Մեր անդամակցությունը ԵՏՄ-ին այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ. Էդ. Նալբանդյան

NALBANDYANՀՀ Արտաքին Գործերի Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

 

Հարց – Հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:

Պատասխան – Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով:

 

Անկախ

Արծրուն Հովհաննիսյան. «Պետք չէր մտնել մեր տարածք. եկան մտան և հետևանքները տեսան»

02.08.25«Պետք չէր մտնել մեր տարածք: Եկան մտան և հետևանքները տեսան, պատասխանատվությունը թող կրեն իրենք»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի մեծ կորուստներին, որոնք նախահարձակ լինելով` դիվերսիոն գործողություններ են իրականացրել, իսկ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան:
Նկատենք, որ հակառակորդն իր կողմից դրսևորած ակտիվության արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում արդեն ունի շուրջ երկու տասնյակ զոհ։
Միայն այս գիշեր հակառակորդն ունեցել է 8 զոհ. վերջիններս նախահարձակ գործողություններ են իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի միանգամից մի քանի՝ հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով:
Հայոց պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք, թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհվել  է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Շփման գծի ողջ երկարությամբ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ընդունելով Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին, հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար՝ հիշեցնելով հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

 

Ադրբեջանը փորձարկում է մեր պաշտպանունակությունը և միջազգային ռեակցիան. Նախախորհրդարան

52382Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետևանք է:

Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր որպես այդ ուժերի միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք:

Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արևմուտքը և Ռուսասատանը վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի և ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից:

Այս ամենի հետևանքով, հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական և վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արևմուտքը ցանկանում է կասեցնել:

Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը:

Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի և նրա բանակի ուսերին:

Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև շոշափելու միջազգային ռեակցիան:

Ուստի, Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու և Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը:

Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության և անձնազոհության համար և մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին:

Նախախորհրդարան 

 Անկախ

Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի տեղը. Ա. Բունիաթյան

Արարատ Ծատուրյան«Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը և սահմանամերձ գյուղերի անընդհատ գնդակոծումը մեծ մտահոգություն է պատճառում այն մարդկանց , ովքեր արդեն անցել են պատերազմի միջով: Կան որոշակի պատճառներ, որ առիթ են տալիս ադրբեջանցիներին նման համարձակ գործողությունների դիմել: Դա առաջին հերթին հասարակության և իշխանությունների միջև ձևավորված անդունդն է», – այսպր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը` շեշտելով` պետք է հիշել, որ մենք զինադադարի փուլում ենք. պատերազմը դեռ չի ավարտվել:

Նա ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը համարժեք պատասխան պետք է դա ` ապագայում նման միջադեպերը կանխելու համար. «Մենք առաջարկել են ստեղծել սահմանամերձ գյուղերի բնակիչներից կազմված արագ արձագանքման խմբեր, որոնք նման իրավիճակներում շատ արագ կկարողանան արձագանքել: Սակայն նախարարությունից մերժում ենք ստացել: Կառավարությունը նաև թույլ չի տվել կրակի տակ ապրող ժողովրդին զենք կրել»:

Արարատ Ծատուրյանի կարծիքով պաշտոնական լրատվության շատ տեսանյութեր մի շարք հարցեր են առաջացնում. «Ոչ ոք չհարցրեց, թե այդ դիվերսանտներն ինչպե՞ս են անցել ճանապարհը և ի՞նչ էին անում այդ ժամանակ համապատասխան մարմինները, որ չկարողացան կանխել: Ոչ ոք չի ասում՝ որտեղի՞ց նրանց մոտ զենք հայնաբերվեց»:

Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը գտնում է, որ հայկական կողմի պատասխանը նման է «եթե մի այտիդ են ապտակում, մյուս այտդ դեմ տուր սկզբունքին»: Մինչդեռ, ըստ նրա,  այստեղ պետք է զսպանակի սկզբունքը գործի. «Միանշանակ ադեկվատ հարվածները պետք է շատ հուժկու լինեն: Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի գտնվելու տեղը»:

 

Անկախ

Ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը (լուսանկարներ)

Diversia_1_31.07.14Ի պատասխան հուլիսի 31-ին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը հանդես է եկել հարձակման փաստի կտրուկ հերքումով:

Diversia_2_31.07.14Ի պատասխան վերոնշյալի և ի լրումն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունների` ներկայացվում է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

 

Diversia_3_31.07.14

 

 

 

 

 

 

 

Diversia_4_31.07.14

 

 

 

 

 

 

 

 

 

Diversia_5_31.07.14

 

 

 

 

 

 

 

Diversia_31.07.14

 

 

 

 

 

 

 

 

 

Անկախ

Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել». քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Ադրբեջանը հասկանում է, որ խաղաղության պահպանումը արտաքին ուժերի կողմից  կայուն չէ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման հետևանքով: Երկու երկրների միջև համագործակցությունը բարդացել է: Այս իրավիճակում Ադրբեջանը խնդիր չունի իր արարքների համար պատասխան տալու: Մյուս կողմից,  տարածաշրջանում ազդեցության գոտիների վերանայման գործընթաց է սկսվել և Ադրբեջանը փորձում է խաղաղությունը ավելի թանկ «վաճառել» Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին:

Ըստ քաղաքագետի` պետք է կենտրոնանալ ոչ թե միջադեպերի վրա, այլ քաղաքական մեծ փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում: Ուկրաինայում զարգացումները ցույց կտան, թե գերտերություններից Հարավային Կովկասում ում պոտենցիալն է ավելի մեծ: «Կա նաև Թուրքիայի գործոնը, որը նույնպես սպասման վիճակում է, թե ինչպես կզարգանան իրադարձությունը Ուկրաինայում», – նշեց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանը դիվանագիտական առումով պասիվ վիճակում է և չի նպաստում Ադրբեջանի քաղաքաականությունը կանխելուն: «Միջազգային հանրությունը նույնպես ամորֆ վիճակում է: Անհրաժեշտ է փոխել դիվանագիտությունը: Պետք է Մինսկի խմբի անդամների հետ առանձին-առանձին աշխատանքներ կատարել: Միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի արդյունքների հասնել, ոչ թե ռազմական միջոցներով: Սա Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է: Քանի դեռ այս քաղաքականությունը չի մշակվել, Ադրբեջանը կշարունակի կրակի տակ պահել հայկական սահմանը, նրա ահաբեկչական մոտեցումները չեն փոխվի», – ասաց նա:

 

Անկախ

Դիվերսիոն հարձակում շփման գծում. կա 2 զոհ

դիվերսիաԱյսօր` հուլիսի 31-ին, հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Անկախ

«Սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք». սահմանամերձ Բերքաբեր գյուղը կրկին գնդակոծվել է

ՊԲ,պնՏավուշի մարզի սահմանամերձ գյուղերը շարունակվում են կրակի ենթարկվել: Այս անգամ հակառակորդի թիրախում է հայտնվել Բերքաբեր գյուղը, որը ադրբեջանական դիրքերից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է գտնվում:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան, երբ գյուղի բնակիչները զբաղված էին անասնապահությամբ և իրենց հողերի մշակմամբ. դա տևել է մինչև ուշ գիշեր և վերսկսվել  առավոտյան ժամը 4-ից մինչև  ինն անց կես: Պարոն Մադաթյանի խոսքով` հակառակորդի կողմից կրակոցներ հաճախ են հնչում, սակայն  այս կարգի վաղուց չէր եղել:

«Նույն 90-ականների պատերազմի նման է, ուղղակի այն տարբերությամբ, որ նրանք կրակում էին, մենք` ոչ: Կրակում են այգիների, պատուհանների, ժողովրդի վրա: Գիշերը շատ երեխաների գյուղից հեռացրել են: Ողջ ժողովուրդը վախեցած է. չեմ հասկանում` սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք: Այսպիսի խայտառակ վիճակ է», – նշեց գյուղապետը:

Նա ընդգծեց, որ կորպուսից իրեն հայտնել են, որ զինվորները իրենց դիրքերում կանգնած են, նորմալ պահում են սահմանը. «Բայց, դե,  փաստը մնում է սա, որ կրակոցներ լինում են»:

 

Անկախ

Միասնական Հայաստանի ժողով է պետք. մասնավոր, կուսակցական կոչերը խայտառակություն են, ամբողջականները՝ փրկություն. Աշոտ Մանուչարյան

Աշոտ Մանուչարյան

“Աշխարհում իրավիճակը գնալով վատթարանում է, ճգնաժամը` խորանում.  սա մեկնաբանվեց որպես ֆինանսատնտեսական համակարգի ժգնաժամ, հետո պարզվեց որ սա ամբողջական է, համակարգային և բխում է մարդկության որդեգրած արժեհամակարգից”,´ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների մասին խոսելիս նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` այս  ամենի արտաքին քաղաքական դրսևորումներին էլ ակատես ենք լինում: Մի կողմից` քաղաքական և ռազմաքաղաքական բնագավառներում լուրջ առճակատումներ են տեղի ունենում` կապված  թվում է Ուկրաինայի հետ. «Ասում եմ «թվում է», քանի որ խորքային իմաստով Ուկրաինա գոյություն չունի. Ռուսաստանն էլ հանդես է գալիս  որպես հրապարակ, որը թույլ է տալիս կոնսոլիդացնել այն ուժերը, որոնք փորձելու են պահպանել  առկա աշխարհակարգը, մյուս կողմից` փորձ է արվում փոխելու այս աշխարհակարգը: Մենք այս տենդենցների բախման հետևանքով անընդհատ ճգնաժամերի մեջ ենք լինելու, մինչև այս բախումը չբերի կամ աշխարհակարգի կպահպանմանը  կամ նորի ծնունդին, որը դեռ ոչ ոք չի պատկերացնում` ինչ կլինի։

Մարդկության և ամեն ժողովրդի առջև ըստ Աշոտ Մանուչարյանի նման պայմաններում 2 հարց է դրված:

Ի՞նչ է կատարվում

Մեր դեպքում ի՞նչ է կատարվում և ի՞նչ  անել հարցի պատասխանը առարկայական բնույթ է ստացել: Հայաստանը կարող է հայտնվել կամ քաոսի շրջանում կամ մի միջազգային ուժ մյուսին  հարված հասցնելու նպատակով զորքեր կարող է մտցնել` փակելով Կովկասյան միջանցքը։ Այսինք Ուկրաինական ժգնաժամի պայմաններում` Ռուսաստանին ամենաէֆֆեկտիվ պատասխանը ՝ Ղարաբաղյան ճակատում կամ այլ պատրվակով զորք մտցնելն է ու Կովկասյան ճակատը փակելը։ Դա կբերի լուրջ խնդիրների հակառակորդների համար:

Ի ՞նչ անել

«Բանն այն է, որ այն գործիքը, որով, թվում էր, մարդկությունը կարգավորում է իր գործերը՝ պետություններն ու միջազգային կառույցները, մարդկանց չեն ծառայում. դրանք  մարդկանց դեմ են, այլ ուժերի են ծառայում»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:

Պետություններն, ըստ նրա, շատ անգամ ոչ թե իրենց ժողովուրդների կամքն են  կատարում, այլ անում են ուրիշ բան` ուրիշների կողմից են թելադրվում, մենք դա չենք տեսնում։  Ըստ բանախոսի` սա մենք մեկնաբանում ենք որպես մեր թալանչի օլիգարխիայի գործողություններ. ներքին օլիգարխիան, սակայն, իրականում սպասարկում  է համաշխարհային օլօգարխիայի շահերը և նրանց գործողություններն էլ չի բխում իրենց ժողովուրդների շահերից: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ևս կապ չունի ուկրաինական ժողովրդի շահերի հետ։

Իսկ բանախոսի կարծիքով ժամանակակից աշխարհում կա միտում փոխելու այս համակարգը, փորձ է արվում այլևս ծառայեցնելու պետությունը ժողովրդի կամքին, իսկ սրա օրինակը մենք, ըստ Աշոտ Մանուչարյանի, ունենք: Խոսքը 1988-99 թվականների մասին է, երբ  մենք տեսել ենք ելքը, ունեցել ենք այդ վերելքը, ժողովուրդն էր ձևավորել իր համակարգը և այդ պետությունում չկար ոչ մի կաշառակեր, աշխարհն էլ այսօր դրան է գնում։

Ժողովուրդները պետք է ըստ նրա ինքնուրույն քաղաքականություն վարեն, պետությունները չպետք է խոչընդոտեն ազգերի ազատ զարգացմանը  և այս համատեքստում մենք անգնահատելի գանձ ունենք, որը և՛ մերն է և՛ աշխարհինը։  Խոսքը մեր ողբերգության հետևանքով աշխարհասփյուռ հայերի մասին է. պետք է կարողանանք ամեն տեղ ներկայացնել հայությանը։ Ուկրաինայի ճգնաժամում էլ պետք էր օգտագործել մեր ներուժն ու հայերի միջոցով խնդրի լուծումը մեր ձեռքը վերցնել:

“Այսօր միասնական չենք, չունենք սեփական նպատակ, կամք ու միտք»,-նշեց Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով. «Միասնական Հայաստանի ժողով է պետք, մասնավոր, կուսակցական կոչերը խայտառակություն են, ամբողջականը՝ փրկություն»։ 

Ավստրալիան պետք է պաշտոնանկ անի արտգործնախարարին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Հարութ ՍասունյանԱնցյալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետևյալ մտահոգիչ լուրը. «Ավստրալիայի արտգործնախարար. հայկական հարցը ցեղասպանություն չէ»:

 

«Սաբահը» նկարագրել էր այն դեպքերը, որոնք հանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի խորհրդի անդամ և նախկին նախագահ Գյունայ Էվինչը վերջերս այցելել էր Ավստրալիա` տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսեսյանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրենքն անվավեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական հարցը բնորոշել էր որպես ցեղասպանություն, որովհետև ԱՄՆ դաշնային քաղաքականությունը Հայկական հարցը չի բնորոշում որպես ցեղասպանություն»:

 

«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:

 

Ավստրալիայի թուրքական զորակցության միության ղեկավար Էրթունչ Օզենը, հետևելով Էվինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր հղել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին` «մտահոգություն հայտնելով բանաձևերի առնչությամբ, որոնք ընդունվել էին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից 2013 թվականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերյալ և տարբեր համայնքների ճակատագրի Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և հետո»:

 

Արտգործնախարար Բիշոպը հունիսի 4-ին գրել էր Օզենին. «Ավստրալիայի կառավարությունը ընդունում է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները աղետալի հետևանքներ են ունեցել հետագա սերունդների և նրանց ինքնության, ժառանգության ու մշակույթի վրա»: Զարմանալիորեն, նա հավելել էր. «Սակայն այդ դեպքերը մենք չենք ճանաչում որպես «ցեղասպանություն»: Ավստրալիայի նահանգները և տարածքները սահմանադրական դերակատարություն չունեն Ավստրալիայի արտաքին քաղաքականության մշակման գործում: Հարգելով սույն հարցի վերաբերյալ անհատների և խմբերի անդրդվելի հայացքներ ունենալու իրավունքը, Ավստրալիայի կառավարությունը վաղուց ի վեր հստակ մոտեցում է որդեգրել` չմասնակցել այս զգայուն բանավեճին»:

 

Ավստրալիայի արտգործնախարարը սխալվում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թույլ տվել, նշելով, որ Ավստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Չնայած Ավստրալիայի կառավարությունը գերադասում է չօգտագործել ցեղասպանություն եզրը, որպեսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտոնյա երբևէ չի հայտարարել, որ այն ցեղասպանություն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Ավստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ձևավորել են արտաքին քաղաքականություն: Այս նահանգները պարզապես ճանաչել են պատմական մի իրողություն. և երրորդ՝  նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Ավստրալիայի կառավարությունը չի մասնակցում այս «զգայուն բանավեճին», սակայն իրեն թույլ է տվել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանություն չէ…

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանն անմիջապես խիստ ձևակերպմամբ մի նամակ է հղել արտգործնախարարին` նրա «սխալ հայտարարությունը» անվանելով «խորապես վիրավորական և ցավալի Ավստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաև Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպես «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրավորական» և «վնասակար բոլոր ավստրալիացիներին»: Կահրամանյանն արդարացիորեն զարմացել է, թե «Ինչպե՞ս կարող է Ավստրալիայի բարոյագիտակցությունը դառնալ այսքան փչացած»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը հիշեցրել է արտգործնախարարին, որ նրա հայտարարությունը խիստ հակասում է «ներկայիս կառավարության բազմաթիվ բարձրաստիճան նախարարների արտահայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թվականի ապրիլին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը Ավստրալիայի գանձապետ Ջո Հոկին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` Ապրիլի 24-ը նշելով որպես օր «երբ հավաքվում ենք հիշելու ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատավորական, Կանաչների, փոքր և անկախ կուսակցությունների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Ավստրալիայի խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմության առաջնորդ եղած ժամանակ, հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը առանց որևէ որակավորման կամ մեղմասացության»:

 

Կահրամանյանը նաև ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Դուք ժխտում եք նաև Ավստրալիայի սեփական պատմությունը: Ավստրալիայի ազգային արխիվում պահվում են ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիվ ու անհամար վկայություններ, որոնք գերեվարվել էին Օսմանյան կայսրությունում…. Այս անհերքելի վկայությունները վառ հիշողություններ են հայ ժողովրդի տառապանքների և ոչնչացման մասին»:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անհապաղ չեղյալ համարել այս դատողության լուրջ սխալը» և հանդիպում է խնդրել նրա հետ:

 

Ես առաջարկում եմ, որ ավստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից` արդյոք արտգործնախարարը նրա հետ նախապես համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրավորական նամակը: Եթե ոչ, ապա Հայ դատի հանձնախումբը պետք է պահանջի արտգործնախարարի անհապաղ պաշտոնանկությունը: Հայ դատի հանձնախումբը պետք է խնդրի Ավստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել մի նոր բանաձև`դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը և կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտոնից…

 

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

«Ես գոռացի` Լորիս փախի». Չինարիի գյուղապետ (բացառիկ լուսանկարներ Չինարիից)

10557417_777706068918651_8113496591167515108_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր: Նախօրեին ժամը 18:30-19:00-ի միջակայքում հակառակորդը սկսել է գնդակոծությունը ցորենի արտերի ուղղությամբ, որտեղ ըստ նախնական պայմանավորվածության, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ չինարեցիները հնձելիս են եղել արտերը Մովսես գյուղի կոմբայնի միջոցով: Ադրբեջանական զինուժը երեկոյան սկսել է կրակել հենց այդ ուղղությամբ, այնտեղ են գտնվել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, բազմաթիվ չինարեցիներ, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է, ԿԽՄԿ անդամները ստիպված հեռացել են դեպքի վայրից: Հակառակորդի կրակահերթերը դիպել են կոմբայնին: <<6-ի 7-ի կողմերը սկսեցին, երբ Լորիսը` կոմբայնավարը, հնձում էր նրանց հենակետերին մոտ դաշտը: Լորիսը կոմբայնը չթողեց, ես գոռացի` Լորիս փախի, չփախավ, ինքը հերոսաբար, տեսեք` ինչ երկարություն ունի, պտտեց ու մի 150 մետրի չափով քշեց կոմբայնը, որ գոնե կարողանա փախչի: Նրանք սկսեցին մաղելը, ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթ: Կարմիր խաչի մեքենայի վարորդը քշեց, որ մոտենա կոմբայնին, սկսեցին կրակել նաև մեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս էլ որերորդ անգամ երջանիկ պատահականությամբ մենք զոհեր չունեցանք: Գնդակները դիպել են կոմբայնի անիվին, սպասել ենք մեկուկես ժամ կրակահերթերի տակ, Կարմիր խաչի մեքենան էլ եկավ, որ հանի ինձ, բայց ես ասաց` դու գնա, ես կթաքնվեմ, որ եթե հրդեհվի, հանգցնեմ: Մերոնք այնուհետև սկսեցին արժանի հակահարված տալ: Նաև Չորաթանի գյուղապետն եկավ մեզ մոտ, կոմբայնը հանեցինք տարածքից>>,-պատմում է Սամվել Սաղոյանը:

Ըստ համայնքի ղեկավարի, կոմբայնը տեղափոխել են անհամեմատ ապահով վայր, սպասել, մթնի, որ սկսեն հունձը: <<Գիշերը մինչև 4:30 էս մարդը հնձել ա մոտ երկուսուկես հեկտար: Այսօր առավոտյան էլի Լորիսը ուզեց հնձի, չթողեցի: Ռիսկային հատվածում դեռևս 27 հեկտար ցորեն կա հնձելու>>:

Ըստ Սամվել Սաղոյանի, հակառակորդին սահմանակից դաշտում մեծ է բերքատվությունը, նախօրեին այդ տարածքից մոտ 50 ցենտներ ցորեն են հավաքել: <<Այնտեղ բավականին սառը հատված է, ծովի մակերևույթից 1200 մ բարձրություն ունի, որը բարենպաստ է ցորենի բերքատվության համար>>:

Չինարին, ըստ գյուղապետի, ադրբեջանական կողմի հետ ունի 28 կմ երկարությամբ սահման: <<Մեր սահմանն ամուր է, բանակը` կանգնած, պարզապես նրանք դիրքային առավելություն ունեն, այդ պատճառով էլ խանգարում են բերքահավաքին>>:

Սամվել Սաղոյանն ասաց, որ հուլիսի 27-ին ևս կրակոցներ են հնչել, նաև արևածագին, երբ կոմբայնը փորձել են հանել դաշտից:

Անկախ

Պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, երեկ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և բազմաթիվ տարողունակ հարցեր եք բարձրացրել: Հետաքրքիր է, թե նա ինչ պատասխաններ է տվել: Օրինակ` ի՞նչ է ասել սահմանադրական փոփոխությունների մասին Ձեր բարձրացրած հատկապես այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունը «հեղափոխական» փոփոխություն է:

– Մեր բարձրացրած հարցերն այնքան մեծածավալ էին, որ չէր ենթադրվում, թե դրանք պետք է վերջնական լուծում ստանան: Դրանք այն հարցերն են, որ անընդհատ պետք է քննարկվեն, որոնց մասին պետք է մտքեր փոխանակվեն, ապա փորձեն ինչ-որ բան իրականացնել: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մենք այդ մասին մի քանի հարց ենք բարձրացրել, բայց  կարևորագույն հարցը, իհարկե, նախագահի ընտրությունն է Ազգային ժողովի՞, թե՞ ժողովրդի կողմից: Մենք ԱԺՄ կուսակցությունում միշտ կողմնակից ենք եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց հիմա ես մտահոգություն ունեմ, որ ժողովուրդը խորհրդարանական ընտրություններին այնքան էլ լավ չի վերաբերվում, շատ չարաշահումներ են լինում: Կարծես թե ինչ-որ մարդկանց լավություն անելու հարց է, և չի ընկալվում, որ ԱԺ-ն է իշխանությունը: Ընկալվում է թագավորի, նախագահի ընտրությունը: Եվ պատահական չէ, որ նախագահի բոլոր ընտրությունները դառնում են կիսահեղափոխական:

Այս փոփոխություններով, փաստորեն, ժողովուրդը զրկվում է այդ մի միջոցառումից: Նախագահն ասում էր, թե այն, ինչ ներկայացվում է, դեռ վերջնական չէ, և ամեն ինչ ենթակա է քննարկման: Ինձ համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահ կամ վարչապետ, պարզապես Հայաստանի շահերից ելնելով՝ կարծում եմ, իսկապես պառլամենտականը ավելի լավ համակարգ է: Եվրոպայի մեծ մասը պառլամենտական է, բայց մյուս կողմից էլ` մեր պայմաններում այդ անցումը բավականին բարդ կլինի: Եվ ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը պետք է էապես փոխել, բացառել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ լինեն: Իհարկե, միայն օրենքը չի կարող ապահովել, որ կեղծիքներ չլինեն, բայց կարող է նպաստել, որ նվազագույն կեղծիքներ լինեն:

– Ընդդիմությունը շատ է բարձրաձայնում այն պահանջը, որ ընտրություններից հետո անհրաժեշտ է հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակը: Եվ գտնում են, որ դա կնպաստի ընտրակեղծիքների վերացմանը:

– Համաձայն եմ, որ դա իսկապես պետք է անել, դա ինձ մոտ կասկած չի առաջացնում:

– Անդրադարձել եք արտագաղթին և նշել, թե դրան նպաստող պատճառներից է օրենքի «թվացյալ բացակայությունը բոլորի համար անխտիր»: Վստահաբար կարելի է ասել՝ Ս. Սարգսյանը տեղյակ է, որ մեր երկրում օրենքները բոլորի նկատմամբ հավասար չեն կիրառվում, և կան օրենքից դուրս արտոնյալ մարդիկ: Ձեր բարձրացրած այդ հարցին ի՞նչ պատասխան ստացաք:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը անավարտ պատերազմն է, և այդ մասին նախագահն էլ հնչեցրեց: Երբ անընդհատ խոսակցություններ են հնչում, թե այսօր-վաղը պատերազմ է լինելու, ծնողը ձգտում է իր երեխային փրկել: Օրինակ` դեպքերը սահմանի վրա: Ինչու են ժամանակ առ ժամանակ սահմանի վրա Ադրբեջանի կողմից դեպքեր հրահրվում: Մի կողմից` նրանք անընդհատ հայ ժողովրդին պահում են լարվածության մեջ, վախեցնում, թե հեսա պատերազմ կսկսվի, որպեսզի Հայաստանը դատարկվի: Մենք էլ շատ անգամ ներսում նույն քարոզչությունն ենք անում, Ալիևի ջրաղացին ջուր լցնում և մեր մարդկանց համար դեպի դուրս ճանապարհ ենք բացում: Մյուս կողմից՝ Ալիևը դա անում է իր ժողովրդի համար, որն այնքան էլ պատերազմ չի ուզում: Այսինքն` Ադրբեջանի ժողովրդի մեջ պետք է անընդհատ լարվածության մեջ պահել այդ զգացողությունը, և Ալիևը նաև այդ խնդիրն է լուծում:

Գնացողների մի զգալի մասի համար պատճառ են հանդիսանում սոցիալական հարցերը, աշխատանք չունենալը, կամ աշխատավարձն այնքան ցածր է, որ չեն կարողանում ապրել: Մարդիկ ուզում են լավ ապրել: Դրանք հիմնական պատճառներն են, որոնց ավելանում է մարդկանց վրա օրենքի ոչ հավասար կիրառումը: Ընդ որում` սա կախված է մեզանից: Եթե շրջափակման այս պայմաններում տնտեսության կտրուկ զարգացումը բարդ է, ապա օրենքների կիրառումը, ազատ մրցակցությունը մեզանից է կախված: Դրա համար մենք նախագահի ուշադրությունը ուզում ենք գրավել այդ հարցի վրա, որ այդ ուղղությամբ է պետք հարցեր լուծել: Ասեմ, որ այնտեղ նույնիսկ կարմիր գծերի վերաբերյալ վիճաբանություն եղավ: Մեր կարծիքն էր, թե ինչ իմաստ ուներ այդպիսի բան մտցնել, որովհետև մարդկանց համար ամեն մի այսպիսի երևույթ կարծես թե մի լրացուցիչ կաթիլ է: Լցվում է բաժակը, ու մարդ թողնում՝ գնում է:

– Ս. Սարգսյանը տեղյա՞կ է, որ ավտոտրանսպորտային խախտումների դեպքում տուգանքների այնպիսի մեխանիզմ է ներդվել, որ հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից:

– Մենք այդ մասին էլ խոսեցինք: Նախագահի ասածն այն էր, որ դա բավականին բարդ համակարգ է, բայց հիմա հաղթահարվում է այդ դժվարությունը: Ես մարդկանց գիտեմ, որ գնացել են արտերկիր բուժվելու, հասել են այնտեղ ու պարզել են, որ այստեղ վերջին օրը ինչ-որ խախտում են արել, որի պատճառով նրանց քարտերի վրա կալանք է դրվել, ու չեն կարողանում գումար հանել: Սա աննորմալ երևույթ է: Երկրորդը կարմիր գծերի տեխնիկական ապահովումն է, երրորդը 70 տոկոս մասնավոր/30 տոկոս պետություն համաչափությունն է: Որքան էլ բացատրվի, թե այնտեղ պետք է միլիոնավոր դոլարներ ներդրվեն, պետությունը, քաղաքապետարանը կարող էր վարկ վերցնել, և ինքն իրականացնել: Ամեն մի այսպիսի հարց դառնում է լրացուցիչ մի հոգու հեռանալու պատճառ:

Իհարկե, մենք առաջարկություն էինք անում, որ կառավարությունն իր ամենամյա հաշվետվության մեջ ներկայացնի, թե ինչ է արել և ինչքանով է զսպել արտագաղթը: Եվ ես ասացի, որ հետագա ընտրություններում ամենակարևորագույն թեզը դա է լինելու: Ժողովուրդը ձայն է տալու այն քաղաքական ուժին, որը կխոստանա, որ արտագաղթը նվազեցնելու միջոցներ է ձեռնարկելու:

– Արտագաղթի հիմնական պատճառներից մի քանիսը անմիջապես կապ ունեն իշխանությունների գործունեության հետ: Աշխատատեղերի, տնտեսության մեջ ազատ մրցակցության բացակայություն, մենաշնորհների գերակայություն և այլն: Եվ այդ մասին տեղյակ է նաև Ս. Սարգսյանը:

– Համաձայն եմ: Թե դա ինչքան կավելացնի աշխատատեղերը` այլ հարց է, բայց գոնե մարդկանց մոտ վստահություն կառաջանա, որ պետությունը երկու-երեք հոգու չի պատկանում:

– Պարոն Մանուկյան, կարծիք կա, որ Հայաստանը համարժեք չափով չի հակադարձում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Հակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Ձեր կարծիքով` ո՞րն է ճիշտը, ներկա՞ կեցվածքը, թե՞ ավելի ուժգին հակադարձելը:

– Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետև դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ համաշխարհային հանրությանը, բայց առանձնապես շահագրգռված չեմ բորբոքելուն: Մեր իշխանությունները որդեգրել են այդ քաղաքականությունը: Մյուս քաղաքականությունն էլ սա է՝ մի հատ ինձ ձեռք տվեցին, տասին ես ձեռք կտամ, ինչպես Պաղեստին-Իսրայելում է տեղի ունենում: Դա անընդհատ բերում է պատերազմական իրավիճակների, որը նույնպես կարող է  Հայաստանին ձեռնտու լինել: Չէի ուզենա ասել, թե այս մոտեցումներից մեկը մյուսից լավն է: Կարևորն այն է, որ քաղաքականությունը լինի հետևողական:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` մեր տեսանյութում:

Հակառակորդը Չինարիում կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ

13.10.6_0Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ  նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենաների ուղղությամբ, և վերջիններս, անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել կիսատ թողնել իրենց առաքելությունը և հեռանալ:

Սաղոյանն ու հնձվորները դեռևս հացահատիկի դաշտում էին՝ ասելով, որ պատսպարվել են ծառի հետևում: Հեռախոսազրույցի ընթացքում էլ լսելի էր կրակոցների ձայնը:

“Փաստորեն, ադրբեջանական կողմը խախտեց անգամ Կարմիր խաչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղացիները հավաքեին ցորենի բերքը”,-ասաց Չինարիի գյուղապետը:

Ինչ վերաբերում է երեկվա կրակոցներին, գյուղապետը հայտնեց, որ կրակոցներից հրդեհվել են գյուղի արտերը, Չինարիի տներից մեկը, և գյուղացիներն իրենց ուժերով կրակը մարել են:

 

Անկախ

 

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել:

Բախշյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր   Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

 

Հարգելի պարոն Մարգարյան,

 

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան  ցավ կա նրանց խոսքի մեջ:

Համոզված եմ, որ Դուք ևս համամիտ եք նրանց ասածների հետ, հետևաբար անհրաժեշտ է ոստիկանության հետ  այնպես համագործակցել, որպեսզի, մասնավորապես այդ «Աֆրոդիտե»  բարի կամ նման ծառայություններ առաջարկող կարոկե ակումբների «Առանձնասենյակ, 1000 դրամ»  արատավոր  երևույթը վերացվի: Սա բխում է նաև Ձեր երեխաների, մեր երեխաների, մեր երիտասարդության շահերից, որոնց դաստիարակության  պատասխանատուն նաև Դուք եք: Հիշո՞ւմ եք, թե  մեր  թաղամասի  այգու  բացմանը մի 8-9 տարեկան տղա ինչ ասաց: Ասաց, որ ուզում է նմանվել Ձեզ, սա շատ պարտավորեցնող ցանկություն է Ձեզ համար, Դուք, փաստորեն օրինակ եք մեր երեխաների համար, դրան պետք է արժանանալ  գործով, մասնավորապես http://www.1in.am/1367680.html  այս տեսանյութում մեր քաղաքացիների կողմից հնչած մտահոգությունները  վերացնելով: Սրանից լավ ընտրակաշառք չի կարող լինել:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Անահիտ Բախշյան

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

 

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի. Ջեյմս Ուորլիք

1 (2)Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսերեն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության և բռնության կապակցությամբ: Համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին կոչ են արել թուլացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:

 

Անկախ

ՕԵԿ-ը կրկին սկսեց ընդդիմադիր բարբառել

IMG_0660Հուլիսի 9-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ժողովրդից ներողություն խնդրեց իրենց սխալների համար: Նա հույս հայտնեց, որ ժողովուրդը կհավատա իր անկեղծությանը. «Ես այն մարդկանցից եմ, որոնց ճիշտ չեն հասկացել: Ճշմարիտ է այն մարդը, որը բարձրաձայնում է իր սխալները»: Բաղդասարյանը նշեց, որ արդեն երեք ամիս է` ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից, և այդ ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, լսել քաղաքացիների դիրքորոշումները, հանգել մի քանի եզրակացությունների: Դրանք ներկայացնելով` Արթուր Բաղդասարյանը նշեց. 1. Հայաստանում ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, 2. տնտեսական ոլորտում խորանում է մենաշնորհային տնտեսությունը, վարչական ճնշում է գործադրվում գործարարների նկատմամբ, ինչն առաջացնում է տնտեսության մեջ անորոշություն, 3. ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, 4. Հայաստանում ավանդույթ է դառնում անօրինականությունների իրականացումը օրենքի անվան տակ, 5. արտաքին քաղաքական ճակատում կան մտահոգիչ զարգացումներ:
ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել ՀՀ քաղաքական համակարգը, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ընտրությունները դարձնել բաց ու թափանցիկ: ՕԵԿ-ը համարում է նաև, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, պետք է նվազեցնել հարկերը, շրջանառվող հարկը փոքր ձեռնարկությունների համար պետք է սահմանել մեկ տոկոս և այլն:

Հետաքրքիր է` իսկ եթե այդ խնդիրները տեսանելի էին ՕԵԿ-ի համար, ինչո՞ւ մինչ կոալիցիայից դուրս գալը, գոնե կառավարությունում ու ԱԺ-ում ՕԵԿ և ոչ մի ներկայացուցիչ երբևիցե չխոսեց այդ խնդիրների մասին: Հակառակը` ՕԵԿ-ն ավելի ջերմեռանդորեն էր պաշտպանում այս խնդիրների իշխանական տեսակետները, քան ՀՀԿ-ն: Ասուլիսի ժամանակ Արթուր Բաղդասարյանը նաև չբացառեց իր մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններին: Տեղին են ասում` փորացավդ ասա:

Մի խոսքով` արդեն հուլիսի 18-ին` հանրահավաքի ժամանակ, ՕԵԿ-ը, ի դեմս Արթուր Բաղդասարյանի ու մյուս երևելի օեկականների, սկսեց ընդդիմադիր բարբառել: Արթուր Բաղդասարյանն ակնարկեց, որ ՕԵԿ-ը գնում է` լրացնելու ընդդիմադիր դաշտը: Եվ նրան լսող անտեղյակ մեկը կմտածեր, թե ՕԵԿ-ը վերջին 10 տարիներին արմատական ընդդիմություն է եղել: Իր ելույթը, որի միայն մի փոքրիկ մասն էր ուղղված օրվա խորհրդին` էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, Արթուր Բաղդասարյանը զարմանալիորեն սկսեց իշխանություններին քննադատելով. թանկացումներ, սոցիալական վիճակ, տնտեսական վիճակ:
ՕԵԿ նախագահն իր քննադատությամբ նույնիսկ հասավ այնտեղ, որ արտագաղթի թեման շոշափելիս հայտարարեց, թե արդեն պետության ապագան է վտանգված: Ու այս ամենն ասում էր մի մարդ, որն ընդամենը մի տարի առաջ, պատասխանելով լրագրողի հարցին` իսկ արտագաղթը ազգային անվտանգության խնդիր չի՞ առաջացնում, խրոխտ հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ պետք է կապվի ազգային անվտանգության հետ:
«Ես ասել եմ մի քանի անգամ` ՕԵԿ-ը կա՛մ գործուղվել է ընդդիմություն, կա՛մ նրան գործուղել են. երկուսն էլ մեզ համար նույնն է: ՕԵԿ-ն ինչպե՞ս կարող է ընդդիմություն լինել: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` հիմա էլ խորհրդի անդամը, ընդդիմությո~ւն է… Պարզ չէ՞, որ պետք է խաղա, սցենարի մեջ է, որ ընտրությունները խեղաթյուրեն: Դուք հիշում եք Հայաստանի նախագահական բոլոր ընտրությունները, այնտեղ մի մաթեմատիկոս կա, 0 տոկոս ձայն է վերցնում, բայց այդ մարդն անընդհատ ընտրությունների է մասնակցում. Այդպիսի մի բան էլ անելու է ՕԵԿ-ը, ինձ թվում է: Հավատո՞ւմ եք ուրիշ բանի: Ընդդիմություն լիներ` գործարանը ձեռքից կառնեին, ասում են չէ՞, որ Արթուր Բաղդասարյանը գործարան ունի»,- ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքի առնչությամբ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Մեղադրում էին, հիմա էլ են մեղադրում, ու դեռ շարունակելու են մեղադրել` արդարացիորեն

Արթուր Բաղդասարյանը, հանրահավաքի ժամանակ փորձում էր բացատրել, թե ինչու 2003 թվականին ինքը «լքեց» ընդդիմադիր դաշտն ու իշխանական կոալիցիա կազմեց: Դրա պատճառը, ըստ Բաղդասարյանի, այն էր, որ այդ ընտրություններում երեք հիմնական թեկնածուներ կար` ինքը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ինքը հանդիպել է առաջին նախագահի հետ, որը, իբր, Բաղդասարյանին ասել է, որ նա կա՛մ կմիանա իրեն, կա՛մ ինքը քաղաքականապես կոչնչացնի Բաղդասարյանին: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ինքն այդ ընտրություններում հավաքեց Լևոն Տեր-Պետրոսյանից փոքր-ինչ պակաս ձայներ` մոտ 300 հազար, այսինքն` առաջին նախագահն իր հետ նման կերպ խոսելու իրավունք չուներ: Երկրորդ` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդ ժամանակ հրապարակավ առաջին նախագահի ճամբարը սկսել էր ցեխ շպրտել իր վրա: Եվ այդ պայմաններում, ըստ նրա, ՕԵԿ-ին ու նրա ղեկավարին մնում էր 3 ճանապարհ` միանալ իրենց հետ վերջնագրի ու քննադատությունների լեզվով խոսող ընդդիմության լիդերին, իսկ նախ` այդպիսի հրավեր իրենք չէին ստացել, նաև վիրավորված էին այդ վերաբերմունքից, երկրորդ ճանապարհը` արձագանքել Սերժ Սարգսյանի` իշխանական կոալիցիա ձևավորելու առաջարկին ու այդ ձևով փորձել իրենց ծրագրերը կյանքի կոչել, և երրորդ` շարունակել երկուսից էլ առանձին, իսկ այդ դեպքում` հարվածներ ստանալ երկու կողմից էլ: «Եվ դուք գիտեք, թե մենք որ ճանապարհն ընտրեցինք»,- նշեց Արթուր Բաղդասարյանն ու հավելեց, թե դրանից հետո, սակայն, իրենք չեն կարողացել իշխանական կոալիցիայում էական դեր ունենալ:

Իր ընդդիմադիրությամբ պակաս բոցաշունչ չէր նաև վերջին մի քանի տարիներին իր իշխանամետությամբ բազմիցս աչքի ընկած ՕԵԿ փոխնախագահ ու այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը: «Սակագների բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի արարքի, որ օրը ցերեկով, ցանկացած պահի կարող է մտնել մեր` առանց այն էլ աղքատիկ գրպանը և տանել այնտեղից որքան ուզում է»,- հայտարարեց նա` հավելելով, որ եթե բոլորս այս անգամ մեր գրպանը չփակենք այդ ժուլիկի առջև ու նրան ցույց չտանք իր իրական տեղը, ապա մեր ամբողջ կյանքում անիմաստ կբողոքենք ու արդյունքի չենք հասնի: Բիշարյանը նշեց նաև, որ ՕԵԿ-ի պայքարի ակունքները բխում են հասարակության սոցիալական խնդիրներից, և կուսակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը:

«Այս տարիների ընթացքում մենք պայքարել ենք հանուն գրագիտության և ոչ թե խավարամտության, հանուն տնտեսական ազատության, ոչ թե օլիգարխիկ տնտեսության, հանուն մարդու իրավունքի, այլ ոչ շղթայված ազատության, հանուն սոցիալական արդարության, ոչ թե ծայրահեղ բևեռացման թե՛ իշխանության մեջ և թե՛ ընդդիմադիր դաշտում: ՕԵԿ-ը երբեք իր դեմքը չի կորցրել և չի հեռացել իր առաքելությունից: Մեր տեսակը պայքարող, մաքառող, կռիվ տվող տեսակ է, մենք ասում ենք այն, ինչ հետագայում դառնում է սկզբունք, վարքագիծ և արդյունք, որքան էլ շատերը չկամությունից գիշեր ու ցերեկ լծված են ՕԵԿ-ի ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ սև փիառ անելուն»,- հենց այսպես` իսկական արմատական ընդդիմության ներկայացուցչի պես էլ հայտարարեց «պայքարող տեսակի» տիկինը:

Այսպիսով ՕԵԿ-ը փորձում է ինքն իրեն դիրքավորել ընդդիմադիր դաշտում: Նույնսկ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց շատ են քննադատել, թե ՕԵԿ-ը կեղծ ընդդիմություն է, հիմա էլ են հայտարարում, նշում են, թե ՕԵԿ-ը գործուղվել է կոալիցիա` ընտրությունների նախաշեմին ընդդիմությունը փոշիացնելու: Փոխանակ ուրախ լինեն, որ ՕԵԿ-ը ևս դառնում է ընդդիմություն:

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով` ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից և փորձը տեղավորվելու ընդդիմադիր դաշտում կախված էր վարչապետի անձի և նրա սկսած գործընթացի հետ, որովհետև հասկանալի էր, որ ՕԵԿ-ը որևէ դեր չպիտի խաղա, զգաց, որ պարզապես ավելորդ է այս գործընթացում, ու որոշեց, որ լինելով ընդդիմության շարքերում` միգուցե քաղաքականության առումով ավելի շատ ակնկալիքներ կարող է ունենալ:
«Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո հասկանալի էր, որ ՕԵԿ-ը դարձավ այսպես կոչված` «5-րդ անիվ»: Այստեղ, իհարկե, արհեստականություն կա. 2012 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն միանձնյա դարձավ իշխող կուսակցություն, հասկանալի էր, որ ՕԵԿ-ն ինչ-որ ֆորմալ դեր է խաղում և ո՛չ խորհրդարանում ու ո՛չ էլ կառավարությունում իրականում դերակատարում չուներ»,- նշեց Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ ապագա ընտրություններում ունենալիք դերակատարության առումով էլ, իհարկե, ՕԵԿ-ը պետք է աշխատի. նրա վիճակը, չի կարելի ասել, թե չափազանց փայլուն է:

Իսկ այն իրողությունը, որ մի անգամ արդեն ՕԵԿ-ին հաջողվել է «գործուղվել» ընդդիմություն ու այդ դաշտում որոշակի դերակատարություն ու հաջողություններ ունենալ, քաղաքագետի կարծիքով, ներկայումս չի կրկնվում, նա գործուղման տարբերակը քիչ հավանական է համարում, քանի որ այն ժամանակ այլ քաղաքական իրավիճակ էր, այս պահին մի քիչ ավելի տարբեր իրավիճակ է, և մեկնարկային պայմաններն այս պահին ՕԵԿ-ի համար ավելի անբարենպաստ են:

 

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ

1406095256-6585Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։

ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

 

Անկախ