Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 19  դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 6 և  խարդախության 8  դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3 , ավազակային հարձակման և գողության 1-ական  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

3952Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:

Գորիս քաղաքում Նախագահն այցելել է «Գորիս Գամմա» ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով: Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զու¬գահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:

«Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է դեռևս 1979թ. և մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում։ 1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասը անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ 2001թ. մասնավորեցվել է: Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փոր¬ձարկումների լաբորատորիան։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիք¬ներ և սարքավորումներ:

Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետև Հանրապետության Նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:

Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:

Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության ղեկավարը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս:

Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել

Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատելՍեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
Սերգեյ Ս.-ն  բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի  ապօրինի հատելու միջոցով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Ավտոպատահարներ Հայաստանի հանրապետությունում, յոթ հոգի վիրավոր են

ավտոպատահար«Միցուբիշի»-ն դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհի 75-րդ կմ-ին` Արուճ գյուղի մոտ, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել հանդիպակաց ուղեմաս և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում  «Հոնդա»  մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Օպել Օմեգա»  մակնիշի ավտոմեքենայի:
«Հոնդա»-ի վարորդը,  ուղևորը և «Օպել Օմեգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

«Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում,  Երևանի  Հաղթանակ թաղամասի 1-ին և 4-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-X5»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Սեբաստիայի փողոցում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապամոնտաժվել են Թումանյան փողոցի գովազդային մեծ վահանակները

003Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:

Նախապես սահմանված կարգով աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:

Ապամոնտաժված վահանակների հենասյուների հատվածներում առաջիկայում համապատասխան բարեկարգման աշխատանքներ կկատարվեն:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ :

Մինչև տարեվերջ փոքր կենտրոնի գովազդային բոլոր մեծ և միջին վահանակները կապամոնտաժվեն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության մասնաճյուղային նոր վարչական շենքի բացմանը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ «Կովկասյան» ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Վարչական շենքում այսուհետ գործելու են «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Պոմպեր» տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Երևանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ու զարգացման ծրագրերի շրջանակում, արդեն իսկ, մայրաքաղաքում ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, նվազել է աղբյուրներից ջրառի ծավալները, ինչպես նաև իջեցվել մատուցվող ծառայությունների սակագինը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով առաջիկա անելիքները, Գոռ Գրիգորյանը նշել է, որ որպես համակարգի կայացման ծրագրի բաղկացուցիչ մաս, «Երևան Ջուր» ընկերությունը շարունակելու է տարածքային իր ստորաբաժանումները սեփական հարկի տակ հավաքելու գործընթացը: Առաջիկայում նոր տարածքով կապահովվի նաև «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը, որը սպասարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:
Մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը ևս քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:
Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է. «Այս շենքը և անձնակազմը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ բավարարելու մայրաքաղաքի բնակչության պահանջարկը որակյալ ջրամատակարարման հարցում: Այն է՝ սահմանված ժամանակացույց, որակյալ ջուր, վթարների թվի կրճատում, հոսակորուստների կրճատում, շահագործման ծախսերի տնտեսում: Եվ Երևանի քաղաքապետը, որպես կառավարման լիազորված անձ, ամեն ինչ անելու է «Երևան Ջուր» ընկերության զարգացման հետագա ծրագրերին ևս աջակցելու համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վանա կատուն մեր ազգային հարստությունն է

«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. «Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին ու Վանա մրոտ հավը», զրույցի ընթացքում նշեց «Վանա կատու» հիմնադրամի տնօրենը:

Տարոն Մարգարյանը միացել է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը

Taron-MargaryanԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ միանում է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանը. «Ուրախությամբ հետևում եմ, թե ինչպես են մի խումբ եռանդուն երիտասարդներ ձեռնարկել և պատվով իրականացնում «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որը շատ պարզ, բայց միաժամանակ վեհ նպատակ ունի՝ օգնել կարիքավորներին:

«Դու միայնակ չես»….Կարծում եմ, այսքանով ամեն ինչ ասված է։ Իսկապես հրաշալի է հետևել, թե ինչպես է հայը անշահախնդրորեն նեցուկ կանգնում հային: Իմ խորին համոզմամբ, բարությունը և կողքինի հոգսի հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքն են հային իսկապես բնորոշող գծերը, որոնցով պետք է հպարտանալ:

Ես ևս չէի կարող անմասն մնալ մարդասիրական այս նախաձեռնությունից ու իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցելու կազմակերպիչներին:
Անկեղծ համոզված եմ, որ այս նախաձեռնության շուրջ հավաքված մարդկանց թիվն օրեցօր բազմապատկվելու է, և նաև կոչ կանեմ քաղաքապետարանի աշխատակազմին ևս միանալ մարդասիրական այս նախաձեռնությանն ու հնարավորությունների սահմաններում աջակցել»,-գրել է քաղաքապետը:

Ականի պայթյունի հետևանքով մահացել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչը

24347Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով, ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Հայը, որին մեղադրում էին Ստալինի դեմ մահափորձի մեջ

Stalin3ԼՕԺ. այսպես է 1937-ին «ինքնախոստովանական» ցուցմունքի տակ ստորագրել Վահագն Ազատյանը, որին մեղադրում էին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

Ազատյանը ծագումով մեղրեցի է, ծնվել է 1901-ին: Հայրը, որ Լայպցիգում էր տնտեսագիտություն ուսումնասիրել, քաջ գիտակցում էր կրթության կարևորությունը: Ուստի երբ հիմնվում է Երևանի պետական համալսարանը, ավագ որդուն՝ Վահագնին Երևան է ուղարկում՝ տնտեսագիտություն ուսանելու: Հետո Վահագնը կրթությունը շարունակում է Մոսկվայում:

Խորհրդային Միության կազմավորման տարիներին որակյալ կրթությամբ կադրերի պահանջարկ կար: Այնպես որ Վահագնը նախ Երևանում ռայկոմի քարտուղար է նշանակվում, ապա Մոսկվա մեկնում՝ նշանակվելով ԽՍՀՄ վիճակագրական ծառայության պետ:

Խորհրդային Միության բոլոր ծայրերից տնտեսական ցուցանիշներն Ազատյանի ղեկավարած կառույցում էին կուտակվում ու ամփոփվում, ուստի նա պարբերաբար Ստալինին զեկույց էր ներկայացնում:

«Ստալինի բոլոր ելույթները տնտեսական թեմաներով գրում էր իմ քեռին, հետո Ստալինը կարդում էր, իր շտկումներն անում, ու ելույթը պատրաստ էր»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը՝ Վահագն Ազատյանի քրոջ դուստրը:

Ստալինի հետ հաճախակի հանդիպումները նաև որոշ մտերմիկ, ընկերական կապ էին ստեղծել երկուսի միջև: Հետագայում Ազատյանն իր հարազատների հետ զրույցում կհիշի, որ չնայած մտերմությանը` իրենց մեջ միշտ որոշ պատնեշ է եղել. Ստալինը խիստ մարդ էր ու չէր սիրում խառնել անձնական և գործնական հարաբերությունները:

1937-ին, երբ սկսվում են ռեպրեսիաները, ձերբակալվում է նաև Ազատյանը: Գրեթե ամեն օր Ստալինի հետ ժամերով մեկուսի աշխատող Ազատյանին մեղադրում են ԽՍՀՄ առաջնորդին սպանելու փորձի մեջ: Կարճ ժամանակ անց Մեղրիում ձերբակալում են նաև Ազատյանի հորը՝ 67-ամյա Ավետիս Ազատյանին և գնդակահարում նրան որպես ժողովրդի թշնամի, որը հակառակվում է կոմունիստական կուսակցության որոշումներին: Ավետիսը դեմ էր, որ շերամի որդերին նաև ամռանը թթի ճյուղերով կերակրեն երկրորդ  բերք ստանալու համար: Ասում էր, որ այդպիսի շահը կարճաժամկետ է, թթենիները չեն հասցնի վերականգնվել և  կչորանան նման պայմաններում:

Որդուն, սակայն, հորից տարբեր ճակատագիր էր սպասում: Նրան զանազան խոշտանգումներով ու կտտանքներով փորձում էին ստիպել, որ ընդունի մեղքը:

Լյուսյա Միխայելյանց

Լյուսյա Միխայելյանցը

«Քեռուս խոշտանգումների միջոցով  ստիպել են, որ խոստովանի իր մեղքը: Ծեծ ու ջարդից բացի, նաև հատուկ խոշտանգման միջոցներ են ունեցել: Օրերով չեն  թողել, որ քնի, սոված են  պահել: Օրերով անշարժ վիճակում ջրի կաթոցի տակ են թողել, եղունգների տակ ասեղներ են մտցրել: Այդ ամենը մենք իմացանք, երբ նա ազատվեց ու վերադարձավ: Մինչ այդ ոչինչ չգիտեինք,- ասում է Լյուսյա Միխայելյանցը հավելելով,- քեռուս ձեռքերի ու ոտքերի եղունգները մեծ էին: Որ ասում էինք՝ քեռի, թող կտրենք, չէր համաձայնում, թե մի արեք, ինձ թվում է, որ էլի նույն ցավը կլինի»:

Եվ ահա, Ազատյանը ելք է գտնում, թե ինչպես և՛ ազատվի խոշտանգումներից, և՛ իր վրա չվերցնի մեղքը մի արարքի համար, որը չի  արել: Նա ռուսերեն «սուտ» բառը գրում է հայերեն տառերով՝ ասելով, թե դա իր ստորագրությունն է:

Մեղքն ընդունելուց հետո Ազատյանին 25 տարվա ազատազրկման են դատապարտում:

1954-ին, երբ Ստալինի մահից հետո դատապարտվածների գործերն էին վերանայվում, Խրուշչովը Ազատյանին իր մոտ է կանչում (Խրուշչովի հետ ևս վաղեմի ծանոթներ էին):

Երբ Մուրմանսկում բանտապետը հրամայել է Ազատյանին լողանալ, վարսավիրը մազերն է կտրել և կոստյում են հագցրել, վախեցած հարցրել է, թե ինչ են ուզում իրեն անել: Պարզվում է, որ պետք է Մոսկվա ուղարկեն՝ Խրուշչովի հետ հանդիպման:

Նիկիտա Խրուշչովին Ազատյանը ասել է, որ իրեն զուր տեղն են դատապարտել, ինքն անգամ չարածի համար մեղքը չի ընդունել: Որպես ապացույց պահանջել է, որ գործերից հանեն իր մեղայականը և հայերենի թարգմանիչ կանչեն:

Այսպես իրողությունը բացահայտվել է, և Ազատյանին 17 տարվա ազատազրկումից հետո արդարացրել ու ազատ են արձակել:

Նրան նորից Վիճակագրական ծառայությունում են աշխատանքի նշանակում, բայց այժմ որպես տնտեսության զարգացման բաժնի պետ:

Այս ամենից տուժում է նաև Ազատյանի ընտանիքը: Նրա երկու դուստրերն ու որդին այդպես էլ չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Համարվում էր, որ ազգի թշնամու երեխաներին միջնակարգ կրթությունն էլ բավարար է:

Ազատվելուց հետո` 1956-ին, Ազատյանը Հայաստան է գալիս՝ այստեղի իր հարազատներին տեսակցելու: Հենց նման այցելությունների ըթնացքում էլ նա հարազատներին պատմել է իր գլխին եկած ողջ եղելությունը:

Նրա քրոջ դուստրը՝ Լյուսյա Միխայելյանցը, ասում է, որ քեռին մինչև կյանքի վերջը՝ 1973-ը,  վստահ էր, որ լավագույն և ամենակատարյալ  հասարակարգը սոցիալիզմն է, կուսակցական էր   և Ստալինին էլ չէր մեղադրում իրեն պատահածի համար: «Ասում էր, որ դա արել են իր շրջապատի մարդիկ, որ նրա աչքը մտնեն: Ասում էր՝ Ստալինը չի մեղավոր, ոչ էլ պարտիան, ժամանակն է մեղավոր»,- հիշում է տիկին Լյուսյան:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը հյուրընկալվել էր ՀՀ ոստիկանությունում

1380028300,9562Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնին:
Անդրադառնալով վերջին շրջանի քաղաքացիական ակցիաներին՝ Ջոն Հեֆեռնը կարևորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության դիրքորոշումն այդ դեպքերի վերաբերյալ, տեղեկացրեց միջադեպերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի, նման դեպքերը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների մասին:
Ջոն Հեֆեռնը հույս հայտնեց, որ որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ ոստիկանությունը կիրագործի մարդու իրավունքների պաշտպանությանն ու հասարակական կարգի պահպանմանն ուղղված իր առաքելությունը:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունը շարունակում է աշխատել բաց ու թափանցիկ, իրականացնում է հրապարակային գործունեություն և վճռական է հանրային վստահություն վայելող ոստիկանության ձևավորմանն ուղղված բարեփոխումներն ավարտին հասցնելու իր հանձնառության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 27-28-ին` նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.90C (1933 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.60C

Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանը որոշում է ընդունել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հարցը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին

Տարոն ՄարգարյանՂեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.

  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.

1)      Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.

2)      խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.

3)      քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:

  1. Սահմանել, որ.

1)      հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.

2)      հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.

3)      քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի  որոշումներն  ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2013 թվականի

սեպտեմբերի  24-ի N 4721-Ա որոշման

Հանձնաժողովի կազմը

                                        Հանձնաժողովի նախագահ
Վահե Նիկոյան Երևանի քաղաքապետի տեղակալ
                             Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ալբերտ Գևորգյան Երևանի քաղաքապետի խորհրդական
                                      Հանձնաժողովի անդամներ
Նաիրա Նահապետյան Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական  կուսակցություն» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և տնտեսական, հարցերի

մշտական հանձնաժողովի նախագահ

Զավեն Առաքելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հենրիկ Նավասարդյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ
Ռուդիկ Թադևոսյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ
Համազասպ Գալստյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ
Էլբակ Թառփոշյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն
Հարություն Երեմյան «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
Դավիթ Մելքոնյան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի

պետ–վարչության պետի տեղակալ

Աննա Սաֆարյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խորհրդական
Վազգեն Սաֆարյան ՀՀ հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
Արման Չիլինգարյան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Կորյուն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր
Դավիթ Հախվերդյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալ-սարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու
Վալերի Հարությունյան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, շինարարական մեքենա-ների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու
 Գագիկ Երիցյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ, փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Սուրեն Չիբուխչյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու  դոցենտ
Կարապետ Մոսիկյան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի դոցենտ
Րաֆֆի Քարամյան ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ
Արամ Նավասարդյան «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ
Բաբկեն Պիպոյան «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ
Շուշանիկ Նախապետյան «Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ
Արմինե Մկրտչյան «Աքիլես» ՀԿ –ի իրավաբան
Արմեն Պողոսյան «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ
Գևորգ Մելքոնյան «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ
Ալեքսանդր  Տեր–Հովակիմյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն
Գևորգ Պողոսյան Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ
Տիգրան Հովհաննիսյան «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ
Անահիտ Ասատրյան Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնա-կառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ճյուղային արհմիության նախագահ
Հրանտ Եղիազարյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Հարություն Առաքելյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Աշոտ Արշակյան ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ
Հայկ Մկրտչյան  
Ալբերտ Հովհաննիսյան  
Նարեկ Վարդանյան  

 

 

Երևանի քաղաքապետարանի

 աշխատակազմի քարտուղար                                                  Ս.Մակարյան

 

20-ամյա Վահեն ավերված տան փլատակների տակից զենք ու զինամթերք է գտել

Զենք-զինամթերքՍեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի  բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի`  7, 7.62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ:

Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից:
Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Չորս ավտոպատահար`ութ վիրավոր

ավտոպատահարՊատահար Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Օպել»  և   «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո»   և   «ՎԱԶ-21061»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «Լենդ Ռովեր»-ը բախվել է «Օպել Վեկտրա»-ի

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.00-ի սահմաններում,  «Լենդ Ռովեր»  մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Օպել»-ը բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 138-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը, ապա՝ ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ «Ավելի մաքուր Երևան» ծրագրին ակտիվ մասնակցության համար

001 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և  տնտեսվարողներ:

Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:

«Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն: Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:

Նշենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր: Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ  մասնակցել են 10 հազար կամավորներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանկարահանող սարքեր տեղադրված խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

1379946884,5984Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

 

 

Գործող արագաչափերի ցանկը
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)

Նախագահը մասնակցել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

MHM81550 copyՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի: Սերժ Սարգսյանը ժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:

Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը:
Շնորհակալություն:

Մինասի որմնանկարների շուրջ աղմուկը չի հանդարտվում

IMG_1147Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը նախորդ տարվա աշնանից գտնվում է Գյումրու քաղաքապետարանի դահլիճում, սակայն այն ամբողջությամբ ամրացված չէ պատին: Խնդիրը նկարչի հիմնադրամի, որդու և քաղաքապետարանի մեջ է. երկուստեք չեն կարողանում հարթել ֆինասական խնդիրները: Մի կողմը մշտապես պնդում է, որ քաղաքապետարանը դեռ պարտքեր ունի որմնանկարի վերականգնման համար, մյուս կողմը`իր բոլոր պարտավորություններն ավարտած համարում:

Օրերս Գյումրու քաղաքապետն ավագանու համաայնությունն էր ուզում նկարի վերջնական տեսքն ավարտելու համար 3 մլն դրամ Մինաս Ավետիսյան հիմնադրամին փոխանցելու համար:
“Լուրջ պրոբլեմների մեջ եմ հայտնվել: Հարցը քննարկվել է պետական տարբեր ատյաններում: Ասում են, որ հին պայմանավորվածության համաձայն, դեռ 19 մլն քաղաքապետարանը պետք է տա: Ես դիմադրել եմ և ասել, որ որևէ գումար չունեմ տալու: Ասել եմ` մեր հնարավորությունները կարող են լինել 3 մլն, բայց կտանք այն պայմանով, որ հետևողական ենք լինելու վերջնական վերականգնմանը: Չեն վերականգնելու` չենք տալու: Էն ժամանակ, երբ մենք ընդհանրապես գումար չունեինք` 2012թ. հոկտեմբերի 12-ից սկսած, էդ գումարները հատկացվեց, հիմա նորից 19 մլն:
Ես կփորձեմ ավագանու նիստերից մեկին Մինասի որդին` Արմանը և իրենց հաշվապահն գան, բացատրություն տան”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավագանին կողմ արտահայտվեց քաղաքապետի առաջարկին, սակայն այլ դիրքորոշում հայնտեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը. “Քանի որ պայմանագրի ակնունքներին, ամբողջ աշխատանքներին ես ներկա եմ եղել, կարող եմ ասել, որ քաղաքապետարանն այսօրվա դրությամբ 37 մլն դրամ հատկացնելով կատարել է իր առջև դրված պայմանագրային բոլոր պարտականությունները` մի բան էլ ավելին: Պայմանագիրը կնքվել է 24 մ երկարությամբ 4-4,5մ բարձրությամբ նկարի մասով: Նրանք 6մ պակաս են արել նկարը: Հիմա, որ դահլիճում նայեք` դատարկ է նկարի այդ մասը, դրա բեկորներն են պահպանված եղել, ըստ իրենց հավաստիացումների, և բեկորներով պետք է լրացնեին Մինասի նկարի այդ հատվածը: Դա անհնարին է, երազանքների աշխարհից է: Դա ոնց է լինելու, հիմա նորից նրանց 3 մլն ենք տալու, երբ մենք պայմանագրի բոլոր կետերը կատարել ենք, իսկ նրանք չեն կատարել նկարի վերականգնումը և չեն էլ կատարելու: Նրանք ասում են` բեկորները կան, պահեստավորված են, բայց դրանցով երբեք նկար չի հավաքվում: Մի ելք կա. պետք է սվաղել այդ հատվածը մանր ավազով և դրա վրա մի որակյալ նկարիչ նկարի Մինասի նկարը: Վրան պետք է գրվի` այսքանն արված է այսինչ նկարիչ կողմից և վերականգնված է ամբողջությամբ”:
“Ես բացատրեցի, որ այս 3 մլն-ից բացի մենք էլ որևէ պարտավորություն չունենք, սա նույնիսկ ոչ թե պարտավորություն է, այլ մեր թասիբի խնդիրը”, – բաժնի պետին հակադարձեց քաղաքապետ Բալասանյանը:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը միջազգային կառույցներ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ

521. Diplomatic school  students visit International organizations and Armenian diplomatic missions 23.09.2013Սեպտեմբերի 14-20-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եւ աշխատակիցների այցը Բրյուսել եւ Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ եւ ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաեւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առաջին նման այցելությունն էր:

 

Սեպտեմբերի 16-ից 18-ը ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներՙ Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործունեության ծառայություն եւ Եվրոպական խորհրդարան: ԵՄ կառույցներում ունկնդիրների համար կազմակերպված դասախոսությունները եւ դրանց հաջորդած հարց ու պատասխաններն ավելի ամրապնդեցին ունկնդիրների` դպրոցում ստացած գիտելիքները: Եվրոպական խորհրդարանում Դպրոցի ունկնդիրները ներկա գտնվեցին նաեւ Արեւելյան գործընկերության մասին լսումների, իսկ երեկոյանՙ «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ եւ թուրք լուսանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:

 

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների ու ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության մասին: Այնուհետեւ ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

 

Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ունկնդիրները ճանաչողական այց կատարեցին Անտվերպեն:

 

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ կառույցի գործունեության վերաբերյալ դասախոսությունից բացի, ներկա գտնվեցին Մշտական խորհրդի նիստին, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Միավորված ազգերի կազմակերպություն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն եւ հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաեւ կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

 

Այցի ընթացքում ապագա դիվանագետներն այցելեցին նաեւ Բրյուսելում ու Վիեննայում ՀՀ դեսպանություններ, որտեղ նրանց ընդունեցին ներկայացուցչությունների ղեկավարներ, դեսպաններ Ավետ Ադոնցը եւ Արման Կիրակոսյանը: Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաեւ Մխիթարյան միաբանություն եւ ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

 

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ եւ միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունըՙ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում: