Շուտով հանրապետությունում կստեղծվի հակակարկտային կայանների գործարկման միասնական համակարգ, որը ռադիոլոկացիոն կայանների շնորհիվ կկառավարվի մեկ կենտրոնից: ԱԻՆ ներկայացուցիչները Շիրակի մարզի համայնքապետների հետ հանդիպում էին հրավիրել այս ծրագրի մասին հայտնելու և համագործակցության հրավիրելու համար:
Շիրակի մարզն այսօր 17 համայնքում ունի 44 հակակարկտային կայան, սակայն չունի ռադիոլոկացիոն և ոչ մի համակարգ:
«Կա կառավարության երկու արձանագրություն` միասնական հակակարկտային կայաններ ստեղծելու մասին: Այս կապակցությամբ մենք եղել ենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Մեր կողմից ստեղծվելու է հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ կլինի շուրջօրյա հերթապահություն: Շիրակի մարզում միակ բանը, որ տխուր է, այն է, որ մենք այստեղ լոկացիոն կայան չունենք: Բայց մինչև տարեվերջ կունենանք ռադիոլոկացիոն կայան», – հանդիպման ժամանակ նշեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
Ներկաները փոխնախարարից ճշտեցին` ինչ օգուտ է տալու այդ կայանների տեղադրումը, եթե օրինակ` Արմավիրի մարզը, ունենալով դրանք, նախորդ տարի կարկատահարությունից հսկայական վնասներ կրեց: Հ.Մխիթարյանը պարզաբանեց. «Ոչ մի նախարարություն, ոչ մի պետություն դեռ Աստված չէ, չի կարողանալու 100 տոկոսով բնության դեմ կռիվ տալ, պայքարել: Հակակարկտային կայանի էֆեկտիվությունը մինչև 80 տոկոս է, երբ արդեն կարկուտը ձևավորված գալիս է, ոչ մի կայան ոչինչ չի կարող անել: Էնպես չի, որ աշխարհում 100 տոկոսով կարողանում են պայքարել կարկուտի դեմ, մենք` չէ»:
Քանի որ Շիրակը սահմանակից է Թուրքիային, վարելահողերի մի զգալի հատված գտնվում է սահմանային գոտում, որտեղ, ինչպես պարզվեց, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատրությունը թույլ չի տվել կայաններ տեղադրել:
Մեկ հակակարկտային կայանի տարեկան սպասարկումը կազմում է 125 հազար դրամ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան ԱԻ փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այդ ծրագրով չե՞ն ավելանա համայնքների ծախսերը:
«Դրանք նորից մնում են համայնքային սեփականություն, ոչ ոք ձեր ձեռքից չի խլի, պետությունն ընդամենը վերցնում է կառավարումը: ԱԻՆ-ը լրացուցիչ ծախսեր ձեզնից չի պահանջում», – նշեց Հայկարամ Մխիթարյանը:
Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը տվյալ պահին միասնական ծրագրի մասին խոսելն աննպատակահարմար համարեց, քանի դեռ մարզում չկա ռադիոլոկացիոն համակարգ. «Մենք ո՞նց կարող ենք մեր հինգ տարվա փորձը հանել, գնալ մի կասկածելի սպասարկման, ռիսկային գոտի մտնել… Մենք էլ ենք վիզուալ աշխատում ու լավ էլ հասկանում ենք` կարկտաբեր ամպը որն է, անձրևաբերը` որը»,- շարունակեց գյուղապետը:
Հավելենք, որ ծրագրի գործարկման պարագայում, որն ամենայն հավանակությամբ կսկսվի հաջորդ տարվանից, պայմանագրային որևէ կետով գյուղացու բերքի ապահովագրում չի կատարվում:
Դոլարի գինը բորսայում` 414,5 դրամ
ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը` մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման առաքելությամբ
Ս.թ. ապրիլի 4-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախքին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:
ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիան բեկումնային լուծումներ կսատարի ջրային ռեսուրսների, առողջապահության, սննդի անվտանգության և առողջ սնուցման, էներգետիկայի, կրթության և կլիմայի փոփոխության ոլորտներում` առաջիկա հինգ տարիներին աջակցելով 200 միլիոն մարդու: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է իր ներդրումները` հիմնվելով գիտության և նորարարության ապացուցված ազդեցության վրա: 2008 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել էր մոտ $127 միլիոն օժանդակություն հետազոտությունների և զարգացման ուղղությամբ: Այժմ Գործակալությունը ծախսում է $611 միլիոն հօգուտ ոչ միայն հետազոտությունների, այլ նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և կիրառական լուծումների իրականացման:
«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», – ասել է Շահը:
Լաբորատորիայի հիմնադիր գործընկերների շարքում են բազմաոլորտ կորպորացիաներ, այդ թվում Cargill, Cisco, Citi, Coca-Cola, DuPont, GlaxoSmithKline, Intel, Johnson & Johnson, Microsoft, Nike, Syngenta, Unilever, և Walmart, հասարակականկազմակերպություններ և հիմնադրամներ, այդ թվում` Care, the Bill & Melinda Gates Foundation, Catholic Relief Services, Global Impact Investing Network, Plan, Save the Children, the Skoll Foundation, World Vision, Գիտությունների ազգային ակադեմիան, և Սմիթսոնյան ինստիտուտը, համալսարաններ, այդ թվում` Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ջոնս Հոփքինսի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը, Միչիգանի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլի ինստիտուտը, Տեխասի A&M համալսարանը, Ուիլյամի ու Մերիի Քոլեջը, ինչպես նաև երկկողմ դոնոր-պետություն` Շվեդիան:
Այս գործընկերները կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մեծ մասնագիտական փորձ, կատարելագործված հետազոտությունների և զարգացման մեթոդների կարողություններ, գնորդների, մատակարարների ու համայնքային կազմակերպությունների լայն ցանցեր, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերությունների միջոցով ավելի քան $30 միլիարդ անկախ ներդրումներ զարգացող շուկաներում:
Հայաստանն աշխարհում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելություններից ընտրյալ քսան երկրներից մեկն է, որոնք առաջատար կհանդիսանան գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերային (ԳՏՆԳ) նախաձեռնությունների ասպարեզում:
ԱՄՆ ՄԶԳ նախագահ Շահի` զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ $45 միլիոն օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ասել է. «Գիտությունը, տեխնոլոգիաները, նորարարությունն ու գործընկերությունները Հայաստանի զարգացմանն ուղղված մեր մոտեցման անբաժանելի մասն են կազմում: Հիմնվելով երկրի համեմատական առավելության և մաթեմատիկայի ու գիտության ոլորտում աշխատուժի ուժեղ կարողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել Հայաստանի զարգացման մարտահրավերներն առճակատելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու և Հայաստանի անցումը դեպի մրցունակ, գիտելիքահեն տնտեսության աջակցելու նպատակով: Մոտակա տարիներին մենք մտադիր ենք շեշտադրել ջրային ռեսուրսների կառավարման և մաքուր էներգիային առնչվող նախագծերը»:
Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ն նաև սատարում է տեխնիկական գերազանցությունը` ստեղծելով համագործակցություններ ամերիկյան գիտական և ճարտարագիտական ընկերությունների հետ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, National Instruments-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը ստեղծել է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL)` ճարտարագիտության ոլորտում սերտիֆիկացման դասընթացներ առաջարկելու, գիտական հետազոտություններն արդիականացնելու և ոլորտին համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկելու նպատակով: Նորարարության ասպարեզում ևս մեկ կարևոր գործընկերություն է Microsoft-ի ինովացիոն կենտրոնը, որը տրամադրում է սերտիֆիկացման դասընթացներ և խթանում է տնտեսության հիմնական մարտահրավերներին ուղղված ուրույն ծրագրային լուծումների մշակումը:
Սևանի իշխանի վերականգնման նպատակով կստեղծվեն ցանցավանդակային տնտեսություններ Ծրագրի իրականացման առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի 50 հազար տոննա ձուկ
Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել:
Ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից: Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ: 2004թ. սկսած պետական տարբեր ծրագրերով ձկան պոպուլացիան վերականգնելու նպատակով ամեն տարի որոշ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվում Սևանա լիճ: Սակայն գեղարքունին և ամառային իշխանը որպես տեսակ պահպանելու համար դա բավարար չէ: Խնդրի արդյունավետ լուծում կարող է դառնալ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի անհրաժեշտ է մշակել և հաստատել նախատեսված քանակությամբ ցանցավանդակային տնտեսությունների տեղադրման տարածքները, այդ տնտեսությունների կողմից թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց մշտադիտարկման կարգը և այլն: Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի և կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձևավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սևանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ: Նախատեսվում է նաև ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձևավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:
Կհիմնանորոգվեն Պուշկինի և Դիլիջանի թունելները Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 2014թ. պետբյուջեի վերաբաշխման միջոցով
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով գործադիրն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Հիմնանորոգման և տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երևան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:
Որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի և եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Կառավարությունն այս տարի ևս մատչելի վարկեր կտրամադրի գյուղատնտեսության ոլորտին
ՀՀ կառավարությունը շարունակում է գյուղատնտեսության ոլորտին մատչելի վարկերի տրամադրման քաղաքականությունը, որին ձեռնամուխ է եղել 2011 թվականին: 2011-2013թթ. տրամադրվել է 54.7 մլրդ դրամ ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսային կետը: 2013թ. երկու փուլով տրամադրվել է շուրջ 22.5 մլրդ դրամի վարկային միջոց: 2011թ. ի վեր վարկառուների թիվը եղել է 83.7 հազար միավոր: Այսօրվա նիստում նախկին որոշման փոփոխությամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014թ. համար սահմանվել է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության նախարարին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պետք է շատ ակտիվ մենք այս ծրագրերը ներկայացնենք, պարոն Կարապետյան: Ուղղակի տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ երկու կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց փիառի համար: Լավ, իրենց փիառն անում են, թող անեն, բայց կառավարությանն ինչի՞ են վարկաբեկում, որ կառավարությունն, իբր, ոչ մի օգնություն ցույց չի տալիս գյուղացիներին: Սա ի՞նչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, չէ՞, որ մենք 100-ապատիկ ավելի շատ ենք տալիս, քան չակերտավոր այդ «բարեգործները», որ գիշեր-ցերեկ միայն իրենց փիառի մասին են մտածում: Խնդրում եմ ակտիվ լինեք լուսաբանման գործում»:
ՀՀ կառավարությունն հաստատել է ՀՀ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պատվաստման և ախտորոշիչ հետազոտությունների ծրագիրը: Այն մշակվում և հաստատվում է ամեն տարի և նպատակ ունի երկրում պահպանել հակահամաճարակային կայուն վիճակը, միջոցներ ձեռնարկել բրուցելոզ, տուբերկուլոզ, սիբիրախտ, դաբաղ և մի շարք այլ հիվանդությունների դեմ: Ըստ ծրագրի այս տարի ևս անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատվաստանյութեր, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ, կիրականացվեն հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ: Ծրագրի բյուջեն հաշվարկվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան անցկացված մրցույթների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կապալառու ընկերության միջև կնքված պայմանագրերի հիման վրա:
Նիստում հաստատվել է նաև կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համաձայն Արարատի և Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ կճշտվեն նշված վնասատուների արեալները, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները:
Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության չի տրամադրվելու
ՀՀ կառավարության որոշմամբ խստացվել է խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի հսկողությունը: Ինչպես նիստից հետո ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, դա կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատել է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվության, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը»: Ըստ նախարարի` փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը:
Նշվել է նաև, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը:
Դոլարի գինը բորսայում` 415,5 դրամ
Եվրամիությունն աջակցում է ՔԿԱԳ ոլորտի բարեփոխմանը
Տիգրան Սարգսյանի համոզմամբ քաղաքացիները դրական են արձագանքում ծառայությունների որակի բարձրացմանը
ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհ է հատկացնում շտապ բուժօգնության զարգացմանը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում և համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ: Այս ամենի արդյունքում ծառայությունները կլինեն ավելի որակյալ, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Ես խնդրում եմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սա էլ ներկայացնեք, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական այս նոր հնարավորությունների օգտագործումը, ինչի շնորհիվ մենք ծառայությունների որակը բարելավում ենք, անարձագանք չի մնում: Մեր քաղաքացիները գոհ են այդ ծառայություններից, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում, եթե դիմում են պետական մարմիններին, նրանք ստանում են բոլոր հարցերի պատասխանները, ստիպված չեն լինում տարբեր մարմիններով վազվզել, տեղեկանքներ հավաքել: Որքան տեղեկացված լինեն մեր քաղաքացիները, այնքան դրական վերաբերմունք կլինի այս ռեֆորմին: Ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու: Դրա վկայություններից մեկը նաև հեռախոսահամարների տեղափոխելիության խնդիրն էր: Այսօր քչերն են հիշում, որ կառավարությունը սկզբունքային դիրքորոշումը պաշտպանեց, չնայած որ կար մեծ դիմադրություն: Հիշում եք, որ կային սուբյեկտներ, որոնք դեմ էին, որ մենք այդ հնարավորությունը ստեղծենք մեր քաղաքացիների համար, որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ քաղաքացու ցանկությամբ: Մենք այս հարցում եղանք վճռական և ունենք դրական արդյունք՝ քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալ: Դա արվում է շատ հեշտ և ավտոմատ ձևով: Մենք միասին պարտավոր ենք այս ամբողջական տեղեկատվությունը մշտապես տալ մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակը ավելանա»:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը բովանդակում է անցումային և եզրափակիչ դրույթներ: Առաջարկվում է ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ մտցնել 2014թ. օգոստոսի 3-ին: Մինչև 2018թ. հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է թղթային գրանցում՝ այն էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելով ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի 2014թ. բյուջեն: Ծրագիրն իրագործվում է երկրի նշված ծառայությունների գործունեության իրավիճակի գնահատման հիման վրա: Ըստ գնահատման զեկույցի, շտապ բուժօգնությունը զարգացնելու և ծանր հիվանդություններից ու վնասվածքներից մահացության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել միասնական հեռանկարային ռազմավարությանը: Նպատակահարմար է բարելավել դիսպետչերական համակարգը, հեռախոսային ծածկույթը, ինչպես նաև ապահովել բուժանձնակազմի մշտական վերապատրաստման կազմակերպումը: Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի եկամտային մասը կավելանա շուրջ 62 մլն, ծախսային մասը՝ ավելի քան 100 մլն դրամով:
Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար 2014-ին կանցկացվեն ՏՏ ոլորտի ավանդական միջոցառումները
Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև «Մաքուր տեխնոլոգիաներ Հայաստանի ՓՄՁ-ների համար» ծրագրին, որի նպատակն է ընտրված ՓՄՁ-ներում խթանել մաքուր տեխնոլոգիաների նորարարության ձեռնարկատիրության զարգացումը, ՓՄՁ-ների ներուժը առավելագույնի հասցնելու համար հզորացնել ազգային քաղաքականությունը և ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել ազգային հարթակ, գործնականում կիրառել մաքուր տեխնոլոգիաների «էկոհամակարգը» և այլն: Ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունները: Ծրագիրն իրականացվելու է «Ձեռնարկությունների ինկուբատոր», Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամների հետ՝ ներգրավելով հիմնական գործընկերներին, որոնք են ՓՄՁ-ները, գործարար միությունները, համալսարանները, փորձագետները և գիտահետազոտական հաստատությունները:
Գործադիրն հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 45 մլն դրամ: Կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք բիզնես ֆորում 2014», «Արմթեք 2014» համաժողովները և այլն: Այս միջոցառումները միտված են ցուցադրել հայկական ՏՏ ոլորտի նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները:
Բնական աղետներն այս տարի էլ մարտահրավեր նետեցին հայ գյուղացուն
Մարտի 28-ին գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարություն-նախազգուշացումով, որ հանրապետությունում մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում և ցրտահարություն, որից պաշտպանվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին խորհուրդ է տալիս դիմել ավանդական միջոցների` այգիները ծխեցնել, և եթե հնարավոր է` առատ ոռոգել:
Ցուրտ էին սպասում` ձյուն ստացան
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ ցրտահարությունից տուժելու վտանգի առջև են հայտնվել հիմնականում ծիրանենիները, սալորենիները, կեռասենիները, դեղձենիները, որոշ շրջաններում` վաղահաս խաղողի վազերը: Այնուհետև Գառնիկ Պետրոսյանը երկար ու մանրամասն բացատրում էր «ավանդական» մեթոդների կիրառման տեխնոլոգիաները` ժամերը և այլն, քանի որ վստահ էր, որ -1-ից -2 աստիճան ցրտի դեպքում ցրտահարությունից հնարավոր կլիներ 100 տոկոսով պաշտպանվել, իսկ մինչև -6 կամ -7 աստիճան ցրտի դեպքում` ցրտահարության վտանգն էականորեն մեղմել:
Գյուղնախարարությունում նույնիսկ արտակարգ նիստ-խորհրդակցություն հրավիրեցին, քննարկեցին ցրտահարության դեմ պայքարի միջոցները, կազմեցին ծրագրեր, այնուհետև լրատվամիջոցներով ու երեք բջջային օպերատորների կողմից ուղարկվող sms հաղորդագրությունների միջոցով լայնորեն տեղեկացրին ցրտահարության վտանգի ու «ավանդական» միջոցներով դրա դեմ պայքարելու մասին: Սա, ինչպես նշում է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, իհարկե ճիշտ են արել:
Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա. նախարարությունը խորհուրդ էր տալիս ոռոգել այգիները, իսկ այն հարցին` ոռոգման հնարավորություն կա՞, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում էր, թե կան բավականաչափ մեծ տարածքներ, որտեղ ինքնահոս ոռոգման համակարգեր են գործում, և այդ վայրերում ոռոգումը հնարավոր է, իսկ քանի որ ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, պոմպակայանները դեռ պատրաստ չեն աշխատանքի, ապա, ցավոք, պոմպակայանների միջոցով ոռոգվող վայրերում ոռոգման հնարավորությունը բացակայում է:
Այս էլ որերորդ տարին է, որ Հայաստանում խոսվում է ցրտահարության վտանգի, դրա դեմ ծխահարությամբ ու առատ ոռոգումով պայքարելու մասին, բայց հենց գալիս է վճռական պահը, պարզվում է, որ ոռոգման սեզոն չլինելու պատճառով պոմպակայանները պատրաստ չեն աշխատանքին: Ընդ որում` նույնիսկ 1-2 օրով հնարավոր չի լինում այդ պոմպակայանները բերել աշխատանքային վիճակի:
Բայց այս պահին սա հարցի ոչ այնքան կարևոր կողմն է: Որովհետև մարտի 31-ին, երբ արդեն պարզ էր, որ ցրտահարությունն ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, պարզվեց, որ Արարատյան հարթավայրում 80-100 տոկոսով ոչնչացել է ծիրանի, վաղահաս դեղձի, վաղահաս կեռասի, սալորի, խաղողի վաղահաս տեսակների ամբողջ բերքը, լրիվ ցրտահարվել են բաց դաշտում տնկված սածիլները: Վնասվել են Արարատի, Արմավիրի գրեթե բոլոր համայնքները, իսկ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերը` մասամբ:
Ինչպես նշում էր Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը մարզում գետնի մակերեսին գրանցվել է ոչ թե -1 կամ -2 աստիճան ցուրտ, այլ -3.5 աստիճան հողի մակերևույթին ու -2.5 աստիճան` օդում: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն էլ Հայպետհիդրոմետը ցուրտ էր կանխատեսում -6-ից -7 աստիճանի սահմաններում, սակայն պարզվեց, որ որոշ համայնքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -10 աստիճան:
Եղանակներն ինքնուրույն կտաքանան, բայց գյուղացիների վարկերն ինքնուրույն չեն մարվի
Այստեղ արդեն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նախարարության խորհուրդները` ավանդական միջոցներով` ծխահարելով ու առատ ոռոգումով պայքարել ցրտահարության դեմ, օգուտ չէին տալու: Ցրտահարության դեմ պայքարելու աշխատանքների առումով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց. «Ձյունը գալիս է, ցրտահարություն է, ձյան դեմ ի՞նչ աշխատանքներ պետք է անել, որ վնասները շատ չլինեն: Ցրտահարություն է: Ո՞վ է ուզում, որ այդպես լինի»:
Վայոց ձորի մարզում, ինչպես տեղեկացրեց մարզպետ Էդգար Ղազարյանը, ցրտահարության վնասն այնքան էլ մեծ չէ, որքան Արարատյան հարթավայրում, քանի որ մարզում տարբեր գոտիներ կան, բնականաբար, ծիրանենիների ծաղկման ժամանակները տարբեր են, ուստի վնաս են կրել մարզի ցածրադիր համայնքներում ու գոտիներում գտնվող այգիները: Իսկ ցրտահարության դեմ իրականացվող աշխատանքների մասով մարզպետը նշեց, որ այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք մտադրված են եղել իրականացնել մարզում գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, անիմաստ են եղել, որովհետև սպասվել է միայն օդի ջերմաստիճանի անկում և նախատեսվել են ցրտի դեմ կանխարգելիչ ծրագրեր, բայց այդ ցրտահարությունն ուղեկցվեց ձյունով, իսկ դրա դեմ իրենք անզոր են եղել: Անցած օրերի ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկի` Արմավիրի մարզի Այգևան համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանը պատմեց, թե ինչ տիտանական ջանքեր են թափել ինքն ու իր համայնքի ժողովուրդը ցրտահարության գիշերներին. փորձել են ծխահարումով պաշտպանել այգիները, առատ ոռոգել են, քանի որ այդպես են իրենց խորհուրդ տվել գյուղնախարարությունից, ամբողջ երկու գիշեր դաշտերում ու այգիներում են եղել, ովքեր ջերմոցներ ունեն, ջերմոցներում են գիշերել, շորերով, լաթերով, էլեկտրական սալօջախներով ու գազով, սովորական կրակով փորձել են գոնե բերքից ինչ-որ բան փրկել, բայց ապարդյուն:
Ցրտահարությունից ամենից շատ տուժած համայնքներից մեկն էլ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքն է, որի ղեկավար Եսայի Մովսիսյանը ձեռնարկված միջոցառումների արդյունավետության առումով նշեց. «20 սանտիմետր ձյուն է դրել, ի՞նչ միջոց ձեռնարկեինք: Ծխահարելն էլ, ոռոգումն էլ այդ դեպքում սխալ բաներ են, հնարավոր չէ ձյան դեմ պայքարել: Դա բնության աղետ է, ու ո՛չ պետությունը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ որևէ մեկն ի զորու չէր ինչ-որ ձևով օգնել: Շատ չարչարվեցինք, բայց ինչ էլ արեցինք` անօգուտ էր»:
Մայիսյանի և Այգևանի համայնքապետները նշեցին, որ համարյա բոլոր գյուղացիները վարկեր ունեին, մեծ մասի հույսը տարվա բերքն էր, որը, սակայն, փչացավ: Սա արդեն լուրջ հարցեր է առաջացնում, չնայած այլ հարցեր էլ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի ուղեկցությամբ այցելում է ցրտահարությունից տուժած մարզեր` ստեղծված իրավիճակին ծանոթանալու և առաջացած խնդիրների լուծման միջոցներ գտնելու համար: Այդ այցելությունների ժամանակ համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները, մասնավորապես` բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն ավելացնելու և այլ միջոցներով: Համայնքների ղեկավարները և բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում հնչած մտահոգություններին` փոխվարչապետը նշեց. «Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք, որ վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաև հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետևանքների մեղմումն ու այգիների համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»:
Փոխվարչապետը տեղեկացրեց նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:
Իսկ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին հավաստիացրեց, որ իր ղեկավարած նախարարությունն աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային մշակաբույսերի որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ մշակաբույսերի սերմեր: Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը:
Ցրտահարության հասցրած ամբողջ վնասը դեռ վերջնականապես կճշտվի ու կհրապարակվի, բայց ակնհայտ է` այս տարի ծիրանը «կարոտով» ենք հիշելու, ու խիստ «հարգանքով» ենք վերաբերվելու վաղահաս կեռասին, դեղձին, խաղողի սեղանի սորտերին: Բայց կարևորն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ ու վարկերի տակ «ճկռած» գյուղացիներին անհրաժեշտ օգնությունը տեղ հասնի, ինչպես որ խոստանում են պատկան մարմինները:
Դոլարը`415.25 դրամ
Մենք Թուրքիային տալիս ենք գումար, որ պատրաստեն փամփուշտներ մեզ սպանելու համար. ահազանգում են տուրիզմի մասնագետները
Հայաստանից արտագնա տուրիզմի ամենամեծ մասը բաժին է հասնում Թուրքիային ու Վրաստանին. ահազանգում են տուրիզմի ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ Մարսել Եղիազարյանը, Անի Մանեսյանը և Գրետա Գուրգենյանը : Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք կոչ արեցին հայկական տուրիստական կազմակերպություններին վերջ տալ Թուրքիայի տնտեսությունը զարգացնելուն և փորձել զարգացնել ներգնա տուրիզմը:
«Տարիներ շարունակ, Թուրքիա տուրիստներ ուղարկելով, մենք նրանց տալիս ենք գումար, որից իրենք պատրաստում են փամփուշտներ մեզ սպանելու համար: Մենք՝ մի շարք տուրիստական ընկերություններ, համատեղ կոչով ենք հանդես գալիս և ունենք նպատակ՝ չուղարկել տուրիստներ Թուրքիա», – իր խոսքում նշեց Մարսել Եղիազարյանը: Անի Ասլանյանը տեղեկացրեց, որ Քեսաբի վերջին դեպքերից հետո «Կան» տուրը պաշտոնապես խզել է իր հարաբերությունը թուրքական հանգստավայրերի հետ և այլևս չի իրականացնելու դեպի Թուրքիա տուրեր, դրա փոխարեն «Կան»-տուրը իրականացնելու է ներգնա զբոսաշրջության խթանման ծրագրեր:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե տարիներ առաջ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև ՀԿ-ները, բայց նախաձեռնությունը կյանքի չէր կոչվել, Մարսել Եղիազարյանը նշեց, որ այստեղ խնդիրը միայն տուրիստական ընկերություններինը չէ, մեծ նշանակություն ունեն նաև ԶԼՄ-ները, որովհետև տուրստական սեզոնի բացման օրվանից նրանք ամեն օր գովազդվում են դեպի Անթալիա տուրերը:
Կառավարության հայտարարությունը ՍԴ որոշման մասին
Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:
Ստեղծվել են մասնագիտական խմբեր ցրտահարության վնասներն ուսումնասիրելու համար
Մարտի 30-ին Հայաստանում տեղի ունեցած ցրտահարության վնասների չափի մասին խոսելը դեռ վաղ է: Այդ մասին «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Նա տեղեկացրեց, որ նախարության կողմից ստեղծվել են հատուկ մասնագիտական խմբեր, որոնք կատարում են ուսումնասիրություններ, և շուտով կներկայացնեն տեղեկատվություն վնասի չափերի մասին:
Նա նշեց նաև, որ գյուղացիներին փոխհատուցումներ կատարելու մասին ոչինչ չի կարող ասել, մինչև կոնկրետ տվյալներ չհավաքվեն վնասների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 30–ին հանրապետության գրեթե ողջ տարածքում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում: Առատ ձյուն է տեղացել ։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։ Արարատյան դաշտում, որտեղ ծիրանի ծառերը արդեն բողբոջներ էին տալիս, դիտվել է ցրտահարություն: Հիմնականում տուժել են Արմավիրի և Արարատի մարզերի այգիները։
Հիդրոմետ ծառայության հաղորդած տվյալներով` առաջիկա գիշերվա ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում. Վազգեն Սաֆարյան
“Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում: Դրա մեծ մասը տեղաբաշխված է հենց Երեւանում, որի մասնաբաժինը կազմում է 40,8 տոկոս և արտադրանքի 506,8 մլրդ դրամի ծավալ ունի: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 16,5 տոկոս մասնաբաժնով և 204 մլրդ դրամի արտադրանքի ծավալով, երրորդ տեղում Կոտայքը՝13,4 տոկոսով, 166 մլրդ դրամով, Արարատի մարզը՝ 9,9 տոկոսով և 123 մլրդ դրամով: Ամենացավալի և ոչ հասկանալի իրավիճակում են գտնվում Շիրակի և Լոռու մարզերը: Լոռու մարզում Հայաստանի ընդհանուր արդյունաբերության ընդամենը 6 տոկոսն է, որը տալիս է 75,2 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: Իսկ Շիրակի մարզում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 3,4 տոկոս, 42,6 մլրդ դրամ և նախորդ տարվա համեմատ այն 3,5 տոկոսով անկում է ապրել”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նաև նշեց, որ հենց այս փաստերի հիման վրա է իրենց կազմակերպությունը առաջին այցելությունը կատարել Շիրակի մարզ և խոսել մարզի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների հետ. «”Այնտեղ հիմնականում խոսում էին այն մասին, որ պետական աջակցության կարիք ունեն: Հանդիպման ժամանակ շինարարական կազմակերպությունները մտահոգություն հայտնեցին, որ Երևանից բերվում են շինաքարեր, որոնք օգտագործվում են Գյումրիում իրականացվող շինարարություններում: Տնօրենները խնդիր դրեցին մեր առջև, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ու սկսեն օգտագործել տեղական արտադրության շինանյութ, որն ավելի մատչելի կլինի: Այց կատարեցինք նաև Վանաձոր: Այնտեղ 25 արդյունաբերական ընկերությունների տնօրենների հետ քննարկեցինք այն խնդիրը, թե ինչո՞ւ երբեմնի քիմիական, քաղաքաշինական և մեխանիկական ուղղվածություն ունեցող այդ մարզն այսօր արդյունաբերությունը կառուցում է հանքահումքային ուղղվածության վրա: Վանաձորում դժգոհություններ կան այն մասին, որ ինչո՞ւ Բելառուսից ներմուծել 100-ից ավելի տրակտորներ, եթե հնարավոր է հենց Հայաստանում հավաքել տրակտորները ՝ Չինաստանից ներմուծված ագրեգատների բազայի վրա: Մեկ այլ խոցելի արդյունաբերական կետ է “Քիմպրոմ” գործարանը, որի վերակառուցման համար մեծ գումարներ են ծախսվել, սակայն այն չի գործում: Սա լուրջ հարված է վանաձորցիների համար , որովհետեւ այս գործարանում կարող էր աշխատել շուրջ 1000 մարդ”:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայություն
Որակավորվել է 10 հաշվապահ
Ս. թ. մարտի 27-ին և 28-ին անց են կացվել հաշվապահների որակավորման քննություններ: Մարտի 27-ին հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 8 դիմորդ, որոնցից 6-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական: Մարտի 28-ին Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 11-ը, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2014 թվականի ընթացքում տեղի է ունեցել հաշվապահների որակավորման 3 քննություն: Քննությանը մասնակցել են 30 դիմորդ, որոնցից 16-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 31.03.2014թ. դրությամբ թվով 628 հաշվապահ ունի որակավորման վկայական:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Հայ թոշակառուները օվկիանոսի ափին կոկոսի կոկտեյլ խմել չե՞ն սիրում
«Թոշակս 21 հազար դրամ ա, բալա՛ ջան, ստանում եմ, 6 հազարը դնում եմ մի կողմ` հացի փող, դեղերս առնում եմ, տակն էլ ինչ մնում ա, էդ հա՛մ իմ ուտելու փողն ա, հա՛մ ապրելու, հա՛մ լույսի, հա՛մ գազի, ամեն ինչի»,- հառաչելով պատմում էր ծանոթներիցս մեկը` Ազատուհի տատը, որ ընդհանրապես դժգոհելու և գանգատվելու սովորություն չունի, բայց երկար համոզելուց հետո, որոշեց իր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է ամսական 21 հազար դրամով ողջ մնալ: Հարցրի. «Ազատուհի՛ տատ, բա հացից բացի ուրիշ բան չե՞ս ուտում, ոնց էլ հաշվում եմ, հացի ու դեղերիդ փողը հանած, հազիվ մի 5-6 հազար դրամ փող է մնում»: Ազատուհի տատն էլ թե. «Երևի պետությունը որոշել ա, որ իմ կերածը կորած ա, դե ես էլ ամբողջ կյանքում օրինապահ քաղաքացի եմ եղել, որ որոշել ա, ես ի՞նչ անեմ, հո չեմ կարա պետությանը դեմ գնամ, ստիպված յոլա եմ գնում, էսպես էլ մնա` լավ է…»,- արդեն կատակելով պատասխանեց Ազատուհի տատը, բայց տարիների բեռից հոգնած աչքերի մեջ զայրույթի կայծեր երևացին:
Ազատուհի տատի հետ զրույցից հետո մի ամբողջ շաբաթ անընդհատ մտքում փորձում էի, դպրոցում հանրահաշվի դասերից ստացած գիտելիքներս բանեցնելով, ամբողջ ամիսը 21 հազար դրամով գոյատևելու բանաձև` օրվա կարգացուցակ ու ճաշացուցակ կազմել, որ Ազատուհի տատի «կերածը կորած չլինի»: Բայց թեև հանրահաշվից միշտ էլ գերազանց թվանշաններ եմ ստացել, ինչպես էլ համադրում էի տիկին Ազատուհու օրվա կարգացուցակն ու ճաշացուցակը ստացած թոշակի հետ, մեկ է, վերջում ծեր կինը «սոված էր քնում»…
Բայց Ազատուհի տատը Հայաստանում ապրող թոշակառուների մեջ եզակի բացառություններից չէ, ոչ թե տասնյակ, այլ հարյուրհազարավոր աղքատ թոշակառուներից մեկն է: Նրա հետ խոսել էի կառավարության մարտի 19-ի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է թողնում Հայաստանում աղքատության կրճատման վրա:
«Քանի որ գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուներից 350 հազարն առնչվում են աղքատության խնդրի հետ, և մենք, այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով բարձրացնելով թոշակները, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որպեսզի առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Նախարար Ասատրյանն էլ պատասխանեց վարչապետի հարցին ու նշեց, որ 2014 թ. բյուջեում ներառվեց 29 միլիարդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով, և վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի ԱԺ-ին ներկայացվի թոշակների հաշվարկման կարգի հետ կապված փոփոխություն ու հիմնական շեշտադրումը լինի առավել աղքատ կենսաթոշակառուների կենսաթոշակների բարձրացումը:
Մինչև 2014 թ. հունվարի 1-ը, ըստ նախարարի, Հայաստանում կար 68 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ, և 333 հազար կենսաթոշակառու` կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը, որոնք ստանում էին աղքատության վերին գծից ցածր կենսաթոշակ:
Եվ նախարարը հպարտացավ. «Բարձրացման արդյունքում շուրջ 5 անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակներ ստացողների թիվը: Հունվարի 1-ի դրությամբ նրանց թվաքանակը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու: 230 հազար անձանցից, որոնք ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, ունենք 138 հազար 300 անձ, որոնք ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ: Այսինքն` շուրջ 40 տոկոսով նվազել է ստորին շեմից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: Եվ 333 հազար անձի փոխարեն, որոնք ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ, մենք բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ»,- ասաց նախարարը` շեշտելով, որ թիրախավորված բարձրացումն էապես նվազեցրեց կենսաթոշակառուների շրջանում աղքատության մակարդակը:
Վարչապետն այս կապակցությամբ նշեց, որ հասկանալի է` կենսաթոշակների բարձրացումը դեռևս շոշափելի չէ, եթե հատկապես հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա ու գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակների բարձրացումներն ուղղվելու են այդ ծախսերին: Բայց դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, շոշափելի փոփոխություններ են, և կառավարությունն այս ռազմավարությունը պետք է շարունակի` այն դիտարկելով որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք:
Դեռ մի կողմ թողնենք, որ ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ճիշտ չէին նշում Հայաստանում կենսաթոշակառուների թիվը, որովհետև պաշտոնական` ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների համաձայն` Հայաստանում ապրում է 512 հազար 505 թոշակառու: Կարևոր է մի ուրիշ հանգամանք. Հայաստանում, նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 հազար 122 դրամ: Եթե այս մեծությունը համեմատենք աղքատության գծի հետ` դրամական այն արժեքի, որից քիչ ամսական սպառում ունեցողները համարվում են աղքատ, ապա պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է: Հայաստանում աղքատության 3 գիծ կա` ծայրահեղ աղքատություն կամ պարենային գիծ, որը 21 հազար 700 դրամ է (այսինքն` այն մարդիկ, որոնք ամսական այսքան գումարից քիչ են սպառում, համարվում են ծայրահեղ աղքատ), աղքատության ստորին ընդհանուր գիծ` 30 հազար 547 դրամ, և վերին ընդհանուր գիծ` 37 հազար 44 դրամ: Փաստորեն, Հայաստանում կենսաթոշակների միջին չափը գտնվում է ծայրահեղ աղքատության ու աղքատության ներքին շեմի միջակայքում:
Բայց դա ամենևին էլ չի շանակում, թե նրանք, ովքեր ինչ-որ հրաշքով 37 հազար դրամից ավելի բարձր թոշակ են ստանում, արդեն աղքատ չեն:
Պատճառը շատ պարզ է: Հայաստանում գոյություն ունի նաև նվազագույն սպառողական զամբյուղ հասկացությունը, այսինքն` մեկ չափահաս անձի համար, ամսվա կտրվածքով, անհրաժեշտ նվազագույն գնումների համախումբը, որի մեջ մտնում են պարենը և առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվ այդ նվազագույն սպառողական զամբյուղը, նույն ԱՎԾ-ի հաշվարկներով, 2013 թ. ամենավերջին տվյալներով կազմել է 56 հազար 200 դրամ: Անհասկանալի է ուրեմն, թե ինչու աղքատ չեն համարվում այն մարդիկ, որոնք նվազագույն սպառողական զամբյուղից պակաս գումար են ծախսում:
Այս հաշվարկների ժամանակ հիշեցի, որ երկու տարի առաջ ամառային արձակուրդն անցկացնում էի Շրի Լանկայում, 15 օրվա էկոնոմ կարգի ուղեգրերի համար ստիպված էինք եղել խնայել մի ամբողջ տարի: Իսկ մեր չորսաստղանի հյուրանոցում հանգստացողների ճնշող մեծամասնությունը` մոտ 90 տոկոսը, անգլիացի, շվեդ, նորվեգացի ու շոտլանդացի թոշակառուներ էին, որոնք ձեռք էին բերել հիմնականում 1-1.5 ամիս տևողությամբ «օլ ինքլյուզիվ» ուղեգրեր, պառկում էին կոկոսի ծառերի տակ, հիանում օվկիանոսի գեղեցկությամբ, ընդունում արևային լոգանք, իսկ հյուրանոցի աշխատակիցները նրանց էին մատուցում կոկոսի կոկտեյլներ ու էկզոտիկ մրգեր… Իսկ Հայաստանում ազատուհիները, եթե բարեկամ-հարազատի օգնություն չեն ստանում, ստիպված են թաքուն երազել կուշտ լինելու մասին: Անգամ նրանք, որոնց թոշակը բարձր է համարվում: Որովհետև, ինչպես նշում են կառավարության հարգելի անդամները, միջազգային տնտեսական ճգնաժամ կա, տնտեսական խնդիրներ կան և այլն, և այլն:
Հիմա մե՞նք են ավանդապահ, մեծին հարգող, մեծի արժեքն իմացող, թե՞ եվրոպացիները: Միգուցե հայ թոշակառուները օվկիանոսների ափերին կոկոսի կոկտեյլներ խմել չե՞ն սիրում…



