Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

ավտոպատահարներՕգոստոսի 17-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղուց դեպի Վանաձոր տանող ճանապարհին` կամրջի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

պբՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում առաջնագծում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում՝ մի վտանգեք ձեր կյանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումները, երթևեկությունը կարգավորող  ճանապարհային նշանները, և ապահովվելու է լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ դպրոցամերձ այն փողոցներում, որոնք չունեն գետնուղիներ և չեն կարգավորվում գծանշումներով ու լուսացույցներով, անցումը կկազմակերպվի խմբերով` ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ և օժանդակությամբ:

Ինչպես նախորդ տարի` դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում կներգրավվեն ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Համաձայն ոստիկանության պետի  մեկ այլ ցուցումի` ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով  Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական  գումարտակի ծառայողները  բացատրական աշխատանքներ են տանում մարզերի բնակիչների  և գյուղապետերի  հետ` հորդորելով գյուղատնտեսական մթերքներ տեղափոխող մեքենաներ վարելիս լինել առավել զգոն, իսկ վարորդներին բաժանվել են հատուկ լուսարձակիչներ, որպեսզի  ավտոմեքենաներն երթևեկելիս ավելի տեսանելի լինեն թե΄ այլ վարորդների, թե΄ երթևեկության մյուս  մասնակիցների համար:

 

Քաղաքաշինության նախարարը` կրթական օբյեկտների շինհրապարկներում

IMG_0455Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն աշխատանքային այցեր է սկսել նորոգվող կրթական օբյեկտներ: Այսօր նախարար Թադեւոսյանը եղել է Երեւանի թիվ 29 եւ 174 դպրոցներում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունից:

Վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող թիվ 29 դպրոցում նախ հետազոտություններ են կատարվել, գնահատվել շենքի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա իրականացվել ուժեղացման աշխատանքներ` բարձրացնելով կառույցի սեյսմազինվածության մակարդակը: Հիմնանորոգման վրա ծախսվել է շուրջ 465 մլն դրամ, որի շրջանակներում ոչ միայն ամբողջությամբ հիմնանորոգվել է դպրոցի շենքը, տանիքը, սանհանգույցը, դահլիճները, բակը, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, այլ նաեւ մասամբ լուծվել է կահավորման հարցը: Կրթական այս օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է “Արտաշատշին” ՍՊԸ-ն:

 Մեծ ոգեւորությամբ դպրոցի մուտքի մոտ քաղաքաշինության նախարարին դիմավորող թիվ 174 դպրոցի տնօրեն Գ. Վասիլյանը տեղեկացրել է, որ 1979 թվականին կառուցված այս դպրոցում առաջին անգամ է շինարարական աշխատանքներ իրականացվում: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակերում հիմնովին փոխվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել դպրոցի դահլիճը, ճաշարանը, դասասենյակները, լաբորատոր եւ ռազմագիտության կաբինետները, սանհանգույցը, միջանցքները, աստիճանահարթակները, սալվածքները եւ այլն: Հիմնանորոգման աշխատանքների վրա ծախսվել է շուրջ 500 մլն դրամ, հիմնանորոգումը իրականացրել է “Մոմիկ“ ԱԿ ընկերությունը:

Տեղեկացնենք, որ այս ուսումնական տարում ՀՀ քաղաքաշինության նախարարության “Քաղաքաշինական” ԾԻԳ-ը շահագործման կհանձնի 6 կրթական օբյեկտ: Ի դեպ, այս տարի քաղաքաշինության նախարարությունը սկզբունքային նոր մոտեցում է որդեգրել կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների հիմնանորոգման հարցում: Նախ հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Սա միտված է նաեւ պետական միջոցների նպատակային ծախսմանը:

 

Պատահարներ

ավտոպատահարՎրաերթի է ենթարկվել տարեց կին

Օգոստոսի 15-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել 74-ամյա մի կին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ Զ. Սարկավագի փաղոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Կարո Մ.-ն, վարելով իրեն ամրակցված թիվ 47 երթուղու «Հունդաի» մակնիշի ավտոբուսը, Զ. Սարկավագի փողոցի թիվ 106/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Առատաշեն-Արմավիր ճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում,  Առատաշեն-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին  «Մերսեդես Ե-230»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արմավիր-Մեծամոր ճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 4-րդ կմ-ին  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառի:
Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Միջադեպ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում  ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ, 1988 թ. ծնված   Արայիկ Ս.-ին, 1988 թ. ծնված Բորիս Ս.-ին, 1988 թ. ծնված Կամո Գ.-ին, 1988 թ. ծնված Ռուբեն Գ.-ին և 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, վերջիններս, ալկոհոլ օգտագործած վիճակում,   նշված վայրում ճանապարհը փակելով` փորձել են կանգնեցնել 1952 թ. ծնված Աբով Հ.-ի  վարած «ԳԱԶ-31029»  մակնիշի ավտոմեքենայի  ճանապարհը, որից հետո հարվածել են ավտոմեքենային, ծեծի ենթարկել վարորդին և տվել   հայհոյանքներ:
Աբով Հ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Դիլիջանում վրաերթի է ենթարկվել 5-ամյա երեխա
Օգոստոսի 15-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գլխի  ճակատային շրջանի պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ, որտեղ նրա ծնողները բանավոր հայտարարել են, որ երեխան  վնասվածքը ստացել է բարձրությունից անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 22.20-ին, բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ և  հայտարարել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Հաղարծին գյուղի մոտ  երեխային վրաերթի է ենթարկել ինքը` իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն:

Մոտոցիկլետը բախվել է երկաթգծի կամրջի հենասյան պատին

Օգոստոսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «Հոնդա»  մակնիշի մոտոցիկլետ է  բախվել   երկաթգծի կամրջի հենասյան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այրվել է անասնագոմի տանիքն և պահեստավորված խոտը

Օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Կապանի  բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.20-ին, հրդեհ է բռնկվել  Գոմարան գյուղում գտնվող մի անասնագոմում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 15.30-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքն ամբողջությամբ և պահեստավորված 250 հակ չոր  խոտը:
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է անասնագոմի տանիքում գտնվող էլեկտրական  լարերի կարճ միացումից առաջացած էլեկտրական աղեղից, ինչի հետևանքով պատճառվել է 1.110.000 դրամի նյութական վնաս:
Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից  16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 43-ը, գողության 61 դեպքից` 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ ավազակային հարձակման` 1,  խարդախության`   21 և  խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 4, խարդախության` 1 և մարմնական վնասվածք հասցնելու  3   դեպք:
Անցած 4 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 5 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ընդվզումները չեն դադարելու. գնալով շատ երկրներ կներգրավվեն ՏԶՐՈՒԿՆԵՐԻՑ ազատվելու գործին

AdamyanԴերասան Աշոտ Ադամյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է.

“Վերջին տարիներին աշխարհով մեկ սկիզբ առան ժողովրդական ընդվզումներ…
Ամեն երկիր յուրովի է դա անում և դա հասկանալի է՝ զարգացման տարբեր աստիճաններ, մշակութային և կրոնալկան տարբերություններ…

Ու որքան էլ հաշվի առնենք տարբերությունները, միևնույն է, բոլոր շարժումները միավորվում են մի ընդհանուր դրդապատճառով՝ նոր աշխարհակարգի պահանջ…
,,Ոսկե միլիարդի,, ձևավորած համակարգերն այլևս ի զորու չեն կառավարել աշխարհի բոլոր բարիքներին տիրանալու իրենց անհագ ցանկությունները…

Իրենց իսկ կողմից ստեղծված ,,դրվածքները,, քայքայվում են ներսից… բայց նրանք պատրաստ են ՀԻՆԸ պահպանելու համար կատաղի պայքար մղել…
Մարդիկ դա ոչ միայն տեսնում են, այլև զգում սեփական կաշվի վրա…

Ընդվզումները չեն դադարելու… հակառակը, գնալով ավելի ու ավելի շատ երկրներ կներգրավվեն ՏԶՐՈՒԿՆԵՐԻՑ ազատվելու գործին”:

Հայազն Կուսակցության հայտարարությունը` ընթերցված հուլիսի 15-ին Ազատամարտիկների հանրահավաքում

Հայազն ԿուսակցությանՏևական ժամանակ է, ինչ դուք` Արցախյան պատերազմի մասնակիցներդ բողոքի շարժում եք ծավալել Ազատության հրապարակում:
Ի սկզբանե սոցիալական բնույթի պահանջներն այսօր արդեն համաժողովրդական են դարձել: Դա անխուսափելի էր, քանզի կամավորական ազատամարտիկին այնքան էլ վայել չէ որևէ մեկից ինչ-որ բան խնդրել, այն էլ ներկա իշխանությունից, այն էլ միայն իր համար: Կամավորականն ու զինվորը ինքը պետք է հոգա ընդհանուրի հոգսը, ինքը պետք է լինի երկրում խնդիր լուծողը: Իսկ մեր ազգի առջև ծառացած և հրատապ լուծման կարող խնդիրները անչափ շատ են կուտակվել:
Իշխող վարչախումբը, օլիգարխներով շրջապատված նախագահական պալատը, սնանկ կառավարությունը ունակ չեն դրանք լուծելու ոչ թե գիտելիքի կամ արհեստավարժության, այլ հայկականության ու սրտացավության պակասի պատճառով, օտարամոլության ու նյութապաշտության պատճառով, ազգային ներուժին չհավատալու պատճառով: Իսկ դուք՝ ազատամարտիկներդ, մեկ անգամ արդեն ապացուցել եք ձեր հավատը հայոց ներուժի հանդեպ ու հաղթել անհավասար կռվում: Այսօր էլ, եթե առիթ լինի, կհաղթենք: Սակայն թիկունքում նման իշխանություն ունենալով հաղթելը գրեթե անհնար է: Ժամ առաջ մենք պետք է ազատվենք սեփական ժողովրդին կեղեքող ու երկրից օտարող, ամեն ինչ զիջող, սրա նրա փեշի տակ ապահովություն փնտրող քաղաքական վերնախավից:
Միայն ազատամարտիկները չեն, որ այսօր սոցիալական անարդարության զոհ են: Ողջ ժողովուրդն է այդ վիճակում`ուսանող թե թոշակառու, աշխատող թե գործազուրկ, մտավորական թե մանր գործարար, արտագաղթող թե հայրենադարձվող: Բայց սոցիալական հարցերի լուծման բանալին պետականության ճգնաժամը հաղթահարելու մեջ է, երկրի քաղաքական ընթացքը կտրուկ փոխելու մեջ է, ազգային մեծ նպատակներ ու հեռահար ռազմավարություն ունենալու մեջ է, իսկ այս ամենն անհնար է առանց ազգային հեղափոխության: Ազգային հեղափոխությունն էլ անհնար է առանց պայքարին պատրաստ կամավորների, առանց Ազատամարտի փորձված վետերանների ու նրանցից օրինակ վերցնող, նրանց կողքին պայքարող երիտասարդ սերնդի:
Մենք հավատում ենք ազգային վերածննդին ու մեր հաղթանակին:
Մենք Ձեր կողքին ենք:

 

ՊՆ գնդապետը երթևեկության կանոնները խախտում է անգամ «գայի» տեսուչի ներկայությամբ

Mo5SiC7nOtIAoZNUP5aj_tnՃանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք միայն այս տարի տեղափոխվել են մեծ թվով գոլդ համարանիշներով արտասահմանյան մակնիշի բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց տերերն ու վարորդները հիմնականում եղել են պետական և ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Խախտումները հիմնականում լինում են վարորդների կողմից ամրագոտի չկապելու, արագության գերազանցման ու հեռախոսով խոսելու, որոշ դեպքերում էլ հանդիպակաց երթևեկելու հետ կապված:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Պաշտպանության նախարարության գնդապետի ուսադիրներով բարձրաստիճան սպան վարում KIA մակնիշի ՊՆ 0071 Մ համարանիշի ավտոմեքենան` առանց ամրագոտու ու վստահ լինելով, որ ինքը «անձեռնմխելի» է, ու այս վիճակում անցնում էր ճանապարհային ոստիկանների կողքով:

Բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել, թե ինչպես է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երթևեկում ամրագոտին կապած`այն էլ, երբ նստած է լինում վարորդի կողքին, այլ ոչ թե ավտոմեքենայի ետևի նստատեղում:

shamshyan.com

Ո՞վ է ուզում հեռացնել հրապարակի եղևնիները

26 009Ինչպես տեղեկացրել էինք ankakh-com-ի ապրիլի 30-ի “Գյումրու հրապարակի եղևնիները կտեղաոխվե՞ն, թե՞…” հոդվածում, առաջ էր քաշվել Գյումրու Վարդանանց հրապարակի եղևնիների տեղափոխման հարցը: Գյումրու “Հոկտեմբեր” կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում: Մասնակցում էին ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք: Պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցակացվեց իրական հանրային քննարկում, որտեղ մարդիկ հայտնեցին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ և բերեցին դրանց հիմնավորումները: Մասնավորապես հնչեցին իրարամերժ կարծիքներ. ոմանք կողմ էին եղևնիների հեռացմանը, ոմանք` ոչ: Քննարկումը նախագահող փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը նշեց, որ եղևնիների տեղափոխման հարցն առաջ են քաշել ինչպես մի շարք քաղաքացիներ, այնպես էլ իրավաբանական կառույցներ` մատնանշելով “Հայէկոնոմբանկ”-ին: Սակայն հանրային քննարկմանը բանկից որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում:

Ի դեպ, հրապարակն այս եղևնիներից ազատվելու համար քննարկումներ կատարվել են նաև նախկին քաղաքապետի օրորք` մի քանի անգամ:

Կազմակերպվել էր նաև առցանց հարցում` քաղաքապետարանի պաշտոնական կայքում, օգոստոսի 9-14-ը: Հարցը` “Համաձա՞յն եք արդյոք, որ հրապարակի եղևնիները փոխարինվեն այլ դեկորատիվ միջոցներով”, հավաքել էր գրեթե հավասար ձայներ. մասնացկել էր 1026 մարդ, որից կողմ էին քվեարկել 48.7%-ը, դեմ` 51.3%-ը:

Քաղաքապետարանը հանրային քննարկման համար հարցը ձևակերպվել է, ոչ թե կտրել ծառերը, այլ` տեղափոխել, որպեսզի բացվի հրապարակի տեսքը, երևան շենքերը:

“Շիրակ կենտրոն” ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր ելույթում նշեց. “Որքան հիշում եմ վերջին 10 տարին` նման քննարկումներ եղել են: Կարծում եմ, քաղաքի համար այս պահին էական չէ անդրադառնալ հրապարակին: Հրապարակն արդեն նորմալ վիճակի բերված է և պետք է անցնենք քաղաքի ծայրամասերին, տնակային ավաններին, ահավոր վիճակ է: Եվ ծախսեր, քննարկումներ անենք այդ թաղամասերն ու փողոցները վերականգնելու համար”:

Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը, սակայն, հակառակ կարծիքին էր. “Երբ հյուրեր են գալիս մեր հիմնարկ, անպայման բերում ենք հրապարակ և բոլորը միաբերան ասում են, որ եղևնիները նախ իրենք էդպիսի տեսք չունեն, երկրորդ` փակում են հրապարակի գեղեցկություն հանդիսացող երկու եկեղեցիները”:

Այս տեսակետըկիսում էր նաև քանդակագործ Արտուշ Պապոյանը. “Ես գտնում եմ, որ եղևնիները քաղաքի համար հարիր չեն: Ձեզ տուրիստի տեղ դրեք և պատկերացրեք, գալիս եք Գյումրի, ապրում հյուրանոցում, պատուհանը բացում և եղևնի եք տեսնում: Չի ասվում, թե եղևնին հանել տեղը ոչինչ չանել. կան բազմաթիվ դեկորատիվ ծառեր”:

Իսկ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյան, որ ապրում է եղևնիներին շատ մոտ` նկատեց. “Երևի դուք էդքան չեք նայում եղևնիներին, ինչքան ես: Իմ տան դրվածքն էնպիսին է, որ ես ինչքան դուրս եմ գալիս պատշգամբ` եղևնիներն եմ տեսնում: Ես սիրում եմ այդ եղևնիները, չեմ կարող ինչ-որ ձևով ասել, որ եղևնիները չպետք է լինեն: Եվ հետո, “Կումայրի” հյուրանոցի շենքը էդ ինչ մի ճարտարապետական կոթող է իր փոքր պատուհաններով, որ եղևնիները խանգարում են”:

Շիրակի թեմը ևս հայտնել էր, որ դեմ է եղևնիների հատմանը, իսկ եթե դրանք տեղափոխվելու են այլ տեղ, ապա` դրան կողմ են:

Բնապահպան Լևոն Մարտիրոսյանն էլ շատ պարզ ու հստակ նշեց. “Դրանք չի կարելի հատել: Անընդհատ խոսվում է ծառերի տեղափոխության  մասին. դա  տեխնիկապես անհնար է: Հնարավոր է տեղափոխել մինչև 10 տարեկան փշատերև ծառերը: Մեր ծառերը 40 տարեկան են. ասեմ նաև, որ եղևնիների միջին տարիքը 150-200 տարի է, դրանք ծեր ծառեր չեն և շատ էլ գեղեցիկ են: Յուրաքանչյուր ծառի համար պետք է բնի մոտից մոտավորապես 4×4 կամ 5×5 չափի կապլավան փորվի: Ձմռան սառնամանիքի ժամանակ մի քանի ցիստեռն ջուր է լցվում, թողնում են, որ ջուրը սառի: Ամբողջ արմատային համակարգը պետք է սառի ջրի մեջ, հետո կռունկով բարձրացնում են ծառերը, տեղափոխում հատոկ փորած կապլավան` հեռու տեղ: Ծառերը դրվում, հողով փակվում են, հետո ամռանը սառույցն աստիճանաբար հալվում է և եղևնին, կարծես թե, նոր տեղում սկսում է կպնել և աճել: Միակ  տեխնոլոգիան սա է: Այստեղ դա հնարավոր չէ անել, ծառերը շատ մեծ են: Իմաստ չունի էդքան փող ծախսել դրա վրա, դա չի կպնելու”:

Մյուս բնապահպանը` Գևորգ Պետրոսյանը, խնդրի էությունը բացահայտեց. “Եղևնիները հանելն այսօր ձեռնտու է ընդամենը երևի մի 2-3 բիզնեսմենի: Ինչու պետք է ողջ հասարակությունը զոհի իր ծառերը, որպեսզի մի երկու բիզնեսմեն կառուցեն իրենց շքեղ բանկերը կամ հյուրանոցները: Եթե արդեն կառուցված են, կառուցողը նախապես լավ գիտեր, որ այդտեղ կային ծառեր և դրանք աճելու բնավորություն ունեն: Մենք ունենք մի օրիգինալ երևույթ. “Հայէկոնոմբանկ”-ի շենքը, որն ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվությամբ / կառավարության որոշում է առնվազն պետ հանրապետական  նշանակության նման շինությունը փոփոխելու համար/, այսօր մենք չունենք նման որոշում, բայց իրականացվում են շենքի վերակառուցման աշխատանքներ: Եվ եղևնիները պարզապես խանգարում են, որ շենքին մոտենան տարբեր կարգի տեխնիկաներ և իրականացնել այդ աշխատանքները: Ի՞նչ է, ապօրինի մի շինարարության համար մեր եղևնիները պետք է զոհե՞նք: Եթե ասում ենք` հարիր չեն եղևնիները էս հրապարակին, մուրացկանությունը հարի՞ր է մեր հրապարակին. եկեք քաղաքի բոլոր մուրացկաններին գնդակահարենք”:

Նրան լրացնում է Լևոն Բարսեղյանը. “2007թ. Անկախության հրապարակի եղևնիները կտրելու ավագանու որոշման տակ դրված են էն ժամանակվա գլխավոր նկարիչ, գլխավոր ճարտարապետի և կոմունալ բաժնի աշխատողների ստորագրությունները, թե Անկախության հրապարակի ծառերը ծեր են. փաստաթղթում գրված է, ավագանու 8 անդամ ստորագրել է, ծառերը հիվանդ են, կատարները մեծ մասը կտրված են և խաթարում են ճարտարապետական տեսքը: 4 սուտ արգումենտ: Էդ որոշման տակն էլ գրած է` դրանց տեղը տնկել գնդաձև ակացիաներ: 6 տարի է անցել, ու՞ր են էդ ծառերը, չկան: Եթե որևէ մեկը գտնում է, որ ծառը խաթարում է իր շենքին, թող շենքը քանդի` 5 մետր ետ սարքի: Մի կպեք էդ ծառրին: Մեր քաղաքն այնպիսի պրոբլեմների մեջ է, ինչպիսիք չունի Հայաստանի որևէ բնակավայր` բնակչության 15%-ն անօթևան է, 48%-ն աղքատ է, փոշու պարունակությունը տասն անգամ գերացանզում է նորման, փողոցների 80%-ն ավերակ է: Հարկավոր է 60-80 մլրդ դրամ, որպեսզի փողոցները խելքի գան. մեր բյուջեն 3.2 մլրդ դրամ է, և էլի շատ խնդիրներ ունենք: Սա էդ հարցը չէ: Մոտ 50 կատեգորիայի խնդիր կարող ենք թվել, հենց լուծեցինք այդ հարցերը, նոր մտածենք էս մասին: Ես ու իմ պես մտածողներն ամեն ինչ անելու ենք էդ ծառերը պահպանելու համար”:

Գարիկ Հայրապետյան. «Տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է. շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման»

GARIKՔաղաքակիրթ երկրներին գնահատական տալիս սովորաբար հաշվի են առնում այն հանգամանքը, թե ինչպես են տվյալ երկրում ապրում ծերերն ու երեխաները: Օրինաչափ է, երբ երեխաներն ուրախ են, իսկ ծերերը՝ ապահով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միջազգային զարգացման գործակալություն է, որը պաշտպանում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: Այս հիմնադրամը աշխարհի երկրներին օգնում է օգտագործելու բնակչության վերաբերյալ տվյալներն իրենց աղքատության կրճատման քաղաքականությունում և ծրագրերում, ինչպես նաև ապահովելու, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանան հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:

Ժողովրդագրության և ծնելիության թեմաներով զրուցեցինք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

 – Պրն Հայրապետյան, ժողովրդագրական ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

– Խորհրդային միության փլուզումից հետո ժողովրդագրության վիճակը Հայաստանում շատ նեգատիվ զարգացումներ ունեցավ: Եվ դա թերևս պայմանավորված էր մի շարք գործոններով: Օրինակ՝ դժվար տարիներին Հայաստանի բնակչության մի զգալի մասը հեռացավ, ձգտեց ավելի լավ կյանք գտնել արտասահմանում: Նրանցից շատերը մնացին այնտեղ, որտեղ հաստատվել էին: 80-90-ականներին Հայաստանն ունեցել է ամենաբարձր ծնելիությունը՝ տարեկան 80 հազար երեխա` երկու անգամ ավելի, քան ունենք այսօր:

90-ականների սկզբին այս ցուցանիշը ավելի քան երկու անգամ նվազեց, և 2000-ին ունեցանք 35 հազար ծնելիություն: Վերջին տասնամյակում այս թիվն ավելացավ մինչև 44 հազար: Մեծ միգրացիոն հոսքերի և ծնելիության անկման հետևանքով Հայաստանում սկսվեց ծերացման գործընթացը, և հիմա, ցավոք, մենք դասվում ենք ծերացող երկրների շարքը:

– Այսինքն՝ այսօր մահացությունը գերազանցո՞ւմ է ծնելիությանը:

– Ոչ՛, այսօր մենք դեռ ունենք դրական միտում, ունենք որոշակի աճ, որը պայմանավորված է ավելի շատ ծնունդների թվով: Վերջին 20-25 տարիներին կյանքի միջին տևողության աճ է արձանագրվել: Միջին վիճակագրությամբ` մարդկանց կյանքի տևողությունը 3 տարի և ավելի երկարել է: Չէ՞ որ վերջին տարիներին բժշկությունը բավական լուրջ հաջողություններ ունեցավ:

– Կարո՞ղ ենք բարելավել ժողովրդագրության վիճակը:

– Ժողովրդագրական գործընթացները բնական են: Ինչքանո՞վ կարող ենք նպաստել աճին և ինչքանով նվազեցնել անկումը: Այս խնդիրներն են, որ կառավարությունը կարող է կառավարել: Միգրացիան միշտ եղել է, կա ու կլինի. ինչպե՞ս կարելի է դա կառավարել: Միգրացիան նաև դրական  ազդեցություն ունի. օրինակ՝ օգնությունը, որ գալիս է Հայաստան մեր միգրանտ աշխատողներից: Բացասականն այն է, որ երկրից գնում են այն մարդիկ, որոնք ակտիվ վերարտադրողական տարիքում են, գնում են այն մարդիկ, որոնք  որոշակի կրթություն, որոշակի հմտություններ ունեն… Բնականաբար, դա բացասաբար է ազդում Հայաստանի ապագայի վրա: Կառավարությունն այսօր արդեն քայլեր է անում: Բայց չէի ասի,  թե լրիվ կկարգավորվի այս հարցը: Որոշ ուղղություններով ռազմավարական քայլեր արվում են, փորձում են մեղմել հետևանքները:

– Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը: Ծնելիության խթանման ի՞նչ ուղղություններ կառանձնացնեք:

– Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծնելիության խթանումը բավականին երկար և շատ թանկ գործընթաց է: Աշխարհում դեռևս երկու երկիր է քիչ թե շատ հաջողություն արձանագրել` Ֆրանսիան և Շվեդիան են: Քանի որ շատ քննարկումների ժամանակ ասում են, որ Ֆրանսիայում շատ ներգաղթածներ կան և նրանց հաշվին է ավելանում ծնելիությունը, կփորձեմ բերել Շվեդիայի օրինակը: Շվեդիան ծախսում է իր ՀՆԱ-ի 3.5%-ն այն սոցիալական ծրագրերի վրա, որոնք խթանում են ծնելիությունը: Դա անում են վերջին 60 տարիներին, և արդյունքը նոր-նոր է երևում: Փորձը ցույց տվեց, որ իրականում ծնելիության բարձրացման թիրախավորումը, ծնելիության համար գումար տալը  գրեթե արդյունք չի տալիս:

Այս երկու երկրները որդեգրեցին ոչ թե ծնելիության աճի, այլ հավասարության քաղաքականությունը: Տղամարդիկ և կանայք հավասար հնարավորություններ ունեցան, ճկուն աշխատաժամեր մշակվեցին: Երբ կինը տեսավ, որ իր մայրանալը, երեխա ունենալը չի ազդում իր անձնական զարգացման վրա, իր կարիերայի վրա, սկսեց մտածել՝ ինչո՞ւ շատ երեխաներ չունենամ:

 – Ըստ Ձեզ, այս մոդելը կգործի՞ մեր երկրում:  Չէ՞ որ մենք, ամեն դեպքում, տղամարդու և կնոջ հավասարությունն անհանդուրժողությամբ կընդունենք:

– Այս մոդելն անմիջապես չի գործել նույն Շվեդիայում: Ժամանակի ընթացքում, կարծում եմ, այո՛, Հայաստանում էլ կգործի այս տարբերակը: Մենք 20 տարի առաջ դժվար թե մտածեինք, որ Հայաստանում, օրինակ,  կանայք էլ կարող են վարորդ լինել: Այսօր մեր միջին բիզնեսը գրեթե ամբողջությամբ ղեկավարում են կանայք. սա լուրջ ցուցանիշ է: Այս տրամաբանությամբ եմ ասում, բայց Հայաստանը ոչ մեկից ո՛չ պակաս է, ո՛չ ավելի. ժամանակ է պետք: Ուղղակի հարց է՝ ունե՞նք այդ ժամանակը:

Համաձայն ՄԱԿ-ի կանխատեսումների` 2100-ին Հայաստանի բնակչությունը 2 մլն է դառնալու: Աշխարհում ծնելիությունը անկում է ապրում:

 – Դուք «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություններ» թեմայով ուսումնասիրություն եք արել: Ի՞նչ եք պարզել:

– ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերջին 7-8 տարիների ընթացքում գործընկեր մարմինների     հետ միասին նախաձեռնեց այս գործը: Նպատակը մեկն էր՝ պետք էր օգտագործել հավաքված տվյալները հետագա քաղաքականություն մշակելու համար: Օրինակ՝ պետք է իմանալ` ինչքան երիտասարդ պետք է ունենաս 20 տարի հետո: Հետազոտությունների շրջանակը բավական լայն էր՝ սկսած միգրացիոն հետազոտությունից: Հետաքրքիր բան պարզվեց` նոր ֆենոմեն մեր հասարակության մեջ, որը զարգացել է վերջին  երկու տասնամյակի ընթացքում: Մեր ընտանիքները հիմնականում ուզում են ունենալ երկու սեռի երեխաներ: Բայց որոշ ընտանիքներ ավելի շատ ուզում են մի սեռի երեխա ունենալ: Պատկերացրեք` տղա երեխա ունենալու ցանկությունը վեց անգամ ավելի մեծ է: Շատ ընտանիքներ դիմում են հղիության արհեստական ընդհատման, որովհետև նոր լույս աշխարհ եկողը տղա երեխա չէ:

– Բայց սա նաև լուրջ բժշկական խնդիր է: Կարծեմ քիչ դեպքերում է հաջողվում հղիության արհեստական ընդհատում իրականացրած մորը նորից հղիանալ…

– Հղիության արհեստական ընդհատումը բացասական գործընթաց է: Վերջին 10 տարիների ընթացքում երեք անգամ տեղի է ունեցել ժողովրդագրական և առողջաբանական հետազոտություն, որը ճշգրտությամբ հետազոտում է վերարտադրողականության բլոկը: 2000-2010 թթ. մենք ունեցել ենք աբորտների թվի կտրուկ նվազում և զուգահեռ հակաբեղմնավորիչների օգտագործման տոկոսի բարձրացում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն առողջապահության նախարարության հետ համատեղ 2000-ից փորձեց հիմնել ընտանիքի պլանավորման «կաբինետներ», որտեղ անվճար տրվում էին հակաբեղմնավորիչներ, որպեսզի կանխվեն աբորտները: Աբորտը վնասակար է և՛ կնոջ առողջության համար, և՛ ծնելիության ունակության համար:

– Սեռավարակներն էլ են, չէ՞, բավական տարածված մեր երկրում:

– Այո՛, սեռավարակները ևս մեծ տարածում ունեն հանրապետությունում: Չնայած ոչ սեռավարակների տարածվածության չափի մոնիթորինգ չի արվել Հայաստանում, վստահելի տվյալներ չունենք այս առումով: Բայց կարող ենք ասել երկրորդական աղբյուրից, նույն մեր անպտղության հետազոտությունից, որ բավական տարածված է: Անպտղության պատճառ է նաև սեռավարակը: Բայց խոսքս չի վերաբերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին: Դրանց մասով հանրապետությունում բավական լուրջ աշխատանք է իրականացվել, և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը բավական ցածր է` ազգաբնակչության 1%-ից էլ պակաս է:

– Դա պաշտոնական տվյալներն են: Չկա՞ն մարդիկ, որոնք թաքցնում են, որ վարակվել են:

– Ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային պրակտիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը խարան է: Դա է պատճառը, որ մարդիկ վախենում են ու չեն գնում ստուգվելու, թաքցնում են: Չեն հասկանում, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն այն վարակիչ հիվանդությունը չէ, որից կարելի է վախենալ: Այս հիվանդությունը չի տարածվում օդակաթիլային, նույն պարագաներից օգտվելու եղանակով: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ իրական թիվը պաշտոնական գրանցված թվից 7-10 անգամ ավելի կարող է լինել: Բայց եթե անգամ Հայաստանում գրանցված թվից 10 անգամ էլ ավելի լինի, մեկ է, 1%-ը չի գերազանցի:

 Հ.Գ. «Անկախը»  ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ զրուցել է նաև բռնությունների շուրջ: Այս թեմայով հարցազրույցը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում:

 Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Ապօրինության հեղինակները պատժվել են

davtashen «Մեր քաղաքը»հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն երեկ հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի և մյուս շրջանի ասֆալտապատման խնդիրներին: Հրապարակման մեջ հայտարարության հեղինակներն անդրադարձել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքներին՝ կոյուղագիծ անցկացնելու համար։ Այս հրապարակմանը չէինք արձագանքի, եթե հեղինակները նշած չլինեին, որ «թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները»: Նախ նշենք, որ տնտեսվարողի կողմից կոյուղագծի անցկացումն իրականացվել է ինքնակամ, որը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները նկատել են հերթական շրջայցի ժամանակ, աշխատանքների հաջորդ իսկ օրը, փորելու ընթացքում։ Ապօրինության հեղինակների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կազմվել է արձանագրություն՝ համապատասխան տուգանքի կիրառմամբ։ Ավելին՝ երկրորդ շրջայցի ժամանակ կրկին նկատել են, որ իրավախախտները խողովակ են անցկացնում, ինչի կապակցությամբ կրկին արձագարություն է կազմվել և նրանց տրամադրվել է սեղմ ժամկետ տարածքը նախկին տեսքին բերելու համար: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի խոսքերով՝ ողջունելի է, որ հասարակական նախաձեռնությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես ծայրամասային շրջանների խնդիրները, սակայն վարչական շրջանի համապատասխան կառույցները տիրապետում են իրավիճակին, խնդիրների մասին ավելի վաղ են տեղեկանում ու միջոցներ ձեռնարկում դրանց լուծման համար, իսկ ապօրինություններ չեն արտոնվում։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ «Երևանի կենտրոնում քանդում են նոր ասֆալտը, իսկ ծայրամասերը խայտառակ վիճակում են», Ռ. Բաղդասարյանն արձագանքել է. «Նման կարծիք ունեցող բոլոր ցանկացողներին հրավիրում եմ Դավթաշեն։ Միասին կշրջենք Դավթաշենի գլխավոր, երկրորդական, նույնիսկ երրորդական փողոցներով, որից հետո եզրակացություններ անելու իրավունքը կթողնեմ մեր հյուրերին»։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ

Մրցույթները չեն կայացել

Երևանի քաղաքապետարանՀայաստանի Հանրապետություն օրաթերթում և  զանգվածային լրատվության այլ  միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ: Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել: Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 մեկ երթուղիներ: Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող  ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հ.Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու

g_image-էՀ.Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն  Հովհաննիսյան

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը քննարկեց շինարարության արժեքի հաշվարկման հարցը

IMG_0421Գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Այս անգամ հինականում քննարկումը ծավալվեց շինարարության ոլորտի աշխատավարձի ձևաչափի սահմանման շուրջ: Հանձնաժողովականների մոտեցումները 2 սկզբունքային տեսակետների էին բաժանվում: Առաջինը` Վերահսկիչ պալատի տեսակետն էր, որի համաձայն առաջարկվում է աշխատավարձի 1 ժամվա դրույքաչափը հաշվարկելիս հիմք ընդունել ազգային վիճակագրական ծառայության տվյալը` ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ: Երկրորդ տեսակետը, որի կողմնակից էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները` առաջարկվում է աշխատավարձը հաշվարկելիս հիմք ընդունել նվազագույն աշխատավարձի նկատմամբ համապատասխան գործակցը:

Նախարար Ս. Թադևոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, հորդորեց ներկաներին զգուշավորություն ցուցաբերել հատկապես աշխատավարձի նոր սխեմայի ձևավորման հարցում, քանի որ ոչ միայն այս սկզբունքային հարցից են ածանցվում վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի և այլ կարևոր հաշվարկները, այլ նաև կարող է ուղղակի ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա:

Նախատեսվում է շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը կառավարություն ներկայացնել սեպտեմբերին, ուստի պարոն Թադևոսյանը կոչ արեց հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում ամփոփել ներկայացված առաջարկներ:

Նիստում քննարկում ծավալվեց նաև վերադիր ծախսերի, շահույթի չափի, տրանսպորտային ծախսերի հաշվարկների, շինմոնտաժային աշխատանքներում նյութերի և այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:

 ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Բնապահպանության նախարարությունը ստելով ո՞ւմ պատվերն է կատարում

DSCN5505Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի  շահագործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ  14 նոր հանքավայրերի ուսումնասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել: Ուղերձին կցվել է «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը», որպեսզի ցույց տրվի ցրված ուրանի առկայությունը նաև իրենց տարածաշրջանում:

Զարմանալի է, որ ՀՀ նախագահին հղած ուղերձին պատասխանել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը, որը համարձակորեն գրում է. «Նախագահին հղած ուղերձում Լիճք, Տաշտուն և Լիճքավազ-Թեյ հանքավայրերը ներկայացված են որպես ուրանի և թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտներ, ինչպես նաև ներկայացված «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը» իրականությանը չեն համապատասխանում», միաժամանակ թվարկելով, թե Մեղրու տարածաշրջանում նորանոր ինչ հանքավայրեր են շահագործվելու:

Բնապահպանության նախարարությունը մեղրեցիներին ծայրահեղ հուսահատության մեջ գցող այս պատասխանով, փաստորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությունում ուրանի և թորիումի առկայությունը, այն դեպքում, երբ բազում են դրանց տարածվածությունն ապացուցող փաստերը:

Խորհրդային տարիներին Հայաստանը դիտարկվել է որպես ռադիոակտիվ հումքի հեռանկարային շրջան: Ահա թե ինչու 1948-ից այստեղ գործել են Խորհրդային միության Մինգեոյի մասնագիտացված Գրոմովյան, իսկ 1965-1975թթ.՝ Կոլցովյան արշավախմբերը: Ուրանի և ռադիոակտիվ այլ տարրերի որոնման այդ աշխատանքներին մասնակցել են նաև հայ գիտնականներ ու տարբեր բնագավառների մասնագետներ: Արդյունքում ձևավորված փաստաթղթերը, որպես հույժ գաղտնի նյութեր, հիմնականում տեղափոխվել են Ռուսաստան:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Պ.Գ. Ալոյանը «Ураноносность геологических формаций Армении» (Ереван, ГЕОИД, 2010) գրքում գրում է, որ իր այդ աշխատությունում օգտագործել է հրապարակված և գլխավորապես Ա.Ե. Քոչարյանի, Բ.Ի. Պիգուլսկու, Վ.Վ. Շելխովսկու, Մ.Դ. Զագայնովի, Ա.Պ. Պանչենկոյի, Վ.Ա. Մարկովիչի, Մ.Ա. Ենգոյանի, Լ.Ս. Ռուդիցկայի, Գ.Ե. Քոչինյանի, Ա.Մ. Անտրոպցևի, Է.Լ. Սարուխանյանի, Ի.Բ. Խառատովայի, Գ.Կ. Պետոյանի, Բ.Կ. Արխիպովի ֆոնդային նյութերը:

Այս գրքից բերենք որոշ քաղվածքներ՝

«Ըստ կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների, Հայաստանի տարածքում պայմանականորեն կարելի է եզրագծել ռադիոակտիվ էլեմենտների հեռանկար ունեցող 4 խոշոր շրջաններ՝ 1. Սյունիքյան՝ Զանգեզուրի խորքային խզվածքի գոտում՝ Որոտան-Ողջի-Արաքս գետերի միջագետք, 2. Վանաձոր-Դիլիջանյան՝ Սևան-Շիրակյան խորքային խզվածք, 3.Արզական-Փարաքարյան՝ Հրազդան գետի հյուսիս-արևելյան տարածք, 4. Վեդի-Վայքյան՝ Արաքսի ձախ ափ և Արփայի ներքին միջնահոսք:Դրանցից բացի. Շամլուղյան և Ջերմուկյան ոչ մեծ գոտիներ»(էջ 13-14):

«Փխրուտյան երևակումը գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից 5-6 կմ արևելք, Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հյուսիս-արևելյան գոտում, Ողջի գետի կիրճի լանջերում: Հետախուզված է Ողջի, Լեռնաձոր և Փխրուտ տեղամասերը: Այս տեղամասերում, ավելի քան 300 մ խորությամբ, որոնվել են ուրան-մոլիբդենայինավելի քան 20 հանքային մարմիններ՝ 0,2% ուրանի միջին պարունակությամբ (էջ 20-21):   Փխրուտ-Լեռնաձորյան հանքային դաշտին հարող Անդյան երևակումում առկա 22 հանքային մարմիններից համեմատաբար մանրազնին ուսումնասիրված է Առաջին հանքային մարմինը՝  ուրանի միջին պարունակությունը 0,2-0,3%: 1968 թվին Առաջինի հանքաքարից 2,5 տոննա վերամշակվել է» (էջ 22-23):

«Ուրան-ոսկի-բազմամետաղ հանքերևակումներից են Կայատեղի (ք. Վայք, Արփա գետի աջ ափին, ուրանի միջին պարունակությունը 0,06 %) և Ատդարի տեղամասերը…» (էջ 29):

«Ուրան-մոլիբդենային հանքերևակումներից է Անտառայինի (Աղվերան գետի ձախ ափին՝ ուրանի պարունակությունը 0,03-0,14%)… Ուրան-թորիում-հազվագյուտհողեր հանքերևակումներից է Ուլյաշիկ գետի վերին հոսանքում գտնվող Թեժսարի տեղամասը (Փամբակի լեռնաշղթա). ուրանի պարունակությունը հասնում է մինչև 0,086 %» (էջ 30-33):

«Նոր փաստացի նյութերը և մետալուրգիական հատուկ փորձերի արդյունքները գրականության և ֆոնդային նյութերի հետ մեկտեղ մեզ հիմք են տալիս Մեղրու խզվածքը …, դրա տակ փռված Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) գրանիտոիդների հետ մեկտեղ, դիտարկել որպես ոսկի-ուրան-հազվագյուտ մետաղների հանքայնացման կանխատեսումային հեռանկարային խոշոր հանքավայր» (էջ 65):

«Ներկայումս տնտեսապես նպատակահարմար է համարվում 0,05-0,07 % ուրանի օքսիդ պարունակող հանքանյութի վերամշակումը: Խորհրդային շրջանում տարրալվացվել են 0,012-0,02% ուրան պարունակող հանքանյութերը, որը կարող է լավ կողմնորշիչ լինել այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է»(էջ 126):

«Փաստացի նյութը վկայում է, որ մոտակա տարիներին, հանրապետությունում կարելի է ստեղծել հանքավառելիքային հումքի պաշարներ ատոմային էներգետիկայիհամար, որոնք կապահովեն ոլորտի զարգացումն ապագայում: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել ռադիոակտիվ հումքի տեսակետից հեռանկարային հանքային դաշտերը, հանքավայրերը և դրանց տեղամասերը: Ուսումնասիրվածության արդի վիճակով Հայաստանի համար առավել հեռանկարային են ուրան-մոլիբդենային, ուրան-ոսկի-բազմամետաղային, ուրան-մկնդեղային հանքավայրերն և ուրանինիտ-ֆլյուորիտ-բիոտիտային տեսակի հազվագյուտհողային հանքայնացմամբ.ուրանի պարունակությունը տատանվում է  լայն սահմաններում, միջինը՝ 0,2-0,5%: Առավել հեռանկարային են Քաջարանի պղինձ-մոլիբդենային և Ազատեկի ոսկի-բազմամետաղային (ոսկի-ծարիր-մկնդեղային) հանքավայրերը և Մարմարիկ գետի ավազանի հանքային դաշտը: Որոշակի հեռանկարներ կապված են Փխրուտ և Անդ հանքավայրերի մոլիբդեն-ուրանային ենթաֆորմացիայի հետ, որոնք տեղայնացված են Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի թևերում և կապված են Լեռնաձորի խորքային խախտման հետ՝ Մեղրու խորքային մագմայական մարմնի կոնտակտային մասերում: Արդյունաբերական հետաքրքրություն են ներկայացնում Փամբակի խմբի Թեժսարի և Անտառայինի ուրան-հազվագյուտհողային հանքերևակումները, որոնք գտնվում են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթանների բլոկների միջև ձգվող Մարմարիկի խախտման գոտում և որոնց յուրացումը կարող է ապահովվել Մարմարիկ գետի ավազանի արագ զարգացող լեռնահանքային ինֆրակառույցների շնորհիվ, հաշվի առնելով ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային և ոսկի-երկաթային ու տիտանամագնետիտային հանքաքարերի խոշոր պաշարները: Ոսկին և ուրանը ավելի հաճախ գտնվում են նուրբ-դիսպերս  վիճակում ու հաճախ սերտաճած են լինում պիրիտի և, հազվադեպ, տուխոլիտի հետ, ինչն էլ հանքաքարին տալիս է դժվարամշակ բնույթ, որի հետևանքով սովորական մեթոդներով դրանք դժվար են հայտնաբերվում ու դժվար են կորզվում» (էջ 157-165):

Նույն հեղինակի մեկ այլ աշխատությունից տեղեկանում ենք Հայաստանում ուրանի կանխատեսումային պաշարներիմասին, օրինակ, Փխրուտում՝ 20 հազար տոննա, Վայքում՝ 20-30 հազար տոննա, Վեդիում՝ 10-15 հազար տոննա, Անտառայինում՝ 30-40 հազար տոննա… (Г. П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, № 635).

Պրոֆեսոր Հ.Ս. Ավագյանը իր «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» (Երևան, «Գիտություն», 2011 թ., էջ 260) գրքում գրում է, որ Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով այդտեղ առկա է 195 տոննա ուրան:

Հայաստանի Հանրապետությունում ցրված ուրանի և ուրանայինի հանքերևակումների առկայության հետ կապված, բերեմ մի քաղվածք վերջերս կատարված գիտական աշխատանքից. «Ուրանային հանքայնացումը ձգվում է Պիրամսարյան լեռնաշղթայի հարավային լանջհորիզոնականով՝ մոտ 700 մետր, որը ուրանային  հանքավայրերի համար խոշոր բացվածք է: Կվարցիտներում ուրանի հանքայնացումը կրում է ցրված բնույթ» (Երևանի Պետական համալսարանի գիտական տեղեկագիր, 2010 թ., թիվ 3, էջ 18-24):

Բացի վերը նշվածներից, Հայաստանում ուրանի առկայությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2007 թվին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության կառավարությունների միջև համաձայնագիր է կնքվել՝ ՀՀ-ում ուրանի և թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծված «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպության» կազմած՝«ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոնների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 2009-2012թթ.»Նախագծում (հետայսու՝ նախագիծ)  գրված է,որ 2008 թ.«Ռուսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի, Ռուսաստանի Դաշնության և ՀՀբնապահպանության նախարարության միջև ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության մասին»Հուշագիր է ստորագրվել:

Նույն Նախագծի 17-րդ էջում կարդում ենք. «Տաշտունի խզվածքի… ծայրամասային հատվածներում կենտրոնացված են դայկաձև մարմիններ և հապլիտների ու պեգմատիտների երակներ, որոնք ուրան և թորիում պարունակող միներալի հաշվին բնորոշվում են բարձր՝ մինչև 800 մկռ/ժ ռադիոակտիվությամբ»: Իսկ 18-19 էջերում գրված է. «Հյուսիս-արևմտյան խախտումները գլխավորապես զարգացած են հրապարակի արևմտյան և արևելյան մասում, որտեղ դրանք կազմում են Տաշտունի, Քիրսի և Լեռնաձորի բեկվածքների համակարգերը: Շրջանի հիմնական կառուցվածքն է հանդիսանում Տաշտունի բեկվածքը, որը բաժանում է երկրորդ կարգի բլոկները և վերահսկում բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի (ներառյալ ուրանային) բոլոր հիմնական հանքերի և հանքերևակումների տեղադրումը: Այն արտահայտված է անընդհատ՝ Մեղրու խորքային մագմայական մարմնի (պլուտոնի) հարավային սահմաններից մինչև Գեղի գետի գետաբերանը… Տաշտունի բեկվածքը իրենից ներկայացնում է 100 մետրից մինչև 2 կմ լայնությամբ շերտ, որը կազմված է մանրացված, տրորված և ճեղքավորված ապարների մոտեցված տեկտոնական կարերի և գոտիների համակարգից, որոնք մեծ մասամբ ինտենսիվորեն հիդրոջերմային վերափոխված են սուլֆիդային, հազվադեպ ուրանային հանքայնացում կրող քվարցային և կարբոնատային երակներով:Զանգեզուրի հանքային շրջանում խիստ գերակշռող հանքայնացումը պղնձամոլիբդենայինն է… Հանքերևակումների հանդիպող հաճախականության աստիճանով երկրորդը ուրանային հանքայնացումն է»:

Մասնագիտական գրականությունից վերը բերված քաղվածքները, ինչպեսնաև 2008թ. Հայաստանում ուրանի և թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության ու շահագործման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրն ու դրա արդյունքում կազմած Նախագիծը ցույց են տալիս, որ ՀՀ-ում ցրված ուրանը և ուրանային հանքերևակումները մեծ տարածք են զբաղեցնում, ինչպես նաև «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը» բացարձակորեն համապատասխանում է իրականությանը:

Պարզից էլ պարզ  է, որ ցրված և արդյունաբերական հեռանկար ունեցող ուրանի ներկայությունը ծածուկ պահելը հատուկ նպատակ է հետապնդում: Ցրված ուրան ասելավ պետք է հասկացվի տարբեր հանքավայրերում օգտակար տարրերին ուղեկցող ուրանի այնպիսի ցածր խտություններ, որոնց կորզումը գործնականում հնարավոր չէ և ուրանն ամբողջությամբ մնալու է պոչանքում: Հետևաբար, ցրված ուրան պարունակող հանքավայրերի շահագործումը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում ուղղակի հանցագործություն է: Վստահ եմ, որ հանքարդյունաբերական մաֆիային դա շատ լավ գիտի: Ցրված ուրանի գոյության կոծկումը նրան հնարավորություն է տալիս անաղմուկ, առանց խոչընդոտների շահագործել ցրված ուրան պարունակող հանքավայրերը, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքի թունավորում՝ հայ ժողովրդի կյանքի ընթացքի կասեցում:

Դժբախտաբար, լավատեսության համար ոչինչ չի երևում, հակառակը՝ Հայ-Ռուսական վերը բերված Նախագծում ասվում է, որ նախատեսվող աշխատանքները թույլ կտան նախորդ տարիներին կատարված աշխատանքների  արդյունքների նորագույն մեթոդներով վերամեկնաբանմամբ՝ «խոտանել» արդյունաբերական նշանակություն չունեցող ցրված ուրանային  հանքայնացման բազմաթիվ գոտիներ, ինչպես նաև երկրաքիմիական անոմալիաներ, որոնք ներկայացված են որպես ըստ խորության անհեռանկարային (էջ 11): Այստեղից կարելի է ենթադրել, որ Խորհրդային իշխանության տարիներին շահագործման համար անթույլատրելի համարվող հանքավայրերը կարող են շահագործվել, եթե, իհարկե, հայ մարդը քնից չարթնանա և չսթափվի:

Այսօր հանքարդյունաբերական մաֆիայի հետ բանակցելը. Նրան մահաբեր ծրագրերի իրականացնելուց հեռու պահելը համարյա անհնար է դարձել: Նրա «թուրը կտրում է» բոլոր ուղղություններով: Հանքարդյունաբերական մաֆիայի թիկունքում է կանգնած ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլև իշխանական բոլոր համակարգերն ու նրանց ձեռքում գտնվող տեղեկատվության միջոցները:

Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ներմուծված է: Հանքարդյունաբերության թափոնները հարկային դաշտից հանելը, հանքատերերին՝ երկրի տնտեսությանը հասցրած վնասը հատուցելուց ազատելը և բազում այլ արտոնություններ, բխում են մեր երկրում վավերացված Միջազգային կոնվենցիաներից, որոնց հիման վրա էլ ստեղծվել են Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական դաշտը: Հենց այդ հարկային արտոնություններն են, որ շահագործելի են դարձնում մետաղների շատ ցածր պարունակությամբ հանքավայրերը, որոնք հարկման դեպքում անգամ ծախսածածկող չեն լինի, իսկ երկրում բազում են այդպիսի հանքավայրերը: Պարզ է, որ այդպիսի հանքավայրերի համատարած շահագործումը, նշանակում է հարյուրամյակ առաջ գործը կիսատ թողած յաթաղանը փոխարինել գիշատչական եղանակով իրականացվող հանքարդյունաբերությամբ:

Ցանկանում եմ նաև ասել, որ չնայած ուրանի տարածվածությանը Հայաստանի Հանրապետությունը կյանքի համար խիստ նպաստավոր պայմաններ ունի. կարծր մարմիններում քողարկված ուրանը կյանքին վտանգ չի սպառնում, ուրիշ հարց է, երբ այդ կարծր մարմինները՝ հանքաքարերը ընդերքից հանում, մանրացնում ու փոշի են դարձնում:

Հակոբ Արբակի Սանասարյան                                                    

10 օգոստոսի     2013 թ.

Հայաստանի Կանաչների միության նախագահ

[email protected][email protected]

 

 

 

Սամվել Բալասանյանը Գյումրիի խնդրահարույց այգու մասին

26 003 (1)Վերջերս, երևանյան մամուլով իր դժգոհություններն էր  հայտնել Գյումրիի «Բոշի սադի»` Խաղաղության օղակում գտնվող այգու նախկին վարձակալ Հարութ Մուրադյանը: Նա նշել է, թե 2000 թվականից ինքն է վարձակալել տարածքը և այս մայիսին վերջացել է ժամկետը, ու նոր քաղաքապետը որոշել է այն ուրիշին տրամադրել: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Մուրադյանին հրավիրել ու ասել է. “Այգին վատ վիճակում է, ներկի, վերանորոգի”: Համաձայնության են եկել, հետո քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ, ըստ Մուրադյանի, եկել , օրը մի բանի չհավանել ու գնացել են: Այգում է գտնվում նաև Հարութ Մուրադյանի եղբոր հիշատակին կառուցված կոթողը: Մուրադյանն այստեղ նաև սրճարան է հիմնել ու հիմա չի պատկերացնում, ինչպե՞ս է այս հարցին լուծում տրվելու:

Այսօր խնդրին անդրադարավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը. “Թերթերից մեկում հրապարակում գնաց, թե մենք ուզում ենք այգին վերցնել և այլն. էդպես չէ: Կանչեցինք, ասեցինք` այգին պետք է կարգավորվի, վիճակն իրոք շատ տխուր է: Երբ մենք մարզպետի հետ գնացինք այնտեղ, հասկացանք, որ անպայման պետք է լուրջ ներդրում կատարվի, որովհետև շատ կարևորագույն զբոսայգի է մեր ժողովրդի համար: Առաջարկություն կատարվեց` ծրագիր լինի, մեծ գումարներ պետք է ներդրվեն և այդտեղ ոչ թե կլարնետային չգիտեմ ինչ-որ երաժշություն իրականացվի, անցել է դրա դարը, ուղղակի, պետք է կարողանանք քաղաքակիրթ բան անել` երեխայի, երիտասարդի, մեծի համար անել: Երկու րոպե հետո դրան քաղաքական աստառ տրվեց, թե ուզում ենք խլել, տանել, վերցնել, չգիտես ինչ: Կա՞ ներդրող, ես կարող եմ տրամադրել շատ այգիներ, պուրակներ, զբոսայգիներ, լավ տեղեր, եթե կառուցապատման խնդիր կա` հողեր տրամադրել: Ես ուրախ կլինեմ, եթե կառուցապատվի քաղաքը, իմ խնդիրը դա է: Եթե կան ներդրողներ, խնդրեմ»:

Ի դեպ, այգու համար նոր վարձակալի հետ պայմանագիր դեռ չի կնքվել, և որևէ անուն առայժմ չի նշվում:

Մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

7959_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս «բիզնես-ակտիվիզմի» ձեռքը մոլորվել են

 

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրլ է.

“Մի “ակտիվիստը” վիդեոյով ասում ա , որ իրան հարվածել են, հետո գնում ա ոստիկանություն ցուցմունք ա տալիս, որ ոչ հարվածել են, ոչ վնասել են, ուղղակի կամեռան են հրել: Հետո ընդհանրապես պարզվում ա, որ պայմանականորեն դատված դասալիք ա, ընդհանրապես Երևանի բնակիչ չի, իր գրանցման վայրում էլ չի ներկայանում բաժին:

Մյուս “ակտիվիստը” փողոցոըւմ Մենուային տեսնում ա, ու ավելի լավ բան չի գտնում, քան Մենուային “կովի տղա” ասի: Ինչքան էլ ես Մենուայի գործունեությանը վատ վերաբերվեմ, բայց ծնողը ես երկրում հատուկենտ սրբույթուներից ա, որին կպնել չի կարելի: Մենուայից ծեծ են ուտում ու դեռ բողոքում են , որ խոսքի ազատություն չկա:

Մի քանի այլ ակտիվիստներ, որոնց անունը սերտորեն կապված է “հացադուլ” անող նախագահածու Անդրիասի հետ, օրերով լռված են քաղաքապետարանի դիմաց շատ տարօրինակ պահանջով` ազատել աշխատանքից քաղաքապետարանից վարչության պետի ու Երևանտռանսի տնօրենին, ու չգիտես ինչու լռում են Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

Քաղաքապետարանի մոտ երկար կանգնած աղբյուրից էլ պարզվում ա, որ քաղաքապետարանը պահանջել ա Անդրիասին պատկանող Ռադիոհայ ընկերությանը ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը` պայմանագիրը լրանալու պատճառով, իսկ անդրեասենք ցանկանում են մի փոքր երկարացնել վարձակալությունը և այժմ կողմերի միջև ընթանում են բանակցություններ:
Դե անդրեասենք էլ ինչ անեն, իրեն “պայքարիստներով” քաղաքապետարանն անընդհատ բզբզում են երևի, որ իրենց շեֆին քաղաքապետարանն ընդառաջ գնա, դրա համար էլ, Տարոնի հրաժարականը դեռ չեն պահանջում:

Որ պահանջեն, հաստատ երկարացնող չեն 

Մենք էլ մտածում ենք, պայքար, իրավունքներ, ֆլան-ֆստան:

Ափսոս, էն ազնիվ երեխաները, որ էս “բիզնես-ակտիվիզմի” ձեռքը մոլորվել են:

Մի քանի հոգով փորձում են ուզուրպացնել հազարավոր երիտասարդների պայքարի արդյունքները, կողքից էլ մանրր-մունր
բիզնեսի պահպանման հարցերն են լուծում:

Ռուսաստանում վաղուց ձևաորվել են մի քանի քաղաքացիական գռուպիրովկան էր, որոնք զուտ բիզնես շահեր են հետապնդում, այսինքն պետք է մեկին , ենթադրենք կովկասցի , բիզնեսին խփել, ուղղարկում են սքինհեդներին վախացնելու համար, պետք է գործարանը մեկի ձեռքից առնել կամ պահպանել օգտագործում են հակաֆաշիստական խմբավորումները:

Վերջում ասեմ, որ ես չեմ ուզում վիրավորել այն մարդկանց, ովքեր ազնվորեն բողոքում են երկրում կատարվող անարդարությունից, ուղղակի , ուշադիր եղեք, որ ձեր ազնիվ նկրտումները չօգտագործվեն ի շահ քաղաքացիական ակտիվիզմի” օլիգարխների շահերին”:

Կոտայքի մարզում հայտնաբերվել է տղամարդու այրված դի

e3GdFc3dYJskOZegjErq_tnԱյսօր՝ օգոստոսի 14-ին, առանձնակի դաժանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ջրվեժ թաղամասի այգեգործական ընկերության փողոցներից մեկում հայտնաբերվել է Daewoo Nexia մակնիշի Լ 5964 համարանիշի ավտոմեքենա.իսկ ավտոմեքենայից 3-4 մետր հեռու հայտնաբերվել է տղամարդու այրված դի:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը, ինչպես նաև՝ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգները:

Այժմ աշխատում են քրեագետներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վալենտին Պապյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

— 10:41 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը նշված ավտոմեքենայում, որը տաքսի է, հայտնաբերել է Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Մովսիսյանի անվամբ անձնագիր և ըստ տեղեկությունների՝ հնարավոր է, որ մահացածը եղած լինի ինքը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Իսկ դեպքի վայրում էլ 2 հոգի ճանաչել են Ա. Մովսիսյանին, ով 2 երեխաների հայր էր և նախկինում աշխատել է Վայքի կադաստրում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի