«Ուկրաինան ավելի շատ նմանություններ ունի Լիբիայի, քան Հայաստանի հետ». Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր ԻսկանդարյանԿովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի զարգացումներին և համեմատական անցկացնելով Ուկրաինայի և Հայաստանի միջև` նշեց, որ Ուկրաինան ավելի շատ նմանություններ ունի Լիբիայի, քան Հայաստանի հետ: Ուկրաինայի և Հայաստանի միջև նմանությունները քիչ են, տարբերությունները` շատ:

«Այնտեղ խոսքը ազգի ձևավորման մասին է, մեկ ազգային միավորման մասին: Լվովի ցանկացած բնակիչ հասկանում է, որ Լվովի մշակութային կենտրոնը Վիեննան է, այնինչ Խարկովի բնակչին դա բացատրելն անհնար է. նրանք տարբեր լեզուներով են խոսում, նրանք տարբեր կրոններ ունեն: Սա մեզ մոտ չկա: Մեզ մոտ կա իշխանության ոչ կոմպետենտություն և ընդդիմության թուլություն, ուստի Ուկրաինան ավելի է նման է Լիբիային, քան Հայաստանին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով` այն, ինչ այսօր տեղի ունենում է Ուկրաինայում, որևէ կապ չունի Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրության հետ, քանի որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի գոյատևմանը: Ուկրաինան նման տեսքով պետք չէ ո’չ Ռուսաստանին, ո’չ էլ Եվրամիությանը: Այսօր խոսքը պետություն ստեղծելու մասին է: Պետություն, որը ֆունկցիոնալ կլինի:

«Ուկրաինան ապրում է հերթական ճգնաժամը: Աշխարհագրական և սոցիալական հատվածների միջև անհամաձայնություն առաջին անգամը չէ, որ Ուկրաինայում տեղի է ունենում: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, չհաշված որոշ տարբերություններ, նման են Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Անկախ

«Ուկրաինայում տեղի ունեցող դիմադրությունը հեշտ մարող չէ». Արա Պապյան

 Արա Պապյանը:Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեզ երկու աղբյուրից են հասնում՝ ռուսական և պրոռուսական մամուլից և արևմտյան մամուլից: Ռուսական և պրոռուսական մամուլը դատապարտում է ծայրահեղականներին, իսկ արևմտյան մամուլը՝ իշխանություններին և նրա թիկունքում կանգած Ռուսաստանին: Ուկրաինայում տեղի ունեցաող իրադարձությունները կարելի է անվանել սառը պատերազմ լայթս: Լայթս, քանի որ կողմերը գտնվում են տարբեր քաշային կարգերում: Ակնհայտ է, որ ռուսական թևը բավականին թույլ է, արևմտյան թևը բավական ուժեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Քաղաքագետի կարծիքով`Ուկրաինայում տեղի ունեցող դիմադրությունը հեշտ մարող չէ: Այնտեղ ձևավորվել է հասարակական երկու խավ, երկիրը պառակտված է նաև աշխարհագրորեն:

«Եթե երկու ամիս առաջ բացառում էի Ուկրաինայի հնարավոր տրոհումը, հիմա ավելի հավանական եմ համարում, որ այն երկու մասի տրոհվի: Ուկրաինայի ժողովրդի մեծ մասը համակերպվել է, որ հանուն անկախության կարող է որոշ տարածքներ զիջել:
Ես դա ողբերգական չեմ համարում. կարող է լինել երկու Ուկրաինա, կան երկու տասնյակ արաբական երկրներ, մենք էլ ունենք երկու Հայաստան՝ ՀՀ և ԼՂ: Եթե դա է բերելու խաղաղություն և կայունություն՝ թող լինի: Դա ավելի ճիշտ է, քան քաղաքացիական պատերազմը: Եթե պետք է երկիրը տրոհվի, ավելի լավ է անարյուն»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով Ուկրաինային ուղղված Արևմուտքի աջակցությանը՝ Արա Պապյանը նշեց, որ եթե Արևմուտքը Ռուսաստանին ընկալի որպես թշնամի, Ռուսաստանը կարժանանա Խորհրդային միության ճակատագրին:

Անկախ

Զաքիր Հասանովը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են շփման գծում իրավիճակը

3 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել շփման գծում տիրող իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների, ղարաբաղյան հակամարտության լուծման, ինչպես նաև բանակցությունների հեռանկարի մասին:

Անկախ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ

«Կարեն Ավագյանը, բացի ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը»

imagesՀՀԿ և ԲՀԿ երիտասարդ պատգամավորների ֆեյսբուքյան բանավեճերը նոր թափ են հավաքում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հարվածն է հասցրել ՀՀԿ-ական կարկառուն ֆեյսբուքյան մարտիկ Կարեն Ավագյանին` գրելով.

«Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն մնացել է Կարեն Ավագյանի հույսին, և վերջին «հարձակումները» իրականացվում են նրա մակարդակով: Ես հասկանում եմ, որ կարելի է ֆանտաստիկայի ժանրը շատ սիրել, բայց նա, բացի մեր ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը (հուսով եմ՝ տառաճանաչության մակարդակը թույլ կտա), որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ, ցավոք, հանձնաժողովը չկարողացավ պարզել այդ 10 սպանությունների հանգամանքները և այդ հարցը մնաց բաց: Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով և ակնհայտ է, որ ԲՀԿ-ն շահագրգռված է ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ պարզելու այդ զոհերի մահվան հանգամանքները: Իսկ թե ովքեր դեմ կքվեարկեն այս անգամ, դրանից հասկանալի և պարզ կդառնա՝ ովքեր են ուզում պարտակել մեր պատմության այս արյունալի էջը:

Հ.Գ. Սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից, համոզվելու համար էլ, որ ժողովուրդը իրենց չի ընդունում, կարող են մասնակցել կառավարության իրականացրած հարցումներին ու հետազոտություններին իրենց իսկ գործունեության վերաբերյալ, քանի դեռ նման հնարավորություն կա, մասնավորապես այդ պատգամավորը կարող է հարցախույզ անցկացնել մեր քաղաքում իր անձի մասին ու համոզվել իր քաղաքական սնանկության մեջ»:

 

Անկախ

Դիպուկահարների ակտիվության պատճառներն ակնհայտ են. քաղաքական մեկնաբան

131946

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքում գրել է.

“ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ վերջին շրջանում սահմանագծին դիպուկահարների ակտիվություն է նկատվում: Ընդգծելով դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու անհրաժեշտության մասին՝ դիվանագետը նշել է, որ երկու կողմն էլ պատասխանատվություն են կրում մահվան ելքով պատահարների համար:

«Դիպուկահարների դուրս բերումը կյանքեր կփրկի և էականորեն կնվազեցնի լարվածության մակարդակը: Համաձայնելով դուրս բերել դիպուկահարներին՝ կողմերը կնպաստեն միմյանց միջև վստահության ստեղծմանը` բարենպաստ պայմաններ ստեղծելով արդյունավետ բանակցությունների համար»,-ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, խոսելով դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու անհրաժեշտության և կարևորության մասին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրել է Ադրբեջանին` լարվածության լիցքաթափմանն ուղղված քայլեր չձեռնարկելու, դրանով իսկ մահվան ելքով պատահարների պատճառ հանդիսանալու համար:

Չնայած այն հանգամանքին, որ դիվանագետը խոսում է «կողմերի» պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նկատի ունենալով հանգամանքը, որ հայկական կողմը, ամենաբարձր մակարդակով, պաշտոնապես համաձայնություն է հայտնել դիպուկահարներին դուրս բերելու առաջարկի վերաբերյալ, հասկանալի է, որ Կասպրշիկն անուղղակի ձևով քննադատության սլաքն ուղղում է Ադրբեջանի ուղղությամբ: Հակառակ դեպքում դիվանագետի` «կողմերին» ուղղված կոչ-­մեղադրանքն անհեթեթ կդիտվի:

Մի քանի խոսք դիպուկահարների` առաջնային գծում ներկայության և ակտիվության մասին:

«Դիպուկահարների ակտիվություն» ասվածը բավականին լայն հասկացություն է: Ու այս դեպքում դեռ պետք է սահմանել, թե դիպուկահարների ակտիվությունն ինչպես է դրսևորվում: Հասկանալի է, որ դիպուկահարները և՛ պաշտպանական (նաև պահպանություն իրականացնելու դեպքում), և՛ հարձակվողական գործողություններում կարևոր դերակատարություն ունեցող ուժեր են, և հայկական կողմը չի կարող միակողմանի ընդունել առաջարկը` դուրս բերելով առաջնագծից:

Մյուս կողմից պետք է հաշվի առնել հետևյալը. եթե Ադրբեջանը դիպուկահարներին օգտագործում է ագրեսիա սանձազերծելու ու հայկական կողմին վնասներ հասցնելու համար` նպատակ ունենալով առավել թեժացնել իրավիճակը առաջին գծում, ապա հայկական կողմը դիպուկահարաներին հիմնականում «մարտի է նետում» հակադիպուկահար քայլերի ու պատժիչ գործողությունների իրականացման համար:

Դիպուկահարներին առաջնագծից դուրս բերելու առաջարկը հստակ է, և Ադրբեջանը մանևրելու առանձնապես մեծ դաշտ չունի: Այս խնդիրն առաջնային է, և միջնորդները բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու որպես առաջին նախապայման պետք է հասնեն այս առաջարկի երկկողմ ընդունմանը”,-գրել է նա:

 

Անկախ 

Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է

101220131(1)Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա  հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:

Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:

Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

 

Անկախ

 

 

«Երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovannisian 18.02.14«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես գալով տարեկան ազգային ուղերձով` հայտարարեց, որ երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, կազատագրենք և ժողովրդին կվերադաձնենք նրա ոտնահարված իրավունքները։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել: Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել, մեր խնդիրը կամքի ազատ արտահայտության համար պայմաններ ապահովելն է։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչ՝ հնարավոր է»,-իր ուղերձում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակ ստեղծել` շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, շատերն էլ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչերով:

«Անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում: Գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը: Ինչպես առաջ, այնպես էլ այսօր ես այն կարծիքին եմ, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները: Դա պայքարի արդյունավետ միջոց է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հրամայական է դարձել ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական ու քաղաքացիական լայն համագործակցություն հանուն ինքնիշխանության շահի, հանուն սուրբ նահատակների ու երեխաների։ Օդ ու ջրի պես անհրաժեշտ է միացյալ հրապարակի կայացումը:

«Մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovhannisyan delivers the national annual address at Ani Plaza Hotel «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես եկավ ազգային տարեկան ուղերձով։ Իր ելույթի սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև ապրիլ պետք է համազգային կոնսոլիդացիա ձևավորել, քանի որ միայն միասնությամբ կարելի է հասնել հայոց փրկության։

«Քանի դեռ ուշ չէ, տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա ճգնաժամից դուրս գալու համար: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը։ Մեկ տարի առաջ այս օրը՝ փետրվարի 18-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ճգնաժամն է։ Պատմության համար մեկ տարին ակնթարթ է, բայց բավականաչափ ժամանակ՝ հաշվելու անցյալի ուղին, դասեր քաղելու մեր վրիպակներից և կշռադատելու մեր անելիքը։ Որտե՞ղ սայթաքեցինք, որտե՞ղ է մեր շահածը, ի՞նչ ունենք առաջարկելու հանրությանն ու քաղաքական ուժերին։ Հավաքվել ենք հաշիվ տալու։ Ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ընկնելուց հետո»,-իր ելությում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով «Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը։ Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է որևէ կերպ «Ժառանգությանը», «Բարև Երևանին» և մեր գործընկերներին հետ պահել արդար պայքարի ուղուց։ «Ժառանգությունը» միշտ եղել է և այսուհետ կլինի քաղաքացիական հոսանքների, պանծալի երիտասարդների ու ազատամարտիկների կողքին, նրանց կուռ շարքերում:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի իշխանությունը մեկուսացնում և վարձակալության է տալիս երկիրը. այն, ինչ ունենք ներկայում, անցյալ տարվա փետրվարի ապօրինի իշխանության արդյունքն է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային, փոխզիջումային գործընթացը։

«Մի գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում կատարված տևական աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային Միության մշուշոտ ապագայի, որտեղ, ինչպես պարզվեց, մեզ այդքան էլ չէին սպասում: Գոնե Արցախի անկախության հեռանկար լիներ, դա էլ չկա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մենք սկզբունքային ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին». ՕԵԿ դիրքորոշումը կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

բիշարյան հեղինեՉորս խմբակցությունները հանդես են գալիս կառավարության հրաժարականի պահանջով, իսկ թե ինչու «Օրինաց երկիր» կուսակցությունն այս հարցում չի արտահայտում իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսպես պատասխանեց. « ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն համաձայնագիր և, որպես սկզբունքային քաղաքական ուժ, դեմ չի գնա իր սկզբունքներին: Մենք կոալիցիոն համաձայնագրի վերանայման ինվենտարիզացիոն խնդիր չենք տեսնում: Դա անընդունելի է, առավել ևս, որ մենք սկզբունքային քաղաքական ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին»:

Ըստ Բիշարյանի` կառավարությանն անվստահություն չհայտնելով հադերձ  որևէ մեկը չի ասում, թե մեր երկրում բազմաթիվ խնդիրներ չկան, որ բոլորը լուծված են: Պարզապես խնդիրներն ավելի արագ թափով են շատանում, քան կառավարությունն է քայլեր կատարում: Կառավարությունը պետք է դանդաղ մտածի, բայց արագ գործի:

«Խնդիրների հետևից հասցնելու համար պետք է հորդորենք կառավարության անդամներին, անկախ այն բանից Հանրապետական կուսակցության անդամներ են, թե ՕԵԿ-ական, որ ավելի արագ գործնական քայլեր անել »,-խորհուրդ տվեց Հեղինե Բիշարյանը:

«Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է». Սերգեյ Մինասյան

սերգեյ մինասյանՈչ իշխանական չորս քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն փորձում են սկսել մի գործընթաց` շատ լավ գիտակցելով, որ դա պարզապես գործընթաց է գործընթացի համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժի, հատկապես ընդդիմադիր, նպատակն է գալ իշխանության, և դրա միջոցներից է, օրինակ, իշխանության քննադատությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով չորս քաղաքական ուժերի նախաձեռնությունից` ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետի կարծիքով` այն, ինչ ուզում են անել չորս քաղաքական ուժերը Խորհրդարանի ներսում, տեսականորեն անհնար է, քանի որ ՀՀԿ-ն այս իրավիճակում, նույնիսկ առանց համախոհների` ի դեմս «Օրինաց երկրի», ունի միանձնյա մեծամասնություն խորհրդարանում: Հետևաբար, եթե  անգամ այդ նախաձեռնությունը գործողության փուլ մտնի, քաղաքական իմաստ չի ունենա:

«Հայաստանի քաղաքական զարգացման առումով շատ ավելի լավ կլիներ, որ չորս ուժերի այս նախաձեռնությունը տեղի ունենար ո’չ թե 2014-ի փետրվարին, այլ 2013-ի փետրվարին: Այդ դեպքում մենք կունենայինք ավելի իրական նախագահական ընտրություններ: Այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն, որն այսօր փորձում է որպես այլընտրանք  հանդես գալ, կհավակներ դառնալ այն երկրորդ քաղաքական բուրգը, որը հավակնում է լինել այս տարի»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` նրանք, ովքեր պահանջում են քաղաքական-տնտեսական բարեփոխումներ, նպատակ ունեն ոչ թե կառավարության կամ նախագահի փոփոխության, այլ քաղաքական համակարգի:

«ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն փորձում են իշխանափոխություն անել խորհրդարանական քաղաքականության միջոցով: ԲՀԿ-ն, օրինակ, այն ուժն է, որն այլ կերպ մենք անվանում ենք կոնստրուկտիվ ընդդիմություն: Իհարկե, ԲՀԿ-ն դա անվանում է ոչ թե կոնստրուկտիվ, այլ ալտերնատիվ, բայց իրականում իմաստը նույնն է: Իսկ ահա ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իշխանափոխությունը տեսնում են ոչ խորհրդարանական քաղաքականությունից դուրս: Բայց, պետք է նկատել, որ այս պահին երկու տարբերակներն էլ չեն կարող աշխատել: Չորս խմբակցությունների նախաձեռնածը քաղաքական իմիտացիա է»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք. Սերժ Սարգսյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

սարգսյանը կուտակայինի մասինՆախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցների հարցերին:

Մինչ հարցուպատասխանը, Հանրապետության Նախագահը շնորհավորել է ԵԿՄ նորընտիր վարչության բոլոր անդամներին, այդ թվում՝ միության նախագահին և փոխնախագահներին՝ դարձյալ պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ նրանց համար դա, իրոք, մեծ պատասխանատվություն է: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ԵԿՄ վարչությանը և պատրաստակամություն հայտնել պատասխանել համագումարի մասնակիցների բոլոր հարցերին:

Հարց – Սոնա Ռեչելյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի, «Երիտասարդ երկրապահ» կառույցի անդամ

– Պարո՛ն Նախագահ, ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի տնտեսությունը:

Սերժ Սարգսյան – Արդեն տևական ժամանակ է, որ կառավարության համապատասխան ստորաբաժանումը իմի է բերում 2013 թվականի արդյունքները, և մենք բոլորս հնարավորություն կունենանք այդ արդյունքները քննարկելու, բայց միանգամից պետք է ասեմ, որ 2013 թվականին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջելու է 2012 թվականի տնտեսական աճին: Եթե հիշում եք, 2012 թվականին մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5 տոկոս: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ 2013 թվականի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ ու կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ: Եթե ծանոթ եք, պիտի հիշեք, եթե ոչ՝ իմացեք, որ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8 տոկոս տնտեսական աճ, այսօր իրականը գնահատվում է 2,1 տոկոս: Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսումը 3,7 տոկոս էր, իրականը և նախնականը՝ 1,5 տոկոս: Եվրագոտու համար կանխատեսումը -0,2 տոկոս էր, նախնականը՝ -0,4 տոկոս: Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված և՛ համաշխարհային պրոցեսներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է: Այնպես որ, մենք, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ: Իհարկե անհանգստացնող միտումներ կա՛ն մեր տնտեսությունում: Օրինակ՝ ինձ անհանգստացնում է ներդրումների կրճատումը: Իհարկե, կան մասնագետներ, ովքեր սա բացատրում են և համաշխարհային միտումներով, երբ որ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են դեպի զարգացած երկրներ, և երկրորդ, 2013 թվականը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ՝ այնտեղ քիչ ներդրումներ: Բայց բոլոր դեպքերում, անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, և այս առումով, իհարկե, ես ակնկալում եմ 2014 թվականի համար ավելի մեծ տնտեսական աճ: Գիտեք, շատերը՝ նույնիսկ այստեղ նստած մեր զինակիցները, կարող են մտածել, որ եթե արդեն քանի տարի է՝ տնտեսական աճ է ապահովվում, ապա ինչու է հասարակությունում այնպիսի տրամադրություն տիրում, որ վիճակը գնալով վատանում է: Գիտեք, շատ պարագաներում ընկալումների հարց է: Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով: Երբ ես ձեզ առաջարկում էի հարցեր տալ, ինձ մոտ, բնական է, կան նյութեր, ինձ մոտ կան տարիների բոլոր վերլուծությունները, և միանգամից կարող եմ ասել՝ եթե վեց տարվա կտրվածքով նայենք, մենք ունեցել ենք միջին տարեկան գնաճ: Դու տնտեսագետ ես, պիտի հասկանաս՝ ի՞նչ է նշանակում միջին տարեկան գնաճ և ոչ թե՝ տասներկուամսյա: Կարող եմ տասներկուամսյան էլ ասել: Վեց տարվա ընթացքում գնաճը մեր հանրապետությունում կազմել է 140 տոկոս: Այսինքն, այս վեց տարիների ընթացքում գնաճը կազմել է 40 տոկոս: Միջին աշխատավարձը կազմել է 160 տոկոս, այսինքն՝ միջին աշխատավարձն առաջանցիկ տեմպերով է գնում և, իհարկե, շատ դեպքերում ընկալումների խնդիր է: Մեզ քննադատողներն իրենց կարծիքով ունեն մի, այսպես, անխոցելի փաստարկ և միշտ այդ փաստարկը բերում են. երբ խոսում ենք բարենպաստ թվերի մասին, լավ թվերի մասին, նրանք ասում են, որ այդ թվերը նկարված են, որ այդ թվերը հնարված են: Բայց շատ զարմանալի է, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը խոսում է վատ ցուցանիշների մասին, նրանք ասում են՝ ճիշտ է: Այսինքն՝ վատի դեպքում, բացասականի դեպքում ճիշտ է, լավի դեպքում՝ նկարված: Բայդ սրա համար չեմ ասում, ես դա ասում եմ մեկ այլ բանի համար. ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ, որ ցանկացած տնտեսագետի համար ունենա լուրջ նշանակություն: Ինչպես գիտեք, մենք անցյալ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին թողարկեցինք արտարժութային արժեթղթեր, այսինքն՝ արժեթղթեր ոչ հայկական դրամով: Իհարկե, թողարկեցինք ոչ միայն այդ, թողարկեցինք երեք աշխարհահռչակ ընկերությունների հետ միասին, և այդ ընթացքում այդ չարակամները, մեզ քննադատողները ասում էին, որ Հայաստանին պարտք չեն տա: Գիտեք, արժեթուղթ թողարկել՝ նշանակում է պարտք վերցնել: Ասում էին, որ Հայաստանի պարտքը այնքան մեծ է, որ ոչ մեկը պարտք չի տա, իսկ եթե նույնիսկ տան, շատ մեծ տոկոսներով կլինի: Իսկ սեպտեմբերի 3-ին, երբ մենք կայացրինք որոշում՝ Մաքսային միությանը միանալու, բոլորը սկսեցին ասել՝ այս պարագայում Հայաստանին ընդհանրապես պարտք չեն տա: Արդյունքում՝ մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ ԱՄՆ դոլար պարտք: Մենք վերցրեցինք ընդամենը 700 մլն, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները: Ավելին ասեմ, այս ընթացքում՝ սեպտեմբերից մինչև փետրվար, այդ արժեթղթերը, որ 6 տոկոսանոց էին, այս ընթացքում դարձել են 5,8 տոկոս: Այսինքն՝ ավելի են թանկացել: Գիտեք, ինչքան տոկոսը ցածրանում է, այնքան արժեթուղթն ավելի մեծ արժեք է ձեռք բերում: Եթե մեր վիճակը վատ է, եթե մեր պարտքերը շատ են, եթե մենք գահավիժում ենք որպես տնտեսություն, այդ ինչպե՞ս է, որ աշխարհի խոշորագույն 60 ներդրողները մեզ առաջարկում են ահռելի մի թիվ՝ 3 միլիարդ ԱՄՆ դոլար: Կա՞ դահլիճում մեկը, որ կարող է ասել՝ ինքը պատրաստ է պարտք տալ որևէ մեկին, իմանալով, որ չի վերադարձնելու: Անհնա՛ր է: Ու՞մ ես պարտք տալիս. պարտք ես տալիս նրան, ով, գիտես, քեզ վերադարձնելու է կամ էլ նրան, ում ուղղակի ուզում ես օգնել, և եթե ետ չվերադարձնի՝ որևէ ափսոսանք չես ունենալու: Մի՞ թե որևէ մեկին թվում է, թե աշխարհի 60 ներդրողները մեզ խղճում են և հենց այնպես փող են տալիս, որ ծախսենք: Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու:

Հարց  – Կարեն Գրիգորյան – ԵԿՄ վարչության անդամ, Էջմիածնի քաղաքապետ

– Բարև Ձեզ, պարոն Նախագահ, հարցս հետևյալն է՝ վերջերս շատ է արծարծվում թոշակի և 5 տոկոսի հետ կապված հարցը: Ինչո՞ւմն է խնդիրը:

Սերժ Սարգսյան – Իհա՛րկե, շատ է խոսվում կենսաթոշակային բարեփոխումների մասին և ակնհայտ է, որ այդպես էլ պետք է լիներ: Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ կենսաթոշակային բարեփոխումներն անցնեին հանդարտ, առանց դժգոհության՝ պարզ, շատ պարզ պատճառներով: Որովհետև այդ բարեփոխումների արդյունքները երևալու են տևական ժամանակ հետո, իսկ մարդիկ հենց հիմա են ուզում, որպեսզի իրենց վիճակը բարելավվի և երկրորդ՝ դարձյալ ակնհայտ է, մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ՝ այո, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար: Ակնհայտ է, որ մենք երկար ենք քննարկել, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որովհետև այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային, այդ քայլն արվում է մեր զավակների, մեր թոռնիկների համար: Որևէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ կամ ժամանակն եք սխալ ընտրել՝ վեց ամիս հետո անեիք, մի տարի հետո անեիք, հինգ տարի հետո անեիք…

Գիտեք, որ ես տևական ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ 1993թ. սկսած, և Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այս խնդիրը նրանց մտահոգել է: Այսօրվա կառավարությունը որոշել է հենց այսօր այս խնդրին լուծում տալ, և ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այդ լուծմանը, որոովհետև սա, իրոք, անհրաժեշտ լուծում է: Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում: Բայց եթե որևէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ գրելու և միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման, և հետո այնտեղ որևէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում: Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձևակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, և այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է:

Մեկ անգամ ևս կրկնում եմ, այո, մենք այսօր մարդկանց աշխատավարձի 5 տոկոսի չափով նեղություն ենք տալիս: Բայց եկեք մի հատ նայենք՝ այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացել են՝ ուժային կառույցներում 10 տոկոս, որոշակի ընկերություններում 10 տոկոս, 15 տոկոս, իսկ կան ընկերություններ՝ 25 տոկոս: Գիտեք, որ հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխավարձները բարձրանալու են 40-80 տոկոսով: Իսկ ի՞նչ է եղել: Հաշվե՛ք, թե բարձրացել է 35 տոկոսով կամ 75 տոկոսով: Մի ակնկալեք այն 5 տոկոսը: Այն 5 տոկոսը պետք է գալու բոլորիս: Բոլորի՛ս:

Կա խնդրի երկրորդ կողմը: Այդ հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսական զարգացմանը: Մեր երկրում հայտնվելու են երկար ու ցածր տոկոսներով փողեր, որ տնտեսվարողներին օդի պես անհրաժեշտ են: Հարցրե՛ք ցանկացած տնտեսվարողի, խոսե՛ք գործարարների միության հետ, ցանկացած հասարակական կազմակերպության հետ՝ ո՞րն է այսօր Հայաստանի տնտեսության պրոբլեմը՝ էժան և երկար փողը: Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար:

Հարց  – Անան Ոսկանյան – ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածքային բաժանմունքի ԵԿՄ նախագահ, Պեմզաշեն համայնքի ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, մեզ բոլորիս, երևի, շատ է հուզում Ռուսաստանի հետ կապված գազի պայմանագրի ճակատագիրը: Եթե կարելի է, մի քանի բառով կներկայացնե՞ք:

Սերժ Սարգսյան – Շատ լավ: Նախ, Անան ջան, կարծում եմ, որ վաղուց արդեն այդ հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին ստորագրեցինք այդ պայմանագիրը, իսկ Ազգային ժողովը հաստատեց այն, և այդ պայմանագիրը մտել է ուժի մեջ: Բայց ամբողջովին կիսում եմ քո կարծիքը, որ հանրության մեջ տարատեսակ խոսակցություններ կան, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են այդ մեծ ձեռքբերումը սևացնել: Ոմանք կատաղությունից՝ որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել սա՝ որպես վատ: Որպեսզի ես կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով գնանք, անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ իրենց, շատ տրամաբանական են: Բայց մինչև հերթականությամբ հարցերին անդրադառնալը, ուզում եմ բոլորս միասին տեսնենք՝ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է: Իմ կարծիքով, գազի պայմանագրի էությունն առաջին հերթին գազի գինն է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին, թող խոսեն գնի մասին և ասեն, եթե թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, վատ գին են մեզ տվել, ուրեմն մեզ այստեղ քննադատեն, ասեն սրան գումարած այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ է վատ, այն մեկն էլ: Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն՝ այո, գինը լավ է, բայց այստեղ, այստեղ, այստեղ սխալվել են: Ոչ մեկը չի խոսում այդ գնի մասին: Որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության: Այսինքն՝ մենք ունենք ամենացածր գնով գազ Հայաստանի Հանրապետության սահմաններում: Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ: Հաջորդը՝ խոսվում է պարտքերի մասին: Եվ տարբեր որակումներ են տալիս: Կան մարդիկ, որ հիշողությունն իրենց մի քիչ արդեն դավաճանում է: Կան մարդիկ, որ լավ չեն կարողանում ընթերցել և փոձում են ասել, որ ի խախտումն մեր օրենքների՝ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն, և այլն, թե, իբր, մենք թաքուն բանակցություններ ենք վարել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես առնվազն մեկ տասնյակի մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով 2011 թվականից սկսած և մշտապես ասել եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազի գինը չի թանկանա: Դա ի՞նչ է նշանակում: Պարզ է, եթե այդպիսի բան ես ասում, հայը պետք է հասկանա, որ հնարավոր է պետության համար, հիմնարկի համար ներկրվող գազը թանկանա, բայց Հայաստանի Հանրապետության սպառողների համար գազը չի թանկանալու, և այդպես էլ եղավ երկու տարի: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ բոլորին հայտնի է, որ մենք սկսած 2011 թվականից բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ և եկել էինք այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը: Բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով: Բանակցությունները տևեցին 3 տարի: Բոլոր կողմերը հաշվի առնելով՝ ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50 տոկոսը: Վա՞տ է արել: Այսինքն՝ այդ մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարը որտեղի՞ց է գոյացել: Եթե մենք այդպիսի երկարատև, ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն՝ մենք պետք է 2011 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը, և այդ 300 մլն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից և այլն: Մեզ զիջել են այդ գոյացածի 50 տոկոսը: Երրորդ՝ ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառե՞լ, 20-ը չէ՞ր կարելի վաճառել: Տարօրինակ չի՞: Թող որևէ մեկն ինձ ասի՝ այդ 20 տոկսն ի՞նչ էր մեզ տալիս: Քանի՞ լումա մեզ դիվիդենտ է բերել: Կամ այդ 20 տոկոսն ի՞նչ է՝ մեզ հնարավորություն էր տալիս այնտեղ տնօրեն նշանակելո՞ւ կամ ի՞նչ անելու՝ որոշումների վրա ազդելո՞ւ: Պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, թե ինչ՝ գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է 20 տոկոսի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել՝ եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը: Ասում են՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ պետք է ասեմ՝ բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը: Հետո դրա համար ո՞վ էր պատասխան տալու: Ակնհայտ չի՞, որ 20 տոկոսը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել, չի կարող այդքան արժենալ: Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, այնքա˜ն հեշտ է: Հիշո՞ւմ եք պատերազմի տարիներին ինչքան խոսողներ կային: Ինչքան հեքիաթներ էին պատմում, ինչքան առասպելներ էին պատմում, բայց հենց պետք էր գնալ կոնկրետ գյուղ գրավել՝ մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում: Խոսելն այնքա˜ն հեշտ է:
Է՞լ ինչ խնդիր կար այդտեղ. ինչո՞ւ եք 30 տարով կնքել: Այնքան է չարությունն այդ մարդկանց կուրացրել, որ նրանք չեն հասկանում՝ ի՞նչ են ասում: Փոխանակ մեզ քննադատելու, թե ինչո՞ւ 30 տարով եք կնքել, այլ ոչ թե 60, մեզ ասում են՝ ինչո՞ւ եք այդքան երկար ժամկետով կնքել: Ցանկացած տնտեսագետի համար պարզ է չէ՞, որ ներդրումների ետբերումն ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: 30 տարով ենք կնքել, որպեսզի ռուսներն իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն: 5 տարով կնքեինք՝ 5 տարվա ընթացքում պետք է հանեին: Ո՞րն է մեզ համար ավելի լավ:

Հարց  – Էդիկ Մինասյան – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
– Պարո՛ն Նախագահ, արտագաղթի մասին եմ ուզում հարցնել՝ ո՞րն է լուծումը:

Սերժ Սարգսյան – Իրոք, արտագաղթը մեր ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է, և թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրը իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող ամենամեծ խնդիրներից է: Բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը քաղաքական նպատակներով, չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի, և այն զարգացման տարբեր միտումներ է դրսևորում տարբեր ժամանակահատվածներում: Եթե 1992 թվականին մեր երկիրը լքել է 200 հազար մարդ, ապա այդ պրոցեսը դանդաղել է: 2001 թվականին, ենթադրենք, 60 հազար մարդ է լքել, բայց, փառք Աստծո, հետագա տարիներին այս պրոցեսը դանդաղել է և ոչ միայն դանդաղել է, այլ վերածվել է ներգաղթի: 2013 թվականի տվյալներով, ուղևորափոխադրումը՝ համեմատած 2012 թվականի հետ, կրճատվել է, բացասական տարբերությունը գրեթե 25 տոկոս, և այդ բացասական տարբերությունը կազմում է 31 հազար մարդ: Իհարկե, 31 հազարն էլ ճիշտ արտագաղթողների թիվը չէ, կարող է 5-ով, 10-ով, 15-ով տարբերություն լինել, բայց հավաստի թիվ է, և այդ թիվն էլ, իհարկե, մեծ թիվ է, մեծ է, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն ենք մեր երկրում ապրող: Եթե մենք լինեինք գոնե 10 միլիոն, 12, 15 միլիոն, դա որևէ մտահոգության առարկա լինել չէր կարող: Մյուս կողմից՝ 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել ու այնուհանդերձ գալ ներգաղթին: Մենք անպայման դրան հասնելու ենք: Բայց, նորից եմ ասում, առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դու դադարում ես խոսել դրա մասին: Մյուս կողմից, երբեք պրոբլեմը չի լուծվում, պիտի կրկնեմ՝ լացուկոծով, պրոբլեմը չի լուծվում շահարկումով, պրոբլեմը լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք: Բոլորս միասին: Դարձյալ ուզում եմ այն ժամանակների օրինակը բերել, երբ մենք կամ այստեղ նստածներից յուրաքանչյուրը կորցնում էր մեկ գյուղ՝ ծնկները չէր ծեծում, ուրիշներին չէր մեղադրում, չէր շահարկում, այլ մտածում էր, թե ո՞նց անի, որ մի քանի օր հետո այս գյուղն էլ վերցնի, կողքինն էլ: Այս էր չէ՞ բոլորիս մտածածը: 1992 թվականին ինչքա՞ն էինք նահանջում: Ի՞նչն է փոխվել: Ոչ մի բան չի փոխվել. Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն է փոխվել: Կտեսնեք, որ գալու ենք դրական բալանսի:

Հարց – Մեսրոպ Մանուկյան – ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս

– Մեծարգո՛ պարոն Նախագահ, հարցերի պատասխաններից մեկի ժամանակ Դուք խոսեցիք մեր տնտեսության ներկա իրավիճակի մասին: Իմ հարցը հետևյալն է՝ ի՞նչ կկանխատեսեք, ինչպիսի՞ն կլինի մեր տնտեսության զարգացումը հաջորդ տարիներին: Շնորհակալություն:

Սերժ Սարգսյան – Կարծում եմ՝ լավ կլինի, Մեսրոպ ջան, իրոք, լավ է լինելու: Ինչո՞ւ, որովհետև, կարծում եմ, մենք արդեն մտել ենք որոշակիության դաշտ: Ինչքան էլ մենք ասենք, որ Մաքսային միությանն անդամակցությունն անցել է հարթ, առանց որևէ խնդիրների, այնուհանդերձ, հասարակության մեջ և ներդրողների համար անորոշություն կար, թե ի՞նչ ուղղություն ենք ընտրելու, դա ինչի՞ է բերելու և այլն: Մենք արդեն ունենք որոշակիություն, ունենք կոնկրետ ծրագրեր, և այս որոշակիությունը, կոնկրետ ծրագրերը մեզ հուշում են, որ կարողանալու ենք շատ ավելի մեծ առաջընթաց ունենալ: Եթե 2013 թվականին մենք մեր գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ֆոնին ունեցել ենք արտահանման աճ՝ 7,2 տոկոս, ապա Մաքսային միությանն անդամակցելով՝ մենք շատ ավելի մեծ աճ ենք կարողանալու ապահովել, որովհետև այդ 7,2 տոկոսի մի առյուծի բաժինն ընկնում է հենց Մաքսային միության երկրներին, Ռուսաստանի Դաշնությանը: Կոնկրետ, օրինակ, 2013 թվականին Ռուսաստանի Դաշնություն մենք արտահանումն ավելացրել ենք 20 տոկոսով, և այդ հնարավորությունը հիմա դարձել է անսպառ՝ ահռելի շուկա: 3 միլիոնանոց ժողովրդի համար, մեր տնտեսության համար բացվել է գրեթե 200-միլիոնանոց շուկա՝ գրեթե նույն հնարավորություններով: Մենք անպայման օգտվելու ենք դրանից: Բացի այդ, այս ժամանակահատվածի համար մենք ունենք ծրագրեր տեխնոլոգիաների բնագավառում, որ ավանդաբար Հայաստանում ամեն տարի աճում է 15-20 տոկոս: 2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում: Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով: Եթե չունենանք՝ չենք կարող անել: Այսինքն՝ լեռնաարդյունահանման ոլորտում մենք ունենալու ենք զգալի աճ: Մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որևէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում: Գոնե նախագծանախահաշվարկային աշխատանքները, նախնական պայմանագրերը կան, և հնարավորության դեպքում՝ հին «Նաիրիտի» գործարկում: Սա ևս շատ մեծ հնարավորություն է ընձեռնելու մեզ: Հաջորդը՝ 2014 թվականին արդեն առարկայական է դառնալու 2013 թվականից սկսած մեծ ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում ձկնարդյունաբերական մեծ համալիրի ստեղծման ուղղությամբ, որի նպատակն է 2019 թվականին ունենալ 50 հազար տոննա ձկան արտադրություն և վերամշակում: Իսկ սա մեծ տնտեսական շրջանառություն է ու նաև մեծ քանակով աշխատատեղերի բացում Գեղարքունիքի մարզում: Մենք ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում: Մենք որոշակի հաջողություններ ունեցանք 2013 թվականին. հենց նաև դրա շնորհիվ աճեց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականին այստեղ բավականաչափ ավելացում ենք ունենալու: Մենք ունենք ծրագրեր թեթև արդյունաբերության ոլորտում: Մեր տնտեսական աճի մեջ թեթև արդյունաբերության աճը բավականաչափ տեղ ունի և այսպես շարունակ շատ երկար կարող եմ թվարկել: Ես տեսնում եմ 2014թ. և ապագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ:

Հարց  – Պարգև Մանուկյան – Վարդենիկի թիվ 2 դպրոցի թոշակառու տնօրեն, Վարդենիկի «Գայլավազ» ջոկատի հիմնադիր ղեկավար

– Պարո՛ն Նախագահ, այժմ դպրոցներում գնում է վարչատնտեսական աշխատողների մասսայական կրճատում՝ պատճառաբանելով աշակերտների թվի նվազումը, բայց վերջին տարիներին աշակերտների թիվը 25-ից դարձրին մինչև 35, դրույքաժամը 18-ից 22: Եվ պատճառաբանում են, թե նվազում է: Եթե այդ աշխատողները՝ անընտանիք կանայք, որոնք չունեն ամուսին, աշխատում են դպրոցում հավաքարար, եթե դպրոցում չլինեն հավաքարար, տնտեսվար, էլեկտրիկ և կազմակերպիչ, ինչպիսի՞ն կլինի դպրոցի ճակատագիրը: Խնդրում եմ պատասխանեք:

Սերժ Սարգսյան – Ես առաջին անգամ եմ լսում, որ մեր դպրոցներում չպետք է լինեն հավաքարարներ, տնտեսվարներ կամ էլեկտրամոնտյորներ, ինչպես Դուք եք ասում: Այդպիսի բան լինել չի կարող: Ինչպես հայտնի է, մենք դպրոցական ֆինանսավորման մեջ անպայման ներառնում ենք դա և այո, ինչ արած, ճիշտն այդպես է՝ աշակերտների թվաքանակով է ֆինանսավորվում: Եվ պետք է ասեմ, որ բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է՝ մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք՝ ուրեմն, պետք է գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան: Սա՛ է իրականությունը, և այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք: Մենք չենք կարող ասել՝ գիտեք, այս տիկինը, որ շատ լավ ուսոցչուհի է, մեծ ընտանիք ունի՝ իրեն պահենք: Բայց իրեն պահում ենք, ուրիշներին ենք վնաս տալիս: Վերջին տասը տարիների ընթացքում մենք կտրուկ բարձրացրել ենք ուսուցիչների աշխատավարձերը, բայց որ ուսուցչին հարցնում ես, ասում է՝ էական փոփոխություն չկա աշխատավարձում: Ինչո՞ւ չկա. որովհետև փոխարենը մի ուսուցիչ աշխատի, աշխատում է երկուսը, երեքը: Ինչի՞ համար: Ես դա ճիշտ չեմ համարում: Աշխատող ուսուցիչը պետք է լիարժեք վարձատրվի, վարձատրվի այնքան, որքան պետությունն է նախատեսել և որքան անհրաժեշտ է, որպեսզի ինքն իր տարրական կարիքները կարողանա հոգալ: Մենք նոր բարեփոխումներ ենք նախատեսում նաև այս ոլորտում: Լավագույն ուսուցիչների աշխատավարձը կտրուկ բարձացնելու ենք: Կտրուկ: Նրանք երեք, չորս անգամ ավելի են ստանալու, քան հանրապետության միջին աշխատավարձն է: Իսկ այսօր, գիտեք, որ մեր միջին աշխատավարձը 158 հազար դրամ է: Կրկնում եմ՝ լավագույն ուսուցիչները երեք, չորս անգամ բարձր են ստանալու, բայց նրանք պետք է լինեն լավագույնն իրենց ոլորտում: Այնպես որ, եթե կոնկրետ պարագայում, իրոք, Ձեր դպրոցում կրճատվել է հավաքարարի հաստիք, էլեկտրիկի հաստիք, կարծում եմ, պարոն Արմեն Աշոտյանը, հենց երկուշաբթի օրն ինձ տեղյակ կպահի, թե ի՞նչ պատճառով:

 

Անկախ

Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ համագումարին

գագիկ ծառուկյանԱյսօր կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ համագումարը, որտեղ ելույթով է հանդես եկել նաև կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանը :

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ, կուսակից ընկերներ

Ես իմ ելույթը կբաժանեմ երկու մասի՝ կուսակցական հարցեր եւ մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներ:

Խոստանում եմ մեկ բան` լինել առավելագույնս անկեղծ: Մենք միասին անցել ենք դժվար ճանապարհ, միասին դեռ շատ անելիքներ ունենք, ու մեր մեջ չի կարող լինել որեւէ կեղծիք կամ գաղտնիք:

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը եւ ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած կառավարությունը կազմելու եւ սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:

Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:

Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:

Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:

Սա դժվար, երկարատեւ աշխատանքի, բայց նաեւ արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:

«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:

Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, եւ ինչ ենք առաջարկում ինքներս:

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները եւ փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:

Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:

Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:

Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:

ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:

Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջեւ կանգնած խնդիրները ու հետեւաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա:

Մեր գործին պետք է միանան նաեւ խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, եւ որ ամենակարեւորն է՝ հասարակությունը:

Մենք պետք է բաց լինենք նաեւ իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ:

Հարգելի գործընկերներ

Այսօր մեր երկրի ու ժողովրդի առաջ լուրջ խնդիրներ են կանգնած:

Մենք ունենք արտագաղթի խնդիր, մենք ունենք լուրջ տնտեսական խնդիրներ, մենք ունենք արդարության խնդիր, եւ որ ամենավտանգավորն է, մարդկանց մոտ պակասում է հույսը, որ այդ խնդիրները կլուծվեն:

Ժամանակը քիչ է: Այս պայմաններում առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը:

Դուք կհարցնեք՝ ինչի՞ց սկսել:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անհատական փոքր բիզնեսով, իրենց ամենօրյա աշխատանքով կարողանում են այս դժվար պայմաններում պահել իրենց ընտանիքները պետք է ունենան հարկային արտոնություններ եւ ազատվեն ավելորդ քաշքշուկներից, օրինակ` տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը եւ այլն:

Ավելին, անգամ կարելի է քննարկել այսպես կոչված «հարկային արձակուրդի» գաղափարը, որը լայնորեն կիրառվել է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների եւ նմանատիպ այլ օբյեկտների վրա: Անհատական փոքր բիզնեսի համար պետք է ստեղծվեն միանգամայն այլ բարենպաստ պայմաններ:

Միջին բիզնեսը պետք է ունենա աշխատելու ու զարգանալու հնարավորություն: Նրանց զարգացումը, նոր աշխատատեղերի բացումը շատ ավելի կարեւոր է, քան այն գումարները, որ մարդկանց քերթելով մուծում են բյուջե:

«Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է տրվեն լայն արտոնություններ՝ այնտեղ ապրելու, աշխատելու նոր բան ստեղծելու համար: Այսօր այդ մարդկանց կոպեկներն ենք գանձում բյուջե, փոխանակ պետությունը նրանց խրախուսի՝ սահմանին ապրելու ու հայրենիք պահելու համար:

«Բարգավաճ Հայաստանի» համար հայրենիքը սկսվում է ամենահեռու սահմանամերձ գյուղից, ու իսկական հայրենասիրությունը այդ գյուղը պահելն է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում երկրից հեռանում են լավագույն մասնագետները. եթե պետությունը չի կարողանում իր լավագույն մասնագետներին պահել, ուրեմն երկրի կառավարման գործում կան էական բացթողումներ:

Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 40 տոկոսով: Սա նշանակում է, որ կապիտալը խուսափում է մեր երկրից, կապիտալը գնում է այլ երկրներ՝ նպաստելով ուրիշ պետությունների ու ժողովուրդների բարօրությանը: Շատ բնակավայրերում գյուղացիները կոպեկների դիմաց բանկերում գրավ են դրել իրենց տներն ու հողերը ու հիմա կանգնած են վերջին ունեցվածքի կորստի առաջ: Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պահելու մեր սահմանները:

Մենք ունենք զգալի կորուստներ տեղական արտադրության մեջ: Կան ճյուղեր, որտեղ ընդամենը մի քանի տարի առաջ մենք բավարարում էինք մեր երկրի պահանջները, եւ մտածում արտահանելու մասին, իսկ այսօր դարձել ենք ներմուծողներ:

«Բարգավաճ Հայաստանը» սկզբունքորեն մերժում է այս միտումը, մեր սկզբունքային մոտեցումն է` ամեն կերպ սատարել ու օգնել տեղական արտադրողին. միայն սա կարող է բերել զարգացման, նոր աշխատատեղերի բացման ու աշխատավարձերի բարձրացման:

Առ այսօր հնարավոր չի լինում գտնել տնտեսության վերակենդանացման եւ զարգացման մի այնպիսի բանալի, ինչպիսին, օրինակ, շինարարությունն էր 2000-2007 թվականներին: Շինարարությունն այդ տարիներին բառիս բուն իմաստով իր հետեւից քաշում էր արդյունաբերության եւ ծառայությունների տարբեր ոլորտներ՝ շինանյութերի, տրանսպորտի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սալիկների, Ճարտարապետության եւ այլն: Հարյուր հազարավոր մարդիկ ներգրավված էին այդ ոլորտներում: Ունեին աշխատանք, չէին մտածում արտագաղթելու մասին:

Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում եւ իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի:

Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո: Ենթադրենք՝ մի քանի տարի հետո նոր համաշխարհային ճգնաժամ է գալիս եւ ավերում է այդ ֆոնդերը, որտեղ կուտակված կլինեն մեր քաղաքացիներից պարտադրանքով գանձված գումարները: Ո՞վ է դրա համար պատասխան տալու: Ժամանակն է կանգ առնել:

Ես կարող եմ դեռ երկար շարունակել թվարկել մեր պետության առաջ կանգնած ծանր խնդիրների ցանկը ու մեր կուսակցության մոտեցումները:

Ես ուզում եմ, սակայն, շեշտել մի կարեւոր միտք․ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, մենք վստահ ենք, որ դրանք բոլորն էլ լուծելի են: Այդ վստահությունը մեզնից պետք է փոխանցվի ողջ ժողովրդին:

Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ: Հավատացեք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար:

«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:

Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:

Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու:

Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու:

Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել:

Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ եւ համապատասխան պայմաններ:

Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը:

Հարգելի գործընկերներ

Վերջում կուզեի մի քանի խոսք ասել անձամբ իմ մասին:

Ես իմ կյանքում հասել եմ մեծ հաջողությունների: Սկսել եմ զրոյից, միայնակ, դժվար ճանապարհ եմ անցել:

Ես երբեք աչք չեմ դրել ուրիշի ունեցվածքին, չեմ ձգտել պաշտոնների:

Ես մտել եմ քաղաքականություն` հետապնդելով միայն մեկ նպատակ` ես ուզում եմ օգուտ տալ իմ երկրին ու իմ ժողովրդին: Եվ ես չեմ կարող լինել անտարբեր, երբ տեսնում եմ, որ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում:

Ես կարող էի ապրել անհոգ` միայն իմ ու իմ ընտանիքի համար: Բայց ես ընտրեցի ավելի բարդ, բայց նաեւ ավելի ազնիվ ճանապարհը:

Սա իմ գիտակցված ընտրություն էր: Հետեւաբար՝ ես շատ լավ հասկանում եմ խոչընդոտները եւ վտանգները: Եվ ես չեմ անելու երբեք մի քայլ, որից կամաչեմ ես, որից կամաչեն իմ ընկերներն ու թիմակիցները:

Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի: Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով – ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետեւել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում:

Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգեւ, քան՝ պետությանը եւ քո ժողովրդին օգտակար լինելը:

Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարեւոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»:

 

Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

RRՓետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի  ընդլայնվում և ամրապնդվում է։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջյուններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական և միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ և դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծեց, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:

Նախարար Նալբանդանը հյուրերին ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այդ համատեքստում Չժոու Լին ընդծեց, որ Չինաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց Հայաստանին անկախությունից ի վեր Չինաստանի կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը։

Կրթական փոխգործակցության ընդլայման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Հատուկ ընդգծվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում։

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր բարեմաղթանքները փոխացնել չինացի գործընկերոջը՝ նախարար Վան Յիին։

Անկախ

«Օսկանյանն իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա»

Karen-Avagyan-

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն ավագյաննիր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԲՀԿ-ում էլի սկսեցին արտահայտվել ու իրենց խոսքուճառով զարմացնել 2-3-րդ էշելոնի գործիչները։ Օսկանյանի նախահամագումարյան թեզիսները առնվազն տարակուսելի են։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կարող էր այլ որոշում կայացնել ու որպես գործելու ուղի առաջարկում է «մանևրել, մի բան խոստանալ», կոպիտ ասած՝ «ֆռցնել»։ Հայտարարությունը հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սա հավանաբար Օսկանյանի անձնական կարծիքն է։ Այս կուսակցությունում բոլորն առանձին վերցրած ունեն անձնական կարծիք, սակայն բոլորը միասին համամիտ են ԲՀԿ նախագահի կարծիքին, որը երբեք չի հակասում հանրապետության նախագահի դիրքորոշմանը։ Պարոն Օսկանյանին հավանաբար պետք է հիշեցնել, թե մինչև սեպտեմբերի 3-ը կամ դրանից հետո ԲՀԿ-ն ինչ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մոռացել է, ապա հուշենք՝ ամենաջերմ։ Ընդ որում, ավելի փաստացի այդ ամենը պարոն Օսկանյանն ու իր թիմակիցները կարող են տեսնել «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժներում։ Թեև հավանաբար պետք չէ զարմանալ Օսկանյանի նման հայտարարությունների վրա, քանի որ նա իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մանևրելու, ինչ-որ բան խոստանալու՝ Օսկանյանի ցանկություններին։ Մանևրելը, ինչ-որ բան խոստանալը, որ օսկանյանական լեզվով հնչում է որպես ֆռցնելը, բնորոշ է Օսկանյանին ու իր ընկերներին։ ՀՀ նախագահը երբեք նման քաղաքականություն չի վարել։ ՀՀ արտաքին քաղաքական գիծը շատ հստակ է, և դա է պատճառը, որ Հայաստանը բոլոր կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Եթե պարոն Օսկանյանն ու իր ընկերները բոլորի հետ հարաբերություններում փորձում են մանևրել, ապա դա նրանց խնդիրն է, գուցե կարելի է հասկանալ։ Մանևրեք որքան ուզում եք, սակայն զգույշ՝ չմոլորվեք։ Օսկանյանական այս ելույթը հավանաբար յուրահատուկ ռազմինկա էր ԲՀԿ դռնփակ համագումարից առաջ։ Թե ինչ պատճառներ ունի ԲՀԿ փակ դռների քաղաքականությունը, ենթադրել կարելի է”։

 

Անկախ

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

կըհՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են  327-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիում կարող են ներկայացնել մինչև փետրվարի 27-ը: Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձևավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երևանի թիվ 3 և թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը: Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում». Խոսրով Հարությունյան

խոսրով հարությունյանԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով` անկախ ծավալներից, արտագաղթը պետք է լինի մտահոգիչ, բայց, եթե որևէ չինովնիկ համեմատական վերլուծություն է անում, դա «գլուխ գովելու համար» չէ, այլ փաստելու, որ արտագաղթի ծավալները նվազել են: Նրա խոսքով` հիմնականում ՌԴ արտագաղթող մեր հայրենակիցներն այդ երկիր են գնում ոչ նրա համար, որ այնտեղ վիճակը շատ ավելի լավ է, քան Հայաստանում, այլ գնում են եկամուտ ստեղծելու: Հետևաբար, խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու մեջ է, ընդ որում, գիտատեխնիկական ոլորտում: Իսկ դրա համար պետք է դրսից ներդրողներ ներգրավել:

«Բայց ոչ ոք Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական և ռազմական ռիսկեր կան, ներդրումներին խանգարում են նաև կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` վերջին 5-6 տարիների ընթացքում, ունենալով ամենաանբարենպաստ մեկնարկը` մարտի մեկ և ֆինանսատնտեսական ճգնաժամ, կառավարությունը լուրջ քայլեր է արել: Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճանով բարձրացնում է և մեր երկիրն ավելի նպաստավոր է դառնում ներդրումների համար:

«Մի քանի տարի առաջ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում, ընդունելության քննությունների ոլորտում կաշառակերության մակարդակն աննախադեպ բարձր էր, իսկ հիմա այդ ոլորտներն բավական բարելավել են: Դատաիրավական համակարգում ևս այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տնտեսական ստանդարտները արդիականացնելուն, այդ գործընթացը շարունակում է մնալ օրակարգային, առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց բանախոսը:

Այս պայմաններում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, ցանկացած կառավարություն խոցելի էր լինելու, բայց համեմատելով այլ կառավարությունների գործունեության հետ՝ նա համոզված է, որ այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել`դրական արդյունքներով:

«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում»,- եզրափակեց Խսրով Հարությունյանը:

Նման լուրերը ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողմնորոշելու ճղճիմ փորձեր են. ՊՆ

загруженное (2)ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

“Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են:

Անցած օրերի ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում: Թեև նախորդ օրերի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է, սակայն փետրվարի 9-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 58 կրակոց, որոնցից 54-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 10-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 66 կրակոց, որոնցից 62-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 11-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 53 կրակոց, որոնցից 50-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 12-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 61 կրակոց, որոնցից 59-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ:

Կրակոցների 10 տոկոսը եղել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով: Հայ դիրքապահները զերծ են մնացել պատասխան գործողություններից և ոչ մի կրակոց չեն արձակել:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների կդիմեն միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով պարբերաբար հնչեցվող տեղեկություններին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանագծի տարբեր հատվածներում, ապա նման լուրերն ընդամենն ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողմնորոշելու ճղճիմ փորձեր են”:

 

Անկախ   

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Երեկ Նիկոսիայում պայմանավորվածություն է ձեռք բերվել կիպրական հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

Պատասխան. Մենք ողջունում ենք փետրվարի 11-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ՄԱԿ-ի հովանու ներքո կիպրական խնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին և կիսում ենք միջազգային հանրության ակնկալիքները հիմնախնդրի տևական, արդար և փոխադարձ ընդունելի կարգավորման վերաբերյալ։

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

 

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Անկախ