Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

ՀՅԴԱյսօր, այստեղ իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

            ՀՅԴ Մամլո Դիվան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ուկրաինայի դեսպանին

Շավարշ Քոչարյան

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով:

 

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

 

Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

 

Անկախ

ՙՙԺառանգության՚՚ առաջնորդը չի կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել իրեն

Րաֆֆի ՀովհաննիսյանՙՙԺառանգություն՚՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը, նշեց, որ խորհրդարանական չորս ուժերը շարունակում են կառուցողական համագործակցությունը, նրանց կողմից առաջ քաշվող օրինագծերը քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում:

ՙՙՄինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ և, վերջապես, ասվի, որ համագործակցության ձևաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից՚՚՚,,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այն քաղաքական ուժերը, որոնք 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: Այս պահին նման պայմանավորվածության առայժմ չեն եկել: ՙՙԺառանգությունը՚՚ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն իշխանափոխություն է պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից:

Անդրադառնալով ժողովրդի` իր հանդեպ ունեցած անվստահությանը` «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ չի կարծում, թե Հայաստանի ժողովուրդը հիասթափված է իրենից, պարզապես ոմանք նախընտրում են չարախոսել՝ հիշելով 2013-ի ապրիլի 9-ի դեպքերը:

«Չեմ կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել ինձ: Ինձ համար այս կամ այն քաղաքագետի ասածը ցուցանիշ չէ: Ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ես քաղաքական գործիչ եմ, որին մարդիկ չեն դադարում վստահել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անկախ

«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար». քաղտեխնոլոգ

ԱԺ-չորս-ոչ-իշխանական-ուժերՔաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նկատեց, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է զվարճանքի, չկա գաղափարախոսություն և լուրջ քաղաքական պայքար: Փոխարենը իշխանական և ընդդիմադիր հատվածում կան քաղաքական կղզյակներ, որոնք երկու կողմից հենվում են օլիգարխիայի վրա:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացման փորձերին և ապրիլի 28-ին Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրում էլ լինում են այնպիսի հարցեր, որոնք միավորում են տարբեր ուժերի:

<<Այնպես չէ, որ չորս ոչ իշխանական ուժերը միանում են, որ դառնան ընդդիմադիր կոալիցիա: Նրանք միավորվել են Կառավարության հրաժարականի հարցի շուրջ: Կստացվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց գործընթաց կա>>,- ասաց քաղտեխնոլոգը՝ նկատելով, որ բոլոր ուժերը համաձայնեցին, որ իրենց առանցքը դառնա ԲՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանը, բայց դեռ բավական ժամանակ կա, կարող է մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվել:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ չորս քաղաքական ուժերը չեն ասում, թե հանուն ինչի՞ են ուզում փոփոխություններ իրականացնել՝ հանուն լավի, թե հանուն իշխանության գալու:

«Նրանք հիմնվում են սոցիալական խնդիրների վրա, բայց պարզ չէ, թե ինչպե՞ս են հասնելու դրան, երբ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն: Եթե իշխանության հետ գալու են փոխհամաձայնության վարչապետ ընտրելու հարցում, ինչո՞ւ չի երևում Հանրապետական կուսակցության փոխզիջման պատրաստակամությունը: Այս պահին իրականում ամենամեծ հանրահավաքներն անում է <<ԴԵՄ ԵՄ>> քաղաքացիական նախաձեռնությունը, որին չորս ուժերը ուզում են անպայման միանալ»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին՝ չորս ոչ իշխանական ուժերից  որի՞ն է իսկապես ընդդիմադիր համարում, քաղտեխնոլոգը պատասխանեց. « Ինձ համար լուրջ կուսակցություն միայն «Դաշնակցությունն» է, որն ապացուցել է իր աշխատանքը բոլոր իրավիճակներում: Այսօր, իհարկե, թույլ է, քան 15 տարի առաջ: ՀԱԿ-ը կդառնա «գեղի կլուբ», եթե մի օր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի զբաղվում քաղաքականությամբ, ԲՀԿ-ն առավել ևս. ԲՀԿ-ն և քաղաքականությունը տարբեր բաներ են: Նույնն էլ Հանրապետական կուսակցությունն է, այն օրը, երբ իշխանություն չեղավ, կուսակցությունում մի բուռ մարդիկ են մնալու»:

 Անկախ

«Իշխանություններից պետք է պահանջել հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները». Հայկազուն Ալվրցյան

Հայկազուն ԱլվրցյանԱրևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի դիտարկմամբ` ներկայումս ասպարեզում եղած բոլոր հարցերը սերտորեն առնչվում են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ: Իսկ մենք ասպարեզում ունենք հայ-թուրքական արձանագրությունները, որոնց վերաբերյալ հենց միայն Հայաստանում երկու կարծիք կա՝ դրական և բացասական:

Նրա խոսքով` հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին այդ չարաբաստիկ արձանագրություններն օգտագործվելու են Հայաստանի դեմ: Թուրքիան հայտարարելու է, որ Հայաստանը ստորագրել է մի փաստաթուղթ, որը կասկածի տակ է դնում Ցեղասպանության պատմական ճշմարտությունը:

«Ահա թե ինչու, պետք է պահանջել իշխանություններից՝ հետ կանչել այդ փաստաթղթերը: Իշխանությունները բազմիցս համոզված լինելով, որ այդ արձանագրությունները սպառել են իրենց, միևնույն է՝ հետ չեն կանչում դրանք»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Թուրքիայում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներառմամբ այդ երկիրը ցույց է տալու աշխարհին, որ հանդուրժողաբար է տրամադրված նրանց նկատմամբ:

«Հատկանշականն այն է, որ առաջադրված հայ թեկնածուների շարքում երկուսն աչքի են ընկնում թուրք-ազգայնական հայացքներով»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան առճակատմանը՝ բանախոսը համոզմունք հայտնեց, որ հակառուսական պայքարում Թուրքիայի դերը բարձրանալու է, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում բարձրանում է նաև Հայաստանի դերը:

«Ժառանգութիւնը» դեռ չի կողմնորոշվել, թէ ինչ է անելու, բայց հրապարակը արդեն զբաղեցրել է

tekali11ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Պարզւում է, <<Ժառանգութիւնը>> դեռ չի կողմնորոշուել, թէ ինչ է անելու, բայց մի հարցում հստակ է. զբաղեցնել հրապարակը մարտի 28-ին ժամը 11-ից 23-ը։ ԱԻՄ-ից մի քիչ շուտ են հայտ ներկայացրել եւ, այդ պատճառով իրենց համաձայնութիւնն է պէտք ժամը 16։00-ից 17։00-ի համար (երթի հարցում խնդիր չունենք)։ Չնայած մերոնց տուած իրենց խոստումին՝ հստակեցնել իրենց անելիքը եւ տեղեկացնել, ոչ իրենց անելիքն են հստակեցրել, ոչ էլ մեզ են հնարաւորութիւն տալիս մարդկանց հստակ որեւէ ժամ ասել 28-ին մեր ծրագրած հանրահաւաքի մասին։ Մի քիչ էլ սպասենք, յետոյ թող ոչ ոք չնեղանայ…”:

 

Անկախ

Ադրբեջանի գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները

d5afd5a1d680d5a5d5b6-d5a1d5bed5a1d5a3d5b5d5a1d5b6

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող տարբեր տրամաչափի գործիչներ, պարբերաբար, փորձում են ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ադրբեջանի ակնկալիքները Միսնկի խմբից, հավանաբար, միակողմանի զիջումներն են, հետևաբար Մինսկի խմբի ցանկացաց այլ առաջարկություն Ադրբեջանի կողմից մատուցվում է խեղաթյուրված, չընկալված և պիտակավորված :

Նման գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել և մնում է խնդրի խաղաղ կարգավորման լավագույն ձևաչափը”:

 

Անկախ

Ալեքսանդր Արզումանյանը ընդունելի տարբերակ է համարում ՌԴ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը և ՄՄ կազմի մեջ մտնելը

Ալեքսանդր ԱրզումանյանՉի բացառվում, որ Հայաստանում կամ Ղարաբաղում գտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, Զորի Բալայանի հայտնի նամակի հիմնական շեշտադրումներով, Մերձդնեստրի օրինակով կարող են դիմել ռուսական իշխանություններին՝ միավորվելու պահանջով: Դա Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենավտանգավոր բանը կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ եթե ԼՂՀ բնակչությունը մոտ 70 տարի պայքարել է , որ փրկվի ադրբեջանական լծից, ապա դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից:

Հաշվի առնելով Ղրիմի նախադեպը, նաև Մերձդնեստրի` ՌԴ-ին միավորվելու հարցը, ինչպես նաև Զորի Բալայանի հայտնի նամակը, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի պարագայում կգտնվեն մարդիկ, ովքեր նման առաջարկով դիմեն Ռուսաստանին հարցին Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այդ մարդիկ արդեն գտնվել են, մեկին դուք արդեն մատնանշեցիք։ Կան, այսպես կոչված, գործիչներ, որոնց հայ անվանելն անհնար է, որոնք համարում  են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ ադրբեջանցիների դեմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որպես հայ ժողովրդի մի հատված պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի այդ լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից։ Շատ ավելի դժվար է լինելու այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, դրա համար սա շատ վտանգավոր է»: Նրա խոսքով՝ սա Հայաստանի ապագան վտանգող, անկախ կարգավիճակին սպառնացող գործողություն կարելի է համարել:

«Հո էդ մարդիկ օբյեկտ չե՞ն, որ մեկից վերցնես ու մյուսին տաս։ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, որ ստեղծի իր պետականությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ուժի և քաղաքացու պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղի ինքնիշխանությունը չխաթարվի:

«Եթե այդքան լավ բան է Մաքսային միությունը և, եթե այդքան Հայաստանի մասին մտածում են, ապա թող Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը և առաջարկի, որ Ղարաբաղը, որպես անկախ պետություն, Բելառուսի, Ղազախստանի հետ մտնի Մաքսային միության կազմի մեջ: Ես ինքս կարծում  եմ, որ դա լրիվ ընդունելի տարբերակ կարող է լինել, քանի որ այսօրվա զարգացումներով Ղարաբաղի և  Հայաստանի սահմանին լինելու է անցակետ, ինչը վտանգում է Ղարաբաղի ապագան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

«Ղրիմն իր խաղը խաղացել է». Ալ. Իսկանդարյան

Ալեքսանդր-ԻսկանդարյանԱկնհայտ է, որ Ղրիմը չի ցանկանում ենթարկվել Կիևին և քաղաքական հեռանկարում Ուկրաինայի կազմ չի վերադառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի` Ղրիմն իր խաղը խաղացել է, այնտեղ ամեն ինչ ավարտվել է, իսկ թե ի՞նչ է ուզում Ռուսաստանը, քիչ թե շատ հայտնի է:

«Ուկրաինան թուլացել է, և Ռուսաստանը նրանից մի կտոր է ուզում: Չեմ կարծում, որ Արևելքը հեշտ կհամաձայնի սրան, հավանաբար առճակատումը կշարունակվի: Իսկ թե ի՞նչ կլինի հետագայում, ինչպե՞ս իրեն կպահի Ռուսաստանը, շատ բարդ է ասել: Միայն ակնհայտ է, որ Ռուսաստանը տանուլ է տալիս ինֆորմացիոն արտաքին պատերազմում, մինչդեռ ներսում միայն շահում է: Այլ կերպ ասած՝ նրան ավելի կարևոր է, թե ինչ կմտածեն, ասենք, Տամբովում, քան աշխարհի այս կամ այն երկրում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ կոշտ պատժամիջոցների կիրառմանը` քաղաքագետը նկատեց, որ Ռուսաստանի նկատմամաբ հնարավոր չէ կիրառել, ինչպես կիրառվում է աշխարհի շատ երկրների դեպքում, քանի որ խոսքը գերտերության մասին է: Ինչ վերաբերում է Ուկրաինայի նոր իշխանություններին, ապա նրանք անկարող են ընդունել որոշումներ, որոնք կգործարկվեն երկրի ողջ տարածքում:

Անդրադառնալով Ղրիմի հարցում հայաստանյան իշխանությունների կեցվածքին՝ քաղաքագետը նշեց, որ հավասարակշռություն պահելն ամենաճիշտ տարբերակն է:
«Հայաստանը սպասում է. ինչո՞ւ կողմերից մեկին պաշտպանել. դա միայն կվնասի մեզ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Ղրիմի հարցը լրջագույն խնդիր է, իսկ նրա համար խաղադրույքները՝ անասելի մեծ:

 

Անկախ

«Գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև». Ա. Ենիգոմշյան

загруженноеԱյսօր «Նախախորհրդարանի» գրասենյակում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով կազմակերպված հանրային ներկայացում-քննարկման ժամանակ «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ հայ ազգի գերագույն նպատակը մնում է համախմբումը պատմական հայրենիքում, հստակ է նաև մի բան. ցանկացած հարցի լուծում պահանջում է ներքին և արտաքին հանգամանքների առկայություն, ուժերի հավասարակշռություն, հանգրվանային լուծում:

Նրա խոսքով` հայ ժողովուրդը հասնելու է իր նպատակի իրականացմանը` հաշվի առնելով նաև տարածքում բնակվող ժողովուրդների շահերը:

«Հայաստանն այսօր լուրջ վտանգների առաջ է կանգնած, հայ ժողովրդի առաջնահերթ պարտականությունն է մեր այսօրվա հայրենիքը դուրս բերել վտանգից, դարձնել առողջ, իսկական հայկական պետություն, որտեղ ժողովուրդը օտարված չէ իր հայրենիքից, այսօրվա Հայաստանը հզորացնել, արդարություն, օրինականություն հաստատել: Այս ճանապարհին հայ ժողովուրդն իրավունք չունի կատարել քայլեր, որ կվնասեն նպատակի իրականացմանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ մերժելի է ցանկացած կեցվածք, երբ գերագույն նպատակի իրականացման ճանապարհին, կայացման, անվտանգության համար Հայաստանը պետք է զիջումների գնա:

Ալեք Ենիգոմշյանի խոսքով` այսօրվա Հայաստանի անվտանգությունը պահանջում է անզիջում կեցվածք, մենք այսօր իրավունք չունենք պարտվողական կամ հաշտվողական վերաբերմունք ցուցաբերել: Արցախ-Նախիջևանի խնդիրները, ըստ «Նախախորհրդարանի» անդամի, կազմում են մեկ ամբողջություն, դրանք իրավունքների խնդիրներ են, որոնցից զրկվելու պատճառը Ցեղասպանությունն է:

«Ցանկացած երկրի համար Սփյուռքի առկայությունը դրական հանգամանք է. այն տվյալ երկրում ազգերի շահերի պաշտպանության գրավական է, մշակույթի ներթափանցման հնարավորություն, սակայն դա դրական է միայն թվային օպտիմալ համամասնության պայմաններում, երբ ինչ-որ տոկոսից այն կողմ չի անցնում: Հայաստանն ու հայերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ խեղաթյուրված համամասնությունը փոխվի: Ուծացման վտանգ կա, ուստի այս ժողովրդագրական պատկերը պետք է փոխենք, բացի արտագաղթի բացասական հետևանքներից, նաև ծնելիության նվազում կա, որ ժողովրդագրական պատկերը վտանգում է»,- ասաց նա` նշելով, որ ներկայումս գլխավոր պարտականությունն է՝ ստեղծել երկխոսություն հայրենաբնակ հայության և Սփյուռքի միջև:

 

Անկախ

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու Արցախի հանրաքվեն

imagesՄարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով` Ղրիմի հանրաքվեն շեփորահարեց էվոլյուցիոն առումով նոր միության հաղթարշավի սկիզբը: Ինչքան էլ Եվրամիությունը և ազգերի խառնարան ԱՄՆ-ն վայնասուն բարձրացեն, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնել դա, ինչպես չկարողացան կանգնեցնել Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմ:

Անդրադառնալով վերջին 23 տարիների մեր արտաքին քաղաքականության բացթողումներին` մարքսիստը նկատեց, որ 25 տարի շարունակ ՀՀ արտաքին քաղաքականությունը սպասարկող դիվանագիտությունը եղել է պարտադրված ու պարտվողական:

«Հատկապես երկու գահերեց զորավարները Արցախի հարցը տարան ԵԱՀԿ Միսկի խումբ ու դարձրին տարածքային վեճ: Սա պլանավորել էր Եվրոպան` ԱՄՆ-ի հեգեմոնիայով, որ յոթ գավառները, որպես գրավյալ տարածքներ, հետ վերադարձվեն: Մեր դիվանագիտությունը գաղտնի, ժողովրդի թիկունքում սպասարկող դիվանագիտություն է: Արցախյան հարցը հայկական հարցի բաղկացուցիչ մասն է: Եվ երբեք այդ հարցը չի կարելի դիտել որպես ղարաբաղյան կոնֆլիկտ` ինչպես դա դարձրին Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որտեղ կոնֆլիկտի տակ հասկացվում է էքստրեմիզմ, տեռորիզմ, սեպարատիզմ: Հարցը վաղուց պետք էր տեղափոխել Մինսկի խմբից»,-ասաց Դավիթ Հակոբյանը` առաջարկելով Հայաստանին դուրս բերել բանակցային գործընթացից` տեղը զիջելով Արցախին:

«Մինսկի խմբից դուրս գալուց առաջ, Հայաստանը Ազգային Ժողովի միջոցով պետք է չեղյալ հայտարարի 21 թվականի 3 անեկսյոն պայմանագրերը: Հրատապ պահանջում եմ հրավիրել բոլոր քաղաքական ուժերին համաժողովի` Արցախի հարցի նոր դոկտրինը քննարկելու: Ժամանակը հիմա հօգուտ մեզ է աշխատում և մենք պետք է շտապենք: Հարկավոր է ռուսական արքունիք ուղարկել բանագնացների` նախապատրաստելու ռեֆերենդումը: Երբեք հույսեր չփափագեք, որ Արևմուտքից մենք կստանանք ինքնորոշման իրավունք, հենց նրանք են վիժեցրել հայկական հարցը»,-ասաց մարքսիստը:

Անդրադառնալով Ղրիմին չշնորհավորելու մեր կեցվածքին՝ Դավիթ Հակոբյանն նշեց, որ պետք է արագ ճանաչել Ղրիմի անկախությունն ու շնորհավորել նրանց:

 

Անկախ

«Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»». Ալեքսանդր Մանասյան

g_imageՔաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չպետք է դեպքերի այս կամ այն ընթացքով պայմանավորել արցախյան հարցի լուծումը, մասնավորապես Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները չպետք է որևէ դեպքում կապել Արցախի հարցի հետ։ Խնդիրն այն է, որ ամեն մի իրադրություն անկրկնելի է գլոբալ իմաստով։

«Եթե հիշում եք, Կոսովոյի դեպքում մենք ոգևորության մեջ էինք, բայց Արևմուտքը հասկացրեց, որ Կոսովոն բացառիկ դեպք է։ Եթե մենք հույսեր ենք կապում Ղրիմի անկախացման հետ, մենք մեզ զինաթափում ենք»,-նկատեց Ալեքսանդր Մանասյանը` հավելելով, որ ուրիշի հետ հույսեր չպետք է կապել։

Ըստ քաղաքագետի՝ պետք է միշտ պատրաստ լինել ավելի վատ դեպքերի ընթացքի, քանի որ տարածաշրջանն այնքան բազմավեկտոր է, որ դժվար է ասել, թե վաղն ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Ինչ վերաբերում է Ղրիմի դեպքերին, ապա քաղաքագետի խոսքով, դրանք կանխատեսելի էին, քանի որ աշխարհում բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում։

«Եթե գնանք գործընթացների խորքը, ապա կտեսնենք, որ այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կան. առաջին հերթին գործընթացներն առաջ տանող ուժերն են աչքի ընկնում։ 90-ականների միաբևեռ աշխարհն այլևս չկա»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ այն վճռականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իրադարձություններին, ցույց է տալիս, որ դա արկածախնդրություն չէ։

Իսկ արևմտյան քաղաքակրթությունը Ղրիմի հարցում ճկունություն չցուցաբերեց։

«Եվրոպան էլ, եթե իր քաղաքականության հիմքում առաջին հերթին դնում է տնտեսական շահերը, հասկանալի է, որ չի գնա սրումների։ Մյուս բևեռը՝ Միացյալ Նահանգները, անհաջող բանավեճի լեզու է ընտրել, այն երբեք չի ճանաչի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանն այս հարցում ավելի ճիշտ քաղաքականություն է վարում»,- ասաց քաղաքագետը։

 

Անկախ

Ուկրաինայից Սիրիա՝ աշխարհաքաղաքական քերականության իրականացումը

загруженноеԱշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան եւ Ղրիմը հայտնի պատճառներով Արեւմուտք-հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում:

Մի կողմից միջազգային օրենքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղության նկատառումով ժողովրդավար հանրաքվեի եղանակը գործի է դում, մյուս կողմից զինուժ է կուտակվում խնդրո առարկա տարածքների սահմաններին եւ պատժամիջոցների սպառնալիքի անվերջ հայտարարություններ են կատարվում: Ուկրաինառուսական տարածքների վրա գերիշխանություն հաստատելու այս պարանաձգությունը առայժմ պահվում է քաղաքական բանակցությունների վերահսկողության տակ: Այդ հովանիից դուրս գալու որեւէ փորձ անկանխատեսելի հետեւանքների կարող է առաջնորդել ամբողջ տարածաշրջանը:

Ռուսաստանի միջինարեւելյան հենակետի իրավիճակը այլ հանգամանքներ է ստանում: Սիրիայում տեղակայված ծայրահեղ կրոնականության կարգախոսի տակ գործող զինյալ խմբավորումների դեմ կառավարական ուժերի արշավը ռազմավարական կետեր ապահովելու ընթացքում է: Այս տեղաշարժը կատարվում է այն պահին, երբ Արեւմուտք-հյուսիս լարվածությունը կենտրոնանում է Արեւելյան Եւրոպայի սահմանների վրա: Սիրիան այս դեպքում երեւութապես ստանում է երկրորդական նշանակություն:

Պարզ է, որ Արեւմուտքը ոչ միայն ուկրաինական պատճառներով օժանդակության նախկին աստիճանաչափը չի պահում Սիրիայի հակակառավարական ճակատին: Ծայրահեղականությունը սպառնալիք է ոչ միայն Դամասկոսին եւ սիրիական դասական ընդդիմությանը, այլեւ ընդհանրապես Սիրիային եւ Արեւմուտքին, մանավանդ երբ դրանց շարքերին նկատելիորեն հայտնվել են իսլամական աշխարհաքաղաքացիության բազմաթիվ տարբերակները: Թե՛ տարածաշրջանում եւ թե՛ Սիրիայում հակածայրահեղական գործողությունների անտեսանելի կանաչ լույսեր կան, լուռ համաձայնություններ գուցե:

Ուրեմն միայն ուկրաինական առաջնահերթությունը չէ, որ Սիրիայում դիպաշարի ուղղությունների հուներն է փոխում, այլեւ նույնինքն սիրիական հանգամանքները: Այս գործընթացներից անմասն չի մնում նաեւ միջազգային մեկուսացումից դուրս գալու փորձեր կատարող Թեհրանը: Աննկատ չէ Հեզբոլլահի մասնակցությունը սիրիական ռազմավարական կետերի վերագրավման մարտերում:

Սիրիական գետնի վրա ուժերի վերադասավորման իրականությունների դիմաց պատասխան պայթումներ են տեղի ունենում լիբանանյան հողի վրա: Անձնասպանական գործողություններից մինչեւ հրթիռարձակումներ եւ զինվորական միջադեպեր: Խորքում սակայն աշխատում է քաղաքական քերականությունը: Դեպքերը չեն վերածվում իսլամական երկու գլխավոր դավանանքների միջեւ հսկայածավալ բախումի, լուրջ դժվարություններից հետո նորանշանակ կառավարությանը հաջողվում է խմբագրել աշխատանքային ծրագիրը եւ հակառակ գերլարում պատճառող պայթունավտանգ գործողությունների, իրենց դերն են ունենում զսպիչ գործոնները, որոնց հետեւում է նաեւ քաղաքական հռետորաբանության որոշ զսպվածություն: Այսպես է միայն բացատրվում կառավարության կազմության նախօրյակով սկսած արեւմտյան եւ իրանամետ ուժերին եւ դրանց դաշնակիցների միջեւ տեղի ունեցող զգուշավոր փոխասացությունը:

Ուկրաինայից մինչեւ Լիբանան, անցնելով Սիրիայից աշխարհաքաղաքական ուժերի միջեւ զինվորաքաղաքական առեւտուրների պատճառած ելեւէջներով տվայտվում է ամբողջ տարածաշրջանը, որտեղ ապրում են հայ համայնքներ: Երեւանն ու հայ համայնքային ներկայացուցչությունները վերլուծական ժամացույցերի սլաքների համակարգման անհրաժեշտության առջեւ են` աշխարհաքաղաքական քերականության հիման վրա իրականացվող գործընթացներին հետեւելու համար:

Գեթ այս հանգրվանին:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Ղրիմի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորումն է. Արցախի ԱԳՆ

AGNԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում:

Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է: Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում` բացառապես խաղաղ ճանապարհով։

Ստեփանակերտ 17.03.2014 

Անկախ

 

«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով». Էդ. Նալբանդյան

загруженноеՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացողզարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո, պատասխանել է.

“Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա”:

Հաջորդ հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, նախարարը պատասխանել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։

“Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը”,-ասել է նա:

 

Անկախ

«Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է». բողոքի երթ (տեսանյութ)

Այսօր «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ՝ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Երթի նպատակն էր հայտնել բողոք ու անհամաձայնություն Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Երթի մասնակիցները նաև նպատակ ունեին ևս մեկ անգամ հիշեցնել, որ Նախիջևանը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ այժմ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ»:

 

«ԱՄՆ-ն արջին` Ռուսաստանին, որջից հանել է, իսկ որջ վերադարձնելը գրեթե անհնար է». Աշոտ Մանուչարյան

Ashot-Manucharyan787-e1350645145401Սկսվել է աշխարհաքաղաքական գլոբալ բախում, որը բերելու է գործող աշխարհակարգի վերանայմանը: Սա մեծ փոփոխությունների մի շրջանի սկիզբն է, մի փուլ, երբ ամեն օր փոփոխություն ենք տեսնելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից, ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, պետք է երբեք թույլ չտա, որ իրեն օգտագործեն: Ուկրաինայի ժողովուրդն ուզում էր ապրել առանց օլիգարխների, առանց կոռուպցիայի, ավելի բնականոն, նորմալ կյանքով, նա ուզում էր հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ և խորացնել ու պահպանել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Ուկրաինայի ժողովրդի համար հստակ էր հարցը, սակայն Մայդանը դարձավ Եվրամայդան: Ուկրաինայի ժողովուրդը հնարավորություն տվեց իրեն օգտագործել և մտավ ողբերգությունների շրջան»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոլորակային բախման հետևանքով ժողովուրդը դարձավ լծակ ու առարկա: Ամերիկայի նպատակն էր՝ էապես սահմանափակել Ռուսաստանին, որն ԱՄՆ-ին պարբերաբար ասում է՝ «ոչ»: Այդ ճանապարհին, մինչ Ուկրաինան կդառնար ՆԱՏՕ-ի անդամ, պետք է լիներ թատերաբեմ, բախում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանը պետք է շրջապատվեր արյունալի տարածաշրջաններով, խեղճանար, կարևոր չէ, թե ի՞նչ էր կատարվելու ժողովուրդների հետ:
«Ռուսաստան-Եվրոպա միասնությունը խիստ մտահոգում է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի վրա խարսխված կարգը փլվելու է, որի ճանապարհը բախումներն են եվրաասոցացման տարածքում: Ռուսաստանի նպատակն է` թույլ չտալ, որ Ուկրաինան վերածվի պլացդարմի, թույլ չտալ, որ վերածվի արյունալի բախումների: Ուկրաինան ինքը թույլ տվեց, որ իրեն դարձնեն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` նշելով, որ  ԱՄՆ-ն արջին` Ռուսաստանին, որջից հանել է, իսկ որջ վերադարձնելը գրեթե անհնար է:

 

Անկախ

 

Նոր իրավիճակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ

140771

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ այս ամիս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նպատակով: Նման եզրակացության կարելի է գալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումից, որում նա հույս է հայտնել, որ մարտ ամսին հնարավոր կլինի նման մակարդակի հանդիպում կազմակերպել:

Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը կարևոր է ոչ միայն բանակցությունների շարունակականություն ապահովելու, այլև Ուկրաինայում ու, մասնավորապես, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Բանակցությունների շարունակականության ապահովում

Նախագահների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում: Չնայած այդ հանդիպմանը հետևած դրական մեկնաբանություններին՝ այդ թվում երկու նախագահների շուրթերից հնչած լավատեսական արձագանքներին, հանդիպումից որոշ ժամանակ անց իրավիճակը առաջնագծում կտրուկ սրացումներ ունեցավ:

Նախ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ին հակառակորդի դիպուկահարի գործողությունների արդյունքում հայ զինծառայող զոհվեց, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հայկական մարտական դիրքերի նկատմամբ երկու ուղղություններով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություն իրականացվեց: Արդյունքում հայկական կողմը ևս մեկ զոհ ունեցավ: Դիպուկահարների ակտիվացման հերթական ալիքը գրանցվեց հունվարի 29-ին, ինչի արդյունքում, ցավոք, կրկին զոհ գրանցվեց:

Նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման հաջորդող վերջին միջադեպը կապված է Ադրբեջանից հայրենիք հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ. բուժզննության արդյունքում պարզ դարձավ, որ վերջինիս Ադրբեջանում կտտանքների են ենթարկել. Խոջոյանը ոչ միայն ձեռքի կոտրվածք էր ստացել, այլև հրազենային վիրավորում ուներ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համակարգային վերլուծության տեսանկյունից Հայաստանի ու Ադրբեջանի համար կարևոր են ոչ միայն տարածաշրջանային կայունության, Ղրիմի վերջնական կարգավիճակի հետ կապված իրադարձությունների տեսանկյունից, այլ այն հանգամանքով, որ ԼՂ բանակցային գործընթացի երեք դերակատարները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ակտիվ ներգրավվածություն ունեն դրանում: Ավելին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը` մի կողմից ՌԴ-ԱՄՆ, մյուս կողմից` ՌԴ-ԵՄ հարաբերությունների սրացման հերթական պատճառ է դարձել: Պատահական չէ, որ նույն ամերիկացի համանախագահ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն և ՌԴ-ն հակասություններ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն այլ հարցերում, մասնավորապես, ԼՂ հարցում, երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը:

Հասկանալի է, որ համատեղ աշխատանքը ամերիկացի դիվանագետը նախևառաջ կարևորում է Հարավային Կովկասում հարաբերական կայունության և խաղաղության պահպանման համատեքստում, քանի որ էսկալացիոն երկրորդ ճակատը նախկին Խորհրդային Միության տարածքում, նոր` առավել սուր խնդիրներ առաջ կբերեր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, ինչը միայն մեր ռեգիոնով չէր սահմանափակվի:

Այս համատեքստում պատահական չէր նաև ամերիկացի դիվանագետի մտորումներն այն մասին, թե պետք է անհրաժեշտ եզրահանգումներ արվի Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ղրիմի հանրաքվե

Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները հայաստանյան ու ադրբեջանական տարբեր շրջանակների համար հետաքրքրական են առաջին հերթին հանրաքվե նախադեպի առումով: Այս երկու հարցերը միմյանց նման են հատկապես տիպաբանության տեսանկյունից, կարելի է նաև դիտարկման դնել այս հարցը միտումների ու նախադեպերի առումով, սակայն միաժամանակ պետք է հիշել, որ սա ինքնորոշման սկզբունքի իրացման միակ նախադեպը չէր, իսկ աշխարհում գրանցված այլ նախադեպեր մինչև այժմ էական ազդեցություն չեն ունեցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատճառը ակնհայտ է. որքան էլ այս կամ այն գործոնը ազդեցություն ունենա գործընթացի վրա, նմանատիպ կոնֆլիկտների կարգավորման հարցում առանցքային դերակատարությունը վերապահված է քաղաքական որոշումներին:

Նոր իրավիճակում նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի առաջնային խնդիրը տարածաշրջանային անվտանգության և կայության հարցն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանից հնչող ցանկացած կտրուկ հայտարարություն կամ սպառնալիք միջնորդների կողմից, ավելի կտրուկ հակազեդցության է հանգեցնելու, քան նախկինում»:

 

Անկախ

Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը

download (1)ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ուկրաինական իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ այսօր, ըստ էության, խոսքն այս կամ այն պետության կամ պետությունների խմբի հարաբերությունների մասին չէ, այլ քաղաքակրթական առաջընթացի կամ հետընթացի:

«Մեզ համար պետք է հստակ լինի` մենք ոչ միայն դերակատարություն չունենք, այլև ստանձնել ենք բացասական ինքնակործան դերակատարություն: Հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է, անկախ Հայաստանի «իշխանավորների», մեղմ ասած, անիրազեկության և պարզապես ծախվածության պատճառով: Այսօր Ուկրաինան դարձավ լակմուսի թուղթ: Աշխարհի մի կողմում ունենք լույս, մեկում` խավար, բարեբախտաբար վերջին շրջանում լույսը, լուսավորն իր տեղն ամրապնդեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Բանախոսի համոզմամբ` որպեսզի Հայաստանը կայանա, պետք է նախ հրաժարվի այն ամենից, ինչ նախորդել է իր անկախության կորստին. իսկ իր անկախությունը Հայաստանը կորցրեց մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով:

«Քսան տարի անց պարզվում է` դա ոչ թե անիրազեկություն էր, իրականության սխալ պատկերացում, այլ նպատակաուղղված ազգադավ քաղաքականություն»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ մարտի 16-ին մտադիր էր նամակ-կոչ հանձնել ՌԴ դեսպանությանը, սակայն հաշվի առնելով, որ կիրակի է, հնարավոր է` հրաժարվի այդ մտքից. ԱԻՄ-ականները դեռ քննարկումներ են ունենալու:

Պարույր Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը, մինչդեռ իրեն ասում են` Հայրիկյանը մեծամիտ է:

Ըստ ԱԻՄ առաջնորդի` վերջին տասնամյակում հայ ժողովրդի կյանքում ոչ մի դրական բան չի եղել առանց ԱԻՄ մասնակցության. ԱԻՄ-ով ամեն ինչ սկսվում է և վերջանում: ԱԻՄ-ը դեռ 2004-ից ասում էր, որ ձգտում են Հայաստանի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալուն, ոչ թե Եվրոպայից միայն այլանդակությունները վերցնելուն, մինչդեռ հիմա միայն այդ այլանդակություններն են վերցնում:

Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը, ըստ բանախոսի, կողմ է ԵՄ հետ հարաբերություններին, միայն բթացած 40 տոկոսն է առայժմ դեմ, իսկ իրենց պայքարը հատուկ նպատակ ունի` ցույց տալ այդ 60 տոկոսին, որ իրենք կան, նրանց կողքին են, գուցե մի օր այդ 60 տոկոսը հասունանա:

«Մաքսային միությունը ռուսական շովինիզմի հավակնությունն է, սակայն Եվրոպան ևս իրեն ստոր պահեց, նա պիտի սեպտեմբերի 3-ից հետո ասեր` ինչ ասել ես, մեզ չի հետաքրքրում, ոչինչ չես ստորագրել, արի, մեզ հետ պայմանավորվածություններդ կատարիր, բայց նա միայն հայտարարությունը հիմք ընդունեց և ետ կանգնեց, այսինքն` առանձնապես «մտքին չկար» »,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

«Ղրիմի հանրապետության կայացումը, բացարձակորեն ուժերի հարաբերակցության տարբերությամբ, կրկնում է ԼՂ հանրապետության կայացումը». Լևոն Շիրինյան

timthumbԱշխարհում  և Հայաստանում, կարծես թե, հակահայկական ինտերնացիոնալ է առաջացել: Համառորեն ուզում են ապացուցել, որ Ղրիմի և Ղարաբաղի կայացման ընթացքների միջև նմանություններ չկան: Մինչդեռ Մոսկվան արտագրել է ԼՂՀ կայացման ընթացքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` և’ առաջին, և’ երկրորդ դեպքում փորձ է արվում վերացնել մի անարդարություն: ԼՂՀ-ն այն ժամանակ կամայականորեն Ստալինի որոշմամբ հանձնվեց Ադրբեջանին, Ղրիմը Խրուշչովի կողմից նվիրվեց իր մայր հայրենիքին, և չենք կարող ասել, որ նրա արարքի մեջ դիտավորություն չկա:

«Դասական իմաստով` Կրեմլը Ղրիմի հարցում ժողովուրդների իրավահավասարության իրավունքն է կիրառում: Պետք է այս ամենը ողջունել և փորձել այս ճանապարհին օգուտներ քաղել»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Ապա քաղաքագետը համեմատություններ անցկացրեց Կոսովոյի և Կարսի միջև` նշելով, որ Կոսովոն ինքնորոշվել է սերբերի հայրենիքի սրտի մեջ ալբանացիերի կողմից: 1921-ին երբ, Կարսը նվաճվեց և նվիրվեց թուրքերին, կոտորված, ոչնչացված հայությունից հետո անգամ թուրքերը հանրաքվե անցկացրեցին` դրա թուրքական պատկանելությունն ապացուցելու համար:

«Ղրիմի հանրապետության կայացումը բացարձակորեն ուժերի հարաբերակցության տարբերությամբ, կրկնում է ԼՂՀ կայացումը: Իրավական դաշտում նույն գործընթացն է կրկնվում: Տարբերությունն այն է, որ Հայաստանը միջուկային զենք չունի և դրա պոտենցյալն էլ չունի»,- ասաց Լևոն Շիրինյանը` առաջարկելով, որ չճանաչված կամ կիսաճանաչված Հարավային Օսիայի, Ղարաբաղի, Աբխազիայի և ներկայումս կայացող Ղրիմի ժողովուրդները ստեղծեն աշխարհի չճանաչված ժողովուդրների կոնֆեդերացիա: