Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

ասֆալտապատման աշխատանքներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով կասֆալտապատվեն շուրջ 600 բակեր՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 385 հազար քմ տարածք:

Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև վարչական շրջանների ծրագրերով: Ըստ այդմ, շուրջ 110 հազար քմ տարածք էլ կասֆալտապատվի վարչական շրջանների ծրագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կառավարության համար` «հավակնոտ», մեր բակի վարպետ Աբոյի համար` հերթական ծրագիրը

RA Government presented its program to the RA NA«Արա՛մ ջան, ինձ մի տուփ սիգարետ տուր»,- դիմում եմ մեր բակի խանութպանին, որ իր ավտոտնակը վերափոխել է «վաճառատնակի»: Մինչ Արամը թեքվում է դեպի սիգարետների դարակաշարը, որ իմ ուզած ապրանքը տա, նրա վաճառասեղանի դիմաց փոքրիկ հեռուստացույցն ուրախ-ուրախ աղմկում է, թե ԱԺ-ում այսօր այսքան դեմ, այսքան կողմ, այսքան ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ կառավարության նոր ծրագիրը: Հետո ռեպորտաժը պատրաստած լրագրողը սկսում է թվարկել, թե ինչ «բարիքներ» է նախատեսում կառավարության նոր ծրագիրը փոքր ու միջին բիզնեսի համար, որ այն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, որ խթանվելու են ներդրումները, որ, որ, որ…

– Արա՛մ,- ասում եմ,- տե՛ս, կառավարությունը սկսել է քո մասին մտածել, որոշել է քեզ համար շրջանառության հարկը զրոյացնել, որ զարգանաս, հարկայինին էլ հրահանգել է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել քո խանութում, որ ավելորդ անգամ չանհանգստանաս հարկայինի բադին-կոզբադինների անհարկի ու անսպասելի այցելություններից, որ դուքանդ դարձնես մարդավարի խանութ, դուրս գաս քո էս գարաժից ու լույս աշխարհում նորմալ բիզնես անես:

Արամը, որ իմ ասածից հետո փորձում է էկրանից գեղեցիկ արտաքինով լուրեր հրամցնող հաղորդավարուհու ասածները համադրել հենց նոր ինձնից լսածի հետ, սիգարետը ինձ մեկնած` քարացել ու լսում է իր «փրկության բարի լուրն ավետող» ճարտասանությունը: Հենց այդպես, առանց հայացքը էկրանից կտրելու էլ մյուս` դատարկ ձեռքը թափահարեց օդում.
– Չէ, աղբեր ջան, ով փալանն ըլնի, մեկ ա, էշը մենք ենք:

Հետաքրքրվում եմ` չի՞ հավատում նոր կառավարության նոր ծրագրին: Արամը զարմացած դեմքիս է նայում, ուզում է ստուգել` կատա՞կ եմ անում, թե՞ լուրջ եմ խոսում: Ժպտում եմ քթիս տակ, Արամը հանգստացած շունչ է քաշում:

Վերցնում եմ սիգարետս, Արամին թողնում հեռուստացույցի «հավակնոտ» թեմաների մասին պատմող ռեպորտաժների հետ ու քայլերս ուղղում դեպի տուն: Համարյա մուտքի մոտ եմ հասնում, ու հանկարծ մի միտք է ծագում. հենց միայն մեր շենքի մոտակայքում 3 կրպակ կա, 2 մթերքի խանութ, 1 համակարգչային խաղերի սրահ, կարելի է ընդամենը մի 15-20 րոպեանոց շրջայցով հասկանալ, թե դրանց տերերը կամ աշխատեցնողները, որոնք համարվում են մանր բիզնեսի ներկայացուցիչ, ինչպես են վերաբերվում նոր կառավարության ծրագրին ու հայտարարություններին կամ գոնե գիտե՞ն, որ Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել ու կառավարություն են կազմել, գիշեր-ցերեկ մտածում են` ինչ անեն, որ մեր շենքի մոտակայքի կրպակատերերն ու առահասարակ մանր բիզնեսի բոլոր ներկայացուցիչները սկսեն լավ ապրել:

Քայլերս ուղղում եմ դեպի մեր հարևան Սամվելի` շենքի հետևում` փոքրիկ այգու մոտ գտնվող կրպակը, որտեղ նա պտուղ-բանջարեղեն, ձեռքի հետ էլ հաց, պաղպաղակ, խմորեղեն, ձեթ, լուցկի ու այլ մանր-մունր բաներ է վաճառում: Սամվելը կամ Սամոն, իր կրպակի մոտքի առջև «կապած» հովանոցի տակ նստած, ագահորեն սիգարետի ծուխ է կուլ տալիս ու հպարտ կեցվածքով, գլխի թեթև շարժումով իր դուքանի պատուհանին փակցված գնատախտակի վրա է հրավիրում ուշադրությունս. «Լավաշ» գրվածքի դիմացի «100 դրամ» նշումը մեծ խաչով ջնջված է, վերևում ավելի մեծ չափերով գրված է` «75»: Հեռվից բարձր կանչում եմ.
– Ես էլ եկել եմ աչքալուսանք տալու. սրանից հետո փոքր բիզնեսդ ծաղկելու է, ու մի 2-3 տարուց ոչ թե պստիկ կրպակի, այլ մեծ խանութի, հնարավոր է նույնիսկ` մի քանի խանութների տեր ես լինելու, ա՛յ Սամո, բայց արդեն տեսնում եմ, որ բիզնեսդ առանց իմ բարի լուրի էլ սկսել է ծաղկել,արդեն լավաշը 25 տոկոսով էժանացրել ես: Հետո էլ բողոքում ես, թե իշխանությունները քեզ մոռացել են:
Սամոն էլ խոսքս բերանումս է թողնում.
– Տո քեզ էլ, քո իշխանություններին էլ, որ իրանք ոչ մի բան չանեն, ավելի շատ օգուտ տված կլինեն:
– Փաստորեն, Սամո՛, դու էլ հայրենի կառավարության ծրագրին չես հավատում: Մարդիկ հայտարարում են, որ սրանից հետո կանգնելու են սամոների կողքին, փոքր ու միջին բիզնես են զարգացնելու:
– Հա, կանգնելու են, բայց ոչ թե մեր կողքին, այլ մեր կոկորդին… Ասում են` ստվերից դուրս եկեք. գիտե՞ս` էդ ինչ ա նշանակում,- քմծիծաղով հարցնում է Սամոն,- իսկ էդ նշանակում ա, որ ոչ թե էթալու են էդ օլիգարխներին ստվերից հանելու, այլ ուղիղ գալու են իմ «բուդկա» ու ասեն` պամիդոր-խիարդ ստվերի տակ ես ծախում: Դե արի դրանց բացատրի, որ երբ իրանց շեֆն ասում ա` ստվեր, էդ լույսից պաշտպանող ստվերը նկատի չունի. չնայած…

Մտքումս կազմած ցուցակիս մեջ Արամից հետո Սամոյի անվան դիմաց էլ «մինուս» նշումն եմ անում, Սամոն էլ չի հավատում կառավարությանը:

Շարունակում եմ ճանապարհս, հասնում եմ կողքի շենքի պատին անվստահ «հենված» փոքրիկ տնակ-խանութին: Այդ շենքից երկու ծեր թոշակառու ամուսիններ են աշխատեցնում` վարպետ Աբոն ու նրա կինը` Լիդան: Մտնում եմ նրանց խանութ. միայն Աբոն է խանութում: Բերանը հենց նոր կերած մածունի ու հացի մնացորդներից մաքրելով` խանութի վաճառողի հլու և ծառայելու պատրաստ դեմքի արտահայտությամբ հարցնում է.

– Ի՞նչ ես ուզում, շե՛ֆ ջան,-չեմ էլ նկատել, թե երբվանից են ինձնից 2.5 անգամ տարեց Աբոն ու Լիդան սկսել ինձ «շեֆ»-ով դիմել:
– Եկել եմ ասելու, վարպե՛տ Աբո, որ կառավարությունը խոշոր գործարարներին հավաքել է ու բոլորով որոշել են, որ սրանից հետո դու, մեկ էլ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` դե էն Լֆիկ Սամոն, էլի, հավասար պայմաններում եք աշխատելու: Արդեն կարող ես ազատ մրցակցել «Երևան Սիթի»-ների հետ:
Վարպետ Աբոն խեթ-խեթ նայում է ու.
– Որ իմանամ հանաք չես անում, որ իմանամ իսկականից հավատում ես քո ասածին, էդ կառավարությանը, չեմ ալարի, կանցնեմ էդ կողմն ու մի սիլլա կտամ, որ մանկությունդ հիշես ու սաղ կյանքումդ էլ չմոռանաս:
– Բայց ինչո՞ւ չես հավատում:
– Որովհետև 10-ից ավելի տենց ծրագիր եմ տեսել, որից հետո քո էդ Լֆիկի սուպերմարկետներն ավելացել են, իսկ իմ խանութի ապրանքները` գնալով քչացել:

Էլ երկար-բարակ «հարցախույզի» կարիք չկա. մտքիս ցուցակում Աբոյենց խանութի դիմաց էլ է հայտնվում «մինուս» նշանը: Մեկական մինուս էլ դնում եմ համակարգչային խաղերի սրահից ու մթերքի խանութներից դուրս գալուց հետո:

Փաստորեն, բնակությանս տարածքի ոչ մի մանր բիզնեսի ներկայացուցիչ, որի վրա պետք է տարածվեն նոր կառավարության նոր ծրագրերն ու որոշումները, քաղաքականություններն ու հայտարարությունները, որևէ դրական սպասելիք չունի: Իսկ դա հավանաբար ամենահմուտ վերլուծաբանի կամ տեսաբանի գնահատականից ավելի պերճախոս գնահատական է:

Հունիսին կստորագրվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը

6554Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:

Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևի, շնորհակալ եմ Ձեզ կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:

Սրտանց շնորհավորում եմ Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը:

Անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:

Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:

Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն:

Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հետախուզվող Գոհարը բերման է ենթարկվել օդանավակայանից

ձերբակալելՄայիսի 28-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոհար Ե.-ին, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 322 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին):

Գրպանահատը խոստովանել է հանցանքը

ձերբակալվածՄայիսի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 32 շենքի դիմաց Ժորա Ե.-ի գրպանից գումար գողանալու մասին:
Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն, որը մայիսի 28-ին, ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Վեդիում մթերային խանութից կատարված գողությունը բացահայտվեց

ձերբակալվելՄայիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները, Վեդի քաղաքի Շահումյան փողոցի թիվ 34 տան մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ին:
Քննության ընթացքում հիմնավորվել է, որ խանութից գողությունը կատարել է նա:

Ներդրումային ծրագրերն ստանում են կառավարության աջակցությունը

11340_am_2Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը: Մասնաճյուղը իրականացնում է Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 220 կիլովոլտ օդային էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի նախագծումը, մատակարարումն ու տեղակայումը: Գործադիրը հաշվի է առել ծրագրի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության տեսանկյունից և ակնկալում է, որ որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել օդային գծի կառուցումը, ինչը հնարավորություն կստեղծի փոխանցել ավելի մեծ հզորություն, էապես բարելավել էներգահամակարգի հուսալիությունը և մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացնել մինչև 2014թ. դեկտեմբերի 25-ը: Ընկերությունը վերամշակման նպատակով ներմուծել է ձիթապտուղ, որը, սակայն, չի կարողացել վերաարտահանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Թույլատրելով ժամկետի երկարաձգումը, կառավարության որոշումը կնպաստի ընկերության ֆինանսական վիճակի կայունացմանը, ստեղծված աշխատատեղերի պահպանմանը:
Նիստում «Արմյանսկի ուրոժայ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. մայիսի 26-ը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 11 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և իրականացնելով 6.5 մլրդ դրամի ներդրում: Տարեկան թողարկվելու է շուրջ 2.7 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասն արտահանվելու է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան: Ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը:
Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի ս.թ. հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը:
Վիճծառայությունը ս.թ. հունիսի 1-ից սկսելու է իրականացնել նաև «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը, որի համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ. հունիսին և ավարտվելու է 2016թ. մայիսին, նպատակ ունի հզորացնել վիճծառայության կարողությունը՝ համակողմանի և արժանահավատ տեղեկություն հավաքելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ և դրանով իսկ նպաստելու երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի քաղաքականության կատարելագործմանը, դրա արդյունավետության մշտադիտարկմանը: Այս ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման համար ևս կառավարությունը թույլատրել է արտաբյուջետային հաշիվ բացել:

Դրամական օգնության փոխարեն կհատկացվի պարգևավճար

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին: Որոշման մեջ կիրառվող «դրամական օգնության» բառերը փոխարինվել են «ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի» բառերով:
Նիստում որոշվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության:
Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ:
Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան բուհերի դիմորդների փաստաթղթերն ընդունել նաև նույնականացման քարտով, մինչև օգոստոսի 1-ը զորացրման ենթակա զինծառայողներին լիազորված անձի միջոցով դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել ընդունելության մրցույթին:
Գործադիրը հավանություն է տվել Վարակիչ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և դրա 2014-2018թթ. միջոցառումների ժամանակացույցին: Փաստաթղթի ընդունումն իրականացվում է Հայաստանում միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակում և նպատակ ունի կանոնակարգել տարափոխիկ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարը, այդ թվում՝ ՀՀ տարածք թափանցելու սահմանափակման միջոցով:
Կառավարության որոշմամբ Երևանի Իսահակյան 28 շենքի երրորդ շինության առաջին հարկից 45.7 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով հանձնվել է «Գրահրատարակիչների ազգային միություն» իրավաբանական անձանց միությանը:
«Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ:

Կապահովվի քրեական և վարչական պատասխանատվության կապը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է վարչական և քրեական իրավախախտումների հարաբերակցությունը, դրանց միասնականությունն ապահովելու և հակասական իրավակիրառ պրակտիկայից խուսափելի անհրաժեշտությամբ:
Գործադրի հավանությունն է ստացել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է վերացնել օրենքի երրորդ հոդվածի երրորդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկ, տուրք և վճար կատարելու խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաև ապահովել համայնքների բյուջեների մուտքերը:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մայիսի 7-ը Հայաստանում նշել իբրև Երիտասարդության տոն: Գործադիրը նպատակահարմար չի համարել այդ փոփոխությունը, քանի որ խորհրդարանն արդեն իսկ Ուսանողների և երիտասարդների օր է սահմանել մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը:
Նիստում քննության է առնվել «Շրջանառության հարկի մասին օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամտի շրջանառության հարկի վճարման պարտավորությունից: Կառավարությունն անընդունելի է համարել միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը կամ այդ հարկի վճարումից ազատումը և օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն տվել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի սան Դավիթ Ներսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2019թ. ամառային զորակոչը:
Նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ՀՀ քաղաքացիություն ստացած չորս անձ. հաշվի է առնվել նրանց ծավալած հայանպաստ գործունեությունը սփյուռքի համայնքներում:
Կառավարությունը որոշել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր տալ (երեք տարի գործողության ժամկետով) Երևանի «Արֆարմացիա» ՓԲԸ-ին:
Գործադիրը Կարեն Թամազյանին ազատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

«Հաղթանակ» զբոսայգում երկու տղամարդիկ ծեծել են միմյանց

ԾեծկռտուքՄայիսի 28-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգուց, միմյանց հետ վիճաբանելու համար, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1995 թ. ծնված Կարեն Մ.-ին և 1975 թ. ծնված Հայրապետ Թ.-ին:
Պարզվել է, որ զբոսայգում ծագած վիճաբանության ժամանակ նրանք ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Կարեն Մ.-ն ճակատի մասում ստացել է վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Զովունիում դպրոցի մոտ դանակահարություն է կատարվել

դանակահարելՄայիսի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերքով Գևորգ Մ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 28-ին, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն և խոստովանել, որ մայիսի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Զովունի գյուղի 6-րդ և 40-րդ փողոցների խաչմերուկում` դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Գևորգ Մ.-ի գոտկատեղի շրջանին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հայտնի է, թե ով կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը. Փաստինֆո

Սուրիկ ԽաչատրյանՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

«Դեմ եմ»-ը ներկայացրել է կուտակային վճարներից հրաժարվելու գործընթացը և դիմումի օրինակելի ձևը

դեմ եմ«Դեմ եմ» նախաձեռնությունը հանրությանն է ներկայացրելկուտակային վճարներից հրաժարվելու դիմումի ձևանմուշներ, ինչպես նաև ներկայացրել է գործընթացի ողջ ընթացակարգը:

Նախաձեռնության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել և լրացնել, այնուհետև Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC):

Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF,ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:

2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:

3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին»:

 

Ընդունվում են «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթի մասնակցության հայտերը

մանկական եվրատեսիլ«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է մրցույթին մասնակցելու իր որոշումը: Երգի սիրված մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը սույն թվականի հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ը` հետեւելով մասնակցության հետեւյալ կանոններին.

  • Մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 15-ի դրությամբ 10 տարեկանը լրացած մինչեւ 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
  • Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2:45-03:00 րոպե տեւողությամբ:
  • Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաեւ օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25%-ի չափով:
  • Ներկայացվող երգը պետք է լինի նոր եւ հրապարակված չլինի նախքան 2014 թ-ի մայիսի 1-ը:
  • Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, եւ եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008 թ-ից սկսած` կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին` միայն այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին:
  • Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը:
  • Ձայնագրված բեք-վոկալները «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին թույլատրելի են:
  • Չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին (բացառությամբ պարողների եւ բեք-վոկալիստների):

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3, WAV), երգի խոսքերը, կատարողների անձնագրերի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակտային տվյալներ:

Փաթեթն անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ուղարկել` [email protected] հասցեին կամ ներկայացնել հետեւյալ հասցեով՝ ՀՀ, 0047 Երեւան, Նորք-47, Գ.Հովսեփյան 26, Հայասատանի հանրային հեռուստաընկերություն: Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010.65.58.96 կամ 094.49.42.82:

Մրցույթը հյուրընկալող երկրի՝ Մալթայի համար ընթացիկ տարին խորհրդանշական է, քանի որ այն հոբելյանական է անկախ պետություն հռչակվելու, ինչպես նաև Եվրոպական միությանը անդամակցելու առիթով: Առաջին անգամ  «Մանկական եվրատեսիլ»-ի պատմության մեջ այն կանցկացվի կղզում:

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը:

 

Ստուգայցի արդյունքում մեկ օրում Երևանում 29 անսթափ վարորդ է հայտնաբերվել

վարորդՄայիսի 27-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 21-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին

համալիր19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 48 մլն դոլար). օրեր առաջ այս նախնական գնով աճուրդի հանվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է, բայց այդպես էլ գնորդ չհայտնվեց, և աճուրդը դադարեցվեց: Աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտի երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, և լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:

Բայց նախ հիշենք շենքի մասնավորեցման գործընթացը: Համալիրը կառավարության որոշմամբ օտարվել է դեռ 2005 թ. 5 մլն 750 հազար դոլարով մոսկվաբնակ գործարարներ Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թ.:
Փաստորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ սեփականատերը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու շենքի պատմա-մշակութային կողմին: Համալիրը բերվել է պատշաճ տեսքի ու մակարդակի: Սակայն սա հարցի մի կողմն է:
Իսկ թե ինչ կապ ուներ այս պատմության հետ պետությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարությունը, պարզվեց, որ «Բամո» ընկերությունը շենքը գնելուց հետո գրավ է դրել Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, և համալիրը, որպես գրավի առարկա, անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Վարկը տրամադրվել է ռուսական կողմից. 2008 թ. ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել, որից 20 մլն դոլար տրվել է «Բամո» ընկերությանը: Ռուսական վարկը Հայաստանի իշխանությունների կողմից մարվել է 2013 թ.: Ամենայն հավանականությամբ, համալիրի սեփականատերերը, ավելի ճիշտ՝ սեփականատերը, քանի որ Մուրադյան եղբայրներից մեկը Մոսկվայում սպանվեց, չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, և շենքը հանվել է աճուրդի:
Սակայն, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համալիրն աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ դրանք համարելով անօրինական:

«Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: ԴԱՀԿ-ն հրաժարվում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն տրամադրելուց: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 մլրդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014 թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի»,- նշված է մարզահամերգային համալիրի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Այս պատմության մեջ իրավական կողմը, իհարկե, կարևոր է, մանավանդ որ կողմերից մեկը պետությունն է, սակայն հանրությանն առավել անհանգստացնում է հանրապետական նշանակության կառույցի ճակատագիրը, քանի որ շենքի աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ կետով նշված չէ կառույցի կարգավիճակը, և ստացվում է, որ նոր գնորդը կարող է վարվել դրա հետ որպես սովորական մի շինության:
«Դա տարրական անգրագիտության հետևանք է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը, ի դեպ, եղել է այդ փառավոր շենքի երկու կոնստրուկտորներից մեկը:
Գրիգոր Ազիզյանն ասում է, որ աճուրդի դրված օբյեկտը ճիշտ չի ձևակերպված, նշված չէ, որ այն պատմամշակութային հուշարձան է, և գնորդը պարտավոր է պահպանողական պայմանագիր կնքել և այլն: «Նույնն էլ արվեց Ծածկած շուկայի դեպքում, չնայած այն դեպքում դիտավորյալ էր արված, իսկ մարզահամերգայինի դեպքում, կարելի է ասել, եղել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տրված տարրական սխալ և անգրագիտություն»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ սխալը կշտկվի, քանի որ այն խիստ ակնհայտ է, և պատմամշակութային շենքին որևէ վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է պետության և մասնավոր ընկերության միջև ծագած վեճին, ապա Ազիզյանը կարծում է, որ այնուամենայնիվ, համալիրի սեփականատերը եղել է բարեխիղճ, իր պարտավորությունները կատարել է պատվով, և այսօր շենքը շատ լավ վիճակում է: «Սակայն համալիրի ղեկավարները լավ մենեջերներ չեն եղել, քանի որ դա այնպիսի շենք է, որ պետք է ավելի լուրջ ձևով շահագործվեր, կազմակերպվեին լուրջ միջոցառումներ, համերգներ: Դա էլ, հավանաբար, հանգեցրել է պարտքերի գոյացման»:
Ազիզյանը նշում է, որ շենքը ո՛չ ժամանակին է իրական արժեքով վաճառվել, ո՛չ էլ այսօր է իրական արժեքով աճուրդի հանվել, քանի որ դրա իրական արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Մարզահամերգային համալիրի համահեղինակ, Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ շենքի կառուցումը նախատեսված էր սկսել 60-ականներին և մինչև 1970 թվականը հասցնել ավարտին՝ որպես նվեր Խորհրդային Միությունից Խորհրդային Հայաստանին ՝ խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Սակայն ֆիզիկապես հնարավոր չեղավ հասցնել, ուստի որպես նվեր կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:
Հիշում է, որ համալիրի շինարարությունը սկսվեց 70-ականների վերջերին, իսկ 1980-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար օլիմպիադան, և ֆինանսավորում ստանալու համար շատ բարդ ժամանակաշրջան էր: Սակայն, Հայաստանի իշխանություններին հաջողվեց գումար ստանալ շենքի շինարարության համար:
Կառույցը 1987 թ. Խորհրդային Միության կողմից ստացավ պետական մրցանակ, ինչն աննախադեպ էր Խորհրդային Հայաստանի պատմության մեջ:
«Ինձ ոչ թե աճուրդն է մտահոգում, այլ այն, թե ում է շենքը վաճառվելու, և շենքի գնորդն արդյոք ի վիճակի է նույն ձևով պահպանել կառույցը, թե ոչ,- ասում է Մուշեղյանը,- պայմանագրային հարաբերությունները պետք է այնպես կազմվեն, որ անկախ նրանից՝ ով է սեփականատերը, շենքը պահպանվի նույնությամբ: Իսկ այսօրվա սեփականատերը պասիվ է շենքն օգտագործում, թե ակտիվ, նորմալ ձևով շենքը պահպանում է, և ցանկացած միջոցառում, ցանկացած պահի այնտեղ կարելի է իրականացնել»:

Անկախ

Արծրուն Հովսեփյան.ՙՙթեև մեր` սողանիքից փլված տան 10 տոկոսի չափով են փոխհատուցում տվել, ինչի շնորհիվ մասամբ լուծվել է մեր տանիքի խնդիրը՚՚..՚՚

 Արծրուն ՀովսեփյանՏավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանի պապը` Վասիլ Վերանյանը, եղել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Առաջին համաշխարհային տարիներին հայ կամավորական չորրորդ գունդը ղեկավարած, Սարիղամիշի ճակատամարտի մասնակից Արշակ Գավաֆյանի` Քեռու, թիկնապահներից մեկը: Արծրուն Հովսեփյանը, որին անցած շաբաթ օրը ՀՀԿ 15-րդ համագումարում իր ելույթում հիշատակեց Հանրապետության նախագահը, հիշում է, որ պապը իր հետ տուն էր բերել և սրբությամբ պահպանում էր Արշակ Գավաֆյանի հրացանի սվինը: ՙՙՈվ գիտի` քանի թուրք էր սատկացրել էդ սվինը: Դա ի պահ էր տրված մեր գյուղի թանգարանին, որն այսօր, ցավոք, չի գործում: Իսկ այդ մասունքը ի թիվս թանգարանային մնացած արժեքների, այժմ Դիլիջանի թանգարանի նկուղներում է՚՚,-Անկախի թղթակցի հետ զրույցում պատմել է գոշեցի Արծրուն Հովսեփյանը: Նա, ի դեպ, Արցախյան ազատամարտի մասնակից է, հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին պայքարել է Նոյեմբերյանի, Շամշադինի դիրքերում, մասնավորապես սահմանամերձ Չինարիում և Այգեձորում: Արծրուն Հովսեփյանը մշտապես հետևում է հեռուսալուրերին: Հանրապետական համագումարի օրը սակայն մինչև կդիտեր ու կլսեր նախագահ Սարգսյանի ելույթը, մտերիմներից մեկն է զանգահարել ու ասել, որ իր անունը հնչեցվել է: ՙՙԹե երկրի, թե մարզային իշխանությունները գիտեին իմ խնդիրը, զանգահարել են, հետաքրքրվել, թեև մեր` սողանիքց փլված տան 10 տոկոսի չափով են  փոխհատուցում տվել, ինչի շնորհիվ մասամբ լուծվել է մեր տանիքի խնդիրը՚՚: Արծրուն Հովսեփյանի խոսքով, Գոշում տների արժեքը բավականին բարձր է` պայմանավորված գյուղի զբոսաշրջային հնարավորություններից: Ըստ Հովսեփյանի, 10294319_748570325165559_8103158692875003290_nԳոշավանք է տարեկան այցելում մոտ վեց հարյուր զբոսաշրջիկ: ՙՙԵթե 1980-ականներին իմ հիմնադրած թանգարանը գործեր, որի դռները փակվել են 2013-ի դեկտեմբերին, այցելուների նման մեծ քանակ կունենար, և թանգարանն անգամ պետական ֆինանսավորման կարիք չէր ունենա՚՚՚: Արծրուն Հովսեփյանն ապրում է կնոջ, որը գյուղի դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհին է, որդու, հարսի և թոռնիկի հետ: Նա նշում է, որ Հանրապետության նախագահի հետ հանդիպելու բազմիցս առիթներ եղել են: Թանգարանային գործունեությամբ զբաղված մտավորականը պատմում է, որ իր կյանքում հաճելի պահեր շատ են եղել, մասնավորապես ` նա հիշում է ռուս կոմպոզիտոր Շուստակովիչի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Սոս Սարգսյանի, Հովհաննես Շիրազի ու Պարույր Սևակի հետ հանդիպումները հենց Գոշում: Արծրուն Հովսեփյանի ցանկությունն այժմ իր հիմնադրած թանգարանի վերաբացումն է հայրենի Գոշում և Դիլիջանից ցուցանմուշների տեղափոխումը Գոշ:

Անկախ

Նախարարը լրագրողների հետ շրջայց կատարեց Իրավաբանական ինստիտուտի նոր մասնաշենքում

հովհաննես մանուկյանՀՀ արդարադատության նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնում են որ,

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:

Նախարարը ներկաներին շնորհավորեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ և նշեց, որ նման միջոցառումներին լրագրողների մասնակցությունը և հանրության համար դրանց լուսաբանումը կնպաստի նախարարության գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը՝ զարգացնելով հասարակություն- գերատեսչություն համագործակցությունը:

Լրագրողները տեղում փորձարկեցին հրաձգարանի հնարավորությունները՝ մասնակցելով նախարարության կազմակերպած հրաձգության մրցույթին: Առաջին երեք պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները նախարարի կողմից  պարգևատրվեցին հավաստագրերով և խորհրդանշական մեդալներով:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ը 2013 թվականից սկսել է իր ուսումնական կենտրոնի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող շենքի  վերանորոգման (նաև վերակառուցման) աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2015 թվականի դեկտեմբերին:

2014 թվականից շահագործման են հանձնվել ուսումնական կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը, որտեղ ներկայում իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների ծառայողների (քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներ) վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները: Ուսումնական կենտրոնում առկա են ժամանակակից լսարաններ՝ համապատասխան գույքով և էլեկտրոնային գրատախտակներով, ունկնդիրների գիշերակացը կազմակերպելու համար նախատեսված կացարաններ, մարզադահլիճ, ճաշարան, հրաձգային վարժասարք, փակ հրաձգարան՝ ատրճանակով հրաձգություն անցկացնելու համար:

 Անկախ

Սարդարապատում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ

Էդվարդ ՆալբանդյանՀարց. Արդյո՞ք որևէ բան ստորագրվելու է Աստանայում

Պատասխան. Եթե որևէ բան ստորագրվելու լիներ, մենք կհայտարարեինք: Ինչ հայտարարված է՝ դա է լինելու:

Հարց. Այսինքն, չի՞ ստորագրվելու:

Պատասխան. Աստանան կլինի՝ կտեսնեք:

Հարց. Ինչպիսին է պաշտոնական Երևանի արձագանքը Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ:

Պատասխան. Պաշտոնական արձագանքը տեսեք մեր նախագահի շնորհավորականի մեջ, որն ուղարկվել է Ուկրաինայի նորընտիր նախագահին:

Հարց. Ճանաչու՞մ ենք, փաստորեն:

Պատասխան. Եթե Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին, ապա ինչպես կարող է մեկ այլ բան լինել:

Հարց․ Ի՞նչ փուլում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։ Ի՞նչ են նախատեսում եռանախագահները։

Պատասխան. Բանակցային գործընթացն իր հունով շարունակվում է: Կարծում եմ` մի քանի օրից համանախագահները կլինեն Ադրբեջանում, որովհետեւ վերջին անգամ, երբ տարածաշրջանում էին, այցելեցին Հայաստան, Ղարաբաղ, հանդիպեցին ղեկավարության հետ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը երկրում չէր: Մի քանի օրից կվերադառնան տարածաշրջան՝ հանդիպելու նաև Ադրբեջանի ղեկավարությանը:

Հարց. Ձեզ չի մտահոգում, որ հակառակորդը շարունակում է զինվել:

Պատասխան. Մտահոգում է և ողջ միջազգային հանրությանը, և եռանախագահող երկրներին, որոնք միշտ կոչ են անում համապատասխան քայլեր ձեռնարկել հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման և համապատասխան մեխանիզմի ստեղծման, որը կզբաղվի հրադադարի խախտման, միջադեպերի հետաքննություններով:

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի ղեկավարությունն այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ

շավարշ քոչարյանԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը “Արմենպրես” գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկվա ելույթի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասը:

Պատասխան. Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը: Բաքուն դրեց ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը` սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության, 1993 թվականի սեպտեմբերի 3-ին սեփական ստորագրությամբ լիազորելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ա. Ջալիլովին` «բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»:
1993 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում Հ. Ալիևի և ԼՂՀ ղեկավարի միջև կայացած հանդիպումը դրեց բիշքեկյան արձանագրության և 1994 թվականի մայիսին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի հաստատման հիմքը, որին միացավ նաև Հայաստանը:
Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին:
Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:
Եվ այդ ամենը հանուն սեփական նպատակի` պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ:
Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո:

Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը դիվանագիտական ճիշտ քայլ էր. Գևորգ Մելքոնյան

945818_472942536122061_1556891499_n

“Առաջին Հանրապետության հռչակումը խորհրդանշում է ոչ միայն անկախություն, այլ նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ: 1915թ.-ին ցեղասպանության ենթարկված ժողովուրդը կարողացավ ուժ գտնել իր մեջ ու հաղթանակ տանել թշնամու` տասնամյակների, եթե չասենք հարյուրամյակների պատմություն ունեցող կանոնավոր բանակի նկատմամբ”,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մայիսյան հերոսամարտերի  և Առաջին Հանրապետության անկախության հռչակման, բացթողումների ու անելիքների մասին` նշեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

Բանախոսը հատուկ կարևորությամբ նշեց, որ Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հաղթանակը վեր էր կուսակցական պատկանելությունից. բոլորը դարձան մեկ ուժ` դիմակայելու արտաքին սպառնալիքներին:

Գևորգ Մելքոնյանը ցավով արձանագրեց նաև, որ սա մեծ տոն է, սակայն հերոսամարտը կերտողների անունները երիտասարդ սերնդին հայտնի չեն և մեծ խնդիր կա այդ հերոս կերպարները նոր սերնդին դաստիարակելու հարցում: Ընդհանուր առմամբ, բանախոսի կարծիքով, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը վերագնահատելու խնդիր ունենք:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100 ամյակին առթիվ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես` Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելուն, Գևորգ Մելքոնյանը այդ նախաձեռնությունը համարեց ճիշտ դիվանագիտական քայլ, որով մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց դրա հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, բանախոսը 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախագահի կամ արտգործնախարարի կողմից Հայաստան այցն ու անմեղ զոհերի հիշատակի առջև  նրանց խոնարհումը հավանական չհամարեց:

Ամեն օր մայիսքսանության հոգիվիճակի մեջ պետք է լինենք. Ժիրայր Սեֆիլյան

նախախորհրդարան«Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, սակայն ես համոզված եմ, որ սեպտեմբերի երեքից հետո, երբ գործող ռեժիմը արագ վազքով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն, այսինքն՝ դեպի նորացված Խորհրդային Միություն, մենք ամեն օր մայիսքսանության հոգիվիճակի մեջ  պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք պատմության կրկնությունը»,- այսօր Հանրապետության հրապարակում Առաջին հանրապետության անկախացմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նախախորհրդարանի հիմնադիր, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշեց, որ կոպիտ սխալ է կարծելը, որ գոյությունը պահպանելու համար Հայաստանը անպայման պետք է «ռուսական կայսրության փեշերից կախված լինի». «Հայաստանը միշտ հաղթել է, երբ հույսը չի դրել օտարների վրա.  դա են վկայում Սարդարապատի հերոսամարտը 1918-ին և Արցախյան ազատամարտը 1990-ականներին»։

unnamedՍեֆիլյանը անդրադարձավ նաև վերջին ամիսներին հայ զինվորների մահվան դեպքերին. «Վերջին ամիսներին շատ ենք սկսել լսել կորուստների մասին։ Զինադադարից հետո 20 տարի է անցել։ Եթե այս ամբողջ ապիկարությունը տեղի ունենար հետզինադադարյան անմիջական տարիներին, մենք կարող էինք հուսալ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի այդ ամենը, այնպիսի քաղաքականություն կորդեգրվի, որ կբացառի խաղաղ պայմաններում հայ զինվորի մահը, սակայն հակառակն է  տեղի ունենում.  որքան տարիներ են անցնում, այնքան զոհերի քանակը մեծանում է»,-նշեց նա։

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
նշեց, որ պատմության ընթացքը շարունակում է Հայաստանին սպառնալ նույնպիսի վտանգներով, ինչպես 1918-ին. «Պարադոքս է այն, որ այսօր օբյեկտիվ գնահատմամբ ՀՀ-ը և հայությունը գտնվում են ավելի բարեբեր վիճակում, քան 1918-ի մայիսին: Ուրեմն ոչ անելանելի վիճակ է, սակայն նույնպես ազգովին և պետականորեն վերանալու վտանգ կա: Այս պարադոքսի գաղտնիքը դեռևս ամբողջական ազգային գոյություն, ոգեղենություն դեռևս չգտնելու մեջ է մնում»:
Միաժամանակ ասուլիսին ներկայացվեց նաև Նախախորհրդարանի հայտարարությունը մայիսի 28-ի կապակցությամբ, որում նախաձեռնության անդամները մասնավորապես նշում են, որ առաջին հանրապետության ստեղծումը մեր պատմության շրջադարձն է. «Ցավոք՝ ներքին ու արտաքին ծանրագույն հանգամանքների ազդեցությամբ մեր ինքնիշխան կյանքի ընթացքը կասեցվեց, և մենք նորից ենթարկվեցինք այս անգամ արդեն խորհրդառուսական կայսրության յոթանասունամյա գաղութացման Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը ևս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար»:

Նախախորհրդարանի անդամները հավելում են. «Հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի»:

Նախախորհրդարանը մշակել է ազգային ռազմավարություն, ժողովրդի կամքը ներկայացնող մարմին՝ Հիմնադիր խորհրդարան և կոչ է  անում Հայաստանի քաղաքացիներին առաջադրել իրենց թեկնածությունը պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման աշխատանքներին։

Անկախ