Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը պատրաստ է փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին

photoԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն (ՄԱՊ-ի Ալիկ) այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հանդես եկավ կոչով՝ աջակցել մայիսի 12-ի կարկուտից տուժած Արմավիրի մարզի 43 գյուղերի բնակիչներին:

Առաջին հերթին պատգամավորը կարծում է, որ պետք է սառեցնել գյուղացիների վարկերը, նրանց նոր, անտոկոս վարկեր տրամադրել, որպեսզի կարողանան ոտքի կանգնել: Միաժամանակ նա կարծում է, որ այդ աղետը բնավ չի վերականգնի հաջորդ տարվա բերքը: «Այդ տարածքում 20 000 տոննա խաղող է ոչնչացվել: Գյուղացին 2-3 տարվա լիարժեք ծախսերից հետո նոր կկարողանա արդյունք ստանալ»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ մտադիր է դիմել նաև Կրթության նախարարին, առողջապահության նախարարին, որպեսզի այդ տարածքի տուժած բնակիչներին իրենց մասով օժանդակեն. «Դա աղետի գոտի է,-ասաց նա,-առաջարկում եմ նաև բացել հաշվեհամար: Պետք է գումարներ հավաքել և արդարության սահմաններում տրամադրել այդ գյուղերի ժողովրդին: Մարդիկ կորցրել են ամեն ինչ: Գյուղ կա, որտեղ մի կիլոգրամ բերք էլ չի մնացել: Վերջիվերջո այդ գյուղացին տարիրներ ի վեր կերակրել է մեզ, հիմա էլ մենք պետք է աջակցենք»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղից հայտարարեց, որ միանում է պատգամավորի առաջարկին. «Երբ հաշիվը բացվի, ես իմ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցեմ նրանց»,-խոստացավ խորհրդարանի ղեկավարը՝ կոչ անելով պատգամավորներին միանալ այս նախաձեռնությանը:

Կայացել է 460 հազար դոլարի առք և վաճառք

դոլարՄայիսի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 460,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Արմեն Ռուստամյանը նոր կառավարությունից ոչ մի լուրջ դրական տեղաշարժ չի սպասում

arm136575463732ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ կառավարության ծրագրին՝ հարց բարձրացնելով. “Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել”,-հայտարարեց պատգամավորը:

Իր տեսակետը նա հիմնավորեց նախ և առաջ նրանով, որ կառավարության ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում երկրի առջև ծառացած մարտահարավերներին: “Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է վերարտադրվող իշխանության, նրա իրական պատկերն է: Դրա համար էլ կառավարությունը չի փոխվել, ինչպես չի փոխվում վերարտադրվող իշխանությունը”,-ասաց նա:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի՝ ակնհայտ է, որ վերարտադրման բնույթ ունեցող իշխանության մեջ չի կարող այլ կառավարություն լինել, քան այն, որը պարտավոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը: Հետևաբար կառավարության իրական դերն ու նպատակը հենց սա է, իսկ նրա ծրագիրը լոկ այս իրողության քողածածկույթն է: “Հենց այս պատճառով էլ կառավարության ծրագրի ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում սոսկ ընթացակարգով նախատեսված մի ձևական միջոցառման, ինչպես այս իշխանությունների օրոք տեղի ունեցող ցանկացած գործընթաց՝ սկսած ընտրություններից”:

Արմեն Ռուստամյանը չի հավատում կառավարության այն խոստումներին, թե պետք է պայքարեն աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ: “Այն կառավարությունը, որի օրոք այս ամենը նոր թափ ու ծավալներ են ստացել, չի կարող դրա դեմ պայքարել,-համոզված է նա,-այդպիսի բան չի լինում՝ ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու”:

Եթե ժողովուրդը ուզում է հաջողված պայքար մղել, ապա ըստ նրա, պետք է սթափվի, համախմբվի և պայքարի` օր առաջ ազատվելու միահեծան և ինքնագոհ իշխանություններից:

«Կներեք, բայց ձեր ծրագիրը դեմագոգիա է». Արծվիկ Մինասյան

imagesԽորհրդարանում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած կարծիքին, թե կառավարության այս ծրագիրը վերջին քսան տարիների ամենակոնկրետ և հստակ ծրագիրն է, ասաց. “Ակամայից հիշեցի, որ նման գեղեցիկ խոսքեր հնչում էին նաև 2008-ին: Աշխարհացունց կենտրոնների մասին էր բարձրաձայնվում: Ի՞նչ եղան այդ կենտրոնները: Նշանակում է՝ իրատեսական չի եղել, խափել եք հասարակությունը”,-ասաց նա:

Վարչապետը տեղից հիշեցրեց. “Էն ժամանակ միասին էինք, պարոն Մինասյան”:

“Կապ չունի, որ իրար հետ էինք”-արձագանքեց դաշնակցական պատգամավորը,-տարբերությունն այն է, որ երբ միասին էինք, սխալների հավանականությունը ձեր կողմից ավելի քիչ էր, իսկ հիմա՝ շատ է”

“Փաստորեն, լավին տեր եք, վատին տեր չեք”,-նկատեց Հովիկ Աբրահամյանը:

Արծվիկ Մինասյանը, շարունակելով ելույթը, դեմագոգիա համարեց ծրագրում նշված դրույթներից մեկը, որ օրինակ, ընդդիմութան պատասխանատու մասնակցությամբ պետք է իրականացնել հակակոռուպցիոն քաղաքականություն: “Մենք ասել ենք, տվեք այդ մարմնի ղեկավարումը ընդդիմությանը, բայց եթե չեք տալիս, ապա սա դեմագոգիա է”,-ասաց Մինասյանը,-կամ խոսում եք քաղավիացիայի ոլորտի մասին, բայց ծրագրում ազգային ավիափոխադրողի մասին որևէ խոսք չկա: Դուք տանում եք ծայրահեղ լիբերալ քաղաքականություն, որը Հայաստանի կործանման ճանապարհն է”:

Գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, նույնպես համակարգային փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա պատգամավորը կարծում է, որ մարդկանց բիոզուգարաններով գրավել հնարավոր չէ. “Ինչքան ուզում եք գրավեք, մեկ է՝ ժողովուրդն աշխատանք չունի”:

Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ այս ծրագրով հնարավոր չէ լուծել նաև աղքատների և գործազուրկների հարցը, քանի որ “Հայաստանում ոչ աղքատ կա, ոչ էլ գործազուրկ, բոլորը հեռացել են, մի մասն էլ մեռել է”:

Նա ասաց, որ եթե երկրում առկա խնդիրները չլուծվեն, ապա գործող իշխանությունը կլինի երկրի պետականության կորստի մեղավորը: “Եվ ամենավատ բանը, որ իշխանության մեջ շատացել է, պետականամետ մտածողությւունից զուրկ մարդկանց թիվն է, որը գնալով մեծանում է,-շարունակեց պատգամավորը,-եթե չեք կարող դրանց դեմ պայքարել, ապա ազնիվ եղեք և հրաժարական տվեք: Եթե ոչ դա եք անում, ոչ մյուսը, կներեք, բայց ձեր ծրագիրը դեմագոգիա է”,-հայտարարեց նա:

«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի

նաիրիտԿաուչուկ արտադրող երեւանյան գործարանն արդեն ապրել է իր դարը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները դեռ հույս ունեն, որ այն կրկին կսկսեն շահագործել:

Արփի Բեգլարյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 688

18-ը մայիսի, 2013թ.

Երբեմնի հզոր «Նաիրիտ» գործարանը, որն ունի մոտ 3000 աշխատող, 2010թ-ից չի աշխատում, արտադրանք չի տալիս, բայց աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ, չնայած աշխատավարձ ստանալու հույս էլ չունեն:

«Արդեն երրորդ տարին է, որ «Նաիրիտը» կանգնած է, չի աշխատում ու աշխատողների 70%-ը 2/3 աշխատավարձով նստած է տանը: Նրանց 2/3-ի չափով աշխատավարձ է գրվում ու նրանք ստիպված պարապուրդի են մատնվում, մնում են տանը: Մնացած 30%-ն աշխատանքի են գնում, որ քիմիական գործարանը նորմալ վիճակում պահվի՝ ոչինչ չփչանա, չգողանան, հետո նյութեր կան, որոնք պետք է պահպանված լինեն, որ շրջապատին էլ վնաս չտան: Այդ 30%-ին աշխատավարձ տրվում է 100%-ով, բայց ուշացումներով՝ 40 օրը մեկ, երկու ամիսը մեկ», – պատմում է 1972թ-ի հոկտեմբերից մինչ օրս առանց ընդմիջման «Նաիրիտ» գործարանի ացետիլենի արտադրությունում հերթափոխի վարպետ Սերժիկ Բեժանյանը:

Գործարանի աշխատակիցներն ապրիլի 29-ին հերթական ցույցն էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Սա «Նաիրիտի» աշխատակիցների նմանատիպ առաջին բողոքը չէր: 11 ամսվա չվճարված աշխատավարձը վճարելու պահանջով նրանք կառավարության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ 2012թ-ի նոյեմբերին:

Դեռ նոյեմբերի բողոքի ցույցի ժամանակ, աշխատողներին, ինչպես եւ այս անգամ, խոստացել էին հաջորդ օրը վճարել մեկ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ երկրորդ ամիսների աշխատավարձերը: Ավելին, նախագահական նստավայրում աշխատակիցներին խոստացել էին մինչեւ նոյեմբերի 25-ը լուծել գործարանի գործարկման հարցը:

«Չորս-հինգ անգամ արդեն եղել ենք նախագահական նստավայրի առաջ, ամեն բողոքից հետո մի երկու ամսվանը տվել են ու հետո նորից երկար ժամանակ չեն տվել: Վերջին անգամ արդեն գնացինք կառավարություն, այնտեղ խոստացան, որ մեկ օր անց կտան: Տվեցին: Այս անգամ ստացա անցած տարվա`2012թ. մայիսի աշխատավարձը: Եթե հնարավոր էր այդ գումարը տալ, ինչո՞ւ չէին տալիս, եթե պարտք էին վերցնելու, էլի թող վերցնեին… չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասում է Սերժիկ Բեժանյանը:

Արհեստական կաուչուկ արտադրող երեւանյան «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940թ-ին: Գործարանը ԽՍՀՄ երկրներին եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: «Նաիրիտը» Անկախ պետությունների համագործակցության եւ Արեւելյան Եվրոպայի տարածքում քլորոպրենային կաուչուկների եւ լատեքսների միակ արտադրողն էր:

Կառավարության հաշվարկներով`«Նաիրիտի» վերազինման եւ վերագործարկման համար անհրաժեշտ է 512 միլիոն դոլար, որից 146-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, իսկ 366-ը` գործարանի արդիականացմանը:

Դեռ 2006 թվականին «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնվեցին Rhinoville Property Limited անվանմամբ օֆշորային ընկերությանը, որն այդ բաժնետոմսերը գրավ դրեց ԱՊՀ միջպետական բանկում, վարկ վերցրեց ու վճարեց ՀՀ կառավարությանը: Մի քանի տարի հետո պարզվեց, սակայն, որ չնայած գործարանը գործում էր, նրա պարտքն ավելի է մեծացել, դառնալով ավելին, քան բաժնետոմսերի գինն էր: Rhinoville Property Limited-ն այդպես էլ չփակեց ԱՊՀ միջպետական բանկից վերցրած վարկը, ինչի հետեւանքով «Նաիրիտի» բաժնետոմսերը դարձան այդ բանկի սեփականությունը:

2009թ. «Նաիրիտում» խոշոր պայթյուն տեղի ունեցավ, որից հետո գործարանն այդպես էլ մինչեւ վերջ չվերագործարկվեց: 2011թ.-ին «Նաիրիտի» նոր օպերատոր ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Մրցույթում հաղթեց գերմանական C.A.C  ընկերությունը, որը որոշ ժամանակ անց անհայտացավ:

«Նաիրիտ» գործարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը շատ դժվար է։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նշել է, որ գործով զբաղվում է հենց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը։

Իր վերջին՝ ապրիլի 15-ի հարցազրույցում նախարարը, այդուհանդերձ, հնարավոր է համարել ու չի բացառել, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատեր առաջիկայում կարող է դառնալ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը։

«Նախապես ներդրումային առաջարկ «Ռոսնեֆտ»-ը չի ներկայացրել։ «Ռոսնեֆտը» նոր է սկսել։ «Ռոսնեֆտ»-ն աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկն է: Եթե նրանք այսօր ցանկություն են հայտնել ուսումնասիրելու Հայաստանի էներգետիկ դաշտը՝ համարելով, որ կարելի է նաեւ այստեղ ծավալվել, դա ՀՀ-ի համար բավական մեծ հաջողություն է»,– ասել է Ա.Մովսիսյանը www.1in.am էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում:

Մինչ այս, էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու երեք ընկերությունների առաջարկներ է քննարկել, սակայն, որոնք են այդ ընկերությունները, նախարարը հրաժարվել է պարզաբանել։

Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ներից «Իզվեստիա» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն`Ռուսաստանը համաձայնել է «ԵվրԱզէՍ» հիմնադրամից 400 միլիոն դոլարի վարկ հատկացնել «Նաիրիտի» արդիականացման համար:

Սակայն անգամ հնարավոր ներդրողների առկայության դեպում, դեռեւս անհայտ է`կկարողանա արդյո՞ք «Նաիրիտը» վերագտնել իր տեղը ժամանակակից համաշխարհային շուկայում, եւ որքան գումար կպահանջվի այն պատշաճ մակարդակի հասցնելու համար:

«Գործարանը տարեց տարի կորցնում է իր արտադրանքի մասով գրավչությունը, ինչպես նաեւ ազդեցությունը համաշխարհային շուկայում, եթե նախկինում ունեինք գերիշխող դիրք, ապա այսօր եւ՛ կաուչուկի մասով, եւ՛ մյուս արտադրատեսակների, շատ ավելի նվազ մրցունակ ենք ու պահանջարկ կարող ենք ունենալ, որովհետեւ չինական ընկերությունները համաշխարհային շուկայում բավական լուրջ եղանակ են ստեղծում»,- կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետի կարծիքով, նույնիսկ եթե գործարանը բերվի կատարյալ վիճակի, այն արդեն կորցրել է շուկաների զգալի մասը, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններին, որոնք պայմանավորում են գործարանի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով հնարավոր կլինի գրավիչ ու շահութաբեր բիզնես պլան կազմել, այսօրվա իրավիճակից ելնելով, եւ շահագրգռել պոտենցիալ ներդրողին:

«Շահավետ բիզնես պլանի ներուժ գործարանն ունի,- այդուհանդերձ կարծում է Թ.Մանասերյանն ու հավելում, – Բայց դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր չէ, այսինքն` արագ լուծման խնդիր չէ: Դրանք կարող են լինել արդյունաբերական հսկաներ կամ միջազգային կորպորացիաներ, որոնց համար ռիսկի գործոնն արդարացված կլինի եւ երկար տարիների ընթացքում կարող են իրենց թույլ տալ ներդրումներ անել, որոնց արդյունքները ոչ թե շուտ կերեւան ու միանգամից շահույթներ կբերեն, այլ կամաց-կամաց»:

Սակայն գործարանի վարպետ Սերժիկ Բեժանյանը պնդում է,որ իրենք բազմիցս են լսել «Նաիրիտի» հետ կապված հնարավոր գործարքների մասին:

«Մեզ ամեն անգամ խոստանում են, որ բանակցություններ են ընթանում ու կգա ժամանակ, որ գործարանը նորմալ կաշխատի: Անգլիայից եկան նայեցին գործարանը, Ռուսաստանից, հույս ունենք, որ այն կաշխատի, բայց երբ՝ չգիտենք: Վերջին անգամ ասացին, որ երեք ամսից պարզ կլինի կաշխատի՞, թե ոչ», – ցավով նշում է նա:

Չնայած գործարանի աշխատանքային անձնակազմը պահպանվում է, տնտեսագետ Մանասերյանը մտահոգվում է, որ «Նաիրիտի» համար կարեւորագույն նշանակություն ունեցող մասնագետները լքում են Հայաստանը:

«Պետք է հաշվի առնել հատկապես ինժեներատեխնիկական կադրերը, որոնցից շատերն արդեն Հայաստանում չեն: Կադրերի արտահոսքը նոր խնդիր չէ, բայց եղած մասնագետներին պահելու, հատկապես լավ մասնագետներ պատրաստելու համար նպատակային ծրագրեր են անհրաժեշտ ու համոզմունք եղած աշխատողների մոտ, որ իրենք կպահպանեն իրենց տեղը: Սա բավական լուրջ խնդիր է»,- նշում է նա:

 

Արփի Բեգլարյանը emedia.am  լրատվական կայքի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայստանումՀՀ տարածքում՝

Մայիսի 22-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 25-26-ին՝ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան   33.60C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      4.50C (1932 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  18.70C

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահըՄայիսի 21-ին ժամը 04.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Սանահին գյուղում այրվում է “Ռաֆ” մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող «Ռաֆ» մակնիշի 426 UL 38 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը:

Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին

վարչապետՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին:

Էստոնիայի արդարադատության նախարարը ևս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրին ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձով, ինչպես նաև նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանո Պեվկուրը վարչապետին է ներկայացրել Էստոնիայում հասարակական և տնտեսական ոլորտներում առկա վիճակն ու իրականացվող քայլերը:

 

ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները

կառավարությունՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով:

Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը:
Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:
Վարչապետը ողջունել է IBM-ի հետ փոխշահավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկկողմ նորարարական ծրագրերի իրականացմանը: «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը նոր թափ կհաղորդի նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որը մեր կառավարության համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հեռանկարային համագործակցությունը ենթադրում է ՀՀ կառավարության կողմից սահմանված ռազմավարական գերակայություններին համապատասխան ուղղություններով, մասնավորապես, կրթական հաստատությունների, ՏՏ կազմակերպությունների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի բացահայտում: Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ ( Center for IBM Innovative Solutions and Technologies):
Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերում ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբեռանվտանգության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Ուսումնական և մասնագիտական կարողությունների զարգացումը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում հետազոտությունների և մշակման ուղղությամբ աշխատանքների, ինչպես նաև այլ համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով:
«Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն ունի մեծ ազդեցություն նաև այլ ոլորտների արտադրողականության վրա: Համատեղելով IBM-ի և միջազգային լավագույն փորձը տեղական փորձի և տաղանդի հետ, մտադիր ենք հաստատել երկարաժամկետ համագործակցություն, որը նպաստի կայուն տնտեսական աճի և համաշխարհային շուկայում մրցունակության գրավական հանդիսացող տեղական ներուժի կառուցմանը»,- նշել է Կիրիլ Կորնիլևը:
Հուշագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության և IBM-ի պատրաստակամությունը ՀՀ-ում IBM-ի տեխնոլոգիաների/գործիքների կիրառմամբ նպաստել Հայաստանի ՓՄՁ-երի զարգացման մարտահրավերների հաղթահարմանը: Այս նպատակին հասնելու համար IBM-ի մասնագետների կողմից ՓՄՁ-երի համար կկազմակերպվեն վերապատրաստման ծրագրեր և սեմինարներ, ինչպես նաև կստեղծվի աջակցող միջավայր, որը կապահովի գործարար և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների մատուցումը ՓՄՁ-երին` նպաստելով Հայաստանում ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը:
«Ուրախ ենք այս երկարաժամկետ համագործակցությանը մասնակցելու հնարավորության համար, որն ուղղված կլինի Հայաստանում ՏՏ աշխատուժի արտադրողականության աճի և երկրի ՏՏ ներուժի օգտագործման միջոցով երկրի տնտեսական աճի ապահովմանը»,- նշել է IBM-ի փոխնախագահը: Այս հուշագիրը ևս մեկ վկայություն է IBM ընկերության` տնտեսությունների զարգացման աջակցման և միջազգային շուկայում IBM-ի գործունեության ընդլայնման համար:
Տվյալ hուշագիրը պարտադիր ուժ չունի և չի դնում որևէ իրավական պարտավորություններ Հայաստանի կառավարության կամ IBM-ի վրա:

«Երևի էլի էս կառավարությունն ա մեղավոր, որ կարկուտ ա եղել». Հրայր Թովմասյան

Հրայր-ԹովմասյանԽորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գոհունակությամբ հայտնեց, որ ինքը հետևել է այլ երկրների խորհրդարաններում ընթացող կառավարության ծրագրերի քննարկումներին և պարզել, որ բոլոր տեղերում էլ այն նույն ձևով է ընթանում. «Որևէ տարբերություն չկա, նույն քննադատություններն են՝ ոչինչ չի արվել, այսպես շարունակել չի կարելի և այլն: Այս հռետորական հարցերը բոլոր տեղերում կան»,-հայտարարեց նա:

Նա ընդդիմադիրներին հորդորեց մի պահ վեր կանգնել քաղաքական և անձնական դիրքերից, գտնել վերկուսակցական, վերանձնային խնդիրները և դրանց շուրջ համախմբվել. «Կտեսնեք, որ մենք համախմբվելու ենք և հաղթելու ենք»:

Նրա խոսքով՝ միգուցե ինչ որ տեղ ինչ որ թիվ իրենք սխալ են գրել, քանի որ ոչ ոք չի կարող չսխալվել, բայց կառավարության ծրագրի տողատակերում հետևյալ միտքն է դրված՝ ունենալ անվտանգ, արդար և ապահով հայրենիք:

Խոսելով կոռուպցիայից և կաշառակերությունից՝ նա ասաց, որ դա բոլորի թշնամին է և դրա հահղթահարումն էլ բոլորի խնդիրն է: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե այս տարիներին ոչինչ չի արվել, ապա այստեղ արդեն նախարարը կոնկրետ օրինակներ նշեց. «Գնացեք նոտար, գնացեք վարորդակնա վկայական հանելու և կաշառք առաջարկեք, դուք նման բան չեք տեսնի»:

Նա ընդդիմադիրներին նաև հիշեցրեց, որ որևէ ելույթում չի հնչել չարտոնված հանրահավաք արտահայտությունը: «Առաջ ամբողջ մամուլը հեղեղված էր դրանով, ամբողջ վեճն ու կռիվը դա էր: Իսկ այսօր դա մեր լեքսիկոնից դուրս է եկել, և դա ձեռքբերում է: Համացանցի այս աստիճայի զարգացվածության դեպքում դա հնացած երևույթ է»:

Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց իրենց ընդդիմացողներին իշխանության արատների մասին չհիշել միայն այն ժամանակ, երբ արդեն իշխանություն չեն՝ դա համարելով մեր քաղաքական դաշտի ամենամեծ արատներից մեկը: «Կամ խոսում ենք գլխավոր դատախազից,-շարունակեց նախարարը,-նա ընդհանուր վերահսկողական լիազորություններ չունի, չունի էդ մարդը, նա հաշվտու է պառլամենտին, ի՞նչ եք ուզում»: Խոսելով պատասխանատվության ենթարկվելու մասին՝ նա օրինակներ բերեց դատական համակարգից՝ նշելով, որ վերջին շրջանում միայն 22 դատավոր է պատասխանատվության ենթարկվել. «Ուզում ենք ամեն ինչը միանգամի՞ց, չենք ստանալու,-հայտարարեց նա,-կարկուտ ա եղել, երևի էլի էս կառավարությունն ա մեղավոր, որ կարկուտ ա եղել…խնդիրների լուծումն էդքան հեշտ չի, կա ներքին դիմադրողականություն, հանրությունն ինքը պատրաստ չի: Մտքի հեղափոխությունը պետք ա լինի էս երկրին մի քիչ կպած լինելով»:

Փրկարարները օգնել են 85 ամյա կնոջը

Փրկարարները   օգնել  ենՄայիսի 21-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 27/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1928 թ. ծնված Ս. Ավետովային, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն:

Նորից գայլերի հարձակում Լոռու մարզում

գայլերի հարձակումՄայիսի 21-ին, ժամը 11.25-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.20-ի սահմաններում գայլերը հոշոտել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանին պատկանող 3 գլուխ ոչխար:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպանը

3038Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Սերժ Սարգսյանն անհրաժեշտ է համարել երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությունը: Դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կուբայի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի ջերմ ողջույններն ու Կուբայի ժողովրդի ջերմ ու հարգալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կայուն զարգացում կունենան և որակական նոր մակարդակի կբարձրանան:

Գալուստ Գրիգորիչի «կլասիկ շուլուխը» կառավարությունը լուրջ է ընդունել

Vahan-HovhannisyanԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում կառավարության քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր հարցերին և վերջինս կողմից հնչած պատասխաններին. “Խոսվեց նաև Խաչիկյանի մասին, իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել, ի վերջո, նա փորձել է արդարություն հաստատել. երևի մտածել է, որ եթե այդ մարդիկ՝ մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան”,-կատակեց նա, ինչը մեծ ոգևորություն առաջացրևեց դահլիճում:

Խոսելով երկրում առկա խնդիրներից՝ Վահան Հովհաննիսյանը փորձեց ենթադրել, թե ինչու է այս իրավիճակին առաջացել. «ՀՀԿ-ական մեծն գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասել է՝ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա, ինչը կառավարությունը, հավանաբար, լուրջ է ընդունել, այնինչ դա կլասիկ գրիգորիչական շուլուխ էր:  Դուք չեք ամենալավը, դուք դեռ պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք”,-ասաց պատգամավորը:

 

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկել

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկելՄայիսի 21-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է 1937 թ. ծնված Է. Քոչարյանը:

Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին

դիՄայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար):

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում:

Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

—

Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին:

«Պարո՛ն Աղվան Հովսեփյան, դու էդքանը ունես, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի…»

pqcjvep8GVKVQRN6dnoSzm55clԽորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը ելույթ ունեցավ նաև “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանը: Դիմելով վարչապետին նա ասա. «Հարգելի՛ վարչապետ, երեկ Դուք չընդունեցիք իմ այն խոսքը, որ ՀՀ գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, և ասացիք, որ այս ամբիոնից պետք չէ նրա մասին այդպիսի հայտարարություններ անել: Շուրջ 6 տարի առաջ այս ամբիոնից ներկայացվել է այդ խարդախ դատախազն այս խորհրդարանին, որ մենք հավանություն ենք տանք նրա ընտրվելուն: Ես գաղտնի քվեարկությամբ չեմ հայտնել իմ անհամաձայնությունն այդ անձի հետ կապված, ես հրապարակավ հայտնել եմ, որ նրա գործունեությունն այդ տարիների ընթացքում եղել է անբավարար ՀՀ-ի համար», – ասաց Փոստանջյանը:

Չնայած Հովիկ Աբրահամյանի կոչին՝ լինել կոռեկտ, Փոստանջյանը շարունակեց ելույթը՝ ասելով, որ կառավարության գործունեության վերահսկողության համար գլխավոր դատախազն ունի մեծ դերակատարություն. “Հաճախ այդ որոշումների գրեթե գերակշիռ մասը չի համապատասխանում օրենքի պահանջներին: Իսկ որոշումներ, որոնք արձակվել են օրենքի խախտմամբ, այդ դատախազը չի միջամտել, չի կանխել և ապագայում նաև չի դադարեցրել այդ որոշումների գործունեությունը”,-ասաց նա՝ մատնանշելով օրինակներ,-Բյուրականում կառուցվեղ ՀԷԿ-ին դեմ են գյուղացիները: Կընթերցեմ, թե ինչ էին ասում այդ գյուղացիները դատախազին: «Պարո՛ն Աղվան Հովսեփյան, գյուղում առանց այդ էլ դու դաչա ունես, յեքա հեկտարներով տերիտորիաներ ունես, դու ջերմոցներ ես դրել, նույնիսկ կանաչի ես ծախում, պամիդոր ես ծախում, թող մի քիչ էլ ժողովուրդն ապրի էլի: Դու էտքան ունես, էլի ես ուզում ունենաս, ոնց կարող ես այդքանը վայելես դու, մեր կարևոր պահանջն է նա, որ այդ ՀԷԿ-ը չկառուցվի»:

ԱՅնուհետև Զարուհի Փոստանջյանն ասաց, որ միգուցե փաստաթղթերով այդ ամենի սեփականատերը Աղվան Գառնիկովիչը չէ, բայց.  “Մենք հո գիտենք՝ ով է: Սա է իրականությունը, և այդ խարդախ դատախազը եկել էր, ուզում էր մեր պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից: Ո՞վ էր նրան թույլ տվել գալ այստեղ: Եվ մենք թույլ տվեցինք, որ նա զրկի մեր գործընկերոջը անձեռնմխելիությունից:Ամեն անգամ ես ինձ էլ եմ այդ մեղադրանքը տալիս, իսկ ես ի՞նչ եմ անուն, որ այդ ամենը տեղի չունենա…»:

Վիճաբանություն, ծեծ և դատաբժշկի ուղեգիր

cecՄայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները  բաժին են հրավիրել 1991 թ. ծնված  Գագիկ Ղ.-ին:

Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել  եղբայրներ` 1982 թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975 թ. ծնված 1975 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Գագիկ Ղ.-ին տրվել  է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

«Լավ նախընտրական պլատֆորմ է». Ալեքսանդր Արզումանյանը՝ կառավարության ծրագրի մասին

images (1)Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը ոչ թե նոր է, այլ նախորդ տարիների լրամշակված և թարմացված տարբերակը:

Նա ասաց, որ նույնն են մնացել նաև իրենց մտահոգությունները. “Ինչպես ասում են՝ կենացները քաղցրացել են, ավելի համապարփակ փաստաթուղթ է ստացվել, երևում է՝ մի մարդ է խմբագրել, և կան նաև դրական որոշ փոփոխություններ: Բայց սա լավ նախընտրական պլատֆորմ է, որտեղ ավելի շատ դիմում ենք զգացմունքներին, քան բանականությանը»,-ասաց նա:

Արզումանյանի կարծիքով՝ պետք է նախ հստակ լիներ ծրագրի նպատակը, հետո այդ նպատակին հասնելու քայլերը և տարեցտարի սպասվող արդյունքները:

Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հնչեցրևած մտքին, թե նախևառաջ ժողովուրդը պետք է կատարի մտքի հեղափոխություն, պատգամավորն ասաց. “Իշխանությունները միսիոներ չեն, որ եկել են հեռու տեղերից՝ վայրի ցեղ լուսավորելու համար:  Նախ ձեզանից սկսեք”:

Նրա կարծիքով՝ կառավարության ծրագրի որոշ դրույթներ հենց հին մտածելակերպն են  արտացոլում: “Կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու ֆունկցիա չպետք է ունենա, դա ինքնանպատակ չէ, կարելի է 10 000 բահ բաժանել, ասել՝ փոս փորեք, հետո էդ փոսերը լցրեք: Ասում եք՝ Հայաստանում կան մենաշնորհներ, եկեք մի քիչ էլ ճիգ թափենք և պարզենք ոլորտները, ստվերից դուրս բերենք տնտեսությունը, օրենքի գերակայություն ստեղծենք, այդ ժամանակ մարդիկ իրենք աշխատատեղեր կստեղծեն, և շուկան ինքն իրեն կկարգավորի”:

Ալեքսանդր Արզումանյանին ծրագրում դուր չէր եկել նաև այն մասը, որտեղ շարադրված են Հայաստանի հարաբերությունները մի շարք կառույցների հետ. որևէ խոսք չկա ՆԱՏՕ-ի մասին, այն դեպքում, երբ այս օրերին հարյուրից ավելի հայ զինվորներ իրենց միջազգային պարտքն են կատարում ՆԱՏՕ-ի շրջանակներում, Պաշտպանության նախարարը հարաբերվում է այդ կառույցի հետ և այլն. “Չեմ ասում, որ պետք է ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, բայց այն գոնե արժանի էր նշվելու”:

Առողջապահության մասով էլ պատգամավորը դժգոհություն ուներ. “Նախորդ զավեշտը մնացել է՝ կառավարության ի՞նչ գործն է ճիշտ ախտորոշում ապահովել: Հո տաքսիստների ճիշտ երթուղի ընտրե՞լն էլ մեզ չեք երաշխավորելու”:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությունը, ապա նա կարծում է, որ առանց ավիացիոն հստակ քաղաքականության, պարզապես անհնար է Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել:

Մի խոսքով, Ալեքսանդր Արզումանյանը դեմ է քվեարկելու կառավարության 2013 թվականին ծրագրին: