Հայոց պատմությունից 20 է ստացել 38, Քիմիայից` 40 դիմորդ

քննությունԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 20-ին կայացած Քիմիայի և Հայոց պատմության միասնական քննությունների  գնահատականները:

ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ Հայոց պատմությունից քննությանը մասնակցել է 1636 դիմորդ: Միջին գնահատականը 13,43 է: Կտրվել է 192 դիմորդ (11,74 տոկոս): 7,5-13,25 է ստացել 593 դիմորդ (36,25 տոկոս), 13,5-17,75 է ստացել 472 դիմորդ (28,75 տոկոս), 18-20 է ստացել 379 դիմորդ (23,17 տոկոս):

20 բալ է ստացել 38 դիմորդ:

2013-ին Հայոց պատմության միջին գնահատականը 12,53 էր, անբավարար էր ստացել դիմորդների 10 տոկոսը, իսկ 49 դիմորդ էլ 20 բալ էր հավաքել:

Քիմիայից քննությանը մասնակցել է 969 դիմորդ: Միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել 147 դիմորդ (15,17 տոկոս): 7,5-13,25 է ստացել 360 դիմորդ (37,15 տոկոս), 13,5-17,75 է ստացել 243 դիմորդ (25,08 տոկոս), 18-20 է ստացել 219 դիմորդ (22,60 տոկոս):

Քիմիայից 20 բալ է ստացել 40 դիմորդ:

Նախորդ տարի Քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 բալ:

 

Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար

Արա ԻսպիրյանԱյս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

– Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:

– Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:

– Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:

– Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:

– Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:

– Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:

– Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:

– Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:

– Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:

– Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:

– Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:

– Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:

– Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:

– Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:

– Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:

– Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:

– Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:

– Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեցին ներբուհական քննությունները (լուսանկարներ)

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ “դերասանի վարպետություն” առարկայի քննությամբ մեկնարկեցին ինստիտուտի ներբուհական քննությունները: Դիմորդներից Ալվարդ Ասատրյանը “Անկախի” հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ դիմում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, իսկ քննություններին պատրաստվել նրան օգնել է մասնագետ, սական ոչ այս ինստիտուտից:

Քննակենտրոն ժամանեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի և ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղեկցությամբ եղավ քննասենյակում, մասնակցեց մի քանի դիմորդների ցուցադրած համարներին:

Արմեն Աշոտյան

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԹԿՊԻ

Լրագրողների հետ զրույցուԱրմեն Աշոտանը նշեց, որ այս տարի Կրթության և գիտության նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում են բոլոր համալսարանների ընդունելության քննությունները և այս ինստիտուտը ևս բացառություն չի կազմում:

ԵԹԿՊԻ

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ընդունելության քննությունների ընթացքում կանխվել են նորագույն տեխնոլոգիաների միջամտությամբ քննական թեսթերի պատասխաններն իմանալու բազում փորձեր, իսկ ծնողներն ու դիմորդները, նախարարի խոսքերով նման հարցերում բացառիկ ստեղծարար են:

ԵԹԿՊԻ

 

ԵԹԿՊԻ

 

ԵԹԿՊԻԻսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս տարի ամենաարդիական մասնագիտություններն ըստ դիմորդների ներկայացրած հայտերի որո՞նք են, նախարարը նշեց. “Ցավոք սրտի, այս տարի ևս դիմորդների համար շարունակում են արդիական մնալ այն մասնագիտություները, որոնք հայկական աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն”: Ըստ նախարարի՝ բոլորն էլ գիտակցում են շատ մասնագիտությունների անհրաժեշտությունը, սակայն երբ հարցը վերաբերում է սեփական երեխային ու հարազատին, կրկին ուղղորդում են դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ ուսումնասիրելու իրավագիտություն, միջազգային հարաբերություններ և այլն: Արդյունքում, այն մասնագիտությունները համար դիմորդների թիվն է փոքր, որոնց կարքին իսկապես մեր հասարակությունը զգում է:

Փոքր է նաև, ըստ նախարարի, մասնավոր բուհերի դիմողների թիվը. մասնավոր բուհերը, ըստ Աշոտյանի, պետք է ջանքեր գործադրեն իրենց հեղինակությունը, մատուցվող կրթության որակը բարձրացնելու ուղղությամբ:

Մեկնարկել են ներբուհական քննությունները

կգնԵրևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: <Դերասանի վարպետություն> մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ`  հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: «Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշել է Ա. Աշոտյանը: ՎԵրջինիս խոսքով` ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան:  «Հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին: «Այդ դիմորդները հեռացվել են լսարանից, հիմա փորձում են դիմումներ գրել, որ թույլատրենք նորից մասնակցեն: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է ու արդար. մենք չենք թույլ տալու նման դիմորդներին նորից մասնակցելու քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար, ովքեր կցանկանան քննություն ստանալ ոչ իրենց գիտելիքով և, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- նշել է նա:
Նշենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 191 դիմորդ:

 

Բարձրագույն կրթություն՝ միջազգային չափանիշներով

06-24-2014Մայր բուհում քննարկվեցին Հայաստանում իրականացվող Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների աշխատանքներն ու առկա խնդիրները:

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Շվեդիայի Լինշոփինգ համալսարանի ներկայացուցիչ, «ARMENQA» նախագծի համակարգող Յաներիկ Լունդքվիստը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, հայկական բուհերի ու կրթական կառույցների ներկայացուցիչներ:

«Այս նախագիծը եզակի է նրանով, որ լուրջ բարեփոխումներ է ենթադրում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում: Կարծում եմ, որ նախագծի ընթացքում իրականացված աշխատանքները միանշանակ նպաստելու են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների շրջանակի վերահաստատմանն ու բարելավմանը»,- նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

«ARMENQA» ազգային նշանակության եռամսյա նախագծի նպատակն է բարձրացնել ՀՀ բուհերի շրջանավարտների զբաղվածությունը և նպաստել ՀՀ որակավորումների ճանաչմանն աշխատաշուկայում՝ ազգային և միջազգային մակարդակներում:

«Պետք է նշել, որ հայաստանյան բուհերի ներգրավվածությունը «TEMPUS»-ի ծրագրերում ու իրականացվող ակտիվ գործունեությունը թույլ է տալիս փաստել, որ մենք բարձրագույն կրթության ոլորտում լուրջ հաջողություններ ենք գրանցել»,- ասաց ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը և անդրադարձավ Որակավորումների ազգային շրջանակի աշխատանքներին:

Բացման ելույթներից հետո առանձին բաժանմունքներում ներկայացվեցին բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական և ազգային շրջանակը, դոկտորական որակավորումները Եվրոպայում, 21-րդ դարի աշխատաշուկայի կարողությունները և բուհերի հետ համագործակցությունը:

Նշենք, որ Որակավորումների ազգային շրջանակը (ՈԱՇ) ներառում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բոլոր մակարդակներում տրամադրվող որակավորումները: Այն համապարփակ գործիք է, որը նկարագրում է, թե շրջանավարտն ինչ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ է ձեռք բերել որակավորման տվյալ մակարդակում, նպաստում է որակավորումների թափանցիկությանը, համադրելիությանը և ճանաչմանը:

Նախագծի հիմնական խնդիրներն իրագործվում են հայաստանյան գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար ճանաչողական այցերի, տեղեկատվական և վարժանքային սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստումների անցկացման, տեղեկատվական նյութերի մշակման և տարածման միջոցով:

ՀՀ ՈԱՇ-ի կարևորագույն շահառուներն են ՀՀ բուհերը, աշխատաշուկան, ոլորտը կարգավորող պետական մարմինները, ուսանողները, ինչպես նաև հանրությունը: Նախագիծը կնպաստի ոչ միայն  ուսանողների և շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, այլև միջազգային շարժունությանը, ինչպես նաև կխթանի Հայաստանում շնորհված որակավորումների ճանաչումն արտասահմանում:

Աշխատաժողովի առանձին բաժանմունքներում զուգահեռաբար կազմակերպվել էին քննարկումներ, որտեղ արծարծվում էին ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մակարդակները:

Հավելենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն արդյունքները, կամփոփեն և կներկայացնեն ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի վերջնական տարբերակը:

 

 

ՀՀ հանրակրթական 139 դպրոց կիրականացնի ներառական կրթություն

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “ՀՀ  կրթության  և  գիտության նախարարության  2007  թվականի մայիսի 11-ի  թիվ 428 Ա/Ք  հրամանում  լրացումներ  կատարելու  մասին”: Համաձայն հրամանի` լրացում է կատարվել “Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին” հրամանում: ՀՀ հանրակրթական 22 դպրոց ևս կիրականացնի ներառական կրթություն:

Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ

arm-6810-eshukՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Technology and Science dynamics» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձևավորում է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է հռչակել և այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացնելու հետաքրքրությունը փոխշահավետ և արդարացված նախաձեռնություն է:
Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: «Technology and Science dynamics» ընկերությունը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը : Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: «Technology and Science dynamics»-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:

Սխտորի հոտի դեմ լավագույն միջոցը

1403526519_zapah-chesnoka-izo-rta2Շատերը խուսափում են հոտի պատճառով ուտել սիրած կերակուրները, որոնք համեմված են սխտորով: Օհայոյի պետհամալսարանի գիտնականները տասնյակ կամավորների մի քանի շաբաթ, անընդհատ կերակրել են սխտորով ու, այդ ամբողջ ընթացքում նրանց տարբեր միջոցներ են տվել,  սխտորի հոտը չեզոքացնելու համար:

Պարզվեց, որ սխտորի հոտի դեմ ամենաարդյունավետը սովորական խնձորն է: Արդյունավետ են եղել նաև լիմոնի հյութը, կանաչ թեյն ու նանան: Մի բաժակ կաթը նվազեցնում է հոտի ինտենսիվությունը 50%-ով, սակայն, պետք է խմել բարձր յուղայնություն ունեցող կաթ:

Ինչպես ուսումնասիրության հեղինակ , պրոֆեսոր Շերիլ Բերինջերն է ասում, խնձորն ունակ է «հոտազերծել» սխտորի ֆերմենտները: Ի դեպ, սխտորի բաղադրության տարրերից մեկն էլ ալիլ մեթիլ սուլֆիդն է, որ մեր օրգանիզմում մարսողության ընթացքում չի քայքայվում, ու, հենց այդ տարրն է հետագայում քրտինքի ու շնչառության ժամանակ անջատվում:

Սխտորի հոտի դեմ արդյունավետ բոլոր սննդամթերքներում բազմաֆենոլներ կան, որոնք չեզոքացնում են սխտորի սուր բաղադրիչները: Լիմոնի հյութի  թթվանությունն իր հերթին նույնպես նպաստում է հոտազերծման պրոցեսին: Առավելագույն արդյունք ստանալու համար, գիտնականներն առաջարկում են սխտորը համակցել այնպիսի մթերքների հետ, որոնք կչեզոքացնեն տհաճ հոտը:

Անկախ

Վաղվանից մեկնարկում է միասնական քննությունների 2-րդ փուլի հայտերի ընդունումը

գթկԱյսօր Ռուսերենի միասնական քննությամբ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Վաղվանից` հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ԳԹԿ-ում ընդունվում են հայտեր միասնական քննությունների երկրորդ փուլի համար:

Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից նոր զորացրվածները, քոլեջների շրջանավարտները, արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները և նրանք, ովքեր հիվանդության պատճառով բացակայել են միասնական քննությունների առաջին փուլից:

Քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Ի տարբերություն միասնական քննությունների առաջին փուլի, երկրոդ փուլը կանցկացվի Երևանում:

Մաթեմատիկայից 20 բալ ստացողների թիվը և միջին գնահատականը նվազել է նախորդ տարվա համեմատ

մաթեմատիկա-թեստՀրապարակվել են Մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ քննությանը մասնակցել է  5222 դիմորդ: Միջին գնահատականը 11,95  է:  Մաթեմատիկայից անբավարար է ստացել 603 դիմորդ (11,55 տոկոս), 7,5-13 է ստացել 2756 դիմորդ (52,78 տոկոս), 13-18  է ստացել 1354 դիմորդ (25,93 տոկոս), 18-20 է ստացել 509  դիմորդ (9,75 տոկոս): Մաթեմատիկայից  20 բալ է ստացել 69 դիմորդ:

Նախորդ տարի Մաթեմատիկայի միջինը եղել է 11,97 , այս տարվանից 0,02 նիշով բարձր: Նախորդ տարի 32-ով ավել է եղել նաև 20 բալ ստացողների թիվը` 101  դիմորդ, : Փոխարենը, նախորդ տարի ավելի մեծ է եղել կտրվողների թիվը` 17 տոկոս (այս տարվանից 5,45 տոկոսով բարձր):

Միլներն ու Ցուկերբերգն առաջ են անցել Նոբելից

1277-390x290Mail.ru Group-ի համատեր Յուրի Միլների ու Facebook -ի հիմնադիր Ցուկերբերգի ստեղծած Breakthrough Prize մրցանակաբաշխության դափնեկիրների անուններն կհայտարարվեն այսօր : Առաջին անգամ  դափնեկիրները լինելու են մաթեմատիկայի բնագավառից, հաղորդում է  Газета.Ru-ն:

2013-ից մրցանակի են արժանանում մարդու կյանքի տևողության, կենսաբժշկության ու կյանքի մասին գիտության բնագավառներում ուսումնասիրությունների համար: Այս տարի մաթեմատիկայի ոլորտի  դափնեկիր են դարձել ռուսական ծագում ունեցող ֆրանսիացի գիտնական Մաքսիկ Կոնցևիչը, անգլիացի Սայմոն Դոնալդսոնն ու Ռիչարդ Թեյլորը, չինական ծագումով ամերիկա-ավստրալացի գիտնական Թերենս Թաոն ու ամերիկացի Ջեյքոբ Լուրյեն:

Մրցանակների հանձնման պաշտոնական  արարողությունը կկայանա այսօր, Սան Ֆրանցիսկոյում: Breakthrough Prize-ը ամենախոշոր գիտական մրցանակն է` 3 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է Նոբելյան մրցանակից ու ավելին, վերջինս  ընդգրկում է նաև մաթեմատիկայի բնագավառը:

Անկախ

Նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում` ՀԲ-ի վարկային նոր ծրագիրը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Կոլեգիայի նիստում ընդգրված էր մեկ հարց` “Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում”, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը: Բացելով նիստը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացվել է կրթության ոլորտի փոփոխությունների հսկայական ծրագիր: “Համաշխարհային բանկը մեր ամենահուսալի գործընկերներից է. բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագիրը մինչև տարեվերջ կամփոփվի, սակայն այս ընթացքում  տարվել են աշխատանքներ`  նոր վարկային ծրագրի ուղղությամբ: Մասնավորապես, ընտրվել են թիրախներ, ըստ այդմ` կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություներ, որոնք ներառված են նոր վարկային ծրագրում: Ծրագիրը նախատեսված է որպես կրթության համակարգի գալիք չորս տարիների բարեփոխումների հիմնական, բայց ոչ միակ մաս: Հատուկ ուզում եմ շեշտել, որ միայն այս վարկային ծրագրով չի պայմանավորվելու կրթական համակարգի զարգացումը. այն գալիս է լրացնելու բարեփոխումների մի կարևոր հատվածի` շեշտադրումը դնելով նախորդ ծրագրերի շարունակության, ինչպես նաև նոր մարտահրավերներին ընդառաջ որոշակի խնդիրներ կարգավորելու անհրաժեշտության վրա”,-նշել է նախարարը: “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին օժանդակություն տրամադրելու խնդրանքով` Կրթության բարելավման ծրագրի իրականացման համար: Ըստ բանախոսի` ծրագրի նպատակն է` աջակցել կրթության բարելավմանը հիմնական երկու ուղղություններով. աջակցություն հանրակրթության հետագա բարելավմանը և աջակցություն մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանմանը: Հ. Ղազարյանի ներկայացմամբ` ծրագրի տևողությունն է 5 տարի, մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերից: Ծրագիրը ֆինանսավորելու համար նախատեսված է  37,5 մլն. ԱՄՆ դոլար: Հանրակրթության հետագա բարելավմանն ուղղված բաղադրիչը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական ուղղություններով՝ դպրոցին  երեխաների պատրաստվածության  բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում, ինչպես նաև աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով: Մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանումը կիրականացվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման միջոցով: Այն կտրամադրի նպատակային դրամաշնորհներ` կրթական հաստատություններին կրթական և ենթակառուցվածքային կարողությունների բարելավման և արդիականացման համար: Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ծրագրի մոնիտորինգին և կառավարմանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային նոր ծրագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախորդ վարկային ծրագրի համեմատ` այս ծրագրում ավելի քիչ ուղղություներ են ներառված` շեշտադրումը դնելով մի քանի գերակայությունների վրա: “Ավագ դպրոցներն ընտրվել են` որպես հանրակրթության բարեփոխումների շրջանակում առ այսօր ամենաքննարկվող փոփոխություններից մեկը, որի սկիզբը դրվեց 2008 թվականին, սական ճգնաժամի և հետճգնաժամային տարիներով պայմանավորված`  նախկինում հանձն առած մի շարք պարտավորություններ մնացել են անկատար` նյութագույքային և շենքային պայմանների բարելավման տեսանկյունից: Հրատապ է նաև  կրթության բովանդակության վերանայման խնդիրը”, -նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարություների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, ծավալվել է բուռն քննարկում: Կոլեգիայի նիստի  ավարտին ընդունվել է համապատասխան որոշում:

Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան

arm-6807-IMG_0013ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել “Հայոց պատմություն” առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի  և քննությունների կազմակերպման ընթացքի մասին:

Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնակոնոն, և գիտելիք ունեցող դիմորդը քննասենյակում որևէ խնդիր չի ունեցել: Նախարար Ա. Աշոտյանը զրուցել է նաև  քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ քննական թեստերի, դպրոցական դասագրքերի  և այլ խնդիրների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների  ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում  երկու առաջնային խնդիր կա՝  քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի  հետ կապված դժգոհությունները: “Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները:  Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել  անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին“,- նշել է նախարարը:  Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանի Դաշնությունում, իջեցվի, Ա. Աշոտյանը պատասխանել է. “Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել. այն շարունակում է մնալ 7,5 միավորը: ՌԴ-ում, այո, երկու հիմանկան առարկաներից,՝ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության  շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Տեղակացնեմ նաև, որ ունենք բավական հետաքրքիր նախամրցութային տվյալներ, որոնք հրակպարակելը դեռևս վաղ է: Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք տարիներ առաջ, այն է՝ բուհ ընդունվելը հեշտացնել, իսկ ավարտական պահանջներն առավել խստացնել, ընդունելության քննությունների խճանկարում արդեն տեսանելի է: Քննությունների արդյունքններն անգամ մաթեմատիկական մոդելավորման տրամաբանությամբ բնական են“,- նշել է Ա. Աշոտյանը:  Ինչ վերաբերում է թեստերի առաջադրանքների որակին, ապա, ըստ նախարարի,  քննական թեստաբանությունը մասնագիտություն է, և քննական թեստերը կազմել են մասնագետները, ովքեր այդ ոլորտում առավել արհեստավարժ են:
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ  կհրավիրվի, որտեղ կքննարկվեն  նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:
Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը:

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում Հայոց պատմությունից և Քիմիայից (լուսանկարներ)

DSCN1690Այսօր 1990 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Հայոց պատմությունից, 1065 դիմորդներ էլ` Քիմիայից: Սա միասնական քննությունների նախավերջին օրն է: Դիմորդները վերջին միասնական քննությունը կհանձնեն հունիսի 23-ին, Ռուսերենից:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում դիմորդները տեղավորվում են երկու դահլիճներում, նրանց համար կազմակերպիչները կարդում են քննության կարգը և տրվում է քննության մեկնարկը: Դիմորդները երեք ժամ ունեն վերհիշելու Հայոց պատմության մասին իրենց ողջ գիտելիքները և թեստային հարցերին ճիշտ պատասխանելու համար:

Դիմորդների ծնողները սպասում են բակում, որտեղ միմյանց հետ քննարկում են նախորդ քննությունները, թեստերը, կիսվում տպավորություններով: Աննա Կարապետյանն, ով սպասում է քննություն հանձնող դստերը, ասում է, որ շտեմարաններից հիմնական դժգոհությունը պնդումների փուլն է. այս առաջադրանքի գնահատումը խնդրահարույց է:

Շուրջը հավաքված բոլոր ծնողները ևս միաձայն նշում են`  կցանկանային, որ պնդումների փունջը դուրս գար բոլոր առարկաների շտեմարաններից:

Կարինե Մկրտչյանը, ում դուստրը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ասում է, որ բուհ դիմելու համար աղջիկը երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել, ուստի և բարձր գնահատական են ակնկալում: Մինչ այս Հայոց լեզվից և գրականությունից 18,75, իսկ Անգլերենից 19,25 է ստացել:

Խոսելով շտեմարաններն անգիր անելու հնարավորությունից, ասում է, որ դա իրատեսական չէ. «Այնքան ծավալուն է, որ առանց սովորելու, պարզապես անգիր անել հնարավոր չէ: Երեխան պետք է պարապի, որ կարողանա քննություն հանձնել»: Տիկին Կարինեն նշում է, որ Հայոց պատմության առաջադրանքները արհեստականորեն բարդացված են, ներառված են բազմաթիվ տարեթվեր, ամսաթվեր, որոնք հիշելը գուցե պետք է պատմաբանին, բայց ոչ մյուս ֆակուլտետների դիմորդներին:

Հայոց պատմության գնահատականները կհրապարակվեն հունիսի 25-ին, իսկ հրապարակվելու հաջորդ օրը կկայանա գնահատականների բողոքարկումը:

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին

օտարալեզու-դպրոցներԱնցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա»  գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը:  Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արվածդիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:

Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:

Այդ իսկ պատճառով դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, եւս մեկ անգամ կոչ ենք անում նրանց օժանդակելու հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը:

Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝

ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական առարկաների վրա,

բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

Աննախադեպ օրենքը` բարձրագույն կրթության մատչելիության երաշխիք

օրենք-ուսանող2014 թ. մայիսի 19-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենսդրական փաթեթը: «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրինագծերի այս փաթեթը, թերևս, այն եզակի նախաձեռնություններից էր, որ խորհրդարանը հաստատեց ձայների այսպիսի հարաբերակցությամբ` 108 կողմ, 3 դեմ և 10 ձեռնպահ: Փաստորեն, պատգամավորների մեծամասնությունը կողմ արտահայտվեց գործադիրի` կրթական բարեփոխումներին միտված առաջարկին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ստորագրեց Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի գնահատմամբ` սա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ օրենսդրական փաթեթ է, որով հայ ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդգծված մատչելիություն: «Առաջինը, հիշում եք, որ մեր բուհերը իրավունք ունեն բարձրացնելու ուսման վարձերը, իրենք են որոշում, և այստեղ կառավարությունը որևէ լիազորություն չուներ: Օրենքի ընդունումով կառավարությունը ստանում է լիազորություն` սահմանելու ուսման վարձի վերին շեմ: Վերին շեմը սահմանվելու է` ըստ կրթության որակի և ըստ կրթական աստիճանի: Կրթության որակ ասելով` նկատի ունենք հավատարմագրման ինստիտուտը, և ակնհայտ է, որ ամենաթանկ ծրագրերը կլինեն միջազգային հավատարմագրում ստացած ծրագրերը, իսկ ամենաէժան ծրագրերը կլինեն այն ծրագրերը, որոնք չեն հավատարմագրվել: Բնական է նաև, որ կլինի բակալավր, մագիստրանտ, ասպիրանտ կրթական աստիճանների գնային տարբերություն»,- ասում է Արմեն Աշոտյանը:
Կրթական գերատեսչության ղեկավարի խոսքով` օրենքի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է բուհերում անվճար տեղերի հատկացմանը և բաշխմանը. «Պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի 10 տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն պետության համար գերակա համարվող մասնագիտություններով: Օրինակ, եթե ԵՊՀ-ն պետությունից ստանում է տարեկան 350 անվճար տեղ, ապա ևս 35 անվճար տեղ պետք է ֆիքսի` ըստ պետության կողմից ֆիքսած գերակայությունների»:
Օրենքն ամրագրել է նաև դրույթ, որով բուհերի բյուջեների առնվազն 7 տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին: «Մենք ընդլայնել ենք ուսանողական այն խմբերի ցանկը, որոնց երաշխավորում ենք ուսանողական զեղչեր` վարձավճարի զեղչեր, այդ ցանկը շատ կարճ էր, այսօր մենք օրենքով ենք ֆիքսել, թե ուսանողական որ խմբերի համար է պետությունը երաշխավորում ուսանողական զեղչը: Հաջորդ կարևոր նորամածությունը. մենք ֆիքսել ենք ուսանողական զեղչերի նվազագույն չափը: Նախկինում այդ զեղչերը կախված էին բուհի վարչակազմի որոշումից: Եվ ակնհայտ է, որ մեր ուսանողները նաև դժգոհում էին, որ դրանք միշտ չէ, որ արդար են բաշխվում: Այս օրենքի շնորհիվ մենք ունենք հստակ ֆիքսված սոցիալական խմբեր, մենք ունենք հստակ ֆիքսված զեղչային ծավալ, և այս ամենը գործելու է 2015-ի հունվարի 1-ից»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Օրենքով երաշխավորվում են ամրագրված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար: Բուհական վճարները կզեղչվեն 30-50 տոկոսով: Փոխհատուցման այս կարգը կվերաբերի մինչև 23 տարին լրանալը առանց ծնողական խնամքի մնացած, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին, նաև երեք և ավելի անչափահաս կամ երեքից ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հավելեց նաև, որ սոցիալական բոլոր ծրագրերը, որոնք պետությունն իրականացնում է բարձրագույն կրթության մատչելիության ապահովման ուղղությամբ, նպատակ ունեն աջակցել լավ սովորող ուսանողներին, և դա նշանակում է, որ ևս մեկ քայլ է իրականացվում հռչակված նպատակին հասնելու համար, այն է` ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պատճառներով չպետք է դուրս մնա բուհից:

 Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բուհերի աշխատակիցներն որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել

training (1)Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման  համակարգերի ներդրման վերաբերյալ:

Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով  վերապատրաստումների եռափուլ ծրագիրը: Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել  որակի ապահովման մեխանիզմների, տվյալների հավաքագրման և ինքնավերլուծություն կազմելու վերաբերյալ, որոնք ամրապնդվել են գործնական առաջադրանքներով: Իսկ երրորդ փուլը եղել է  ուղղորդում բուհերում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերլուծություն կատարելու մի շարք գործիքներ, որից հետո, ստացված գիտելիքների հիման վրա,  մասնակիցները համեմատական վերլուծության են ենթարկել իրենց բուհում առկա  գնահատման համակարգը:

Վերապատրաստումներն իրականացվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը խթանել բարեփոխումները մասնագիտական կրթության ոլորտում՝ Բոլոնիայի հռչակագրի համատեքստում: Ծրագիրը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են  բուհերի շուրջ 400 որակի ապահովման պատասխանատուներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստումների յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները լրացրել են  դասընթացների արդյունավետությունը ստուգող հարցաշարեր, որոնք  վերլուծվել են, և շարունակաբար կատարվել է դասընթացների բարելավում:

Հարցաշարերի վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցները բարձր են գնահատել դասընթացների արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված գիտելիքները կիրառելի են իրենց բուհում:

Ֆիզիկայից 20 է ստացել 49 դիմորդ, իսկ արդյունքները բողոքարկել են 28-ը

ֆիզիկա Ֆիզիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել են 28 դիմորդներ:ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր առարկաների բողոքարկումների արդյունքները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:

Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2058 դիմորդ: Միջին գնահատականը 11,78 է:  Անբավարար է ստացել 448 դիմորդ (21,77 տոկոս): 7,5-13,25 է ստացել 804 դիմորդ (39,07 տոկոս), 73,5-17,25 է ստացել 457 դիմորդ (22,21 տոկոս), 17,5-20 է ստացել 349 դիմորդ (16,96 դիմորդ): 20 բալ է ստացել 49 դիմորդ:

2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ: Նախորդ տարի Ֆիզիկաի միասնական քննության արդյունքները բողոքարկել էր 41 դիմորդ:

Օտար լեզուներից 231 դիմորդ 20 է ստացել

անգլերենի քննությունՀրապարակվել են  հունիսի 13-ին կայացած Օտար լեզվի միասնական քննության գնահատականները:

ԳԹԿ-ից «Անկախ»-ին տեղեկացնում են, որ Անգլերենից հայտագրվել էր 5494 դիմորդ, քննությանը մասնակցել են 5242-ը: Միջին գնահատականը 14,01 է: Անբավարար է ստացել 451 դիմորդ (8,6 տոկոսը): Նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25 է ստացել 1771 դիմորդ (33,78 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 1463 դիմորդ (27,91 տոկոս), իսկ 17,5-20 է հավաքել 1557 դիմորդ (29,70 տոկոս):  Անգլերենից 20 բալ է ստացել 201 դիմորդ:

Ֆրանսերենից հայտագրվել էր  229 դիմորդ, քննությանը ներկայացել են 224-ը: Միջին գնահատականը 15,84 է: Կտրվել է 10 դիմորդ (4,46 տոկոս): 7,5-13,25 է հավաքել 46 դիմորդ (20,54 տոկոս), 13,5-17,25 է ստացել 59 դիմորդ (26,34 տոկոս), 17,5-20 է ստացել 109 դիմորդ (48,66 տոկոս): Ֆրանսերենից 20 է ստացել 17 դիմորդ:

Գերմաներենից հայտագրվել էր 277 դիմորդ, քննությանը ներկայացել են 270-ը: Միջին գնահատականը 14,15 է: Անբավարար է ստացել 21 դիմորդ (7,78 տոկոս): 7,5-13,25 է ստացել 89 դիմորդ (32,96 տոկոս), 13,5-17,25 է ստացել 81 դիմորդ (30 տոկոս), 17,5-20 է ստացել 79 դիմորդ (29,26 տոկոս): Գերմաներենից 20 բալ է ստացել 13 դիմորդ:

Իսպաներենից  հայտագրվել է 15 դիմորդ, մասնակցել է 14-ը: Միջին գնահատականը 16,21 է: Անբավարար ստացողներ չկան: 7,5-13,25 է ստացել 1 դիմորդ (7,14 տոկոսը), 13,5-17,25 է ստացել 8 դիմորդ (57,14 տոկոս), 17,5-20 է ստացել 5 դիմորդ (35,71 տոկոս): 20 ստացող ևս չի եղել:

Նշենք, որ նախորդ տարի 6 օտար լեզուներից արձանագրվել էր 372 20 միավոր:

«Արարատը» երկխոսություն կստեղծի բուհի և գործատուի միջև

Ռուբեն ԹոփչյանՀայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով:  Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները:  Ուսանողներն առաջ քաշեցին  մասնագիտության ընտրությունն ավելի լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, այլապես դպրոցն ավարտած երիտասարդը հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր ընտրած մասնագիտության մասին, ինչն էլ սխալ կողմնորոշման պատճառ է դառնում:

Քննարկվեց նաև շուկայում առկա հակասության պատճառը. մի կողմից շուկան ունի աշխատողների կարիք, մյուս կողմից էլ շուկան լի է գործազուրկներով: Ուսանողները դժգոհեցին նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունից շուկայի պահանջներին:

Թոփչյանը նշեց, որ ծրագրի նպատակներից  է, որ բուհերը հաշվի առնեն  իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:

«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին պամապատասխան մասնագետներ պատրաստել:

Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Իսկ ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք  էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ: