Հունիսի 23-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1986 թ. ծնված Արսեն Չ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.25-ին, անհայտ անձը Գյուլբենկյան փողոցի թիվ 31 շենքի բակում, դեռևս չպարզված հրազենից, կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արսեն Չ.-ն ստացել է ձախ ձեռքի բութ մատի և ցուցամատի վնասվածքներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 113 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Խստացումներ ու սահմանափակումներ՝ «Բազեում»
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի տեղի կունենա օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդական հավաքում որոշակի փոփոխություններ են կատարվել ջոկատների կազմում։ «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացնում է, որ 2014-ին ավելացել են հասարակական կազմակերպությունների, լրագրողների, «Երկրապահ» կամավորականների միության «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության ջոկատները։ ԼՂՀ մեկ ջոկատին կավելանա նաև Արցախի պետական համալսարանի ջոկատը։
«Բազեում» այս տարի որոշակիորեն խստացվել են պահանջները։ Եթե նախկինում կարող էին մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդները, ապա 2014-ից մասնակիցների տարիքն իջեցվել է, և «Բազեին» կարող են դիմել 18-30 տարեկանները։ Եթե նախորդ տարիներին ջոկատի ղեկավարներին թույլատրվում էր մեկից ավելի անգամ մասնակցել հավաքին, ապա այդ հնարավորությունը ևս սահմանափակվել է։ Այս ամենը, ըստ Հովհաննես Գաբրիելյանի, արվել է, որպեսզի հնարավորինս նոր երիտասարդների կարողանան ներգրավել հավաքին։ Նա նաև տեղեկացնում է, որ արդեն 12 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը սիրված, սպասված ու պահանջված է երիտասարդների կողմից. «Յուրաքանչյուր մասնակից այստեղ կարողանում է ոչ միայն ինքնադրսևորվել, չափել ուժերը տարբեր մրցույթներում, այլև ստանում է մեծ փորձառություն, դառնում է մի մեծ թիմի մասնիկը, թիմ, որի նպատակը համախմբումն է, միմյանց օգնելով՝ դեպի վերջնական նպատակին հասնելը։ Հավաքը նաև թիմային աշխատանքի մեծ փորձ է հաղորդում։ «Բազեն» լարված, դժվար պայքարի հարթակ է, որը նաև կոփում է երիտասարդներին»։
Անդրադառնալով լրագրողների ջոկատին՝ «Բազեի» ղեկավարը նշում է. «Լրագրողները կկարողանան ներսից ճանաչել հավաքը։ Թող մասնակցեն, տեսնեն հավաքի բոլոր առավելությունները, և եթե գտնեն թերություններ, թող տեղյակ պահեն, մենք էլ կփորձենք շտկել դրանք»։
Նշենք, որ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում կձևավորվի 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Ընդհանուր առմամբ հավաքին այս տարի կմասնակցի շուրջ 500 երիտասարդ, ում սպասվում են հագեցած օրեր։ Մասնակիցներն ուժերը կչափեն մարզական ստուգատեսներում (լող, թենիս, ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, վոլեյբոլ և այլն), մշակութային միջոցառումներում (երգ, պար, նորաձևություն), ինտելեկտուալ խաղերում։ Մրցելույթները կգնահատեն պրոֆեսիոնալ ժյուրին և համապատասխան ֆեդերացիաները ներկայացնող մրցավարները։
Սպասվում են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ, կինոդիտումներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Հյուսիսային պողոտայում ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին ու որակին։ Շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալը շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։
«Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու համաձայնեցվում Երևանի քաղաքապետի հետ։ Պողոտան այս տարիներին արդեն դարձել է երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայր, և այն, ինչ ունեինք մինչ նորոգումը, արդեն հարիր չէր նման սիրված հանրային վայրին։ Այս նախագիծը Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։ Ըստ այդմ, «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որն էլ ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատում է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միության նախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ:
Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապդնմանն ուղղված տարբեր ծրագրեր: Տեղեկացվել է, որ միությունն առաջիկայում պատրաստվում է անդամակցել եվրոպական ուսուցիչների միությանը, ինչը ևս կնպաստի միության զարգացմանը:
Ողջունելով «Դպրոց-կենտրոնների միության» գործունեությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դպրոցը և կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու որակյալ կրթական համակարգի կայացմանը: Այդ առումով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքում պատրաստ ենք ներդնել նաև ձեր փորձը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ տարեցտարի կառավարությունն ավելացնելու է ուսուցիչների վերապատրաստմանն ու դպրոցաշինությանն ուղղված միջոցները:
Միաժամանակ վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել միության ծրագրերին և նախաձեռնություններին:
Վարչապետը գինեգործների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:
Ողջունելով տնտեսվարողներին՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»:
Այնուհետև գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ գինեգործության բնագավառի զարգացման նպատակով:
Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների կողմից բարձրացված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում առկա որոշ հարցերի՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ, վարչապետը հորդորել է նրանց՝ խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:
Քննարկվել են նաև մթերվող խաղողի գնին, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ խնդրի շուրջ մանրամասն զրույց է ունեցել ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ լուծում տալ բնակլիմայական պայմանների հետեւանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում ՌԴ նախատեսվող այցի ժամանակ:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ պետությունը կանգնելու է ներքին արտադրողի կողքին և պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ներդրումների իրականացման, այդ թվում գործարանները նորագույն տեխոնոլգիաներով համալրելու աշխատանքներում, նոր շուկաներ մուտք գործելու հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է գինեգործների փորձն առկա խնդիրների լուծման գործում և պատրաստակամություն հայտնել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ՝ ակնկալելով տնտեսվարողների կառուցողական առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Հունիսի 22-ին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է
301-ի քրիստոնեության ներխուժումից, հայոց հավատի ու հետեւորդների սպանդից հետո հայ արիները տարիների ընթացքում վերականգնել են Հայ Աստվածներին նվիրված տոներն ու ծեսերը: Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետո, մի քանի տարի է, որ Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածներն էլ փառաբանվում են իրենց գործառույթներին համապատասխան, վերականգնվել են Արարչին, Տիեզերակարգին ու Բնակարգին, Հայ Տեսակին (Աստվածներ – Հոգի-Ոգիներ – Մարդիկ) նվիրված եւ այլ տոներ եւս:
Մինչ հայ–արիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ 4 Աստվածների՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (միաժամանակ՝ Հայոց Ամանորի), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի), արդարադատության Աստված Միհրի (Հայոց Արդարադատության) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գերագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:
Հայ արիների հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:
Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, Նախիջեւանի սահմանագլխն նշեց Նանե Աստվածուհու տոնը:
Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին ու փառահեղ նախնյաց:
Ծիսակարգ է կատարվել նաեւ ազգին հայոց եւ հայրենիքի վերատիրմանը նվիրված՝ հանուն եւ վասն արարչակնիք Հայքի ու Հայի զորացման, Արցախի, Նախիջեւնի, Ջավախքի ու Հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
Դեսպան Ազնավուրը պարգևատրվեց ՌԴ ԱԳ նախարարության կրծքանշանով
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:
Վերոհիշյալ պատվո նշանով դեսպան Ազնավուրը պարգևատրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` 2014թ. հունիսի 2-ի հրամանով:
Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում
Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական
Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:
«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:
Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…
Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:
Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք
Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:
Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:
«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:
Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:
Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:
Ստամբուլցիները պայքարում են պատմական վայրը թեյարանի վերածելու քաղաքապետարանի որոշման դեմ
Մինչ Երևանում մի խումբ ակտիվիստներ պայքարում են Աֆրիկյանների ակումբի շենքը փրկելու համար, Ստամբուլում ցուցարարները բողոքում են քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ պատմական Գալատա աշտարակի ներքևի մասում թեյարանան բացելու քաղաքապետարանի որոշման դեմ: Մոտ 200 քաղաքացի, հավաքվելու կոչ տարածելով սոցիալական մեդիայի միջոցով, այսօր խմբվել էին աշտարակի մոտ:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ցուցարարները բղավում են «Գալատան ժողովուրդինն է, ժողովուրդինն էլ կմնա», «Ո՛չ վարձակալությանը», «Դիմադրի՛ր Գալատա» արտահայտությունները: Ցույցի մասնակցիներից Ահմեդ Քալեն, հայտնելով իր բողոքը թեյարանի բացման դեմ, նշել է. «Հրապարակները ժողովուրդինն են: Քաղաքացիները օրվա ամեն ժամին գալիս, նստում, զրույց են անում այստեղ: Քաղաքապետարանը որոշել է այս տեղը փակել ժողովուրդի համար և մասնավոր թեյարան բացել: Մենք պաշտպանում ենք մեր հրապարակները քաղաքապետարանի գրավումից: Մեղք է և ամոթ գրավել այն տեղը, որտեզ քաղաքացին շնչում է»:
Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը
Այսօր երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի բացումը կմեկնարկի հենց Խոր Վիրապից: Անտեղից կամավորների կողմից պատրաստված 2000-ից ավելի խորհրդանշական մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղթոքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները կստանան որպես հուշանվեր:
Բացման արարողության ժամանակ կներկայացվի կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Մեծ Հեքիաթ» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ «Ֆրեսկո» փառատոնի համար
«Սա ավելի շատ քննարկման փառատոն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Շահեն Նազարենկոն: Նա պատմեց, որ փառատոնը ստացել է մոտ 400 ֆիլմ, որից փառատոնի 17 օրերին ցուցադրելու են մոտ վեց տասնյակը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, որից միայն մեկն է հայկական արտադրության` Արա Երնջակյանի «Խավարում»-ը: Ամենաշատ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից: Ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն կինոդահլիճներում ու բացօթյա տարածությունում, այլև Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Ախթալայի և Օձունի եկեղեցիների մերձակայքում:
Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ ժյուրին չի գնահատելու մնացած փառատոնների կանոնների համաձայն` ֆիլմերի ռեժիսորի, օպերատորի աշխատանքը, դերասանական խաղը. «Գնահատելու ենք լավագույն սեր պատգամով, լավագույն խաղաղություն քարոզող, լավագույն երկխոսություն, հանդուրժողականություն ձևավորող ֆիլմերը: Գլխավոր մրցանակը ձևակերպել ենք՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»: Խոսքը վնասված արժեքների մասին է»:
Փառատոնին կմասնակցեն բազմաթիվ օտարերկրացի կինոարտադրողներ: Նրանիցից մեկը` իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը: «Փառատոնն առաջին հերթին ինձ գրավեց իր ինքնատիպությամբ: Քիչ կան փառատոներ, որտեղ շեշտը դրված է այն ֆիլմերի վրա, որոնք խաղաղություն, սեր, համերաշխություն են քարոզում»,- ասաց նա: Փառատոնում ներկայացված է Ջանլուկա Սոդարոյի «Աստված երկնքում է» 14 րոպեանոց ֆիլմը
Կլինի նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը
Մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսի 29-ին:
Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:Այցելություն մարտական հենակետ
Հունիսի 21-ին մի խումբ հոգևորականներ այցելել են հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:
Արտերկրում իրենց հոգևոր ծառայությունն իրականացնող սրբազան հայրերն այս օրերին Հայաստանում են գտնվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկու տարին մեկ անգամ անցկացվող միաբանների հավաքին մասնակցելու նպատակով: Հավաքին ներգրավված մի խումբ հոգևորականներ զինված ուժերի մարտական հենակետերից մեկն այցելելու ցանկություն էին արտահայտել:
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետում Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրերը հանդիպում ունեցան տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զինծառայողների հետ: Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար` հոգևոր հայրերը հենակետի զինծառայողների փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարեմաղթանքներն ու օրհնությունը:
Ացելության ավարտին սրբազան հայրերը ճաշակեցին զինվորական ուտեստներ, լուսանկարվեցին հենակետի անձնակազմի հետ:
Քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որին միացել է նաև ՕԵԿ-ը
«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանին պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր: Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», – հայտարարության այս տեքստով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկան ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները: Տեղեկացնենք, որ ՕԵԿ-ը նույնպես միացել է քառյակի վերոգրյալ հայտարարությանը։
Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց. Նավասարդ Կճոյանը իր սանիկի եւ Տիգրան Սարգսյանի հետ հարաբերությունների մասին. NEWS.am
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տեղյակ չէր, որ իր սանիկին՝ օֆշորային սկանդալի մեջ ներգրավված Աշոտ Սուքիասյանին, հունիսի 19-ին տեղափոխել են Հայաստան եւ կալանավորել: NEWS.am-ի հետ զրույցում արքեպիսկոպոսը հույս հայտնեց, որ արդարադատությունը շուտով ամեն ինչ կպարզի:
Սրբազան հայր, տեղյա՞կ եք, որ Աշոտ Սուքիասյանին երեկ կալանավորել են:
Աշոտ Սուքիասյանին Վրաստանում դեռ հունվարի 30-ին են կալանավորել, հիմա հո նոր չեն կալանավորել:
Բայց նրան երեկ Հայաստան են տեղափոխել, տեղյա՞կ չեք: Չէ՞ որ Ձեր սանիկն է:
Չէ, տեղյակ չեմ, լսեք՝ էնպիսի ագրեսիվ հարցեր եք տալիս: Չգիտեմ, ասում եմ՝ չգիտեմ, ինչո՞ւ եք այլ հարցեր տալիս:
Միթե Ձեր սանիկի ճակատագրով չեք հետաքրքրվում:
Մենք բոլորի կյանքով ենք հետաքրքրվում, իր վիճակով նույնպես:
Իսկ ի՞նչ եք կարծում, սրբազան հայր, այսքանից հետո օֆշորային սկանդալը կբացահայտվի:
Այո, համոզված եմ, որովհետեւ Աշոտ Սուքիասյանի փախուստը խանգարեց դրան: Միակողմանի փաստեր եւ մեկնաբանություններ էինք լսում, կամ այլ խոսքեր, իսկ հիմա մյուս կողմը կա եւ ամեն ինչ կպարզվի: Պետք է երկու կողմերին լսել:
Օֆշորային սկանդալի մեջ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Հնարավո՞ր է Ձեզ նույնպես հարցաքննության կանչեն:
Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն հարցաքննության: Մամուլի գրածն ու Ձեր ասածը նույն բաներն են: Փաստեր են պետք եւ իրականությունը բացահայտելու գործընթաց է պետք: Մամուլն ինչ ասես գրում է, փաստեր են պետք, փաստեր:
Ի՞նչ եք կարծում՝ Տիգրան Սարգսյանն ինչ կապ ունի այս սկանդալի հետ:
Տիգրան Սարգսյանի մասին ինչո՞ւ եք ինձ հարցնում:
Մտերիմներ եք, սրբազան հայր:
Շատերի հետ եմ մտերիմ, դուք կարծում եք՝ մենք նստում ենք այդ թեմայի շո՞ւրջ ենք խոսում: Մենք երբեք այդ թեմայի շուրջ չենք խոսել, Ձեզ հավաստիացնում եմ, երբեք: Մենք ուրիշ թեմաներից ենք խոսում, այդ թեմայից ընդհանրապես չենք խոսում:
Եթե գաղտնիք չէ, ի՞նչ եք քննարկում Դուք եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մշակույթից ենք խոսում, կրոնից, բայց դա չի նշանակում, որ ամեն օր ենք հանդիպում կամ շաբաթը մեկ: Առիթից առիթ ենք հանդիպում:
Եվ վերջին հարցը, սրբազան հայր, ինչո՞վ եք պատրաստվում օգնել Ձեր սանիկին:
Աշոտ Սուքիասյանին պետք է օգնի արդարադատությունը առաջին հերթին, մինչեւ արդարադատությունը չպարզի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է պարզել, հստակեցնել: Մինչեւ արդատադատությունը չօգնի, ոչ մեկը չի կարող օգնել:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին Հայաստան են տեղափոխել հունիսի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում, իսկ երկու ժամ անց կալանավորել:
Շարունակությունըէսկզբնաղբյուր կայքում:
«Դուրս մեր գրպանից» շարժման մասնակիցները շարունակելու են իրենց պայքարը
«Շարժումը արդեն չորս երթ է կազմակերպել, որոնցից ոչ մեկի ժամանակ խախտում չի եղել մեր նախաձեռնության կոչը հենց այն է, որ մենք կողմ ենք անվտանգ երթևեկությանը, իսկ մեր բողոքն արհեստականորեն ստեղծված խոչընդոտների դեմ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Շարժման մասնակցիները պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Արշակ Զաքարյանը առաջարկեց մեկական դոլար հավաքել ու գնել ավտոկայանատեղիները տնօրինող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության բաժնետոմսերը, որոնք վաճառքի են հանվել:
«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը դեռ նախորդ տարի էր հայտարարել, որ կատարած ներդրումների ծավալը կազմելու է 5 մլն դոլար: Նրա հավաստմամբ՝ կազմակերպությունն այս տարի ևս պատրաստվում է 5 մլն դոլար ներդնել՝ վարորդների հաշվին, որոնք կուտակվում են տարբեր տուգանքների միջոցով: «Այդ հինգ միլիոնը տեսնես ինչի՞ վրա է ծախսել, չինական ներկերի՞, որ գծել են փողոցում: Մենք ուզում ենք, որ ընդհանրապես վերացվեն այդ կարմիր գծերը»,- ասաց Զաքարյանը:
Նա անդրադարձավ մայիսի 19-ին տեղի ունեցած երթին, որի ժամանակ 11 մարդ էր բերման ենթարկվել. Ոստիկաններն այդ օր խախտել են բոլոր հնարավոր իրավունքները: ճանապարհային ոստիկանությունը իրենց պետի` Արսեն Արշակյանի գլխավորությամբ փակեց ճանապարհը, ինչի հետևանքով խցանում առաջացավ: Իսկ երբ եկավ փոխոստիկանապետ Օսիպյանը, նա հրամայեց տանել բոլոր ակտիվիստներին, և ոստիկանները սկսեցին գողանալ այն ակտիվիստներին, ում ճանաչում էին: Դա մարդու իրավունքների բացահայտ խախտում էր», – նշեց շարժման անդամ Արթուր Կրոյանը, ում ևս բերման են ենթարկել «առանց բացատրելու, թե ինչ խախտում է նա արել և վեց ժամ պահելուց հետո ազատ են արձակել միայն այն բանից հետո, երբ մարդիկ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից»:
Շարժման մասնակիցները նշում են, որ շարունակելու են պայքարել մինչև իրենց բոլոր պահանջները չկատարվեն. «Արդեն որոշել ենք փոխել պայքարելու ձևերը, բայց, թե կոնկրետ ինչ կանենք, դեռ որոշում ենք: Շարունակելու ենք ակցիաների միջոցով պայքարել մեր իրավունքների համար», – ասաց ակտիվիստ Արմեն Միքայելյանը:
«Քանաքեռ ՀԵԿ»-ի ջրանցքում դի է նկատվել
ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրաձորում
Սամվելը կամավոր հանձնել է իր հոր երկփողանի որսորդական հրացան
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 12.30-ին,1971 թ. ծնված Սամվել Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԲՈՒՄ» տիպի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը, որը հայտնաբերել է իրենց տանը կից կառուցված շինության տանիքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Մկրտիչը Բուրաստան գյուղից 47 մ պղնձե մալուխ է գողացել
Ապրիլի 21-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել էր Արտաշատ-Մասիս երկաթգծի Բուրաստան գյուղում գտնվող կամրջի հատվածից 47 մ պղնձե մալուխ գողանալու մասին:
Հունիսի 20-ին ոստիկանության քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գողությունը կատարել է 1972 թ. ծնված Մկրտիչ Հենրիկի Ս.-ն: Նա խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
Արտյոմը հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 20-ին, ժամը 09.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Արտյոմ Բ.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:



