոպատահար Երևան – Տաշիր ավտոճանապարհին,կան զոհեր և ծանր վիրավորներ

big_1369766212_2

Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր – Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Մալխաս Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Ըստ վերջին տվյալների` Նորիկ Դավոյանը և Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել են “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գնահատել են նրանց առողջական վիճակը ծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Արգամ Պողոսյանը` Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Արևիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա և Դիանա Հովսեփյանները` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:

Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամրջի հիմքը

Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի նեղույցի վրայով անցնող արդեն երրորդ կամրջի հիմքը: Կամրջի շինարարությունը իրականացվում է «Kuzey Marmara» ավտոճանապարհային նախագծի շրջանակներում: Շինարարական աշխատանքների մի մասը կատարելու են կորեական բանվորական խմբերը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նոր կամուրջը, որն ունենալու է 320 մ բարձրություն և 60 մ լայնություն, կտրուկ տարբերվելու է Բոսֆորի վրայով անցնող մյուս երկուսից և դառնալու է աշխարհում խոշորագույններից մեկը:
Կամրջի հիմքը դնելու օրը պատահական չէ ընտրված: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Սպասվում է, որ վաղվա արարողությանը կմասնակցեն նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին

3093

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ Հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ փոխգործակցությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Վլ. Յակունինին կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել նրա անձնական ներդրումը Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում:

Վլ. Յակունինը հանդիպման սկզբում շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ: Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, նշել, որ այսօր ՀՀ վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին Գյումրիում բացել են վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները, որոնց շնորհիվ, նրա խոսքով, նաև նոր աշխատատեղեր են բացվել այդ տարածաշրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Վլ. Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ»-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

«Հետքերով որբերի հայոց», Ռոքֆելերի արխիվային կենտրոնի լուսանկարները

480657_524703530898221_1297133948_n Աննկարագրելի ապրումներով դիտեցի «Հետքերով որբերի հայոց» վերնագրով ցուցահանդեսը: Այն արյան հիշողություն արթնացրեց, որ անհնար է սպանել, վերացնել, այն փոխանցվում է ժառանգաբար: Իմ Սաթիկ տատիկը, նրա եղբայրը` Կորյունը, Արիստակես պապիկս եղեռնից մազապուրծ ապաստանել են ամերիկյան որբանոցներում` սկզբում Կարսի, Էրզրումի, այնուհետև Ալեքսանդրապոլի: Ես միշտ կլանված լսում էի նրանց հիշողությունները, որբանոցներում ապրած տարիների մասին: Պատմում էին, որ իրենց վերցնելուց հետո բժշկական օգնություն էին ցուցաբերել, լողացրել, նոր շորեր էին  հագցրել: Տատիկս պատմում էր, թե ինչ մաքուր ու տաք վերմակներ էին տվել, որ ուրախությունից ամբողջ գիշեր չէին կարողացել քնել: Հապա կերակուրը, սպիտակ հացը, խտացրած կաթը, որ բոլոր որբերն էլ հիշում էին որպես իրենց մանկության ամենաքաղցր հուշ: Նա պատմում էր, որ իրենց արհեստներ էին սովորեցնում` կարել, ասեղնագործել, ճիշտ արդուկել վերնաշապիկը, սովորեցնում էին հայերեն կարդալ, գրել, անգլերեն էլ էին սովորեցնում, քաղաքավարի վարվելակերպի կանոններին էլ էին սովորեցնում: Կորյունը, որ Կազաչի պոստում էր, դուրս գալիս արդեն ուներ երկու վկայական` դպրոցի և նկարչական արվեստանոցի:

Երբ Պետական արխիվում նրանց մասին տեղեկություններ էի որոնում, ինձ տվեցին Ամերկոմի Լենինականի տեղամասի որբանոցների  որբերի ցուցակը: Ապշել էի, որ նրանք այդքան մեծաքանակ էին:

Հանկարծակի լսելով, որ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Նարեկացի արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի, Ամերկոմի` Ցեղասպանությունից փրկված` «Հետքերով որբերի հայոց» վերնագրով լուսանկարների բացառիկ հավաքածուն, մոտ 200 հատ, շտապեցի դիտելու: Այն բացվեց մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 26-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում և մայիսի 27-ին՝ Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը և գործելու է մինչև 2013թ.-ի հունիսի 8-ը:

Լուսանկարներում որբերն էին, նրանց առօրյան: Եվ զարմանալի հոգեկան հանգստությունը, որ կարողացել էին նրանց համար ստեղծել որբանոցում: Ահա որբերը նվագում են, աղջիկները պարում են: Պատկերված է կարպետի գործման արվեստանոցը, ֆիզկուլտուրայի դասերը, ընթերցանությունը բնության գրկում և էլի շատ ու շատ տեսարաններ: Ես շատ հուզվեցի, երբ տեսա Յոհաննես Լեփսիուսի`«Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը հղած «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությունը: Այնտեղ տեսա նկարչական արվեստանոցը, որտեղ հաճախել էր նաև տատիկիս եղբայրը` Կորյուն Սիմոնյանն ու իր ընկերները:

cucahandes

 

Աջ կողմում իմ ունեցած նկարն է. Լենինականի մանկատան մանուկ նկարիչները ուսուցիչների հետ 1920-1921թթ. Ձախից աջ ներքևի շարք-Մեսրոպ Բաղդասարյան, Կորյուն Սիմոնյան, “, Անդրանիկ Մարկոսյան, Հմայակ Ավետիսյան,”,”, Մեջտեղի շարք ձախից աջ-“,Շավարշ Վաղարշակյան, Մամիկոն Փանոսյան, Ստեփան Ալթունյան, Արմենակ Գյոզալյան, Պետրոս Ռաշոյան,” Վերևի շարք ձախից աջ-“,”, Սարգիս Ալեքսանյան, Վանիկ Կարապետյան, “,Լևոն Տոնականյան

Այս սաների մեծ մասը դարձան հայտնի նկարիչներ: Ցավոք, որբի դաժան ճակատագիրը նրանց ուղեկցեց հետո էլ, Հայրենական մեծ պատերազմ, որտեղ շատերը զոհվեցին, այդ թվում նաև Կորյուն Սիմոնյանը: Նա հասցրեց հասնել մինչև Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա և մեր ազգին թողեց իր 20-ից ավելի գործերը, որոնք պահպանվում են Ազգային պատկերասրահում:

Պատկերված բոլոր երեխաներն էլ Արևմտյան Հայաստանից են և ծնողներին կորցրել են Ցեղասպանության հետևանքով: Ալեքսանդրապոլն այդ տարիներին անվանում էին «որբերի քաղաք»: Միայն Գյումրիի որբանոցներում փրկվել է մոտ 30 հազար հայ երեխա:

Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն՝ Ամերկոմը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Բոստոնում, հիմնադրվել է 1915թ. սեպտեմբերին՝ Թուրքիայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի խնդրանքով: Դեսպանն ԱՄՆ պետքարտուղարին հեռագիր էր ուղարկել՝ խնդրելով միջնորդել, որ նախագահը ստեղծի մի կոմիտե, որը կօգնի փրկել հայերին: Պետքարտուղարը գրությունը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին: Այնուհետև ամերիկյան մի քանի մտավորականի ջանքերով հիմնվել է կազմակերպությունը:

Ամերկոմի գործունեության շնորհիվ փրկվել է 132000-ից ավելի հայ որբեր, ովքեր ապրել են այդ կազմակերպության որբանոցներում: Այդ տարիների ընթացքում Ամերկոմը հանգանակությունների միջոցով հավաքել է 116 մլն դոլար, որը համարժեք է այսօրվա մոտ 3 մլրդ դոլարին: Կազմակերպությունը հիմնել է շուրջ 200 որբանոց, բազմաթիվ դպրոցներ, մասնագիտական ուսուցման կենտրոններ, հիվանդանոցներ, կանանց ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր բնակավայրերում:

Ռոքֆելերի արխիվային կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխարհում ամենախոշոր պահոցներից է: Դրա 60 մլն փաստաթղթի, 500 հազար լուսանկարի ու 2000 ֆիլմի հավաքածուի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի՝ Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը:

«Այս ցուցահանդեսները, ներկայացնում են ողբերգական իրադարձություններ, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների մի հրաշալի պատմություն: Սա ցույց է տալիս, թե ինչպես ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը, համադրվելով հայ ժողովրդի տոկունության հետ, օգնել է փրկել հայ ժողովրդին»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Այս միջոցառումների նպատակը առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, առաջին անգամ լինելով, երախտապարտության խոսք հայտնելն է, լուսաբանելն է և խոնարհվել այն մարդկանց առջև, որոնք կարողացել են հասնել, փրկել մեր որբերին».- հավելել է Նարեկ Հարթունյանը, որ նույնպես այդ որբերի ժառանգն է:

Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսեանը ևս ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել հատուկ ցուցահանդեսին մասնակցելու համար, նա ասաց, որ իր տատը ևս փրկվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեության արդյունքում: Շանթ Մարտիրոսեանի խոսքով՝ մինչ օրս բարեգործական բոլոր խոշոր միջազգային կազմակերպություններն իրենց գործունեությունը կառուցում են Ամերկոմի մոդելով:

 

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Պատմաբան. «Չպետք է ուրանալ երկրորդ հանրապետությունը, որի շնորհիվ այսօր ունենք երրորդ հանրապետությունը

պետրոս հովհաննիսյանԱյսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը, ովքեր խոսեցին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման , մայիսյան հերոսամարտերի և պատմական դասերի մասին:

«Ժողովրդի կյանքում ամենասրբազան բանը պետականությունն է: Ամենադժբախտն այն ժողովուրդն է, որ զուրկ է դրանից: Մեր պետականությունը մենք պետք է կարողանանք ամեն գնով պաշտպանել, ամեն գնով օգտակար լինել մեր պետությանը: Միշտ չէ, որ առաջին հանրապետության ձեռքբերումները լիարժեք են ներկայացվում: Մենք ունեցել ենք երեք հանրապետություն և չպետք է ուրանալ այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը: Հայաստանի առաջին հանրապետության անկախության գործընթացը միշտ չէ, որ ճիշտ և ամբողջական է ներկայացվել և արդյունքում պետական ձևավորման մասին սխալ կարծիք է առաջացել»,- ասաց Պետրոս Հովհաննիսյանը:

Անցկացնելով զուգահեռներ առաջին և երրորդ հանրապետությունների ստեղծման գործընթացների միջև` վերջինս շեշտեց, որ չպետք է ուրանալ երկրորդ հանրապետությունը, որի շնորհիվ այսօր ունենք երրորդ հանրապետությունը: Պրոֆեսորի խոսքով պետք է հավուր պատշաճի գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց վրա վերցրին Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը:

Մհեր Հովհաննիսյանն էլ նշեց, որ պետք է գիտակցել, թե ինչի կարող է հանգեցնել անմիաբանությունը, նա ընդգծեց, որ առաջին դասը հենց սա պետք է լինի:

                        Բալասանյան Մերի

Հանրապետության տոնի առիթով Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

3090

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է տոնի խորհրդին, նշել, որ 1918թ. մեր ժողովրդի բոլոր խավերի մասնակցությամբ մայիսյան հերոսամարտերը կռեցին նոր բանակ, նոր պետություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մենք բոլորս մեծ հաշվով ունենք մեկ ընդհանուր նպատակ, որի անունն է Հայաստանի Հանրապետության առաջընթաց: Պետական բարձր պարգևների արժանացածները, Հանրապետության Նախագահի համոզմամբ, այն մարդկանցից են, ովքեր իրենց աշխատանքով ընդհանուր նպատակի՝ այսինքն, հայոց առաջընթացի մաս են կազմում: «Այսօր այս դահլիճում իմաստուն ձևով երկու բառով նկարագրվեց տեղի ունեցածը և մեր անելիքը՝ գոյամարտ և հատուցում: Այո՛, կյանքի և մահվան պայքար էր. պայքարում էինք ապրելու համար և այսօր մենք մեր երախտագիտությունը մեր հայրենիքը պահպանողների հանդեպ պետք է արտահայտենք կոնկրետ գործերով: Ժամանակ է պահանջվում, և ես վստահ եմ, որ տասնամյակներ անց մեր սերունդները գնահատելու են ձեր աշխատանքը, գնահատելու են նույն երախտագիտությամբ և նույն ակնածանքով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի իշխանությունների և ժողովրդի անունից Նախագահը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին վաստակի և նվիրումի համար՝ ընդգծելով, որ որքան շատ լինեն նրանց նմանները մեր հասարակության մեջ, այնքան ավելի հարուստ ու հագեցած կլինի մեր հասարակական ու մշակութային կյանքը, այնքան ավելի ուժեղ երկիր կունենանք:

Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը, Նախագահի խոսքով, մեծ ընդմիջումից հետո հռչակվում էր հայկական պետության քաղաքացի, և նա պետք է լիներ որակապես նոր մարդ, դրսևորեր նոր հասարակական վարքագիծ: Տոնի առիթով Հանրապետության Նախագահը մաղթել է, որ մենք բոլորս հպարտությամբ կրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և իսկապես դրսևորենք ազատ ու անկախ պետության քաղաքացուն վայել վարք:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ազգային միասնությունը, ամուր պետականությունը և քաղաքացիական հստակ դիրքորոշումը հաջողության վճռորոշ նախապայմաններ են, և դա է մեզ հուշում Մայիսի 28-ը կերտած մեր նախնիների փորձը: Այս հիմքերի վրա էլ, ըստ Նախագահի, միասին բարձրացնում ենք հայոց պետականությունը նոր աստիճանի:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով և մեդալներով են պարգևատրվել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Կարապետի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝
Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Քաջազուն Հակոբի ԳՅՈՒՐՋՅԱՆԸ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս, պարուսույց Արտյուշա Հակոբի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, դուդուկահար Գեորգի Վարդանի ՄԻՆԱՍՅԱՆԸ, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Թագվորի ՔՈՒՉՈՒԿՅԱՆԸ,

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Կոմունարի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, գրող Լևոն Վանիկի ԽԵՉՈՅԱՆԸ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի Անահիտ Հարությունի ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, բարերար (ԱՄՆ) Բաբկեն ՄԿՐՅԱՆԸ,

Մխիթար Գոշի մեդալով`
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Լևոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Պողոսի ՓՈԼԱԴՅԱՆԸ,

Մխիթար Հերացու մեդալով`
Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր և խորհրդի նախագահ (ԱՄՆ) Կարո ԱՐՄԵՆԸ, ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Անատոլիյ Սերգեյի ԳՆՈՒՆԻՆ, «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Գևորգի ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Մելիքի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի ՔՈՒՇԿՅԱՆԸ, հասարակական-պետական գործիչ Խաժակ Անդրանիկի ԴՐԱՄՓՅԱՆԸ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սամսոնի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ,

Անանիա Շիրակացու մեդալով`
աստղագետ (ՖՐԱՆՍԻԱ) Հակոբ ԹԵՐԶՅԱՆԸ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Աղասու ՄԻՆԱՍՅԱՆԸ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Գևորգի ՇԱԲՈՅԱՆԸ, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճարտարապետ Էդուարդ Արամի ՍԱՖԱՐՅԱՆԸ, «Պրոլայթինգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Զորիկի ՏՈՆԻԿՅԱՆԸ,

Մովսես Խորենացու մեդալով`
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Բագրատի ԱՂԱԲԵԿՅԱՆԸ, «Մեր հաղթանակը» հաղորդաշարի գլխավոր խմբագիր Ամիրան Արտավազդի ԳԱԼՍՏՅԱՆԸ, գրող (ԻՍՊԱՆԻԱ) Գոնսալո ԳՈՒԱՐՉԸ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի ԴԱՎԹՅԱՆԸ, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական (ԱՄՆ) Փանոս ԹԻԹԻԶՅԱՆԸ, փիլիսոփա, հայագետ (ԴԱՆԻԱ) Հենինգ ԼԵՀՄԱՆԸ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժորես Դավթի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Ցյուրիխի երաժշտանոցի դասախոս (ՇՎԵՅՑԱՐԻԱ) Դավիթ Մարատի ՀԱԼԱՋՅԱՆԸ, հրապարակախոս Հրանտ Հովհաննեսի ՂԱԶԱՐՅԱՆԸ, սաքսոֆոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան, փոխտնօրեն Մակիչ Շաքարի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր (ԼԻԲԱՆԱՆ) Համբիկ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԸ, «Դար ալ Մուրադ» հրատարակչատան գլխավոր տնօրեն (ԼԻԲԱՆԱՆ) Միշել ՄՈՒՐԱԴԸ, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար (ԱՄՆ) Կոնստանտին Հրանտի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Բաբկենի ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, դերասան Մուրադ Վահրամի ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ, թատրոնի զգեստների նկարիչ Մերի Սերգեյի ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցներ՝ ՀՀ ՊՊԾ գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Սերյոժի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ ավագ թիկնապահ, մայոր Արա Մարտինի ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, ՀՀ ՊՊԾ վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Կարեն Սերգոյի ՊՈՂՈՍՅԱՆԸ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
***
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի՝
Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Քերոբի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Պարույրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ժոզեֆ Ռեթևոսի ՓԱՆՈՍՅԱՆԻՆ,

Ժողովրդական արտիստի`
քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հասմիկ Արարատի ԼԵՅԼՈՅԱՆԻՆ,

Ժողովրդական նկարչի՝
գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անատոլի Հակոբի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ,

Վաստակավոր արտիստի՝
Երևանի կամերային պետական թատրոնի դերասան Գրիգոր Ստեփանի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Համազգային թատրոնի դերասանուհի Նարինե Կառլենի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, դաշնակահար Հայկ Ավետիքի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Աննա Վլադիմիրի ՇԱՄՑՅԱՆԻՆ (ԲԱԼԱՆԴԻՆԱ), Ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Հրաչիկի ՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակելինա Սամվելի ՍԱՐԽՈՇՅԱՆԻՆ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Անուշավանի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ,

Վաստակավոր նկարչի՝
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի դասախոս Վոլոդյա Սմբատի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Երևանի Մ. Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Հովհաննեսի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ, Ք. Քուշնարյանի անվան դպրոցի գեղարվեստի բաժնի ղեկավար Աննա Համլետի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, գեղանկարիչ Ռաֆայել Արմենի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ,

Արվեստի վաստակավոր գործչի՝
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թիվ 1 վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Արամի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ,

Մշակույթի վաստակավոր գործչի՝
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Գարեգին Խաչատուրի ԱՆԱՆՅԱՆԻՆ, «Ակունք» ազգագրական համույթի երգիչ Սարգիս Եղիազարի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Հանրային հեռուստատեսության երաժշտական խմբագիր Քնարիկ Անդրանիկի ՓԻԼՈՍՅԱՆԻՆ:

 

 

Էդգար Հովհաննիսյան. Արամ Մանուկյանն ըստ արժանվույն գնահատված չէ

էդգար հովհաննիսյանԱյսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ 95 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության անկախացումը տեղի ունեցավ մեծ ջանքերի շնորհիվ:

«Թեև ներքաղաքական դաշտում այսօր կան խնդիրներ, բայց արտաքին խնդիրների լուծման առումով միասնականության պակաս չկա: Արամ Մանուկյան, Հովհաննես Քաջազնունի, Գարեգին Նժդեհ` ահա այս նվիրյալների շնորհիվ կերտվեց մեր առաջին հանրապետությունը»,- նշեց Էդգար Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի` չնայած  Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում մեծ դեր է ունեցել, նրան այսօր քիչ են հիշում և նա ըստ արժանվույն գնահատված չէ:

Ազգային արխիվը առաջին հանրապետության ղեկավարների և նրանց գործունեության մասին պարբերաբար հրատարակում է աշխատություններ: Առաջին հանրապետության փաստաթղթերի մեծ մասը Բոստոնում է:

Բանախոսն, անդրադառնալով Գարեգին Նժդեհին, ասաց, որ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները աղավաղում են նրա ուսմունքի մասին պատկերացումները` դրանք ներկայացնելով  որպես ազգայնամոլական:

Բալասանյան Մերի

Վարչապետն այցելել էր Գյումրի

գյումրիԱյսօր Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի, Շիրակի մարզային ու Գյումրիի քաղաքային իշխանությունների հետ մասնակցում էր դեպոների բացման արարողությանը: 2010 թվականից Գյումրիի լոկոմոտիվային եւ վագոնային-վերանորոգման դեպոներում սկսվել էին վերակառուցման աշխատանքներ, որոնց ավարտին այս երկու կառույցները համալրվել են նաեւ նոր տեխնիկական սարքավորումներով: Վերանորոգման աշխատանքների ձեռնարկումը երկաթուղու պատասխանատուները կարեւորում են դրանք առավել ժամանակակից եւ անվտանգ արտադրամասեր դարձնելու տեսանկյունից: Ի վերջո, այս ամենն արվում է Հայաստանում երկաթուղու անվտանգ երթեւեկության մակարդակը բարձրացնելու համար:

Կառույցների վերակառուցման համար ծախսվել է 128.6 մլն ռուբլի, իսկ տեխնոլոգիական սարքավորումների համար՝ 68.4 մլն ռուբլի: Դեպոները շահագործման հանձնվեցին եւ վերաբացվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Իսկ ժապավենները կտրելու պատիվը շնորհվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Վլադիմիր Յակունինին:
Մինչ այս պահը մեր Հայաստանի երկաթուղին սպասարկող գնացքները վերանորոգվում էին Վրաստանում, եւ այս քայլը հնարավորություն տվեց տեղում աշխատանքներ կատարելու համար, իր խոսքում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերակառուցման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության նորմերին՝ հատկապես, աշխատանքի անվտանգության պահպանմանը: Դեպոյում ստեղծվել են աշխատողների եւ լոկոմոտիվային թիմերի հանգստի ու առողջության պահպանման համար լիարժեք պայմաններ:
Լոկոմոտիվային եւ վագոնային-վերանորոգման դեպոների մի շարք աշխատակիցներ պարգեւատրվեցին “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահի եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի կողմից:
Գյումրիի դեպոներում աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, հաշվի առնելով նաեւ աշխատանքի վտանգավորությունը: Արդյո՞ք սպասվում են աշխատավարձերի վերանայում, քանի որ աշխատողները դժգոհ են, հարցին Տիգրան Սարգսյանը նշեց. “Ինձ շատ հետաքրքիր է հարցը, տեղյակ եմ: Նաեւ Վլադիմիր Իվանովիչն ասաց այդ մասին, երբ ես հետաքրքրվեցի աշխատավարձի հարցով. ստացանք պատասխան, որ տարեցտարի աշխատավարձի աճ է նախատեսվում: Եվ հիմա  ստեղծվում են նորմալ աշխատատեղեր, այստեղ աշխատելն արդեն անվտանգ է, ավելի հուսալի է, մարդկանց առողջության վերահսկողության լրջագույն համակարգ է ներդրվել եվ ստեղծվել են բարենպաստ պայմաններ”: Սակայն երկրի վարչապետը շատ արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրատվամիջոցների բազում հարցեր:
Հիշեցնենք, որ “Հարավկովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ն իրականացնում է “Հայկական երկաթուղիներ” ՓԲԸ-ի կոնսեպցիոն կառավարումը՝ 2008 թվականից՝ 30 տարի ժամկետով:

Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի` սեփական հողում ապրելու իրավունքի վերանաճումն էին

Celebration of Armenia's First Republic Day took place at Sardarapat MemorialԵրեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ շեշտեց, որ Մայիսյան հաղթանակներից ծնվեց մեր հանրապետությունը:  Հաղթանակներ, որոնք մեր ժողովրդի` սեփական հողում ապրելու իրավունքի վերանաճումն էին, միասնականության ապացույցը:

Էդիկ Մինասյանը, սակայն, մատնանշեց նաև այն հանգամանքը, որ մենք ժառանգեցինք իրավանբ քայքայված տնտեսությամբ երկիր, ուր տարածված էր սովն ու համաճարակը: Ու թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ գրեթե բոլոր ատրիբուտները` ընտրեց խորհրդարան (նախագահ՝ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի), սակայն այդպես էլ չունեցավ սահմանադրություն, և առաջին հանրապետությունից կայացած օրենսդրություն չկտակվեց մեզ: Ներքին և արտաքին անկայուն վիճակն էլ շուտով բերեցին այն կետին, որ Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից, սակայն դարձավ առաջին և լավ օրինակը սեփական իշխանությունն ունենալու: